23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցանկը գլխավորող Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Փաստ է, որ Հայաստանի ծանր վիճակի գլխավոր պատճառը քաղաքական մենաշնորհն է: Իշխանություններից բացի՝ բոլորն են խոսում դրա մասին: Կարելի է ասել, որ այդ մենաշնորհի վերացումը և քաղաքական դաշտում իշխանության տարբեր թևերի միջև հակակշիռների ստեղծումը դարձել է ոչ իշխանական ուժերի հնարավոր համագործակցության գլխավոր գրավականը:
Երևան քաղաքի իշխանությունը վերցնելու միջոցով՝ մենք առաջին կարևոր քայլը արած կլինենք քաղաքական համակարգում այդ հակակշիռների մեխանիզմի ստեղծման ճանապարհին, առանց որի պարզապես անհնար է երկրում ժողովրդավարություն հաստատել և տնտեսական զարգացում ապահովել:
Իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկում ես մի անգամ անդրադարձել էի կառավարման ձևերի շուրջ առկա տարբեր փիլիսոփայական մոտեցումներին: Կուզենայի այդ միտքը կրկին մեջբերել.
«Հայաստանում այսօր առկա կառավարման համակարգը, անկախ մեր կամքից, այնպիսի դրսևորում է ստացել, որ ամբողջությամբ տեղավորվում է կառավարման հոբսյան մոդելի մեջ: Թոմաս Հոբսը իր «Լեվիաթան» (1651թ.) աշխատությունում գովերգում է միահեծան և ուժեղ կառավարչի անհրաժեշտությունը: «Քանի որ մարդիկ գործում են միայն իրենց սեփական շահերից ելնելով,- ասում է նա,- ուստի որքան էլ կառավարիչը դաժան և անարդար լինի, քաղաքացիները պարտավոր են հնազանդ լինել իշխանությանը, այլապես կլինի քաոս»:
Հայաստանում այսօր մեր խնդիրն է անցնել նույն ժամանակարջանի անգլիացի մեկ այլ մտածող Ջոն Լոկի առաջ քաշած կառավարման մոդելին: Լոկը համարում էր, որ մարդկանց խառնվածքը և բնավորությունը ձևավորվում են նրանց փորձառությամբ: Ըստ նրա՝ մարդիկ ծնվում են ազատ և հավասար երեք անօտարելի բնական իրավունքներով՝ կյանքի, ազատության և սեփականության: Իշխանության գոյության և գործունեության իմաստը և նպատակն այն է, որ նա պաշտպանի քաղաքացիների այդ իրավունքները, և ձախողելու դեպքում քաղաքացիներն իրավունք ունեն իշխանությունը փոխել: Լոկի այս գաղափարներն այսօր դրված են աշխարհի բոլոր ժողովրդավարական սահմանադրությունների հիմքում: Նույնը կարելի է ասել Հայաստանի մասին՝ մի տարբերությամբ, որ դրանք մնում են թղթի վրա»:
Ահավասիկ, կառավարման համակարգում այսպիսի կիրառական ոստյուն կատարելու համար անհրաժեշտ է, որ մենք կարողանանք նորովի սահմանել և արժևորել ընդիմության տեղն ու դերը ժողովրդավարության ձգտող Հայաստանի նման երկրի համար: Արդյունավետ քաղաքական հակակշիռներ ունենալու համար անհրաժեշտ է, որ ընդդիմությունը ուժեղ լինի, ունենա այլընտրանքային հստակ գաղափարական հենք, ծրագիր, անընդհատ ձգտի իշխանության, բայց միաժամանակ պատրաստ լինի հետապնդելու ազգային շահերը և երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար երկխոսության մեջ մտնելու քաղաքական հակառակորդների հետ:
Արդյունավետ ընդդիմություն կարելի է ունենալ միայն այն պայմաններում, երբ քաղաքական ուժը կամ ուժերը ամբողջությամբ չեն փակում իշխանության հետ երկխոսության մեջ լինելու բոլոր դռները, ոչ էլ իրենց ամեն մի ընդդիմադիր թվացող քայլ կուլիսներում համաձայնեցնում են իշխանության հետ:
Այսօր, հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումները և հատկապես այն, որ ԲՀԿ-ն առանց ինքն իրեն ընդդիմադիր հռչակելու՝ այդպիսի դերակատարում է ստանձնել, ես կարծում եմ (սա իմ անձնական տեսակետն է), որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն:
Համոզված եմ, որ դրանից կշահի երկիրը, քաղաքական համակարգը և վերջիվերջո՝ քաղաքացին»:
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ՀԱԿ-ի անցած ճանապարհը վառ օրինակ էր Րաֆֆի Հովհաննիսյանի համար և նա պետք է նրանց սխալներից, բացթողումներից դասեր քաղեր: Մինչդեռ, Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրեց նույն ճանապարհը, նույն ճանապարհի պարզունակ կրկնօրինակը, ենթարկվելով ՀԱԿ-ի ձախողված բեկորների, մի քանի արկածախնդիրների կյանքում քննություն չբռնած, ի սկզբանե ձախողման տանող առաջարկներին: Նրա քաղաքական անփորձությունից, մարդկային ազնիվ, բայց հակասական, անհավասարակշիռ ու նաև ստեղծված իրավիճակից անակնկալի եկած ու շփոթված կարգավիճակից փորձեցին օգտվել և օգտվեցին, նրան և իր շարժումը իրենց վարկանիշը բարձրացնելուն ծառայեցրին մի քանի այլ կուսակցություններ…
Եղավ այն, ինչ պետք է լիներ, ստեղծվեց պատային իրավիճակ, որը տարավ ապրիլի 9-ի Բաղրամյան պողոտայի ոստիկանական պատին…
Մինչդեռ, Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ փորձեց անել վերջերս, «Անի» հյուրանոցի իր համաժողովում, պետք է աներ ավելի վաղ` ԿՀԸ-ի պաշտոնական տվյալների հրապարակումից հետո: Նա պետք է դներ նոր գեղեցիկ ավանդույթի հիմնաքարը, պետք է շնորհավորեր վերընտրված ՀՀ Նախագահին և հանդես գար ծրագրային ելույթով, լծվեր ընդիմադիր լուրջ քաղաքական շարժման ձևավորմանը: Նոր քաղաքական կառույցի հիմնադրմանը` լուրջ ծրագրերով, մարզային կառույցներով, մարտավարական և հեռանկարային տեսլականով…
Սակայն, ակնհայտ զգացվում էր, որ նա բացարձակ պատրաստ չէր նման զարգացումների և անակնկալի եկած, շփոթված ստեղծված իրավիճակից, կողքից հնչող ոչ իրատեսական գնահատականներից, կատարեց ոչ ադեկվատ քայլեր, թույլ տվեց սխալներ, որոնք հանգեցրին նրան, ինչին ականատես եղանք:
Այս ամենը միաժամանակ բացահայտեցին Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական գործչի կերպարը, ցույց տվեցին, որ նա այն անձը, այն քաղաքական գործիչը չէ, որ պատրաստ է ու կարող է ղեկավարել նման լուրջ շարժում: Ցավոք, այդ շարժման ներուժը նույնպես ձևավորված չէ և նրա կողքը չկան այնպիսի քաղաքական գործիչներ, անհատականություններ, որոնք կարող են լրացնել նրան կամ օգնել…
Եվ ի՞նչ… Այն, որ սա հերթական քաղաքական թիթեռն է մեր հասարակական-քաղաքական դաշտում, հերթական շարժումը` ընդամենը…»:
Հետընտրական Հայաստանում, ուրբաթը մի տեսակ դարձել է կարևոր իրադարձությունների օր. երեկվա օրը բացառություն չէր:
Նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց, ավելի ճիշտ՝ վերանշանակեց՝ հաստատուն փակելով փետրվարի 18-ի և նախագահական ընտրությունների թեման:
Րաֆֆի Հովհաննսիյանն էլ փորձում է իր քաղաքական դիվիդենտն առարկայացնել, միս ու արյուն տալ փետրվարի 18-ի իր հաջողությանը:
Սարգսյանի ինքնահաստատումը
Գաղնիք չէ, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունից շատերն են դժգոհ՝ հասարակության մեծ մասը, խորհրդարանի առնվազն չորս խմբակցություն:
ՕԵԿ-ը՝ թեև չի հակադրվում նրա նշանակմանը, բայց մի բարի խոսք էլ չենք լսել Արթուր Բաղդասարյանի ու նրա շրջապատի բերանից:
Հանրապետականները, բնականաբար, չեն կարող հակադրվել իրենց շեֆի որոշմանը, սակայն նրանց մի մասը պատերի տակ փնփնթում է, բամբասում է գործող վարչապետից: Նույնիսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով մանկուց երազել է, բայց համառորեն չի հասնում վարչապետական բարձունքին, «անձնական գործ» մոգոնեց, որ Տիգրան Սարգսյանի վերանշանակման օրը Հայաստանում չլինի:
Բայց Սերժ Սարգսյանը պահպանեց սահմանադրական բոլոր պրոցեդուրաները. վարչապետի նշանակման հարցով նախ խորհրդակցեց սեփական կուսակցության, հետո՝ նաև՝ մյուս խմբակցությունների հետ:
Հիմա կասեք՝ ինչի՞ համար էր այդ ձևականությունը, եթե գառան հեզություն ունեցող խորհրդարանական մեծամասնությունն արդեն տվել էր իրեն պարտադրված դաբրոն:
Պետք էր: Սարգսյանն ուզում էր լսել մյուսների «ոչ»-ը, հատկապես՝ ԲՀԿ-ինը, բայց իրենն աներ: Մյուսներին, հատկապես՝ ԲՀԿ-ին, ցույց տալու համար, որ բացառապես ինքն է իրավիճակի տերն այս երկրում: Որպեսզի հենց իր կաբինետում Ծառուկյանին հասկացներ, որ ԲՀԿ-ին կոալիցիայում չեն էլ սպասում ու առավելագույնը, որ սպասում են այս կուսակցությունից՝ վերահսկելի ընդդիմության կարգավիճակն է: Ասել է թե՝ դուք վերահսկեք ընդդիմադիր դաշտը, կստանաք լոյալություն իշխանության կողմից:
Կընդո՞ւնի խաղի այս կանոնը ԲՀԿ-ն, թե՞ ոչ: Ցույց կտա ժամանակը:
ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հանդիպման չեն գնացել, որպեսզի հետո ասեն, թե չեն ընդունում նախագահին, հետևաբար՝ նրա նշանակումների լեգիտիմությունը: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, որի կրողն, ի դեպ, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն է՝ ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներն ակամայից խոստովանում են, թե իրենց պոտենցիալ դաշնակիցներ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն լեգիտիմացրել են նախագահին:
Այսպիսով, նախագահ Սերժ Սարգսյանը, ի հեճուկս բոլորի, վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին՝ ի ցույց դնելով իր բացարձակ իշխանության հանգամանքը:
ԲՀԿ-ն հայտնվել է իշխանություն-ընդդիմություն խաչմերուկում և կոնկրետ ճանապարհի ընտրության խնդիր ունի. ճանապարհի ընտրություն նրան պարտադրում են՝ Լևոնն՝ իր բուրժուադեմոկրատական հեղափոխությամբ, Սերժը՝ «խաղեր չտալու» իր պահանջով: Եթե Ծառուկյանը ճկուն գտնվի, այս խաղից կարող է անգամ շահել, հակառակ պարագայում՝ կուսակցություն կորցնելու հեռանկարն իրական կլինի:
ՀԱԿ-ին, այս պարագայում, այլ բան չի մնում, քան՝ հանրության տրանադրություննների արմատականացմանը նպաստելն ու իր հնարավոր դաշնակիցներին խաղի կանոն թելադրելը: Վախենամ՝ Տեր-Պետրոսյանի թիմի ռեսուրսները չհերիքեն:
ՀՅԴ-ն էլ՝ իր ծերունական տարիքին հանգույն, ծանր մտմտում է, թե ումի՞ց ավելի շատ կշահի՝ կամակոր Րաֆֆիի՞ց, իրեն արդեն մեկ անգամ «փակած» Լևոնի՞ց, թե՞ տպավորիչ դրամապանակ ունեցող Ծառուկայնից:
Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրն էլ հեշտ չէ. առջևոմ քննություններ են, ու նա պետք է ապացուցի, որ դարձյալ գերազանցիկ է: Այլապես՝ վերջին երկու ամսվա առաջնորդության քաղցրությունը կարող է փոխակերպվել անհաջողակի երկարաժամկետ դառնության:
Րաֆֆի միակ առարկայական, սակայն ուշացած քայլը
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նախընտրական և հետընտրական ողջ գործընթացում առաջին անգամ, առարկայական քայլ կատարեց. հռչակեց «Նոր Հայաստան» շարժումը, որը պետք է կառույցներ ունենա հանրապետությունով մեկ, բազմահարթակ և տևական պայքարի ռեսուրսով օժտված լինի: Ծննդյան արարողությանը քաղաքական ուժերից ներկա էին Րաֆֆուն շրջապատող փոքր կուսակցությունների առաջնորդներն ու Դաշնակցությունից՝ Արմեն Ռուստամյանը: Ւհարկե, այդ ներկայությունն ավտոմատ չբերեց նրան, որ ՀՅԴ-ն՝ քավորի կարգավիճակով, «օրհնի» «մանկան ծնունդը:
Րաֆֆին գնում է նույն ճանապարհով, կազմակերպչական առումով, որով 88-90թթ-ին գնացել է «Ղարաբաղ» կոմիտեն:
Սակայն նույնը կրկնել հնարավոր չէ. ժամանակն ու հանգամանքներն են էապես տարբեր:
Հովհաննիսյանի շարժման թափն էապես թուլացել է, այս առումով՝ նրա առաջարկը փոքր-ինչ ուշացել է, այն գուցե տեղին էր հնչեցնել հենց ապրիլի 9-ին:
Երկրոդ, ղարաբաղյան շարժման տարիներին կար կառուցվածքայնացված հասարակություն, աշխատող ձեռնարկություններ, մինի միջավայրեր, որտեղ հարաբերվում էին մարդիկ, արդ՝ հեշտ էր կոմիտեների, տարբեր նախաձեռնությունների ստեղծումը: Հիմա այլ է իրավիճակը. հասարակությունը չունի հստակ սոցիալական կառուցվածք արժեհամարգ, չկան այն հարթակները, որ ապահովում են մարդկանց համար ընդհանուր խաղի կանոնները:
Մի խոսքով՝ առայժմ տեսանելի չէ, թե ինչպես կծավալվի Րաֆֆու շարժումը և կարո՞ղ է այն որակական փոփոխություններ բերել երկրում:
«Ժառանգության» առաջնորդի շարժումը, սակայն մի պրակտիկ խնդիր գոնե պետք է կարողանա լուծել՝ դա ընդդիմության դաշտում առաջատարի կարգավիճակը պահելն է: Այդ կարգավիճակի դեմ պայքարելու են գրեթե բոլորը. Սերժ Սարգսայնը պետք է ցույց տա, որ նախագահական ընտրություններում իր երեկվա մրցակիցը «փուչիկ» է՝ նախատեսված մեկ միջոցառման համար, ԲՀԿ-ն խնդիր ունի ապացուցելու, որ 500 միլիոնն իր ձայններն են, Լևոնն էլ՝ որ էս երկրում միակ արմատական ընդդիմությունն ինքն է:
Հովհաննիսյանն՝ ընդդիմության առաջնորդի իր կարգավիճակը կարող է վերահաստատել միայն Երևանի ավագանու ընտրություններում հաջողության հասնելու դեպքում, գոնե՝ ընդդիմադիրներից առաջինը լինելու պարագայում:
Եթե այդպես է՝ տարօրինակ է թվում Րաֆֆու որոշումը. ընտրարաշավի թեժ պահին նետվել մարզեր ու իր «քաղաքապետ» Արմեն Մարտիրոսյանին թողնել բախտի քմահաճույքին:
Մարզային աժիոտաժը չի կարող ազդել Երևանի վրա, մայրաքաղաքն է ձևավորում երկրի քաղաքական օրակարգը:
Այս պարզ ճշմարտությունը Րաֆֆին չի ընկալել: Անկեղծորեն չեմ ուզենա, որ մայիսի 6-ին էլ նա հայտարարի, որ իշխանությունն ապօրինաբար նոր ընդդիմություն է նշանակել, իսկ մայիսի 7-ին Ազատության հրապարակում կազմակերպի «իրական ընդիմության» ինագուրացիա…
Սուրեն Սուրենյանց
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտենում է հասարակածին. կրքերը գնալով թեժանում են:
Երեկ Երևանում գրանցվել է նախընտրական առաջին բախումը:
ՀԱԿ-ը, ինչպես և խոստացել էր, մեկնարկ տվեց բավականին ագրեսիվ քարոզարշավի: Գլխավոր դատախազության շենք մոտ իրենց ազատազրկված ընկերոջ՝ Տիգրան Առաքելյանի ազատությունը պահանջելուց հետո, Կոնգրեսի մի քանի տասնյակ երիտասարդներ՝ պլակատներով «Տարոն՝ հանցագործ», «Սերժիկ ՝ մարդասպան» կարգախոսներով շարժվել են դեպի քաղաքապետարան՝ պահաջելու համար, իրենց ձևակերպմամբ, հանցագործ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ակցիայի ընթացքում մի քանի անգամ բախումներ են եղել ոստիկանների և ցուցարարների միջև:
Երկու կողմն էլ իրենց ոչ ադեկվատ են պահել: Հարկ չկար ոստիկանների այդքան մեծ ներկայության՝ ցուցարարների սակավամարդության ֆոնին: Սա միայն ավելի է բորբոքում կրքերը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հայտնի բովանդակությամբ վանկարկումներն ու պլակատները, ոստիկաններին անարգելու դեպքերը նույնպես՝ նման են պրովոկացիայի:
Որ մեր իշխանավորները հրեշտակներ չեն՝ վաղուց է հայտնի: Որ դրա մասին ՀԱԿ ջահելները վաղուց գիտեին, ու երեկվա ակցիան ընդամենը ծառայեցվում էր նախընտրական արշավին՝ դարձյալ անհերքելի փաստ է:
Երեկ տեղի ունեցածն ինձ խորհելու, որոշակի եզրահանգումներ անելու առիթ տվեցին:
Իսկապես, ինչո՞ւ են մեր պաշտոնյաներն այսքան անկուշտ, ինչո՞ւ է Հայաստանում պաշտոնն ասոցացվում հարստության, ամենակարողության հետ: Տարոն Մարգարյանի անձնական բազմաթիվ հատկանիշներ գնահատում եմ, բայց հնարավո՞ր չէ բավարարվել ավելի համեստ կենցաղով, ապրելակերպով:
Դառնանք ՀԱԿ-ին: Արդյո՞ք Տարոնն է այս երկրում ամենակոռումպացված պաշտոնյան: Իհարկե՝ ոչ: Կամ՝ եթե նույնիսկ Տարոնն է այդ պաշտոնյան, ինչո՞ւ հիմա՝ ընտրարշավի ժամանակ, հիշեցին այդ մասին և ոչ թե՝ ավելի վաղ: Հազիվ թե որևէ մեկը հավատա, որ ՀԱԿ ղեկավարությանը ժողովրդի թալանված լինելն է հետաքրքրում, այլապես այդ կուսակցության համագումարում այդքան չէր խրախուսվի մեկ այլ օլիգարխի գործունեություն: Կասեք՝ երկակի ստանդարտ: Համաձայն չեմ. ես կասեի պրագմատիկ հաշվարկ: Մեկին գովում են, որովհետև նրանից «սնվում» են, մյուսին փնովում են, որ «հերոսանան», իրենց չեղած վարկանիշից մի քանի մանդատ ծնեն:
Ի դեպ, որ ՀԱԿ-ը նպատակային գնում է ընտրական գործընթացում տրամադրությունների արմատականացման՝ վկայում է մեկ այլ հանգամանք ևս. կոնգրեսականներն այսօր՝ երեկվա միջադեպից հետո, երթ են նախատեսել Ավան համայնքում, որտեղ օբյեկտիվորեն և իսկապես ուժեղ են գործող քաղաքապետի դիրքերը:
Մինչ երիտասարդները՝ քաղաքապետարանի պատերի տակ, Տարոնին հանցագործ էին անվանում՝ նա ակտիվ շրջայցերի մեջ էր:
Նկատե՞լ եք՝ մեր իշխանության ներկայացուցիչները խիստ արվեստասեր, մշակութասեր են դառնում հենց ընտրությունների ժամանակ: Տ. Մարգարյանն երեկ այցելել է Նկարիչների միություն՝ նկարիչ Հրանտ Թադևոսյանի ցուցահանդեսին:
Իր մշակութային ծարավը հագեցնելուց հետո՝ քաղաքապետի հանրապետական թեկնածուն ուղևորվել է Քանաքեռ, Զեյթուն համայնք՝ ժողովրդի հետ կիսվելու «ընդհանուր դարդ ու ցավով»:
Զարմանալի ժողովուրդ են էս հանրապետականները: Գրեթե բոլոր ընտրություններում, գոնե պաշտոնապես, նրանք Երևանում չեն պարտվել: Հիմա մի տեսակ թաքնվել են Տարոնի թիկունքում և արտահայտություններ են անում, որոնցով, կամա թե ակամա, հարվածում են հենց իրենց կուսակցության հեղինակությանը: ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն երեկ ասուլիսում ասել է, որ երևանցիները Տարոնին սիրում են, եթե նույնիսկ ՀՀԿ-ին ատում են: Կրթության նախարար Արմեն Աշոտյանն էլ թե՝ կարող է հանրապետականին այնքան չեն սիրում, որքան սիրում են Տարոնին:
Խեղճ ընտրող, դե արի ու մայիսի 5-ին էդ անիծյալ ընտրաթերթիկում՝ ՀՀԿ թեկնածուի փոխարեն, գտիր Տարոն Մարգարյան թեկնածուի անունը: Եղավ Րաֆֆի Հովհաննիսյանինը, որ իր ստացած քվեների մասին խոսելիս՝ շարունակաբար պնդում է, որ «Նոր Հայաստանն» է հաղթել՝ համեստությունից, թե մեծամտությունից դրդված: Բայց եթե Րաֆֆին իր անձը քողարկում է «Նոր Հայաստան» բարձրագոչ բրենդով, հանրապետականները ցուցանակ են ընտրել Տարոնին:
Հա, ի դեպ, գործող քաղաքապետը լավ կանի՝ հետևելով Սերժ Սարգսյանի օրինակին, հանդիպումների գնա միայնակ: Թե չէ՝ իր որոշ թիմակիցներ՝ քծնանքի թեժ պահին, կորցնում են տիրապետումը, բանականությունը և… գործող քաղաքապետին համեմատում են կենդանիների հետ: Ճարտարապետ Լևոն Իգիթյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին ասել է. «Քաղաքապետարանում պարապ ման եկող չկա: Ինքը շան պես աշխատում ա…: Ես սենց մարդ` էսքան աշխատանք սիրող, չեմ տեսել»: Տեսաք՝ ինչ անհարմար բան ստացվեց…
ԲՀԿ ներկայացուցիչները՝ համամասնական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, երեկ հանդիպել են Աջափնյակ համայնքի Շիրազ փողոցի բնակիչների, նաև՝ հաշմանդամների հետ: Քաղաքապետի թեկնածուն դարձյալ խոսել է քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտության մասին:
ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հյուրընկալվել է 7or.am կայքի տաղավարում, անխնա քննադատել է իշխանությանը, առաջիկա ընտրություններում կարևորել է ընդդիմության հաղթանակը, ասել է, որ համագործակցում են ՀԱԿ-ի հետ, մասամբ՝ ՀՅԴ-ի, տողատակերով խայթել է «Ժառանգություն» կուսակցությանը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն երեկ ելույթ է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հավաքին և առաջնահերթ խնդիր է համարել ընդդիմության համախմբումն ու հաղթանակն Երևանի ավագանու ընտրություններում: Դաշնակցականները նաև բակային հանդիպումներ են ունեցել Դավիթաշեն և Քանաքեռ, Զեյթուն համայնքներում:
Երբեմն օգտակար է, որ մեր պաշտոնյաները դուրս են գալիս իրենց կաբինետներից և շփվում են հասարակ մարդկանց հետ: Նրանք նորովի են բացահայտում կյանքը: ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը բացառություն չէ: Նա «Հրապարակ» օրաթերթին ասել է. «Բացահայտումներ շատ եղան: Խորությամբ տեսա, թե ինչ է տեղի ունենում Երևանում, զգացի երևանցուն` բակային հանդիպումների ժամանակ, այնպիսի հարցեր առաջ քաշվեցին, որոնց վրա երբեք ուշադրություն չէի դարձրել, որոնց տեղյակ չեմ եղել մինչ այժմ, որոնք նաև, ի դեպ, ինձ շատ զարմացրին: Ընդ որում, դրանց մեծ մասը հարցեր էին, որոնք հնարավոր էր և հենց տեղում, շատ արագ լուծել: Ասենք` երթուղային տաքսիների խնդիրը: Տարածքներ կան, որտեղ մարդիկ 40 րոպե, մեկ ժամ սպասում են, աշխատանքից ուշանում, ոտքով են գնում: Մանկապարտեզները, դպրոցները հեռու են կիլոմետրերով, երեխաներն այնտեղ հասնելու համար նույնպես ոտքով են գնում: Կարելի է, չէ՞, լուծել ադ հարցը: Կամ` աղբահանությունը: Բազմաբնակարան շենքերում վիճակն ահավոր է, առնետները մուտքեր, բնակարաններ են մտնում: Կան շրջաններ, որտեղ կոյուղի չկա: Լուծման կարոտ հարցերն իսկապես շատ-շատ են: Ընդ որում, կան խնդիրներ, որոնք շատ լուրջ գումարներ չեն էլ պահանջում, ցանկություն ու սրտացավություն է պետք պարզապես»:
«Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը հյուրընկալվել է «Մեդիա կենտրոնում»: Նա խոսել է իրենց ծրագրերի մասին և հույս է հայտնել, որ երևանցին կվստահի նորաստեղծ ուժին:
Սուրեն Սուրենյանց
«Հրապարակն» իր այսօրվա խմբագրականում գրել է. «Հայ հասարակությանն այսօր հուզող հարցերից մեկը կադրերն են, մասնավորապես` կառավարության հարցը: Մարդիկ բաժանվել են երկու բանակի, մի մասը ցնծում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մնալու է, մյուս մասը` ողբում: Եթե հետևենք երկրի տնտեսական վիճակին, մարդկանց կենսամակարդակի ցուցանիշներին, արտագաղթի տեմպերին ու հասարակության տրամադրություններին, ապա վարչապետին պահելու որոշումն առավել քան անբացատրելի է: Եթե այն, ինչ ունենք, համարվում է տնտեսական հաջող քաղաքականություն, կառավարության կողմից իր առջև դրված խնդիրների լուծում, ապա այդ դեպքում որո՞նք են ձախողումն ու անհաջողությունը: Ինչպե՞ս կարող են տնտեսական աճն ու զարգացումը որևէ կերպ չանդրադառնալ մեր կյանքի վրա: Եվ եթե հինգ տարում այդ աճն ու զարգացումը նկատելի չեն, ապա որքա՞ն պետք է սպասենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարության արձանագրած հաջողությունների պտուղները տեսանելի լինեն: Եվ ինչպե՞ս է ստացվում, որ երկրի նախագահին այդ արդյունքները տեսանելի են, իսկ մեզ բոլորիս` անտեսանելի, անհասկանալի ու աննկատ: Թերևս այս վիճակն է պատճառը, որ այս օրերին ոչ միայն դաժան քննադատության են ենթարկվում վարչապետն ու նրան նշանակող նախագահը, այլև մարդիկ գուշակություններ են անում, թե ինչով են բացատրվում Տիգրան Սարգսյանի նկատմամբ այդ հայրական սերը, ներողամտությունը, այդ ծով համբերությունը և չսպառվող հավատը: Նրանք, ովքեր հատուկ մերժողական վերաբերմունք չունեն իշխանության քայլերի ու որոշումների նկատմամբ, համառորեն փնտրում են այդ հարցի պատասխանը և ուզում են տեսնել այն, ինչ տեսնում է Սերժ Սարգսյանը: Գուցե արժե՞ր մարդկանց բացատրել, թե ինչով է պայմանավորված Տիգրան Սարգսյանի երկարակեցությունը: Ընդ որում` ցանկացած բացատրություն ընդունելի է»:
Ապրիլի 13-ին ՀՀՇ կուսակցության հենքի վրա ստեղծվեց ՀԱԿ կուսակցությունն՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
Փաստացի գոյություն չունեցող դաշինքում մնացած, սակայն ՀԱԿ կուսակցության մեջ չինտեգրված «Ժողովրդավարական հայրենիք», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Մարդու իրավունքներ-96», ԺՈւԿ եւ Սոցիալ-Էկոլոգիական Կանչների կուսակցությունները նախաձեռնել են ՀԱԿ դաշինքի վերականգնման գործընթաց, հանդես եկել հայտարարությամբ:
Երեկ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը նրանց անվանել է ինքնակոչներ եւ մարդ-կուսակցություններ:
«Իրականության հետ պետք է հաշվի նստել, կա օրենքի սահմաններում ձեւավորված Հայ ազգային կոնգրես կուսակցություն եւ կա համարյա հինգ տարի գոյություն ունեցող ՀԱԿ կուսակցությունների միավորում: Նորաստեղծ կուսակցությունը որոշեց, որ հինգ տարվա կառույցի անունը պետք է վերցնեն իրենց կուսակցության անուն դարձնեն։ Մենք չենք աղմկում, թե ինչո՞ւ եք մեր անունը վերցնել, նրանք են աղմկում, թե մեր անունից հանդես մի եկեք: Մենք երբեք ՀԱԿ կուսակցության անունից հանդես չենք եկել, մենք հանդես ենք եկել ՀԱԿ—ի անունից, որը կարելի է կոչել կուսակցությունների միավորում։ Եթե կարդալ չգիտեն, դա իրենց պրոբլեմն է, մենք հանդես ենք եկել որպես ՀԱԿ կուսակցությունների միավորում»,-այսօր «Վարկած» մամուլի ակումբում հայտարարեց ՀԱԿ դաշինքի ներկայացուցիչ, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը եւ տարակուսած ավելացրեց. «Լավ, ոչինչ փոքր ենք, թույլ ենք, ոչ մի ազդեցություն չունենք, ինչի՞ եք աղմուկ, աղաղակ, ղժժոց գցել, փոքր ենք, կգնանք կկորենք»:
Սոս Գիմիշյանը շեշտել է, որ մինչ այդ ՀԱԿ-ից էլի կուսակցություններ են գնացել, բայց իրենց հետ չեն տարել ոչ անունը, ոչ լոգոն:
Ինչ վերաբերում է ԿԸՀ-ում գրանցված ՀԱԿ դաշինքին պետբյուջեից տրվող գումարներին եւ հանձնաժողովներում տեղերին, ապա Սոս ԳԻմիշյանը նշեց, որ դաշինքը կա, քանի դեռ կա դրա կազմում մեկ կուսակցություն, եւ ֆինանսներն ու տեղերը բաշխվում են հավասարապես դաշինքի անդամների միջեւ, ծայրահեղ դեպքում ՀԱԿ կուսակցությունը կարող է ակնկալել տեղերի 1/8-րդը:
Ի դեպ, Գիմիշյանը հայտնեց, որ այս օրերին բանակցություններ են վարում ՀԱԿ դաշինքից հեռացած քաղաքական ուժերի հետ՝ փորձելով ապահովել նրանց վերադարձը կուսակցությունների միավորում:
Ընդդիմադիր գործիչը եւ նրա կուսակցությունը մաս չեն կազմում «Բարեւ Երեւան» նախընտրական դաշինքին, բայց Գիմիշյանը ցանկանում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը շատ ձայներ ստանա ավագանու ընտրություններում, իսկ հետընտրական ընդդիմադիր կոալիցիաներին չի հավատում:
Երեկ տեղի են ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստերը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որոնք երաշխավորել են Տիգրան Սարգսյանի, Սեյրան Օհանյանի և Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումները՝ համապատասխանաբար ՀՀ վարչապետի, պաշտպանության նախարարի և ԱԳ նախարարի պաշտոոններում:
«Վարկած» մամուլի ակումբի այսօրվա հյուրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը, որը ներկա է եղել ՀՀԿ խորհրդի նիստին, փորձեց հիմնավորել ՀՀԿ ղեկավար մարմինների երեկվա որոշումները:
Նա նախ հիշեցրեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն աշխատել է ճգնաժամային պայմաններում. նախագահական նախորդ ընտրություններից հետո ստեղծված վիճակ, համաշխարհային ճգնաժամ: Ըստ բանախոսի՝ այս պարագայում տեղին է խոսել՝ ոչ թե բացարձակ ձեռքբերումների, այլ՝ քիչ կորուստների մասին:
Խ. Հարությունյանը կառավարության աշխատանքում թերություններ նկատել է, սակայն փաստեց, որ լուծվել են նախագահի առաջադրած խնդիրները, ինչպես նաև՝ էական բարեփոխումներ են կատարվել նոտարական, կադաստրի, ոստիականության համակարգերում: Այս ամենը հույս է ներշնչում, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարող է արդարացնել նոր ակնկալիքները ևս: Այնուամենայնիվ, պարոն Հարությունյանը չզլացավ խոսել նաև կառավարության կոնկրետ թերացումների մասին. մարդկանց ցածր կենսամակարդակ, աղքատության բարձր ցուցանիշ, սոցիալական բևեռացում:
ԱԺ պատգամավորի կարծիքով՝ ՊՆ և ԱԳ նախարարի վերանշանակումով փաստվել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության և ռազմաքաղաքական ոլորտներում փոփոխություններ չեն լինելու:
Աժ պատգամավորն անդրադաձավ նաև Երևանի ոստիկանապետի պաշտոնանկությանը, որն ըստ պաշտոնական տեսակետի՝ բիզնեսի և պետական ծառայության համատեղման հետևանք էր: «Քաղաքական իմաստով իմաստուն հարցադրում էր»,- ոստիկանության հաղորդագրությունն այսպես մեկնաբանեց Հարությունյանը՝ հավելելով, թե հույս ունի, որ դա կդառնա աշխատանքային ոճ իշխանության համար:
«Այս երկրորդ հինգ տարին ամենահեշտ հինգ տարիները չեն լինելու: Եթե կուզեք՝ իրական բարեփոխումների տարիներ են լինելու և դա դժվար ու բարդ է լինելու», — կառավարության գործունեության և նրանից ակնալիքների թեման այսպես ամփոփեց ՀՔԴՄ նախագահը:
Խոսրով Հարութունյանը կանխատեսեց է, որ Երևանի ընտրությունները մոտենալուն պես՝ կրքերը կբորբոքվեն ոչ այնքան իշխանություն- ընդդիմություն հարաբերություններում, որքան որ՝ հենց ընդդիմության ներսում: Պատգամավորն առանձնապես չի հավատում նաև ընդդիմության հետընտրական կոալիցիային: «Պրակտիկան ցուց է տալիս, որ ընդդիմությունը մի վագանում երկար չի նստում»,- ասաց նա:
Քաղաքապետի հարցում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամը կողմնորոշված է «Ես նախապատվությունը տալիս եմ այդ ոլորտում փորձառու մարդու՝ Տարոն Մարգարյանին»:
Անդրադառնալով Փակ շուկայի խնդրին՝ Խ. Հարությունյանն ասաց, որ այդ հարցում քաղաքապետարանը կարող էր ավելի վճռական լինել:
Երեկ իշխանական կուլիսներում լուրեր տարածվեցին, որ նախօրին հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նույն շրջանակներում խոսակցություններ էին շրջանառվում նաև, որ հանդիպման ընթացքում բանակցություններ են ընթացել ապագա կառավարության շուրջ: Երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից հարցրեցինք ճի՞շտ է արդյոք, որ վարչապետն ու Ծաոուկյանը հանդիպել են և կոալիցիայի հարց քննարկել, հաստատո՞ւմ, թե՞ հերքում եք այս տեղեկությունները, նա պատասխանեց, «Վարչապետը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ»: Սույն մեկնաբանությունը փորձեցինք ճշտել նաև «Բարգավաճ Հայաստանից»: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեր թղթակցին փոխանցեց, թե նման տեղեկություն ինքը չունի: Կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ևս խուսափում էին պաշտոնապես պատասխանել մեր այղ հարցին: Նրանցից մեկը, սակայն, մեր մասնավոր զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել հանդիպման մասին և փորձում է ճշտել մանրամասները: Մեզ հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Ծաոուկյանն իր մոտ կուսակցության կենտրոնական գրասենյակ զրույցի էր հրավիրել ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների: Մանրամասներ, սակայն, այղ հանդիպումից հայտնի չեն: Սինչ այդ, իշխանական շրջանակներում խոսում էին, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև բանակցություններ են ընթանում կոալիցիա ձևավորելու շուրջ: Ըստ նույն շրջանակների, Ծառուկյանը պատրաստ է մաս կազմել կոալիցիային, եթե ԲՀԿ-ն ապագա կառավարության կազմում նախարարական 5 պորտֆել ունենա: ՀՀԿ-ն, սակայն, պատրաստ է զիջել 3 կամ 4 պորտֆել: Թե ինչով կավարտվեն այս բանակցությունները, դժվար է ասել:
Հայկական ժամանակ
Այսօր, ժամը վեցին ՀՀԿ-ում տեղի կունենա Գործադիր մարմնի նիստ, որից հետո, ժամը 19:30-ին` ՀՀԿ խորհրդի նիստ, ինչը նշանակում է, որ քննարկվելու է այնպիսի հարց, որի մասին պետք է նաև իրազեկել ՀՀԿ-ականներին: Երկու նիստերի օրակարգում էլ կառավարության ձևավորման հարցն է: ՀՀԿ-ում չգիտեն` սպասվո՞ւմ են փոփոխություններ, թե՞ ոչ: Պնդում են, որ Տիգրան Սարգսյանը մնում է իր պոստին: Ինչ-որ պահի եղել են «որոշակի վարիացիաներ»` կառավարության կառուցվածքային փոփոխությունների և որոշ առանցքային, այդ թվում և պաշտպանության նախարարության ու այլ ծառայությունների մասով նախագծեր, սակայն Սերժ Սարգսյանը որոշել է էական փոփոխություններ առայժմ չանել, սպասել, մինչև նախագահական և Երևանի ընտրությունների ջրերը պարզվեն: Ընդ որում, եթե մինչ այժմ ասվում էր, որ փոփոխությունները կլինեն սեպտեմբերին, հիմա նշվում է տարեվերջը:
Հրապարակ
Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ «Հայկական ժամանակի» հետ զրույցում որոշակի լույս սփռեց ոչ իշխանական չորս ուժերի հետ ձևավորվելիք ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու ծրագրերի վրա: Այդ շտաբի հնարավոր ձևավորման մասին դեռ նախօրեին հայտարարել էր Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը: Երեկ, երբ Վարդան Օսկանյանին թերթը հարցրել է արդյո՞ք բոլոր 4 ուժերի հետ հանդիպումներ եղել են, ինչ փուլում են բանակցությունները և ռեա՞լ է նման շտաբի ձևավորումը, նա պատասխանել է. «Այո, ՀԱԿ-ի և Դաշնակցության հետ ոնց որ թե լավ ընթանում է, հուսանք, որ «Ժառանգությունն» էլ կմիանա»: Ըստ Օսկանյանի, այս անգամ, սակայն, ինչպես 2012-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, ընդհանուր շտաբ չի լինի, սակայն ընտրությունները միասնական վերահսկելու ուղղությամբ լուրջ համագործակցություն ընտրության օրը կլինի:
«Ժառանգությունը», սակայն, ինչպես պարզվեց երեկ, որոշակի խնդիրներ է տեսնում սույն հարցում: Կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը թերթի թղթակցին փոխանցել է, որ ինքը տեղյակ չէ, դիմե՞լ են իրենց այդ հարցով, թե ոչ և հավելեց, որ իրեն ընդհանրապես հայտնի չէ, թե ինչ են պատրաստվում անել մյուս ուժերը, մասնավորապես ԲՀԿ-ն: «Որովհետև մենք այդպիսի մի միասնական շտաբ տեսել ենք, որը շատ ընտրողաբար էր պայքարում ընտրակեղծիքների դեմ: Քաղաքական բարեգործությունները, որոնք խնդիր են, ընտրակաշառքները, ընտրողի քվեն գնելը, այսինքն, մենք մի անգամ արդեն տեսել ենք դա: Հիմա իրենք պիտի ապացուցեն, որ այս պարագայում գործ չունենք դրա հետ:
«Ժառանգության» և մյուս երեք ուժերի միջև համագործակցությունը, գոնե այս պահին, գրեթե անհավանական է թվում: Խնդիրն այստեղ իսկապես լուրջ է: Դեռ ավագանու ընտրություններից առաջ, սույն ուժերի միջև բանակցություններ էին ընթանում ավագանու ընտրություններին միասնական թեկնածուով մասնակցելու շուրջ: «Բարգավաճը», սակայն, հայտարարեց, որ միավորում կարող է տեղի ունենալ բացառապես իր առանցքի շուրջ: «Ժառանգությունը», որի թեկնածուն իրականում հաղթել էր փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում, չհամաձայնեց դրան, ինչը լիովին տեղավորվում էր տրամաբանության շրջանակներում: Հիմա մյուս ուժերը խոսում են հետընտրական միավորման մասին, ինչ սակայն, կրկին առանձնապես իրատեսական չի թվում: Համենայնդեպս, դա տեղի չունեցավ անգամ նախագահական ընտրություններից հետո, երբ երեք ոչ իշխանական ուժերը չկանգնեցին հաղթած թեկնածուի կողքին:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.