23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Մենք նոր ենք, և ինչպես ամեն նոր բան, որ մտնում է շուկա, կարիք ունի ներկայանալու, ասելու, թե` ով ենք, ինչու ենք եկել, ինչ ասելիք ու անելիք ունենք, ուր ենք գնում ու տանում մեր ընթերցողին: Մենք գրում ենք հայ ընթերցողի համար, հայեցի լեզվամտածողությամբ միջին վիճակագրական հային հասանելի լեզվով: Մենք բոլորս տարբեր ենք և կարող ենք ունենալ տարբեր վարկածներ: Մենք չենք պարտադրում մերը և պատրաստ ենք մեր քննարկումներում լսել Ձեր վարկածները հայ հասարակությանը, հայաստանցուն հուզող ցանկացած հարցի շուրջ, լինի դա` քաղաքական, իրավական, սոցիալական, օրենսդրական, մշակութային, կենցաղային, սպառողական, առողջապահական, կրթական, սպորտային, հոգեբանական, բնապահպանական և այլն, բնականաբար, հաշվի առնելով հայկական մենթալիտետը և այն, որ մենք արդեն Եվրախորհրդի անդամ երկիր ենք, որը պատրաստվում է մուտք գործել Եվրամիություն: Հետևաբար, մենք ինքներս կփորձենք մտածել ճկուն, և Ձեր դատին հանձնելով մեր վարկածները, Ձեզ հետ միասին հասնել վերջնական նպատակի` մատնացույց անել բոլորիս հուզող պրոբլեմներն ու փորձել լուծում գտնել դրանց համար: Հուսով ենք դառնալ Ձեր լավ զրուցակիցն ու բարեկամը: Բարի մեկնարկ Մեզ և Ձեզ», — այս ողջույնի խոսքը ես գրել եմ, երբ մեր www.armversion.com ՝ «Հայկական Վարկած» կայքը մեկնարկեց 10 ամիս առաջ:
Ինձ հրավիրեց Ռուզան Ավոյանը, մենք զրուցեցինք, ու ես սկսեցի գրել: Կայքին բոլոր աշխատողներս վերաբերվում էինք որպես մեր զավակի, մի տեսակ ընտանեկան մթնոլորտ էր՝ միասին ենք սկսել, միասին էլ պիտի զարգացնենք: Աշխատում էինք, բայց շատ շուտով կանգնեցինք մի խնդրի առաջ, որ մեզնից կախված չէր՝ կայքը վատ էր աշխատում: Երբ Ֆեյսբուքում հղում էի տեղադրում, շատերը բողոքում էին, որ դժվար է բացվում, ու դա բնավ ինտերնետի արագության հետ կապ չուներ, պարզ էր, որ կայքի ծրագրային սխալի հետևանք է ու վատ հոսթինգի: Կայքը ծանր էր, չգիտեմ՝ ոնց էր սարքած, բայց շատ ծանր էր:
Իսկ կայքի ստեղծման պատմությունը հետևյալն է. Ռուզան Ավոյանը որոշում է կայք պատվիրել: Նա ինտերնետ-տարածքից քաջատեղյակ չի: Խնդրում է ընկերներին գտնել մեկին, ով կկարողանա news.am-ի կարգի կայք սարքել: Ծանթացնում են Գիրգոր Սեմերջյանի հետ, որը հանձն է առնում «կես գնով»՝ 2000 դոլարի փոխարեն 1000 դոլարով ծրագրավորել ու ձևավորել news.am-ի կարգի կայք:
Կայքը սարքում է, բայց ոչ մի բանով նման չի լինում news.am-ի կայքի ֆորմատին. ով գոնե մի անգամ մտել է մեր հին կայքը, ինձ հետ հաստատ կհամաձայնի: Բազմիցս դիմել ենք Գրիգորին, խնդրել ենք, պահանջել՝ շտկել կայքի թերությունները: Որոշ բաներ մի լավ մուննաթից հետո շտկել է, բայց զուգահեռ անընդհատ ծագել են նորանոր պրոբլեմներ, նորանոր սխալներ: Օրինակ, երբ հղումն ուզում էիր տեղադրել Ֆեյսբուքում, բերում էր տառաթվակույտեր՝ հղման վերնագրի փոխարեն, նկարները չէր բերում, սկզբի տեքստը չէր բերում, ու մենք ստիպված ամեն անգամ ձեռքով տեղադրում էինք տեքստը, որ տգեղ հղում չտեղադրենք:
Մի նյութը սկզբում ուներ երեք հղում: Մի հղումը տեղադրում էիր, հաջորդ օրը չքանում էր. պարզվեց, որ երբ նյութը դրվում է «գլխավոր», այնտեղից հանելուց հետո չի լինում էլ, ուրեմն՝ պետք է հղում տալ ԼՐԱՀՈՍԻՑ: Դե արի, լրագրող, էդքանը ամեն օր հիշիր ու արա: Դե արի, խմբագիր, որ նոր-նոր ինտերնետ տարածք է մտնում, հասկացիր էս բոլոր նրբություններն ու ամենակարևորը՝ կարողացիր ապացուցել դեմագոգին, որ նա քեզ խաբել է: Ու խաբել է ստորաբար, քանի որ Գրիգոր Սեմերջյանի կայքերի պատրաստման արտադրամասի գինը նմանատիպ կայքերի համար 75000 է, նաև գործում է բոնուսային համակարգ, բայց ոչ՝ 250 000 ու նաև 50000՝ էլի չգիտես ինչի համար, ու էլի ամսական 20000՝ «կայքին հետևելու համար»:
Բայց կայքը ծանր էր, ու ամենաբարդը դա էր, Գրիգորը ոչ մի կերպ չէր կարողանում թեթևացնել կայքը: Էն աստիճանի, որ երբ մենք հոսթինգը տեղափոխեցինք այլ տեղ, հոսթինգի աշխատանքն ապահովող ադմինիստրատորը բողոքում էր. «Վերջին 3-4 օրը կայքը օրը ամենաքիչը մեկ ժամ օֆֆլայն է, և ստիպված մենք էլ օրը մեկ ժամ հատկացնում ենք ձեր կայքին: Այնպես որ, ոչ ձեզ, ոչ ինձ սա ձեռք չի տալիս: Դրա պատճառով տուժում են մյուսները»,- ասաց նա ու հրաժարվեց կայքից:
Հոսթինգը տեղափոխելն էլ չփրկեց կայքը, էնպես որ ստիպված եղանք պատվիրել նորը: Գրիգորը մեր հանդիպման ժամանակ ասաց. «Դուրներդ չի գալիս՝ իմ կայքը հետ տվեք, ես ձեզ ձեր գումարը կվերադարձնեմ»: Բայց հետո փոշմանեց, ոչ մի կերպ չի ընդունում, որ իր սարքած կայքը չի համապատասխանում news.am-ի ֆորմատին, այսօր էլ պնդում է, որ ինքը կատարել է առաջադրանքը ու նյուզից լավ կայք է սարքել:
Հիմա խնդիրն այն չի, որ դատարան դիմելիս կարող են պայմանագիր պահանջել, որը չկա, քանի որ եղել է մարդկային գործոնի հարց՝ վստահություն ընկերոջ խոսքին: Իսկ վստահությունը չարաշահած Գրիգորը կարող է խաբել այլ պատվիրատուների, ու մարդիկ կարող են փչացնել նյարդեր, դրամական միջոցներ, ի վերջո՝ որպես բիզնես պրոյեկտ տուժել, քանի որ ոչ ոք չի համաձայնի գովազդ տեղադրել նման կայքում: Բայց եթե ունենա՞՚ր, կկարողանա՞ր ապացուցել իր հայցի իրավացիությունը: Միգուցե՝ եթե ունենար պայմանագիր, որտեղ նշված կլինեին բոլոր տեխնիկական ու ձևավորման պահանջները, բայց դա անհնար կլիներ Ռուզանի կամ մեկ ուրիշի պարագայում, քանի որ նա կայքը պատվիրելու պահին չի ունեցել համապատասխան իրազեկվածություն ու տեխնիկական գիտելիքներ, որպեսզի ներկայացներ այսպիսի պահանջատիրական պայմանագիր, ու ցավն այն է, որ Ադմինիստրատորին, ում վստահել է այդ գործը, պատշաճ չի կատարել իր խնդիրը:
Բայց նույնիսկ այս պարագայում անհասկանալի է՝ կա՞ն նման փորձագիտական կառույցներ, կա՞ արդյոք անկախ աուդիտորական կամ հաշտարարական կառույց, որը զբաղվում է ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում գործող կազմակերպությունների ու անհատների խաբեությունների բացահայտմամբ, պաշտպանում է սպառողի շահերը: Ես չգտա: Չկա նման նախադեպ. միակ բանը, որ կարելի է անել՝ դիմել քրեական գործ հարուցելու համար, ինչը Ռուզանը չի ուզում: Դատարանից էլ ասել են՝ դիմեք տեսնենք… Մի խոսքով…
Ես չեմ խոսում տարրական, կներեք, ռուսերեն ասեմ՝ «порядочность»-ի մասին. հայերենում սա «կարգին»-ն է, ու այստեղ օգտագործելը պատկերացում չի տալիս, թե ինչի մասին է խոսքը, որի մասին չեմ ուզում խոսել: Դա մեր ազգի ամենայուրահատուկ բնորոշիչն է՝ «քցոցին», ու էնքան ենք դրա մասին խոսել, որ իմաստազրկել ենք մեր խոսքը: Ես չեմ ուզում խոսել մարդկայնությունից, ուզում եմ խոսել օրենքից ու իրավունքից: Իսկ օրենքն այստեղ մեծ բաց ունի: Ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտի հարաբերությունները անհրաժեշտ է ներառել օրենսդրական դաշտ ու զինել որակյալ փորձագետներով:
Մենք կփորձենք դիմել դատարան ու հայցում ենք ձեր մասնակցությունը քննակմանը: Միգուցե հանրային հնչեղություն տալով այս հարցին՝ կարողանանք ձևավորել նմանատիպ իրավիճակներում կողմնորոշվելու ճիշտ վարվելաձև, ազդելու դատաիրավական փորձագիտության պահանջի ձևավորմանը, որ էլ ոչ ոք մեզ նման չխաբվի, ու խաբելիս հաստատ իմանա, որ կենթարկվի պատասխանատվության:
Մինչ այժմ ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունները եղել են Ազգային անվտանգության իրավասության ներքո: Բայց եթե հանցագործությունը չի վտանգել ազգային անվտանգությունը, այլ «քցել» է այդ ազգի մի հատվածին, կոնկրետ մեզ՝ կայքում գրողներին ու ընթերցողներին, ո՞վ է էդ դեպքում պատասխանատուն:
Մեր պարտքն է զգուշացնել բոլորին Գրիգոր Սեմերջյանի ու նրա կայքարտադրամասի(G Design Group) անազնվության մասին:
Լուսինե Վայաչյան
«Հայկական Վարկած»-ի աշխատակիցներ
Թբիլիսիում ընթացող Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունն ավարտվեց: Վերջին տուրում Լիլիթ Գալոյանը հերթական հաղթանակը տոնեց ադրբեջանուհու նկատմամբ: Նա հաղթեց Խայալա Իսքանդարովային:
Վրացուհի Մայա Լոմինաշվիլուն հաղթեց Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը՝ շախմատիստուհի Մարիա Գևորգյանին:
Լիլիթ Մկրտչյանը զբաղեցրեց 21-րդ, Գալոյանը՝ 41-րդ, Աղինյանը՝ 55-րդ տեղը:
Նշենք, որ Էլինա Դանիելյանն այս առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնել է Քուվեյթ:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նա այցի շրջանակներում կմասնակցի Քուվեյթի հայկական ազգային դպրոցի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, կհանդիպի դպրոցի շրջանավարտներին եւ հայ համայնքի ներկայացուցիչներին:
Հակոբյանը կհանդիպի նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ 1-ի հետ, ով եւս միջոցառումներին մասնակցելու նպատակով կժամանի Քուվեյթ:
Երևանի թիվ 114 դպրոցում իրարանցում էր: Տնօրենները խառնվել էին իրար մի ուրիշ կարգի: Քննասենյակից դուրս եկողի գլխին էին հավաքվում միանգամից մի քանի հոգի, ու սկսվում էր. դուրս եկածը հերթով իրեն տրված հարցերն էր ասում, լսողները փորձում էին սերտել: Իսկ ներսում երկու հանձնաժողով վճռում էր տնօրենների պաշտոնավարման հետագա ճակատագիրը:
Քննական գործընթացին հետևում էր նաև նախկին տնօրեն, բայց քաղաքականություն մտնելու շնորհիվ պատգամավոր դարձած Անահիտ Բախշյանը: Փորձեցինք տիկին Բախշյանից որոշ մանրամասներ պարզել այս իրարանցումից:
— Տիկի´ն Բախշյան, այս քննություններն ի վիճակի՞ են լիարժեք պատկերացում տալ, թե ինչ տնօրեններ ունենք այսօր:
— Ինչպիսի մանկավարժ է, ինչքանով կազմակերպիչ է, կառավարիչ է, մարդկային փոխհարաբերությունները ինչպես է կառուցում՝ չէ´, բայց էստեղ մի նշաձող կա դրված, որից ցածրը չի կարող անցնել: Այսինքն, գրավոր 60 հարցերից ամեն քննության ժամանակ 60-ը ընտրվում է, բաժանվում է, էդ 60-ից 54-ին պատասխանողը նվազագույնը անցնում է բանավոր փուլը:
— Իսկ «զուբրիտ»-ի խնդիր չկա՞:
— Անպայման կա, բայց եթե անգամ անգիր են արել ինչ-որ բաներ, էդ անգիր բանը մի օր հետք թողնում է ուղեղի մեջ և աշխատանքի ընթացքում: Եթե էդպիսի սիտուացիա լինի, կսկսի հիշել` ա´յ մարդ, ես սրա մասին մի տեղ կարդացել էի, նորից կվերցնի` կկարդա, այսինքն` ինքը կիմանա գոնե, որ դա օրենքով կարելի է կարգավորել` արի` գնամ օրենքի մեջ նայեմ, ոչ թե ինքս որոշեմ ինչ անել:
— Իսկ որ նախարարը ասել էր, թե մեր դպրոցներում էլ կարող են տգետ մարդիկ աշխատել… «տգետ» որակումը նախարարի կողմից, դե, մենք գիտենք` ինչ մակարդակ է դպրոցներում, բայց ամեն դեպքում, որքանո՞վ է արդարացված նման գնահատականը նախարարի կողմից, և եթե տգետներ կան, ապա ինչպե՞ս են հայտնվել այդ պաշտոններին և ինչպե՞ս են շարունակում պաշտոնավարել, երբ կան նախարարություն, կրթության վարչություն:
— Ես լիովին նախարարին համամիտ եմ էդ հարցում: Դպրոցում տգետ, հենց «տգետ» բառն եմ ասում, դպրոցի տնօրեն չպիտի լինի:
— Այսինքն՝ կան:
— Իհարկե´ կան:
— Եվ շա՞տ կան` մե՞ծ տոկոս է կազմում:
— Նու, եթե չլիներ էդպես, անհրաժեշտություն չէր լինի օրենքով էս շեմը դնել: Սա փաստորեն մի շեմ է, որից ցածր չես կարող դպրոցի տնօրեն ունենալ:
— Ես մեկ-երկու րոպե հետևեցի քննական պրոցեսին, քանի որ Դուք ավելի տևական ժամանակով եք հետևում, ինչպե՞ս է ընթանում հենց քննելու գործը, ինչ-որ հոգեբանական ճնշում կամ հակառակը՝ հուշում, նկատե՞լ եք:
— Ո´չ մի, ում ուզում եք` հարցրեք, առավել ևս՝ հուշել:
— Իսկ փողով հարցերը լուծե՞լ, ծանոթո՞վ…
— Ուրեմն, առիթը օգտագործեմ հայտարարելու հասարակությանը, որ բոլոր այն պաշտոնյաները` գյուղապետ, քաղաքապետ, մարզպետ, նախարար, նախագահ… ինչ-որ մեկը խոստանա փողով էս գործը դզել, չի հաջողվելու:
— Ասենք, տեսա՝ Նարինե Հովհաննիսյանն էր հանձնաժողովում. դե, նրան շատ տնօրեններ կճանաչեն, հնարավոր չէ՞, որ, ասենք, նախապես համաձայնության գան:
— Նարինե Հովհաննիսյանը էսօր ա էստեղ, վաղը էստեղ չի լինի: Էս հանձնաժողովը մեկ օր է մնում ընդամենը:
— Այսինքն` ԽԾԲ-ն այստեղ չի՞ աշխատում:
— Դե, հիմա իմ երևակայությունը թույլ չի տալիս երևակայել, թե ԽԾԲ ո՞նց կարող է լինել: Գրավորի մեջ ես բացառում եմ, բանավոր քննության մեջ էլ:
— Ասենք, աչքերով, շարժումներով, չգիտեմ, ինչ-որ մի ձևով:
— Դե, ի՞նչ պիտի լինի, հարցը պիտի կարդա, բանավոր քննությունը ձայնագրվում է, յուրաքանչյուր հարցի պատասխանից հետո հանձնաժողովի նախագահը իրեն ասում է` ճիշտ է կամ սխալ է: Դա գրվում է, բացի ձայնագրությունից, գրվելուց հետո հանձնաժողովի անդամները տակը ստորագրում են, քննություն հանձնողն էլ դրա տակ է ստորագրում: Հետևաբար, չգիտեմ, ինչքան էլ ուզենան…
— Եվ էսպիսի մի հարց. էստեղ տնօրենները խառն են` և´ մայրաքաղաքից են, և´ մարզերից: Ինչ-որ տարբերություն կա՞, ո՞ր մասն է մեզ մոտ ավելի խոցելի, չէի ուզենա էլի էդ բառը օգտագործել, բայց դե, տգետ տնօրենները ավելի շատ մայրաքաղաքու՞մ են, թե՞ մարզերում:
— Բոլորովին, ո´չ , չէ´, կարող է առոգանության մեջ լինի տարբերությունը, ասենք, Գեղարքունիքի, չէ´, չէ´, չէ´, չկա´, մարզերից էլ էնքան պատրաստված տնօրեններ են գալիս, քեֆդ գալիս է: Եվ հեռավոր գյուղ, սահմանամերձ գյուղ, բայց պատրաստված, կարգին մարդիկ: Երևանից է գալիս՝ բանի պետք չի:
— Բա «էդ բանի պետք չի»-ն ո՞նց է մինչև հիմա մնացել տնօրեն:
— Դրա համար կկտրվի: Էրեկ գործող տնօրեն կտրվեց, հլը լավ է, որ էս անգամ քիչ կտրվեցին: Բայց օր է եղել, որ 25-ից 13-ը կտրվել են` անցած անգամ:
— Տիկին Բախշյան, Դուք Ազգային ժողովում կառավարության առջև հարց բարձրացրիք այն տնօրենների դիմումի վերաբերյալ, որոնց 5 տարի է մնացել պաշտոնավարել, և որոնք խնդրել էին իրենց զերծ պահել քննություններին մասնակցելուց: Նրանք հասա՞ն իրենց ուզածին, թե՞ ոչ:
— Իհարկե, հասա´ն: Հիմա ասեմ:
— Այսինքն` իրենք քննություն չե՞ն հանձնելու:
— Միայն գրավորն են տալու, բանավորից ազատվեցին: Ուրեմն դա ինչ է` օրենքի մեջ փոփոխություն մտցվեց, 61 տարին 2011 թ. լրացած տնօրեններին տրվեց արտոնություն` միայն գրավոր փուլը տալ:
— Բայց ավելի վատ չէ՞, տարիքով տնօրենը ավելի մեծ շանսեր չունի, ասենք, հիշողության հետ կապված խնդիրներ ունենալ, հազար ու մի թերություն կարելի է գտնել, չգիտեմ, տարեցը կարող է շատ ավելի վատը լինել, քան երիտասարդը:
— Դե, հիմա, ես էդ փոփոխությանը կատեգորիկ դեմ էի, բայց դե մեծամասնությունը` կոալիցիան, քվեարկեց, անցավ:
— Դա, ըստ էության, խտրականություն էր:
— Չէ´, ես նորից եմ ուզում ասել, դա ժեստ էր: Մի խումբ տնօրեններ, առանց ստորագրելու, նամակով դիմել են նախագահին, որ արտոնություն տա: Էդ ո՞ր տնօրենն ա դիմում նախագահին` որը հիշեցնում ա նրան, որ գիտե՞ս, ես էսինչ ժամանակ քեզ ծառայություն եմ մատուցել, քո ընտրությունը հաջողացրել եմ, հիմա դու ինձ տուր էդ արտոնությունը, և տրվեց: Այսինքն` նախագահը հաստատեց, որ էդ արտոնության ժամանակը եկել է, էլի:
— Դե, մարզերում ինչպե՞ս է, տնօրեններին նշանակում է մարզպետը, որի հիմնական ֆունկցիան տվյալ մարզում ընտրություն կազմակերպելն է: Ըստ այդմ, տնօրեն նշանակելիս մարզպետը կողմնորոշվում է հենց այս չափանիշով, թե ում մոտ ավելի լավ կստացվի ընտրության կազմակերպման գործը: Այս առումով տնօրեններին այդքան էլ չի կարելի մեղադրել, վերևից է իջեցվում հրահանգը, նրանք էլ կատարում են:
— Հիմա չեն կարող: Հիմա ենթադրենք՝ մարզպետը ուզում ա սիրուհուն տանի դպրոցի տնօրեն: Էս սիրուհին ուզի-չուզի՝ պիտի գա էս փուլով անցնի:
— Դե, 60 հարց ա, կսովորի, կանցնի, էլի:
— Դե հիմա , թող սովորի, դե հիմա, թե կսովորի, 5 հատ էլ բանավոր հարցին կպատասխանի, ջհանդամ, որ սիրուհի ա, գոնե կիմանանք, որ մի բան գիտի: Դե հիմա, մնացածը իրանց գործն ա արդեն, բարոյականության խնդիր ա:
Հ.Գ.Մեզ պատահած ծանոթ տնօրեններից մի քանիսը, ի դեպ, հաստատեցին, որ չեն կարողացել «դոստուպ» գտնել դեպի քննական հանձնաժողով: Այնպես որ, հուսանք՝ գոնե այս քննությունը կանցնի առանց չարաշահումների:
Լուսինե Կեսոյան
The New York Post-ը տեղեկացնում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Դոմինիկ Ստրոս Կանին մեղադրանք ներկայացրած կինը բնակարան էր վարձել ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակված հիվանդների համար նախատեսված շենքում:
Վերոնշյալ տանը թույլ են տալիս բնակվել միայն ՄԻԱՎ-ով հիվանդներին: Շենքի կառավարիչ Harlem United ընկերության ներկայացուցչի խոսքով, այնտեղ կարող են բնակարան վարձել միայն նրանք, ում ընտանիքում առնվազն մեկը հիվանդ է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով, իսկ լիովին առողջ մարդիկ այնտեղ չեն կարող բնակվել:
Հիշեցնենք, որ Դոմինիկ Ստրոս Կանին ձերբակալել են շաբաթ օրը՝ նյույորքյան հյուրանոցներից մեկի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով:
Նյու Յորքի Sifitel հյուրանոցի 32-ամյա աշխատակցուհին պնդում է, որ 2011 թվականի մայիսի14-ին Ստրոս Կանը փորձել է բռնաբարել իրեն՝ նրա վարձակալած համարը կարգի բերելու ժամանակ:
Հոկտեմբեր ամսից Հայաստանը «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի շնորհիվ կհայտնվի առաջին տեղում անդրկովկասյան իր հարևանների համեմատությամբ. ո´չ Թբիլիսիի, ո´չ էլ Բաքվի օդանավակայանները չեն կարող այլևս մրցել մերինի հետ: Շահագործման է հանձնվելու օդանավակայանի համալիրի նոր շենքը: Նախկին շենքն այդուհետ կօգտագործվի որպես վարչական շենք, իսկ ուղևորները գործ կունենան միայն նոր համալիրի հետ:
Օդանավակայանի հանրային գոտու նոր տերմինալը, շուրջ 34000 քմ տարածքով, միանգամայն նոր պայմաններով կդիմավորի ուղևորներին: Հաշվառման սրահը կունենա 46 հաշվառման սեղան և հաշվառման կրպակներ: VIP բաժնի հետ լինելու է նաև առանձին նախագահական բաժին, որտեղ մուտքը կլինի առանձին. այստեղ կդիմավորեն ու կճանապարհեն միայն նախագահներին: Լինելու է երկհարկանի ավտոկայանատեղի` 20 հազար քմ մակերեսով` ունակ սպասարկելու 600 ավտոմեքենա:
Մի խոսքով, ամեն ինչ, ըստ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի աշխատակիցների (2001 թ.-ից այս ընկերությունն է իրականացնում «Զվարթնոցի» կոնցեսիոն կառավարումը, և հենց Էդուարդո Էռնեկյանի ընկերությունն է շուրջ 244 մլն դոլար ներդրումներ կատարել այստեղ), ամեն ինչ լինելու է բարձր մակարդակով, ամեն ինչ արվելու է` միջազգային լավագույն օդանավակայաններից հետ չմնալու համար: Շահագործման հանձնելուց հետո «Զվարթնոցին» կտրվի «B» դասի օդանավակայանի կարգ. օդանավակայանները լինում են 4 դասի` A, B, C, D, սակայն A դասի օդանավակայան չկա, այնպես որ…
Բայց ամեն ինչով հանդերձ, անկախ այն բանից, որ «Զվարթնոցը» հայտնվելու է լավագույնների շարքում, միևնույն է, անհնար է հավատալ, որ էլի մերն ուրիշ չի լինի: Անհնար է հավատալ, որ հայ հարկահավաքները կարող են մի օր դառնալ բարեկիրթ, անհնար է հավատալ, որ մեր օդանավակայանում էլի քաշքշուքներ չեն լինի, էլի մարդկանց չեն խաբի, և վերջապես՝ որ մի օր կարող է մեզ մոտ էլ տոմսերի համար սահմանվեն տրամաբանությանը մոտ գներ: «Արմավիա» ավիաընկերության ղեկավարությունը վերջերս դարձյալ Հայաստանում թռիչքային տոմսերի թանկությունը վերագրեց «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման համար չափից ավելի մեծ գումարներ շորթելուն: Ավիաընկերություններն ասում են` մենք մեղք չունենք, մեզ էնպիսի գներով են սպասարկում, որ մենք, ուզած-չուզած, դա մտցնում ենք տոմսի գումարի մեջ, որ չտուժենք: Սրա հետևանքով կրկնակի տուժողը, բնականաբար, Հայաստանից մեկնողներն են:
Արտաքին տեսքի բարելավմանը զուգընթաց՝ օդանավակայանը մտադիր չէ՞ ձեռնպահ մնալ նաև թալանից. եթե ավիաընկերություններն ասում են, թե սպասարկման գները բարձր են, ժամանակը չէ՞ խելքին մոտ գներ սահմանել, ինչը հնարավորություն կտա տոմսերի գները գոնե մի քիչ նվազեցնել:
— Մեր սակագները մրցունակ են Վրաստանի, Ադրբեջանի և մի շարք թուրքական օդանավակայանների համեմատ, նույնիսկ ավելի ցածր են Վիեննայի և Լոնդոնի օդանավակայանների սակագներից,- ասում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ փոխտնօրեն Անդրանիկ Շխյանը,- մեր գները սահմանվել են 2002-ին, երբ որ շատ ընկերություններ, որոնք հիմա չվերթեր են իրականացնում Հայաստանում, չեն եղել` «Air Franc»-ը, «Fly-Dubai»-ը, չեխական ավիաընկերությունները: Դրանք էն ընկերություններն են, որոնք եկել են մեր գները սահմանելուց հետո: «Արմավիան» գործում է 2004 թվականից, այնպես որ՝ նա ևս սկսել է գործել, երբ մեր գները հաստատված էին: Օդանավակայանի սակագները 7-8 տոկոսն են կազմում ցանկացած ավիաընկերության չվերթի սպասարկման ծախսերի մեջ: Սա էն քանակն է, որն ունի, օրինակ, բրիտանական ավիաուղիները կամ եվրոպական ցանկացած փոխադրող: Այսինքն` օդանավակայանային ծառայությունների սահմանն իրականում էդքան մեծ ազդեցություն չունի տոմսի գնի վրա:
— Այսինքն` հղումը ձեզ վրա այդքան էլ իրականությանը չի՞ համապատասխանում: Այսինքն` աննորմալ գներ սահմանողները ավիաընկերություններն են, որ ուղղակի գերշահույթի հետևից են ընկնում:
— Ինձ թվում է, եթե բրիտանական ավիաուղիների աուդիտի տվյալները, որոնք հենց իրենց կայքում հրապարակված են, բացեք, կտեսնեք, որ զուտ օդանավակայանային ծառայությունները… նորից եմ նշում՝ դա չի ենթադրում էն 10000 դրամը` օդի տուրքը, դա չի ներառում աէրոնավիգացիոն…
բազմաթիվ ծառայությունների ցանկ կա:
— Ի դեպ, էդ անհեթեթությունը էդպես էլ չի՞ վերանալու՝ օդի փող կոչվածը:
— Դե, ինքը այս պահին կա: Ես խոսում եմ այն ծառայությունների մասին, որոնք օդանավակայանը գանձում է ավիաընկերություններից: Զուտ 8 տոկոսի մասին է խոսքը: Նույն հարցը ե՛ս Ձեզ տամ` էդ 8 տոկոսը կարո՞ղ է ազդել տոմսի արժեքի վրա, եթե նույնիսկ մենք փոփոխություններ անենք, ինչքանո՞վ կազդի էդ 8 տոկոսը տոմսի արժեքի վրա` 1 տոկոսո՞վ, 2 տոկոսո՞վ, իջեցնեմ՝ արդյունքում կտուժենք մենք բոլորս, որովհետև արդյունքում էս օդանավակայանը չենք ունենա, բայց տոմսը իրականում կէժանանա 25 դոլարով, ո՛չ ավելի:
Լուսինե Կեսոյան
Գիտական, պետական ոլորտի, Հ կ- ների, և քաղաքական կուսակցությունների ավելի քան 150 կանայք մասնակցում են մայիսի 18-ին Երևանում մեկնարկած երկօրյա համաժողովին, որը կազմակերպվել է ԱՄՆ Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի (NDI) և ԱՄՆ ՄԶԳ կողմից` Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան և Միացյալ ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ:
ԱՄՆ Միջազգային զարգացման Գործակալությունից հայտնում են, որ համաժողովը կրում է «Խրախուսել Հայաստանում կանանց քաղաքական մասնակցությունը. կանանց համազգային համաժողով և հայեցակարգ» խորագիրը, որի նպատակն է ուշադրություն հրավիրել կանանց հիմնախնդիրներին և նպաստել Հայաստանի քաղաքականության մեջ նրանց ներկայացվածությանն ու մասնակցությանը:
Համաժողովը մեկնարկել է Միացյալ Նահանգների և Եվրոպայի հայտնի կին քաղաքական գործիչների ելույթներով: Հյուրերի թվում են ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը, դեսպան Մերիլ Ֆրանկը (ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ-ի «Կանանց կարգավիճակ» հանձնաժողովում), Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսեն (նստավայրը` Թիֆլիս), Ալբանիայում Մակեդոնիայի նախկին դեսպան Բլագորոդնա Մինգովա Կրեպիեվան, Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, ԱՄՆ Միզուրի նահանգի պետքարտուղար Ռոբին Կարնահանը, և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի կառավարության բարձրաստիճան անձինք, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքում, դեսպան Յովանովիչն ընդգծել է, որ Հայաստանն իր լիարժեք ներուժն իրագործելու համար պետք է հենվի իր բոլոր տաղանդների վրա, այդ թվում նաև կանանց:
Համաժողովի ընթացքում կին մասնակիցները բաժանվել են փոքր աշխատանքային խմբերի` հայեցակարգը մշակելու նպատակով, այստեղ կներկայացվեն կանանց հիմնախնդիրները և դրանց լուծման հետ կապված առաջարկությունները: Քննարկվել են բավականին հետաքրքիր թեմաներ` կոալիցիայի ձևավորումը, գենդերային հավասարության խթանումը կուսակցություններում և տարբեր բնագավառներում, ինչպես նաև տղամարդ քաղաքական գործիչների և հասարակության խրախուսումը` կանանց քաղաքական իրավունքների ընդլայնման աջակցելու նպատակով:
Արցախյան պատերազմի հաշմանդամ վետերան Սամվել Միքայելյանն այսօրվանից անժամկետ հացադուլ էր հայտարարել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջև: Ազատամարտիկն անտուն է, բնակարան ունենալու հույսը կորցրել է և ուզում է արժանանալ դեսպանի ընդունելությանը` Ֆրանսիա մեկնելու նպատակով: Ֆրանսիայի դեսպանատունն, իհարկե, չի պատրաստվում արձագանքել ազատամարտիկի խնդրանքին` նրա պրոբլեմը համարելով մեր երկրի ներքին գործը: Ոստիկանությունն էլ օպերատիվ միջամտել է, ինչի հետևանքով Սամվելը դադարեցրել է հացադուլը:
Սամվել Միքայելյանի պատմությունը եզակի չէ, հարյուրավոր ազատամարտիկներ ունեն սոցիալական, կենցաղային խնդիրներ, օրվա հաց վաստակելը նրանց համար դարձել է գերխնդիր:
Քչերն են հրապարակավ բողոքում, դիմում պայքարի ծայրահեղ ձևերի, բայց նմանատիպ պրոբլեմները շատերինն են:
Երբ 1994-ին արցախյան պատերազմն ավարտվեց, և տղաները ռազմաճակատից տուն վերադարձան, նրանց դիմավորեց այլ Հայաստան` տնտեսական առաջին բարեփոխումներն ավարտած, աղետի գոտու և շրջափակման ծանր հետևանքներն իր ուսերին տանող: Հայաստանում սոցիալական շերտավորման գործընթաց էր տեղի ունենում: Կռվից վերադարձած մարդն ավելի զգայուն էր սոցիալական բևեռացման, անարդարության ցանկացած դրսևորման հանդեպ:
Հրադադարի հաստատումից հետո պետությունը երկու ճանապարհ ուներ:
Առաջին ճանապարհը բարդ էր, բայց ենթադրում էր կռված տղաների լիարժեք ռեաբիլիտացիա, նրանց համար սոցիալական պաշտպանվածության գործուն մեխանիզմների ստեղծում: Պետությունը, սակայն, այս ճանապարհով չգնաց:
Ազդեցիկ հրամանատարներին արդեն ձևավորված էլիտային ինտեգրելու ճանապարհով` ստեղծվեց ռազմաքաղաքական էլիտա, որն ազդեցիկ դիրքեր ունեցավ պաշտպանության նախարարությունում, մեկ տասնյակից ավելի երկրապահներ հայտնվեցին խորհրդարանում:
Այս սահմանափակ էլիտան ուներ նաև բիզնես հնարավորություն և էլիտայից դուրս գտնվող հազարավոր ազատամարտիկների համար, ըստ էության, կատարում էր պետության դերը. ազդեցիկ հրամանատարները սեփական բիզնեսի հաշվին «կերակրում էին» իրենց ջոկատների տղաներին` նրանց հնազանդության և լոյալության դիմաց: Թերևս, սա էր պատճառը, որ հաճախ երկրապահներին ներքաշում էին քաղաքական, ընտրական գործընթացի մեջ:
Սակայն ժամանակի ընթացքում ռազմական էլիտան տարրալուծվեց ընդհանուր օլիգարխիկ համակարգի մեջ` օտարանալով հազարավոր երկրապահներից, կորցնելով իր «սոցիալական» դեմքը:
Հարյուրավոր, հազարավոր ազատամարտիկներ մնացին մենակ՝ իրենց դարդ ու ցավի, առօրյա կարիքի հետ:
Եթե այսօր նրանցից մեկը որոշել է բարձարաձայն բողոքել, դա չի նշանակում, որ նրա դեպքը եզակի է, բարձրացրած պրոբլեմը` նույնպես: Ավելի ցավալի է, որ նրանք` հայրենիքի պաշտպանները, կորցրել են հավատը սեփական պետության հանդեպ ու արդարություն են մուրում օտար դեսպաններից:
Սուրեն Սուրենյանց
Այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը: Հրաժարականի պատճառը ոչ պաշտոնական տեղեկությամբ Երեւանում իրականացվող մի շարք նախագծերի հետ Հասրաթյանի անհամաձայնությունն է: Նշվում է Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման հետ կապված նախաձեռնությունը:
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որտեղից վարչության պետը պատասխանեց, որ ինքը ինֆորմացիային չի տիրապետում:
2010թ. բյուջեով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հատկացվել է 415 մլն դրամ աշխատակազմի համար: Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցը 2010թ. ապահովել է 9 մլրդ-ի մուտքեր, ինչը 300 մլն-ով ավելին 2009 –ի հատված:
Նախորդ տարի ՀՀ Կադաստրի և անշարժ գույքի պետական կոմիտեին հատկացվել է 33 մլրդ դրամ, բյուջեն կատարվել է 97 տոկոսով: Իրականացվել է 11 ծրագիր: Մասնավորապես բյուջետային միջոցները ծախսել են քարտեզագրության, աշխարհագրական տեղանունների հաշվառման, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների վրա:
Հայաստանի տնտեսական մրցակցության պապտպանության պետական հանձնաժողովին 2010-ին հատկացվել է 202 մլն դրամ, ինչը հավանաբար բավարար ակտիվություն է հաղորդել հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, որը խոստացել է ավելի շատ ջանք գործադրել նոր բացահայտումներ կատարելիս:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.