29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիան» հայտարարություն է տարածել, որով պահանջում է անհապաղ զբաղեցրած պաշտոնից ազատել համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանին:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ըստ բազմաթիվ աղբյուրների, սույն թվականի մայիսի 23-ին, Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀ) տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, ականատեսների ներկայությամբ, հայոյել և հարվածել է ուսանողական տարիներին բարձր առադիմությամբ և ուսանողական կյանքում ակտիվությամբ աչքի ընկնող մի շրջանավարտի, ինչին ականատես են եղել ուսանողներ և համալսարանի վարչակազմի անդամներ:
Նման պահվածքը ոչ միայն վայել չէ մեր «ալմա մատեր»-ի պաշտոնատար անձին, այլև անհանդուրժելի երևույթ է և չի կարող մնալ անպատիժ: Ֆրանսիական համալսարանի հազարի հասնող շրջանավարտներն իրենց ակտիվ մասնագիտական և հասարակական գործունեությամբ միշտ ձգտում են բարձր պահել համալսարանի պատիվը, մինչդեռ վարչակազմի բարձրաստիճան մեկ անդամի կողմից կատարված նման դատապարտելի արարքները արժեզրկում են Հայաստանում ֆրանսիական համալսարանի, որպես բարձրորակ եվրոպական ուսումնակրթական օջախի, ստեղծման և գոյության գաղափարը:
Հաշվի առնելով վերոնշյալը` Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի ղեկավար խորհուրդը, համալսարանի կողմից որևէ հակաքայլ անելու մտադրություն չտեսնելով, ելնելով համալսարանի բարի համբավը և շրջանավարտների շահերն ու իրավունքները պաշտպանելու իր կանոնադրական նպատակներից, պահանջում է ուսումնական հաստատության պաշտոնատար անձին անհարիր պահվածք դրսևորող և ողջ համալսարանի բարձր հեղինակությունն ու պատիվը ստվերող անձի անհապաղ ազատում իր զբաղեցրած պաշտոնից»:
Այսօր Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում անցկացվում էր տնօրենների հավաստագրման հերթական քննությունը: Այս անգամ ներկա էր նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա հավանաբար եկել էր, որ հետևի շպարգալկայից օգտվող տնօրեններին:
Նա այս անգամ էլ կրկնեց նույնը ինչ ասել է այդ առիթով.« Այսօր ամեն ինչ փոխվել է և քննությունները մեզ համար սովորական են դարձել»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ ինքն այսօր վստահաբար կարող է նշել, որ չկա որևէ կողմնակալ վերաբերմունք, և նա երաշխավորում է քննությունների օբյեկտիվությունը:
Ա. Աշոտյանը խոսակցությունների դիմացն առնելու համար, թե հնարամիտ տնօրեններն աշակերտներից ոչ պակաս քննությունների ժամանակ օգտվել են ծածկագրերից, ասաց .«Այո նրանց մոտ հայտնաբերվել են ծածկագրեր:
Այդ իսկ պատճառով այսուհետ քննություններին կհետևեն նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ և այլ դիտորդներ»,- ասաց ՀՀ ԿԳ նախարարը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ տնօրենի լավ անունից է կախված դպրոցի համբավը: «Իսկ լավ անուն ասելով՝ ես հասկանում եմ գիտելիքներով, կարողություններով և հմտություններով հարուստ մարդ»,- նկատեց նախարարը:
Հիշեցնենք որ, «Հայկական վարկածը» մասնակցել է նախորդ քննություններին: Ընդհանուր առմամբ, քննությունների երկրորդ փուլին նախատեսվում է 1066 վերապատրաստված մասնակիցներ մասնակցությունը: Առաջին փուլում վերապատրաստվել է 450 տնօրեն, քննությանը մասնակցել 360-ը, իսկ արդյունքում հավաստագիր ստացել է 267-ը: Քննության հանձնելու համար տրվում է 90 րոպե: Հարցաշարը բաղկացած է 60 հարցից, անցողիկ շեմը համարվում է պատասխանների 90 տոկոսի ճշգրտությունը:
Քննությանը մասնակցեցին 93 գործող և հավակնող տնօրեններ՝ 95-ի փոխարեն:
Երեկ Երևանի թիվ 114 ավագ դպրոցում շարունակվեց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար քննությունների հանձնման երկրորդ ` բանավոր փուլը: Միջանցքում սպասող տնօրենացուների հուզմունքը նմանվում էր ընդունելության քննության եկած ուսանողների: Ամենահետաքրքիրն այն էր, որ դուրս եկող մասնակիցները նախ և առաջ թելադրում էին այն հարցերը, որոնք քննական տոմսի մեջ էին և հաջորդ օրվա մտնողները հերթով գրում էին այդ հարցերը:
Քննությունը բավականին թափանցիկ էր: Լրագրողներին հնարավորություն էր տրված լուսանկարել և ձայնագրել մասնակիցների պատասխանը: Որպես դիտորդ հրավիրված Ժառանգություն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ևս այդ կարծիքին էր. «Ճիշտն ասած քննությունները բավականին արդար և թափանցիկ են կազմակերպված: Եթե հետևենք ամբողջ ընթացքին կտեսնենք, որ որևէ տեղ չի թողնված կաշառքի համար: Կարող են խախտումներ լինել փաստաթղթերում այսինքն կեղծել ստաժը նույնիսկ եղել են այդպիսի մի քանի դեպք, բայց բացահայտվել է: Եվ ես լինելով ընդիմադիր գործիչ ուզում եմ այս մասին բացահայտ հայտարարել: Այս ամենը կբացառի, որ տնօրենը լինի անգրագետ ու անկիրթ, քանի որ գոնե 60 հարցի տիրապետելը այն էլ օրենքների մասին, գոնե ահագին գիտելիք կտա տնօրենին: Այսինքն ստեղծվել է մի շեմ, որից ցածր չի կարող լինել տնօրենը»,-ասաց Անահիտ Բախշյանը: Մեր այն հարցին թե նախկինում իր ղեկավարած դպրոցի տնօրենը անցե?լ է այս փորձությունը նա ասաց. «Ես տեղյակ չեմ : Մեր հարաբերություները բավականին լարված են, քանի որ նա այն մարդը չէր, ով արժանի էր գալ ու իմ ստեղծածին տիրապետել»:
Քննությանը որպես դիտորդ հրավիրված Մեհրաբայն գիտաուսումնական կենտրոն ՀԿ նախագահ Վահե Բաբայանը քննության թափացիկությունը հիմնավորեց նրանով, որ ԶԼՄ-երին հնարավորություն է տրված հետևել գործընթացին: Նա ասաց նաև, որ այս անգամ բավականին բարձր է հայտատուների գիտելիքների մակարդակը. «Երևի կազակերպված վճարովի դասընթացներին մասնակցելը բավականին օգնել է և համեմատած անցած փուլի, որից շատերը կտրվեցին այս անգամ բավականին լավ են պատրաստվել»:
Նշենք , որ առաջին փուլց կտրվեցին երեք հայտատուներ:
Երևանի թիվ 114 դպրոցում իրարանցում էր: Տնօրենները խառնվել էին իրար մի ուրիշ կարգի: Քննասենյակից դուրս եկողի գլխին էին հավաքվում միանգամից մի քանի հոգի, ու սկսվում էր. դուրս եկածը հերթով իրեն տրված հարցերն էր ասում, լսողները փորձում էին սերտել: Իսկ ներսում երկու հանձնաժողով վճռում էր տնօրենների պաշտոնավարման հետագա ճակատագիրը:
Քննական գործընթացին հետևում էր նաև նախկին տնօրեն, բայց քաղաքականություն մտնելու շնորհիվ պատգամավոր դարձած Անահիտ Բախշյանը: Փորձեցինք տիկին Բախշյանից որոշ մանրամասներ պարզել այս իրարանցումից:
— Տիկի´ն Բախշյան, այս քննություններն ի վիճակի՞ են լիարժեք պատկերացում տալ, թե ինչ տնօրեններ ունենք այսօր:
— Ինչպիսի մանկավարժ է, ինչքանով կազմակերպիչ է, կառավարիչ է, մարդկային փոխհարաբերությունները ինչպես է կառուցում՝ չէ´, բայց էստեղ մի նշաձող կա դրված, որից ցածրը չի կարող անցնել: Այսինքն, գրավոր 60 հարցերից ամեն քննության ժամանակ 60-ը ընտրվում է, բաժանվում է, էդ 60-ից 54-ին պատասխանողը նվազագույնը անցնում է բանավոր փուլը:
— Իսկ «զուբրիտ»-ի խնդիր չկա՞:
— Անպայման կա, բայց եթե անգամ անգիր են արել ինչ-որ բաներ, էդ անգիր բանը մի օր հետք թողնում է ուղեղի մեջ և աշխատանքի ընթացքում: Եթե էդպիսի սիտուացիա լինի, կսկսի հիշել` ա´յ մարդ, ես սրա մասին մի տեղ կարդացել էի, նորից կվերցնի` կկարդա, այսինքն` ինքը կիմանա գոնե, որ դա օրենքով կարելի է կարգավորել` արի` գնամ օրենքի մեջ նայեմ, ոչ թե ինքս որոշեմ ինչ անել:
— Իսկ որ նախարարը ասել էր, թե մեր դպրոցներում էլ կարող են տգետ մարդիկ աշխատել… «տգետ» որակումը նախարարի կողմից, դե, մենք գիտենք` ինչ մակարդակ է դպրոցներում, բայց ամեն դեպքում, որքանո՞վ է արդարացված նման գնահատականը նախարարի կողմից, և եթե տգետներ կան, ապա ինչպե՞ս են հայտնվել այդ պաշտոններին և ինչպե՞ս են շարունակում պաշտոնավարել, երբ կան նախարարություն, կրթության վարչություն:
— Ես լիովին նախարարին համամիտ եմ էդ հարցում: Դպրոցում տգետ, հենց «տգետ» բառն եմ ասում, դպրոցի տնօրեն չպիտի լինի:
— Այսինքն՝ կան:
— Իհարկե´ կան:
— Եվ շա՞տ կան` մե՞ծ տոկոս է կազմում:
— Նու, եթե չլիներ էդպես, անհրաժեշտություն չէր լինի օրենքով էս շեմը դնել: Սա փաստորեն մի շեմ է, որից ցածր չես կարող դպրոցի տնօրեն ունենալ:
— Ես մեկ-երկու րոպե հետևեցի քննական պրոցեսին, քանի որ Դուք ավելի տևական ժամանակով եք հետևում, ինչպե՞ս է ընթանում հենց քննելու գործը, ինչ-որ հոգեբանական ճնշում կամ հակառակը՝ հուշում, նկատե՞լ եք:
— Ո´չ մի, ում ուզում եք` հարցրեք, առավել ևս՝ հուշել:
— Իսկ փողով հարցերը լուծե՞լ, ծանոթո՞վ…
— Ուրեմն, առիթը օգտագործեմ հայտարարելու հասարակությանը, որ բոլոր այն պաշտոնյաները` գյուղապետ, քաղաքապետ, մարզպետ, նախարար, նախագահ… ինչ-որ մեկը խոստանա փողով էս գործը դզել, չի հաջողվելու:
— Ասենք, տեսա՝ Նարինե Հովհաննիսյանն էր հանձնաժողովում. դե, նրան շատ տնօրեններ կճանաչեն, հնարավոր չէ՞, որ, ասենք, նախապես համաձայնության գան:
— Նարինե Հովհաննիսյանը էսօր ա էստեղ, վաղը էստեղ չի լինի: Էս հանձնաժողովը մեկ օր է մնում ընդամենը:
— Այսինքն` ԽԾԲ-ն այստեղ չի՞ աշխատում:
— Դե, հիմա իմ երևակայությունը թույլ չի տալիս երևակայել, թե ԽԾԲ ո՞նց կարող է լինել: Գրավորի մեջ ես բացառում եմ, բանավոր քննության մեջ էլ:
— Ասենք, աչքերով, շարժումներով, չգիտեմ, ինչ-որ մի ձևով:
— Դե, ի՞նչ պիտի լինի, հարցը պիտի կարդա, բանավոր քննությունը ձայնագրվում է, յուրաքանչյուր հարցի պատասխանից հետո հանձնաժողովի նախագահը իրեն ասում է` ճիշտ է կամ սխալ է: Դա գրվում է, բացի ձայնագրությունից, գրվելուց հետո հանձնաժողովի անդամները տակը ստորագրում են, քննություն հանձնողն էլ դրա տակ է ստորագրում: Հետևաբար, չգիտեմ, ինչքան էլ ուզենան…
— Եվ էսպիսի մի հարց. էստեղ տնօրենները խառն են` և´ մայրաքաղաքից են, և´ մարզերից: Ինչ-որ տարբերություն կա՞, ո՞ր մասն է մեզ մոտ ավելի խոցելի, չէի ուզենա էլի էդ բառը օգտագործել, բայց դե, տգետ տնօրենները ավելի շատ մայրաքաղաքու՞մ են, թե՞ մարզերում:
— Բոլորովին, ո´չ , չէ´, կարող է առոգանության մեջ լինի տարբերությունը, ասենք, Գեղարքունիքի, չէ´, չէ´, չէ´, չկա´, մարզերից էլ էնքան պատրաստված տնօրեններ են գալիս, քեֆդ գալիս է: Եվ հեռավոր գյուղ, սահմանամերձ գյուղ, բայց պատրաստված, կարգին մարդիկ: Երևանից է գալիս՝ բանի պետք չի:
— Բա «էդ բանի պետք չի»-ն ո՞նց է մինչև հիմա մնացել տնօրեն:
— Դրա համար կկտրվի: Էրեկ գործող տնօրեն կտրվեց, հլը լավ է, որ էս անգամ քիչ կտրվեցին: Բայց օր է եղել, որ 25-ից 13-ը կտրվել են` անցած անգամ:
— Տիկին Բախշյան, Դուք Ազգային ժողովում կառավարության առջև հարց բարձրացրիք այն տնօրենների դիմումի վերաբերյալ, որոնց 5 տարի է մնացել պաշտոնավարել, և որոնք խնդրել էին իրենց զերծ պահել քննություններին մասնակցելուց: Նրանք հասա՞ն իրենց ուզածին, թե՞ ոչ:
— Իհարկե, հասա´ն: Հիմա ասեմ:
— Այսինքն` իրենք քննություն չե՞ն հանձնելու:
— Միայն գրավորն են տալու, բանավորից ազատվեցին: Ուրեմն դա ինչ է` օրենքի մեջ փոփոխություն մտցվեց, 61 տարին 2011 թ. լրացած տնօրեններին տրվեց արտոնություն` միայն գրավոր փուլը տալ:
— Բայց ավելի վատ չէ՞, տարիքով տնօրենը ավելի մեծ շանսեր չունի, ասենք, հիշողության հետ կապված խնդիրներ ունենալ, հազար ու մի թերություն կարելի է գտնել, չգիտեմ, տարեցը կարող է շատ ավելի վատը լինել, քան երիտասարդը:
— Դե, հիմա, ես էդ փոփոխությանը կատեգորիկ դեմ էի, բայց դե մեծամասնությունը` կոալիցիան, քվեարկեց, անցավ:
— Դա, ըստ էության, խտրականություն էր:
— Չէ´, ես նորից եմ ուզում ասել, դա ժեստ էր: Մի խումբ տնօրեններ, առանց ստորագրելու, նամակով դիմել են նախագահին, որ արտոնություն տա: Էդ ո՞ր տնօրենն ա դիմում նախագահին` որը հիշեցնում ա նրան, որ գիտե՞ս, ես էսինչ ժամանակ քեզ ծառայություն եմ մատուցել, քո ընտրությունը հաջողացրել եմ, հիմա դու ինձ տուր էդ արտոնությունը, և տրվեց: Այսինքն` նախագահը հաստատեց, որ էդ արտոնության ժամանակը եկել է, էլի:
— Դե, մարզերում ինչպե՞ս է, տնօրեններին նշանակում է մարզպետը, որի հիմնական ֆունկցիան տվյալ մարզում ընտրություն կազմակերպելն է: Ըստ այդմ, տնօրեն նշանակելիս մարզպետը կողմնորոշվում է հենց այս չափանիշով, թե ում մոտ ավելի լավ կստացվի ընտրության կազմակերպման գործը: Այս առումով տնօրեններին այդքան էլ չի կարելի մեղադրել, վերևից է իջեցվում հրահանգը, նրանք էլ կատարում են:
— Հիմա չեն կարող: Հիմա ենթադրենք՝ մարզպետը ուզում ա սիրուհուն տանի դպրոցի տնօրեն: Էս սիրուհին ուզի-չուզի՝ պիտի գա էս փուլով անցնի:
— Դե, 60 հարց ա, կսովորի, կանցնի, էլի:
— Դե հիմա , թող սովորի, դե հիմա, թե կսովորի, 5 հատ էլ բանավոր հարցին կպատասխանի, ջհանդամ, որ սիրուհի ա, գոնե կիմանանք, որ մի բան գիտի: Դե հիմա, մնացածը իրանց գործն ա արդեն, բարոյականության խնդիր ա:
Հ.Գ.Մեզ պատահած ծանոթ տնօրեններից մի քանիսը, ի դեպ, հաստատեցին, որ չեն կարողացել «դոստուպ» գտնել դեպի քննական հանձնաժողով: Այնպես որ, հուսանք՝ գոնե այս քննությունը կանցնի առանց չարաշահումների:
Լուսինե Կեսոյան
Երևանի թիվ 114 ավագ դպրոցում այսօր մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար քննությունների հանձնման երկրորդ փուլը, որը մի յուրահատուկ փորձություն է դարձել գործող տնօրենների համար, գումարվելով բարեփոխումների առաջացրած քաոսին։
Այս անգամ քննություններին մասնակցության հայտ են ներկայացրել 1066 հավակնորդ: Հավակնորդները քննությունները կհանձնեն երկու օրում՝ նախ գրավոր, ապա հաջորդ օրը՝ բանավոր:
Մեկնարկի առաջին օրը քննության էին ներկայացել 94 հավակնորդ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ — ից:
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, իր հերթին, յուրօրինակ մեսիջ է ուղղարկել, հասկացնելով, թե բողոքներ չեն ընդունվում. «Գործընթացը ներդնելիս որոշ շրջանակներ փորձում էին քննադատել և վարկաբեկել նախարարությանը, սակայն հավաստագրերի հանձնման ժամանակ բոլորը միանշանակ փաստել են, որ քննություններն անցել են օբյեկտիվ ու արդար: Այս անգամ ևս կարող եմ տեղեկացնել, որ նախարարությունը երաշխավորում է արդար, օբյեկտիվ քննություններ, գործընթացի օրինականություն»: Նա մի մեսիջ էլ միջնորդներին է հասցեագրել, «որոնք կփորձեն ուսուցիչներին և տնօրեններին այլազան ծառայություններ առաջարկել, հայտնվելու են անհարմար իրավիճակներում», սպառնացել է նախարարը:
Աշոտյանը հավաստիացրել է, որ հանրակրթության ոլորտի բարեփոխումներն անկասելի են և յուրաքանչյուր փոփոխություն, չնայած որ դժվար է ընկալվում, բերում է դրական արդյունքների: Այդ առումով նախարարը թերևս ճիշտ է, բարեփոխումներն այնպիսի խառնաշփոթ են առաջացրել համակարգում, որից սատանան անգամ գլուխ չի հանի, իսկ դրանք ոչ միայն անկասելի, այլև անշրջելի են:
«Այս գործընթացով փորձում ենք հայկական դպրոցում տնօրենի նոր նշաձող ձևավորել, կառավարման որակը դարձնել ընկալելի և ընդունելի այսօրվա պայմաններին, կոտրել այն կարծրատիպերն ու կաղապարները, որ մեր դպրոցում կարող են աշխատել նաև տգետ մարդիկ»,-նշել է նախարարը: Թե ինչ է տալու քննություններում հավաստագիր ձեռ բերած տնօրենները դպրոցին, այնքան էլ պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ մեր դպրոցներում կրթության որակը այս ողջ բարեփոխումների արդյունքում ոչ միայն չի լավացել, այլև ընդհակառակը.Իսկ գործող տնօրենին տգետ անվանելուց առաջ, պարոն նախարարը լավ կաներ մի քիչ երկար մտածել. արդյո՞ք 60 հարց անգիր արած մեկի մուտքը դպրոց դրա կայացման երաշխիք է: Իսկ որ ամենակարևորն է, տնօրեններին օրենքներ սովորել պարտադրելուց առաջ, հարկ է ապահովել այնպիսի համակարգ, որտեղ նույն տնօրենները ստիպված չլինեն այդ օրենքները խախտել:
Ատեստավորման գործընթացը շարունակում է վախի մեջ պահել այն դպրոցների տնօրեններին, ովքեր դեռ չեն անցել այս թրի տակով:
«Հայկական Վարկածը» փորձեց լսել մի քանի դպրոցների տնօրենների:
Հարցի վերաբերյալ Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանն ասաց. «Մեր ձեռը ի՞նչ կա: Հիմա կառավարության որոշումն է, պետք է կատարենք: Ես դեռ չեմ մասնակացել, բայց արդեն պատրաստվում եմ: Ուղղակի գիտեք ինչն ա վատ, որ տարիքով կանանց քաշքշուկի մեջ են պահում սթրեսների ենթարկում: Կարճ ասած` նրանք մի շարք հիվանդություններ են ձեռք բերում: Միայն մեռնելը կփրկի»: Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանն այն բախտավորներից է, ով հաղթահարել է այս փորձությունը. «Ես մարտին եմ մասնակցել քննություններին: Կարծում եմ , որ անհրաժեշտ գործառույթ է, մի օղակ , որը պետք է հաղթահարես: Ես շատ գոհ եմ հանձնաժողովից օբյեկտիվ քննության համար: Ընդհանուր նախատեսված 60 հարցից 90 տոկոսը ճիշտ եմ պատասխանել:Մյուս կողմից ինձ օգնեց այն հանգամանքը, որ ես գործող տնօրեն էի և ամեն օր շփում ունեի օրենքների հետ: Չնայած մինչ քննությունը մասնակցել էի մի շարք դասընթացների, որոնք նույնպես ինձ օգնեցին»:
Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցից մեզ ասեցին, որ տնօրենը այս քանի օրը շատ լարված է և մենք չենք կարող զրուցել նրա հետ, իսկ երբ իմացան, թե ինչի համար ենք հարցնում Գայանե Մարտիրոսյանին, ասացին, որ այսօր էլ հենց քննության է գնացել:
Հ.Գ. ԿԳ Նախարարությունից տեղեկացրեցին, որ քննությանը մասնակցած 94 տնօրենից երկուսն այսօր կտրվել են գրավոր քննությունից:
Ռուզան Ավոյան
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ բուհերում բյուջետային միջոցների ոչ ճիշտ պլանավորման և սխալ հաշվարկների հետևանքով հաշվետու տարում արձանագրվել է, որ պետական բյուջեից վճարվել են գումարներ, որոնք իրականում նախատեսված չեն եղել, այսինքն՝ տեղի է ունեցել ավել ֆինանսավորում:
Ըստ Իշխան Զաքարյանի, բարձրագույն ուսումնական հաստատություններում լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէր, քանի որ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում ՊՈԱԿ-ների գործունեության նկատմամբ վերահսկողության սահմանափակման պատճառով՝ վերահսկողության դաշտից դուրս են մնում բուհերի տնտեսական գործունեությունից ստացված միջոցները, որոնք մի քանի անգամ գերազանցում են պետական բյուջեից ստացված միջոցները:
Ըստ այդմ, անհրաժեշտ է քննարկել «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 2-րդ մասում փոփոխություն կատարելու նպատակահարմարության հարցը՝ ՊՈԱԿ-ների ֆինանսական միջոցների ձևավորման և ծախսման նկատմամբ վերահսկողական գործառույթները հստակեցնելու և առկա սահմանափակումները վերացնելու նպատակով:
Իսկ խախտումներ նկատվել են հատկապես բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում, ինչպես նաև գիտաշխատողների գիտական աստիճանների հավելավճարների համար պետական բյուջեից կատարվել է սահմանվածից ավելի ֆինանսավորում` 25,746.7 հազար դրամ գումար, որը վերահսկողության ընթացքում վերականգնվել է ՀՀ պետական բյուջե, այդ թվում`
Հայկական պետական ճարտարագիտական համալսարան ` 15,503.2 հազար դրամ, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան` 2,824.7 հազար դրամ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` 4,388.8 հազար դրամ, Հայկական պետական ագրարային համալսարան ` 3,030.0 հազար դրամ:
Վայոց ձորի, Տավուշի և Արագածոտնի մարզպետարանների պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների համար ավելի գումար է ֆինանսավորվել համապատասխանաբար` 1,772.7 հազար դրամ, 4,646.6 հազար դրամ և 46,472.1 հազար դրամ: Ընդամենը ենթակա է վերականգնման պետական բյուջե՝ 52,891.4 հազար դրամ:
Վերահսկիչ պալատի նախագահը անդրադարձավ նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման և հավատարմագրման գործընթացին, որը կատարվում է օրենսդրության պահանջների խախտումներով:
Մասնավորապես, պետական բուհերն իրենց մասնագիտություններով պետական հավատարմագրում չեն անցել, մշակված չէ հետբուհական կրթության պետական չափորոշիչը, հետբուհական կրթական ծրագրերն իրականացվել են առանց լիցենզիայի:
ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի թիվ 808-Ն որոշմամբ հաստատված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգի ամբողջական կիրառելիությունը չի ապահովվել, քանի որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից չեն հաստատվել պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացվող պահանջների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակների և ըստ սովորողների համակազմի, գեղարվեստական, մասնագիտական, գրադարանային-տեղեկատվական ու այլ գրականության հագեցվածության վերաբերյալ պահանջները:
Մայիսի 11-ին, դատարանը բավարարել է Ֆրանսիական համալսարանի դասախոսների ներկայացրած բոլոր պահանջները: Նրանք վերականգնվել են աշխատանքում, իսկ համալսարանին պարտավորեցրել է վճարել դասախոսներին հարկադիր պարապուրդի համար՝ միջին աշխատավարձի չափով, և արձակուրդայինների համար յուրաքանչյուրին` միջինը 4մլն 200 հազար դրամ առանց հարկերի, տուրքերի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին դատական կարգով աշխատանքի վերականգնված դասախոսները։
Դասախոսները պատմեցին, որ հեռացված 29 դասախոսներից 13-ն է միայն դիմել դատարան: «2010թ. Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներ ստացել են 4 ծանուցում. առաջինը տեղեկացնում էր, որ իրենց պայմանագրի ժամկետը մայիսին լրանում է, իսկ հետագա համագործակցությունը կքննարկվի, երկրորդը մի քանի օր անց հաղորդում էր, որ համալսարանը համագործակցությունն այլևս չի ցանկանում շարունակել, ևս մեկ ծանուցում` թե հուլիսի 1-ից արձակուրդ են տրամադրում դասախոսներին, և օգոստոսի 2-ից ազատում են աշխատանքից՝ 48 օր արձակուրդ տրամադրելու հիմնավորմամբ։ Ոչ մի երկրի մաթեմատիկայով հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 2-ը 48 օր չի կարող լինել»,- պատմեց դասախոս Մարատ Ատովմյանը։
«Համալսարանի ռեկտոր Ժոել լե Մորզելեքը զլացել էր թերթել Հայաստանի օրենսգիրքը՝ հասկանալու համար, որ իրենց բացատրությունները կարող են լինել առավելագույնս անհիմն»,- ասաց Գայանե Հակոբյանը:
Դասախոսներին հեռացնելիս նախապես նշել էին, թե իրենց չեն բավարարում նրանց պրոֆեսիոնալիզմը, աշխատանքային որակները, սակայն դատարանում այդ մասին չի խոսվել։ «Պարզապես նշել էին, որ մեր աշխատանքային պայմանագրերի ժամկետները լրացել են, և որոշել են այլևս չշարունակել համագործակցությունը»,- ասաց Հակոբյանը։
Հանդիպմանը դասախոսները ներկայացրեցին այն վիճակը, որ ներկայումս տիրում է համալսարանում. Այստեղ կրճատվել են դասաժամերն ու առարկաները, կրճատվել է պրակտիկայի ուղարկվող ուսանողների թիվը, կրճատել են դասապրոցեսներն ու գործնական աշխատանքները, ֆրանսերեն լեզվի գործնական խմբերը 15 հոգանոցից դարձրել են 30, ինչի պատճառով ուսանողները դիմում են անհատական պարապմունքների համար։ էապես տուժում է համալսարանական կրթության որակը և վարկը, և այդ պայմաններում ուղղակի անհրաժեշտ է, որ ղեկավարությունը փոխի իր ռազմավարությունը կամ փոխվի ղեկավարությանը:
«Այս տարի ունենք 18 500 վճարովի և 2 428 անվճար տեղ, այսինքն` ընդունվելու համար, որոշ ֆակուլտետներում անվճար սովորելու համար անգամ բավարար է դրական ստանալը», Հայաստանի պետական 28 և մասնավոր 48 բուհեր ընդունվելու պայմանները ներկայացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը:
Նասիբյանը տեղեկացրեց, որ ավարտվել է առաջին փուլի դիմորդների տվյալների ամփոփումը. այս տարի առաջին փուլի քննություն հանձնողների թիվը 1209 է` 320-ը Երևանից, 143-ը Շիրակից, 108 Արմավիրից, 104-ը Արարատից, մյուս շրջաններից դիմորդների թիվը չի գերազանցում 100-ը: Դիմորդները պետք է հանձնեն միասնական քննություն: «Այս տարի անհամեմատ քիչ են, քանի որ հանրակրթական հաստատությունները շրջանավարտներ չունեն: Այս տարվա դիմորդներն են նախորդ տարիներին բուհերից դուրս մնացած, անցյալ տարի չընդունված, բանակից զորացրված և այս ու նախորդ տարիներին սփյուռքի շրջանավարտները, հեռակա բաժինների կամ մասնավոր բուհերի ուսանողները, որ ցանկանում են ընդունվել պետական, անվճար համակարգ»,-տեղեկացրեց Նասիբյանը:
Ապրիլի 10-ին դիմումների ընդունումն ավարտվել է: Քննությունների լրացուցիչ փուլը կազմակերպվելու է հունիսի 24-ից հուլիսի 2-ը: Թույլատրվելու է հայտագրել 2 անվճար և 8 վճարովի տեղ: «Լուրեր կան, թե լինելու են հեշտ քննություններ, եթե 1209 դիմորդ ունենք, դա չի նշանակում, որ բոլորն ընդունվելու են»,- նշեց Նասիբյանը` հավելելով, որ քննությունների ընթացքը հսկվելու է ամենայն խստությամբ:
Նա ասաց նաև, որ միասնական քննություն տվողների թիվն քիչ է. ընդամենը 11 քննական կենտրոններ կան, որտեղ լինելու են Գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակիցներ. «Եթե նախորդ տարիներին կային 41-55 գնահատման կենտրոններ, և մենք դրսից ստիպված էինք լինում հրավիրել մասնագետներ, ապա այս տարի մեր մասնագետները լիովին կարող են հետևել բոլոր քննություններին»:
Նախորդ տարվա սերտիֆիկատ ստացած դիմորդներին ևս թույլատրվում է մասնակցել քննություններին, բայց անբավարարի դեպքում, չի կարող շարունակել:
Նասիբյանը գտնում է, որ «Եթե բուհերի ռեկտորները ճիշտ քաղաքականություն վարեն, այս տարի գները կիջեցնեն»: Նա բացառեց բուհերի վարձավճարների բարձրանալու տարբերակը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.