23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դեռևս 2010 թվականի մայիսից, Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի 5 համայնքների բնակիչներ և բնապահպաններ ահազանգում էին, որ Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունի փոփոխման ուղղությամբ ապօրինի աշխատանքներ են իրականացվում. գետի հունը թեքում են դեպի Վայոց ձորի մարզ` Աղնջաձոր համայնքին ոռոգման ջրով ապահովելու, ինչպես նաև գետի վրա ՀԷԿ կառուցելու նպատակով:
Եթե դա իրականացվի, Գեղարքունիքի մարզի հինգ համայնք՝ Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, զրկվելու էր ջրից: Արգիճի գետը այս հինգ համայնքների ոռոգման ջրի միակ աղբյուրն է: Ասել կուզի, կառուցվող ՀԷԿ-ը այս գյուղերի բնակիչներին զրկելու է ապրուստից, ինչն էլ տրամաբանորեն կհանգեցնի արտագաղթի: Համենայն դեպս, այդպես են կարծում մեզ հետ զրուցած նշված գյուղերի բնակիչները:
Մյուս կողմից, այս ամենը լուրջ բնապահպանական աղետ կարելի էր համարել, քանի որ Արգիճին Սևանա լիճ թափվող ամենաջրառատ գետն է և ողջ տարին, առանց ցամաքելու, սնուցում է լիճը:
Դեռևս ամիսներ առաջ, երբ բանը հասավ այնտեղ, որ բնակիչներն ընտրեցին իրենց բողոքն արտահայտելու ծայրահեղ քայլ՝ փակեցին Մարտունի տանող մայրուղին, բնապահպանության նախարարի հրամանով ստեղծվեց աշխատանքային խումբ՝ Արգիճի գետի ջրային ռեսուրսների օգտագործման վիճահարույց հարցերի ուսումնասիրման նպատակով, որում ընգրկված էին նախարարության, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզպետարանների ներկայացուցիչներ: Աշխատանքային խումբն ուսումնասիրություններ կատարեց Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում, որի արդյունքում կասեցվեց ապօրինի շինարարությունը:
Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության տեսչությունից մեզ հայտնեցին, որ ժամանակավորապես կասեցված Արգիճի գետի տարածքում ՀԷԿ-ը կառուցում է «Զանգեզուր էքսիմպ» ՍՊԸ-ն:
Թեպետ կազմակերպության ղեկավարությունը, ըստ բնապահպանության տեսչության, պնդում է, թե նպատակ ունի միայն ՀԷԿ կառուցել, Մարտունու բնակչությունը համոզված է, որ կազմակերպությունը որոշել է փոխել Արգիճի գետի հունը և ջուրը դեպի Վայոց Ձորի մարզ ուղղել:
Հարցն այժմ առկախ է: Մեր տեղեկություններով, հիմա հարաբերական անդորր է: Երբ զրուցեցինք «SOS Արգիճի» նախաձեռնող խմբի ղեկավար Վարդան Գալստյանի հետ, նա ասաց. «Գայլաձորի ամբարտակը դեռևս չի ապամոնտաժվել: Միայն խողովակներն են տեղափոխել, ապամոնտաժել, բայց փոսերը չեն լցվել հողով, այսինքն՝ նախկին վտանգը դեռ կա: Մարզպետարանն այս հարցում անտարբերություն է դրսևորում, այնինչ հենց նա պետք է հետևողական լիներ: Միայն մեր ահազանգից հետո մեկ ամիս ժամանակ խնդրեցին, և 2010-ի հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 19-ը 70 տոկոսով արդեն կառուցված ՀԷԿ-ը, պետք է ապամոնտաժվեր: Սակայն, այս պահի դրությամբ, միայն խողովակներն են տեղափոխել»:
Բնակիչները չեն խաղաղվում: Նրանք համոզված են, որ շարունակելու են կառուցել, իսկ ներկայիս դադարը բնակիչների բարձրացրած աղմուկը հանդարտեցնելու համար է միայն: Նրանք համարյա պարզել են, թե ով է այն «վիշապը», որը մտադիր է փակել 5 գյուղի ջրի ակունքը:
Այս խնդիրը բարձրաձայնել էր նաև «Ժառանգություն» կուսակցությունը, հարցով զբաղվում էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: «Որքան որ տեղյակ եմ, միայն խողովակներն են ապամոնտաժվել, բայց փոսերը շարունակում են մնալ: Ուստի այս խնդիրը դեռ իր լուծումը չի գտել, այսինքն՝ ամեն ինչ հետ չի շրջվել: Մենք առաջիկայում նորից ենք բարձրացնելու այս հարցը: Խնդիրը պետք է լուծեր Գեղարքունիքի մարզպետարանը, որի հետևողական աշխատանքի արդյունքում պետք է ապամոնտաժվեր արդեն կառուցված շինությունը: Սակայն այսօր տեսնում ենք, որ մարզպետարանը չի կատարում իր աշխատանքը: Նույնիսկ երկու անգամ գնացել ենք մարզ և փորձել հանդիպել մարզպետի հետ, սակայն չի հաջողվել: Հարցի երկրորդ լուծումը, ինչպես խոստացել է կառավարությունը, կառուցապատողին դատի տալն ու պատասխանատվության ենթարկելն է: Իսկ թե ով է այս ամենի հետևում կանգնած, մենք չկարողացանք պարզել, և կառավարությունն այդպես էլ անպատասխան թողնեց մեր հարցումը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ խնդրի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ կառավարությանը նամակ էր ուղարկել, որին ի պատասխան նշվել էր, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխելու նպատակով կառուցված պատվարի շինարարությունը և շուրջ 2 կմ խողովակաշարի մոնտաժման համար իրականացված հողային աշխատանքներն ինքնակամ են: Բացակայում է սահմանված կարգով տրվող շինարարական թույլտվությունը: Եվ ինքնակամ շինարարության կասեցման, կանխարգելման և դրա հետևանքների վերացման լիազորությունները տրվեցին Գեղարքունիքի մարզպետարանին:
Իսկ բնապահպանության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ կառուցվող ՀԷԿ-ը օրինական շինթույլտվություն ունի, պարզապես դրա համար նախատեսված ջրագծի խողովակները վատ վիճակում են եղել, և փոխելու համար նոր խողովակներ են տեղափոխել այնտեղ, բայց՝ մեծ տրամաչափի, իսկ Գայլաձոր վտակի վրա ամբարտակ է կառուցվել` այնտեղից ևս ջուր վերցնելու համար, որը նույնպես ապօրինի քայլ է: Միայն այս հանգամանքն է պատճառ հանդիսացել, որպեսզի շրջակա 5 համայնքի բնակիչները ոտքի կանգնեն: Բնապահպանության նախարարի հրահանգով՝ Գեղարքունիքի մարզպետարանը պետք է հետևեր, որպեսզի ապօրինի կառուցված ամբարտակը, ինչպես նաև մեծ տրամաչափի խողովակները ապամոնտաժվեին և հանվեին այնտեղից: Այս պահի դրությամբ խողովակներն արդեն ապամոնտաժված են, իսկ Արգիճի գետի հունը ոչ մի դեպքում չի փոխվելու:
Այս խնդրին առնչվող շատ հետաքրքիր բացահայտում արեցինք: Վերը նշել էինք, որ ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներն իրականացնում էր «Զանգեզուր էքսիմպ» ՍՊԸ-ն: Երբ փորձեցինք ճշտել, թե ինչ գործառույթներ է իրականացնում այս ՍՊԸ-ն, պարզվեց՝ այս կազմակերպությունը գրանցված է Եղեգնաձորում, զբաղվում է մեծածախ առևտրով և գրանցված է խոշոր հարկատուների ՀՏ-ում: Տնօրենը հանրապետությունում չէր, ուստի փորձեցինք հարցը ճշտել Արշակունյաց 2 հասցեում գտնվող գրասենյակից. փոխտնօրեն ներկայացած անձն ասաց, որ իրենք զբաղվում են միայն անվադողերի ներկրմամբ, իսկ նախկինում ներկրել են նաև մարտկոցներ, և այլ գործառույթ չեն իրականացնում:
Այս խնդրին տեղյակ Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Բավականին հետաքրքիր և ուշագրավ բացահայտում եք արել: Մենք այսքան ժամանակ շեշտը դրել ենք հիմնականում ՀԷԿ-ի ապամոնտաժման վրա, բայց կոնկրետ չենք ուսումնասիրել շինարարություն իրականացնող ընկերությունը» :
Մեր հարցին, թե ինչ կարծիքի է գյուղացիների այն պնդումների մասին, որ այս ամենի հետևում կանգնած Է ՀՀ գլխավոր դատախազը, և ՀԷԿ-ը նրան է պատկանելու, Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Գիտեք, ես լսել էի և գրեթե արդեն համոզված եմ դրանում: Եթե հաշվի առնենք, որ դատախազության անմիջական պահանջով բողոքող մարդկանց կանչել են ոստիկանատուն և ամեն գնով փորձել են պարզել, թե ով է բունտ կազմակերպողը, ապա պետք է ենթադրել, որ ճիշտ է վերը նշվածը: Ես ինքս կառավարությանն արված իմ հարցումներում մի քանի անգամ նշել եմ, թե իրավապահ մարմիներն ինչու՞ են այդքան շատ ցանկանում բացահայտել կազմակերպչին: Շուտով նորից ենք հարցը բարձրացնելու` արդեն շեշտը դնելով և՛ ՍՊԸ-ի, և՛ գործի հետևում կանգնածին բացահայտելու վրա»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Շուշան Գալստյան
Երևանի Նուբարաշեն համայնքի 47 հեռախոսակայանի թվայնացման աշխատանքները սկսվել են:
47Ա ԱՀԿ-ի ավելի քան 2000 բաժանորդային գծերի վերամիացումը թվային կայանին նախատեսվում է ավարտել մինչև 2011 թ. հուլիսի 31-ը` ապահովելով թվային կապով մայրաքաղաքում «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 100 տոկոսին:
Նուբարաշեն համայնքի 47Ա ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքներն ավարտելուց հետո երկրում թվային հեռախոսակայաններին միացված կլինի «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 81 տոկոսը:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը և նրա կինը՝ Սյուզանը, որոշել են հրաժարվել իրենց ունեցվածքից և ողջ հարստությունը նվիրել պետությանը:
EGYnews գործակալության տեղեկացմամբ,Սյուզանըկարգադրել էիր փաստաբանին՝նախապատրաստել Կահիրեի արվարձաններից մեկում գտնվող իր առանձնատունը և բանկերից մեկում ունեցած 2, 8 մլն դոլարի հաշիվները պետությանը փոխանցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
ԻսկՀոսնի Մուբարաքըմտադիր է 143 մլնդոլարիհաշիվփոխանցել երկրի բյուջե։Ի դեպ, Եգիպտոսի արդարադատության նախարարության Տնտեսական հանցագործությունների հարցերով հանձնաժողովը դեռևս ունեցվածքից հրաժարվելու մասին որևէ փաստաթուղթ Մուբարաքներից չի ստացել։
Նախկին նախագահը և նրա կինը մեղադրվում են կոռուպցիայիհամար և այժմ կալանքի տակ են գտնվում: Որպես խափանման միջոց՝ Մուբարաքի և նրա կնոջ նկատմամբ կալանք է կիրառվել 15-օրյա ժամկետով, սակայնհիմա նրանք հիվանդանոցում են գտնվում։
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 16.05.2011-22.05.2011թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 16636.17 (-130.30), բացթողնման գին` 18082.79 (-141.63), ԱՐԾԱԹ` գնման գին` 407.06 (-22.74), բացթողնման գին` 442.46 (-24.71), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19703.71 (-438.00), բացթողնման գին` 21417.08 (-476.08), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8000.34 (-262.84), բացթողնման գին` 8696.02 (-285.70):
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ստորագրել նոր հանձնարարական է իջեցրել:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող «Մարտի 1-ի» քրեական գործով հնարավոր նոր ապացույցներ և փաստեր ի հայտ բերելու, նախաքննական մարմնի կատարած աշխատանքների մասին հասարակությանը տեղեկացնելու նպատակով նշված քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացրած ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազները` քննչական խմբի ղեկավարի և խմբի քննիչների հետ, այսուհետ, յուրաքանչյուր ամիս հանդիպելու են զանգվածային լրատվության ներկայացուցիչների հետ:
Ըստ դատախազության մամլո հաղորդագրության` ՀՀ տարածքում գործող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել հանդիպմանը և հնչեցնել իրենց հուզող հարցերը` բացառապես նշված քրեական գործի հանգամանքների շուրջ:
«Բաց դռների օրվա» հանդիպումները կկայանան յուրաքանչյուր ամսվա առաջին և վերջին շաբաթվա չորեքշաբթի օրերին, ժամը 12.00-ին, ՀՀ դատախազության «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի կոնֆերանսների դահլիճում / ք. Երևան, փ. Տիգրան Մեծի 50/:
Առաջին հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կկայանա մայիսի 25-ին:
ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգին իր ոդիսականի արդյունքում կորցրել է իր բույսերի հավաքածուները: Բուսաբանական այգու խնդիրները բազմազան են ուստի ուրախալի է, որ այս տարածքում ինչ որ դրական բան է կատարվում: Մայիսի 17-ին Բուսաբանական այգում տեղի կունենա վերականգնված Վարդերի կոլեկցիոն հողամասի հանդիսավոր բացումը:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական վերլուծական կենտրոնի` հողամասի վերականգնումը հնարավոր է դարձել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան պարոն Կ. Օբոլենսկու անմիջական մասնակցության և դեսպանատան 6000 եվրո (3 մլն դրամ) չափի դրամական աջակցության շնորհիվ:
5000 քառ մետր տարածքի վրա, որն ընդգրկում է նաև վարդանոցի հարակից տարածքները, կատարվել են կոճղերից և մացառներից մաքրման աշխատանքներ, բարելավման նպատակով անցկացվել է հողի երեքանգամյա փորում և ստեղծվել է ոռոգման ցանց:
Տնկվել են վարդի 20 սորտերի 1100 տնկիներ, իսկ շրջապատող լանդշաֆտը ձևավորվել է բարձր գեղազարդ և գեղեցիկ ծաղկող բույսերով: Այցելուների համար տեղադրվել են մագլցող բույսերով ձևավորված տաղավարներ, նստարաններ և ցայտաղբյուր:
1990-ական թվականներին տնտեսական և էներգետիկ ճգնաժամի հետևանքով Բուսաբանական այգու տարբեր դենդրոհավաքածուները, այլ կանաչ տնկարկների հետ ունեցան լուրջ կորուստներ, իսկ վարդերի հավաքածուն գրեթե ամբողջովին ոչնչացվել էր:
Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, վիճակագրական տվյալներից դատելով՝ Հայաստանում փեսացուները «պառավել են» 5 տարով, իսկ հարսնացուները՝ 3-4։ Այս իրավիճակը նա համարում է հասարակության ծերացում: Դատելով այս իրողությունից՝ Եվրոպան, Միացյալ Նահանգները վաղուց թևակոխել են ծերացման փուլ, իսկ «ամենաթարմը» մահմեդական երկրներն են: «Եթե 20 տարի առաջ փեսացուների միջին տարիքը 22-ն, էր ապա այժմ՝ 27-ն է։ Հարսնացուների մոտ այդ տարիքը տատանվում է 24-25-ի միջև։ Մարդիկ այժմ ուշ են ամուսնանում, հետևաբար՝ քիչ երեխաներ են ունենում»,- ասաց Ադիբեկյանը:
Այսօր սոցիոլոգը բանավիճում էր արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի հետ և, հակադարձելով նրան, պնդում էր, որ ամուսնությունների գրանցման ժամկետը մեկ ամսից մեկ շաբաթ դարձնելու օրինագիծն ուղղակի աբսուրդ է, և խորհրդարանի նման որոշումը հնարավորություն է տալիս Հայաստանից հարսնացուներ և փեսացուներ «առևանգել»: «Եթե առաջ մեր հայրենակիցները գալիս էին Հայաստան ամուսնանալու, ծանոթանում էին և ստիպված էին լինում մեկ ամիս անց կրկին գալ և ձևակերպել ամուսնությունը։ Այժմ մի շաբաթվա ընթացքում հարցերը լուծվում են։ Սրանով մենք հեշտացնում ենք հարսնացուների և փեսացուների «արտահանումը» Հայաստանից։ Անհատների՝ մանավանդ աղջիկների համար դա լավ է, իսկ երկրի համար՝ արտագաղթի ևս մեկ խողովակ»:
Մինչդեռ Օրբելյանը համոզված էր, որ օրենքի փոփոխությունը դրական ազդեցություն կունենա։ «Մարդիկ ավելի հեշտ կգրանցեն իրենց ամուսնությունը։ Որևէ հավելյալ խոչընդոտ դնել այն պատճառով, որպեսզի ամուսնությունը գրանցելուց առաջ երկար ժամանակ անցնի՝ չենք տեսնում: Դրա համար էլ ամուսնությունների գրանցման կարգը պետք է պարզեցնել։ Ենթադրում ենք, որ գործընթացի հեշտանալուն զուգահեռ՝ ամուսնությունների թիվն այսուհետ կավելանա։ Բացի այդ, կնվազեցվեն ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը»: Ըստ նրա, ամուսնությունը ՔԱԳՎ-ներում ժամկետից շուտ գրանցելու համար մարդիկ այսուհետ հավելյալ «լավություններ» չեն անի: Պարոն Օրբելյանը իրավացի է, սակայն դժվար թե չիմանա, որ ամենաչաղլիկ «լավությունը» արվում էր հենց իր հարազատ նախարարությունում, երբ հարկ էր լինում գրանցել ամուսնությունը օտարերկրյա քաղաքացու հետ:
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է կրճատել ամուսնության գրանցման ժամկետը՝ մեկ ամսից հասցնելով յոթ օրվա, Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է արդեն: Եվ եթե ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, ավելի արագ կսկսեն ամուսնությունները գրանցել երեխայի ծննդյան, հղիության վերջին շրջանի, բանակային ծառայության անցնելու և ծանր հիվանդության դեպքերում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է դիմել հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` ճարտարապետ, «Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-ի հիմնադիր՝ Անահիտ Թարխանյանը նրան և իրավասու ատյաններին հասցեագրելով բաց նամակ.
Բաց նամակ
ՀՀ կառավարության 28 ապրիլ 2011թ․ թիվ 527 – Ն «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման ևՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման վերաբերյալ
Հարգելի պարոն վարչապետ Սույն թվականի ապրիլի 28-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման և ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին։ Այդ որոշումն օրինական չէ և պետք է ճանանչվի անվավեր։ Որոշման նախագիծը պատրաստող ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները գիտեին, որ «Ֆլամինգո» լողափի հողամասը տիրապետում է «Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-ն։ Ես հիմնադրել եմ «Ֆլամինգո» լողափը 1996 թվականին և տասնհինգ տարի անընդմեջ հանդիսանում եմ այդ հողամասի բարեխիղճ վարձակալը և հողօգտագործողը։ Որոշման նախագիծը պատրաստողները նույնպես չէին կարող չիմանալ, որ այդ տարածքում ես ունեմ իմ սեփականությունը հանդիսացող տարբեր կառույցներ և բարեկարգումներ։ ՀՀ կառավարության որոշումն ընդունելու պահին ես տեղեկացված չեմ եղել, որ որևէ իրավասու մարմին չեղյալ է համարել «Ֆլամինգո-Արտլողափ» ՍՊԸ-ի կողմից հո ղամասի տիրապետումը ։ Այսինքն ՝ Հ Հ կառավարությունն իր որոշումն ընդունել է ինչ-որ պաշտոնատար անձանց ենթադրության հիման վրա, իբրև թե իրենք կարող են այդ հողամասի ճակատագիրը որոշել առանց փաստացի հողօգտագործողի կարծիքը հարցնելու։
Կառավարության որոշումը նույպես չի պարզաբանում թե ում տիրապետման տակ է գտնվում այն հողամասը, որտեղ կառավարությունը որոշել է գումար ներդնել հանրային լողափ կազմակերպելու համար։ Արդյունքում ստացվել է, որ ՀՀ կառավարությունը որոշել է պետական միջոցները ներդնել մասնավոր ընկերության տիրապետման տակ գտնվող հողամասում կամ, առնվազն, վիճելի տարածքում։
Այդ անօրինական որոշումը սկիզբ է դրել մի շարք անօրինական գործողությունների։ Հ Հ բնապահպանության նախարարությ ան պատվերով, Լևոն Գալումյանի ճարտարապետական արհեստանոցը, առանց օրենքով նախատեսված հիմքերի, մասնավորապես՝ առանց սահմանված ճարտարապետա-նախագծային առաջադրանքի, կատարել է հանրային լողափերի կազմակերպման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում։ Այդ ոչ մի արժեք չունեցող քաղաքաշինական փաստաթղթերի համար կառավարությունն ըստ իր որոշման վճարել է կամ պետք է վճարի չորս միլիոն դրամ։ Իսկ «Նաիրիշին» ՍՊԸ-ն առանց համապատասխան շինարարության թույլտվության մայիսի 12 -ից սկսել է շինարարական աշխատանքները, որոնք հույս ունի ավարտել 2011 թվականի հունիսի 15-ին, և ստանալ կառավարությունից այդ անօրինական շինարարական աշխատանքների համար 62 միլիոն դրամ։ Միգուցե «Նաիրիշին» ՍՊԸ-ն ՀՀ կառավարության կողմից դիտարկվում է որպես վստահելի գործընկեր, բայց հասարակության մեջ կա ձևավորված կարծիք, որ դա ՀՀ բնապահպանության նախարարի հետ փոխկապակցված ընկերություն է։ Այդ դեպքում, ըստ Ձեզ, ին՞չ նկատի ուներ ՀՀ նախագահը, երբ հայտարարեց, որ կոռուպցիան մեր տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտն է։ «Նաիրիշին » ՍՊԸ-ի շինարարական աշխատանքներին նախորդել է ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով 115 ծառերի ծառահատումը։ Եթե այդ տարածքը, որտեղ կատարվել է ծառահատում, պետք է այս տարի, ըստ բնապահպանության նախարարության, անցնի ջրի տակ, ապա ինչու հենց այդ տարածքում նույն նախարարությունը որոշել է մինչև հունիսի 15-ը ներդնել մի քանի միլիոն դրամ գումար։ Իսկ եթե ակնհայտ է, որ այդ տարածքը մոտակա մի քանի տարիների ընթացքում դեռ չի անցնելու ջրի տակ, ապա ինչու՞ կատարվեց այդ վաղաժամ ծառահատումը։ Բնապահպանության նախարարության աշխատակիցներն այնքան են շտապել կատարել նախարարի բանավոր հրահանգը, որ ծառահատումն իրականացրել են ոչ աշխատանքային օրերին և առանց այդ պահին համապատասխան անտառահատման տոմս ունենալու։ Բնականաբար նման գործելակերպի արդյունքում նրանք հայտնվելեն Սևանի ոստիկանության բաժնում, որը ներկա դրությամբ վարում է այս գործով համապատասխան հետաքննություն։ Ենթադրում եմ որ Սևանի ոստիկանության բաժնում կհայտնվեն նաև «Նաիրիշին» ՍՊԸ-ի աշխատակիցները՝ առանց համապատասխան շինարարության թույլտվության, բնության հատուկ պահպանվող տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։
Ստեղծված իրավիճակում, երբ ակնհայտ է իմ՝ օրենքով պաշտպանված իրավունքների ոտնահարումը, և բնությանը պատճառված անշրջելի վնասը, խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը։
Առաջարկում եմ կասեցնել բնության հատուկ պահպանվող տարածքում «Նաիրիշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքները մինչև հողամասի տիրապետման վերաբերյալ առաջացած վեճի լուծումը՝ բանակցությունների միջոցով կամ դատական կարգով։ Որպեսզի այդ ընթացքում ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման կատարումն ըստ էության չձախողվի, «Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-նպատրաստ է սույն թվականի ամռանն ապահովել բոլոր հանգստացողների համար անարգել մուտքը լողափ և անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։ Հուսով եմ, որ չեք մերժի իմ խնդրանքը։ Ավելորդ եմ համարում այստեղ նկարագրել իմ հոր ՝ Արթուր Թարխանյանի անձնական ներդրումըՀայաստանի ազգային ճարտարապետության զարգացման գործում և իմ անձնական ներդրումն այդ ոլորտում։ Չեմ կասկածում, որ կառավարության բոլոր անդամները գիտեն, որ ես արդար քրտինքով եմ վաստակում ընտանիքիս օրվա հացը։ Այդ պարագայում ՀՀ կառավարության որոշումը՝ ըստ էության, զրկել ինձ «Ֆլամինգո» լողափը տիրապետելուց, առնվազն անբարոյական է։ Նման գործողությունն ակնհայտորեն չի համապատասխանում ՀՀ նախագահի և կառավարության կողմից մարդու արժանապատվության և իրավունքների հիման վրա Հայաստանում հռչակված բարեփոխումների ծրագրին։
«Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-ի հիմնադիր՝ Անահիտ Թարխանյան
ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Նորքի հեռուստաաշտարակի մերձակայքում մայիսի 14-ին կազմակերպվել է ծառատունկ, որին նախարար Սերգո Կարապետյանի գլխավորությամբ ակտիվորեն մասնակցել են նախարարության եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, Հայաստանի պետական ագրարային համալսարանի և Զինվորական ակադեմիայի ուսանողները: Ծառատունկը նվիրված էր ՄԱԿ-ի կողմից հայտարարված անտառների պահպանության տարվան: Շաբաթօրյա ծառատունկի ժամանակ տնկվել է շուրջ 1500 ծառ, իրականացվել են նաև ոռոգման և խնամքի աշխատանքներ` խոտհունձ, քարհավաք և այլն:
Լրագրողների հետ զրույցում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրել է, որ Երևանի անտառտնտեսության տարածքներում անտառապատման աշխատանքները շարունակական են լինելու:2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ Էրեբունու տարածքում կկառուցվի ոռոևման համակարգ,կիրականացվի 51 հա — ի անտառապատում, տարածքը կցանկապատվի:
Հունիսի 12-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Սկզբում դրանց մասնակցելու հայտ էր ներկայացրել 24 կուսակցություն, սակայն Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) չհաստատեց 6-ի մասնակցությունը. արդյունքում մնաց 18 կուսակցություն: Ըստ ամենայնի, հիմնական պայքարն ընթանալու է վարչապետ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ), քեմալական ուղղությունը ներկայացնող, երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) և Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) միջև: Չպետք է մոռանալ նաև քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության (ԽԺԿ) մասին, որն ընտրությունների ժամանակ հանդես է գալու անկախ թեկնածուներով (խորհրդարանում կուսակցական խմբակցություն ձևավորելու հեռանկարով): Հիշեցնենք, որ թուրքական խորհրդարան մուտք գործելու համար քաղաքական կուսակցություններից պահանջվում է հաղթահարել 10 տոկոսանոց նախընտրական բարձր արգելքը: Ներկայիս դրությամբ դա ի վիճակի են անել միայն երեք կուսակցություն` ԱԶԿ, ԺՀԿ, ԱՇԿ:
Ընտրություններից առաջ այս երեք կուսակցությունները ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը: ԱԶԿ-ն միանգամից երկու գրքույկ թողարկեց. դրանցից մեկում նշված էին երկրի ձեռքբերումները նրա իշխանության 8.5 տարիների ընթացքում, իսկ մյուսում ներկայացվում էր, թե իր հաղթանակի դեպքում երկիրն ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության /ԹՀ/ հիմնադրման 100-ամյակը): Դրանում ԱԶԿ-ն շատ կարևոր խոստումներ է տալիս` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատներում:
Ներքին. Թուրքիան լինելու է առավել ժողովրդավար և ազատական երկիր: Վերացվելու է 1980 թվականի սեպտեմբերի 12-ին ԹՀ ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման արդյունքում 1982 թվականի նոյեմբերի 7-ին ընդունված «ռազմականե սահմանադրությունը: Փոխարենը մշակվելու է նոր սահմանադրություն:
Մինչև 2023 թվականը ԹՀ-ն տնտեսական պլանում տեղ է զբաղեցնելու աշխարհի առաջատար երկրների (G-20) տասնյակում (ներկայումս 16-րդն է)1: ՀՆԱ-ն 2023 թվականին կազմելու է 2 տրիլիոն 64 միլիարդ դոլար (2015-ին` 1 տրիլիոն 76 միլիարդ դոլար, 2019-ին` 1 տրիլիոն 486 միլիարդ դոլար): Նախորդ տարի այն կազմել է մոտ 740 միլիարդ դոլար: Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը 2023-ին կազմելու է 25.076 դոլար (2015-ին` 14.000 դոլար, 2019-ին` 18.685 դոլար), նախորդ տարի այն կազմել է 10.079 դոլար: Արտահանումը 2023-ին հասնելու է 500 միլիարդ դոլարի (2015-ին` 201 միլիարդ դոլար, 2019-ին` 317 միլիարդ դոլար): Ի դեպ, երբ 2002 թվականին ԱԶԿ-ն եկավ իշխանության, թուրքական արտահանումը կազմել էր ընդամենը 36 միլիարդ դոլար, իսկ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը` 2.300 դոլար:
Մեծ ուշադրություն է հատկացվելու զբոսաշրջության զարգացմանը: Մինչև 2023 թվականը զբոսաշրջիկների թիվը հասցվելու է 50 միլիոնի, որոնք 50 միլիարդ դոլարի եկամուտ կապահովեն երկրին (2002-ին` 13 միլիոն զբոսաշրջիկ և 12 միլիարդ դոլար): Հարկ է նշել, որ 2010 թվականին ԹՀ է այցելել 28.6 միլիոն զբոսաշրջիկ: Այդ ցուցանիշով ԹՀ-ն աշխարհում զբաղեցրել է 7-րդ տեղը, իսկ զբոսաշրջությունից ստացված եկամուտների ցուցանիշով (20.8 միլիարդ դոլար)` 9-րդ տեղը: Փաստորեն, 2010 թվականին զբոսաշրջիկների թիվը, 2002 թվականի համեմատ, աճել է 116 %-ով, իսկ դրանից ստացված եկամուտները` 74.8 %-ով: Կանխատեսվում է, որ այս տարի ԹՀ կայցելի 30 միլիոն զբոսաշրջիկ, որոնք 25 միլիարդ դոլարի եկամուտ կապահովեն երկրին:
Մեծ զարգացում են ապրելու 100.000 և ավելի բնակչություն ունեցող քաղաքները: Ստամբուլը, որը 2023 թվականին ունենալու է 17 միլիոն բնակչություն, տեղ է զբաղեցնելու աշխարհի 10 ֆինանսական կենտրոնների շարքում, նրա եվրոպական ու ասիական հատվածներում կառուցվելու են նոր «քաղաքներե: Իզմիրը դառնալու է աշխարհի 10 խոշորագույն նավահանգիստներից մեկը: Անկարայի կենտրոնը «Էսենբողաե օդանավակայանին կապվելու է երկաթգծով. առաջիկա երկու տարիներին նրա մետրոպոլիտենի համար կառուցվելու է 44 կիլոմետր երկաթգիծ:
Ստամբուլի մեջտեղով հեղուկանավերի և խոշոր առևտրանավերի անցմանը վերջ տալու նպատակով ԱԶԿ-ն առաջ է քաշել նրա եվրոպական հատվածում «Ստամբուլյան ջրանցքիե կառուցման նախագիծը, որը միմյանց է կապելու Սև և Մարմարա ծովերը: Այն ունենալու է 40 կիլոմետր երկարություն, 150 մետր լայնություն և 25 մետր խորություն և նախատեսված է լինելու ժամանակակից խոշոր նավերի (300 մետր) անցման համար:
Ի դեպ, հունական կողմը խիստ դժգոհությամբ ընդունեց այս լուրը` ԹՀ-ին մեղադրելով սևծովյան նեղուցներով նավարկությունը կանոնակարգող 1936 թվականի Մոնտրեի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից ձերբազատվելու փորձի մեջ: Բացի այդ, հունական կողմը նշեց, որ դրանով ԹՀ-ն ցանկանում է միայնակ վերահսկել ռուսական ու միջինասիական նավթի փոխադրումը դեպի Էգեյան ծով: Չպետք է մոռանալ, որ նեղուցներն ունեն միջազգային ջրերի կարգավիճակ, իսկ ահա «Ստամբուլյան ջրանցքըե2 գտնվելու է բացառապես Թուրքիայի իրավասության ներքո:
Արտաքին. Նախ նշվում է, որ ԱԶԿ-ի իշխանության տարիներին Թուրքիան կարգավորել է իր հարաբերությունները գրեթե բոլոր հարևանների հետ, ակտիվ դիրքորոշում է ցուցաբերել միջազգային ասպարեզում (միջնորդական ու խաղաղապահ), աջակցել է քաղաքակրթությունների (Արևմուտք և Արևելք) երկխոսությանը, ավելացել է այն երկրների թիվը, որոնց հետ վերացվել կամ մեղմացվել է անցագրային ռեժիմը, հաջող գործունեություն է ծավալել ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամի կարգավիճակում, որի թեկնածության դերում ԹՀ-ն նորից կներկայանա 2015–2016 թվականներին:
Նշվում է, որ ԹՀ-ն շարունակելու է ԵՄ-ին լիիրավ անդամակցությանն ուղղված ռազմավարական քայլերը: ԵՄ-ին լիիրավ անդամակցությունն Անկարային հնարավորություն կընձեռի ավելացնելու սեփական ազդեցությունը տարածաշրջանային և գլոբալ խնդիրների հարթման ժամանակ: ԱԶԿ-ն շարունակելու է Արտասահմանաբնակ թուրքերի գերատեսչության միջոցով աջակցել եվրոպական երկրներում բնակվող թուրքերին ու նրանց ազգակից ժողովուրդներին: ԱԶԿ-ն հանդես է գալու նրանց ինտեգրման և ոչ թե ձուլման օգտին:
ԹՀ-ն շարունակելու է ԱՄՆ-ի հետ քաղաքական ինտենսիվ երկխոսությունը, որն առնչվում է նաև Իրաքին, Աֆղանստանին, արաբական աշխարհի զարգացումներին, մերձավորարևելյան խաղաղ գործընթացին, Կովկասում ու Բալկաններում կայունությանն աջակցելուն: ԱԶԿ-ի արտաքին քաղաքականության համակ ուշադրության կենտրոնում են գտնվելու Կիպրոսը, Մերձավոր Արևելքը, թյուրքական երկրները, Աֆրիկան, Արևելյան ու Հարավարևելյան Ասիան, Լատինական Ամերիկան և վերջապես Ռուսաստանն ու Կովկասը: Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը նոր հնարավորություններ է ընձեռում Կովկասում, Միջին Ասիայում և այլ շրջաններում ռուս-թուրքական նոր համագործակցության համար: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱԶԿ-ն շարունակելու է աջակցել ադրբեջանական տարածքների «օկուպացմանե վերացմանը և խնդրի բանակցային ճանապարհով կարգավորմանը: Փաստորեն, ԱԶԿ-ի այս լայնամասշտաբ արտաքին քաղաքականությունը ենթադրում է համարժեք քաղաքական կամք, տնտեսական ու քաղաքական ռեսուրսների առկայություն, ինչպես նաև ներքաղաքական խնդիրների բացակայություն:
Ինչ վերաբերում է ԺՀԿ-ին, ապա այն շեշտը դրեց քրդական գործոնի վրա: ԺՀԿ-ն հրապարակեց «Արևելյան ու Հարավարևելյան Անատոլիայի զարգացմանե նախագիծը, որում քրդերին խոստանում էր. ա) քրդաբնակ արևելյան ու հարավարևելյան շրջանների նկատմամբ ճնշումների վերացում և համընդհանուր խաղաղության հաստատում, բ) «Քրդական հարցիե բացառապես ժողովրդավարական կարգավորում, գ) նախընտրական 10 տոկոսանոց արգելքի նվազեցում, դ) չլուծված խնդիրների և անհետ կորածների վերաբերյալ հանձնաժողովների ստեղծում, մեղավորների պատժում, ե) ԵԽ-ի պահանջով տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխում, զ) հատուկ լիազորություններ ունեցող դատարանների վերացում, է) 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման մեղավորների պատժում, ը) որպես համընդհանուր խաղաղության օրինակ` Դիարբեքիրի բանտի վերածում թանգարանի, թ) «Գյուղական պահապաններիե համակարգի վերացում, ժ) մայրենի լեզվով ուսուցման թույլտվություն, մշակութային ձուլման վերացում, մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի ցուցաբերում, ժա) մինչև 2023 թվականը քրդաբնակ շրջաններում 9.5 տոկոսանոց տնտեսական աճի արձանագրում, 365 միլիարդ դոլարի ներդրում: Սակայն, հազիվ թե քրդերը հավատան իրենց դահիճ Աթաթուրքի ավանդույթները պաշտպանող և ներկայացնող ԺՀԿ-ին: Իսկ ահա ԱՇԿ-ի ծրագրի հիմքում ընկած է բնակչության շրջանում ազգայնական հայացքների վերհանումը, ինչի համար խիստ քննադատության է ենթարկվում իշխող ԱԶԿ-ն, որի «ղեկավարման պատճառովե ԹՀ-ի տարածքային ամբողջականությունը «հայտնվել է վտանգի տակե: Մայիսի 5-ին թուրքական «Միլլիյեթե թերթը հրապարակեց այս տարի ԹՀ-ում տարբեր հետազոտական կենտրոնների (Konsensus, Metropoll, Andy-Ar, USADEM, ANAR, GENAR, MARMARA, Trend, ORC, IKSara) անցկացրած 34 հարցախույզների արդյունքներից կազմված միջին ցուցանիշները: Դրանց համաձայն` ԱԶԿ-ն ստացել է քվեների 46.95%-ը, ԺՀԿ-ն` 26.55%-ը, ԱՇԿ-ն` 11.85%-ը, ԽԺԿ-ն` 5.81%-ը, մնացածը` 8.84%-ը: Ի դեպ, ապրիլի 13-27-ը Թուրքիայի 81 նահանգներից 60-ում անցկացրած հարցախույզի արդյունքներով` GENAR հետազոտական կենտրոնը սահմանել էր այն առավելագույն նշաձողը, որը կուսակցությունները կարող են գրանցել ընտրությունների ժամանակ. ԱԶԿ` 57.6%, ԺՀԿ` 36.7%, ԱՇԿ` 28.3%, ԽԺԿ` 9.6%: Ուշագրավն այն է, որ ընտրություններից առաջ ԱԶԿ-ն փորձեց որոշակիորեն ազդել անգամ այս հարաբերակցության վրա և հարվածներ հասցնել իր մրցակիցներին: Փետրվարին շուկայում հայտնվեց «Դերսիմցի հայ Եմուշ խանումի որդի ինժեներ Քեմալըե խորագրով գիրքը, որում պատմվում էր ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայկական արմատների մասին (մորական կողմից): Միանգամից աչքի է զարնում գրքի տպաքանակը` 100.000 օրինակ: ԺՀԿ-ն գիրքը որակեց որպես պատվիրված` չնշելով, թե ով է պատվիրել այն. բավական ակնհայտ է, թե ով էր շահագրգռված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին այդպիսի գրքի ի հայտ գալով, որն արագորեն տարածվեց նաև թուրքական խորհրդարանում:
Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ ԱՇԿ փոխնախագահների պաշտոնից հրաժարական են տվել և իրենց թեկնածությունը ստիպված են եղել հանելու Ռեջաի Յըլդըրըմը և Մեթին Չոբանօղլուն: Ընդ որում, ԱՇԿ-ն նրանցից առաջինի թեկնածությունն առաջադրել էր Ադանայում, իսկ երկրորդինը` Քըրշեհիրում: Թուրքական լրատվամիջոցները սա որակեցին որպես «երկրաշարժե: ԱՇԿ փոխնախագահները ստիպված եան այդ քայլին գնալու, քանի որ ինտերնետում, չգիտես որտեղից, հայտնվեցին նրանց ինտիմ կյանքի լուսանկարներն ու տեսանյութերը3: Թաքնված տեսախցիկի օգնությամբ նկարահանված այդ կադրերում երևում են, թե ինչպես են թուրք ազգայնականները թեթև վարքի տեր կանանց հետ զրուցում քաղաքականության, խորհրդարանական ընտրությունների և սեռական հարցերի շուրջ:
Մայիսի 7-ին հայտնվեց ևս մեկ «սեռականե տեսագրություն: Այս անգամ դրա զոհը դարձան Ստամբուլի նահանգի ԱՇԿ նախկին նախագահ Իհսան Բարութչուն և ԱՇԿ կազմակերպչական հարցերով փոխնախագահ Բյուլենթ Դիդինմեզը: ԱՇԿ-ն նրանց թեկնածությունն առաջադրել էր Ստամբուլում: Այս ամենը, հիրավի, կարող է կործանարար հետևանքներ ունենալ ԱՇԿ-ի համար, որը, հարցախույզների համաձայն, թուրքական խորհրդարանում գոյատևման պայքար է մղելու: ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին տեղի ունեցածի համար անմիջապես մեղադրեց ԱԶԿ-ին (Էրդողանին), որի զինանոցում, թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, առկա է ևս 8 նմանատիպ տեսագրություն:
Ապրիլի 18-ին YSK-ն վետո դրեց ԽԺԿ 7 անկախ թեկնածուների (Լեյլա Զանա, Գյուլթան Քըշանաք, Հաթիփ Դիջլե և այլք) վրա` դա պատճառաբանելով նախկինում նրանց դատված լինելով: Դրանից հետո ԽԺԿ-ն սպառնաց բոյկոտել խորհրդարանական ընտրությունները, ապա քրդերը զանգվածաբար ոտքի ելան և քաոսային իրավիճակ առաջացրին Թուրքիայի տարբեր շրջաններում: Ապրիլի 19–29-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում զոհվեց 2 մարդ, ձերբակալվեց 880-ը, որոնցից կալանվեց 120-ը: Այս ամենն առաջացրեց ԱԶԿ վերնախավի խոր մտահոգությունը, քանի որ սեփական վարկանիշը հայտնվել էր մեծ վտանգի տակ: Արդյունքում` YSK-ն հետքայլ կատարեց և նրանց թույլատրեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որով և հարուցեց թուրք ազգայնականների դժգոհությունը: Փաստորեն, զուր չէր, որ ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն մինչ այդ Էրդողանին կնքել էր «երկրի գլխավոր դատախազե մականվամբ` նկատի ունենալով «Բալյոզե ռազմական հեղաշրջման և «Էրգենեքոնե ահաբեկչական կազմակերպության դատավարությունների ընթացքը:
Հետաքրքիր է, որ ընտրություններից առաջ «հարվածե ստացավ նաև ԱԶԿ-ն: Մայիսի 4-ին սևծովյան Քասթամոնուից Անկարա վերադարձող Էրդողանի ավտոշարասյունը ենթարկվեց զինված հարձակման, ինչի արդյունքում զոհվեց և վիրավորվեց մեկական ոստիկան: Սակայն Էրդողանը չէր գտնվել դրա մեջ, քանի որ նախապես ուղղաթիռով Քասթամոնուից մեկնել էր Ամասիա: Սա ծանոթ ձեռագիր էր, և ինչպես նախկինում դիպուկ նկատել է թուրքական ընդդիմության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալը, Էրդողանի դեմ նմանատիպ «մահափորձերըե միտված են նրա վարկանիշի բարձրացմանը:
Այսպիսով, բոլոր կանխատեսումներով` առաջիկա ընտրություններում հաղթանակ է տանելու ԱԶԿ-ն, ինչը կլինի նրա երրորդ անընդմեջ հաղթանակը: ԱԶԿ-ն պայքարելու է 550 հոգանոց մեջլիսում առնվազն 367 մանդատ (2/3) ստանալու համար, ինչը հնարավորություն կընձեռի խորհրդարանում անցկացնելու ցանկացած օրինագիծ: Դրա համար անհրաժեշտ է, որ ԱԶԿ-ն ստանա քվեների մոտ 50%-ը:
ԺՀԿ-ն փորձելու է ստանալ քվեների նվազագույնը 25%-ը` դրանով իսկ բարելավելով իր նախորդ ցուցանիշը: ԱՇԿ-ն այս ընթացքում իրեն վարկաբեկել է և այս անգամ պայքարելու է թուրքական խորհրդարանում գոյատևման համար: Իսկ ԽԺԿ-ն իր շուրջ 60 անկախ թեկնածուների միջոցով պայքարելու է 81 նահանգներից միայն 39-ում և մտադիր է խորհրդարանում մեծացնել սեփական ներկայացուցչությունը` դա հասցնելով 35-40 մանդատի (2007 թվականին ևս քրդերը հանդես եկան անկախ թեկնածուներով, ինչը հանգեցրեց նրան, որ երկրի արևելյան ու հարավարևելյան շրջաններում, ուր գլխավորապես ապրում են քրդեր, նրանք հասան նշանակալից հաջողության` խորհրդարանում ձեռք բերելով 21 մանդատ):
Հայկ Գաբրիելյան
ՙՆորավանք՚ հիմնադրամ
16 մայիսի 2011թ.
* * * * * *
1. 2010 թվականին ԹՀ տնտեսությունը 8.9% աճ է արձանագրել, ինչն աննախադեպ իրադարձություն էր նրա ավելի քան 87-ամյա պատմության ընթացքում: Այդ ցուցանիշով ԹՀ-ն Եվրոպայում զբաղեցրել է 1-ին տեղը, իսկ աշխարհում` 3-րդ տեղը (Չինաստան` 10.3% ու Արգենտինա` 9.2%): Մայիսի 6-ին բրիտանական The Economist պարբերականը գրեց, որ ԱԶԿ-ի հենց տնտեսական ղեկավարման ունակությունն է հանդիսանում առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրա հաղթանակի գլխավոր գրավականը:
2. Մինչ այդ էլ նշվում էր, որ Էրդողանը երազում է մինչև 2023 թվականը կառուցել «թուրքական Սուեզի ջրանցքըե, որը սևծովյան Սամսունից ձգվելու է մինչև միջերկրածովյան Յումուրթալըք (գրեթե նույն երթուղին, ինչ «Սամսուն-Ջեյհանե նավթամուղը): Անատոլիայի մեջտեղով անցնելիք այս ջրանցքն ունենալու է մոտ 500 կիլոմետր երկարություն, 80 մետր լայնություն, 22 մետր խորություն և նախատեսված է լինելու միջին մեծության նավերի համար:
3. Հետաքրքիր է, որ գրեթե մեկ տարի առաջ` 2010 թվականի մայիսի 10-ին, նույն պատճառով ստիպված էր եղել հրաժարական տալ ԺՀԿ նախկին նախագահ և թուրքական ընդդիմության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալը: Դրանից օրեր առաջ թուրքական «Վաքիթե թերթի համացանցային տարբերակում հեռարձակվել էր Դենիզ Բայքալի և նույն կուսակցության անդամ, կին պատգամավոր Նեսրին Բայթոքի միջև սեռական հարաբերությունների տեսագրությունը, որը դարձյալ նկարահանվել էր թաքնված տեսախցիկի միջոցով: Այն ժամանակ Բայքալը հայտարարել էր, որ այդպիսի դավադրությունն անհնար կլիներ իրագործել առանց իշխանական ջանքերի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.