23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«168 Ժամի» զրուցակիցն է ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխտեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
– Պարոն Բրայզա, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից կարճ ժամանակ անց վերսկսվեցին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները. կայացան ոչ պաշտոնական և պաշտոնական հանդիպումներ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ, որոնցից վերջինը՝ Միացյալ Նահանգներում: Ինչպե՞ս եք գնահատում այն բանակցային գործընթացը, որը վարում են ՀՀ նոր իշխանություններն այս մեկ տարվա ընթացքում:
– Անմիջապես հեղափոխությունից հետո՝ իշխանությունը ստանձնելու սկզբնական փուլում, որոշ դրական տեղաշարժեր էին նկատվում բանակցային գործընթացում, վերսկսվել էին հանդիպումները, բանակցությունները ղեկավարների և նախարարների մակարդակով, կային դրական փոփոխություններ:
Մի քանի ամիս առաջ այն հայտարարությունը, որն արեցին կողմերն ամիսներ շարունակվող բանակցությունների արդյունքում, հասարակություններին խաղաղության նախապատրաստելու, վստահությունն ամրապնդող միջոցառումներ իրականացնելու մասին, որոնք կամրապնդեին հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով, ինձ համար ամենաէական առաջընթացն էր վերջին տարիների ընթացքում: Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն վարչապետ Փաշինյանի մտադրությունների հարցում: Ես գիտեմ, որ Բաքվի ամենաբարձր իշխանությունները ցանկանում են առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած՝ արդյո՞ք վարչապետ Փաշինյանը կկարողանա արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները: Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին:
Սա միայն ներկայի խնդիր չէ, այլ անցյալ 20 տարիների, երբ Տեր-Պետրոսյանը մոտ էր բեկմանը և հայտնվեց հսկայական ճնշումների ներքո, որին հետևեց ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, այնուհետև Սարգսյանի կառավարման օրոք մի քանի տարի առաջ ևս կար իրավիճակ, երբ կողմերը մոտ էին բեկման՝ Պուտինն ապրիլյան պատերազմից հետո ներկայացրել էր ուշագրավ առաջարկներ, որին հետևեց ՊՊԾ գնդի գրավման ճգնաժամը:
Նույնը, ըստ իս, ներկայումս է տեղի ունենում, երբ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է շարունակվում, Ղարաբաղյան խումբը չափազանց ակտիվ է, և կարծում եմ՝ նրանց աջակցում են շրջանակներ ԱՄՆ-ում, ինչպիսին Հայ Դատի հանձնախումբն է, որը չի ցանկանում կարգավորում և միշտ է ընդդիմացել դրան՝ անկախ նրանից, թե մենք ինչպես ենք փորձել առաջընթաց ապահովել: Մշտապես եղել են հակահայկական ալիքի մեջ: Քեն Խաչիկյանը Սերժ Սարգսյանին նույնիսկ դավաճան էր անվանում: Կարծում եմ, նույնը տեղի է ունենում Փաշինյանի հետ, նորություն այս ամենում չկա:
– Եթե, ըստ Ձեզ, նկատվում էր տեղաշարժ, դրական առաջընթաց, կա՞ նաև փաստաթուղթ, որը քննարկվում էր: Պաշտոնապես չի հաստատվում, որ հանդիպումների ժամանակ տեղի են ունենում բանակցություններ, քննարկվում է կոնկրետ փաստաթուղթ, թեև Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից ամիսներ առաջ տեղեկություն տարածվեց, որ կոնկրետ առաջարկներ են քննարկվում:
– Ես չգիտեմ, թե ինչ փաստաթուղթ կամ առաջարկներ են քննարկվում: Բայց ես գիտեմ, որ Մադրիդյան փաստաթուղթը՝ 11 տարի առաջ համաձայնեցված, այսպես թե այնպես եղել է բանակցային սեղանին այս ողջ ընթացքում: Մադրիդյան սկզբունքներն ամենահամապարփակ, տրամաբանական, ամենալավ շրջանակն են, ըստ իս, ԼՂ հակամարտության կարգավորման համար, դա հիմնարար համաձայնագիր է նախագահ Սարգսյանի և Ալիևի միջև, որը նրանք այդպես էլ չկարողացան ավարտին հասցնել: Ամենակարևոր հարցն այն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է հանրաքվեով, միևնույն ժամանակ՝ ԼՂ-ն ունենալու է ժամանակավոր կարգավիճակ:
– Հայկական կողմը նաև նշում է, որ Արցախը Հայաստան է, միևնույն ժամանակ հայկական կողմը ցանկանում է վերադարձնել Ստեփանակերտին բանակցային սեղան, քանի որ ՀՀ վարչապետը նշում է, որ չունի մանդատ՝ ներկայացնելու Ղարաբաղը բանակցային սեղանին: Ինչպե՞ս եք գնահատում նախ առաջին հայտարարությունը, և կա՞ հնարավորություն, որ Ղարաբաղը դառնա բանակցային կողմ:
– Փաշինյանի այդ հայտարարությունները հակասում են միմյանց, կարող եմ ասել, և դա նկատվել էր: Ինչևէ: Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, ապա բանակցային գործընթացն անպտուղ է, երբ կողմերը պատրաստ չեն վճարել ինչ-որ բաների դիմաց: ԼՂ ներկայացուցիչներն անցյալում մասնակցել են բանակցություններին:
ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի օրոք դա փոխվեց, ներկայումս հայկական կողմը կրկին ցանկանում է փոխել այդ ձևաչափը, և Ադրբեջանը հավանություն չի տալիս: Բայց սա բանակցություն է, բանակցային գործընթացում պետք է տաս ու վերցնես, և, եթե ինչ-որ բան ցանկանում ես մյուս կողմից, ապա պետք է առաջարկելու բան ունենաս: Կարծում եմ՝ ներկայումս Ադրբեջանն ասում է. «Իսկ ի՞նչ կստանանք, եթե մենք անենք մի բան, որը չենք ցանկանում անել»: Այսինքն՝ կա գին, որը պետք է վճարել այդ կարևոր քայլի դիմաց: Բայց դա երկու կողմերի գործն է:
– Բայց Դուք գիտեք, որ 1994, 1995 թթ. համաձայնագրերը կնքվել են երեք կողմերի միջև և ունեն անժամկետ բնույթ: Եվ ստացվում է, որ բանակցային ձևաչափը վերականգնելու համար Հայաստանը պետք է վճարի՞:
– Ես կարող եմ ասել միայն այն, ինչ արդեն ասացի: Այո, Դուք ճիշտ եք: Սակայն այսօրվա իրականությունն այն է, որ Ղարաբաղի ներկայացուցիչները չեն մասնակցում այդ բանակցություններին: Եթե ցանկանում եք փոխել այդ իրականությունը, ցանկանում եք նոր հրադադարի պայմանագիր, պետք է վճարել դրա համար, սա է բանակցությունների մեխանիզմը:
– Ո՞րը պետք է լինի «վճարը», ըստ Ձեզ:
– Դա, կարծում եմ, կողմերն իրենք են որոշում: Կարևորն այն է, որ հասկանանք՝ սրանք բանակցություններ են, բոլոր հարցերը բանակցվում են:
– Առաջիկայում սպասվում է նախարարների մակարդակով ևս մեկ հանդիպում: Ընդհանրապես ի՞նչ եք ակնկալում բանակցային գործընթացից առաջիկայում՝ հաշվի առնելով վերջին միտումները:
– Ես չեմ տեսնում բեկման հնարավորություն առաջիկա ամիսներին: Եթե վարչապետ Փաշինյանը կոնսոլիդացնի իր ուժերը, եթե կարողանա դիմակայել ճնշումներին…
– Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է:
– Ես կարծում եմ, որ բոլոր կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը, առավել, քան երբևէ, լավ են դիրքավորված, քանի որ Փաշինյանը տարբեր է, թարմ ղեկավար է:
– Պարոն Բրայզա, օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով իր պաշտոնին հրաժեշտ տվեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Սա ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա:
– Ազդեցությունը կախված է նրանից, թե ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որոնք ես լսել եմ մի քանի աղբյուրներից: Այդ լուրերի իսկությունը հետևյալն էր՝ դեսպան Բոլթոնը հետաքրքրված է Հարավային Կովկասում հակամարտության կարգավորմամբ, և նա վերջապես ԱՄՆ նախագահին մոտ այն պաշտոնյան էր, ով հասկանում էր, թե որքան կարևոր է այս հակամարտության կարգավորումը հարավկովկասյան տարածաշրջանի համար: Չեմ կարող ասել, թե նա իր պաշտոնավարման օրոք ինչ ջանքեր է ներդրել հակամարտության կարգավորման համար, սակայն կարևոր է, որ Սպիտակ տանը նման կարծիք է եղել: Անձնապես այն համոզմանն եմ, որ հակամարտությունը չի կարգավորվի, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի զբաղվում դրանով, հարկավոր է ԱՄՆ-ի կողմից բարձր մակարդակի դիվանագիտական ներգրավվածություն և ուշադրություն:
Բայց սա նաև հնարավորություն է տարածաշրջանի համար, քանի որ դեսպան Բոլթոնն իր ձեռքում էր կենտրոնացրել իշխանությունը, թուլացրել էր, տապալել էր ազգային անվտանգության ոլորտում որոշումների կայացման գործընթացը՝ դժվարացնելով ԱՄՆ ադմինիստրացիային՝ որոշումներ կայացնել շատ հարցերով և լավ աշխատել: Բայց մեծ ազդեցություն սրանից տարածաշրջանը, կարծում եմ, չի զգա:
Փաստաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործման բոլոր թույլտվությունները տրվել են խախտումներով, միջազգային 10 կոնվենցիա է խախտվել, որոնց շրջանակում Հայաստանը պարտավորություններ է ստանձնել։
«Ես անցյալ տարի կառավարությանը ներկայացրել եմ բոլոր այս օրենքների եւ կոնվենցիաների խախտումները, վերջին 4 էջում նշել եմ, թե ինչ կոռուպցիոն հանգամանքներ կան , խնդրել եմ, որ իրավապահ մարմինները ուսումնասիրություն անեն, գործեր հարուցեն եւ քննեն, սակայն մինչեւ օրս ոչ մի բան չի արվել։ Մի կասկածելի հոդվածով եւ հիմքով քրեական գործ է հարուցվելը, որը, այդպես էլ չենք հասկանում, թե ինչ ճակատագրի է արժանանալու»,-ասել է Նազելի Վարդանյանը։
Ըստ նրա, անհասկանալի իրավիճակ է, որ նոր քննչական խումբ է ձեւավորվել եւ այդ գործը , որը կարճման ենթակա էր, շարունակվում է։
Նազելի Վարդանյանի խոսքով, ստացվում է, որ գործում առկա 35 հազար փաստաթուղթը եւ ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրությունը չի օգնում, որ գործը կարճվի։
Փաստաբանը հայտարարել է, որ Ամուլսարի ծրագիրը չի անցել սանիտարական ուսումնասիրություն։ «Համաձայն սանիտարահամաճարակային անվտանգության մասին ՀՀ օրենքի, այսպիսի ծրագրերը պետք է անցնի սանիտարական փորձաքննություն, որն իրականացնում է առողջապահության նախարարությունը։ Այսինքն, մարդու առողջության վրա ազդեցությունը չի գնահատվել եւ փորձաքննություն չի անցել»։
Նրա խոսքով, մենք մինչեւ օրս չգիտենք, թե մարդու առողջության վրա Ամուլսարի հանքի շահագործումն ինչ ազդեցություն կարող է ունենալ։
«2012 թվականին սեւանի փորձաքննական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն եւ այդտեղ նշված 4 կետերից մեկում նշված է, որ ռադոնի քանակը, որը ռադիոակտիվ նյութ է , որը նույնիսկ չնչին քանակությամբ ազդում է մարդու առողջության վրա 2 անգամ նորմայից գերազանցում էր, դա 12 թվականի, երբ մակաբացումն այս չափով չէր արվել, հիմա ավելի շատ է եւ երբ ես ասում եմ, որ պետք է չափումներ արվեն, պետք է չափվի, թե ռադոնի քանակն ինչքանն է, որեւէ մեկը դրան չի անդրադառնում»,-հայտարարել է Նազելի Վարդանյանը։
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր վերջին հարցազրույցին՝ պարզաբանելով, թե ինչ է նկատի ունեցել։
Նա նշել է, որ Հայաստանն այսօր գտնվում է մեծ ընտրության խաչմերուկկում, որտեղ հասարակությունը պետք է որոշի՝ վերադառնո՞ւմ է հնին, թե սկսում ներ էջից՝ նոր հերոսներով։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Որքան հասկանում եմ, բոլորը համաձայն են իմ վերջին հարցազրույցում հայտնած տեսակետի հետ, որ հնին վերադարձ չկա: Այլ հարց է, որ, դատելով արձագանքներից, ոչ ոք իրեն հին չի համարում։ Եվ, որպեսզի անհասկացվածություն չլինի, մանրամասնեմ` ինչ նկատի ունեմ։
Իմ դիտարկմամբ Հայաստանն այսօր գտնվում է մեծ ընտրության խաչմերուկում, պատմության նոր գլուխ սկսելու հնարավորության առաջ, որտեղ հասարակությունն իր համար պետք է որոշի. վերադառնու՞մ է հնին, շարունակու՞մ է հին էջից, թե սկսում է նոր էջից` նոր հերոսներով ու նոր շարադրանքով։ Ու որպեսզի դա տեղի ունենա, մեր հասարակությունը՝ երկրի ներսում և դրսում, պետք է որոշում ընդունի։
Պետք է որոշի՝ եթե հնին վերադարձ չկա, ապա չի կարելի չհաշտվել սեփական անցյալի հետ, այն փորփրել, խմբագրել ու վերախմբագրել, շարադրել ու վերաշարադրել։ Հնին վերադարձ չկա, ու որպեսզի հինը չվերադառնա, պետք է հանգիստ թողնել անցյալը, չնեղանալ այդ անցյալից, ավելորդ չուռճացնել կամ չփոխել այն։ Անցյալի հետ պետք է ոչ թե կռվել, այլ հաշտվել։ Վերլուծել այն, հասկանալ սխալները՝ ապագայում չկրկնելու համար։
Հնին վերադարձ չկա, որովհետև հակառակ դեպքում առաջընթացի չափման միավորը երեկվա ու այսօրի միջև է: Որովհետև այդ դեպքում նշաձողը երազանքը չէ, նշաձողը՝ հատվածական, կարճաժամկետ «բավարարվածությունն» է։
Հնին վերադարձ չկա, բայց վերադառնում են նախկին առաջնորդները. ընդ որում, դա անում են ստիպված, պարտադրված։ Որովհետև, ցավոք սրտի, վերջին 100 տարում մենք, խոշոր հաշվով, այդպես էլ չկարողացանք մեր առաջնորդներին ճանապարհել մեծարելով ու շնորհակալություն հայտնելով, նրանց մասին խոսել առանց վիրավորանքի՝ նկատելով թերացումները և ընդգծելով ձեռքբերումները։
Նայե՛նք մեր վերջին 100 տարվա պատմությանը. այս կամ այն կերպ, ժամանակի այս կամ այն կանգառում, այս կամ այն նպատակով պիտակավորում ենք, մոռացության ենք տալիս, երբեմն էլ փորձում ենք ուղղակի ջնջել մեր բոլոր առաջնորդների գործերը՝ Քաջազնունուց, Արամ Մանուկյանից ու Սիմոն Վրացյանից մինչև Խանջյան, Կարեն Դեմիրճյան ու Սերժ Սարգսյան։
Անցյալի առաջնորդները վերադառնում են, որովհետև տեսնում են, թե երբեմն որքան անխնա են վարվում իրենց թողած ժառանգության և հենց իրենց անվան հետ։ Կարեն Դեմիրճյանին սկզբում սիրեցինք, հետո արհամարհեցինք, հետո կարոտեցինք, հետո վերադարձրեցինք, իսկ վերջում՝ կորցրեցինք։ Խորհրդային մյուս առաջնորդների` Զարուբյանի, Քոչինյանի ու Սուրեն Հարությունյանի գործը կա՛մ մոռացել ենք, կա՛մ անտեսել՝ առանց հիշատակելու նրանց վաստակը։
Երևի նաև այդ պատճառով 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն։ Հենց այդ պատճառով է, որ Ռոբերտ Քոչարյանն այժմ վերադառնում քաղաքականություն, իսկ Սերժ Սարգսյանը չի հեռանում քաղաքականությունից։ Որովհետև այդպիսի վերաբերմունքը մղձավանջ է ցանկացած քաղաքական առաջնորդի համար, ով որոշում է իր կյանքն ու ճակատագիրը նվիրել սեփական երկրին։
Երկիրը պետք է ապրի տրամաբանական կենսափուլերով և քաղաքական ցիկլերով։ Խորհրդային ղեկավարներ, անկախության առաջնորդներ, պատերազմի հրամանատարներ, ճգնաժամային կառավարիչներ` ամեն մեկն իր փուլում իր նվիրումն է բերել, իր գործն է արել։ Մեզ հիմնավոր ոչինչ չի խանգարում տեսնել այդ ամենը, պետք է ընդամենը գիտակցել դա ու բարձրաձայնել նրանց վաստակի մասին։
Հնին վերադարձ չկա, բայց որպեսզի նորը չդառնա վաղուց մոռացված հին, այն պետք է կառուցել փորձի ու գիտելիքի վրա: Սկզբունքներն էլ շատ պարզ են.
-Չհպարտանալ այն կադրերով, որոնք չունեն կենսագրություն ու անկարող են, չգիտեն ոչ մեկին և չեն անցել ճանապարհ։ Սա 21-րդ դարն է։ Կադրային բանկում չի կարելի միայն երիտասարդներ ունենալ: Այդպես մենք սկսում ենք ոչ թե նոր էջով, այլ կրկնում ենք հին ու շատ հին սխալները՝ նորովի։
— Ազգային նշանակության հարցերում չարհամրահել հսկայական փորձ ունեցող նախկին առաջնորդներին. նախ, մեծամտորեն չխորհրդակցելով, անել աշխարհի բոլոր հանցավոր հիմարությունները և, հասնելով անդունդի եզր, հասկանալ, որ բոլոր կամուրջները տգետի պես այրել ես: Սա 21-րդ դարն է։
Հնին վերադարձ չկա, եթե դիսկուրսում նոր գաղափարներն են։ Եթե դու պայքարում ես անցյալի դեմ՝ ուրեմն դու դեռ անցյալում ես։ Դու նույնիսկ ներկա չես։ Հնին վերադարձ չկա, բայց մեկ պայմանով, եթե խոսում ենք ու գործում ապագայի մասին տեսլականներով։
Որպեսզի ապագան գա, պետք է չկառչել անցյալից, պետք է չապրել անցյալով: Իսկ որպեսզի անցյալի պատանդը չդառնաս, պետք է հասկանալ, գնահատել, ներել ու հրաժեշտ տալ մարդկանց, ովքեր ապագայի ճանապարհի քո ընկերները չեն։ Ու ճամփա բռնել դեպի ապագա։ Այդ ժամանակ հնին վերադարձ չի լինի, հինը չի վերադառնա, հինը կմնա անցյալում։ Լավ կամ վատ, սխալ կամ ճիշտ, սև կամ սպիտակ, երբեմն էլ` մի քիչ սև ու մի քիչ սպիտակ, մի քիչ լավ ու մի քիչ վատ, բայց` անցյալում։ Այն կդառնա օգտակար փորձ, գիտելիք, կարողություն ու ճանապարհ կհարթի նորերին՝ դեպի նոր իրականություն և իրապես նոր Հայաստան։
Հնին վերադարձ չկա, երբ առկա է սերունդների համերաշխություն, հետ չնայելու հանրային համաձայնություն, նոր տեսակի ապագա և նոր որակի երկիր ունենալու ցանկություն ու կարողություն։ Իսկ դա, իմ խորին համոզմամբ, հնարավոր է։
Ես անսահման հիացած եմ Առաջին հանրապետության առաջնորդների քաջությամբ, Խորհրդային Հայաստանի ղեկավարների իմաստնությամբ, և մեծ հաշվով, զրոյից երկիր կառուցելու կարողությամբ:
Ես խորապես շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարներին.
Լևոն Տեր-Պետրոսյանին՝ անկախության շարժումն առաջնորդելու և մեր անկախ երկրին միս ու արյուն, հոգի տալու համար, անկախությունն անդառնալի դարձնելու համար:
Ռոբերտ Քոչարյանին՝ կարևորագույն ժամանակահատվածներում Արցախն ու Հայաստանը պահելու ու ոտքի հանելու համար, մեր երկրին ինքնավստահություն և մեր հասարակությանը` սեփական ուժերի հանդեպ հավատ ներշնչելու համար:
Սերժ Սարգսյանին՝ համերաշխությունը, լայնախոհությունն ու մարդկայինը առաջնորդության մեջ առաջին պլան բերելու համար, ժամանակակից ու հասուն պետության ուղեգիծն ամուր ֆիքսելու համար, ամեն ինչից զատ` մարդ լինելու համար։ Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել նրա գլխավորած իշխանությունը դեսպանի կարգավիճակում, հպարտ եմ այդ իշխանության անուրանալի ձեռքբերումներով, որ դեռ պիտի իրապես ընկալվեն ապագայում, և ինձ համարում եմ նաև պատասխանատու այն սխալների համար, որ կատարվել են այդ ժամանակահատվածում: Սխալներ, որ ուղղելու ենք:
Մի օր կգա ճակատագրից ու ապագայից հասկացող առաջնորդ, հերթով կայցելի այս գործիչներին, կխոնարհվի ու կհանձնի նրանց հասանելիք պետական բարձրագույն պարգևները: Չկասկածե՛ք:
Իսկ քանի դեռ ներկա Հայաստանը, մեջքով դարձած ապագային, ինքնամոռաց փորփրում է անցյալը, աղետի տանելով նրանց ժառանգությունը` Հայրենիքը, նրանցից յուրաքանչյուրը վերադառնալու պարտք ու իրավունք ունի: Եվ եթե դա լինի ոչ թե իշխանությունը վերադարձնելու, այլ վերահաս աղետից երկիրը փրկելու համար, ես իմ համեստ ունակություններով կկանգնեմ նրանցից յուրաքանչյուրի հետևորդների շարքերում:
Ես շնորհակալ եմ նաև գործող իշխանությանը ու նրա ղեկավարին, կամա թե ակամա, երկրի նոր ռեստարտը խթանելու և հանրային ոգևորությունը լրջորեն բարձրացնելու համար։ Նորի սպասման այդ էներգետիկան ավելին է, քան ցանկացած բնական կամ տեխնոլոգիական հարստություն. այն սարեր կարող է շուռ տալ: Ու թեև իշխանությունը ծայրամասի իր աշխարհընկալմամբ ամեն օր մսխում է այդ հարստությունը, դրա մնացորդներն անգամ մեծ արժեք են ու դեռ շատ են պետք գալու մեր երկրին:
Մենք ունեցել ենք և ունենք առաքելություն ունեցող և երկրին անմնացորդ նվիրված առաջնորդներ՝ իրենց սխալներով և անուրանալի, անջնջելի վաստակով։ Իսկ այսօր ժամանակն է սկսել նոր էջից։ Երկրի կառավարման նոր փիլիսոփայությամբ։ Աշխարհին հասկանալի լեզվով: Ունակ մարդկանցով։ Նոր էներգիայով: Եվ դա, իրոք, հնարավոր է»:
Որպես հասարակական-քաղաքական գործիչ` ինձ հետաքրքրում է, թե Արմեն Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ: Ես պաշտոնապես հարցում եմ անում և՛ իրեն, և՛ Նիկոլ Փաշինյանին՝ Արմեն Սարգսյան, դու երբևիցե Ամուլսարի բաժնետոմսեր ունեցե՞լ ես։ Այս մասին «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում հարցադրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Դու այդ բաժնետոմսերը, որ ունեցել ես, վաճառե՞լ ես։ Նիկոլ Փաշինյան, էս բաները դու ինքդ ռազբոռկա արա, նոր ժողովրդին ասա, որ քիչ թե շատ մենք հավատանք, որ դու այդտեղ հանդես ես գալիս որպես վարչապետ, որպես հօգուտ հանքի արդյունաբերական շահագործմանը», — նշել է նա։
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ շահագործման որոշմանը գնալուց առաջ պետք էր համադրել տրված եզրակցություններն ազգային ստանդարտների հետ և եթե դրանք ստանդարտներից լավը լինեին, ապա կարելի էր շահագործել, մինչդեռ այս պահի դրությամբ շահագործման ոչ մի հիմք չկա: Նախկին վարչապետը կարծում է, որ կարևոր է ՇՄԱԳ-ի հետ կապված պահանջները:
«Ինչո՞ւ է սա կարևոր, որովհետև շրջակա միջավայրի հատված մենք չենք կարող ունենալ, մենք չունենք ոսկու հանքերը շահագործելու հստակ նորմատիվներ։ Եթե կառավարությունում կար մեկ կոպեկի գիտակցություն մինչև ՇՄԱԳ անելը, կառավարությունը պետք է ասեր, իսկ շրջակա միջավայրի մեր պահանջները որո՞նք են։ Եթե չկան, բերեք ֆիքսենք, դա կոչվում է տեխնիկական նորմատիվ կամ տեխնիկական պայման կամ կարող է լինել ստանդարտի ձևով, չնայած որ, ստանդարտները 2005 թվականի Սահմանադրությամբ հանված են։
Կարող էին լինել ճյուղային տեխնիկական պայմաններ կամ ճյուղային ստանդարտների տեսքով։ Խոսելու և 400 հազար դոլար վարի տալու տեղը սա պետք է պառլամենտն աներ։ Երբ տալիս ես փորձաքննության, այն ասում է, որ աղտոտվածությունն այսքան է, բայց դու չգիտես այդքանը քեզ համար ընդունելի է, թե՞ ոչ, ո՞րն է այն պայմանը, որ դու համաձայն ես, որ շահագործվի»,- նշել է Բագրատյանը։
Հուլիսի 26-ին ինտերնետային կայքերից մեկում հրապարակվել էր «Իմ քայլի» պատգամավորը ՄԻԵԴ-ի վճռի հետքերով դիմել է ոստիկանություն» վերտառությամբ հոդված: Հրապարակման մեջ, հղում կատարելով 2012թ. ինտերնետային կայքերից մեկում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնն ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և Յու. Վարդանյանին 1,6 մլնեվրոգումարփոխհատուցելումասին 2019 թվականի հուլիսի 25-ի ՄԻԵԴ որոշմանվրա, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը միջնորդել է իրավապահ մարմիններին հրապարակված հոդվածն ընդունել որպես հրապարակային հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին:
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, գլխավոր դատախազությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն միջնորդություն է ուղարկվել՝ հրապարակման կապակցությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:Կատարված միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նախապատրաստվել են նյութեր և պարզվել է հետևյալը։
Հիշատակված հրապարակմանը կցված հարցազրույցի տեսաձայնագրությունում Պավել Անդերսոնը հայտնել է, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցին հարող հատվածում կառուցապատում իրականացնելու իրավունքը ՀՀ կառավարության կողմից տրված է եղել իր կողմից հիմնադրված «Վիզկոն» ՍՊԸ-ին և վերջինս ձեռնամուխ է եղել գերակա հանրային շահ ճանաչված՝ Երևանի Բուզանդի 13-ից 21-րդ հասցեների բնակիչներին վտարելու գործընթացին:
Ըստ հրապարակման՝ կառուցապատման իրավունքը ձեռք բերելու համար Անդերսոնն անձամբ և իր գործընկերոջ միջոցով Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակազմի պաշտոնատար անձանց տվել է 550.000 ԱՄՆ դոլար և 200.000 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ բնակիչների վտարման դատական գործերով տարբեր ատյանների դատավորներին տվել է 300-ից 5.000 դոլարի չափով կաշառք:
Անդերսոնը հայտնել է նաև, որ 2006 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի պարտադրմամբ 100.000 ԱՄՆ դոլար գումար է վճարել «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանում՝ Բուզանդի 13 հասցեի նկատմամբ Յուրի Վարդանյանին սեփականության իրավունքից զրկելու և հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ վճիռ կայացնելու համար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում դատական դեպարտամենտից և «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ից ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր: Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառքներ պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերի կաշառքներ տալու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։
Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների բացահայտմանն ուղղված օրենքների նախագծերի ընդունումը շոկի կենթարկի Հայաստանի ողջ ֆինանսական համակարգը, խոչընդոտ կհանդիսանա օտարերկրյա ներդրումների համար և կխթանի Հայաստանից ֆինանսական հոսքերը։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի Էկոնոմիկայի եւ ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։
Նշենք, որ երեկ Կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթի, որով մի շարք հանցագործությունների դեպքում կարելի է ստանալ նույնիսկ կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները։
«Մեծ է ռիսկը, որ բանկային գաղտնիքի ինստիտուտի թուլացման արդյունքում մարդիկ վերադառնան կանխիկ գործարքների պրակտիկային, այսինքն սկսեն իրենց գումարներն ավելի շատ շրջանառության մեջ դնել կանխիկ եղանակով, ինչը հղի է կոռուպցիոն հետևանքներով»,–ասաց տնտեսագետը։
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ բանկային գաղտնիքի վերացումը խոչընդոտ է հանդիսանալու ներդրողների համար և ազդելու է դեպի Հայաստան դրամական հոսքերի վրա։ Ըստ նրա՝ Հայաստանից դեպի դուրս փոխանցումներն ավելի շատ են լինելու, քան դեպի ներս։
«Ստացվում է, որ մենք օտարերկրյա ներդրողներին հրավիրում ենք մի երկրում ներդրում կատարելու, որտեղ կարելի է ասել բանկային գաղտնիք չի լինելու։ Այսինքն ներդրողները երաշխիքներ չեն ունենալու, որ իրենց հաշիվները այստեղ չեն «քրքրի»»,– ասաց նա։
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ կոռուպցիոն հանցագործությունները կամ ապօրինի հարստացումը բացահայտելու համար կարիք չկա օրենք փոխելու։
«Առկա օրենսդրական կարգավորումները թույլ են տալիս դատարանի որոշմամբ կասկածյալների կամ մեղադրյալների բանկային հաշիվների քաղվածքները ստանալ, ի՞նչ կարիք կա այդ շրջանակն ընդլայնելու։ Ցանկացած գործով սկսելու են մարդկանց, նրանց փոխկապակցված անձանց, բարեկամների, բոլորի հաշիվներն ուսումնասիրել»,–ասաց նա։
Տնտեսագետը մտահոգություն հայտնեց, որ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ֆինանսական համակարգը կզրկվի իմունիտետից։
«Սա նշանակում է, որ դու քո երկրի բոլոր ֆինանսական գործընթացները շոկի ես ենթարկում»,–նկատեց նա։
Անդրադառնալով Կենտրոնական բանկի այն հայտարարությանը՝ համաձայն որի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը և չի ազդի երկրի ֆինանսական կայունության վրա, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Կենտրոնական բանկը հայտարարությունով կարող է սահմանափակվել, սակայն այս օրենքը գործելու է, Կենտրոնական բանկի նախագահը կփոխվի, բայց այդ օրենքը կմնա պատուհաս և հետագայում որպես մահակ կօգտագործվի մարդկանց դեմ։
Հիշեցնենք, որ կառավարությունն երեկ՝ սեպտեմբերի 12–ին հավանություն տվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծին, որով առաջարկվում է մի քանի տասնյակ հանցագործությունների՝ այդ թվում անհիմն հարստացման, կաշառք ստանալու գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալ առանց սուբյեկտային սահմանափակման։
Նշենք, որ գործող օրենսդրությամբ՝ բանկերը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ են տրամադրում քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ՝ դատարանի որոշման հիման վրա, իսկ նոր նախագծով առաջարկվում է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ տրամադրել քրեական գործերով կասկածյալ կամ չներգրավված անձանց վերաբերյալ, այսինքն ընդլայնվում է այն անձանց շրջանակը, որոնց վերաբերյալ հնարավոր է բանկային գաղտնիք հանդիսացող տվյալներ ստանալ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ «Փաստերի ստուգման հարթակ» նախագիծն իր կայքում անդրադարձել է իմ հայտարարությանը, կապված Ազգային Ժողովի անարդյունավետ գործուղումների և տարվա կեսից այդ գործուղումների համար կառավարության կողմից հատկացված հսկայական գումարների հետ:
Ես գրել էի բառացի հետևյալը. «Խորհրդարանական դիվանագիտության գուցե միակ «նվաճումը» անթիվ-անհամար-անիմաստ գործուղումներն են, որոնց վրա առաջին կիսամյակում արդեն ծախսվել է տարեկան բյուջեով հաստատված ամբողջ գումարը, և կառավարությունը կրկին հսկայական միջոցներ է տրամադրել խորհրդարանին՝ այդ վոյաժները շարունակելու համար»:
Դանիել Իոաննիսյանին պատկանող այս նախագիծը իր կայքում իբր թե ստուգել է այս հայտարարության իսկությունը և եզրակացրել, որ՝ «Արմեն Աշոտյանը ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե մեկ տարվա գործուղումների համար հատկացված գումարները ծախսվել են կես տարում և այդ նպատակով կառավարությունը նոր միջոցներ է տրամադրել կամ պատրաստվում է տրամադրել»: Զուգահեռ նրանք մեղադրել են նաև որոշ լրատվականների իմ այս պնդումը տարածելու մեջ՝ aravot.am, news.am, hraparak.am, iravunk.com, ankakh.com։
Իրականում դեռս սույն թվականի մայիսի 16-ին Կառավարության նիստին ընդգրկված է եղել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին գումար հատկացնելու մասին» հարցը:
Այդ նիստին ՀՀ կառավարությունը կայացրել է համապատասխան որոշում, և Ազգային ժողովին լրացուցիչ հատկացրել 892,628.9 հազ. դրամ:
Որոշման կից տեղեկանք-հիմնավորման մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ այդ գումարը ներառում է նաև ԱԺ գործուղումների համար լրացուցիչ ծախսեր՝ (4222) «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով 301,802.0 հազ. դրամ:
Այսքանից հետո տվյալ հարթակը մոլորության մեջ է գցում հասարակությանը, մեղադրում է ինձ իբր ապատեղեկատվություն գրելու, իսկ ԶԼՄ-ներին՝ այն տարածելու մեջ:
Ակնհայտ է, որ իրեն փաստերի ստուգման հարթակ հռչակած կայքը կարող էր իսկապես խորամուխ լինել հարցի մեջ: Հակառակ դեպքում՝ գործ ունենք կամ աղաղակող ոչ պրոֆեսիոնալիզմի, կամ ուղղորդված հակաքարոզչության հետ:
Տվյալ հարթակից ակնկալում եմ ներողություն և իրենց հրապարակած նյութի բովանդակության վերանայում:
Հ.Գ. Մեկնաբանությունում՝ կառավարության որոշման հղումը (հարց 31)»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով արդարադատությունը հաղթելու է, այս մասին լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այս դատական գործընթացը քաղաքական երանգ ունի՞, թե ավելի շատ իրավական գործընթաց է։
«Մի բան կարող եմ ասել՝ արդարադատությունը հաղթելու է, և ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակներում»,-ասաց նա:
Լրագրողների հարցին, թե 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, այսինքն՝ իր վարչապետության օրոք, արդյոք Արցախից զորք է բերվել Հայաստան, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.
«Ցուցմունքները հրապարակվել են և որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել: Զինվորականներն էլ իրենց ցուցմունքներում բացատրությունը տվել են: Բայց, հասկանալով կառուցվածքը, այն ժամանակ Արցախի վարչապետը կապ չի ունեցել Պաշտպանության բանակի հետ: Լրացուցիչ տեղեկություն չեմ կարող ասել»,- ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով սեպտեմբերի 8-ին Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ ընտրությունները շատ օրինակելի կերպով են իրականացվել: «Ազատ հայրենիք» կուսակցությունը չի մասնակցել ընտրությանը, բայց կուսակցականները շատ ակտիվ են եղել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=dEP3iObikZM
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ Կառավարության կողմից այսօր ընդունված «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը կարող է այնպիսի ազդեցություն ունենալ, որ անուղղակի հարված լինի տնտեսությանը:
Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև նախագծի նպատակը որոշակի թաքնվող երևույթները բացահայտելն է, և ստվերի դեմ պայքարը կարևոր է, սակայն պետք է զգույշ վերաբերվել այս հարցին:
Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօր հերթական նիստին ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Գագիկ Մակարյանը նշեց, որ կարող է այնպես ստացվել, որ եթե ինչ-որ մեկի անունով բավականին գումար լինի, պետությունը կհետաքրքրվի, թե որտեղից է այդ մարդու մոտ առաջացել դա: «Պետությունը ստվերի դեմ պայքարի իր ներքին մեխանիզմներն է ուզում դնել, բայց դրան հակադրվում է հարցի մյուս կողմը, թե արդյոք սովորական քաղաքացին կցանկանա քիչ թե շատ զգալի գումար ունենալ հաշվեհամարում, քանի որ կսկսի անհանգստանալ, թե ինչ թվից հետո են սկսելու հետաքրքրվել:
Այսինքն` եթե պետությունը շեմը չի սահմանում, այլ ուղղակի ասում է, որ եթե կարիք կա կասկածյալի անձի հետ փոխկապակցված անձանց հաշիվները ուսումնասիրել, գումարի մեծությունը չի դառնում որոշիչը»,-ասաց նա և նշեց, որ այս նախագիծը կարող է սովորական քաղաքացուն էլ վախեցնել:
«Երկրորդ խնդիրն այն է, որ այս նախագիծը բնականաբար ավանդների վրա կարող է ազդել, քանի որ մարդիկ ավանդները կարող են զգալիորեն հետ քաշել: Բանկերը որոշակի գաղտնիության վստահության պահը կորցնում են, որը որ բանկային համակարգին կարող է օգտակար չլինել»,-ասաց նա և նշեց, որ պետք է այս առումով նայել միջազգային փորձը:
«Այս ինֆորմացիան լսելուց հետո այն մարդիկ, ովքեր թույլ են տվել ինչ-որ մարդկանց փողերն իրենց անունով դրվեն, նրանք կհայտնվեն խուճապի մեջ և կփորձեն այսպես ասած շառից հեռու լինել: Այստեղ կա չորրորդ վտանգը, որ գողությունները կարող են ուժեղանալ, քանի որ եթե գողերը իմանում են, որ մարդիկ փողերը տանն են պահելու, ոչ թե բանկերում, քանի որ այդ օրենքի հետևանքով անպայման ինչ-որ մարդիկ մտածելու են իրենց եկամուտները տանը պահել, գողերը կարող են թիրախավորել, և դա ևս ռիսկ է»,-ասաց նա:
Ըստ Գագիկ Մակարյանի` հինգերորդ վտանգն այն է, որ դա կարող է ներդրողներին ինչ-որ կերպ վախեցնել: Նա կարևորեց, որ ներդրողը, եթե տվյալ պետությունում իր հասանելիք հարկերը մուծում է, դրանից հետո նա պետք է կարողանա իր գումարները փոխանցել իր ուզած հաշվի վրա: «Այստեղ կարող է կասկած առաջանալ, թե այդ եվրոները կապ ունեն ինչ-որ մարդկանց հետ, ինչը կառաջացնի խճճված իրավիճակ, որը վերահսկելը դժվար կլինի: Դա կարող է ներդրումներին նեղացնել:
Հաջորդ ռիսկն այն է, որ այս նախագիծը որոշակի արտահոսքի չբերի, ենթադրվում է, որ արտահոսք կա, և հիմա էլ եթե բանկերից հանվեն գումարներ, արտահոսքն առավել կլինի: Վերջին հաշվով կարող է տուժել սովորական քաղաքացին միջին ապրուստով, որը ավանդը դնում է բանկով: Այն մարդի,կ ովքեր մեծ գումարների են տիրապետում, արդեն շատ հարցեր կարգավորել են կամ գիտեն դրա կարգավորման ձևերը»,-ասաց նա:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված` ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձինք, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով, շորթմամբ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց պահանջել եւ ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաեւ, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին եւ պետության օրինական շահերին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
Ըստ առաջադրված մեղադրանքների` Էդիկ Ափոյանը, զբաղեցնելով ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, նախապես տեղեկացված լինելով Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Սանդիփ Կաուշիկի` հայրենիքում իրավապահ մարմինների հետ ունեցած խնդիրների մասին, նախնական համաձայնության է եկել նույն բաժնի օպերլիազոր Գեւորգ Գաբրիելյանի հետ` Ս. Կաուշիկից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հարցի շուրջ: Այդ նպատակով Գ. Գաբրիելյանը 24.07.2019թ. այցելել է Ս. Կաուշիկի բնակարան, որտեղ, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի գործողություններ է կատարել. առանց համապատասխան վարույթի առկայության եւ առանց արձանագրման զննել է Ս. Կաուշիկին պատկանող իրերն ու փաստաթղթերը եւ հայտնել, որ Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից գրություն է ստացել ՀՀ-ից նրան արտաքսելու վերաբերյալ, ապա պահանջել նրան չարտաքսելու դիմաց որպես կաշառք իրեն փոխանցել այդ պահին տանն առկա ողջ գումարը, որից հետո անձամբ ստացել է 2.379.750 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար: Այնուհետեւ Գ. Գաբրիելյանը Ս. Կաուշիկին, ինչպես նաեւ բնակարանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության եւս երկու քաղաքացու ուղեկցել է ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի վարչական շենք, որտեղ` բաժանմունքի պետ Էդիկ Ափոյանի աշխատասենյակում, վերջինիս հետ, Ս. Կաուշիկի իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը չոտնահարելու, ՀՀ-ից նրան չարտաքսելու, վերջինիս կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ կեղծ ապացույցներ չստեղծելու եւ քրեական պատասխանատվության չենթարկելու սպառնալիքով, շորթմամբ պահանջել են 50.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից ստացել են 8.423.564 ՀՀ դրամին համարժեք 17.700 ԱՄՆ դոլար:
Մասնավորապես, ձեռք բերելով Ս. Կաուշիկի համաձայնությունը` Գ. Գաբրիելյանը հաջորդ օրը նրանից անձամբ ստացել է 3.759.926 ՀՀ դրամին համարժեք 7900 ԱՄՆ դոլար` պահանջելով վճարել նաեւ կաշառքի մնացած մասը: Գ. Գաբրիելյանի ընկերը` Գոռ Մարտիրոսյանը, տեղեկանալով, որ կաշառքի գումարի մի մասն էլ` 2.283.888 ՀՀ դրամին համարժեք 4800 ԱՄՆ դոլարը, գտնվում է Հնդկաստանի Հանրապետության մեկ այլ քաղաքացու մոտ, 31.07.2019թ.-ին այցելել է նրան եւ անձամբ ստացել պահանջվող գումարը:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Էդիկ Ափոյանին եւ Գեւորգ Գաբրիելյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրանց օժանդակելու համար Գոռ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.