23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի հրաժարումը՝ ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարված հայ զինծառայողներին և իրականացնել նրանց հայրենադարձությունը, ինչպես նաև ազատ արձակել քաղաքացիական անձանց, ինչի մասին հայտարարվել է փետրվարի 26-ին օտարերկրյա լրագրողների հետ Ադրբեջանի նախագահի հարցազրույցում և Ադրբեջանի ԱԳՆ փետրվարի 27-ի հայտարարությունում, միջազգային մարդասիրական իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է և ոչ մի քննադատության չի դիմանում: Այս մասին ասվում է Արցախի ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Պաշտոնական Բաքվի մոգոնած դիրքորոշումն առ այն, որ իր կողմից պահվող հայ զինծառայողները ռազմագերիներ չեն, քանի որ գերեվարվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Ադրբեջանին չի ազատում Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայով ստանձնված պարտավորություններից: Որպես Ժնևի կոնվենցիաների կողմ՝ Ադրբեջանը չի կարող կամայականորեն փոխել տվյալ անձանց կարգավիճակը՝ խուսափելու միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված միջազգային պարտավորություններից։ Միջազգային մարդասիրական իրավունքը (jus in bello) պահպանելու և դրա պահպանումն ապահովելու Ադրբեջանի պարտավորության վրա չեն ազդում ուժ կիրառելու կանոններին (jus ad bellum) վերաբերող փաստարկները, որոնք կարգավորվում են այլ միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ ՄԱԿ Կանոնադրությամբ: Պետությունների՝ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները պահպանելու պարտավորությունը բացարձակ է և որևէ կերպ կախված չէ ուժի կիրառման օրինականության մեկնաբանումից:
Իր փաստարկներում առ այն, որ գերեվարված զինծառայողները ռազմագերիներ չեն, Ադրբեջանը բացահայտ կերպով խեղաթյուրում է փաստերը և ցուցաբերում աղաղակող անպատժելիություն։ Ադրբեջանի կողմից 2020 թ. դեկտեմբերին գերեվարված 64 հայ զինծառայողները տեղակայված են եղել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, որոնք եռակողմ հայտարարության ստորագրման պահին գտնվում էին Արցախի ՊԲ վերահսկողության տակ: Նրանք իրենց դիրքերում էին՝ համաձայն Եռակողմ հայտարարության առաջին կետի պահանջի։ Այդ 64 զինծառայողների գերեվարումն Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության՝ ռազմական գործողությունների լիակատար դադարեցնելու հստակ պահանջի խախտման ուղղակի հետևանքն է։
Միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտավորություններից խուսափելու նպատակով ռազմագերիների կարգավիճակը փոխելու Ադրբեջանի փորձը բառային լարախաղություն է, որը ակնհայտ է դառնում հենց այն փաստով, որ 2020 թ․ դեկտեմբերին գերեվարված զինծառայողներից բացի Ադրբեջանն առ այսօր հրաժարվում է նաև հայրենիք վերադարձնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես անհիմն է ինչպես իրավական, այնպես էլ փաստագրական առումներով։
Ադրբեջանի բացահայտ խուսափումը հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իր պարտավորություններից ոչ միայն հակասում է Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի և Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի պահանջներին, այլ նաև գերիների կարգավիճակը հավասարեցնում է պատանդների կարգավիճակին: Ակնհայտ է, որ Ադրբեջանը վերոհիշյալ անձանց պահում է՝ օգտագործելու նրանց որպես լծակ՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ իր ռազմավարական նպատակների իրագործման համար։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նամակներ է հղել ՄԱԿ և ԵԽ մասնագիտացված մարմիններ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կիրառման շարունակման վերաբերյալ մանրամասն վերլուծությամբ: Նամակներում հանգամանորեն բացատրվում է, թե ինչու այլ պետության հետ վեճ ունեցող պետության զինված ուժերի զինծառայողները հակառակորդի կողմից գերեվարվելու դեպքում իրավունք ունեն ստանալ ռազմագերու կարգավիճակ՝ անկախ այն բանից, թե այդ պետությունների միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ ընթանում են, թե ոչ:
Նման կարծիքի են նաև միջազգային մասնագիտացված կառույցները, որոնք կոչված են հետևելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով և մարդու իրավունքների բնագավառում միջազգային իրավունքով նախատեսված իր պարտավորությունների կատարմանը: Իրականում այդ կառույցները և՛ բաց հայտարարություններում, և՛ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փակ հանդիպումների ժամանակ բազմիցս պահանջել են անհապաղ ազատել Ադրբեջանի կողմից գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել այդ պահանջները կատարելուց։
Համաձայն Եռակողմ հայտարարության և Ժնևի կոնվենցիաների դրույթների՝ պահանջում ենք Ադրբեջանի իշխանություններից սեփական խախտումներն ապօրինի հայտարարություններով արդարացնելու փոխարեն կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ համաձայն Ժնևի բոլոր կոնվենցիաների առաջին հոդվածի՝ Ադրբեջանին պարտադրել անհապաղ և լիարժեք կերպով կատարել Կոնվենցիաներով սահմանված իր պարտավորությունները:
Նախկին իշխանություններն այսօր փորձ են անում բանակը հանել ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ. Զինված ուժերի ԳՇ-ի հայտարարությունն այլ կերպ պարզապես չեմ կարող գնահատել։ Այս մասին այսօր՝ մարտի 1–ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների՝ ԳՇ հայտարարությունը, այդ թվում՝ 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է։ Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք։ Այլոց շարքում, այդ թվում Սերժ Սարգսյանն է Զինված ուժերի որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունն օգտագործելով նրանց փորձել դրդել՝ դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ։ Ես հիմա ուզում եմ ասել, որ Զինված ուժերի ԳՇ-ի այդ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է, որովհետև ՀՀ սահմանադրությունը հստակ արձանագրում է՝ ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն։ Զինված ուժերի ԳՇ-ն որդեգրել է ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում, սրանով արդեն խախտել բոլոր կանոնները, խախտել ՀՀ սահմանադրությունը։ Այսօր ձեզ հայտնի քաղաքական ուժերը փորձում են Զինված ուժերին դրդել տանկերը հանելը սեփական ժողովրդի դեմ, բայց դա տեղի չի ունենա։ ԳՇ հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից, որովհետև այն ԳՇ պետը, որն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում, այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների դրդմամբ, ովքեր ուզում են՝ 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուռների տակ, Հայաստանի Հանրապետությունը նման ԳՇ պետ չի կարող ունենալ։
Այս հանգամանքը ամենևին Զինված ուժերում վենդետաների հիմք չպետք է տա։ Փառք Աստծո, այս պահի դրությամբ Զինված ուժերը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել։ Ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի։ Կապ չունի՝ ով է ստորագրել, ով չի ստորագրել, որոշումն՝ այդ թուղթը սեղանին դնելու և այդ ստորագրությունների պրոցեսը սկսելու կայացրել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ։ Ես ուղիղ պիտի ասեմ, որ երբ իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները, դա ամենամեծ դավաճանությունն է։ Այդ թուղթը հրապարակելու որոշումը նույնպես կայացրել է Օնիկ Գասպարյանը։ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, իսկ մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայությանը։
Որոշ շրջանակներ բանակի զինվորներին ներշնչել են, թե բանակին դարձնում են քավության նոխազ, ներշնչել են, թե իշխանությունն ուզում է մեր զինվորականներին դատել, մեր զինվորականներին կալանավորել։ Սա արվում է ուղիղ 40, 50, 100 մարդու համոզել են, որ իրենց դատելու են. իշխանությանն ում բռնի՝ դատելու է։ Նրանք սա արել են ընդամենը մի քանի մեղավորների, որոնք, ըստ ամենայնի, դեռ պիտի պարզվի, բանակի բազմաթիվ հերոս, խիզախ, ոչինչ չխնայած սպաների թիկունքում թաքցնելու համար։ Խնդրում եմ՝ իմ այս հայտարարությունները հանկարծ դե յուրե չընդունեք, բայց ես քաղաքական գնահատական պետք է տամ։ Այս ամենը արված է ընդամենը մի քանի վախկոտներին թաքցնելու համար հերոսների թիկունքում։ Մենք գիտենք՝ ովքեր են հերոսները, գիտենք՝ ովքեր են վախկոտները։ Ձեզ չի հաջողվի ժողովրդի հերոսներին ժողովրդի դեմ հանել։ Օնիկ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել, դու քո ղեկավարի հրահանգները չես կատարել, դու կատարել ես ժողովրդի կողմից մերժված, երկիրը թալանած, բոլոր հնարավոր տեղերում փայ մտած, մեծ մերժվածի հրամանները. դա սպայի պարտվի մեծագույն նվաստացում է»,– ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ընթերցեց նաև ՀՀ անվտանգության խորհրդի կողմից արված այսօրվա հայտարարությունը։
«Գիտեք, որ Հանրապետության նախագահն իմ միջնորդագիրն առարկություններով վերադարձրել է, և մենք առարկություններին պատասխանել ենք, և միջնորդությունը ետ ենք ուղարկել նախագահի աշխատակազմ։ Հիմա Հանրապետության նախագահը պետք է կայացնի որոշում։ Ես հույս եմ հայտնում, որ Արմեն Սարգսյանը, լինելով բազմափորձ պետական գործիչ, կկայացնի այն որոշումը, որը բխում է ՀՀ ժողովրդի, պետության կայունության շահերից։ Ասեմ, որ Հանրապետության նախագահը վատառողջ է, ես այսօր այցելել եմ նրան, ուզում եմ բոլորիս անունից առողջություն մաղթել և շուտափույթ ապաքինում»,– ասաց նա։
ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին՝ վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- նշել է Գևորգյանը:
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ Անդրանիկ Թևանյանըը ֆեյսբուքյան գրառմամաբ անդրադարձել է Փաշինյանի կողմից հրավիրած հանրահավաքին.
«Հայաստանում ավարտին է մոտենում քաղաքական հանգուցալուծումը։ Հայ–թուրքական հակամարտությունը հասել է եզրափակիչ փուլ։
Մեզ մոտ հաստատվել է երկիշխանություն։ Ոմանք սա համարում են անիշխանություն։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանն այլևս չունի այն իշխանությունը, որն ուներ 2020–ի սեպտեմբերի 27–ից առաջ ու առավելևս 2018–ի մայիսի 8–ից հետո։ Քաղաքական նախաձեռնությունն անցել է Հայրենիքի փրկության շարժմանը։ Բաղրամյան պողոտան ուժային կենտրոնի հասցեն է։
ՀՀ արժանապատիվ քաղաքացիների վճռականությունը, քաղաքական ուժերի հետևողական պայքարը, Հայաստանի զինված ուժերի հայտարարությունը տվել են իրենց արդյունքները, փոխել քաղաքական հաշվեկշիռը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հաշվի նստեց ստեղծված իրավիճակի հետ, հաշվեց ու որոշեց ընթացք չտալ Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմ առաջարկին՝ աշխատանքից ազատել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։
Նիկոլ Փաշինյանին դեռ ենթարկվում է ոստիկանությունը, մասամբ՝ ԱԱԾ–ն։ Դատախազությունը փշերի վրա է նստած ու հետևում է ուժերի դասավորության դինամիկ փոփոխություններին։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որևէ կոմպլեքս չունի Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու։ Հատկապես որ հիմքերը կան։ Դավթյանը պարզապես սպասում է քամիների ուղղությանն ու արագությանը։ Նա 2018–ի ապրիլին խորհրդարան մտավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ազատությունից զրկելու միջնորդությամբ։ Հետո երբ Նիկոլը վարչապետ դարձավ, Դավթյանն արդեն մարդկանց ազատությունից զրկելու որոշումներ էր կայացնում Նիկոլի հրահանգով։
Հիմա երկրում իրավիճակ է փոխվել։ Իսկ դա նշանակում է, որ դատախազությունում էլ է իրավիճակ փոխվելուն «5 պակաս» վիճակ։
Տակը մնաց «Իմ քայլը» ուսապարկ–խմբակցությունը։ Այս պահին զուտ գլխաքանակային մեծամասնությունն է կառավարությունում պահում Նիկոլին։ Բայց «ժողովրդի» վարչապետը հասկանում է, որ դա շատ փխրուն ու լպրծուն հենարան է։ Դա հասկանում է նաև Հայաստանի ներքին զարգացումներին միջամտող ու Նիկոլի վրա մեծ խաղադրույք կատարող Թուրքիայի նախագահ Էրդողանը։
Նիկոլի իրական ու միակ հենարանը Թուրքիան է։ ՀՀ զինված ուժերի հայտարարությունից հետո այդ ամենը բացահայտ դարձավ նույնիսկ պողոսների համար։
Մեր թշնամիներն այնքան մեծ խաղադրույք են կատարել «Նիկոլ Փաշինյանը ժողովրդի վարչապետն է» նախագծի վրա, որ ամեն օր նրան աջակցող հայտարարություններ են անում Թուրքիայի նախագահը, նրա մամլո խոսնակը, արտգործնախարարը։
Թուրքիան դժգոհ է մնացել, որ չի կարողացել ամբողջությամբ գրավել Արցախն ու Հայաստանից պոկել Սյունիքը։ Ռուսները խանգարեցին։
Անկարայում հույս ունեն, որ իրենց Նիկոլի միջոցով հնարավոր կլինի արդեն առանց «Բայրաքթարների» լուծել այն խնդիրը, որի նպատակով էլ սկսել էր պատերազմը։ Հայաստանի քաղաքացիները, քաղաքական ուժերը, մտավորականներն ու ի վերջո բանակը ոտքի են կանգնել թուրքական ծրագրերի ամբողջական իրագործումը թույլ չտալու համար։
Թուրքիայի հույսն այժմ «Ժողովուրդն աջակցում է Նիկոլ Փաշինյանին» ներկայացման բեմադրությունն է։ Հենց այդ նպատակով էլ Նիկոլը մարտի 1–ին հանրահավաք հրավիրեց։ Նա փորձում է կանխել ուժային մյուս կառույցների անցումը Հայաստանի կողմը։
Նիկոլին կից օլիգարխներին, պետական պաշտոնյաներին հանձնարարված է գլխաքանակ ապահովել Նիկոլի, ավելի ճիշտ՝ Էրդողանի մարտի 1–ի միտինգի համար։ Ինչպես ասում են՝ հանցագործը վերադառնում է հանցագործության վայր։
2008–ի մարտի 1–ին Նիկոլը փորձում էր կյանքի կոչել «վռնդենք ղարաբաղցի տականքներին» հակապետական ծրագիրը։ Նա բախումներ կազմակերպեց, դարձավ 10 մարդու մահվան պատճառ ու ծլկեց դեպքի վայրից։
2008–ին մեր պետությունը կարողացավ կանխել այն, ինչը եղավ Նիկոլի վարչապետ դառնալուց հետո, այն է՝ Արցախի պետականության կորուստ ու հարցականի տակ հայտնված Հայաստան։
Թուրքիային նոր «Մարտի 1» է պետք։ Այս անգամ Նիկոլն արդեն ոչ թե որպես ընդդիմադիր «պայքարիստ» է հանդես գալիս, այլ որպես վարչապետի աթոռին հայտնված սուբյեկտ ու Թուրքիայի բացահայտ աջակցությունը վայելող գործիչ։ Այս ամենի պատասխանը հայ ժողովուրդը պետք է տա վճռական պայքարով, համախմբվածությամբ, հետևողականությամբ, խելքով։
ԱԱԾ–ն ու ոստիկանությունը պետք է միանան բանակին ու կանգնեն պետության թիկունքին, որպեսզի զերծ մնանք ցնցումներից։ Ուժային կառույցների ներկայացուցիչները երդվել են ծառայել Հայաստանին, այլ ոչ թե Նիկոլին ու առավելևս՝ Թուրքիային։
Արցախում մեր բանակը դավաճանվեց թիկունքից։ Ուրեմն հենց թիկունքից էլ պետք է հետ պտտեցնել պարտության թափանիվը։
Ազգ, Բանակ, Հաղթանակ»։
Նախօրեին Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը վատթարացել է, եւ նա պատրաստվում է գլխի վիրահատության։
Irakanum.am-ին հաջողվել է կապ հաստատել Հարությունյանի հետո, որը հեռախոսազրույցում հաստատել է տեղեկությունը, որ պատրաստվում է վիրահատության։ «Վիրահատության նախապատրաստական փուլում եմ, ներողություն եմ խնդրում»,- ասաց Հարությունյանը։ Մեր խնդրանքով Ջալալ Հարությունյանը կարճ մեկնաբանելով ԳՇ հայտարարությունն ասաց. «Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին եւ միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որեւէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գլխավոր Շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ, պահանջելով վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել, որն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Սահմանված ժամկետում Արմեն Սարգսյանն այն չստորագրեց։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է այն ուղարկել։ Եռօրյա ժամկետում նախագահը կամ պետք է ստորագրի, կամ ուղարկի ՍԴ։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբացության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է.
«Իշխանությունը փոխանակ փորձի լեզու գտնել բոլորի հետ և այս ճգնաժամի հանգուցալուծումը տա, հիմա էլ ոմանք հայտարարում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն:
Պատկերացնու՞մ եք՝ խորհրդարանում նման գործընթաց սկսեն:
Ուղղակի փորձեք, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման վերջնական հանգրվան»։
Է. Մարուքյանն այսպես արձագանցել է «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի գրառմանը։
«Սահմանադրության 139 հոդվածի համաձայն նախագահն իրավունք ունի հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնել առաջարկությունը ներկայացրած մարմնին: Առաջին հայացքից կարող է թվալ Արմեն Սարգսյանը երեկ օգտվել է վերը նշված իր լիազորությունից՝ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն՝ իր առարկություններով Վարչապետին վերադարձնելիս: Բայց ամենևին էլ այդպես չէ: Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին: Կոնկրետ ներկա իրավիճակում Վարչապետը Սահմանադրությամբ (155 հոդված) իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին:
Նույնիսկ ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ: Իրականում գործ ունենք Նախագահի կողմից իր լիազորությունը կամայական իրացնելու դեպքի հետ, ինչն անթույլատրելի է: Իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս Նախագահը կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այսպես շարունակ: Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)»,- գրել է Հովակիմյանը։
Թուրքական ԶԼՄ-ները պատրաստվում էին ժամանել Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու նպատակով Վրաստանից: Այդ մասին հաղորդում է @wargonzo տելեգրամյան ալիքը՝ հղում անելով Ստամբուլում աղբյուրներին:
Թուրքական ԶԼՄ-ները հայտ են ներկայացրել վաղը Երեւանում իրադարձությունները լուսաբանելու համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում է TRT թուրքական ռեսուրսին, որի լրագրողներն այժմ նաեւ աշխատում են հարեւան Վրաստանի տարածքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը մարտի 1-ին հանրահավաք է կազմակերպում իր աջակիցների շրջանում այն կապակցությամբ, որ Գլխավոր Շտաբի ղեկավար Օնիկ Գասպարյանն ու մի շարք հայ գեներալները պահանջել են նրա հրաժարականը: Բացի այդ, աղբյուրները հաղորդում են, որ Հայաստանի առանձին կառավարական կառույցներ համաձայնություն են տվել թուրքական ԶԼՄ-ների ժամանման համար, սակայն այդ այցն անհրաժեշտ էր նաեւ համաձայնեցնել ռուս ուժայինների հետ, որոնք պատասխանատու են սահմանների եւ Հայաստանի տարածքում այլ ռազմավարական օբյեկտների անվտանգության համար: Մեր տեղեկություններով՝ ռուսական կողմը համաձայնություն չի տվել Վրաստանի տարածքով Հայաստան թուրքական ԶԼՄ-ների մուտքի համար»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ տելեգրամյան ալիքի հեղինակ, լրագրող Սեմյոն Պեգովը լուսաբանել է Արցախում վերջին պատերազմը: Wargonzo-ն հայտնի է նաեւ իր աղբյուրներով տարբեր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում:
Էջմիածնի N զորամասից մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Կովսական (Զանգելան) մեկնած, այնուհետեւ շրջափակման մեջ ընկած եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների հարազատները ահազանգում են՝ ԴՆԹ թեստերի պատասխանները կեղծում են։
Ծնողներից մեկը 168.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչից հետո են եկել այդ եզրահանգմանը, որ ԴՆԹ-ի պատասխանները կեղծել են։ Նախ հիշեցրեց, որ մոտ 1 ամիս առաջ նույն զորամասի զինծառայողները գնացել էին Կովսական (Զանգելան), 14 տոպրակ մարմին էին դուրս բերել եւ հանձնել դիահերձարան։ Եվ ահա բոլորովին վերջերս ծնողները Հերացու դիահերձարանից զանգ են ստանում, որ տղաներից մեկի ԴՆԹ-ն համընկել է, իրենց հայտնել են նաեւ զոհվածի մոր անուն-ազգանունը, ինչպես նաեւ՝ հեռախոսահամարը։
«Հերացու բժիշկներից մեկը զանգում է մեր տղերքից մեկին, հարցնում է՝ այսինչյան այսինչը ձեր ծնողներից ո՞վ է, հասկանում ենք, որ մեր ցուցակում այդպիսի մարդ չկա, ասում ենք՝ մեզ հեռախոսահամար փոխանցեք։ Կապ ենք հաստատում այդ համարով, մի կին լացակումած պատասխանում է՝ ի՞նչ եք ուզում ինձնից, ես հոկտեմբերի 23-ին իմ երեխուն հուղարկավորել եմ, դագաղը եղել է բաց, ոչ մի մասունք պակաս չի եղել։ Ուշագրավ է նաեւ այն, որ այդ կնոջ որդին բոլորովին այլ տարածքում է զոհվել, ոչ թե՝ Կովսականում (Զանգելան)»,- պատմել է անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը։
Նա հիշեցրել է, որ դեռ հունվարի կեսերին էին ԴՆԹ հանձնել, սակայն ոչ մի արձագանք չկար, իսկ արդեն փետրվարի 11-ին, երբ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին, անմիջապես զանգ են ստանում, տեղեկացնում են, որ ԴՆԹ-ի համընկնում կա։
«Դեռ Էջմիածին չէինք հասել, զանգ եկավ, որ ԴՆԹ-ի պատասխան կա, այսինքն՝ փորձեցին մասամբ մեր բերանը փակել։ Զանգեցի քննիչին, ասացի՝ այդ ոսկորը պինդ կպահես, հանկարծ չկորի, ես դա պետք է տանեմ Մոսկվա, ամեն տեղ պետք է տանեմ՝ համոզվելու համար։ Այդ օրվանից հետո էլ ոչ մի զանգ չկա, բայց մոտ 4 օր առաջ էլի զանգում է դատաբժիշկը, ասում է՝ նույնականացում ունեք, զանգում ենք հարազատին, չեն պատասխանում, հեռախոսահամարը վերցնում ենք, մենք էլ ենք զանգում 3 օր, բայց չեն վերցնում, վերցնում են միայն այն օրը, երբ հուղարկավորություն են անում։
Այդ մարդիկ եկել են Էջմիածին, հանդիպել ենք, ասել ենք, որ դա ձեր հարազատի մարմինը չէ։ Հարցնում ենք՝ ձեր երեխեն որտե՞ղ է բոյ տվել, պատասխանում է՝ Շուշիում, նոյեմբերի 7-ին իրենց երեխու հետ խոսել են․․․ Զանգելանը՝ որտեղ, Շուշին՝ որտեղ։ Այս մարդուն 4-5 օր առաջ զանգել ասել են՝ համընկնում կա, բերում, թաղում է անում։ 2 օր առաջ ինքնահողն էր, գնացել էինք իրենց տուն, ասել ենք՝ պատշաճ ձեւով արեք ինքնահողը, իմացեք՝ մի հերոսի բերել, տեղավորել եք։ Շուշիում զոհվածի մարմինն ի՞նչ իրավունք ուներ գալ հայտնվել Կովսականի (Զանգելանի) փոսի մեջ․․․ Ահավոր բան է կատարվում, կվառե՛նք Հերացին, կվառե՛նք, ճիշտ չե՛ն անում։ Մեկին զանգում են՝ մի ոտք են տալիս, մյուսին զանգում՝ մի ձեռք են տալիս, չեմ հասկանում՝ մեր երեխեքը մի ոտքով ու մի ձեռքով են․․․»,- ասել է անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։
Նա նաեւ հորդորել է, որպեսզի առողջապահության նորանշանակ նախարարը շատ լուրջ մոտեցում ցուցաբերի այս խնդրին, այլապես իրենց քայլերը կլինեն ավելի կոշտ։
Առողջապահության նախարարությունից խնդրի վերաբերյալ հստակ տեսակետ չեն հայտնել՝ նշելով, որ նյութում հստակ տվյալներ նշված չեն:
«Այսքան սուղ տեղեկատվության հիման վրա տեսակետ դժվար է հայտնել: Եթե կոնկրետություն լիներ, դեպքը կուսումնասիրվեր, ու մենք էլ կհասկանայինք՝ ինչի մասին է խոսքը»,- ասել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերության «Boeing 737-300» ինքնաթիռի՝ առեղծվածային անհետանալու դեպքի առնչությամբ ՀՀ քաղավիացիայի կոմիտեում շարունակվում է քննություն ընթանալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քաղավիացիայի կոմիտեից, նշելով, որ մանրամասներ չեն կարող հայտնել մինչեւ քննությունը չավարտվի։
NEWS.am-ը զրուցեց վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանի հետ, որը փետրվարի 23-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից թռած ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Երեւանում, բայց «տեխնիկական անսարքության հետեւանքով» հայտնվել Թեհրանում։
«ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն եւ «Fly Armenia Airways»-ն միայն գիտեն, թե ինչ թույլտվություն են տվել այդ օդանավին` Էստոնիայից տեղաշարժվելու համար»,- նշեց Ճաղարյանը։
Նա ասաց, որ օդանավն ունեցել է լիտվական գրանցում, հետո փոխանցվել է հայկական ավիաընկերությանը. «Այն դարձել է հայկական օդանավ ու Տալլինից թռիչք կատարել։ Շահագործող ընկերությունն ասում է՝ օդանավը պետք է վայրէջք կատարեր Հոստոմելի օդանավակայանում։ Այդ օդանավայականում կա Boeing օդանավին սպասարկող ընկերություն»։
Հակոբ Ճաղարյանի դիտարկմամբ, այնուամենայնիվ, օդանավն Էստոնիայից դուրս գալու համար պետք է ինչ-որ թույլտվություն ունենար։
Այն տեղեկությունը, որ հայկական օդանավը մինչեւ Թեհրան հասնելը թռիչք է կատարել նաեւ Բուլղարիա՝ Ճաղարյանը հաստատեց. «Այո, 19-ին գիշերել է այնտեղ ու թռիչք կատարել Իրան»։
Մեր դիտարկմանը, որ Բուլղարիան ԵՄ տարածքում է գտնվում եւ հարցին՝ ինչպե՞ս է հայկական օդանավը կարողացել ԵՄ օդային տարածք մտնել, հաշվի առնելով այն, որ մեր օդանավերի մուտքն արգելվում է, Ճաղարյանն ասաց, որ օդանավը կատարել է տեխնիկական թռիչք. «Բացի տեխնիկական թռիչքներից հնարավոր է նաեւ չարտերային թռիչքները։ ԵՄ-ն Հայաստանին «սեւ ցուցակում» ներգրավելով Հայաստանին՝ ամբողջությամբ չի զրկել թռիչք կատարելու իրավունքից»։
Նշենք, որ հայկական օդանավի՝ անհետանալու դեպքի առնչությամբ ՀՀ ՔԱԿ-ը պարզաբանում է ներկայացրել, նշելով, որ կատարվում է քննություն։
Ճաղարյանը շեշտեց, որ այդ քննությունը հնարավոր էր ավարտել ընդամենը մեկ ժամում.
«Պաշտոնական հեռագիր է տրվում Էստոնիայի ավիացիոն իշխանություններին, թե ի՞նչ է ներկայացվել իրենց այդ օդանավը բաց թողելուց։ Դրանից հետո արդեն պարզ է դառնում՝ ինչ է ներկայացված եղել. օրինակա՞ն է եղել, թե՞ ոչ, համապատասխա՞ն է եղել թռիչքային պլանին, թե՞ ոչ։ Առանց այդ գործողության անհնար է լուծում գտնել այդ խնդրին»։
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Իրանի օպերատորներից մեկին հանձնեն օդանավը, Ճաղարյանն ասաց. «Ես գտնում եմ, որ ամեն բան հնարավոր է, քանի որ այն, ինչն այստեղ կատարվում է, բացարձակ խաբեության գործընթաց է։ Տրվել է վարձակալման, թե վաճառվել է, ես այդ հարցերի պատասխանը չեմ կարող տալ»։
Նշենք, որ «Boeing 737-300» (գրանցումը՝ EK-FAA) ինքնաթիռն ամերիկյան արտադրության է։ Մինչեւ հայկական գրանցում ստանալը օդանավը շահագործվել է Լիտվիայի կողմից
ՀՀ ՔԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ ինքնաթիռը գրանցվել է Հայաստանում կոնկրետ ժամանակով՝ մինչեւ 2025 թվականի օգոստոսի 20-ը։
Այսինքն՝ «Fly Armenia Airways»-ն օդանավը վարձակալել է մինչեւ 2025 թվականը:
Նշենք, որ ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում։
Եթե իրենց առաջարկը հրաժարականն է, ապա մերը ընտրություններն են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, «Սիվիլնեթի» հետ զրույցում նշել է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը։
«Գլխավոր շտաբի քաղաքական հայտարարությունից հետո տեղի ունեցան երեկվա իրադարձությունները։ Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում անելիք ու պատասխանատվություն ունեն և կառավարող ուժը, և ընդդիմությունը։ Բայց կառավարող ուժը արել էր և երեկ էլ արեց քայլ ընդառաջ՝ այս ամենի հանգուցալուծմանն ուղղված քննարկումներ սկսել, որոնցից մեկը կարող է լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ընդդիմությունը՝ և խորհրդարանական, և արտախորհդարանական, մերժել են այս առաջարկը։ Եթե ընդդիմությունը չի ընդունում, որ սա հանգուցալուծման ճանապարհ է, ապա կա վտանգ, որ ընտրություններից հետո էլ ընդդիմությունը կարող է անել հավաքներ, ակցիաներ, այսինքն՝ այն, ինչը հիմա է անում, ոչ մի տարբերություն։ Իրենք պետք է համաձայնվեն, որ դա պետք է լինի խաղաղ, արդար, ազատ, թափանցիկ ընթացքով, հակառակ դեպքում՝ մի հրապարակը գոռում է «Նիկոլ, վարչապետ», մյուս կողմը՝ «Նիկոլ, դավաճան» և արդյունքում հարցը չի հանգուցալուծվում»,- ասաց Լենա Նազարյանը։
Լենա Նազարյանի կարծիքով՝ ընդդիմությունը չի ուզում գնալ խորհրդարանական ընտրությունների, քանի որ նրանց ոչ թե հետաքրքրում է, թե ինչ է ուզում ժողովուրդը, այլ այն, որ գործող իշխանությունն ուղղակի գոյություն չունենա։
«Որպեսզի հանգուցալուծում տեղի ունենա, այն ուժերը, որոնք մարդկանց հրապարակներ են տանում, պետք է հանգուցալուծման ցանկություն ունենան։ Իմ պատկերացմամբ՝ նրանք հանգուցալուծում չեն ուզում։ Չեն ուզում ժողովրդին հարցնել, թե ինչ է ուզում ժողովուրդը։ Նրանք պարզապես ուզում են, որ մենք գոյություն չունենանք, բայց մեր գոյությունն ինքնանպատակ չէ։ Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք, քանի որ մեզ հետ են կապում Հայաստանում որոշ գործընթացների շարունակակությունը։ Նրանք մեզանից ակնկալիքներ ու պահանջներ ունեն։ Հիմա ի՞նչ անել, այդ մարդկանց հետ ինչպե՞ս վարվել։ Մեր առաջարկն է գնալ ամենակառուցողական ճանապարհով։ Արտահերթ ընտրությունները հանգուցալուծման ճանապարհներից մեկն է, բայց վարչապետը երեկ հրավիրեց քննարկումների, կարող են լինել այլ ճանապարհներ։ Եթե իրենց առաջարկը հրաժարականն է, ապա մերը ընտրություններն են»,- նշեց Լենա Նազարյանը։
Լենա Նազարյանի խոսքով՝ նախքան Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրամանը ստորագրելը կամ չստորագրելը, նախագահ Արմեն Սարգսյանը պետք է բացի Սահմանադրությունը։
«Նախագահը կարող է վերցնել Գլխավոր շտաբի հայտարարությունը և բացել Սահմանադրության 14-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ Զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն, և՝ տեսնի այդ հայտարարության մեջ քաղաքական հայտարարություններ արված են, թե՝ ոչ։ Միանշանակ, քաղաքական հայտարարություններ արված են։ Պետք է շատ հստակ արձանագրվի, որ բանակը և զինվորականությունը չպետք է քաղաքական հայտարարություններ անի, պետք է քաղաքական չեզոքություն դրսևորի»,- նշեց Նազարյանը։
Ըստ Լենա Նազարյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» մասին հայտարարությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժել։
«Չեմ կարծում, որ այդ հայտարարությամբ հայ-ռուսական հարաբերությունները մեծ վնաս են կրել, որովհետև չի կարող երկար տարիների հիմնավոր համագործակցությունը վնաս կրել այդ հայտարարություններից»,- նշեց Նազարյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե օրինակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցելը չի՞ վնասել հայ-ռուսական հարաբերությունները, ԱԺ փոխխոսնակը հակադարձեց․ «Եթե որոշ անձերի նկատմամբ կան իրավական հարցեր, ինչպե՞ս վարվել այդ դեպքում, չտա՞լ այդ հարցերը»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.