29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հուլիսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին «Սարդարապատ» նախաձեռնողական խմբի անդամ, ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց,թե նա, ով խաղում է գործող վարչակազմի կանոններով, չի կարող ընդդիմություն համարվել. «Ժամանակը եկել է՝ գտնելու լուրջ և ազնիվ մարդիկ, որոնք պատրաստ են զոհաբերությունների, որոնց գործն ու խոսքն իրարից չի տարբերվում: Նման մարդկանցով պետք է իրականացվի այլընտրանքային ուժի ձևավորումը»
Իշխանություն-ընդդիմություն երկխոսության հարցում ըստ Սեֆիլյանի, գործընթացը ձեռնտու է իշխող վարչակազմին։ Նահամոզված է, որ Սերժ Սարգսյանը երկխոսություն սկսելու Տեր-Պետրոսյանի առաջարկին արձագանքեց միայն այժմ եւ այն պատճառով, որ հույս ուներ, թե կհասնի ընդդիմադիր ընտրազանգվածի փոշիացման։ «Դա տեղի չունեցավ, իսկ ընտրությունների գնալ մոբիլիզացված ընդդիմադիր ընտրազանգվածի հետ հղի է խնդիրներով, ահա եւ երկխոսության որոշում կայացվեց»,- կարծում է Սեֆիլյանը։
Ըստ Սեֆիլյանի, երկխոսության ողջ գործընթացը բացառապես ի օգուտ իշխանությունների է։ «Ցավոք, Հայ ազգային կոնգրեսի մեր գործընկերները չլսեցին մեր կոչերը»,- ասաց Սեֆիլյանը՝շեշտելով, որ մոտ ապագայում տուժելու է ժողովուրդը, իսկ երկարաժամկետ հեռանակարում՝ քաղաքական այն գործիչներն, ովքեր «երկխոսության են գնացել ժողովրդի վրա կրակել համարձակված ռեժիմի հետ»:
ՀԱԿ եւ կոալիցիոն պատվիրակությունների երկրորդ հանդիպմանն անակնկալներ չգրանցվեցին: Յուրաքանչյուրն եկել էր իր մարտավարությամբ եւ օրակարգով:
Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ երկրում պետք է հաստատվի քաղաքակիրթ մրցակցություն, ՀԱԿ-ը պնդում է արտահերթ ընտրությունների անհարաժեշտությունը: Իշխանությունն երկխոսության շուրջ հատուկ աղմուկ չի բարձարացնում, ՀԱԿ-ը յուրաքանչյուր հանդիպմանը նախորդում է իր հայտարարությամբ:
Այսօր զույգ պատվիրակությունները հանդիպեցին եւ հաստատեցին իրենց առաջիկա հանդիպումների օրակարգը:
Կոնգրեսի և ՀԱԿ-ի աշխատանքային խմբի միջև քննարկման ավարտից հետո կոալիցիոն խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ ձևավորվել է երկխոսության օրակարգ, որում տեղ են գտել երկու հարց։
1. Կոնգրեսի առաջարկ` Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտ ձևավորման նպատակով արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում, դրանց ազատ և օրինական ապահովման անհրաժեշտություն:
2. Կոալիցիայի առաջարկ`ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքական մրցակցության ապահովման կանոնների ձևավորում:
Հաստատված օրակարգն այս կամ այն կողմի մարտավարական հաջողության մասին չի խոսում, այլ ընդամենը բացահայտում է երկխոսողներից յուրաքնչյուրի առաջնահերթությունը:
«Մեր հիմնական առաջարկությունն այն է, որ քաղաքակիրթ մրցակցության կանոններ պետք է ձեւավորվեն: Քաղաքական կյանքի բոլոր մասնակիցները պետք է հնարավորություն ունենան ստորագրել այդ կանոնների տակ: Հաջորդ հանդիպումը կլինի օգոստոսի 4-ին, եւ կարծում եմ, որ այդ հանդիպման ընթացքում կլինեն աշխատանքային ընթացակարգերի քննարկումներ»,- հանդիպումից հետո հայտարարել է կոալիցիոն աշխատանքային խմբի համակարգող Դավիթ Հարությունյանը` չմոռանալով նշել, որ այս պահին արտահերթ ընտրությունների հիմքեր չի տեսնում:
Հայ Ազգային կոնգրեսի եւ կոալիցիայի այսօրվա հանդիպումից հետո ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրության հարցում կողմնորոշման համար վերջնաժամկետը պահպանվում է:
Կողմերից յուրաքանչյուրն այսպիսով մնում իր դիրքերում եւ նաեւ մանեւրելու հնարավորություն է ստանում:
Կոնգրեսը կարող է իր ակտիվում գրանցել այն փաստը, որ իշխանությունը համաձայնել է քննարկել արտահերթ ընտրությունների հնարավորության հարցը: Իշխանությունը կարող է ասել, որ ինքը զիջումների հակված չէ ու կվկայակոչի այն հանգամանքը, որ այսօր մերժել է ընդդիմության` երկխոսության ընթացքը ուղիղ եթերով հեռարձակելու կամ էլ` յուրաքանչյուր հանդիպումից հետո ՀԱԿ-ին Հանրայինով առնվազն 30 րոպե ուղիղ եթեր տրամադրելու առաջարկները:
Այս ձեւաչափով հաջորդ հանդիպումը նշանակված է օգոստոսի 4-ին: Հենց այդ օրն էլ հրապարակ կգան երկխոսողների հակասությունները, որվհետեւ մեկնարկելու են բովանդակային քննարկումները:
Հուլիսի 26-ին Հայ Ազգային Կոնգրես – իշխանություն երկխոսության երկրորդ ռաունդում համաձայնեցվել է երկխոսության օրակարգը, որը ներկայացվում է ստորև:
Քննարկման ենթակա հարցեր
1. Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկ
«Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձևավորման նպատակով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում և դրանց ազատության, արդարության և օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ»
2. Կոալիցիայի առաջարկ
«Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձևավորում»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը երկու կողմից էլ քաղաքական դաշտում դոմինանտությունը պահպանելու քայլ է: Նա հավատացած է, որ այս երկխոսությունը ոչ մի տեղ չի հասնելու:
«Հանկարծ տպավորություն չլինի, թե մենք նախանձում ենք, խանդում ենք: Այդպիսի բան չկա, մենք երկուսին էլ ճանաչում ենք, նրանց դիմագծերն էլ գիտենք, որոնք մեծ հաշվով համընկնում են»,- ավելացրեց Արծվիկ Մինասյանը:
Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իր տեսակետը չի փոխվել և կրկնեց մեկ շաբաթ առաջ ասածը. «Ես սերիալներ ընդհանրապես չեմ նայում, առավել ևս` հայկական»: Եվ հավելեց. «Երկխոսության լավագույն ուղին այն է, որ ընդդիմությունն ունենա վերահսկողական լուրջ լծակներ»:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-«Ժառանգություն» համագործակցությանը` որպես «երկխոսությունից դուրս մնացածներ», Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք համագործակցել են թե՛ հայ-թուրքական բանակցությունների, թե՛ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ և ապագայում էլ կհամագործակցեն: «Ժառանգության» համար ոչ թե կարևոր է կուսակցության անունը, այլ խնդիրը, և եթե խնդրի լուծման ուղղությամբ առկա են նույնական տեսակետներ, ապա «Ժառանգությունը» պատրաստ է համագործակցության` անկախ քաղաքական ուժից»,- ասաց նա:
Հավելենք, որ այսօր կայացել է ՀԱԿ-կոալիցիա երկրորդ հանդիպումը: ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել հոկտեմբերին:
Երկրում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված՝ Հայ Ազգային Կոնգրես — Իշխանություններ երկխոսության օրակարգում «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց ազատության, արդարության եւ օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումների» քննարկման առաջարկ.
Ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի նկարագիր
- Բռնություններով եւ հարյուր հազարավոր ձայներով կեղծված նախագահական ընտրությունները, այդ հիման վրա իշխանության ոչ լեգիտիմության իրողության համընդհանուր ճանաչումը, Մարտի 1-ի սպանդը եւ երեքուկես տարի անց մեղավորների չբացահատումը հանգեցրել են քաղաքական խորը ճգնաժամի:
- Ընտրական գործընթացի համակարգային արատներից մեկն է դարձել բազմակի քվեարկությամբ ձայների կեղծումը շուրջ 500000 այն մարդկանց անունով, որոնք ընդգրկված լինելով ընտրական ցուցակների մեջ, մշտապես բացակայում են Հայաստանից, ինչը ապահովում է գործող իշխանության հաղթանակը` ոչ մի կապ չունենալով ընտրության իրական արդյունքների հետ:
- Արդյունքում իշխանությունն իր հաղթանակի համար պարտական է մնում ոչ թե ժողովրդի աջակցությանը, այլ իր ապօրինի հաղթանակը ապահովող օլիգարխներին, քրեական տարրերին եւ իշխանությունը չարաշահող կեղծարար պետական պաշտոնյաներին:
- Որպես հետեւանք գործում է ժողովրդի առաջ ոչ հաշվետու եւ կոռումպացված կառավարություն: Իշխանության բոլոր թեւերի եւ պետական ինստիտուտների նկատմամբ առաջացել է ժողովրդի հավատի կորուստ, խորացել համատարած անվստահությունը։ Առկա է պետական իշխանության լեգիտիմության ճգնաժամ։
- Կառավարման բոլոր բնագավառներում ունենք ձախողում. կառավարությունը հաստատել է ապօրինի հարկային եւ մաքսային արտոնություններ, սպասարկում է ապօրինի մենաշնորհների տիրացած օլիգարխների շահերը, նպաստում նրանց հարստացմանը, անկարող է կանխել նրանց կամայականությունները, պայքարել մոլեգնող կոռուպցիայի դեմ։ Կառավարության որեւէ ծրագրի նկատմամբ բացակայում է ժողովրդի աջակցությունը։ Առկա է կառավարման եւ տնտեսական ճգնաժամ։
- Հետեւանքները. շարունակվում է տնտեսական անկումը, սոցիալական վիճակի վատթարացումը, համատարած դժգոհության աճը, աղետալի չափերի է հասել արտագաղթը։ Չկարգավորված ղարաբաղյան հակամարտության պայմաններում ռազմական բալանսը կայուն փոփոխվում է հօգուտ Ադրբեջանի, սպառնալով մեր ազգային անվտանգությանը:
ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Երկիրն այս վիճակից հանելու եւ ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ միջոցը Հայաստանում լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված եւ նրա կողմից վերահսկվող իշխանության ձեւավորումն է, որը կվերադարձնի հավատը պետական իշխանության ինստիտուտների նկատմամբ։ Ժողովրդի անվերապահ աջակցությունից օգտվող լեգիտիմ իշխանությունը միայն կկարողանա կազմաքանդել ապօրինի մենաշնորհների եւ մաքսային/ հարկային ապօրինի արտոնությունների վրա հիմնված արատավոր տնտեսական համակարգը, նպաստել նախաձեռնողականությանը, ստեղծել ազատ եւ արդար տնտեսական մրցակցության հիման վրա գործող արդյունավետ տնտեսական համակարգ։
Ելնելով վերոնշյալից, որպես քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլեր՝ անհրաժեշտ ենք համարում.
- Հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ:
- Անմիջապես հետո, սահմանված ժամկետների պահպանմամբ, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
- Նախապես ընդունել ընտրությունների օրինականության ապահովման հետեւյալ փաթեթը.
- Կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովները ձեւավորել պետության կողմից, որը ստանձնում է ընտրությունների պատասխանատվությունը` դառնալով ընտրական ողջ գործընթացի օրինականության երաշխավորը:
- ԱԺ ընտրական համակարգից իսպառ բացառել մեծամասնական ընտրակարգը, եւ բոլոր 131 տեղերը համալրել համամասնական ընտրակարգով:
- Առնվազն հնգապատկել Հանրային հեռուստատեսությամբ համապետական ընտրությունների համար նախատեսված անվճար եթերաժամի տեւողությունը, հաղորդումները հեռարձակել հիմնականում ժ. 20-24-ին։ Վճարովի եթերի համար վճարը սահմանել ոչ ավելի, քան բիզնես գովազդների համար։
- Ստորագրված ցուցակները կախել՝ ծանոթանալ ցանկացողների համար մատչելի տեղում, վստահված անձանց եւ դիտորդներին, ըստ պահանջի, տրամադրել դրանց պատճենները:
- Ապահովել քաղաքացիական վերահսկողության հնարավորություն զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակների նկատմամբ: Բազմակի քվեարկումը կանխելու նպատակով զինվորականների ընտրական ցուցակները տրամադրել ԿԸՀ-ին եւ հնարավորություն ընձեռել այնտեղ գրանցված վստահված անձանց ունենալ այդ ցուցակների ինչպես ամբողջական, այնպես էլ ըստ տեղամասերի տարանջատված թվային տվյալները։
- Բազմակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկության մասնակցած անձի ձեռքին թողնել թանաքի կայուն հետք:
- Բոլոր տեղամասերում եւ դրանց մուտքի մոտ տեղադրել տեսախցիկներ, որոնք կտեսագրեն քվեարկության, ձայների հաշվարկման եւ արդյունքների ամփոփման ողջ ընթացքը: Վստահված անձի պահանջով տեսագրության պատճենը պետք է տրամադրվի նրան:
- Ապահովել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2000 դիտորդների հրավեր՝ յուրաքանչյուր տեղամասում մեկ արտասահմանյան դիտորդ։
- Քարոզչության եւ իրական բազմակարծության ապահովման նպատակով հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառում ստեղծել հեռարձակման արտոնագրերի շնորհման այնպիսի համակարգ, որը քաղաքական դաշտի ողջ ներկապնակին, այդ թվում նաեւ Հայ ազգային կոնգրեսին թույլ կտա ստանալ հեռարձակման արտոնագիր եւ օգտվել հավասար հնարավորություններից։
Երկխոսության արդյունավետության բարձրացման ուղղված միջոցառումներ
Հիշեցնում ենք Հայ Ազգային կոնգրեսի՝ 19.07.2011 թվականի իր հայտարարության մեջ արձանագրված պահանջները՝ որպես երկխոսության կողմերի հավասարության ու հասարակության լիակատար տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման անհրաժեշտ պայման.
- Հանդիպումները կամ պետք է հեռարձակվեն ուղիղ եթերով, կամ էլ կողմերի քարոզչական հավասար հնարավորությունները ապահովելու նպատակով Կոնգրեսի պատվիրակությանը յուրաքանչյուր հանդիպումից հետո պետք է Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի՝ իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու համար։
- Պետք է վերացնել Հանրային հեռուստաընկերությամբ եւ մյուս հեռուստաալիքներով Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը։
- Պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես հանրային եւ այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը։
Սրանով համարում ենք մեր առաջարկները ձեւակերպված եւ առաջարկում ենք այն դարձնել օրակարգի քննարկման առարկա։
ՀԱՎԵԼՎԱԾ 1.
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ 01.03.2011Թ. ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Մինչեւ ս.թ. մարտի 15-ը, այսինքն՝ մինչեւ Հայաստանի հարցով Եւրոխորհրդի համազեկուցողների երեւանյան այցը, ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին՝ Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին, Հարություն Ուռուտյանին, Արամ Բարեղամյանին, Սարգիս Հացպանյանին, Մուրադ Բոջոլյանին, Արա Հովհաննիսյանին, Շմավոն Գալստյանին եւ Ռոման Մնացականյանին.
2. Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով եւ խնդիր դնելով կարճ ժամանակի ընթացքում լիովին բացահայտել ու դատական կարգով պատժի ենթարկել իշխանությունների կողմից կատարված այդ հրեշավոր ոճրագործության բոլոր մեղավորներին.
3. Լիարժեքորեն փոխհատուցել մարտի 1-ի ոճրագործությունից տուժած բոլոր քաղաքացիների նյութական վնասները՝ մասնավորապես սպանվածներից յուրաքանչյուրի ընտանիքին հատկացնելով 1 միլիոն դոլար, իսկ վիրավորներին՝ առնվազն 100,000 դոլար.
4. Դադարեցնել քաղաքացիներին հանրահավաքներից ու ընդհանրապես քաղաքական ակտիվությունից հեռու պահելու նպատակով կիրառվող ոստիկանական զգուշացումներն ու ահաբեկումները, իրազեկող խմբերի դեմ գործվող մշտական սադրանքներն ու բռնությունները, հանրահավաքների օրերին երկրի գլխավոր ճանապարհների շրջափակումները, եւ վերացնել Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման վրա դրված անօրինական արգելքը.
5. Ի կատարումն Եվրադատարանի կողմից կայացված անբեկանելի վճռի՝ վերջապես վերականգնել «Ա1+» հեռուստաընկերության գործունեությունը, խիստ պատասխանատվության ենթարկել այդ վճիռը ոտնահարող բոլոր պաշտոնատար անձանց, եւ ընդհանրապես վերացնել պետության լիակատար վերահսկողությունը տեղեկատվության էլեկտրոնային միջոցների վրա.
6. Դադարեցնել իշխանությունների որդեգրած ռազմաշունչ ու հոխորտալից հռետորաբանությունը, եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը բնականոն հուն տեղափոխելու նպատակով անհապաղ վերականգնել բանակցությունների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ.
7. Չեղյալ հայտարարել բացօթյա փողոցային առեւտրի արգելման, երեկոյան ժամը 8-ից հետո փոքր խանութների աշխատանքի դադարեցման եւ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման վերաբերյալ ընդունված չարաբաստիկ որոշումները, ինչպես նաեւ վերականգնել ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների նախկին չափը.
8. Վերացնել անձնական օգտագործման (այլ ոչ թե վաճառքի) նպատակով ներմուծվող ավտոմեքենաների համար Ավելացված արժեքի հարկի անօրինական գանձումը, ինչը, գումարվելով մաքսավճարին ու բնապահպանական հարկին, սպառողի համար դառնում է անտանելի բեռ եւ հազարավոր մարդկանց ստիպում մեքենաները մաքսազերծել հարեւան Վրաստանում.
9. Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը՝ դրա 50 տոկոսը (100 դոլար), իսկ միջին կենսաթոշակը՝ միջին աշխատավարձի 40 տոկոսը (112 դոլար). խոշոր ձեռնարկատերերի սիստեմատիկաբար չվճարվող հարկերը եւ բարձրագույն պետական պաշտոնյաների գրպաններում յուրաքանչյուր ամիս հայտնվող հսկայական գումարները լիուլի բավարար են այդ խնդիրները լուծելու համար.
10. Ազգային Ժողովի օրակարգից հանել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի վերաձեւակերպման առաջարկով քննարկման դրված օրինագիծը, որի համաձայն 6-օրյա աշխատանքային շաբաթ սահմանելու հարցը վերապահվում է գործատուի հայեցողությանը, ինչպես նաեւ համապատասխան փոփոխություն կատարել այդ օրենսգրքում, գործատուին պարտավորեցնելով մարդկանց աշխատանքից ազատելու պարագայում վճարել փոխհատուցում 3-ամսյա աշխատավարձի չափով.
11. Սահմանել կարեւորագույն գյուղմթերքների արտադրության պետական սուբսիդիաներ՝ նկատի ունենալով տվյալ տարում ձեւավորված մթերման շուկայական գինը, մշակման պայմանների գոտիականությունը եւ սահմանամերձ շրջանների հողերի ռազմավարական նշանակությունը. Կենտրոնական բանկի կողմից հաստատել փոխօգնության կարգով գյուղացիներին տրվող վարկերի մեղմացված տնտեսական նորմատիվներ՝ դրանց հիման վրա երկարաձգելով, վերակնքելով կամ դուրս գրելով առեւտրային բանկերի հանդեպ գոյացած ժամկետանց վարկային պարտավորությունները, իսկ նոր վարկեր տրամադրել ցածրացրած տոկոսադրույքով.
12. Հայտարարագրել եւ մամուլում հրապարակել Հայաստանի անկախության շրջանի բոլոր նախկին թե ներկա բարձրագույն պետական պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների ունեցվածքն ու եկամուտները՝ սկսած նախագահներից, վարչապետներից, նախարարներից, փոխնախարարներից, մարզպետներից, քաղաքապետերից, ավարտած՝ դատավորներով, դատախազներով, գեներալներով եւ Ազգային Ժողովի (նախկինում՝ Գերագույն Խորհրդի) պատգամավորներով.
13. Տնտեսության կառավարման եւ օրինականության ապահովման բնագավառներում ցուցաբերած խայտառակ թերացումների, կամայականությունների կամ պարզապես մասնագիտական ապաշնորհության համար անմիջապես զբաղեցրած պաշտոններից հեռացնել՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին.
14. Հանրահավաքը նաեւ անհրաժեշտ է համարում կոչ անել միջազգային կազմակերպություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եւրոմիության երկրների կառավարություններին՝ դադարեցնելու աշխարհաքաղաքական նկատառումներով Հայաստանի բռնապետական վարչախմբին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, որը ոչ միայն ոչնչով չի նպաստում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, այլեւ ավելի եւս ամրապնդելով ռեժիմի դիրքերը, վերջին հաշվով ուղղվում է ժողովրդի դեմ, ինչը միանգամայն ակնհայտ է դառնում արաբական երկրներում ներկայումս ընթացող իրադարձությունների լույսի ներքո, եւ ինչը խոստովանում են անգամ արեւմտյան քաղաքական գործիչներն ու անկախ վերլուծաբանները.
15. Նշված պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում հանրահավաքը լիազորում է Հայ ազգային կոնգրեսին՝ գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ, օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»։
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Համաձայն Հայ ազգային Կոնգրեսի՝ 31.05.2011թ հանրահավաքում հնչած, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին Հայաստանում կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն շնորհելու պահանջի, առաջարկում ենք առաջնահերթ քննարկել եւ լուծել այս հարցը։
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այսօր Բաքվում հանդիպել են Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սաֆար Աբիևը և Անատոլի Սերդյուկովը։
Սկզբում հանդիպումն անցել է ընդլայնված պատվիրակության մասնակցությամբ, քննարկվել են ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանում տիրող ներկայիս ռազմա-քաղաքական իրավիճակը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցը։
«Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները կտրուկ զարգանում են և ռազմական, և այլ ոլորտներում։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումների անցկացման հարցում, հուսադրում են, որ խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Աբիևը` հավելելով, որ միաժամանակ Ադրբեջանն ամրապնդում է իր բանակը։
Այս հանդիպումից հետո երկու նախարարները առանձնազրույց են ունեցել։
Սերդյուկովի ադրբեջանական այցն ավարտվում է հուլիսի 26-ին։
Այսօր ուշադիր կարդում էի ՀԱԿ ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանի, Արամ Մանուկյանի հարցազրույցները, ինչպես նաև` Լյուդմիլա Հարությունյանի և Սմբատ Այվազյանի ասուլիսների մասին պատմող նյութերը:
Նրանց բոլորի ասածի իմաստը նույնն է և հանգում է մի ձևակերպման` եթե մինչև սեպտեմբեր իշխանությունը չհամաձայնի արտահերթ ընտրություններ անցկացնել, երկխոսության պատուհանը կփակվի, ու փողոցը կթելադրի իր կամքը:
Բնական հարցադրում է առաջանում` ինքանո՞վ է այս պահին ադեկվատ արտահերթ ընտրության պահանջը:
Այս հարցադրումը չի նշանակում, որ ես կամ ինչ որ մեկը փոխել ենք մեր կարծիքը 2007-ի խորհրդարանական կամ 2008-ի նախագահական ընտրությունների մասին: Բնավ` ոչ: Նմանապես, այնպես չէ, թե հիացած ենք իշխանության քաղաքականությունից և վստահ ենք, որ նրա բոլոր քայլերն են ադեկվատ ճգնաժամի հաղթահարման հրամայականին:
Պարզապես կան ռեալ իրողություններ, որոնք կամ պարտադիր են դարձնում արտահերթ ընտրությունների անցկացումը կամ դրանք դարձնում են ինքնանպատակ:
Օրինակ, արտահերթ ընտրությունն այլընտրանք չի ունենում, երբ իշխանությունը կազմալուծված է լինում և փողոցն է դառնում կաննոններ թելադրողը: Հայաստանում ակնհայտորեն այդ վիճակը չէ, ավելին` իշխանությունն էական քայլեր է արել, գոնե` վերջին ամիսներին, քաղաքական լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
Մեր փողոցն էլ ակնհայտորեն այս պահին չունի հեղափոխական տրամադրություններ:
Սակայն կա նաև այլ` ավելի լուրջ հանգամանք, որն այս պահին կասկածի տակ է դնում արտահերթ ընտրության նպատակահարմարությունը:
Սկսված երկխոսությունն, անշուշտ, դրական երևույթ է և իր քաղաքական նշանակությամբ եզակի է անգամ հետսովետական տարածքի համար, էլ չասած` մեր իրականության մասին:
Սակայն այդ երկխոսությունը նոր-նոր մեկնարկել է և առայժմ չի տվել իր արդյունքները, չի ստեղծել այն միջավայրը, որը թույլ կտար որակյալ ընտրություններ կազմակերպել:
Մինչև անտագոնիստական համակարգն իր տեղը չզիջի մրցակցայինին, երկրում չանցկացվեն իրական բարեփոխումներ` ոչ մի արտահերթ ընտրություն որակապես վիճակ չի փոխելու: Հիշենք, որ, օրինակ, 1998-ի նախագահական արտահերթ ընտրությունն ավելի խորացրեց իշխանության ճգնաժամն` այն հաղթահարելու փոխարեն:
Երկխոսությունը, պրոդուկտիվ երկխոսությունը կստեղծի այն հիմքերը, որը թույլ կտա առաջիկա ընտրություններն անցկացնել ավելի բարձր մակարդակով: Միան թե` երկխոսության կողմերը պետք է կարողանան ձերբազատվել կարգախոսային հռետորաբանությունից ու իրական օրակարգ ձևակերպեն:
Այսօր`հւլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք արդեն սկսել են նախապատրաստվել ընտրություններին եւ կհամագործակեն բոլոր այն ուժերի հետ, ովքեր դեմոկրատական սոցիալիզմի գաղափարախոսության կրողն են:Նրա համոզմամբ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները լինելու են հնարավորինս արդար, անարդարությունը լինելու է փողի օգտագործման դեպքում, շատ բան կախված է լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից: Թե ինչով է պայմանավորված նրա համոզմունքը, այնքան էլ հասկանալի չէ:
Արամ Սարգսյանը պարզաբանեց Հնչակյան կուսակցության վարչության անդամ Վահան Շիրխանյանի եւ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ համագործակցության վերաբերյալ լուրերը. «Շատ հնարավոր է, որ այդ համագործակցությունը դառնա այն հիմքը, որը ձեւավորի նախընտրական բլոկ: Մենք դա չենք բացառում եւ չենք էլ թաքցնում»:
ՀԴԿ-ի և Հնչակյան կուսակցության նախաձեռնած համաժողովի ժամանակ իրենք ի հայտ են բերել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը` հասարակությանը ներկայացնելով մի շարք հարցեր` ստվեր, մենաշնորհ, օլիգարխիա, վարկային քաղաքականություն եւ ընդերքի օգտագործման հնարավորությունները, ցույց տալով, թե իրենք ինչպիսի մոտեցումներ ունեն եւ ինչ կանեին, եթե կառավարեին, պատմեց Սարգսյանը:
Արամ Սարգսյանը նաև ավելացրեց, որ սկսում են դեմոկրատական սոցիալիզմի համակարգի հաստատման համար ժողովրդական շարժում: Առաջիկայում կլինի կուսակցությունների վարչությունների նիստ, որտեղ կամփոփեն համաժողովի արդյունքները եւ կնախանշեն այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն` շարժմանը մեծ թափ հաղորդելու համար:
Հայաստանում պետք է անցնցում հեղափոխություն և արմատապես նոր համակարգի ստեղծում: Այս մասին հուլիսի 22-ի ասուլիսում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Սմբատ Այվազյանը:
Ըստ նրա, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկխոսությամբ իր թիմին հոգեբանորեն պատրաստում է արտահերթ ընտրությունների, և օգոստոսի առաջին տասնօրյակում իշխանությունը պետք է հստակություն մտցնի, թե գնում է արդյո՞ք արտահերթ ընտրությունների, թե՞ ոչ: «Սերժ Սարգսյանն ինքը դեռևս չգիտի, թե այս երկխոսության արդյունքն ինչ է լինելու, սպասում է իրավիճակային զարգացումներին: Ես նրան շատ լավ եմ ճանաչում, ինքը իրավիճակային լուծումների գնացող անձնավորություն է, շատ վաղուց, միշտ այդպես է եղել, որևէ կոնցեպտուալ հարցում առաջին կետից մինչև վերջին կետ ինքը չի նստում, չի հաշվում», ասել է ընդդիմադիր գործիչը:
Այսօր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության արդյունքում կարող է քննարկման առարկա դառնալ նաև արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: «Եթե հիմնավորումների համալիրը բերի տվյալ հարցի այսպիսի լուծման, պետք է լուծում ստանա»,- ասաց նա:
Բոստանջյանը ՀԱԿ-ի պահանջներն օբյեկտիվ որակեց. ցանկացած քաղաքական ուժ պետք է հնարավորություն ունենա իր տեսակետները, մոտեցումները ներկայացնելու հեռուստաեթերով, միաժամանակ նշեց, որ հեռուստատեսության և մամուլի միջոցները, լավ թե վատ, լուսաբանել են ՀԱԿ-ի հանրահավաքները:
«Ի վերջո` հարցը հանգելու է Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան երկխոսությանը, իսկ մինչ այդ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը հող կնախապատրաստի դրա համար»,- հայտարարեց նա` հավելելով, որ դա ինկուբացիոն շրջան է: Ըստ Բոստանջյանի` առաջիկա երկուշաբթի օրը պատվիրակությունների համակարգողներ Լևոն Զուրաբյանը և Դավիթ Հարությունյանը կպայմանավորվեն հաջորդ հանդիպման մասին, ինչը, ենթադրվում է, տեղի կունենա հենց հաջորդ շաբաթ:
Լրագրողներից մեկի դիտարկումը, թե նախկինում Բոստանջյանը միտք է հայտնել, որ «երկխոսության իմիտացիա կանեն», ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Մենք մտածում ենք երկրի մասին, իսկ դուք ինչ եք ուզում: Իբր ուժեղ ժուռնալիստ եք, ինձ ուզում եք պռոսակի մեջ գցել»: Նաև նկատեց, որ 21-րդ դարում կռիվ անելու փոխարեն պետք է փորձեն իրար հասկանալ: Ըստ բանախոսի` երկխոսության ինստիտուտը արդեն արդյունք է, և պետք է հանդուրժողական լինել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.