«Իմ քայլը» նախընտրական հիմանդրամնը 2018 թվականի նոյեմբերին ընտրել էր դրամահավաքի ոչ թափանցիկ եղանակը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
«Տեղի է ունեցել կոռուպցիոն ճանապարհով անհայտ փողերի ներդրում ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում, խորհրդարանական ուժերից մեկի վրա, որն այսօր ՀՀ իշխող ուժն է և մենք չենք կարող ասել, թե սա ադրբեջանական ծագման փողեր են, մեկ այլ երկրի կողմից ներդրված գումարներ են, տեղի օլիգարխների գումարներն են, թե՞ պարզապես գտել են Հայաստանի Հանրապետության 700,000 աղքատ մարդկանցից մեկը 100 դրամ է տվել և այդքան գումար են հավաքել»,-նշեց նա։
Սամսոնյանի խոսքով՝ «Իմ քայլը» նախընտրական հիմանդրամն ընտրել է դրամահավաքի ոչ թափանցիկ եղանակը․ «Իշխող խմբակցության պատգամավոր, «գենետիկ ստախոս» Վահագն Հովակիմյանը ինձ անվանել է «գենետիկ կոռուպցիոներ», ես իր գենետիկ ստախոսությունն ապացուցել եմ և նա կոնկրետ պատասխան է տալու ստախոսության համար»։
Նարեկ Սամսոնյանը բերեց տարբեր տարիներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրականացրած դրամահավաքների վերաբերյալ տվյալներ․ «2016թ. փետրվարի 18-ին առաջին անգամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արել է դրամահավաք, որի ընթացքում հավաքել է 4,850,000 դրամ, երկրորդ դրամահավաքն արվել է նույն թվականի սեպտեմբերի 16-ին, որի ընթացքում ՔՊ-ին նվիրաբերվել է շուրջ 4,6 մլն դրամ և կատարվել է 1,8 մլն դրամի խոստում, լուրեր շրջանառվեցին, որ այս խոստումն արել է Խաչատուր Սուքիասյանը: «Ելք» դաշինքի՝ 2017թ.մարտին տեղի ունեցած դրամահավաքին նվիրաբերվել է 15 մլն դրամ, «Ելք»-ի մյուս՝ կրկին 2017թ. ապրիլին կատարված դրամահավաքին հավաքվել է 5,127,000 դրամ։ 2019թ. նոյեմբերի 25-ին ՔՊ-ն հավաքել է 236,000,000 դրամ: 15 միլիոնի կողքը դրեք 236 միլիոնը եւ եկեք հասկանանք, թե ինչպես են հավաքել այդ գումարները: Իրենք ասում են, որ հավաքել են դրամահավաքով, բայց ընտրել են ոչ թափանցիկ ճանապարհը։ Անհայտ են այն մարդիկ, որոնք տվել են այդ գումարները, ինչը քաղպայմանագրի անդամները պարզապես ֆորմալիզացվել են իրենց անուններով: Օրինակ՝ Դավիթ Սանասարյանը մուծել է 5 միլիոն դրամ, ես ուզում եմ հասկանալ, ովքեր են եղել այն մարդիկ, ովքեր գումար են տվել Դավիթ Սանասարյանին, Անդրանիկ Քոչարյանին, ՀՀԿ-ի գրասենյակի դռները շատ անգամներ բացած եւ փակած Վահագն Թեւոսյանին: Քանի դեռ մենք չգիտենք, թե ովքեր են տվել այս գումարները, մենք չենք կարող բացառել, որ այդ գումարները տվել է Իլհամ Ալիեւը կամ Մերիբան Ալիեւան»։
Ըստ օդում շրջանառվող լուրերի՝ այս գումարները տրվել են մի քանի օլիգարխների կողմից, որոնից երկուսը բոլոր գիտեն»․ «Օլիգարխներից գումարը մեկը տվել է, որպեսզի ունենա չդատվելու հնարավորություն, մյուսը՝ որպեսզի ունենա պետական արտոնություն: Այսօր երկուսն էլ ունեն պետական արտոնություն: Երկուսից մեկն այսօր պետական տենդերներ է ստանում: Այդ մարդիկ այսօր մեծ առավելություններ ունեն: Մեկը Սամվել Ալեքսանյանն է»։
Նա նշեց, որ պետական ռեկետների կասկածներ են առաջանում․ «Քանի դեռ չկա ձեր կողմից ստացված գումարների աղբյուրների բացահայտումը, ես անձամբ ունեմ հիմք՝ ենթադրելու, որ դու զբաղվել ես պետական ռեկետով»:
Նարեկ Սամսոնյանը շեշտեց, որ դատախազությունը պետք է զբաղվի այս հարցով։