29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Վերին Լարսի անցակետում Ռուսաստան գնացող ուղղությամբ հերթեր, կուտակումներ չկան, հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ մոտ 250 հայկական բեռնատար Հայաստանից Ռուսաստան ճանապարհներին է, մի մասը ձևակերպում է անցնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում տվյալներ ներկայացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Այս պահին հերթեր, կուտակումներ չունենք Ռուսաստան մտնող ուղղությամբ: Լարսի անցակետում այժմ աշխատում են բնականոն ռեժիմով: Առավոտվա դրությամբ մոտ 250 հայկական բեռնատար Հայաստանից ՌԴ ճանապարհներին է գտնվում, այսինքն՝ մի մասը ճանապարհին է, մի մասը հասել, ձևակերպվում է, միգուցե դրանց մի մասը ձևակերպվել, դուրս է եկել: Նախորդ օրը 140 հայկական բեռնատար, որոնցից 35-ը՝ հայկական կոնյակով բեռնված, փաստացի մտել է Ռուսաստան՝ բոլոր մաքսային ձևակերպումներն ավարտած: Եվ 207-ը դեպի Հայաստան են շարժվել»,-ասաց Հակոբյանը:
Մաքսային կցորդը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 4-ի ուշ երոկոյան ռուսական կողմը հանել է կոնյակի մասով իր սահմանած նոր կարգավորումը: Ռուսական մաքսային ծառայությունը մաքսային հսկողություն էր սկսել իրականացնել Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ, Հայաստանից գնացող ամբողջ կոնյակը ենթարկվում էր մաքսային հսկողության, երբեմն ապրանքն ուղարկում էին փորձաքննության: Հիմա այս խոչընդոտը հանվել է:
«Մինչև այս պահը մոտ կոնյակով բեռնված 50 բեռնատար ձևակերպվել և մտել է Ռուսաստանի տարածք: Լարսի անցակետում կանգնած է ևս 47 բեռնատար, որոնք սպասում են փորձաքննության եզրակացությանը, որ շարժվեն ՌԴ»,-ասաց Հակոբյանը:
Ռուսական կողմից խոստացել են այդ պատասխանները շատ արագ տալ: Եվ առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում այդ 47 բեռնատարները ևս պետք է շարժվեն:
Այսպիսով այսուհետ Վերին Լարսի անցակետից հայկական կոնյակը փորձաքննության հիմնականում չի ուղարկվելու, միայն եզակի դեպքերում, երբ լինեն խիստ կասկածներ ու հիմքեր: Ըստ անհրաժեշտության՝ բոլորի նկատմամբ լինելու է սովորական զննում:
Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանից դուրս եկող ուղղությանը, ապա Վերին Լարսում կան հերթեր: Հակոբյանի խոսքով՝ սակայն դրանք վերաբերում են հիմնականում երրորդ երկրներ ապրանք տանող բեռնատարներին:
«Հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ է մտել ՌԴ կառավարության համապատասխան որոշումը, որով արտահանման մի շարք մաքսատուրքեր են սահմանվել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների համար: Շատ տնտեսավարողներ, որոնք ՌԴ-ից ապրանք են արտահանում երրորդ երկրներ, անպատրաստ են հասել Լարսի անցակետ և պետք է վճարումներ կատարեն, փաստաթղթեր լրացնեն: Դրա հետ կապված ձևակերպման գործընթացը դանդաղել է: Բայց այդ ընդհանուր հերթի մեջ հայկական բեռնատարներ երկար չեն սպասում և սպասարկվում են արտահերթ»,-ասաց մաքսային կցորդը:
Թուրք – ադրբեջանական տանդեմը նոր նախապայմաններ է առաջ քաշում Եվրապայի առաջ, որտեղ Հայաստանն, ընդհանրապես, որևէ տեսակի գործոն չի հանդիսանալու,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը՝ վերլուծելով Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների վերջին դիրքորոշումը՝ չմեկնել Գրանադա՝ մասնակցելու հերթական բանակցություններին։
Հիշեցնենք՝ Ագրեսոր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվել է մեկնել Գրանադա, որտեղ պետք է տեղի ունենար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։
Իսպանական Գրանադա քաղաքում է տեղի ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի շրջանակներում հոկտեմբերի 5-ին նախատեսվում էր Փաշինյանի ու Ալիեւի հանդիպումը՝ հնգակողմ ֆորմատով՝ ԵՄ նախագահի, Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։ Պարզվում է՝ Ադրբեջանին դուր չի եկել Ֆրանսիայի դիրքորոշումը՝ Արցախում իր ցեղասպան գործողությունների նկատմամբ՝ այն որակելով «ապակառուցողական»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը եւս չեղարկել է իր այցը՝ պատճառաբանելով վատ առողջական վիճակը։
Արման Աբովյանը հավելում է՝ ըստ երևույթին խոսքը գնում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողությանը. «Մեր հողի վրա, առանց մեր մասնակցության, առևտուր է ընթանում։ Եվրոպան և ԱՄՆ-ն իրենք են ցանկանում վերահսկողություն սահմանել տարածքի նկատմամբ, իսկ թուրք – ադրբեջանական տանդեմը չի ցանկանում թույլ տալ այդպիսի զարգացում։ Ավելի քան համոզված եմ՝ թուրք – ադրբեջանական տանդեմի Գրանադա մեկնումից հրաժարումը հենց այս նպատակով է»։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյո՞ք այսօրինակ զարգացումները հանգեցնեն առաջիկա նոր և լայնամասշտաբ ռազմական բախումների՝ Հայաստանի սահմաններին, Արման Աբովյանը չի բացառում. «Շատ հնարավոր է։ Քանի որ արդեն ասացի՝ սա առևտուր է, հնարավոր է նաև այդպիսի զարգացումների ականատես լինենք։ Ադրբեջանը կարող է կրկին ռազմական շանտաժի ճանապարհով գնալ, փորձելով ռազմական ուժի օգնությամբ ճեղքել Սյունիքը։ Այստեղ շատ կարևոր է լինելու Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը։ Իրանը չի թաքցնում, որ իրենք պաշտպանել, պաշտպանում և շարունակելու են պաշտպանել իրենց պետության ազգային շահը։ Թող որևէ մեկը հույս չունենա, որ մեր սիրուն աչքերի համար Իրանը պետք է հարբերություններ վատթարացնի Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ։ Իհարկե, մեկ անգամ չէ, որ այդ երկիրը բացեբաց հայտարարել է իր դիրքորոշման մասին, այն է՝ թույլ չի տալու տարածաշրջանում սահմանների փոփոխության հնարավորություն, սակայն ակնհայտ է, որ Իրանն այս պահին չի ցանկանում ներքաշվել մասշտաբային և մեծ պատերազմի մեջ», ասում է Արման Աբովյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտնվել է հանրության առաջ՝ տեղական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների ֆոնին, թե, իբր, ինքն իրեն վատ է զգում։
Չորեքշաբթի օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, թուրքական հեռուստաալիքներն ուղիղ եթերով հեռարձակել են նախագահի ժամանումը Անկարայում իշխող կուսակցության կենտրոնակայան։ Էրդողանը, որն ինքնուրույն իջել է մեքենայից, ողջունել է կուսակիցներին, կարճ զրույց է ունեցել, ապա մտել շենք։
Էրդողանը չորեքշաբթի չեղարկել էր իր այցը Իսպանիա, որտեղ նախատեսվում էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում։ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, պարզաբանել է, որ այցի չեղարկումը պայմանավորված է Էրդողանի զբաղվածությամբ։ Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցները պնդում էին, որ Էրդողանը մրսել է։
Երեք սկզբունք կա, եթե Բաքուն համաձայնվի, ուրեմն խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ ստորագրված է։ Այս մասին , ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի այն հարցին։
«Անշնորհակալ գործ է ուղղակի այս իրավիճակում գնահատականներ տալ, որովհետեւ գնահատականները անկախ նրանից՝ ինչքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, նրանք որոշակի ազդեցություն են ունենալու իրավիճակի վրա։ Կարծում եմ՝ այսօր կարեւոր խնդիր է, որ մենք կարողանանք այնպես անել, որ խաղաղ գործընթացը շարունակվի, եւ շարունակվի մի քանի առանցքային սկզբունքների հիման վրա Այդ սկզբունքների մեջ ոչ մի նոր բան չկա, դրա մասին գիտեն բոլորը: Այդ սկզբունքներն արձանագրված են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հայտարարությանը հետեւած հայտարարության մեջ, որը արել է ԵՄ նախագահը, այդ սկզբունքները հետեւյալն են, որ 2 երկրները՝ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը՝ 29,800 կմ2 է, Ադրբեջանինը՝ 86,600 կմ2, երկրորդը՝ Ալմաթիի հռչակագիրը պետք է դառնա քաղաքական հիմք սահմանների դելիմիտացիայի եւ հետագայում նաեւ դեմարկացիայի համար»,- ընդգծեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կարեւոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոշում կայացվի եւ համաձայնություն ձեռք բերվի, թե որ քարտեզների հիման վրա է արվելու դեմարկացիան եւ դելիմիտացիան․
«Դա պետք է տեղի ունենա 1975 թվականի քարտեզների հիման վրա, բայց սկզբունքորեն այնպես չէ որ այդ մեր դիրքորոշումը այսպես՝ շատ կարծր է։ Երրորդը տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքի վրա։ Եթե Ադրբեջանը հրապարակային այս սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումը ընդամենը կարճ ժամանակի հարց է։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները ասում են, որ խաղաղության գործընթացին համաձայն են, չեն վերահաստատել իրենց հավատարմությանը այդ սկզբունքներին, ինչը կասկածներ է առաջացնում, որ իրենք խաղաղություն ասելով նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո։ Եթե իրենք այդ 3 սկզբունքներին վերահաստատում են իրենց հավատարմությունը, ապա կարող ենք համարել խաղաղությունը գործնականում կայացած»։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մասին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հարությունյանը (ծնվ. 1973 թ.) մեղադրվում է «Ադրբեջանի Հանրապետության տարածքում ագրեսիվ պատերազմին մասնակցելու, վարձկաններ հավաքագրելու, վարժեցնելու և ֆինանսավորելու, ինչպես նաև նրանց ռազմական հակամարտություններին և ռազմական գործողություններին ներգրավելու համար, մասնակցություն ԱՀ օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների ստեղծմանը, նրանց գործունեությունը կազմակերպելուն, այդ հանցավոր խմբերին զենքով, բաղադրամասերով, զինամթերքով, պայթուցիկ նյութերով, ռազմական տեխնիկայով և բանակային տեխնիկայով զինելուն, նախապատրաստական դասընթացներ կազմակերպելուն. այդ զենքերի կիրառման, ինչպես նաև դրանք Ադրբեջան մաքսանենգ ներմուծելու և ահաբեկչության ֆինանսավորման համար»:
Նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 եւ այլն հոդվածներով։
Հարությունյանը ձերբակալվել էր ադրբեջանական ուժայինների կողմից սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից հետո, երբ ողջ միջազգային հանրության և առաջին հերթին Հայաստանի կողմից բախտի քմահաճույքին հանձնված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կապիտուլյացիայի ենթարկվեց՝ բնակչությանը փրկելու համար:
Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը հաշված օրերի ընթացքում, թողնելով իր տունն ու ունեցվածքը, տեղափոխվեց Հայաստան։ Տարբեր գնահատականներով՝ Լեռնային Ղարաբաղում մնացել է 15-ից 40 հայ, հիմնականում մարդիկ, որոնք դեռ հույս ունեն գտնել իրենց անհետ կորած հարազատներին։
Հայաստանի Հանրապետությունը ամիսներ շարունակ դիմել, ահազանգել, տեղեկացրել, արձագանք, միջամտություն է պահանջել բազմաթիվ միջազգային կառույցներից և, առաջին հերթին՝ ՄԱԿ-ից և նրա համապատասխան գործակալություններից, տեղի են ունեցել այդ թվում նաև ԱԽ նիստեր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՄԱԿ-ի առաքելության խմբի ԼՂ կատարած այցի ընթացքում արձանագրումներին, ինչպես նաև պատասխանելով հարցին,թե արդյո՞ք որևէ քննություն կիրականացվի դիտորդական առաքելության գործունեության հետ կապված:
«Մենք համարժեք արձագանք, դժբախտաբար, չենք ստացել, և այս մասին բարձրաձայնել ենք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի առաքելության խմբի բուն այցին, Միրզոյանի գնահատականը հետևյալն է․ «Վկայակոչում եք մեկ թե երկու օր առաջ ՄԱԿ-ի համապատասխան խմբի մուտքը ԼՂ. դրան իմ արձագանքը հետևյալն է. եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ:
Մյուս կողմից ես ուզում եմ հույս հայտնել, որ, այնուամենայնիվ, սա չէ այն արձագանքը, որը ՄԱԿ-ը և նրա գործակալություններն այս պարագայում, այո՛, ցավոք ուշացած, բայց, այնուամենայնիվ, պիտի ցուցաբերեն: Ես, որքան գիտեմ, պատրաստվում է համապատասխան գործակալության՝ այդ առաքելությունն իրականացրած գործակալության հայտարարությունը, և այն եզրակացությունները, որոնք արվել են, այդ գործակալությանը չեն:
Համենայնդեպս, սա այն է, ինչը ինձ հավաստիացրել են, նաև միաժամանակ հավաստիացրել են, որ լինելու է համապատասխան հայտարարություն հենց այդ գործակալության կողմից. կսպասենք, կտեսնենք»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բացառիկ հարցազրույց է տվել NEWS.am-ին՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախից հայության բռնի տեղահանմանը, կատարվածի պատճառներին և հնարավոր զարգացումներին, Ադրբեջանի դեմ Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառման հնարավորությանը, հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված հնգակողմ հանդիպման հնարավոր արդյունքներին, ինչպես նաև այն հարցին, թե ինչ քայլերի կարող է դիմել Բրյուսելը, եթե Ադրբեջանը «միջանցք» բացելու նպատակով փորձի նորից հարձակվել Հայաստանի վրա։
Սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ճնշման տակ Ստեփանակերտի իշխանությունները ստիպված եղան կապիտուլյացիայի ենթարկվել եւ հայտարարեցին, որ 2024 թվականի հունվարի 1-ից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այլեւս գոյություն չի ունենա։ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը ստիպված է եղել լքել հայրենիքը եւ փախչել Հայաստան՝ փրկելու իր կյանքը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլեւս հայ չի մնա»։ Եվրամիությունը դիտարկո՞ւմ է տեղի ունեցողը որպես էթնիկ զտում։
Մենք դատապարտել ենք ուժի կիրառումն ու Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք արել ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը։ Կարծում եմ՝ բոլոր կողմերի համար բավականին դժվար էր կանխատեսել, որ Ղարաբաղի ողջ հայ բնակչությունն ընդամենը մի քանի օրում կարող է հեռանալ։ Հայ բնակչությունն անվտանգության հետ կապված ողջամիտ մտահոգություններ ունի, և Բաքուն պետք է անդրադառնա այս խնդրին որպես առաջնահերթություն: Խոսքը միայն հանրությանն էական առաջարկ անելու մասին չէ, այն պետք է նաև վստահություն ներշնչի: Հասկանալի է, որ ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո մարդիկ վախեցան և որոշեցին հեռանալ։ Այժմ հարցն այն է, թե արդյո՞ք նրանցից ոմանք պատրաստ կլինեն վերադառնալ, և ի՞նչ պայմաններով: Մեզ համար կարևոր տարրերից մեկը կարող է լինել երկարաժամկետ բազմազգ առաքելության կամ Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի առաքելության տեղակայումը, ինչը կօգնի հավաստիացնել այն մարդկանց, որոնք կուզենան վերադառնալ։ Այս համատեքստում մենք հաշվի ենք առել 2023 թվականի հոկտեմբերի 1-ին Ղարաբաղում անցկացված ՄԱԿ-ի առաջին առաքելության փորձը։ Վերջապես, ինչ վերաբերվում է տերմինաբանությանը, այս հարցը թողնում եմ իրավաբանների հայեցողությանը։ Ինձ հետաքրքրում է այն, որ ստեղծվեն պայմաններ, որպեսզի ցանկացողները կարողանան վերադառնալ, պաշտպանված լինի մեկնածների ունեցվածքը, պաշտպանվեն մշակութային, կրոնական և պատմական հուշարձանները։
Անցած ամիսներին Բրյուսելն ու Վաշինգտոնը բազմիցս ընդգծել են, որ Ադրբեջանը պետք է անվտանգության եւ առանցքային իրավունքների հարցում լուրջ երաշխիքներ տրամադրի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն այս պահանջը, կարծես թե, ժամանակավրեպ է այլռւս, քանի որ հայերը բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից: Ինչո՞ւ Ադրբեջանի վրա էական ճնշում չգործադրվեց՝ հետ պահելու նրան ռազմական լուծման գնալուց եւ կանխելու հայերի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից։
Իսկապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդներից և ոչ մեկը չկարողացավ կանխել այդ իրադարձությունները։ Ռուս խաղաղապահներն, ակնհայտորեն, ևս ի վիճակի չեղան դա անել։ Ամռանը լարվածությունն աճում էր, և մենք սերտորեն ու ինտենսիվ կերպով գրեթե ամեն օր կապ էինք պահպանում Ադրբեջանի իշխանությունների, Հայաստանի իշխանությունների և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ դիվանագիտական լուծումներ փնտրելու նպատակով: Բայց, ի վերջո, Ադրբեջանը որոշեց ուժ կիրառել, և ԵՄ-ն դա հստակ դատապարտել է։ Գնդակն այժմ Բաքվի դաշտում է, քանի որ պետք է հստակ հացաստիացումներ և ամուր երաշխիքներ տա հայ բնակչությանը, որպեսզի նրանք կա՛մ մնան, կա՛մ վերադառնան:
Ադրբեջանի նախագահը շարունակում է վստահեցնել, որ «ինտեգրման» շրջանակում ապահովվելու են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, սակայն Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման ենթարկված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված է եղել լքել իր հայրենիքը, իսկ Լեռնային Ղարաբաղը, ամենայն հավանականությամբ, գործնականում հայաթափվելու է։ Այդ դեպքում ի՞նչ իրավունքների ու երաշխիքների մասին այժմ կարող է խոսք լինել։
Երբ նախագահ Շառլ Միշելը 2022թ․ մայիսին առաջին անգամ հրապարակայնորեն խոսեց այդ մասին՝ ընդգծելով «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը լուծելու անհրաժեշտությունը», Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հայեցակարգը դարձավ միջազգայնորեն կիրառվող եզրաբանություն։ Բոլոր խաղացողները, ներառյալ՝ Հայաստանը և Ադրբեջանը, սա ընկալեցին որպես ապագա համապարփակ կարգավորման առանցքային սկզբունք: Այսօր՝ հայերի զանգվածային գաղթից հետո, սա նույնիսկ ավելի արդիական է։ Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքը՝ ապրելու այնտեղ, որտեղ նրանք միշտ ապրել են, պետք է երաշխավորվի, և պետք է ապահովվի նրա անվտանգությունը։ Կրկին՝ գնդակն այժմ ամբողջությամբ Բաքվի դաշտում է: Հիմա վճռորոշ ժամանահատված է, որը ցույց կտա, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն վստահությունը բարձրացնելու համար, որքանով դրանք արդյունավետ կլինեն և որքանով Բաքուն կկարողանա համոզել ղարաբաղցի հայերին վերադառնալ։ ԵՄ-ն ունի բազմաթիվ մոդելներ և պրակտիկա, որոնք թույլ են տալիս բնակչության տարբեր խմբերին խաղաղ ապրել միասին, և մենք միշտ պատրաստ ենք եղել դրանցով կիսվել Բաքվի հետ, քանի որ դրանք տեղին են և օգտակար։
Ադրբեջանը ձերբակալում է նախկին քաղաքական գործիչների եւ զինվորականների. առեւանգվել եւ ձերբակալվել են նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ԼՂ խորհրդարանի նախագահը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատարն ու փոխհրամանատարը, նախկին արտգործնախարարը։ Ի՞նչ դիրքորոշում ունի Բրյուսելն այս հարցում։
Նախ՝ չեմ սիրում ենթադրություններ անել, թե ինչ կարող է լինել։ Ինչ վերաբերում է տեղի ունեցած ձերբակալություններին, մենք, իհարկե, մտահոգված ենք։ Մենք նախկինում համապարփակ համաներման կոչ ենք արել, և ես համոզված եմ, որ եթե կա ցանկություն հաղթահարելու ավելի քան 30 տարվա հակամարտության ժառանգությունը, ապա կարևոր է շրջել թշնամանքի էջը՝ խոսքով և գործով: Ադրբեջանում խորը սպիներ են մնացել այն բանից հետո, երբ տասնամյակներ շարունակ ստիպված են եղել հարյուր հազարավոր տեղահանվածների հյուրընկալել: Վառ հիշողություններ կան նաև 90-ականների մարտերի և 30 տարվա ավերածությունների մասին։ Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության փախուստը ցույց է տալիս նաև անվստահության, թշնամանքի և վախի խորությունը, որը կա, ինչպես նաև ցույց է տալիս, թե Բաքվի և Երևանի ղեկավարությունները որքան քրտնաջան աշխատանք պետք է անեն՝ բնակչության մեջ փոխելու այս խորն արմատավորված հայացքները: Հակամարտության ընթացքում բոլոր կողմերն են հանցագործություններ կատարել. որոշ մարդկանց ձերբակալելն ու հետապնդելը ոչ մի կերպ չի օգնի ազգերին շրջել էջը, այլ ծառայելու է հին վերքերը բորբոքելուն և նորերը ստեղծելուն։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ողջ հայությունն, ամենայն հավանականությամբ, կլքի Լեռնային Ղարաբաղը՝ կարելի՞ է արդյոք ԼՂ հակամարտության էջը փակված համարել։
Ոչ։ Ինձ համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կփակվի, երբ բացվեն սահմանները, երբ մարդիկ վերադառնան իրենց տները, որտեղ էլ որ դրանք լինեն, և հայերն ու ադրբեջանցիները կկարողանան ազատորեն ճանապարհորդել միմյանց երկրներով և տարածքներով՝ ներառյալ Ղարաբաղը, և, միևնույն ժամանակ, իրենց ապահով զգան։
Բաքվի համար լուրջ հետեւանքներ կլինե՞ն։ Արդյո՞ք ԵՄ-ն, օրինակ, մտածում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կամ էներգետիկ ոլորտում համագործակցությունը սառեցնելու մասին: Եթե ոչ, ապա ինչո՞ւ։
Բրյուսելում 2023թ․ սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ռազմական գործողությունից առաջ և հետո դիտարկվել և քննարկվել են մի քանի տարբերակներ։ Եվրամիությունը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումն այս հարցում։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն ղարաբաղցի հայերը, որոնք ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել։ Մենք նաև շարունակում ենք մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Եվրամիությունը հնարավո՞ր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը Գրանադայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։
Սա անիրատեսական նպատակ է թվում. ես չեմ հավատում, որ այս պահին կողմերից որևէ մեկը դրան է ձգտում: Այնուամենայնիվ, այն, ինչն ի թիվս այլ բաների ակնկալում ենք տեսնել Գրանադայում հնարավոր հանդիպման արդյունքում, ամուր հանձնառությունն է խաղաղության գործընթացին, սպառնալիքից կամ ուժի կիրառումից հրաժարումն ու միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը: Խաղաղության պայմանագրի բուն տեքստի շուրջ քննարկումները պետք է հնարավորինս շուտ վերսկսվեն։
Պաշտոնական Երեւանը զգուշացնում է, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին արտատարածքային միջանցքի բռնի պարտադրումը՝ միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով, բայց չի գտնվի վերջինի վերահսկողության տակ։ Ի՞նչ քայլեր կձեռնարկի Եվրամիությունը՝ նման «միջանցք» բացելու նպատակով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նոր ռազմական գործողությունների դեպքում, եթե հնարավոր դիվանագիտական ջանքերը ձախողվեն, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղի դեպքում։
Կրկին՝ ես չեմ ուզում ենթադրություններ անել։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ ապագա համաձայնագրերը չեն նախատեսում ոչ մի արտատարածքային կամ միջանցքային տարբերակ, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը բազմիցս ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այսպիսով, ցանկացած համաձայնեցված լուծում պետք է հարգի ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները։
Ռուսաստանը պնդում է, որ ըստ առկա տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելն ակտիվորեն համոզում են Երեւանին դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), ակտիվացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, փոխել ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունն ու խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Արեւմտյան երկրները, ըստ Մոսկվայի, ձգտում են Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
Վերջին երկու տարում մենք բազմաթիվ նմանատիպ հայտարարություններ ենք տեսել մի շարք ռուս պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի կողմից։ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքի իրավունքը, բայց ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել՝ այս հայտարարությունները որևէ հիմք չունեն․ և՛ դրանք, թե մենք ուզում ենք «որևէ մեկին դուրս մղել», և՛ այն հայտարարությունները, թե Ղարաբաղի հայերը մոռացվել են։ Ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել այդ մասին ուղղակիորեն խոսելու ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ, այդ թվում՝ Ժնևի միջազգային քննարկումների շրջանակում։ Երկրորդ կետի վերաբերյալ ուզում եմ հղում անել նախագահ Պուտինի՝ 2020 թվականի հրադադարից հետո՝ մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արած հայտարարություններին։ Ինչ վերաբերում է առաջին կետին, ապա Հարավային Կովկասի երկրներն իրենք պետք է որոշեն, թե որ գործընկերներին են ցանկանում ընտրել։ Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ որևէ երրորդ կողմ տարածաշրջանում «հենակետ» ունենալու կանխորոշված իրավունք չունեն։
Հայաստանի իշխանությունները երկրի համար կարևոր որոշումներ կայացնելու գործընթացում հաշվի չեն առնում հասարակության կարծիքը։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Առանց հանրային կարծիքի, առանց հանրաքվեի արդյունքների վրա հենվելու՝ կայացվում են որոշումներ, որոնք համապետական նշանակություն ունեն ոչ միայն այսօրվա, այլև ազգի պատմության համատեքստում։ Ավելին, որոշումներ են կայացնում, որոնք հակասում են այն ամենին, ինչ ասել են ընտրությունների գնալիս… Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, խորհուրդ չենք տալիս, չենք ասում, որ դա պետք է արվեր կամ չպետք է արվեր։ Սա ուղղակի փաստի արձանագրում է։
Հայաստանի համար ճակատագրական հարցի վերաբերյալ որոշումները կայացվել են առանց հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Դրանք ընդունվել են ինչ-որ տեղ արտասահմանում՝ Բրյուսելի ու Փարիզի հովանու ներքո։ Դրանք մի քանի ամիս չէին բարձրաձայնվում, ըստ երևույթին ներսից ժողովրդական զայրույթի դեպքում տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ապահովագրություն էր ստեղծվում, հետո դրանք ներկայացվում էին որպես տեղի ունեցած ու անխուսափելի մի բան։ Սա այն դիրքորոշումն է, որով Երևանը մտավ Արևմուտքի հովանու ներքո բանակցությունների մեջ։ Սա պետք է հասկանալ»,- ասել է Մարիա Զախարովան։
«Փոխարժեքի շուկայում առաջացել է աննորմալ վիճակ, քանզի մեր երկիրն է աննորմալ վիճակում հայտնվել։ Խուճապը, բացասական սպասումները և մռայլ ապագան հանգեցրել են դրամի անկման։ Ու քանի դեռ Հայաստանի իշխանությունը չի փոխվել ու մեր երկրի ապագան հարցականի տակից դուրս չի եկել, փլուզումներն անվերջ են լինելու»,-։ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով դրամի կտրուկ արժեզրկմանը, նշել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
Նա առանձնացրել է դրամի անկման պատճաների երկու խումբ՝ հոգեբանաքաղաքական և տնտեսական։
Անդրանիկ Թևանյանը գրել է. «Մեկ շաբաթվա ընթացքում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ թուլացավ շուրջ 65 դրամով, այսինքն՝ 16 տոկոսի չափով։ Եվ սա դեռ վերջը չէ։ Օրվա ընթացքում ամեն ինչ այնպես է փոխվում, որ դժվար է ասել, թե օրվա վերջում կամ վաղն ի՞նչ պատկեր կունենանք։
Դրամի անկումն ունի հոգեբանաքաղաքական, տնտեսական պատճառներ։
1. Հոգեբանաքաղաքական
Արցախի հանձնումից հետո մարդկանց մոտ անկումային, դեպրեսիվ տրամադրություններ են առաջացել։ Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա՛»–ն դրսևորվում է իր ամբողջ վտանգավորությամբ և արյունոտ տեսքով։ Կասկածի տակ է հայտնվել պետության հեռանկարը։
Արցախից բռնի տեղահանված հայերից շատերը չեն համաձայնում բնակվել Սյունիքում կամ մի շարք սահմանամերձ շրջաններում, քանզի մտավախություն ունեն, որ Փաշինյանը դրանք ևս հանձնելու է և չեն ուզում ևս մեկ անգամ վերմակ–դոշակով փախչել։
Սյունիքը, Հայաստանի այլ տարածքներն ու ի վերջո պետությունը կորցնելու վախը մարդկանց մոտ գերիշխող է դարձել։ ՀՀ–ի գոյության և ապագայի նկատմամբ ունեցած անվստահությունը տարածվում է հայկական դրամի նկատմամբ, ինչն էլ բերում է դրա արժեզրկման։
Ներկա վիճակը մարդկանց մոտ իռացիոնալ ու բացասական սպասումներ է առաջացնում, ինչն էլ իր հերթին բերում է խուճապի։ Դրամի անկումը առավելապես այդ խուճապի հետևանք է։
Հայաստանի ապագայի մասով ծանր սպասումներ են առաջանում նաև հայ–ռուսական հարաբերությունների թշնամացման պատճառով։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդում է մեր անվտանգային ճարտարապետության վերջին բեկորները՝ պատերազմ հայտարարելով անձամբ Վլադիմիր Պուտինին։ Սա էլ է խորացնում խուճապային տրամադրությունը, քանզի նույնիսկ երդվյալ հակառուսներն են հասկանում, որ Մոսկվան այս ամենն անպատասխան չի թողնելու, ինչից շտապելու են օգտվել փաշինյանական իշխանության հովանավորներ Թուրքիան, Ադրբեջանը, մյուսները։
Հայ–ռուսական հարաբերությունները թշնամացումը լուրջ խնդիրներ է առաջացնելու նաև տնտեսության ոլորտում, ինչը ևս ազդելու է դրամի նկատմամբ վստահության վրա։
Ներքին անկայունությունը նույնպես դրամի օգտին չէ։ Փաշինյանը ցնցումների է տանում Հայաստանը։ Այդ պայմաններում դրամը բնականաբար պետք է անցնի ազատ անկման ռեժիմի։2. ՏնտեսականԱրցախի անկումը ոչ միայն արժեհամակարգային, անվտանգային, քաղաքական լրջագույն հարված էր մեր պետականությանը, այլ նաև սոսկալի տնտեսական հարված։ Այդ հարվածի մասշտաբներն այնքան մեծ են փոքրիկ Հայաստանի համար, որ դեռ տաք ենք ու չենք զգում (մի պահ զուտ մակերեսային հաշվարկ արեք, թե ինչ տնտեսական ակտիվներ հայտնվեցին թշնամիների ձեռքում և ամեն ինչ պարզ կդառնա)։ Սա չէր կարող չհարվածել ազգային դրամին։Սրան գումարած՝ հսկայական դրամական միջոցներ են հայտնվել բռնագաղթած արցախցիներին օգնելու համար, ինչը մեծացրել է դրամական զանգվածը շուկայում։ Դա ինֆլյացիայի պատճառ է դարձել։Հաջորդը․ տարադրամի նկատմամբ պահանջարկը, այսինքն՝ դրամից ազատվելու ցանկությունը մեծացել է ռելոկանտների մոտ, որոնք լքում են Հայաստանը՝ բնակարանների վարձավճարների ու կյանքի թանկացման պատճառով։Ստեղծված իրավիճակում Կենտրոնական բանկի կրավորական կեցվածքը լրացուցիչ պատճառ է դարձել դրամի անկման համար, ինչն էլ իր հերթին բերել է սպեկուլյացիոն գործարքների ակտիվացմանը։Կան նաև բազմաթիվ այլ միկրո պատճառներ, որոնք հանգեցրեցին դրամի թուլացմանը, բայց դրանց այս պահին իմաստ չունի անդրադառնալ։․ ․ ․Եվ այսպես, փոխարժեքի շուկայում առաջացել է աննորմալ վիճակ, քանզի մեր երկիրն է աննորմալ վիճակում հայտնվել։ Խուճապը, բացասական սպասումները և մռայլ ապագան հանգեցրել են դրամի անկման։ Ու քանի դեռ Հայաստանի իշխանությունը չի փոխվել ու մեր երկրի ապագան հարցականի տակից դուրս չի եկել, փլուզումներն անվերջ են լինելու»։
https://www.facebook.com/andranik.tevanyan.1/posts/pfbid02j6qiQerouPe6my9DfLxZ
Ղարաբաղը լքած հայ բնակիչները պահպանում են այնտեղ վերադառնալու իրավունքը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ դա կոչելով որպես «Ադրբեջան» վերադառնալու հնարավորություն:about:blank about:blank
«Ղարաբաղում հակաահաբեկչական միջոցառումների հենց սկզբից Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց խաղաղ բնակչությանը, որ իրենք չեն եղել այդ ռազմական գործողությունների թիրախը, միգուցե քաղաքացիական բնակչությունը այնքան էլ վստահ չէր իրենց անվտանգության մեջ այն բանից հետո, երբ հանձնվեց ամբողջ զինամթերքը»,- ասել է Ամիրբեկովը ֆրանսիական Radio J ռադիոալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, «վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ փորձեր են եղել՝ ազդելու նրանց վրա, որպեսզի նրանք չլքեն իրենց տները»։
«Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ մարդասիրական օգնություն, էլեկտրամատակարարումը վերականգնվել է, մնալու կոչեր հնչել են ռադիոյով և հեռուստատեսությամբ, որպեսզի նրանց մեջ խուճապ չլինի, իրենց տնից հեռանալու որոշումը իրենց անձնական և կամավոր որոշումն է։ Մենք ցավում ենք դրա համար, ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ նրանք իրենց իրավունք են վերապահում վերադառնալ իրենց տները»,- հավելել է Ամիրբեկովը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.