29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 21-ի նիստում որոշում ընդունեց 655 միլիոն դրամ հատկացնել` կառավարության 2008թ. հոկտեմբերի 30-ի որոշմամբ հաստատված կարգով վիճակահանությունների արդյունքում չշահած ՀԴՄ 2010թ. երրորդ եռամսյակի կտրոնների խմբաքանակներ ունեցող ֆիզիկական անձանց բոնուսի վճարման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:
Այդ գումարը քաղաքացիներին հասցնելու համար հատկացվում է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեին: Սակայն արդեն մի քանի օր է, որ նշված փոխհատուցում ստանալ ցանկացողները մերժվում են: Ընդ որում, քաղաքացիների բոլոր փորձերը, բացահայտելու մերժման պատճառը, ձախողվում են:
Ինչպես հայտնի է, փոխհատուցում կոչվածը տրվում է ընդամենը կատարած գնումների մեկ տոկոսի չափով։ Եթե մարդը մեկ եռամսյակի ընթացքում մեկ միլիոն դրամի առևտուր է անում, ապա հավաքելով բոլոր գնումների ՀԴՄ կտրոնները, կարողանում է ստանալ 10 000 դրամ, այն էլ, եթե բոլոր գնումների համար խանութները բարեխղճորեն հատկացրել են կտրոններ։ Չի բացառվում, որ, ենթադրենք, 200 հազար դրամի ապրանք գնելով մարդը տանը պարզի, որ իրեն տվել են ընդամենը 50 հազար դրամի կտրոն: Այնպես որ, կառավարության հատկացրած փոխհատուցումից օգտվողները միանշանակ ամուր նյարդեր և համբերություն ունեցող քաղաքացիներն են: Հենց նրանց էր այս օրերին հիասթափություն սպասվում:
Մենք նախ փորձեցինք կառավարությունից ճշտել, թե ո՞րն է նման մերժման պատճառը, հատկապես այն դեպքում, երբ ՀՀ գործադիրն արդեն գումարը հատկացրել է: Կառավարությունից մեզ ուղղորդեցին ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտե` նշելով, որ շատ ավելի ճիշտ կլինի հարցն ուղղել ՊԵԿ-ին:
ՊԵԿ-ից տեղեկացրեցին, թե հարցը մի քանի օրվա ընթացքում կկարգավորվի և քաղաքացիները շուտով իրենց փոխհատուցումները կստանան:
Ինչո՞վ բացատրել նման ձգձգումը: Եթե ինչ-որ բան կարգավորվում է, նշանակում է՝ ինչ-որ բան այն չէ: Բայց ամբողջ հարցը հենց այն է, թե ի՞նչը կարգավորման խնդիր ունի։ Գումարը գործադիրը հատկացրել էր, ՊԵԿ-ին մնում էր միայն վճարել, հատկապես որ այս կառույցը ՀԴՄ-ների քաղաքականության ներդրման շնորհիվ ավելի քան շահեց, ուրեմն ավելի քան պետք է պատրաստակամ լիներ գոնե մեկտոկոսանոց փոխհատուցումներով ապահովել քաղաքացիների շահագրգռությունը ՀԴՄ կտրոններ պահանջելու հարցում:
Ի դեպ, նախկինում այդ մեկտոկոսանոց փոխհատուցումները միանգամից տալիս էին, հիմա դա ևս բարդացվել է, նախ՝ հերթագրում են, հետո անհրաժեշտ ինչ-որ փաստաթղթեր տալիս լրացնելու և նոր միայն, որոշ քաշքշուկներինց հետո, վճարում:
Ու՞մ է սա ձեռնտու: Կարծում ենք՝ այստեղ առանձնապես մտածելու կարիք չկա:
655 միլիոն դրամն ավելի քան բավարար գումար է շրջանառության մեջ դնելու և հարկ եղած եկամուտներ կորզելու համար. անգամ մեկ-երկու օրվա կտրվածքով նման գումարով կարելի է բավականին շահույթ ապահովել: Որ Կենտրոնական բանկ գլխավորած, դոլար-դրամ փոխարժեքների տատանումներից միլիոնավոր դոլարների եկամուտ ապահոված Տիգրան Սարգսյանը փողի, հատկապես մեծ փողի հարգը և դրանից ստացվելիք եկամուտը լավ գիտի, կարիք չկա բացատրելու:
Իսկ որ 655 միլիոն դրամը նաև այն գումարը չէ, որ Պետեկամուտների կոմիտեի ինչ-որ մի պաշտոնյա ինքնագլուխ` անգամ կառույցի թիվ մեկ պաշտոնյան, կարողանա ինչ-որ բան անել, նույնպես քննարկման հարց չէ:
Այնպես որ, թե ովքեր են որոշել «ղումար խաղալ» 655 միլիոնով, կարելի է պարզել` գրելով ընդամենը սահմանափակ թվով մարդկանց մի ցուցակ և ամեն ինչ պարզ կլինի:
ԼՈՒՍԻՆԵ ԵՍԱՅԱՆ
Տիգրան Սարգսյանի կառավարությունն այսօր մի որոշում է ընդունել, որով Հայաստանն էլ ավելի է գլորվելու դեպի ֆեոդալիզմ:
«Արոտավայրի և խոտհարքի օգտագործման մասին» ընդունված որոշմամբ` այսուհետ Հայաստանի սարերը, ձորերը, դաշտերը տրվելու են միայն վարձակալության իրավունքով:
Եւ այլևս լինելու են ոչ թե Հայաստանի սարերը, ձորերը, դաշտերը, ուր կարելի կլինի ազատ ման գալ, վազել, սիրել, հանգստանալ, այլ լինելու են ընդամենը այսինչի սարերը, ձորերը, դաշտերը և այդ տարածքում արածել կարող են միայն այսինչի անասունները, միայն այնինչի հարազատները, մտերիմները, նրա դաբրոյին արժանացածները կարող են մտնել այնտեղ և, ասենք, սունկ հավաքել, կամ մոշ ու մորի, իսկ մյուսները` այդ սարերի, ձորերի, դաշտերի կողքի գյուղում ապրողները, նրանց երեխաները այլևս զրկված կլինեն անգամ վայրի մանկության` սունկ կամ մոշ հավաքելու հիշողություններից, որովհետև նրանք ի սկզբանե կիմանան, որ այդ տարածքները մտնել չի կարելի, որովհետև դրանք այսինչի կամ այնինչի տարածքներն են:
Բայց Տիգրան Սարգսյանի կառավարության հզորությունը նրանում է, որ կարողանում է ակնհայտ ֆեոդալականացում տանող որոշումը ներկայացնել իբրև բարեգործություն, իբրև բնակչությանը մատուցվող ծառայությունը մատչելի դարձնելու, կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու փորձ:
Անգամ վարչապետն անձամբ է որոշման գովերգման պարտավորությունը վերցրել իր վրա: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկ է ասել, որ սա իսկապես առաջադիմական քայլ է այն առումով, որ խոտհարք-արոտավայրերի վարձակալողներին ձերբազատել է մի շարք անհարմարություններից:
Վարչապետն այսօր անգամ չզլացավ և մեկ առ մեկ թվարկեց, թե ինչ վճարներից է կառավարությունն ազատել վարձակալողներին. նախկինում վարձակալը պարտավոր էր «վճարել 10-20 հազար դրամ, հիմա նա ազատվում է դրանից, նաև տուրքից, որը 7-10 հազար դրամ է, ազատվում է նոտարական վճարից, որը կարող է 5-20 հազար դրամ լինել և ազատվում է հատակագծի կազմման անհրաժեշտությունից, որը 150-200 հազար դրամ էր: Այս որոշումով մենք այս 4 վճարներից ազատում ենք գյուղացիներին և նրանք հնարավորություն են ստանում պարզեցված կարգով պայմանագիր կնքել և օգտագործել արոտները: Համայնքների բյուջեներն էլ մուտք կստանան. ուղղակի կլինի պայմանագիր առանց բարդույթների»:
Այս ամենը ճիշտ է, իհարկե, սակայն ճշմարտությունը կիսատ չի կարող լինել, իսկ ճշմարտության պատկերն ամբողջական է դառնում, երբ հասկանում ենք, թե կոնկրետ ովքեր կարող են դառնալ Հայաստանի սարերի, ձորերի ու դաշտերի վարձակալներ: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դրանք տրվելու են մրցույթային կարգով, իսկ թե ովքեր են հաղթում նման մրցույթներում, երևի հարկ չկա մանրամասնելու:
Այդպես, սովորական, արտաքուստ շարքային թվացող «Արոտավայրի և խոտհարքի օգտագործման մասին» որոշմամբ, կառավարությունը կարող է ոչ միայն ֆինանսական լուրջ մուտքեր ապահովել` երկրի ողջ տարածքը վարձակալության տալով, այլև, և, որն ավելի էական է, կարող է անգամ լուրջ քաղաքական ազդեցություն ապահովել:
Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ասում է, թե սա իր նախարարության նախաձեռնությունն է, նման հզոր գաղափար հղացվել է հենց Արդարադատության նախարարությունում: Ինչպես հայտնի է, քաղաքական կուսակցությունների գրանցումը ևս այս նախարարության իրավասության տակ է: Եվ սա այդքան էլ պատահական համարել չի կարելի, որովհետև Հայաստանում խոտհարքից մինչև քաղաքականություն ընդամենը մեկ քայլ է:
Այդպես, ցանկացած խոտհարքի վարձակալ կարող է ամբողջ գյուղը դարձնել իր կամակատարը` եթե որոշման դիտարկումը կատարում ենք փոքր մասշտաբներով: Եթե գյուղի խոտհարքը վարձակալությամբ վերցնում է տվյալ գյուղում 100 գլուխ անասուն ունեցողը, ապա մնացած գյուղացիները, որոնք ավելի քիչ չորքոտանի ունեն, հայտնվում են վարձակալից կախվածության տակ: Վարձակալը ստանում է բոլոր իրավասությունները օտարներին թույլ չտալու մտնել իր տարածք, կամ, կարող է մտնելու թույլտվությունը վաճառել ցանկացած գնով:
Եթե կառավարության որոշումը դիտարկում ենք ավելի լայն մասշտաբներով, ինչը և հարկավոր է սպասել, ապա չի բացառվում, որ հաջորդ գարունը Հայաստանի սարերը, ձորերն ու դաշտերը դիմավորեն որպես ընդամենը մի քանի ֆեոդալի ունեցվաք:
Այդպես, գեներալ Մանվելը միանշանակ կվարձակալի Արմավիրի խոտհարքերը, Վարդան Ղուկասյանը` Շիրակի, Սուրեն Խաչատրյանը` Սյունիքի, Աշոտ Արսենյանը` Վայոց Ձորի և այդպես շարունակ. յուրաքանչյուր մարզի խոտհարք իր ֆեոդալի վարձակալությունն է նշանաբանով կարելի կլինի ընդամենը մի քանի հոգու միջոցով վերահսկել ամբողջ մարզի բնակչությանը:
Այդպես քաղաքական բոլոր խաղերը կարելի է շատ սահուն կերպով տեղափոխել խոտհարքի հարթություն: Այս դեպքում արդեն անգամ օլիգարխները չեն համարձակվի որևէ բանում հակառակվել. բավական է մի հրահանգ և նրա ու նրա մտերիմների ֆերմաները կարող են հայտնվել ծանր կացության մեջ. անասունները կդադարեն օգտվել Հայաստանի արոտավայրերի հիմնական վարձակալների բարեհաճությունից:
Ի դեպ, հարկ է արժանին մատուցել նաև Արդարադատության նախարարությանն ու նախարար Դանիելյանին` նման որոշումն ամենայն մանրամասնությամբ մշակելու համար. այդպես, վերահսկողությունը բավական լավ է մտածված նաև անցանկալի երևույթներից խուսափելու առումով. վարձակալության պայմանագրերը կնքվելու են 3 տարի ժամկետով, այսինքն` վերահսկելի են լինելու նաև վարձակալ-ֆեոդալները. ովքեր կարադարացնեն իրենց, կշարունակեն լինել Հայաստանի Հանրապետության արտավայրերի տիրակալ նաև հաջորդ ժամկետում, ովքեր ոչ` հրաժեշտ կտան հիերարխիայում տեղ զբաղեցնելու պատվին:
ԼՈՒՍԻՆԵ ԵՍԱՅԱՆ
Հ.Գ.Իսկ դեմոկրատիայի մասին հուզառատ ճառեր ասող ու ժողովրդից յոթ շապիկ քերթող մեր կառավարությանը չի էլ մտահոգում, թե ազատ մարդուն բատրակ ու ստրուկ դարձնող իր քաղաքականությամբ, ինչպիսի արժեքային համակարգ է ձևավորում, ու մեկ էլ` էսպես որ շարունակեն երկրում շուտով հոտաղ ու խաշնարած էլ չի մնա:
Վերնիսաժը եւ կենդանիների շուկան Երեւանի կազմակերպված առեւտրի այն վայրերն են, որտեղ ՀԴՄ ունենալ չի պահանջվում։ Եւ իրոք, ասենք, մարդն իր համար փորագրում է եւ իր ձեռքի գործը մի քանի կոպեկով վաճառում է. ի՞նչ ՀԴՄ։ Իհարկե, տարածքը «նայողներին» նկարիչներն ու արծաթագործները փող տալիս են`սեղանիկից օրը 500 դրամ։
Նրանց եկամուտի հիմնական աղբյուրը տուրիստներն են, եւ, հատկապես հայրենասեր սփյուռքահայերը։ Նրանք են «Մասիսների», կավե նուռի, «սատանի քարից» պատրաստված խաչքարերի հիմնական սպառողն ու սիրահարը։ Սեղանիկների արանքով տուրիստն անցնում է կրիայի արագությամբ, որովհետեւ հայրենիքի խորհրդանիշներին նայելուց բացի անընդհատ ստիպված է աչքը ոտքի տակ գցել։ Եթե ոչ՝ անմիջապես պատժվում է` բերանքսիվայր ընկնելով քարուքանդ ասֆալտին։ Եթե առեւտուր անելուց հետո է ընկնում, արծաթագործները վազում են եւ առաջին օգնություն են ցուցաբերում սփյուռքահայ բարեկամին։ Եթե ոչ՝ թարախ հայացքով հետեւում են, թե ոնց է վերջինս ոտքի կանգնում, տնքտնքալով ու Վերնիսաժի տերերին ու էս քաղաքն անիծելով` շարունակում ճանապարհը։ «Պատահել է, որ ընկել ոտ ու ձեռ են ջարդել, գլուխն են գետին խփել, — ասում է Արմեն անունով վերավաճառողը, — մի անգամ մի պարսկահայ տատիկ ընկավ ու վեր կենալով ասաց՝ ես պարսկահայ չեմ, պարսկահավ եմ, գետնին չեմ նայում»։
Մերոնք՝ երեւանյան անտերության սովոր, ավելի զգոն են եւ հազվադեպ են վայր ընկնում։ «Էդքան փող են աշխատում ստեղ, դժվա՞ր ա, տարածքը մի քիչ բարեկարգեն, ամոթ ա, չէ՞, վերնիսաժը մեր դեմքն ա», — ասում է անցորդներից Մարինե Բաղրամյանը՝ ցույց տալով նախկին շատրվանի փոխարեն վեր խոյացող ժանգոտ մետաղակույտը։ Եվրոպական բոլոր քաղաքներում էլ կան մեր Վերնիսաժի նման տեղեր։ Դրանք սովորական փողոցներ չեն, այլ տվյալ քաղաքի ոգու, բարքերի, մշակույթի «խտացումներ», որոնց նկատմամբ հաճախ հատուկ մոտեցում կա։ Օրինակ, մի տարի առաջ Մոսկվայի փիս քաղաքագլուխ Լուժկովը քշեց Արբատից փողոցային նկարիչներին, բուկինիստներին եւ երաժիշտներին։
Հետագայում նրանց վերադարձնելու համար նկարչական 60 ստենդ եւ սեղանիկներ տեղադրեցին հին Արբատում՝ գիտակցելով, որ այն մայրաքաղաքի գլխավոր տուրիստական վայրն է։ Մեր Վերնիսաժում առայժմ միայն նոր սրճարաններ են տեղադրվում Կոկա-կոլայի ձրի զոնթիկներով, ձեթի եւ էժանագին պեռաժկու հոտով։ Ի դեպ, այդ սրճարանների պլաստմասսայե աթոռները այստեղ թափառող տարեց մարդկանց համար հաճախ զուգարանի դեր են կատարում։ Հնարամիտ տատիկներն ու պապիկները նստում են այդ աթոռներին, հագեցնում բնական պահանջը եւ արագ հեռանում։ Մատուցողները չեն էլ հասցնում նկատել նրանց աթոռների տակից թափվող հեղուկը։ Ամառը միզողներից մեկին «բռնացրի» այդ գործի վրա։ Նա հրճվեց՝ իր «շուստրիությունից» գոհ. «Լավ եմ անում, աղջիկ ջան, թող տուալետ սարքեն։ Չեն սարքում, ես էլ սենց կանեմ»։ Վերնիսաժի տարածքի վարձակալ «Նավասարդյան» ՍՊԸ –ի գործադիր տնօրեն Կարեն Պապիկյանը հարցերիս պատասխանելիս միեւնույն բառերը կրկնում է տարբեր հերթականությամբ. «Քաղաքապետարանի ծրագիրը կա։ Մյուս տարի վերնիսաժը վերանորոգվելու է, շատ գեղեցիկ ձեւով, էդ ծրագիրը կա, էսքիզը կա, վերանորոգվելու է, շատ գեղեցիկ»: «Հնարավոր չէ՞ր էսքան ժամանակ բարեկարգել», — հարցնում եմ: Պատասխան. «Չէ, դա հատուկ ծրագիր է»: «Քանի՞ մարդ պետք է դեռ ոտքը ջարդի»։ «Եթե անցել է 15 տարի, տունը պետք է նորոգվի՞, թե ՞ չէ»: «Ի՞նչն է պատճառը, որ չեք բարեկարգել մինչեւ հիմա։ Եկամուտնե՞րն են քիչ»: «Ծրագիրը կա, սպասում ենք՝ տարին բացվի, սարքում ենք շատ գեղեցիկ տեղ, թազա ծաղիկներով, վարդերով, բաներով, Պուշկինի այգուց գեղեցիկ է լինելու»: Կարեն Պապիկյանի խիստ հայկական լավատեսությանը չհավատացինք եւ պարզաբանումների համար դիմեցինք քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Անժելա Մարտիրոսյանին։ Նա խորհուրդ տվեց Վերնիսաժի հետ կապված հարցերով դիմել Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին, որը, ինչպես հայտնի է, խրոնիկական հեռախոսաֆոբիա ունի։ Նա այս անգամ էլ չարձագանքեց զանգերին, եւ Անժելա Մարտիրոսյանը խոստացավ նրա հետ հանդիպում կազմակերպել մյուս շաբաթ։
Սյուզան Սիմոնյան
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման հենց սկզբից հավաստիացնում էր, թե ամեն ինչ անելու է տնտեսվարող սուբեյկտների համար հնարավորինս բարենպաստ դաշտ ստեղծելու համար: Եվ ահա սեպտեմբերի 24-ի նիստում գործադիրը հավանություն տվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, ՀՀ մաքսային օրենսգրքում և ՀՀ ևս 14 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների փաթեթին: Այս փոփոխություններով լիցենզավորման գործընթացը պարզեցվել է, հեշտացվել։ Տնտեսվարողներին հնարավորություն է տրվել լիցենզիա ստանալու համար փաստաթղթեր ներկայացնել էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ նույնիսկ հեռավոր մարզերի բնակիչները կարող են առանց ավելորդ բարդությունների լուծել իրենց հարցերը:
«Առաջարկվող փոփոխությունների համաձայն` ներկայումս գործող 169 (157 բարդ և 12 պարզ) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաների փոխարեն սահմանված են 96 ընթացակարգով տրամադրվող լիցենզիաներ (84 բարդ, 12 պարզ)»,- այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրին ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:
Դեռ կառավարության նիստի ժամանակ խոսելով օրենսդրական փոփոխությունների մասին` Տիգրան Սարգսյանն ասել էր. «Այժմ խիստ կրճատելով արտոնագրվող գործունեության թիվը` կրճատում ենք կոռուպցիոն ռիսկերը, պակասեցնում բյուրոկրատական քաշքշուկը»: Այսօր, երբ խոսեցին այն մասին, թե հիշյալ փոփոխությունները որքանո՞վ կարող են նպաստել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ՀՀ ֆինանսների նախարարը տվեց բավական հետաքրքիր պատասխան. «Եթե քառասուն տոկոսով նվազեցրել ենք, հետևաբար կոռուպցիան էլ քառասուն տոկոսով նվազած կլինի»: Ասել կուզի` ոլորտում 100 տոկոսանոց կոռուպցիա կա՞ր։ Նույն կերպ նախարարը շեշտեց նաև փաստաթղթերի հանձնման էլեկտրոնային եղանակի ներդրումը` ասելով, որ որքան մարդկային շփումը զրոյացվի, այնքան կոռուպցիոն ռիսկերը կպակասեն:
Ի՞նչ է ստացում: Դուրս է գալիս, որ թե´ վարչապետը, թե´ ֆինանսների նախարարը բացեիբաց խոստովանում են, որ պետական մարմինների հետ շփումը, կոնկրետ դեպքում` լիցենզավորման գործընթացը կազմակերպված է բացառապես կոռուպցիոն մեխանիզմների վրա: Եթե լիզենզավորման գործընթացը քառասուն տոկոս կրճատելով` ՀՀ կառավարությունը քառասուն տոկոսով կրճատում է նաև կոռուպցիան, նշանակում է նույն կառավարությունը դեռ մնացած 60 տոկոս կոռուպցիայի ծավալվելու համար լայն դաշտ է թողել. լիցենզիա այժմ կարելի է ստանալ` կառավարության կայքէջ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով: Նույն տրամաբանությամբ, եթե մարդկային շփումը բացառելու ճանապարհով է միայն հնարավոր կանխել կոռուպցիան, ապա ստացվում է, որ Հայաստանում պետական մարմինների հետ շփումը այլ բան չի կարող նշանակել, քան կոռուպցիայի մասնակից դառնալ:
Հայաստանում տարբեր միջազգային կազմակերպություններ զբաղվում են հակակոռուպցիոն գործունեությամբ, փորձում օգնել մեր երկրին` ձերբազատվելու դրանից: ՀՀ վարչապետի և ֆինանսների գլխավոր պատասխանատուի անկեղծ խոստովանությունները երևի թե կօգնեն այդ կազմակերպություններին` հասկանալու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անհնարինության իրական պատճառները:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Հ. Գ . ի դեպ այսուհետ լիցեզիաներ չեն պահանջվելու գարեջրի արտադրություն , անասնաբուժություն, հրագործական ապրանքների արտադրություն` ներմուծում և առևտուր, նաև գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն կազմակերպելիս։
Մենք ապրում ենք մի էնպիսի անկատար, անկապ ու անտերանոց երկրում, ուր ամեն օր մի բան անպայման կներվայնացնի, եթե ուշադրությունդ սեւեռես դրա վրա: Ամեն օր մենք տեսնում ենք մեր առջեւ սփռված անարդարությունների, իրավախախտումների, տարրական՝ մարդու միջազգային էլ չէ` տեղական-գեղական մասշտաբով իրավունքների ոտնահարման փաստեր։ Բայց ե՞րբ է բանը բանից անցնում, ե՞րբ է, որ էլ չես դիմանում ու գոռում ես, ու գոռալով գրում ես, ու ուզում ես, որ շուրջ բոլորդ գոռան քեզ նման, որովհետեւ էլ չես դիմանում էս ավազակապետության, անտերության, անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտին, ուր ամենքը ամեն ինչ գիտեն, ու աչք են փակում՝ թե, ամոթ ա, սաղ էլ գիտեն, հենց ե՞ս պիտի խոսամ:
Հա, հենց դու պիտի խոսաս, հենց ամեն մեկս պիտի խոսանք, ասենք, աչքները կոխենք: Ու ինչքան շատ լինեն խոսացողները, հավատացե´ք, էնքան մենք արդյունք կունենանք: Մինչ ֆեյսբուքյան հայության ակտիվացումը ո՞վ կհավատար, որ ինտերնետային քաղաքացիական նախաձեռնություններն ուժ կունենան: Բայց արի ու տես, որ ունեն: Դրա մասին են խոսում բանակի վերջին դեպքերի վրա սեւեռված ֆեյսբուքահայության պայքարի արդյունքները, նաեւ օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ նախաձեռնության որոշակի հաջողությունները թույլ են տալիս հուսալ, որ այլեւս մեր խոսալը աննպատակ չի, ու մի բանի տեղ անցնում է:
Ներող կլինեք ծավալուն ներածականի համար, ուղղակի բուն թեմային անցնելուց առաջ, ուզեցի ասել, որ ինչի վրա էլ կենտրոնանանք մեր օրերում, կներվայնացնի: Ուղղակի սկսում ես գրել, երբ լռելն այլեւս անհնար է դառնում: Իսկ դառնում է կոնկրետ իմ դեպքում էն ժամանակ, երբ խղճահարությամբ պայամանավորված ցասումս է արթնանում:
Ընդամենը սառնասիրտ ու անբարեխիղճ ամենաթողություն
VTB բանկի թիվ 10` Զեյթունի մասնաճյուղի (Դրոյի 15) սպասարկման սրահում ուշադրությունս գրավեց ինտելիգենտ տեսքով 80-ին մոտ մի տատիկ, ձեռնափայտով, որին ողջ ուժով հենվել էր, որպեսզի պահպանի հավասարակշռությունը: Սկզբում սպասում էր սպասասրահում, բավականին երկար ժամանակ, երբ հերթը հասավ, մոտեցավ ու կանգնեց միակ սպասարկող պատուհանիկի մոտ, որտեղից պետք է ստանար իրեն հասանելիք թոշակը: Այդ ընթացքում բանկի աշխատակցուհին ինչ-որ առիթով լքեց իր աշխատատեղն ու անհետացավ ներսում:
Տատիկը համբերատար սպասում էր 20 րոպեից ավելի, եւ ոչ միայն տատիկը. բավականին մեծ հերթ էր գոյացել: Մյուս երկու պատուհանիկների մոտ հերթ չկար, որտեղ կոմունալ եւ այլ վճարումներ էին կատարվում, իսկ այստեղ, սովետի բոլոր օրենքներով հերթ էր: Վերդառնալուց հետո աշխատակցուհին սկսեց ինչ-որ թղթերով զբաղվել, հեռախոսով էր խոսում, մի խոսքով անում էր ամեն ինչ, բացի թոշակառուներին սպասարկելուց: Հերթի մեջ որոշակի դժգոհություն կար, բայց մարդիկ ըստ մենթալ վախվորածության ու բյուրոկրատական ապարատից կախվածության լռում էին, ոչինչ չէին ասում: Երբ տատիկը մի ոտքից մյուսին սկսեց հենվել, ու ուզվորի հայացքով նայել սպասարկող կնոջը, ես չդիմացա ու պոռթկացի: Իմ գոռոգոռոցից վախեցած, տատիկը շրջվեց ու ձեռքով բերանը փակելով աղաչական հայացքով խնդրեց լռել:
Սպասարահի ժողովուրդը ապշած ինձ էր նայում, անգամ տղամարդիկ, ասես ես ինչ-որ սրբության էի դիպչում, ոչ թե պահանջում օրինական ու որակյալ սպասարկում: Իմ գոռգոռոցներից սպասարկող անձնակազմն ասես սթափվեց ու սկսեց արագ սպասարկել թոշակառուներին, եւ ի դեպ, դրանից հետո յուրաքանչյուր թոշակառուին սպասարկելու համար պետք եկավ 2-3 րոպե, այն դեպքում, երբ իմ աչքի առաջ տատիկը սպասել էր 45 րոպեից ավել: Ուրեմն, ոչ մի հարգելի պատճառ, ոչ ծրագրի խափանում, ոչ ֆորսմաժորային այլ խոչընդոտ չի եղել, ընդամենը սառնասիրտ ու անբարեխիղճ ամենաթողություն…
Տատիկն իր թոշակը դանդաղ վերցրեց, հատ-հատ խնամքով տեղավորեց դրամապանակում, չեմ հաշվել, բայց գուշակում եմ, որ 30000 հազարի կարգի գումար էր: Դուրս գալուց կամացուկ ձեռքս սեղմեց, այնպես, որ ոչ ոք չնկատի, հանկարծ հաջորդ ամիս քթից բերեն: Ես հարցրեցի, թե ինչո՞ւ է նա գալիս բանկից թոշակ ստանալու, ինչո՞ւ տուն չեն բերում: Նա պատասխանեց, որ թոշակը առանց էդ էլ քիչ է, ու եթե 500 -1000 դրամ էլ տա թոշակ բերող տեսուչին, նկատելի կլինի իր խղճուկ բյուջեի համար, դրա համար թղթեր է հավաքել, դիմում գրել, որ իր թոշակը բանկից ստանա…
Իհարկե, բանկի աշխատակիցների այդպիսի վերաբերմունքը պարսավանքի է արժանի, բայց ես նշել եմ բանկի մասնաճյուղը, ու բանկի ղեկավարությունը թող զբաղվի իր սպասարկման որակի կարգավորմամբ: Ես ուզում եմ խոսալ այն մասին, ինչը համարում եմ այս իրավիճակի բուն պատճառը: Թոշակ բաժանող տեսուչները «վրայից» փող են պահում, իսկ մենք էլ լռում ենք, համարելով, որ դա էդպես էլ պիտի լինի: Ես էլ եմ թոշակ ստանում, ծնողներիս թոշակը որոնք Երեւանում չեն ապրում, ու ինձնից էլ ամեն ամիս տեսուչը նույն կարգով «պահումներ» է անում:
Ասենք, ես աշխատում եմ, ու էդ թոշակով չեմ ապրում, իսկ եթե ապրեի՞: Ճիշտն ասած, էդպես էլ է եղել, բայց էլի չեմ խոսացել: Իսկ հիմա տատիկի տանջանքները տեսնելով , սթափվել եմ ու հրաժարվում եմ լռել: Մենք ինքներս ենք մեղավոր, որ մեզ խաբում են, քցում են, կաշառքներ են վերցնում, մեզնից փողեր են պահում, մենք, մեր լռությամբ նպաստում ենք հասարակության մեջ տեղ գտած բոլոր արատավոր երեւույթների խրոնիկ դառնալուն:
Զանգեցի Սոցապ հիմնադրամի պետին՝ Վազգեն Խաչիկյանին, որ մի երկու հարց ճշտեմ: Նա սկզբից ինձ հրավիրեց գնալ իր մոտ` սոցապ, հետո էլ ասեց, որ լրագրողներին կիրակի տանում են Սանահին-Հաղպատ էքսկուրսիայի, այսպես ասած «բարբեքյու-փարթի» էլ է լինելու, այսինքն՝ խորովածի՝ ուտել-խմելու: Ես բնականաբար հրաժարվեցի, չնայած նա ասեց, որ դա կապ չունի, դա ինչ-որ այլ ծրագրի սահմաններում է արվում:
Դե իհարկե, պարոն Խաչիկյանը լավ կաներ, որ շաբաթը մեկ խորովածի փառատոններ կազմակերպելուց ու ղեկավարությանն ու լրագրողներին պատիվ տալուց բացի, մեկ –մեկ էլ ձեռի հետ զբաղվեր իր գործով։ Կամ էլ էդ ընթացքում, որ երկրի էլիտար տղերքին չգիտես ում հաշվին տանում հասցնում ա լոռվա սարերը, մի երկու գյուղացու տուն մտներ ու հարցներ, թե իրենց տված թոշակ- գրոշներից ինչքան են վրայից վերցնում տեսուչ կոչվածները։ Հետո, նա ընդունեց, որ էդպիսի երեույթ կա, ասեց, որ իրենք պայքարում են «սովետից ժառանգություն մնացած» էդ սովորույթի դեմ, ու ամիսը մի երկու-երեք տեսուչ են հեռացվում նմանատիպ մեղադրանքով: Ասեց՝ «Եթե կոնկրետ բողոք ունեք, հայտնեք, ու մենք կհեռացնենք էդ տեսուչին»: Պայքարում են նաեւ նրանով, որ ուզում են հասցնել մինիմումի մարդկային գործոնը՝ թոշակները փոխանցվում են բանկային հաշվին, որտեղից ցանկացած րոպե թոշակառուն կարող ա գնալ ու ստանալ իր փողը: Բայց հաշվի առնելով, որ թոշակառուներից շատերը միայն էդ թոշակի հույսին էն, դժվար չի պատկերացնել բանկի սպասարահներում գոյացող հերթերը:
Նրա հետ զրույցից նաեւ պարզեցի, որ սոցապի թոշակ բաժանող տեսուչների միջին աշխատավարձը 75 հազար դրամ է, ամեն մեկը նրանցից միջինը սպասարկում է 100 բաժանորդի: Իսկ դա նշանակում է, որ ամենահամեստ հաշվարկներով ամեն տեսուչ գրպանում է «լեվի» մոտ հազար դոլար փող: Տեսուչներն ասում են, որ էդ ամբողջից կոպեկներ են իրենց մնում, որ նրանք պարտավոր են կիսվել վերադասի հետ, որպեսզի մնան իրենց աշխատանքին: Նույնիսկ ընդունվելու համար պետք է կաշառք տան:
Ես չեմ կարող վերահսկել ո´չ վերդասին «մուծվելը», ո´չ էլ կաշառքով աշխատանքի վերցնելը, դա պարոն Խաչիկյանի գործն է, բայց էն, որ ինձնից կոնկրետ փող են պահում թոշակը բերելուց, հաստատ կարող եմ ասել: Էդ իմ համեստ հաշվարկը ես արել եմ մոտ 350-400 դրամ պահելու դեպքում: Եթե հաշվարկեմ իմ ծնողների թոշակից կոնրետ արված ամենամսյա պահումներից ելնելով, ու համարելով դա որպես չափանիշ, ապա կստանամ իմ հաշվարկի կրկնակին:
Հիմա ինձ ասեք, էդ ո՞ր մի բարձր որակավորում չպահանջող աշխատանքի համար են էդքան վաստակում Հայաստանում: Երեւի թե էլի նմանատիպ մի սոցիալական կամ այլ պետական ծառայության ծառայողները միայն: Լահմաջո սարքողը, որ զօրուգիշեր, 24 ժամ փեչի մոտ կանգնած է ալրոտ ու շոգած, վաստակում է օրական 4000 դրամ: Բենզալցակայանում շուրջօրյա աշխատանքը վարձատրվում է նույնքան, նաեւ՝ ամեն լվացողի բավականին ծանր գործը: Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը… Իսկ տեսուչը, որ մատը մատին չի խփում, գրպանում է ահռելի փողեր:
Ավելին ասեմ: Եթե մտածենք, որ տեսուչը երկար ճանապարհ է կտրում, երբեմն առանց վերելակի բարձրանում բնակարանները, պիտի որ ինչ-որ կերպ թեյավճար ունենա, իհարկե՝ ըստ ցանկության, ինչպես բոլոր թեյավաճարները: Բայց ո՞նց մեկնաբանել էն, որ նույնիսկ վճարման ստատիկ կենտրոններում էլի էդ «թեյապահումներն» արվում են…
Պարոն Խաչիկյանը թերեւս կարող է ինչ-որ կերպ վերահսկել էս ծառայությունն էնպես, որ «թեյավաճարը» մարդիկ իրենց հասանելիք գումարը ստանալուց հետո սեփական կամքով ինչքան ուզեն, էնքան էլ տան: Գոնե էդքանը անի, էլի բան է:
Ես դեռեւս չեմ հրապարակում ո´չ անուններ, ո´չ տեղամասեր, որտեղ էդ ամենը տեղի է ունենում, ասենք՝ դրա հարկը չկա էլ, երեւի էդպիսի տեսուչ չկա, որ «վրից» չի վերցնում: Ուղղակի ուզում եմ դիմել բոլորին՝ մի լռեք բախվելով անարդարության ու դրամաշորթության: Եթե բոլորը ընդվզեն, երեւի թե մի բան կփոխվի մեր հասարակության գիտակցության մեջ:
Իսկ երբ փոխվի հասարակությունը, նրա արժեքները, բարձրանա մեկ անհատ մարդու գինը, մենք կարող ենք խոսել այն մասին, որ ունենք գիտակից ու հասուն ժողովուրդ, արդյունքում էլ կունենանք փոփոխությունների պատրաստ հասարակություն: Թե չէ, էս դեպքում իհարկե՝ ինչ տիրակալներ էլ գան, ինչ իշխանություն էլ ունենանք, մենք միեւնույն է, կմնանք նույն ոչխարի հոտը, որին ինչ հովիվ էլ տաս, մեկ է, նպատակը լինելու է նոր ու խիտ արոտավայր գտնելն ու փորը լցնելը: Մեկ էլ՝ որ հովիվը փետը քիչ գործի դնի:
Լուսինե Վայաչյան
Երեկ Շիրակի փողոցում Գագիկ Ծառուկյանին պատկանող երկհարկանի շինությունում, որը սովետի ժամանակ կոչվում էր «Մեբելի տուն», հետո էլ դարձավ կահույքի սրահ, բացվեց հայ-բելոռուսական առեւտրի կենտրոնը։
Չարբախցիները վաղուց էին սպասում այդ իրադարձությանը, հույսով, որ բելոռուսական սննդամթերքի գներն ավելի ցածր կլինեն, քան հարեւան՝ «Եզդու խանութ» կոչվող սուպերմարկետում։
Նրանց մի մասն էլ ուզում էր տեսնել «մեծն բարերար» Ծառուկյանին, որը բացմանը պետք է գար Բելոռուսի նախագահի ապարատի ներկայացուցչի՝ Նիկոլայ Կորպոտի հետ։
Ի դեպ, վերջին մի քանի տարում «Մեկ» կահույքի սրահ կոչվող այս թանգանոց խանութը Չարբախի ամենաամայի առեւտրի վայրերից էր։ Այստեղ ցուցադրված կահույքը անճաշակ էր, բայց աստղաբաշխական գների։
Վաղ առավոտից չարբախցիները դիրքավորվել էին Ծառուկյանի շենքի մոտ եւ լսում էին սովետական հիմնը, բելոռուսական երգեր եւ հայկական ռաբիս, որոնք պարբերաբար ընդհատվում էին «մեկ-մեկ, պչիյոմ-պրիյոմ» բացականչություններով։
Երբ հայտնվեցին Ծառուկյանն ու բելոռուսները կամերաների եւ բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ, հավաքված մարդիկ ուրախ դեմքերով առաջ նետվեցին, որ անվանի օլիգարխի հետ մտնեն խանութ եւ մասնակցեն բացմանը։
Բայց տհաճ տեսարան տեղի ունեցավ։ Ոստիկանները մարդկանց բրդբրդելով հետ մղեցին դռներից, եւ լայնաժպիտ օլիգարխը մասնակցեց բացմանն առանց ժողովրդի։ Մարդիկ մտան հետո, երբ կամերաները մաքրվել էին։
Երկրորդ հարկում ցուցադրված էին բելոռուսական «Հորիզոն» հեռուստացույցներ եւ սառնարաններ, ու գնորդներից ոմանք հիշեցին սովետական անցյալը։ «Եթե մեզ մոտ էլ սոցիալիզմ մնար, ինչպես Բելոռուսում, մենք էլ հիմա սենց ապրանքներ կունենայինք», -ասաց կանացից մեկը, իսկ տղամարդիկ անընդհատ պտտվում էին առաջին հարկում, օղու եւ գարեջրի տաղավարներում, զմայլվելով անծանոթ, գայթակղիչ տեսականիով։
«Գագոն Լֆիկի գործին խփում ա, արաղն ավելի էժան ա դրած», — եզրակացրեցին չարբախցիները։
Սյուզան Սիմոնյան
«Հայաստանը չի կարող աճել միայն ներքին շուկայում ապրանքներ վաճառելով և շենքեր կառուցելով»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:
Սեպտեմբերի 9-ից 24-ը Երևանում էր գտնվում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը` Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Ռատնա Սահայի գլխավորությամբ:
Աշխատանքն ավարտելով` ԱՄՀ ներկայացուցիչներն այսօր իրենց գնահատականներն են ներկայացրել Հայաստանում տարվող տնտեսական քաղաքականության վերաբերյալ:
Որքան էլ Արժույթի միջազգային հիմնադրամը անհնարին է որակել իբրև Հայաստանի շահերով առաջնորդվող կառույց, որքան էլ այս կազմակերպությունը երբեմն ֆինանսավորում է այնպիսի ծրագրեր, որոնք այդքան էլ չեն բխում տվյալ երկրի շահերից, այնուամենայնիվ, անհնար է չհամաձայնել այս հեղինակավոր կառույցի նման գնահատականի հետ և անհնար է կասկածի տակ դնել վերջիններիս իրավացիությունը:
Շինարարությամբ տնտեսություն զարգացնելու անիրատեսության մասին ԱՄՀ-ն առաջին անգամ չէ, որ հայտարարում է. անգամ Հայաստանի երկնիշ ցուցանիշների «դարաշրջանում», որտեղ Հայաստանի` տնտեսական աճով «Կովկասյան վագր» դառնալու մեջ վճռորոշ գործոնը պատկանում էր հենց շինարարությանը, ԱՄՀ-ն զգուշացնում էր, որ շինարարության վրա «հիմնական ստավկա» դնել չարժե:
Դժվար է հավատալ, որ միջազգային կառույցի գնահատականները ծանոթ չէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որն այս տարվա գարնանը, հանդես գալով հարցազրույցով, դարձյալ շեշտեց շինարարության կարևորությունը:
«Հարաբերական միավորներով գրասենյակային տարածքների քանակով մենք աշխարհում գտնվում ենք վերջին տեղերից մեկում: 1 միլիոնից ավել բնակչություն ունեցող Երևանում կառուցվել է վարձակալության համար նախատեսված ընդամենը 5-6 գրասենյակային շենք: Մնացած բոլորը մի կերպ հարմարեցված շինություններ են` հեռու ժամանակակից պահանջներից: Մենք շատ հետ ենք եվրոպական երկրներից նաև ժամանակակից առևտրային հրապարակների տեսանկյունից: Այսինքն, շինարարության տեմպը երկար տարիներ պահպանելու ներուժը հսկայական է: Զարմանալի է` ինչպե՞ս կարելի է դա չհասկանալ:
Քննադատների տրամաբանությամբ, անհրաժեշտ էր արհեստականորեն արգելակել շինարարությունը հնարավոր ճգնաժամերի մտավախությամբ: Այդ տրամաբանությամբ ճապոնացիները պետք է կրճատեին ավտոմեքենաների ու էլեկտրոնիկայի, գերմանացիները` հաստոցների, սարքավորումների, չինացիները` տեքստիլի արտադրությունը և այդպես շարունակ` միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ում պահանջարկի հնարավոր անկումը կարող էր անդրադառնալ նրանց եկամուտների վրա: Դա դեպրեսիվ մտածելակերպ է»,- ասում էր նախկին նախագահը իր հայտնի հարցազրույցի մեջ և վերջում հորդորում կառավարությանը. «Անհրաժեշտ է համախմբել ջանքերը բնակարանային պահանջարկի պահպանման համար: Եղանակները բազմաթիվ են: Կարծում եմ` կառավարությունում արդեն կա այդ ըմբռնումը»:
Զարմանալի է, թե ինչպես այս ամիսների ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այս գնահատականների հետ չեն հասցրել ծանոթանալ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները, որ նման «դեպրեսիվ մտածելակերպ» պարունակող զեկույցներով են հանդես եկել:
ՀՀ նախկին նախագահի գարնանային ակտիվությունն ու կառավարության քաղաքականության քննադատությունը խոսակցությունների ալիք ծնեց, թե Քոչարյանը պատրաստ է վերադառնալ մեծ քաղաքականություն և դրա դրդապատճառներից մեկը հենց այն է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը չի արդարացնում նրա հույսերը` հսկայական կապիտալ ներդրումներ պահանջած շինարարության արդյունք-բնակարանները վաճառելու առումով: Ինչպես երևում է, ՀՀ նախկին նախագահից դեռ էլի մի քանի հարցազրույց կպահանջվի` անձնական բիզնեսից բխող շահերը պետության տնտեսական քաղաքականության շահերի տեղ ներկայացնելու համար:
Հետգրություն
ԱՄՀ ներակայացուցիչները խոսել են նաև արտահանումը խրախուսելու, այլ ոչ թե վնասելու քաղաքականության անհրաժեշտության մասին, և իրենց զարմանքը հայտնել տնտեսվարողների վճարած ԱԱՀ-ի գերավճարների հաշվին ՀՀ կառավարության կուտակած պարտքի վերաբերյալ:
Լուսինե Կեսոյան
Երեկ նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության ամբողջ վերնախավի, վերնախավի ոչ ՀՀԿ -ական, բայց նրանցից ոչ պակաս կարևորության դեմքերի հետ Սևանում հանդիսավորությամբ մասնակցում էր պատգամավոր Լևոն Սարգսյանի կառուցած «Աղթամար» հյուրանոցային համալիրի բացմանը:
Հայտնի էր, որ Ռոբերտ Քոչարյանի աչքը մտնելու համար նախատեսված էր նաև «Աղթամար – Ծաղկաձոր» ճոպանուղու շինարարությունը, որը բավական թանկ նստեց պատգամավորի վրա, սակայն նա ետ չկանգնեց իր նախաձեռնածից։ Ինչպես արդեն ասվել է, ՌԴ նախագահը չցանկացավ բացել իր համար գուցե «ճ կլասի» օբյեկտը ու Լյովի մուրազն անկատար թողնելով` հեռացավ երկրից։ Բայց մինչ այդ հայրենի գործադիրի կատարած մեծահոգի ժեստը օգնեց, որ Աժ պատգամավորը այդքան խոր չտանի ցնցումը։ Լևոն Սարգսյանը բախտավոր տղա է, ու նրան նախանձողներ էլ կան, իհարկե, բարի նախանձով:
Նախ, ՀՀ կառավարությունը այս տարվա օգոստոսի 5-ի նիստում որոշեց օգնել բիզնեսմեն Սարգսյանին: Ահա այդ նիստի արձանագրության` Սարգսյանին պատկանող «Աղթամար» ՓԲԸ-ին վերաբերող հատվածը:
«Գործադիրը որոշել է թույլատրել «Աղթամար» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգելը երեք տարով։ «Աղթամար» ՓԲԸ-ն Սևանի թերակղզում ճոպանուղի կառուցելու և շահագործելու նպատակով 2009թ. ներմուծել է շուրջ 830 մլն դրամ մաքսային արժեքով հիմնական միջոցներ։ Դրանց մոնտաժումը դեռ չի ավարտվել, և չստանալով որևէ եկամուտ` ընկերությունը հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում։ Հաշվի առնելով, որ ՓԲԸ ձեռնարկած միջոցները համահունչ են կառավարության հավանությանն արժանացած զբոսաշրջության զարգացման հայեցակարգի դրույթներին, և ճոպանուղու շահագործումից հետո կստեղծվի շուրջ 100 նոր աշխատատեղ, գործադիրն ընդունել է սույն որոշումը»:
Պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) տեղյակ չէր գործադիրի աշխատանքին ու կայացրած որոշումներին: Երբ մասնավոր զրույցի ժամանակ ասացինք, որ վերջերս կառավարությունը որոշել էր օգնել «ֆինանսապես ծանր վիճակում հայտնված» նրա գործընկերոջը, Աղաբաբյանը շատ զարմացավ ու կտրականապես հերքեց նման որոշման հնարավորությունը` ասելով, թե ճոպանուղին մասնավոր բիզնես է, և անհնար է, որ պետությունը մասնավոր բիզնեսին օգնի: Չնայած Աշոտ Աղաբաբյանը շարունակում էր անտրամաբանական համարել ու չհավատալ գործադիրի նման մեծահոգությանը, սակայն փաստարկները, որ այդ ամենն իսկապես իրականություն է, քանի որ ճոպանուղու կառուցումը բխում է կառավարության` գերակա ճյուղ հռչակած զբոսաշրջության ռազմավարությունից, պատգամավորը, ի վերջո, տեղի տվեց։
Բայց հենց որ Աղաբաբյանի գործարար միտքն ընկալեց, որ կառավարությունն իր գործընկերոջը օգնություն է տվել, միանգամից բերանից թռցրեց. «Բա էդ ինձ ինչի՞ մի անգամ չօգնեցին, եքա ստադիոնը սարքեցի»:
Ստադիոնը «Հրազդան» մարզադաշտն է, որտեղ, ըստ պատգամավոր Աղաբաբյանի, բավական մեծ ծավալի աշխատանքներ են արվել առանց պետության աջակցության: Ի պատասխան մեր դիտարկման, թե մարզադաշտի կողքին Աշոտ Աղաբաբյանի տիրապետությանն է հանձնված հսկայական «Հրազդան» տոնավաճառը, որտեղ առևտրի կրպակներ աշխատեցնողները, զրկված լինելով քաղաքակիրթ առևտրի տարրական հնարավորություններից, ամսական բավական բարձր վարձավճարներ են մուծում, իսկ նրանց պայմաններն այդպես էլ չեն բարելավվում, պատգամավորը զարմացավ, հետո էլ հայտարարեց, թե ինքը ոչ մեկին էլ չի ստիպում այդտեղ մնալ, թե առևտուր անողները հաստատ ինձնից (Աշոտ Աղաբաբյանն ինձ մատնացույց արեց (Լ.Կ.)) լավ են ապրում, ապա անկեղծորեն խոստովանեց, որ ինքն իրավասու է տոնավաճառն աշխատեցնել այնպես, ինչպես ցանկանում է, քանի որ հենց դրանից ստացված գումարների հաշվին է ինքը կարողանում մարզադաշտը պահել:
Եվ փատորեն, այսքան տարիների ընթացքում ողջ հայ ժողովուրդը խորապես համոզված էր, թե Աղաբաբյանը Հայաստանի ամենաարտոնյալ օլիգարխներից մեկն է, այնինչ պարզվում է, որ նա ոչ միայն արտոնյալ չէ, այլ դեռ մի բան էլ անկեղծորեն զարմանում է ու չի հավատում, թե գործարարներին կառավարությունը կարող է օգնել: Բայց զարմանալով հանդերձ, Աշոտ Աղաբաբյանն ասաց, որ պատրաստվում է տոնավաճառի տարածքում նոր շինարարություն սկսել և դրա համար ցածր տոկոսադրույքներով վարկ է կարողացել ստանալ: Սա ասվեց` ցույց տալու համար, թե տոնավաճառի պայմանները բարելավվելու են, սակայն ասվածից կարելի է որսալ, որ, փաստորեն, պատգամավոր Աղաբաբյանը ցածր տոկոսադրույքով վարկ է ստացել, իսկ Հայաստանում վարկերը, հատկապես ցածր տոկոսադրույքովները, ինչպես հայտնի է, ամեն մարդու չէ, որ հաջողվում է ձեռք բերել: Այնպես որ, գործարար պատգամավորն անակնկալի եկավ` լսելով, որ իր գործընկերոջը կառավարությունը նման գումար է տվել, իսկ իրեն ժամանակին մերժել է։ Սակայն շատ իզուր. Լևոն Սարգսյանին պետությունն ընդամենը մաքսային արտոնություն է տվել, մինչդեռ Աշոտ Աղաբաբյանին տրված է թե´ մարդկանց շահագործելու, թե´ վարկեր ստանալու հնարավորություն:
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ Խորենացու փողոցում գտնվող մսի պասաժներում գյուղնախարարության` սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Երևանի մարզային կենտրոնի ստուգումների արդյունքում գրանցվել է խայտառակ պատկեր։ Տեսչության աշխատակիցները փակել են մսավաճառների գրեթե բոլոր կրպակները` բացառությամբ մեկ –երկուսի։ Այստեղ պարտադիր պետք է ապահովեն սառնարան – ցուցափեղկերի առկայությունը,նաև սանիտարական նորմալ պայմաններ և վաճառվող մսի որակի բավարար ցուցանիշ։ Ստուգայցի արդյունքները պետք է ներկայացվեն վարչապետին, քանի որ գործընթացը սկսվել է նրա անմիջական հանձնարարությամբ։
Ի դեպ, հիշեցնենք, որ վարչապետի մեկ այլ հանձնարարականով 2010 թվականին արգելվել էին տեսչական ստուգումները մինչև 70 միլիոն դրամի ապրանքաշրջանառություն ունեցող առևտրի կետերում (իբր մանր և միջին բիզնեսի զարգացմանը նպաստելու համար), որի հետևանքով հանրությանը մատուցվում է աղբ` բառի բուն իմաստով։ Շուկան տնօրինում են առաքիչները, իսկ ապրանքը հաճախ մնում է նրանց վրա, նրանք էլ դիմում են մեքենայությունների` դրանցից ազատվելու համար։ Դա ձեռնտու է նաև տնտեսվարողներին։ Իսկ, այ, գնորդին անհանգստացնում է այն հիմար վիճակը, որի մեջ հայտնվել է ոչ իր մեղքով։ Մսի կրպակներից էլ էժան միս գնելու փոխարեն տուն է տանում որակական հատկությունները կորցրած ինչ- որ զանգված։
Շուտով Երևանի քաղաքապետարանը ևս մեկ նվեր կմատուցի հետիոտներին. Խանջյան փողոցի` Թումանյան փողոցին հարակից հատվածում կբացվի վերգետնյա անցում: Այս անցումի անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում. հատկապես այն ժամանակ, երբ Խանջյանը վերածվեց արագընթաց փողոցի, այս հատվածում հետիոտնի համար նախատեսված անցումը դարձավ չափից դուրս վտանգավոր: Այս հատվածի վտանգավորության հարցը քանիցս բարձրացվել է նաև Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի մոտ, որը ևս հաստատում էր, որ հատվածն իսկապես վտանգավոր է, և անհրաժեշտ է մի բան ձեռնարկել:
Վերգետնյա անցումը, որոշ տեղեկությունների համաձայն, հնարավոր դարձավ Վահագն Հովնանյանի ֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները սկսվեցին ամռան շոգ օրերին, և վերջերս հայտարարվեց, որ մոտ օրերս հանդիսավորապես կկազմակերպվի դրա բացումը, թեև հետիոտները արդեն իսկ օգտվում են այս անցումից: Երեկ, սակայն, պատահաբար ականատես եղանք մի երևույթի, որը չի կարող չանհանգստացնել: Նախ, անցումով անցնելու ժամանակ աստիճանների վրա մի տեսակ տատանում զգացվեց: Մտածեցի, թե գուցե թյուր զգացողություն էր, սակայն երբ բարեհաջող անցա և հայտնվեցի հակառակ մայթում, հանկարծ հայտնաբերեցի, որ անցումի այդ` ոչ ստատիկ հատվածում մեծ ճեղք կա: Հիշեցնեմ, որ անցումը վերգետնյա է` գետնից մոտ 4 մետր բարձրությամբ. նրա փլվելու դեպքում չեն բացառվում մարդկային զոհերը:
Թե քաղաքապետարանը կոնկրետ երբ է պատրաստվում շահագործման հանձնել այս կառույցը, մեզ հայտնի չէ, սակայն այս փաստը պետք է մտահոգի առաջին հերթին նրան, և հարկ է, որ կառույցը շահագործելուց առաջ, ինչպես ընդունված է, բոլոր շինարարներին վերգետնյա անցումի վրա բարձրացնելով` փորձարկման ենթարկեն, ապա ընդունեն:
Ի դեպ, ճեղքի շուրջը շինարարները սվաղ էին արել, ինչից կարելի է ենթադրել, որ այդ ճեղքը միակը չէր, և չի բացառվում, որ մյուսներն էլ արտաքինից փորձեն քողարկել` ընդունող մարմիններին հրամցնելով արտաքինից կոկած, բայց ներսից անորակ կառույց, ինչը, ինչպես երևում է, Հայաստանում արդեն վատ սովորություն է դառնում: Ապացույցը` Գյումրիում շահագործման հանձնված և մոտ մեկ ամիս հետո փլված «Մուշ 2» թաղամասի բնակարանները:
Լ.Կ.
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.