29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

31 | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 |
07 | 08 | 09 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 01 | 02 | 03 | 04 |
05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 |
«Ղեկավարների մոտ միշտ էլ գայթակղություն կա քննադատել նախորդներին: Ինչպես ասում են՝ «ամեն մեկն իրեն ստրատեգ է համարում՝ մարտին նայելով կողքից»: Ես երկիրը ղեկավարում եմ 2008-ից և առաջին իսկ օրվանից խուսափել եմ այդ մոտեցումից: Նախորդներին քննադատելը նշանակում է սեփական ուսերից պատասխանատվությունը գցել ուրիշների ուսերին: Դա ճիշտ չէ: Ես շնորհակալ եմ և´ իմ նախորդներին, և´ բոլոր նրանց, ովքեր Հայաստանի համար ինչ-որ լավ բան արել են»,- ասել է Սերժ Սարգսյանը` պատասխանելով «Մոսկովսկիե նովոստի» ռուսական թերթին:
Քաղաքական հանդուրժողականության, տոլերանտության բացառիկ դրսևորում, որը բնորոշ չէ Հայաստանի ո՛չ պետական պաշտոնյաներին, ո՛չ ընդդիմության առաջնորդներին:
Նման մի շեշտադրում էլ, հիշում եմ, 1999 թ.-ի հունվարին, ՀՀԿ համագումարում Վազգեն Սարգսյանի ունեցած ելույթում, որտեղ արժեվորվեցին Առաջին, Երկրորդ, Երրորդ Հանրապետությունների հիմնադիրները:
Սակայն գանք մեր օրերը և Հայաստանի գործող նախագահի արտահայտած մտքին:
Այսպիսի մտքեր պարբերաբար արտահայտում են դեմոկրատական երկրների ղեկավարները, և ոչ մեկը արտառոց չի համարում դա: Ավելին, ամերիկացիները նույնիսկ շատ նորմալ են վերաբերվում այն հանգամանքին, որ Ուսամա բեն Լադենի ոչնչացման լուրը գործող նախագահ Բարաք Օբաման նախ հայտնում է իր նախորդին` Ջորջ Բուշին, ապա նոր՝ հասարակությանը:
Եթե նորմալ պետություն ես, այդպես էլ պետք է լինի, քաղաքական ժառանգականության սկզբունքը պետք է գործի:
Հետսովետական տարածքում այլ պրակտիկա է: Ռուսաստանի այսօրվա իշխանություններն ինքնահաստատվում են ելցինյան ժամանակաշրջանի քաոսը քննադատելով: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի սիրված թեման «նախկին հանցավոր ռեժիմը» անարգանքի սյունին գամելն էր: Սերժ Սարգսյանն էլ զերծ չի մնացել այդ գայթակղությունից: Օրինակ` 2008-ի նախագահական ընտրարշավի ժամանակ նա «քիրվա» անվանեց իր հիմնական մրցակցին, ով նաև մեր երկրի առաջին նախագահն է: Կամ` նրա պաշտոնավարման օրոք ազատազրկված մնացին մարդիկ, ովքեր դեր են խաղացել պետության կայացման գործում:
Բայց Սերժ Սարգսյանի վերջին ամիսների հռետորաբանությունը, քաղաքական վարքագիծը փոխվել են: Նա արժեվորում է ընդդիմությանը, երկխոսության ինստիտուտը, հանդուրժողականության միջավայրի ձևավորմանն ուղղված քայլեր է անում:
Ու այդ ամենը շատ լավ է` անկախ այն հանգամանքից, թե որ մոտիվներն են գործող նախագահին դեմոկրատ դարձրել:
Եթե նրան չպակասի հետևողականությունը, մենք կունենանք շատ ավելի ազատ երկիր, որը նաև քաղաքական ավանդույթներ է ստեղծում:
Սուրեն Սուրենյանց
«Երրորդ ուժի» հավակնություն ունեցող ուժերը, ձեն-ձենի տված, անցկացնում են իրենց համաժողովները:
Ընդ որում, դրանց ընթացքում հնչող ելույթներն առանձնապես հետաքրքիր չեն, աչքի չեն ընկնում նոր բովանդակությամբ: Հազար անգամ ասված-լսված խոսքեր են:
Եթե իշխանության և ՀԱԿ անելիքները, հետապնդած խնդիրները բոլորին պարզ են ու տեսանելի, ապա նույնը չի կարելի ասել «երրորդուժականների» մասին:
Տիգրան Կարապետյանի կազմակերպած հայրենասիրական ուժերի և անհատների համաժողովում որևէ նոր գաղափար չհնչեց, պաշտոնապես չասվեց նաև, որ նոր կուսակցություն է միանում այս դաշինքին, անգամ պարզ չեղավ, թե ում է ներկայացնում պատգամավոր Վարդան Խաչատրյանը` Հնչակյան կուսակցությա՞նը, խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցությա՞նը, թե՞ ինքն իրեն: Այս համաժողովում, սակայն, տեսանելի էր Աշոտ Մանուչարյանի ու նրա թիմի ակտիվ մասնակցությունը: Ենթադրաբար, Կարապետիչի նախաձեռնության հեղինակային իրավունքը պատկանում է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամին:
Աշոտ Մանուչարյանը Հայաստանի նորանկախ պատմության մեջ հայտնի է նրանով, որ ընդդիմադիր մի քանի այսպիսի միավորում է ստեղծել, սակայն բոլոր այդ նախագծերն էլ մնացել են սաղմնային վիճակում: Նույն հեռանկարը, թերևս, սպասում է հերթական պրոյեկտին` անկախ այն հանգամանքից, որ Տիգրան Կարապետյանը պաշտոնապես հայտարարեց, որ «Երրորդ ուժը» ձևավորված է:
Մի նման համաժողով էլ մայիսի 21-ին հրավիրելու է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը մի քանի անգամ հայտարարել է, որ իրենք ակտիվ խորհրդակցությունների փուլում են, և չի բացառել նոր միավորման ծնունդը, որն ընդդիմադիր կլինի թե՛ իշխանությանը, թե՛ ՀԱԿ-ին:
«Ժառանգության» վրա որոշակի խաղադրույք են կատարում նաև հանրապետության երկրորդ նախագահի շուրջ հավաքված մարդիկ: Նրանք, ի դեմս «Ժառանգության», տեսնում են քաղաքական նոր կենտրոնի ստեղծման հնարավորություն:
Անգամ ոչ պաշտոնապես մի քանի վարկած է շրջում:
Ասենք, «Ժառանգությունը» կարող է համալրվել նոր մարդկանցով, որոնք սերտ առնչություններ ունեն Քոչարյանի շրջապատի հետ:
Կան ավելի հեռուն գնացող կանխատեսումներ, որ փորձ կարվի ավելի լայն կոալիցիա ստեղծել` «Ժառանգության», ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի մասնակցությամբ: Սա, սակայն, ֆանտաստիկայի ոլորտից է և իրականություն կարող է դառնալ միայն այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանն իրոք ցանկանա վերադառնալ քաղաքականություն` իր շուրջ ստեղծելով քաղաքական նոր ազդեցիկ կենտրոն:
Ամեն դեպքում, մայիսի 21-ին նույնպես ավելի հետաքրքիր կլինի համաժողովի մասնակիցների կազմը, քան` նրանց ելույթները:
Սուրեն Սուրենյանց
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկը Գալուստ Սահակյանին հարց ուղղեց իր նախկին կուսակից Տիգրան Թորոսյանի` Մարտի 1-ի դատավարությունները խայտառակ որակելու վերաբերյալ: Գալուստ Գրիգորիչը նախընտրեց ձեռնպահ մնալ որևէ բան ասելուց:
Տիգրան Թորոսյանը, ինչպես հայտնի է, Մարտի 1-ի ժամանակ Ազգային ժողովի նախագահն էր, այն նույն պաշտոնյան, ում իր վերջին հարցազրույցում մատնացույց էր արել Ռոբերտ Քոչարյանը` այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հետ մեկտեղ, որոնք տվել էին արտակարգ դրություն մտցնելու համաձայնությունը:
Իշխանության մաս կազմող և իշխանությունների բոլոր գործողությունները մշտապես արդարացրած Տիգրան Թորոսյանն այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը ցանկություն հայտնեց դառնալ Ազգային ժողովի նախագահ, և ըստ այդմ՝ նախկին խոսնակը պետք է հրաժարական տար, միանգամից 180 աստիճանով փոխեց իր բոլոր դիրքորոշումներն ու սկսեց քննադատել իշխանություններին: Հիմա նույն եռանդով, Տիգրան Թորոսյանից հետ չմնալով, իշխանությունների ցանկացած քայլ արդարացնում է Գալուստ Սահակյանը:
Հետաքրքիր է` արդյո՞ք Գալուստ Գրիգորիչը ևս կփոխի իր դիրքորոշումները, եթե հանկարծ հարկադրված լինի հրաժարվել պաշտոնից, թե՞ Գալուստ Սահակյանն ուրիշ է…
«Բայց ես ե՞րբ եմ պաշտոն ունեցել, ես երբեք չեմ ձգտել և երբեք պաշտոն չեմ ունեցել, քաղաքական գործունեությամբ զբաղվելը պաշտոն չի: Այսօրվա կուրծք ծեծողները հենց նրանք են, որոնք պաշտոն են ունեցել, այսօր զրկվել են դրանից, բայց քանի որ համը տեսել են, չեն կարողանում հանգստանալ»,- զարմացավ Սահակյանը:
Որ Գալուստ Սահակյանը աշխարհի ամենահամեստ մարդն է, կասկած չկա: Մարդ ինչքա~ն համեստ լինի, որ ընտրվի պատգամավոր, ընտրվի Ազգային ժողովի ամենամեծ խմբակցության ղեկավար, լինի այն կուսակցության փոխնախագահը, որն իր ձեռքում է կենտրոնացրել ողջ իշխանությունը, այսինքն` լինի մեկը, որին մշտապես ցանկանան սիրաշահել իր բոլոր կուսակիցները, դաշնակից կուսակցականները, և համարի, որ ինքը ի՞նչ, ինքը հո պաշտոնյա չի՞, ինքը հասարակ մարդ է: Եվ դա այն դեպքում, երբ Սահակյանի ընտանիքը պաշտոնների առումով, կարելի է ասել, առաջ է անցել անգամ Աբրահամյանների ընտանիքից. խոսքը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մասին է, որն իր ազդեցության լծակներն օգտագործելով՝ կարողացավ պատգամավոր դարձնել իր երեք եղբայրներին` յուրաքանչյուրին կցելով մի կուսակցության:
Ի տարբերություն Աբրահամյանների, Գալուստ Սահակյանի ընտանիքն ավելի մեծ թվով, այսպես ասած, պաշտոնյաներ ունի: Այս ընտանիքից պատգամավորական մանդատ ունի միանգամից երեք հոգի. ինքը` Գալուստ Գրիգորիչը, նրա որդին` Արման Սահակյանը, և, բնականաբար, Արմանի հռչակավոր քեռին, Գալուստ Գրիգորիչի աներձագ Աշոտ Աղաբաբյանը` Բուռնաշը: Սակայն, այս ցուցանիշը, ըստ երևույթին, քիչ էր այս ընտանիքի համար, և Գալուստ Գրիգորիչն անցյալ տարվա դեկտեմբերին հասավ այն բանին, որ մյուս որդին ևս` Տիգրան Սահակյանը, նշանակվի առողջապահության փոխնախարար:
Սրանք դեռ հայտնի և մերձավոր բարեկամներն են. չի բացառվում, որ Գալուստ Սահակյանը տեր կանգնած լինի նաև իր մյուս ազգականներին, խնամիներին, ընկերներին և նրանց ևս տեղավորած լինի կարգին պաշտոնների: Եվ այսքանից հետո մարդը համարում է, թե ինքը ոչ մի պաշտոն էլ չունի: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են. մնում է ընդամենը հիանալ Հայաստանի իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի մարդկային բարձր հատկանիշներով` մասնավորապես համեստությամբ:
Լուսինե Կեսոյան
Գործող Ազգային ժողովը չորս տարեկան է:
Խմբակցություններից յուրաքանչյուրը յուրովի կարող է գնահատել իր աշխատանքը, արձանագրել հաջողություններ կամ բացթողումներ:
Չկուսակցականացված մարդկանց առավելապես հետաքրքրում է, թե ինչպես է խորհրդարանը կատարում իր սահմանադրական առաքելությունը` որպես ամբողջություն:
Օրենքներ ընդունելու հարցում, թերևս, օրենսդիր մարմինն առանձնապես չի թերացել: Այլ խնդիր է ընդունված օրենքների որակը: Դրանք կատարյալ լինել չեն կարող, որովհետև հիմնականում ընդունվել են առանց բանավեճերի, կիսադատարկ դահլիճում: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնության իր իրավունքից ավելի շատ օգտվում է կառավարությունը, քան իրենք` պատգամավորները: Սա վկայում է, որ մեր օրենսդիրներից շատերն իրենց տեղում չեն, խորհրդարանում հայտնվել են միանգամայն այլ շարժառիթներով:
Որևէ խորհրդարան դատապարտված է ձախողման, եթե չի կատարում գործադիրին վերահսկելու գործառույթ: Հայաստանում նույնիսկ ծիծաղելի է դրա մասին խոսելը, որովհետև գործադիր մարմիններն իրենք են վերահսկում խորհրդարանական մեծամասնության վարքագիծը, թելադրում քվեարկությունների պատկերը: Արդյունքում, պատգամավորը դիրքորոշում արտահայտողից և ձևավորողից վերածվում է «կոճակ սեղմողի»:
Գործող խորհրդարանը նաև այն մարմինը չէ, այն հարթակը չէ, որտեղ տեղի են ունենում գլխավոր քաղաքական իրադարձությունները: Սա, իհարկե, առաջին հերթին հետևանք է այն իրողության, որ ԱԺ-ն ձևավորվել է կասկածելի ընտրական մեխանիզմների միջոցով ու չի ներկայացնում հասարակության քաղաքական նախասիրությունները: Սրան հավելենք այն հանգամանքը, որ գործող խորհրդարանը մի քանի անգամ արժեզրկեց ինքն իրեն: Մասնավորապես, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ գործող ԱԺ-ն ցույց տվեց իր քաղաքական անկենսունակությունը, չկարողացավ որևէ կերպ լիցքաթափել երկրում ստեղծված քաղաքական լարվածությունը, ավելին` առանց լուրջ քննարկումների թույլ տվեց իր չորս ընդդիմադիր պատգամավորի կալանավորումը:
Այս ԱԺ-ն այսօր էլ չունի որևէ լուրջ դերակատարում երկրի քաղաքական կյանքում: Քաղաքական որոշումները կայացվում են Բաղրամյան 26-ում կամ հրապարակներում, իսկ խորհրդարանը, լավագույն դեպքում, ծույլ աշակերտի կարգավիճակով վազում է իրադարձությունների հետևից:
Սուրեն Սուրենյանց
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այսօր ներկա էր բյուջեի կատարողականի հաշվետվությանը, և ինքն էլ ներկայացրեց իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքը: Բայց որքան էլ ակտիվանում են խոսակցությունները, թե Վերահսկիչ պալատի հաշվետվությունները հաջորդում են իրար, սակայն այդպես էլ որևէ բան չի փոխվում՝ պաշտոնյաները շարունակում են գողանալ, այնուամենայնիվ, մի ակնհայտ առաջընթաց, պարզվեց, այս կառույցը գրանցել է:
«Առաջ ավելի շատ էին ծավալային հավելագրումները, մեծ թիվ էին գրում, որի մի մասը յուրացնում էին, էնքան ասեցինք «ծավալային հավելագրումներ, ծավալային հավելագրումներ», արդեն քչացել ա: Բայց հիմա էլ դրանք վերածվել են անարդյունավետ ծախսերի»,- հայտարարեց ՎՊ նախագահը:
Ինչպես տեսնում ենք, Վերահսկիչ պալատի գործունեությունն իսկապես արդյունավետ է. մի քանի տարվա գործունեության շնորհիվ այս պալատը կարողացավ պետական կառույցներին հասկացնել, որ կարելի է ատկատը փոխարինել ֆինանսական միջոցների յուրացման մեկ այլ տեսակով, որը, հնարավոր է, ավելի կատարյալ է և ավելի մեծ արդյունքներ է տալիս: Եթե ատկատի դեպքում իքս գումարի փոխարեն գրվում է իքս գումարած այսքան գումար, և յուրացվում է հենց այդ հավելյալ գումարը, ապա այժմ ընդամենը բավարարվում են որոշակի գումար ծախսելով ինչ-որ բանի վրա, որի արդյունքն այդպես էլ չի երևում, այսինքն` այս դեպքում գումարը կարող է յուրացվել ամբողջությամբ. դա էլ հենց կոչվում է անարդյունավետ ծախս:
Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետը ներկայացրեց Վերահսկիչ պալատի բացահայտած անարդյունավետ ծախսերի մի ամբողջ շարք. օրինակ, լինում է այնպես, որ փորձագետներ են հրավիրվում, բնականաբար՝ դրսից հրավիրված փորձագետներին բարձր աշխատավարձ է վճարվում, նրանք աշխատում են ինչ-որ ժամանակ, ինչ-որ օրինագծեր են մշակում, բայց վերջում այդ օրինագծերը ոչ մեկին էլ պետք չեն գալիս, և ստացվում է, որ այդ օրինագծերը ոչ մեկն էլ չի տեսնում: Եվ ընդհանրապես, քանի որ ոչ մեկը չի տեսնում այդ օրինագծերը, ոչ մեկն չի էլ կարող ապացուցել, թե նման բան եղել է: Ու, փաստորեն, միակ բանը, որ հստակ կարելի է ապացուցել՝ այն է, որ ստացված իքս չափի գումարը ծախսվել է. ա՛յ, սա հաստատ հարյուր տոկոսանոց ապացույցների շարքից է:
Վարդան Բոստանջյանը նկատեց. «Բա լա´վ, ո՞նց անենք, որ էդ գնումների գործընթացը լավանա, ախր փոքր երկիր ենք, հարուստ երկիր չենք, էդ փողերը ո՞նց ենք ըտենց ճոխ ծախսում: Խի՞ պտի մեքենայով գնանք գանք, եվրոռեմոնտներ անենք»:
Իշխան Զաքարյանը լսեց, լսեց, ժպտաց ու պատասխանեց. «Ձեր հարցերի մեծ մասը ինձ չէր վերաբերում»: Հետո էլ հայտնեց, թե իրենք, բացի ստուգելուց, նաև առաջարկություններ են անում և առաջարկել են սահմանել պետական հսկիչ գներ. ենթադրենք, եռամյսակը մեկ ֆիքսել, թե այսինչ ապրանքն այսքան արժե: «Թե չէ, մի հատ թուղթ է, վրան գրված է` ավազ` 5800 դրամ, մի հատ էլ տակը ստորագրություն, որով որոշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում ավազի գինը 5800 դրամ է»,— յուրացման հերթական ձևը պարզաբանեց ՎՊ նախագահը:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Այսօր Ազգային ժողովում, «պատգամավորների զանգվածային բացակայության պայմաններում» (բնորոշումը Վարդան Բոստանջյանինն է. «Նիստից պատգամավորների զանգվածային բացակայությունը ցույց է տալիս, որ բյուջեն բավականին լավ է կատարված»), վարչապետ Տիգրան Սարգսյանն օրենսդիր մարմնի դատին էր ներկայացնում 2010 թ. բյուջեի կատարողականը:
«2010 թվականին իրականացրած ծրագրերի ամենազգալի արդյունքն այն է, որ 2009-2010 թվականների ընթացքում մեր իրականացրած հակաճգնաժամային միջոցառումները սկսեցին տալ իրենց դրական արդյունքները: 2010 թվականը կարելի է բնութագրել որպես աստիճանաբար, բայց կայուն վերականգման տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք աշխատել շատ պարզ և հասկանալի հակաճգնաժամային ծրագրի տրամաբանության ներքո»,- այսպես սկսեց իր հաշվետվությունը հանրապետության վարչապետը:
Վարչապետի ելույթի ժամանակ «պատգամավորների զանգվածային բացակայությունն» այդքան էլ զգալի չէր, քանի որ այդ ժամանակ ներկա էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահ Սամվել Բալասանյանը և էլի մի հինգ-վեց պատգամավոր: Ներկա էին նաև Վերահսկիչ պալատի նախագահը, ֆինանսների նախարարը, Կենտրոնական բանկի ղեկավարը, գլխավոր գանձապետը, որոնք նույնպես հաշվետու էին, և բնականաբար, ներկա էին չորրորդ իշխանության ներկայացուցիչները, որոնց շնորհիվ էլ վարչապետը ստիպված չեղավ դատարկ լսարանում ելույթ ունենալ:
Տիգրան Սարգսյանը թվարկեց կառավարության ձեռնարկած բազմաթիվ առաջընթաց քայլերը, որոնք տեսանելի են կառավարությանը, սակայն, չգիտես ինչ հրաշքով, տեսանելի չեն ՀՀ շարքային քաղաքացիներին, ավարտեց ելույթը ու դուրս եկավ դահլիճից: Ո´չ Ազգային ժողովի նախագահը հարց ուղղեց վարչապետին, ո´չ պատգամավորները: Հասկացվեց, որ կարգն է հավանաբար այդպես:
Վարչապետի ու ԱԺ նախագահի հեռանալուց հետո «զանգվածային բացակայությունը» նոր թափ առավ: Այսպես, 2010 թ. տարեկան հաշվետվությունն անցավ գերմտերմիկ մթնոլորտում. Իշխան Զաքարյանը ելույթ էր ունենում՝ Կենտրոնական բանկի ղեկավարն էր լսում, Արթուր Ջավադյանն էր ելույթ ունենում՝ ՎՊ նախագահն էր լսում: Միակ հարց տվող և լսող պատգամավորը Վարդան Բոստանջյանն էր, մեկ էլ, բնականաբար, նիստը վարող Գագիկ Մինասյանը` ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահը: Պատգամավորներից մեկ էլ ներկա էր ռոքեր, մոտոցիկլետով խորհրդարան հաճախող, ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը:
Միակ պատգամավորը, որը որոշեց հարց տալ՝ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն էր:Սակայն, հակառակի պես, նրա հարցն էլ «խոցեց» նիստը վարող Գագիկ Մինասյանի սիրտը: Բոստանջյանը, օգտագործելով հարց տալու իրավունքը, երկար-բարակ խմորվեց արտաքին պետական պարտքի խնդիրների շուրջ՝ եզրափակելով, որ ազգովի ապրում ենք ուրիշի հաշվին: Նրա ռեպլիկը դուր չեկավ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մինասյանին: Ու քանի որ դուր չեկավ՝ հակադարձեց Բոստանջյանին. «Էն, որ ասում եք՝ ուրիշի հաշվին ենք ապրում, ձե՞զ նկատի ունեք»:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
17 տարի առաջ, երբ կնքվում էր հրադադարի հաստատման եռակողմ պայմանագիրը, բոլորը հույս ունեին, որ ԼՂ հակամարտության կարգավորումը սարերի հետևում չէ:
Լավատեսների կանխատեսումները չիրականացան: Հակամարտության կողմերի մոտեցումները տրամագծորեն տարբեր են, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս:
«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը երկար կշարունակվի, քանի դեռ Երևանում և Բաքվում դոմինանտ է «Ղարաբաղը մերն է» պարզունակ բանաձևը: Հակամարտության կողմերը շեշտը դնում են Ղարաբաղի տարածքային պատկանելության ասպեկտի վրա` քիչ կարևոր համարելով հակամարտության հետևանքների վերացման անհրաժեշտությունը:
Մոտ ապագայում էլ քիչ հավանական է, որ կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրվի:
Նախ, առաջիկա տարիներին Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններ են, ինչի հետևանքով իշխանություններն ավելի են կարծրացնում իրենց դիրքորոշումները:
Մյուս կողմից, միջնորդական առաքելության ռեսուրսները չեն բավարարում` կարգավորման գործընթացում շրջադարձ ապահովելու համար: Արևմուտքը ներքաշված է աշխարհի տարբեր մասերում առկա հակամարտությունները կարգավորելու գործընթացում: Առայժմ իրենց զգացնել են տալիս նաև համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները: Ռուսաստանը, որը վերջին շրջանում ամենաակտիվն է կարգավորման գործընթացում, ակնհայտորեն չի կարող միայնակ լինել այդ բարդ և ծախսատար գործընթացի դոնորը:
Համանախագահները քաջ գիտակցում են ստեղծված իրավիճակը և հիմա առավելապես կենտրոնացել են պատերազմի վերսկսման ռիսկերի չեզոքացման, իրավիճակը տարածաշրջանում վերահսկելի պահելու վրա:
Հատկապես վերջին մեկ տարում հաճախակի են դարձել հրադադարի խախտման դեպքերը` պատճառ դառնալով մարդկային կորուստների, այդ թվում` քաղաքացիական անձանց շրջանում:
Բոլորս պետք է գիտակցենք, որ «Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակը հղի է պատերազմի վերսկսման վտանգով: Մի օր կարող են բավարար չլինել նաև իրավիճակը տիրապետելու միջնորդների ռեսուրսները:
Խաղաղությունը, Հայաստանում, Ղարաբաղում, Ադրբեջանում ապրող մարդկանց անվտանգությունը պետք է նպատակ լինեն բանակցային գործընթացի մասնակիցների համար: Այդ պատասխանատվությունը բնորոշ էր հետպատերազմյան Եվրոպայի առաջնորդների համար, որոնց հաջողվեց կարգավորել հարյուրամյակների պատմություն ունեցող տարածքային վեճերը` համաեվրոպական ինտեգրացիայի անհրաժեշտության գիտակցման համատեքստում:
Կարգավորման այլընտրանքը պատերազմն է, որի կանխումը պետք է լինի քաղաքական առաջնորդների գլխավոր նպատակը:
Սուրեն Սուրենյանց
Նախընտրական շրջանում ընդունված է, որ Հայաստանում քաղաքական ուժերը հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով, հիշեցնում իրենց գոյության մասին:
Այս համատեքստում հատկապես սիրված թեմա է դաշինքներ, տարբեր միավորումներ կազմելու հարցը: Դաշինքը կամ միավորումը շատերի կողմից դիտվում է որպես ազդեցիկության, հզորության դրսևորում:
Այդ մտայնությունն իներցիայով այսօր էլ շարունակվում է:
Օրինակ, 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, ի դեմս ՀՀԿ-ի, կար ակնհայտ ֆավորիտ, և ընդդիմությունը փորձում էր տարբեր միավորումների ստեղծման ճանապարհով հասնել հաջողության: Ընդդիմության մոտ դա չստացվեց:
Այսօր վիճակը մի փոքր այլ է: Քաղաքական դաշտում եղանակ են ստեղծում երկու ազդեցիկ ուժեր` Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի թիմերը: Մի քանի ամիս առաջ մի շարք քաղաքական ուժեր հույս ունեին դիվիդենտ շահել նրանց հակադրության վրա: Այս տրամաբանությունն ինչ-որ տեղ բնական էր, որովհետև, թեկուզև իմիտացիայի տեսանկյունից, փոքր կուսակցությունները հակադրության կողմերից մեկին անպայման պետք են գալիս: Ասենք, հանրապետականները բազմիցս շեշտել են, որ իրենց համամասնական ցուցակի դուռը բաց է եղել այնպիսի անհայտ կուսակցությունների ներկայացուցիչների առաջ, ինչպիսիք են` ԺԱԿ-ը կամ «Հզոր հայրենիքը»: ՀԱԿ-ն էլ հպարտանում է, որ միավորում է 18 կուսակցության: Փույթ չէ, որ դրանց մեծ մասի անունը հանրությանը հայտնի չէ:
Կարևորը, որ դա էր ռեսուրսային պայքարի տրամաբանությունը:
Հիմա իրավիճակը մի փոքր այլ է. իշխանությունն ու ընդդիմությունը, կարծես, որոշել են դուրս գալ հակադրության ռեժիմից և իրենց հարաբերությունները կառուցել մրցակցային միջավայրում:
Մրցակցությունն արդեն խաղի այլ կանոններ ունի. դրանք ավելի հստակ են, և կողմերից որևէ մեկը թզուկային կուսակցությունների կարիք չունի: Այլ խոսքով` շեշտը դրվում է ոչ թե քանակի, այլ` որակի վրա:
Սրանով են պայմանավորված մի շարք ուժերի այսօրվա շտապողականությունը, բարձրագոչ ու պերճախոս կարգախոսները:
Նրանք փորձում են իշխանությանը համոզել, որ իրենք նույնպես հզոր են, որ իրենց հետ ևս պետք է հաշվի նստել:
Ո՞վ չգիտի, որ Տիգրան Կարապետյանի «երրորդ ուժի» գաղափարը տապալվել է: Բոլորը գիտեն. ոչ «Ժառանգություն» կուսակցությունը, ոչ ՀՅԴ-ն և ոչ էլ Արամ Կարապետյանի կուսակցությունը չարձագանքեցին նրա հորդորներին, առաջարկներին: Ժողովուրդն էլ է դա հասկացել, ու Կարապետիչի վերջին հանրահավաքի մասնակիցների թիվն ավել չէր միջոցառումը լուսաբանելու եկած լրագրողների թվից: Բայց Ժողովրդական կուսակցության նախագահը տենչում է գոնե խորհրդարանական մանդատի մասին ու չի պատրաստվում վայր դնել զենքերը: Նա վաղը փորձելու է համախմբել հայրենասիրական ուժերին: Միայն թե պարզ չէ, թե ինչ է հայրենասիրությունն` ըստ Կարապետյանի, կամ էլ` բացի նախաձեռնության հեղինակից, ովքե՞ր են մաս կազմելու այս միությանը: Հաստատապես` ոչ մի լուրջ կուսակցություն կամ գործիչ: Բայց էականն աղմուկն է, դա է Կարապետիչի նախաձեռնության միակ մոտիվը:
Նույնը վերաբերում է մարքսիստ Դավիթ Հակոբյանին, որն այսօր հայտարարել է «Ազգային ճակատ» ստեղծելու մասին: Եթե Կարապետիչի կողքին գոնե մի քանի թոշակառու կա, Հակոբյանը կատարյալ մենության մեջ է: Էլ ի՞նչ դաշինք կամ ճակատ: Զավեշտն այն է, որ նա փորձում է կապկել Ռուսաստանի վարչապետի նախաձեռնությունը` փորձելով մի դաշինքում միավորել կուսակցականներին ու անկուսակցականներին: Սակայն միայն մարքսիստի ռուսասիրությունը բավարար չէ, որ այս կապկումը հաջող արդյունք տա. Հակոբյանը գոնե մի քիչ ռեսուրս պետք է ունենար` կազմակերպչական, քաղաքական: Բայց կես դրույքով բժիշկ, կես դրույքով քաղաքական գործիչ մարքսիստը յուրացրել է «քաղաքական բիզնեսի» տրամաբանությունը: Նա այսօր հայհոյում է ՀԱԿ-ին` իշխանության բարեհաճությունը շահելու հույսով:
Սակայն գնացքը գնացել է, իշխանությունն, ըստ ամենայնի, գերադասում է գործ ունենալ ՀԱԿ-ի հետ, նրա հետ համաձայնությունների հասնել, քան` սնել քաղաքական նախագծեր, որոնց արդյունավետությունը մոտ է զրոյի:
Սուրեն Սուրենյանց
Այսօր դարձյալ նիրհող քաղաքական դաշտը զվարթացրեց ՀՀ անկրկնելի մարքսիստը` Դավիթ Հակոբյանը.«Մեծարգո լրատվության զինվորներ, թանկարժան կոլեգաներ, այսօրվա բրիֆինգի շարժառիթը երկրում տիրող ներքաղաքական իրավիճակից բխող հետագա գործընթացների մասին է, և ես ստիպված էի ժամանակից շուտ դուրս գալ քաղաքական արենա, որովհետև վերջին շաբաթվա ընթացքում ներքաղաքական զարգացումներն ուղղակի պարտադրում են դրան»:
Նա ասուլիս էր հրավիրել հաղորդելու նոր քաղաքական դաշինքի ստեղծման մասին. «Առաջնորդությունը՝ առաքյալների սկզբունքներով. միասնությունը վեր է ամեն ինչից։ Հայե՛ր, միաբանվե՛ք»,- իր կոչը հղեց մարքսիստը, հայտնելով, որ դաշինքի վերջնական ձևավորումը կավարտվի մինչև սեպտեմբեր: Դաշինք` որի խնդիրն ըստ Հակոբյանի, ձերբազատվելն է խոնտիսկական կուսակցականությունից, նպատակ ունենալով ձևավորել պետական նոր տիպի մեքենա:
Ներքաղաքական իրավիճակը բնութագրելիս մարքսիստը չխնայեց ոչ մեկին. «Իրենց ընդդիմադիր հայտարարած քաղաքական սուբյեկտներից առաջինը, ով իրեն թմբկահարում է որպես ընդդիմություն, «Դաշնակցությունն» է. քաղաքական դիմանկարը՝ Առաջ մորթիդ, նոր՝ որդիդ, ջուր են տեսնում՝ ձուկ են դառնում, հող են տեսնում՝ մուկ են դառնում։ Այս մանրբուրժուական ուժը չափից ավելի կերպարանափոխությունների ենթարկվեց՝ չպահելով առանցքային ոչ մի դոկտրինա: Երկիրը դարձել է երեք նախագահների կռվախնձոր։ Իրենց ընդդիմադիր հայտարարած քաղաքական սուբյեկտները գործում են ազգային շահին անհարիր:
«Ժառանգություն» կուսակցությունն, էլ ստացավ իր գնահատականը. «Դեռ սպասում է՝ իրադարձությունները զարգանան, նոր դրսևորի իր մոտեցումները։ Երկրորդ հակամարտող ուժը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ճամբարը, առայժմ կարծես կրիայի նման իր տաշտակից գլուխը չի հանում՝ թաղված անորոշության և անհայտության գրկում»:
Այսօր քննարկվող թիվ մեկ թեման. ՀԱԿ-ի և իշխանության երկխոսությունը, Մարքսիստյան մեկնաբանմամբ անխնա էր. Հակոբյանն իր գոհարները պահել էր հատկապես սրա համար.«Կարծում եմ ՀԱԿ-ը մինչև 2012թ. այնքան կփչանա, որ այլևս օգտագործել չի լինի: Իրեն գլխավոր հայտարարած ՀՀՇ-ն՝ կերպարանափոխված ՀԱԿ-ի, իր տասնյակ արբանյակների հետ քաղաքական և բարոյական կրախ ապրեց անդրկուլիսյան գործամոլության արդյունքում, և դարձավ արցախյան վիկինգների քաղաքական սպասավորը»:
— Պարո´ն վարչապետ, վերջին շրջանում հաճախացել են վիրտուալ շփումները Ձեր և Ազգային ժողովի նախագահի միջև, Դուք իրար հետ արդեն ֆեյսբուքով եք հաղորդակցվում, իրար հարցեր տալիս, պատասխանում:
— Առաջին հերթին ուզում եմ նշել, որ Ձեր հարցը վկայում է այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաները լայն տարածում են ստանում: Ես անմիջական շփումներ եմ ունենում քաղաքացիների հետ, պատասխանում նրանց հարցերին և սա կարծում եմ` ժամանակակից աշխարհի կարևորագույն գործոններից մեկն է: Դրա մասին են վկայում նաև թվերը. 2010թ. ինտերնետ օգտագործողների քանակը Հայաստանում կրկնապատկվել է: 175 հազար ինտերնետ օգտգաործող ունենք 2010թ. արդյունքներով, իսկ այս տարի կանխատեսում ենք, որ 300 հազարը կանցնի: Եվ այդ առումով, կարծում եմ, ոչ մի տարօրինակ բան չկա, որ Ազգային ժողովի նախագահն էլ այդպիսի գործիք ունենա Ձեզ հետ շփվելու:
— Հիմա չեք պատասխանի՞ Հովիկ Աբրահամյանինն, որ ասել էր` հուսով եմ, որ նեղացած չի: Հիմա նեղացած ե՞ք, թե՞ չէ:
— Կարծում եմ, որ ճիշտ չի, երբ լրատվական միջոցները փորձում են նման հարցերով անձնավորված ինչ-որ երանգներ տան այն խնդիրներին, որոնք գտնվում են մեր քաղաքացիների ուշադրության կենտրոնում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.