23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գլենդելը Լյուդմիլա Աբրահամյանի կողմից քաղաքին ներկայացված դատական հայցով ոստիկանության նախկին լեյտենանտին վճարելու է 550 հազար դոլար:
Նա կարծում է, որ ռասայական եւ գենդերային խտրականության զոհ է դարձել, քանի որ չի ստացել կապիտանի պաշտոնը, չնայած նրան, որ նա լավագույն որակավորում ունեցող թեկնածուն էր, գրում է LATimes- ը:
Հայցում նշվում է, որ խտրականությունը թույլ է տրվել այն ժամանակվա ղեկավար Ռոբերտ Կաստրոյի կամքով:
Քաղաքի շահերը ներկայացնող փաստաբանի գլխավոր օգնական Էն Մաուրերը նշել է, որ կարգավորումը «քաղաքի կամ նրա աշխատակիցների կողմից որեւէ խախտման ճանաչում չի նշանակում»:
«Քաղաքի դիրքորոշումը կայանում է նրանում, որ խտրականության մասին պնդումները անհիմն են», — ասել է նա:
Կարգավորման համաձայնագրի համաձայն՝ 550 000 դոլարի գումարը ներառում է աշխատավարձի վճարում, զգացմունքային խանգարումների կամ ֆիզիկական հիվանդության փոխհատուցումը, փաստաբանի ծախսեր: Աբրահամյանը նույնպես համաձայնել է հեռանալ վարչությունից:
Հիշեցնենք՝ քրեական հեղինակություն համարվող «Ճվճվ Արոյի» որդու՝ Սաքուլիկ մականունով հայտնի Սարգիս Վարդանյանը իր վարած BMW X 6 մակնիշի մեքենայով բախվել էր Ճանապարհային ոստիկանության Toyoto Corola մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով ճանապարհային երկու ոստիկաններ՝ Խ. Գասպարյանը և Ա. Դավթյանը մահացել էին:
2018 թվականի հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանն է:
ՀՀ Քննչական կոմիտեից այս առնչությամբ հայտնում են, որ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎ X6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Դավթյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևոր Խ.Գասպարյանը տեղափոխվել բժշկական կենտրոն։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաև «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորները։
Ավտովթարից հետո «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն: «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզվել է և ձերբակալվել։
Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից վարույթն իրականացնող մարմինը տեղեկացել է, որ մահացել է նաև վթարի հետևանքով վնասվածքներ ստացած ոստիկանության՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը։
Ոչ անհայտ Ռուբեն Թաթուլյանը, նույն ինքը՝ Ռոբսոնը, սկանդալային հարցազրույց է տվել ռուսական հեռուստաընկերություններից մեկին և անդրադարձել է ամերիկյան աղմկոտ պատժամիջոցներին, որոնք կիրառվել են իր և ռուսաստանցի այլ, այսպես կոչված, «օրենքով գողերի» հանդեպ:
Ուշագրավ է, որ Ռոբսոնը քրեական բառապաշարով հերքում է, թե ինքը որևէ առնչություն ունի հանցագործ աշխարհի հետ, ներկայանում է որպես գործարար և բարերար ու, բնականաբար, վիրավորական արտահայտությունների տարափ է թափում ԱՄՆ-ի հասցեին: Մեծ հաշվով՝ Ռոբսոնից այլ բան սպասել հնարավոր չէր, որովհետև նա կրիմինալի և ռուսական իշխանության հետ սերտաճած ռուսական բիզնեսի տիպիկ ներկայացուցիչ է: Ի դեպ, այս հարցազրույցը լավագույնս արտացոլում է նրա բարոյական և արժեքային սնանկությունը:
Սակայն մեզ պետք է մտահոգի այլ հանգամանք, որի հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել աննախադեպ դիվանագիտական սկանդալի կիզակետում, որովհետև հիշյալ հարցազրույցում Ռուբեն Թաթուլյանն առավելագույնս ասոցացվում է Հայաստանի հետ: Այն, որ նա Կարեն Կարապետյանի նախաձեռնած «Ներդրողների ակումբի» անդամ է և ունի Հայաստանի դիվանագիտական անձնագիր, հայտնի էր վաղուց, սակայն Ռոբսոնը բացահայտում է, որ ինքը Հայաստանի արտգործնախարարի խորհրդականն է ու տեղաշարժվում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կցված մեքենայով: Ամենասարսափելին այն է, որ նման բացահայտման ֆոնին Ռոբսոնն ասում է, թե ԱՄՆ-ը չպետք է քարտեզի վրա լինի:
Թերևս հարկ չկա բացատրելու, թե Ռոբսոնի սկանդալային հայտարարությունների հետևանքով ինչպիսի պրոբլեմների մեջ կարող է հայտնվել Հայաստանը: Խնդիրը նույնիսկ Ռոբսոնի անձը չէ, այլ Հայաստանի իշխանությունների անպատասխանատու, հանցավոր վարքագիծը, ինչի հետևանքով հանցագործ աշխարհի ներկայացուցիչը ոչ միայն արժանանում է Հայաստանի դիվանագիտական պաշտպանությանը, այլ նաև ԱԳ նախարարի խորհրդականն է, համենայնդեպս՝ նա այդպես է պնդում հիշյալ հարցազրույցում, և այդ պնդումն առայժմ չի հերքվել:
Հայաստանը հայտնվել է դիվանագիտական աղմկոտ սկանդալի շեմին, իսկ մեր իշխանությունների ակնհայտ սերտաճումը ռուսական կրիմինալ և կոռուպցիոն շրջանակների հետ ամերիկյան պատժամիջոցների ցավոտ հետևանքներն անխուսափելիորեն բերելու են Հայաստան:
Եթե նույնիսկ ամերիկյան հայտնի պատժամիջոցներից հետո Երևանում ատամներով պաշտպանում են Ռուբեն Թաթուլյանին և նրան չեն զրկում դիվանագիտական անձեռնմխելիությունից, ապա որակական, բարոյական որևէ տարբերություն չկա Հայաստանի իշխանության վերնախավի ու Ռոբսոնի միջև: Եթե նույնիսկ Հայաստանի արտգործնախարարությունը հերքի փաստը, որ Ռոբսոնը Նալբանդյանի խորհրդականն է, դրանից վիճակն արմատապես չի փոխվի, որովհետև Սոչիի «արքան» օգտվում է Հայաստանի դիվանագիտական անձեռնմխելիությունից ու ռեսուրսներից և, ըստ էության, երազում է ԱՄՆ-ը ոչնչացնելու մասին:
Այս համատեքստում Հայաստանը նույնանում է ոչ այնքան նույնիսկ Ռուսաստանի, որքան նրա իշխանության ամենամարգինալ ու կրիմինալ սեգմենտի հետ: Մնում է միայն ենթադրել, թե Ռոբսոնի մտքի «գոհարներն» ինչ տխուր հետևանքներ են ունենալու Հայաստանի համար:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=lWtFtQDMjC4
Նրան ձերբակալել և շուրջ երկու ամիս պահել են Մինսկի բանտում, հետո տարածաշրջանի ամենադաժան, բռնատիրական, կոռումպացված ռեժիմներից մեկի՝ ահաբեկչական մեթոդներով առաջնորդվող և մարդու իրավունքների աղաղակող խախտումներով հայտնի Ադրբեջանի ղեկավարության ջանքերով տեղափոխել Ապշերոնյան թերակղզի՝ Բաքու, որտեղ ևս յոթ ամիս մնացել է անազատության մեջ:
Բաքվի «ծանր հանցագործությունների դատարանը» դատապարտեց Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին երեք տարվա ազատազրկման՝ այդ նույն բռնապետական ռեժիմի լծից նախորդ դարավերջին զենքի ուժով ազատագրված ամենաազատ ու ազատասեր Արցախ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Մինսկից նրա արտահանձնումը Ադրբեջանը դարձրել էր էժանագին շոու. ահարկու տեսքով, հաղթանդամ, դիմակավորված, զինված հատուկջոկատայինները ադրբեջանական սուլթանի տիկնոջ՝ Մեհրիբան խանումի անձնական ինքնաթիռից դուրս են բերում փոքրամարմին, խեղճուկրակ մի երիտասարդի, որի միակ «հանցանքն» այն է, որ սիրում է ճամփորդել և գրել իր տպավորությունների մասին իր բլոգում: Աղմկահարույց այս պատմությունը դարձավ ոչ միայն հայկական, այլև միջազգային լրահոսի «թոփ» թեմաներից մեկը:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը «Առաջին լրատվական»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ամենը, թե ինչ է կատարվել իրականում, ինչպես և ում նախաձեռնությամբ են իր դեմ մարդաորս սկսել, ձերբակալել իրեն, հետո արտահանձնել: Պատմել է ադրբեջանական բանտի մենախցում անցկացրած իր օրերի, այնտեղ տիրող անմարդկային վիճակի, ադրբեջանցի քաղբանտարկյալների բռնաճնշումների և կտտանքների մասին՝ դրանով իսկ նկարագրելով Ադրբեջանի կլանային իշխանությունների իրական դեմքը և քաղաքական իրադրությունն այդ երկրում: Ղարաբաղյան հիմնահարցի առումով Լապշինն այս ամենից մի եզրակացություն է արել՝ մեծ սխալ կլինի ինչ-որ զիջումներ անել Ադրբեջանի ներկայիս ռեժիմին Ղարաբաղի հարցում. «Ադրբեջանի կողմից տարածվող ատելության քարոզչությունը հայերի նկատմամբ չի ենթադրում երկու ժողովուրդների խաղաղ համակեցության հնարավորություն»:
«ՖՈՐՄՈՒԼԱ-1»-Ը, ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՒԼԻԵՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ
– Ալեքսանդր, օգտվելով այս հնարավորությունից՝ ուզում եմ խնդրել Ձեզ ընդհանուր գծերով անդրադառնալ Ձեզ հետ կապված այն հայտնի պատմությանը, որը սկսվեց 2016-ի վերջին և երկար ամիսների ընթացքում ամենաքննարկվող թեմաներից մեկն էր թե՛ միջազգային մամուլում և թե՛, մասնավորապես, հայկական լրատվական դաշտում: Նախ՝ Ձեր ձերբակալությունը Մինսկում և արտահանձնումըԱդրբեջանին անսպասելի՞ էր Ձեզ համար: Ի՞նչ տեղի ունեցավ, և ո՞րն էր դրա իրական պատճառը: Ինչի՞ էին ուզում այդ քայլով հասնել Ադրբեջանի իշխանությունները և ինչի՞ հասան ի վերջո:
– Այսօր արդեն գաղտնիք չէ, որ իմ ձերբակալությունը Բելառուսում և արտահանձնումը Ադրբեջանին ի սկզբանե շատ հեռավոր առնչություն է ունեցել Ղարաբաղյան խնդրին: Այն փաստը, որ ես, որպես զբոսաշրջիկ, 7 տարի առաջ այցելել էի Ստեփանակերտ ու Շուշի և դրանից հետո չէի վերադարձել Արցախ, չէր կարող պատճառ լինել, որպեսզի Ադրբեջանը գործի դներ իր ողջ քաղաքական և ֆինանսական ռեսուրսները ինձ հետապնդման ենթարկելու համար: Պատճառ չէր կարող լինել նաև այն փաստը, որ ի տարբերություն Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված համաշխարհային նշանակության քաղաքական գործիչների և հայտնի արվեստագետների՝ սակավաճանաչ մի ճանապարհորդի անձը շատ ավելի համեստ է թվում: Ավելորդ չէ նշել, որ ես երբեք հանդես չեմ եկել քաղաքական հայտարարություններով և Ղարաբաղի անկախության կոչեր չեմ արել՝ ինչպես հետո պնդում էր Ադրբեջանը: Այդ դեպքում Ադրբեջանի ինչի՞ն էի ես պետք և ոչ թե պարզապես ինչ-որ մեկին, այլ անձամբ Իլհամ Ալիևին:
Խնդիրն այն է, որ 2016 թ. հունիսին ես Բաքվում անցկացվող «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի կազմակերպիչներից ստացա հրավեր: Նրանք առաջարկեցին Բաքու գալ լրագրողների և բլոգերների անձնակազմի հետ՝ այդ իրադարձությունը լուսաբանելու: Նմանատիպ հրավեր էին ստացել նաև մի քանի հարյուր հոգի աշխարհի տասնյակ երկրներից: Ես պատասխանեցի կազմակերպիչներին, որ իմ անունը ներառված է այն անձանց «սև ցուցակում», ովքեր այցելել են Ղարաբաղ, ինչին նրանք պատասխանեցին, թե հիմա դրա մասին ոչ ոք չի մտածում, և այդ ցուցակում գրեթե հազար հոգու ազգանուն կա, բացի այդ, հրավիրված լրագրողների մեջ, ինձնից բացի, կա «սև ցուցակում» ներառված ևս մի քանի լրագրող:
Բաքվից անմիջապես հետո ես որոշեցի մեկնել Իրան և համաձայնեցրի դա ադրբեջանցի կազմակերպիչների հետ, որպեսզի նրանք վճարեն թռիչքը Բաքվից Թեհրան: Պետք է ընդգծեմ, որ ինքը Ադրբեջանն է հրավիրել ինձ և վճարել այնտեղ մնալու համար: Ադրբեջան մտնելու համար ես օգտագործել եմ ուկրաինական անձնագիր (ես ունեմ երեք անձնագիր՝ ռուսական՝ ծննդյան իրավունքով, ուկրաինական՝ իմ ծնողների ծննդյան իրավունքով, և իսրայելական, որը ես ստացել եմ էմիգրացիայի արդյունքում): Ինչո՞ւ օգտագործեցի հենց ուկրաինական անձնագիրը՝ երկու պատճառով. առաջինը՝ ուկրաինական անձնագրում էր Իրանի վիզան, որը տվել էր Թուրքիայում Իրանի դեսպանությունը: «Ֆորմուլա-1» ավտոարշավը տեսնելն իմ վաղեմի երազանքն էր, և ես համաձայնեցի: Կազմակերպիչներն ինձ ուղարկեցին ամենալավ տեղերի տոմսերը, որոնց արժեքը 950 եվրո էր, վճարեցին Azerbaijan Airlines-ով Թբիլիսի-Բաքու ավիաթռիչքի և Բաքվի հյուրանոցում մնալու համար:
Երկրորդ՝ ուկրաինական անձնագրով գնացի, որպեսզի ավելորդ անգամ ապահովագրեմ ինձ Ադրբեջան մտնելիս, որովհետև ուկրաինական անձնագրում իմ անունը գրված է «Օլեքսանդր», ոչ թե «Ալեքսանդր»: Ես ժամանեցի Բաքու, ռեպորտաժ արեցի ավտոարշավի մասին, բացի այդ, պատմեցի իմ ընթերցողներին Բաքվի և մի քանի այլ տեսարժան վայրերի մասին Ադրբեջանում: Հետո մեկնեցի Իրան և արդեն Իրանից մի երկու շաբաթ անց ուղիղ վերադարձա Վրաստան:
Վերադառնալով Բաթում (որտեղ ես սիրում եմ հանգստանալ և ունեմ բնակարան)՝ ինձ համար անսպասելիորեն պարզեցի, որ Ադրբեջանի բոլոր ԶԼՄ-ները քննարկում են իմ այցելությունը Բաքու: Ինձ շոկի ենթարկեցին այնպիսի վերնագրեր, ինչպիսիք էին՝ «Աղե՛տ. Լապշինը մտել է Բաքու», «Երևանի աջակից Լապշինն օգտագործել է կեղծ անձնագիր Ադրբեջան ներթափանցելու համար»: Բնականաբար, ես հոդված գրեցի իմ բլոգում, որում նշեցի, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հիմարություններ են գրում, և որ իմ անձնագիրը շատ նորմալ էր և օրինական, և բացի այդ, իրենք են ինձ հրավիրել Բաքու՝ վճարելով իմ ճանապարհորդության համար:
Ադրբեջանում բարձրացված աղմուկը հարված հասցրեց երկրի առանցքային իշխող կլաններից մեկին՝ Գուլիևներին, որոնց հավատարիմ մարդը զբաղեցնում էր Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավարի պաշտոնը, իսկ մեկ այլ ազգակից մինչ օրս Ազգային անվտանգության ծառայության ղեկավարն է: Քավության նոխազ փնտրելով՝ Ադրբեջանի իշխանություններն աստիճանաբար հաշվեհարդար տեսան սահմանային ծառայության այն սպաների հետ, որոնք ինձ թույլ էին տվել մտնել երկիր: Սահմանային ծառայության պետը թեթև վախով պրծավ և հավանաբար պահպանեց իր պաշտոնը մեծ կաշառքի շնորհիվ: Հետո, հաշվի առնելով Ադրբեջանում իշխանության և ռեսուրսների բաշխման հետ կապված բարդ վիճակը, որոշում կայացվեց մեկ գնդակով սպանել երկու նապաստակ, նախ՝ որս հայտարարել իմ նկատմամբ՝ ցույց տալով ժողովրդին, որ իշխանություններն ի զորու չեն վերադարձնել Ղարաբաղը, բայց գոնե բռնել են Ղարաբաղ այցելած բլոգերի, երկրորդ՝ բացասական լույսի ներքո ներկայացնել Իլհամ Ալիևին: Մի շարք հայ վերլուծաբաններ կարծում են, որ Իլհամ Ալիևը թույլ կամք ունեցող մարդ է, որը զբաղեցնում է իր պաշտոնը որպես «հարսանեկան գեներալ»: Ես հեռու եմ քաղաքականությունից և չգիտեմ՝ դա իրո՞ք այդպես է, թե՞ ոչ: Բայց փաստ է, որ Իլհամ Ալիևի մի շարք մերձավորների հաջողվեց հեշտությամբ համոզել նրան իրականացնելու ի սկզբանե ձախողված մի նախագիծ՝ «Լապշին» անունով:
Ադրբեջանը այդ պատմության մեջ ներքաշեց Բելառուսի ղեկավարին, իր դեմ լարեց բելառուսներին, զայրացրեց Ռուսաստանին, առաջացրեց Իսրայելի դժգոհությունը ու նաև դատապարտվեց Եվրոպական միության ու տասնյակ խոշորագույն իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Մոտ երկու շաբաթ առաջ ես Լոնդոնում էի՝ BBC-ին հարցազրույց տալու և մի շարք եվրոպացի իրավապաշտպանների հետ հանդիպելու նպատակով: Այնտեղ շատ լսեցի հետևյալ խոսքերը Ալիևի մասին. «Միայն շատ թույլ ղեկավարը թույլ կտար ներքաշել իր երկիրը և անձամբ իրեն անհայտ մի բլոգերի հետ կապված նման պատմության մեջ», կամ էլ այսպիսի խոսքեր. «Ինչ-որ բլոգերի համար ուղարկված անձնական ինքնաթիռը և Բաքվի օդանավակայանում հատուկջոկատայինների մասնակցությամբ կազմակերպված «մասկի-շոուն» ցույց են տալիս, որ նրանք աշխատում էին բացառապես ներքին լսարանի համար, քանի որ Արևմուտքի աչքում դա դիտվում է որպես կատարյալ անհեթեթություն և ոչ թե ուժի, այլ թուլության դրսևորում»:
ԱՐՑԱԽԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է
– Կարծում եք՝ Ձեր դեմ կազմակերպված այս ամբողջ արշավը ինչ-որ կերպ ազդե՞լ է Արցախ օտարերկրացիների այցելությունների և ընդհանրապես այս խնդրի միջազգային ընկալումների վրա:
– Իմ ձերբակալությունը և արտահանձնումը ի սկզբանե եղել են Ադրբեջանի իշխող կլաններից մեկի (Գուլիևների) վրեժի հետևանք, և Ղարաբաղի թեման կցվել է այս պատմությանը՝ դրան քաղաքական աստառ հաղորդելու շատ պարզունակ նպատակով: Գործողությունը մինչև վերջ հաշվարկված չէր, նրանք չէին կանխատեսել մի շարք գործոններ և իրենց հետագա քայլերը, որի պատճառով նրանք չկարողացան որևէ մեկին վախեցնել, որ չայցելեն Ղարաբաղ: Փոխարենը ամբողջ աշխարհով մեկ տարածվեցին ինքնաձիգներով զինված հատուկջոկատայիններով շրջապատված բլոգեր Լապշինի լուսանկարները, որին հատուկ ինքնաթիռով հասցրել են Բաքու միայն այն պատճառով, որ նա 7 տարի առաջ ինչ-որ տեղ է այցելել: Սա կատարյալ վայրենություն է մարդու իրավունքների եվրոպական նորմերի տեսանկյունից: Ադրբեջանը ցուցադրեց իրեն որպես դիկտատուրա, որը հետապնդում է լրագրողներին և չի հանդուրժում այլախոհություն: Ավելի պարզ ասած՝ Ալիևը «կրակեց ինքն իր ոտքին»՝ անգամ մեկ միլիմետր չմոտենալով Ղարաբաղը վերադարձնելու նպատակին, փոխարենը ավելի խորը ընկղմվեց ճահճի մեջ: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա չնայած իմ կալանավորմանը՝ 2017 թվականին Ղարաբաղ են այցելել կրկնակի շատ զբոսաշրջիկներ, քան 2016-ին:
«ԱՄԵՆԱԹԱՆԿ ՆՎԵՐԸ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ՝ ԲԱՏԿԱՅԻՑ
– Անդրադառնանք հարցի «ֆինանսական» կողմին: Որոշ տեղեկություններ կային այն մասին, որ Ալիևը մեծ գումար է փոխանցել Բելառուսի նախագահին Ձեզ արտահանձնելու համար (մինչ այդ, իհարկե, Լուկաշենկոն Բաքվում պարգևատրվել էր Հեյդար Ալիևի շքանշանով): Միաժամանակ մամուլում գրում էին, որ Լուկաշենկոն իր մտերիմ ընկերոջ՝ հայ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի միջոցով դիմել է հայկական կողմին՝ առաջարկելով «ավելի շատ վճարել» Լապշինին չարտահանձնելու համար, բայց Հայաստանի ղեկավարությունը մերժել է առաջարկը՝ խելամիտ չհամարելով մեկ այլ պետության քաղաքացու համար նման գումար վճարելը: Ի՞նչ ինֆորմացիա ունեք այս հարցի առնչությամբ:
– Լուկաշենկոն առևտուր է արել ինձ համար Ռուսաստանի հետ՝ փորձելով իջեցնել նավթի և գազի գները, սպառնալով հակառակ դեպքում ինձ հանձնել Ադրբեջանին: Բարձրաստիճան ռուսաստանցի մի դիվանագետի խոսքերով՝ Լուկաշենկոն ենթադրում էր, թե Ռուսաստանը մոտ երեք միլիարդ դոլարի չափով զեղչ կանի, ինչին ի պատասխան նրան ասել են, որ Ռուսաստանը տուրք չի տա շանտաժին, և բացի այդ, Լուկաշենկոն գերագնահատել է անհայտ մի բլոգերի նշանակությունը, որն ակնհայտորեն չարժե երեք միլիարդ: Ինչքան էլ որ ցավոտ է ինձ համար, այնուամենայնիվ Ռուսաստանն այլ կերպ չէր կարող վարվել: Սա քաղաքականություն է և բիզնես:
Անկյուն քշվելով և տեսնելով, որ ոչ ոք պատրաստ չէ վճարել ինձ համար՝ Լուկաշենկոն ըստ երևույթին հայտնվել է ծայրահեղ դժգոհության վիճակում այն պատճառով, որ ընդառաջել է Իլհամ Ալիևի խնդրանքին և ներքաշվել լուրջ սկանդալի մեջ, որն իրեն բացարձակապես պետք չէր: Ամենայն հավանականությամբ Լուկաշենկոն շտապել է ազատվել ինձնից ինչքան հնարավոր է շուտ, քանի որ ես շուրջ երկու ամիս Մինսկի բանտում էի, և միջազգային հանրությունը քննադատում էր Բելառուսին: Նա հաջողացրեց անտեղի տեղը փչացնել իր հարաբերությունները Հայաստանի, Ռուսաստանի և Իսրայելի հետ: Լուկաշենկոն մամուլի ասուլիսի ժամանակ այդպես էլ ասաց, որ ինձ պետք է հանձնել Ադրբեջանին: Անձամբ ես այդ խոսքերում տեսնում եմ ոչ թե ընկերական ժեստ Իլհամ Ալիևին, այլ ավելի շուտ ցանկություն՝ ազատվելու գլխացավանք դարձած Լապշինից և ստիպելու Ալիևին, որ նա դուրս գա այս տհաճ իրավիճակից: Չգիտեմ՝ ինչ է ստացել Լուկաշենկոն Ալիևից, բայց ենթադրում եմ, որ ես դարձա ամենաթանկ «նվերը» ժամանակակից Ադրբեջանի պատմության մեջ: Լապշինի համար փողերը քամուն տալու փոխարեն՝ նրանք կարող էին վերջապես բնակարան հատկացնել Ղարաբաղի փախստականներին, որոնք արդեն 25 տարի է՝ ապրում են աղքատության մեջ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՐԸ
– Սկսած այն պահից, երբ Ձեզ բանտարկեցին Մինսկում, Հայաստանում սկսվեցին բուռն քննարկումներ այն մասին, թե ինչպես կարելի է կանխել հնարավոր արտահանձնումը, դա ինչ հետևանքներ կունենա Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, ինչպես պաշտպանել Ձեզ, Ձեր իրավունքները, երբ Դուք արդեն Բաքվի բանտում էիք, և այլն: Հայերը, հայ հասարակությունը, մամուլը, քաղաքական գործիչներն ու դիվանագետները հսկայական աջակցություն ցուցաբերեցին: Եվ այն տպավորությունն էր, որ գուցե Հայաստանում ավելի շատ են մտահոգված Ձեր վիճակով, քան Ռուսաստանում և Իսրայելում: Թեև պարզ է, որ ամենայն հավանականությամբ այս երկու երկրներն էլ ոչ հրապարակայնորեն աշխատում էին Ձեզ ազատելու ուղղությամբ: Եվ այսպես, ո՞ր գործոններն են հատկապես նպաստել բանտից Ձեզ ազատելուն:
– Ես ցանկանում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել հայերին և Հայաստանի ղեկավարությանը ինձ և իմ ընտանիքին այդ ծանր պահին ցուցաբերած բարոյական աջակցության համար: Ակնհայտ է, որ Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ իմ ճակատագրին, և հարցն, իհարկե, իմ անձը չէ, այլ այն, որ հենց Հայաստանն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության երաշխավորը: Բայց ես նույնչափ շնորհակալ եմ նաև Ռուսաստանի Դաշնությունից, որն ամենասկզբից և մինչև ինձ ազատելը բողոքում էր Ադրբեջանի գործողությունների դեմ, ընդ որում՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նախագահի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Պեսկովի մակարդակով: Ռուսաստանցի դիվանագետները Մինսկում և Բաքվում պարբերաբար այցելում էին ինձ և ամեն կերպ օգնում էին: Ինձ արտահանձնելու կապակցությամբ բողոքի նոտա է հղել նաև Իսրայելը, և Մինսկի ու Բաքվի իսրայելցի դիվանագետները ևս արժանապատվորեն կատարում էին իրենց աշխատանքը:
Ցավոք, ես քիչ տեղեկություններ ունեմ Ռուսաստանի կողմից ձեռնարկված քայլերի մասին: Անշուշտ, լուրջ ճնշում է գործադրվել Ադրբեջանի նկատմամբ՝ սկսած Դաղստանից հարյուրավոր ադրբեջանցիների արտաքսումից, վերջացրած Ռուսաստանում «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի» փակումով:
Ավելի շատ են տեղեկությունները Իսրայելի կողմից գործադրված ջանքերի մասին: Նրանք ցույց չեն տվել իրենց գործողությունները, բայց 2017 թ. մարտից ակտիվորեն բանակցել են Ադրբեջանի հետ: Արդեն այսօր շփվելով բանակցային գործընթացի անմիջական մասնակիցների հետ (իսրայելական կողմից)՝ հասկանում եմ, որ ադրբեջանցիները հասկացել են, թե իրենք իրենց անկյուն են քշել դեռ այն պահին, երբ հասցրեցին ինձ Բաքու: Նրանք հայտնել են դրա մասին իսրայելցիներին և խիստ շահագրգռված են եղել շարունակելու բանակցությունները, որպեսզի շուտափույթ ազատվեն բլոգեր Լապշինից: Նրանք նաև հասկացրել են, որ իմ այս ողջ պատմությունը այլ ուղղությամբ պետք է ընթանար, բայց երկրի ղեկավարության մի շարք ներկայացուցիչների պատճառով Ադրբեջանը հայտնվել է դժվար իրավիճակում:
Դատն անխուսափելի էր, և նրանք բացատրեցին դա այն հանգամանքով, որ «հետքայլ անելու» համար արդեն շատ ուշ է, թեև խոստովանում էին, որ խիստ գերագնահատել են իմ նշանակությունը ամենասկզբից: Հետո նրանք անհանգստանում էին իմ կյանքի համար՝ հասկացնելով իսրայելցիներին, թե կան որոշակի ուժեր, որոնք շահագրգռված են, որ ես մեռնեմ Ադրբեջանում: Ընդ որում, նրանք երաշխավորում էին Իսրայելին, որ իմ գլխից մի մազ անգամ չի պակասի: Ինչպես գիտենք՝ Իլհամ Ալիևը հերթական անգամ գերագնահատեց իր հնարավորությունները՝ չկարողանալով պաշտպանել ինձ իր սեփական քաղաքի՝ Բաքվի բանտում: Նկատի ունեմ հարձակումն ինձ վրա և մահափորձը 2017 թ. սեպտեմբերի 11-ին:
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՆՊԱՏԱՍԽԱՆ
– Սպասո՞ւմ էիք աջակցություն Հայաստանի կողմից: Ինչո՞վ կարող էր Հայաստանը Ձեզ օգնել այդ իրավիճակում:
– Քանի որ ես Հայաստանի քաղաքացի չեմ, հայկական կողմի հնարավորությունները սահմանափակված էին ինձ օգնելու առումով: Հայտարարություններ են արել Հայաստանի խորհրդարանի առանձին պատգամավորներ, դիմումներ են եղել ԵԽԽՎ և ԵԱՀԿ, բազմաթիվ հոդվածներ են տպվել ԶԼՄ-ներում, եղել են ցույցեր Բելառուսի դեսպանատների դիմաց: Բայց այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանը մեկ միասնական դիրքորոշում չունի իմ հարցի վերաբերյալ: Բացի այդ, իմ կինը դիմել է երկրի իշխանություններին՝ խնդրելով նյութական օժանդակություն ցուցաբերել, քանի որ դատապաշտպանների ծառայությունները զգալի ծախսեր էին պահանջում, բայց արդյունքում նրան ոչինչ էլ չեն տվել՝ խոստումներից բացի: Մեր երևանցի ընկերներն են փոքրիկ գումար հատկացրել, որի համար շատ շնորհակալ եմ նրանցից, բայց դա պետության հետ կապ չուներ: Ի վերջո, օգնության առյուծի բաժինը հատկացվել է հրեական հասարակական կազմակերպությունների և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված եվրոպական հիմնադրամների կողմից:
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ՝ ԲԱՔՎԻ ԲԱՆՏՈՒՄ
– Դուք շատ եք գրել ադրբեջանական բանտում Ձեր անցկացրած օրերի մասին: Ադրբեջանում Ձեր տեսածը որքանո՞վ է արտացոլում ընդհանրապես մարդու իրավունքների վիճակն այդ երկրում և ալիևյան ռեժիմի կառավարման մեթոդները: Դա ի՞նչ դաս է Ղարաբաղի հայերի համար:
– Սկսենք նրանից, որ Ադրբեջանը, իմ կարծիքով, տիպիկ դաժան, ասիական-մուսուլմանական դիկտատուրա է՝ Պակիստանի կամ Իրաքի մակարդակի, որը կառավարում են ընտանիքները և կլանները: Պետք չէ նրանցից սպասել քաղաքավարություն կամ ադեկվատ պահվածք՝ մեզ և ձեզ ծանոթ բարոյականության և իրավունքների եվրոպական նորմերով: Բաքվի բանտերի կալանավորների մեջ զգալի թիվ են կազմում այսպես կոչված՝ «քաղբանտարկյալները», որոնց թվին եմ դասում ոչ միայն լրագրողներին և իրավապաշտպաններին, այլև գործարարներին և չինովնիկներին, որոնց բանտ են նետում «պետական դավաճանության» անհեթեթ մեղադրանքներով և բացառապես մի նպատակով՝ նրանցից փող պոկել և առգրավել նրանց ունեցվածքը, կամ էլ վախից, որ նրանք կարող են վտանգ ներկայացնել գործող իշխանության համար: Այդպիսի քաղբանտարկյալ էր, օրինակ, գեներալ Արիֆ Չավդարովը, որը նստած էր իմ հարևան խցում, և տասնյակ մարդիկ, որոնք անցնում են նրա գործով:
Ադրբեջանական բանտերում բանտարկյալներին ծաղրի ու կտտանքների են ենթարկում, ընդ որում՝ ամենավատը «քաղբանտարկյալների» վիճակն է: Բավական է հիշել թեկուզ իրավապաշտպաններ Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն, որոնց անօրինական կերպով գրեթե երկու տարի պահեցին բանտում, հետո նրանք ազատ արձակվեցին, ստացան փախստականի կարգավիճակ Նիդեռլանդներում: Բանտում նաև ծեծում են, տանջում սովի միջոցով, երկար ժամանակ պահում կարցերում: Օրինակ՝ ինձ ծաղրանքի էին ենթարկում նրանով, որ 7 ամիս պահում էին մենախցում՝ առանց արտաքին աշխարհի հետ շփման իրավունքի, ինչը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Նաև առաջին ամիսը թույլ չէին տալիս կարդալ գրքեր և դիտել հեռուստացույց: Դրան գումարած՝ ահավոր սնունդը և ոչ ադեկվատ բժշկական ծառայությունը:
Ավելացնենք նաև մահափորձը Ալիևի կողմից ներում շնորհելուց օրեր առաջ: Իմ սպանությունը նրանք փորձում էին ներկայացնել որպես «ինքնասպանություն»: Սա հիշեցնում է նույն բանտում սպանված բլոգեր Մեհման Գալանդարովին, որին սպանել են խցում, հետո բանտապահները կախել են նրան սավանով՝ ինքնասպանություն բեմադրելու համար:
ԼԱՊՇԻՆԻ ԴԱՍԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻՆ
– Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հարցին, ապա իմ կարծիքը հետևյալն է. Ադրբեջանի ներկայիս ռեժիմի օրոք մեծ սխալ կլինի ինչ-որ զիջումներ անել Ղարաբաղյան հարցում: Նախ՝ այդ ռեժիմը շատ անկայուն է (ինչպես ցույց տվեց իմ արտահանձնման սարսափելի պատմությունը), և իշխանությունը կարող է փոխվել բռնի ուժով ցանկացած պահի, հետևաբար ստորագրված որևէ պայմանագիր չի կատարվի: Իսկ երկրորդը՝ Ադրբեջանի կողմից տարածվող ատելության քարոզչությունը հայերի նկատմամբ չի ենթադրում երկու ժողովուրդների խաղաղ համակեցության հնարավորություն՝ ինչպես ԽՍՀՄ տարիներին էր: Նրանց նպատակը հայերին Ղարաբաղից քշելն է և Հայաստանը թուլացնելը: Խաղաղ բանակցությունների համար երկու կողմ է պետք, և երկուսն էլ պետք է պատրաստ լինեն գնալու ցավոտ զիջումների: Այսօրվա դրությամբ միայն Հայաստանն է պատրաստ ձեռք մեկնել Ադրբեջանին և պայմանավորվել ինչ-որ հարցի շուրջ, իսկ հակառակ կողմից հնչում են միայն սպառնալիքներ և շանտաժ: Ամեն դեպքում միայն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է լուծեն այս հիմնախնդիրը, բայց հաստատ ոչ բլոգերները Իսրայելից. ես միանգամայն ինքնաքննադատորեն եմ մոտենում հարցին:
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԲԱՆՏՈՒՄ
– Դուք ասացիք, որ Բաքվի բանտում Ձեզ փորձել են սպանել: Կարո՞ղ եք պատմել այդ միջադեպի մասին:
– Այն բանից հետո, երբ կայացվեց Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճիռը, և ես դատապարտվեցի երեք տարվա ազատազրկման Ղարաբաղ այցելելու համար, ինձ 2017 թ. հուլիսին այցելեցին Բաքվում Իսրայելի դեսպանության աշխատակիցները: Ինձ հասկացրին, որ Ադրբեջանի համար չափազանց կարևոր է, որպեսզի ես չբողոքարկեմ դատարանի որոշումը, քանի որ Ադրբեջանի իշխանությունները վախենում էին, որ այդ դեպքում ես կարող եմ նրանց դեմ դատական հայց ներկայացնել ՄԻԵԴ: Դա անընդունելի էր նրանց համար, նրանք շատ էին վախենում Եվրոպական դատարանից: Իսրայելի հետ գաղտնի պայմանավորվածությունների արդյունքը դարձավ այն, որ դատավճռի կայացումից 20 օր անց և դրա ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո ինձ արտահանձնեցին Իսրայելին: Ի սկզբանե ես պնդում էի բողոքարկման վրա՝ պատրաստվելով հասնել մինչև Ստրասբուրգի դատարան, բայց ինձ բացատրեցին, որ այդ դեպքում Ադրբեջանի հետ գոյություն ունեցող պայմանավորվածությունները կարող են կորցնել իրենց ուժը, և կա վտանգ, որ ինձ կուղարկեն գաղութ, որտեղ մի քանի օր էլ չեմ ապրի: Դրա համար ես համաձայնեցի չբողոքարկել վճիռը: Ավելին, իմ ֆրանսիացի դատապաշտպաններն իմ ընտանիքի միջոցով հասկացրին, որ Ադրբեջանին կարելի է պատասխանատվության ենթարկել Ստրասբուրգում մի շարք այլ հոդվածներով, և հիմա ինձ համար ավելի կարևոր է դուրս գալ այդ դժոխքից:
2017 թ. սեպտեմբերի 11-ին իմ մենախուց ներխուժեցին երեք կամ չորս հոգի՝ սև դիմակներով և աչքերի համար բացված անցքերով: Նրանք ինձ ծեծեցին և խեղդեցին, ես պառկած էի մահճակալին և ոչինչ չհասցրեցի անել: Ուշքի եկա երկու օր անց Բաքվի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Իմ շուրջը կանգնած էին իմ ադրբեջանցի դատապաշտպան Էդուարդ Չերնինը, Բաքվում Իսրայելի հյուպատոս Լիլախ Աթիասը և մի քանի զինված ոստիկաններ: Ինձ բացատրեցին, որ իբր ինձ գտել են կախված բանտախցում և հազիվ են կարողացել ինձ փրկել: Նաև ինձ հայտնեցին, որ նախագահ Ալիևը ներում է ինձ շնորհել՝ ի պատասխան իմ ներողության և ներում շնորհելու խնդրանքի: Ես պատասխանեցի, որ դա սուտ է, ես չեմ կախվել, ինձ վրա հարձակվել են, և որ ես չեմ գրել որևէ խնդրանք ներում շնորհելու մասին, ինչին և՛ հյուպատոսը, և՛ փաստաբանը պատասխանեցին, որ տվյալ պահին ավելի կարևոր է դուրս գալ այստեղից, և բոլոր հայտարարությունները ես կանեմ ազատության մեջ Իսրայելում, իսկ ինչ վերաբերում է ներում շնորհելու խնդրանքին՝ «ի՞նչ տարբերություն՝ գրե՞լ ես, թե՞ չէ: Ադրբեջանը փորձում է ազատվել ձեզնից որքան հնարավոր է շուտ»:
Արդեն գտնվելով Իսրայելում և հանդիպելով իսրայելցի մի շարք խորհրդարանականների և հասարակական գործիչների հետ՝ իմացա նոր մանրամասներ այս գործի մասին: Նախ՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունը (որը բազմամիլիարդանոց պայմանագրերով կապված է Ալիևի ռեժիմի հետ) ամեն կերպ խոչընդոտել է ինձ Բաքվից դուրս բերելուն: Երկրորդ՝ ինձ ազատելու հարցի շուրջ Ադրբեջանի և Իսրայելի բանակցությունների փաստը առաջացրել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դժգոհությունը Ադրբեջանի կառավարությունում: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ իմ սպանության փորձը կազմակերպվել է Ալիևի շրջապատի նույն մարդկանց կողմից, ովքեր նախաձեռնել էին իմ ձերբակալությունը Մինսկում և արտահանձնումը Բաքվին: Ըստ վարկածներից մեկի՝ ինձ սպանելու նպատակը Ալիևին հարված հասցնելն էր և նրան վատ վիճակի մեջ դնելը, մյուս վարկածով՝ այն մարդկանց պարզունակ վրեժը, ովքեր չէին ուզում, որ ինձ ազատեն, և նրանց չէին լսում: Իր դերն է խաղացել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այցը Իսրայել, որն այնտեղ փորձում էր լուծել հնարավոր կոնֆլիկտային խնդիրը՝ կապված Ադրբեջանի կողմից կարևոր պաշտպանական պատվերի վճարի ձգձգման հետ: Ինձ ազատելով՝ Բաքուն ուզում էր «սիրաշահել» իսրայելցիներին: Բոլոր այս գործոնները միասին վերցրած (մահափորձը, դժվարությունները՝ կապված պաշտպանական պատվերի վճարի ձգձգման հետ) ազդեցին ինձ ներում շնորհելու որոշման վրա:
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ
– Դուք 2018 թվականը հայտարարել եք «Ադրբեջանին պատժելու տարի»: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:
– Արդեն հունվարին կլինի հայց Ադրբեջանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նաև սկսվել են Ադրբեջանի դեմ ԱՄՆ տարածքում դատական հայց ներկայացնելու նախապատրաստական աշխատանքները: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը մինչև նյութերը դատարանին հանձնելը շտապեց վերլուծաբանների շուրթերով հայտարարել, որ «Լապշինը ոչինչ չի ապացուցի, իսկ մենք բոլորին ցույց կտանք»: Նրանք նման հայտարարություններ էին անում նաև իրավապաշտպաններ Յունուսների գործի պարագայում և ֆրանսիացի լրագրողներին հետապնդելու դեպքում՝ այն բանի համար, որ վերջիններս Ադրբեջանը անվանել են դիկտատուրա: Նրանք ջախջախիչ պարտություն կրեցին՝ պարտվեցին ինչպես այս գործերը, այնպես էլ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման տասնյակ այլ գործեր: Ռուսերենում այսպիսի մի բառ կա՝ «шапкозакидательство» (ինքնագոհ հրճվանք դժվար գործում հեշտությամբ ստացված հաղթանակից), որը լիովին բնութագրում է պաշտոնական Բաքվի պահվածքը:
1in.am-ը գրում է
ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասում ավտոմատով զինված տղամարդը կրակ է բացել Լադոժսկայա կայարանի «Օգոնյոկ» սրճարանում, ինչի հետևանքով սպանվել է տեղի հայ համայնքի երկու անդամ՝ Ռոման Սիրակոսյանը և Արտյոմ Միրզոյանը:
Միջադեպի հետևանքով սպանվել է նաև գնչուական համայնքի մեկ ներկայացուցիչ: Կրակ բացած տղամարդը ձերբակալվել է։ Նա 33-ամյա կազակ ատաման Ալեքսանդր Սիտավիչուսն է: Սպանության պատճառների բացահայտման համար կատարվում է նախաքննություն:
«Առաջին լրատվական»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել կատարվածից։ Մասնավորապես, որ սկզբում սրճարանում վիճաբանություն է սկսվել ռուսների և գնչուների միջև, ովքեր տարբեր սեղանների շուրջ են նստած եղել։ Նախնական տեղեկություններով՝ վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ սրճարանում ներկա մի աղջկա անպարկեշտ ռեպլիկ է արվել։ Ապա դրա շուրջ վիճաբանություն է եղել, որը վերաճել է ծեծկռտուքի, որի հետևանքով ռուսները գնչուների կողմից ծեծի են ենթարկվել։ Դրանից հետո դուրս են եկել սրճարանից օգնություն բերելու և վերադարձել են կեսգիշերին, երբ սրճարանում գրեթե մարդ չի եղել։
Կրասնոդարի հայ համայնքի գործերի համակարգող Ալեքսեյ Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հայերը կապ չեն ունեցել վիճաբանության հետ։ Սպանված հայերից մեկը պարզապես այդ սրճարանում դիջեյ է աշխատել, իսկ մյուսը պարզապես այցելու է եղել և որևէ կերպ մասնակից չի եղել կռվին։ «Կռիվը սկսվել է կեսգիշերին, բայց սրճարան եկել ու կրակել են արդեն գիշերը՝ ժամը 2-ին։ Այդ ծեծվածը, որը ռուս է եղել, գնացել է իր բարեկամներին, ընկերներին ասել է, որոնք հավաքվել, եկել են ու սկսել են կրակել»,- պատմեց Ալեքսեյ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ սրճարանի տեսագրություններից երևում է, որ կրակ բացողը չի էլ տեսնում՝ ում վրա է կրակում, դեմքերը չի էլ տեսնում։ Պարզապես մեջքից կրակում է։ «Մինչ սրճարան մտնելը, տաքսիում նստած մի երիտասարդ գնչուի են սպանել, ապա մտել են ներս և մեջքից կրակել ու սպանել են։ Իսկ երրորդին, հավանաբար, ներսում են սպանել, քանի որ երրորդ մահը տեսանյութում չի երևում։ Նշեմ, որ վիճաբանությունից հետո ցիգանները դուրս էին եկել սրճարանից, գնացել։ Կրակոցների պահին սրճարանը պրակտիկորեն դատարկ էր։ Պարզապես մտել են, ում տեսել են՝ կրակել են»։
Սրճարանը հայերին չի պատկանել։ Սեփականատերը ռուս է։
Մանրամասն` այստեղ
armtimes.com — ն իր խմբագրականում գրում է.
Երեկ հերթական ողբերգական լուրը եկավ սահմանից: Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ «հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը»:
Հաղորդագրությունն այլ տեղեկություններ եւ մանրամասներ չէր պարունակում: Այստեղ չկար նաեւ որեւէ տեղեկություն վիրավորների մասին: «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը, սակայն պարզեց, որ նույն միջադեպի ժամանակ եւս երկու զինծառայող վիրավորվել է: Դա տեղի ունեցավ հետեւյալ կերպ: Զոհված զինծառայողը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից էր, եւ ահա Շորժայի գյուղապետին դեպքի մասին հարցեր տալով պարզվել է, որ գյուղում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վաչեն գնացել է վիրավոր ընկերոջը օգնելու եւ այդ ժամանակ է զոհվել: Գյուղապետը հայտնել է, որ իրենց տեղեկություններով ունեցել ենք մեկ զոհ երկու վիրավոր:
Սա տարօրինակ էր, որովհետեւ ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ վիրավորների մասին որեւէ խոսք չկար: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի բոլոր փորձերը՝ պաշտոնական հաստատում ստանալ երկու վիրավորների մասին, երկար ժամանակ ապարդյուն էին անցնում: Եւ միայն գյուղապետի խոսքերի հրապարակումից հետո ԱՆ ՊՆ-ն հաստատեց վիրավորների փաստը, իսկ արդեն օրվա ընթացքում ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց դեպքից: «Փաստ է միայն, որ զինծառայողը խոցվել է հակառակորդի դիպուկահարի կողմից, սակայն թե դա ինչպես է ստացվել, դեռևս պետք է պարզենք: Զինծառայողին օգնություն ցուցաբերելու համար մեկնած հրամանատարը վիրավորվել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ավտոմեքենան ևս հայտնվել է հակառակորդի կրակի տակ, և զինվորներից մեկը վիրավորում է ստացել: Վիրավորների վիճակը շատ թեթև է»,- ասել է Մովսես Հակոբյանը:
Այսինքն, եթե գյուղապետը պատահմամբ չհայտներ, որ բացի մեկ զոհից ունենք նաեւ երկու վիրավոր, հնարավոր է՝ այդ մասին այդպես էլ չիմանայինք: Ինչո՞ւ: Այս հարցին կարող են լինել բազում բազմաթիվ պատասխաններ: Սակայն ՊՆ-ի ոչ պաշտոնական բացատրությունն այն է, որ թեթեւ վիրավորում ստացած զինվորների մասին հատուկ հաղորդագրություն չի տարածվում: Համենայնդեպս, այսպես են բացատրում իրավիճակը ՊՆ պաշտոնյաները մասնավոր զրույցներում:
Սա կարող էր բավարարող բացատրություն լինել: Սակայն բոլոր հիմքերը կան կասկածելու, որ տվյալ բացատրությունն իրականության հետ կապ չունի: Իրականում սահմանային դեպքերը թաքցնելու հատուկ միտում է նկատվում, եւ սա սկսվել է դեռեւս այն պահից, երբ որոշում կայացվեց սահմանային վիճակի մասին տեղեկատվություն տրամադրել ոչ թե ամենօրյա ռեժիմով, այլ՝ շաբաթը մեկ անգամ:
Բանն այն է, որ երեկ «Հայկական ժամանակ»-ի լրագրողը բոլորովին այլ պատահականությամբ պարզեց, որ հունվարի 4-ին նույնպես պատահար է գրանցվել Արցախում: Մասնավորապես՝ Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել: Զինծառայողներից մեկը դեռեւս գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում. նրա աջ ոտքն անդամահատել են, վիճակն այժմ գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս զինծառայողին տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, անդամահատել են նրա ձախ ոտքը: Այս դեպքի մասին, սակայն նույնպես որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել: Այնինչ, երկու հոգու ոտքի անդամահատումով ավարտված դեպքը լավագույն ցանկության պարագայում անգամ հնարավոր չէ թեթեւ վիրավորում համարել: Այս դեպքի մասին հանրությունն այդպես էլ չէր իմանա, եթե «ՀԺ»-ի լրագրողները դուրս չգային ականապայթյունից վիրավորած զինվորների հետքի վրա:
Ինչո՞ւ է ՊՆ-ն որոշել թաքցնել սահմանային դեպքերը՝ այդ թվում ծանր վիրավորներին: Ո՞ւմ է խաբում, ինչո՞ւ է խաբում, ո՞ւմ աչքին է ուզում թոզ փչած լինել: Իմաստը ո՞րն է, ընդհանրապես: Եթե այս մարտավարության համար ինչ-որ գիգանտ բացատրություններ ունեն անգամ, դա չի կարող գոհացնել հանրությանը միայն այն պարզ պատճառով, որ այս գործելաոճով ՀՀ-ն եւ Արցախն ընդօրինակում են Ադրբեջանին, որտեղ բանակում կատարվածի մասին ոչ մի հավաստի պաշտոնական տեղեկատվություն գոյություն չունի:
Հայաստանի հանրությունը մինչ այժմ մեծամասամբ վստահել է պաշտոնական աղբյուրներին, եւ դրա շնորհիվ էր նաեւ, որ ապրիլյան պատերազմի օրերին ՊՆ-ին հաջողվեց տեղեկատվական դաշտում փայլուն առավելություն գրանցել: Դժվար է ասել, թե այդ ինչ նպատակ կարող է լինել, որն արդարացնի հանրության վստահությունը հետեւողականորեն կորցնելու այս քաղաքականությունը: Եթե այսպես շարունակվի, երկու պաշտպանական գերատեսչությունների խոսքը զոհերի, վիրավորների եւ դեպքերի ու հանգամանքների մասին գրոշի արժեք չի ունենա, եւ մարդիկ՝ հատկապես լրագրողները ստիպված կլինեն սեփական հետաքննություններն իրականացնել, պարզելու համար՝ արդյո՞ք այսինչ օրը սահմանում զոհ կամ վիրավոր ունեցել ենք, թե՞ ոչ:
Բանակի հրամանատարության չհաշվարկված ու անմարդկային հրամանները զինծառայողների կյանքեր են արժենում։ Այդպիսի դեպք է, օրինակ, անփորձ զինվորականներին ական տեղադրելու/վնասազերծելու ուղարկելը։ Միայն 2017-ի ընթացքում Զինված ուժերում գրանցվել են մեկ տասնյակի հասնող ականապայթյունային դեպքեր, որոնց հետևանքները մեծաթիվ զոհերն ու վիրավորներն են։
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպության փաստահավաք աշխատանքների արդյունքները ցույց են տալիս, որ Ադրբեջանի հետ սահմանում ականապատման աշխատանքներում հաճախ ներգրավվում են անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ չունեցող զինվորականններ։
Այսպես, 2017-ի մարտին Թալիշում ակնապայթյունային վիրավորում է ստացել լեյտենանտ Երվանդ Խաչատրյանը, մայիսի 4-ին Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորվել է Շիրազ Սահակյանը։ Եվս մեկ դեպք գրանցվել է հուլիսի 19-ին՝ վիրավորվել էր Արարատի զորամասի պայմանագրային զինծառայող Արթուր Զախարյանը։ Գրեթե մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 11-ին, Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում ականի պայթյունից վիրավորվեց շարքային զինծառայող Արթուր Դանիելյանը։
Իսկ արդեն աշնանը ականի պայթյուններն ունեցան մահվան ելք։ Սեպտեմբերի 1-ին Արցախի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի պահպանության տեղամասում ականի պայթյունից մահացավ 19-ամյա Հայկ Խաչատրյանը։
Նոյեմբերի 21-ին Արցախի Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասում ական տեղադրելիս մահացան միանգամից 3 զինծառայողներ՝ լեյտենանտ Գեղամ Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Աբրահամյանը և Սարգիս Մելիքյանը։ Ծանր վիրավորվեց շարքային զինծառայող Նարեկ Հովեյանը, որը կորցրեց մեկ աչքը։ Վերջինիս մոր՝ Սեդա Ղարիբյանի հաղորդմամբ՝ Նարեկ չի ունեցել սակրավորի մասնագիտացում, բայց ընդգրկվել է հատուկ հմտություն պահանջող աշխատանքում։
Այդ օրվա զոհերից սակրավոր Սարգիս Աբրահամյանի ընտանիքի համար դեռ գաղտնիք է, թե ինչպես և ում մեղքով է պայթել չարաբաստիկ ականը՝ դառնալով համընդհանուր ողբեգության պատճառ։ forrights.am-ի հետ զրույցում մահացած զինծառայողի մայրը՝ Սուսաննա Հարությունյանը նշում է․
«Եթե սպան փորձառու լիներ, ոչ իրա կյանքը կգնար, ոչ էլ մեր բալաների։ Սարգիսիս ասում եմ՝ բալա ջան, թող մենք լինենք վերջին որդեկորույս ծնողները, դու լինես վերջին մահացած զինվորը։ Մեղք են մեր մայրերն էլ, զինվորներն էլ․․։ Պահանջս ի՞նչ ա՝ խի՞ են երկու ամսվա ծառայող սպային ուղարկում մին տեղադրելու։ Համ ինքը գնաց, համ մեր երեխեքին տարավ»։
Ինչպես Սարգիս Աբրահամյանի, այնպես էլ շարքային մյուս զինծառայողների ընտանիքներին Պաշտպանության նախարարությունից որևէ մեկը չի այցելել ու դեպքի վերաբերյալ բացատրություն չի տվել։
Հայտնի է, որ ականի տեղադրմանը մասնակցած 22-ամյա սպա Գեղամ Զաքարյանը զորամասում ծառայության էր անցել մահվանից ընդամենը 2 ամիս 3 շաբաթ առաջ։ Փաստորեն՝ Արցախի բանակի հրամանատարությունը ականի տեղադրման էր ուղարկել անփորձ սպայի ու ևս 3 ժամկետային զինծառայողների, որոնցից մեկը՝ ոչ սակրավոր։
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպությանը հայտնի է դարձել մեկ այլ արտառոց պատմություն։ Ականի պայթյունից մահացել է մեկ, վիրավորվել հինգ զինծառայող։ Դեպքը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսի 2-ին՝ Արցախի Աղդամի զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական հենակետում։ Ապրիլյան պատերազմին ադրբեջանցիները գրավել էին այս դիրքն ու ականապատել։ Հայկական կողմին հաջողվել էր այն ազատագրել և այդտեղ կրկին մարտական հերթապահություն սահմանել։
Չիմանալով, որ տարածքն ականապատված է, զինծառայողները մեկը մյուսի հետևից վիրավորվում են, մահանում է 1996 թվականին մահացած Գևորգ Հարությունյանը։ Ականի պայթյունից ծանր վիրավորվել է նաև Դավիթ Ապրեսյանը, որը forrights.am-ին վերապատմում է ահասարսուռ տեսարանը․
«Առաջին մինայի վրա ես կանգնեցի, պայթեց, կոշիկս փրկեց, թե չէ ոտքս կորցնելու էի, ես ընկա, շունչս սկսեց կտրվել, սկսեցի օդ կրակել, ընկերս վազելով եկավ, ասեցի, որ ջուր բերի, խեղդվում էի: Գնաց ջուր բերի, վաշտի ֆելդշերը եկավ, ինձ ցավազրկող սրսկեց, հետո մյուս ընկերս եկավ վերևից՝ Գևորգը ու մինայի վրա տրաքեց: Ինքը տեղում մահացավ: Բատալյոնի ֆելդշերը գնում է Գևորգին օգնելու, նա էլ է տրաքում, հետո վաշտի հրամանատարն է գալիս օգնելու, նա էլ է տրաքում, երկու հոգու դեպքում էլ աչքերն էին վնասվել»։
Այս դեպքը Արցախի ՊԲ-ի ղեկավարության անփույթ և անպատասխանատու աշխատանքի մասին է վկայում։ Մասնավորապես՝ ադրբեջանցիներից դիրքը հետ գրավելուց հետո չի ստուգվել՝ արդյո՞ք մարտական հենակետում հերթապահության անցկացումն անվտանգ է․ դիրքում տեղադրված ականները ժամանակին չեն հայտնաբերվել ու չեն վնասազերծվել։ Հակառակ դեպքում՝ 1 զոհն ու 5 վիրավորները չէին լինի։
Նշենք, որ հարուցված քրեական գործի քննությամբ՝ դեպքի համար որևէ մեկը հրամանատարական կազմից պատասխանատու չէ։ Դեպքից 3 ամիս անց քրգործը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է։
Դավիթ Ապրեսյանը ապրիլյան պատերազմի մասնակից է, ոտքին 77 կար է դրված, նա երրորդ կարգի հաշմանդամ է։ Հայրը՝ Մելիք Ապրեսյանը նշում է, որ թեև դեպքից մեկ տարի է անցել, բայց Պաշտպանության նախարարությունից որեւէ մեկն այժմ չի հետաքրքրվում որդու առողջությամբ. «Ես էս պետությունից մի բան եմ ուզում, իմ էրեխեն նորմալ բուժվի: Հիմա ոտքը չի կարողանում գետնին դնել, չի կարողանում քայլել: Ես շատ վիրավորված եմ: Մի տարուց ավելին ա անցել դեպքից, էս ընթացքում որեւէ մեկը դուռս չի ծեծել, չի հարցրել` ոնց ա էրեխեն, ինչ վիճակում է: Ոչ մի աջակցություն չտեսա»: Դավիթի կրունկը ականի պայթյունից փշրվել է, և միայն վիրահատությունների միջոցով է վերականգնվել: Ոտքի թաթերը չեն աշխատում և հետագա լիարժեք բուժումը հարցականի տակ է։
Հատկանշական է, որ Արցախի Պաշտպանության բանակը թաքցրել է ականի պայթյունից 5 վիրավորի փաստը՝ պաշտոնական հաղորդագրությունում հայտնելով միայն 1 զինծառայողի մահվան լուրը։
Ականի պայթյունների դեպքերով Բանակի ղեկավարությունը թեև ներքին հետաքննություն է անցկացնում, բայց այդպես էլ պատասխանատուներ կամ մեղավորներ ի հայտ չեն գալիս։ Սա այն դեպքում, երբ հայտնի է, թե զորամասի ո՞ր պաշտոնյան է հրամայել անփորձ և չպատրաստված զինծառայողներին գնալ ական տեղադրելու։
Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը գիտի, թե ում ուղղությամբ է պետք ուղղել մեղադրանքի սլաքները․ «Հրամատարից սկսած մինչև նախարար պետք է պատժվեն, պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն: Ընդ որում, պատիժը պետք է հասնի մինչև Ղարաբաղի ինժեներական զորքերի հրամանատար»։
Եթե հակառակորդի կամ համածառայակցի կրակոցից զինծառայողի մահանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն պատասխանատվության բեռը հեշտորեն գցում են իրենց ուսերից, ապա ականի մահացու պայթյունների պարագայում այդ կառույցները ուղղակի մասնակիցն ու հրահանգ իջեցնողներն են։ Այժմ սահմանին ռազմական գործողությունների ակտիվ շրջան չէ, և Պաշտպանության նախկին փոխնախարարի խոսքով՝ անթույլատրելի է Բանակում անփութության, ոչ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում այսպիսի կորուստներ ունենալը․
«Եթե ամեն մի ական դնելու, ականազերծման ժամանակ մենք զոհ ունենանք՝ վաղը բանակ չենք ունենա: Հատուկ պատրաստվածություն չունեցող զինվորներին նման հրաման տալը չի արդարացվում ոչ մի դեպքում»,- ասում է Անդրանիկ Քոչարյանը։
Պաշտպանության նախկին փոխնախարարի խոսքով՝ Զինված ուժերի հրամանատարությունը չի փորձում ականի պայթյունների ու դժբախտ պատահարների դեմն առնել․
«Որպես նախարար՝ Վիգեն Սարգսյանը սրա մասին պետք է մտածի: Լուծումներն ինչպե՞ս է նա տեսնում՝ 1000 դրամներո՞վ, տարկետման իրավունքի կրճատմա՞մբ, թե՞ բանակում խիստ կարգուկանոն հաստատելով, մասնագիտական հմտություններով կադրերի պատրաստմամբ»,- Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ բանակում ունենք պրոֆեսիոնալ և բարձր որակավորում ունեցող կադրերի դեֆիցիտ։ Սա նշանակում է՝ Զինված ուժերի ղեկավարությունը չի պատկերացնում, թե բանակի արդիականացման ինչ ծրագրով է պետք առաջ շարժվել։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաշվարկներով՝ 2014 թվականից սկսած բանակում գրանցվող մահացության ընդհանուր թվում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացություննեերի թիվը կազմում է 50-55%, մյուս կեսը կազմում են կանոնադրական հարբերությունների խախտման հետևանքով դեպքերը՝ ինքանասպանություններ, սպանություններ, դժբախտ պատահարներ և այլն:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը որևէ գաղափարական կամ բարոյական պատասխանատվության զգացում չունի: Բանակում չծառայած նախարարը չի էլ պատկերացնում, որ իր ղեկավարած գերատեսչության ամեն գործողություն կամ անգործությունը մարդկային կյանքի հետ է առնչվում․
«Իր խոսքերում ես չեմ լսել զինվորի առջև պատասխանատվության, զինվորի, սպայի կյանքի պատասխանատվության վերաբերյալ գոնե մեկ արտահայտություն»:
Բանակում զոհերի թիվը կկրճատվի, եթե փոխվի ղեկավարության վերաբերմունքը մարդու նկատմամբ։ Մինչդեռ այսօր նախարարից սկսած՝ մարդիկ դիտարկվում են անագե զինվորներ՝ թվաքանակ։ Այդ պատճառով էլ բանակում զոհվածների գրեթե կեսը կյանքից զրկվել են խաղաղ պայմաններում, և ո՛չ հակառակորդի գնդակից։
«Անփորձ զինվորին ականի տեղադրման տանելը վկայում է զինվորի՝ որպես մարդու, և զինվորական ծառայության նկատմամբ անպատասխանատվության մասին, որի անմիջական հետևանքները, ցավոք սրտի, կրում են հենց զինվորները»,- իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատի ունի ականի պայթյուններից վիրավորումների և մահացությունների մեծ թիվը։
Նրա խոսքով՝ Զինված ուժերի ներկա ղեկավարությունը չի փորձում քաղհասարակության հետ աշխատանքով բանակում առկա խնդիրներին հիմնավոր լուծումներ տալ։ ՊՆ-ն այլ ճանապարհով է գնում՝ երկարացնում է ծառայության ժամկետը, գործարք առաջարկում մահացած կամ վիրավորված զինծառայողի ընտանիքին՝ մահացար՝ կստանաս փոխհատուցում սկզբունքով։
«Սա ակնհայտ անմարդային վերաբերմունք է: Արմատապես պետք է փոխվի վերաբերմունքը։ Եթե անգամ զինվորական ծառայությունը դրվի պայմանագրային սկզբունքների վրա, ապա հիմքում պետք է չլինի առևտրային կամ բիզնես հոգեբանությունը»,- ասում է Արթուր Սաքունցը։ Իրավապաշտպանը վստահ է, որ Հայաստանում զինվորական ծառայության կազմակերպման մոտեցումների, պաշտպանության ապահովման հիմքում ընկած է բացարձակապես «հոշոտման» հոգեբանությունը։ Այսինքն՝ զինվորի մահը կամ առողջական խնդիրը նույնն է, ինչ օրինակ՝ ավտոմեքենայի շարքից դուրս գալը, կամ վերանորոգելը:
Քանի դեռ զինվորին վերաբերվում են ինչպես մեխանիկական օբյեկտի, բանակում անմեղ զոհերը շարունակվելու են․․․
2016թ. ապրիլյան պատերազմից հետո մեկնարկած «Հայոց հզոր բանակ» ծրագիրն առաջիկայում կամփոփի 10-րդ հոբելյանական փուլը։ Նախորդ 9 փուլերի ընթացքում ծրագրի նախաձեռնող Կարեն Հովհաննիսյանը սոցիալական ցանցերի օգտատերերի նվիրատվությունների շնորհիվ մարտական դիրքերին հատկացրել է մեծ թվով ռադիոկապեր, պլանշետներ, մարտկոցներ, նյութատեխնիկական սարքավորումներ, հատուկ նշանակության հեռադիտակներ, պարագաներ, որոնք ուղղված են դիրքապահ զինվորի առողջության և անվտանգության պայմանների էլ ավելի բարելավմանը։
Ինչպես նշում է «Հայոց հզոր բանակ» նախաձեռնության հեղինակ Կարեն Հովհաննիսյանը, տասը փուլերի ընթացքում բարերարների թիվն աստիճանաբար ավելացել է՝ այս պահին հասնելով 210-ի: Նվիրատվություններ կատարում են գրեթե բոլոր երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Գերմանիա, Բելգիա, Ֆրանիսա, Ավստրալիա, Մեքսիկա, Հունաստան, Ուկրաինա, Ջավախք, Հայաստան և այլն:
«Ձեռք բերվող նյութատեխնիկական միջոցների ցանկը համաձայնեցվում է սահմանային զորամասերի հրամանատարության հետ: Ծրագիրն ինքնանպատակ չէ, ուստի երկար քննարկում ենք, թե ինչն է առաջնային, որն է ավելի կարևոր»,- ասում է Կարեն Հովհաննիսյանը։ Նա նաև նկատում է, որ ապրիլյան պատերազմից հետո մեր դիրքերը դարձել են ավելի անվտանգ առաջին հերթին շնորհիվ բարձր տեխնոլոգիաների, տեսանկարահանող սարքերի և այլն: Իրականում դրանք ավելի են բարձրացրել դիրքապահ զինվորի անվտանգությունը, մեր սահմաններն ավելի են ամրապնդել, սակայն, ըստ նախաձեռնության հեղինակի, չպետք է սահմանափակվել միայն եղածով, այդ գործընթացն անընդհատ պետք է շարունակական լինի։
2017-ի վերջին օրերին Կարեն Հովհաննիսյանը «Հայոց հզոր բանակ» ծրագրի շրջանակներում Արցախի մարտական դիրքերում էր, որտեղ, ըստ նրա, ինչպես միշտ, մթնոլորտն «աշխատանքային» է։ Ամանորի օրերին տղաներն ավելի ուժեղացված են իրականացնում հերթապահությունն իրենց վստահված մարտական դիրքերում:
Ի դեպ, 2017թ. Կարեն Հովհաննիսյանը Հայրենիքին մատուցած ծառայությունների և Արցախի պաշտպանության բանակի հետ սերտ համագործակցության համար ի նշան երախտագիտության Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյանի կողմից պարգևատրվել է սպայական դաշույնով։
«Հայոց հզոր բանակ» նախաձեռնություն
«ԱՄՆ-ը սիրում է «դա անել» Ամանորի շեմին: Նոր տարվա մի այդպիսի հիշարժան օր էլ նա կախեց Սադամին: Կկարողանա՞ ԱՄՆ-ը Իրանի «փորոտիքը» խառնել այնպես, որ այնտեղ ևս տեղի ունենա «գունավոր հեղափոխություն», մանավանդ որ Սաուդյան Արաբիայից, Իսրայելից և բուն ԱՄՆ-ից «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգներն ու քրմերն արդեն իսկ Իրանում են` իրականացնելու ԱՄՆ-ի օրերս հրապարակված անվտանգության դոկտրինի սակրալ նպատակը` Իրանն Իրաք-Եգիպտոս-Լիբիա սցենարով «զարգացնելը», այն է` ֆունդամենտալ այդ երկիրը ներսից պայթեցնելը: Մանավանդ որ Իրանը «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծի բուն առանցքն է. «կունենաս» Իրանը` կունենաս ողջ Մերձավոր Արևելքը:
Մենք այսօր կանգ չենք առնի Իրանում տեղի ունեցող այդչափ բարդ գործընթացների վրա, ասելու, որ նույն Ռոհանիին ինչ-որ առումով նաև ձեռնտու են այս «ցնցումները». նա կարող է դրանք օգտագործել իր բարեփոխական ծրագրերն առաջ մղելու` երկիրը սոցիալական կոլապս-կոռուպցիայից փրկելու համար, չենք անդրադառնալու էքսցենտրիկ, իր ժամանակին ԱՄՆ-ին մարտահրավեր նետած, Հոմեյնիին երկրորդած («ԱՄՆ-ը սատանայական երկիր է») Ահմադինեժադի «ձերբակալության» չհաստատված լուրին, չենք խոսելու Իսրայելի` մնացյալ երկրների «արաբական գարունների» ժամանակ «տապ արած» կեցվածքի, իսկ Իրանի դեպքում` «ռմբակոծիչ» ակտիվության մասին, ինչպես նաև չենք անդրադառնալու Իրանի` վաբանկ գնալու և Երուսաղեմը Պաղեստինի հավերժական մայրաքաղաք հռչակելու դեմարշին:
Անդրադառնում ենք Հայաստանի վրա այդ զարգացումների անդրադարձումներին:
ա) Արտքաղաքական մասով. ասել, ինչ է եղել Իրանը ղարաբաղյան պատերազմի, հետպատերազմական շրջանի, ԵԱՀԿ ՄԽ-ի «պտիչկաների», սպասվող խաղաղապահության մասով, նշանակում է` ոչինչ չասել: Ֆիքսենք լոկ. Իրանի մոտեցումները հիմնականում հայանպաստ են եղել. Իրանը կառուցողական, բալանսավորված «ուս» է եղել Հայաստանի, տարածաշրջանի համար այդ առումով:
բ) Եթե, Աստված մի արասցե, Իրանում իրականացվեն իրաքյան, ուկրաինական սցենարներ, ապա Ադրբեջանը նույնպես խիստ կակտիվանա: Ընդ որում, ասում են, արդեն իսկ գունավոր հեղափոխությունների «մետրերը» տեղակայվել և աշխատում են հենց Ադրբեջանից: Խնդիրն այս դեպքում ընդհանրապես նուրբ է, որովհետև այդ տեխնոլոգները կարող են Իրանը պայթեցնել հենց «ադրբեջանական գործոնով»` Իրանի հյուսիսի ադրբեջանական հատվածը «միացնելով» Ադրբեջանին: Իսկ այդ ժամանակ արդեն զարգացումներն Արցախում անխուսափելի, նաև խիստ անկանխատեսելի կլինեն:
գ)Ի դեպ, կարելի է փոքր-ինչ ոտքը կախ գցել նաև Լարսի «շուրջ» սպասվելիք ֆորս մաժորի առումով: Կարո՞ղ ենք այդտեղ ևս իրանական «հետք» տեսնել. ԵՄ հանրությունը, փաստորեն, գիտեր Իրանում հնարավոր զարգացումների մասին և ֆորս մաժորի սցենար էր մշակել` Հայաստանի շրջափակումն ինչ-որ կերպ ճեղքելու համար` վրացական յուր «սանիկներին» հրահանգելով` կվիրիկաշվիլիատիպ հայտարարություն անել:
դ) Եվ վերջապես` ներքաղաքական առումով. բացի նրանից, որ ոչ ցանկալի զարգացումների դեպքում Հայաստանը կլցվի իրանցի փախստականներով (ոչ միայն հայ), ինչպես Սիրիայի դեպքում, այնպես էլ իրանյան «պայթյունը» կունենա ներքաղաքական անմիջական պրոյեկտում հայոց մեջ:
Չմոռանանք` «Սասնա ծռերը» «խիստ ին սիրում» իրանական ուղղությունը: Ապա և` երկիրը գտնվում է ոչ միայն ապրիլի, նախագահ-վարչապետ ընտրելու շեմին, այլև սահմանադրական կարգը վերջնականապես կյանքի կոչելու տրանսֆորմացիայի լրջագույն փուլում, երբ որոշվելու են ոչ միայն ուժային կարևորագույն կառույցների` ոստիկանության ու ԱԱԾ-ի հետագա ճակատագրերը, այլև ովքեր են լինելու այդ կարևորագույն կառույցների գլխին և` ում ղեկավարությամբ:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն էլ իր հերթին «մի բան գիտեր», որ անվերջ կրկնում էր. «Դեռ չգիտեմ։ Դեռ տեսնենք»:
Ոնց կասես` տեսնենք»:
«Իրատես»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Փետրվարից կառավարման խորհրդարանական համակարգի անցնող Հայաստանի Ազգային ժողովն ապրիլի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետ է ընտրելու: Առաջին հայացքից պարզ թվացող այս գործընթացում հետաքրքիր ինտրիգներ կան թաքնված, որոնք կարող են բերել զարմանալի հանգուցալուծման:
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխի պահանջների համաձայն՝ ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, որից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների ձայների կեսից ավելին: Եթե ստացվի այնպես, որ որեւէ թեկնածուի չհաջողվի ստանալ ձայների կեսից ավելին, ապա առաջին ընտրության 7-րդ օրը լրանալուց հետո տեղի կունենա նոր ընտրություն՝ նոր թեկնածուներով: Այս պարագայում վարչապետի թեկնածու առաջադրելու են պատգամավորների 1/3-ը: Այս փուլում էլ, եթե չընտրվի վարչապետ, ապա Սահմանադրության 6-րդ գլխի 149 հոդվածի 3-րդ մասի համաձայն, 7 օրվա ընթացքում Հայաստանի Ազգային ժողովը պետք է լուծարվի: Ասել է թե, սա քաղաքական ճգնաժամի հետեւանք կլինի, ինչը կնշանակի, որ Հայաստանի խորհրդարանում քաղաքական ուժերի եւ հատկապես մեծամասնության ներսում հակասություն կա:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը պատասխանելով «Հայկական ժամանակի»-ի այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ քաղաքական ուժերի եւ հատկապես ՀՀԿ-ականների ներքին տարաձայնությունների պատճառով Ազգային ժողովը լուծարվի, մեկնաբանեց.
«Չեմ կարծում, որ կարող է քաղաքական ճգնաժամ առաջանալ այն դեպքում, երբ մեկ քաղաքական թիմ ունի 58 պատգամավոր եւ գումարած նաեւ 7 պատգամավոր, որպես քաղաքական գործընկերներ: Սրանով հարցը կարգավորվում է եւ չկա ճգնաժամի իրատեսություն: Բացի այս էլ, դեռ չգիտենք մյուս քաղաքական ուժերի դիրքորոշման մասին: Այն պարզ կլինի թեկնածուների առաջադրումից հետո: Եթե այլ համախոհներ էլ չլինեն, ապա 65 ձայնը հստակ է, իսկ այս քաղաքական թիմի ներսում չկա հակասության միտում, հետեւաբար ճգնաժամ չի կարող առաջանալ»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց Մախմուդյանը:
Ծառուկյան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն այս մասին մեկնաբանությունները վաղ համարեց, թեեւ նա եւս շեշտեց ՀՀԿ-ի մեծամասնություն լինելը: ԵԼՔ խմբակցությունում եւս չեն կարծում, որ ՀՀԿ-ականների միջեւ տարաձայնություններ կսկսվեն, որն էլ կհանգեցնի ճգնաժամի:
«Անհնար է նման բան լինի: Հանրապետականն ունի բացարձակ մեծամասնություն: Դեռեւս նման բանի ականատես չենք եղել, որ հանրապետականների միջեւ պառակտում լինի»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը:
Եթե բանը հասնի քաղաքական ճգնաժամի եւ վարչապետ չընտրվի, իսկ ԱԺ-ն հրաժարական տա, ապա վարչապետի պաշտոնում կշարունակի ղեկավարել գործող վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով խոհրդարանում քաղաքական ուժերի բաշխվածությունը, իհարկե, ՀՀԿ-ն մեծամասնություն է եւ առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ միայնակ էլ հարցը կկարգավորի: Թեեւ հիշենք, որ վերջին շրջանում ՀՅԴ-ն բավական դրական կարծիք էր հայտնում 2018-ի վարչապետի ՀՀԿ-ի հավանական թեկնածուներից մեկի՝ Կարեն Կարապետյանի մասին:
Ստացվում է, որ ինչ-որ տեղ, գուցե շատ չնչին հավանականությամբ, բայց վտանգված է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հեռանկարը: Այսինքն, եթե ՀՀԿ-ի ներսում միմյանց հասկանալու խնդիր առաջանա, ապա Սերժ Սարգսյանի երկարամյա ծրագիրը տապալված կհամարվի: Այս առիթով, թերեւս նա ԱԺ-ի ՀՀԿ-ականներին լավ աչքով նայելու առիթը չպետք է բաց թողնի՝ հաշվի առնելով վարչապետ Կարապետյանի այն հայտարարությունը, թե նա պատրաստ է 2018-ից հետո էլ շարունակել աշխատել որպես վարչապետ: Միաժամանակ պարզ չէ, թե Կարապետյանը ցանկություն եւ հնարավորություններ ունի՞ ՀՀԿ-ի ներսում կռիվ գցելու, թե՞ ոչ»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.