23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Շարունակ խոսվում է հանցագործություններ ծնող պատճառների, ազգաբնակչության վրա դրանց հոգեբանական ազդեցության մասին։ Հասարակության և, մասնավորապես, իրավապահների ուշադրությունը նշված խնդիրների վրա հրավիրելու նպատակով, զրուցեցինք արձակագիր, հոգեբան, ԵՊՀ պրոֆեսոր, դատական փորձագետ Էլդա Գրինի հետ:
— Տիկին Էլդա, այսօր ձերբակալում, դատապարտում են անգամ չնչին արարքների համար, դրանք իրավապահները «համապատասխանեցնում» են քրեական օրենսգրքի որևէ հոդվածի հետ և պատժում մարդկանց, բայց դրանից իրավիճակը չի փոխվում, ընդհակառակը` օրեցօր աճում են հանցագործությունները։ Որպես հոգեբան, ի՞նչ կասեք, ինչո՞վ է դա պայմանավորված։
— Հանցագործությունների աճի հիմնական պատճառն այն է, որ տղամարդն, իր արժանիքների մասին յուրահատուկ պատկերացում ունենալով, ցանկանում է իր տղամարդկային հատկանիշները դրսևորել: Բայց եթե նա չի աշխատում, որտեղ պետք է այդ ամենը դրսևորի, այդ պատճառով տղամարդը ապրում է ներքին կոնֆլիկտ կամ անընդհատ կռվրտուքների մեջ է: Ընդհանրապես մեր ազգին բնորոշ է դարձել, որ որևէ չնչին երևույթի տալիս ենք առավել բուռն հակազդում, ինչի պատճառը սոցիալական ծայրաստիճան բևեռացումն է։ Բերեմ մի օրինակ. մի մարդ տաքսի է կանգնեցնում, խնդրում` իրեն հասցնել Մասիվ, վարորդը պատասխանում է, որ հիմա իր ընդմիջման ժամն է և չի կարող, հաճախորդը բարկացած շրխկացնում է մեքենայի դուռը, վարորդը զայրացած իջնում է մեքենայից և «ռազբորկայի» ժամանակ տեղի է ունենում դանակահարություն: Ահա չնչին բանից` մի ողբերգություն: Իրենք էլ են հասկանում -բնութագրում այդ դեպքը, որպես մի կաթիլ մեղրի պատմություն, բայց արդեն ուշ է լինում: Այսպիսի գործերով մեր բանտերը լիքն են, որոնցից տուժում է հասարակությունը։ Մենք մեր երկիրը համարում ենք իրավական երկիր, այդ դեպքում իրավունքը պետք է հավասար լինի: Բայց եթե փորձենք տեսնել, թե ովքեր են ճաղերի ետևում, ապա` նրանցից շատերը մի քանի հավ են գողացել, բայց դա համարվում է խոշոր կողոպուտ: Օրինակ` վերջերս մի տարեց մարդ, ում խնամքին է երեք անչափահաս երեխա, հարևանի տանից գողացել է մեկ բանկա մեղր և երկու` մուրաբա, որի հետևանքով հայտնվել է բանտում: Որտեղ են մեր մեծահարուստները, թող այդպիսի մարդկանց կողքին կանգնեն: Մենք մոռացել ենք, թե ինչ բան է բարությունը, իսկ մեծահարուստները եթե ինչ- որ փողեր են շռայլում, դա դեռ բարություն չէ, պարզապես հաճախ դա իրենց դիրքի ցուցադրություն է, սեփական անձի գովազդ:
— Ուրեմն մարդկանց մի որոշակի մասի մենք ենք դարձնում հանցագործ, երբ նրանց չնչին արարքի համար դատապարտում ենք ազատազրկման, առավելապես չխնայելով թե՚ մեր ազգի քանակը, թե՚ անուշադրության մատնելով որակը:
-Հանցագործության դեմ պայքարն արդյունք չի տալիս և գնալով աճում է դրանց թիվը: Վերցնենք թմրամոլներին, եթե նա օգտագործում է հաշիշ կամ այլ թմրամիջոց, հայտնաբերելով պատժում են: Թմրադեղը մարդն օգտագործում է, որովհետև ստեղծում է իր համար նոր կյանք, իր «ես»-ի սահմաններն ընդլայնում, ցավ չի զգում, և իր իլուզիոն պահանջմունքները բավարարում են ստանում: Ահա` պետությունը բռնեց հանցագործին, նա կրեց իր պատիժը և դուրս եկավ, նորից նա դուրս է մնում ուշադրությունից, աշխատանքով չի ապահովում պետությունը, նա ի՞նչ պետք է անի, պարզ է, որ դառնում է էլ ավելի վտանգավոր հանցագործ և արդեն ոչ միայն իր համար: Մենք պետք է ստեղծենք հնարավորին չափով շատ աշխատատեղեր, հասարակությունը չպետք է բևեռացվի. ծայրահեղացվի հարուստների և աղքատների:
— Մենք շարքային քաղաքացուն ճնշում ենք, նվաստացնում ենք մեր տղամարդկանց, իսկ իրական հանցագործների առջև գլուխ ենք խոնարհում։ Ինչպե՞ս կբացատրեք այդ երևույթը:
— Նախ` ասեմ, որ եթե այսպես շարունակվի, մենք կդառնանք հանցագործ ազգ, քանի որ մեր հասարակության մեջ արմատավորվել է «հանցագործի լուսապսակ» հասկացությունը: Ոմանք, որոնց թիվը զգալի է, չեն խուսափում լինել հանցագործ և նույնիսկ պատահում են երիտասարդներ, ովքեր հանցագործ չեն, բայց ուզում են ձևացնել, որ գողական են, ինչո՞ւ, որովհետև նրանց առջև կան բավականին օրինակներ, երբ մարդը հանցագործ է եղել և այժմ հարուստ կեցության մեջ է: Նրանք պրիմիտիվ զուգահեռ են անցկացնում, մտածում, որ պետք է լինել հանցագործ, սպանել, կողոպտել, արդյունքում` լավ ապրել: Հիմա արժեքներն այնքան են փոխվել, որ շատերը չեն մտածում լինել ինտելիգենտ, լինել վարվեցող, ունենալ բարձր արժանիքներ, որոշ մարդկանց համար դա ծիծաղելի է, քանի որ եթե մարդը կիրթ է, ազնիվ, նա չի համարվում ուժեղ, նպատակասլաց, այլ ընկալվում է որպես թուլամորթ:
— Այ, մենք ասում ենք պայքար կոռուպցիայի դեմ։ Ի՞նչ է դա։ Օտար բառ է, ասում ենք ու անցնում, բայց, փաստորեն, մի խումբ մարդիկ մեր հասարակությանը տանում են շատ վտանգավոր, կարելի է ասել, ազգի ինքնաոչնչացման ճանապարհով։
— Ընչաքաղցությունը մեզ մոտ հասել է ֆանտաստիկ չափերի: Այսօր ասում ենք` պայքարում ենք կոռուպցիայի դեմ ու դրա վերջը չի էլ երևում, բայց քչերը գիտեն այդ բառի արմատի նշանակությունը, որը լատիներեն «կորումպերե» բառից է, որը նշանակում է փչացնել, քանդել, ջարդել: Ուրեմն նրանք, ովքեր քանդել ու թալանել են ու շարունակում են անպատիժ մնալ, թող պատասխան տան իրենց արարքի համար: Ոչ թե մի խեղճ մարդ, ով լավության դիմաց 10.000 է վերցրել:
— Կգործի՞ մեզ մոտ` դատարանում, երդվյալ ատենակալների ինստիտուտը։ Գոնե այդ կերպ կարելի կլինի՞ ինչ- որ բան փոխել։
— Եթե շարունակվի կուռ հնազանդությունն ավելի ուժեղներին, հազիվ թե հաջողվի: Չէ որ «անհնազանդ» մարդուն սպասում է աշխատանք կորցնելու վտանգը: Մենք այնքան էլ իրավական երկիր չենք, և ես ամեն օր համոզվում եմ` հիշելով ռուս առակագիր Կռիլովին, որ «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր», հարուստի մոտ` աղքատը:
— Ասում են` չաշխատողը չի հարստանում, արդյո՞ք մեզ մոտ էդպես է։
— Փաստորեն, անկախությունից հետո բացի այն, որ ցուրտ էր ու մութ, և առկա էին բազմաթիվ այլ խնդիրներ, տղամարդիկ կորցրել էին իրենց աշխատանքը, չէին կարող զբաղվել այն մասնագիտությամբ, որն ունեին, ինչն առաջացնում էր նրանց մոտ հուսահատություն, որը հանգեցրել է տխուր արդյունքների: Նրանք սովորել են ծուլության և այսօր տղամարդկանց մի մեծ զանգված չի աշխատում, և երբ հարցնում ես` ինչպես եք ապրում, նրանք ասում են` արտասահմանի բարեկամներն են օգնում: Կյանքի հիմնական նպատակը`ստեղծագործել, արարել, ավաղ, մնացել է անցյալում:
— Այժմ ավագ սերունդը հիմնականում հուշերով է ապրում , ինչը բնորոշ է հետխորհրդային բոլոր երկրներին։ Արդյո՞ք այդ հակադրությունը վնասում է մեր հասարակությանը:
— Հետաքրքիր մի օրինաչափություն կա. անցյալը հիշում ես միայն լավ բաներով և մոռանում վատը, իսկ ներկայում մտապահում ես միայն վատը և լավը դեռ չես նշմարում: Երբ որ վատը մի քիչ շատ է, թվում է` ողբերգական վիճակում ես գտնվում և չես կարողանում կողմնորոշվել: Օրինակ` ռուս գրող Կուպրինը երկու անգամ նկարագրել էր նույն ժամանակահատվածը. Մի անգամ, երբ ինքը երիտասարդ էր, նկարագրում էր ներկան խիստ քննադատորեն, իսկ երկրորդ անգամ, լինելով բավականին տարիքն առած մարդ, վարդագույն գույներով է նկարագրում անցյալը: Լավը հիշելով մարդիկ կարոտախտ են ապրում և ես հաճախ լսում եմ, որ այն, ինչ եղել է Խորհրդային Միությունում, անցել է և չի վերադառնա, դա դրախտ էր, որտեղ մարդը մարդուն հարգում էր, հասարակությունը ուներ ապագա, ապահովված էին բոլորը, անվճար էր ուսումը, կարող էիր հանգստանալու գնալ, և այլն, և այլն: Անկախությունը, որին մարդիկ այդքան տենչում էին եկավ, բայց նրանք սպասում էին առավել լավ կյանքի և չէին կարող պատկերացնել, թե ինչ էր իրենց սպասում: Շահեցին միայն «ճարպիկները»։ Մի մասը ստիպված թողեց հայրենիքը, մնացածը ծանր կացության մեջ են այսօր:
— Բայց դժվար կացությունը մեղմ է ասված, ընչաքաղցությունը անցել է բոլոր սահմանները և ազդում է ազգի հոգեկան առողջության վրա: Մարդիկ հուսահատ են: Համաձա՞յն եք:
— Առաջին հերթին մարդիկ կորցրել են ամենակարևորը` էմասիպացիան`ազատ լինելը, որովհետև դեմոկրատական երկիր արտահայտությունը մնացել է օդում կախված, իսկ իրականությունը ճիշտ հակառակն է: Մեր երկիրը մուրացկանի դերում է այսօր, և դեռ լսում ենք, որ մյուս երկրներին ինչ-որ պարտքեր ունենք: Այս ամենն այնպիսի հիասթափություն է առաջացնում, ինչն իր հերթին առաջ է բերում տարբեր սոմատիկ հիվանդություններ, որն ազդում է մարդու թե´ հոգեկան, թե´ ֆիզիկական առողջության վրա:
— Տիկին Էլդա, կարելի ասել, թե այս պարագայում է՞լ ինչի մասին մտածես, մեր մտավորականներն էլ իրենց աջը քաշած` որը դարձավ հանրային խորհրդի անդամ, որը մտավ մի անկյուն և այսօր չի կարևորվում մարդու ներքին կուլտուրան և վարվեցողությունը:
— Իրոք, մեզ մոտ պատշաճ մակարդակի վրա չէ կուլտուրան, օրինակ, եթե վերցնենք մշակույթը` այն չի գնահատվում, մեր դերասանները, երաժիշտները, ովքեր խղճուկ վիճակում են, իհարկե, հարց է դեռ, թե ինչպես են գոյատևում նման պայմաններում:
Հին Հունաստանում դերասանին վճարում էին այնքան, ինչքան զորավարին, որովհետև եթե վերջինը պահպանում էին հայրենիքի սահմանները, ապա դերասանը պահպանում էր մարդու հոգեկան առողջությունը: Այսօր ամեն ինչին փոխարինելու է եկել փողը, եթե փող ունես, ուրեմն ունես ամեն- ամեն ինչ`դիպլոմ, գործ, պաշտոն: Պատշաճ ձևով չի գնահատվում ինտելեկտը, մարդու կատարած աշխատանքը: Եթե դու վարվեցող ես, ծիծաղում են` քանի որ «կրուտոյ» չես: Մենք ուզում ենք, որ մեզ հարգեն, բայց մենք ինքներս դիմացինին չենք հարգում,չունենք վարվեցողության կանոններ, չգիտենք ինչպես մեզ դրսևորել տարբեր իրավիճակներում, քանի որ կա այն մտածելակերպը, որ եթե փող ունես` կանես ամեն ինչ և կխուսափես պատասխանատվությունից:
Ռուզան Ավոյան
Կադրային հնարավոր փոփոխությունների մեջ շրջանառվում են նաև բարձրաստիճան երկու ոստիկանների անուններ. մեկը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն է` ներկայումս ԱՆ Քրեակատարողական վարչության պետը, մյուսը` փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանն է: Եվ հետաքրքիր զուգադիպությամբ երկուսի հետագա` հնարավոր պաշտոնական հանգրվանը նույնն է` մարզպետի աթոռը։ ՀՀ նախագահը կարծես թե մարզպետների պաշտոններին ուզում է տեսնել բացառապես ոստիկանական անցյալ ունեցողներին։ Ապացույցը` Նվեր Պողոսյան, նաև վերջին նշանակումները` Աշոտ Գիզիրյան, Էդիկ Բարսեղյան:
Հետաքրքիր է, թե, արդյոք, այս երևույթը չի՞ անհանգստացնում ՀՀ ոստիկանապետին, չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ ոստիկանության լավագույն կադրերն աստիճանաբար տարվում են համակարգից և, փաստորեն, դրանով թուլացվում է համակարգը:
Ալիկ Սարգսյանը նախ զարմացավ և հարցրեց, թե ովքե՞ր են գնացել, նման բան չկա, սակայն երբ հիշեցրինք` Գիզիրյան, Բարսեղյան, նախարար դարձավ փորձառու ոստիկան Արմեն Երիցյանը, Սարգսյանը հանգստացրեց, ասելով, թե նրանք այլևս ոստիկանության կադրերը չէին (Գիզիրյանը մինչև մարզպետ նշանակվելը պաշտոնավարում էր Արդարադատության նախարարության համակարգում`ՔԿՀ-ում, Բարսեղյանը` ԱԻՆ -ում Փրկարար ծառայության ղեկավարն էր):
Եթե Հայկ Հարությունյանին էլ արդեն ոստիկան չի կարելի համարել, ապա ամեն դեպքում մնում է ՀՀ փոխոստիկանապետը։ Սաշիկ Աֆյանի` հնարավոր նշանակման մասին խոսակցություններն ավելի համառ բնույթ են ստանում` ի՞նչ է մտածում ոստիկանապետը , ինչպես է վերաբերվում այս կադրից ևս զրկվելու տեսլականին:
— Չկա նման բան, հերյուրանք է, էդպիսի խոսակցություն չկա: Երևի ուղղակի մարդուն ուզում են վարկաբեկեն, թե՞, ընդհակառակը` մեծարեն, չգիտեմ:
— Բայց մի՞թե մարզպետ նշանակվելը վարկաբեկում է որևէ մեկին:
— Չէ, ուղղակի ասում են, թե Կոտայքի մարզպետ է նշանակվելու, բայց դե, Կովալենկո Շահգալդյանը նորմալ աշխատում է, տիրապետում է իրադրությանը, ոնց որ բան անեն` թե քո տեղի վրա ոստիկանության պետի տեղակալն աչք ունի: Էս մարդկանց հարաբերությունները նորմալ են: Իմ կարծիքով` վատ բան է, դե, ոնց որ քո տեղի վրա մեկի անունն են սկսում ծեծել, էդ մարդն էլ իր տեղը նստած, ստիպված սկսում է արդարանալ, թե… Դա ինչի՞ համար: Եթե էդպիսի բան է լինելու, մի մարդ է դա որոշում, բայց ըտենց բան չկա իրոք:
— Բայց, այնուամենայնիվ, փաստ է, որ ոստիկանական անցյալ ունեցողները գնահատված են, ինչո՞վ է դա պայմանավորված:
— Մեր կադրերը բոլորն էլ, դե, զինվորական մարդիկ են, ավելի կատարող են, երևի հենց դա էլ գլխավոր պատճառն է:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
«Լեզվի մասին» օրենքի փոփոխության` երկրորդ ընթերցմամբ քննարկումն այսօր Զարուհի Փոստանջյան-Արմեն Աշոտյան լուրջ լեզվակռվով ուղեկցվեց: Երբ Զարուհի Փոստանջյանն իր հասցեին հիմնական զեկուցողի` Արմեն Աշոտյանի դեռևս մեղմ ասածներից հետո սկսեց գոռալ, Արմեն Աշոտյանը ամբիոնից հայտարարեց.
«Ցավում եմ, որ ոչ միայն տարրական կրթության բացակայություն կա որոշ գործընկերների մոտ, այլ նաև տարրական դաստիարակության: Կարծում եմ, որ այս գործընկերները ոչ թե նորանկախ Հայաստանի հանրակրթության արդյունքն են, այլ խորհրդային դպրոցի: Ուստի սա չվերագրեք ազգային գործող հանրակրթությանը»,- ավելացրեց Արմեն Աշոտյանը: Զարուհի Փոստանջյանը նաև հայտարարել էր, որ այս պահին վտանգված արևմտահայերենի կողքին կա նաև վտանգված արևելահայերեն ունենալու հեռանկարը:
Անցում կատարելով Weakleaks-ին, Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ անհամբերությամբ սպասում է, թե վերջապես երբ են ի հայտ գալու ՀՀ իշխանությունների և արտաքին ուժերի գաղտնի պայմանավորվածությունների վերաբերյալ սկանդալային կայքի հրապարակումները:
Ստեփան Սաֆարյանն էլ հայտարարեց, որ Աշոտյանի ներկայացրած նախագիծը ոչ միայն կապ չունի նրա հետ, ինչ կա իրենց համակարգիչներում, այլև նրա հետ, ինչ պատգամավորներին բաժանվել է:
Թուրքական իշխանություններն անհանգստացած են.ցեղասպանվածների ժառանգները նոր դատական հայցեր են ներկայացնում Թուրքիայի դեմ: Այս մասին այսօր խոսեցին Ազգային արխիվի փոխտնօրեն, պատմաբան Էդգար Հովհաննիսյանն ու թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
«Անցյալ շաբաթ աննախադեպ երևույթ տեղի ունեցավ. ԱՄՆ 9-րդ օկրուգի դատարանը վերանայելու է իր իսկ ընդունած որոշումը՝ ցեղասպանվածների ժառանգների կողմից ներկայացված հայցերի մերժման վերաբերյալ»,-նշեց Անուշ Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքերով, դեռ 2009-ին վերոնշյալ դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն` Ցեղասպանության ժառանգներին արգելվում էր ապահովագրական ընկերությունների դեմ ժամկետների երկարացման հայցեր ներկայացնել:
Բանխոսը ընդգծեց, որ նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ նմանատիպ հայցերը հակասում են ԱՄՆ վարած քաղաքականությանը, քանի որ հղում են պարունակում Հայոց ցեղասպանությանը:
Թուրքագետի խոսքերով` դեկտեմբերի 10-ին նույն դատարանը, դատավարական նույն կազմով որոշակի փաստերի ազդեցության ներքո փոխեց իր որոշումը ու չեղյալ համարեց 2009-ի իր որոշումը, որից Թուրքիան շատ անհանգստացավ, քանի որ նախկին դատական որոշման բեկանումը թույլ կտա այսուհետ շարունակաբար հայցեր ներկայացնել:
«Ցավոք, մինչ օրս չունենք Ցեղասպանության ընթացքում մարդկային ու նյութական կորուստների մասին ստույգ տեղեկագրեր: Տարբեր մասնագետների կողմից արվել են ուսումնասիրություններ, կան մասնակի կալվածագրեր, որոնք հիմնականում Կարսին են վերաբերվում, կան տարածքային հատվածական տեղեկատուներ , բայց այդ ամենը միասին, ընդհանրական՝ չունենք»,- պարզաբանեց պատմաբան Էդգար Հովհաննիսյանը ու հավելեց, որ ժամանակին Հովհաննես Թումանյանը զբաղվել է նման ցուցակների հավաքագրմամբ:
«Ցեղասպանության ճանաչումը ինքնանպատակ չէ ու հատուցում է պահանջում: Հայցի բավարարման և այն Թուրքիայի կողմից կատարման դեպքում, մենք կարող ենք այն դիտարկել որպես Ցեղասպանության ճանաչման ճանապարհին թեկուզ փոքրիկ հաղթանակ :Հայերը լավ հնարավորություն ունեն ամերիկյան դատարանների միջոցով վերադարձնել իրենց նախնիների կորուստները: ԱՄՆ-ն ժողովրդավարական պետություն է, ու վերջինիս դատարանների միջոցով հնարավոր է Թուրքիային պահանջներ ներկայացնել ու նյութական փոխահատուցումների ռեալ ակնկալիքներ ունենալ»,- նշեց պատմաբանը:
Ալիսա Շեկոյան
«Lenta.ru» կայքը տեղեկացնում է, որ չճանաչված Մերձդնեստր հանրապետությունում «Новый регион» ռուսական լրատվական գործակալության լրագրող Էռնեստ Վարդանյանին մեղադրել են Մոլդովայի օգտին լրտեսություն կատարելու մեջ և դատապարտել 15 տարվա ազատազրկման:
Էռնեստ Վարդանյանը ձերբակալվել էր Մերձդնեստրի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից այս տարվա ապրիլին: Այդ դեպքից որոշ ժամանակ անց լրագրողի բլոգում հաղորդագրություններ հրապարակվեցին, որտեղ ասվում էր, որ ինքը հարկադրաբար է ցուցմունքներ տալիս այն մարդկանց դեմ, ովքեր քննադատում են կառավարությանը: Վարդանյանը պատմել էր, որ իրեն ծեծի են ենթարկում ու սպառնում են վնաս պատճառել իր կնոջն ու երեխաներին:
Վերջինս նաև կոչ արեց չհավատալ իր հայտարարություններին, քանի որ դրանք նա կարող է հարկադրաբար հրապարակել:
Այս տարվա մայիսի կեսին Մերձդնեստրի անվտանգության ծառայությունը մի տեսահոլովակ ցուցադրեց, որտեղ Վարդանյանը խոստովանում է իր մեղքը:
Լրագրողը մասնավորապես ասում է, որ աշխատել է Մոլդովայի օգտին:
Սակայն «Новый регион» թերթի խմբագրությունը հայտարարեց, որ խոստովանությունը Վարդանյանը ճնշման տակ է կատարել:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը` Միշելը չեն մասնակցելու արքայազն Վիլյամի հարսանիքին: Այդ մասին է տեղեկացնում «The Daily Mail»-ը:
Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ Վիլյամը դեռևս Բրիտանիայի պաշտոնական թագաժառանգը չէ ու այդ պատճառով նրա հարսանիքը չունի պետական նշանակություն: Դրա համաձայն` 28 -ամյա արքայազնը և նրա ապագա կինը պարտադրված չեն լինի սահմանված կանոնների համաձայն, 2 հազար պաշտոնական հյուր հրավիրել:
Խմբագրության տեղեկությունների համաձայն` հարսանիքին կհրավիրվեն շարքային քաղաքացիներ, բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ, այլ ոչ թե VIP-անձինք:
Սակայն չի բացառվում, որ միջոցառմանը, այնուամենայնիվ,կմասնակցեն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարոզին` իր կնոջ հետ:
Վիլյամի և Քեյթի հարսանեկան արարողությունը տեղի կունենա 2011թ. ապրիլի 29-ին Լոնդոնի Վեստմինստեր մատուռում:
Կառավարությունը որոշել է գյուղացիներին ընդառաջ գնալ: Մինչև հուվարի 1-ը ավտոմեքենաների պարտադիր ապահովագրումից գյուղացիները որոշ առումով զերծ կմնան: Գործադիրը հասկացել է, հավանաբար, որ մինչև վերջին կաշին թալանվելն ու ապահովագրման պարտադրանքը կարող է սոցիալական բունտի տեղիք տալ գյուղացիների շրջանում և որոշել գյուղացիների ավտոմեքենաներն ապահովագրել ոչ թե տարեկան կտրվածքով, այլ միայն այն ժամանակաշրջանի համար, երբ ավտոմեքենան կօգտագործվի:
Հայտնի է, որ գյուղական շրջաններում, հիմնականում ռուսական արտադրության հին ավտոմեքենաներն օգտագործում են բերքահավաքի ժամանակ. Գյուղացիները դրանցով իրենց բերքը բերում են քաղաք` իրացման նպատակով: Մնացած ամիսներին նրանց ավտոմեքենաները կարող են կանգնած մնալ ավտոտնակներում:
ՀՀ ոստիկանությունը որոշել է օգտվել առիթից ու կառավարության որոշումը տարածել նաև քաղաքացիների վրա. ավտոմեքենաները իրենց ցանկացած ժամկետով կարող են ապահովագրել նաև քաղաքաբնակները։ Դրա համար ավտոմեքենայի տերերը հաշվառումից պետք է հանեն ավտոմեքենան, հանձնեն պետհամարանիշերը, հետո, երբ որոշեն կրկին օգտվել ավտոմեքենայից, հաշվառման կանգնեցնեն և հետ վերցնեն պետհամարանիշերը:
Կառավարության` ոչ մշտական ավտոմեքենա օգտագործողներին ընդառաջ քայլը վերաբերում է տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու ծախսերին։ Դրա համար պահանջվող 5000-ական դրամները չեն գանձվի այս քաղաքացիներից:
Գյուղացիներին աջակցելու կառավարության նախաձեռնությունը ոստիկանությունը որոշել է տարածել նաև թանկարժեք ավտոմեքենաների տերերի վրա, որոնք իրենց «Ֆերարի»-ները, «Մայբախ»-ները, «Բենթլի»-ներն ու «Ռոյս-Ռոյս»-երը ոչ բոլոր եղանակային պայմաններում են համարձակվում դուրս բերել Հայաստանի քարուքանդ փողոցներ:
Ինչպես հայտնի է, նման ավտոմեքենաների տերերն այս կամ այն կերպ առնչություն են ունենում ոստիկանության հետ։ Նրանք կա´մ Ալիկ Սերգեյիչի «հաճախորդներն են» (այսպես էր ՀՀ ոստիկանապետն անվանում գողականներին), կա´մ հենց իրենք` բարձրաստիճան ոստիկաններն են, կա´մ էլ նրանց հարազատ-բարեկամ-ընկերները: Չի բացառվում, որ այս որոշումը բավականին հարմար սողանցք դառնա բոլոր նրանց համար, ովքեր հնարավորություն կունենան շրջանցել պարտադիր ապահովագրությունը և սա, ինչպես միշտ, դարձյալ կջարդվի շարքային քաղաքացիների գլխին:
ԼՈՒՍԻՆԵ ՔԵՍԱՅԱՆ
Ըստ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) դեկտեմբերի 16-ին հրապարակած թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի արդյունքների, «Ա1+»-ը պարտվեց նույն հաճախականության համար հայտ ներկայացրած «Արմնյուզ»-ին, իսկ «ԱԼՄ»-ն` «Երևան» հեռուստաընկերությանը:
Հայտերի վարկանիշային քվեարկության արդյունքում, «Ա1+»-ը հավաքել է ընդամենը 2, իսկ «Արմնյուզը»-ը` 44 միավոր: ՀՌԱՀ-ի բոլոր անդամները, բացի Արա Թադևոսյանից, «Ա1+»-ի փաթեթը գնահատել են 0, իսկ նրա մրցակցինը` 6 միավոր: «ԱԼՄ»-ն ստացել է 32, իսկ «Երևանը»` 40 միավոր:
«Интерфакс» գործակալությունը տեղեկացնում է, որ դատարանի որոշմամբ, կալանքի տակ են վերցվել ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին պատկանող հողատարածքները, որոնք գտնվում են Բարվիխա գյուղում և «Жуковка-1» ամառանոցային համայնքում: ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը նշել է , որ պատգամավորի գույքը կալանքի տակ է վերցվել, քանի որ վերջինիս հանդեպ քրեական գործ է հարուցված:
Որոշ ժամանակ առաջ կալանքի տակ է վերցվել նաև «Европарк» առևտրի կենտրոնը:
Մարկինը հայտնել է, որ դեկտեմբերի 15-ին պատգամավորի աշխատանքային գրասենյակից առգրավվել են այն փաստաթղթերը, որոնք կապ ունեն քրեական գործի հետ:
Քննիչները կարծում են , որ Եղիազարյանը խարդախությամբ կարողացել է տիրանալ «Европарк» առևտրի կենտրոնի , որը պատկանում է բիզնեսմեն Վիտալի Սմագինին, բաժնետոմսերի 20տոկոսին: Վնասը մոտ 1.5 մլրդ ռուբլի է կազմում: Բացի դրանից, Եղիազարյանը մեղադրվում է Դաշնային գույքի կառավարման վարչության նախկին փոխտնօրեն Միխաիլ Անանյևից 500 մլն ռուբլի գողանալու մեջ:
«Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» 2010թ. հոկտեմբերից սկսել էր «Երկրի մասշտաբով յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիայի շրջանակներում հայաստանյան բուհերի ուսանողներից ընդունել անվանական միանվագ կրթաթոշակներ ստանալու հայտերի ընդունումը, որ շարունակվեց մինչև նոյեմբերի 15-ը:
Ապագա կրթաթոշակառուները պետք է ըտրվեին հետևյալ չափանիշներով` կառուցված միավորային գնահատման համակարգի հիման վրա.
1.ակադեմիական առաջադիմություն
2.հասարակական ակտիվություն
3. սոցիալական կարգավիճակ
Պետք է ընտրվեր 20 կրթաթոշակառու: Բանկի մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ մրցույթին կարող են մասնակցել 5-րդ կուրսի բակալավրիատի 2- 4 րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև մագիստրանտներ և ասպիրանտներ: Ասացին նաև, որ բուհի կարգավիճակը` պետական և ոչ պետական, ինչպես նաև հայցորդի քաղաքացիությունը նշանակություն չունի: Մրցույթին դիմել էին 100-ից ավելի հայցվորներ, որոնցից պետք է ընտրվեին 20 լավագույնները: Մրցույթն անցկացվել է մի քանի փուլով, վերջին փուլը եղել է հարցազրույց մասնակիցների հետ, և քանի որ բոլոր դիմողներն էլ, ինչպես ասացին մամուլի ծառայությունից, բացարձակ գերազանց առաջադիմություն ունեին, ընտրությունը բավականին դժվարին էր եղել:
Ինչևէ, այսօր բանկը հրապարակեց հաղթողի անունը , որը Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրանտ է և միակողմանի ծնողազուրկ: Մեզ հավաստիացրեցին, որ Անուշը բազմաթիվ օլիմպիադաներում հաղթել է և մնացած մասնակիցների նկատմամբ ուներ մեծ առավելություններ, թե ինչ առավելություններ` չմանրամասնեցին։
Շուշան Գալստյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.