29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Երեկվա Լավրովի հարցազրույցը հերթական լակմուսի թուղթն էր, որ ցույց տվեց ովքեր են եկել իշխանության (այն մարդկանց համար, ովքեր իբր դեռ չեն հասկացել), ինչ վարքագիծ են որդեգրել ընդդիմության տարբեր շերտերը և քանի սթափ մտածող վերլուծաբան կա, ով ոչ թե պաթոսի, ռեյթինգ հավաքելու համար սեփական պատմության դավադիր փաստեր փոխելու տակ է աշխատում, այլ փորձում է առկա ծանրագույն իրավիճակում ինքնաքննադատ մոտեցում որդեգրել, հետևաբար ռեալ ու սթափ դատողություն անելով ներկայացնել ՌԴ ԱԳ նախարարի ասածը:
Ճոռոմ բառեր, երկարագույն ու ռոմանտիկ տեքստեր, իբր փաստական հիմնավորումներ, քաղաքական պրիտենզիաներ այլ երկրներին՝ դրանք բոլորը լոլոներ են, որ մի կողմից՝ դրանք ասողի համար փորձում են իբր ազգային պայքարիստի կերպար ստեղծել՝ մեղադրելով այլ երկրներին ինչ-որ հարցերում, մյուս կողմից՝ ազգային պոպուլիստականի մեջ դիրքավորվելու քայլ:
ՀՀ-ի ինքնիշխանությունը/դիմադրության ներուժը ոչ Մոսկվայում, ոչ Վաշինգտոնում, ոչ Անկարայում կամ Բաքվում, ոչ էլ Թեհրանում չի որոշվել, այլ Երևանում, երբ որոշվեց, որ մենք այլևս սուբյեկտ չենք ու մեզ պետություն պրինցիպի պետք չի:
Ու դուք մի անհանգնստացեք, որ ՀՀ-ում հակառուսականություն է տարածվում, կամ ՌԴ-ի դիրքերը թուլանում են: Էդ ձեր գործը չի, դա իրենց գործն է: Իրենք ձեզանից շատ լավ են հասկանում ամենը. միգուցե մեր հարցերով զբաղվենք ու փորձեք առավել լայն նայել պրոցեսներին ու տալ հիմնական հարցի պատասխանը՝ իսկ մեզ իրո՞ք պետություն պետք է, դուք տե՞ր եք ձեր պետությանը: Տեր ոչ թե Ֆբ-ում այլ ռեալ տեր:
Էս ա:
Իսկ Լավրովը եկել էր ասեր, որ Արցախից մի հրաժարվեք, մենք կօգնենք: Իսկ եթե դուք չեք ցանկանում այն պահել, ուրեմն մեղքը ձեր վիզը, նեղանալ չլինի»։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը, Լաչինի միջանցքը փակելով, փորձում է լուծել կոնկրետ ռազմական խնդիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նահապետյանը նման տեսակետ հայտնեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ խորհրդարանական լսումներում:
Նահապետյանը նշեց, որ Բերձորի միջանցքը փակելն Ադրբեջանի կողմից պատերազմը վարելու էլեմենտ է: Սովորաբար տարածքների շրջափակումն ունի ռազմական, ոչ թե քաղաքական նպատակ:
«Նպատակ առաջին՝ եթե Արցախում լայնածավալ ռազմական գործողություններ սկսեն, ապա Հայաստանից որևէ կերպ օգնություն չի կարող հասնել, էական չէ՝ իշխանությունը կանի, թե կամավորականները: Երկրորդ՝ Արցախի մեր հայրենակիցների ապրելու ռեսուրսը զրոյացնում են: Երրորդ՝ մարդկանց վրա էականորեն հոգեբանական ազդեցություն են գործում, որ պատերազմ կամ ռազմական գործողություն սկսելուց հետո հաղթանակը շատ արագ լինի: Բերձորի միջանցքի փակումը հումանիտար ու անվտանգային խնդիր չէ: Կոնկրետ ռազմական խնդիր է լուծում Ադրբեջանը»,-ասաց ռազմական փորձագետը:
Փաստորեն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ամեն ինչ անում է Ադրբեջանին և Թուրքիային սիրաշահելու համար՝ բացարձակապես չմտածելով, որ Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ սասանված վստահությունը կարող է վերջնականապես փլուզվել։ Ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։
«Այսօրվա իր հարցազրույցում Լավրովը, համառոտաբար անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին ու հայ-ադրբեջանական հակամարտությանը, արեց մի շարք պնդումներ, որոնք սկզբից մինչև վերջ ադրբեջանամետ-թուրքամետ էին, ըստ այդմ՝ սխալ ու սուտ և՛ պատմական, և՛ միջազգային իրավաքաղաքական, և՛ դիվանագիտական տեսակետներից։ Ըստ Լավրովի, հակամարտության էությունն այն է եղել, որ Հայաստանը «երկար-երկար տարիներ բռնազավթել էր [Լեռնային Ղարաբաղի շուրջն ընկած] Ադրբեջանի յոթ շրջանները» ու չէր ցանկանում դրանք վերադարձնել։ Խեղճ Ադրբեջանն էլ, «երբ արդեն հուսահատվեց հարցի քաղաքական լուծման մեջ… վերադարձրեց այն հողերը, որոնք իրեն են պատկանում»։ Տիպիկ ադրբեջանաթուրքական տեսակետ։ Այսինքն՝ ըստ Լավրովի, հակամարտության նախաձեռնողն ու մեղավորը Հայաստանն է, որը, պարզվում է, «երկար-երկար տարիներ» զավթիչ պետություն է եղել։ Լավրովի արատավոր տրամաբանությանը եթե հետևենք, ապա կստացվի, որ 1997 թ. ՌԴ-ն մի զավթիչ (օկուպանտ) պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ կնքել է «բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» մեծ պայմանագիր։
Ավելին, այդ «զավթիչ» հայկական պետության հետ ՌԴ-ն մինչ այդ ու հետագայում ևս կնքել է տասնյակ ռազմական, տնտեսական ու քաղաքական պայմանագրեր ու համաձայնագրեր։ Բայց դրա հետ մեկտեղ ՌԴ-ն սպասել է, թե երբ է Ադրբեջանը վերջապես տիրանալու իր դաշնակցի կողմից «բռնագրավված» տարածքին։ Ա՜յ քեզ Լավրով, ա՜յ քեզ «մեծ դիվանագետ», ա՜յ քեզ «հայազգի գործիչ», ա՜յ քեզ Քալանթարյան (ինչպես անվանում են նրան որոշ ռուս ընդդիմադիր մեկնաբաններ, օրինակ, Գիրկին-Ստրելկովը)…
Իհարկե, Լավրովը մոռանում է նշել, որ պատերազմը և՛ 1991-ին, և՛ 2016-ին, և՛ 2020-ին սկսել է Ադրբեջանը։ Մոռանում է Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում իրականացված հայկական ջարդերը։ Մոռանում է 1991-1992 թթ. Ստեփանակերտի հրետակոծումներն ու ռմբակոծումները (մինչև 1992 թ. մայիսի 8-ին Շուշիի ազատագրումը) ։ Նա տեղյակ չէ «երկար-երկար տարիներ» Ադրբեջանում պետականորեն տարվող հայատյաց ռասիստական քաղաքականության մասին։ Նա չի հիշում, որ Ադրբեջանն է, որ բանակցություններում միշտ որդեգրել է անզիջում դիրքորոշում ու որևէ փոխզիջման չի համաձայնվել։ Իհարկե, Լավրովը տեղյակ չէ նաև, որ 1991 թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի խորհրդարանը հատուկ օրենք է ընդունել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին։ Էլ չեմ խոսում Արցախի հայության՝ Հայաստանին միանալու որոշումների կամ անկախ պետություն կազմավորելու հանրաքվեների մասին։
Լավրովը զլանում է մեկ բառ անգամ ասել հե՛նց այս պահին՝ արդեն 53 օր (!!) շարունակ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական լայնածավալ գործողության՝ Արցախի պաշարման մասին։ Նրան չի հուզում Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքի՝ այդ անմարդկային պաշարման դեմ որևէ միջոց չձեռնարկելը (ի խախտումն 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի)։
Կարճ ասած՝ Ս. Լավրովին կարելի է շնորհել Հայաստանում հակառուսական քարոզչության «առաջամարտիկի» կոչումը։ Բայց Հայաստանին դավաճանելու և Թուրքիային ու Ադրբեջանին հզորացնելու լավրովյան քաղաքականությունը Ռուսաստանին արդեն իսկ ուժգին հարվածներ է հասցրել ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ ռուսաստանյան Հյուսիսային Կովկասում, Թաթարստանում, Յակուտիայում, Բաշկիրիայում և այլուր։ Այս ամենը Ռուսաստանում դեռ տալու է իր դառը «պանթուրքական» պտուղները։ Ուստի հետագայում պատմաբանները Լավրովին անվանելու են նաև «պանթուրքիզմի մեծ բարեկամ ու աջակից»… Նախապես շնորհավորում եմ։ Հ.գ. Այսքանն ասելով հանդերձ՝ ցանկանում եմ միաժամանակ ընդգծել, որ Արևմուտքն ու արևմտյան գործիչները Լավրովից բոլորովին ավելի լավը չեն։
Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ նույն բարյացակամ քաղաքականությունն էլ նրանք են վարում (տեսակ-տեսակ դատարկ, անատամ հայտարարություններն անլուրջ են, մեր աչքերին թոզ փչելու համար են ընդամենը)։ Հետևաբար, խելքներս գլուխներս պետք է հավաքենք ու արագորեն համընդհանուր ինքնապաշտպանություն կազմակերպենք, եթե ուզում ենք այս հողում ապրել։ Թեև շատ ենք ուշացել, բայց դա է փրկության միակ ուղին, ոչ թե Լավրովը, Մակրոնն ու Բլինկենը»,-գրել է նա։
Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:
Իր խոսքում ՌԴ վարչապետը նշել է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ,
Ուրախ եմ մեր նոր հանդիպման առիթով։
Առաջին հերթին կցանկանայի Ձեզ փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի բարեմաղթանքները։ Դուք օրերս հեռախոսով զրուցել եք նրա հետ և քննարկել մեր երկկողմ օրակարգի կարևորագույն հարցերը։
Իմ հերթին խնդրում եմ Ձեզ փոխանցել ողջույններ Հայաստանի նախագահ, հարգարժան Վահագն Գառնիկի Խաչատուրյանին։
Մենք անկեղծորեն գնահատում ենք Հայաստանի հետ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները։ Մեր երկրներին կապում են լավ, եղբայրական հարաբերություններ՝ հիմնված ռուս և հայ ժողովուրդների պատմական բարեկամության վրա։
Կառավարության մակարդակով շատ ակտիվ աշխատանք է տարվում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Եվ, չնայած արտաքին ծանր իրավիճակին, մեր համագործակցությունը հաջողությամբ զարգանում է։
Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի արտաքին առևտրային առաջատար գործընկերը և այժմ տնտեսության հիմնական ներդրողը։ Օրինակներ բերեմ. նախորդ տարվա հունվար-նոյեմբերին փոխադարձ առևտուրը 2021 թ.-ի համեմատ աճել է 77%-ով։ Այն գերազանցել է 4,1 մլրդ դոլարը, ինչն այսօրվա համար ռեկորդային է մեր փոխադարձ առևտրում։
Կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլրդ դոլար։ Ավելի քան 40 առաջատար ռուսական ընկերություններ գործում են հայաստանյան շուկայում և դասվում են Հայաստանի խոշորագույն հարկատուների թվին։
Առաջարկում ենք ավելի ակտիվ գործարկել համատեղ նոր նախագծեր։ Մենք նոր Ձեզ հետ, հարգելի Նիկոլ Վովայի, մանրամասն քննարկում էինք արդյունաբերական կոոպերացիան։ Եվ ոլորտները, որոնք ավանդաբար կարող են հետաքրքրություն ներկայացնել, դա խաղաղ ատոմային էներգիան, էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկան և թվային տեխնոլոգիաներն են:
Գործնական հարցերը լուծվում են միջկառավարական հանձնաժողովի մակարդակով։ Մեր կողմից այն գլխավորում է Ալեքսեյ Օվերչուկը:
Գործում է մինչև 2025 թ. տնտեսական համագործակցության ծրագիրը։ Մեր համագործակցությունն ընդլայնվում է նաև Ռուսաստանյան արտահանման կենտրոնի միջոցով։ 2022 թ.-ի ընթացքում մենք կազմակերպել ենք 24 բիզնես առաքելություն Հայաստան՝ Ռուսաստանի տասնյակ մարզերի մասնակցությամբ։
Հայ գործարարներն այժմ հիանալի հնարավորություններ ունեն մեր շուկայում աշխատելու համար՝ դրանից ոչ բարյացակամ պետությունների դուրս գալու հետ կապված, նկատի ունեմ ոչ միայն խոշոր բիզնեսը, այլև փոքր ու միջին ձեռնարկությունները, ինչը կնպաստի աշխատատեղերի աճին։
Եվ, իհարկե, մենք ավանդաբար առանձնահատուկ նշանակություն ենք տալիս մեր կրթությանը։ Ռուսաստանյան բուհերում սովորում է մոտ 5000 հայ ուսանող. Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից գալիք ուսումնական տարվա համար հատկացվել է 250 կրթաթոշակի քվոտա:
Հարգելի Նիկոլ Վովայի, մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին։ Կարևոր ենք համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ապահովումը։ Տրանսպորտային ենթակառուցվածքի նոր ուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից։
Եվ ես պատրաստ եմ Ձեզ հետ, հարգելի Նիկոլ Վովայի, քննարկել մեր երկկողմ օրակարգի բոլոր արդիական հարցերը»։
Իր հերթին Վարչապետ Փաշինյանը նշել է.
«Շնորհակալություն հարգելի Միխայիլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ ուրախ եմ բոլորիդ տեսնել: Դուք ընդգծեցիք, որ առկա է նոր դինամիկա մեր առևտրատնտեսական հարաբերություններում և փոխադարձ առևտրում, դա իրականում այդպես է, ունենք լավ և մեծ աճ:
Ես բազմիցս այդ մասին խոսել եմ, որ կան որոշ օբյեկտիվ ազդակներ, բայց ցանկանում եմ ընդգծել, որ այդ դինամիկայում առկա է առանձնահատուկ անձնական դերը Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի, Ձեր անձնական դերը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Օվերչուկի դերը:
Գիտեք, որ ցավոք մեզ մոտ հաճախ են ի հայտ գալիս լոգիստիկ խնդիրներ և շատ շնորհակալ ենք, որ ամեն անգամ շատ օպերատիվ եք արձագանքում և կայացնում որոշումներ, որոնք նպաստում են այդ խնդիրների արագ լուծմանը:
Տնտեսության ոլորտում մեզ մոտ ամեն ինչ լավ է, գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունն անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերն է և, ցավոք, մեզ մոտ ոչ այնքան լավ իրավիճակ է անվտանգության ոլորտում: Գիտեք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է շրջափակվել է Լաչինի միջանքը, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության պետք է լինի ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ:
Այժմ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղում զարգանում է հումանիտար ճգնաժամ: Դա շատ կարևոր և զգայուն հարց է մեր երկկողմ հարաբերություններում: Ցավոք, անվտանգության ոլորտում ունենք որոշակի հարցեր նաև բազմակողմ ձևաչափով` ՀԱՊԿ-ում և հույս ունենք, որ մեզ կհաջողվի լուծել բոլոր այդ հարցերը: Մենք աշխատում ենք, մենք շահագրգիռ ենք, բայց ցավոք, անկեղծ ասած, չի նկատվում որևէ առաջխաղացում այդ ուղղություններով:
ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի ընթացքում մեզ թվում էր, որ եկել ենք կոնկրետ պայմանավորվածությունների տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացման առնչությամբ: Վլադիմիր Վլադիմիրին ժամանել էր կոնկրետ առաջարկություններով և մենք համաձայնեցրեցինք տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման այդ համաձայնեցված տարբերակների ասպեկտները, սակայն, ցավոք, հետո այդ պայմանավորվածությունները չհաջողվեց իրականացնել Ադրբեջանական Հանրապետության ապակառուցողական և հակաարդյունավետ դիրքորոշման պատճառով:
Բայց Դուք գիտեք, որ մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ նաև շահագրգռված ենք տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ, քանի որ փաստացի Հայաստանի Հանրապետությունը վերջին 30 տարիների ընթացքում գտնվում է շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից և մենք իհարկե շատ ենք հետաքրքրված, որպեսզի տարածաշրջանում բացվեն բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքները:
Մենք գտնում ենք, որ դա պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Ես նկատի ունեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը և մենք այն առավել կոնկրետացրել ենք 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ: Մենք բազմիցս այդ մասին ասել ենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման հարցում պետք է գործենք համապատասխան այն երկրների օրենսդրությունների, որոնց տարածքներով անցնում են ենթակառուցվածքները:
Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ լայն է և վստահ եմ, որ այսօր կխոսենք բոլոր հարցերի շուրջ»:
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո:
Փետրվարի 1-ի երեկոյան կայացած քննարկմանը մասնակցել են նաև Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը: Միջոցառումը վարել է Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը:
Բացելով քննարկումը՝ Դեյվիդ Ֆիլիփսը նշել է, որ նպատակն է ներկայացնել շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակը. «Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը կապում է Արցախը Հայաստանի հետ: Շրջափակումը զինադադարի պայմանների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտում է: Ադրբեջանը խաթարում է Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, ներառյալ սննդամթերքը, վառելիքը և դեղորայքը 120,000 հայերի համար: Այս գործողություններն, ըստ էության, տանում են երկրորդ հայոց ցեղասպանության: Հենց այդպես էլ անվանել ենք այսօրվա քննարկումը»:
Սենատոր Քրիս Վան Հոլենն իր խոսքում նշել է, որ ականատեսն ենք լինում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հերթական դրվագին: «50 օրից ավելի է՝ Ադրբեջանը Արցախի ժողովրդին շրջափակման մեջ է պահում՝ զրկելով նրանց սննդից, դեղորայքից և ամենօրյա անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումից: Շրջափակվածների թվում են 30000 երեխաներ, 20000 տարեցներ և 9000 հաշմանդամություն ունեցող մարդիկ: Մենք օր-օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում: Մենք չենք կարող չբարձրաձայնել այս չարամիտ գործողությունների մասին», — նշել է նա:
Ողջունելով նախաձեռնությունը՝ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման և Արցախին աջակցելու համար: Նա կարևորել է Արցախը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելը. «Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերի ընթացքում աջակցել են մեզ: Ուզում եմ ասել, որ Արցախում բոլորիս համար շատ կարևոր է զգալ, որ մենք միայնակ չենք»:
Արցախի պետնախարարն ասել է, որ խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ, խնդիրը մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքի մասին է: «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք քննարկման, պատրաստ ենք խաղաղության, բայց այն պետք է հարգեն բոլոր կողմերը: Կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում, ինչը բացարձակապես անընդունելի է նախագահ Ալիևի համար, ով բացահայտ հայտարարում է, որ նախընտրում է Արցախն առանց հայերի, եթե հայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի օրենքներով: Սա լուրջ մարտահրավեր է ազգերի ինքնորոշման իրավունքի և ժողովրդավարական մյուս սկզբունքների համար,- ասել է Ռուբեն Վարդանյանը: — Միջազգային դերակատարները պետք է պետական մակարդակով հստակ դիրքորոշում արտահայտեն: Սա ոչ միայն իրավական խնդիր է, այլ մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչն անընդունելի է ցանկացած չափորոշիչներով: Այդ պատճառով շատ կարևոր է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալու համար, որ դա անընդունելի է: Շատ կարևոր է նաև պոտենցիալ պատժամիջոցներ սահմանել այն կողմերի, անձանց դեմ, ովքեր իրավունքներ են խախտում, քանի որ նրանք խաթարում են մարդկանց նորմալ կյանքի պայմանները: Կարծում եմ, որ շատ կարևոր է բարձրացնել օդային միջանցքի հասանելիության հարցը՝ դեպի Արցախ մարդասիրական օգնություն մատակարարելու և ճանապարհից կախվածություն չունենալու համար»:
Վան Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ձգտում է վտարել Հայաստանի և Արցախի ժողովրդին իր հայրենիքից. «Այդ «Էկոակտիվիստները» էկոակտիվիստներ չեն, նրանք հատուկ ծառայությունների անդամներ են և տարբեր ձևերով կապված են Ալիևի կլանի հետ, նրանք պաշտոնական լիազորություններ ունեն»: Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն իրենց ժողովուրդներին պատրաստում են նոր պատերազմի. «Արցախն ինքնապաշտպանվելու իրավունք ունի, և ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ը և մյուս պետությունները կաջակցեն նրան այդ հարցում»:
Այսօր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տնօրեն Էլչին Գուլիևը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ: Այս մասին թելեգրամում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը.
«Նրանք քննարկել են «անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը, սահմանային անվտանգությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք թեմաներ»։ Ավելի վաղ կայացել էր Իսրայելի ՊՆ ղեկավարի հեռախոսազրույցը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: «Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր»,–նշված էր հաղորդագրության մեջ:
Հատկանշական է, որ այս հեռախոսազանգերը տեղի են ունենում Իրան–Ադրբեջան լարվող հարաբերությունների համատեքստում: Այսօր Ալիև մեղադրել էր Իրանին՝ դեսպանատան վրա տեղի ունեցած հարցում «անգործություն» ցուցաբերելու մեջ: Հիշեցնեմ, որ ադրբեջանական կողմը դա անվանել էր «ահաբեկչություն»: Իրանական կողմն էլ խորհուրդ տվել խուսափել դեպքի առթիվ «էմոցիոնալ արձագանքներից»:
Դրան զուգահեռ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը արդեն երկու օր է, ինչ «ռեյդեր» է իրականացնում իբրև իրանցի «լրտեսներ» հայտնաբերելու նպատակով: «Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցների կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է 39 մարդ, որոնք սադրանքներ և դիվերսիոն գործողություններ են իրականացրել «կրոնական քողի» ներքո: Այդ անձինք, ներկայանալով որպես հավատացյալներ, սոցիալական ցանցերում քարոզչություն են իրականացրել Իրանի օգտին, չարաշահել են կրոնական ազատությունն Ադրբեջանում, կատարել են իրանական հատուկ ծառայությունների հանձնարարությունները, որպեսզի խաթարեն Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները»,–նշված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ:
Իհարկե, զավեշտալի է տեսնել, որ Ադրբեջանը խոսում է «հանդուրժողական ավանդույթներից», բայց առկա միտումները փաստում են, որ հարաբերություններում ստեղծված լարվածության ալիքը դժվար թե արագ մարի, համենայն դեպս՝ ադրբեջանական կողմը, կարծես թե, ավելի շատ սրում է իրավիճակը, քան թե փորձում մեղմել այն»:
Հայաստանին չի բավարարում Իսլամական համագործակցության կազմակերպության և Թյուրքական պետությունների կազմակերպության ԽՎ-ի հետ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի համագործակցության մասին ձևակերպումը։ Այս մասին Մոսկվայում` ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայում, ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների երկրորդ խորհրդակցության ժամանակ ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ Հակոբ Արշակյանը։
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հակոբ Արշակյանն իր նկատառումներն է ներկայացրել Իսլամական համագործակցության կազմակերպության, թյուրքական պետությունների ԽՎ-ի հետ ՀԱՊԿ ԽՎ-ի հարաբերությունների պաշտոնական ձեւակերպման վերաբերյալ:
«Այդ ձեւակերպումն ընթացիկ փուլում հայկական կողմի համար ընդունելի չէ, քանի որ այդ կառույցների աշխատանքային մարմինների կողմից իրագործվում են հայատյաց քայլեր, հստակ գնահատականներ են հնչեցվում հօգուտ Ադերբեջանի, այդ թվում՝ Հայաստանի դեմ զինված հարձակման հարցում»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Մոսկվայում` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայում, մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների երկրորդ խորհրդակցությանը:
Հունվարի 27-ին իսրայելական i24NEWS միջազգային հեռուստաընկերությունը հեռարձակեց կես ժամանոց կեղծիքներով լի մի հաղորդում՝ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները փառաբանելու և Հայաստանին, Իրանին ու Ռուսաստանին անարգելու համար: Այս սկանդալային հաղորդումը ոչ մի կապ չուներ լրագրության հետ, և ամեն ինչ առնչվում էր Ադրբեջանի տխրահռչակ «խավիարային դիվանագիտության» հետ։
Ահա հատվածներ հեռուստահաղորդումից, որը ես սղագրել եմ: Իմ մեկնաբանությունները ներկայացված են փակագծերում.
Հաղորդավարը՝ իսրայելցի լրագրող Հենրիկե Ցումերմանը, ասաց. «Ադրբեջանն ունի խնդրահարույց հարևաններ, հատկապես Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը հյուսիսում և Այաթոլլա Ալի Խամենեիի Իրանը հարավում: Այդուհանդերձ, նրա գլխավոր պատմական թշնամին մեկ այլ հարևան է՝ Հայաստանը, քրիստոնյա մեծամասնություն ունեցող մի երկիր, որը բախվել է Ադրբեջանի հետ երկու խոշոր պատերազմներում՝ պատճառելով հազարավոր զոհեր: 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում Ռուսաստանի աջակցությամբ [առաջին սուտը] Հայաստանին հաջողվեց սահմանային գոտում գրավել 10 հազար քառակուսի կիլոմետր` Լիբանանի տարածքի չափ։ Պաշտոնական նպատակը բուֆերային գոտի ստեղծելն էր։ Ադրբեջանի համար 2020 թվականը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակի տարի էր։ Նախագահ Իլհամ Ալիևի բանակը վերանվաճեց հայերի կողմից գրավված բոլոր տարածքները [երկրորդ սուտը], սակայն պարզվեց, որ տասնյակ գյուղեր և փոքր քաղաքներ ամբողջությամբ ավերված են և ականապատված [երրորդ սուտը]։ Այդպես էր Խոդաֆարինի շրջանում՝ Իրանի սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ Արաքս գետի ափին։ Այս համատեքստում, Իրանը աջակցեց Հայաստանին [չորրորդ սուտը], իսկ Իսրայելը՝ Ադրբեջանին»։
Լրագրողը հարցազրույց ունեցավ Ադրբեջանի կրոնական հարցերի նախարար Մուբարաք Քուրբանլիի հետ, որն ասաց. «Հայաստանը գրավել է մեր հողերը [հինգերորդ սուտը]։ Անցյալ պատերազմում նրանց հաղթելու համար մեր բանակից հսկայական հերոսական ջանքեր պահանջվեցին։ Ադրբեջանական ժողովուրդը գիտի, որ այս պատերազմի ժամանակ Իրանը եղել է Հայաստանի կողքին [վեցերորդ սուտը]։ Այսպիսով, դուք կարող եք հասկանալ այս տհաճ զգացմունքները ոչ թե ժողովրդի, այլ իրանական վարչակարգի նկատմամբ… Իրանը նախատում է Իսրայելին, կարծես թե ուղղափառ իսլամ տեսանկյունից: Բայց որտե՞ղ էր Իրանը 30 տարի, երբ Հայաստանը, խախտելով բոլոր միջազգային օրենքները [յոթերորդ սուտը], գրավեց ադրբեջանական հողերը, այդ թվում՝ Իրանի սահմանը։ Ինչո՞ւ էր Իրանը լռում այն ժամանակ» [ութերորդ սուտը]։
Հաղորդավարը շարունակեց. «Վերջապես հրադադարը ձեռք բերվեց Վլադիմիր Պուտինի ջանքերով: Բաքվում ազատագրման տոնակատարության ժամանակ բանակը ցուցադրեց Իսրայելից ձեռք բերված հարձակողական անօդաչու սարքերը, որոնք մեծ կորուստներ պատճառեցին հայկական ուժերին [հայերի սպանության մասին ամոթալի պարծենկոտություն]: Բաքվի կառավարության ազդեցիկ մարդկանցից մեկը Հիքմեթ Հաջիևն է՝ նախագահ Ալիևի գլխավոր խորհրդականը և նրա արտաքին քաղաքականության ռազմագետը։ Նա հայտարարեց, որ Իսրայելն առաջին երկրներից մեկն էր, որը 1991 թվականին ճանաչեց Ադրբեջանի անկախությունը և հրապարակեց լուրեր, որոնք զայրացրեցին Թեհրանին»։ Հաջիևն ասաց. «Ադրբեջանի նախագահը և Ազգային խորհրդարանը որոշում են կայացրել Իսրայելում Ադրբեջանի Հանրապետության լիարժեք դեսպանություն բացելու մասին, և Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացմամբ կկարողանանք նոր մակարդակի հասցնել Իսրայել-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը»։ [Հաջիևը չի նշել, որ նախագահ Ալիևը՝ Իսլամական պետությունների արձագանքից վախենալով, Ադրբեջանը Թել Ավիվում դեսպանություն բացեց միայն 2022 թվականին՝ գրեթե 30 տարի անց այն բանից հետո, երբ Իսրայելը բացել էր իր դեսպանատունը Բաքվում 1993 թվականին: Ապա, իսլամական պետությունների բացասական արձագանքը մեղմելու համար, Ադրբեջանը բացեց իր ներկայացուցչական գրասենյակը Ռամալայում, Արևմտյան ափին]:
Լրագրողն այնուհետև հավելեց. «Որքան սերտ են Բաքվի և Երուսաղեմի ռազմավարական հարաբերությունները, այնքան Թեհրանը սպառնում է երկու երկրներին։ Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակած տեսանյութում հստակ սահմանվում էր, որ Երուսաղեմի Ալ-Աքսա սուրբ մզկիթ տանող ճանապարհն անցնում է Ադրբեջանի մայրաքաղաքով։ Առաջին անգամ է, որ Թեհրանը սպառնում է երկու երկրներին՝ ասելով, որ «դուք փորում եք ձեր գերեզմանները։
Ցանկացած ոք, ով մարտահրավեր կնետի Իրանին, կկործանվի»: Թեհրանը նաև հարձակվում է Իսրայելի նոր արաբ գործընկերների վրա, որոնք պաշտպանում են Աբրահամի համաձայնագրերը՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն, Մարոկկո և նույնիսկ Սաուդյան Արաբիա… Սա աշխարհի ամենապայթյունավտանգ սահմանն է։ Այս կողմից մենք գտնվում ենք Ադրբեջանում, որը աշխարհիկ մահմեդական երկիր է, Իսրայելի ռազմավարական դաշնակիցը, և այնտեղ մենք կարող ենք տեսնել Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը, որը ԱՄՆ-ը և Իսրայելը համարում է որպես «մեծ սատանա և փոքր սատանա»: Ըստ Իրանի՝ Երուսաղեմի ճանապարհն անցնում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվով։ 2022 թվականի հոկտեմբերին Իրանի բանակը որոշեց ահաբեկման գործողություն սկսել Ադրբեջանի դեմ՝ հյուսիսային հարևանին մեղադրելով Իսրայելի գործակալ լինելու մեջ։ Հազարավոր իրանցի զինվորներ տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով և ռազմական բեռնատարներով անցան Արաքս գետը երկու պետությունների սահմանին։ Իրանական բանակը նաև հարյուրավոր դեսանտայիններ իջեցրեց սահմանային շրջանում։ Առկա էին ռազմական զորավարժությունների տասնյակ տեսանյութեր, որոնք կրկին ու կրկին ցույց էին տալիս նրանց հրթիռների թիրախը՝ Հրեական պետության Դավթի աստղը: Թեհրանը մատնանշում է Բաքվի և Երուսաղեմի միջև աճող կապերը»: Այնուհետև ցուցադրվում է մի տեսանյութ, որտեղ իրանցի գեներալն ասում է. «Մենք շրջվում ենք Արաքս գետի հատման վայրում՝ Ադրբեջանի հետ սահմանին, որպեսզի մեզ լուրջ վերաբերվեն։ Մենք չենք ընդունում մեր հարևանությամբ սիոնիստների ներկայությունը»։
i24NEWS-ի հաղորդումը շարունակեց. «Զորավարժությունների մեծ մասը տեղի է ունեցել գետի իրանական կողմում, սակայն երբեմն եղել են օդային և ցամաքային ներթափանցումներ Ադրբեջանի տարածք: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է իրանցի գեներալներին թվիթերյան գրառմամբ, որը զայրացրել է Թեհրանին՝ մի լուսանկար, որտեղ Ադրբեջանի ղեկավարը գրկախառնված է իսրայելական Harop տիպի կամիկաձե անօդաչու թռչող սարքի հետ։ Ադրբեջանը SkyStriker և LORA անօդաչու սարքերը գնել է իսրայելական Elbit և Israel Aerospace Industries ընկերություններից»:
Այնուհետև լրագրողը հարցազրույց է վարել իսրայելցի նախկին նախարար Էֆրայիմ Սնեհի հետ, որը ներկայացվում է որպես «Իսրայելի և Ադրբեջանի միջև դաշինքի ճարտարապետ»: Նա ասաց. «Ես գիտակցում էի բարեկամ Ադրբեջանի կարևորությունը՝ նկատի ունենալով Իրանին շատ մոտ լինելը և այն փաստը, որ Իրանի մեծ մասը ադրբեջանական է [իններորդ սուտը]։ Կարծում էի, որ սա այն դեպքն է, որ մենք պետք է հաստատենք ամուր, առողջ կամուրջ Իսրայելի և Ադրբեջանի միջև… Ադրբեջանական ժողովուրդը մեծ դեր է ունեցել նացիստական Գերմանիայի դեմ մղվող պայքարում: «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ Հիտլերի դեմ պատերազմի դուրս ելած հարյուր հազարավոր ադրբեջանցիներ տուն չվերադարձան։ Նրանք ընկան Եվրոպայի և Գերմանիայի մարտադաշտում։ Եվ սա այնպիսի բան է, որը հրեան երբեք չի կարող մոռանալ: Մենք միշտ երախտապարտ ենք Ադրբեջանին՝ նացիստների պարտության մեջ ունեցած ավանդի համար»։ [Տասներորդ սուտը։ Կարծես, Իսրայելի նախարարը տեղյակ չէ, որ 70 հազար ադրբեջանցիներ կռվել են հանուն նացիստական Գերմանիայի, որոնք մասնակցել են Վարշավայի ապստամբության ճնշմանը։ Հիտլերն այդ ադրբեջանցիներին անվանել է իր վստահելի դաշնակիցները]։
Հաղորդավարը շարունակեց. «700 կիլոմետրանոց սահմանով մեր ճամփորդության ընթացքում մենք տեսանք, որ իսրայելական այլ տեխնոլոգիաներ են օգտագործվում իրանական կողմը հսկելու համար, օրինակ՝ բարձր ճշգրտության տեսախցիկներ և շատ արդիական էլեկտրոնային սենսորներ: Մի քանի աղբյուրների համաձայն՝ այս համակարգերն աջակցում են հատուկ ստորաբաժանումների և իսրայելական գաղտնի գործակալների կողմից իրականացվող գործողություններին, որոնք ներթափանցում են Իրան՝ պայքարելու նրա միջուկային նախագծերի դեմ։ Ըստ միջազգային մամուլի՝ դա նուրբ վիրաբուժական պայքար է։ Իսրայելը մշտապես պահում է իր ռազմաօդային ուժերի օդաչուներին Ադրբեջանում, ինչպես նաև մի քանի F-35 [ԱՄՆ] կործանիչներ՝ հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռները, որոնք համարվում են մոլորակի ամենաարդիական ինքնաթիռները: Իրանական զորավարժություններից հետո F-35-ը, ըստ երևույթին, ներթափանցեց Իրանի օդային տարածք՝ գնահատելու իր հակաօդային համակարգի արդյունավետությունը»: [Եթե դա ճիշտ է, ուրեմն սա հստակ խոստովանություն է, որ Իսրայելը խախտել է ԱՄՆ-ի հետ F-35-ներն այլ երկրի չփոխանցելու իր պայմանավորվածությունը]։
[Մաս 1. շարունակությունը՝ հաջորդ շաբաթ]
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացների հիմքում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգի փոփոխությունն է, որը վերաձևվվել է Խորհրդային միությունից հետո. հիմա արդեն նոր խաղացողներ են ի հայտ եկել և նոր գործընթացներ են ընթանում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը ենթադրում է նոր լարվածության օջախներ՝ աշխարհի մասերում. ամենաթեժ կետերից մեկն էլ մեր տարածաշրջանն է:
«2020 թվականի Արցախի պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանն արդեն չի կարողանում իր ազդեցությունը պահել, այսպես կոչված, իր պաշտոնական դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար, և արդեն ՆԱՏՕ-ի մի երկիր, ի դեմս Թուրքիայի, մուտք է գործել տարածաշրջան և նրանք երկուսով այստեղ կիսում են պատասխանատվությունը»,- նշեց Դանիելյանը:
Ասվածի լավագույն ապացույցը, ըստ նրա, Աղդամում միասնական մոնիտորինգային կենտրոնի ստեղծումն է, որով Ռուսաստանը ճանաչել է, որ Թուրքիան «Ադրբեջանի տարածքում» միասնական վերահսկողական գործողություն է իրականացնում: Մյուս կողմից Իրանը թույլ չի տալիս, որ իրեն շրջափակեն թշնամական երկրներով, մասնավորապես Իսրայելով և չի ընդունում Իսրայելի գոյությունը: Իսրայելն էլ Ադրբեջանում է իր հետախուզական կենտրոնները ստեղծել: Նման դասավորության պարագայում ստացվում է, որ Ադրբեջանը, ըստ էության, Իսրայելի, Ուկրաինայի դաշնակիցն է, իսկ մեր դաշնակիցն ո՞վ է՝ անհասկանալի է:
«Մենք ըստ էության միայնակ ենք մնում: Անվտանգային առումով մեր շահերը համընկնում է Իրանի հետ, իսկ Արևմուտքն Իրանի դեմ է: Այ այսպիսի ծանր իրավիճակ է: Սա կարող է ավարտվել մեծ պատերազմով, ինչպես նաեւ՝ համաձայնությամբ։ Շատ կարևոր է, որ Իրանի հետ ԱՄՆ-ն կարողանա միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքել. այդ դեպքում որոշակի լիցքաթափում կլինի, եթե ոչ՝ կարող է և մեծ պատերազմ լինել և դա չի սահմանափակվի միայն Իրանով, միայն Հայաստանով»,- ընդգծեց բանախոսը։
Դանիելյանը Իրան-ԱՄՆ համաձայնագիրը տեսականորեն հնարավոր է համարում, քանի որ և՛ ԱՄՆ-ն, եւ Իրանը վերջնականապես չեն հրաժարվել հնարավոր պայմանավորվածությունից, և Ադրբեջան-Իրան, Իսրայել-Իրան լարվածությունը ինչ-որ առումով նաև ճնշում է Իրանի նկատմամբ, որ վերջինս մեծ զիջումների գնա:
Քաղաքագետի կարծիքով՝ մեր տարածաշրջանում ստեղծված պայթունավտանգ իրավիճակը փոքր-ինչ կլիցքաթափվի, եթե ԱՄՆ-ն Իրանի հետ համաձայնության գա, իսկ Ուկրաինայում Ռուսաստանն ու Արևմուտքը որևէ փաստաթուղթ ստորագրեն, հակառակ դեպքում այն կարող է վերածվել նոր ՈՒկրաինայի:
«Միջազգային ճգնաժամային խումբ» (International Crisis Group) վերլուծական կենտրոնը, որը հետազոտում է գլոբալ ճգնաժամերը, անդրադարձել է Հարավային Կովկասին՝ հրապարակելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի կանխումը» խորագրով զեկույցը: Այն հիմնված է հայ, ադրբեջանցի, ռուս և արևմտյան պաշտոնյաների հետ տասնյակ հարցազրույցների վրա. «Միջազգային ճգնաժամային խումբ»-ի ներկայացուցիչները զրուցել են Բաքվում և Երևանում գտնվող դիվանագետների, տարբեր անկախ փորձագետների և սահմանի երկու կողմերում գտնվող բնակիչների հետ: Զեկույցը հիմնված է երկու երկրների միջև կոնֆլիկտի վերաբերյալ Crisis Group-ի լայնածավալ հետազոտությունների վրա, ներառյալ այն, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին:
«2023 թվականի հունվարին ԵՄ-ն հայտարարեց հայ-ադրբեջանական սահմանին մշտադիտարկման նոր առաքելության մասին։ Նախորդ սեպտեմբերին սահմանին տեղի էին ունեցել մարտեր, սակայն բարձր մակարդակի դիվանագիտությունն օգնեց կանխել այն լայնածավալ պատերազմի վերածումից: Բայց քանի որ խաղաղության բանակցությունները առաջ չեն շարժվում, իսկ Բաքուն ավելի ուժեղ ռազմական դիրքերում է, բախումների վերսկսման վտանգը մնում է բարձր: Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը կհանգեցնի հսկայական մարդկային կորուստների, կխաթարի տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ԵՄ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նպատակը և հետագա անկայունություն սերմանի առանց այն էլ անկայուն Եվրասիայում: Մինչդեռ մշտադիտարկման նոր առաքելությունը կարող է օգնել նվազեցնել ռիսկը:
Բրյուսելը պետք է իր նոր երկամյա քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանը տրամադրի համապատասխան ռեսուրսներ, ինչպես նաև օժտի ճկուն մանդատով՝ կողմերի միջև հաղորդակցությունն ու համագործակցությունը խթանելու համար: Այն պետք է հասնի Բաքվի կողմից համագործակցությանն առաքելության հետ, ներառյալ միջսահմանային հասանելիությունը, և (հնարավորության դեպքում) թույլ տա առաքելության անձնակազմին կապ հաստատել ռուս սահմանապահների հետ:
Լեռնային Ղարաբաղի շուրջ իրենց երկրորդ պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են երրորդը սկսելուն: 2022 թվականի ընթացքում, նույնիսկ երբ միջնորդները ձգտում էին համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման, տեղի ունեցած երեք հիմնական մարտերը՝ ամենավերջինը սեպտեմբերին, ցույց տվեցին իրավիճակի անկայունությունը: Մինչ Լեռնային Ղարաբաղի լեռնային անկլավի ապագան մնում է հարևանների հակամարտության առանցքում, սեպտեմբերյան մարտերը, որոնք տեղի ունեցան երկրների սահմանի երկայնքով և Հայաստանի ներսում, ընդլայնեցին մարտադաշտը։
Քանի որ Ադրբեջանը ավելի մեծ ռազմական առավելություն ունի, իսկ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում պատերազմով, քիչ բան կարող է հետ պահել Բաքվին այս նոր ճակատում իր առավելությունն առաջ տանելուց, եթե նա կորցնի համբերությունը բանակցություններում: Դա կարող է երկու երկրներին գցել պատերազմի մեջ:Եվրոպական միության (ԵՄ) նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանին համարձակ և խրախուսող քայլ է, որը կօգնի նվազեցնել ռիսկերը։ Առաքելությանը պետք է տրվեն հաջողության հասնելու միջոցներ և մանդատ», — նշվում է զեկույցում։
Դրա հեղինակները, ներկայացնելով Արցախյան հակամարտության պատմությունը, նշում են, որ հայ-ադրբեջանական կողմերի միջև տարաձայնությունների հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղի ապագան է, ինչպես նաև հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանի որոշ հատվածներ: Նշվում է, որ բանակցային գործընթացը կանգ է առել, մասամբ այն պատճառով, որ ադրբեջանցի «ակտիվիստները» (չակերտները՝ Tert.am) փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Հեղինակները նշում են, որ չնայած միջանցքը բացելու միջազգային ճնշմանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գովաբանում է միջանցքը շրջափակողներին, որոնց բողոքը դրական լույսի ներքո լայնորեն լուսաբանվում է ադրբեջանական պետական լրատվամիջոցներով:
«Եվս մեկ պատերազմի սպառնալիքը մայրցամաքում (Եվրասիայում), որն արդեն պայքարում է Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմին դիմակայելու համար, չափազանց իրական է: Շուտով գարունը կհասնի Հարավային Կովկաս, հալող ձյունը ճանապարհ կբացի նոր գործողությունների համար: Բրյուսելը պետք է արագ քայլեր ձեռնարկի իր առաքելությունը տեղում իրականացնելու համար՝ նախքան նոր մարտերի բռնկումը: Ներգրավելով դիվանագիտություն՝ Բրյուսելը պետք է ապահովի, որ իր անձնակազմն ունենա ազատ տեղաշարժ, համագործակցություն տեղական դերակատարների հետ և մանդատ, որը լավագույնս կօգնի նրան կանխել բախումները: Թեև հայ-ադրբեջանական սահմանին բախումները տարիներ շարունակ եղել են երկրների լարված երկկողմ հարաբերությունների մշտական հատկանիշը, սակայն սեպտեմբերյան մարտերից հետո Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի առկայությունը նոր խնդիր է ավելացնում խաղաղության բանակցությունների համար…
Ինչ վերաբերում է Բաքվի հնարավոր ռազմական գործողությանը, ապա Ադրբեջանը գիտի, որ նման քայլը կբերի կոշտ քննադատության արտաքին գործընկերների կողմից: Ներքին լսարանը նույնպես կարող է հետաքրքրվել, թե արդյոք հայկական տարածքի վրա հարձակումն իսկապես անհրաժեշտ էր, հատկապես, եթե դրա գինը բազմաթիվ զոհերն են (սեպտեմբերյան հարձակման ժամանակ Ադրբեջանը կորցրել է 80 զինծառայող)», — նշվում է զեկույցում։
«Քանի որ ԵԱՀԿ-ն միավորում է եվրոպական բոլոր հիմնական դերակատարներին, ֆրանսիացի պաշտոնյաները կարծում են, որ ԵԱՀԿ-ն, որպես միջոց, կարող է ավելի մեծ դերը ունենալ արևմտյան պետությունների և Մոսկվայի միջև լարվածությունից խուսափելուց, որը կարող է առաջացնել ԵՄ առաքելությունը:
Ֆրանսիացի դիվանագետներից մեկը նշել է, որ եթե Մոսկվան դժգոհ լինի այս առաքելությունից, ապա Հայաստանը կտուժի։ Նոր մարտերի դեպքում, դիվանագետը նշել է, որ «թույլ Հայաստանը ստիպված կլինի միայնակ պատասխանել։ Որովհետև Արևմուտքը չի կարողանա պաշտպանել նրան»:
ԱՄՆ պաշտոնյաներն, իրենց հերթին, ուղիներ էին փնտրում՝ ապահովելու լայն միջազգային ներգրավվածություն՝ միաժամանակ խուսափելով իրենց երկրի ուղղակի դերից: «Գետնին ԱՄՆ-ի կոշիկները չեն լինի», — ընդգծել է ամերիկացի պաշտոնյան:
Հաշվի առնելով Երևանի վերապահումները ՀԱՊԿ-ի և Բաքվի վերապահումները ԵԱՀԿ-ի վերաբերյալ՝ ԵՄ առաքելությունը տվյալ պարագայում ամենահեռանկարային տարբերակն է»,- ասվում է զեկույցում:
Միևնույն ժամանակ, ինչպես նշում են հեղինակները, առաքելության վերաբերյալ վերապահումներ ունեն նաև Բրյուսելում ԵՄ պաշտոնյաները: Որոշ եվրոպացի պաշտոնյաներ Ճգնաժամային խմբին ասել են, որ կարծում են, որ ԵՄ-ն պետք է իր ռեսուրսները կենտրոնացնի Ուկրաինայի պատերազմի վրա, այլ ոչ թե այլ վայրում: Մյուսները հարց են տվել, թե արդյոք ԵՄ-ն պետք է դիտորդներ տեղակայի Հայաստանում, մի երկրում, որը ՀԱՊԿ-ի շրջանակում ռազմական դաշնակից է Ռուսաստանի հետ, որն էլ տեսականորեն պետք է պատասխանատվություն կրի Հայաստանի անվտանգության համար:
«Եթե մենք առաքելություն ուղարկենք միայն հայկական կողմի հետ պայմանավորվածությամբ՝ առանց Բաքվի համաձայնության, դա կարող է սխալ տպավորություն ստեղծել … Բաքուն կարող է դա համարել որպես ԵՄ-ի դեմ լինելն Ադրբեջանին»,- ասել է մի եվրոպացի դիվանագետ:
Ոմանք էլ անհանգստացած են, թե ինչպես այս որոշումը կազդի էներգակիրների խոշոր արտահանող Ադրբեջանից իրենց ունեցած տնտեսական շահերի վրա: Խոսքը մասնավորապես Հունգարիայի, Իտալիայի և Ռումինիայի մասին է:
Այնուհանդերձ, թեև Բաքուն վերապահումներ է արտահայտել առաքելությանը, սակայն այն բացահայտ չի մերժել, ինչպես դա արել է ԵԱՀԿ-ի առաջարկի դեպքում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ «Հայաստանում ԵՄ առաքելությունը պատշաճ կերպով հաշվի առնի Ադրբեջանի օրինական շահերը»:
Այնուամենայնիվ, կան հիմնական հարցեր և խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծվեն: Առանցքային հարցն այն է, թե որտեղ թույլ կտան գնալ ԵՄ նոր դիտորդներին: Հայաստանը պատրաստ է առաջարկել նրանց անսահմանափակ մուտք, սակայն անվտանգության միջադեպերի մասին ճշգրիտ զեկուցելու համար նրանք նույնը պետք է ստանան ադրբեջանական կողմից:
Հավանականություններից մեկն այն է, որ Բաքուն կարող է համաձայնել ԵՄ նոր առաքելությանը, բայց իր կողմից դեպի սահման մուտք չտրամադրի: Եթե Ադրբեջանը թույլ չտա մշտադիտարկողներին մուտք գործել անդրսահմանային հատված, ապա դա օպտիմալ չի լինի ինչպես զսպման, այնպես էլ իրազեկման տեսանկյունից: Բաքվի հետ պայմանավորվածության բացակայության դեպքում, առաքելությունը ստիպված կլինի հեռու մնալ սահմանային տարածքներից, որոնք կարող են վտանգավոր լինել: Բայց առաքելությունը դեռ կարող է շահավետ լինել, հատկապես, եթե Ադրբեջանը աջակցի մշտադիտարկողների հետ պաշտոնական շփումներին։ Այդուհանդերձ, այնպիսի ազդեցիկ դերակատարներ, ինչպիսին ԱՄՆ-ն է, պետք է իրենց կապի ուղիներով աշխատեն Բաքվի հետ՝ խրախուսելու առաքելության հետ լիարժեք համագործակցությունը, ներառյալ մուտքը դեպի սահմանի կողմ:
Այլ հարց է, թե արդյոք Ռուսաստանը կհամագործակցի։ Դեկտեմբերին ռուս պաշտոնյաները հրաժարվեցին մեկնաբանել ԵՄ առաջարկը՝ ընդգծելով միայն, որ իրենք համարում են ԵՄ ցանկացած ներգրավվածություն՝ ուղղված Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելուն:
Ռուս դիվանագիտական փորձագետը բացատրել է. «Կրեմլը ավելի ու ավելի է հավատում, որ Մոսկվան պետք է հրաժարվի համագործակցել այն երկրների և կառույցների հետ, որոնք ռազմական օգնություն են ցուցաբերում Ուկրաինային և պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ, քանի որ դա կընկալվի որպես նրանց թշնամական գործողությունների վավերացում»:
Երրորդ և վերջին խնդիրը վերաբերում է առաքելության մանդատին և ֆինանսավորմանը: Նույնիսկ բոլոր համապատասխան դերակատարների լիարժեք համագործակցության դեպքում առաքելությունը կարող է ձախողվել, եթե այն վատ ֆինանսավորվի կամ սահմանափակվի չափազանց սահմանափակ մանդատով: Մշտադիտարկումից և միջադեպերի գրանցումից բացի, առաքելության մասնակիցները պետք է իրավասու լինեն նախաձեռնող լինել սահմանի երկայնքով տեղակայվածների միջև երկխոսությունը հեշտացնելու համար, եթե դա կարող է ծառայել բռնությունը կանխելուն և մեղմելուն:
Անցյալի փորձը դասեր է տալիս այն մասին, թե ինչպես կարող է առաքելությունը առավելագույնս օգտակար լինել: Վրաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը հեշտացրել է հաղորդակցությունը Թբիլիսիի և նրա անջատված շրջանների՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի միջև: Այն աջակցել է «թեժ գծի» ստեղծմանը, որը կապում է անվտանգության համար պատասխանատու համապատասխան պաշտոնյաներին հակամարտությունների գոտիների բաժանման գծերով: Այն նաև նպաստել է նրանց միջև դեմ առ դեմ հանդիպումներին: Նմանատիպ ջանքերը կարող են օգտակար լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Զինվորական, ոստիկանական և սահմանապահ ուժերի ներկայացուցիչների կանոնավոր հանդիպումները կարող են օգնել կանխել անվտանգության միջադեպերը: Որպես հավելյալ առավելություն, առաքելության անդամները կարող են խրախուսել հանդիպումները տեղի պաշտոնյաների միջև՝ քննարկելու խմելու և ոռոգման ջրի համատեղ օգտագործման հարցը, ինչպես նաև էկոլոգիական խնդիրները, որոնք տասնամյակներ շարունակ տանջել են սահմանի երկու կողմի բնակիչներին:
Քանի որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում, ԵՄ-ն վերջին երկու տարիների ընթացքում մեծ դեր է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության հարցում: Սակայն այս դիվանագիտական ջանքերն ի չիք կլինեն, եթե կողմերը շարունակեն նորից ընկնել առավել արյունալի զինված բախումների մեջ: Հունվարի 23-ին երկամյա մոնիթորինգային առաքելության մասին իր հայտարարությամբ Բրյուսելը ցույց տվեց, որ ունի քաղաքական կամք՝ ստանձնելու նոր և վճռական դեր՝ օգնելու կողմերին հակամարտությունից զերծ մնալ: Այժմ նա պետք է այս առաքելությանը տրամադրի մանդատ, դիվանագիտական աջակցություն և ռեսուրսներ, որոնք թույլ կտան հաջողության հասնել», — եզրափակել են զեկույցի հեղինակները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.