29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ին, կմեկնի Բելգիայի թագավորություն:
ԱԱԽ մամուլի գրասենյակից հայտնում են, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի հրավերով Արթուր Բաղդասարյանը կմասնակցի կուսակցության Քաղաքական Համաժողովին, որտեղ քննարկման է դրվելու Օրինաց երկիր կուսակցության անդամագրումը Եվրապառլամենտում մեծամասնություն կազմող Եվրոպական ժողովրդական կուսակցությանը:
Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Եվրոպական Ժողովրդական Կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի, Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական Հանձնաժողովի համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մարկուս Կորնարոյի, Եվրոպական Հանձնաժողովի զարգացման եւ համագործակցության-եվրոպական օգնության գլխավոր տնօրինության ղեկավար Անդրեա Ֆոնտանայի եւ ԵՄ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Այսօր Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնն ` նոյեմբերի 7-ին, այցելել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, և հանդիպել «Ազատ Դեմոկրատների» ղեկավարության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին հարաբերություններին, հասարակական-քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, կուսակցության ներկայացուցիչներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Գառնիկ Գեւորգյանը:
Այս մասին հայտնում են «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունից:
Ավստրալիայի Կանբերա քաղաքում գտնվող պաշտպանության ուժերի ակադեմիայում կադետ աղջիկների 70%-ը սեռական ոտնձգության են ենթարկվել: Նման եզրահանգում է արվում զեկույցում, որը պատրաստվել է Ավստրիալիայի զինված ուժերում կանանց նկատմամբ խտրականության դեպքերի հետ կապված սկանդալային դեպքերի հետաքննության արդյունքներով: Սակայն կանանց մեծ մասը, ինչպես նշվում է պաշտպանության նախարարի զեկույցում, դրական է արտահայտվել հաստատության մասին:
Այսինքն` Ավստրալիայի պես խաղաղ երկրի բանակում անգամ չի հաջողվել մտցնել «սեռերի հավասարության» արհեստական տեսական մոտեցումը: Նույնիսկ պատերազմից անչափ հեռու երկրի բանակում չաշխատեց «գենդերային հավասարություն» կոչեցյալը: Այդ երկրի բանակում թեև փորձ արվեց ներմուծել «տոլերանտության և հավասարության» սկզբունքը, սակայն բան չստացվեց, չնայած պաշտպանության նախարարը ձգտում էր ցուցադրաբար այդ սկզբունքները հաստատել: Ռազմական ակադեմիայի աղջիկները գոհ են մնացել, որ նույն հաստատության տղաները իրենց պահել են տղայի, այլ ոչ թե անսեռ միավորի պես: Այսինքն` անգամ Ավստրալիայի պես երկրում բանակը իրեն դրսևորեց որպես պահպանողական ավանդապահ միավոր: Բնականաբար, առավել ևս պատերազմը վերջերս ավարտած Հայաստանում բանակը պահպանողականության բուն է:
Եվ այդ պահպանողականությունը գալիս է մեր երկրի կյանքի բոլոր ոլորտները: Աղմկալի ամենօրյա պաշտոնափոխությունների շարանում մեր հանրությունը բավականին քիչ ուշադրություն է դարձրել նոր ոստիկանապետի անձի վրա, մինչդեռ դա արտացոլում է Հայաստանի զարգացման հիմնական վեկտորը:
Նոր ոստիկանապետը եկել է բանակից: Մինչ գլխավոր ռազմական ոստիկան լինելը նա ունեցել է պրոֆեսիոնալ «միլիցայի» կենսագրություն, սակայն դրանով ավարտվում են Վովա Գասպարյանի ռեալ առնչությունները ոստիկանական համակարգի հետ: Նա ուղնուծուծով բանակի ներկայացուցիչ է, քանզի իր կենսագրության մեծ մասը գրանցվել է ՊՆ-ում: Եվ հարց է ծագում` ինչո՞ւ ՀՀ նախագահը երկրի ոստիկանական համակարգը վստահեց հենց բանակայինի: Դա պատահականությո՞ւն է, թե՞…
Եթե դիտարկենք մեր պետական համակարգն ամբողջությամբ, ապա առավելագույնս կայացածը բանակն է: Դա բնական է, զի պատերազմող երկրում այլ կերպ չէր կարող լինել: Եվ Հայաստանում, բնականաբար, հանրության ամենաառողջ և պետականամետ խավը հենց սպաները պետք է լինեն: Եվ հենց սպայական ներկայացուցիչն է ուղնուծուծով մեր նոր ոստիկանապետը:
Տեղի է ունեցել որակական առումով եզակի երևույթ` ոստիկանապետ է դարձել մեկը, ով կապ չունի քաղաքացիական կյանքի կանոնների հետ: Վովա Գասպարյանն այն ոստիկանապետն է, որը առանց քաշվելու կձերբակալի ցանկացածին, այդ թվում` ցանկացած օլիգարխի: Այդ նշանակումով ՀՀ նախագահը կատարել է կարևորագույն քայլ` վերացրել է օլիգարխիկ խավի անձեռնմխելիությունը: Նախորդ ոստիկանապետերից և ոչ մեկը երբեք չէր համարձակվի ձերբակալել որևէ օլիգարխի, անգամ օլիգարխի թիկնապահի շանը դիպչելը դժվարագույն հոգեբանական խնդիր էր: Սակայն նոր ոստիկանապետն ունի բանակայինի ընկալումներ, ում համար քաղաքացիական կյանքի խաղի կանոնները ոչինչ են:
Այժմ արժի դիտարկել. դա եզակի՞ նշանակում է, թե՞ օրինաչափության սկիզբ է ազդարարում: Ուշագրավ է, որ Երևանում կատարված կադրային փոփոխություններին զուգահեռ կադրային փոփոխություններ տեղի ունեցան Ստեփանակերտում: Այդտեղի ազգանունների և պաշտոնների անունները ոչինչ չեն ասի ՀՀ քաղաքացուն, եթե նա արցախցի չէ, ուստի կբավարարվենք ընդամենը օրինաչափության մատնանշումով` բոլոր նոր չինովնիկները նշանակվել են ուժային կառույցների ներկայացուցիչներից: Այսինքն` բոլոր նորանշանակները սպայական խավի ներկայացուցիչներ են:
Կարծում ենք, որ Ստեփանակերտում պարզապես փորձարկվում է այն, ինչն այնուհետ համատարած կկիրառվի ամբողջ երկրում: 1998-ից ի վեր, երբ Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց ՀՀ նախագահ, Ստեփանակերտում փորձարկված կառավարման մեթոդները տեղափոխվում են Երևան: Իսկ ընտրություններին ընդառաջ այդ միտումն էլ ավելի կշեշտվի:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը խոստացել է եվրոպական կառույցներին անցկացնել լրիվ անթերի ընտրություններ: Բայց միաժամանակ անհրաժեշտություն կա ունենալ այդ ընտրությունների կանխորոշված արդյունքներ: Այդ երկու իրարամերժ պահանջների միաժամանակյա բավարարման հարուստ փորձ է կուտակվել Արցախում, ուր հազար աչքի առկայությունը երբեք չի արձանագրել ընտրությունների որևէ թերություն, բայց միաժամանակ ընտրությունների ելքը միշտ կանխորոշված է եղել: Այսինքն` վարչական ռեսուրսը կիրառվել է շատ հստակ, բայց միաժամանակ` շատ հմուտ: Հիմա էլ հրամայական է առաջացել` նույն փորձը կրկնել ամբողջ Հայաստանի մասշտաբով:
Այդ տրամաբանության շրջանակում միանգամայն հասկանալի են դառնում Հովիկ Աբրահամյանի և Միքայել Մինասյանի հրաժարականները: Երկուսն էլ կենտրոնանալու են բացառապես ընտրությունների վրա` որպես ՀՀԿ նախընտրական շտաբի առաջին և երկրորդ դեմք: Երկուսն էլ, թեև համարվելու են պաշտոն չունեցող, բայց ունենալու են փաստացի նույն լծակները, ինչ ունեին մինչ այդ: Հովիկ Աբրահամյանի ունեցած լծակներն ընդհանրապես կապ չունեն ԱԺ խոսնակի պաշտոնի հետ, դե իսկ Միքայել Մինասյանի իրական պաշտոնը ոչ թե ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնն է, այլ ՀՀ նախագահի փեսա լինելու հանգամանքը: Հիմա, երբ նա այլևս աշխատակազմի ղեկավարի տեղակալ չէ, իսկ Հովիկ Աբրահամյանը ամսի 20-ից վայր է դնելու պաշտոնական լիազորությունները, այլևս ոչ ոք չի կարողանալու ասել, թե ՀՀԿ նախընտրական շտաբը պետական լծակներ է կիրառում ընտրություններում հաղթելու համար, թեև և մեկը, և մյուսը չեն կորցնելու իրական իշխանության գեթ մեկ տոկոս:
Եվ դա էապես կնպաստի Սերժ Սարգսյանի առջև ծառացած խնդրի լուծմանը` 2012-ի մայիսին ՀՀԿ-ին ապահովել 2 անգամ ավել քվե, քան կստանա ԲՀԿ-ն, որին այժմ ՀՀ նախագահի դեմ դուրս գալու «գունավոր կտեր» են տալիս և ՀԱԿ-ը, և «Ժառանգությունը», և ՀՅԴ-ն: Նշյալ ուժերը փորձում են չափազանց ճարպիկ դուրս գալ` ուրիշների ձեռքերով և ուրիշների զոհողությունների գնով կռիվ անել իշխանության դեմ և, այդ ուժի բաժին թողնելով բոլոր պատիժները, այդ ուժի հաշվին դիվիդենտներ շահել: Սակայն ԲՀԿ առաջնորդը, չնայած մականունին, հակված չէ այդ «կտերը» ուտելու…
Ինչևէ, վերադառնանք Վովա Գասպարյանի հարցին: Նա թերևս ռազմական էլիտայի առաջին, բայց հաստատ ոչ վերջին ներկայացուցիչն է, ով ստանձնելու է առանցքային քաղաքացիական պաշտոն: Սերժ Սարգսյանը և մինչև ընտրությունները, և հատկապես ընտրություններից հետո էլի զինվորագրելու է զինվորականության վերնախավի ներկայացուցիչների: Զի միմիայն ռազմական էլիտայի ներկայացուցիչներն են, որ կարող են տրորելով անցնել օլիգարխիկ խաղի կանոնները, իսկ առանց դրա ոչ մի էական բարեփոխում երկրում հնարավոր չէ:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
« Ես լսել եմ 17 մանդատի մասին, ես դա հավանական եմ համարում, ես այդպիսի տեղեկություններ ունեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Անդրադառնալով իր ՀԱԿ-ին միանալու որոշմանը ասաց, որ որևէ մեկին չի ասել, թե միանում է ՀԱԿ-ին, այլ ասել է, որ մասնակցելու է հանրահավաքին՝ ժողովրդին ողջունելու համար:
Իսկ ՀԱԿ-ի գործունեության հետ կապված կարծում է, որ ասել թե պայքարն ըմբոստ է, անկանխատեսելի է, չի կարելի: Բանախոսին դուր չի գալիս ՀԱԿ-ի հանրահավաքի շոու պարունակող տարրերը, բայց որպես քաղաքական միավոր կարևորում է ՀԱԿ-ին:
«Ամեն քայլ, բառ համակարգվում է: Դա չի կարող առաջացնել պոռթկում: Իրենք են համակարգում: Սցենար ունեն, ռեժիսոր, իսկ ես կցանկանայի պոռթկում տեսնել»,- ասաց Կարապետյանը`հավելելով, որ կա մի մեծ զանգված, որը չի ընդունում ո՛չ Ս. Սարգսյանին, ո՛չ որոշակի զանգված, որը Լ. Տեր-Պետրոսյանին չի ընդունում. այդ զանգվածի համար ԺԿ-ն կլինի այլընտրանք:
Կարապետիչը չի հասկանում ոչ ոքի. Նրա կարծիքով ՀԱԿ-ը պետք է հստակեցնի իր նպատակները: « Գուցե իրենց համար նույնպես հասկանալի չեն այդ նպատակները: Ինձ համար Ս. Սարգսյանը նույնպես հասկանալի չէ. մի բան է հասկանալի՝ նա հետապնդում է բիզնես-գաղափարներ»,- ասաց Տ. Կարապետյանը:
Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցին` ԺԿ նախագահը գտնում է, որ քաղաքականության մեջ ոչինչ անհնար չէ. հնարավոր է ,որ Ռ. Քոչարյանն իր կապերի շնորհիվ կարող է վերադառնալ քաղաքականություն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում կազմեց արձանագրություն, որով դադարեցվեցին Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մելիքյանի պատգամավորական լիազորությունները: Իսկ համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը տրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի հերթական` հաջորդ թեկնածուին` Մուշեղ Թուրինջի Պետոյանին:
ԿԸՀ որոշումը կայացվեց` հիմք ընդունելով ՀՀ ԱԺ նախագահի 2011 թ. նոյեմբերի 1-ի «ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մելիքյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 26 արձանագրությունը և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 125-րդ հոդվածի 8-րդ մասով:
ԲՀԿ ցուցակի հաջորդ թեկնածուներից Իրինա Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանն ինքնաբացարկ են հայտնել` ներկայացնելով նոտարական վավերացմամբ դիմումներ, հանել են իրենց անունները կուսակցության համամասնական ցուցակից: Համաձայն ընտրական օրենսգրքի` այս դեպքում ինքնաբացարկը համարվում է ընդունելի:
ԲՀԿ-ական Արմեն Մելիքյանը վայր դրեց ԱԺ պատգամավորի իր մանդատը:
Մանդատից հրաժարվելու որոշումը նա պատճառաբանել է, աշխատանքի առաջարկով, որն ինքը ստացել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ նորաբաց էնդոկրին վիրաբուժական ամբիոնում:
Չնայած ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածն ընդամենը արգելում է պատգամավորներին կատարել վճարովի այլ աշխատանք, իսկ դասախոսական, գիտամանկավարժական աշխատանքների հետ կապված այստեղ որևէ սահմանափակում չկա: Այսինքն՝ այս հոդվածը չպետք է խոչընդոտեր Արմեն Մելիքյանին՝ զուգահեռ լինել պատգամավոր:
Խնդիրն այն, որ արդեն սկսել են ի հայտ գալ ԲՀԿ- լքողների առաջին ծիծեռնակները, որոնք մեր ունեցած տեղեկություններով մտահոգել են առաջնորդին ու նա «թռնողների» առջև պայման է դրել, հեռանալուց առաջ վերադարձնել իր գումարները:
«Հայկական Վարկած» օրաթերթը մոտ երկու ամիս առաջ հարցազրույց էր խնդրել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից: Հարցերն ուղարկվել էր տիկին նախարարին` ծանոթանալու: Որից հետո մենք հարցազրույցի հրավերի փոխարեն ստացանք, պատրաստի հարցազրույցի գրավոր տարբերակը: Քանի որ տիկին Հակոբյանը անչափ զբաղված է, մենք որոշեցինք տպագրել նրա պատասխանները, «կենդանի» հարցազրույցը թողնելով ավելի հանգիստ օրերի:
— Շատերը կարծիք են հայտնում, որ Սփյուռքի նախարարությունը որոշ դեպքերում կրկնում է պետական այլ մարմինների ֆունկցիաներ` չունենալով հստակ ֆունկցիա: Ի՞նչ կասեք այս առթիվ:
— Սփյուռքի նախարարությունը ստեղծվել է 3 տարի առաջ, եւ արդեն բավական աշխատանք է արել Հայրենիք-Սփյուռք գործակցությունն ընդլայնելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ, հայապահպանության, մեր հայրենակիցներին ազգային ինքնության գաղափարի շուրջ համախմբելու ուղղությամբ: Եւ օր օրի ավելի ակնհայտ է դառնում, որ մեր նախարարությունն անհրաժեշտ ազգապահպան կառույց է, եւ ունի իր հստակ խնդիրներն ու նպատակները, որոնք հետեւողականորեն իրագործում է: Իմ կարծիքով նախարարությունը պետք է ստեղծվեր մեր երրորդ հանրապետության ստեղծումից անմիջապես հետո, որովհետեւ պետական գերատեսչական ամեն մի օղակ խիստ ծանրաբեռնված է իր աշխատանքով, իր համապատասխան գործառույթներով, եւ չի կարող լիարժեք ու նպատակային զբաղվել Սփյուռքի հարցերով ու խնդիրներով: Պետք էր մի կառույց, որը նպատակային ու համակարգված կաշխատեր սփյուռքյան համայնքների, կառույցների, կազմակերպությունների հետ, հասկանար, ճանաչեր, ուսումնասիրեր նրանց գործունեությունը եւ համապատասխան ծրագրեր առաջադրեր: Այդ առաքելությունը ստանձնել է սփյուռքի նախարարությունը, նաեւ համակարգելով բոլոր գերատեսչություններում` Սփյուռքի հետ կապված աշխատանքները:
Նախարարությունը ստեղծելով ՀՀ Նախագահը նրա առջեւ հստակ քաղաքական-ռազմավարական խնդիրներ դրեց: Դրանք են.
- Հայապահպանություն, հայ ինքնության պահպանմանն աջակցություն եւ խրախուսում ամենատարբեր ձեւերով
- Հայ ներուժի հայտնաբերում, համախմբում եւ օգտագործում Հայրենիքի զարգացման եւ առաջընթացի համար
- Հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակում եւ իրականացում
Սրանք այն գործառույթներն են, որոնք որեւէ նախարարության գործառույթը չեն կրկնում, այլ համագործակցության արդյունքում առավել կազմակերպված եւ բովանդակային տեսք են ստանում:
Քսանմեկերորդ դարում Հայկական պետականության եւ աշխարհասփյուռ հայության առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են նոր որակ, ձեւ եւ բովանդակություն հաղորդել հայոց պետականության ամրապնդման եւ հայապահպանության գրավականին՝ Հայաստան-Սփյուռք գործակցությանը, հենվելով առավելապես մարդկային, մշակութային եւ սոցիալական կապիտալի, հասարակական լիարժեք ինտեգրման եւ մրցունակության կռվանների վրա:
Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական նպատակը պատմական Հայրենիքում հաստատված կամ արտերկրում բնակվող յուրաքանչյուր հայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, արցախցու կամ սփյուռքահայի հիմնարար իրավունքների եւ ազատությունների, նրա օրինական շահերի պաշտպանությունն է՝ միջազգային իրավունքի շրջանակներում եւ իհարկե, հայ ազգային ինքնության որակների պահպանությունը:
Իր ստեղծման օրից Սփյուռքի նախարարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական, տնտեսական, մտավոր, գիտակրթական, հոգեւոր-մշակութային կարողությունների ու ջանքերի համախմբմանը: Մեր կողմից իրականացված ծրագրերը, համաժողովները, ձեռնարկները նպատակաուղղված են Հայոց ցեղասպանության ճանաչման, ԼՂՀ-ի խաղաղ կարգավորման հիմնախնդիրների աջակցմանը, հայապահպանությանը, հայրենաճանաչմանը:
Ավելացել է սփյուռքահայերի վստահությունը պետության, նախարարության նկատմամբ, ինչը նշանակում է` նրանք գիտեն, որ Հայրենիքում կա մի տեղ, ուր իրենց կլսեն, կօգնեն, կուղղորդեն, կառաջնորդեն, որովհետև իսկապես էլ սփյուռքահայը կարող է չկողմնորոշվել, թե անծանոթ միջավայրում եւ պայմաններում որ խնդրի համար ում է պետք դիմել:
Մեր նախարարությունը, ի տարբերություն մյուս նախարարությունների, որոնք զբաղվում են Հայաստանի 3,5 միլիոն ազգաբնակչության խնդիրներով, աշխատում է աշխարհով մեկ սփռված մեր 7 միլիոն հայրենակիցների համար եւ նրանց կառույցների հետ:
Մենք խրախուսում ենք, որ 7 միլիոնից ավելի սփյուռքահայերից շատերը իրավական կապի մեջ մտնեն պետության հետ` դառնան երկքաղաքացի: Ծոցագրպանում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունենալը յուրօրինակ հպարտություն, հաճույք է, եւ Հայրենիքից հեռու ապրող հայ մարդու համար դա Հայրենիքի մի մասնիկն է, մասունքը, որ կարծում եմ` պետք է ունենա յուրաքանչյուր հայ, առավել եւս, որ շուտով լրանում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, եւ հայ ժողովուրդն աշխարհին ապացուցելու շատ բան ունի` իր միասնությամբ, համախմբվածությամբ, ինչու չէ, նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվով, որպեսզի այս փոքր հողակտորը հայտարարի, որ ինքը ոչ թե երեք միլիոն քաղաքացիների պետություն է, այլ հինգ, յոթ, տասը… միլիոն քաղաքացիների: Սա շատ կարեւոր է: Իսկ երկքաղաքացի դառնալու համար շատ հեշտացված է ՀՀ օրենսդրությունը, այդ թվում եւ ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով:
— Ձեր ղեկավարած նախարարությունը պարբերաբար առաջարկում է կառավարությանը` ներել արտերկրում գտնվող այն երիտասարդներին, ովքեր հրաժարվել են զինծառայությունից: Դուք սա բացատրում եք մեկնած երիտասարդներին հայրենիք վերադարձնելու անհրաժեշտութամբ, այլք պնդում են, որ այս նախաձեռնությունն ավելի է խրախուսում արտագաղթը` սպառնալով երկրի անվտանգությանը:
— Այս հարցում, իհարկե, կարող են լինել տարբեր մոտեցումներ: Իհարկե, յուրաքանչյուր երիտասարդի սահմանադրական պարտականությունն է ծառայել հայոց բանակում: Սակայն իրադարձությունների բերումով 100 հազարավոր մարդիկ 90-ականներին հեռացել են հայրենիքից եւ հազարավոր երիտասարդներ մեծացել ու դաստիարակվել են արտերկրում, չգիտեն հայերեն, իրենք մտացածին չեն լքել երկիրը` բանակից խուսափելու համար: Շատ խիստ, կտրուկ, անհանդուրժողական մոտեցման դեպքում մենք հաստատ կկորցնենք նրանց եւ այլեւս Հայաստան չեն գա:
Բայց եթե հանդուրժողական, ներողամիտ մոտեցում ցուցաբերենք, հնարավորություն կստեղծենք, որ այդ երիտասարդները գան Հայրենիք եւ ազատվեն քրեական հետապնդումից:
Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ մեր դիրքորոշումը կնպաստի հայրենիքից երիտասարդների հեռանալուն, ես այդ կարծիքին չեմ, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ եթե մարդը որոշել է հեռանալ, նա կգտնի միջոց եւ ճանապարհ: Մեր խնդիրն է փոխել մթնոլորտը, ստեղծել բարյացակամ եւ վստահելի հարաբերություններ:
— Ձեր անձն ու նախարարությունը վերջերս ներքաշված էին տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ: Մասնավորապես, շաբաթներ շարունակ հասարակությունը հետևում էր Ձեր և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն Թամարա Պողոսյանի հրապարակային վեճին: Ի՞նչ է սա. անարդյունավետ կառավարման հետևա՞նք, Ձեր կողմից լիազորությունների չարաշահո՞ւմ, թե՞ իսկապես տիկին Պողոսյանը թույլ էր տվել խախտումներ:
— Իմ եւ Թամար Պողոսյանի մեջ որեւէ հրապարակային վեճ չի եղել: Ես որեւէ հրապարակային ելույթ չեմ ունեցել: Այնպես, որ Ձեր հարցը կոռեկտ չի դրված: Հիմնադրամը ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, որն էլ 2010թ. դեկտեմբերի 28-ին կայացրել է որոշում եւ առաջարկել է գործադիր տնօրենին կատարել այն: Այդ որոշումը «դուր չի եկել» տնօրենին եւ նա էլ ելույթներ է ունեցել: Հոգաբարձուների խորհրդի կամ նրա նախագահի կողմից լիազորությունների չարաշահում չի եղել:
Վերջերս էլ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը բավարարեց Թամար Պողոսյանի դիմումը եւ նրան ազատեց աշխատանքից:
— Ինչպե՞ս եք կարողանում ներդաշնակեցնել Սփյուռքի տարբեր հատվածների իրարամերժ շահերը: Գտե՞լ եք այդ բանաձևը:
— Փաստ է, որ Սփյուռքը բազմաշերտ է, բազմակարիք, բազմակարծիք: Կան տարբեր դիրքորոշումներ, յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր առանձնահատկությունները. դրանք կարելի է բացատրել բնակության երկրի ազդեցությամբ, պատմական անցյալով, ազգային հոգեկերտվածքով, քաղաքական, մշակութային ազդեցություններով եւ այլն: Այս ամենը մեր հարստությունն է եւ պետք է կարողանանք ճիշտ օգտագործել: Դրանք ճիշտ ձեւակերպելու եւ ներկայացնելու դեպքում կարող ենք միավորող, համախմբող դեր կատարել:
Շատ քննարկումներ են լինում գաղափարական-քաղաքական հարցերի, Սփյուռք-Հայրենիք կապերի, Սփյուռքի ինքնակազմակերպման տարածքների առանձնահատկությունների մասին:
Մենք հաճախ ենք հանդիպում գիտական, վերլուծական, համահայկական կառույցների ղեկավարներին, որովհետև նրանց հետ քննարկելու բազում հարցեր կան և նրանց հետ որոշակիացվում են մեր գործունեությունը, նախանշվում են հետագա քայլերը:
Սփյուռքի համախմբանը, նրա հայրենասիրական ներուժին առանձնակի ազդակներ են հաղորդում ՀՀ Նախագահի ելույթները, որոնք վերաբերում են հայոց ցեղասպանության, ԼՂՀ-ի խնդրի խաղաղ կարգավորման հիմնախնդիրներին: Մեր գործունեությամբ, Հայաստանում իրականացվող բարեփոխումների շնորհիվ պետք է օգնենք, որ Սփյուռքն ավելի համախմբվի, ավելի կազմակերպված լինի, ավելի հավատա եւ վստահի Հայրենիքին:
Կա անհանգստություն հայ գործարարների շրջանում: Մեր հայրենակիցները գալով Հայաստան` իրենք են ընտրում իրենց բիզնես գործընկերոջը և, ցավոք, երբեմն պատահում են մարդիկ, որ փորձում են խաբել սփյուռքահայերին: Մենք պետք է հետամուտ լինենք բոլոր դեպքերին, պարզենք մեղավորներին, որ անազնիվն էլ պատժվի, Սփյուռքում էլ համոզվեն, որ Հայաստանում բիզնեսը հնարավոր է եւ ձեռնտու: Եթե սկզբնական շրջանում հարկային, մաքսային, բանկային համակարգեր չունեինք, տնտեսական օրենքներ չկային, սփյուռքահայ գործարարները` ոգևորված Հայաստանի անկախությամբ, ուզում էին օգնել, սակայն սխալներ եղան, դրանք օբյեկտիվ սխալներ էին, ապա այսօր մենք ունենք միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրություն եւ ակնկալում ենք ավելի ակտիվ ներդրումներ Հայրենիքում:
Մանավանդ, որ վերջերս էլ ՀՀ Նախագահը հայտարարեց, որ նրանք, ովքեր Հայաստանում նոր արտադրություն կկազմակերպեն, ապա կստանան հարկային արտոնություններ: Այսինքն` պայմանները գրավիչ են և հիմա, երբ աշխարհը տնտեսական առումով ձևափոխվում է, մեր հայրենակիցները պետք է իմանան, որ այստեղ կա էժան աշխատուժ, բարենպաստ պայմաններ, կարող են միջազգային շուկան ուսումնասիրել և Հայաստանում այնպիսի արտադրություն կազմակերպել, որ մրցունակ լինի միջազգային ասպարեզում:
Մեզ համար նաեւ աշխատատեղերի ստեղծումը էական է, որը կնպաստի արտագնա աշխատանքի կանխմանը: Պետական քաղաքականությունն այսօր փոխվել է. եթե առաջ ասում էինք` եկեք, օգնեք Հայաստանին, այսօր ասում ենք` եկեք, գործ դրեք, շահ ունեցեք: Մենք կոտրում ենք այն կարծրատիպերը, որ Հայրենիքին միայն օգնել է պետք, մենք ասում ենք` եկեք Հայրենիքում եկամուտ ստացեք: Սա քաղաքականության փոփոխություն է, որ կարող է կրճատել արտագաղթն ու աղքատությունը, ավելի զորացնել Հայրենիքը:
Համոզված եղեք, որ հայերին շատ բան է միավորում, համախմբում` լեզուն, մշակույթը, պատմությունը, հավատը, ազգային մտածողությունն ու հոգեբանությունը:
Մեր բանաձեւն աշխարհասփյուռ հայերի հետ աշխատանքը կազմակերպելու. “Ճանաչել, վստահել, գործակցել”:
— Ի՞նչ ծրագրեր ունի նախարարությունը:
— Եթե չզլանաք ու բացեք նախարարության կայքը եւ “Հայերն այսօր” էլեկտրոնային թերթը, որտեղ մանրամասն լուսաբանվում են մեր բոլոր ծրագրերը, դուք լիարժեք պատկերացում կկազմեք մեր աշխատանքների ծավալի մասին:
Նախարարությունն իրականացնում է ամենատարբեր ծրագրեր` ուղղված Սփյուռքում հայապահպանության եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Դրանցից կուզենայի առանձնացնել հատկապես մասնագիտական համաժողովները: 2009-2010թթ. կազմակերպվել է 11 մասնագիտական համաժողով եւ գիտաժողով, որոնք քիչ չեն նաեւ այս տարում:
Կարեւորում եմ նաեւ ԵՊՀ- ում սփյուռքագիտության ամբիոնի բացումը, սփյուռքագետ մագիստրոսների պատրաստումը, ինչպես նաեւ` ՀՀ ԳԱԱ արվեստի, գրականության ինստիտուտներում սփյուռքի բաժինների ստեղծումը:
Նախարարությունը, մասնավորապես, մշակում եւ իրականացնում է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող համահայկական նպատակային ծրագրեր, նպաստում է համահայկական կրթական ծրագրերի իրականացմանը, Սփյուռքի ամենօրյա եւ մեկօրյա դպրոցների զարգացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, դպրոցներին դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով ապահովմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանն ու տարածմանը, այլալեզու եւ այլադավան հայերի շրջանում հայկական ազգային ինքնության հաստատմանն ու արմատավորմանը, աշխարհասփյուռ հայերի հայրենադարձությանը եւ սփյուռքի հայ երիտասարդների ուխտագնացությանը Մայր Հայրենիք եւ այլն:
Ստեղծվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու պարբերականը, որի հիմնական նպատակն է նպաստել տեղեկատվական ընդհանուր միջավայրի ձևավորմանը, աշխարհի տարբեր երկրներում լույս տեսնող հայկական թերթերի և էլեկտրոնային լրատվամիջոցների միջև տեղեկատվության փոխանակման, համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: Պարբերականի կայքում տեղադրվում է նաև էլեկտրոնային շաբաթաթերթը PDF տարբերակով, որը հնարավորություն է ընձեռում ցանկացած համայնքում հրատարակել այն:
2011- ին ընդլայնվելու է արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը փոխարկիչի շտեմարանը: Ծրագրի հիմքում ընկած թարգմանչական շտեմարանը, պարբերաբար համալրվելու է նաև բառարանային շտեմարանը` տարեկան 5.000 բառ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում իրականացնել բարդ մասնագիտական տեքստերի արագ և որակյալ թարգմանություն:
Օրերս տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ համացանցում տեղադրված լեզվաբանական գիտելիքների համահայկական կենտրոնի բացումը: Կենտրոնի նպատակն է ստեղծել հայոց լեզվով հավաքվող գիտելիքների համահայկական շտեմարան (էլեկտրոնային հենք), որտեղ կներառվեն ինչպես ընդհանուր օգտագործման բառեր, այնպես էլ գիտահասարակական տերմիններ և դրանց բացատրություններ: Դա կնպաստի տարբեր աղբյուրներում ցրված հայերեն բառերը և տերմինները հավաքել մեկ ընդհանուր կենտրոնում, ինչպես նաև կկանխի դրանց կորուստը` գրքային բառարանների շարքից կամ գործածությունից դուրս գալու հետեւանքով:
Ներկայումս կենտրոնի www.translator.am կայքի օգտատերերին մատուցվող ծառայություններն են. արևելահայերեն- արևմտահայերեն- անգլերեն իմաստային թարգմանությունները, արևելահայերեն–արևմտահայերեն- անգլերեն բացատրական բառարանների շահագործումը, արևելահայերենով և արևմտահայերենով ներկայացվող տեքստերի ավտոմատ սրբագրումը: Կենտրոնի զարգացման առաջիկա ծրագրերից է թարգմանվող լեզուների կազմում ավելացնել ռուսերենն ու թուրքերենը:
«էլեկտրոնային գրադարան» ծրագրի շրջանակներում ստեղծվել և անընդհատ համալրվում են համահայկական հայալեզու գրադարանային ռեսուրսները:
«Մեր մեծերը» ծրագրի նպատակը երիտասարդությանն իր ազգի մեծերի կյանքին ու գործին ծանոթացնելն է: Ծրագրի շրջանակներում իրականացվում են Սփյուռքի նշանավոր անհատների մեծարման միջոցառումներ, կազմակերպվում են հեռուստահաղորդումներ, պատրաստվում են գրքույկներ, թերթոններ, ձայնագրություններ և տեսահոլովակներ:
2009- 2010թթ. «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են Շառլ Ազնավուրը, Քըրք Քըրքորյանը, Վազգեն Վեհափառը, Ալեք Մանուկյանը, Վարդգես Սուրենյանցը, Լևոն Շանթը, Պողոս Նուբարը, Մխիթար Սեբաստացին, Լազարյան եղբայրները և Միսաք Մանուշյանը:
2011թ. «Մեր մեծեր» են հռչակվել Գարեգին Նժդեհը, Մոնթե Մելքոնյանը, Պետրոս Դուրյանը և Ջիվանին:
Նախատեսվում է հրատարակել Մոնթե Մելքոնյանին նվիրված գիրք, Պետրոս Դուրյանի և Ջիվանու կյանքն ու գործունեությունը ներկայացնող առանձին գրքույկներ, խտասալիկներ, Գ. Նժդեհի մասին նկարահանել տեսաֆիլմ:
2011 թվականի ընթացքում կազմակերպվել և իրականացվել են «Հայ կնոջ դերը Սփյուռքում» գիտաժողովը, Առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների համաժողովը, ինչպես նաեւ` «Սփյուռքի զարգացման հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովը` Սփյուռք ունեցող պետությունների համապատասխան կառույցների ղեկավարների մասնակցությամբ, հայ բժիշկների, սրտաբանների, ճարտարապետների համաժողովները:
Այս օրերին հայաստանում են գտնվում Սփյուռքի ԶԼՄ-ի «Երիտասարդ լրագրողների դպրոցի» մասնակիցները, որոնք արդեն ավարտել են պարապմունքները Երեւանի պետական համալսարանում եւ զբաղված են ավարտական աշխատանքներով:
Հուլիսի 14 — 20 կկազմակերպվի Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցը:
Շատ եմ կարեւորում սեպտեմբերի 18- 19 անցկացվելիք Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողով:
Հոկտեմբերին կկազմակերպվի «Ոսկե շերեփ» համահայկական խոհարարական մրցույթ, «Այլակրոն հայերի հիմնախնդիրները Սփյուռքում» կլոր սեղան, Սրտաբանների համաժողով, Հայ ֆերմերների համաժողով:
Նախարարությունն իրականացնում է համահայկական մրցանակաբաշխություն` հետևյալ անվանակարգերով.
- «Կտոր մը Հայրենիք» — երիտասարդական գիտական հետազոտությունների մրցանակաբաշխություն` նվիրված Հայաստանի անկախության 20- ամյակին,
- «Մայրենիի լավագույն ուսուցիչ» — Սփյուռքի կրթօջախներում աշխատող հայոց լեզվի, հայոց պատմության ուսուցիչների մրցանակաբաշխություն,
- «Լավագույն երիտասարդական կազմակերպություն» — Սփյուռքի համայնքներում գործող երիտասարդական, ուսանողական կազմակերպությունների, համայնքային երիտասարդական կառույցների մրցանակաբաշխություն:
Ստեղծվում է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքէջ, որի նպատակն է ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը, ներկան և զարգացման հեռանկարները, պատրաստում և հեռարձակում ենք ֆիլմաշարեր, տեսահոլովակներ և հեռուստա եւ ռադիոհաղորդումներ Հայաստան— Սփյուռք գործակցության վերաբերյալ:
Հրատարակության է նախապատրաստվում «Հայկական Սփյուռք» 2010 թվականի տարեգիրքը:
Արդեն երրորդ տարին գործում է Սփյուռքի երիտասարդության Հայաստան պարբերական այցելությունների «Արի Տուն» ծրագիրը: Այս տարի ծրագիրը մեկնարկել է հունիսի 20- ին եւ կտեւի մինչև սեպտեմբերի 25- ը` տասը փուլով (բյուջեով նախատեսված է մասնակիցների թիվը հասցնել 800- ի):
Սփյուռքագիտության ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման, կազմակերպման նպատակով աջակցում ենք ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի մագիստրանտներին: Օրերս տեղի ունեցավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի կազմում գործող սփյուռքագիտության ամբիոնի առաջին շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Իրականացնում ենք Հայաստանի անկախության 20- ամյակին նվիրված միջոցառումների ծրագիր եւ այլն:
— Ի՞նչ է պատրաստվում անել Հրանուշ Հակոբյանը` խորհրդարանական ընտրություններից հետո: Ձեզ ո՞ր աշխատանքն է ավելի հոգեհարազատ` պատգամավորի՞, թե՞ նախարարի:
— Դեռեւս Խորհրդային Հայաստանի տարիներին ես ընտրվել եմ Գերագույն խորհրդի անդամ, անկախության տարիներին` բոլոր Ազգային ժողովի գումարումներին պատգամավոր եմ եղել, հանդես եմ եկել բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով: Պառլամենտական աշխատանքը ինձ համար հոգեհարազատ ու կարեւոր է միշտ: Ես երբեք չեմ ընտրվել ընտրվելու համար, շատ կարեւոր եմ համարում օրինաստեղծ գործունեությունը: Կարծում եմ օրենքներն են, որ փոխում են երկիրը:
Նախարար եմ նշանակվել ՀՀ Նախագահի հրամանագրով: Գիտեի, որ այս բնագավառը շատ հետաքրքիր, դժվարին եւ պատասխանատու բնագավառ է, որը գործ ունի 7 միլիոն մարդու հետ, որոնք շատ ակնկալիքներ ունեն Հայրենիքից եւ նոր ստեղծվող կառույցից: Եւ առանց վարանելու կարող եմ ասել, որ իմ համախոհների հետ, ՀՀ Նախագահի հովանավորությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը կայացավ: Նաեւ օրենսդրական գործչի աշխատանքն է ինձ համար հոգեհարազատ: Սակայն իրարից խիստ տարբեր են:
Ինչ մնում է խորհրդարանական ընտրություններից հետո ինչ կլինի, կապրենք, կտեսնենք: Ես ՀՀԿ անդամ եմ եւ Հանրապետության Նախագահի որոշումն ինձ համար որոշիչ կլինի: Կաշխատեմ այնտեղ, որտեղ ավելի նպատակահարմար կգտնի, որտեղ իմ հնարավորություններն ու գիտելիքներն ավելի անհրաժեշտ կլինեն:
Հայաստանի իշխանություններն ուզում են օր առաջ ունենալ շատ ավելի բարեկեցիկ, ժողովրդավար եւ ավելի անվտանգ Հայաստան, կայուն ու խաղաղ տարածաշրջան: Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Եվրախորհրդարանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, որը գլխավորել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է Եվրոպական խորհրդարանի ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր եւ հույս հայտնել, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու Հայաստանի եւ տարածաշրջանի խնդիրներին, մարտահրավերներին ու զարգացումներին` նպաստելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանը:
Հանրապետության ղեկավարի խոսքով, պատվիրակության անդամների համար օգտակար կլինեն Հայաստանի քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության եւ պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումները:
«Մեր ցանկություններն ու ձգտումները միանշանակ են` մենք ուզում ենք օր առաջ ունենալ շատ ավելի բարեկեցիկ, ժողովրդավար եւ ավելի անվտանգ Հայաստան, կայուն ու խաղաղ տարածաշրջան: Եվ մեր ջանքերն ուղղված են դրան»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ մեր երկրի ներքաղաքական գործընթացներին, արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:
Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը համարվում է ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուն: Այսօր նա լրագրողներին ասել է, որ Ազգային Ժողովի նոր նախագահի թեկնածությունը դեռ չի քննարկվել. «Այդ հարցով քաղաքական քննարկումներ չեն տարվել: Եթե ձեզ հետաքրքրում են իմ նախասիրությունները, ես այդպիսիք չունեմ»:
Մեկնաբանելով Աբրահամյանի որոշումը` Հարությունյանը նկատել է, որ ՀՀ օրենսդրությունը չի արգելում խորհրդարանի նախագահին միաժամանակ գլխավորել կուսակցության նախընտրական շտաբը: «Այդուհանդերձ, Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել լիովին կենտրոնանալ նախընտրական քարոզարշավի վրա: Դա լիովին տրամաբանական է, քանի որ քաղաքական ինտենսիվ պայքար է սպասվում, եւ մենք պետք է մոբիլիզացնենք ուժերը»,- հայտարարել է Հարությունյանը:
Նա կոռեկտ չի համարել այսօր քննարկել հարցը. «Տվյալ պահին նոր թեկնածություն չի քննարկվել: Հնարավոր թեկնածուների անուններ տալը կոռեկտ չի լինի` հաշվի առնելով, որ պաշտոնն էլ այս պահին դեռ ազատ չէ», նշելով, թե հրաժարականի հայտարարությունից 5 օրվա ընթացքում պետք է լինի դրա հաստատումը: Միայն դրանից հետո խորհրդարանականները կանցնեն նոր նախագահի ընտրությանը:
Պետաիրավական հանձնաժողովի նախագահը կարծում է որ պետք չէ զուգահեռներ տանել կառավարությունում եւ խորհրդարանում կադրային փոփոխությունների միջեւ: Նա կտրականապես հերքել է պաշտոնը լքելու Հովիկ Աբրահամյանի որոշման եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության միջեւ կապը: «Չեմ կարծում, թե պետք է զուգահեռներ տանել գործադիր մարմնում եւ օրենսդիր դաշտում վերադասավորումների միջեւ»,- ասել է Հարությունյանը:
Ըստ պատգամավորի, վերջինը, կրում է առավել ուժեղ քաղաքական երանգ, մինչդեռ կառավարությունում ղեկավարության փոփոխությունը պայմանավորված է «այլ չափորոշիչներով»:
Հարցին` թե սպասվում է ուժայինների` ԱԱԾ պետի, գլխավոր դատախազի, և այլոց հրաժարականները, որոնք ակտիվորեն քննարկվում են մամուլում,Հարությունյանն ասել է, որ իրեն նոր վերադասավորումների մասով ոչինչ հայտնի չէ:
Այսօր երեկոյան ժամը 21-ին Հայաստանի հանրապետական կուսակցությունը կրկին նիստ է գումարելու: Չնայած նիստի օրակարգը դեռ հանրապետականները չունեն, սակայն, երեկվա նիստից հետո ոստիկանապետի պաշտոնանկությունը եւ այդ պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակումը, առիթ է տալիս ենթադրելու որ այսօր ևս փոխատեղումների նոր ալիք է սպասվում: Նամանավանդ, որ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն Ազգային Ժողովում հայտնել է, թե պաշտոնանկությունները շարունակվելու են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.