23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի ավագանու ընտրարշավի տասնութերերդ օրը համընկավ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի 98-րդ տարելիցի հետ, հետևաբար քաղաքական ուժերն այդ օրը ձեռնպահ մնացին քարոզարշավից:
Առիթն օգտագործելով՝ այսօր կխոսենք ընտրությունների հետ կապված հանրային տրամադրությունների, սոցիոլագիայի դերի և նշանակության մասին:
Ես, օրինակ, համոզված եմ, որ արդար ընտրությունների դեպքում՝ մայիսի 5-ին որևէ կուակցություն չի կարող հավաքել 40% քվե, հետևաբար՝ մտածում եմ, որ նոր ավագանին չի կարող յոլա գնալ առանց կոալիցիոն համաձայնությունների՝ քաղաքային իշխանություն ձևավորելու համար: Եվ դա իդելական կլիներ, որովհետև մեզանում կձևավորվեր փոխզիջումների գալու, երկխոսելու քաղաքական մշակույթ:
Բայց իմ կարծիքի մեջ «եթե»-ի բաղկացուցիչը շատ մեծ է. իրականում՝ ես հասկանում եմ, որ Հայաստանում օրինական ընտրություններ չեն լինելու, գոնե՝ մոտ ապագայում:
Ի դեպ, Հայաստանում ամենահայտնի սոցիոլոգն՝ Ահարոն Ադիբեկյանը ևս չի կիսում իմ կարծիքը: Նա կարծում է, որ ՀՀԿ-ն, եթե ֆորսմաժորներ չլինեն, հավաքելու է ձայների 45%-ը: Պարզ է՝ Ադիբեկյանն ակնարկում է, որ ոչ միայն բացառվում է ընդդիմության հաղթանակը քաղաքային ընտրություններում, այլև՝ հստակ հասկացնում է, որ նախագահի կուսակցությունը մայրաքաղաքում կարող է ձևավորել մոնոլիտ իշխանություն՝ նույնիսկ առանց իր դաշնակից ՕԵԿ-ի աջակցության:
Մեր տիպի երկրներում սոցիոլոգիան դադարել է զուտ որպես գիտական դիսցիպլին հանդես գալուց. Այն վերածվել է քարոզչական գործիքի, որի միջոցով քաղաքական ուժերը փորձում են մանիպուլացնել հասարակական կարծիքը, տրամադրել ժողովրդին՝ նախապատրաստվող սցենարներին:
Վերջին տարիներին սոցիոլոգները կեղծելու կամ թվեր նկարելու անհրաժեշտություն այլևս չունեն. մարդիկ վարժվել են այն մտքին, որ ընտրությունները կեղծվում են և իրենց տրված հարցաթերթիկին պատասխանում են «խորամանկորեն», ասել կուզի՝ բացահայտում են ոչ թե իրենց քաղաքական համակրանքը, այլ՝ կանխատեսում են հնարավոր իրավիճակ, ասում են՝ ոչ թե այն, ինչ ուզում են, այլ՝ այն, ինչ լինելու է:
Այս օրերին ընտրական գործընթացի վերաբերյալ հարցումներ են անում մի շարք կայքեր, այդ թվում՝ մեր armversion.com-ը: Իհարկե, այդ հարցումները հեռու են մասնագիտական լինելուց՝ սկսած հարցաշարի կազմումից, վերջացրած՝ ընտրանքով: Սակայն այդ հարցումները թույլ են տալիս, ընդհանուր առմամբ, վեր հանել հասարակական տրամադրությունները:
Մեր հասարակությունը չի հավատում ընտրությունների ինստիտուտին: Կարծում եմ՝ սա գաղտնիք չէ՝ չնայած ՀՀԿ գործիչների պնդումներին, որ ընտրությունից-ընտրություն ավելի ենք մոտենում եվրոպական ստանդարտներին: Ձևի առումով՝ գուցե, բովանդակության առումով՝ ոչ:
7or.am կայքի այցելուների 61%-ը վստահ է, որ իշխանությունները «մարսելու» են ընտրակեղծիքները: Այսինքն, մարդիկ օրինական ընտրությունների հետ կապված պատրանքներ չունեն, ուստի՝ խիստ արժանահավատ է թվում lurer.com-ի հարցման այն արդյունքը, ըստ որի՝ ընտրողների 60%-ը հույսը կապում է հետընտրական գործընթացների հետ:
Եթե մարդիկ չեն հավատում արդար ընտրությունների, ուրեմն՝ կանխորոշված են համարում դրանց արդյունքները: Պատահական չէ, որ tert.am-ի այն հարցին, թե ո՞վ կհաղթի՝ այցելուների 70%-ը տվել է իշխանության թեկնածուի՝ Տարոն Մարգարյանի անունը:
Պարզ է, որ այդ 70%-ը Տարոնի համակիրները չեն. պարզապես նրանք իրատես քաղաքացիներ են:
Armversion.com կայքի հարցման տվյալները նույնպես խոսում են իշխանության թեկնածուի օգտին: «Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում» հարցին՝ 41%-ը տալիս է Տարոն Մարգարյանի անունը: Մեր ընթերցողները կիրթ մարդիկ են և հասկանում են, որ, առանց իրենց «տեսնելու» էլ՝ համապատսախան պաշտոնյան Տարոնին արդեն «տեսել» է այդ պաշտոնում:
Եվ տարբեր սոցիոլոգների, և «a1+»-ի հարցումը ցույց են տալիս, որ մեր համաքաղաքացիների ավելի քան 60%-ը մասնակցելու է ընտրություններին:
Կհարցնեք՝ ինչո՞ւ, եթե մարդիկ չեն հավատում ընտրությունների օրինականությանը կամ ամեն բան կանխորոշված են համարում:
Պատասխանները տարբեր են. ոմանք շարունակում են հավատալ փոփոխությունների, մյուներին շահագրգռում են փողով կամ այլ ծառայություններով, մեկին խնդրել են մասնակցել, մյուսը՝ դա քաղաքացիական պարտք է համարում:
Եվ այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում…
Սուրեն Սուրենյանց
Համապատասխան մարմինները մոնիտորինգ են արել և իշխանություններին զեկուցել, որ այս պահի դրությամբ ոչ մի կուսակցության, ընդհուպ ՀՀԿ-ի վիճակը լավ չէ քաղաքում, և հաղթանակի մեծ շանսեր որևէ կուսակցություն չունի. ՀՀԿ-ի վիճակը հատկապես վատ է Արաբկիր, Շենգավիթ շրջաններում, Կենտրոնում: Իսկ ԲՀԿ-ի վիճակն ընդհանրապես անմխիթար է Գագիկ Ծառուկյանի` քարոզարշավին չմասնակցելու պատճառով. տեղ-տեղ ԲՀԿ-ի վիճակն ավելի վատ է, քան «Ժառանգությանը», ՀԱԿ-ի վիճակն էլ բարվոք չէ: Լավ, բա ո՞վ է հաղթելու այս ընտրություններում, ո՞ւմ թեկնածուն` հարցրել է «Հրապարակը» իր զրուցակցին: «Փողն է հաղթելու, էս անգամ փողն է ամենամեծ ձայներ հավաքող «թեկնածուն»:
Հրապարակ
Թերթն այսօրվա առաջնորդողում գրել է.
«Ուշադրության է արժանի «Եվրոպայի հայերի համագումարի» Մեծ եղեռնի օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մի հատված, որ ուղղված է Հայաստանի Հանրապետության իշխանություններին: «Ցեղասպանության հարյուրամյակի շեմին ԵՀՀ-ը կրկին համոզմունք է հայտնում, որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով հայ ժողովրդի բնօրրանի ազատագրված մեկ մասնիկը, հիմնական դեր ունի ստանձնելիք հայության ոտնահարված իրավունքների նվաճման հարցում, պայմանով, որ ՀՀ իշխանությունները աոաջին հերթին լինեն հոգատար և օրինապահ հայրենաբնակ ժողովրդի նկատմամբ և կտրուկ միջոցներ նախաձեռնելով կասեցնեն կործանիչ արտագաղթը: Իսկ մյուս կողմից դիվանագիտական աննշան հարցերում քաղաքական առևտրի և սակարկության նյութի չվերածեն հայ ժողովրդի պատմական իրավունքներն ու Հայոց ցեղասպանության հարցը և այդ գծով ցանկացած նախաձեռնություն կատարեն Սփյուռքի հետ ներդաշնակ և խորհրդակցված»,-ասված է հայտարարության ամփոփիչ հատվածում: Ընդհանրապես վերջին տարիներին չափազանց շատ են համեմատություններ արվում մեր օրերի Հայաստանում ՀՀ քաղաքացիների հետ տեղի ունեցող տարբեր իրադարձությունների և Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածի միջեւ: Չափազանց հաճախ և հեշտությամբ են մարդիկ կարծիք հայտնում, որ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, սպիտակ Եղեռն է, ներքին ցեղասպանություն, որ թուրքը Արևմտյան Հայաստանում կոտորեց հայերին, ՀՀ իշխանությունները Հայաստանի Հանրապետությունում են դա անում,և որ ամենասարսափելին է տարին տարվա վրա իրադարձությունները, որ մարդկանց ստիպում են նման եզրակացություններ անել, միայն ավելանում են և «օրինակներ» ու «հիմնավորումներ» բերելու առատ նյութ տափս: Սա ողբերգություն է: Կարևոր չէ այս կարծիքները չափազանցված են, թե ոչ: Կարևորն այն է, որ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն երկրում ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որ որևէ մեկը ներքին արգելք չունի Սեծ եղեռնի մասին քննարկումների ժամանակ զուգահեռներ անցկացնել մեր օրերի Հայաստանի հետ: Պետության կողմից ավելի մեծ անարգանք Ցեղասպանության զոհերի հիշատակին հնարավոր չէ պատկերացնել: Եվ այս ֆոնին պաշտոնավորների այցերը Ծիծեռնակաբերդ, հուզիչ ուղերձները, «մենք պահանջում ենք, դատապարտում ենք, սգում ենք» խոսքերը առավել քան սին և անարժեք են հնչում: Եվրոպայի հայերի համագումարի Ցեղասպանության օրվա առիթով արված հայտարարության մեջ տեղ գտած տողը «պայմանով, որ ՀՀ իշխանությունները առաջին հերթին լինեն հոգատար և օրինապահ հայրենաբնակ ժողովրդի նկատմամբ և կտրուկ միջոցներ նախաձեռնելով կասեցնեն կործանիչ արտագաղթը» շառաչուն ապտակ է Հայաստանի իշխանություններին»:
Հայկական ժամանակ
Այսօր համայն հայությունը, մեզ հետ նաև՝ առաջադեմ ողջ մարդկությունը, ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հայաստանի Երրորդ Հանրապետության կազմավորումից հետո՝ Ապրիլի 24-ի խորհրուդն որոշակիորեն վերանայվել է: Մեկ բան է, երբ մեր ժողովրդի պատմության այդ սև էջն իմաստավորվում էր պետության բացակայության պայմաններում, այլ է, երբ ունես պետություն, որը հիշելուց, պատմությանն անդրադարձ կատարելուց զատ ու առավել՝ հետևություններ անելու, ցեղասպանության հետևանքները վերացնելու, անցյալից դասեր քաղելով՝ կոնկրետ քաղաքականություն իրականացնելու, համաշխարհային հանրությանը սեփական «ես»-ը մատուցելու և նույն այդ հանրության հետ ներդաշնակ քայլելու առաքելություն ունի:
Ապիլի 24-ին Թուրքիայի դրոշ վառելը, թուրքերին հայհոյելն այլևս հերոսություն չեն ընկալվում, ավելին՝ հնացած բաներ են, պայքարի ձևեր, որոնցով զինված են պետականազուրկ, պետություն ունենալու հեռանկարից զուրկ ժողվուրդները: Նման վարքագիծը նույնքան ժամանակավրեպ է, որքան՝ այս պահին հայ վիրժառուի կողմից թուրք դիվանագետի սպանությունը:
Սողոմոն Թեհլերյանը գործել է կոնկրետ պատմական շրջանում, կոնկրետ իրավիճակում և բնական է, որ նրա անձի մեջ մարմնավորված է ընդհանուրիս արդար ցասումը: Սողոմոն Թեհլերյանի կերպարի մերօրյա վերարտսդրություն չի կարող և չպետք է լինի, որովհետև դա հավասարազոր կլինի սեփական պարտության խոստովանության:
Ոչ բարեկամ պետության դրոշ այրելը, ահաբեկչությունը՝ ժամանակակից աշխարհում թուլության, անզորության դրսևորումներ են:
88-ի շարժումն որոշակի սրբագրում մտցրեց մեր քաղաքական մտածողության մեջ, մեզ ազատագրեց անցյալի կապանքներից, «խրամատային» մտածողությունից, հայկական հարցն՝ այլ պետությունների մանրադրամի վերածելու մեր բարդույթից:
Ապրիլի 24-ը, կոնկրետ իմ համար, մի քանի խորհուրդ ունի, դասեր, որոնք կօգնեն, կնպաստեն, որպեսզի մենք հաղթահարենք զոհի բարդույթն, ընկալենք, որ պետությունն առաջին հերթին պետք է ծառայի իր քաղաքացուն՝ պատմական արդարության վերականգնման միջոց, գործիք լինելու փոխարեն:
Առաջին հերթին, մենք՝ որպես հասարակություն, պետք է քաղաքակրթական մշակույթ ձևավորենք ամեն տեսակի բռնության, ահաբեկչության դեմ՝ լինեն դրանք ներքին, թե արտաքին հարթություններում, քաղաքական, տնտեսական, թե՝ սոցիալական հարաբերություններում:
Երկրորդ, պետք է ստեղծենք համաշխարհային զարգացման համատեքստին համապատսախանող երկիր՝ իր կառավարման որակով, քաղաքացիական, սոցիալական կառուցվածքով, հարաբերություններով: Այդ պետության գլխավոր հարստությունը պետք է լինի մարդը, քաղաքացին, որի անվտանգությունն ու բարեկեցությունն առաջնահերթություն դառնան պետության համար:
Մեկընդմիշտ պետք է հիշել, որ մեր անվտանգության գլխավոր երաշխիքն ոչ թե բանակն է, առավել ևս՝ օտար մի պետություն՝ իր ռազմական ներկայությամբ, այլ՝ Հայաստանի բնականոն հարաբերություններն իր հարևան երկրների հետ:
Թյուր և վտանգավոր է այն կարծիքը, որ ռուսական բանակը մեզ կպաշտպանի թուրքական վտանգից: Պատմությունը հակառակն է ապացուցել, հայկական հարցը մշտապես մանրադրամի արժեք է ունեցել ռուս-թուրքական հարաբերություններում: Չի կարելի թույլ տալ, որ ռուսները կամ այլք մեզ ու մեր խնդիրներն օգտագործեն՝ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների համատեքստում: Դրա արդյունքում՝ միշտ մենք ենք տուժում:
Արդյո՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ցեղասպանության ուրացում է՝ ինչպես պնդում են ոմանք:
Միանշանակ՝ ոչ, որովհետև, ըստ իս, հենց հայ-թուրքական երկխոսության օրակարգում ավելի դյուրին կլինի հասնել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը:
Ի վերջո, Թուրքիան կամ այլ երկիր կճանաչեն, թե՝ ոչ Ցեղասպանությունը, դա՝ ոչ թե մեր, այլ իրենց խնդիրն է: Յուրաքանչյուր պետություն, ժողովուրդ ինքն է որոշում քաղաքակրթվածության, կայացվածության իր մակարդակը: Ըստ այդմ՝ մենք, համաշխարհային հանրությունը կարող ենք դատել՝ այդ պետությունը ինչքանո՞վ է համապատասխան ժամանակակից ժողովրդավարական պետության չափանիշներին, ինչքանո՞վ է որևէ հասարակություն հավատարիմ հումանիտար արժեքներին:
Բավ է՝ գնահատենք այլոց վարքագիծը, ժամանակն է ձևավորել սեփական օրակարգը՝ որպես ապագային ձգտող, կայացած և ինքնիշխան պետություն:
Սուրեն Սուրենյանց
Վերջին շրջանում բավականին լուրջ զրույցներ են տեղի ունեցել ՀՀԿ շտաբային պատասխանատուների և ԲՀԿ ավագանիներից ոմանց միջև: ՀՀԿ-ն ավագանու ԲՀԿ անդամ- ներին մեղադրել է իրենց արածները «սեփականաշնորհելու» և ընտրողներին «մոլորության» մեջ գցելու համար: Միևնույն ժամանակ Ծառուկյանին զեկուցվել է, որ ԲՀԿ-ն անչափ էկզոտիկ մոտեցում է դրսևորում. թաղերի ու փողոցների այն հատվածներում, որոնք ԲՀԿ-ին են ձայն տալու, ասֆալտապատում և լույս են քաշում, իսկ այն տեղերում, որոնք ՀՀԿ-ինն ու ուրիշներինն են, ոչինչ չեն անում: Արդյունքում մի քանի մետրանոց փողոցը լուսավորվում է Պըլըպուղու կարկատած շորերի հանգույն, ժողովուրդն էլ չարանում է ԲՀԿ-ի հանդեպ: Այս մոտեցումը Ծառուկյանն անընդունելի է համարել: Այլ խնդիրներ էլ են առաջացել: Մի շարք շտաբներում անկումային տրամադրություններ են: Իսկ Արաբկիրում բանը հասել է նրան, որ շտաբը կիսվել է երկու մասի: Դժգոհ մասը հրաժարվել է աշխատել, և խնդիրները ոչ միայն «քաղաքական» են, այլև փողային. Արաբկիրի ԲՀԿ թերթի աղբյուրները կարծում են, որ էս «հարցերը մենակ Ծառուկյանը կարա լուծի»:
Հրապարակ
Թերթի՝ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների ւիոխանցմամբ` Սերժ Սարգսյանն իր թիմակիցներին, ինչպես նաև ԲՀԿ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը հակված չէ կտրուկ փոփոխությունների: Ըստ նրա`այս անգամ ընդամենը երկու-երեք նախարարներ կփոխվեն, իսկ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում վերանշանակվել է, քանի որ նրան ժամանակ է տրվել մինչև աշուն, որպեսզի հստակ դրական ցուցանիշներ ապահովի: Իսկ եթե տապալի, արդեն աշնանը կառավարության կազմում արմատական փոփոխություններ կլինեն: Այլ կերպ ասած`Ս. Սարգսյանը հասկացրել է, որ մայիսի 5-ից հետո ձևավորվելիք կառավարությունը ժամանակավոր է:
Ի դեպ, Աժ ընտրություններից հետո ձևավորված կառավարության մասին ևս նա ասել էր, թե դա ժամանակավոր է, քանի որ նախագահական ընտրություններից հետո, Սահմանադրության համաձայն, ինքը պետք է նոր կառավարություն ձևավորի: Ու հիմա ստացվում է, որ Ս. Սարգսյանի ձևավորած բոլոր կառավարություններն էլ ժամանակավոր են: Նաև`ժամանակավրեպ:
Ժողովուրդ
Մի՛ արեք
Նուրբ տղա է Ստյոպա Սաֆարյանը: Նուրբ լարերից կախված: Facebook-ի իր պատին իբր քննադատում է քաղաքապետարանին՝ տեղադրած թուջե նստարանների թանկ գնի համար, բայց նաև նրբորեն փորձում է քար նետել Դաշնակցության ուղղությամբ: Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա՛: Հարց ունես, հասցեատիրոջը դիմի՛ր: Նշածդ ձեռնարկության չորս հիմնադիրներից մեկը դաշնակցական է: Հետո՞:
Երեկ էլ այս նուրբը սոցիոլոգ էր դառել: Վստահ է՝ իրենք ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությունն են ստանելու, բայց վստահ չէ, թե Դաշնակցությունն ու ՀԱԿԿ-ը կհաղթահարեն շեմը: Սրանից ավելի նուրբ պատվերի հոտ է գալիս՝ թող այս ուժերը չանցնեն, որ Հանրապետականը մեծամասնություն ունենա:
Հարգելի՛ պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, կա՛մ լռեցրու դրանց, կա՛մ զգույշ եղիր, վերջում քեզ են վատ վիճակի մեջ դնելու: Պատվիրատուները հայտնի են:
ՀՅԴ նախընտրական շտաբ
Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
««Աճ, թե խնայողություն» բանավեճը կրկին գլուխ է բարձրացրել: Այս անգամ կշեռքի նժարն ակնհայտորեն թեքվել է հօգուտ աճի:
Մի քանի օր առաջ Վաշինգտոնում ավարտվեց ԱՄՀ-ի Միջազգային արժութային և ֆինանսական հանձնաժողովի (IMFC) 27-րդ տարեկան նիստը, որտեղ երկար քննարկումներից հետո եզրակացություն կար, որ առաջիկա ժամանակաշրջանում անդամ երկրների տնտեսական քաղաքականության գլխավոր թիրախը պետք է լինի տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը:
ԱՄՀ-ն այսպիսի եզրակացության է հանգել՝ ելնելով այն փաստից, որ նախորդ տարիներին բազմաթիվ երկրներ կիրառել են զսպողական և խնայողական քաղաքականություն՝ հույս ունենալով, որ պարտքի կրճատման ճանապարհով կհասնեն տնտեսական աճի ապահովման: Արդյունքում թե՛ տուժել է տնտեսությունը, թե՛ հիմնականում աճել է պարտքը:
Հետաքրքրական զուգադիպությամբ նման եզրակացության է հանգել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Նա հայտարարել է, որ Եվրոպայում զսպողական քաղաքականությունը հասել է իր սահմանին, արդյունք չի տվել և հանրության կողմից այսօր աջակցություն չունի:
ԱՄՀ-ն՝ որպես նոր մոտեցում, առաջարկում է դրամավարկային, հարկաբյուջետային քաղաքականության և կառուցվածքային բարեփոխումների մի այնպիսի խառնուրդ, որը միանշանակորեն միտված կլինի տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը:
Ես կարծում եմ, որ այս առաջարկությունը ամբողջությամբ կիրառելի է նաև Հայաստանի պարագայում: Նախորդ հինգ տարիներին կառավարության վարած քաղաքականությունը դրական արդյունքներ չի ունեցել հիմնականում այն պատճառով, որ թիրախում եղել է գնաճի զսպումը, ոչ թե տնտեսական աճը, գլխավորապես իրականացվել է զսպողական հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն, կառուցվածքային որևէ լուրջ փոփոխություն չի իրականացվել:
Հարկ է նկատել, որ անգամ գերակա խնդիր հռչակված գնաճի խնդիրը չի լուծվել, քանզի վերջին հինգ տարիներին հանրագումարային առումով ունեցել ենք մոտ 30 տոկոս գնաճ, մինչդեռ առավելագույնը պետք է լիներ 22 տոկոս՝ ՀՆԱ-ի խոստացված տարեկան իրական 8-10 տոկոս աճի պայմաններում։ Իրավիճակը չփրկեց ո՛չ ֆիքսված փոխարժեքի քաղաքականությունը (2008-2009 թթ.), ո՛չ վերաֆինասավորման տոկոսադրույքի բարձր մակարդակի պահպանումը։
Ներկայում, երբ վարչապետը վերանշանակվել է և կառավարություն կազմելուց հետո պետք է Ազգային ժողովին նոր ծրագիր ներկայացնի, ես կարծում եմ, որ այդ ծրագիրը պետք է հաշվի առնի ԱՄՀ-ի վերոնշյալ մոտեցումները: Այդ երեք ուղղություններից յուրաքանչյուրում ես կառաջարկեի երեք նոր շեշտադրումներ ունենալ, որոնք կարող են էապես խթանել տնտեսական աճը:
Հարկաբյուջետային քաղաքականության մասով
1. Թեթևացնել փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա կխաթարի բյուջեի կատարումը, սակայն հարկային բեռի նվազեցումը կփոխհատուցվի փոքրի ու միջինի առավել մեծ շրջանառությամբ և նոր բիզնեսների ի հայտ գալով: Ի վերջո, պետք չէ մոռանալ Լաֆերի կորի մասին, ըստ որի՝ հարկային բեռի թեթևացումը բերում է բյուջետային մուտքերի ավելացմանն ու պետության սոցիալական ծախսերի նվազմանը։
2. Էականորեն ավելացնել կենսաթոշակները և բյուջետային աշխատողների աշխատավարձերը: Սա ակհայտորեն կբերի տնտեսության մեջ պահանջարկի աճին, որը կխթանի տնտեսական աճը՝ մեծացնելով նաև հարկային մուտքերը: Գնաճի խնդիր տվյալ դեպքում չի առաջանա, քանզի 37-տոկոսանոց աղքատությամբ երկրում վճարունակ պահանջարկի ավելացումը չի կարող էականորեն ազդել գների մակարդակի վրա։
3. Կառավարությունը պետք է մի քանի մեծ ենթակառուցվածքային ծրագրեր նախաձեռնի, որոնք տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման լուրջ շարժիչ կլինեն: Դրանց իրականացումը հնարավոր է բյուջեի լրացուցիչ դեֆիցիտով, որի ֆինանսավորումը պետք է արվի ներքին (պետական պարտատոմսերի թողարկման) և ոչ թե արտաքին պարտքի մեծացման հաշվին:
Դրամավարկային քաղաքականության մասով
1. Ավելացնել դրամի շրջանառությունը տնտեսության մեջ, միաժամանակ բյուջեի ծախսումների պարբերականությունն այնպես կարգավորել, որ դա հանգեցնի դրամի շրջանառության արագության մեծացման:
2. Նպաստել վարկերի էժանացմանը և վարկ ստանալու գործընթացի հեշտացմանը:
3. Թողնել, որ ազգային արժույթի փոխարժեքը ձևավորվի առանց միջամտությունների: Ճիշտ է՝ դա կհանգեցնի դրամի լրացուցիչ արժեզրկման, սակայն կխթանի արտահանումը և կբարձրացնի դրսից եկած տրանսֆերտների գնողունակությունը: Այսպես կոչված «փափուկ կառավարելի» փոխարժեքային քաղաքականությունն ամենաընդունելին է մեր դեպքում։ Հետճգնաժամային փուլում այդ մեխանիզմին անցել են մի շարք զարգացած երկրներ, որպեսզի կարողանան արդյունավետ պայքարել նոր ճգնաժամերի դեմ։
Կառուցվածքային բարեփոխումների մասով
1. Բիզնեսը տարանջատել քաղաքականությունից: Նախևառաջ նկատի ունեմ, որ պետական համակարգը պետք է ազատել պետական պաշտոնը բիզնեսի տրամաբանությամբ շահույթի աղբյուր դարձրածներից։
2. Վերացնել արհեստական մենաշնորհները և հավասար մրցակցային դաշտ ապահովել բոլոր խաղացողների համար:
3. Ապահովել սեփականության իրավունքի գերակայությունը և պաշտպանությունը՝ վերջ տալով համայնավարական ժամանակաշրջանին հատուկ քարոզչությանը և գործողություններին»:
Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, ըստ լավատեղյակների, անցել է մինչ այդ եղած բոլոր հանդիպումների` «նախագահ ջան», «Գագիկ, բա ինչո՞ւ ես…» ոգով: Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ԲՀԿ աղբյուրները չեն մանրամասնել, տեղեկացրել են, որ ավագանու ընտրություններում ռուբիկոնն անցնող սև փիառ երկու կողմից էլ չի լինելու, Ծառուկյանին հաջողվել է համոզել, որ «բռնոցի» էլ չլինի»: Ինչն էլ ԲՀԿ-ի ձեռքերին ազատություն է տվել, և եթե մինչ այդ ԲՀԿ քարոզիչները տնետուն ակցիայի ժամանակ փողի մասին վախենում էին խոսել, կիրառում էին միայն «ի՞նչ հոգս ունեք հոգալու ձեր տանը» ակցիան, այժմ, այցելելով ընտրողներին, ասում են, որ ընտրության օրը փող կստանան, ստույգ չափը չեն նշում: Փողերի տնօրինումը վստահված է ԲՀԿ ավագանու ներկայացուցիչներին: Նախորդ օրը նման մի քարոզիչ էլ այցելել է «Հրապարակի» թղթակցին, ասել, ավագանին կզանգի, փողի համար կպայմանավորվեք` տան ընտրող-անդամների թվով: ՀՀԿ-ն էլ փողային նախաձեռնությունների մեջ հետ չի մնում: Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը հաջորդել է ԲՀԿ-ի շաբաթ օրվա շտաբի նիստը, որին Ծառուկյանը չի մասնակցել: «Նա ընդհանրապես մեր նիստերին չի մասնակցում»,- տեղեկացրել է թերթի աղբյուրը: Նիստերը վարում է Օսկանյանը, որն էլ «Ֆեյսբուքում» գրել է, որ ԲՀԿ-ն դառնալու է ընդդիմադիր, պատրա՞ստ են գործարարները դրան: Գործարարներին ու շտաբի մի շարք անդամների սա դուր չի եկել: Մելիք Մանուկյանն էլ (Շիշ Մելոն) նեղ շրջապատում դժգոհել է Օսկանյանից: Երեկ «Հրապարակի» թղթակիցը զանգահարել է Մանուկյանին: Ասել է. «Թողեք հիվանդ լինեմ»: Մի քանի օրից կլավանա, կասի, թե ինչ է մտածում: Ի դեպ, թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերին, երբ կմեկնարկի Աժ աշնանային նստաշրջանը, Աժ կուսակցությունները պարտավոր են ասել` ընդդիմադի՞ր են, թե՞ ոչ:
Հրապարակ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հարապարակել է մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:
Գնահատականները, որոնք տրվել են, խիստ քննադատական են: Ամերիկացիների կարծիքով` հայկական իրականությունը հեռու է մխիթարական լինելուց, նախորդ տարվա ընտրություններն ամենևին էլ օրինական և ժողովրդավարական չեն եղել:
Այս զեկույցն ուղղակի պատասխան է մեր իշխանության ամպագորգոռ պնդումներին, թե Հայասատանում իրականացվում են լուրջ բարեփոխումներ կամ որ` 2012-2013թթ-ի ընտրությունները լավագույնն էին մեր երկրի քսանամյա կենսագրության մեջ:
Այդ ընտրությունները գուցե լավագույնն էին, սակայն ոչ թե քաղաքական համակարգի կայացման տեսանկյունից, այլ` կոնկրետ կուսակցության, որն, ըստ էության, ռեստավրացրել է կառավարման խորհրդային մեթոդը:
Ամերիկացիները գնահատական չեն տվել 2013թ-ի նախագահական ընտրություններին, դա կանեն հաջորդ տարի: Բայց բոլորս գիտենք, որ այդ ընտրություններն որակապես լավը չէին խորհրդարանականից, ու վստահաբար` մյուս տարի Վաշինգտոնն արձանագրելու է, որ նախագահական ընտրություններում նույնպես վճռորոշ դեր են ունեցել վարչական ռեսուրսն ու ընտրակաշառքը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջիններից էր, որ նախագահական ընտրություններից հետո շնորհավորեց Սերժ Սարգսյանին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն օր ու մեջ խոսում է Հայաստանում արևմտյան ներդրումների մեծացման անհրաժեշտության մասին: Ընթերցողին կարող է տարակուսելի թվալ, որ այս համատեքստում ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նման խիստ գնահատականներ է տալիս հայաստանյան իրականությանը:
Ես որևէ զարմանլի բան չեմ տեսնում, ոչ էլ` այս զեկույցի հետում ինչ-որ թաքնված շահեր եմ նկատում:
Խորհրդարանական և հատկապես նախագահական ընտրություններում` Սարգսյանը ստացավ արևմտյան շրջանակների լոյալությունը, որովհետև բարեփոխումների որոշակի տեսլական էր ներկայացրել ու քարտ-բլանշ ստացավ: Բացի այդ, այդ ընտրություններում բացակայում էր իրական այլընտրանքի գործոնը. հատկապես արտաքին աշխարհն հայաստանցիների ընտրությունը դիտարկում էր «վատի և ավելի վատի» շրջանակում:
Հիմա իշխանության ներկայացուցիչները, մեկը մյուսին ձայն տալով, կասեն, որ ամերիկացիների գնահատականների հիմքում` նրանց աշխարհաքաղաքական շահերն են:
Գուցե այդ շահերն իսկապես կան, բայց բոլորս գիտեք, որ Վաշինգտոնի հայացքը հայաստանյան անցուդարձին` շատ մոտ է իրականությանը, այն գաղջ իրականությանը, որում բոլորս ապրում ենք:
Կակա ասելով` բերանը չի քաղցրանում:
Իշխանությունը լավ կանի չհպարտանա անցած «իդելական» ընտրություններով, այլ գոնե մեկ անգամ օրինական ընտրություններ կազմակերպի, այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները կճանաչեն դրա բոլոր մասնակիցները, հասարակությունը:
Բարեփոխումների մասին իշխանության շեփորահարումներն ոչինչ չարժեն, եթե մարդու կյանքի որակը մնում է նույնը: Դրա համար` իշխանությունը լավ կանի` ոչ թե խոստումներ շռայլի դրսի կենտրոններին, այլ` իրապես մտածի երկրի գլխավոր արժեքի` մարդու մասին:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.