29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Եթե երկխոսությամբ արտահերթ ընտրությունների հասնելու հնարավորությունը համարվի սպառված, ապա, բնականաբար, Հայ ազգային կոնգրեսն այդ բանակցություններում անելու բան չի ունենա. անելու բան կունենա Ազատության հրապարակում»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Առհասարակ, նրա ասուլիսում հնչել են իշխանությանը հասցեագրված կոշտ գնահատականներ` տպավորություն ձևավորելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում կամ առնվազն` նրա մի հատվածում, այնքան էլ լավատես չեն երկխոսության դրական ընթացքի վերաբերյալ:
«Չեմ կարծում, որ մեր երկրում առկա է իրավիճակ, որի տրամաբանական լուծումը կարող են դառնալ արտահերթ ընտրությունները»,- մեկ այլ մամուլի ակումբում էլ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, երկխոսության նպատակով ձևավորված կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը:
Եթե պատկերավոր ձևակերպենք, ՀԱԿ-ն ուզում է արագ գալ իշխանության, իշխանությունը չի պատրաստվում հանձնել իր ունեցածը:
Ընտրությունների ժամկետի հարցում կողմերն ունեն տրամագծորեն հակառակ մոտեցումներ, և գոնե այս պահին դժվար է պատկերացնել, որ այս հարցում կձևավորվի ընդհանուր հայտարար:
Առհասարակ, կարծում եմ` սխալ է ընթացող երկխոսության համար հիմք ընդունել «համաձայնություն կա, երբ համաձայնեցվում են բոլոր հարցերը» բանաձևը: Նման մոտեցումը երկխոսության գործընթացը կտանի փակուղի:
Թերևս հարկ կա, որ կողմերը նախ քննարկեն այն հարցերը, որոնց շուրջ կարող են համաձայնությունների գալ: Օրինակ, վերացնեն օրենսդրական և այլ կարգի խոչընդոտները, որոնք խանգարում են օրինական ընտրությունների անցկացմանը: Եթե մեկ-երկու նման քայլ լինի, գուցե հասարակությունը հավատա երկխոսության ռացիոնալ ընթացքին, երկխոսության կողմերը վստահեն միմյանց, վերանա անտագոնիզմը, օրինական ընտրություններ անցկացնելու հիմքեր ստեղծվեն:
Այս պարագայում, գուցե ընտրությունների ժամկետի հարցը կորցնի իր սրությունը, և կողմերն ավելի շուտ կարողանան գալ կոմպրոմիսային լուծումների:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Լեհաստանի նախագահն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այնուհետև ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու առանձնազրույցն ու երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև ստորագրվել է մշակույթի, կրթության և գիտության բնագավառում 2011-2013թթ. համագործակցության մասին գործնական ծրագիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի և ԼՀ գլխավոր անասնաբույժի միջև` անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին հուշագիր և Հայկական զարգացման գործակալության ու Լեհաստանի տեղեկատվության և օտարերկրյա ներդրումների գործակալության միջև` Փոխըմբռնման հուշագիր:
Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի և Լեհաստանի նախագահերի համատեղ մամուլի ասուլիսում:
***
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մեկ անգամ ևս ողջունում եմ Լեհաստանի Հանրապետության Նախագահ պարոն Կոմորովսկուն, նրա տիկնոջը և ուղեկցող պատվիրակության անդամներին Հայաստանի Հանրապետությունում:
Մեր երկրների անկախության հռչակումից ի վեր Հայաստանի և Լեհաստանի հարաբերություններում արձանագրվել է զարգացման բնականոն ընթացք: Մենք Լեհաստանը դիտում ենք որպես բարեկամ պետություն, վստահելի գործընկեր և որ ամենակարևորն է՝ ընդհանուր արժեքներ կրող երկիր, որոնց վրա կառուցված բարեկամությունն արժանահավատ է և անխախտ:
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ միջպետական հիմքերի վրա դրված հայ-լեհական երկխոսությունը տարեցտարի զարգանում է և ընդլայնվում` ընդգրկելով համագործակցության բազմաթիվ ոլորտներ: Նախագահ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստան դիտում եմ որպես կարևորագույն քայլ այս ճանապարհին և մեր բարձր մակարդակի հարաբերություններն առաջ մղելու ու խորացնելու ցանկության ընդգծված արտահայտություն:
Բանակցությունների օրակարգը բավականին հագեցած էր, և նշեմ ամենակարևորը՝ վերահաստատվեց հարաբերություններն ամրապնդելու երկուստեք ցանկությունը և հանձնառությունը: Արձանագրվեց, որ Հայաստանի և Լեհաստանի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունն առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունեն, և պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-լեհական փոխգործակցությանը նոր դինամիկա և բովանդակություն հաղորդելու ուղղությամբ: Ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք ընդլայնում են մեր երկկողմ շփումների շրջանակը` ավելացնելով դրանց շահառուների թիվը:
Առաջին հերթին ուշադրություն դարձրինք հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչի զարգացմանը: Այս առումով նշեցինք, որ համագործակցության հիմքեր կան գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում: Ուրախ եմ, որ Նախագահ Կոմարովսկուն ուղեկցում է լեհ գործարարների պատվիրակություն: Հուսով եմ, որ նրանք Հայաստանում կգտնեն լավ գործընկերներ:
Քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցեր, երկուստեք ընդգծեցինք միջազգային կազմակերպություններում կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտությունը։
Արձանագրեցինք մշակութային կապերի ընդլայնման և մարդկային շփումների կարևորությունը: Հայ և լեհ ժողովուրդներն ունեն դարերի խորքը գնացող բարեկամություն, որը շարունակվում և նոր որակ է ստանում մեր ժամանակներում: Պայմանավորվեցինք օգտագործել բոլոր հնարավորությունները մշակութային և գիտակրթական կապերի զարգացման ոլորտում, այդ թվում` երիտասարդության միջև շփումների և փոխանակումների խրախուսման միջոցով:
Հանգամանորեն քննարկեցինք ԵՄ շրջանակներում համագործակցության հեռանկարները և Հայաստանի մասնակցությունը Արևելյան գործընկերության ծրագրին, որի համահեղինակներից և ակտիվ ջատագովներից է Լեհաստանը: Նախագահ Կոմորովսկու հետ նախանշեցինք մեր հետագա անելիքները վերը նշված ծրագրի շրջանակներում` ԵՄ-ում Լեհաստանի նախագահության և այս տարվա սեպտեմբերին Վարշավայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեքստում:
Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլը, հակամարտություն, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման արդյունքում: Արձանագրեցինք, որ կազանյան հանդիպումից և՛ մեր, և՛ միջազգային հանրության սպասելիքները մեծ էին, բայց, ցավոք, այդ սպասելիքները չարդարացան: Կազանում մենք իրականում շատ մոտ էինք հաջողությանը: Անհրաժեշտ է հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի սեփական ճակատագիրը տնօրինելու, անվտանգության երաշխիքներ ունենալու և իր պատմական հայրենիքում զարգանալու օրինական իրավունքը. այն պարտավոր են հարգել բոլորը: Այլ լուծում գոյություն չունի: Ուրախ եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ Լեհաստանը Հայաստանի համար հանդիսանում է ավանդական բարեկամ երկիր, որի հետ մենք կարող ենք ազատ և հանգիստ քննարկել խնդիրներ և աջակցության հույս ունենալ:
ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց. «Մեր պայքարը ոչ այնքան քաղաքական է, որքան քաղաքացիական. Հայաստանում ուղղակի այսօր ավելի արդյունավետ միջոց չկա»:
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն, ըստ նրա, տեղի են ունեցել բացառապես ՀԱԿ-ի մարտ-ապրիլյան հանրահավաքների բազմամարդության շնորհիվ։ «Մեր նպատակն այն չի, որ մենք հաղթենք ընտրություններում, այլ այն, որ հաղթի նա, ում ընտրում է ժողովուրդը։ Եթե ՀՀ-ում տեղի ունենան ազատ, արդար ընտրություններ, և այդ ընտրությունների արդյունքում հաղթեն հակառակորդները, դա մեզ համար կլինի հաղթանակ,- հայտարարեց նա` հավելելով,- մեր խնդիրը ես կհամարեմ կատարված, երբ Կոնգրեսը ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով, ժողովրդի վստահությամբ հասնի իշխանության և ապա ժողովրդի վստահությունը կորցնելուց հետո` ազատ, արդար ընտրություններով հեռանա իշխանությունից»։
Ըստ Փաշինյանի` ՀՀ իշխանություններն ընդդիմության հետ երկխոսության գնացել են այն գիտակցությամբ, որ իրենք չկարողացան 2008 թվականի մարտի 1-ից հետո ջարդել, կոտրել համաժողովրդական շարժումը, քաղաքացիական պայքարի կամքը:
«Եթե բանակցությունները իշխանության հետ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասով արդյունքներ չտվեցին, տեղի կունենա ջրբաժան, այսինքն` եթե արտահերթ ընտրությունների հասնելու հնարավորությունը համարենք սպառված, ապա Հայ ազգային կոնգրեսը այդ բանակցություններում անելու բան չի ունենա, անելու բան կունենա Ազատության հրապարակում»,- հայտարարեց նախկին քաղբանտարկյալը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարեց. «Մենք ընդունել ենք արտահերթ ընտրության հարցը քննարկման, ինչը նշանակում է, որ մենք մեր գործընկերների հետ համաձայնություն ենք ձեռք բերել, որ անկախ նրանից, թե ինչ հարց է առաջարկում կողմը, առանց քննարկման` ներառում ենք օրակարգում»: Ըստ նրա` կողմերի առաջարկած հարցերը օրակարգում ընդգրկելով` կողմերի տեսակետները քննարկման առարկա դարձնելու առավել մեծ հնարավորություն է ստեղծվել:
Մինասյանի խոսքով՝ երկխոսության ընթացքում կքննարկվեն արտահերթ ընտրությունների հարցի մասին Կոնգրեսի առաջարկը, հիմնավորումները, գնահատականները, նրանց ակնկալիքները, և այդ քննարկումները կարող են բերել բավականին հետաքրքիր հանգուցալուծման, այդ թվում՝ նաև ՀԱԿ-ի համար:
«Մենք մեր ՀԱԿ-ի գործընկերների հետ ցանկանում ենք ստեղծել նման մի հարթակ, որ այդ ներուժն օգտագործվի ի նպաստ»,- ընդգծեց պատգամավորը:
Ըստ Մինասյանի՝ օգոստոսի 4-ի հանդիպմանը չափազանց կարևոր հարց է քննարկվելու, այն է՝ աշխատակարգի հարցը, այսինքն` ինչպես պետք է քննարկվեն օրակարգում ընդգրկված երկու հարցը: «Չեմ բացառում, որ այս հարցի քննարկումն ու այս հարցի շուրջ համաձայնության ձեռքբերումը մեծապես կպայմանավորեն ողջ գործընթացի հետագա հաջողությանը»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է երկխոսության գործընթացի ժամկետներին, Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ գործընթացի սկզբում ժամկետներ հայտարարելը խելամիտ չէ, քանի որ դրանով տպավորություն է ստեղծվում, թե գերակա է ժամկետների հարցը, մինչդեռ, ըստ նրա, գերակա է քննարկման առարկան:
Այն հարցին, թե այս գործընթացի դրական արդյունքը որը կարելի է համարել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դրական արդյունքը կարող է լինել այն, որ մենք գանք ընդհանուր եզրակացության», նաև հավելեց. «Ես չեմ կարծում, որ մեր երկրում կա այնպիսի իրավիճակ, որի տրամաբանական հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն են»:
Հայ Ազգային Կոնգրեսն այսօր` հուլիսի 27-ին իր քաղխորհրդի հերթական նիստն է անցկացրել:
Նիստում քննարկվել են իշխանությունների հետ բանակցությունների օրակարգի հետ կապված հարցեր, այդ բանակցությունների հետագա ռազմավարությունը, ինչպես նաեւ օգոստոսի 2-ին Ազատության հրապարակում կայանալիք ՀԱԿ հանրահավաքի կազմակերպերչական հարցեր:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 18-ին, երկրորդը` հուլիսի 26-ին: Բանակցությունների օրակարգում ընդգրկվել է նաեւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հարցը:
Վերջին 20 տարիների ընթացքում, Խորհրդային միության փլուզումից հետո, վրաց հասարակությունում պարբերաբար հակահայկական տրամադրությունների ալիքներ են բռնկվում: 20-րդ դարի 90-ական թվականների սկզբին, Զվիադ Գամսախուրդիայի ղեկավարման ժամանակ, հայերի հանդեպ ատելությունը զանգվածային բնույթ ստացավ: Իրադրությունն աստիճանաբար հանդարտվեց եւ դիտարկվում էին միայն հասարակական տարբեր անձանց կողմից պարբերական հակահայկական արտահայտություններ եւ գործողություններ: Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայերի հանդեպ ատելության քարոզչությունը Վրաց Ուղղափառ եկեղեցու, քաղաքական տարբեր կուսակցությունների և վրաց մտավորականության ներկայացուցիչների կողմից սկսել է զանգվածային բնույթ ստանալ:
Վրաստանի Խորհրդարանի կողմից այն օրենքի ընդունումից հետո, որի համաձայն Վրաստանում գործող կրոնական միավորումները կարող են իրավաբանական կարգավիճակ ստանալ, Վրաց Ուղղափառ եկեղեցին եւ նրա հոտը սկսեցին ցույցեր անցկացնել: Նրանց հարձակման հիմնական թիրախը Հայ Առաքելական Եկեղեցին եւ հայությունն է, Վրաց Ուղղափառ եկեղեցուն միացել են նաեւ քաղաքական տարբեր ուժեր եւ այսպես կոչված “մտավորականության” ներկայացուցիչներ, որոնք մեկ անգամ չէ, որ ներկայացրել են իրենց հայահայկական եւ հայատյաց մտքերն ու հայտարարությունները:
Վրաստանում գլուխ են բարձրացրել ազգայնական-ազգայնամոլները: Դրանում կարելի է համոզվել օրինակով, երբ Վրաստանի մի շարք մշակութային, քաղաքական, հոգեւոր գործիչների հակահայկական արտահայտությունների ալիքից հետո Թբիլիսիում սկսեցին ի հայտ գալ հակահայկական մակագրություններ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի` հայերով խիտ բնակեցված Հավլաբար շրջանում, “Գինու վերելքին” (“Վիննի պոդյոմ” – փողոց Թբիլիսիում)` նորաբաց այգու եւ Վրաստանի նախագահի նստավայրի ճանապարհին, մի շենքի պատին հայտնվել է “Հայերի մայրը …” մակագրությունը` ֆաշիստական սվաստիկայով:
Մակագրության ի հայտ գալու ժամանակը եւ դրա հեղինակը հայտնի չեն: Այն մայիսի 26-ին նկատել է Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Հավլաբարի մի բնակիչ:
Վերջին իրադարձությունը` հայատյացության ալիքը, մասնավոր դեպք չէ, այլ անկախության ձեռքբերումից մինչեւ այսօր երկրում իրականացվող գործընթացների մաս եւ հետեւանք է: Երկարամյա խտրական քաղաքականության հետեւանքով Վրաստանի հայությունը զրկված է բոլոր այն իրավունքներից եւ ազատություններից, որոնք պետք է ապահովի պետությունը, որ եվրոպական հանրության անդամ է եւ արձանագրում է արեւմտյան կառույցներին ինտեգրվելու ձգտման մասին, որոնց հիմնական նպատակը մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն է:
Չնայած երկարամյա խտրականությանը, որը ֆիքսված է Վրաստանի Կառավարությանը ուղղված բազմաթիվ ամենամյա հաշվետություններում եւ երաշխավորագրերում, իրականում խտրական քաղաքականությունը նպատակաուղղված զարգանում է ու ընդունում համակարգված հակահայ բնույթ` արտահայտված հետեւյալ տեսքով. մասնավոր եւ հանրային արտահայտություններ եւ հայտարարություններ հասարակական գործիչների կողմից (քաղաքական, հոգեւոր, մտավորականություն եւ այլն); ԶԼՄ-ներում; պետական մարմինների կողմից միջւազգային իրավունքի եւ նորմերի անտեսման մակարդակում (ինչպես մասնակի կամ խեղաթյուրված կերպով վավերացված, այնպես էլ վավերացման սպասող):
«Reuters» գործակալությունը ոչ պաշտոնական տեղեկություն է հաղորդել,որ նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջադրվելու է հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում։ Պատճառը ըստ գործակալության աղբյուրների, որոնց թվում են քաղաքական գործիչներ ու դիվանագետներ, Պուտինի դժգոհությունն է Մեդվեդևից:
Պուտինին գտնում է որ Մեդվեդևին չի հաջողվել ձեռք բերել քաղաքական և գործարար էլիտայի վստահությունը, ինչպես նաև ընտրազանգվածի մեծամասնության համակրանքը։
Մեր տարածաշրջանի երկրների ղեկավարներին բնորոշ է կոնյուկտուրային տուրք տալու, պոպուլիստական հայտարարություններով հանդես գալու վարքագիծը: Հատկապես արտաքին քաղաքական հարաբերություններին վերաբերող հարցերում նրանք շատ հաճախ տեղի են տալիս հասարակական տրամադրություններին` ժողովուրդներին ոչ ստանդարտ լուծումների նախապատրաստելու փոխարեն:
ԼՂ կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցերում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես հաճախ է փոխում մոտեցումները` խաղաղության կողմնակցից մինչև կարծր դիրքորոշման տիրույթում:
Ծաղկաձորում հուլիսի 23-ին Սերժ Սարգսյանը պատասխանել էր Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Մասնակիցներից մեկը նախագահին ուղղեց հետևյալ հարցը. «…Մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ»:
Ըստ իս, Սերժ Սարգսյանը այդ հարցին տվեց հնարավորինս չքաղաքականացված, զուսպ պատասխան: «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Ըստ այդմ, Սարգսյանն այս պատասխանով երկու շեշտադրում է կատարել.
- շեշտել է, որ իր սերունդը հաղթանակ է տարել մեզ պարտադրված ղարաբաղյան պատերազմում,
- «Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին» նախադասությամբ ձևակերպել է ուժեղ պետության իր պատկերացումը` ակնարկելով, որ Հայաստանը տարածքային հավակնություններ չունի Թուրքիայի հանդեպ: Գոնե նման խնդիր ձևակերպված չէ մեր արտաքին քաղաքականության օրակարգում:
Ըստ այդմ, բավականին զարմանալի էր այս ելույթի առթիվ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած բավականին կոշտ հայտարարությունը: «Պետական գործիչների հիմնական գործը պետք է լինի այն, որ նրանք իրենց հանրության և հատկապես երիտասարդ սերնդի համար պատրաստեն խաղաղությամբ և բարօրությամբ լեցուն ապագա: Սակայն դրան բոլորովին հակառակ մոտեցմամբ ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն սերմանելու ձևով երիտասարդներին և ապագա սերունդներին խորհուրդներ տալը ծայրաստիճան անպատասխանատու գործելաոճ է»,- նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: Հայտարարությունում նշվում է նաև, թե այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված փնտրտուքները թափ են հավաքում, Սերժ Սարգսյանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա խաղաղության համար աշխատելու նպատակ չունի:
Այնպիսի տպավորություն է, որ Անկարան շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ և առիթի էր սպասում` պատասխանատվությունը հայակական կողմի վրա գցելու համար: Համենայնդեպս, թուրքերի արձագանքը բացարձակապես ադեկվատ չէր նախագահ Սարգսյանի ելութի տոնայնությանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը պնդեց, որ Հայաստանում ընդհանրապես տնտեսություն ու տնտեսական վիճակ չկա:
«Տիգրան Սարգսյանի կառավարությունն ունիկալ կառավարություն է՝ խաղաղության պայմաններում տնտեսությունը կրճատել են: Եթե նրա փոխարեն լրագրողներից մեկի կոշիկը վարչապետ նշանակեն կամ ինչ-որ քրեական հեղինակության, Հայաստանի տնտեսությունն ավելի լավ կզարգանա»,- վստահեցրեց Բագրատյանը և հավելեց, որ Հայաստանի բյուջեն 3 մլրդ դոլարից իջել է 2 մլրդ դոլարի։
Ըստ Բագրատյանի` երբ իրենք 1998 թվականին հանձնում էին իշխանությունը, 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով աշխարհում զբաղեցնում էինք 85-րդ տեղը, Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ իջանք 110-րդ տեղը, իսկ հիմա` 144-րդ տեղում ենք:
Նախկին վարչապետը նաև ընդգծեց, որ կիսամյակի տվյալներով գնաճը եղել է 9.9%, իրականում չեն գրել 10%, որ երկնիշ չլինի, բյուջեի եկամուտներն աճել են 7%-ով, ինչը նշանակում է, որ բյուջեն նվազել է 3%-ով. «Այս տարվա բյուջեն կկատարվի հանգիստ, որովհետև բյուջե չեն ընդունել։ Բյուջե են ընդունել ու մեզ ու ձեզ մատուցել են, բայց որն ավելի ցածր է, քան 2009-2010-ի համար ընդունված բյուջեն։ Այ էդքան խելոք են իրանք, պարզապես մտածել են՝ գյուղից մարդ չկա, ո՞վ է հասկանալու»։
Բագրատյանը նաև վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանը նույնպես ոչինչ չի հասկանում տնտեսությունից և ակնհայտորեն խնդիրներ ունի մտավոր ունակությունների առումով:
Ըստ ադրբեջանական Trend գործակալության` Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որը վերջինս արել է Ծաղկաձորում տեղի ունեցած հայերենի ու հայ գրականության 5-րդ օլիմպիադայի ժամանակ` ի պատասխան ուսանողի հարցի: Սերժ Սարգսյանի պատասխանը մասնավորապես շոշափել է Արևմտյան Հայաստանի հարցը։ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասված է, որ պետական գործչի գլխավոր պարտականությունը սեփական հանրության և հատկապես երիտասարդության նախապատրաստումն է խաղաղության ու բարգավաճման. «Այդպիսի մոտեցումը, որը ժողովուրդների միջև խթանում է ատելություն ու թշնամություն, չափազանց անպատասխանատու պահվածք է ապագա սերունդների առջև։ Մենք բոլորս փորձում ենք տարածաշրջանում հաստատել խաղաղություն և բարգավաճում։ Սարգսյանի նմանատիպ հայտարարությունները չեն կարող ծառայել ստեղծագործական նպատակներին»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.