23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Առաջին մտածումը, որը լուսարձակի տակ պետք է բերել «Ազատություն»-«Բաղրամյան»-Ծիծեռնակաբերդ-հաղթանակ ժողովրդային շարժման ողղության վրա արձանագրված միջադեպերի սահմանափակ մնալու կարեւոր երեւութին է վերաբերվում։ Այլապես, ժողովրդային ցասման, դեպի նախագահական պալատ բազմամարդ քայլերթի, տրամադրությունների շիկացման ամբոխային երեւույթները շատ արագ համոզում էին, որ երկրորդ «մարտի մեկը» պատրաստ ենթահող ուներ Երևանի փողոցներում։
Այս պահին եւս երկկողմանիորէն նկատվեց նման պատահարներ բացառելու պատասխանատու մոտեցումը։ Թեեւ թե՜ ցուցարարների եւ թե՜ ոստիկանների շարքերում գտնվեցին տարրեր, որոնք կարմիր գծերը շրջանցելու դրսեւորումներ ունեցան։ Այստեղ թե՜ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ թե՜ ոստիկանապետ Գասպարյանի համատեղ ճիգերը դրական հետեւանք ունեցան դեպքերի զարգացումը վերահսկողության տակ պահելու առումով։ Հարկ է ընդգծել, որ իրենց տեսակով, հարցերը դիմակայելու կամ միջադեպերի դիմաց հակազդելու իրենց եղանակներով ընդդիմադիր առաջնորդն առաջին նախագահը չէ, ոչ էլ գործող նախագահը՝ Հայաստանի երկրորդ նախագահը:
Հիմա գանք ժողովրդային հիասթափությանը: «Հիմա»-ի տրամաբանությունը ապրիլի 9-ին գերակշիռ էր ժողովրդի մոտ։ Տարբեր հանգամանքներով է բացատրվում ամբոխավարական ալիքի դրսեւորումն ու մանաւանդ շրջադարձային անմիջական փոփոխություն բերելու ակնկալիքի տարածումը:
Նախ անշուշտ’ իշխանափոխության տարերային պահանջի առկայությունը, նախագահական ընտրությունների արդյունքների մշուշոտ լինելը, շատերի մոտ այդ ընտրություններին ընդդիմադիր թեկնածուի հաղթած լինելու համոզումը, այլոց մոտ իշխանափոխություն իրականացնելու առիթը բաց չթողելու մոտեցումը. այս բոլորի վրա աւելանում է նաեւ վճռորոշ հայտարարությունների, ժողովուրդը պայքարունակ պահելու միտումով հարցը տաք կրակի վրա պահելու եւ դեպի շրջադարձային փուլ առաջնորդելու կոչերը։
Նախագահական առումով նախընտրական եւ հետընտրական փուլերին ընդդիմությանը չէր հաջողվել համախմբվել առաջիկա անելիքների, ռազմավարական եւ հայեցակարգային ընդհանուր համաձայնական եզրերի շուրջ։ Փուլ առ փուլ անելիքների քարտեզը հստակ չէր։ Կային հանկարծակի պահանջներ, չխորհրդակցված, չքննարկված եւ չհամաձայնեցված առաջադրանքներ, որոնք իրականացնելու համար պիտի գործեր ուժերի միջեւ համակարգված մեքենականությունը։ Մինչեւ ապրիլի 9-ի սպասված շրջադարձը եւս’ այդ ենթահողի ձեւաւորման նպաստող քայլ չառնվեց։
Համակարգային փոփոխությունը, երկարաշունչ պայքարի հետեւողականություն ենթադրող առաջադրանք է։ «Հիմա»-ի տրամաբանությունը չպետք է ճնշի կազմակերպվելիք գործողությունների համար ճշտվող մարտավարական սկզբունքների վրա։ Բայց երկարաշունչին առընթեր, ռազմավարական հայեցակարգի մշակումը, իրականացնելի գործողությունների եւ նրանց ժամանակացույցի ճշտումը պարտադիր են դուրս գալու համար պատահականության եւ հանկարծակիության գործոնի առաջացրած իրավիճակից։
Ապրիլի 9-ից աւելի կարեւոր կարող է նկատվել մայիսի 5-ը՝ Երևանի քաղաքապետական ընտրություննների օրը։ Ճիշտ է, որ ընդդիմությանը այս հանգրվանի համար եւս չհաջողվեց միաւորվել եւ առաջադրել միասնական թեկնածու։ Այսուհանդերձ, քաղաքական օրակարգերի ճշտումն ու համատեղ խորհրդակցություններից եւ քննարկումներից բխած համակարգված աշխատանքներն են միայն, որոնք կարող են հաջողվել եւ հանգել էական փոփոխութիւնների։ Այլապես, անջատ քայլերը, չհամադրված եւ չհամաձայնեցված որոշումներն ու հայտարարությունները ուժերի մասնատման կարգով կջլատեն շարժումը։
Մինչեւ մայիսի 5-ը եւ դրանից հետո անշուշտ’ ընդդիմադիր դաշտում քաղաքական օրակարգի շուրջ համաձայնությունը կարող է որակական փոփոխություն բերել, նոր հուսադրումների առաջնորդել եւ շարժմանն ապահովել նպատակաուղղված, հետեւողական եւ երկարաշունչ աշխատելաձեւի նոր եղանակներ։ Ա՜յս գործընթացն է, որը բացառապէս կարող է ձեռք բերել տեսանելի արդյունքներ։
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Երեկ Հայաստանում ինագուրացիաների օր էր՝ մեկը պաշտոնական, մյուսը՝ թատերականացված: Ուզում եմ ասել, որ ոչ ոք Երևանու ավագանու ընտրություններով զբաղվելու, առավել ևս՝ քարոզարշավ անելու ոչ ժամանակ ուներ, ոչ էլ՝ զահլա: ՀՀԿ և ՕԵԿ ղեկավարությունները իրենց ներկան ստացան Սերժ Սարգսյանի ինագուրացիային, հետո էլ ժամերով այդ առիթը նշեցին «Փարվանա» ռեստորանաում:
Դե Րաֆֆու կողմնակիցներն էլ Ազատության հրապարակը վերածել էին մի իսկական թատերական բեմի: Մյուս քաղաքական ուժերն էլ, որ հավակնում են քաղաքային իշխանությանը, դիտորդի կարգավիճակով թամաշա էին անում, հետևում էին իրադարձություններին, որոնք տրագիկոմիկ ժանրից են:
Սակայն երեկ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ուղղակիորեն կապ ունեն Երևանի ավագանու ընտրությունների հետ: Քարոզչության հետ կապ չունեն, ծրագրային ասելիքի հետ՝ նույնպես, բայց այդ իրադարձությունները գործընթաց են նախանշում, կամ էլ բացահայտում են իրողություններ:
Երեկ, ոստիկանության և ցուցարարների բախումների ժամանակ կոտրվել է ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի նախընտրական ցուցակի թիվ 1 Արմեն Մարտիրոսյանի քիթը: Նրա կուսակիցները մեղադրում են ոստիկանությանը: Ոստիկանությունը իր հերթին պնդում է, որ Արմենը չի կատարել իրենց օրինական պահանջը, ու նրա դեմ վարչական վարույթ է հարուցվել: Այս փոխադարձ մեղադրանքներն ինձ քիչ են հետաքրքրում:
Ւնձ մեկ այլ բան է մտահոգում. դա այն է, որ մեզանում ձևավորվում է տխուր մի ավանդույթ: Նախագահական ընտրությունների ժամանակ կրակում են նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, երեկ ծեծում են քաղաքապետի թեկնածուի: Սրանք իրադարձություններ են, որոնք կարող են ստվերել ընտրական գործընթացն ուզածդ երկրում:
Մերոնք, առաջին հերթին՝ իշխանությունները, չեն հասկացել, որ ընտրության լեգիտիմությունը միայն քվեարկության օրով չի որոշվում: Դիտարկվում է ողջ գործընթացը՝ իր մանր ու մեծ, երևացող ու չերևացող դետալներով:
Երբեք լիարժեք լեգիտիմ չեն կարող համարվել ընտրությունները, եթե դրանց նախորդում են թեկնածուներից մեկի վրա արձակված կրակոցները կամ բռնությունը թեկնածուներից մյուսի հանդեպ:
Երեկ տեղի ունեցած ևս մեկ թեմա անուղղակիորեն առնչվում է Երևանի ավագանու ընտրությունների հետ: Ա1+ հեռուստաընկերությունը տեսանկարահանել էր ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին և Հեղինեն Բիշարյանին, որոնք թևանցուկ իջնում էին Մարզահմերգայինի աստիճաններով՝ նախագահի ինագուրացիայից հետո: Սամվելը, տեսանյութում, ժպտալով ասում է, որ իրենք եկեղեցով քույր-եղբայր են դարձել: Հեղինեն էլ թե՝ Սամոն ՕԵԿ է մտնելու և ավագանու ընտություններում իրենց թեկնածուին է սատարելու: Ալեքսանյանը հերքում է՝ մի քանի անգամ կրկնելով, որ ինքն աշխատելու է Տարոն Մարգարյանի համար:
Իհարկե, պատգամավորները կատակում են: Բայց այս կատակի մեջ ճշմարտության չափազանց մեծ հատիկ կա. ոչ թե ընտրողն, այլ օլիգարխն է որոշում, թե իր զոնայում՝ որ ուժը և ինչքան քվոտա ունի:
Սուրեն Սուրենյանց
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեկվա օրը իրականում պատմական էր:
Անկախ անձերից, Հայկական պետության հերթական ղեկավարի երդմնակալությունը նոր հույսերի, նոր աշխատանքի, նոր զարգացման և զարգացումների հնգամյակ է բացում:
Հնարավորությունների հնգամյակ:
Խոստովանեմ, որ ես, ինչպես հազարավոր այլ քաղաացիներ, որոշակի անհանգստությամբ էի սպասում և հետևում նաև զուգահեռ քաղաքական հարթության մեջ ընթացող իրադարձություններին:
Փառք Տիրոջը, երեկվա այդ ինտրիգը չունեցով շատ դրամատիկական, առավել ևս, ողբերգական երանգներ:
ա. Րաֆֆի:
Անտեսելով իր բոլոր սխալները, որոնք արդյունք են հիմնականում երկու փոխկապակցված խնդիրների’ իրականության ոչ լիարժեք ընկալման և միահեծան քաղաքական կեցվածքի, ցանկանում եմ գոհունակություն հայտնել իր’ գլոբալ առումով ողջամիտ պահվածքի, խոհեմության և վերջին պահերին’ պետականության գիտակցման համար: Երեկվա ընթացքում վնասվածքներ ստացած մարդկանց, մասնավորապես, ինձ մտերիմ Արմեն Մարտիրոսյանին ապաքինում եմ մաղթում:
բ. Ոստիկանություն:
Որպես քաղաքացի շնորհակալ եմ Վլադիմիր Գասպարյանին ոչ միայն երեկվա իր’ ոմանց համար անսպասելի հաշտարարական առաքելության համար, այլև վերջին տարիներին ՀՀ Ոստիկանության ներսում իրականացված հսկայածավալ աշխատանքի համար, ինչի ականատեսը գործնականում եղան բոլորը:
Իհարկե, դեռ շատ խնդիրներ կան: Այդ թվում ոստիկանությունում, կրթությունում, քաղաքական դաշտում և այլն:
Սակայն, փաստ է’ երեկ մեզ միասին հաջողվեց չբացել Պանդորայի արկղը:
Մնացածը’ լուծելի է…»։
Արդեն մի քանի օր է, ինչ լուրեր են շրջանառվում , թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանր որոշել դադարեցնել հացադուլը: «ՉԻ» տեղեկություններով, Րաֆֆու վարքագիծը սկսել է նյարդայնացնել ՌԴ իշխանություններին, մասնավորապես պուտինամերձ շրջանակներին, և նրանք Արա Աբրահամյանի միջոցով համապատասխան մեսիջ են ուղարկե լ ՀՀ իշխանություններին: Արա Աբրահամյանն ինքն է անձամբ ոուսների տրամադրությունները ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչից հետո վերջինս որոշել է «թարգել» հացադուլը և մանրից դադարեցնել հանրահավաքային պայքարը: «Նկատենք նաև , որ Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան բանակցությունները վարում է Արա Աբրահամյանը: Սերժ Սարզսյանի կողմից բանակցում է Արա Աբրահամյանր, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն նախաձեռնությունը վերցրել է նրա կինը` Արմենուհի Հովհաննիսյանը: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հուզախառը վիճակում հայտարարեց, թե այսօր առավոտ ինքը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն ` Պուտինի հետ հանդիպելու և ներկայացնելու իրավիճակր: Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հայտարարությունից շատերը սկսեցին զվարճանալ ֆեյսբուքում: Մինչդեռ դա ոչ թե Հովհաննիսյանի հերթական անհասկանալի ձևակերպումն էր, այլ շատ կոնկրետ sms: Փաստորեն, երեկ Րաֆֆին ակնարկում էր Արա Աբրահամյանին, որ նա կարող է «խզել» բոլոր պայմանավորվածությունները և անձամբ հանդիպել Պուտինի հետ և նրան պատմել բոլոր դարդերը: Ի դեպ`Հովհաննիսյանի այս հաղորդագրությունը ոչ միայն զավեշտալի է , այլ նաև հստակ ցուցիչ է այն իրողության, որ վերջինս լուրջ քաղաքական գործընթացների համար ադեկվատ չէ»,- գրել է թերթը:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթն այսօրվա առաջնորդողում գրել է. «Այսօր կարևոր օր է Հայաստանում: Տեղի է ունենալու 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների երկու արձանագրում: Դրանցից մեկով արձանագրվելու և հաստատվելու է կեղծիքը, երկրորդով իրականությունը: Կեղծիքն այն է, որ Սերժ Սարգսյանը 2013 թվականի նախագահական ընտրություններում հաղթել է. ինչը կարձանագրվի այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդման արարողությամբ: Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը պարտվել է ընտրություններում, իսկ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը կարձանագրվի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությամբ: Սերժ Սարգսյանի երդմնակալությունը կկայանա փակ դահլիճում, ոստիկանության ուժերի խստացված վերահսկողությամբ, արտասահմանից հրավիրված ոչ բարձրաստիճան հյուրերի, և կեղծիքին, ստին և անօրինականությանը նվիրված հայաստանյան «բարձր հասարակության» աոաջ: Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը կկայանա Հայաստանում կեղծիքն ու սուտը մերժող, դրա դեմ ընդվզող բազմահազար մարդկանց աոաջ: Ինչ կբերի այս օրը իր հետ Հայաստանի և նրա ապագայի համար` իսկապես անկանխատեսելի է: Բայց միայն այն, որ Սերժ Սարգսյանի աոաջին երդմնակալությունից հինգ տարի անց, այն էլ «Մարտի 1»-ի ողբերգություն տեսած ՀՀ քաղաքացին նրան չներեց ոչինչ, ամուր կանգնեց կեղծիքի ու ստի աոաջ, արդեն հրաշալի է Հայաստանի ապագայի, մեր երկրում ազատության և օրինականության հաստատման լուրջ երաշխիք: Հայաստանի բոլոր ազատ, անվախ, իրենց երկրի և երեխաների ապագայով մտահոգ քաղաքացիները այսօր կլինեն Ազատության հրապարակում: Իսկ բոլոր խոսակցությունները, թե հետո ինչ է լինելու, տվյալ դեպքում երկրորդական են, կարևորը ոչ թե հետոն է, այլ այս Օրը: Հետոն կախված է այս Օրվանից, այն բանից, թե որ երդմնակալությունն ավելի հզոր կլինի: Կհաղթի՞ կեղծիքի երդմնակալությունը, հետոն ապահովված կլինի կեղծիքով, ստով, անօրինականությամբ, դարդուցավով, արտագաղթով: Կհաղթի այս ամենը մերժող Քաղաքացին, և հետոն ապահովված կլինի նոր հեռանկարներով, երկիրը ի վերջո կթոթափի արատավոր այդ երևույթները և ՀՀ քաղաքացին ի վերջո իր իշխանությունը կհաստատի սեփական երկրում»:
Հայկական ժամանակ
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ Ոստիկանությունը տարածել է մի հայտարարություն, որում իրեն թույլ է տվել իր լիազորությունները գերազանցող գնահատականներ, ապաև հենվելով իր իսկ անհեթեթ գուշակությունների և կռահումների վրա՝ նաև զրպարտչական բնույթի որակումներ տվել իմ գործողություններին:
Իր պաշտոնական պարտականությունները վերջին օրը կատարող Սերժ Սարգսյանին և նրան ենթակա իրավապահ մարմինների ղեկավարներ Վլադիմիր Գասպարյանին, Գորիկ Հակոբյանին և համապատասխան հարգարժան մյուս պաշտոնյաներին հայտնում եմ, որ այսօր կեսօրից դուք այլևս դադարում եք ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին: Ես ձեր տարածած հակասահմանադրական հայտարարության հետքերով պահանջում եմ ձեր հրաժարականը: Այլապես, եթե իմ կազմակերպած հավաքները, ինչպես դուք եք ասում, «հակաիրավական, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտում» են պարունակում, իսկ դրանց խաղաղ բնույթը’ «կախված իրավիճակի զարգացումից, կդառնա մասամբ կամ ամբողջովին բովանդակազուրկ», ապա հենց այսօր կեսօրին եկեք Ազատության հրապարակ և ձերբակալեք ինձ: Այնտեղ ես իսկապես պատրաստվում եմ ստանձնել հայ ժողովրդի կողմից փետրվարի 18-ին ինձ վստահված պարտականությունները:
Թող հստակ լինի հայ ժողովրդին աշխարհով մեկ՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք, որ սա ոչ թե Րաֆֆիի հաղթանակն է և ոչ էլ Սերժի պարտությունը, այլ համայն հայ ժողովրդի հարությունը, վերածնունդը ազգի, վերելքը պետության:
Թող հստակ լինի նաև ձեզ. Հայրենիքը հավերժ է, եռագույնը՝ սուրբ, իսկ դուք, ընկերներ, ինձ հետ մեկտեղ ոչինչ եք մեր հայրենիքի, մեր սերունդների և մեր ժողովրդի իշխանության դիմաց:
Բարով մնանք»:
Ուրբաթ օրը միտինգային ելույթից հետո մի կին մոտեցել է Արմեն Ոուստամյանին և համառորեն պահանջել, որ վերջինս պատասխանի հարցին, թե ինչու այսքան ժամանակ հարթակ չի եկել Վահան Հովհաննիսյանը. «Ոչ եկել ա, ոչ էլ ելույթ ա ունեցել, ինքն էնքան պետք է պատասխանատվություն ունենար, որ հասկանար` ժողովուրդը պահանջում է»: Արմեն Ռուստամյանն ասել է. «Հա՞, պահանջո՞ւմ է, կասենք, կգա-ելույթ կունենա, պրոբլեմ չկա»: Կինը չի նահանջել. «Չէ, դա էդպես չի, դա սիրողական հարց չէ, որ էսպես ոտքի վրա փորձում եք լուծել, պետք է լրջորեն մոտենալ հարցին…»: «Դո՞ւք եք որոշում` ով ելույթ ունենա մեզնից, ով` ոչ»,-նեղսրտել է Ռուստամյանը, որի նյարդերը տեղի են տվել, բայց քանի որ լրագրողները հետևելիս են եղել զրույցին, համբերատար ունկնդրել է կնոջը: Հետո լրագրողներն են հարցրել` կիսո՞ւմ է Անդրիաս Ղուկասյանի տեսակետը, որ Րաֆֆին 50 հազար մարդ թող «տա իրեն», իրենք էլ գնան ՄՀՀ-ն շրջափակեն, և «նեխած ձվերը» ինաուգուրացիայի ժամանակ «մնան զամբյուղում»: «Հում մտքեր են, այդ ամենը պետք է լուրջ նախապատրաստել, ժամակակացույց պետք է մշակել, հարթակի վրա որոշում կայացնելը ո՞րն է, սխալ է, լուրջ չի»,- ասել է Ռուստամյանը: Իսկ ինչու Պռոշյանի գյուղապետի սպանությունը դեպքից վայրկյաններ անց ՀՅԴ-ն որակեց ահաբեկչություն, որտեղի՞ց գիտեիք: «Ահաբեկչություն էր` դրա համար, սպանությունը քաղաքական ենթատեքստ ուներ, շատ պարզ էր, թե ինչո՞ւ են սպանել նրան` որպեսզի չկարողանա շարունակել իր պաշտոնավարումը: Չի ստացվել դա ընտրությունների միջոցով, արել են գնդակի միջոցով և այն էլ գյուղապետարանի դիմաց, սա է»:
Հրապարակ
Այսօր «Վարկած» ակումբում հյուրընկալված «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարը ներկայացնող Մանուկ Սուքիասյանն անդրադարձավ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին և դրան հաջորդած գործընթացներին:
Նա ասաց, որ հաճելի անակնկալի են եկել ընտրությունների արդյունքներից: Կանխավ դրանք ոչ մրցակցային էին որակվում, սակայն հասարակությունը կարողացավ գտնել մի թեկնածուի, որը ձեռնոց նետեց օրվա իշխանությանը:
Սակայն «Առաքելություն» կուսակցությունը, կարծես թե, հիասթափված է Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական քայլերից և առանձնապես սպասլիքներ չունի ապրիլի 9-ից: «Ինչ վերաբերում է ինագուրացիային: Դա հետաքրքիր կլիներ, եթե երկրորդ ինագուրացիայի նախաձեռնողները երկրում ստեղծած լինեին փաստացի երկիշխանություն, լուրջ կասկածի տակ դրած լինեին օրվա իշխանության տիրապետումը պետական կառավարմանը»,- ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ երկրում նման վիճակ չկա: Ըստ այդմ՝ «Առաքելություն» կուսակցությունում կարծում են, որ այլընտրանքային ինագուրացիան անհասկանալի և անընդունելի է:
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրը համընկավ Մայրության և գեղեցկության օրվա հետ:
Երևանի քաղաքապետարանի աշխատողները մայրաքաղաքի տարբեր հատվածներում կանանց և աղջիկներին ծաղիկներ էին բաժանում` Տարոն Մարգարյանի անունից: Լավ էլ անում էին. կանանց, մեր մայրերին արժևորել է պետք: Վատն այն է, որ ծաղիկները բաժանում էին քաղաքապետարանի աշխատակիցները, ոչ թե` Մարգարյանի շտաբի ներկայացուցիչները: Սա կարող է մրցակիցների կողմից որակվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում:
ԲՀԿ-ն էլ ծաղիկներ բաժանեց, բայց` սահմանափակ թվով, իր կին անդամներին` «Մոսկվա» կինոթատրոնում:
Քաղաքապետի ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանն էլ Սարյանի արձանի մոտ էր հրավիրել իրենց կուսակցության համակիր կանանց և արժևորում էր նրանց տոնը, հնգամյա պայքարը:
Ընտրարշավը դասական` արևտյան չափանիշներով, սկսեց «Օրինաց երկիր» կուսակցությունը: Կիրակի առավոտ կուսակցության անդամները` Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, հավաքվել էին «Մարիոթ» հյուրանոցում` ներկայացնելու իրենց ծրագիրը, համամասնական ցուցակը, քաղաքապետացուին: «Լավ տրամադրությամբ սկսում ենք այս օրը և լավ տրամադրությամբ ու հաղթանակով էլ կավարտենք»,- ավետեց Արթուր Բաղդասարյանը: Այս հավաքում Տարոնի մասին թթու խոսքեր չասեցին: Պահեցին իրենց` կոալիցիոն գործընկերոջը վայել, միայն ասեցին, որ իրենց թեկնածուն` ԱԻ նախարար Արմեն Երիցյանն, ավելի լավ քաղաքապետ կարող է լինել: Համ էլ` հատուկ շեշտվեց Երիցյանի երևանցի լինելը: Դե նա էլ այդ շեշտադրումն արդարացրեց. «Չկա մի այդպիսի տարածք , որտեղ կամ երաժշտությամբ կամ սպորտով չեմ զբաղվել: Տղաները կիմանան և կհիշեն, գնում ղայթան ու հոլ էինք խաղում, ծեծ էինք ուտում` ծեծում էինք: Ինչպես կասեր մեր Տիգրան Կարապետիչը` Զանգվի ջուր էինք խմում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Երևանը այնպիսին լինի, որ բոլորս տեսնենք և հպարտությամբ ասենք, որ սա մեր տունն է»,- ասաց նախարար, ՕԵԿ քաղաքապետացու Արմեն Երիցյանը: Ընդհանրապես, Բաղդասարյանի և մյուս ելույթ ունեցողների հիմնական թեզն այն էր, որ Երիցյանն ամենամրցունակ թեկնածուն է: Այս բարձր տրամադրության ֆոնին, սակայն, շատ դժգույն ստացվեց ՕԵԿ մամլո քարտուղարի միապաղաղ ելույթը Հանրայինի քարոզչական բլոկում:
Այ, ՀՀԿ նախընտրական տեսահոլովակը` երգով, որի հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, իսկ բառերը` Ավետ Բարսեղյանինը, բավականին տպավորիչ էր: Ափսոս` իրականությունից շատ տարբերվող: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև քաղաքացիներին էր դիմել` ասելով, որ նրանց վստահության կարիքն ունի: Կայքերից մեկում զետեղված էր գործող քաղաքապետի հարցազրույցը, որում նա վիճահարույց միտք էր արտահայտել: «Մեր ծրագիրը քաղաքական չէ, ինչպես քաղաքական չեն ընտրությունները: Իսկ մեր միակ նպատակը երևանցու հարմարավետ և արժանապատիվ կյանքն է մեր բոլորիս կողմից սիրված քաղաքում: Եթե ոմանց համար նպատակը Երևանի վրա իշխելն է, ապա մեր նպատակը երևանցիները կյանքը թեթևացնելն է: Սա լուրջ և սկզբունքային տարբերություն է»,-ասում է Տարոնը: Քաղաքապետի կամ ավագանու թեկնածուի ծրագիրն իսկապես կարող է քաղաքական չլինել, բայց ընտրությունը, այն էլ` միայն կուսակցական սկզբունքով, միայն համամասնական ընտրակարգով, չի կարող քաղաքական չլինել, եթե նույնիսկ այդպես է ուզում մեր մայրաքաղաքի թիվ մեկ պաշտոնյան:
Քաղաքական-ոչ քաղաքական հարցում միանգամայն այլ կարծիքին են ԲՀԿ-ում: «Հիմա իշխանությունը փորձում է վերարտադրվել, քանի որ կարծում է, թե իշխանությունը ժառանգաբար է անցնում իրենց: Պետք է, ուրեմն, կոալիցիայից դուրս գտնվող քաղաքական ուժերի կոնսոլիդացիա լինի, այն թույլ չտալու համար»,– երեկ նշել է ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը։Կարծես թե. Օսկանյանը միտք է արտահայտում, որը ենթադրում է քաղաքական և հասարակական լայն կոնսոլիդացիա: Այս ֆոնին տարակուսելի է, որ ԲՀԿ ակտիվը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, իր նախընտրական առաջին հավաքն անցկացրեց կուսակցական նեղ շրջանակում. «Մոսկվա» կինոթատրոնի դռները փակ էին լրագրողների համար: ԲՀԿ-ում որոշողը ոչ Օսկանյանն է, ոչ էլ որևէ շտաբի պետ, այլ` բացառապես Ծառուկյանը: Նրա անձի վրա է հիմնված լինելու նաև այս քարոզարշավը. դրա վառ ապացույցն են կուսակցության առաջին օրվա տեսահոլովակը, այն, որ ուղերձով քաղաքացիներին դիմեց ոչ թե Օսկանյանն, այլ` Ծառուկյանը և այլն: «ԲՀԿ-ն երևանցու կողքին է, իսկ եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դիտարկելու եմ իմ դեմ ուղղված վիրավորանք և վիրավորողը իմ հետ է գործ ունենալու»,- իշխանությանը զգուշացնում է ԲՀԿ առաջնորդը` մի պահ մոռանալով, որ ինքը նույնիսկ Երևանի քաղաքացի չէ:
Սակայն զարմացնելու առումով առաջատարը դարձյալ «Բարև Երևան» դաշինքն է, որը ձևավորվել է Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման շուրջ: Եկմալյան-Պուշկին փողոցների խաչմերուկին գտնվող պուրակում ծառատունկ կազմակերպելը` հիանալի է, մանավանդ որ` դա ունի իր բացատրությունը: «2007թ-ին երբ ես, Ստյոպան, Արմենը, Զարուհին պատգամավորներ էինք, ստացանք ահազանգ այն մասին, որ այս տարածքում մտել են բուլդոզերներ, մի խոսքով, հիմքեր են փորում, իսկ բնակիչները ուզում են պաշտպանել: էդ օրը շատ մեծ պատմություն եղավ: Տրակտորի դեմը փակեցինք, ոստիկանների հրմշտոց և այլն: Մեր ջանքերով ոչինչ չկառուցվեց այստեղ, և արդեն Գագիկ Բեգլարյանի քաղաքապետ լինելու ժամանակ ծառատունկ կազմակերպվեց»,-ասում է ծառատունկի գլխավոր հերոս Ր. Հովհաննիսյանը: Արտառոցն այն է, որ ծառատունկին չէր մասնակցում դաշինքի քաղաքապետացու Արմեն Մարտիրոսյանը, որը Գյումրի էր մեկնել` երեսուն գյումրեցիների քայլերթը դեպի Երևան կազմակերպելու համար: Գյումրեցիներն Երևան են գալիս` Հովհաննիսյանի երդմնակալությանը մասնակցելու համար: Ակնհայտ է, որ հենց «Ժառանգության» ղեկավարն է Մարտիրոսյանին Գյումրի գործուղել. կամ սրանով Հովհաննիսյանը ցույց է տալիս, որ իր թիմին քաղաքապետական ընտրությունները բացարձակապես չեն հետաքրքրում, կամ էլ` «ժառանգությունում» կադրային լուրջ դեֆիցիտ կա ու Մարտիրոսյանի վրա միանգամից մի քանի ֆունկցիա է դրված` քաղաքապետացու, հանրահավաք վարող, Գյումրիից մարդ ուղեկցող և այլն: Ինքը` Արմեն Մարտիրոսյանը, յուրօրինակ բացատրություն է տվել իրենց որոշմանը. «Այն հաղթանակը 70/30, որ պաշտոնական կար Գյումրիում, մենք այդ հաղթանակը այսօրվանից տանում ենք դեպի Երևան, որ ապրիլի 9-ին մենք մեկ անգամ ևս հաստատագրենք փետրվարի 18-ի հաղթանակը և մայիսի 5-ին այլևս պաշտոնական այս հարաբերակցությունը նաև Երևանում լինի»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը: Գեղեցիկ է հնչում, բայց Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված տեսահոլովակում նույնպես ոչ մի խոսք չկար ավագանու ընտրությունների մասին:
Բոլորս հրավիրվում էինք «Նոր Հայաստանի» երդմնակալությանը:
«Առաքելություն» կուսակցությունը Հանրայինով ներկայացրեց իր տեսահոլովակը, որից իմացանք, որ նրանց հաղթանակի դեպքում` մետրոյից անվճար կերթևենք, քաղաքը երկու անգամ ավելի բյուջե կունենա և այլն: Ափսոս, որ ոչ ոք չի հավատում այս կուսակցության հաղթանակին:
ՀՅԴ-ն հետաձգել էր իր մեկնարկային տոնական միջոցառումները` Պռոշյանի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանության հետ կապված: Միայն որոշ կայքեր հրապարակեցին ՀՅԴ նախընտրական ծրագիրը:
Սուրեն Սուրենյանց
Կոմունիստական իշխանության տապալումից հետո, Տարոն Մարգարյանն Երևանի 12-րդ քաղաքապետն է: Իհարկե, այս 23 տարիների ընթացքում քաղաքապետերը պաշտոնավարել են տարբեր կարգավիճակներով:
Մինչև 1995թ-ի սահմանադրության ընդունումը՝ գործում էր մայրաքաղաքի կառավարման խորհրդային մոդելը. ժողովուրդը մեծամասնական ընտրակարգով ընտրում էր քաղաքային խորհուրդ, որն էլ իր հերթին ընտրում էր գործադիր կոմիտե և դրա նախագահին: Սահմանադրական փոփոխություններից հետո, Երևանը դարձավ տարածքային կառավարման սուբյեկտ, քաղաքապետարանը նույնացվեց մարզպետարանների կարգավիճակին, ըստ այդմ՝ Երևանի քաղաքապետը նշանակվում էր հանրապետության նախագահի կողմից:
2005թ-ի սահմանադրական փոփոխություններից հետո, Երևանն այլևս տեղական ինքնակառավարման մարմին է. երևանցիներն ընտրում են Ավագանի՝ բացառապես համամասնական ընտրակարգով, որն էլ իր կազմից ընտրում է մայրաքաղաքի ղեկավարին:
Տարբեր են եղել նաև քաղաքապետերի նշանակման մոտիվացիան, քաղաքական կշիռը, հետեաբար՝ պաշտոնանկության պատճառները:
Երրորդ հանրապետությունը շատ բան ժառանգեց խորհրդային Հայաստանից: «Հարուստ օժիտի» մեջ էր նաև Երևանի քաղխորհրդի նախագահ Արտաշես Գեղամյանը: Եթե չլիներ սովետների քայքայումը, Գեղամյանի համար քաղխորհրդի նախագահի պաշտոնը դեպի կենտկոմի բարձր կաբինետներ տանելու երանելի ճանապարհ կդառնար: Սակայն ՀՀՇ-ի կողմից ձևավորած նոր իշխանության և Գեղամյանի ջրերը նույն առվով չգնացին և արդեն 1990թ-ի քաղխորհրդի ընտրություններից հետո Գեղամյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին: Բայց սրանով Գեղամյանի քաղաքական կենսագրության մեկնարկը տրվեց արդեն նոր Հայաստանում: 90-ականների վերջին, 2000-ականների սկզբին նա թունդ ընդդիմադիր էր, այն ժամանակվա իշխանության դե ֆակտո երկրորդ մարդուն՝ Սերժ Սարգսյանին մեղադրում էր բոլոր հնարավոր և անհնար մեղքերում: Ի վերջո, նա արժանացավ Սարգսյանի կոշտ արձագանքին՝ ամփոփված մեկ բառով. Դհոլ: Բոլորն են ասում, որ Սերժ Սարգսյանը հատուկ հակում ունի երաժշտության, այն ստեղծող գործիքների հանդեպ: Հավանաբար հենց այս պատճառով Ա. Գեղամյանը 2012թ-ի խորհրդարանական ընտրություններում ընդգրկվեց ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում և դարձավ պատգամավոր: Բախտն այսպիսի բան է. Գեղամյանը կոմունիստական շրջանում երազում էր կենտկոմի առաջին քարտուղար դառնալու մասին, հիմա ստիպված է զբաղվել մեր օրերի «կենտկոմի քարտուղարի» փառաբանմամբ:
1990թ-ի քաղխորհրդի ընտրություններից հետո քաղաքապետ դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը: Նրա պաշտոնավարման շրջանի հետ է ասոցացվում Հանրապետության հրապարակում գտնվող Լենինի արձանի ապամոնտաժումը: Սակայն Գալստյանին չհաջոցվեց երկար պաշտոնավարել. Նա աստիճանաբար կորցրեց կենտրոնական իշխանության վստահությունը, անընդհատ բախումների մեջ էր քաղաքականցաված քաղխորհրդի հետ: 1992-ին նա հրաժարական տվեց, իսկ երկու տարի հետո դարձավ դավադիր կրակոցների զոհ:
Համբարձում Գալստյանին փոխարինեց Վահագն Խաչատրյանը, որը կարողացավ հարաբերությունները կարգավորել քաղխորհրդի հետ և պաշտոնավարեց մինչև 1996թ-ի փետրվարը: Խաչատրյանի քաղաքական հավակնությունները ի հայտ եկան քաղաքապետի պաշտոնը թողելուց շատ տարիներ անց: 1998-ին, նա այն գործիչներից էր, որ իշխանությունը լքեց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և ցայսօր նրա հավատարիմ զինակիցներից մեկն է: Ի դեպ, հատկանշական է, որ Երևեանի ավագանու առաջիկա ընտրություններում հենց Խաչատրյանն է գլխավորում առաջին նախագահի ղեկավարած ՀԱԿ նախընտրական ցուցակը:
Վերադառնանք, սակայն, 1996թ-ի փետրվար: Արդեն փոխվել էր մայրաքաղաքի կառավարման մոդելը, և նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր հրամանագրով, քաղաքապետ նշանակեց Աշոտ Միրզոյանին: Ասում են, որ ի սկզբանե նախատեսված էր, որ նա կարճ է պաշտոնավարելու և մարաքաղաքի թիվ մեկ պաշտոնյա է դարձել զուտ այն պատճառով, որ վերևներում կոմպրոմիս չի ձևավորվել նոր քաղաքապետի անձի շուրջ:
Արդեն տարեվերջին կոմպրոմիսը երևի գտնվեց և քաղաքապետի պաշտոնում հայտնվեց Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Վանո Սիրադեղյանը: Բայց քաղաքապետի պաշտոնը դարձավ Վանոյի քաղաքական մայրամուտի սիմվոլը: Ներիշխանական հակասությունները երկրում ճգնաժամ հարուցեցին. Տեր-Պետրոսյանի թիմից առաջինը հրաժարական տվեց հենց Սիրադեղյանը՝ կանխորոշված դարձնելով նաև երկրի նախագահի հրաժարականը: Իրադարձությունների հետեգա ընթացքը ստիպեց, որ Վանոն լքի Հայաստանը՝ խույս տալով նոր իշխանության հետապնդումներից:
Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի առաջին քաղաքապետը Սուրեն Աբրահամյանն էր, ով պաշտոնավարեց մեկ տարի՝ 1999թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո նշանակվելով ՆԳ նախարար Վազգեն Սարգսյանի կաբինետում: Սակայն 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը սասանեց Աբրահամյանի դիրքերն իշխանության ճամբարում: Շուտով նա ինքնադրսևորվեց որպես հրապարակային ընդդիմադիր գործիչ:
Նույն ճակատագիրն էր սպասում նաև քաղաքապետի պաշտոնում նրան փոխարինած Ալբերտ Բազեյանին, ով ազդեցիկ դեմք էր Վազգեն և Արամ Սարգսյանների կաբինետներում, սակայն վերջինիս պաշտոնանկությունից հետո՝ ամբողջովին կորցրեց իր ազդեցությունը՝ պաշտոնանկ արվելով 2001թ-ի հունվարին: Բազեյանը առանձանակի հաջողություններ չարձանագրեց նաև ընդդիմադիր դաշտում:
2001-ին Ռոբերտ Քոչարյանն արդեն դուրս էր եկել «անգլիական թագուհու» կարգավիճակից և ամբողջովին վերահսկում էր իշխանության բուրգը: 2001-2009թթ-ին նա Երևանի ղեկավարումը վստահեց տեխնոկրատների, սկզբում՝ Ռոբերտ Նազարյանին, ապա՝ Երվանդ Զախարյանին: Երկուսն էլ ադմինիստրատիվ աշխատանքի հարուստ փորձ ունեին և, անշուշտ, որոշակի բարեփոխումներ իրականացրեցին, սակայն հենց նրանց պաշտոնավարման օրոք էապես խաթարվեց մայրաքաղաքի քաղաքաշինական, ճարտարապետական դիմագիծը:
Արդեն Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում փոխվել էր Երևանի կառավարման համակարգը և առաջին անգամ տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրություններ՝ բացառապես համամասնական համակարգով: Դրանցում հաղթանակ տարավ նախագահի կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, որի ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանն էլ ընտրվեց քաղաքապետ: Ասում են՝ Բեգլարյանն անսահմանորեն նվիրված է նախագահին, սակայն տեսակով ինքնուրույն մարդ է: Շատերը պնդում են, որ հենց այս հանգամանքը գլխավորապես դարձավ նրա հրաժարականի պատճառը 2010թ-ի դեկտեմբերին: Թև ֆորմալ առումով՝ Բեգլարյանը հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի աշխատողներից մեկին ծեծելու պատճառով: «Տաշած քարը» գետնին չի մնա. Բեգլարյանը հիմա զբաղեցնում է կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնը:
Բեգլարյանին քաղաքապետի պաշտոնում փոխարինեց ՀՀԿ համասնական ցուցակի 5-րդ համարում գտնվող Կարեն Կարապետյանը՝ «ՀայՌուսգազարդի» տնօրենը: Նա ուներ մենեջերական հատկություններ, սակայն, կարծես թե, չէր նույնացվում հանրապետական մեծամասնության, նախագահի շրջապատի հետ: Թերև սա է պատճառը, որ նա լքեց պաշտոնը, երբ գործնական գրավիչ առաջարկ ստացավ Մոսկվայից:
2011թ-ի հոկտեմբերից Երևանի քաղաքապետարանը ղեկավարում է Տարոն Մարգարյանը, ով նախագահ Սարգսյանի բոլոր հանձնարարություններն անվերապահորեն կատարողի իմիջ ունի և դարձյալ հավակնում է քաղաքապետության մայիսի 5-ի ընտրություններում:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.