23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով իր անվստահությունը Երևանի քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանին և պահանջել է վերջինիս հրաժարականը։
«Վերջերս պարզ դարձավ, որ առանց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի՝ ՀԱՈՒՖ-ի համաձայնության, որպես իրավաբանական անձ է գրանցվել Երևան քաղաքի ուշուի ֆեդերացիան: Քաղաքային ֆեդերացիայի նախագահ է նշանակվել, նույնպես առանց հանրապետական ֆեդերացիայի հետ համաձայնեցնելու, Երևանի Շենգավիթ համայնքի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արայիկ Աբրահամյանը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ համարում ենք, որ տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանի կողմից վերոգրյալ հարցերի վերաբերյալ կամայական մոտեցում և պարտադրանքի քաղաքականություն, ինչն ապացուցում է, որ Գ.Վարդանյանի՝ նման գործելակերպի միտումն է մարտարվեստների դաշտում առաջացնել պառակտում և ստեղծված իրավիճակը ծառայեցնել իր սեփական, նեղ և նենգ շահերին:
Վստահ ենք, որ Երևանի քաղաքապետը ցուցում չի տվել Գ.Վարդանյանին՝ դիտավորությամբ գործելու ի վնաս հանրապետական ֆեդերացիաների և ստեղծել իրավաբանական անձ հանդիսացող քաղաքային ֆեդերացիաներ, որոնք, ի սկզբանե, դատապարտված են դառնալու անվերահսկելի փուչիկներ, էլ ավելացնելով խառնաշփոթը մարտարվեստների դաշտում:
Ելնելով վերոշարադրվածից՝ ՀԱՈՒՖ-ը հայտարարում է իր անվստահությունը Գոռ Վարդանյանին՝ ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԻՐ ԱՆՀԱՊԱՂ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ, չի ճանաչում ք.Երևանի ուշուի ֆեդերացիան և արգելում է ՀԱՈՒՖ-ի բոլոր մարզիչներին ու մարզիկներին անխտիր՝ մասնակցել ուշուի քաղաքային ֆեդերացիայի միջոցառումներին: Արգելքը շրջանցող մարզիչները և մարզիկներն, անկախ իրենց դիրքից և վաստակից, անմիջապես կհեռացվեն ՀԱՈՒՖ-ի կազմից»,- նշված է հայտարարության մեջ։
Հայաստանի հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդն առաջին դասարանցիների համար կմեկնարկի մարտի 19-ին և կտևի մինչև ապրիլի 1-ը ներառյալ: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՆ մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը։
«Պլանի համաձայն՝ երկրորդից տասներկուերորդ դասարանի աշակերտներին գարնանային արձակուրդը կտրամադրվի մարտի 26-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ»,- ասաց նա:
Որոշ դպրոցների աշակերտներ գարնանային արձակուրդ չեն ունենա, քանի որ արձակուրդը միացվել է ձմեռայինին։
Ըստ տվյալների` գարնանային արձակուրդ չունեցող դպրոցներից են Երևանի 17 և 16 հատուկ դպրոցները, Տեսողության խանգարմամբ երեխաների հատուկ դպրոցը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի մանկավարժական համալսարանի ավագ դպրոցները, Կարբիի միջնակարգ դպրոցը, Մեծամորի ավագ դպրոցը, «Փոքր Մհեր» կրթահամալիրը և մի քանի այլ դպրոցներ:
Կողմ` 90, դեմ` 10. Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ նախագահ
ՀՀ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովն ավարտեց նախագահի ընտրության քվեարկության արդյունքների ամփոփումը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, անվավեր է ճանաչվել մեկը քվեաթերթիկ, կողմ են քվեարկել 90 պատգամավոր, դեմ` 10:
Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ չորրորդ նախագահ: Պատգամավորները շնորհավորեցին նրան:
Արմեն Սարգսյանի կենսագրությունը
Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականի հունիսի 23-ին, Երևանում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։
Սովորել է Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում: 1976-1984 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում, հիմնադրել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի Կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը: Դասավանդել է նաև Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում:
1991-1995-ին զբաղեցրել է Միացյալ Թագավարությունում ՀՀ դեսպանի պաշտոնը: 1995-1996-ին ԵՄ-ում ՀՀ Առաքելության ղեկավարն է եղել: 1996-1997-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:
1998-1999 թթ. վերանշանակվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնում: 2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:
2000 թվականից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է: 2001-2011 Քեմբրիջի համալսարանի Ջաջ բիզնես դպրոցում Եվրասիական կենտրոնի հիմնադիրն ու տնօրենը:
Ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի (Astana) (2002), Քեմբրիջի համալսարանում Տարեկան ազդեցիկ կոնֆերանսի (2003) հիմնադրիրն է: 2001-2013 թվականներին British Petrolium, Alcatel, Telefonica ընկերությունների գլխավոր խորհրդատուն է եղել, Բանկ օֆ Ամերիկա Մերիլ Լինչի և այլ միջազգային ընկերությունների ավագ խորհրդատու:
Պատվավոր և գործադիր պաշտոններ է զբաղեցնում մի շարք կառույցներում: Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահն է (WEFForum), Արևելք-Արևմուտք ինստիտուտի (EWI) փոխնախագահը, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության հանձնաժողովի համանախագահը (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հիմնադիր նախագահը, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (GLF) խորհրդի անդամը, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի խորհրդի անդամը, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի խորհրդի անդամը, Ջոն Սմիթ Հիմնադրամի հոգաբարձու է, Միջազգային տնտեսական ալիանսի համաշխարհային առաջնորդության խորհրդի անդամ, պատվավոր ավագ հետազոտող մաթեմատիկական գիտությունների դպրոցում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է:
Պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Մեծ պարգև Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապից, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մեդալ Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Երկրորդից:
Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։
Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Լոս Անջելեսում ոստիկանները հայ տղամարդու են գնդակահարել։ Լոս Անջելեսի ոստիկանապետ Չալի Բեքի փոխանցմամբ, սպանվածը Պանորամա Սիթիի 22-ամյա բնակիչ Օրբել Նազարյանսն է եղել, որը ինքնասպանության հակումներ է ունեցել: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։
Տղամարդը զանգահարել էր ոստիկանություն եւ հայտնել, թե ատրճանակ եւ դանակ ունի իր մոտ։ Ժամանած ոստիկանները նրա ձեռքին մոտ կես մետր երկարությամբ սուր ձող են նկատել։
Նազարյանսը հրաժարվել է ենթարկվել ոստիկաններին եւ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի համար։ Բեքի խոսքով, ոստիկանները միացրել են իրենց տեսախցիկները եւ ամբողջությամբ արձանագրել միջադեպը։
Օրբել Նազարյանսը լավ հայտնի է եղել իրավապահներին՝ իր սուիցիդալ հակումների համար, եւ ոստիկանները հարկադրված են եղել կրակ բացել եւ սպանել նրան։ Դեպքի կապակցությամբ քննությունը շարունակվում է։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների չեղարկմանը արձագանքել են թուրքական լրատվամիջոցները։
Չեղարկման հրամանագրի ստորագրումից անմիջապես հետո թուրքական բոլոր առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցները հիմնականում կարճ տեղեկացմամբ անդրադարձան այս զարգացմանը։
Մասնավորապես իշխանամետ համարվող «Milliyet» պարբերականի կայքը թեման լուսաբանել է «Հրատապ․ Հայաստանը չեղարկեց կարգավորումը» վերնագրով։ Ավելի ուշ համալրված լուրում աղբյուրը ընդարձակ անդրադարձ է կատարել 2009թ․ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների նախապատմությանը։
Թերթը հիշեցրել է նաև, որ ավելի վաղ Հայաստանը պարբերաբար զգուշացրել էր արձանագրությունների հնարավոր չեղարկման մասին, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում խիստ արձագանք էր տվել հայկական կողմի այդ հայտարարությանը։ Թուրքիայի ԱԳՆ-ն շեշտել էր, որ չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը, արձանագրությունները կշարունակեն մնալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգում՝ մինչև տարածաշրջանում նպատակահարմար մթնոլորտի ձևավորվի։
Մարտի 2-ին նույն լրատվականի հրապարակած մեկ այլ լուրում շեշտվում է, որ չնայած 2010թ․ հունվարի 12-ին ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարել էր, որ արձանագրությունները համապատասպանում են ՀՀ սահմանադրությանը, հունվարի 18-ին հրապարակված վճռում շեշտվել էր նաև, որ արձանագրությունները անընդունելի նախապայմաններ են պարունակում։ Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի ուշ՝ 2015թ․ փետրվարին, հայ-թուրքական կարգավորման արձանագրությունները հանվեցին ՀՀ խորհրդարանի օրակարգից։
Պարբերականը նաև նկատել է տալիս, որ արձանագրությունների չեղարկումը կատարվել է անմիջապես ՀՀ նախագահական ընտրությունների նախօրեին։ Նշվում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ օրենքի համաձայն այլևս չի կարող նախագահ թեկնածու լինել։
Ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքը արձանագրում է, որ փաստաթուղթը չեղարկվել է նախօրեին գումարված ազգային անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում։ Պարբերականը հիշեցնում է, որ 2009թ․ արտգործնախարարներ Դավութօղլուի և Նալբանդյանի միջև ստորագրված փաստաթուղթը հայկական կողմը չէր դրել վավերացման, քանի որ Անկարան Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ էր առաջ քաշել։
«Akşam» թերթի կայքը թեմային անդրադարձել է երկու առաձին լուրով, որոնցում հիմնականում բերված են այլ պարբերականների կողմից ևս նշվող փաստերը և արձանագրությունների հակիրճ պատմությունը։
Թերթը հիշեցնում է նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ․ Սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին հայտարարել էր արձանագրությունների հնարավոր չեղարկման մասին։ Իսկ արտգործնախարար Նալբանդյանը շեշտել էր, որ այդ փաստաթուղթը չի կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին և Հայաստանը 2018թ․ գարունը կդիմավորի առանց այդ արձանագրությունների։
«Hürriyet» պարբերականը նույնպես թեմային անդրադարձած լրատվամիջոցներից էր։ Հայկական «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը հղում կատարող թուրքական թերթը տեղեկացնում է, որ արձանագրությունների չեղարկման մասին հայտարարել է ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։ Աղբյուրը հիշեցնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում նախատեսող այս փաստաթուղթը 2009թ․ ստորագրվել էր նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ջանքերով։ Իսկ ողջ գործընթացը սկսվել էր ժամանակի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայաստանյան այցով ու այսպես կոչված «ֆուտբոլային քաղաքականությամբ»։
Մարտի 2-ին կատարված մեկ այլ հրապարակման մեջ նույն աղբյուրը նկատում է, որ արձանագրությունների չեղարկման հրամանագիրը ստորագրած ՀՀ նախագահը այդ փաստաթղթի ձախողման մեջ մեղադրել է թուրքական կողմին։ Նյութում հիշեցվում է նաև, որ արձանագրություններով նախատեսվում էր բացել հայ-թուրքական սահմանը, որը Թուրքիան փակել էր 1993թ․՝ հայ-ադրբեջանական լարվածության սրման համատեքստում։
«Demokrathaber.org» լրատվակայքը ևս արձանագրել է թեմայի վերաբերյալ հիմնական պատմական փաստերը։ Աղբյուրը ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրի վերաբերյալ լուրի մասով հղում է կատարել «Ermenihaber.am»-ին։
Թուրքական իշխանությանը մոտ կանգնած «Yeni Akit» պարբերականը թեմայի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել՝ «Հայաստանի շոկային որոշումը Թուրքիայի վերաբերյալ» վերտառության ներքո։ Այլ փաստերի հետ աղբյուրը հշեցրել է նաև, որ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրություններով ենթադրվում էր «1915թ դեպքերի» ուսումնասիրման նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծել։
«Haberler» լրատվակայքը թեմային անդրադարձել է «Հայաստանի սկանդալային վճիռը․ Թուրքիայի հետ արձանագրությունները չեղարկվեցին» վերնագրով։ Լուրում հակիրճ ներկայացվել է արձանագրությունների ստորագրման և հետագա զարգացումների ժամանակագրությունը։
«CNN Türk»-ը ևս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշյալ հարամանագրի ստորագրմանը արձագանքեց անմիջապես մի քանի րոպե անց։ Հղում անելով «Ermenihaber.am»-ին՝ հիշեցնում է արձանագրությունների ստորագրման հարցում Գյուլի, Քլինթոնի և այլ ներգրավված կողմերի դերի մասին։ Նաև անդրադառնում է տարիներ անց այս փաստաթղթի հնարավոր չեղարկման մասին Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հայտարարություններին։
Իսկ թեմային անդրադարձած «BBC»-ի թուրքական ծառայությունը, դարձյալ կարճ անդրադարձ կատարելով չեղարկմանը նախորդած զարգացումներին, լուրին կցել է նաև ՀՀ նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը։
ՄԵԾ ՊԱՀՔ, օր տասնութերորդ
Ծնկի եմ գալիս մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, որից իր գոյությունն է ստանում երկնային թե երկրային ամեն ազգատոհմ, որպեսզի իր ճոխ փառքի համաձայն՝ նա զորություն տա ձեզ, այնպես որ ներքնապես ամրապնդվեք նրա Հոգով, և ձեր հավատի միջոցով Քրիոստոս բնակվի ձեր սրտերում:
Աղոթում եմ, որ դուք արմատանաք սիրո մեջ և հաստատուն հիմքեր ունենաք, որպեսզի Աստծու բոլոր ընտրյալների հետ կարողանաք հասկանալ Քրիստոսի սիրո ամբողջական տարողությունը՝ իր լայնությամբ և երկարությամբ, իր բարձրությամբ և խորությամբ: Այո՛, որպեսզի ճանաչեք Քրիստոսի սերը, որ վեր է ամեն իմացությունից, որպեսզի լցվեք Աստծու ամբողջական լիությամբ…
Արդ ես աղաչում եմ ձեզ, ապրեցե՛ք այնպես, ինչպես վայել է ձեր կոչումին, որին հրավիրեց ձեզ Աստված: Միշտ խոնարհ, հեզ ու համբերատա՛ր եղեք և ցո՛ւյց տվեք ձեր սերը՝ հանդուրժելով միմյանց: Ջանացե՛ք պահել Սուրբ Հոգու շնորհած միությունը խաղաղության շաղկապով:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 3:14-19, 4:1-3)
Ռուբեն աբեղա Զարգարյան
«Առաջին լրատվական»-ը գրում է.
Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում ներքաղաքական խմորումների և սպասվող ընտրական գործընթացների շուրջ քննարկումների խորապատկերին, վերջին օրերին տեղեկատվական դաշտում կրկին ակտիվացել են հայ-ադրբեջանական զինված հակամարտության վերսկսման մասին խոսակցությունները: Դրան նպաստեց հատկապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ փետրվարի 8-ի հայտարարությունը «Երևանը վերադարձնելու» մասին: Հետո հրապարակվեց ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի 2018 թ. զեկույցը «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» մասին, որում նշվում էր, թե Ղարաբաղյան հակամարտությունը 2018 թվականին կարող է վերաճել լայնածավալ պատերազմի: Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել է, թե «երբ ճակատային գծում դեմ-դիմաց երկու զինված բանակներ են կանգնած, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի»:
Ինչո՞վ է բացատրվում այս թեմայի շուրջ քննարկումների ակտիվացումը հակամարտող երկու երկրներում սպասվող կարևոր ներքաղաքական իրադարձությունների նախաշեմին: Իսկապես կա՞ պատերազմի վերսկսման վտանգ ղարաբաղյան ճակատում կամ այլ ուղղություններով, թե՞ Հայաստանի և հատկապես Ադրբեջանի իշխանությունները փորձում են հերթական անգամ շահարկել Ղարաբաղյան հակամարտության, պատերազմի թեման ներքաղաքական քննարկումների համատեքստում՝ մարդկանց վախերն ավելացնելու և այդպիսով հանրությանը երկրի ղեկավարության շուրջ համախմբելու նպատակով:
Պատերազմի վերսկսման վտանգ կա
Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ եթե կարճ ու կոնկրետ խոսենք, ապա պատերազմի վերսկսման վտանգ իսկապես կա:
«Ոչ ոք չի ուռճացնում այս թեման քարոզչական ոլորտում: Դա իսկապես այդպես է, որովհետև պատմությունը վերջին արտոնյալ հնարավորությունն է տվել այս հակամարտության մասնակիցներին, որպեսզի Ապրիլյան պատերազմից հետո՝ այս վերջին երկու տարիների ընթացքում, ինչ-որ լուծում գտնեն աշխարհաքաղաքական իրադրության վատթարացման խորապատկերին: Սակայն կողմերն առայժմ չեն կարողացել գտնել ռազմավարական լուծումներ: Մարտավարական ինչ-որ առաջարկներ արվել են, բայց ռազմավարական լուծումներ չկան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Տրոֆիմչուկը՝ ավելացնելով, թե չէր ուզենա կապել Ղարաբաղի շուրջ սրվող այս իրավիճակն ու պատերազմի վտանգը Հայաստանում նախագահի և վարչապետի ընտրության, Ռուսաստանում և Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
«Եթե որոշ դիտորդներ կամ կոնֆլիկտի մասնակիցներ իսկապես փորձեին սրել իրավիճակը նախագահական ընտրությունների նախօրեին, ապա այդ ընտրություններից հետո պիտի հույս ունենայինք, որ իրադրությունը կխաղաղվի: Բայց դա շատ միամիտ տեսակետ է: Իրադրությունը չի խաղաղվելու: Հայաստանում և Ադրբեջանում անցկացվող ցանկացած ընտրությունից հետո, անկախ դրա ելքից, իրավիճակն ամեն դեպքում վատթարանալու է»:
Ադրբեջանում՝ վճռորոշ, Հայաստանում՝ կարևոր
Ռուսաստանցի փորձագետը համաձայն է, որ Ղարաբաղն իսկապես հիմնաքարային խնդիր է Ադրբեջանի ներքին քաղաքականության մեջ, այն Ադրբեջանի պահվածքը կանխորոշող գլխավոր գործոնն է: Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանի համար ևս շատ կարևոր է, բայց առաջին տեղում չէ:
«Եթե հաշվի չառնենք որոշ մտահոգիչ հանգամանքներ, մասնավորապես՝ զոհերը սահմանին և Ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանական կողմին անցած հողակտորը, ապա ընդհանուր առմամբ իրերի ներկայիս դասավորությունը ձեռնտու է Հայաստանին, որովհետև Ադրբեջանը Ապրիլյան պատերազմի ընթացքում չկարողացավ գրավել որևէ շրջան, առավել ևս չկարողացավ գրավել Ղարաբաղը: Եվ քանի որ այսպիսի տարբերություն կա ղարաբաղյան հարցին Հայաստանի և Ադրբեջանի վերաբերմունքների միջև, այս անհավասարակշռությունն ինքնին պայթեցնելու է իրավիճակը»:
Հայաստանը կվերականգնի հավասարակշռությունը պատերազմում Նախիջևանի միջոցով
Մեկնաբանելով Ալիևի վերոնշյալ հայտարարությունը՝ Արցախյան ազատամարտի վետերան, հետախույզ Վովա Վարդանովն ասել էր, թե պետք է հասկանալ Ադրբեջանի նախագահի մարտավարությունը, ոչ թե նրա հայտարարությունները որակել դեմագոգիա կամ զառանցանք: Զինվորականը ենթադրել էր, որ եթե խոսքը Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումների մասին է, ապա Ադրբեջանը կարող է հարձակվել երկու ուղղություններով՝ Գեղարքունիքի և Նախիջևանի:
Բայց կա՞ն արդյոք իրական հիմքեր կանխատեսելու, որ ադրբեջանական կողմը կարող է նման հարձակում ձեռնարկել: Գրիգորի Տրոֆիմչուկը կարծում է, որ սա չափազանց կարևոր հարց է և այն շատ ավելի լուրջ հիմքեր ունի, քան պարզապես կանխատեսումը Ադրբեջանի հնարավոր գործողությունների մասին: Հարցն այստեղ այն է, թե ինչպե՞ս է սովորաբար գործում տվյալ պետությունը. խորամանկ, խելացի, ոչ-ստանդարտ ոճո՞վ, թե «կացնային» գործելակերպով՝ անում է այն, ինչ հայտարարում է:
Այս իրավիճակում պաշտոնական Երևանը պիտի փորձի գնահատել Ադրբեջանի ներկայիս իշխանությանը և հասկանալ նրա հնարավոր քայլերը: Եթե Ադրբեջանը գնահատվում է որպես միջնադարյան սուլթանություն, այդ դեպքում խորամանկ քայլեր չարժե սպասել: Իսկ եթե հայկական կողմը կարծում է, որ Ադրբեջանի կառավարությունը շատ ավելի խելացի է, քան որակվում է, ապա պետք է սպասել խորամանկ քայլեր:
«Ես վաղուց եմ ասել, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն Ղարաբաղի, այլև այլ ուղղությունների վրա: Ես տարիներ առաջ եմ ասել, որ մյուս ուղղությունը կարող է լինել Նախիջևանը, որը կարող է դառնալ հավասարակշռությունը պատերազմում վերականգնելու միջոց: Այսինքն, եթե, ասենք, Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Ղարաբաղի ուղղությամբ, Հայաստանը կարող է հավասարակշռել իրավիճակը՝ Նախիջևանի շուրջ լարվածություն ստեղծելու միջոցով: Եվ հակառակը՝ եթե Ադրբեջանը փորձի հարվածել այլ կետի, ոչ թե Ղարաբաղին, ապա դա հավանաբար անսպասելի կլինի Հայաստանի համար, բայց Հայաստանի սահմանն այնքան էլ երկար չէ, ուստի Հայաստանի Զինված ուժերն ի զորու են իրենց ուժերով պաշտպանել երկրի սահմանները: Ադրբեջանը չի կարող հարվածել մեկ այլ պետության տարածքից, այնպես որ բոլոր այն տարածքները, որտեղից Ադրբեջանը տեսականորեն կարող է հարված հասցնել, վերահսկսվում է հայկական բանակի կողմից»,- նշեց Գրիգորի Տրոֆիմչուկը:
Լուրջ խնդիրներ կունենա, եթե հարձակվի Հայաստանի վրա
Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը կարծում է, որ ռազմական տեսանկյունից հարձակումը կարող է լինել ցանկացած ուղղությամբ:
«Այո, Ադրբեջանը հնարավորություն ունի հարձակվելու մի քանի կողմերից, բայց եթե նա հարձակվի Հայաստանի Հանրապետության տարածքի վրա, ապա դրանով իր համար կստեղծի լուրջ քաղաքական խնդիրներ: Եթե նա հարձակվում է միայն Ղարաբաղի վրա, ապա դրանով, այսպես ասած, վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը, իսկ եթե Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի բուն տարածքի վրա, ապա դրանով ագրեսիա է իրականացնում, և սրանք սկզբունքորեն տարբեր բաներ են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խրամչիխինը:
Ռուսները կմիջամտե՞ն
Գլխավոր հարցերից մեկն այս համատեքստում այն է, թե Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի պարագայում ինչպե՞ս իրեն կդրսևորի Ռուսաստանը, որը ռազմաբազա ունի Հայաստանում, և որի զինված ուժերը սահմանապահ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանի մի զգալի հատվածում: Ռուսական զորքերը կմիջամտե՞ն կոնֆլիկտին:
Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ Ռուսաստանը կդրսևորի իրեն այնպես, ինչպես դրսևորեց 2016 թ. ապրիլին, այսինքն՝ չեզոք դիրք կգրավի՝ կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել քաղաքական-դիվանագիտական երկխոսություն:
«Ռուսաստանը չի միջամտի կոնֆլիկտին կողմերից մեկի և մասնավորապես Հայաստանի կողմից, նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այնուամենայնիվ, Ռուսաստանը չի կարող միջամտել, որովհետև եթե Ռուսաստանը միջամտի Հայաստանի կողմից, այդ դեպքում Ադրբեջանի կողմից կմիջամտեն շատ լուրջ ուժային կենտրոններ, առաջին հերթին Թուրքիան, Միացյալ Նահանգները և այլն»,- կարծում է փորձագետ Տրոֆիմչուկը:
Հայաստանի վրա հարձակվելու դեպքում Ադրբեջանը խնդիրներ կունենա Ռուսաստանի՞, թե՞ ընդհանրապես միջազգային հանրության հետ: Հարցին ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը հետևյալ կերպ պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչ է «միջազգային հանրությունը»: Դա ընդամենը բառակապակցություն է, ոչ ավելին: Բայց եթե պատասխանեմ հարցին, ապա խնդիրներ կունենա Ռուսաստանի և «շահագրգիռ կողմերի» որոշակի խմբի հետ»:
Եթե չկա խաղաղ լուծում, ապա կա ռազմական լուծում
Խրամչիխինի կանխատեսումները սպասվող իրադարձությունների մասին այնքան էլ լավատեսական չեն: Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանը այլ տարբերակ չունի, ռազմական գործողություններ սկսելուց և իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելուց բացի, քանի որ խնդիրն ակնհայտորեն չի կարող լուծվել խաղաղ ճանապարհով:
«Ադրբեջանն ինչ-որ իմաստով այլ տարբերակ չունի: Նա պետք է առնվազն վերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Իր համար դա, այսպես ասած, ազգային գաղափարախոսություն է: Բացի այդ, ամերիկյան ազգային հետախուզության ղեկավարը ևս հայտարարեց, թե հակամարտությունն այս տարի կարող է վերսկսվել: Եվ չի բացառվում, որ ամերիկացիները ոչ թե կանխատեսում են, այլ ուզում են պատերազմ, որովհետև դա շատ ձեռնտու կլիներ իրենց, քանի որ դա հարված է Ռուսաստանին: Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքիր չեն Միացյալ Նահանգներին, բայց դա հարված կլիներ Ռուսաստանին, այդ պատճառով նրանք հաճույքով կարող են սադրել պատերազմ, իսկ սադրել կարելի է միայն Ադրբեջանի հարձակման միջոցով: Այլ կերպ հնարավոր չէ»,- կարծիք հայտնեց Խրամչիխինը:
Բայց չէ՞ որ ոչ միայն միջազգային բոլոր կառույցներն ու դիտորդները, այլև առաջին հերթին հակամարտության կարգավորման գործընթացում և տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ժամանակին ասել է՝ այո, «ադրբեջանական տարածքների» խնդիրը կա, բայց այն պիտի լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պարագայում:
Ի պատասխան այս հարցադրմանը՝ Խրամչիխինն ասաց. «Միշտ էլ այդպես են ասում, բայց իրականում ոչինչ էլ խաղաղ ճանապարհով չի լուծվում: Բոլոր հարցերն էլ լուծվում են հենց ռազմական ճանապարհով: Ղարաբաղի պարագայում ես պարզապես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է հարցը լուծվել խաղաղ ճանապարհով, եթե կողմերի դիրքորոշումները բացարձակապես փոխադարձաբար բացառող են: Եթե չկա խաղաղ լուծում, ապա կա ռազմական լուծում: Ես չեմ տեսնում հիմնախնդրի խաղաղ լուծման հնարավորություն, եթե կողմերն ունակ չեն որևէ հարցում համաձայնության գալու, հետևաբար մնում է ռազմական ճանապարհը: Այդպես են կառուցված գրեթե բոլոր կոնֆլիկտները: Օրինակ, Չեչնիայի հիմնախնդրի մասին ևս ժամանակին ասում էին, թե այն չունի ռազմական լուծում, բայց այն հենց ռազմական ճանապարհով լուծվեց»:
«Ադրբեջանը սկսել է դիվանագիտական նահանջը»,- գրում է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը REGNUM-ում:
«Բաքուն շարունակում է զարմացնել: Դեռեւս ոչ շատ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսում էր հայկական հողերի նկատմամբ ադրբեջանցիների պատմական իրավունքների մասին, ինչը բացասական արձագանք ունեցավ բազմաթիվ երկրներում: Ակնհայտ էր, որ այդ կերպ հարված է հասցվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Հայտարարությանն արձագանքեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները՝ Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Օրերս հանդես եկավ նաեւ Միացյալ Նահանգները: Վաշինգտոնը հակամարտող կողմերին կոչ արեց զերծ մնալ հայտարարություններից, որոնք սրում են իրավիճակը, հարգել 2017թ.-ին Ժնեւում ձեռք բերված համաձայնությունները եւ լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության թուլացման համար»:
«Նմանատիպ հայտարարությունները նախկինում էլ բավականին շատ էին, սակայն դրանք կապակցված էին տարբեր սուր սյուժեների հետ՝ հիմնականում ճակատային գծում տիրող իրավիճակի: Ահա թե ինչու Ալիեւի ելույթից հետո բազմաթիվ քաղաքագետների եւ փորձագետների շրջանում կասկածներ ի հայտ եկան, որ նախագահը վա-բանկ է գնում՝ արմատապես փոխելով վեկտորը դեպի առճակատում: Սակայն, հանկարծ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի խորհրդի 37-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարում է, որ Բաքուն չի բացառում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացումը երկու երկրներում անցկացվելիք ընտրություններից հետո: Ի պատասխան, Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սամեդ Ալիզադեն հայտարարեց, որ Մինսկի խումբը հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ՝ այդ կառույցն անվանելով «տուրիստական ընկերություն»»,-գրում է Տարասովը:
«Նմանատիպ հայտարարություններով հանդես եկան նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ նախագահի օգնական Ալի Հասանովը, ով պնդում էր, որ եթե իրենց չխանգարեն, ապա առավելագույնը մեկ ամսվա ընթացքում ետ կվերցնեն բոլոր գրավյալ տարածքները»:
Անմիջապես ծագում է առաջին հարցը. «Իսկ ո՞վ է խանգարում Բաքվին»: «Պարզվում է, ըստ Հասանովի, Ադրբեջանին եւ ադրբեջանցիներին Եվրոպայում դիմակայում է հզոր հայկական սփյուռքը՝ Բրյուսելում, Լոնդոնում, Փարիզում ճյուղավորված ցանցերով եւ կենտրոններով: Հասանովի խոսքերով՝ «նրանք շատ ուժեղ են, նրանք ունեն շատ հզոր եւ սերտ կապեր եվրոպական էլիտայի հետ, եւ դա մեծ հաշվով անհավասար պայքար է»:
Եվ երկրորդ հարցը. «Կոնկրետ ի՞նչ է պատրաստվում անել Ադրբեջանը՝ բանակցություննե՞ր վարել Մինսկի խմբի միջնորդությամբ, թե՞ պատերազմել»: «Բոլոր քաղաքագիտական կանոններով, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հակասական հայտարարությունները պայքարի նախանշաններ են հանդիսանում Ադրբեջանի իշխանությունների վերին էշելոններում: Այդ պայքարի էպիկենտրոնը Լեռնային Ղարաբաղն է՝ խնդիր, որը Ալիեւին չի հաջողվում վճռել: Ըստ իրավապաշտպան Արիֆ Յունուսովի՝ Մադրիդյան սկզբունքները կանխատեսելի ապագայում չեն ընդունվի բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Սուբյեկտիվ պատճառներից է այն, որ Ալիեւը Փաշաեւների կլանի հետ ձգտում է ազատվել Ռամիզ Մեհդիեւի թիմից, որը սերտորեն համագործակցում է Մոսկվայի հետ»:
«Ադրբեջանում 2003թ.-ին Իլհամ Ալիեւի իշխանության գալու առաջին ամիսներից լարվածություն առաջացավ նրա կնոջ ընտանիքի (Փաշաեւների կլանի) եւ նրա հոր հին թիմի միջեւ,- ասում է Յունուսովը: -Իլհամի խնդիրը նրանում է, որ հայրն իշխանության բերեց նրան, սակայն նկատի ունենալով, որ տարիներով պատրաստված եւ իրենց աջակցած թիմը հենարան կլինի նաեւ իր որդու համար: Սակայն Իլհամը եւ ավելի շատ նրա կինը այդպես չէին կարծում: Նրանք Հեյդար Ալիեւի թիմին յուրային չէին համարում. չէ՞ որ նրանք իրենց համար գավառականներ էին: Միեւնույն ժամանակ, Ալիեւ-Փաշաեւ կլանն էլ հին թիմի սրտով չէր: Չէ՞ որ Հեյդարի թիմն ամբողջությամբ կազմված էր Նախիջեւանի եւ Հայաստանի տարածքների բնակիչներից, իսկ նրանց համար գլխավորը կլանային եւ տարածաշրջանային մենթալիտետն էր»:
«Դրանից հետեւում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարում պայքար է ընթանում «նախիջեւանյան» խմբավորման եւ Փաշաեւների խմբի միջեւ, որին հաճախ անվանում են «եվրոպական երիտթուրքեր»: Երբ Ալիեւը հանդես եկավ հայկական հողերի մասին հայտնի հայտարարությամբ, դա ազդանշան էր նաեւ «նախիջեւանյան» խմբավորմանը: Երբ Մամեդյարովը խոսում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտության մասին, դա «եվրոպական երիտթուրքերի» գործողությունների արդյունքն է»:
«Խնդիրը խորանում է նաեւ այն հանգամանքով պայմանավորված, որ ընդդիմությունը երկրում թույլ է եւ ճնշված: Ինչպես ժամանակին ասում էր քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն, Ադրբեջանն աշխարհիկ, կիրթ եւ ժողովրդավար ընդդիմության կարիք ունի, որն ինչ-որ բան կարող է առաջարկել հանրությանը: Սակայն եվրոպական տիպի նման ընդդիմություն չկա, իսկ վակուումը լցնում են տարբեր կրոնական ուղղությունները, որոնք վաղ թե ուշ բացահայտ կերպով կհրամցնեն սեփական շահերն ու նպատակները: Ալիեւի մտերիմ շրջապատը, թվում է, սկսել է հասկանալ, որ առաջիկա ընտրությունները կարող են հղի լինել չնախատեսված անակնկալներով: Հիշեցնենք, որ 2014թ.-ին հենց ԱՄՆ-ը կոշտ քննադատության ենթարկեց Ալիեւի ընտրական արշավը՝ բացեիբաց ակնարկելով նրա իշխանության լեգիտիմության հետ կապված խնդիրների մասին: Ինչպե՞ս կլինի այս անգամ: Տեսնե՛նք: Սակայն երեւում է, որ այստեղից էլ սկսվել է դիվանագիտական նահանջը: Նախագահ Ալիեւի համար այս պահին օրախնդիրը Լեռնային Ղարաբաղը չէ»,- եզրափակում է Տարասովը:
Աղբյուր՝ regnum.ru
Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, ս/թ. մարտի 3-ից, ժամանակավորապես, 2 ամսով կդադարեցվի երթևեկությունը՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ:
Նշված ժամանակահատվածում, տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում տեղի կունենան հետևյալ փոփոխությունները.
- հանգույցի ստորգետնյա մասում՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է,
- հանգույցի վերգետնյա հատվածում թույլատրվելու է տրանսպորտային հոսքերի շարժումը բոլոր ուղղություններով, այդ թվում նաև ուղիղ՝ Մաշտոցի պողոտայի կողմից դեպի Հաղթանակի կամուրջ և հակադարձ՝ Հաղթանակի կամրջի կողմից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ: Միաժամանակ արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հանգույցի վերգետնյա հատվածներում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտից մինչև Գր.Լուսավորչի փողոց և Պարոնյան փողոցից մինչև Հաղթանակի կամուրջ ճանապարհահատվածներում:
Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար, թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկում ենք երթևեկել Մաշտոցի պողոտա-Սարյան-Լեո-Պարոնյան փողոցներով կամ Մաշտոցի պողոտա- Մ.Խորենացու-Զաքյան (Իտալիայի) շրջանցիկ ճանապարհներով:
Նշված ժամանակահատվածում շինարարությունը ավարտելու նպատակով, աշխատանքները իրականացվելու են երկհերթ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը։
Երևանի քաղաքապետարան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.