23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2020 թվականի նոյեմբերի 18-ին՝ Արցախյան պատերազմի ավարտից մի քանի օր անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց խոստացված անելիքների ճանապարհային քարտեզը հետագա վեց ամիսների համար։ Վարչապետը նաև խոստացավ, որ «2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»:
Հիմա, երբ վարչապետի 15 խոստումների ճանապարհային քարտեզից անցել է յոթ ամիս, ես կցանկանայի ուսումնասիրել նրա ձեռքբերումներն ու ձախողումները։ Ցավոք, Փաշինյանը չի կատարել իր հատուկ խոստումը՝ 2021 թվականի հունիսին զեկուցելու իր կատարած աշխատանքների մասին՝ ի կատարումն տված խոստումների: Նման զեկույցը շատ օգտակար կլիներ Հայաստանում ընտրողների համար՝ որոշելու, թե ում սատարել 2021 թ․ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում, որը որոշելու է հաջորդ վարչապետին:
Փոխադարձ մեղադրանքների և վիրավորանքների մեջ ներգրավվելու փոխարեն, տարբեր կուսակցություններ պետք է անդրադառնային Փաշինյանի թե իրականացրած, թե չիրականացրած խոստումների կարևոր խնդրին։ Նա 2020-ի նոյեմբերին ասաց, որ իրեն համարում է «ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ»:
Այժմ տեսնենք, թե արդյոք վարչապետին իսկապես հաջողվել է «հաղթահարել պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը» և «երկրում կայունություն ու անվտանգություն հաստատել»:
Ահա Փաշինյանի 1-ին խոստումը․ «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ»: Ես կասեի, որ այս խոստումը հիմնականում իրականացված չէ, քանի որ Մինսկի խումբը մնում է անարդյունավետ հակամարտության կարգավորման հարցում: Արցախի կարգավիճակը լուծված չէ: Ադրբեջանն անտեսում է Մինսկի խումբը, քանի որ Արցախի հարցը համարում է ուժով լուծված։ Ռուսաստանը կարծում է, որ կարգավիճակն ապագայի հարց է: Փախստականների մեծ մասը վերադարձել է Արցախ, չնայած մի քանի հազարը դեռ մնում է Հայաստանի Հանրապետությունում:
Փաշինյանի 2-րդ խոստումը․ «Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում»: Արցախում բնականոն կյանքը չի վերականգնվել, քանի որ հազարավոր մարդիկ կորցրել են իրենց տները, որոնք գտնվում են Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում: Մյուսների տներն ավերված են կամ վնասված։ Արցախցի փախստականների մեծ մասը վերադարձել է Հայաստանի Հանրապետությունից: Արցախի իշխանությունները վերականգնել են ենթակառուցվածքների մի մասը: Սա նույնպես հիմնականում չիրականացված խոստում է:
Փաշինյանի 3-րդ խոստումը․ «Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»։ Այս խոստումը հիմնականում իրականացված է։
Փաշինյանի 4-րդ խոստումը․ «Պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների և ենթակառուցվածքների վերականգնում»։ Հայաստանի Հանրապետության ներսում մեծ վնասներ չեն եղել։ Այնուամենայնիվ, կառավարությունը ֆինանսական օգնություն է տրամադրել որոշ սահմանամերձ գյուղերի բնակիչների, որոնք կորցրել էին իրենց տները: Հիմնականում իրականացված է:
Փաշինյանի 5-րդ խոստումը․ «Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում»: Այս անելիքների մի մասն կատարվել է՝ մասամբ սփյուռքահայ բժիշկների օգնությամբ: Ոչինչ չի նշվում հազարավոր վիրավոր զինվորների և խաղաղ բնակիչների խնամքի մասին, որոնց մի մասը դեռ սպասում է բուժման: Խոստումը հիմնականում իրականացված է:
Փաշինյանի 6-րդ խոստումը․ «Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»: Մոտ 200 գերեվարված հայ զինվորներից և խաղաղ բնակիչներից մի քանի տասնյակ վերադարձվել է, չնայած ոչ «շուտափույթ»: Փաստորեն, պատերազմից ի վեր, Ադրբեջանը գերեվարել է ևս 70 հայ ռազմագերիների: Անհայտ կորած զինծառայողների ճակատագիրն ու թիվը շարունակում է մնալ անորոշ: Անհայտ կորածների ընտանիքները փոխհատուցում են ստացել։ Խոստումը հիմնականում չի իրականացվել:
Փաշինյանի 7-րդ խոստումը․ «Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում»: Սա հիմնականում չիրականացված խոստում է, հատկապես՝ «ընդհանուր հանրության» առումով:
Փաշինյանի 8-րդ խոստումը․ «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ»։ Խոսվել է միայն բարեփոխումների մասին, բայց ոչ մի իրական բարեփոխում չի կատարվել: Խոստումը չի իրականացվել:
Փաշինյանի 9-րդ խոստումը․ «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում»։ Կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության միջոցառումները հանգեցրել են աղետի: Նույնքան աղետալի էր չափազանց ուշ և դանդաղ պատվաստումների գործընթացը։ Մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 4 488 մարդ, վարակվել է 223 723 մարդ: Վիրուսից մահացածներն ավելի շատ են, քան պատերազմում զոհվածները: Ձախողված խոստում։
Փաշինյանի 10-րդ խոստումը․ «Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում»։ Տնտեսական գործունեությունը Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, եղել է անմխիթար: Չիրականացված խոստում։
Փաշինյանի 11-րդ խոստումը․ «Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում»։ Եվս մեկ չիրականացված խոստում: Այս առումով ոչ մի առաջընթաց չկա: Ընդհակառակը, արտագաղթն աճել է:
Փաշինյանի 12-րդ խոստումը․«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում»։ Ընտրական օրենսգիրքը փոփոխվել է. Որոշ փոփոխություններ գործում են անհապաղ, իսկ մյուսները՝ հաջորդ տարվանից: Նոր ընտրական գործընթացն այնքան բարդ է, որ Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս մարդկանց մեծ մասը շփոթության մեջ է: Փոփոխություն է մտցվել կուսակցությունների ֆինանսավորման մասին օրենքում: Խոստումը հիմնականում կատարվել է:
Փաշինյանի 13-րդ խոստումը․ «Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ»։ Առաջընթաց է գրանցվել կոռուպցիայի դեմ պայքարի համար մասնագիտացված դատավորների ինստիտուտի ուղղությամբ։ Մնում է պարզել, թե արդյոք դա կազդի՞ կոռուպցիայի վերացման վրա: Խոստումը հիմնականում իրականացված է։
Փաշինյանի 14-րդ խոստումը․ «Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում»։ Վարչապետի և մի քանի կուսակցությունների միջև տեղի են ունեցել որոշակի խորհրդակցություններ, չնայած որ նման խորհրդակցությունները եղել են ընտրովի և ոչ մշտական: Ոչ մի հանդիպում չի կայացել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: Խոստումը հիմնականում չի իրականացվել։
Փաշինյանի 15-րդ խոստումը․ «Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ»։ Սա կատարյալ ձախողում էր: Խոստումը չի իրականացվել։ Սփյուռքահայ կազմակերպությունների և անհատների հետ երբևէ, առավել ևս՝ մշտական խորհրդատվություն չի եղել: Չնայած վարչապետի բազմիցս խոստումներին, նա քայլեր չի ձեռնարկել բարեփոխելու այն օրենքները, որոնք թույլ կտան սփյուռքահայերին բարձր պաշտոններ զբաղեցնել կառավարությունում: Նա նաև չի ծրագրել օգտագործել սփյուռքահայերի փորձն ու գիտելիքները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը վերաբերում է նվիրատվություններ հավաքելուն՝ նրանց ծախսերի վերաբերյալ փոքր հաշվետվություններով:
Վարչապետն ունի՝ hիմնականում իրականացված 5 խոստում. հիմնականում չիրականացված 5 խոստում և չիրականացված 5 խոստում: Ինքներդ դատե՛ք:
Իմ կարծիքով, Հայաստանն ունի երկու հիմնական խնդիր, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ իրագործել.
1) անհապաղ ուժեղացնել զինված ուժերը․
2) ընտրել տեխնոկրատների կառավարություն՝ օժտված ղեկավարելու որակով և փորձառությամբ՝ փլուզման եզրին կանգնած երկիրը կառավարելու համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Դեռ Փաշինյանը Մեղրի չի եկել, բայց առավոտվանից «саранча»-ի նման լցվել են Մեղրի՝ քաղաքացիական մեքենաներով, առանց համարի մեքենաներով ոստիկաններ, քաղաքացիներ: Մինչև հիմա գալիս են, բայց ամեն ինչ անում ենք, որ սադրանք չլինի, ասել էՄեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը:
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է իրականացնում Սյունիքում:
Մեղրիի համայնքապետը մեզ հետ զրույցում ահազանգեց, որ դեռևս երեկվանից ոստիկաններ են բերվել Սյունիք՝ քարոզարշավը հսկելու նպատակով: Այսօր ևս շուրջ 300 մեքենա ոստիկան է բերվել, այդ թվում՝ քաղաքացիական հագուստով:Նրա խոսքով՝ դպրոցի և հիվանդանոցի աշխատակիցներին ևս ստիպում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին.
«Արդեն հաշվել ենք մոտ 300 մեքենա մտել են Մեղրի: Բացի կանոնավոր ավտոբուսներով բերվող ոստիկաններից, քաղաքացիական մեքենաներով էլ են ոստիկաններ բերվել: Ոստիկանները երեկվանից են այստեղ, իսկ քաղաքացիները առավոտվանից գալիս են: Հիվանդանոցի, դպրոցի կոլեկտիվին էլ, ում կարողացել են, երևի մարզպետարանից ստիպել, բերել են աշխատանքային ժամին հրապարակ՝ իբր սպասում են գերագույն գլխավոր գժին:Բայց դե էլի չի ստացվի, ինքնասիրություն ունեցող մարդիկ էլ կան, որոնք հրաժարվել են, բայց ում կարող են սպառնալիքով բերել են դպրոցից, հիվանդանոցից»,-ասաց Մխիթար Զաքարյանը և ավելացրեց. «Ինչքան էլ մարդ լինի, դրա 5%-ը չի կարող Մեղրիից լինել, իմ համայնքն է, իմ ժողովուրդն է, ես իրենց ճանաչում եմ, ամոթ էլ կլինի, որ այստեղ ինքն աջակցություն ունենա: Արմավիրից շատ մարդ կա, հոկտեմբերյանից, որոնց ճանաչում ենք, բերվել են իբրև աջակիցներ»,-ասաց Մեղրիի համայնքապետը:
Հիշեցնենք, որ Սյունիքում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին իր հետ բերել էր իր մուրճը և սպառնացել, որ բոլոր համայնքապետերը, այդ թվում Սյունիքի, ընտրություններից հետո պատասխան են տալու.
«Բունտար համայնքների ղեկավարներին, որոշ ներկայացուցիչներին քրեական օրենսգիրքն է սպասվում և քրեակատարողական հիմնարկները: Բավական է, հերիք է նրանք օգտվեն և չարաշահեն մեր համբերությունը և թավշյա հեղափոխությունը: Այս ընտրություններին թավշյա մանդատը փոխարինում ենք պողպատե մանդատներով և բոլոր մեխի գլուխներին, այդ թվում ՏԻՄ-երի, հատ-հատ արմատախիլ,ենք անելու»,-հայտարարել էր Փաշինյանը:
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, Մխիթար Զաքարյանն ասաց.
«Ապուշ-ապուշ խոսում էր, բժշկի կարիք ունի ինքը: Ինքը պետությունից չի հասկանում, չի հասկանում, որ համայնքապետին ինքը չի նշանակում, որ կարողանա դուրս շպրտի: Ժողովուրդն է ընտրում համայնքապետին, ինքը փոքր մարդ է, որ համայնքապետի լինել-չլինելը վիճարկի: Իր նման լեքսիկոնով կարող ենք ավելի լավ խոսել: Հերթական զառանցանքն է ուղղված անգրագետ մասսային,նրանց մոտ ոգևորություն է առաջացնում, ինքն ասում ա՝ դուրս կշպրտեմ,նրանք էլ՝ «դըմփ-դըմփ հու» են անում :
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչը, որ Սյունիք գնալիս իրենց միանան մյուս քաղաքների և գյուղերի բնակիչների, արդյո՞ք սյունեցիների և մյուս քաղաքացիների միջև բախումներ հրահրելու փորձ չէ՞ր, Մեղրիի համայնքապետն ասաց.
«Ամեն ինչ կարող ենք ենթադրել, բայց, փառք Աստծո, մի 5-6 օր է մնում, անիմաստ է նրան մեկնաբանելը, կարող ենք մեկնաբանել, վերլուծություններ անել նորմալ մարդու ասածներից ելնելով, բայց իր մոտ գարնանային սրացումներ են, ամառն էլ եկավ չի անցնում»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Շուշի կատարած այցը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական քաղաքականության դրսևորում: Այս մասին «Փաստինֆո»— ի հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր այցելել է Շուշի, ու հայտարարել, որ սեղմ ժամկետներում պատրաստվում են Թուրքիայի հյուպատոսարան բացել Շուշիում։
Բաբայանը նշեց, որ Ադրբեջանում այսօր տոն է ՝ ադրբեջանական ժողովրդի ազգային փրկության օր, 1993-ին այս օրը Հեյդար Ալիևը իր ձեռքը վերցրեց իշխանությունը: Այսինքն ՝ Էրդողանի այցը համընկնում է տոնի հետ:
«Այս այցը և նման հայտարարությունները մարտահրավեր են միջազգային հանրությանը, ինչպես Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դրսևորումը, ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու նրանց մտադրությունները: Մենք շատ հարցեր ունենք միջազգային հանրությանը, բոլոր այն կազմակերպություններին, որոնց անդամ է Թուրքիան: Սա մարտահրավեր է հայ հասարակությանը և Թուրքիայի դիրքերի ուժեղացում Անդրկովկասում, քանի որ Շուշիում հյուպատոսարան բացելը եւս օկուպացիոն քաղաքականության դրսևորում է », — շեշտել է Արցախի արտգործնախարարը:
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նման ագրեսիվ հռետորաբանությունը հայկական կողմին վախեցնելու փորձ չէ, այս հռետորաբանությունն արտացոլում է նրանց հետագա ծրագրերը:
«Մենք չպետք է մեզ սփոփենք այն մտքով, որ սա պարզապես հռետորաբանություն է և ամեն ինչ լավ է: Թուրքիան մտադիր է հյուպատոսություն բացել Շուշիում, Անկարան Աղդամը հայտարարել է Ղարաբաղի երկրորդ մայրաքաղաք, Շուշին շուտով կդառնա թյուրքական աշխարհի մայրաքաղաք: Սրանք պարզապես բառեր չեն, սա ճանապարհային քարտեզ է, թե ինչ են, ի վերջո, ուզում Բաքուն և Անկարան », — արձանագրել է Բաբայանը:
Արցախի արտգործնախարարը նշել է, որ հայկական կողմի համար Շուշին եղել է, կա և կլինի Արցախի Հանրապետության անբաժանելի մասը, և այդ պատճառով օկուպացված տարածքներ այս այցը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Անկարան իրենից կախված ամեն ինչ կանի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար» և Երևանին կոչ է արել համագործակցել «Վեցյակի հարթակի» շրջանակներում, փոխանցում է ria.ru-ն։
«Ես Երևանին կոչ եմ անում օգտվել «Վեցյակի հարթակի» (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան, Հայաստան և Ադրբեջան) շրջանակներում տարածաշրջանում համագործակցության հնարավորություններից։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կանենք մեզնից կախված ամեն ինչ»,- Շուշիում հայտարարել է Էրդողանը։
Նշենք, որ Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:
«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», — ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:
Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:
«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», — բացատրել է նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:
Իլհամ Ալիևն ասել է, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները:
Արցախի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահի՝ Շուշի կատարած այցի կապակցությամբ։
Հայտարարությունում ասվում է․
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես սադրանք, ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ։
Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի սադրիչ գործողությունները, քանի որ նման այցելությունները, դրանց ընթացքում Անկարայի և Բաքվի կողմից հնչեցված գաղափարները, հայտարարությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները և միջնադարյան նվաճողական քաղաքականության փառաբանումը լուրջ սպառնալիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար, մարտահրավեր՝ ողջ քաղաքակիրթ մարդկությանը, հարված՝ բոլոր այն կազմակերպությունների և կառույցների հեղինակությանը, որոնց անդամակցում է Թուրքիան»։
Իրանի խորհրդարանի հետազոտական կենտրոնը «Հայաստանի ու Ադրբեջանի պատերազմն ու Իրանի իսլամական հանրապետության ազգային շահերը» թեմայով զեկույց է պատրաստել, որտեղ նախ հակիրճ անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության պատմությանը, այնուհետև նշվել է, որ 2020թ. հուլիսին բախումներ են եղել Տավուշում, որի ժամանակ Հայաստանը մեծ հարվածներ է հասցրել Ադրբեջանին: Այս մասին գրում է regionmonitor-ը։
Ընդգծվել է, որ 2020թ. սեպտեմբերին Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություն են անցկացրել, որից հետո Ադրբեջանի ԶՈւ և «Արցախի ինքնահռչակ հանրապետության ուժերի» միջև ուժգին բախումներ են սկսվել: Շեշտվել է, որ այս պատերազմում ուշադրության արժանի հանգամանք են Թուրքիայի և Իսրայելի ունեցած դերակատարումը: Նշվել է, որ մի կողմից Թուրքիայի անմիջական աջակցության, մյուս կողմից զինտեխնիկայով Իսրայելի աջակցության շնորհիվ Ադրբեջանը կարողացել է «հետ բերել իր օկուպացված տարածքների» մի մասը:
Շեշտադրվել է, որ Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները գնալով խորանում են, այդ համատեքստում ընդգծվել է պաղեստինաիսրայելական բախումների օրերին Ադրբեջանի կողմից Իսրայելի կազմավորման օրը շնորհավորելու, պատերազմից հետո Բաքվում տոնախմբության ժամանակ Իսրայելի դրոշի առկայության և այլ հանգամանքներ:
«Հարավային Կովկասում Թուրքիայի՝ Իրանի տարածաշրջանային մրցակցի, և Իսրայելի՝ Իրանի ամենամեծ թշնամու, դերակատարման աճը ակնհայտ բացասական ազդեցություն ունի Իրանի ազգային անվտանգության և շահերի վրա»,- նշվել է զեկույցում:
Շեշտադրվել է նաև, որ նոյեմբերի 9-ի համաձայնության 9-րդ կետի վերաբերյալ անորոշություն կա, քանի որ Հայաստանը խոսում է հաղորդակցման ուղիների բացման, իսկ Ադրբեջանը՝ միջանցքի ստեղծման մասին: Ընդգծվել է, որ միջանցքի ստեղծումը, ամենայն հավանականությամբ Թուրքիայի ցանկությունն է, որը արտահայտվում է Ադրբեջանի իշխանությունների միջոցով: Նշվել է, որ նման միջանցքի ստեղծումը կնպաստի Թուրքիայի տարածաշրջանային նպատակի իրագործմանը՝ Մեծ Թուրանի ստեղծմանը: Ընդգծվել է, որ Բաքուն միջանցքի ստեղծման համար բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել և այդ համատեքստում Հայաստանի սահմանին իրականացվող գործողությունները կարևոր են:
Նշվել է, որ եթե այդ միջանցքը գործարկվի, ապա ապրանքների և էներգիայի տեղափոխման համար Թուրքիան այդ ճանապարհն է օգտագործելու և ջանալու է հայ-իրանական սահմանը գործնականում անօգուտ սահմանի վերածել և կտրել Կովկասին Իրանի հասանելիությունը: Ընդգծվել է, որ եթե թյուրքախոս երկրների միջև ցամաքային կապ ապահովվի, ապա Իրանը դուրս կմնա Կենտրոնական Ասիայի ապրանքների և էներգիայի փոխադրման ու տարանցման գործընթացներից:
Եզրակացության մեջ նշվել է, որ Իրանը պետք է մեծացնի իր դերակատարումը հետևյալ միջոցներով՝
-Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների ամբողջացում,
-Ադրբեջանի և մասնավորապես՝ «ազատագրված տարածքների» հետ հաղորդակցական ուղիների ավելացում,
-Իրանի տարածքով Նախիջևանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության դյուրացում,
-Հայաստանի և Իրանի միջև ցամաքային ճանապարհի վերանորոգում և ամբողջացում:
Տեր Եսայի քահանա Արթենյանը գրում է.
«Դատապարտում ենք մանիպուլիացիան Հայ Եկեղեցու և հոգևորականների դեմ
Խստիվ դատապարտելի է նախընտրական քարոզարշավում ատելության, վիրավորանքի ու կեղծ տեղեկություններով մանիպուլիացիաներ անելու արատավոր վարքագիծը:
Քաղաքական շահերից ելնելով՝ քաղաքական որոշ ուժեր ջանք ու եռանդ չեն խնայում՝ շարունակելով վիրավորանք տարածել հազարամյակների մշակույթ, պատմական մեծ առաքելություն ու դերակատարում ունեցող մեր Հայ Եկեղեցու ու նրա սպասավորների հեղինակության մասին:
Չճշտված լուրերի ու ստահոդ տեղեկությունների շարունակական շահարկումն, իրականում, արժեզրկում է դրանք տարածողներին: Չունենալով հիմնավոր ապացույցներ՝ ամիսներ շարունակ հին պատեֆոնի նման կրկնվող հիմարությունները մատուցվում են նոր էմոցիաներով՝ փորձելով էժան կերպով շահել մարդկանց ուշադրությունը: Սակայն դրանք պարզ ու բացահայտ մանիպուլիացիաներ են, որոնցից մեր ժողովուրդը պետք է զգուշանա:
Հասկանալով, որ այսօր պետք է համախմբվենք մեր երկիրը նորոգելու, կառուցելու համար, փորձել ենք հանդուրժող լինել՝ ամեն անպատեհ ասածին չարձագանքելով: Այսօր արդեն անհնար է հանդուրժել հակահայկական ու հակաեկեղեցական կեցվածքը: Այլևս չի կարելի թույլ տալ, որ շարունակվի անբարո բառապաշարով խոսքը մեր հոգևոր անվտանգության պահապան կառույցի՝ Հայ Առաքելական Եկեղեցու, նրա սպասավորների ու հավատավոր հետևորդների մասին:
Անջատ լինելով պետությունից, չունենալով պետական լծակներ, Հայ Առաքելական Եկեղեցին իր սպասավորների ու հավատավոր զավակների ջանքերով շարունակում է աջակցել բազում օրհասական խնդիրների լուծմանը՝ թե՛ սոցիալական, թե՛ հոգեբանական:
Այսօր, երբ կանգնած ենք պետականությունը կրկին կորցնելու մարտահրավերների առաջ, երբ անվտանգության հարցերը, գերեվարված մեր զավակների վերադարձը, անհետ կորածներին գտնելու հրամայականը, անտուն մնացած ու հաշմանդամություն ստացած մեր զավակների ամենօրյա խնդիրները հրատապ լուծումներ են պահանջում, քաղաքական որոշ ուժեր, թաքնվելով ընտրության շղարշի տակ, զբաղվում են կեղծ օրակարգեր ստեղծելով, վիրավորանք ու պառակտում տարածելով:
Աղոթքում ենք, որ Տերը զորացնի մեր ժողովրդին, թույլ չտա ընկնել մանիպուլյատիվ թակարդների մեջ:
Արատավոր ենք համարում նաև Աստվածաշնչից մեջբերումները քաղաքական ամբիոններում շահարկելու կեղծ բարեպաշտական կեցվածքը, քանի որ դա աղանդավորական շարժումներին բնորոշ գործելաոճ է՝ կոնտեքստից կտրելով՝ Աստծո խոսքը ծառայեցնել սեփական շահին:
Կրկին սթափության կոչ ենք անում՝ ավետարանական այս տողերը հիշեցնելով. «Ծածուկ ոչինչ չկա, որ չհայտնվի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի և ի հայտ չգա։ Այսուհետև զգո՛ւյշ եղեք, թե ինչպես եք դուք լսում. որովհետև ով որ ունի, նրան կտրվի, իսկ ով որ չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից» (Ղուկ․ 8։17-18):
Եվ «Ուրեմն ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույս է հանելու խավարի գաղտնիքները և հայտնի է դարձնելու սրտերի խորհուրդները» (Ա Կորնթ. 4:5)»:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս համայնքի ղեկավար Ա.Առուշանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերի հանգամանքները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժինը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա.Առուշանյանը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, նպատակ ունենալով Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում զբաղվել հանքարդյունաբերությամբ և հանքանյութի վերամշակմամբ, Վերիշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,555 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ նախ գրանցել է Գորիս համայնքի սեփականության իրավունքը, այնուհետև՝ Գորիս համայնքի ավագանու որոշմամբ այն դրել է աճուրդի:
Միևնույն ժամանակ, վերոհիշյալ տարածքում լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով Ա. Առուշանյանն իր ազգականի անվամբ և վերջինիս միջոցով հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Այնուհետև՝ ընկերության հիմնադրման հաջորդ օրը՝ 2019թ. հունիսի 14-ին, հրապարակային սակարկությունների ծանուցման կայքում հրապարակել է ձևական բնույթ կրող հայտարարություն՝ նշված հողատարածքն աճուրդի միջոցով վաճառելու մասին: 2019թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած աճուրդում հաղթող է ճանաչվել Ա. Առուշանյանի ազգականը, որին, համայնքի ղեկավարի որոշմամբ և կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, օտարվել է նշված հողատարածքը:
Այնուհետև Ա. Առուշանյանը, Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում՝ համայնքին պատկանող ընդհանուր 12,425մ2 մակերեսով արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, 0,555մ2, ազգականի անվամբ գրանցված ևս երկու՝ ընդհանուր 9146մ2 մակերեսով հողատարածքներում, ինչպես նաև մի շարք քաղաքացիների՝ սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 9309,8մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, վերոնշյալ ՍՊ ընկերության միջոցով, առանց լիազոր մարմնի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման, ընդերքօգտագործման իրավունքի, լեռնահատկացման ակտի, ջրօգտագործման, թույլատրելի սահմանային արտահոսքերի, սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացության, հողերի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռք բերման և դրանց նպատակային նշանակության փոփոխության, «Ընդերքի մասին», «Ջրային օրենսգրքի», «Հողային օրենսգրքի», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների և ոլորտը կարգավորող այլ նորմատիվ պահանջների խախտմամբ, 2020թ. երկրորդ եռամսյակից մինչև 2021թ. մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում, վերը նշված հողատարածքներում ապօրինաբար իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն և առանց պայմանագրի ընդերքի օգտագործում, այն է՝ ընդհանուր 25939,1մ3 ծավալի ավազակոպճային զանգվածի արդյունահանում, ջարդման և մանրացման կայանի միջոցով վերամշակում և իրացում՝ համայնքին, շրջակա միջավայրին և ընդերքում պարփակված օգտակար հանածոներին պատճառելով ընդհանուր 699,737 ՀՀ դրամի էական, անձանց՝ 774,198 ՀՀ դրամի, պետությանը՝ ընդհանուր 28,218,821 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի վնաս:
Բացի այդ, Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն: Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Առուշանյանը աշխատակցից, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, վերցրել է ավտոմեքենայի բանալին, տեխնիկական անձնագիրը, նրա անձնագիրը, ինչպես նաև՝ վերջինիս կնոջ ծնողներին պատկանող՝ Գորիս համայնքում գտնվող բնակարանի վերաբերյալ փաստաթղթերը: Այնուհետև տան գրավադրման գործընթացը նախաձեռնելու նպատակով դրա փաստաթղթերն իր տեղակալի միջոցով վերադարձրել է, իսկ ավտոմեքենան շուրջ 42 օր մնացել է իր փաստացի տիրապետության տակ՝ այդ կերպ աշխատակցին զրկելով գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքից:
Բացի այդ, 2020թ. օգոստոսի 28-ին Գորիս համայնքի մի բնակիչ իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Գորիս քաղաքի տարբեր փողոցներով, հանդիպել համայնքի ղեկավարի «Մերսեդես-Բենց 500» մակնիշի ավտոմեքենային և հարկադրված շրջանցել վերջինիս, ինչը զայրույթ է առաջացրել Առուշանյանի մոտ, և նա հրահանգել է կանգնեցնել ավտոմեքենան՝ իբրև անկարգ վարելու հետ կապված պարզաբանումներ պահանջելու նպատակով: Առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ համայնքի ղեկավարի երկու ընկերները բռնել են երիտասարդի ձեռքերից, իսկ Ա.Առուշանյանը նախ գլխով հարվածել է նրա քթի հատվածին, ապա՝ ձախ աչքի շրջանին, որից հետո շարունակելով խուլիգանական գործողությունները՝ հայհոյանքներ հնչեցնելուն զուգահեռ հարվածներ է հասցրել նաև նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս: Այնուհետև մոտենալով համայնքի բնակչի ավտոմեքենային, Առուշանյանը կրկին հայհոյել է և քաշել-պոկել համարանիշը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 291-րդ հոդվածի 2-րդ մասով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ: Պետությանը պատճառված վնասի չափով կալանք է դրվել Առուշանյանին պատկանող անշարժ գույքի վրա: Վերջինիս երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, իսկ ՍՊ ընկերության վաճառքի գծով տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը :
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացվող տեսանյութերում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով կեղծ փողեր պահելու և իրացնելու դեպք: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն:
Անհետաձգելի քննչական գործողությունների կատարման արդյունքում պարզվել է, որ եղբայրներ Գ.Ա.-ն և Ղ.Ա.-ն, նրանց ազգական Հ.Ի.-ն դեռևս չպարզված հանգամանքներում, իրացնելու նպատակով, ձեռք են բերել և պահել առանձնապես խոշոր չափերով` 5.250.000 ՀՀ դրամին համարժեք 201 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներից բաղկացած 10.050 ԱՄՆ դոլար:
Այնուհետև նախապես միմյանց միջև կատարելով գործողությունների դերաբաշխում, քողարկված բնույթի հեռախոսազրույցների, ինչպես նաև հանդիպումների միջոցով իրար հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ նշված կեղծ փողերից 181 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներից բաղկացած 9.050 ԱՄՆ դոլարը 2021 թվականի մայիսի 10-ին Ղ.Ա.-ի միջոցով իրացրել են առևտրային բանկերից մեկի բանկոմատում` այն փոխարկելով համարժեք ՀՀ դրամի, իսկ 522.000 ՀՀ դրամին համարժեք՝ 20 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներից բաղկացած 1.000 ԱՄՆ դոլարը 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում Գ.Ա.-ի միջոցով Երևան քաղաքում հանձնել են Լ.Կ.-ին, որպիսի գործողություններով խաթարվել է ՀՀ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունը:
Կեղծ փողեր պահելու և իրացնելու կասկածանքով Գ.Ա.-ն, Ղ.Ա.-ն և Հ.Ի.-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ, որտեղ քննվող քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են: Նրանցից երկուսին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունները բավարարվել են:
Իրեղեն ապացույց հանդիսացող 181 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամները հայտնաբերվել և ուղարկվել են փորձաքննության, ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև կեղծ փողերի ապօրինի շրջանառության սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 18-ին՝ ժամը 19։00-ին տեղի է ունենալու «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի նախընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Վերջինս նշեց, որ հունիսի 18-ի հանրահավաքի վերաբերյալ դիմումը նա ներկայացրել է մայիսի 19-ին. «Հավաքների ազատության մասին օրենքը հետևյալ տրամաբանությունն ունի՝ ով առաջինն է ներկայացնում հավաքի վերաբերյալ դիմումը, նա էլ ծանրաբեռնում է համապատասխան վայրը։ Տեղեկություն ունեի, որ հունիսի 17-ին Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկում է ներկայացրել ներկայիս իշխանության ներկայացուցիչը։ Այդ իսկ պատճառով հունիսի 17-ը բացառվել էր մեր դաշինքի կողմից, որովհետև բոլորս էլ գիտենք՝ ինչպիսի ատելության խոսք է գեներացվում նշված ուժի կողմից և նույն վայրում հավաք անցկացնելն իրենից մի շարք ռիսկեր էր ենթադրելու։ Մեր կողմից ներկայացվեց հունիսի 18-ի համար, որը Երևանի քաղաքապետարան մուտքագրվել էր, բայց մեզ նման մոտեցում չցուցաբերեց հակառակ կողմը։ Վերջիններս իրազեկում ներկայացրեցին հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու համար և չնայած մեր կողմից ներկայացվել էր մինչև 21։00-ն հավաքն անցկացնել, քաղաքապետարանը որոշել էր, որ 20։00-ին պետք է ավարտվի մեր հանրահավաքը ու սկսվի հակառակ ուժինը»,-նշեց Արամ Վարդևանյանը։
Նա նկատեց, որ նույնիսկ ՀՀ ոստիկանությունը գրավոր տեղեկացրել էր բոլոր ռիսկերը, եթե միաժամանակ երկու հակառակ կարծիք ունեցող ուժերի միջև հավաք տեղի ունենա նույն վայրում։ Չնայած այդ ամենին քաղաքապետարանը որոշում էր կայացրել։
Արամ Վարդևանյանը նշեց, որ հայցադիմում են ներկայացրել Վարչական դատարան, որը բավարարվել է և նրանց հավաքն ավարտվելու է 21։00-ին։
«Ուզում եմ, որ թե՛ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները, թե՛ մարդու իրավունքների պաշտպանը պատշաճ կերպով գնահատական տան այն երևույթին, որ չնայած մի կողմը գիտակցում է, որ հակառակ կարծիք ունեցող, ընդդիմադիր դաշտում հանդես եկող հիմնական ուժը հավաք է իրականացնում մի վայրում, որտեղ նրանք ևս ուզում են հավաք իրականացնել այն դեպքում, երբ հունիսի 17-ի համար են նրանք ներկայացրել իրենց իրազեկումը։ Բոլորս հիշում ենք մարտի 1-ի դեպքերի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնությունները և բախումները խրախուսող վարքագիծը, կարծում եմ՝ դա պետք է առնվազն ազդակ լինի»,-ասաց Արամ Վարդևանյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.