23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթի տեղեկություններով Երևանի գործող ավագանու անդամ, ավագանու անդամության ՀՀԿ թեկնածու Արթուր Պետրոսյանը այս օրերին լծված է հարազատ կուսակցությանը ձայներ բերելու դժվարին գործին: Լինելով «Կայզեր» սուպերմարկետների ցանցերի սեփականատերը` նա իր աշխատակիցներին հրահանգել է ծանոթ-բարեկամով ընտրության օրը քվեարկել ՀՀԿ-ի համամասնական ցուցակի օգտին: Իր հրահանգի սրբորեն կատարումը ստուգելու համար նա աշխատակիցներից յուրաքանչյուրից պահանջել է ներկայացնել ՀՀԿ համակիրների 10 անուն, և թե նրանցից յուրաքանչյուրը որ տեղամասում է քվեարկելու: Թերթի հիշեցմամբ` իրավաբանի մասնագիտությամբ ավագանու անդամը Երևանի ավագանու չորսամյա գործունեության ընթացքում նիստերի ժամանակ ծպտուն անգամ չի հանել և որևէ խնդրի մասին չի բարձրաձայնել: «ՉԻ» հարցին, թե ավագանու 2013 թ. ընտրությունների ժամանակ ՀՀԿ համամասնական ցուցակի ո՞ր հորիզոնականն է վերջինս զբաղեցնում, Պետրոսյանը անկեղծորեն պատասխանել է` «չգիտեմ»:
Չորրորդ ինքնիշխանություն
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հիմա, երբ ընտրարշավը հասել է ավարտին, ես կցանկանայի ամփոփել այս ընտրապայքարի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած գաղափարական գլխավոր ուղերձները:
1. Սա քաղաքական նշանակության ընտրություն է: Երբ ԲՀԿ-ն առանձին կամ ոչ իշխանական մյուս ուժերի հետ համագործակցությամբ քաղաքի իշխանությունը վերցնի, քաղաքական համակարգում կստեղծվի լրջագույն քաղաքական հակակշիռ, որը և կլինի հանրապետությունում խորքային, համակարգային փոփոխությունների սկիզբը: Ակնհայտ է, որ այսօր մեր առաջընթացի, զարգացման և ժողովրդավարության ամրապնդման գլխավոր խոչընդոտը քաղաքական մենաշնորհն է: Առանց այդ մենաշնորհը վերացնելու մենք չենք կարող վերացնել մեր հասարակությունում առկա մյուս թերությունները և չենք կարող երկիրը դնել զարգացման ճիշտ ճանապարհի վրա:
2. Սա տնտեսական նշանակության ընտրություն է: Երևանն իր տնտեսական հնարավորություններով, քաղաքապետի և ավագանու սահմանադրական լիազորություններով կարող է ոչ թե կատարողի դերում լինել, այլ թելադրողի: Պատկերավոր ասած՝ Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի վարչապետն է, որը կարող է իր ուրույն տնտեսական քաղաքականությունը վարել, աշխատատեղեր ստեղծել, արտաքին ներդրումներ ներգրավել և, անկախ կառավարության կամքից, լուծել երևանցիների առջև ծառացած կենցաղային խնդիրները: ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում մենք լավագույնս օգտագործելու ենք քաղաքապետարանի տնտեսական լծակները՝ այլընտրանք լինելով կառավարության անարդյունավետ տնտեսական քաղաքականությանը, և ժողովրդի առօրյա կենցաղային խնդիրները լուծելու միջոցով տնտեսական գլխավոր թիրախ ենք դարձնելու տնտեսական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը և կենսամակարդակի բարձրացումը:
3. Սա քաղաքային նշանակության ընտրություն է: ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում մենք առաջին հերթին փոխելու ենք քաղաքի կառավարման փիլիսոփայությունն ու մոտեցումները: Մենք հանդես ենք գալու ոչ թե որպես կառավարողներ, այլ քաղաքացիների կողմից ընտրված մարդիկ, որոնք լինելու են նրանց գործընկերները և հնարավորինս արագ լուծելու են նրանց առաջ ծառացած խնդիրները: Այս մեկ ամսվա ընթացքում մենք եկանք այն համոզման, որ չկա քաղաքացիների կողմից բարձրացված որևէ հարց, որը հնարավոր չլինի լուծել թեկուզ քաղաքի այսօրվա բյուջեի միջոցներով: Երևանի բյուջեից կորուստներն ու մսխումները շատ են: Քաղաքային իշխանությունները չեն կարողացել իրենց առաջ դնել ճիշտ առաջնահերթությունները: Մենք նվազագույնի կհասցնենք այդ կորուստները: Նույնիսկ կարելի է բոլոր ոչ առաջնահերթ և խիստ էական ծախսումների մորատորիում հայտարարել: Մենք կհստակեցնենք քաղաքի և ժողովրդի առաջնահերթությունները և ռեսուրսները կուղղենք բնակչության կենսական խնդիրների լուծմանը: Մենք հատկապես ձեռնամուխ կլինենք քաղաքի բյուջեն ընդլայնելուն՝ ստեղծելով նոր արժեք քաղաքի բոլոր վարչական շրջաններում, և խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար դրամաշնորհներ ու արտաքին ներդրումներ կներգրավենք:
Ընտրարշավի ավարտին ես կարող եմ վստահությամբ ասել, որ մեր հասարակությունը գիտակցում է այս ընտրությունների կարևորությունը: Մենք ոչ միայն այլընտրանք չունենք երկրում փոփոխություններ չիրականացնելու, այլև ժամանակ չունենք՝ հաշվի առնելով երկարաձգվող տնտեսական և քաղաքական լճացումը և ահագնացող արտագաղթը:
Մայիսի 5-ը, ըստ էության և ըստ ժամանակի, ստեղծում է այնպիսի հնարավորություն, որը առաջին հերթին հույս կներշնչի մեր հասարակությանը և Հայաստանում էական տեղաշարժերի և արդյունքների նախակարապետը կլինի»:
Սիսիանում խորը և համապարփակ նախանձ է բռնկվել Գյումրու հանդեպ, մասնավորապես՝ Գյումրու տեխնոպարկի: Սիսիանում, ըստ երևույթին, լրջորեն ուսումնասիրելով այն, թե Տիգրան Սարգսյանի կառավարությունն այս ընթացքում քանի միլիոն է դուրս գրել Գյումրիում մի աղբանոցի կողքի ցուցանակի վրա «Տեխնոպարկ» բարձր ու վսեմ անունը գրելու համար, որոշել են հետ չմնալ գյումրեցիներից և պահանջել, որ իրենք էլ ունենան այդ «տեխնոպարկից»՝ իրենցն էլ կլինի «տրակտորների մի ամբողջ տեխնոպարկ»:
Ավելորդ մեղադրանքներից զերծ մնալու համար շտապեմ ասել, որ սույն՝ «գերհանճարեղ» ձևակերպումը պատկանում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Գրիգորյանին և բոլորովին էլ լրագրողների մտքի թռիչքի արգասիքը չէ. ըստ էության, Հայաստանում դժվար է գտնել գեթ մեկ պրոֆեսիոնալ լրագրող, ում մտքով անցնի տրակտորներից տեխնոպարկ հիմնել՝ թեկուզ հաշվի առնելով այն լրջագույն հանգամանքը, որ երկուսն էլ «տ»-ով են սկսվում: Հայաստանում նման մտքի թռիչք կարող են ունենալ մեր ընտրյալները:
Խորհրդարանական հայտարարությունների ժամին թիվ 37 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Հայկ Գրիգորյանը՝ որպես իրական ընտրյալ, ժողովրդի դարդ ու ցավերով ապրող գորիսցի, որոշեց պաշտպանել իր հոգածությանը հանձնված Սիսիանի ու սիսիանցիների շահերը: Պատգամավորը կոչ արեց անգործության մատնված Սիսիանի դաշտերում հացահատիկ աճեցնել և դրանով իսկ լուծել «այս տարածաշրջանի պարենային անվտանգության հարցը»: Բայց հաշվի առնելով, որ հեկտարների մշակումը ձեռքի գործ լինել չէր կարող, կոչը շարունակեց՝ տրակտորների հատկացում պահանջելով: «Այստեղ ոչ թե մի քանի տրակտոր է պետք, այլ հարկավոր է մի ամբողջ տեխնոպարկ հիմնել՝ Սիսիանի տեխնոպարկ, որ Սիսիանն էլ իր տեխնոպարկը ունենա»,-իր բոցաշունչ հայտարարության մեխը խփեց պատգամավորը:
Գյումրու տեխնոպարկը դորդուբեշ արինք, մնացել էր Սիսիանի տեխնոպարկը…
«Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է Գյումրու տեխնոպարկի ծրագիրը, որը կնպաստի Գյումրի քաղաքի բարգավաճմանը’ վերածելով այն ՏՏ զարգացած ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու: Տեխնոպարկի տարածքում արդեն իսկ գործում են «Նեյշնլ Ինստրումենթս» մեխանիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաները, «Դ-Լինք» ցանցային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ընկերության հետ համատեղ ստեղծված’ տարածաշրջանում դեռևս միակ հետազոտական կենտրոնը՝ «Եռաչափ մոդելավորողների միությունը». սա Գյումրու տեխնոպարկին վերաբերող պաշտոնական հեքիաթն է, որ տեղադրված է Էկոնոմիկայի նախարարության կայքում:
Թե ինչ տեսք կունենա Սիսիանի տրակտորների «տեխնոպարկի» հեքիաթը, ինչպես է հաջողվելու Հայկ Գրիգորյանին ՏՏ տեխնոլոգիաներից քիչ թե շատ հասկացող Տիգրան Դավթյանին համոզել, որ գյուղտեխնիկայի պարկն ու տեխնոպարկը նույն բաներն են, և Սիսիանում հիմնադրել տալ հիշյալ «տեխնոպարկը», մի քիչ դժվար է պատկերացնել: Ըստ երևույթին, տրակտորներն ապահովված կլինեն WiFi-ով, տրակտորավարներն էլ դաշտեր մուտք կգործեն iPad-ով…
Հետգրություն
Իհարկե, այդքան էլ լավ բան չէ երիտասարդ տղայի անգիտության վրա ծիծաղելը, սակայն խոսքը տվյալ դեպքում ոչ թե պարզապես փողոցում արևածաղիկ կեղևազրկող տղայի մասին է, այլ երկրի խորհրդարանում մի ամբողջ ընտրատարածքի շահերը ներկայացնող, պետության դեմք համարվող պատգամավորի: Մյուս կողմից, ինչպես հայտնի է, մեր պատգամավորների հայտարարությունների տեքստերը գրվում են վերադաս մարմնի դաբրոյով: Երբ անցած գումարման ժամանակ Արա Սիմոնյանը հայտարարություն էր կարդում, շատերը չէին կարողանում թաքցնել ժպիտը՝ լսելով Արտաշես Գեղամյանին բնորոշ դարձվածներն ու մտքերը: Չի բացառվում, որ սույն՝ պատգամավորին պատիվ չբերող կացության մեջ դնող հայտարարությունը գրված լինի վերջինիս վերադաս՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրահանգով՝ հատուկ դրածոյին խայտառակելու նպատակով՝ հող նախապատրաստելու համար վերադասի համար հնարավոր պաշտոնանկությունից հետո զերծ մնալ երիտասարդ պատգամավորի կողմից մանդատը վայր դնելու հնարավոր շահարկումներից և հանգիստ մուտք գործել խորհրդարան՝ բոլորին հավատացնելով, որ, ինչ-ինչ, բայց ինքը գոնե «դորդուբեշն» ու «դուշեշը» իրարից տարբերում է:
Լուսինե Կեսոյան
Lurer.com
Մի օրինաչափություն նկատե՞լ եք՝ երբ պաշտոնյաները պրոբլեմներ են ունենում, նրանք մի տեսակ հումանիստ են դառնում, գիտակցում են, որ բացի սահմանադրական պարտականություններից ու լիազորություններից՝ իրենք նաև հասարակական առաքելություն, գործառույթ ունեն:
Ներիշխանական հակասություների մասին մի քանի առիթով գրել եմ՝ արձանագրելով, որ նախագահական ընտրություններից և վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո՝ իշխանության բուրգում էապես թուլացել են խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի դիրքերը:
Վերջինս, ըստ էության, մեկուսացված է Երևանի ավագանու ընտրությունների գործընթացից:
Թերևս, նաև պարապությունը պարպելու նպատակով՝ Արգամիչն երեկ Եռաբլուրում ծառատունկ էր կազմակերպել՝ Երիտասարդական խորհրդարանի անդամների մասնակցությամբ:
Ծառերը տնկելուց հետո՝ ԱԺ նախագահը լրագրողների մի քանի հարցերի է պատասխանել:
Իբրև թե իշխանության միասնականության մասին է խոսել, սակայն տողատակում հասկացրել է, որ «վերևում» հակասություններ կան:
Լակոնիկ այս հարցազրույցում խորհրդարանի խոսնակն առնվազն երկու դրվագում հակադրվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օրերս հնչեցրած գնահատականներին:
Եթե ոստիկանապետն, անդրադառնալով Գյումրիի դեպքերին, խոսել է կոնկրետ կլանների մասին՝ չշրջանցելով նաև նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ապա պարոն Աբրահամյանն երեկ ասել է. «Եվ ընդհանրապես, Վարդան Ղուկասյանը, որ աշխատել է քաղաքապետ, Դուք գիտեք, որ քաղաքապետ ընտրվում է, չի նշանակվում, և գյումրեցիներն են ընտրել, ինքը վատ չի աշխատել, եկեղեցիներ է կառուցել, գեղեցիկ քաղաքապետարանի շենք է կառուցել և համոզված եմ, որ Վարդանը Ղուկասյանը վատ չի աշխատել»:
Հաջորդ նախադասության մեջ Հովիկ Աբրահամյանը կասկածի տակ է դրել ոստիկանապետի այն պնդումը, թե Գյումրիի դեպքերի հետ կապված՝ իր տեղակալին զանգել են ԱԺ պատգամավորներ՝ միջնորդական առաքելությամբ:
«Չեմ կարծում, որ նման պատգամավորներ կլինեն»,- կարճ կոնկրետ կապել է ԱԺ նախագահը:
Հովիկ Աբրահամյանի նեղսրտության պատճառն ինքնին հասկանալի է. ոստիկանության կոնկրետ գործողությունների թիրախ են դառնում իր մերձավորները: Գյումրիի երկու կլաններում էլ ԱԺ նախագահը հարազատներ ունի:
Գաղտնիք չէ, որ Վարդանիկի քաղաքական տանիքը տարիներ շարունակ եղել է հենց պարոն Աբրահամյանը:
Նրա համար օտար մարդ չէ նաև Մարտունիկ Գրիգորյանը, որը պետության երկրորդ դեմքի խնամու՝ Գագիկ Ծառուկայանի մերձավոր շրջապատից է:
Սրան գումարեք նաև շրջանառվող ասեկոսեներն այն մասին, որ օրերս՝ մի շարք քրեական հեղինակությունների հետ միասին, ոստիկանություն բերման է ենթարկվել նաև Աբրահամյանի փեսան:
Հովիկ Աբրահամյանը նյարդանանալու այլ պատճառ էլ ունի. նա, ոչ առանց հիմքերի, մտածում է, որ Հանրապետականի ջահելները չեն սահմանափակվի միայն Տարոնի «գեղեցիկ» ընտրարաշավը կազմակերպելով: Ավելի ստույգ, այդ ընտրարաշավի հաջող կազմակերպումն էապես կբացի ջահելների ախորժակը, և նրանք իշխանության ավելի մեծ փայի վրա աչք կդնեն:
Իսկ իշխանություն կոչվող կերակրատաշտը սահմանափակ հնարավորություններ ունի. եթե ոմանց ախորժակը բացվում է, մյուսները պետք է դիետայի անցնեն:
Սուրեն Սուրենյանց
«Ի՞նչ ես անում իմ տարածքում»` տիպիկ «հանրապետական» հարց, որը երեկ Նոր Նորքում այդ կուսակցության ներկայացուցիչը տվել է թռուցիկներ բաժանող ՀԱԿ ներկայացուցիչներին: (Չգիտես ինչու, հենց այդ վարչական շրջանում են ՀՀԿ-ականները առանձնահատուկ «ջղայն»` գուցե օդի՞ց է): «Իմ տարածքում» արտահայտությունը շատ բնութագրական է. մարդիկ կան, որոնք մտածում են, թե Հայաստանում կամ Երևանում կան տարածքներ, որոնք պատկանում են իրենց կամ իրենց կուսակցությանը: Խորքում ընկած է մտքի տկարությունը, այդ մարդկանց մտքով չի անցնում, որ իրենք պետք է հավասար հիմունքներով մրցակցեն այլ կուսակցությունների հետ, խոսքով և գործով ապացուցեն, որ իրենց փաստարկներն ավելի ուժեղ են, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել հնարավոր հաղթանակի կամ պարտության մասին: Իսկ եթե դուք ցանկանում եք պարզապես քշել, վտարել, լռեցնել ձեր ընդդիմախոսներին, դա նշանակում է, որ դուք, մեծ հաշվով, պարտվել եք: Այնպես որ, հարգելի հանրապետականներ, մի՛ խուսափեք Ձեր մրցակիցների հետ խաղաղ, բարեկամական, քաղաքակիրթ բանավեճերից: Երբ լրատվամիջոցները դրանք կազմակերպում են, մի՛ փախեք՝ ոչ ոք Ձեզ այնտեղ չի ուտի, վերջում իրար կժպտաք ու Ձեռք կսեղմեք` այդպես պետք է լինի: Անպայման չի, որ դուք ամեն տեղ լինեք իրավիճակի տերնուտիրականը, անպայման չէ, որ Ձեր մեջքին դագանակներով զինված ոստիկաններ լինեն: Ավելին ասեմ` անպայման չէ, որ դուք ամեն տեղ մեծամասնություն լինեք: Ես, օրինակ, քաջ գիտակցում եմ, որ բոլոր կուսակցություններում, ինչպես նաև կուսակցություններից դուրս Հայաստանում քիչ են մարդիկ, որոնք ինձ նման են մտածում թե՛ քաղաքական և թե՛, աոավել ևս, այսպես կոչված, «ազգային» հարցերում: Եվ ոչինչ՝ կյանքից չեմ բողոքում: Մենախոսական մշակույթի ժամանակն անցել է` հնարավոր չէ մարդկանց ուղեղները լվալ` բոլոր այլընտրանքային տեսակետները արգելափակելով: «Բիլակներով», «թափով», «ձեն բերող» տղերքը, վարչական շրջանների կոռուպցիոն բաժինների ղեկավարները կամաց-կամաց կորցնում են իրենց քաղաքական նշանակությունը: Հեռուստաեթերում այսօր չկա իշխանական մենախոսություն, թերթերում երբեք չի եղել, դե, իսկ ինտերնետում այնպիսի բազմազանություն է, որ թող ու փախիր: Բայց, մյուս կողմից, փաստ է, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգար-յանը իր մրցակիցներից ոչ մեկի հետ բանավեճի չմասնակցեց: Ակնհայտ է նաև, որ ՀՀԿ բազմաթիվ շտաբները իրենց թաղն ընկալում են որպես «սեփական տարածք», որտեղ նրանք չպիտի թողնեն «օտարականներին»: Առաջին հերթին հենց Հանրապետականը պետք է շահագրգռված լինի հանդես գալու որպես քաղաքական ուժ`հույսը չդնելով «թաղի տղերքի բիլակների» և ոստիկանների դագանակների վրա: Եթե չշարժեն իրենց միտքը, եթե իրենց ընդդիմախոսների հետ չմտնեն քաղաքական շփման մեջ, դա լավ չի վերջանա: Այնպես որ` մրցակիցներին սեփական թաղերից վռնդելու փոխարեն մտածեք, թե ինչպիսի փաստարկներ կարող եք հակադրել նրանց փաստարկներին: Ամեն ինչ Աշոտյանի վրա մի գցեք:
Առավոտ
ՀԱԿ երեկվա հանրահավաքը մարդաշատ համարել չի կարելի. դրան մասնակցել է առավելագույնը չորս հազար մարդ:
ՀԱԿ ղեկավարները չեն էլ թաքցնում, որ անցած տարիների ընթացքում կորցրել են հանրային վստահության այն մեծ պաշարը, որն ունեին նախկինում: Պատահական չէ, որ երեկվա հանրահավաքում չեն հնչել ելույթներ` կուսակցության անխուսափելի հաղթանակի մասին, ավելին` ՀԱԿ փոխնախագահն ակնարակել է, որ իրենք ակնկալում են երևանցիների 20%-ի քվեն:
Հանրահավաքի հարթակը, քաղաքական իմաստով, նույնպես պակաս ներկայացուցչական էր: Ասենք, բացակայել են ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ովքեր էական հակասություններ չունեն նորաստեղծ կուսակցության հետ, սակայն հրաժարվել են նրան մաս կազմել:
Մի խոսքով` աչքի էր զարնում այն հանգամանքը, որ սա ոչ համաժողովրդական շարժման և ոչ էլ` նույնիսկ դաշինքի հանրահավաք է, այլ` սոսկ մի կուսակցության, որը ձգտում է նորովի դրսևորվել քաղաքական իրականության մեջ:
ՀԱԿ մարտավարության մասին: Ողջ քարոզարշավի ընթացքում և նաև` երեկ, ակնհայտ դարձավ, որ նորաստեղծ կուսակցության հիմնական զենքը հակաքորոզչությունն է, ՀՀԿ-ին ու Տարոն Մարգարյանին ուղղված քննադատությունը, երբեմն` նույնիսկ անտեղի ու անզուսպ: Երեկ անգամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, ով, որպես կանոն, քննադատում է իշխանության միայն առաջին դեմքերին, անդրադարձել է Տարոն Մարգարյանին, ընդսմին` հիշատակելով նրա հանգուցյալ հորը. «Թեև Հայ Ազգային Կոնգրեսի հիմնադիր համագումարում ես իմ կուսակիցներին կոչ էի արել չանձնավորել նախընտրական քարոզչությունը, սակայն վերջինիս ներկայացրած եկամուտների ու ունեցվածքի հայտարարագիրը այնքան սպառիչ է բնութագրում նրա բարոյական նկարագիրը, որ թե՛ կուսակիցներիս, թե՛ նաև ինձ համար անհնար է դարձնում հետևել այդ կոչին։ Իր ողջ չափահաս կյանքում բացառապես վարչական պաշտոններ զբաղեցրած մարդը ոչ մի երկրում չէր կարող օրինական ճանապարհով դիզել այնպիսի հսկայական կարողություն, ինչպիսին 10-12 տարվա ընթացքում հաջողվել է, չգիտեմ ինչ տաղանդի շնորհիվ, դիզել ՀՀԿ—ական այդ հրաշամանուկ թեկնածուին։ Իսկ եթե դրան գումարենք նաև Հայոց Մեծերի պանթեոնում բոլոր մնացյալ աճյունների վրա գերիշխող նրա հոր հսկայածավալ սկյութական դամբարանը, ապա այդ անձնավորության կերպարը կատարյալ կդառնա։ Առանձին վերցրած այս երկու փաստերն արդեն լիակատար հիմք են` մայիսի 5-ին վճռական «ո՛չ» ասելու նրա գլխավորած հանրապետական ցուցակին։ Զարմանալ կարելի է, թե որքան ցինիկ պետք է լինի մի իշխանություն և որքան պետք է արհամարհի սեփական ժողովրդին, որպեսզի հասարակությանը ներկայանա ահա այսպիսի նկարագրի տեր թեկնածուով»։
Եվ վերջապես արձանագրենք մեկ այլ ճշմարտություն. այս գործընթացում ՀԱԿ-ի համար հաղթանակը` ոչ թե սեփական քաղաքապետ ունենալն է, այլ` ՀՀԿ-ի պարտությունը, ընդդիմադիր հետընտրական կոալիցիայի ստեղծումը: «Գիտակցելով, որ ընդդիմության մաքսիմում—ծրագիրը պետք է լինի Երևանի ավագանու կազմում մեծամասնության ապահովումը, իսկ մինիմում—ծրագիրը՝ Հանրապետական կուսակցության համար 40%-ից ցածր քվեների արձանագրումը, Հայ Ազգային Կոնգրեսը միակողմանիորեն, առանց նախապայմանների, իր համար սահմանել է քարոզարշավային հետևյալ կանոնները.
—Քննադատության միակ թիրախ դարձնել իշխանական կոալիցիան ներկայացնող Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցություններին.
—Հակաքարոզչությամբ չզբաղվել ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, նույնիսկ այն պարագայում, երբ նրանցից որևէ մեկը չի հարգի այս կանոնները.
—Չանել որևէ քայլ, որը կխանգարի ընտրություններից հետո ավագանու կազմում ընդդիմադիր դաշինքի ձևավորմանը»,- հանրահավաքի իր խոսքում ասել է Տեր-Պետրոսյանը:
Ամփոփենք. Երեկվա հանրահավաքի դրականն այն է, որ վերջապես ՀԱԿ-ն իրատեսության դիրքերից է սկսել գնահատել իր հնարավորությունները: Բացասականն այն է, որ այսօրվա ՀԱԿ-ն ընդամենը սպասարկողի նիշ ունի և իր մարտավարությունը պայմանավորում է ԲՀԿ-ի մոտեցումներով:
Ազնվությունը քաղաքական կատեգորիա չէ
Երևանի գործող քաղաքապետը վերջապես անդրադարձել է իր ունեցվածքի մասին խոսակցություններին: Նա հարցազրույց է տվել «Առավոտ» օրաթերթին, որում, մասնավորապես, ասել է. «Որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել: Նման խնդիրներով «խիստ» մտահոգվողները պետք է ուշադրություն դարձնեն, որ մյուս թեկնածուները ևս ազնիվ լինեն հայտարարագրեր ներկայացնելու հարցում, որովհետև երբեմն հայտարարագրում նշված ունեցվածքի ու իրական կարողության միջև մեծ խզում է լինում»:
Անկողծորեն պետք է արձանագրել, որ այս պատասխանը սպառիչ չէ: Մասնավորապես, եթե քաղաքապետի այլ թեկնածուներ անկեղծ չեն` դա մեխանիկորեն չի ենթադրում, որ գործող քաղաքապետի ունեցվածքն օրինական հիմքեր ունի:
Երեկ սենսացիոն հայտարարություն է արել ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա ասել է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով` 8000 ապարանցի հաշվառվել է Աջափնյակ համայնքի ընտրացուցակներում: Ոստիկանությունը շտապել է հերքել տիկին Զոհրաբյանի հայտարարությունը:
Երեկ ԿԸՀ-ն մերժել է «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցչի պահանջը` ընտրակեղծիքներ կատարելու հիմքով` ուժը կորցրած համարել ՀՀԿ-ի գրանցումը:
Տարօրինակ է, սակայն, ՕԵԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ համար Հովհաննես Շահինյանն երեկվա ասուլիսում քննադատել է ոչ թե քաղաքապետի ֆավորիտ թեկնածուներին, այլ` ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանին: Սա էլ, թերևս, ՕԵԿ-ի մարտավարությունն է:
Հանդիպումներ
Երեկ Արաբկիրի ընտրողներին է հանդիպել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նա կարևորել է մայրաքաղաքում բարեկարգ փողոցներ ունենալը, խոսել է ներդրումային քաղաքականության համաչափության անհրաժեշտության մասին:
ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանն Արարատյան զանգվածում ասել է, որ իրենք մայիսի 5-ին Երևանում ձգտում են իշխանափոխության:
ՀՅԴ-ն քայլերթ է արել Շենգավիթ համայնքում: Կուսակցության քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանն ընտրողներին կոչ է արել իրենց քվեն տալ ընդդիմությանը:
«Բարև Երեվան» դաշինքի ղեկավարներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանն էրեբունցիներին խոստացել են` տեր կանգնել նրանց քվեներին:
«Կոնգրես» հյուրանոցում կանանց հետ է հանդիպել ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը և վստահեցրել է, որ ինքը հաղթանակ է տանելու:
Սուրեն Սուրենյանց
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Սարգսյանին`ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ: «Տրամադրված եմ շարունակել Ձեզ հետ ակտիվ աշխատել հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համալիրի զարգացման համար: Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության հետագա ամրապնդումն առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում ամբողջությամբ համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների արմատական շահերին», ասված է հաղորդագրության մեջ: «Ուշագրավն այն է, որ թեև Տ. Սարգսյանը վարչապետի պաշտոնում վերանշանակվել է ապրիլի 19-ին, սակայն ՌԴ վարչապետն իր պաշտոնակցին շնորհավորում է նշանակումից 11 օր հետո միայն: Թե ինչն է պատճառը, կարելի է միայն ենթադրել: Կամ Տ. Սարգսյանի վերանշանակման մասին ՌԴ-ում նոր են իմացել, կամ այնքան էլ չեն կարևորել նրան և պարզապես ձևականությունից դրդված` որոշել են կարճ հաղորդագրություն ուղարկել: Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք:
Ժողովուրդ
ԲՀԿ-ն վերջին շրջանում անում է ամեն ինչ, որպեսզի, ինչպես իրենք են ասում, մայիսի 5-ի իրենց հաղթանակին որևէ բան չխոչընդոտի: Ընտրատեղամասի դրսում և ներսում աշխատելու է երկուական տեսախցիկ, դրսում նկարելու են մարզերից բերվող «ընտրողներին», «կարուսելները», ներսում տեսախցիկներ են լինելու վստահված անձանց ձեռքին և քվեատուփի վրա: «Հնարավոր բոլոր կարգի գործիքները կիրառելու ենք ամսի հինգին` կրկնակի, ինչպես նաև բացակա մարդկանց քվեարկությունները բացառելու համար. շենք-շենք, տնետուն ցուցակներ ենք կազմում, և եթե որևէ անօրինական քվեարկության դեպք նկատվեց, կատարողը քրեական պատասխանատվության է անպայման ենթարկվելու, որովհետև մենք ցուցակներն ունենք, թե ով է Հայաստանում, ով` չէ»,-«Հրապարակի» հետ զրույցում ասել է ԲՀԿ ավագանիում համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Գուրգեն Արսենյանը:
Հարց ուղղեցինք` ճի՞շտ է, որ նախորդ օրը ԲՀԿ-ն փոխել է հանձնաժողովների իր բոլոր անդամներին, որովհետև չի վստահել նրանց: «Որտեղ թույլ տեղ կար, այո, փոխեցինք, որովհետև փորձ էր արվել նրանց առնելու, բերեցինք մարդկանց, որոնց հնարավոր չէ առնել: Ընտրությունների օրը, փաստորեն, ներսում մենք ունենալու ենք 4 մարդ` 2 վստահված անձ, 1 հանձնաժոդովական և 1 դիտորդ, այդքանին հնարավոր չէ առնել: Եթե նրանց էլ գումարենք մյուս կուսակցությունների 2-ական անդամ` վստահված անձ և հանձնաժողովական, ապա, 6 էլ նրանք` դառնում ենք 10: Կարծում ենք` այս 10-ի դեմ անհնար կլինի «պայքարել»»,- արձանագրեց Գուրգեն Արսենյանը: Կրած եք, էլի: «Դե, այդքան միանշանակ չէի ասի. մենք գիտենք, որ նրանք ուզում են ավելորդ մարդիկ գրանցել տարբեր հասցեների վրա, սակայն մենք հասնելու ենք նրան, որ քրեական պատասխանատվության ենթարկենք պատասխանատուներին, դա օրենքի խախտում է. այդ գրանցումները պետք է լինեին մինչ փետրվար և ոչ հիմա»: Իսկ հետընտրական բողոքի ակցիաներ անելո՞ւ եք: «Բա եթե հաղթելու ենք, էլ ինչի՞ պիտի բողոքի ակցիա անենք»:
Հրապարակ
2010-2012 թվականներին Հայաստանի նախագահի աշխատակազմից 500 միլիոն դրամի չափով դրամաշնորհներ տրամադրելու կապակցությամբ Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցերին, նշել է, որ «դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի նախագահի աշխատակազմի և գործընկեր հասարակական կազմակերպության համատեղ ձևավորած մոնիտորինգի հանձնաժողովը»:
«Եթե հանձնաժողովը մշտապես քննության է առնում յուրաքանչյուր ծրագրի արդյունավետությունը, ապա արդեն իսկ եղած արդյունքներով սկսվել են ընդհանուր ծրագրի զարգացման վերաբերյալ քննարկումներ, որոնք նպատակ ունեն ապահովել նախաձեռնության սահուն անցումը սկզբնական փուլից դեպի ավելի ծրագրային ու զարգացման հարթություն», — դրամաշնորհների ծախսի արդյունավետության վերաբերյալ հարցերին այսպես է պատասխանել նախագահի խոսնակը:
31 հասարակական կազմակերպություններին նախագահի աշխատակազմի տրամադրած 500 միլիոն դրամի ծախսի արդյունավետության հարցը հանրային ուշադրությանն արժանացավ վերջերս, երբ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից ստացավ պաշտոնական պատասխան դրամաշնորհների վերաբերյալ:
2011 և 2012 թվականներին 27 միլիոն դրամի դրամաշնորհ ստացած «Արբանյակ» կազմակերպությունը, որը պաշտոնական փաստաթղթի համաձայն, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է: Այն, ըստ պետական ռեգիստրի տվյալների, գործում է Երևանում՝ Եզնիկ Կողբացու 29, բնակարան 2Ա հասցեում: Տվյալ հասցեում որևէ ցուցանակ չկա: Շենքը հյուրատան նման էր, մենեջերն ասաց՝ անհնար է «գնալ այդ բնակարան»: Մենեջերը չհիշեց, որ այդ շենքում երբևէ գործել է «Արբանյակ» հկ-ն:
Ըստ պետական ռեգիստրի, այս նույն հասցեում է գործում նաև «Երիտասարդների երկիր» առողջապահական հասարակական կազմակերպությունը, որը, ըստ գլխավոր գանձապետի գրությանը կից փաստաթղթի, Հայաստանի նախագահի աշխատակազմից 2011 և 2012 թվականներին արժանացել է ավելի քան 27 միլիոն դրամի դրամաշնորհի: Մենեջերը այս դեպքում ևս շեշտեց, որ նման կազմակերպություն այս հասցեում չի գործել:
Պետռեգիստրի ներկայացուցիչը զարմանքով հայտնեց պաշտոնական փաստաթղթում նշված և պետբյուջեից դրամաշնորհ ստացած մեկ այլ՝ «Կրթված սերունդ կրթական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հասցեն` այս անգամ Եզնիկ Կողբացի 2Ա, բնակարան 29. — «Ոնց որ թարս է գրված», — զարմացավ նա:
Կողբացու 2Ա, բնակարան 29 հասցեում, պարզվեց՝ վարձով ապրողներ են հայտնվում ժամանակ առ ժամանակ: 50 տարի այնտեղ բնակվող հարևաններն ասացին՝ երբեք չեն նկատել հասարակական կազմակերպությանը, ցուցանակ ևս չկար:
Շարունակելով Հայաստանի նախագահի աշխատակազմից դրամաշնորհներ ստացող կազմակերպությունների փնտրտուքը, հիմք ընդունելով պետռեգիստրում գրանցված հասցեն, գնացինք նաև Բուռնազյան 70 տուն: Ըստ պետռեգիստրի, այս հասցեում են գրանցված «Մեր ուժը մեր երիտասարդությունն է» երիտասարդական կազմակերպությունը, ինչպես նաև «Մեր երկրի ապագան» հասարակական կազմակերպությունը, որը, ըստ գանձապետի գրությանը կից փաստաթղթի, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է: «Մեր ուժը մեր երիտասարդությունն է» կազմակերպությունը 2011-2012 թվականներին ստացել է ավելի քան 23 միլիոն դրամ, իսկ «Մեր երկրի ապագան մեր ձեռքերում է» կազմակերպությունը՝ մոտ 27 միլիոն դրամ: Բայց այդ հասցեում կիսաքանդ տուն էր: Այստեղ ևս չեն նկատել հասարակական գործունեությամբ զբաղվողների:
Նախագահականից դրամաշնորհներ ստացողների գործունեությամբ անցած շաբաթներին ապարդյուն է հետաքրքրվել «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը: Ասաց՝ որևէ տվյալ չի գտել:
«Շատ զարմանալի է, որովհետև այսօր ընդհանրապես ցանկացած կազմակերպություն ավելի շահագրգռված է, որ հնարավորինս շատ մարդ իրենց մասին իմանա: Մինչդեռ այս հկ-ները փորձում են ստվերում մնալ: Նույն հկ-ները երեք տարի շարունակ ֆինանսավորում էին ստացել: Դրան հաջորդեց նաև լրագրողների մյուս բացահայտումը, որ դրանք հենց այդ նույն տարում են հիմնադրվել և ֆինանսավորում ստացել, ինչը նույնպես հակասում է ֆինանսավորման սկզբունքներին», — ասաց Դոյդոյանը:
Լրագրողները նաև բացահայտել են, որ այդ հասարակական կազմակերպություններից մի քանիսի («Արբանյակի», «Կրթված սերունդ կրթական ասոցիացիայի» և ևս մի քանիսի) հիմնադիրների անունները համընկնում են:
«Կարող եմ պնդել, որ դրանք իշխանության տարբեր ներկայացուցիչների մտերիմներ են, հարազատներ են, բարեկամներ են, կամ իշխանական կուսակցությունների երիտասարդ կարիերիստներից մի քանիսն են», — պնդեց տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը:
Գևորգյանը մշտապես ուսումնասիրում է պետբյուջեի նախագծերն ու կատարողականները: Մեկնաբանը պնդեց, որ Հայաստանում շատ ու շատ ոլորտներ ֆինանսների բացակայության պատճառով շատ հաճախ տուժում են, տուժում են նաև մարդկային կյանքեր:
«Հիշենք այն զինվորին, որին տեղափոխեցին Մոսկվա վիրահատության համար, ընդամենը 20 միլիոն դրամ էր հարկավոր կյանքը փրկելու համար, չգտան այդ փողը», — նշեց նա:
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նույնպես հարցումներ է ուղարկել՝ դրամաշնորհների արդյունավետության առնչությամբ:
«Անհասկանալի է, թե ինչպես նորաստեղծ հասարակական կազմակերպությունները վրա-վրա այդ գումարները ստանում էին պետությունից, և իրենց գործունեության մասին հանրային լայն իրազեկում չկա», — ասաց Բարսեղյանը:
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի համանախագահ, Հայաստանի զգային համակարգող Բորիս Նավասարդյանը դրամաշնորհների տրամադրման փաստերը չառանձնացրեց պետական մյուս մրցույթներից:
«Գիտենք, ինչպես է բաժանվում ցանկացած պետական տենդեր, նույն կերպ էլ` դրամաշնորհները», — ասաց նա` հավելելով, որ քաղաքացիական հասարակության զարգացման համար անհրաժեշտ է սահմանափակել պետական պաշտոնյաների միջամտությունը հասարակական կազմակերպություններին ֆինանսավորելիս:
Երեկ քարոզարշավն ուղեկցվել է նշանակալի իրադարձություններով, որոնք էական լարվածություն և ինտրիգ են ստեղծում ընտրական գործընթացում:
ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանի և հանրապետականների, ի մասնավորի` կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան պատերազմը, թերևս, նորություն չէ: Նորությունն այն է, որ երեկ կրթության նախարարը` քաղաքական հարցադրումների կողքին, «գոտկատեղից ներքև» հարվածներ է հասցրել:
ԱԳ նախկին նախարարը գրել է իր սիրած թեմաների մասին` քաղաքական մենաշնորհ, քաղաքային գործող իշխանության ոչ էֆեկտիվ կառավարում: «…Երևանն իր տնտեսական հնարավորություններով, քաղաքապետի և ավագանու սահմանադրական լիազորություններով կարող է ոչ թե կատարողի դերում լինել, այլ թելադրողի: Պատկերավոր ասած՝ Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի վարչապետն է, որը կարող է իր ուրույն տնտեսական քաղաքականությունը վարել, աշխատատեղեր ստեղծել, արտաքին ներդրումներ ներգրավել և, անկախ կառավարության կամքից, լուծել երևանցիների առջև ծառացած կենցաղային խնդիրները: Մայիսի 5-ին մայրաքաղաքի ղեկը վերցնելու դեպքում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ոչ միայն քաղաքական հակակշիռ է լինելու իշխող ուժին, այլև հակակշիռ ու մրցակից է լինելու կառավարությանը, նրա վարած տնտեսական քաղաքականությանը: Այսպիսի իրավիճակից միայն ու միայն կշահի երկիրը, քաղաքը և յուրաքանչյուր քաղաքացի: Մայիսի 5-ին քաղաքի իշխանությունը վստահելով ոչ իշխանական ուժ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ Դուք առնվազն երկրում սկիզբ կդնեք քաղաքական մթնոլորտի առողջացմանը, մրցակցության ու հակակշիռների մեխանիզմի հաստատմանը, ինչը երկիրը կդնի ժողովրդավարական զարգացման ճիշտ ճանապարհի վրա: Ընտրություններին ընդամենը մի քանի օր է մնացել: Այս մեկ ամսվա ընթացքում ես և մեր կուսակցության քարոզչական թիմերը եղել ենք Երևան քաղաքի վարչական բոլոր շրջաններում, նրանց կենտրոններից մինչև բակեր ու ծայրամասեր: Միանշանակ կարող եմ ասել, որ բնակիչները մեծ պահանջներ չեն դնում: Իմ խորին համոզմամբ՝ չկա ժողովրդի կողմից բարձրացված որևէ խնդիր, որը թեկուզ այսօրվա բյուջեի հնարավորությունների սահմաններում լուծելի չլինի: Այստեղ պետք է քաղաքական կամք, սրտացավություն, հոգատարություն, նոր մտածելակերպ և քրտնաջան աշխատանք՝ առանց նեղ շահերի հետապնդման: Երևանի բյուջեի ծախսումներում կորուստներն ու մսխումները շատ են: Քաղաքային իշխանությունները չեն կարողացել իրենց առաջ դնել ճիշտ առաջնահերթությունները…»,-իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է ԲՀԿ-ի ցուցակի առաջին համարը:
Արմեն Աշոտյանի պատասխանը շատ ավելի անձնավորված է: Նա գրել է. «Երկրում քաղաքական հակակշիռների համակարգի տեսաբան—ճարտարապետն իր ողջ ճարտասանությամբ և ճկունամտությամբ այդպես էլ չի կարողացել արտաբերել գեթ մեկ ընկալելի բացատրություն, թե ինչու իր քաղաքական թիմը «ձեռքերը լվաց» նախագահական ընտրություններին»:
Արմեն Աշոտյանի մեկնաբանությամբ՝ Երևանի մասին հանկարծակի հիշած գործիչներն այդպես էլ չեն կարողանում ընկալելի բացատրություն տալ, թե ինչու երևանցու խնդիրներով սկսեցին մտահոգվել միայն ընտրությունների նախաշեմին, մինչ այդ էլ ունենալով հրաշալի հնարավորություններ բարձրաձայնելու մայրաքաղաքային բազում հոգսերի մասին թե՛ Ազգային Ժողովում, թե՛Կառավարությունում, թե՛ Երևանի ավագանիում: «Երևանի դարդ ու ցավով «ահավոր» մտահոգված Վարդան Օսկանյանը քարոզարշավի ողջ ընթացքում այդպես էլ չկարողացավ երևանցիների հետ հանգիստ ու նորմալ շփում հաստատել, այդպես էլ չկարողացավ միայնակ գեթ մեկ հանդիպում անցկացնել»,- կարծիք է հայտնել Արմեն Աշոտյանը և հավելել. «Ավելի լավ չէ՞ր լինի գոնե Գագիկ Ծառուկյանի ձեռքը բռնած շրջել Երևանում, քան տիկին Զոհրաբյանի փեշի տակ աքլորանալ խոսացող դեմքերից խրոնիկ հոգնած և աշխատող ձեռքեր գնահատող երևանցիների առջև»,- գրել է նա։ Արմեն Աշոտյանը համաձայն չէ այն գնահատականի հետ, որ ՀՀԿ-ն «բռոնյա» է արել Երևանը, բայց Վարդան Օսկանյանին էլ հիշեցնում է, որ Երևանը հաստատ նաև քաղաքական «խոպանի» տեղ չէ:
Այս հեռակա և, անկեղծ ասած, տհաճ բանավեճն ինձ զարմացնում է, հատկապես` հանրապետականների, նրանց հաղթական հայտարարությունների համատեքստում:
Կամ իսկապես սոցհարցումների հրապարակված տվյալներն իրական չեն և ԲՀԿ-ի գործոնն իրապես անհանգստացնում է հանրապետականներին, կամ էլ` ՀՀԿ-ԲՀԿ հակադրության հիմքում այլ, հասարակությանն անհայտ, ընտրությունների հետ չառնչվող թեմա է: Գուցե դեր ունեն երկրորդ և երրորդ նախագահների հարաբերությունների, ներիշխանական նոր վերադասվորումների գործոնները: Սրանք, սակայն, լոկ ենթադրություններ են, որոնք կհաստատվեն կամ կհերքվեն առաջիկա օրերին:
Անցած օրվա մյուս ինտրիգը ՀԱԿ-ի պաշտոնական հաղորդումն էր հանցագործության մասին: Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը դատախազությունից պահանջում է ստուգել Տարեն Մարգարյանի հայտարարագրված սեփականության օրինականությունը և քրեական գործ հարուցել գործող քաղաքապետի դեմ:
Այս դիմումի իրավական հեռանկարը պարզ է, ավելի ստույգ` պարզ է, որ այն ընթացք չի ունենա:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը համատեղության կարգով նաև «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահն է, իսկ այս միությունն առաջիկա ընտրություններում սատարում է հենց Մարգարյանի թեկանածությունը:
Քաղաքական իմաստով` ընտրությունից ընդամենը մի քանի օր առաջ անտագոնիզմի տարրեր են առաջանում իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում:
Մյուս կողմից բացահայտվում են ՀԱԿ ընտրարաշավի հիմնական առանձնահատկությունները` հակաքարոզչություն ՀՀԿ-ի հանդեպ և երկակի ստանդարտներ: Միամիտ կլինի կարծել, օրինակ, որ ԲՀԿ-ի ցուցակում չկան թեկնածուներ, որոնց հարստության աղբյուրը նույնպես, մեղմ ասած, մաքուր չէ: Բայց այս մասին ՀԱԿ-ում լռում են` հավատարիմ իրենց առաջնորդի «քաղաքագիտական հայտնի վերլուծության» տառին ու ոգուն: Երբեմնի համաժողովրդական շարժումը վերածվել է քաղաքական սեկտայի, որը խճճվել է ՀՀԿ-ԲՀԿ իրական կամ թվացյալ հակասությունների լաբիրինթոսում:
Հիմա` բուն քարոզարշավի մասին:
Երեկ Տարոն Մարգարյանը հանդես է եկել միանգամից մի քանի կարգավիճակով:
Նա, որպես քաղաքապետ, ընդունել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսին, որպես ՀՖՖ գործկոմի անդամ` կտրել է Ֆուտբոլի ակադեմիայում բացված նոր խաղադաշտի կարմիր ժապավենը: Իսկ երեկոյան` արդեն քաղաքապետի թեկնածուի կարգավիճակով, մասնակցել է Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ընտրողների հետ հանդիպմանը: Մարգարյանն ավանցիներին ոչինի չի խոստացել, փոխարենն ասել է, որ Ավանի օրինակով` բարեփոխումներ է իրականցնելու ողջ Երևանում:
Հարցազրույցներ են տվել հանրապետական պատգամավորներ Գագիկ Միանասյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը և հավաստիացրել են, որ առաջիկա ընտրություններում իրենց կուսակցությունը հաղթելու է:
ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը հանդիպել է լրագրողներին և հավաստիացրել է, որ իրենց հաղթանակի դեպքում` քաղաքային իշխանությունը քաղաքական և տնտեսական լուրջ հակակշիռ կլինի կառավարությանը:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ վստահ է, որ այս ընտրություններում հաղթելու է «Բարև Երևան» դաշինքը: Այս մասին նա հայտարարել է ասուլիսում, ապա մասնակցել է քարոզարշավին` Դավիթաշեն ու Աջափնյակ համայնքներում:
«Բարև Երևան» դաշինքը դատապարտել է ՀՀԿ վարքագիծը: Հայտարարության մեջ ասված է, որ կառավարող կուսակցությունը խոչընդոտում է դաշինքի քարոզարշավին:
ՀԱԿ ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանը ՆՓԱԿ-ում անդրադարձել է գաղափարախոսություններին և քաղաքային կառավարման վրա դրանց ունեցած ազդեցությանը:
ՀԱԿ-ն, այսօրվա համաքաղաքային հանրահավաքից առաջ, երեկ քարոզարշավ է իրականացրել Աջափնյակում:
ՀՅԴ ավագանու թեկնածուները, կուսակցության ղեկավարներն երեկ եղել են միանգամից չորս համայնքում` Աջափնայակում, Դավիթաշենում, Շենգավիթում և Կենտրոնում: ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանն ասել է, որ իրենց խնդիրն` իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է, որ այսօրվա Երևանն ագահության հետևանք է և խոստացել է` հաղթելու դեպքում, իշխանությունից հեռացնել ռաբիսներին և անգրագետներին:
ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանն էրեբունցիներին խոստացել է մայրաքաղաքի համաչափ զարգացում, աշխատատեղերի ստեղծում:
«Առաքելություն» կուսակցության առաջին համարն անդրադարձել է բնակֆոնդի խնդրին: Մեսրոպ Առաքելյանն ասել է. «Ակնհայտ է, որ 10-20 տարի անց Երևանի բնակֆոնդի մեծ մասը անպետք է լինելու շահագործման համար: Հաշվի առնելով փաստը, որ մենք նոր սերնդի կուսակցություն ենք, հետևաբար, մենք ընդգծում ենք այն խնդիրների լուծման կարևորությունը, որոնք կարող են ծագել 10-20 տարի հետո»:
Այսօրվանից` մինչև ընտրարշավի ավարտը, Ազատության հրապարակում սկսվում է հանրահավաքների շքերթը:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.