23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը հերթական անգամ հանդես եկավ թուրքամետ հայտարարությամբ, այս անգամ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ փորձելով գոհացնել իր թուրք տերերին և արժեզրկել նախագահ Ջո Բայդենի Ապրիլի 24-ի ճանաչումը:
Բոլորս էլ հասկանում ենք, որ Թուրքիայի հայ համայնքը և պատրիարքը պատանդ են Թուրքիայի կառավարության ձեռքում:
Որպես այդպիսին, նրանք ճնշման տակ են՝ թուրքամետ հայտարարություններ անելու համար: Այնուամենայնիվ, կան կարմիր գծեր, որոնք ոչ մի հայ չպետք է հատի՝ անկախ հանգամանքներից կամ պատճառներից: Մեր նախնիները զոհաբերեցին իրենց կյանքը ցեղասպանության ընթացքում՝ չտրվելով թուրքական ճնշումներին և ֆիզիկական սպառնալիքներին: Պատրիարքը, որը համարվում է Աստծո մարդը, պարտավոր է ճշմարտությունն ասել նույնիսկ եթե նրա կյանքին վտանգ է սպառնում:
Ինչպես առաջարկել էի ավելի վաղ, եթե պատրիարքը չի ցանկանում խնդիրներ ունենալ Թուրքիայի իշխանությունների հետ, նա պարզապես պետք է բերանը փակ պահի: Նա չպետք է ինքնակամ հայտարարություններ անի ոչ կրոնական հարցերի վերաբերյալ և չպղծի 1.5 միլիոն զոհված հայերի սուրբ հիշատակը: Չպետք է եզրակացնել, որ ամեն անգամ, երբ պատրիարքը թուրքամետ հայտարարություն է անում, նա անպայման դա անում է հարկադրանքի տակ: Ավելին, պատրիարքը պետք է ինքն իրեն հարցնի՝ արդյո՞ք հայ համայնքը որևէ օգուտ ստացել է իր բազմաթիվ թուրքամետ հայտարարությունների դիմաց:
Անշուշտ, Թուրքիայի կառավարությունը բազմիցս շահարկել է պատրիարքի խոսքերը` թուրքամետ քարոզչությունն ամբողջ աշխարհում տարածելով: Օրինակ՝ 2021 թ․ ապրիլի 23-ին, երբ հայտնի դարձավ, որ Բայդենը հանդես է գալու Հայոց ցեղասպանության իր մեծապես ակնկալելի ճանաչմամբ, Թուրքիայի կառավարության պաշտոնական լրատվական ծառայությունը՝ «Անադոլու» լրատվական գործակալությունը, տեղեկացրեց պատրիարք Մաշալյանի կողմից Բայդենի գալիք ուղերձի դատապարտման մասին։ «Անադոլու»-ն իր «լուրը» վերնագրեց պատրիարքի խոսքերով․ «1915-ի միջադեպերի օգտագործումը քաղաքականության համար տխրեցնում է հայերին»:
Ինչպե՞ս կարող էր Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը, որը հայերը ողջունեցին ամբողջ աշխարհում, «տխրեցնե՞լ հայերին»։ Ընդհակառակը, դա վշտացրեց ժխտողական թուրքերին և ոգևորեց հայերին: Պատրիարք Մաշալյանը պարզապես պետք է զբաղվի միայն կրոնական թեմաներով և դատողություններ չանի այլ հարցերի վերաբերյալ:
Անկախ նրանից, թե Թուրքիայի կառավարության կողմից ճնշում է գործադրվում քաղաքական հայտարարություններ անելու համար, թե նա անում է ինքնակամ, պատրիարքը պետք է զերծ մնա նման դիրքորոշում որդեգրելուց՝ ասելով, որ որպես հոգևորական ինքն զբաղվում է միայն կրոնական թեմաներով:
Ահա հատվածներ պատրիարք Մաշալյանի կողմից 2021 թ․ ապրիլի 23-ին «Անադոլու» գործակալությանն արված հայտարարությունից, որը լայնորեն տարածվեց թուրքական լրատվամիջոցներում.
«Մեզ ցավ է պատճառում, երբ տեսնում ենք, որ մեր ժողովրդի և մեր նախնիների տառապանքները որոշ երկրների կողմից գործիքավորվում են առօրյա քաղաքական նպատակներով: Տասնամյակներ շարունակ խորհրդարանական օրակարգերում հիմնախնդրի օգտագործման պատճառով առաջացած լարվածությունը չի ծառայել երկու ժողովուրդների մերձեցմանը: Ընդհակառակը, դա թշնամական զգացմունքներ է առաջացնում և հետաձգում խաղաղությունը:
Մենք, ճիշտ ինչպես մեր նախորդներն ու հանգուցյալ պատրիարքները, կշարունակենք մաղթել խաղաղություն, բարեկամություն և բարեկեցություն թուրքերի և հայերի միջև: Մենք խրախուսելու ենք հարևանության և ընդհանուր հիմքերի վրա հիմնված հարաբերությունների արագ վերականգնումը։ Մենք նախընտրում ենք լինել նրանցից մեկը, որոնք հուսով ակնկալում են բարիդրացիական հարաբերությունների վերականգնում, որոնք բնորոշ են այս հողերին և գոյություն ունեն երկու համայնքների ավանդույթներում`Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների միջև:
Հարգելի Ռեջեփ Թայիփ Էրդողանը, և՛ որպես վարչապետ, և՛ որպես նախագահ, Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եղել է միակ բարձրագույն պետական պաշտոնյան, որն այս առիթով ուղերձներ է հղել։ Այս ուղերձները ցույց են տալիս մի ոգի, որը կիսում է մեր ցավն ու որոշակի հարգանք աքսորում իրենց կյանքը կորցրած մեր ազգի զավակների նկատմամբ։ Մեր կարծիքով, տեղին կլինի դրանք ընդունել որպես դրական քայլեր՝ ուղղված մերձեցմանն ապագայում։
Եթե հնարավոր լիներ ստեղծել նրանց [Թուրքիայի] առաջարկած պատմության համատեղ հանձնաժողովը, ապա առնվազն 15 տարի առաջընթաց արձանագրված կլիներ: Եթե հնարավոր լիներ իրականացնել [Հայ-թուրքական] արձանագրությունները, ապա սահմանները կարող էին բացված լինել։ Այդ դեպքում Ղարաբաղի [խնդրի] լուծումը կարող էր այլ կերպ լինել: Մենք չենք կարծում, որ դեռ ուշ է։ Վեց երկրների հարթակ կառուցելու նախագիծը, որը մեր հարգելի նախագահն առաջարկել է Կովկասի համար, կարող է դարի խաղաղությունը բերել տարածաշրջանի համայնքներին»:
Կասկած չթողնելով պատրիարքի թուրքամետ դիրքորոշման առնչությամբ, Թուրքիայի հաղորդակցությունների գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը հավանություն տվեց նրա հայտարարությանը. «Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը տեղին նշեց, որ անցյալի տառապանքները չպետք է օգտագործվեն կարճաժամկետ քաղաքական շահերի համար: [Պատրիարքն ասաց]․ Մենք շարունակելու ենք միասին այս երկրում ապրել խաղաղ և որպես քույրեր ու եղբայրներ»։
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը նույնպես աջակցություն հայտնեց Մաշալյանի խոսքերին. «Նեղ քաղաքական օրակարգի համար պատմությունը չարաշահելը չի օգնում ոչ անցյալին, ոչ էլ ներկային»:
Հետաքրքիր է, որ Էրդողանը ապրիլի 24-ին նամակ է ուղարկել Պոլսո Հայոց պատրիարքին՝ հերքելով Հայոց ցեղասպանությունը և համաձայնվելով պատրիարքի խոսքերի հետ: Զարմանալի չէ, որ Թուրքիայի կառավարությունը պաշտպանում էր արքեպիսկոպոս Մաշալյանի թեկնածությունը Պատրիարքական ընտրությունների ժամանակ՝ քան այլ նվազ հնազանդների թեկնածությունը։
Պատրիարքը պետք է գիտակցի, որ Թուրքիայի օգտին քարոզչական հայտարարություններ անելով ՝ նա կորցնում է հայերի հարգանքը, ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ դրսում: Նրա հակահայկական խոսքերը դիտվում են որպես վաճառված թուրքական գործակալի խոսքեր: Հայ եկեղեցին և Թուրքիայում գտնվող հայերը պետք է ճնշում գործադրեն պատրիարքի վրա հրաժարական տալու համար, քանի որ նա կորցրել է հայ համայնքի աջակցությունը և այլևս չի կարող գործել որպես նրանց հոգևոր առաջնորդ:
Ամբողջ աշխարհում միայն հետևյալ երկրներն են քննադատել նախագահ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը․ Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան և Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքական Հանրապետություն: Սա Հայոց պատրիարքին դնում է հայ ժողովրդի թշնամիների ամոթալի ընկերության մեջ․․․
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Եվրախորհրդարանի ավելի քան 120 պատգամավոր դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախաձեռնության հեղինակներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը, ԵԽ պատգամավորներ Ֆրանսուա-Քսավիե Բելամին և Լուկաս Ֆուրլասը:
ԵԽ պատգամավորներն իրենց նամակում հիշեցրել են, որ Հայաստանը ազատ է արձակել պահվող բոլոր ռազմագերիներին՝ հավատարիմ մնալով 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության ոգուն: «Ադրբեջանը ոչ միայն շարունակում է պահել իր մոտ հայ ռազմագերիներին, այլև կասկած կա, որ նա նոր անձանց, այդ թվում և քաղաքացիականների է գերեվարել ռազմական գործողությունների պաշտոնական դադարից հետո: Դժվար է հստակորեն նշել ռազմագերիների ու գերիների թիվը, քանի որ մեծ թվով անձինք անհետ կորած են, իսկ ադրբեջանական կողմը պատշաճ կերպով չի համագործակցում, սակայն խոսքը 72 անձանց մասին է, ում գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, ինչպես նաև՝ այն 112 անձանց մասին, ում վերաբերյալ Ադրբեջանը չի տրամադրում որևէ տեղեկություն և այն 61 անձանց մասին, ում գերեվարման փաստը, թեև Ադրբեջանը հերքում է, սակայն նրանց մասին առկա են հակառակն ապացուցող փաստեր»,- նշել են եվրապատգամավորները:
Նրանք հատուկ ընդգծել են, որ սա ոչ միայն միջազգային իրավունքի խախտում է, այլև հակասում է հարաբերությունների կարգավորման և հաշտեցման շուրջ Ադրբեջանի պնդումներին։
Խորհրդարանականները հայտարարել են, որ ադրբեջանական կողմում պահվող հայերը պետք է ազատ արձակվեն առանց որևէ նախապայմանի:
Նրանք անդրադարձել են նաև գերության մեջ գտնվող զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների ու բռնությունների փաստերին, որոնց անհերքելի ապացույցները հենց ադրբեջանցիների կողմից այդ տեսանյութերի հրապարակումներն են համացանցում:
«Եվրոպայի բարեկամ երկիրը՝ Հայաստանը, արդեն իսկ շատ բարձր գին է վճարել այս հակամարտությունում ու շարունակում է տառապել այս անմարդկային իրավիճակում: Շատ հայ ընտանիքներ դեռևս սպասում են՝ իմանալու, թե արդյոք իրենց երեխաները զոհվել են պատերազմի ընթացքում, թե գերեվարվել են ու հետևաբար նրանց կյանքը սպառնալիքի տակ է:
Եվրամիությունն այլևս չի կարող միայնակ թողնել Հայաստանին այս անտանելի իրադրության պայմաններում, մենք պետք է գործենք, որպեսզի բռնությունը ևս մեկ անգամ գերակա չդառնա օրենքին: Մենք հպարտ ենք այն սկզբունքներով, որոնք միավորում են մեզ, և այդ արժեքները պետք է ստիպեն մեզ օգտագործել մեր կշիռն ու բոլոր լծակները՝ պահանջելու Ադրբեջանից հարգելու միջազգային օրենքը: Եթե Եվրոպան ցանկանում է կյանքի կոչել իր հանձնառությունները, ապա պետք է վստահեցնի, որ միջազգային իրավունքի խախտումներն իր հարևանությամբ չեն դառնա ողբերգական նախադեպ: Հակառակ դեպքում, լռությունն ու անգործությունը կվերածվեն պատմական պատասխանատվության:
Որպես Եվրախորհրդարանի պատգամավորներ՝ հորդորում ենք ձեզ գործել ու պահանջել վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին իրենց երկիր»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում:
«Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության կոմիտեն 1988թ․ երկրաշարժից տունը կորցրած Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքի բնակչուհի Արեգնազան Սահակյանի ընտանիքին բնակարանի հատկացումն այնքան ձգձգեց, մինչև որ ընտանիքի բոլոր՝ երեք անդամները մեռան. ամուսինը՝ Լուկաշ Սահակյանը, 1992-ին, աղջիկը՝ Արմենուհի Սահակյանը, 2016-ին և օրեր առաջ էլ՝ 2021թ․ ապրիլի 13-ին մահացավ ինքը՝ Արեգնազան Սահակյանը»։ Նման ահազանգ է հնչեցնում Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ-ն։
«Այսպիսով, ՀՀ կառավարությունը «հաջողությամբ ևս մեկ ընտանիքի հարց լուծեց»։
Մահացածի հարազատները համոզված են, որ 99-ամյա Սահակյանին բնակարանի հատկացումը ձգձգվել է միտումնավո՛ր։ Այդպիսի համոզմունքն անհիմն չէ հատկապես այն փաստի առկայությամբ, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության վարչական դատարանը 2018թ. հունիսի 29-ին թիվ ՎԴ60048/05/13 գործով կայացրել էր վճիռ և ամբողջությամբ բավարարել հանգուցյալի՝ իր ընտանիքը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին, հայցը։ Սակայն, քաղաքաշինության կոմիտեն գրեթե երեք տարի խուսանավել, չի կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, ըստ էության, սպասելով զառամյալ և հիվանդ կնոջ մահվանը։
ՀՍԻԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նման անմարդկային, հանցավոր գործելաոճը և կոչ է անում համարժեք հատուցում տրամադրել մահացածի ժառանգներին։
ՀՍԻԿ-ը դիմում է ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով ուսումնասիրել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը ժամանակին չկատարելու փաստը, պարզել մեղավոր սուբյեկտներին և նրանց կանչել պատասխանատվության»,-ասված է ՀԿ տարածած հաղորդագրության մեջ։
Այս պահին ամեն ինչ տանում է դեպի Թուրքիա-Ռուսաստան հակամարտության: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի լրագրող Ֆաուդ Աբբասովի հայտարարությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ վերջինս հայտարարել է, թե ռուս խաղաղապահներին պետք է արգելվի ռուս խաղաղապահներին Արցախում՝ Հաղթանակի օրվան նվիրված շքերթ անցկացնել:
«Նրանց վրա պետք է ուղղել «Град» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն»,- ասել է լրագրողը:
«Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերձված պատերազմը ուներ շատ ավելի մեծ նպատակներ, քան պարզապես Արցախի գրավումը: Չեմ կարող այս պահին ասել, հնարավոր է արդյոք այնպես անել, որպեսզի Անկարայի և Մոսկվայի կողմից պատերազմ տեղի չունենա: Այս պահին իրականում երևում է, որ թուրքերը և ադրբեջանցիները սադրում են ռուսական կողմին: Իսկ հակառուսական ալիքը Ադրբեջանում նորմալ է, որ պետք է լիներ, քանի որ իրենց մեջքին Արևմուտքն է կանգնած: Արևմուտքը ուզում է հնարավորինս Ռուսաստանին ճնշել և խեղճացնել»,- արձանագրել է պատգամավորը:
Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանցիները անընդհատ փորձում են ճնշել արցախցիներին:
«Կրակոցներով և նման սադրանքներով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել և մեզ խուճապի մատնել: Նպատակն այն է, որ մենք լքենք այս տարածքը»,- ասել է պատգամավորն ու ընդգծել. «մենք նաև ականատես եղանք իշխանության խաբեությանը, երբ 44 օր մեզ ասում էին, որ հաղթում ենք, բայց իրականում թշնամին նոր տարածքներ էր վերցնում: Հիմա նույն իրավիճակն է, մաքսիմում մենք կարող ենք լսել հայկական կողմից կոչ, որ չլսենք ադրբեջանական կողմին: Սակայն, ցավոք սրտի, այս իշխանությունների ժամանակ ադրբեջանական սպառնալիքները իրականանում են: Եվ մենք չենք կարող վստահ լինել, ադրբեջանցիները իրենց սպառնալիքները կիրագործեն, թե ոչ: Սակայն, մենք արդեն տեսել ենք, թե ինչպես են նրանք սպանում մեր գերիներին և ոչնչացնում են մեր մշակույթային և կրոնական ժառանգությունը»:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ մայիսի 4-ին, Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված վարձկան երկու ահաբեկիչներին դատապարտեց ցմահ ազատազրկման։
NEWS.am-ի հետ զրույցում գործով մեղադրող դատախազ Արշակ Մարտիրոսյանը հայտնեց, որ դատարանում գործով ամբաստանյալներն իրենց մեղավոր ճանաչել են մասնակի։
Անդրադառնալով նրանց արտահանձնելու վերաբերյալ հարցին՝ դատախազը նշեց, որ այդ մասով ինքը որեւէ տեղեկություն չունի։
Նշենք՝ քրեական գործով հիմնավորվել է, որ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին եւ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, Սիրիայի Արաբական Հանրապետության կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական անձանց եւ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով եւ էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը։
Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին եւ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 395-րդ հոդվածի 3-րդ մասով։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը՝
- Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ նշանակել ծառայողական քննություն՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի կապակցությամբ:
- Կասեցնել Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի ծառայողական պարտականությունների կատարումը՝ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում:
- Ծառայողական քննությամբ պարզել սույն որոշման 1-ին կետով նկարագրված դեպքի հանգամանքները, պատճառները, հետևանքները, մեղավորության աստիճանը:
- Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝
Լուսինե Ալեքսանյան — վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ
Հայկ Կեսոյան — վարչապետի աշխատակազմի իրավաբանական
վարչության պետ
Գոռ Ալեքսանյան – վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ»,– ասվում է որոշման մե
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մեր քաղաքացիներն իրավունք ունեն հրաժարվելու ցանկացած բժշկական միջամտությունից, այդ թվում՝ պատվաստումից. Yerkir․am-ի տեղեկացմամբ՝ մամուլի ասուլիսում ասաց նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ պատվաստման գնալու կոչերին ու քարոզներին:
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր տեսանյութ է հրապարակել, թե ինքն ու իր Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, եւ կոչ է անում քաղաքացիներին՝ ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել: Նա նաեւ նշել է, թե մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի երկրորդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակումներ կմտցնեն:
Խաչատրյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը զբաղված է հանցագործությամբ, քանի որ, ՀՀ օրենսդրության համաձայն, դեղամիջոցների, այդ թվում՝ նաեւ պատվաստանյութերի գովազդն արգելված է։
«Իսկ Փաշինյանը եւ նրա օրինական, թե ոչ օրինական տիկին Աննա Հակոբյանը, առողջապահության նախարարի պաշտոնը խայտառակող Անահիտ Ավանեսյանը, Արսեն Թորոսյանը այս պահին զբաղված են գովազդով: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները, իմ խորին համոզմամբ, պետք է հետագայում անպայման դատվեն եւ նստեն մենախցերում»,- ասաց նա:
Խաչատրյանի կարծիքով՝ այն, որ հենց Նիկոլ Փաշինյանն է զբաղվում պատվաստանյութի գովազդով, վկայում է այն իրողության մասին, որ իրենք ձախողում են պատվաստումների գործընթացքը։ «Եվ ես շատ ուրախ եմ դրա համար: Որեւէ մեկն իրավունք չունի մեր քաղաքացիներին պարտադրելու մի բան, որը դեռեւս կլինիկական փորձարկումների փուլում է: Անահիտ Ավանեսյանն էր հայտարել, եւ ես հաստատում եմ նրա խոսքերը՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն անցնում են կլինիկական փորձարկումներ, իսկ դրանք կատարվում են մեզ նման մարդկանց վրա: Շատ հետաքրքիր է իմանալ, թե Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մյուս անդամները՝ երեխաները, ե՞րբ են պատվաստվելու, թե՞ թմրամոլներին արգելված է, եւ դա է պատճառը, որ նրա ընտանիքից միայն ինքն ու իր կինն են գնացել պատվաստումների»,- նշեց նա:
Նեյրովիրաբույժը քաղաքացիներին կոչ արեց մանրամասն ծանոթանալ այն պատվաստանյութերի բաղադրությանը, որն ուզում են իրենց ներարկել։ «Ավելին՝ կխնդրեմ, որ նկարեն եւ ուղարկեն ինձ պատվաստանյութերի ներդիր-թերթիկները, խոստանում եմ այդ առումով իմ մասնագիտական գնահատականը տալ»,- ասաց նա:
Առողջապահության նախարարությանն ու կից արբանյակներին, ինչպես նաեւ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռը բռնազավթած եւ խայտառակած Փաշինյանին էլ Մարինա Խաչատրյանը հորդորեց զերծ մնալ հերթական օրինախախտումներից: Ըստ նրա՝ հերթական լկտի սուտն է, թե պատվաստանյութը հարյուր տոկոսով փրկում է մարդուն մահանալուց:
«Այս սուտը առողջապահության նախարարությունը մեդիադաշտ է բերում որովհետեւ բազմաթիվ պատվաստանյութեր, որոնք անցնում են կլինիկական փորձարկումներ, խոսվել է շատ հատկապես «AstraZeneca»-ի մասին, բերում են ընդհուպ մահվան: Եթե կան մահվան դեպքեր, եթե բազմաթիվ զարգացած երկրներ արգելել կամ սահմանափակել են «AstraZeneca»-ի կամ այլ պատվաստանյութերի կիրառությունն իրենց երկրներում, ապա դուք ինչպե՞ս կարող եք մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնել եւ հավաստիացնել, որ հարյուր տոկոսով մարդուն ապահովագրում է: Ամոթ է»,- նշեց Խաչատրյանը՝ շեշտելով՝ որեւէ պատվաստանյութ չի պատրաստվում ստանալ, բոլորին խորհուրդ է տալիս օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ, վիտամիններ, դուրս գալ մաքուր օդի, դիմակ չկրել:
«Չինաստանից մեծ խմբաքանակ պատվաստանյութ են ներկրել։ Օգտվելով իմ սահմանադրական իրավունքից՝ որեւէ պատվաստանյութ չեմ պատրաստվում ստանալ, Մարդու իրավունքների պաշտպանը դիմակների հետ կապված տուգանքների առնչությամբ դիմել է Սահմանադրական դատարան, եւ այս պահի դրությամբ դիմակների կրման պարտադրանքն ու դրա համար սահմանված տուգանքները սառեցվել են»,- հայտնեց նա:
ԱՆդրադառնալով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պատվաստվելու հանգամանքին՝ ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է նա պատվաստվել «AsraZeneca»-ով, այն պարագայում, երբ առողջապահության նախարարության աշխատակիցները պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով:
«Իրականում, թե ի՞նչ ներարկեցին, դա հարցի մեկ այլ կողմն է: Առողջապահության նախկին նախարարի աթոռը խայտառակող Արսեն Թորոսյանը հրապարակել էր իր, այսպես կոչված, կանաչ անձնագիրը, որում նշված էր, որ նա իբրեւ թե ստացել է «Սպուտնիկ V»: Ենթադրենք ստացել է, ժամկետն արդեն լրացել է, մի քանի ամիս հետո պետք է պատվաստումը կրկնվեր, ինչո՞ւ չի ստանում «AsraZeneca» կամ հերթական «Սպուտնիկ V»-ն: Այստեղ խաբեությունն այնքան ակնհայտ է, այնքան շատ է: Մարդկանց խնդրում եմ պարզապես չխաբվել»,- ասաց նեյրովիրաբույժը:
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Ես երբևէ չեմ խոսել սյունեցիներին ստորացնելով բերման ենթարկելու մասին։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ անկախ պատգամավորներն ԱԺ նախագահին են դիմել՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու և իր արտահայտությունը քննելու համար։
«Ես խոսել եմ հանցագործներին, խուժանին, որը հայհոյում է ՀՀ քաղաքացիներին, վարչապետի կողմնակիցներին բերման ենթարկելու մասին։ Անկախ նրանից սյունեցի են, լոռեցի, թե գյումրեցի, եթե նման խուլիգանական դրսևորում է լինում, ապա իմ կարծիքով նրանց պետք է ստորացնելով բերման ենթարկել։ Դատախազության ներկայացուցիչն ասել է, որ կա նման հոդված նրանց հետ կապված։ Այդ մարդիկ, որոնք համարձակություն ունեն կամ իրենց համոզում են, որ կարող են հայհոյել ՀՀ քաղաքացիներին, պետք է այդ կարգավիճակում տեսնենք նրանց»,-ասաց պատգամավորը։
Հարցին՝ չի՞ կարծում, որ Սյունիքում տեղի ունեցածն օբյեկտիվ դժգոհությունների հետևանք էր, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Երբևէ չեմ կարող ասել, որ այն խուժանական դրսևորումը, որ այդտեղ տեսանք, օբյեկտիվ դժգոհությունների հետևանք էր։ Այնտեղ կա օբյեկտիվ դժգոհություն, դա մարդիկ չեն արտահայտում հայհոյելով։ Որտե՞ղ է այդ օբյեկտիվությունը։ Եթե դժգոհ ես ՀՀ վարչապետից, կառավարությունից, ինչու՞ ես հայհոյում ՀՀ վարչապետի կողմնակիցներին։ Այդտեղ ես ոչ մի օբյեկտիվ դժգոհություն չեմ տեսնում։ Դա խուլիգանական բանդայի պահվածք էր»,-նշեց պատգամավորը։
ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է պատգամավորների համար որպես նրանց գործունեության հատուցման վճար նախատեսված 50.000-ական դրամները հատկացնել Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորված զինծառայողներին։ Մինչդեռ նախագծին գլխադասային հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ պատգամավորը նկատեց՝ իր առաջարկը շատ պարզ էր, երկրում կա սոցիալական լուրջ խնդիր, ինչի համար էլ առաջարկում է պատգամավորներին տրվող գումարները, որոնք տարեկան 80 մլն դրամ են կազմում, հատկացնել վերջին պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին. «Նրանք առավել ծանր վիճակում հայտնված մարդիկ են։ Ավաղ իշխանության ներկայացուցիչները գլխադասային հանձնաժողովի նիստին դեմ քվեարկեցին և մտավախություն կա, որ քառօրյա նիստի ժամանակ քաղաքական մեծամասնությունը դեմ կքվեարկի նախագծին»,-ասաց պատգամավորը։
Տիգրան Ուրիխանյանը նկատեց՝ ոչ խեղճ կյանքով ապրող պատգամավորների ոչ աշխատավարձային մասից պետք է 80 մլն դրամ հատկացվեր 114 առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին։
Մանրամասները՝ տեսանյութում
Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ հրապարակելով նրանց անունները։
Խոշտանգվածների ու սպանվածների թվում ինչպես քաղաքացիական անձինք են՝ այդ թվում կանայք, այնպես էլ զինծառայողներ։
Ստորեւ ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ.
«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ:
Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:
Ռազմագերիների, ազատազրկված անցանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ստորև ներկայացնում ենք նրանց ցուցակը:
Քաղաքացիական անձինք`
1. Էդուարդ Շահգելդյան
2. Արսեն Ղարախանյան
3. Բենիկ Հակոբյան
4. Էլենա Հակոբյան
5. Սերժիկ Վարդանյան
6. Էլլա Վարդանյան
7. Գենադի Պետրոսյան
8. Յուրիկ Ասրյան
9. Միշա Մովսիսյան
10. Անահիտ Մովսիսյան
11. Նինա Դավթյան
12. Միշա Մելքումյան
Զինծառայողներ`
13. Էրիկ Մխիթարյան
14. Գագիկ Մկրտչյան
15. Արայիկ Պողոսյան
16. Վարդգես Ղազարյան
17. Յուրի Ադամյան
18. Արթուր Մանվելյան
19. Նարեկ Բաբայան
ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ
Սիրանուշ Սահակյան
Արտակ Զեյնալյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.