29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այսօր դարձյալ Ազգային ժողովն իր ներկայությամբ պատվել էր Լևոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը: Պատգամավոր Սարգսյանը մասնակցեց բոլոր քվեարկություններին. կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանում խորհրդարանը զբաղված է մի ամբողջ խումբ բավական վիճահարույց օրենքներ դակելով: Սարգսյան Լևոնը բոլորից շուտ էր ձեռքը մեկնում կոճակին և կողմ քվեարկում: Սարգսյանը խորհրդարան էր եկել նաև երեքշաբթի` արտահերթի առաջին օրը. որևէ մեկը հույս չուներ էլ, թե նա էլի կարող է գալ, և, ո~վ զարմանք, դարձյալ պատգամավորը խորհրդարանում էր` իր մշտապես դատարկ, սակայն երկու օր է ծանրությունից «զարմացած» աթոռին:
— Պարո´ն Սարգսյան, ինչո՞վ է պայմանավորված ձեր գալը այս արտահերթ նստաշրջանին:
— Ինչո՞վ պտի պայմանավորվի:
— Դե, տևական ժամանակ չէիք գալիս և հանկարծ գալիս եք:
— Դե, լավ էի անում` չէի գալի, հիմա էլ գալիս եմ:
— Չէ, դե շատ լավ է, որ գալիս եք, բայց ինչ-որ առանձնահատուկ առիթ կա գուցե…
— Է~~~~, — այստեղ Սարգսյանը մատը տնկեց, կարծես ասեր` «էս ի~նչ տուֆտա հարցեր են տալիս», կարծես եթե խորհրդարանի ընթացիկ օրինագծերի վերաբերյալ կամ քաղաքական գործընթացներին վերաբերող մի այլ հարց լիներ, Ալրաղացի Լյովիկը փայլելու էր իր խորիմաստ պատասխաններով կամ գեոպոլիտիկ վերլուծություններով:
Նախորդ անգամ, երբ Սարգսյանը` որպես հազվագյուտ հանդիպող դեմք հայտնվել էր խորհրդարանում, լրագրողները փորձել էին նրա հետ զրուցել, սակայն ի պատասխան պատգամավորը ձեռքը նախազգուշական բարձրացրել էր` արգելելով անգամ մոտենալ: Հաշվի առնելով, որ գոնե նման պատասխաններ հաջողվեց լսել, կարելի է երևի թե հայ ժողովրդին շնորհավորել, որ ի վերջո հաջողվեց իր պատգամավորից գոնե բառ լսել: Իհարկե, «Է~» ասելու և մատը տնկելու ժամանակ Ալրաղացի Լյովի աչքերը, որի բիբերը գրեթե սպիտակ էին և սուբյեկտիվ ընկալմամբ` բավական վախենալու (երբ այդ հայացքը ուղղվեց վրաս, կյանքում առաջին անգամ մի տեսակ կորցրեցի խոսելու ընդունակությունս` վախեցա, ապշեցի, չգիտեմ, թե ինչ կատարվեց), աստիճանաբար կատաղի ցոլքեր սկսեցին արձակել:
Ալրաղացի Լյովը «Է~» ասելուց հետո քայլերն ուղղեց ՀՀԿ խմբակցության ղեկավարի սենյակ և մի վերջին շեդևր-նախադասություն պարգևելով հայ հանրությանը` կորավ տեսադաշտից:
— Ոնց որ մարդ իրա տուն գա մտնի, ասեն` խի՞ ես էկել:
«Կարծում եմ, կազանյան հանդիպումը ցույց կտա, որ Ադրբեջանը պատրաստ չէ ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորմանը, պատրաստ չէ գնալու կոմպրոմիսների, չնայած նրան, որ երեկ ՀՀ նախագահը հայտարարեց Հայաստանի կողմից կոմպրոմիսների գնալու պատրաստակամության մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը`անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:
Նրա պնդմամբ, կազանյան հանդիպումից հետո միջազգային հանրությունը, երեք գերտերությունները, որոնք Մինսկի խմբի համանախագահներն են, պետք է աննախադեպ ճնշումներ իրականացնեն Ադրբեջանի նկատմամբ, այդ թվում` միջազգային պատժամիջոցներ, ինչպիսիք իրականացվում են Սիրիայի հանդեպ:
«Ադրբեջանը հանդես է գալիս որպես պատերազմ քարոզող և նախաձեռնող կողմ, ինչը շատ ավելի վտանգավոր է, քան Սիրիայի կամ Լիբիայի դեպքում: Այս պատերազմն անկանխատեսելի հետևանքներ է ունենալու: Եթե պատերազմ սկսվի, դա կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի: Կոչ եմ անում, որ Կազանից հետո Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառվեն: Թուրքիային սաստվի, որպեսզի նա շատ չոգևորվի ու ոգեշնչի Ադրբեջանին»,- ասաց պատգամավորը:
Կարապետյանի կարծիքով` միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները պետք է լինեն իրենց ռազմատենչ հռետորիկայի և ռազմական գործողությունների բացառումը և կոմպրոմիսներին գնալը:
Հարց. ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշողլուն օրերս հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ և այդ մասին իբր թե բանավոր համաձայնություն է եղել Թուրքիայի և Հայաստանի միջև, ինչը նաև հաստատվել է այլ երկրների արտգործնախարարների, մասնավորապես` Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, արտգործնախարարների և ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
Պատասխան. Դա իհարկե պարզունակ աղավաղում է: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել և ընթացել է այն փոխըմբռնմամբ, այն փոխհասկացուղությամբ, որ այդ կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների և հենց այդ պատճառով ստորագրված արձանագրություններում չկա որևէ նախապայման:
Արձանագրությունների ստորագրմանը ներկա բոլոր արտգործնախարարները բազմիցս կոչ են արել առանց նախապայմանների վավերացնել և իրագործել պայմանավորվածությունները:
Հիշեցնեմ նաև պետքարտուղար Քլինթոնի հայտարարությունն առ այն, որ Հայաստանն իր ճանապարհն անցել է, գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, որը և պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները:
Այնպես որ չեմ կարծում, թե տեղին է ապարդյուն փորձեր կատարել պատասխանատվությունը այլ կողմի վրա դնելու իմաստով:
Հարց. պարոն Նալբանդյան, այդ ենթահանձնաժողովի գործունեության առումով դուք Ձեր դիրքորոշումը առանձին հայտնեցիք Նախագահներին՝ Չավուշօղլուին և…
Պատասխան. Գիտեք, ոչ միայն մենք, ինչը շատ կարևրոր է նաև եռանախագահները հայտարարել էին, որ չեն գտնում, թե Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում այս ենթակոմիտեի վերակենդանացումը կարող է օգտակար լինել կարգավորման գործընթացի համար: Սա է ամենակարևորը: Երբ մի բան ստեղծում ես կամ վերակենդանացնում ես, պետք է մտածես, թե ինչ օգուտ է տվել այդ կառույցը: Իսկ տվե՞լ է արդյոք օգուտ: Չեմ կարծում, որ ժամանակին երբ գործում էր օգուտ է տվել: Հիմա գլխավորը որ վնաս չտա:
Հարց. պարոն Նալբանդյան, Չավուշօղլուն ասաց նաև, որ ղարաբաղի հարցը և հայ-թուրքական հարաբերությունները իրականում կապված են Կազանի հանդիպման արդյունքների հետ: Դու՞ք էլ եք այդպես կարծում:
Պատասխան. Դա իհարկե թուրքական կողմը պետք է որոշի, թե ինչ է ուզում անել, բայց գիտեք ինչ, եթե խոսենք նախապայմանների լեզվով, ես անմիջապես Ցյուրիխից հետո, երբ որ թուրքական կողմը վերադարձավ նախապայմանների լեզվին, ասացի, որ եթե խոսենք նախապայմանների լեզվով, ապա Հայաստանը ոչ պակաս, առավել հիմնավորված նախապայմաններ կարող է ունենալ:
Հարց. պարոն Նալբանդյան իսկ Կազանից ինչ-որ ակնկալիքներ կա՞ն:
Պատասխան. Կազանի վերաբերյալ ես արդեն հայտարարել եմ:
Հարց. պարոն Նալբանդյան, ենթահանձնաժողովը այնուամենայնիվ իր գործունեությունը ծավալել է առանց հայկական պատվիրակության մասնակցության, վտանգները…
Պատասխան. Կարիք չկա փոխել կարգավորման գործընթացի ձևաչափը:
Բանակցությունները և կարգավորման գործընթացը գնում են Մինսկի խմբի շրջանակներում, Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ և հատկապես Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի անմիջական մասնակցությամբ: Գիտեք թե վերջին շրջանում ինչքան մեծ ներդրում է կատարել Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը և իր նախաձեռնությամբ և ներկայությամբ է կայանալու նաև Կազանի հանդիպումը:
Հարց. Իսկ ենթահանձնաժողովի որոշումները որքանով կարող են լեգիտիմ լինել:
Պատասխան. Այդ որոշումները, դուք էլ ինքներդ գիտեք, պատասխանելու բան չկա, որ այդ հանձնաժողովը ինչ-որ լիազորություններ չունի, որպեսզի ինչ-որ պարտադիր ուժ ունեցող որոշումներ կայացնի:
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 22-ին ԵԽԽՎ լիագումար նիստում հանդես է եկել ելույթով:
Ստորեւ ներկայացնում ենք, որ ելույթն ամբողջությամբ:
«Պարո՛ն Նախագահ,
Պարո՛ն Գլխավոր քարտուղար,
Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,
Նախ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում ժողովրդավարության արմատավորման գործում առանցքային դերակատարում ունեցող այս կազմակերպության` Եվրոպայի խորհրդի հեղինակավոր ամբիոնից եվրոպական լսարանին խոսք հղելու հնարավորության համար:
Քսան տարի առաջ, 1991 թվականի սեպտեմբերին, Հայաստանը հռչակեց իր անկախությունը՝ հասնելով բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացմանը եւ վերստին միանալով ինքնիշխան պետությունների հանրությանը: Տասը տարի անց, 2001 թվականին, Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին՝ վերահաստատելով իր պատմական ու մշակութային պատկանելությունը եվրոպական ժողովուրդների ընտանիքին: Եվ այսօր ես այստեղ հիշատակում եմ այդ նշանակալի հոբելյանները՝ վերջին երկու տասնամյակներում մեր ժողովրդի ու պետության նվաճումների համար հպարտության զգացումով:
Իմ ժողովուրդն անցել է ամենատարբեր բռնապետական համակարգերի միջով եւ հենց այդ պատճառով լավ գիտի ազատության գինը: Իմ ժողովրդի պատմությունը արարման ու պայքարի պատմություն է: Ազատություն եւ խաղաղություն՝ ահա դարերի մեր երազանքը, եւ մենք գնում ենք մեր երազանքի իրականացման ճանապարհով:
Հայաստանի ժողովուրդը կատարել է իր պատմական եւ անշրջելի ընտրությունը: Եվրոպային մերձենալու մեր ճանապարհը ո՛չ միայն ունի առանձնահատկություններ, որոնք բնական են, այլեւ լրացուցիչ բարդություններ, որոնք բնական չեն (օրինակ՝ Հայաստանի դեմ իրականացվող արհեստական եւ ապօրինի շրջափակումը մեր երկու հարեւանների կողմից): Բայց բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեր հասարակությունը գիտի, թե ուր է գնում եւ ինչու է ընտրել զարգացման հատկապես այդ ուղին: Մենք վերադառնում ենք եվրոպական քաղաքակրթական-մշակութային տարածք, որտեղ եղել ենք դարեր շարունակ` ակունքներից սկսած:
Այո՛, Եվրոպայի խորհուրդը մեր ընդհանուր արժեհամակարգի ինստիտուցիոնալ մարմնացումն է: Իր առաքելությամբ այն ընդգրկում է ողջ մայրցամաքը՝ փաստացիորեն սահմանելով Եվրոպան ոչ թե որպես սոսկ աշխարհագրական եզրույթ, այլ առաջին հերթին` որպես ընդհանուր արժեքների ու ինքնության մշակութային-քաղաքակրթական տարածք:
Ժամանակին իմ ժողովուրդը շատ թանկ է վճարել այդ արժեքներն ու գաղափարները դավանելու համար. արժեքներ ու գաղափարներ, որոնք խորթ էին պատմական այդ պահին այդ տարածաշրջանում, ուստի եւ լռեցվեցին ամենաբիրտ եւ սահմռկեցուցիչ եղանակով: Եվրոպայի խորհուրդը գալիս է հաստատելու նաեւ եվրոպական մայրցամաքում այլեւս երբեք նման զարգացումներ թույլ չտալու պատգամը:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Եվրոպայի խորհուրդը եղել եւ մնում է առանցքային գործընկեր Հայաստանի պետականաշինության եւ ժողովրդավարության կայացման գործում: Հայաստանում ոմանք նույնիսկ կատակում են, թե մեր երկրում առկա է քաղաքական համակարգի երեք տարր՝ իշխանություն, ընդդիմություն եւ Եվրոպայի խորհուրդ: Այս կատակը, սակայն, իրականում արտացոլում է այն մեծ ներգրավվածությունը, որն ունի Եվրոպայի խորհուրդը մեր երկրում իրականացվող փոփոխությունների գործընթացում:
Հարգելի՛ գործընկերներ,
2008 թվականին մեր երկիրը բախվեց ծանր խնդիրների եւ մարտահրավերների: Մարտյան ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ իշխանությունների քայլերը մենք հանգամանորեն քննարկել ենք մեր բոլոր, այդ թվում` Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ: Երբեմն լուրջ տարաձայնություններ ենք ունեցել եւ չենք համաձայնել միմյանց գնահատականների հետ, բայց գերազանցապես մենք օգուտ ենք քաղել այդ շփումներից, խոհեմ խորհուրդներից ու բանավեճերից: Առանց դրանց անհնար կլիներ առաջ գնալ մարտյան ողբերգությունից հետո՝ խուսափելով նոր առճակատումներից ու աղետներից: Թույլ տվեք այսօր հարգանքի եւ գնահատանքի խոսքեր հղել Հայաստանի համազեկուցողներ պարոնայք Պրեսկոտին, Կոլոմբիեին եւ Ֆիշերին, ինչպես նաեւ հանձնակատար պարոն Համմարբերգին՝ իրենց արդյունավետ եւ հետեւողական ներգրավվածության համար:
Ժողովրդավարության ամրապնդման անընդհատականության կարեւորությունը եղել եւ մնում է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքն ու նպատակը: Ներքաղաքական ճգնաժամի որեւէ պահի անգամ Հայաստանի ժողովրդավարական ապագան դույզն-իսկ կասկածի չի ենթարկվել: Այս համոզմունքով են բացատրվում նաեւ վերջին երեք տարիների եւ մասնավորապես վերջին ամիսների ընթացքում երկրում առողջ քաղաքական միջավայրի խթանմանն ուղղված քայլերի տրամաբանությունը: Նման վճռականությունը նաեւ շարունակում է մնալ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման նպատակով բոլոր կառույցների համապարփակ եւ շարունակական բարեփոխումների առանցքը:
Մենք սովորում ենք:
Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը:
Սովորում եւ մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, եւ պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին:
Մենք հանդուժողականություն ենք սովորում եւ երկխոսության մշակույթ ձեւավորում:
Սովորում ենք վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել ու կարեւորագույն հարցերի շուրջ շատերի կարծիքը հարցնել:
Սովորում ենք մեծարել ու գնահատել նախկին առաջնորդների վաստակը եւ չենք ամաչում առողջ քննադատությանն ականջալուր լինելով փոխել մեր իսկ կայացրած որոշումները:
Մենք սովորում ենք ապրել այլ կանոններով:
Ո՛ղջ հասարակությամբ ենք սովորում:
Այս դահլիճում` խորը ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրների ներկայացուցիչներիդ համար իմ այս խոսքերը գուցե ինքնին հասկանալի մի բան թվան, բայց, վստահեցնում եմ ձեզ, որ սա իրականում շատ եւ շատ կարեւոր գործընթաց է, որի միջով մենք պարտավոր ենք անցնել եւ որը մեծ ջանք ու հետեւողականություն է պահանջում: Եվ մենք պատրաստ ենք դրան, ու չենք զլանում ցանկացած առիթ օգտագործել այդ ուղղությամբ քայլ անելու կամ խոսք հնչեցնելու համար:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Այո՛, մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով: Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իրականացրել է ժողովրդավարության լայնամասշտաբ շինարարություն: Անկախության ձեռքբերումից ի վեր, եւ հատկապես 2005 թվականին Սահմանադրության համապատասխան փոփոխություններից հետո, զգալի աշխատանք է կատարվել ժողովրդավարության, իրավական պետության հետագա կայացման եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Մեր երկիրը լրջորեն ու անդառնալիորեն իր կենսակերպը համահունչ է դարձրել ժողովրդավար եւ ազատական աշխարհի կանոններին: Այս գործընթացում մեզ համար խիստ կարեւոր են եղել Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ տարբեր կառույցների, վերջին շրջանում նաեւ Եվրոպական հանձնաժողովի խորհրդատվական, ինստիտուցիոնալ եւ ռեսուրսային աջակցությունը: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` վերպետական այդ եզակի ու կարեւոր հաստատության դրական ազդեցությունն այսօր ուղղակիորեն զգացվում է մեր երկրում:
2008 թվականի քաղաքական ճգնաժամը ի հայտ բերեց մեր իրավական համակարգի, օրենսդրության եւ իրավակիրառական պրակտիկայի նոր խոցելի կողմեր` ստիպելով մեզ բազմապատկել մեր ջանքերը: Արդյունքում լրջորեն վերանայվեց օրենսդրությունը: Ընթանում են համակարգային արմատական բարեփոխումներ ոստիկանության ոլորտում: Մշակվում է 2012-2014 թվականների դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, որը պետք է իսկապես լուծի դատարանների անկախության երաշխավորման` առաջնահերթ համարվող խնդիրը: Կարեւոր փոփոխություններ կատարվեցին զանգվածային անկարգություններին ու իշխանությունը բռնությամբ զավթելուն վերաբերող` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում:
Հավաքների ազատությունը երաշխավորելու նպատակով ամբողջովին վերանայվեց համապատասխան օրենքը: Նոր օրենքը հիմնված է լիովին այլ փիլիսոփայության վրա` ելնելով հավաքների ազատության եւ ոչ թե սահմանափակման կանխավարկածից: Այդ օրենքի սահմաններում պետությունը երաշխավորում է բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերի օրինական գործողությունները:
Այսօր մեր պետական-քաղաքական օրակարգում նաեւ կոռուպցիոն ռիսկերի եւ բյուրոկրատական ընթացակարգերի վերացման նպատակով ողջ օրենսդրության համակողմանի վերանայման խնդիրն է դրված: Ստեղծվել եւ արդյունավետորեն գործում են Կոռուպցիայի դեմ պայքարի Խորհուրդ ու Հակակոռուպցիոն մոնիտորինգի հանձնաժողով: Արդեն իսկ ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքը, որը հնարավորություն կտա ապահովել 600-ից ավելի բարձրաստիճան հանրային ծառայողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման հրապարակայնությունը, շահերի բախման հայտնաբերումն ու էթիկայի կանոնների պահպանումը:
Լուրջ աշխատանքներ են իրականացվում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինե օրենքը կատարելագործելու ուղղությամբ: Ընդունվեց զրպարտության համար պատասխանատվությունը ապաքրեականացնող օրենքը, ինչը նշանակալի քայլ էր խոսքի ազատության ասպարեզում:
Մեր թիմը, Եվրամիության խորհրդատուների ակտիվ ներգրավմամբ, աշխատում է առաջիկա երեք տարիների համար լայնածավալ բարեփոխումների խթանման ռազմավարության ծրագրավորման ուղղությամբ, ինչը մեկ ընդհանուր դաշտ կբերի եւ կներդաշնակեցնի ամենատարբեր ուղղություններով ընթացող փոփոխությունների գործընթացը:
Մենք վճռական ենք սկսված փոփոխությունները շարունակելու հարցում եւ քաջ գիտակցում ենք, որ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց հետագա արմատական բարեփոխումների, որոնք գուցե եւ պակաս ցավոտ չլինեն, քան մինչ օրս էին:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Մեր երկրում արձանագրվող առաջընթացի հիմնական դերակատարը եւ խթանող ուժը Հայաստանի ժողովուրդն է: Ես իրավամբ հպարտանում եմ Հայաստանի հանրության հասունությամբ եւ հավասարակշռված պահվածքով, քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպությունների սկզբունքային մոտեցումներով: Դրանք ժողովրդավարության հիմնարար արժեքների, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խթանման եւ հարատեւության գործում բազմակողմանիություն եւ արագություն են ապահովում: Այսօր հենց այդ բազմակարծության պայմաններում ենք մենք կառուցում եւ զարգացնում մեր հաստատություններն ու ժողովրդավարությունը:
Ակնհայտ է, որ այդ ճանապարհին առաջին կարեւոր հանգրվանն է լինելու գալիք տարվա գարունը, երբ Հայաստանում տեղի կունենան խորհրդարանի հերթական ընտրությունները:
Հայաստանի իշխանությունները, ինչպես ցանկացած այլ ժողովրդավար պետության իշխանություն, միանշանակ կարեւորում են արդար եւ թափանցիկ ընտրությունների դերը պետականության հետագա զարգացման գործում: Միեւնույն ժամանակ, ազատ եւ արդար ընտրություններ ապահովելը դեռ բավարար չէ: Անհրաժեշտ է նաեւ, որ դրանք հենց այդպիսին ընկալվեն հասարակության կողմից: Այս տեսանկյունից պետք է միանշանակորեն առանձնացնել նոր ընտրական օրենսգրքի ընդունման փաստը: Նշեմ, որ նոր ընտրական օրենսգրքի մշակման ժամանակ վերլուծության են ենթարկվել դիտորդական առաքելությունների բոլոր նախկին զեկույցները, եւ մենք հավատում ենք, որ այն թույլ կտա ոչ միայն անցկացնել իրապես լավ ընտրություններ, այլեւ կերաշխավորի հանրության կողմից ընտրությունների արդյունքների լիարժեք ընդունումը:
Հայաստանի իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայի ընտրությունները Սահմանադրության եւ օրենքների, ինչպես նաեւ մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում լավագույնս կազմակերպելու համար: Մենք շնորհակալ ենք Եվրոպայի խորհրդին՝ այդ ոլորտում նրա բազմաթիվ կառույցների հետեւողական աջակցության եւ խորհրդատվության համար:
Կարեւորագույն այդ ուղղությամբ համագործակցելու ենք նաեւ մեր երկրի քաղաքացիական հասարակության բոլոր շահագրգիռ հաստատությունների հետ: Մենք պատրաստ ենք ընդունել մեր բոլոր միջազգային գործընկերների խորհուրդն ու աջակցությունը, պատրաստ ենք օգտագործել արդեն գոյություն ունեցող բոլոր մեխանիզմները եւ ստեղծել ընտրությունների ներքին եւ միջազգային դիտարկման ամենաթափանցիկ հնարավորություններ: Ամենակարեւորն այն է, որ գալիք ընտրությունները տեղի ունենան հանրային վստահության պայմաններում եւ ամրապնդեն մեր ձեռքբերումները:
Իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարության կայացման գործում մենք չենք փնտրում կարճ ճանապարհներ: Չենք փնտրում նաեւ քաղաքական նպատակներով գովասանքներ միջազգային հանրության կողմից, ոչ էլ փորձում ենք ուրիշներին ապացուցել մեր ճանապարհի անսխալականությունը: Ավելին, մենք չենք փորձում պատսպարվել այսպես կոչված «օբյեկտիվ» սահմանափակումների հետեւում` լինեն դրանք չլուծված հակամարտություն կամ մեզ հետ հարաբերությունները կարգավորելու անկարող հարեւաններ: Համոզված եմ, այնուամենայնիվ, որ վերջին հաշվով այն, ինչ մենք անում ենք այսօր, իսկապես մնայուն է: Միեւնույն ժամանակ, ակնկալում ենք, որ թե՛ Խորհուրդը, թե՛ Վեհաժողովը ցուցաբերեն համարժեք քաղաքական արժանահավատություն եւ օգտագործեն արդար ու համահավասար կանոններ անդամ-երկրներին գնահատելիս:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Մեզ համար ամենակարեւոր հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորումը:
Բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ մենք շնորհակալ ենք համանախագահ երկրներին դրսեւորած ջանքերի համար: Շատ կարեւոր է, որ այդ երկրների նախագահներն անձամբ են զբաղվում կարգավորման հեռանկարներով: Դա, անշուշտ, մեծ հույս է ներշնչում:
Կարեւորագույնը, որ տալիս է Եվրոպայի խորհուրդը եւ պետք է տա այդ հարցում, կարծում եմ, բոլորդ էլ կհամաձայնեք, հանդուրժողականության արմատավորումն է: Այս տեսանկյունից մենք ցավով եւ անհանգստությամբ ենք արձանագրում, որ Եվրոպայի խորհրդի տարածքում դեռ կան ռասիզմի եւ անհանդուրժողականության օջախներ:
Ընդամենը վերջերս` Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի` Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցը կրկին հաստատեց հայատյացության ու ռասիզմի այն ծայրահեղ աստիճանը, որը տիրում է այդ երկրում: Սա մեզ համար ցավալի է, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրում կարող է լինել նման իրավիճակ: Ցավալի է, քանի որ հստակ պատկերացնում ենք, որ անհանդուրժողականության այդ թույնը ամենամեծ հարվածը հասցնում է հենց թույնը կրող հասարակությանը: Բայց սա մեզ նաեւ անհանգստության տեղիք է տալիս, քանի որ՝
— Ադրբեջանը մեր անմիջական հարեւանն է,
— քանի որ մեր անմիջական հարեւանությամբ է դեռեւս չլուծված մնում ղարաբաղյան հակամարտությունը,
— քանի որ մենք կարեւորում ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջ շարժվելու անհրաժեշտությունը:
Երկու օրից տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի Նախագահների եռակողմ հանդիպումը, որի նախօրեին համանախագահ երկրները ներդրել են բոլոր ջանքերը, որպեսզի վերջնականապես ամրագրվեն հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները:
Մենք խոսում ենք փոխզիջումների ճանապարհով հարցը լուծելու մասին: Բայց մեր դեպքում ստացվում է, որ զիջում պետք է կատարենք նրան, ով սպասում է մեզ վրա կրակելու հարմար առիթի: Նման իրավիճակում շատ բարդ կլինի որեւէ մեկի համար Հայաստանի հանրությանը, Ղարաբաղի հանրությանը` դարեր շարունակ այնտեղ բնակվող բնիկ հայ ժողովրդին, համոզել, որ անհրաժեշտություն է ինչ-ինչ զիջումներ անել մի երկրի, որտեղ հայի նկատմամբ կա նման անհանդուրժողականություն եւ կան ծայրահեղ ռասիստական տրամադրություններ:
Անգամ այս պայմաններում մենք, կարեւորելով տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մեծացող սերնդի անվտանգ ապագայի խնդիրը, ցուցաբերելով բարի կամք եւ կառուցողականություն, առաջընթացի ակնկալիքով ենք մեկնելու Կազան: Բայց իհարկե բոլորս պիտի հասկանանք, որ վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերումն ու դրանց լիարժեք իրականացումը հնարավոր է միայն, երբ վերանան հայատյացության ու ռասիզմի դրսեւորումները Ադրբեջանում, եւ ձեւավորվի վստահության մթնոլորտ: Բնականաբար, չի կարող հարցականի տակ դրվել Ղարաբաղի ժողովրդի` ազատ եւ անվտանգ ապրելու, իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու` ի վերուստ տրված իրավունքը:
Այս առումով ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել Եվրոպայի խորհրդից.
— Առաջին հերթին չվնասել գործընթացը: Ոչ լիարժեք տեղեկացված քննարկումները, իրենց կարճաժամկետ ներազդեցությամբ, կողմերին հնարավորություն են տալիս խուսանավելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի ներքո ընթացող բանակցությունների շրջանակում ձեւավորվող երկարաժամկետ լուծումներից:
Վստահ եմ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերների ճնշող մեծամասնությունը, երբ արտահայտել, արտահայտում կամ արտահայտելու է ցանկություն Ղարաբաղին առնչվող որեւէ հարցի քննարկման կապակցությամբ, ապա դա արել, անում կամ անելու է սրտացավությունից եւ բարի կամքից ելնելով: Բայց, միաժամանակ, չի կարելի բացառել նաեւ պակաս տեղեկացվածության պայմաններում իրականացվող քայլերի հնարավորությունը, ինչն իրականում մեծապես կարող է վնասել ողջ գործընթացը: Հետեւաբար, փոքր-ինչ զգոն լինելու կոչ-խնդրանքով եմ դիմում բոլորիդ: Եվ չվնասելը պետք է դառնա հիմնական ուղենիշ:
— Իսկ հնարավո՞ր է օգնել:
Իհա՛րկե հնարավոր է: Անկախ նրանից, թե ով ինչպես է պատկերացնում ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը, մի բան հստակ է. Ղարաբաղը եղել է, կա եւ կմնա Եվրոպայի մաս: Թեկուզ դեռ չճանաչված, բայց, միեւնույն է, մաս: Գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ Ղարաբաղի այսօրվա հանրությունը Եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Եվ ժամանակը չէ՞ արդյոք, որ Եվրոպայի խորհուրդը ուղղակիորեն աշխատի Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների կարեւորագույն դաշտով` Մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքացիական հասարակության ձեւավորում, ժողովրդավարություն, հանդուրժողականություն եւ այլն: Եվ չի՞ լինի արդյոք շատ ավելի տրամաբանական, եթե Ղարաբաղի հետ աշխատանք սկսելուց հետո միայն Կառույցը ցանկություն հայտնի քննարկելու Ղարաբաղին առնչվող որեւէ հարց, ի դեպ՝ նույն ղարաբաղցիների մասնակցությամբ:
Հարգելի՛ գործընկերներ,
Բեռլինյան պատի անկումը ազդարարեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը: Ցավոք, դրանից քսան տարի անց մեր լեռնային տարածաշրջանը դեռեւս սպասում է իր բաժանարար գծերի վերացմանը:
Երկու տարի առաջ մենք նախաձեռնեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, որը թույլ կտար դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանները բացելու միջոցով հետզհետե վերացնել մոտ հարյուր տարի գոյություն ունեցող անջրպետը: Պետք է նշեմ, որ այդ գործընթացում մեզ համար չափազանց կարեւոր էր ոչ միայն միջնորդ երկրների, այլեւ ընդհանրապես միջազգային հանրության, այդ թվում նաեւ Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ոգեւորիչ եւ մշտական աջակցությունը: Ցավոք սրտի, անգամ նման սատարման պայմաններում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մտավ փակուղի:
Պատճառը մեկն էր. Թուրքիան վերադարձավ նախապայմանների առաջադրման իր գործելաոճին, չհարգեց ստանձնած պարտավորությունները, ինչը անհնարին դարձրեց ստորագրված արձանագրությունների վավերացումը: Չեմ կարող կանխատեսել, թե հիասթափության եւ անվստահության պատին դեմ առնելուց հետո, այլեւս երբ կբացվի հնարավորության պատուհանը: Ցավով եմ ասում, բայց սա է իրականությունը:
Կարեւոր եմ համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանը նախաձեռնեց գործընթացը բարի նպատակներով` անսալով ազգերի եւ պետությունների խաղաղ գոյակցության 21-րդ դարի հրամայականին: Եվ դա այն պայմաններում, երբ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանությունը Թուրքիան առ այսօր ոչ միայն չի ճանաչել, այլեւ իրականացնում է բացահայտ ժխտման քաղաքականություն: Մինչդեռ համայն հայությունը սպասում է համարժեք գնահատականի, եւ այդ նպատակով այսուհետ եւս մեր ջանքերը` անխոնջ ջանքերը, լիահույս եմ` նաեւ մարդկության դեմ հանցագործություններով մտահոգվածների ջանքերը, ուղղված կլինեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք խնդիրները հաջորդ սերունդներին չթողնել: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ոչ միայն հայերի եւ թուրքերի համար, այլեւ տարածաշրջանում, կարծում եմ նաեւ ողջ Եվրոպայում խաղաղության, կայունության եւ համագործակցության մթնոլորտի հաստատման առումով: Հայաստանի անօրինական շրջափակմանը պետք է վերջ դրվի:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ցանկանում եմ ավարտել խոսքս` վերահաստատելով իմ խոր հավատը ընդհանուր, ընդգրկուն, խաղաղ եւ բարեկեցիկ Եվրոպայի ապագայի հանդեպ: Եթե Եվրոպան գաղափար է, եթե Եվրոպան ընդհանուր արժեքային տարածք է, ապա դա այդպես է ողջ Եվրոպայում՝ Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Ուրալ եւ անդին, առանց խմբային բաժանումների կամ մասնատման: Եվրոպան չի կարող եւ չպետք է հանդուրժի նոր բաժանարարներ, անկախ նրանից՝ դրանք շոշափելի՞ են, թե՞ ոչ: Եվրոպայի խորհուրդը պետք է ծառայի որպես կարեւոր քաղաքական հարթակ համաեվրոպական բովանդակալից բանավեճերի եւ Եվրոպայի միասնությունը խթանող հավաքական ջանքերի համար: Դա է պարտադրում մեզ ապագա սերունդների առջեւ մեր պատասխանատվությունը»:
Այսօր Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով իշխանությունների հետ երկխոսության թեմային, նշեց, որ տնտեսական ոլորտում իրենք արդեն առաջարկել են «100 քայլանոց» ծրագիրը, որոնք կոնկրետ քայլեր են, որ պետք է իրականացվեն ՀՀ կառավարության կողմից: «Այդ ծրագրից իրականացվել են միայն 2-ը, այն է` ծննդաբերության սերտիֆիկացումը, և հիմա էլ ցանկանում են իրականացնել երկրորդը, այն է` վաճառել հանքեր»,- ասաց Բագրատյանը`ավելացնելով, որ եթե ՀԱԿ-ը որոշի տնտեսական մասով գնալ երկխոսության իշխանությունների հետ, ապա ինքը պատրաստ է: «Ես տպավորված եմ Սերժ Սարգսյանի քաղբանտարկյալներին ազատելու քայլից, սակայն սա քիչ է»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա, ՀԱԿ-ը երկխոսության մեջ մտնելով իշխանությունների հետ` մեծ «ֆորա» տվեց Սերժ Սարգսյանին:
Անդրադառնալով կազանյան հանդիպումներին` Բագրատյանը նկատեց, որ այդ հանդիպմանը Սերժ Սարգսյանը գնում է որպես իր երկրի ընդդիմության հետ երկխոսության մեջ գտնվող նախագահ, իսկ Իլհամ Ալիևը` ոչ. «Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Իլհամ Ալիևի, գնում է Կազան` որպես դեմոկրատ նախագահ»:
Նրա կարծիքով` Կազանում լինելու է շատ դժվար հանդիպում, սակայն պետք է գնալ միայն փոխզիջման, այլ ոչ թե` միակողմանի զիջման:
Եվ նախագահը հիմա կարող է խոսել ամբողջ ժողովրդի անունից, քանի որ երկխոսության մեջ է մտել ՀԱԿ-ի հետ:
ՀԱԿ-ՀՀԿ երկխոսությունը տնտեսության ոլորտում, ըստ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, դժվար է ասել, թե ինչպես կարող է ծավալվել, քանի որ այսօր Հայաստանում տնտեսությունը «կառուցված է լիովին սխալ որոշումների վրա, և ամեն բան պետք է համակարգված փոխվի»։
Բագրատյանի կարծիքով՝ առաջին հերթին նախագահը պետք է փոխի վարչապետին: «Գոնե, ասենք, էսօր բռնի, Տիգրան Սարգսյանին հանի. որևէ կարիք չկա էդ տղուն պահելու»,- ասաց նա` հիմնավորելով, որ այսօր տնտեսագիտորեն ճիշտ որևէ որոշում չի կայացվում, և որևէ ոլորտ չի զարգանում: Նա պնդեց, որ վիճակը շտկելուն ուղղված առաջին քայլը պետք է լինի վարչապետին պաշտոնից հեռացնելը: «Թող մի բան անի, թող Գալուստ Սահակյանին դնի։ Շատ ավելի հետաքրքիր կլինի, նա գոնե ոչինչ չի անի։ Ի՞նչ կա, չի՞ կարելի գտնել որևէ մեկին ու խնդրել որ ոչինչ չանի»,- եզրափակեց Բագրատյանը:
Կառավարության հրավիրած Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, պարզվեց, ոչ միայն արտահերթ էր, այլև արտակարգ: Արտակարգ էր նախևառաջ խորհրդարան եկած «արտակարգ» պատգամավորներով:
«Ալրաղացն ա էկել…»
Լևոն Սարգսյանը հետևողականորեն խորհրդարան չեկողներից է, սակայն այն բանից հետո, երբ վերջապես հասկացավ որ, կարող է կորցնել ազգընտիրների շարքում իր տեղը, քանի որ Արաբկիրի ընտրատարածքում առաջադրվելու է Արաբկիրի նախկին թաղապետը Հովհաննես Շահինյանը, որոշեց իր օրվա գոնե մի փոքր հատվածը նվիրել հայրենի խորհրդարանին:
Դե նա նաև խնդիր ունի ցույց տալու թե որտեղ է իր տեղը, Քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով որպես վկա անցնելու և ցուցմունք տալու ոչ դյուրին գործընթացում, ասում են, Սարգսյանի դուխը մի փոքր ընկել է:
Լևոն Սարգսյանի գալուց սակայն քննարկվող արտահերթ խնդիրներին որևէ օգուտ չտվեցին. Ալրաղացը ընդամենը մի 20-25 րոպե բազմեց իր մշտապես դատարկ բազկաթոռին, հետո, հենց ԱԺ նախագահը «պոչը քաշեց», տեղից վեր կացավ ու դուրս եկավ: Վրա հասած մեկ-երկու լրագրողին պատգամավորը չմոտենալու նշան էր արել, ձեռքը թափ տվել և հեռացել. հաշվի առնելով լրագրողների մեջ շրջող այն տեսակետը, թե այս պատգամավորը անկանխատեսելի է, որ կարող է թափով շուռ գալ ու հարվածել, որևէ մեկը չի էլ փորձել նախաձեռնող լինել:
Գալում ես, գալում ես դու ինձ մոտ…
Ալրաղացի Լյովի հետ ձեն-ձենի տված խորհրդարան էր եկել նաև «ստիլյագ» բառով որակվելու համար դատարանից եկամուտ չստացած Տիգրան Արզաքանցյանը:
— Պարո´ն Արզաքանցյան, էս ի՞նչ խաբար է, այսօր էսպես խմբով խորհրդարան եք եկել` Դուք, Լևոն Սարգսյանը, որ ընդհանրապես չի գալիս, Սամվել Ալեքսանյանն էլ էր եկել, թեև նա գոնե մեկ-մեկ գալիս է, Սեյրան Սարոյանը… Պայմանավորվել ե՞ք, թե՞ ուղղակի ձեր գալը համընկել է:
— Չենք գալում, ասում եք խի՞ չես գալում, եկել ենք ասում եք խի՞ ես էկել: Ես ձեզ չեմ հասկանում, – ի պատասխան հարցիս լսվեց քյավառա անուշ բառբառը:
Դատարանը Արզաքանցյանի օգտին ֆինանսական փոխհատուցման վճիռ կայացրեց միայն «լակոտ» բառի համար (այդպես էր Արզաքանցյան Տիգրանին անվանել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որի խոսքը մեջբերել էր թերթերից մեկը): Խորհրդարան եկած պատգամավոր Արզաքանցյանն ապացուցեց, որ ինքը վաղուց արդեն «լակոտ» չէ. ինտելիգենտ տեսք տվող ակնոցներով, դարչնագույն կաստըմ-շըլվարը քիպ նստցրած, նայողը կասեր` «էրնեկ քո տիրոջը»: Չլինեին կազինոներն ու ռուս գեղեցկուհիները, քյավառա հող ու ջրից դուրս եկած այս ամուսնալուծված, բայց դեռևս երիտասարդական ավյունը չկորցրած պարոնը կարող էր դասվել Հայաստանի ամենացանկալի փեսացուների շարքը. հետն էլ` որ դատարանը որոշեց, որ Արզաքանցյանը հեչ էլ «լակոտ» չէ:
Քանի՞ տարեկան է Լֆիկ Սամոն
Արզաքանցյան պատգամավորն իսկապես այսօր ապացուցեց, որ վաղուց է անցել «լակոտության» շեմը. նիստերի դահլիճից դուրս գալուց հետո պատգամավորը կանգնեց և բավական բարեկրթորեն պատասխանեց լրագրողների բոլոր հարցերին: Ի տարբերություն Արզաքանցյանի, չորրորդ գումարման Ազգային ժողովի մյուս արտակարգ դեմքը` Լֆիկ Սամոն վերջնականապես որոշել է ջահելանալ. ըստ երևույթին խորհրդարան չայցելելու օրերին պատգամավորն իր օրն ամբողջությամբ
նվիրում է իր 5 երեխաներին, ինչի ազդեցությամբ էլ աստիճանաբար ջահելացել է: Դժվար է ասել` բազմազավակ հայր լինելն է վերջնականապես ազդել պատգամավորի վրա, թե այլ պատճառ, բայց, որ Ալեքսանյանին տեսնողը երբեք չի ասի, թե նման վարք դրսևորողը 43 տարեկան նախկին երիտասարդ է, փաստ է.
Ալեքսանյանի խորհրդարան գալը ընթանում է գրեթե նույն սցենարով. պատգամավորը մտնում է նիստերի դահլիճ, հետո տեմպով անսպասելիորեն դուրս գալիս և թափով սկսում արագ քայլքը: «Պարո´ն Ալեքսանյան, ախր մի րոպե սպասեք». Լֆիկ Սամոն «թռնում է» նույն ձևով` արագ-արագ քայլում է, գրեթե վազում, հետ-հետ նայում, խնդմնդում և շարունակում: Այդպես այսօր իջավ առաջին հարկ, դուրս եկավ խորհրդարանի շենքի ներքին բակ, հետո էլի շրջվեց, ձեռքով արեց ու էլի խնդմնդալով
հեռացավ:
Հրանտ Բագրատյանը տեսնես Սամվել Ալեքսանյանի մասին ցիտատներ չունի՞…
«Նկատի ունենալով հայտարարության պարունակած որոշակի անհստակությունները և առանձին ձևակերպումների բազմիմաստությունը, Կոնգրեսը նպատակահարմար է համարում դրա գնահատականը տալ՝ իր կառույցներում քննարկելուց հետո»,- այսպես արձագանքեց ՀԱԿ-ը` երկխոսություն սկսելու իր առաջարկին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի տված պատասխանին:
Անկեղծ ասած, մի քանի անգամ ընթերցել եմ Սարգսյանի հայտարարությունը և դրանում անհստակություն կամ բազմիմաստություն չեմ նկատել:
Երկրի ղեկավարը երկխոսության գաղափարը ոչ միայն չի մերժել, այլև համարել է միակ ընդունելի միջոցը: Մյուս կողմից, նա հասկացրել է, որ երկխոսության չի գնա ՀԱԿ առաջարկած ձևաչափով և օրակարգով:
Այնպիսի տպավորություն է, որ Կոնգրեսի համար անակնկալ է եղել ոչ այնքան Սարգսյանի պատասխանի բովանդակությունը, որքան` պատասխանի փաստն ինքնին:
Բովանդակային իմաստով` նախագահը նոր ոչինչ չի ասել, այլ ընդամենը` համապարփակ տեսքի է բերել իր կուսակիցների, աշխատակազմի ղեկավարի նախորդիվ ասածները:
Այնուամենայնիվ, Սարգսյանի հայտարարությունն իրավիճակ է փոխել, որովհետև ՀԱԿ-ը որոշակիորեն զրկվել է մանևրելու հնարավորությունից ու հստակ պետք է արձագանքի տեղի ունեցածին: Մինչ այդ, ընդդիմությունը կարող էր Սարգսյանին մեղադրել կառուցողականության բացակայության համար` պնդելով, թե իր նախաձեռնությունը չի արձագանքվում: Նման հեռանկարը Սերժ Սարգսյանին բացարձակապես չէր բավարարում, մանավանդ որ` նա Ստրասբուրգ մեկնելուց առաջ պետք է քաղաքական հանդուրժողականության և տոլերանտության մարմնավորող լիներ:
Ինչևէ, հիմա ընդդիմությունը երկու տարբերակ ունի:
ՀԱԿ-ն առաջվա պես կարող է պնդել, որ իշխանության հետ երկխոսելու է բացառապես արտահերթ ընտրությունների օրակարգով: Բայց այս դեպքում նա կարող է մեղադրվել երկխոսությունը ձախողելու համար: Բացի այդ, ՀԱԿ-ը չունի հեղափոխություն անելու ռեսուրս, և երկխոսության թեման այնքան էլ ճիշտ չէ փակել`քաղաքական նպատակահարմարության տեսակետից:
Մյուս տարբերակն էլ այն է, որ ՀԱԿ-ն ընդունի, որ երկխոսության գնում է առանց նախապայմանի: Այս դեպքում էլ Տեր-Պետրոսյանի թիմը որոշակի էլեկտորալ կորուստ կունենա, սակայն չի սահմանափակվի մանևրելու նրա հնարավորությունը:
Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ո՞ր տարբերակն է ընտրում ՀԱԿ-ը:
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 25-ին մեկնելու է Իրան, այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը:
Հունիսի 25-26-ը Թեհրանում կայանալու է «Միջազգային պայքար ընդդեմ ահաբեկչության» խորհրդաժողովը, որին ներկա են լինելու ավելի քան 60 երկրների ներկայացուցիչներ:
Հայաստանում Իրանի դեսպան Ալի Սաղայիանը Fars գործակալությանը հայտնել է, թե`
«Խորհրդաժողովին հրավիրվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բայց քանի որ այդ օրերին նա գտնվելու է Կազանում կայանալիք եռակողմ հանդիպմանը, նրան կփոխարինի ՀՀ ԱԱԾ քարտուղար Արթուր Բաղդասարյանը»:
Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վերջին զարգացումները վկայում են ղարաբաղյան հարցի կարգավորման նկատմամբ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքի փոփոխության մասին: «Առաջինը Դովիլյան հռչակագիրն է, որը մայիսի վերջին համանախագահներն ընդունել են ֆրանսիական Դովիլ քաղաքում, Մեծ ութնյակի գագաթաժողովում: Այնտեղ կոչ է ուղղված ոչ թե Ադրբեջանին ու Հայաստանին, ինչպես նախորդ մի քանի հռչակագրերում, այլ հակամարտող կողմերին. հայտնի է, որ դրանք երեքն են` Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը: Սա անուղղակիորեն վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը հակված է ճանաչել ԼՂ իշխանությունների մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային փուլում»,- ասաց Գագիկ Մինասյանը` ավելացնելով, որ Դովիլյան հռչակագրում նաև հստակ նշված է կոնֆլիկտի պատճառը, այն է` Ադրբեջանի ռազմական ագրեսիան: Նշվել է նաև, որ համանախագահող երկրները կդատապարտեն Ադրբեջանին` ագրեսիան վերսկսելու դեպքում:
Ըստ Գագիկ Մինասյանի, համանախագահող երկրները պետք է ավելի առաջ գնան և հստակ հայտարարեն, որ ագրեսիան վերսկսելու դեպքում միջազգային հանրությունը կճանաչի ԼՂ ինքնիշխանությունը, ինչն էլ կկանխի պատերազմի վերսկսումը:
Երկրորդ դրական միտումը, որ նկատել է հանրապետական Գագիկ Մինասյանը, արտահայտվել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրշիկի վերջին հարցազրույցում: Դեսպանն այդ հարցազրույցում նշել է, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության հանրաքվեի արդյունքում, իսկ մինչ այդ ԼՂ-ն պետք է ստանա միջազգային սուբյեկտի կարգավիճակ:
Ըստ Մինասյանի` պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցները լիովին անտեսել են Ա. Կասպրշիկի հարցազրույցը` ադրբեջանական հասարակությունից թաքցնելու նպատակով, ինչպես նաև ճիշտ չեն ներկայացնում Դովիլյան հռչակագիրը:
Իրավապաշտպան ակտիվիստները պնդում են, որ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարածված են Վրաստանում և մեղադրում են կառավարությանը խնդրի մասշտաբներն ուսումնասիրելու ուղղությամբ բավականաչափ ջանք չգործադրելու և համապատասխան քայլեր չձեռնարկելու մեջ:
Անցյալ տարի Բռնության դեմ գործող վրաստանյան ցանցի (Anti-Violence Network of Georgia) կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հայրերի 52 տոկոսը, մայրերի 46 տոկոսը և ուսուցիչների 35 տոկոսը պատրաստ է բռնություն գործադրել երեխաների նկատմամբ: Հետազոտությունը, որին մասնակցել է 1250 մարդ, պարզել է, որ բռնության ենթարկված երեխաների 4 տոկոսը նաև դարձել է սեռական բռնության զոհ: Վրաստանի Մարդու իրավունքների կենտրոնի իրավաբան Նեստան Լոնդարիձեն պատմում է, որ մի 9-ամյա աղջիկ շարունակաբար ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկվել իր խորթ մոր կողմից:
«Հարևանները ստիպված են եղել մի քանի անգամ ոստիկանություն կանչել, իսկ հետո դիմել են մեզ: Տարբեր վկաներ մեզ պատմել են, որ խորթ մայրը պարբերաբար ծեծում էր աղջկան և պատժում ամենադաժան մեթոդներով, օրինակ, ստիպելով նրան սառը ցնցուղ ընդունել կամ քնել դրսում: Նա սպառնում և բռնություն էր գործադրում աղջկա նկատմամբե, — ասում է Լոնդարիձեն:
Ընտանեկան բռնության դեմ պայքարող «Sapariե կազմակերպության հոգեբան Նաթո Զազաշվիլին նշում է, որ երեխաների նկատմամբ բռնությունը սովորական երևույթ է Վրաստանում: «[Խնդրի] hիմնական պատճառը ընտանեկան բռնությունն է: Որպես կանոն, հայրը բռնություն է գործադրում մոր, իսկ նա, իր հերթին, երեխաների նկատմամբ: Կան դեպքեր, երբ հայրն է բռնություն գործադրում երեխաների նկատմամբ, սակայն սա հազվադեպ է լինում, որովհետև տղամարդիկ, սովորաբար, խուսափում են զբաղվել երեխաների խնդիրներով: Մոր ագրեսիան երեխաների նկատմամբ բացատրվում է այն հանգամանքով, որ նա, իր հերթին, ամուսնու գործադրած բռնության զոհն է դառնում և ի վիճակի չէ պաշտպանվելե, — ասում է նա:
Փորձագետների խոսքերով` բռնության նման դեպքերի քանակը անհանգստացնող մակարդակի է հասնում, և շատ հաճախ ոստիկանությունն ու դատարանն անտեղյակ են մնում այս ամենից: «Մեր վիճակագրությունը թերի է: Սովորաբար, երեխաների նկատմամբ բռնության դեպքերը չեն հասնում ոստիկանությանը կամ անգամ հոգեբաններին, քանի որ մարդիկ խուսափում են հրապարակայնությունիցե, — նշում է Զազաշվիլին:
Դժգոհություններ են հնչում նաև կառավարության Սոցիալական ծառայությունների գործակալության գործունեության վերաբերյալ, որի գործառնությունների շրջանակում է երեխաների նկատմամբ բռնության դեպքերի ուսումնասիրությունը և արձանագրությունը: Կան կարծիքներ, որ բռնության դեպքերի վերաբերյալ գործակալության արձանագրած տվյալները չեն համապատասխանում անկախ հետազոտությունների արդյունքներին, որոնք զգալիորեն գերազանցում են գործակալության գրանցած ցուցանիշը:
Գործակալության տվյալների համաձայն` անցյալ տարի երեխաների նկատմամբ բռնության շուրջ 100 դեպք է արձանագրվել, որոնցից 38-ը սեռական բնույթ են կրել: Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Գեորգի Տուգուշիի վերջին զեկույցի համաձայն` Սոցիալական ծառայությունների գործակալության շրջանային գրասենյակները հաճախ չեն արձանագրում կամ պատշաճ կերպով չեն ուսումնասիրում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը: Բացի այդ, գործակալությունը ոչ միշտ է տեղեկացնում ոստիկանությանն արդեն իսկ բացահայտված բռնության դեպքերի մասին:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել Գործակալությանը երեխաների պաշտպանության ոլորտը դարձնել առաջնային խնդիր:
Սոցիալական ծառայությունների գործակալության մամլո խոսնակ Եկատերինա Սանեբլիձեն իր հերթին տեղեկացրել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում Գործակալության շրջանային մասնաճյուղերի տվյալները կենտրոնական տեղեկատվական բազայում ներառելու համար: Երեխաների պաշտպանության հարցերով փորձագետները նշում են, որ իշխանությունները պետք է ավելի վճռական գործեն բռնության դեպքերը բացահայտելու և համապատասխան գործողություններ ձեռնարկելու ուղղությամբ, ինչպես նաև բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը` երեխաների նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն որակելու առումով:
«Շատերը սեփական երեխաներին ծեծելը բռնություն չեն էլ համարում: Ինչ վերաբերում է սեռական բռնությանը, ապա նման դեպքերի քանակի աճի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել: Դիրքորոշումը, հավանաբար, չի փոխվել, պարզապես արձանագրված դեպքերի թիվն է աճել: Նախկինում այս մասին ընդհանրապես ոչ ոք չէր խոսումե:
Թեա Տոպուրիա, ազատ լրագրող, Վրաստան
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ՙԿովկասյան լրատու՚ պարբերականից (www.iwpr.net)
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.