23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայկական ժամանակ»-ը նախօրեին գրել էր, որ Հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանիպաշտոնանկության հարցը:
Նույն օրը երեկոյան Երեւանի ծայրամասային ռեստորաններից մեկում գեներալական «սխոդկա» է տեղի ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ հանդիպմանը ներկա է եղել անգամ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Արա Նազարյանը եւ որոշակի ազդեցություն ունեցող այլ անձինք:
Ինչպես հայտնում են իրազեկ աղբյուրները, գեներալիտետը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի եւ այս օրերին արդեն ակտիվ քննարկումներ են սկսվել՝ սույն շրջանակների համակրանքը վայելող թեկնածուին պաշտպանության նախարարի պոստ տեղափոխելու ուղղությամբ: Խոսքը Արտակարգ իրավիճակների գործող նախարար Դավիթ Տոնոյանի մասին է: Վերջինս, հիշեցնենք, մինչ ԱԻՆ տեղափոխվելը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք, ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան, զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ, 2004-2007թթ.-ին եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը:
Մեզ հայտնի դարձավ, որ գեներալիտետի նախաձեռնած հանդիպումները շարունակական են լինելու եւ մինչ ապրիլի 9-ը, երբ կավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, վերջինիս կներկայացվի, թե ինչպիսի լայն շրջանակ է Դավիթ Տոնոյանին ապագա կառավարությունում տեսնում որպես ՀՀ պաշտպանության նախարար: Զինվորական բարձրագույն շրջանակներում համարում են, որ այս պոստում Հայաստանին լուրջ ստրատեգ է պետք: Ի դեպ, այստեղ ի սկզբանե դեմ են եղել Վիգեն Սարգսյանին ՊՆ տեղափոխելու որոշմանը:
Մեր տեղեկություններով, սույն շրջանակները արտակարգ իրավիճակների նախարարի պոստում էլ դիտարկում են ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանի թեկնածությունը: Վերջինս եւս նախկինում զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պոստը եւ ԱԻՆ է տեղափոխվել Դավիթ Տոնոյանի հետ գրեթե միաժամանակ:
«ՀԺ»-ն նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանը նեղ շրջանակում իր դժգոհությունն է հայտնել ՀՀ պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանից՝ նեղսրտելով, թե Վիգենն իրեն չարդարացրեց այդ պոստում, իսկ իշխանական բուրգում խոսվում է, որ որպես ՀՀ պաշտպանության նախարարի հաջորդ թեկնածու այդ շրջանակների համար դիտարկվում է ՊՆ առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Վիգեն Սարգսյանին էլ նախարարի կարգավիճակով արտաքին գործերի նախարարություն տեղափոխելուց բացի քննարկվում է նրան Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու հնարավորությունը եւս:
Կալիֆորնիայում երեքշաբթի օրվա առատ տեղումներից առաջ եկած սողանքներն ավերել են Մոնթեսիթոյի հարյուրավոր տներ եւ բնակիչներին զրկել տները լքելու հնարավորությունից: Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:
Չորեքշաբթի օրը Կալիֆորնիայի փրկարարները, հաղթահարելով ցեխի հաստ շերտի պատնեշը, դուրս են բերել արտաքին աշխարհի հետ կապից զրկված մոտ 100 տան բնակիչների: Անցած ամիս Մոնթեսիթոյի անտառներում աննախադեպ հրդեհների հետեւանքով բազմաթիվ ծառեր էին այրվել, ինչի արդյունքում անձրեւներից փափկած հողը պահող ոչինչ չի եղել եւ այն սահել է դեպի բնակելի տարածք՝ անցնելով տների միջով կամ ամբողջովին ծածկել դրանք:
Տեղի իշխանությունները մարդկանց կարգադրել էին էվակուացնել տարածքը, սակայն նրանց ընդհամենը 15 տոկոսն է հեռացել:
Մոնթեսիթոյի բնակիչ Քարոլին Բեննեթը ասում է. «Երբ կարգադրեցին լքել տարածքը, մտածեցի պարզապես անձրեւ է տեղալու: Սակայն նման բան երբեւէ չէի տեսել»:
Սանտա Բարբարայի համայնքում են ապրում բազմաթիվ ազդեցիկ եւ հայտնի անձինք: Ինչպես օրինակ Օփրա Ուինֆրին, ում տունը նույնպես տուժել է սողանքների հետեւանքով:
Ինչպես նա է պատմում. «Այստեղ ցանկապատ կար: Իսկ հարեւանիս տունը քանդվել է»:
Մոտ 8000 հեկտար տարածություն փակ է երթեւեկության համար, որտեղ դեռ հարյուրավոր մարդիկ չեն կարողանում հեռանալ իրենց տներից: Առաջինն օգնության հասած ավելի քան 500 կամավոր շարունակում են որոնողական աշխատանքները՝ կենտրոնանալով այն տարածքների վրա որտեղ ամենից շատ են անհայտ կորած անձինք:
Ի պատասխան վերջին օրերին սեղմված բնական գազի, դիզելային վառելանյութի և բենզինի գնային բարձրացումների վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանում է.
ՀՀ հարկային օրենսգրքով, որը ուժի մեջ է մտել 2018 թվականի հուվարի 1-ից, սահմանվել է դիզելային վառելանյութի ակցիզային հարկի նվազեցում՝ մասնավորապես նախկին օրենսդրությամբ 1 տոննա դիզելային վառելանյութի համար վճարվում էր 10% ակցիզային հարկ, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 35 000 դրամ, իսկ գործող նոր օրենսդրությամբ 1 տոննա դիզելային վառելանյութի համար սահմանված է 13 000 դրամ ակցիզային հարկ՝ հետևաբար 1 տոննա դիզելային վառելանյութի համար ակցիզային հարկի գումարը նվազել է առնվազն 22 000 դրամով: Սակայն, դիզելային վառելանյութի 1 տոննայի համար ակցիզային հարկի 22 000 դրամով նվազեցումը չի ենթադրում, որ 1 լիտր դիզելային վառելանյութի վաճառքի գինը կնվազի 22 դրամով, քանի որ որոշ տնտեսագետներ և վերլուծաբաններ հաշվի չեն առել բենզինի և դիզելային վառելանյութի խտության գործակիցը: Այսպես. դիզելային վառելանյութի և բենզինի ձեռքբերումները, փոխադրումը, հարկերի հաշվարկը իրականացվում է տոննայով, իսկ մանրածախ շուկայում այն վաճառվում է լիտրով՝ հետևաբար ճշգրիտ հաշվարկներ իրականացնելու համար անհրաժեշտ է տոննայից կամ կիլոգրամից անցում կատարել լիտրի: 1 տոննա բենզինը համարժեք է 1320-1335 լիտրի, 1 տոննա դիզելային վառելանյութը համարժեք է 1195-1210 լիտրի: Հետևաբար, 1 լիտր դիզելային վառելանյութի մասով ակցիզային հարկի նվազեցումը 22 դրամի փոխարեն կազմում է շուրջ 18 դրամ (22 000/1 200):
Մյուս կողմից անհրաժեշտ է հաշվի առնել այն խիստ կարևոր փաստը, որ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը դիզելային վառելանյութի ներմուծումը և իրացումը ԱԱՀ-ով չի հարկվել, իսկ դրանից հետո, ՀՀ նոր հարկային օրենսգրքով սահմանված փոփոխություններով պայմանավորված, դիզելի ներմուծումը և իրացումը հարկվում է ԱԱՀ-ով: Եթե այս ապրանքատեսակի վաճառքի նախկին գինը կազմում էր 380-390 դրամ, որից 18 դրամի չափով նվազեցվում է ակցիզային հարկը՝ այսինքն կազմում է մոտ 372 դրամ (390-18), ապա ձևավորված նոր գնին նաև պետք է ավելացնել ԱԱՀ՝ 20%-ի չափով, որի արդյունքում կստացվի մոտ 446 դրամ (372+20%):
Հանձնաժողովի կողմից մշտապես կատարվող ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ բացի վերոնշյալ գործոններից, դիզելային վառելանյութի և բենզինի գնագոյացման վրա ազդում են նաև արտարժույթի փոխարժեքի տատանումները, ձեռքբերման գների և տեղափոխման գների փոփոխությունները: Հանձնաժողովի կողմից բենզինի և դիզելային վառելանյութի շուկաներում իրականացված ուսումնասիրություններով ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների միջև հակամրցակցային համաձայնության դեպքեր չեն բացահայտվել:
Բենզինի և դիզելային վառելանյութի շուկայում ներկայումս գործունեություն են իրականացնում «Ֆլեշ» ՍՊԸ, «Սի ՓԻ ԷՍ Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ և «Մաքս Պետրոլ» ՓԲ ընկերությունները: Նշյալ ընկերությունները բենզինի և դիզելային վառելանյութի ձեռք են բերում ՌԴ-ից, (հիմնականում «Ռոսնեֆտ» և «Լուկօիլ» ընկերություններից), Բուլղարիայից և Թուրքմենստանից, այսինքն ներկրման երկրների աշխարհագրությունը հիմնականում նույնն է:
Երևան քաղաքում գործող բենզալցակայանների մեծ մասը պատկանում է «Ֆլեշ» և «Սի Փի Էս» ընկերություններին՝ հետևաբար նույն երկրից, նույն մատակարարներից և մոտավորապես համադրելի ծախսեր իրականացնող ընկերությունների բենզալցակայաններում հեղուկ վառելիքի սակագինը թանկանում է համադրելի ժամանակահատվածներում: Մյուս կողմից մայրաքաղաքում գործունեություն իրականացնող այլ բենզալցակայանները բենզինը և դիզելային վառելանյութը ձեռք են բերում հիմնականում վերոնշյալ երկու ընկերություններից և գործում են տվյալ ընկերությունների առևտրային նշանի ներքո: Հարկ է նաև նշել, որ մայրաքաղաքում առկա են որոշ բենզալցակայաններ, որոնք բենզինը և դիզելային վառելիքը գերիշխող ընկերությունների կողմից իրացվող գնից ավելի թանկ կամ ավելի էժան գնով են վաճառք իրականացնում: Մարզերում պատկերը այլ է. որոշ մարզերում գները համապատասխանում են Երևան քաղաքի գներին, որոշ մարզերում էլ գինը թանկ է՝ հաշվի առնելով առաքման ծախսերը: Հետևաբար այն պնդումը, որ բոլոր բենզալցակայաններում բենզինի և դիզելային վառելանյութի վաճառքի գները նույնն են և այստեղ հակամրցակցային համաձայնության տարրեր կան, հիմնավորված չեն և չեն համապատասխանում իրականությանը:
ՀՀ ՏՄՊՊՀ
Դատելով Ճվճվ Արոյի որդիների հետ տեղի ունեցածից և դրան հաջորդած զարգացումներից՝ միջգերատեսչական բախում է տեղի ունենում: Ճանապարհային ոստիկանների ողբերգական մահը ջրի երես է դուրս բերել ոստիկանության ու Քննչական կոմիտեի միջև առկա լարվածությունը: Ի դեպ, սա առաջին դեպքն է, որ երկու ուժային կառույց հրապարակային լեզվակռվի մեջ են մտնում: Դա նշանակում է, որ իրականում, կոպիտ ասած, «փորթափոցի» է սկսվել, ինչը իշխանական համակարգի փտածության դրսևորումներից է:
Ինչպես հայտնի է, ոստիկանությունը լուր էր տարածել, ըստ որի՝ Ճվճվ Արոյի որդու ամենաթողության մեջ Քննչական կոմիտեն է մեղավոր, քանզի այդ կառույցն, ըստ ոստիկանության, միշտ ստորագրությամբ բաց է թողել հանցագործին: Քննչական կոմիտեն էլ իր հերթին պատասխանել է ոստիկանությանը՝ վերջինիս մեղադրելով ապատեղեկատվության տարածման մեջ: Ստորև Ձեզ ենք ներկայացնում ՀՔԿ-ի տարածած մամլո հաղորդագրությունը:
. . .
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով Սերժ Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերին, տարածում են ոչ ճիշտ տեղեկություններ՝ հանրության մոտ ձևավորելով թյուր կարծիք, թե իբր որոշ քրեական գործերով քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից չի ապահովվել օբյեկտիվ քննությունը։
Հարկ ենք համարում արձանագրել, որ այսօրինակ «լուրերը» չեն համապատասխանում իրականությանը և ակնհայտորեն փորձ է արվում ստվերել ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերով քննիչների ձեռնարկած քայլերը։
ՀՀ քննչական կոմիտեն ձևավորվել և որպես ինքնուրույն, անկախ քննչական մարմին սկսել է գործել 2014 թվականի հոկտեմբերից և իր վարույթում քննվող քրեական գործերով հետամուտ է եղել և լինում իր լիազորությունների շրջանակներում ապահովել բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության իրականացումը։
Ի պատասխան բազմաթիվ լրագրողների կողմից ստացված հարցումների և կարևորելով քաղաքացիների՝ ստուգված և ճիշտ տեղեկություն ստանալու իրավունքը՝ կից ներկայացնում ենք որոշ փաստական տվյալներ՝ 2017 թվականի սեպտեմբերին և նոյեմբերին գրանցված միջադեպերի առթիվ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանման վարույթում քննված քրեական գործերի քննության ընթացքի մասին։
Այսպես՝ 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում ստացվել է սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած կողոպուտի դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հոկտեմբերի 5-ին հարուցված քրեական գործը։ Քննիչն անմիջապես քրեական գործն ընդունել է վարույթ և ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 03-ի սահմաններում, Երևան քաղաքի Հր.Քոչարի փողոցի կամրջի հարևանությամբ կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Սերժ Վարդանյանը բացահայտ կերպով պոկելու եղանակով հափշտակել է իր ծանոթի պարանոցի՝ զգալի չափերի արժողության ոսկյա վզնոցը, ապա՝ նրա հետ միասին գնացել գրավատուն: Քաղաքացու հայտարարության համաձայն՝ Ս.Վարդանյանը խոստացել էր վերադարձնել վզնոցը, սակայն չի վերադարձրել, ուստի՝ դեպքից օրեր անց դիմել է իրավապահներին։ Երիտասարդը ճանաչվել է տուժող, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաապրանքագիտական, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, դեպքին ականատես հնարավոր վկաներին հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ։
2017 թվականի դեկտեմբերին ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում ստացվել է «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում 2017 թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում դեկտեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։
Ըստ քրեական գործի տվյալների՝ 2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:30-ից մինչև ժամը 23:00-ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ երիտասարդներ Ն.Զարյան 24 հասցեում գտնվող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիր առանձնասենյակներից մեկում, իրենց անձի թվացյալ առավելությունը ի ցույց դնելու մղումով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5-10 րոպե վիճաբանել են հայհոյանքներ տալու համար իրենց դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցողի հետ, ապա՝ միջանցքում բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ։
Արաբկիրի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել է խուլիգանությանը մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ դրան անմիջական մասնակցություն է ունեցել նաև Սերժ Վարդանյանը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Հարցաքննության ներկայանալու համար Սերժ Վարդանյանին ծանուցագիր է ուղարկվել, սակայն վերջինս չի ներկայացել, չեն կատարվել նաև նրան բերման ենթարկելու մասին որոշումները։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ պարզաբանում ենք, որ խուլիգանության դրվագով Ս.Վարդանյանին ծանուցագիր է ուղարկվել դեկտեմբերի 21-ին՝ որպես կասկածյալ հարցաքննության ներկայանալու վերաբերյալ, ապա 2 անգամ՝ դեկտեմբերի 25-ին և դեկտեմբերի 27-ին, որոշումներ են կայացվել նրան բերման ենթարկելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, սակայն նա վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացվել։ Միաժամանակ նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով 2017 թվականի դեկտեմբերի 23-ին որոշում է կայացվել կողոպուտի և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել մեկ վարույթում, և 2017 թվականի դեկտեմբերի 27-ից քրեական գործով նախաքննությունը շարունակվել է Երևանի քննչական վարչության վարույթում։
Սերժ Վարդանյանին բերման ենթարկելու մասին որոշումներին ի պատասխան՝ երկու դեպքում էլ նախաքննական մարմինը ոստիկանության ստորաբաժանումներից գրավոր պատասխան է ստացել առ այն, որ Սերժ Վարդանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն։ 2017 թվականի դեկտեմբերի 27-ի բերման ենթարկելու որոշման պատասխանը Երևան քաղաքի քննչական վարչությունն ստացել է 2018 թվականի հունվարի 8-ին, որով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության գնդապետը հայտնել է, որ Ս.Վարդանյանին բերման ենթարկելու նպատակով այցելություններ են կատարվել նրա բնակության և հաշվառման հասցեները, սակայն նա բացակայել է, և նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։
Ոստիկանության պատասխանն ստանալուց հետո նույն օրը՝ 2018 թվականի հունվարի 8-ին, քննիչը որոշում է կայացրել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու համար: Դատարանը հունվարի 9-ին միջնորդությունը բավարարել է, հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է, և իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Անընդունելի ենք համարում ինչ-ինչ շահերից ելնելով քրեական գործով քննիչի կողմից ձեռնարկված քայլերի խեղաթյուրումը և չփաստարկված հայտարարությունների հնչեցումը։ Յուրաքանչյուր հետաքննական և նախաքննական մարմին քաջածանոթ է իր գործառույթների շրջանակներին՝ չնայած հանրայնորեն հնչեցվող հայտարարություններին, և պարտավոր է գործել դրանց շրջանակներում։
ՀՀ քննչական կոմիտե
«Քրեական հայտնի հեղինակություն Արա Վարդանյանի՝ Ճվճվ Արոյի նախօրեին կալանավորված երկու որդիներին՝ Սարգիս և Սերժ Վարդանյաններին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քրեական աշխարհը ընդունել է որպես հերոսների։ Մեզ հայտնի է դարձել, որ «օրենքով գողերը» հանձնարարել են, որպեսզի կալանավայրի քրեական հեղինակություններն ըստ արժանվույն դիմավորեն և տեղավորեն Սարգիսին և Սերժին։ Քրեական հեղինակությունների համար ավագ Վարդանյանի մեղսակցությունը ճանապարհային երկու ոստիկանների մահվան մեջ առանձնահատուկ վերաբերմունքի կարևոր պատճառ է։ Այնպես որ, Վարդանյան եղբայրներին կալանավայրում բավական ուրախ կյանք է սպասվում, որը նրանց համար ոչ թե պատիժ, այլ պարգևատրում է լինելու»:
«Ժամանակ»
Մանրամասը`թերթի այսօրվա համաում:
armtimes.com Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի եւ յուր որդիների՝ Սարգիս եւ Սերժ Վարդանյանների «սխրագործությունները» 2013 թվականից մամուլի, եւ որ ամենակարեւորն է, իրապահների ուշադրության կենտրոնում են եղել: Խուլիգանություններ, կողոպուտ, կրակոցներ, թմրանյութ եւ բազմաթիվ վթարներ. սրանք այն հանցագործություններն են, որոնց կասկածանքով Սարգիս եւ Սերժ Վարդանյանները պարբերաբար բերման են ենթարկվել, ապա՝ ազատ արձակվել:
Քրեական պատմություններից անմասն չի մնացել նաեւ նրանց հայրը՝ ՃըվճՎ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանը: Նա մահացել է 2017 թվականին՝ գլխի իշեմիկ ինսուլտից: Նրա անունը, սակայն շոշափվում է 2016 թվականի նոյեմբերին Չարբախում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով: Սպանության դրդապատճառների վերաբերյալ բազում վարկածներից մեկը առնչվում էր նաեւ Արա Վարդանյանին: Հիշեցնենք, որ հիշյալ գեղեցկության սրահի նկուղային հարկում հնչած կրակոցների հետեւանքով սպանվել է երկու անձ՝ 38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը: Սպանության մեջ մեղադրվում է գեղեցկության սրահի սեփականատերը՝ «Թոփալ Գեղամ» մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը, իսկ որպես սպանության դրդիչ՝ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյան: Արյունոտ «ռազբորկայի» պատճառը Ճըվճվ Արոյի 2 հազար դոլարի «վազվռատն» էր:
Հ.Գ. Հիմա Սարգիս Վարդանյանը պետք է դատարանի առաջ կանգնի երկու ՃՈ տեսուչների կյանք խլած ողբերգական ավտովթարի համար: Արդյո՞ք այս անգամ էլ Վարդանյաններին կհաջողվի հերթական անգամ խուսափել քրեական պատասխանատվությունց: Ճիշտ է, այս դեպքում ոստիկաններ են զոհվել, սակայն մինչ այժմ արձանագրված անպատժելիության պատասխանատվությունը իրավապահ համակարգերը միմյանց վրա են բարդում: Ու չի բացառվում, որ չնայած ոստիկանության կրած կորստի, դատական համակարգը կրկին իր թեւերը փռի սույն անձի վրա եւ լուրջ պատժի չենթարկի: Համենայնդեպս, մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն իսկ «վերեւներից» դատական իշխանությանը հրահանգվել է Սարգիս Վարդանյանին անաղմուկ դատել: Ենթադրվում է, որ հրահանգն իջեցվել է ուղիղ Բաղրամյան 26-ից: Հիշեցնենք, որ Վարդանյանների մորական պապը հայտնի Գազի Կոլյան է, Տրանսգազ ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը, որը ազդեցիկ անձ է իշխանությունների համար:
Հունվարի 8-ին Չինական ավիաուղիներին պատկանող Պեկին-Թբիլիսի չվերթն իրականացնող օդանավը, որում եղել է ազգությամբ հինգ հայ, որից երեքը՝ ՀՀ քաղաքացի, վայրէջք է կատարել Բաքվում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց օդանավի ուղևոր Իդա Մնացականյանը՝ ավելացնելով, որ հայերից մեկը 5-ամյա երեխա է եղել:
«Երեք օր առաջ Պեկին-Թբիլիսի չվերթն իրականացնող օդանավը մի քանի պտույտ տվեց, և ըստ օդանավի անձնակազմի բացատրության՝ չկարողացավ վայրէջք կատարել մառախուղի պատճառով: Մենք օդանավի անձնակազմին հայտնեցինք, որ չենք ցանկանում, որ օդանավը վայրէջք կատարի Բաքվի օդանավակայանում, որովհետև օդանավում հայեր կան և պետք է գտնել այլ այլընտրանքային տարբերակ: Սակայն մեզ չլսեցին և օդանավը վայրէջք կատարեց Բաքվում»,-ասաց Մնացականյանը:
Նա հայտնեց, որ բացի այն, որ օդանավը վայրէջք է կատարել Բաքվում, անձնակազմից իրենց չեն մոտեցել և արգելել են նրանց մնալ օդանավի մեջ:
«Մեզ մոտեցավ Բաքվի օդանավակայանի մեկ աշխատակից, ասաց, որ տեղյակ է, որ ազգությամբ հայեր ենք, հորդորեց ինքնաթիռում թողնել անձնագրերը և դուրս գալ չեզոք գոտի: Մենք այդպես էլ արեցինք, ամուսնուս և երեխայիս անձնագիրը թողեցինք օդանավակայանում, ես վերցրեցի իմ անձնագիրը, որովհետև ես և երեխաս ԱՄՆ քաղաքացիներ ենք, ամուսինս՝ Հայաստանի: 12 ժամ մնացինք Բաքվի օդանավակայանում։ Այն հատվածը, որը տրամադրել էին մեզ, միայն հայերով էինք գտնվում»,-ասաց Մնացականյանը:
Նա հայտնեց, որ այդ ընթացքում Չինական ավիաուղիների (գրասենյակ ունի Բաքվի օդանավակայանում) որևէ ներկայացուցիչ իրենց չի մոտեցել, իսկ մառախուղի պատճառով այդ օրը Թբիլիսի ժամանող ինքնաթիռները վայրէջք չեն կատարել Թբիլիսում, սակայն Բաքու ևս չեն ժամանել:
Մնացականյանը հայտնեց, որ Բաքվից անմիջապես կապ է հաստատել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հետ, ով ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացիների մասին միանգամից տեղեկացրել է Վաշինգտոնին:
«Չգիտեմ զուգադիպություն էր, թե ոչ, սակայն դրանից հետո Բաքվում մեր նկատմամբ վերաբերմունքը փոխվեց, սակայն չգիտեմ տրամադրվածությունից է, թե ոչ, նրանց տված հացն ու ջուրը կասկածելի էր»,-ասաց ուղևորը:
Նա պատմեց, որ կերակուրից ու ջրից ամուսինն ու երեխան օգտվել են և քնել, իսկ քանի որ նրանք քնել են, որոշել է ինքը ևս մի փոքր օգտվել, ինչից հետո գլխացավ է ունեցել:
Բաքվից Թբիլիսի տեղափոխվել են վայրէջքից 12 ժամ անց.«Նախքան այդ, երեք ադրբեջանցու ուղեկցությամբ չեզոք գոտուց գնացել ենք մինչև ինքնաթիռ երեխայիս ու ամուսնուս անձնագիրը վերցնելու: Ես գնացի, որովհետև միայն ես անձնագիր ունեի, իսկ դա էլ իր հերթին մեկ այլ վախ ու սթրես էր: Մյուս հայ զույգին այդքան ուշադրություն չէին դարձնում, որովհետև Բաքվում մտածեցին, որ մենք մի ամբողջ ընտանիք ենք»:
Իդա Մարտիրոսյանն ասաց, որ Բաքվում գտնվելուց հետո մինչև Թբիլիսի վերադարձը ՀՀ-ից իրենց հետ կապի մեջ են եղել և ուղղորդել են, խորհուրդներ են տվել: «Այժմ ես բողոքելու եմ Չինական ավիաուղիների դեմ իրենց անմակարդակին վերաբերմունքի, մեզնով չհետաքրքրվելու և մեր իրավունքները չպաշտպանելու համար: Ավիաընկերությունը պետք է պատասխան տա դրա համար»:
«Իրատես» թերթը գրում է. ««Ելքը» դուրս է գալիս փողոց:
Դեռ ամիսներ առաջ ասել էինք, որ խորհրդարանական այս ուժը փորձում է արտախորհրդարանական, իրականում` փողոցային պայքարի վեղարը եւս դնել իր գլխին: Այդպես էին պլանավորել իրենք, այդպես էին պլանավորել նրանց հետ «աշխատող» մոդերատորները` դրսի եւ ներսի, որովհետեւ կարծում էին` ա) ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի, բ) կնքվելու դեպքում Ռուսաստանը «կբարկանա»: Իսկ երբ «բարինը» բարկանում է, «նոն-ստոպ» ցույցերի կասկադն է ողողում երեւանյան փողոցները: Այս անգամ այդպես չեղավ. նախ` հայաստանյան «ալքիմիկոս» Սերժ Սարգսյանը շատ արագ «անագը» փոխարկեց «ոսկու», այն է` նախագահական կառավարումից խիստ «սահուն» հանրաքվեով «անցավ» խորհրդարանական կառավարման, ապա անցկացրեց «անաղարտ» խորհրդարանական ընտրություններ, որից հետո նույնքան արագ ու «անաղարտ» ստորագրեց ԵՄ համաձայնագիրը: Ասել է թե` իրենով արեց նաեւ «փիլիսոփայության քարը»` դառնալով Հայաստանի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ ռուսամետը, թե՛ արեւմտամետը, թե՛ արտքաղաքական բանակցողը, թե՛ ներքաղաքական մոդերատորը, գնաճը «զսպողը», բոլոր հարսանիք-կնունք-ծնունդների քավոր-մասնակիցը… Չթվենք բոլորը:
Պատճառն էլ այն է, որ հայաստանյան ընդդիմությունը երբեք չի ունեցել նույնքան «ալքիմիկ» ճկունություն, ճշգրիտ հաշվարկներ կատարելու ունակություն` խաղն առաջ տանելու, միասնականությունն իր սոլո խաղով չաղճատելու ունակություն։ Ընդդիմությունն իր բոլոր կատարումներով, դերակատարումներով ուշի ուշով սպասել, պատրաստվել, գաղտնի հանդիպումներ է ունեցել ի ծագս աշխարհի, անգամ ՊՊԾ է գրավել` չվարանելով քաղաքացիական պատերազմի «դալուկ» հեռանկարից, «Հաց բերողին» դարձրել է կամիկաձե` կարծելով, թե նրա «մահվան կանչի» վրա գուցե վերջապես արթնանա-ծառս լինի փողոցային պայքարը, երբեք չկարողանալով հաշվել այնպես, ինչպես հաշվում է իր հակառակորդ-«ալքիմիկոսը»: Ընդդիմությունն իր փիլիսոփայությունը կառուցել է բացառապես մայայի (չինական փիլիսոփայության մեջ այդպես է անվանվում մտային-փիլիսոփայական ծխածածկույթը) վրա, քանզի եւ շատ դեպքերում այլոց, այդ թվում` այլ պետությունների ձեռքի խաղալիքն է եղել, որն օգտագործելուց հետո «նույնք» նրանց կա՛մ թեյ խմելու, կա՛մ «վաստակած հանգստի» են ուղարկել` լավագույն դեպքում, վատագույնում… Հատ-հատ չթվենք:
Ու հիմա` տարածաշրջանային-ներքաղաքական զարգացումների այս ֆոնին «Ելքը» դուրս է գալիս փողոց։
Որ ի՞նչ անի
ա) Որ, բոլոր դեպքերում, մոնոպոլացնի ընդդիմադիր դաշտը, ասի` «էդ Խաչիկյանը ես եմ», զի գնաճի, «կերած-կատաղած» իշխանության եւ օլիգոպոլիայի դեմ պայքարը սրբազան պատերազմ է մեզանում:
բ) Որ, բոլոր դեպքերում, տարածաշրջանային զարգացում-ֆորս մաժորների դեպքում ինքը փողոցում պատրաստ սպասելիս կլինի:
գ) Որ, բոլոր դեպքերում, ապրիլին ընդառաջ, ժամանակ չկորցնի. եթե այնպես ստացվի, որ վարչապետ դառնա ոչ թե մեզ հայտնի «ալքիմիկոսը», այլ «նա», ում կցանկանար «Ելքը» (որի հետ էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, կոալիցիա պետք է կազմի), եւ արագ անցնի «գործի»:
դ) Եվ, վերջապես, որ «ստաժը» չկորցնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հիսուս ասում է.
-Ե՛ս եմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ և ԿՅԱՆՔԸ: Ով որ հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի: Իսկ ով որ ողջ է և հավատում է ինձ, երբեք չի մեռնի:
(Հովհաննեսի ավետարան 11:25-26)
Եղբայրնե՛ր, ուզում ենք, որ մեռածների մասին ճշմարտությունն իմանաք, որպեսզի չտխրեք ուրիշների նման, որոնք որևէ հույս չունեն, որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուս մեռավ և հարություն առավ, նույնպես և հավատում ենք, որ Աստված Հիսուսի միջոցով և նրա հետ վերստին կյանքի կբերի նրանց, որոնք նրան հավատացին և մեռան:
Հետևաբար, ասում ենք ձեզ, ինչպես որ Տերն ինքը սովորեցրեց. մեզնից նրանք, որ ողջ մնացած կլինեն Տիրոջ գալուստի ժամանակ, մեռածներից առաջ չեն անցնի, որովհետև երբ հրամանը լսվի, հրեշտակապետն ազդարարի, և Աստծու փողը հնչի, Տերն ինքը կիջնի երկնքից, և նախ հարություն կառնեն նրանք, որ հավատացին Քրիստոսին ու մեռան: Եվ ապա մեզնից նրանք, որ այն ժամանակ դեռ ողջ մնացած կլինեն, նրանց հետ միասին ամպերի վրա կհափշտակվեն-կտարվեն երկինք՝ դիմավորելու Տիրոջը, և այնուհետև հավիտյան Տիրոջ հետ կլինենք:
Ուստի այս մտածումներո՛վ քաջալերեցեք միմյանց:
(Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին 4:13-18)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ինձ համար կյանքում թշնամու զինվորի կորուստը մխիթարանք չի եղել ու չեմ փորձել այդ կերպ հավասարության նշան դնել, թե մեր կողմից քանի զոհ եղավ, ու իրենց կողմից քանիսը զոհվեցին: Սակայն չնշել նաև հակառակորդի կորուստների մասին կնշանակի ուրանալ այն տղերքի գործը, ովքեր իրենց զինակից ընկերոջ վրեժը լուծել են: Վաչե Նվերի Չիլինգարյանը հերոսաբար զոհվեց հայրենիքի սահմանները պաշտպանելիս: Թշնամու դիպուկահարի կրակոցը խլեց մեր զինծառայողի կյանքը, նրան օգնության շտապած զինվորները վիրավորվեցին:
Թշնամու դիպուկահարի կատարած սադրանքն անպատասխան չմնաց, և ժամեր անց զոհվեց Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ասիման Շահմարովը: Ի տարբերություն մեր զինծառայողի՝ Շահմարովի մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չեղավ, նրան թաղեցին գաղտնի, առանց որևէ ավելորդության: Պատճառը երևի այն էր, որ զոհվածն ազգությամբ ադրբեջանցի չէր, երիտասարդը թալիշ էր ու զոհվեց Ադրբեջանի իշխանության և երկրի պաշտպանության նախարարության քաղաքականության հետևանքով: Նման ոչ հարգալիք վերաբերմունքով է թաղում Ադրբեջանի իշխանություն իր համար զոհված այլազգի զինծառայողներին:
Շահմարովի ընտանիքի բախտն այնքանով է բերել, որ երկրի զինված ուժերը գոնե երիտասարդի մարմինը հանձնել են ընտանիքին, շատ դեպքերում այն շպրտում են չեզոք գոտում, որպեսզի հետագայում հայերին մեղադրեն դիվերսիա կատարելու մեջ: Համացանցում արդեն տարածվել է զոհված զինծառայողի նկարը: Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.