23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը և «Ժառանգություն» կուսակցության անդամ, փաստաբանների պալատի անդամ Արշալույս Նիկողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին մասնավորապես ԿԸՀ ընտրությունների մասին:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ որքան էլ «Ժառանգությունը» պայքարեց ընտրական հանձնաժողովների դեմ, իշխանություններն օգտագործեցին փրկօղակը, այն է՝ ՀԱԿ-ի առաջարկը: «Գարեգին Ազարյանի ընտրությունը ամեն ինչի մասին վկայում էր: Դատարանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կես գրամ անկախություն չունի, և Հայաստանում որևէ անկախ մարմնի մասին խոսելը հեքիաթ է»,- նշեց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ այսօր ունենք այն, ինչ ունենք:
Ըստ նրա որ իշխանությունները պատրաստ չեն անկախ ընտրությունների՝ ապացուցում է «Ա1+»-ին և Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությանը եթերից զրկելու փաստը, ընտրությանը մասնակցած մարդկանց ցուցակները չհրապարակելը:
Նրա խոսքով, եղել են բազմաթիվ ընտրակեղծիքներ, կաշառք բաժանելու դեպքեր, և ԿԸՀ նախագահը ոչ մի անգամ չի արձագանքել դրանց: «Ցավոք, միջազգային կառույցներն օգնեցին իշխանություններին»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
«Ես հայկական սերիալներ չեմ նայում»,- այսպես արձագանքեց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ՀԱԿ-իշխանություն բանակցությունները մեկնաբանելու լրագրողների խնդրանքին: Նա չցանկացավ գնահատել Կոնգրեսի և իշխանությունների այսօր սպասվող հանդիպումը՝ հայտարարելով. «Կարծում եմ՝ Հանրային խորհրդից մինչ Բաղրամյան 19 կամ Բաղրամյան 26 այնքան էլ հեռու չէ, ընդամենը մետրոյով երկու կանգառ է»:
«Այս երկխոսությունը միտված չէ հասարակության խնդիրների լուծմանը… Եվ կարևորը ոչ թե երկխոսությունն է, այլ այն մնացած ամեն ինչը, ինչը որ կարող ենք անել մենք բոլորս»,- ասաց նա:
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը եւ նրա թիմը մասնակցելու են ընտրություններին՝ լինեն դրանք հերթական, թե` արտահերթ։ Այս մասին նա հայտարարեց հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ամփոփելով՝ ԺԿ նախագահը նկատեց, որ արտահերթ ընտրությունների հավանականությունը շատ փոքր է, քանի որ այդ հարցը դրված չէ որպես անկյունաքար։ «Արտահերթ ընտրությունների հարցը դրվում է, որպեսզի իշխանություն — ընդդիմություն բանակցությունները որոշակիորեն լեգիտիմանան»,- համոզմունք հայտնեց Տիգրան Կարապետյանը:
Կարապետյանը դեմ է Հայաստանում գործող բոլոր ընդդիմադիրներին ՀԱԿ-ին վերագրելուն, քանի որ ՀՀ քաղաքական դաշտում կան խորհրդարանական և արտախորհրդարանական ուժեր, որ Կոնգրեսի հետ չեն:
Նա համոզված է, որ այս երկխոսությունը թիմային և քաղաքական շահեր է հետապնդում: Իսկ շահեր ասելով՝ նկատի ունի առաջիկա խորհրդարանի և կառավարման ձևավորումը: Այսինքն՝ նոր ձևաչափ նոր խաղացողով՝ ի դեմս ՀԱԿ-ի: «Արթուր Բաղդասարյանին ԱԽՔ ու վախք էին ասում: Հիմա մի պիտակ էլ իրենց թող կպցնեն ու շարունակեն իրենց երկխոսությունը»,- առաջարկեց Տիգրան Կարապետյանը:
Իսկ թե ինչու իշխանությունը գնաց երկխոսության՝ Տիգրան Կարապետյանի դիտարկմամբ, ՀԱԿ-ի շուրջը միավորվել էին նախկին չինովնիկներն ու օլիգարխները, հետևաբար կարողացան մտահոգել իշխանությանը: Իշխանությունները նախընտրեցին նրանց այդ ամբիոնը տանել խորհրդարան, քան թողնել փողոցում:
Տիգրան Կարապետյան արտահերթ ընտրություններին չի հավատում այն պատճառաբանությամբ, որ նախ՝ ժամանակն է քիչ, իսկ հետո էլ՝ ասենք, արտահերթ ընտրություններ լինեն, նույն Ազարյա՞նը չի ղեկավարելու ԿԸՀ-ն, նույն իր նախկին մեկնաբանություննե՞րը չի հնչեցնելու: Նրա խոսքերով, համակարգն է պետք փոխել, բայց ոչ ՀԱԿ-ի միջոցով: «ՀԱԿ-ում կան նաև նորմալ մարդիկ, բայց քչացել են: ՀԱԿ-ը հիմնականում չինովնիկների կառույց է: Ո՞ւմ պետք է հավատան՝ նախկին բերդի պետի՞ն, հարկայինի պետի՞ն, թե՞ քաղաքապետին»,- ասաց Կարապետյանը:
Շաբաթ օրն առանցքային է դարձել մեր ներքաղաքական գործընթացի համատեքստում: Համենայն դեպս` վերջին ամսվա ընթացքում:
Նախանցած շաբաթ օրը ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ կոալիցիան աշխատանքային խումբ է ձևավորելու` ՀԱԿ-ի հետ երկխոսություն սկսելու նպատակով: Երկու օր առաջ` դարձյալ շաբաթ օրը, հայտնի դարձավ, որ կոալիցիոն պատվիրակությունը ՀԱԿ իր գործընկերներին հրավիրում է հանդիպման` արդեն այսօր:
Հիմա` ըստ էության:
Այն բանից հետո, երբ Սարգսյանի մամուլի քարտուղարը հայտարարեց կոալիցիոն պատվիրակության ձևավորման մասին` ՀԱԿ-ում հրաժարվեցին մենաբանություններից. Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում պնդում էին, որ կոալիցիոն պատվիրակության մանդատը պետք է վավերացվի հանրապետության նախագահի հրամանագրով կամ ակտով: Մի փոքր անհասկանալի, եթե չասեմ` իրավական տրամաբանությունից դուրս պահանջ էր:
Բայց այս անգամ ՀԱԿ պահանջին Սերժ Սարգսյանը չարձագանքեց: Նրա փոխարեն դա արեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ընդ որում` ոչ թե իշխանության, այլ` խորհրդարանական կոալիցիայի անունից: Նա հրապարակեց կոալիցիոն պատվիրակության կազմը և հուլիսի 18-ին ՀԱԿ պատվիրակությանը հրավիրեց կոալիցիոն գործընկերների հետ հանդիպման` «Էրեբունի» հյուրանոցում, Հանրային խորհրդի նիստերի փոքր դահլիճում:
Երկխոսության ՀԱԿ առաջարկած ձևաչափը, ըստ էության, մերժվեց: Մի փոքր էլ տարօրինակ էր Կոնգրեսին Հանրային խորհուրդ հրավիրելը, առավել ևս, որ այս մարմինը հասարակության մոտ դրական ասոցիացիաներ չի առաջացնում և նույնանում է «հաճախորդների» ակումբի հետ:
Այս անգամ, սակայն, ՀԱԿ-ը բավական արագ արձագանքեց Աբրահամյանի հայտարարությանը:
Կոնգրեսի ութ կետանոց հայտարարությունը բաղկացած է երեք մասից` նկարագրողական, որում հիշեցվում են իշխանության քայլերի մասին, կոնկրետ գնահատականներ` տրված Աբրահամյանի հայտարարությանը, և վերջապես` իրազեկում ՀԱԿ օգոստոսի 2-ի հանրահավաքի մասին:
«…Հայ Ազգային Կոնգրեսն ի սկզբանե շեշտել և հետագայում բազմիցս կրկնել է, որ իր ներկայացրած երեք հայտնի պահանջների կատարումից հետո պատրաստ է երկխոսություն սկսել ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, և ցավով արձանագրում է, որ վերջիններս չեն հասկացել կամ ձևացնում են, թե չեն հասկացել այս պարզ իրողությունը, ինչը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ոչ համարժեք ընկալման կամ քաղաքական անպատասխանատվության դրսևորում… Դա համարելով որոշումների կայացման հարցում բարդույթներ ունեցող իշխանություններին հատուկ ժամանակավոր արգելակում կամ մանր խորամանկություն, Կոնգրեսը որևէ կասկած չունի, որ նրանք վաղ թե ուշ մեզ հետ խոսելու են գործադիր մարմինների ներկայացուցիչներից կազմված և Սերժ Սարգսյանի կողմից լիազորված պատվիրակության մակարդակով՝ հանգամանքների թելադրանքով քննարկելու համար մեր առաջարկած օրակարգը, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը… Քանի դեռ այդպիսի պատվիրակություն չի ձևավորվել, Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև իրական երկխոսության մասին ավելորդ ու անիմաստ է խոսել։ Իշխանությունները պետք է հասկանան, որ որքան էլ փորձեն ժամանակ շահել և հարցը ձգձգել, միևնույն է, նրանք չեն կարողանալու խուսափել արտահերթ ընտրությունների անցկացման հրամայականից, ուստի, երկրի կորուստներն ու ժողովրդի տառապանքները չավելացնելու համար, պարտավոր են, որքան հնարավոր է, արագ կողմնորոշվել այդ հարցում…
Այս ամենով հանդերձ, նկատի ունենալով կոալիցիոն կուսակցությունների կողմից մեզ արված առաջարկը և ենթադրելով, որ նրանք մեզ ասելիք ունեն (քանի որ իրենք են հանդես եկել նման նախաձեռնությամբ), մենք դեմ չենք հուլիսի 18-ին հանդիպել նրանց հետ ու ամենայն հարգանքով լսել նրանց, թեև կարելի էր հանդիպման համար չեզոք վայր ընտրել։ Ավելին, մենք պատրաստ ենք նաև հետագայում պահպանել կոալիցիոն կուսակցությունների հետ հանդիպումների ձևաչափը, որպես Կոնգրես-իշխանություն բանակցությունների հիմնական ձևաչափին զուգահեռ և օժանդակ գործընթաց…»,- մասնավորապես ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:
ՀԱԿ հայտարարության տրամաբանությունը հուշում է, որ Տեր-Պետրոսյանի թիմը պետք է հրաժարվեր այսօրվա հանդիպումից: Բայց դա կարող էր չընկալվել հատկապես միջազգային կառույցների կողմից. կստացվեր, որ մենք ունենք հանդուրժող իշխանություն և անհանդուրժողականությամբ տառապող ընդդիմություն: Հավանաբար, այս հաշվարկով էլ արվել էր Աբրահամյանի հայտարարությունը:
Սակայն ՀԱԿ-ը նաև բոլորին նախապատրաստում է այսօր մեկնարկելիք գործընթացի հնարավոր ձախողման հեռանկարին, ավելին` հրաժարվում է քաղաքական պատասխանատվություն կրել դրա համար` նախաձեռնությունը վերագրելով կոալիցիային: «Քանի դեռ այդպիսի պատվիրակություն չի ձևավորվել (խոսքը Սերժ Սարգսյանի ձևավորած պատվիրակության մասին է), Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև իրական երկխոսության մասին ավելորդ ու անիմաստ է խոսել»,- ասում են Կոնգրեսում:
Ստացվում է, որ այսօր ՀԱԿ պատվրակությունը գնալու է` լսելու համար կոալիցիոն ուժերի առաջարկները: Կոալիցիայի ներկայացուցիչներն, իրենց հերթին, ասել էին, որ իրենց աշխատանքային խումբը ստեղծվել է, որպեսզի լսի արտախորհրդարանական ընդդիմության առաջարկները: Ստացվում է, որ երկու կողմերն էլ այսօր լսողի դերում են լինելու: Իսկ եթե անգամ խոսեն, ըստ ՀԱԿ-ի` դա երկխոսություն չի լինելու:
Այնպես որ` այսօր մենք կարող ենք ականատես լինել ոչ թե երկխոսության մեկնարկին, այլ` սովորական գյալաջիի: Դա էլ նորմալ կլիներ, եթե չլիներ երկխոսության գաղափարի արժեզրկման վտանգը:
Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պատասխանել է հուլիսի 18-ին իշխող կոալիցիայի հետ հանդիպելու առաջարկին, որով հանդես էր եկել Հովիկ Աբրահամյանը:
1. Ս.թ. հուլիսի 9-ին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսություն ծավալելու նպատակով «Կոալիցիոն կուսակցությունները ձեւավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից»։
2. Հուլիսի 16-ին հրապարակվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ նույն խնդրի կապակցությամբ արված հետեւյալ հայտարարությունը. «Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձեւավորված աշխատանքային խումբը՝ Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ), Գագիկ Մինասյանի (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանի (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանի («Օրինաց երկիր») եւ Խաչիկ Հարությունյանի («Օրինաց երկիր») մասնակցությամբ, պատրաստ է սկսելու քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ։ Աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին ս.թ. հուլիսի 18-ին, ժամը 16։00-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ («Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ) առաջին հանդիպման համար»։
3. Քանի որ Հայ Ազգային Կոնգրեսը երբեւէ կոալիցիոն կուսակցությունների հետ երկխոսություն ծավալելու առաջարկ չի արել, ուստի նշված հայտարարություններից միանշանակորեն բխում է, որ կոալիցիոն կուսակցություններն իրենք, սեփական նախաձեռնությամբ, ցանկություն են հայտնել քաղաքական քննարկումներ սկսել մեզ հետ եւ այդ նպատակով նաեւ համապատասխան աշխատանքային խումբ են ձեւավորել։
4. Հայ Ազգային Կոնգրեսն ի սկզբանե շեշտել եւ հետագայում բազմիցս կրկնել է, որ իր ներկայացրած երեք հայտնի պահանջների կատարումից հետո պատրաստ է երկխոսություն սկսել ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, եւ ցավով արձանագրում է, որ վերջիններս չեն հասկացել կամ ձեւացնում են, թե չեն հասկացել այս պարզ իրողությունը, ինչը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ոչ համարժեք ընկալման կամ քաղաքական անպատասխանատվության դրսեւորում։
5. Դա համարելով որոշումների կայացման հարցում բարդույթներ ունեցող իշխանություններին հատուկ ժամանակավոր արգելակում կամ մանր խորամանկություն, Կոնգրեսը որեւէ կասկած չունի, որ նրանք վաղ թե ուշ մեզ հետ խոսելու են գործադիր մարմինների ներկայացուցիչներից կազմված եւ Սերժ Սարգսյանի կողմից լիազորված պատվիրակության մակարդակով՝ հանգամանքների թելադրանքով քննարկելու համար մեր առաջարկած օրակարգը, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։
6. Քանի դեռ այդպիսի պատվիրակություն չի ձեւավորվել, Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ իրական երկխոսության մասին ավելորդ ու անիմաստ է խոսել։ Իշխանությունները պետք է հասկանան, որ որքան էլ փորձեն ժամանակ շահել եւ հարցը ձգձգել, միեւնույն է, նրանք չեն կարողանալու խուսափել արտահերթ ընտրությունների անցկացման հրամայականից, ուստի, երկրի կորուստներն ու ժողովրդի տառապանքները չավելացնելու համար, պարտավոր են, որքան հնարավոր է, արագ կողմնորոշվել այդ հարցում։
7. Այս ամենով հանդերձ, նկատի ունենալով կոալիցիոն կուսակցությունների կողմից մեզ արված առաջարկը եւ ենթադրելով, որ նրանք մեզ ասելիք ունեն (քանի որ իրենք են հանդես եկել նման նախաձեռնությամբ), մենք դեմ չենք հուլիսի 18-ին հանդիպել նրանց հետ ու ամենայն հարգանքով լսել նրանց, թեեւ կարելի էր հանդիպման համար չեզոք վայր ընտրել։ Ավելին, մենք պատրաստ ենք նաեւ հետագայում պահպանել կոալիցիոն կուսակցությունների հետ հանդիպումների ձեւաչափը, որպես Կոնգրես–իշխանություն բանակցությունների հիմնական ձեւաչափին զուգահեռ եւ օժանդակ գործընթաց։
8. Վերը նշված բոլոր հարցերին եւ կոալիցիոն կուսակցությունների «աշխատանքային խմբի» հետ առաջիկա հանդիպման մանրամասներին Հայ Ազգային Կոնգրեսը ավելի հանգամանորեն կանդրադառնա օգոստոսի 2-ի հանրահավաքում։ Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք հանրահավաքի, քանզի իշխանություններին կառուցողականություն պարտադրելու այլ միջոց, քան հասարակության ակտիվությունն է, գոյություն չունի։
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կտրականապես հերքել է Ադրբեջանում 13-ամյա աղջնակի մահվան հետ հայկական կողմի որեւէ առնչությունը: Ինչպես նշված է ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջում, Շ.Քոչարյանը, մասնավորապես, ասել է.
«13-ամյա աղջնակի մահվան հետառնչություն ունենալու մեջ Հայաստանին ուղղված մեղադրանքն այնքան հիմնազուրկ է եւ անմիտ, որ նույնիսկ հերքման կարիք չի զգում:
Ակնհայտ է, որ նման սին մեղադրանքների եւ հերթական հիստերիայի գլխավոր նպատակն է էլ ավելի սրել Ադրբեջանում ամենաբարձր պետական մակարդակով իրականցվող հակահյակական եւ ռասիստական քարոզչությունն ու խորացնել կողմերի միջեւ անվստահության մթնոլորտը:
Նման քայլերով, Ադրբեջանի ղեկավարությունը, չցանկանալով խոստովանել, որ նրա բանակցային գործընթացում որդեգրած «կամ ամեն ինչ, կամ ոչինչ մոտեցումը» անիրականանելի է, փորձում է հրեշավոր հնարքներով ու հարեւան ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելով խուսափել սեփական ժողովրդի առջեւ պատասխանատվությունից եւ տապալել բանակցայն գործընթացը»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հուլիսի 14-ին Հայաստանի հետ սահմանամերձ Թովուզի շրջանում բնակվող փոքրիկ աղջնակի ողբերգական մահը փորձել են կապել հայերի հետ եւ այդ օրերին Ադրբեջանում գտնվող ԵԱՀԿ համանախագահների ներկայությամբ մեծ աղմուկ են բարձրացրեցª թե իբր երեխայի մահվան պատճառը հայկական կողմից գետը գցած պայթուցիկով լցոնված մանկական խաղալիքն է եղել:
Մեկնաբանելով ադրբեջանցիների խնդրաքով տեղի ունեցածըª ԵԱՀԿ Միտնսկի խմբի Ֆրանսիայի կողմից համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, որ «այդ իրադարձությունը մեկ անգամ գալիս է հաստատելու, որ նման միջադեպերի հետաքննության Մինսկի խմբի առաջարկած մեխանիզմը օգտակար կլիներ»:
Հայաստանի կառավարող կոալիցիան ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին հրավիրել է հանդիպման:
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձեւավորված աշխատանքային խումբը` Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ), Գագիկ Մինասյանի (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանի (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանի (Օրինաց երկիր) եւ Խաչիկ Հարությունյանի (Օրինաց երկիր) մասնակցությամբ, պատրաստ է սկսելու քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ»:
Հայաստանի ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին հուլիսի 18-ին` ժամը 16-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ («Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ) առաջին հանդիպման համար:
Առայժմ հայտնի չէ ՀԱԿ-ի պատասխանը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հասարակությունների հետ անկեղծ չեն: Ասենք, Հայաստանի ղեկավարները երբեք պարզորոշ չեն ասում, որ կարգավորման ցանկացած տարբերակով Հայաստանը վերադարձնելու է ԼՂՀ հարակից շրջանների առնվազն մի մասը: Ադրբեջանի իշխանություններն էլ չեն ուզում իրենց ժողվրդին նախապատրաստել, որ կարգավորման գործընթացը կարող է հանգեցնել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը:
Արդյունքում` հասարակություններն ապրում են անորոշության մեջ, և ավելի է մեծանում անվստահությունն իշխանությունների, նաև` երկու ժողովուրդների միջև:
Սա պարարտ հող է ստեղծում, որպեսզի քաղաքական օրակարգ բերվեն կարգավորման շատ պրիմիտիվ թեզեր: Մենք կխոսենք այն թեզերի մասին, որոնք հայաստանյան քաղաքական օրակարգում են:
«Ոչ մի թիզ հող չհանձնելու» թեզը պոպուլյար է ազատամարտիկների մոտ: Սա նույնիսկ բնական է կռված մարդու տեասկետից: Բայց եթե այդ կարգախոսը դառնում է քաղաքական պահանջ, դրանից պոպուլիզմի և դեմագոգիայի հոտ է փչում, որովհետև ակնհայտ է` եթե դու պատրաստ չես զիջումների, նույնը չես կարող պահանջել նաև հակամարտության մյուս կողմից:
Բոլորս էլ կուզեինք Արցախը տեսնել Հայաստանի կազմում: «Միացում» կարգախոսով էլ սկսվել է 88-ի շարժումը: Բայց այս հանգրվանում «միացում» քաղաքական կարգախոսն արկածախնդրություն է, հասարակության հայրենասիրական զգացումները խաղարկելու ձև: Բոլորն են հասկանում, որ այս կարգախոսի ռեալիզացիան կբերի կարգավորման գործընթացի վիժեցման, ինքնորոշման գաղափարը կստորադասվի տարածքային չհիմնավորմած հավակնության:
«Եթե գլխավոր սուբյեկտի դերում հետագայում հանդես գա Արցախը, կարծում եմ, որ անգլո-սաքսոնական դիվանագիտության ճիրաններից ազատվելու միակ տարբերակը Արցախի միացումն է ՌԴ-ին՝ որպես քաղաքական սուբյեկտ՝ իր սահմանադրությամբ որդեգրված 14 հազ. քառ. կմ-ով»,– այսօր նման կարծիք է հայտնել մարքսիստ Դավիթ Հակոբյանը։
Եթե սա միայն Հակոբյանի կարծիքը լիներ, ընդհանրապես չէի հիշատակի դրա մասին` հաշվի առնելով նրա նվազագույն դերակատարությունը մեր քաղաքական իրականության մեջ: Ցավն այն է, որ հասարակության մի մասը համամիտ է այս գաղափարին: Թերևս դա զգում է նաև Հակոբյանը` փորձելով սիրաշահել հանրության այդ հատվածին:
Առհասարակ ապազգային մտայնություն է, երբ մեր հարցերի լուծման բանալին փնտրում ենք երրորդ երկրներում: Եթե այդ մտածելակերպն ունենայինք, հաստատ պետություն չէինք ունենա, ղարաբաղյան պատերազմում հաղթանակ չէինք տանի:
Որպես պետություն հաստատ կձախողենք, եթե շարունակենք մտածել, որ Ռուսաստանն է մեր անվտանգության երաշխավորը, որ ռուսները մեզ օգնեցին ղարաբաղյան պատերազմում, որ ռուսները մեր թիկունքին կլինեն, եթե նոր պատերազմ լինի:
Ռուսաստանը, ինչպես ցանկացած նորմալ երկիր, ունի իր ազգային-պետական շահերը, և հաճախ, շատ հաճախ մենք մանրադրամի ենք վերածվել Ռուսաստանի և այլոց հարաբերություններում:
Այդ նվաստացուցիչ կարգավիճակին ենք արժանացել մեր մտածողության հետևանքով: Պատմության դաժան էջերի կրկնությունը բացառելու համար` պետք է վերանայենք մեր մտածողությունը, արժեքային համակարգը:
«Ադրբեջանի նախագահի հայտարարություններն այդ հարցում սուր են, սակայն նա միաժամանակ նշում է, որ 5-6 տարի հետո իրենք 11 միլիոնի կհասնեն, իսկ հայերը՝ 1 միլիոնի, և բոլորին էլ պարզ է, թե այդ դեպքում ինչ կլինի: Չնայած Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը ցածր է»,- այսօր «Ընտրություն» ակումբում կայացած հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանն էլ է հասկանում, թե իրեն ինչ վնաս կարող է տալ պատերազմը: «Ի վերջո, նավթը խաղաղություն է սիրում»,- ասաց նա:
Ըստ դաշնակցական գործչի, Կազանի հանդիպումից հետո թեև շատերը ԼՂՀ հիմնախնդիրը համարում են ձախողված, բայց նախընտրական իրավիճակում ամեն դեպքում սպասվում է, որ այս հիմնախնդիրը կհասնի հանգուցալուծման. նախորդ շաբաթ Հայաստան այցելեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, սպասվում է նաև համանախագահների այցը:
«Թեպետ Լավրովի ուղերձը երկու կողմերի մոտ միանշանակ չընդունվեց, Ռուսաստանը շարունակում է թեկուզ մյուս համանախագահների միջոցով գտնել ելքեր, սակայն Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ինքը հետ չի կանգնում իր տարածքային ամբողջականության սկզբունքներից: Բացի այդ, ի տարբերություն Հայաստանի, Եվրամիության տեսակետն էլ է հաստատում, որ հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են շաղկապված մնալ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը: Համանախագահներն էլ են արդեն խոսում այդ մասին, իսկ եթե ԼՂՀ-ն հիմնարար սկզբունքների համաձայնեցման ընթացքում ներկա չլինի, դա կնշանակի` ականապատել բանակցային հաջորդ փուլը»,- ասաց Մանոյանը։
Չնայած այս ամենին, նա ընդգծեց, որ չարժե նաև լիովին բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը. «Ադրբեջանի մշտական ռազմատենչությունը և նրա ակտիվ փորձերը` խախտել հրադադարի ռեժիմը, կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»:
Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Իռլանդիա: Դուբլինում տեղի ունեցան Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իռլանդիայի օրենսդիր եւ գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Էյմոն Գիլմորի հետ հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկումներ ծավալվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի ձեւավորման շուրջ : Քննարկվեցին տարածաշրջանային, միջազգային ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հաշվի առնելով հաջորդ տարի Իռլանդիայի կողմից ԵԱՀԿ նախագահության ստանձնումը՝ անդրադարձ կատարվեց կազմակերպության առաջնային հարցերին:
Էդվարդ Նալբանդյանն ու Էյմոն Գիլմորը երկուստեք նշեցին, որ, չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանն ու Իռլանդիան շատ քաղաքակրթական, մշակութային ընդհանրություններ ունեն, եւ դա կարող է լավ հիմք ծառայել միջպետական հարաբերությունների զարգացման համար:
Հատուկ նշվեց երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի ամրապնդման կարեւորությունը, գործարար շրջանակների համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Նախարարները պայմանավորվեցին կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, անդրադարձան տնտեսական ոլորտի համագործակցության հնարավոր ուղղություններին: Այս տեսանկյունից երկուստեք կարեւորվեց հանդիպումից առաջ ստորագրված «ՀՀ կառավարության և Իռլանդիայի կառավարության միջեւ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը:
Հայաստանի եւ Իռլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան ԵԱՀԿ օրակարգային հարցերի վերաբերյալ: Էյմոն Գիլմորը ներկայացրեց ԵԱՀԿ-ում իռլանդական նախագահության առաջնահերթությունները, կազմակերպության նպատակների իրականացմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը: Էդվարդ Նալբանդյանը ասաց, որ Հայաստանն աջակցություն կցուցաբերի ԵԱՀԿ-ում իռլանդական նախագահությանը:
Հայաստանի արտգործնախարարն իր իռլանդացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Զրուցակիցները անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, այդ շրջանակում իրականացվող ծրագրերին եւ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախագծերին:
Նախարարներ Նալբանդյանն ու Գիլմորը մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների՝ Մերձավոր եւ Միջին Արեւելքում տեղի ունեցող հնարավոր զարգացումների վերաբերյալ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանն իր իռլանդացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:
Դուբլինում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ Իռլանդիայի խորհրդարան, ուր հանդիպում ունեցավ Խորհրդարանի վերին ու ստորին պալատների արտաքին հարաբերությունների համատեղ հանձնաժողովի նախագահ Փեթ Բրինի եւ հանձնաժողովի անդամների հետ:
Իռլանդացի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ ընդգծվեց խորհրդարանական փոխգործակցության կարեւորությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Իռլանդացի պատգամավորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, Հայաստանի մոտեցումները մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Փեթ Բրինը տեղեկացրեց, որ երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցությունը խթանելու նպատակով Իռլանդիայի օրենսդիր մարմնում նախատեսվում է ձեւավորել միջխորհրդարանական բարեկամության խումբ:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Դուբլինի Միջազգային և Եվրոպական գործերի ինստիտուտ, ուր հանդիպում ունեցավ քաղաքագիտական կենտրոնի տնօրինության հետ եւ ելույթ ունեցավ` ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները: Նախարարի ելույթին ներկա էին Իռլանդիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ եւ Դուբլինում հավատարմագրված դիվանագետներ:
Իր ելույթում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ հայ-իռլանդական ընդհանրություններին, այսօր երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերին, Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին, տարածաշրջանային հարցերին:
Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Ավարտելով այցելությունը Իռլանդիա` Հայաստանի արտգործնախարարը մեկնեց Վիեննա, ուր նախատեսված է նրա հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զիների հետ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում: Այս ելույթը հատկապես ուշագրավ է նրանով, որ դրանում Հայաստանի դիվանագիտության ղեկավարը հանգամանալից պատասխանել է վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարություններին:
Հարևան երկրի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանն իր համաձայնությունը չի տվել Մադրիդյան նորացված սկզբունքներին: Մինչդեռ Նալբանդյանը հենց Ադրբեջանին է մեղադրում բանակցային գործընթացը ձախողելու համար: «Ասում են, որ մադրիդյան սկզբունքները, որոնք ներկայացվել են կողմերին 2007 թ. նոյեմբերին, կազմված էին միայն մի քանի պարբերությունից և կրում էին շատ ընդհանրական բնույթ: Ուղղակի կարելի է հիշեցնել, որ 2007 թ. Մադրիդում ներկայացված փաստաթուղթը՝ կարգավորման հիմնարար սկզբունքները, կազմված էր տասնչորս կետից, ինչպեսև տասնչորս կետից է բաղկացած 2011 թ. հունիսին ներկայացված վերջին տարբերակը: Հիշեցնեմ նաև, որ 2007 թ. նոյեմբերից հետո` շուրջ մեկ տարի Բաքուն հրապարակայնորեն պնդում էր, որ մադրիդյան փաստաթղթի հիման վրա բանակցություններ չեն վարվում: 2007 թ. նոյեմբերից 2011 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում ներկայացվել են մի շարք աշխատանքային տարբերակներ: Դրանցից ոչ մեկին՝ առաջինից մինչև վերջինը, Ադրբեջանը համաձայնություն չի տվել: Առավելագույնը հայտարարվել է, որ ինչ-որ տարբերակ կարող են ընդունել, այն էլ` որոշակի վերապահումներով: Կամ ընդունում ես, կամ չես ընդունում: Եթե ասում ես, որ վերապահումներով, նշանակում է՝ չես ընդունում: Դա կրկնվեց նաև վերջին տարվա ընթացքում: Հայաստանը միանշանակ պատասխան է տվել 2010 թ. հունիսյան, հոկտեմբերյան, դեկտեմբերյան և 2011 թ. հունիսյան տարբերակներին: Ադրբեջանն ամեն անգամ բազմաթիվ փոփոխություններ էր առաջարկում՝ առնվազն տասը փոփոխություն 2011 թ. մարտին՝ Սոչիում, երբ քննարկվում էր 2010 թ. դեկտեմբերյան տարբերակը, և նորից տասը փոփոխություն վերջին հանդիպման ժամանակ` 2011 թ. հունիսին Կազանում»,- ասել է նախարարը:
Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն առ այն, որ իմաստ չկա ժամանակ ծախսելու հիմնարար սկզբունքների համաձայնեցման վրա, և ճիշտ կլինի անցնել միանգամից խաղաղ պայմանագրի մշակմանը` Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ դա ադրբեջանական հին երգի հին կրկներգ է. ադրբեջանական ղեկավարության կողմից արդեն երկու տարի հնչեցվող այդ գաղափարի վերաբերյալ եռանախագահները հայտնել են իրենց կարծիքը, որ եթե Ադրբեջանը չի կարող պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ, ապա ինչպես կարելի է խոսել խաղաղ համաձայնագրի մշակման մասին: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանի այս մոտեցումն ակնհայտ ցանկություն է՝ ձերբազատվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքներից և փաստորեն տապալել վերջին տարիների բանակցային գործընթացը:
Դարձյալ Երևանում և Բաքվում տարբեր կերպ են մեկնաբանում Մադրիդյան նորացված սկզբունքները: Եթե Բաքուն շեշտը դնում է ԼՂՀ-ին հարակից շրջանների վերադարձի վրա, ապա Երևանը կարևորում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: «Իհարկե, կարևոր է նաև, որ Դովիլյան հայտարարության մեջ նշվում է ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին: Դրան հասնելու համար հարկավոր է ամբողջապես իրագործել այն երեք սկզբունքները և վեց տարրերը, որոնց մասին ասում են համանախագահ երկրների ղեկավարները` իրենց հայտարարությունների մեջ: Հիշեցնեմ, որ այնտեղ կա շատ կարևոր մի տարր, որը ադրբեջանական կողմը փորձում է մոռացության տալ կամ առնվազն հետին պլան մղել: Դա ԼՂ բնակչության իրավունքն է` որոշել ԼՂ վերջնական կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով»,- իր ելույթում նշել է Նալբանդյանը:
Չնայած միջնորդ երկրների ղեկավարների լավատեսական հայտարարություններին, որ մինչև տարեվերջ Հիմնարար սկզբունքների շուրջ հնարավոր են համաձայնություններ, պատկերն իրականում այնքան էլ լավատեսական չէ:
Հակամարտության կողմերն ավելի ինտենսիվ և ագրեսիվ են դարձրել փոխադարձ մեղադրանքները:
Ամենակարևոր` ԼՂՀ կարգավիճակի հարցում կողմերի դիրքորշումները մնում են բևեռային. Ադրբեջանը բացառում է ԼՂՀ անկախության, իսկ Հայաստանը` ԼՂՀ-ի Ադրբեջանի ենթակայության տակ վերադառնալու տարբերակները:
Մնում է հուսալ, որ առկա լարվածությունը կսահմանափակվի դիվանագիտության մակարդակում` չվերածվելով պատերազմի վերսկսման սպառնալիքի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.