29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

31 | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 |
07 | 08 | 09 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 01 | 02 | 03 | 04 |
05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 |
Եթե մեկ նախադասությամբ բնութագրեինք այսօրվա հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ապա, անտարակույս, կընտրեինք վերնագրում բերված բառերը: «Հաղթանակը ձեռք է բերվել ոչ թե մութ գործարքի, գաղտնի պայմանավորվածությունների կամ արտաքին միջամտությունների ու միջնորդությունների շնորհիվ, այլ վերջին ամիսների ընթացքում հասարակության ու իշխանության միջեւ ծավալված յուրատեսակ հրապարակային բանավեճի կամ ոչ‑ֆորմալ երկխոսության արդյունքում։ Հայ Ազգային Կոնգրեսը հասարակության անունից հրապարակավ ներկայացրել է իր պահանջները, իսկ իշխանությունը, թեկուզ երբեմն տատանվելով, բայց վերջին հաշվով նույնքան հրապարակավ արձագանքել է այդ պահանջներին՝ դրանք ամրապնդելով կոնկրետ գործողություններով», -ասում է Տեր-Պետրոսյանը եւ դժվար է չհամաձայնել նրա մտքի հետ։ Համենայն դեպս, վերջին երկու ամիսների գործընթացը տեղի է ունեցել հասարակության աչքի առաջ, երբեմն` նրա ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ:
Առաջին նախագահը նաեւ հանգամանալից վերլուծել է այն պատճառները, որոնք երկրի քաղաքական միջավայրի փոփոխության եւ երկխոսության կայացման հիմք հանդիսացան. «Անտարակույս, իշխանությանը լրջորեն խորհելու առիթ են տվել արաբական երկրներում տեղի ունեցող աշխարհացունց իրադարձությունները, ինչպես նաեւ դրանց արդյունքում միջազգային հանրության մոտեցումներում ու տրամադրություններում նկատվող ակնհայտ փոփոխությունները, ավելի կոնկրետ, Արեւմուտքի կողմից բռնապետական ռեժիմների նկատմամբ նախկինում ցուցաբերած անտարբերության կամ հանդուրժողականության մեղքի գիտակցումը եւ այդ անհեռատես քաղաքականության վերանայման մղումը… Իշխանության կողմից հասարակության պահանջներին ընդառաջ գնալու կամ նրա զիջողականության մյուս դրդապատճառը, որքան էլ տարօրինակ թվա, կապված է Ղարաբաղի խնդրի հետ։ Ակնհայտ է, որ մի կողմից, գլխավորապես Ռուսաստանի ջանքերով, Ղարաբաղյան կարգավորման գործընթացը մոտենում է իր հանգուցալուծմանը, իսկ մյուս կողմից, այդ գործընթացի չբացառված հերթական ձախողման դեպքում, արդեն բավականին իրական է դառնում Ադրբեջանի նախաձեռնությամբ պատերազմի վերսկսման վտանգը։ Նման պարագայում իշխանությունը, բնականաբար, գիտակցում է, որ, մեղմ ասած, իր նկատմամբ սեփական ժողովրդի տածած լիակատար անվստահության պաշարով ո՛չ կարող է Ղարաբաղի հարցում գնալ որեւէ լուծման, ո՛չ էլ հաջող պատերազմ վարել Ադրբեջանի դեմ։ Ուստի նա հարկադրված է, ժողովրդին սիրաշահելու եւ երկրի ներսում թեկուզ նվազագույն աջակցություն գտնելու նպատակով, լուրջ զիջումների գնալ, որոնց շարքը, վստահ եմ, չի սահմանափակվում ներկա փուլում Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջների կատարմամբ։ Շուտով, անշուշտ, կլինեն նոր աղմկահարույց պաշտոնանկություններ եւ իշխանության որոշ ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներ՝ կոռուպցիայի դեմ ծրագրված լուրջ պայքարի եւ օրինականության հաստատման ուղղությամբ վճռականության դրսեւորման տպավորություն ստեղծելու եւ կրկին ժողովրդի սիրտը շահելու անսքող ակնկալիքով… Վերջին շրջանում իշխանության վարքը պայմանավորող հաջորդ էական գործոնը սոցիալական բողոքի հաճախակիացած ցույցերն են՝ կապված փողոցային առեւտրի արգելման, ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների բարձրացման, վրացական համարանիշներով մեքենաների խնդրի, իսկ օրերս նաեւ Երեւանի «Վերնիսաժի» փակման եւ հարսանյաց ու ծաղկի սրահների հարկային բեռի ծանրացման հետ… Վերը թվարկված գործոնների կարեւորությամբ հանդերձ, իշխանության վերջին շրջանում դրսեւորած զիջողական եւ որոշ առումով բանական պահվածքի գլխավոր պատճառն, այնուամենայնիվ, պետք է համարել երկրի անմխիթար սոցալ-տնտեսական իրավիճակը եւ դրանից ելք չգտնելու գիտակցությունը…»:
Տեր-Պետրոսյանի ելույթից մեր ստացած տպավորությունները գուցե սուբյեկտիվ են, գուցե դրանք առանձանապես դուր չգան արագ փոփոխությունների ձգտող հազարավոր մեր քաղաքացիների, բայց ակնհայտ է, որ, անկախ հրապարակում եւ հռետորների կողմից հնչեցվող կարգախոսներից, արտահերթ ընտրությունների անցկացման ՀԱԿ պահանջը երկխոսության օրակարգում իմպերատիվ չի լինելու: Սրա վառ ապացույցն են հանրահավաքում Տեր-Պետրոսյանի հնչեցրած խոսքերը, որոնք արդարացիորեն սահմանազատում են երկխոսությունը կողմերից մեկի կապիտուլյացիայից: «Այսպիսով, նկատի ունենալով Հայ Ազգային Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջների կատարման հանգամանքը, մենք արդեն պատրաստ ենք իշխանության հետ ֆորմալ, այսինքն պատվիրակությունների մակարդակով երկխոսության։ Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3–5 հոգուց, եւ իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը։ Բնականաբար, նույնը պետք է անի նաեւ իշխանությունը՝ թե՛ պատվիրակություն կազմավորելու, թե՛ սեփական օրակարգը ներկայացնելու առումով։ Կոնգրեսի օրակարգը հայտնի է՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք նաեւ իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը»- իր պատկերացրած երկխոսությունը նկարագրում է առաջին նախագահը։
Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ ընդգծել է քաղաքական այն շրջանակն, որն առավելապես տուժելու է իշխանություն-ՀԱԿ երկխոսության պարագայում. «Առավել անհանգստացած է Հայաստանի «ամենանյարդացած» ու խուճապահար անձը, որը մեզանից լավ գիտե, թե ինչ հիմքեր ունի անհանգստանալու ու խուճապի մատնվելու համար։ Անշուշտ, անհանգստացած ու նույնիսկ ահաբեկված են իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնց այդ անձը, սեփական կաշին փրկելու համար, իր վերջին հարցազրույցով, ինչպես ասում են, «փուռը» տվեց, մինչ ժամանակին նրանց հրապարակավ խոստացել էր, որ ոչ մի ոստիկան մարտի 1-ին կատարած ոճրագործությունների համար չի դատվելու։ Անհանգստության նշաններ են նկատվում նաեւ որոշ արտաքին ուժերի մոտ, որոնց ամենեւին ձեռնտու չէ Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի առողջացումը, քանի որ դրանով նրանք կզրկվեն վերջինիս քաղաքական վարքագծի վրա ազդելու մինչ այժմ ունեցած լծակներից։ Չափից ավելի անհանգստացած է դաշնակցությունը, որը բացահայտորեն ու տենդագին կերպով լծված է երկխոսության վարկաբեկման եւ խափանման գործին։
Իշխանափոխության իրականացման համար անհրաժեշտ քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում դեռեւս բավարար լիցք չի պարունակում կամ համապատասխան կոնդիցիայի չի հասել»:
Հաջորդ հանրահավաքի օրը չհայտարարվեց: Հրապարակն առայժմ հանգստանալու է` առժամանակ դադարելով ճնշման գործիք լինել իշխանությունների նկատմամբ: Արձակուրդում է նաեւ քաղաքական կյանքում միայն դեկորատիվ նշանակություն ունեցող Ազգաին ժողովը` իշխանության կողմից մենաշնորհված ամբիոնով:
Երկխոսության հարթակը հիմա մեր քաղաքական կյանքի գլխավոր դերակատարն է:
Այն կամ ծնունդ է տալու որակապես նոր քաղաքական մշակույթի` մրցակցության եւ կոմպրոմիսների հատկանիշներով, կամ դառնալու է զարգացումն արգելակող անտագոնիստական համակարգի հայելին:
Առայժմ կանգնած ենք երկընտրանքի առաջ: Պատասխաները կստանանք աշնանը:
ՀԱԿ առաջադրած երեք պայմաններն իշխանությունը կատարել է, թեև ընդդիմության կողմից քաղբանտարկյալ ճանաչված անձանցից երեքը գտնվում են անազատության մեջ, և հազիվ թե վաղը փոխվի նրանց կարգավիճակը:
Այնուամենայնիվ, ՀԱԿ-ում ասում են, որ իշխանությունը կատարել է իրենց պահանջները և վաղվա հանրահավաքում պատրաստվում են հանրագումարի բերել քաղաքական անցած ցիկլի արդյունքները:
Իսկ հասարակությանը և քաղաքագիտական շրջանակներին առավելապես հուզում է, թե ինչ է լինելու առաջիկա շաբաթներին, ամիսներին, որովհետև ակնհայտ է, որ քաղկալանավորների ազատարձակմամբ հանրապետությունում կուտակված բոլոր հարցերը չեն լուծվելու կամ էլ` մարդկանց կյանքի որակը չի լավանալու:
Ի վերջո, ՀԱԿ երեք պահանջների կատարումով իշխանությունն ընդամենը վերացրել է Մարտի 1-ի որոշ հետևանքներ. ապագային վերաբերող հարցերը մնում են օդում կախված:
Իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա:
Առաջին. ընդդիմությունը, ինչպես խոստանում են ՀԱԿ առաջնորդները, ոգևորության ալիքի վրա պահանջում է արտահերթ ընտրությունների անցկացում և միայն այդ հիմքով է համաձայնում բանակցել իշխանության հետ: Իշխանությունը, բնականաբար, այդ պահանջը չի ընդունելու. այդ դեպքում երկխոսությունը կամ չի կայանա, կամ էլ` անարդյունավետ ավարտ կունենա: Արտահերթ ընտրություններ էլ տեղի չեն ունենա, բայց քաղաքական վիճակը դարձյալ կարող է սրվել, այս անգամ` խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Իհարկե, այս սցենարի դեպքում` արտահերթ ընտրությունների տեսական հնարավորություն կա, բայց դա կապված է ոչ թե ընդդիմության պահանջի, այլ` ԼՂ կարգավորման գործընթացում ֆորսմաժորային հնարավոր զարգացումների հետ: Սակայն առայժմ հիմքեր չկան լրջորեն քննարկելու այդ հնարավորությունը:
Երկրորդ. ընդդիմությունն իր օրակարգում պահում է արտահերթ ընտրությունների պահանջը` սեփական էլեկտորատին մոբիլիզացնելու համար, սակայն երկխոսության ժամանակ այդ պահանջը չի պնդում: Այդ պարագայում, երկխոսությունը միտված է լինելու երկու խնդրի լուծմանը` իշխանությունը և ՀԱԿ-ը ճանաչում են միմյանց գոյությունը, մշակում «խաղի կանոններ», որոնք վերաբերելու են խորհրդարանական և նախագահական առաջիկա ընտրություններին, համակարգային բարեփոխումներին: Սա էվոլյուցիոն բարեփոխումների ճանապարհն է, որը ռեսուրսատար ու ժամանակատար է, բայց անցնցում է ու իր մեջ զարգացման ռեսուրս է պարունակում:
Երրորդ. իշխանությունը ՀԱԿ առաջադրած պայմանները կատարել է ոչ թե վերջինի հորդորով, այլ` միջազգային խաղացողների առջև ստանձնած պարտավորություններից ելնելով: Եթե այդպես է, իշխանությունը ՀԱԿ-ի հետ բանակցելու անհրաժեշտություն չունի: Եթե այդ երեք պահանջի կատարումով էլ իշխանությունը պատկերացնում է բարեփոխումը, ապա «խաղի կանոնների» փոփոխություն չենք նկատի, որովհետև մի կողմում կլինի վերարտադրության գերխնդիր ունեցող իշխանությունը, մյուս կողմում` արմատական շեշտադրումներն ուժեղացրած ընդդիմությունը:
Թե վարկածներից որն է իրականը` ցույց կտան առաջիկա շաբաթների գործընթացները: Մեզ մնում է սպասել ու հետևել իրադարձությունների զարգացմանը:
Արդեն ակնհայտ է, որ ՀԱԿ-ի կողմից քաղբանտարկյալ ճանաչված գոնե երեք անձ վաղը ազատության մեջ չեն լինի: Սա կարող է ֆորմալ պատճառ լինել, որպեսզի հանրահավաքում հայտարարվի, որ ընդդիմության երրորդ պահանջն ամբողջովին կատարված չէ, հետևաբար` երկխոսության նախադրյալները բացակայում են:
Սակայն քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Սարգիս Հացպանյանն ու Մուրադ Բոջոլյանն այսօր նամակներ են հասցեագրել ՀԱԿ ղեկավարությանը` նպատակ ունենալով կանխել իրադարձությունների նման ընթացքը:
Մուրադ Բոջոլյանը հիշեցնում է, որ շուտով լրանում է իր անազատության վերջնաժամկետը՝ նշելով, որ չէր ցանկանա՝ այդ փաստը խոչընդոտեր իշխանության ու ՀԱԿ-ի հնարավոր երկխոսությանը:
Սարգիս Հացպանյանն իր նամակում կոչ է անում երկխոսություն սկսել իշխանության հետ՝ օգտվելով շարժման «այսօր առկա ուժային և դիրքային հզոր առավելությունից»: «Գտնում եմ, որ եզակի այդ հնարավորությունը չի կարելի կորցնել, և ինձ ազատ չարձակելը չի կարող դրան խանգարող պատճառ հանդիսանալ: Վստահ եմ, որ նման պատասխանատու պահին այս դիրքորոշմամբ շատ ավելի մեծ նպաստ եմ բերում վերջնական հաղթանակին և արագացնում եմ այն, ուստի պահանջում եմ հարգել իմ այս խնդրանքը»,- գրում է նա:
Անկախ այն հանգամանքից, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես է վերաբերվում այս երկու գործիչներին, գործունեությանը` նրանց այսօրվա հրապարակային քայլը միայն հարգանքի և ակնածանքի է արժանի: Նույնիսկ անազատության մեջ նրանք վերացրեցին այն փոքր խոչընդոտը, որն առնվազն բարոյական հարթության մեջ կարող էր ի չիք դարձնել իշխանություն-ընդդիմություն երկխոսության հնարավորությունը:
Հացպանյանի և Բոջոլյանի քայլը որքան բարոյական է, այնքան էլ` պարտավորեցնող: Պարտավորեցնող է քաղաքական առաջնորդների, իշխանության և ընդդիմության առանցքային դերակատարների համար: Եթե մարդիկ` իրենց անազատության գնով, պատրաստ են նպաստել երկխոսությանը, համաձայնությանը, քաղաքական այրերը պարտավոր են մի կողմ թողնել իրենց ամբիցիաները, շահերը և միասնական ուժերով ձևավորել այն օրակարգը, որ երկիրը դուրս կբերի ճգնաժամից:
Հույս ունենանք, որ անազատության մեջ գտնվող մարդկանց ուղերձը հենց այդպես էլ կգնահատվի: Ուղերձը չպետք է դառնա սոսկ արժեվորման կամ հիացմունքի առիթ, այլ պետք է խթանի ռացիոնալ վարքագիծն այն մարդկանց, որոնց կեցվածքից ու հարաբերություններից էլ կախված են մեր երկրի կայունությունն ու զարգացումը, քաղաքական համակարգի հեռանկարը:
Այսօր մենք տոնում ենք Հանրապետության օրը:
Միշտ այն կարծիքին եմ եղել, որ օրվա խորհուրդը և տոնի անվանումն իրար չեն համապատասխանում:
Դարեր շարունակ Հայաստանը զրկված է եղել անկախությունից, և մայիսի 28-ն ավելի շուտ անկախության վերականգնման օր է: Նոր Հանրապետության կառավարման ձևը, ժողովրդավարական ու ընտրական ինստիտուտների նշանակությունն այդ պարագայում երկրորդական նշանակություն են ունեցել:
Առաջին Հանրապետությունն, ըստ էության, ծնունդ է մեզանից դուրս՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործոնների: Ընդամենը երկու և կես տարվա պատմություն ունեցած Հանրապետության վախճանը նույնպես առավելապես հետևանք է արտաքին գործոնների:
Այս հանգամանքն, իհարկե, չի նշանակում, որ մեր ժողովուրդն արժանի չէր անկախությանը, կամ որ՝ Առաջին Հանարապետության էլիտան պատասախանատու չէ անկախության կորստի համար:
Սարդրապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերը ցույց տվեցին, որ մեր ժողովուրդն ունի ազատության, անկախության ձգտում: Ընդ որում, այդ ճակատամարտերը կանխորոշեցին ոչ միայն Հանրապետության ծնունդը, այլ՝ նաև ապահովեցին մեր ժողովրդի անվտանգությունը, սեփական հողի վրա ապրելու նրա իրավունքը: Պատահական չէ, որ Մայիսի 28-ն ավելի շատ ասոցացվում է ոչ թե անկախության, այլ հենց՝ Սարդարապատի, մյուս ճակատամարտերի հետ:
Առաջին Հանրապետության պատմությունը չափազանց հակասական է. Երազանքներ ունեցող, բայց անկախությանն անպատրաստ էլիտա, Մեծ Հայաստանին ձգտող, սակայն իրական հայրենիքի արժեքը չգնահատող քաղաքականություն, բազմաթիվ ներքին և արտաքին պրոբլեմներ, որոնք չարժանացան համակարգային լուծման՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների պատճառով:
Առաջին Հանրապետության ծնունդն արգասիք է տասնամյակների ազգային-ազատագրական պայքարի, Առաջին Հանրապետության վախճանը հետևանք է հայ ավանդական քաղաքական մտքի սնանկության:
Ազգային մաքսիմալիզմը, որը բնորոշ էր դաշնակցական էլիտային՝ ոչ մի կապ չուներ Առաջին Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների հետ:
Իրական հայրենիքի ներքին խնդիրները լուծելու փոխարեն՝ Առաջին հանարապետության հիմնադիրները հետապնդեցին Ազատ, Անկախ Միացյալ Հայաստան ստեղծելու միանգամայն անիրատեսական ծրագիրը: Արդյունքն այն էր, որ նրանք Առաջին Հանրապետության փլատակների վրա խմում էին Սևրի ոչինչ չասող պայմանագրի կենացը:
Այնուամնենայնիվ, Առաջին Հանրապետությունը մեր ազգային երազանքի կարևոր հանգրվանն էր, կառավարման համեմատաբար ժողովրդավարական մոդելի կրող:
Եթե չլինեին մեր ժողովրդի ազատության ձգտումը, հերոսական պայքարը, Առաջին Հանարապետությունը, չէին լինի նաև Երկրորդ և Երրորդ Հանրապետությունները, այսօրվա Հայաստանը:
Մաիսի 28-ն արժևորման և խորհելու օր է, դասեր քաղելու և անցյալին նայելու կարևոր մի ամսաթիվ:
«Իշխանությունները գնում են քաղբանտարկյալներին ազատ արձակելու ճանապարհով, քանի որ ի սկզբանե որոշել են կեղծել առաջիկա ընտրությունները: Այսինքն, քաղբանտարկյալներ պահելով ընտրություններ կեղծելը կնշանակեր պայքար երկու ճակատով, այդ պատճառով էլ իշխանությունը բաց է թողնում քաղբանտարկյալներին, որպեսզի «ավելի ազատ կարողանա կեղծել ընտրությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով համաներման խնդրին:
Պատգամավորի խոսքով սա այն չէր ինչ «Ժառանգությունը» սպասում էր.« Միանշանակ է, որ սա այն չէր, ինչ մենք սպասում էինք: Իսկ քաղբանտարկայլները պետք է ավելի շուտ ազատվեին »,- նշեց պատգամավորը` ավելացնելով , որ ընդունելի չէ քաղբանտարկյալների այս կերպ ազատելու ձևը. «Այս կերպ չի ընդունվում, որ նրանք ի սկզբանե անմեղ են եղել: Բացի այդ, նրանց հետ միասին համաներմամբ բանտից կազատվեն մարդիկ, որոնք գուցե կարող են վտանգավոր լինել հասարակության համար»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա, ըստ Արմեն Մարտիրոսյանի, դա տրամաբանական է այս իշխանության և ՀԱԿ-ի միջև, քանի որ երկուսն էլ նույն մոտեցումներն ունեն ԼՂ հարցի և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված.«Արտաքին ուժերի կողմից երկխոսությունն ու համաներումը ողջունելը ևս այս կոնտեքստում է»,- ասաց նա:
Պատգամավորը շեշտեց, որ այդ երկխոսությունը չակերտավոր երկխոսություն է, քանի որ հասարակությունը երբևէ չի բարձրացրել երկխոսության խնդիր, այլ բարձրացրել է արմատական բարեփոխումների խնդիրը:
«ՀԱԿ-ն իր ամբողջ ներուժն օգտագործելու է օր առաջ արտահերթ ընտրութուններ անցկացնելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Ըստ նրա արտահերթ ընտրությունների պահանջը շարունակում է մնալ ՀԱԿ-ի օրակարգի առանցքում, սակայն հետագայի մանրամասները կներկայացվեն մայիսի 31-ի համապետական հանրահավաքում, որտեղ կամփոփվի ծրագրի առաջին փուլը, և կնախանշվի երկրորդ փուլի ուղին։
Մուսինյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը ելույթ կունենան մայիսի 31-ի հանրահավաքին, ինչը նոր թափ կհաղորդի շարժմանը։
Մուսինյանը համոզված է, որ արտահերթ ընտրությունները անհրաժեշտություն են: Իսկ բանակցությունները իշխանության և ՀԱԿ-ի միջև, շարունակվելու է. «Այս երեք պահանջների լուծմամբ քաղաքական ճգնաժամը Հայաստանում չի ավարտվել։ Այն փաստը, որ ընտրությունները կեղծվել են, և ոչ լեգիտիմ իշխանություն է ստեղծվել, արդեն հարատև ճգնաժամ է ստեղծել»:
Ասուլիսի վերջում Մուսինյանն ընդգծեց .«Մենք պահանջել ենք, որ մեր ընկերները մեր կողքին լինեն մայիսի 31-ի հանրահավաքին, թե ինչ տեխնիկական մեթոդներով դա կարվի՝ իշխանության պրոբլեմն է»:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղեկացրել է, որ Հայաստանի երկրորդ նախագահը օրերս Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:
Հանդիպման բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում: Անկեղծ ասած, այնքան էլ չեմ կարեւորում զրույցի բովանդակությունը: Այս պարագայում դա այնքան էլ կարեւոր չէ:
Ավելի կարեւոր է բուն հանդիպման փաստը` հատկապես մեր երկրի ներքաղաքական վերջին զարգացումների համատեքստում: Նախկինում էլ Քոչարյանը նման հանդիպումներ ունենում էր, սակայն դրանց մասին տեղեկատվություն տարածվում էր կամ ուշացումով, կամ էլ` այլ աղբյուրների կողմից: Հիմա հանդիպման փաստը հրապարակայնացնում է երկրորդ նախագահի գրասենյակը:
Իշխանություն — ՀԱԿ հնարավոր համաձայնությունների համատեքստում շատերն էին խոսում, որ Ռոբերտ Քոչարյանը թիրախ է դառնալու, ավելի ստույգ` պատասխանատվության է կանչվելու Մարտի 1-ի գործով: Քննություն իրականացնող մարմինը նույնիսկ չհերքեց, որ Քոչարյանը կարող է հարցաքննության կանչվել:
Երկրորդ նախագահն որոշակի վտանգ զգաց եւ շտապեց հարցազրույց տալ «Մեդիամաքս» գործակալությանը: Դրան հետեւած բուռն արձագանքը Քոչարյանին հուշեց, որ այդ հարցազրույցը նպատակին չի ծառայել, ավելին` տվել է տրամագծորեն հակառակ արդյունքը:
Սեփական հզորությունը ցույց տալու ավելի լավ առիթ, քան Պուտինի հետ հանդիպումն էր` Քոչարյանը գտնել չէր կարող:
Նա ակնհայտորեն Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին ցույց է տալիս, որ Պուտինի պես «տանիք» ունի եւ, անհրաժեշտության պարագայում, կարող է նաեւ հակահարված տալ:
Մի բան, սակայն, երկրորդ նախագահը սխալ է հաշվարկել: Իշխանություն-ընդդիմություն հնարավոր երկխոսության եւ քաղաքական լարվածության լիցքաթափման ֆոնին` արտաքին միջամտության հնարավորություններն էապես սահմանափակվում են: Հատկապես որ` Ռուսաստանի այսօրվա ղեկավարության նկատմաբ մեր հասարակության պատկերացումներն էապես փոխվել են. Պուտինը շատ հայաստանցիների համար ասոցացվում է բռնության հետ, հետեւաբար` այդ մարդու հետ ասոցացումը, դժվար թե դիվիդենտ բերի որեւէ գործչի:
Դաշնակցությունն այսօր Ազգային ժողովի դատին ներկայացրեց կառավարությանը պատասխանատվության կանչելու և անվստահություն հայտնելու հարցապնդում-առաջարկը: ՀՅԴ-ն ասում է, թե կառավարությանը հարկավոր է անվստահություն հայտնել և անհրաժեշտ է դա անել հենց հիմա, քանի որ 4 ամիս հետո շատ ավելի վատ է լինելու, քանի որ այս կառավարությունն օրեցօր միայն ավելի է վատացնում իրավիճակը: Նման եզրակացության հանգելուն ԱԺ ընդդիմադիր խմբակցության համար հիմք են ծառայել կոալցիոն հուշագրի 22 առաջնահերթությունները, կառավարության հռչակած ծրագրերը, նախանշած նպատակները և կատարած քայլերը:
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ կառավարությունը «առնվազն հինգ ուղղությամբ ձախողել է` սոցիալ—տնտեսական քաղաքականության հռչակած ցուցանիշների մասով, հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետության մասով, ՀՀ կառավարության նախաձեռնած մի շարք իրավական ակտերի սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխանության մասով, գնաճի զսպման կարողության մասով, հայրենադարձության խթանման և արտագաղթի կանխման արդյունավետության մասով»:
ՀՅԴ-ն իր նկատառումները նախ ներկայացրել է կառավարությանը, որտեղից ստացված պատասխանը ընդդիմադիրներին ավելի է համոզել իրենց իրավացիության մեջ: Կառավարությունն իր հռչակած ծրագրերի ձախողումը կապում է հիմնականում ճգնաժամի և նախկինից ժառանգած` արտաքին ցնցումների նկատմամբ խիստ զգայուն տնտեսական համակարգ ունենալու հետ: Եթե նման ժառանգություն են ստացել, ի՞նչ կարող ենք անել` ասել են կառավարությունում: Դաշնակցականները սակայն բացել են կառավարության 2008թ. ծրագիրը, որտեղից պարզ երևում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությանը 2008-ին շնորհակալություն էր հայտնում, որ ավելի քան լավ ժառանգություն է ստացել:
«Տնտեսական աճի բարձր տեմպերը երկրի հետագա զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման համար լավ հիմքեր են ստեղծել: Տնտեսական աճի և սոցիալական ճիշտ քաղաքականության շնորհիվ արձանագրվել է աղքատության զգալի կրճատում: 2001-2006թ-ից տարեկան 13 տոկոս աճը ամենաբարձրն է տարածաշրջանում» և այսպես շարունակ: Անցնում է երեք տարի և ահա թե ինչ է ասում կառավարությունը. «Մինչ ճգնաժամը մեր երկրի տնտեսական համակարգը կուտակել էր արդեն իսկ արտաքին ցնցումներին դիմակայելու թույլ կարողություններ և տնտեսությունում ճշգրտումների զգալի պահանջ, իսկ ճգնաժամը ուղղակի արագացրեց այդ գործընթացը»:
«Տպավորությունը այն է, որ այս երեք տարիների ընթացքում կառավարությունը արել է մի բան, ասել է մի բան, իսկ մտածել է բոլորից թաքուն միանգամայն այլ բան»,- ասում է Արմեն Ռուստամյանը: Դաշնակցականներն ասում են` եթե նման համակարգ էր բաժին ընկել, ապա ինչու՞ էիք գովերգում այդ համակարգը, եթե պատճառը ճգնաժամն էր, ապա ինչու՞ էր այն ժամանակ, երբ արդեն աշխարհի գերտերությունները իրար էին խառնվել, որպեսզի կարողանան ճգնաժամը մի փոքր հաղթահարել, ասում, թե ճգնաժամը մեզ չի սպառնում, թե մենք անգամ կարող ենք դրանից օգուտ քաղել: Իսկ գյուղատնտեսության բնագավառում անցյալ տարի արձանագրված խայտառակ անկումն արդեն կառավարությունը վերագրում է բնակլիմայական պայմաններին:
«Ժառանգություն, ճգնաժամ, և բնակլիմայական պայմաններ: Մնում է միայն ցավակցել կառավարությանը, որ նրան բաժին է ընկել նման համակարգ»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն առաջարկեց կառավարությանը անվստահություն հայտնելու առաջարկի քվեարկությունը կազմակերպել վաղը: ԱԺ նախագահը պատասխանեց, թե կարիք չկա, քանի որ կոալիցիան, միևնույն է, դեմ է քվեարկելու: Հենց այդ ժամանակ էլ քվեարկությունները սկսեցին իրար հետևից տապալվել: Ասպարեզ մտավ նաև Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Նա որոշեց դաս տալ Հովիկ Աբրահամյանին և ցույց տալ բոլորին, թե ինչ կարգի բարձր պրոֆեսիոնալ կորցրեց ՀՀԿ-ն` ի դեմս իրեն: ՀՅԴ-ն առաջարկն ուղղել էր ՀՀ նախագահին` կառավարության անվստահության հարցը քննարկելու համար: ԱԺ նախկին խոսնակը հայտարարեց, թե ըստ ՀՀ Սահմանադրության կառավարությանը կարող է անվստահություն հայտնել միայն Ազգային ժողովը, իսկ նախագահը` ոչ: Հովիկ Աբրահամյանը խնդրեց ասել իրեն, թե դա ո՞ր հոդվածն է, որ կարդա, բայց դաշնակցականները պնդեցին, թե իրենց հարցապնդում-առաջարկը միանգամայն օրինական է: Երրորդ անգամ միայն քվեարկությունը կայացավ: Եվ հենց այս քվեարկությունն էլ բացահայտեց, թե ինչքան դժգոհներ կան խորհրդարանում Տիգրան Սարգսյանի կառավարությունից:
Գրանցված 97 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին ընդամենը 23-ը, միայն ընդամենը 13-ը դեմ քվեարկեց, այսինքն` փրկեց Տիգրան Սարգսյանին և նրա նախարարներին, իսկ 10 դաշնակցականները, բնականաբար, կողմ քվեարկեցին: Արդյո՞ք եթե «Ժառանգությունը» մասնակցեր նիստի աշխատանքներին և աջակցեր ՀՅԴ-ին` կարելի կլիներ իսկապես կառավարության անվստահության հարցը բարձրացնել մինչև նախագահ: Դժվար է ասել… Չի բացառվում, որ այն ժամանակ ևս մի երեք հոգի կգտնվեին` Տիգրան Սարգսյանին փրկելու համար, սակայն անգամ այդ հնարավորությունը տեղ չի թողնում կասկածի, որ այսօրվա քվեարկությունը ավելի քան հստակ պատասխան էր կառավարությանը: Պետք է առնվազն կույր լինել` քաղաքական հստակ դիրքորոշում չտեսնելու համար կոալիցիայի պատգամավորների չքվեարկելու մեջ: Իսկ դաշնակցության բերած փաստերը ավելի քան խոսուն էին…
«Ավաղ, քաղաքական երկխոսության շրջանակները նեղացվել են իշխանություն –ՀԱԿ ձևաչափով՝ մոռանալով, որ երկխոսությունը նախ և առաջ սեփական ժողովրդի և նրան ներկայացնող բոլոր քաղաքական ուժերի հետ պետք է ծավալել։ Երկխոսություն, որի առանցքում պետության և երկրի հեռանկարն է և ամենակարևորը՝ միջին թվաբանական հայը, որն այսօր աներևակայելի նվաստացումների ճանապարհ է անցնում իր գոյությունն ապահովելու համար»,– քիչ առաջ խորհրդարանական հայտարարությունների ժամին ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը:
Դաշնակցականներն, իհարկե, խանդով ու վերապահումներով են ընդունում ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսության փաստը: Սա նորություն չէ:
Բայց Լիլիթ Գալստյանի կարծիքը փոքր-ինչ դուրս է դաշնակցական օրինաչափության տրամաբանությունից եւ, մեծ հաշվով, ձեւակերպում է այն օրակարգը, որի շուրջ պետք է տեղի ունենա երկխոսությունը կամ` քաղաքական գործընթացն առհասարակ:
Քաղաքական ուժերի երկխոսությունը ռացիոնալ կարող է լինել, եթե միտված է հասարակական համաձայնության կայացմանը, քաղաքացու կյանքի որակի բարելավմանը:
Հակառակ պարագայում` երկխոսություն կոչվածը վերածվում է կաբինետային մի գործարքի, որի երկու կամ մի քանի մասնակիցներ բավարարում են իրենց քաղաքական եւ ոչ միայն քաղաքական հետաքրքրությունները` երկրում առակա պրոբլեմներն անտեսելով, քաղաքացուն մենակ թողնելով իր դարդ ու ցավի հետ:
Կարեւոր մի դիտարկում եւս. Երկխոսության սուբյեկտները պետք է անկեղծ լինեն իրենց համակիրների, այսօրվա եւ պոտենցիալ էլեկտորատի հետ:
Օրինակ, ոչ ոք չի կարող ասել, որ այսօր հասարակությունը, կամ առնվազն` նրա քաղաքականացված հատվածը, չեն մասնակցում այն գործընթացին, որը հնարավոր է` բերի իշխանություն — ՀԱԿ երկխոսությանը: Հասարակությունը, ակտիվ կամ պասիվ, մասնակցում է այս գործընթացին: Լեւոն Տեր-Պետրոսյանը հասարակության առաջ է հնչեցնում իշխանությանը հասցեագրված պահանջները, իշխանությունը նույնպես ի տես հասարակության է կատարում այդ պահանջները:
Բայց այս գործընթացում քաղաքական սուբյեկտների առաջնորդներն անկեղծ չեն իրենց համակիրների հետ, ինչը կարող է հիասթափեցնել հազարավոր մարդկանց:
Օրինակ, երբ իշխանության ներկայացուցիչներն անընդհատ ասում են, որ իրենք ունեն իրենց օրակարգը եւ չեն կատարում ընդդիմության պահանջները` դա ծիծաղելի է թվում, որվհետեւ տեսանելի չէ այն հրաշքը, որ մեկեն իշխանության ավտորիտար օրակարգը դեմոկրատական դարձրեց:
Ընդդիմությունն էլ երկխոսության գաղափարը նեղացրել` հանգեցրել է արտահերթ ընտրության նախապատրաստաման ինչ-որ միջավայրի: Սա նույնպես ծիծաղելի է, որովհետեւ ՀԱԿ-ին հետեւող հազարավոր մարդիկ գիտակցում են, որ ներքաղաքական լարվածության լիցքաթափման ֆոնին` արտահերթ ընտրության պահանջը, մեղմ ասած, ադեկվատ չէ:
Երկխոսությունը քաղաքական ճգնաժամի հաղթահարման ամենառացիոնալ միջոցն է, բայց` եթե իշխանության եւ ՀԱԿ առաջին դեմքերին պակասի անկեղծությունը, երկխոսությունից կմնա միայն կամուֆլյաժը, որից ակնհայտորեն գործարքի հոտ կգա:
Շատերն են այս օրերին վերլուծություններ անում իշխանություն-ՀԱԿ հնարավոր երկխոսության շուրջ, հնչում են նույնիսկ անիրական թվացող վարկածներ:
Ըստ վարկածներից մեկի` ՀԱԿ-ն ու իշխանությունն ոչ միայն համագործակցելու են, այլ նաև` որոշակի համաձայնությունների են գալու: Խոսվում է այն մասին, որ կարող է կրկնվել 1999 թ.-ի Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան դաշինքի նախադեպը:
Այսօր նման մի տեսակետ հնչեցրել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որը սիրում է հպարտանալ գաղտնի ինֆորմացիաների տիրապետելու իր տաղանդով:
Նա ասում է, որ իշխանության և ՀԱԿ-ի վարքագիծը թելադրվում է արևմտյան կոնկրետ կենտրոնից` նպատակ ունենալով Հայաստանից զիջումներ կորզել հայ-թուրքական և ԼՂ խնդրի կարգավորման գործընթացներում:
Ես չգիտեմ` Կարապետյանն ինչ մոտիվներով է պատկերացնում իշխանություն-ՀԱԿ դաշինքը, բայց այդ հեռանկարն ինձ անիրական է թվում, նաև` ոչ օրինաչափ:
Այո, հնարավոր երկխոսությունը կարող է թուլացնել անտագոնիզմը քաղաքական հիմնական սուբյեկտների հարաբերություններում, սակայն չի կարող առաջացնել դաշինքային հարաբերություններ:
Սխալ է պարոն Կարապետյանի պնդումը, թե ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ն ունեն գաղափարական ընդհանրություններ: Սխալ է առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանի քաղաքական պայքարի բնութագրիչը բնավ էլ գաղափարական հատկանիշը չէ:
Բացի դրանից, միանգամայն տարբեր են այն իրավիճակները, որոնք առաջացան 1998-ի և 2008-ի նախագահական ընտրություններից հետո: Կարեն Դեմիրճյանը չընդունեց նախագահական ընտրությունների արդյունքները, բայց չընդդիմացավ դրանց դեմ, հետընտրական զարգացումներ չեղան: Ավելին, մինչև 1999-ի խորհրդարանական ընտրությունները` չեմ հիշում, որ երջանկահիշատակ Կարեն Սերոբիչը հրապարակավ արտահայտված լիներ իշխանության դեմ: Դաշինքի մյուս սուբյեկտը` Վազգեն Սարգսյանը, առանցքային դերակատարություն ուներ այն օրերի իշխանության մեջ, սակայն նա չէր եղել ՀԺԿ նախագահի մրցակիցը նախագահական ընտրություններում:
2008-ի ընտրությունները, դրանց հետևանքները, Մարտի 1-ը շատ լուրջ խոչընդոտ են, որպեսզի Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կարողանան դաշինք կազմել: Նման հեռանկարը գրեթե բացառվում է:
Էլ չասած, որ Հայաստանում դաշինքները ձևավորվում են ոչ միայն միավորող հատկանիշներով, այլ նաև` «ընդդեմ»-ի սկզբունքով: 1999-ին այդ «ընդդեմ»-ի մասին չէր բարձրաձայնվում, բայց բոլորին էլ ակնհայտ էր, որ Դեմիրճյան-Սարգսյան զույգի հաղթանակն էապես սահմանափակելու էր այն օրերի նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը:
Այսօր Քոչարյանը իշխանությունից դուրս է, և հազիվ թե Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը միավորվեն պաշտոնանկ եղած նախագահի դեմ: Միավորող այլ մոտիվներ էլ առանձնապես չեն երևում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.