23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ամերիկահայ կառույցները ձևավորում են նոր վարչակազմի հետ աշխատանքային օրակարգը: Այս հարցի շուրջ «Ամերիկայի ձայնը» զրուցել է ամերիկահայ կազմակերպությունների հետ։
Ամերիկահայ կազմակերպությունները ողջունել են ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդընի ընտրությունը: Ամերիկայի հայկական համագումարն ու Հայ Դատի հանձնախումն առանձին հայտարարություններով պատրաստակամություն են հայտնել աշխատել նոր վարչակազմի հետ՝ ընդգծելով, որ նախագահ Բայդընը լավատեղյակ է հայկական օրակարգից:
«Բայդընը քաջատեղյակ է Հայաստանի ու Արցախի մասին Սենատում իր տասնամյակների գործունեության շնորհիվ, ինչպես նաև որպես փոխնախագահ: Պետք է խոստովանենք, որ որպես սենատոր շատ ավելի բարենպաստ ու հստակ կեցվածք ուներ Հայաստանի ու Արցախի վերաբերյալ»,- նշում է Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Էլիզաբեթ Չուլջյանը:
«Եթե նայենք այն դիրքորոշումներին, որոնք հայտնել էր որպես թեկնածու փոխնախագահ Բայդընը հայկական խնդիրների մասին և այն դիրքրոշումներին, որոնք հնչել են Էնթոնի Բլինքենի պետքարտուղարի պաշտոնում նշանակման լսումների ժամանակ, ապա կարող ենք տեսնել, որ այս արձագանքները համապատասխանում են հնչեցրած խոստումներին»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչև ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր, մարդասիրական ու ռազմական օգնություն Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն արգելող 907 ենթաբաժնի կիրառում: Ամերիկահայ կազմակերպությունները բարձրաձայնում են իրենց օրակարգը՝ հույս հայտնելով, որ նոր վարչակազմը հետևողական կգործի ամերիկահայությանը հուզող հարցերում:
Առաջնային խնդիրներից է, սակայն, ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակն անցած տարվա պատերազմի արդյունքում, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգության և մարդասիրական բնույթի մարտահրավերները: Ամերիկահայ կառույցները հորդորւոմ են վարչակազմին վերականգնել ԱՄՆ ակտիվ դերակատարումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:
«Մեզ համար հայ ժողովրդի անվտանգությունն ու ապահովությունն առաջնային հարց է: Պետք է վստահ լինենք, որ մարդասիրական օժանդակությունը հասնում է հայ ժողովրդին և որ, իհարկե, ԱՄՆ-ը ստանձնում է առաջատարի դեր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասում է Արդունին:
«Համագործակցելով Կարմիր խաչի հետ՝ ամերիկյան կառավարությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով, որպեսզի հայ ռազմագերիները վերադառնան իրենց ընտանիքներ»,- կարծում է Չուլջյանը:
Օրերս նոր վարչակազմի պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը գրավոր անդրադարձել էր ԼՂ հետ կապված շատ խնդիրներին: Նա հիշեցրել էր, որ նախագահ Բայդընը կողմնակից է ԱՄՆ-ի դիվանագիտական ակտիվ ներգրավվածությանը՝ տևական կարգավորմանը հասնելու համար և շեշտել` իր հաստատման դեպքում նա կխթանի Մինսկի խմբի և դիվանագիտական այլ խողովակների միջոցով ԱՄՆ-ի ակտիվ գործունեությունը` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում` երրորդ կողմերի միջամտությունը կանխելու համար:
Բլինքենն աջակցում է Հայաստանին անվտանգության, ժողովրդավարական կառավարման և տնտեսական ոլորտների օգնության տրամադրմանը, կողմնակից է ղարաբաղյան ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը: Հաստատման դեպքում նա պատրաստ է աշխատել Կոնգրեսի և պաշտպանության նախարարի հետ՝ համատեղ որոշելու Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության օգնության մակարդակը:
Իրենց հերթին ամերկիկահայ շրջանակները շարունակոեւմ են մտահոգություն հայտնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության վերաբերյալ՝ կոչ անելով Բայդընի վարչակազմին դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին և կիրառել Ազատությանն աջակցության բանաձևի 907 ենթաբաժինը, որով արգելվում է ուղիղ օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ Բաքուն չի հրաժարվել ԼՂ և Հայաստանի դեմ ուժի կիրառումից: Ըստ Եղիսաբեթ Չուլջյանի՝ նախագահ Բայդընը Ազատությանն աջակցության բանաձևի 907 ենթաբաժնի ընդունման աջակիցներից մեկն էր ԱՄՆ Սենատում:
Այս կապակցությամբ Բլինքենն իր գրավոր արձագանքում ընդգծել էր, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում վերջերս բռնկված ռազմական գործողությունները՝ նոր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: Նա չբացառեց 907 ենթաբաժնի չեղարկումից հրաժարումը, եթե հանգամանքները թույլ տան:
«Թուրք – ադրբեջանական առաջիկա զորավարժություններն անակնկալ չեն, դրանք պարբերաբար տեղի են ունենում, այսինքն, ըստ էության, պլանային զորավարժություններ են, որ անցկացվում են հենց Կարսում: Կարսը, թուրքական զինված ուժերի տեղակայման առումով, մշտական վայր է համարվում, այստեղ նրանք մի քանի զորամասեր ունեն, ինչպես նաև՝ այստեղ է գտնվում զորավարժարանը», — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմից այս զորավարժություններին ներգրավված են, մասնավորապես, Նախիջևանի առանձին համազորային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները, իսկ ռազմական տեխնիկայի տեսակետից՝ բացի հատուկ զորամիավորումներից, այնտեղ կլինեն նաև չորս միավոր տանկ՝ իրենց հատուկ անձնակազմով: Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն տեղեկացրել է` փետրվարի 1-12-ը հայ – թուրքական սահմանին՝ Կարսում նախատեսվում է անցկացնել թուրք – ադրբեջանական պլանային «Ձմեռ» զորավարժությունները, որի ժամանակ , ներգրավելու են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: Հարձակվողական բնույթի զորավարժությունների ընթացքում, բացի համապատասխան վարժանքներից, իրականացվելու են նաև օդային-դեսանտային փորձարկումներ նույնպես:
Թուրքական լրատվամիջոցի ձևակերպմամբ` զորավարժությունը նախատեսում է լինել վերջին ժամանակների ռազմական բնույթի ամենամեծ իրադարձություններից մեկը:
Անդրադառնալով Կարսի զորավարժությունների վտանգների թեմային, ռազմական վերլուծաբանը նկատում է՝ այն փաստը, որ զորավարժությունները պլանային են, դեռ չի նշանակում, որ այն իր մեջ հայկական կողմի համար վտանգներ չի ներառում.«Չմոռանանք, որ ամռանը Նախիջևանում անցկացված թուրք – ադրբեջանական զորավարժությունները նույնպես պլանային էին, որին, ընդամենը մեկ ու կես ամիս անց, հաջորդեց արցախյան պատերազմը: Իհարկե, հետախուզական վերլուծության տեսանկյունից, պլանային լինելու հանգամանքը բթացնում է հակառակորդի ուշադրությունը: Ինչ վերաբերում է ավելի առարկայական վտանգներին, ապա պետք է նկատենք, որ ցանկացած պարագայում, նմանօրինակ զորավարժություններն, առաջին հերթին, միտված են համատեղ աշխատանքների ներդաշնակեցմանը, ինչպես նաև՝ թուրքական և ադրբեջանական զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, ինչն, անխոս, Հայաստանի շահերից չի բխում: Ասեմ ավելին՝ Նախիջևանի առանձին համազորային բանակի հատուկ ջոկատայիններն, ինչպես արդեն տեսանք, ներգրավված էին արցախյան պատերազմի ակտիվ ռազմական գործողություններում: Այլ կերպ ասած, այսօրինակ զորավարժություններն, անպայման, իրենց արդյունքը տալիս են»:
Անդրադառնալով զորավարժությունների ընթացքում կիրառվելիք զինատեսակների թեմային, ռազմական փորձագետը նկատում է՝ այս պահին հստակ չի կարող ասել, թե կոնկրետ ի՞նչ զինատեսակներ կկիրառեն թուրք – ադրբեջանական զինված ուժերը Կարսում կայանալիք զորավարժությունների ընթացքում, սակայն մի բան հստակ է՝ զորավարժությունն, ըստ էության, հենց նրա համար է, որպեսզի փորձարկվեն դեռևս կիրառության մեջ չմտած զինատեսակները, պարզվեն դրանց օգտակարության և արդյունավետության ծավալները:
Այն, որ թուրքական մամուլն առաջիկա զորավարժութունը բնութագրում է, իբրև, վերջին ժամանակների համար ամենամեծն ու ծավալունը, ապա, արդյո՞ք սրանում, հակառակ կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրելու միտումներ չկան, ռազմական վերլուծաբանը նկատում է՝ իր համար, առնվազն, անհասկանալի է թուրքական մամուլի այս սադրանքը.«Թուրքիայի արևելյան մասում՝ Կարսի հատվածում տեղակայված է այդ պետության՝ մեծությամբ երրորդ բանակը: Հետևաբար, տվյալ տարածքում անցկացվող զորավարժությունն էլ, ինքնին, մեծամասշտաբ պետք է լինի: Հիմա ես լավ չեմ հասկանում՝ ի՞նչ է ուզում դրանով ասել թուրքական մամուլը՝ որ առաջիկա զորավարժությունը մինչ այս եղած բոլոր զորավարժություններից ամենամե՞ծն են լինելու, թե՞ այդ տարածքում երևէ անցկացվածներից ամենամեծը …Հետևաբար, կարծում եմ, որ այսպիսի լուրերում մանիպուլացիայի մեծ բաժին կա»:
Ի՞նչ նպատակ են հետապնդում Կարսում անցացվելիք փետրվարյան զորավարժություններից առաջ, հայկական սահմանամերձ գյուղերի բնակիչների էվակուացման վերաբյալ լուրերը: Ըստ ռազմական փորձագետ Հայկ Խաչիկյանի, դրանք պայմանավորված են նրանով, որ առաջիկա զորավարժությունները հետևում են բոլորովին վերջերս, արդեն իսկ տեղի ունցած պատերազմին, ստատուս քվոին և լարված իրավիճակին: Եթե սրան գումարենք նաև Թուրքիայի ունեցած դերակատարումն այդ պատերազմին, ինչպես նաև՝ այդ պետության կողմից չդադարող սպառնալիքները՝ Հայաստանի հասցեին, ապա այս ամենն, ըստ ռազմական փորձագետի, բնակիչների տարհանման վերաբերյալ լուրերին, ինչ — որ տեղ տրամաբանական ենթատեքստ են հաղորդում. «Նախիջևանյան զորավարժություններից հետո տեղի ունեցածն, ինչ – որ տեղ, ավելի զգոն լինելու առիթ է տալիս: Հետևաբար, նույնը նաև Կարսի զորավարժություններին է վերաբերում, որ տեղի են ունենում հեպատերազմյան նոր իրավիճակում: Ինչ վերաբերում է տարհանման վերաբերյալ բուն գործողություններին, ապա, անկախ նրանից, թե ի՞նչ կանի հակառակորդը, կանի՞ թե՞ չի անի կամ թե որտե՞ղ կանի, կա գործողությունների հստակ պլան, որ այսպես թե այնպես պետք է պարտադիր կերպով կատարվի, որոնցից մեկն էլ՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տարհանումն է»:
Այնուամենայնիվ, արդյո՞ք ամենամոտ ապագույմ Հայաստանը կներքաշվի՞ նոր պատերազմի մեջ, այս անգամ արդեն Թուրքիայի սադրիչ հրահրմամաբ, ռազմական վերլուծաբանը քիչ հավանական է համարում, թեև չի էլ բացառում. «Այս հավասարման մեջ անհայտներն ու փոփոխականները չափազանց շատ են, իսկ իրականության ելքը, մեծ հաշվով, հենց սրանից է կախված: Կլինի՞ նոր պատերազմ, որի թիրախում այս անգամ, առավել մեծ հավանականությամբ, գերտերություններն են լինելու՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանն՝ ընդդեմ Թուրքիայի, ցույց կտա միայն ժամանակը: Տարածաշրջանում պատերազմի բռնկման ցանկացած սցենարով, Հայաստանը պատերազմական գործողությունների ակտիվ թատերաբեմ է լինելու, ինչից խուսափել, կարծում եմ մեզ չի հաջողվելու»,- եզրափակում է զրույցը ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը:
Մենք ապրում ենք զարմանալի ժամանակներ. Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն։ Ժողովուրդը թքած ունի իր երկրի վրա՝ խորը և համապարփակ։ Պատճառները տարբեր են։ Մի մասը թքած ունի, որովհետև արդեն ծրագրել է արտագաղթել, մի մասը ատելությունից է կուրացել, մյուսները ցավից, անորոշությունից, սովից ու ողբից դարձել են անհաղորդ, և կան երջանիկները, որոնք խելք չունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Թքած ունենալու հայկական ողբերգությունը
Մենք ապրում ենք զարմանալի ժամանակներ. Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն։
Ժողովուրդը թքած ունի իր երկրի վրա՝ խորը և համապարփակ։ Պատճառները տարբեր են։ Մի մասը թքած ունի, որովհետև արդեն ծրագրել է արտագաղթել, մի մասը ատելությունից է կուրացել, մյուսները ցավից, անորոշությունից, սովից ու ողբից դարձել են անհաղորդ, և կան երջանիկները, որոնք խելք չունեն։ Պատճառները տարբեր են, հավաքական վերաբերմունքը՝ մեկը։ Երկիրը կտոր-կտոր է արվում, ամեն ինչ տրվում է, թշնամիները վայելում են, իսկ դիմադրություն չկա։
Եթե ժողովուրդը թքած ունի երկրի վրա, իշխանությունն էլ՝ ժողովրդի վրա։ Նիկոլենք բացարձակ անտարբեր են, որ կան անօթևան փախստականներ, անհետ կորածներ, բացահայտ լկտիությամբ թաքցնում են մահերի թիվը, չեն հրապարակում գերիների քանակը, անգամ մի րոպե չեն մտածում, որ ամեն օր ժողովուրդը ավելի վատ է ապրում ու հենց ժողովրդի հաշվին էլ իրենք ամեն օր ավելի լավ են ապրում։
Զավթողի հոգեբանությամբ թքած ունեն հերթական սահմանամերձ տան վրա, որ հանձնում են, հերթական գյուղի, որ զիջում են և, իհարկե, պատմության ու ավանդույթների, որոնք իրենց համար խմբագրման ենթակա ավելորդություններ են։
Ժողովուրդը թքած ունի երկրի, իշխանությունը՝ ժողովուրդը, աշխարհն էլ՝ Հայաստանի վրա։ Աշխարհը բացարձակ հանգիստ նայեց, թե ինչպես են արգելված զենքով ոչնչացնում Արցախը, գրկաբաց ողջունեց արտաքին պարտքի «թռիչքաձև աճը» և դրա վրա փող աշխատեց, Հայաստանն արագացված տեմպով դարձնում է հակառուսական պլացդարմ, Թուրքիայի ազդեցությունը Եվրոպայում զսպելու մանրադրամ, աղանդավորության ԱՊՀ դարպաս, գործակալական ցանցերի նոր սերնդի մանիպուլյացիաների փորձադաշտ։
Ժողովուրդը թքած ունի երկրի, իշխանությունը՝ ժողովրդի, աշխարհը՝ Հայաստանի, հետևաբար ընդդիմությունն էլ նույն գծի մեջ է։
Ընդդիմությունը փորձեց ինչ-որ բան անել, պարզվեց ժողովուրդը դեռ պատրաստ չէ, էլի նախկին-ներկա է խաղացնում, պիտակավորում է, հանդուժում է դավաճանի գժությունները, չի նկատում ոչ պարտությունը, ոչ զոհերին, ոչ գերիներին, ոչ դավաճանությունը, ոչ էլ վերահաս վտանգները։ Այդ պատճառով ընդդիմությունն էլ որոշեց սառնամանիքին չմրսել հանուն նրանց, ում դեռ պետք չէ։ Եվ ամենակարևորը, որի մասին ոչ ոք չի ուզում խոսել. եթե ժողուրդն իրավունք ունի նեղանալ, արդյո՞ք ժողովրդից նեղանալու իրավունք չկա։ Եթե ժողովուրդը նախընտրում է մոռանալ, չարժևորել, հանդուրժել դավաճանին, արդյոք նույն վերաբերմունքին չի՞ արժանանալու։
Այս արատավոր շրջապտույտը Հայաստանի գնացքը տանում է դեպի անդունդ։ Իսկ ընթացքը կանգնեցնելու համար պետք է, որ ինչ-որ մեկը ինչ-որ պահից թքած չունենա։ Աշխարհը՝ դժվար, քանի որ ունի իր պլանները, իսկ իշխանությունն անհույս է, քանի որ դավաճան է։ Մնում են ընդդիմությունն ու ժողովուրդը։ Ընդդիմությունը փորձեց՝ չստացվեց։ Ժողովուրդն էլ իրականում բազմաշերտ է։ Թե երբ տեղից կշարժվի, դժվար է ասել։ Հնարավոր է վաղը, հնարավոր է մեկ ամսից։ Պարզապես այս ընթացքում գնացքը շարժվում է… ու պետք է հասցնել կանգնեցնել այն տեղում, երբ դեռ հնարավոր է և իմաստ ունի…»,- գրել է Մինասյանը։
Հունվարի 20-ին ՝ Վաշինգթոնի ժամանակով ժամը 12-ից րոպեներ առաջ Ջոզեֆ Բայդենը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնը։ ԱՄՆ-ի նոր վարչակազմի ու Հայաստանի հարաբերություններին է անդրադարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր «Ժողովրդավարությունն անգին է» հոդվածում։
«Սկսելով պատմության այս նոր էջը՝ Միացյալ Նահանգները վերահաստատում է Հայաստանի ժողովրդի, կառավարության, քաղաքացիական հասարակության, մամուլի և մասնավոր հատվածի հետ գործակցելու իր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին, որոնք միտված են շոշափելի բարեփոխումների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելուն։
Ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի հարաբերությունների հիմնասյուներն են, սակայն մեր ընդհանուր օրակարգն ավելի ընդարձակ է։ Կայուն և ներառական տնտեսական աճին աջակցելը, առևտրի և ներդրումների ընդլայնումը, էներգետիկ անվտանգության խթանումը, շրջակա միջավայրի ռեսուրսների պատասխանատու կառավարումը, COVID-19 համավարակի դեմ պայքարն ու կրթական հնարավորությունների միջոցով մարդկանց մեջ կատարվող ներդրումները արտացոլում են ԱՄՆ-Հայաստան խորը և համապարփակ գործընկերությունը, որը վստահաբար դեռ ավելի կամրապնդվի»,-մասնավորապես նշված է հոդվածում։
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը շեշտում է, որ առաջին հերթին պետք է կատարել այն անհետաձգելի աշխատանքը, որը թույլ կտա առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի կործանարար հակամարտությունից հետո։ Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել է Հայաստանի առաջնային կարիքներին՝ տրամադրելով հագուստ, սնունդ, երեխաների համար անվտանգ տարածքներ, տեղահանվածների համար ապաստարան։
«Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար»,-ասել է նա։
Լին Թրեսյիի խոսքով՝ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանի վերականգնմանը առաջիկա տարիների ընթացքում ու մեջբերել նախագահ Բայդենի միտքը․ «Մենք երբևէ չենք ձախողել, երբ հանդես ենք եկել միասնաբար»։
Դեսպանը հավաստիացրել է, որ հայ ընկերների և գործընկերների հետ նպաստելու են ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը՝ ճանապարհ հարթելով դեպի պայծառ ապագա բոլորի համար։
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Twitter-ում իր կարծիքն է հայտնել Ղարաբաղում ադրբեջանցի զինվորների գրաֆիտիի մասին:
Համացանցում լուսանկար է տարածվել, որը Լեռնային Ղարաբաղում կատարել են ադրբեջանցի զինվորները: Լուսանկարը կատարվել է Արցախի բնակավայրերից մեկում, որն անցել է նրանց վերահսկողության տակ:
Պատին անգլերենով գրված է. «Ոչ մի հայ [no ARMANIAN]: Սա արդեն Ադրբեջան է»: Ընդ որում՝ «ARMANIAN» բառը (Armenian — խմբ.) սխալով է գրված եւ վրան գիծ է քաշված:
«Կարծում եմ, որ Ղարաբաղում ադրբեջանցի զինվորները փորձել են դա գրել անգլերեն, որ աշխարհը հասկանա, թե նրանց համար որքան ընդունելի էր համագոյակցության գաղափարը»,- նշել է լրագրողը:
Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել գերության մեջ գտնվող լիբանանահայ երկու քաղաքացիների դեմ, որոնք հայկական զինված ուժերի կողմից մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Հակոբ Աբրահամի Թերզիյանի և Հակոբ Հաջիրյանի դեմ քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:
Հակոբ Թերզիյանին և Հակոբ Հաջիրյանին մեղադրում են ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու և փոխադրելու, ահաբեկչության, կրոնական թշնամանքի և ծայրահեղականության հողի վրա օրենքով չնախատեսված զինված խմբավորումների ստեղծման, դրանց մեջ ներգրավման համար։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունն ուղարկվել է դատարան:
Նշենք, որ ադրբեջանցի հանցագործներ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք 2014-ին ներթափանցել էին Արցախ և սպանել 2 մարդու, այդ թվում՝ անչափահաս երեխայի, և դատապարտվել, Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո վերադարձրեց Ադրբեջանին:
2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:
Դեպքի վայր են մեկնել ԱՀ քննչական խումբը՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է։ Նշենք՝ ըստ մամուլում շրջանառովղ լուրերի՝ Արթուր Ապրեսյանն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակիցն էր։
Արցախի կարգավիճակի, գերիների հարցով միջազգային կառույցներին ԱՀ ԱԳՆ ուղարկած նամակի արձագանքների և ակնկալիքների, ինչպես նաև ՀՀ վարչապետի` նախօրեին արած Շուշի վերաբերյալ դիտարկումների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ։
-Օրերս Արցախի ԱԳՆ-ն նամակով դիմել է միջազգային կառույցներին Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցով։ Այս պահին որևէ արձագանք կա՞, ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել այս փուլում։
-Ակնկալում ենք, որ դրանք կքննարկվեն տարբեր ատյաններում և պետք է, որ ինչ-որ կերպ դրական ազդեցություն ունենան իրավիճակի վրա, որովհետև այն, ինչն անում է Ադրբեջանը, միջազգային բոլոր նորմերի, կոնվենցիաների և փաստաթղթերի կոպիտ խախտում է։
Մենք տեսանք նամակի մասին արձագանքն ադրբեջանական լրատվամիջոցներում։ Սա այն խնդիրն է, որն իհարկե կոնկրետ վերաբերում է մեզ, բայց գլոբալ առումով առնչվում է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին։ Մարդու իրավունքների խախտումները, այն էլ կոպիտ, միջազգային հանրության կողմից անպատասխան մնալու դեպքում ոչ միայն այդ նորմերը խախտողների մոտ ագրեսիվ և անօրինական գործունեությունը շարունակելու գայթակղություն են առաջացնում, այլև մյուս տարածաշրջաններում ևս բացասական ազդեցություն են ունենում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Հետևաբար, սա իսկապես բոլոր այդ կառույցների համար կարևոր թեմա է, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այս ուղղությամբ ինչ-որ դրական զարգացում արձանագրենք։
-Պարոն Բաբայան, Արցախի կարգավիճակի հարցը շա՞տ է սահմանափակում նման խնդիրների լուծումը։
-Կարծում եմ, որ միջազգային իրավունքը հատկապես ավելի զգայուն և ավելի օպերատիվ արձագանք պետք է դրսևորի հենց չճանաչված երկրների և սուբյեկտների պարագայում, որովհետև չճանաչվածությունը մարդու իրավունքների և այլ օրենքներ խախտողների համար կարող է հանդիսանալ միջազգային հանրության առջև պատասխանատվություն չկրելու հանգամանք։ Ասել, թե չճանաչված է, ուրեմն լիարժեք չէ` ճիշտ չէ։
Ընդհակառակը, չճանաչված երկրների դեպքում առհասարակ միջազգային հանրությունը պետք է ավելի զգայուն մոտեցում ցուցաբերի, քանի որ նման դեպքերում ավելի շատ են վտանգված մարդու իրավունքները։ Ագրեսորը կարող է դա որպես առիթ օգտագործել, որպեսզի չհետևի կոնվենցիաներին և փաստաթղթերին, չնայած բոլոր միջազգային կոնվենցիաներում, փաստաթղթերում որևէ ձևով, որևէ տեղ ֆիքսված չէ` խոսքը ճանաչված երկրի մասին է, թե չէ։ Այսինքն` անկախ կարգավիճակից, ցանկացած երկիր պետք է ցուցաբերի համապատասխան վերաբերմունք և պահվածք։
— Դուք վերջերս ասել էիք, որ ճանաչումը մնում է մեր արտաքին քաղաքականության օրակարգում, օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց` քանի որ այդ հարցը շատ ցավոտ է, և կողմերի մոտեցումները հակասական են, դրա համար էլ այն հետաձգել են։ Այդ գործընթացն ինչպե՞ս դարձյալ հունի մեջ գցել, արդյո՞ք պատերազմի հետևանքները կարագացնեն դա, թե հակառակը` ավելի հեռու օրակարգ կմղեն։
-Դա ցույց կտա ժամանակը, իհարկե` կախված նաև տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներից։ Այս պահի դրությամբ մեր կարգավիճակի կարևոր ուղղություններից մեկը մեր սուբյեկտայնության պահպանումն է, սկզբում պահպանումը, այնուհետև ուժեղացումը։ Սա դե ֆակտո ճանաչման կարևոր ուղղություններից է, այսինքն` եթե մենք ուզում ենք մնալ որպես սուբյեկտ, որպես աշխարհաքաղաքական գործոն, պետք է ամեն ինչ անենք այս ուղղությամբ։
Հետո գալիս է արդեն դե յուրե ճանաչումը. սա մի գործընթաց է, որը շարունակական է, երկարատև է։ Ես միշտ ասել եմ` ճանաչումը, դե յուրե ճանաչման մասին է խոսքը, ո՛չ բարոյական կատեգորիա է, ո՛չ էլ իրավական։ Աշխարհաքաղաքական գործոններն են այստեղ որոշիչ, չնայած մենք պետք է ունենանք փաստարկներ, և մեր փաստարկները ճանաչման համար իրավական և բարոյական տիրույթում անհերքելի են, դրանք նույնիսկ անթերի են, բայց հասկանալի է` բացի աշխարհաքաղաքական միտումները, բազմաթիվ այլ խնդիրներ կան։
Մենք չենք հրաժարվելու ճանաչման գործընթացից, իհարկե, շարունակելու ենք աշխատանքն այս ուղղությամբ, բայց շատ կարևոր է նաև, որ պահպանենք մեր սուբյեկտայնությունը, առանց որի անհնար է ակնկալել որևէ ճանաչում։ Եթե մենք որպես սուբյեկտ կորցնում ենք մեր դերակատարությունը, որպես գործոն վերանում ենք, ում է պետք այդպիսի ճանաչումը. չէ՞ որ դա կլինի ձևական։
-Իմիջիայլոց, պատերազմի ժամանակ երբևէ քննարկվե՞լ է Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը։ Հիշում եմ` նոյեմբերին, հարցազրույցներից մեկում, ՌԴ նախագահն ասում էր, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Արցախի անկախությունը, և դա որոշակի խնդիրներ է առաջ բերել։
-Գիտեք` այդ հարցը միշտ էլ քննարկվել և քննարկվելու է։ Կարծում եմ` երբևէ օրակարգից չի հանվելու, բայց պետք է իրատես լինենք. աշխարհաքաղաքականությունը շատ բարդ ոլորտ է, բարդ տիրույթ է և ցանկացած անմիտ և զգացմունքային քայլ այստեղ կարող է շատ ճակատագրական և արյունալի հետևանքներ ունենալ մեզ համար։
ՀՀ կողմից Արցախի ճանաչումը մենք պետք է դիտարկենք ոչ միայն բարոյական տիրույթում, այլ նաև, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար. պատերազմի թեժ օրերին ի՞նչ կերպ դա կազդեր մեր անվտանգության և ապագայի վրա, հնարավոր կլինե՞ր դրանից հետո պատերազմական գործողությունները կանգնեցնել և այլն։ Պետք է շատ լավ մտածենք և տարբեր տեսանկյուններից դիտարկենք այդ հարցը, որ հանկարծ հետո ավելի մեծ խնդիր չառաջանա։ Մեզ համար շատ ավելի կարևոր է, որ այլ երկրները ճանաչեն Արցախի անկախությունը։
-Պարոն Բաբայան, այս փուլում ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հետ կոորդինացիայի մակարդակը. մինչ այս եղած համերաշխությունը, փոխհամաձայնեցվածությունը պահպանվո՞ւմ է, թե՞ պատերազմը և հետևանքները բացասական իմաստով որոշակի ուղղումներ են մտցրել այս հարցում։
-Ինչպես նշեցի մեզ համար կարևոր գործոն է սուբյեկտայնությունը և մեր գործոն լինելու պահպանումը, իսկ դա նշանակում է նաև մայր Հայաստանի, սփյուռքի հետ մեր կապերի ամրապնդում և այլն։ Կարևոր է շարունակել այդ ամենը։ Իհարկե, յուրաքանչյուր ժամանակահատված և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ է ընձեռում։
Մենք որպես աշխարհաքաղաքական սուբյեկտ, որպես գործոն, պետք է հասկանանք մեր հնարավորությունները, մեր սահմանափակումները, մեր կարևորությունը այս կամ այն աշխարհաքաղաքական խաղացողի համար և ըստ այդմ շարժվենք։ Բայց բնական է` հայկական կապերը եղել և մնում են կարևոր մեր պետականաշինության և արտաքին քաղաքականության հարցում։
-Իսկ Ստեփանակերտում ինչպե՞ս են վերաբերում Շուշիի հետ կապված ներհայաստանյան քննարկումներին։ Երեկ մենք երկու հայտարարություն լսեցինք խորհրդարանում. արտգործնախարարն ասաց, որ Շուշին հայկական մշակութային կենտրոն է, իսկ վարչապետ Փաշինյանը, խոսելով նախապատերազմյան վիճակում 90 տոկոս ադրբեջանական բնակչության մասին, հռետորական հարց հնչեցրեց` այսքանից հետո Շուշին հայկական քաղա՞ք ենք համարում։ Այս քննարկմանն ինչպե՞ս եք վերաբերում։
-Ես կասեմ մեր մոտեցումը. մեզ համար Շուշին եղել է, կա և կմնա մեր սրբավայրերից մեկը, քաղաք, վայր, որը մեր ինքնության, մեր պատմության, մեր մշակույթի, մեր ցավի, մեր երազանքների կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Կարծում եմ` այդ հարցին նման պատասխան տալն արդեն այլ մեկնաբանություններ չի էլ պահանջում։
Չեմ հասկանում վարչապետի հայտարարության իմաստը։ Կարծում եմ՝ այսկերպ հանձնումն արդարացնելու փորձ է արվում, և սա որոշակի միտում ունի։ Փոխարենը Շուշին ներկայացնի որպես հայկական քաղաք, հակառակն է պնդում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ Շուշիին վերաբերող հայտարարությանը։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին՝ խորհրդարանում, կառավարութան անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, ասաց․ «Շուշին ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավել տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն ուզում եք ասել, որ 90 և ավել տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։
Պատմաբան Էդիկ Մինասյանը նկատեց՝ սխալ է զուտ մարդահամարի տվյալները հիմք ընդունել այն դեպքում, երբ գիտենք, որ Ադրբեջանը պաշտոնական տվյալները միշտ կեղծում է։ Պատմաբանը զարմանում է, որ այս հանգամանքը հաշվի չի առնվում և նման հայտարարություն է հնչում՝ իբրև բոլոր արածների արդարացում։
«Բնական է, որ Խորհրդային միության մարդահամարի տվյալները նաև որոշակի կեղծիք են իրենց մեջ պարունակում։ Ադրբեջանցիները կեղծիքի սովոր են, և այդ տվյալները ներկայացնելիս շատ դեպքում հաշվի չեն առնում ազգաբնակչության քանակական կազմը։ Վարչապետը մոռանում է այն հանգամանքը, որ Շուշին հայկական քաղաք է, մեր մշակութային, հասարակական-քաղաքական կենտրոնը։ Քանի որ տվյալները Բաքուն էր ներկայացնում, իսկ Արցախն այդ ժամանակ Ադրբեջանի կազմի մեջ էր, բնական է, որ նրանք աշխատում էին հայերի քանակը միտումնավոր ցածր ներկայացնել։ Հետևաբար պետք չէ դա համարենք հավաստի տվյալներ և հրապարակենք»,-ասաց Էդիկ Մինասյանը։
Դիտարկմանը, որ Վարդենիսի շրջանում, Երևանում նույնպես այդ ժամանակ մեծաթիվ ադրբեջանցիներ են բնակվել, նշանակում է՝ դրանք ևս՞ ադրբեջանական են, պատմաբանն ասաց․ «Մասիսի շրջանում էլ բավական թվով ադրբեջանցիներ կային։ Տեղեր կային, որտեղ ադրբեջանցիները թվաքանակով շատ էին։ Եթե այդպես լինի Բաքուն էլ իր դիմագծով հայկական քաղաք էր։ Մոտ 250-300 հազար հայություն էր ապրում, և այդ մասսայական կոտորածների հետևանքով բնակչությունը պակասեց։ Այդ դեպքում ասենք, որ Բաքուն հայկական քաղաք է։ Ազգաբնակչության քանակական աճով բնութագրել և դրա հիման վրա քաղաքն ադրբեջանական անվանելը սխալ մոտեցում է։ Ո՞վ է տեսել բանավոր համաձայնության հիման վրա տարածքներ տան։ Երբ ասում են՝ ադրբեջանցիները նախկինում բնակվել են Կապանում, հարակից գյուղերում, ուրեմն ադրբեջանական գյուղեր են, դա հիմարություն է։ Չի կարելի դրանով մեր տարածքները զիջել։ Ամեն հողի, տարածքի համար ադրբեջանցին պայքար է մղում, իսկ մենք հեշտությամբ, բանավոր համաձայնությամբ տարածք ենք տալիս»,-ասաց Էդիկ Մինասյանը։
Հարցին՝ արդյոք երկրի առաջին դեմքի այդ հայտարարությունից հետո հնարավո՞ր է Ադրբեջանը հայտարարի՝ Վարդենիսում, Երևանում էլ են շատ ադրբեջանցիներ ապրել, ուրեմն դրանք էլ են ադրբեջանական տարածքներ, Էդիկ Մինասյանը նկատեց՝ իհարկե կասի այդպես․ «Այսկերպ թշնամու ջրաղացին ջուր է լցնում և նրան ուղղություն տալիս, որ նույն ձևով պահանջի նաև հայկական մյուս շրջանները։ Կասի՝ ադրբեջանցիներ են բնակեցված եղել, ուրեմն եկեք այդ տարածքները հանձնենք նրանց։ Այս մարդու մոտ շարունակվում է պարտվողական, զիջող մտածողությունը»,-ամփոփեց պատմաբանը։
News.am–ը զրուցել է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանի հետ։
— Հունվարի 11–ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնեցին տարածաշրջանում ապաշրջափակել տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերը։ Արդյոք Հայաստանի, առավել ևս Սյունիքի բնակչությունը պատրա՞ստ է սահմանների բացմանը՝ հաշվի առնելով, որ տրանսպորտային միջանցքներից մեկը՝ Օրդուբադ-Ագարակ-Մեղրի-Նռնաձոր-Զանգելան երթուղին անցնելու է Սյունիքով։
— Կարծում եմ՝ վաղ է խոսել՝ սյունեցիները պատրաստ են դրան, թե ոչ։ Խոսքը վերաբերում է «Մետաքսի ճանապարհի» վերականգնմանը, որի շնորհիվ մի կողմից Չինաստանը կապելու է Եվրոպայի հետ, մյուս կողմից Սյունիքը կտրվում է Իրանից։ Հարցն այն է, թե ինչ եղանակով է դա իրականացվելու՝ էստակադայի նմա՞ն է լինելու, երկաթուղի անցնելու՞ է, թե՞ ոչ։ Պետք է հասկանալ, թե ինչ է տալու այդ ճանապարհը մեզ, մենք կարողանալո՞ւ ենք օգտվել դրանից, օրինակ, մեզ տրանզիտի համար գումար վճարելու՞ են, թե՞ ոչ. այսօր այդ հարցերի պատասխանները դեռևս չկան։
— Արդյոք հայկական կողմն ի վիճակի՞ է ներդրումներ անել ճանապարհների կամ երկաթուղու կառուցման համար։
— Ներկայումս հայկական կողմն ունակ չէ ոչնչի, ուր մնաց՝ ինչ–որ ճանապարհի կոմունիկացիա հստակեցնի կամ առավել ևս դրանց կառուցումը ֆինանսավորի։
Եթե Սյունիքի տարածքով ադրբեջանցիներին տրամադրվելիք սուվերեն ճանապարհի անվտանգությունը ապահովելու է ռուսական կողմը, ապա ո՞վ է երաշխավորելու Ադրբեջանի տարածքով ուղևորների և հայկական բեռների անվտանգ տարանցումը։
Այդ հարցի պատասխանը ևս չկա։ Այսօր անվտանգ չէ անգամ Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվող Գորիս–Կապան Մ 2 ճանապարհահատվածը։ Արդեն իսկ կան դեպքեր, երբ ադրբեջանական կողմը գնդակոծում է հայկական ավտոմեքենաները։ Ամեն անգամ թշնամին ժեստերի միջոցով այդ ճանապարհով անցնողներին հասկացնում է, որ սպանելու է հայերին, գլուխները կտրելու և այլն։ Այս տենդենցն այժմ նկատվում է, և որևէ մեկը չի կարող այդ տարածքով անցնող մեր քաղաքացիների համար անվտանգության երաշխիքներ տալ։
– Ինչպիսի՞ տրամադրություններ են այսօր Սյունիքում։ Տարեվերջին Նիկոլ Փաշինյանի առջև Սյունիքի դարպասները փակելու հայտնի միջադեպից հետո իշխանությունների նկատմամբ սյունեցիների վերաբերմունքը փոխվե՞լ է։
– Սյունեցիներն ամեն օր իրենց մաշկի վրա են զգում կապիտուլյացիոն խայտառակ համաձայնագրի հետևանքները, և սյունեցիների մեծ մասը համարում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր չունի իշխանություն։
– Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Կապանի օդանավակայանի անվտանգության հարցը կարծես թե մղվել է հետին պլան։ Ի՞նչ եք կարծում, օդակայանի շահագործումն իշխանությունների համար այլևս էակա՞ն չէ։
– Ոչ միայն Կապանի օդանավակայանը, այլև, առհասարակ, իշխանություններին ոչինչ չի հետաքրքրում։ Սյունիքի տնտեսությունը հիմնված է երեք ուղղությունների վրա՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և տուրիզմի։ Կորոնավիրուսի համավարակի տարածումից հետո Սյունիք այցելող զբոսաշրջիկների թիվը նվազեց, իսկ պատերազմից հետո այս ոլորտը վերջնականապես անկում գրանցեց, ինչը կործանարար ազդեցություն ունեցավ տուրիզմի հետ փոխկապակցված այլ՝ ռեստորանային, հյուրանոցային բիզնեսների վրա և այլն։ Պատերազմի հետևանքով 80 տոկոսից ավելի ցանքատարածություններ և արոտավայրեր անցան թշնամուն կամ հայտնվեցին միջդիրքային տարածություններում, արդյունքում գյուղացիները ցածր գնով վաճառեցին խոշոր և մանր եղջերավոր անասունները և հայտնվեցին անելանելի վիճակում։ Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ապա միտում ենք տեսնում, որ կառավարության կողմից ոտնձգություններ են արվում խոշոր հարկատու համարվող ընկերության վրա։
–Խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասի՞ն է։
– Այո, ես չեմ զարմանա, որ այդ ոտնձգությունները շարունակական լինեն և հասնեն նրան, որ կոմբինատի գործունեությունը կասեցնեն։ Արդեն երեք տարի է՝ իրենք փորձում են ինչ–որ խախտումներ հայտնաբերել, բայց չեն գտնում։ Ինչպես Կոնֆուցիոսն է ասել. «Դժվար է մութ սենյակում սև կատու գտնելը, առավել ևս, երբ սենյակում սև կատու չկա»: Իրենք համառորեն փորձում են այստեղ կոռուպցիոն սխեմաներ գտնել, բայց չեն գտնում, սակայն շարունակում են փնտրել, որպեսզի մեզ համար խնդիրներ ստեղծեն։ Այս եղանակով նրանք վերջնականապես կքանդեն ոչ միայն Սյունիքի, այլև Հայաստանի տնտեսական հիմքը, որովհետև, ինչպես գիտեք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը կարևոր դերակատարում ունի տնտեսության մեջ և հանդիսանում է Հայաստանի առաջատար հանքարդյունահանող ընկերությունն ու խոշոր հարկատուն։ Նպատակը Հայաստանի տնտեսությունը վերջնականորեն քանդելն է կամ գուցե փորձելը թուրքական կապիտալ ներմուծել, ինչի փորձն արդեն ունենք։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.