29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այսօր «Ընտրություն» ակումբի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, խոսելով քաղաքական վերջին զարգացումների մասին, ասաց. «Երեկ լսում էի Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը։ Ասում է` սեպտեմբերին կպահանջենք հրաժարականը: Ինչու` նո՞ր են պահանջում։ Բա վերջին տարիներին ի՞նչ էին անում: Սա էլ ճնշման ձևաչափ է, այլ տարբերակ է, որ իրենց բաժին դուրս գա»: Նաև հավելեց, որ ամեն դեպքում ՀԱԿ-ի կորիզը ՀՀՇ-ն է. «Մենք էլ գիտենք, որ բոլոր նախագահների օրոք ունեցել ենք օլիգարխներ: Սիստեմը նույնն է: Ես գիտեմ` որքան մարդկանց խոստացել են պաշտոններ ապագա իշխանության մեջ: Տեսեք, մի պատվիրակություն էին ուզում ստեղծել, բայց չկարողացան, որովհետև բոլորը լիդերներ են և ուզում են պաշտոններ: Ճիշտ է, ստեղծվեց խումբը, բայց մինչև այժմ էլ տարաձայնություններ ունեն: Մի պաշտոնի համար կարող են խոստանալ 50 հոգու: Հենց դրա համար էլ գալիս են հանրահավաքի: Ժողովուրդը դրա մեջ ներգրավված չէ»:
Ու շարունակեց. «Հասարակությունը հիսաթափված է բոլորից: Դուք շեշտեցիք ռեսուրսը: Ո՞րն է իշխանության ռեսուրսը: Փողի ուժով ստիպելով… Դուք տեսե՞լ եք մի հավաք, որ մարդիկ ինքնակամ են գալիս: Վերցնենք ՀԱԿ-ին. գիտենք, որ ավտոբուս են վարձում, մարդիկ բերում, փող են ծախսում: Բայց մենք այդպես չենք անում: Ուշ թե շուտ` համակարգը փլուզվելու է: Թալանողներն էլ այդ մասին գիտեն, դրա համար էլ դրսում դղյակներ են առնում-դնում»:
Կարապետյանի խոսքով, եթե ուրիշները ձգտում են, որ իրենց հավաքները մարդաշատ լինեն, ապա իրենք նման ձգտում չունեն. «Մեկ դահլիճ լցնելը հեշտ է, մեկի հետ պայմանավորվես ու կլցնես: Սակայն մենք ուզում ենք, որ այս ամենը լինի մաքուր ձևով: Ազգային ճակատի գործունեությանը լծվել են մի քանի հկ-ներ: Մենք ձգտում ենք արթնացնել ժողովրդին, ոչ թե ինչ-որ փայերի տեր լինենք»:
Ու հետևություն արեց. «Եթե մի տեղ հավաքվում, ասում են` Լևոն, Լևոն, նախագահ, մի տեղ էլ` Սերժ, Սերժ, նախագահ: Հա, ի՞նչ է փոխվում դրանով: Սա երկու թևերի պայքար է: Ժողովուրդը պետք է մտածի, որ ինքը պետք է նախաձեռնի այդ ամենը: Եթե մենք բերենք մարդկանց, չենք տարբերվի էն «Սյունյաց արծիվներից», էն… Բայց ո՞ւր է գիտակցությունը»:
ՀԱԿ այսօրվա հանրահավաքն առաջինն էր երկխոսությանը վերաբերող Սերժ Սարգսյանի հրապարակային հայտարարությունից հետո: ԼՂ խնդրով կազանյան ինտրիգը տեղի չէր ունեցել եւ ենթադրելի էր, որ հենց երկխոսության թեման է հիմնականը լինելու առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթում:
Բայց մինչ ՀԱԿ առաջնորդի ելույթին անդրադառնալը՝ երկու հանգամանքի վրա հրավիրենք ընթերցողի ուշադրությունը:
Նախ, այսօրվա հանրահավաքը նախորդների համեմատ էապես սակավամարդ էր, ինչը դժվար է միայն շոգ ամառվա հանգամանքով պայմանավորելը: Այնուամենայնիվ, տեղ ունի այն պնդումը, որ որոշակի խզում է առաջացել ընդդիմության հարթակի եւ շարքերի միջեւ:
Հավանաբար, այս փաստը նկատել են նաեւ ՀԱԿ ղեկավարները եւ պատահական չէ, որ այսօրվա ելույթներում կարելի էր հանդիպել նախորդ մի քանի ամիսներին մոռացված այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «ավազակապետություն», «թաթար-մոնղոլական իշխանություն» եւ այլն:
Իհարկե, այս ամենը կարող է խոսել հռետորաբանության եւ ոչ թե՝ մարտավարության որոշակի փոփոխության մասին: Գոնե՝ առայժմ, առաջիկա մեկ-երկու ամսվա կտրվածքով:
Ականհայտ է, որ առաջիկա ամիսներին ընդդիմությունը զերծ կմնա ակտիվ հրապարակային գործողություններից՝ իր ուշադրության կենտրոնում պահելով Մարտի 1-ի գործով վերաքննությունը: Անկեղծ ասած, նախաքննության խմբի գործողությունները քննադատության բավարար հիմքեր ստեղծում են: «Թեև իրավապահ մարմինները, կարծես թե, փութաջանորեն լծվել են Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականի (20.04.2011) կատարման գործին, բայց տպավորություն է ստեղծվում, որ մենք կրկին ականատես ենք դառնում նիկոյանական տիպի մի նոր խեղկատակության։ Պատճառներից մեկը թերևս տվյալ հանձնարարականի անորոշությունն է, քանի որ նրանում ընդամենը «թափ և ընդգծված ակտիվացում է ակնկալվում մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում»։ Մինչդեռ խնդիրն այն է, որ Հայաստանի հասարակությունը և միջազգային հանրությունը հստակորեն պահանջում են ոչ թե մարտի 1-ի դեպքերի, այլ կոնկրետ տասը սպանությունների բացահայտում՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով, առաջին հերթին, ոճրագործության պատասխանատուների նկատմամբ ուշացած արդարադատության իրականացմամբ… Քանի դեռ այդ սպանությունները չեն բացահայտվել, զոհերի ընտանիքներն ու վիրավորները բավականաչափ նյութական փոխհատուցում չեն ստացել և ոճրագործները չեն կանգնել դատարանի առջև, արդարադատության նկատմամբ հասարակության վստահության վերականգնման և ներազգային համերաշխության մթնոլորտի հաստատման մասին անիմաստ է խոսել՝ հանգամանք, որն իրենց վերոհիշյալ զեկույցներում հարկ են համարել հատուկ ընդգծել նաև Պրեսկոտը, Ֆիշերն ու Համմարբերգը»,- մի քանի ժամ առաջ հայտարարեց Տեր-Պետրոսյանը։
Մարտի 1-ի բացահայտման թեման ՀԱԿ համար առաջնայինն է լինելու առաջիկա ամիսների քաղաքական գործընթացում, գուցե՝ նաեւ առաջիկա ընտրարշավի օրակարգում: Ասենք, չի բացառվում, որ առաջիկա շաբաթներին ՀԱԿ-ը պաշտոնապես պահանջի փոխել քննություն իրականացնող խմբի կազմը կամ հարցաքննության կանչել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ այլն:
Երկխոսության ձեւաչափի եւ բովանդակության հարցում, դատելով Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթից, ՀԱԿ-ը չի վերանայել իր մոտեցումները, իհարկե՝ առայժմ չվերանայելով նաեւ որդեգրված «երկխոսության պատուհանը բաց է» մարտավարությունը: «Այդպիսի երկխոսություն չի լինում, որովհետև ցանկացած երկխոսություն կողմերի հավասարություն է ենթադրում։ Հետևաբար, որքան էլ իշխանությունը համառի, միևնույն է, վերջիվերջո մեզ հետ խոսելու է պատշաճ, այսինքն՝ պատվիրակության մակարդակով… Երկխոսություն՝ այո՛, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին հիմնական հարցերի շուրջ, որոնցից գլխավորը արտահերթ ընտրությունների անցկացումն ու սահմանադրական կարգի վերականգնումն է։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր նպատակը ոչ թե անպայման իշխանության հասնելն է, այլ օրինական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորումը։ Եթե արդար ընտրությունների արդյունքում հաղթի որևէ այլ քաղաքական ուժ, այդ թվում ներկա իշխանությունը, մենք առաջինը կշնորհավորենք նրան։ Սկզբունքի տեսակետից՝ դա Կոնգրեսի և անձամբ ինձ համար գուցե ավելի մեծ հաղթանակ լինի, քան իշխանական աթոռներին բազմելը… Ուստի որքան էլ մեր իշխանավորները համառեն ու փորձեն ժամանակ ձգել, միևնույն է, նրանք վաղ թե ուշ կանգնելու են արտահերթ ընտրություններ անցկացնելու հարկադրանքի առջև… Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, և առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։ Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, և մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»,- սրանք հատվածներ են Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ երկխոսությանը նվիրված հատվածից։
Ըստ այդմ, անենք մի քանի նախնական հետեւություն
- Առաջիկա մեկ-երկու ամսում ՀԱԿ մարտավարությունը չի փոխվելու, եւ Տեր-Պետրոսյանի թիմը սպասելու է, որ իշխանությունը ընդունի երկխոսության իր կանոնները: Մարտավարության փոփոխություն կարող է լինել միայն սեպտեմբեր — հոկտեմբեր ամիսներին, սակայն հասարակությունը դա կարող է ընկալել ոչ թե ընդդիմության գործողությունների ակտիվացման, այլ՝ մոտեցող ընտրական կամպանիայի համատեքստում:
- Ընդդիմությունն անընդհատ խոսում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտւթյան կամ անխուսափելիության մասին, սակայն չի բացահայտում, թե ինչպես է հասնելու դրանց, եթե իշխանությունը նույն համառությամբ հրաժարվի դրանք անցկացնել: ՀԱԿ-ի շուրջ քաղաքական եւ հասարակական կոնսոլիդացիայի այսօրվա մակարդակը թույլ չի տալիս, որ այդ քաղաքական միավորը սեփական ուժերով կարողանա հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը:
- «…ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, և մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»: Տեր-Պետրոսյանի այս արտահայտությունն երկիմաստություն եւ որոշակի հակասություն է պարունակում: Նախ, այս գլխից էլ պարզ է, որ իշխանություններն ինքնակամ չեն կապիտուլացվելու, հետեւաբար՝ ո՞րն է սպասելու իմաստը: Եվ հետո, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀԱԿ-ը նոր-նոր, այն էլ՝ սեպտեմբերին է պահանջելու գործող նախագահի հրաժարականը:
Իսկ ո՞ւմ հրաժարականն էր պահանջվում երեք տարի շարունակ: Միթե՞ երեք տարի շարունակ դա չի եղել ընդդիմության գլխավոր ու, ըստ էության, միակ պահանջը:
Թուրքիայի տնտեսությունն աճել է 11%–ով։ Այս տարվա առաջին եռամսյակի մասին, ինչպես հաղորդում է «Անկարա» գործակալությունը, նշվում է Թուրքիայի վիճակագրական խորհրդի հաղորդագրությունում:
Ըստ այդ տվյալների՝ Թուրքիան 2011թ. առաջին եռամսյակում ամենամեծ տնտեսական աճն է ունեցել աշխարհում՝ առաջ անցնելով Չինաստանից:
Թուրքիային 9,9% տնտեսական աճով հաջորդում է Արգենտինան։ Իսկ Չինաստանը 9,7% աճով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
2011թ. առաջին եռամսյակում Էստոնիայի տնտեսությունն աճել է 8,5%–ով, Սինգապուրինը՝ 8,3%–ով, Հնդկաստանինը՝ 7,8%–ով, Հոնգ Կոնգինը՝ 7,2%–ով, Լիտվայինը՝ 6,9%–ով, Իսրայելինը՝ 6,8%–ով, Ինդոնեզիայինը՝ 6,5%–ով, Թայվանինը՝ 6,5%–ով, Շվեդիայինը՝ 6%–ով:
Հուլիսի 4-ին Հայաստան է ժամանում Grand Orient De France օթյակի Մեծ Վարպետ պարոն Գի Արսիզեն (Guy Arcizet):
Փաստորեն Հայաստանում պաշտոնական հողի վրա են դնում մասոնական ժողովի կայացումը: Մեծ Վարպետի այցի ընթացքում նախատեսված են մի շարք պաշտոնական հանդիպումներ: Հաղորդվում է, որ դրանք մեկ անգամ ևս կարտացոլեն Հայաստանի և Ֆրանսիայի պատմական և մշակութային ընդհանրություններն ու կապերը: Մեծ Վարպետը հանդիպումներ կունենա նաև օթյակի անդամների հետ:
Պարոն Գի Արսիզեն կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի նահատակների, նաև բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին:
Իր առաջին պաշտոնական այցը Հայաստան Մեծ Վարպետը կավարտի մամլո ասուլիսով, որը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, Golden Palace հյուրանոցի «Մեծ Հայք» սրահում:
«Հարավ- կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում սպասում են ընկերության գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի մոտալուտ պաշտոնանկությանը, իսկ «Երկաթգիծը» պաշտոնապես հերքում է այս մասին լուրերը։ Պաշտոնանկության բուն պատճառը պարզ չէ։ Շայդուլինի մերձավորները տարածում են վարկած, որի համաձայն «Ռուսական երկաթգծի» ղեկավարությունը որոշել է նրան տեղափոխել կենտրոնական ապարատ, քանի որ նման փորձառու մասնագետի և կառավարչի ուժերն ավելի կարևոր հանգույցներում են անհրաժեշտ, քան շրջափակումներից այդպես էլ դուրս չեկած Հայաստանն է։ Ռուսական իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, որոշ գործարքներով Շայդուլինը վերջերս հայտնվել է ՌԴ հատուկ ծառայությունների տեսադաշտում, և վերջիններս Շայդուլինի դեմ նյութեր են նախապատրաստում։ Հիշեցնենք, որ ժամանակին հայկական մամուլում տեղեկություններ հայտնվեցին ռուսաստանյան այս պաշտոնյաի ահաբեկիչների հետ կապերի մասին ։ Բացառված չէ, որ հենց այս պատճառով է ազգությամբ թաթար Շևքեթն արժանացել Մոսկվայի իրավապահների ուշադրությունը։ Ինչպես հայտնի է, Մեդվեդեվի աշխատակազմը լուրջ գործունեություն է սկսել կոռուպցիայի և ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությամբ, շաղկապելով այս երկու գործընթացը։ Հիշեցնենք նաև, որ Շայդուլինը ղեկավարում է «Հարավ- կովկասյան երկաթուղին» 2008 թվականից, իսկ մինչ այդ Սվերդլովյան երկաթուղու տնօրենն էր, բայց 2007 թվականի մարտին տեղի ունեցած տասնյակ բեռնատար վագոնների խոշոր վթարներից հետո նրան ազատեցին այդ պաշտոնից։ Սակայն սա Շայդուլինի միակ «թերությունը» չէր։ Մինչ այդ, 2005 թվականին «Ռուսաստանյան երկաթգիծ» ԲԲԸ ղեկավարությունը ստուգումներ էր անցկացրել Սվերդլովսկի իր մասնաճյուղում և բացահայտել էր, որ Շևքեթ Նուրալիյեվիչը 1 մլրդ 666 հազար ռուբլու վնաս է հասցրել պետությանը։ Ռեվիզիան 635,5 մլն ռուբլու չհաշվառված եկամուտ և ակտիվներ էր հայտնաբերել, կապիտալ շինարարության ծախսերի 47 մլն-ից ավելի գերազանցումներ, փաստաթղթերում չֆիքսված սև փողեր և այլն։ Պետության հաշվին նա մոսկովյան իր շքեղ պալատի ծախսերն էր փակում, բնակարաններ էր բաժանում իր մերձավորներին, որոնց բերել էր Նիժնի Նովգորոդից, «լավ մարդկանց» պաշտոններ էր բաժանում, հետագայում իրեն մուծվելու պայմանով։ Այս ամենի մասին հիշատակել է այդ տարիների ռուսական մամուլը։ Թե ինչպես հայտնվեց այսքան փայլուն աշխատանքային կենսագրություն ունեցող անձը Հայասատանի համար ռազմավարական նշանակություն ունեցող կառույցի ղեկավարի պաշտոնում, կարծում եմ, ազգային անվտանգության հարց է։ Տեղեկություններ կան, որ Հայաստանում նրա հարաբերությունները գործարարների հետ հարթ չեն եղել։ Մեր աղբյուրների թվում են Շևքեթ Նուրալիեվիչի կողմից քցված մարդիկ, որոնք վստահեցնում են, որ նա բարեխիղճ չէ ֆինանսական գործարքներում։
Վաղն Ազատության հրապարակում կայանալու է ՀԱԿ հերթական հանրահավաքը, որն առաջինն է լինելու իշխանություն-ընդդիմություն երկխոսության վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո: Հիշեցնենք, որ երկրի նախագահը սկզբունքորեն ողջունել էր երկխոսության գաղափարը, սակայն, ըստ էության, մերժել էր այն օրակարգն ու ձևաչափը, որն առաջարկել էր ՀԱԿ-ը:
Այս իրավիճակում, մանավանդ` այն բանից հետո, երբ Կազանում բեկում չարձանագրվեց ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը երկու ճանապարհ ունի: Վաղվա հանրահավաքը կոչված է բացահայտելու ՀԱԿ մարտավարության ընտրությունը:
ՀԱԿ-ը կարող է արմատականացնել իր դիրքորոշումն ու վարքագիծը, արձանագրել, որ իշխանության հետ երկխոսության պատուհանն այլևս փակված է, հայտարարել իշխանության հետ ջրբաժանի մասին: Սա կենթադրի նաև վարքագծային փոփոխություն, հանրահավաքների հաճախակիացում, հեղափոխական վիճակ ստեղծելու ձգտում: Արտաքուստ այս տակտիկան գրավիչ է, մանավանդ որ` ընդդիմության շարքերի մի ստվար մաս հենց դա է ուզում: Բայց եթե դուրս գանք էմոցիոնալ հարթությունից, դժվար չէ նկատել, որ այս պահին Հայաստանում հեղափոխական զարգացումների սցենարն աշխատող չէ, ու եթե ՀԱԿ-ը գերապատվությունը տա ձախողման դատապարտված տակտիկային, կորուստներ է կրելու հեռանկարային իմաստով: Ասենք, կարելի է հեռու չգնալ և հիշել Հայաստանի ընդդիմության 2004-2007 թթ.-ի գործունեությունը, երբ «հեղափոխություն» բառն ամենապոպուլյարն էր, նշանակվում էին հեղափոխության կոնկրետ օրեր ու ժամեր: Արդյունքում` չիրականացված հեղափոխության ոչ մի հեղինակ չհայտնվեց անգամ խորհրդարանում, որովհետև մինչև 2007-ի ընտրություններն ընդդիմադիր բոլոր ուժերը ժողովրդի աչքին արժեզրկվել էին:
ՀԱԿ-ն ունի երկրորդ ճանապարհը, որով հավատարմություն է հայտնվում երկխոսության գաղափարին և պատրաստակամություն է հայտնվում որոշակի զիջումների գնալ երկխոսության օրակարգի և ձևաչափի հարցերում: Սա գուցե Տեր-Պետրոսյանին այս պահին զրկի համակիրների որոշակի հատվածից, բայց մանևրելու մեծ դաշտ կտա, թույլ կտա երկրում ձևավորել մրցակցային միջավայր` խորհրդարանական և նախագահական հերթական ընտրություններից առաջ: Մրցակցությունը պետք է որ չմտահոգի առաջին նախագահին. նա ունի բավականին որակյալ թիմ` թե փորձառության և թե մտավոր ներուժի առումով:
Սրանք մեր վարկածներ էին, իսկ ընդդիմության վարկածի մասին կխոսենք վաղվա հանրահավաքից հետո:
Այսօր Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ասուլիս էր տվել` ցույց տալու համար, թե ինչպիսի հսկայածավալ աշխատանք են իրականացրել նախագահի համապատասխան հանձնարարականից հետո: Մասնավորապես, հարյուրից ավելի վկա է հարցաքննվել, իրականացվել են մի շարք գործողություններ:
Չնայած սրան` տասը զոհերի մահվան հանգամանքները բացահայտված չեն, և առհասարակ` պարոն Հարությունյանն այսօր չնշեց գեթ մեկ հանգամանք, որ մեզ, հասարակությանը, տուժողներին հայտնի չէր: Ավելին, քննչական խմբի ղեկավարը հստակ հասկացրեց, որ Մարտի 1-ի գործի նոր քննությունից շատ բան չսպասենք: «Ես միշտ ասել եմ, որ նախաքննությունը հնարավոր չի հաշվարկով անել, ես կարծում եմ՝ նախագահն ակնկալում է զեկույց ցանկացած պարագայում՝ կլինի բացահայտում, թե՝ չէ»,- ասել է նա:
Տեղական և միջազգային դիտորդները բազմիցս նշել են, որ Մարտի 1-ի գործով տեղի են ունեցել բազմաթիվ քաղաքականացված, ուղղորդված դատավարություններ, շատ հաճախ մարդկանց հանիրավի ազատազրկել են: Սակայն, եթե հավատանք Հարությունյանի պնդումներին, նա կասկածի տակ չի դնում իր ղեկավարած մարմնի անցած տարիների գործունեությունը:
Այս համատեքստում` մի փոքր անհասկանալի է, թե ի՞նչ է տալու Մարտի 1-ի գործը վերաքննելու նախագահի հանձնարարությունը: Երևի տեղին էին այն պնդումները, որ, եթե, այնուամենայնիվ, վերաքննություն է իրականացվելու, ապա դա պետք է իրականացներ նոր քննչական խումբ, նոր մարդիկ, ովքեր ձերբազատված էին նախկինի կոմպլեքսներից:
Զուտ մարդկայնորեն դժվար է պատկերացնել, որ Վահագն Հարությունյանն ու մյուսները պետք է խոստովանեն, որ նախկինում քննությունն իրականացրել են քաղաքական թելադրանքով ու նոր քննությունն իրականացնեն օրենքի տառին համապատասխան: Ավելի շուտ, նրանք ճգնելու են ապացուցել, որ ամեն բան ճիշտ են արել և Մարտի 1-ի գործի վերաքննությունը ծառայեցնելու են հենց քննչական մարմնի շահերին: Լավագույն դեպքում, մեկ-երկու ոստիկան պատժվելու են` մարդկանց կյանքից զրկելու համար, իսկ Մարտի 1-ի պատվիրատուները դարձյալ մնալու են ստվերում:
«Եթե ասենք, որ կեղծված ընտրությունները արդար են, ես դա չեմ հասկանում, դա է անբարոյականությունը, այլ ոչ թե այդ հարցերը բարձրացնելը»,- Ստրասբուրգում ՀՀ նախագահին ուղղված իր հարցի կապակցությամբ լրագրողներին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը`նկատելով, որ եթե ընդդիմության ներկայացուցիչը հարց է ուղղում ՀՀ նախագահին, չի նշանակում, որ ժողովրդավարական երկիր ենք:
Հիշեցնենք, որ Փոստանջյանը մասնավորապես ընդգծել էր, որ Հայաստանում ավտորիտար վարչակարգ է իշխում, և հարցրել էր` արդյո՞ք Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս անգամ Զարուհու նկատմամբ ոտնձգություններ չեղան, ինչպես եղավ 2 տարի առաջ, երբ նա Հայաստանին առնչվող խնդրի օգտին ստորագրություններ հավաքեց նաև ադրբեջանցի պատվիրակներից:
Զարուհի Փոստանջյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանը արդար և օրինական ճանապարհով է զբաղեցնում նախագահի պաշտոնը: Այդուհանդերձ, Ստրասբուրգում Զարուհու հնչեցրած հարցը Հայաստանում բավական լայն արձագանք գտավ, և ինչպես իշխանության ներկայացուցիչները, այնպես էլ ՀՅԴ անդամները դա գնահատել են որպես բացասական երևույթ, անգամ` դավաճանություն ու անբարոյականություն:
Ինչ վերաբերում է ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի դիտարկմանը, թե սխալ է դրսից տղա բերելը, Փոստանջյանն ասաց. «Նախ` մենք օտարերկյա ուժերին չենք դիմում: Մենք այդ կառույցում լիարժեք անդամ ենք և իրավունք ունենք այնտեղից ակնկալելու ՀՀ քաղաքացիների պաշտպանություն: Եթե Ռուստամյանը կարծում է. որ ԵԽԽՎ-ն օտար ուժ է, դա իր գնահատականն է»:
Ի դեպ, օրերս կայացած ԵԽԽՎ Մոնիտորինգի նիստի ժամանակ որոշվել է, որ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը Հայաստան կայցելեն հուլիսի 20-ին
Ամփոփելով կազանյան հանդիպումը` Փոստանջյանը պատմեց, որ ընդունվել են մի շարք բանաձևեր, որոնք վերաբերում են նաև Հայաստանին: Դրանցից մեկում նշվում է, որ ԵԽԽՎ անդամ պետությունների խորհրդարանները պետք է երաշխավոր կանգնեն մարդու իրավունքների պաշտպանությանը և Եվրոպական դատարանի որոշումների կատարմանը, իսկ գործադիրները պետք է հաշվետվություն ներկայացնեն:
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Կազանում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կբերեն Կազանում Ադրբեջանի ներկայացրած առաջարկները: «Ադրբեջանը, ըստ Նալբանդյանի, նոր առաջարկություններ է ներկայացրել, ինչը չի հերքվել պաշտոնական Բաքվի կողմից: Կարծում եմ՝ համանախագահները Երևան են բերելու ադրբեջանական առաջարկությունները»,- ասաց Կարապետյանը՝ ավելացնելով, որ համանախագահները Երևանում կքննարկեն այն հարցը, թե Բաքվի առաջարկներից որն է ընդունելի հայկական կողմի համար:
Կարապետյանը շատ կուզենար որ մենք էլ հանդես գայինք առաջարկներով: Ըստ նրա՝ ճիշտ կլիներ, եթե հայկական կողմն ասեր` քանի որ սեղանին դրված չէ «մեր երազած» կարգավորման փաստաթուղթը, մենք էլ ներկայացնում ենք մեր առաջարկները: «Կազանի հանդիպումը, կարծում եմ, ցույց է տալիս, որ գործընթացն ավարտված չէ, և դրա վկայությունն այն է, որ միջնորդները շահագրգռված են հասնել հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի ստորագրմանը, և որ կողմերից մեկը բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է ստորագրել առաջարկվող փաստաթուղթը»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Նա համաձայնեց այն կարծիքին, որ Կազանում փաստաթուղթ չի ստորագրվել Ադրբեջանի պատճառով: «Թերևս բոլորի համար է ակնհայտ, որ փաստաթուղթը չի ստորագրվել Ադրբեջանի պատճառով: Դրա մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը, իսկ Ադրբեջանի արձագանքից պարզ դարձավ, որ իրենք դա չեն հերքում»,- ասաց նա:
Ըստ Կարապետյանի, կազանյան հանդիպումը հայկական պատվիրակության երկրորդ ձախողումն է, որովհետև մեր պատվիրակությունը «տեղում չֆիքսեց» Ադրբեջանի ապակառուցողականությունը: Ըստ նրա, հայկական պատվիրակությունը հենց Կազանում` միջնորդների ներկայությամբ պետք է արձանագրեր այդ փաստը և հասներ այն բանին, որ միջնորդները խոսեին Ադրբեջանի ապակառուցողականության մասին, և ոչ թե մի քանի օր սպասեր միջազգային հանրության հայտարարություններին, որոնք հավասարապես դիտարկեցին Հայաստանին և Ադրբեջանին:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակությունը: Կողմերը երկուստեք նշել են, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունն արդյունավետորեն զարգանում է և անդրադարձել են Աֆղանստանում տեղակայված հայկական զինուժի փաստին: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ իր նախագահությամբ և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավվածությամբ ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի շրջանակներում ակտիվորեն գործում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը, որը պարբերաբար անցկացվող հանդիպումների և քննարկումների միջոցով համակարգում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը: Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել հարաբերությունների առկա մակարդակի վերաբերյալ` միևնույն ժամանակ ընդգծելով մի շարք կոնկրետ ուղղություններով համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Մասնավորապես Արթուր Բաղդասարյանն առանձնացրել է արտակարգ իրավիճակների ոլորտը, որտեղ իրականացվող բարեփոխումների շրջանակներում կառավարության որոշմամբ ստեղծվել է ճգնաժամերի կառավարման կենտրոն, ինչպես նաև նախատեսվում է ներդնել եվրոպական 211 կամ ամերիկյան 911 մոդելի արագ արձագանքման համակարգ: Այս համատեքստում Արթուր Բաղդասարյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ հետագա համագործակցության խորացումը` փորձագիտական և տեխնիկական աջակցության տեսքով, ինչը կնպաստի այդ համակարգերի հետագա գործունեության արդյունավետության խթանմանը:
Ի լրումն վերոնշյալի, Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հայաստանում մշակվել և արդյունավետորեն իրականացվում է ոստիկանական ոլորտի բարեփոխումների ծրագիր Եվրամիության և ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ, սակայն առկա են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հնարավորություններ ոլորտի որոշակի կոնկրետ ուղղություններով` կիբեր ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղություններով: Նա նշել է, որ միջազգային փորձագետների նկատառումների հաշվառմամբ արդեն իսկ մշակվել է կիբեր ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր:
Բարձրաստիճան հյուրն արտահայտել է իր գոհունակությունը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքի վերաբերյալ` կարևորելով հանդիպման ընթացքում համագործակցության խորացմանն ուղղված կոնկրետ ուղղությունների նախանշումը: Նա պարտավորվել է հանդիպումից անմիջապես հետո հանձնարարականներ ներկայացնել արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցերով պատասխանատու ստորաբաժանումներին` մշակել համագործակցության կոնկրետ մեխանիզմներ, ինչպես նաև առաջարկներ ներկայացնել ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարության իրականացման վերաբերյալ: Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի` կիբեր անվտանգությանը վերաբերող մոտեցումները և այս ասպարեզում գործընկերների հետ հետագա փոխգործակցության հարցերը կարևոր նշանակություն ունեն:
Ինչպես տեղեկացնում են ԱԱԽ մամուլի գրասենյակից, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի քննարկման ընթացքում Արթուր Բաղդասարյանը, անընդունելի և ոչ կառուցողական համարելով Ադրբեջանի դիրքորոշումը, ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում` նշելով, որ Հայաստանը, անընդունելի համարելով ռազմական ճանապարհը, միանշանակ կողմ է բանակցային ուղով և փոխընդունելի փոխզիջումների միջոցով խնդրի հանգուցալուծմանը: Չնայած պատմական անցյալին` Հայաստանն իր մեջ ուժ գտավ նստելու բանակցային սեղանի շուրջ` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նպատակով, այնինչ Թուրքիան շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը` սառեցնելով հարաբերությունների կարգավորման նպատակով ստորագրված արձանագրությունների վավերացումը: Ավելին, Հայաստան-Թուրքիա գործուն երկաթգծի առկայության պայմաններում մեր հարևան երկիրը միլիոնավոր դոլարներ է ներդնում Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան` Հայաստանը շրջանցող մեկ այլ երկաթգծի շինարարության մեջ, ինչը վերը նշվածի վառ ապացույց է: Այնուամենայնիվ, գերակա համարելով տարածաշրջանային խաղաղությունը և հարաբերությունների նորմալացումը հարևանների հետ` Հայաստանը հավատարիմ է մնում է իր կառուցողական մոտեցումներին և բաց իր հայտարարություններում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.