23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քարտեզը հիմք ընդունելիս կարևոր է հասկանալ, թե ինչ իրավական հիմքեր ունի այն։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Եթե այդ քարտեզները սովետական տարիների են, պետք է լիովին հստակեցված և բոլոր կողմերից ընդունված լինեն, որ հիմք հանդիսանա։ 20-ականների քարտեզով, օրինակ, Ալ լճերը նշված են որպես Հայաստանի տարածք, այնպես որ այս մասով փոփոխությունները հօգուտ մեզ կլինեին: Այդ քարտեզներում որոշակի գիծ կա, որից այս կողմ են մնում այդ լճերը։ Այդ լճերը Վարդենիս-Ջերմուկ հատվածում են գտնվում։ Սպասենք, տեսնենք որ թվականի քարտեզները հիմք կընդունվեն։ Պարզ է, որ երկար ժամանակ մեր տարածաշրջանում նույնիսկ հարևան սովխոզների միջև որոշակի փաստաթղթեր են ստորագրվել, տարածքներ են հանձնվել` որպես արոտավայր` մի մասը նրան, մյուսը` սրան, որի արդյունքում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել մի մասը` ի վնաս մեզ, մի մասը` գուցե հօգուտ։ Բայց սրանք իրավական պրոցեսներ են, որ պետք է կարգավորվեն»,- նշեց Սանոսյանը։
Գնել Սանոսյանի խոսքով՝ քննարկումներ ընթանում են, բայց ինքը մանրամասնորեն տեղյակ չէ։
«Այո, մենք ցավոտ իրավիճակում ենք հայտնվել, բայց այս իրավիճակում կարևոր դեր ունի խաղաղ ապրելը, զարգանալը, ոտքի կանգնելը ու սահմանային իրավիճակի հստակեցումը, որ մենք վեճեր չունենանք, ոչ մեկ ավտոմեքենային չհարվածեն։ Նույնիսկ եթե մեկ-երկու տեղ էլ ցավոտ բան կարող է լինել, ավելի լավ է ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, որ սա է մեր սահմանները, քան ամեն օր միջադեպեր ունենալ։ Դրա մեզ այդ գործընթացը պետք է»,- հավելեց Գնել Սանոսյանը։
Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում ակտիվ քննարկման առարկա է դարձել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժվարանում կանգնած մնալ կամ քայլել։
Տեսանյութը 10 վայրկյան տևողություն ունի, սակայն դրանում ակնհայտ է Էրդողանի տկար կեցվածքը։
Նախկինում ևս համացանցում հրապարակվել են նմանատիպ կադրեր։ Օրինակ Վաշինգտոնում հայտնի հետազոտող Սթիվեն Քուքը «Foreign Policy» ամսագրում վերջերս հրապարակած հոդվածում նշել էր, որ Էրդողանի առողջական վիճակը աստիճանաբար վատթարանում է, ուստի նա 2023 թվականի նախագահական ընտրություններին հնարավոր է չկարողանա առաջադրել իր թեկնածությունը։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները կեղծվել են։ Քաղաքական գործիչը կարծում է, որ Վրաստանի բնակիչներն այժմ պետք է գնան Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ճանապարհով, գրում է ekhokavkaza.com-ը։
Նախկին նախագահի ուղերձը լրագրողներին է ներկայացրել նրա փաստաբան, «Մթավարի հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։
«Ի՞նչ պետք է անենք. Միայն մի բան՝ մենք պետք է ստիպենք նրանց վճարել այն գինը, որը վճարում են ինքնասեր ազգերը կեղծարար իշխանություններին: Նրանց իշխանությունը պետք է խլենք ու ամեն ինչի համար օրենքի առաջ պատասխանատվության ենթարկենք։ Այդպես վարվեց մեր հարևան Հայաստանը։ Այնտեղ Փաշինյանը կռվում էր իր կալիբրով չորս անգամ Իվանիշվիլիին գերազանցող օլիգարխի դեմ, որի թիկունքին կանգնած էր Ռուսաստանը. նրա համար նույնպես կեղծում էին ընտրություններ, բայց հայ ժողովուրդը, այնուամենայնիվ, հաղթեց։ Ավելի ու ավելի շատ մարդիկ դուրս եկան փողոցներ, և ավազակային իշխանությունները ստիպված էին հեռանալ, ստիպված եղան արտահերթ ընտրություններ նշանակել», — ասել է Սաակաշվիլին:
Իր ուղերձում քաղաքական գործիչը խոսել է նաև ուկրաինական «նարնջագույն հեղափոխության» օրինակի մասին և հավելել, որ նման հեղափոխությունների գաղափարը ծնվել է Վրաստանում։
Հոկտեմբերի 30-ին Վրաստանում կայացել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը։ Քաղաքացիներն ընտրել են 20 քաղաքների, այդ թվում՝ Թբիլիսիի, Բաթումիի, Քութայիսիի, Փոթիի և Ռուսթավիի քաղաքապետերին, ինչպես նաև 24 մեծամասնական շրջանների տեղական ժողովների (սակրեբուլոյի) պատգամավորների։
ԿԸՀ-ի տվյալներով՝ 20 քաղաքներից 19-ում քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում հաղթել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները։ Միակ քաղաքը, որտեղ հաղթել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչը, Ծալենջիխան է։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:
Հայաստանն այլևս չի օգտագործում տեղական արտադրության ՊՇՌ թեստեր։ Կառավարությունը թեստերը ներմուծում է, ընդ որում, որոշները նվիրատվության տեսքով, մի մասն էլ գնումներով։ Գնված թեստերի արժեքը տատանվում է 850 դրամից մինչև 3000 դրամ։ Այս մասին պաշտոնապես հայտնել է առողջապահության նախարարությունը։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր Առողջապահության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե ո՞ր երկրի արտադրության ՊՇՌ թեստերն են օգտագործվում և ի՞նչ գնով է Հայաստանը դրանք ձեռք բերում։
Նախարարությունից տեղեկացրել են, որ ՀՀ-ում հիմա օգտագործվում են Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Բելգիայի, Լեհաստանի, Չեխիայի, Կորեայի, Բելառուսի արտադրության ՊՇՌ թեստեր ՊՇՌ թեստերը, որոնք ստացվում են որպես նվիրատվություն, մի մասն էլ ձեռք է բերվում։ Ձեռք բերված և մատակարարված թեստերն արտադրված են եղել Չինաստանում, Ռուսաստանում, Չեխիայում, Բելառուսում: Թեստերի արժեքները տարբեր ժամանակաշրջաններում տատանվում են 850-ից մինչև 3000 դրամ: Նախարարությունը չի մանրամասնում, թե որքա՞ն թեստ է ձեռք բերել ամենացածր՝ 850 և ամենաբարձր՝ 3000 դրամով։ Չի ներկայացվում նաև, թե ինչպե՞ս են բաշխվում նվիրատվությամբ ՀՀ-ին ուղարկված թեստերը։
Միաժամանակ Հայաստանում թեստավորման արժեքը տատանվում է 7000-ից մինչև 20 հազար դրամ։ Հայաստանում անվճար թեստավորում իրականացվում է միայն պոլիկլինիկաներում: Մնացած դեպքերում քաղաքացիները ստիպված են լինում իրենց գրպանից մի քանի անգամ ավելի վճարել՝ թեստավորում կատարելու համար։
Հարցին, թե ամսական քանի՞ թեստ է մեր երկրում օգտագործվում, նախարարությունից կոնկրետ թիվ չեն նշել՝ հավելելով, որ ՊՇՌ թեստերի օգտագործման քանակը անմիջականորեն պայմանավորվում է կորոնավիրուսային վարակի համաճարակային իրավիճակով: Սակայն 2021 թվականի նոյեմբերի մեկի տվյալով հիվանդության տարածման սկզբից ՀՀ-ում ընդհանուր կատարվել է 2.110.256 թեստավորում, որոնցից միայն մոտ 100 հազարն է եղել տեղական արտադրության։
Դեռևս 2020 թվականի ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանը, խոսելով COVID-19 ՊՇՌ թեստերի անհրաժեշտության մասին, հայտարարել է, թե 550․000 ԱՄՆ դոլար են տրամադրելու ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին, որպեսզի ստեղծվեն տեղական թեստեր, ձեռք բերվի հումքը։ Ըստ Փաշինյանի, Հայաստանը պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր։ Հունիսի 24-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հայկական արտադրության թեստերն արդեն պատրաստ են:
Գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք նաև տեղական արտադրության թեստերով՝ խնդրելով նախարարությանը տեղեկացնել, թե դրանք ինչ ծավալով են օգտագործվում, սակայն պարզվեց, որ Հայաստանն այդպես էլ չի դարձել թեստ արտադրող երկիր։ Առողջապահության նախարարությունը հայկական թեստեր ստացել է միայն 2020 թվականին՝ ընդամենը՝ 103.155 թեստ։
Հիշեցնենք, որ ինստիտուտի տնօրենը հայտնել էր, որ 100 հազար թեստի համար կծախսվի մոտավորապես 250 հազար դոլարի կարգի գումար՝ նյութերի համար։ Վերջինս 2020-ի հուլիսի մեկին պնդում էր, որ մեկ թեստի ինքնարժեքը 2 դոլար 75 ցենտից չի անցնում։ Մինչդեռ շուրջ 100 հազար թեստ արտադրել են՝ 550.000 դոլարի դիմաց։
Կոպիտ հաշվարկով՝ արտադրված թեստերից յուրաքանչյուրի արժեքը կազմել է միջինը 5,3 դոլար։ Ստացվում է, որ հայկական արտադրության թեստը բավական թանկ է արժեցել՝ մոտավոր 2500 դրամ։
Մինչդեռ նույն ԱՆ-ի՝ Հայաստանը թեստեր է ձեռք բերել նաեւ 850 դրամով ու ստացվում է, որ անհամեմատ էժան է թեստ գնելը, քան արտադրելը, այլ խոսքով՝ 550.000 ԱՄՆ դոլարն ուղղակի վատնվել է, անարդյունավետ ծախսվել։
Հայաստանը ոչ միայն չդարձավ թեստ արտադրող, այլ այն բազմակի թանկ սեփական քաղաքացիների վրա իրացնող երկիր, քանի որ թեստերը ձեռք են բերվում 850- 3000 դրամով, սակայն իրացվում 7000-20.000 դրամով
Ոստիկանությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում կենսաչափական տվյալներ պարունակող նոր համակարգի ներդրման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը` պատասխանելով անձնագրի վավերականության ժամկետի մասին փոփոխության վերաբերյալ պատգամավորներից մեկի հարցին:
«Այդպիսով, մենք փորձ ենք անելու մեր հանրությանը տրամադրել բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր, այսինքն՝ հին անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից։ Եվ եթե մենք դեռևս 2022 թվականին տրամադրենք 10 տարի վավերականության ժամկետով հին նմուշի անձնագիր, մենք ստիպված ենք լինելու մինչև 2032 թվականը կիրառել և հանրապետությունում շրջանառել հին նմուշի անձնագրերը։ Այս փոփոխության նպատակը բացառապես այդ հանգամանքով է պայմանավորված։ Բազմիցս շրջանառվում է նաև այն թեզը, թե այս կերպ խախտում ենք որոշակի միջազգային պայմանագրեր։ Ո՛չ, չենք խախտում, որովհետև ունենք այլընտրանք։ Այսօր ևս շարունակում են տրամադրվել կենսաչափական անձնագրեր 10 տարի վավերականության ժամկետով։ Խոսքն այդ անձնագրերին չի վերաբերելու, այլ վերաբերելու է բացառապես հին նմուշի անձնագրերին»,- ասաց Ֆիդանյանը։
Փոխոստիկանապետը հավելեց, որ խոսքն առայժմ նախագծի մասին է, որը դրվել է հանրային քննարկման։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին, ազատ է արձակելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնեց Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։
Նա հայտնեց, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել է դատարան։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել էր հուլիսի 22-ին Երեւանի Ամիրյան փողոցում միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):
Հեղինակավոր The National Interest պարբերականում Մայքլ Ռուբինը ծավալուն հոդված է հրապարակել՝ կոռումպացված Ադրբեջանի մասին` վերլուծելով, թե ինչ հետևանքներ կունենա, եթե արեւմուտքը շարունակի անտեսել բռնապետ Իլհամ Ալիևի կողմից Ադրբեջանում ստեղծված իրողությունները:
Ըստ Ռուբինի, գաղտնիք չէ, որ Ադրբեջանը աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքում է։ Transparency International-ը Ադրբեջանը դասում է Ռուսաստանի, Մալիի և Մալավիի հետ նույն շարքում: Հեղինակը միաժամանակ համեմատության համար հայտնում է, որ Հայաստանը վարկանիշային աղյուսակում գտնվում է Հունաստանի և Սլովակիայի կողքին, իսկ Վրաստանն էլ ավելի լավ ցուցանիշ ունի: Պանդորայի փաստաթղթերի վերջին բացահայտումը ցույց տվեց, որ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամները գնել կամ վաճառել են տասնյակ միլիոնավոր դոլարների շքեղ անշարժ գույք։
Ռուբինը կարծում է, որ Արևմտյան երկրներն անտեսել են Ալիևի կոռուպցիան և բռնաճնշումները մի շարք պատճառներով։ Միացյալ Թագավորությունը պաշտպանում է Ադրբեջանին միջազգային ֆորումներում, որովհետև British Petroleum-ը շահեր ունի Ադրբեջանի էներգետիկ շուկայում:
«Թեև Չինաստանի առևտուրն Ադրբեջանի հետ շատ ավելի փոքր է Մեծ Բրիտանիայի համեմատ, Պեկինի հավակնություններն Ադրբեջանում արագորեն աճում են, ինչը ճակատագրի հեգնանքով Չինաստանին և Միացյալ Թագավորությանը դաշնակիցներ է դարձնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ստիպում կույր աջակցություն առաջարկել Ադրբեջանին, այն դեպքում, երբ ՄԱԿ-ը քննարկում է Հարավային Կովկասին վերաբերող հարցեր»։
Իսրայելը, երկարամյա կապեր ունի Ադրբեջանի հետ, որոնք ամրապնդվել են զենքի և էներգետիկայի առևտրով: 2020-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Ադրբեջանը պատերազմի ընթացքը շրջելու համար իսրայելական անօդաչու թռչող սարքեր է օգտագործել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական թիրախների դեմ՝ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայկական ուժերը հետ էին մղում ադրբեջանական սկզբնական ներխուժումը:
«Իսրայելը և Միացյալ Նահանգները արժևորում են Ադրբեջանը երկու պատճառով՝ ռազմավարական դիրքի և Իրանի դեմ լրտեսության համար իր տարածքը տրամադրելու պատրաստակամության համար: Թեև հիմնականում շիայական Ադրբեջանը ժամանակին փորձում էր իրեն հեռու պահել Իրանից, վերջին տարիներին Ալիևը հենվում էր Ադրբեջանի անցյալի հեղինակության վրա և ամրապնդում կապերը Իրանի հետ`չնայած Թեհրանի հետ վերջին տարաձայնություններին: Ադրբեջանի հեղինակությունը որպես կրոնական հանդուրժող և աշխարհիկ երկիր, նույնպես կողմնակիցներ է գրավում Արևմուտքում»։
Ադրբեջանի իրականությունն անտեսելու ռազմավարական պատճառներից բացի, կա նաև խավիարային դիվանագիտության և ոսկե օդապարիկների իրողությունը։ Ադրբեջանը լավ է վճարում՝ ռեժիմը շռայլորեն ծախսում է նվերների, շքեղ հյուրանոցային համարների և ընթրիքների վրա և մուտքի թույլտվություն է տալիս նրանց, ովքեր թութակի պես կրկնում են պաշտոնական դիրքորոշումները, հրաժարվում են ուսումնասիրել կամ քննարկել հակափաստարկները: Իսրայելի որոշ պաշտոնյաներ բացահայտ խոսում են այն մասին, թե ինչպիսի հույսեր ունեն թոշակի անցնելուց հետո մտնել ադրբեջանական բիզնես ասպարեզ: Ամերիկացի նախկին պաշտոնյաները գուցե ավելի զուսպ են իրենց խոսքում, բայց նրանց գործողությունները էապես չեն տարբերվում:
Հոդվածագիրը հայտնել է, որ Ալիևի դիրքորոշումը պետք է հարցեր առաջացնի ցանկացած ազնիվ վերլուծաբանի մոտ, բայց Ադրբեջանին ավելի շուտ ռազմավարական խոչընդոտ է դարձնում այն, որ Ալիևի մոտ աճում է դժկամությունը՝ մնալ Ադրբեջանի սահմաններում։ Խնդիրը դուրս է գալիս Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճերից, և վերածվում է բուն Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային պահանջների, որոնք վերջին տասնամյակում Ադրբեջանի բռնապետն ավելի ու ավելի է բարձրաձայնում:
Մինչ Մինսկի խմբի դիվանագետներն առաջ էին քաշում «հող խաղաղության և անվտանգության դիմաց» բանաձևը, Ալիևը ադրբեջանցիներին խոստանում էր, որ Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից հայերի հեռանալը կլինի միայն վերջնական լուծման առաջին փուլը: Թեև իրար հաջորդող մի քանի պետքարտուղարներ Ալիևի խոսքերն իր դեմ էին օգտագործում, Ալիևը չէր փորձում խաբել իր լսարանին: 2016թ. դեկտեմբերին Տերտեր շրջանում Ալիևը հայտարարեց. «Այսօր մենք ժամանակակից Հայաստանի Հանրապետության նկատմամբ որևէ հավակնություն չունենք: Մենք մտադիր չենք ռազմական ուժով վերադարձնել Երևանը, Մեղրին, Գորիսը, բայց ես վստահ եմ, որ կգա ժամանակը, և մենք՝ ադրբեջանցիներս, կվերադառնանք մեր բոլոր պատմական հողերը»:
Վերջին տարիներին, երբ Ադրբեջանի տնտեսությունը լճացել կամ անկում էր ապրում նավթի գների անկման ֆոնին, Ալիևն ավելի ու ավելի էր հակված ռևանշիստական պնդումների՝ հասարակության ուշադրությունը սեփական սխալ կառավարումից շեղելու համար:
Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո Բաքվի զորահանդեսի ժամանակ Ալիևը Երևանը անվանեց Ադրբեջանի «պատմական հողեր»: Նման հռետորաբանությունը խաթարում է խաղաղության հույսերը։
«Անցյալ ամիս Ալիևը սառը ջուր լցրեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Հայաստանի խնդրանքի վրա՝ զգուշացնելով հայերին, որ նրանք պետք է զերծ մնան այդ թեմայի բարձրաձայնումից, քանի որ Ադրբեջանն ավելի շատ պատմական հիմքեր ունի հավակնելու Հայաստանի այնպիսի տարածքների, ինչպիսիք են Զանգեզուրը և Սևանա լիճը»:
Մի բան է, որ Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալ, ինչը կարելի է շտկել, բայց բոլորովին այլ բան է մերժել Հայաստանի գոյության իրավունքը։
Ռուբինը նշում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի ողջ հարստությունը՝ ադրբեջանցիների մեկ շնչին բաժին ընկնող եկամուտն իրականում ավելի քիչ է, քան վրացիների և հայերի եկամուտը։ Սա այն դեպքում, երբ հայերը գոյատևում են թուրք-ադրբեջանական տնտեսական շրջափակման պայմաններում: Ադրբեջանն այժմ կանգնած է կատարյալ փոթորկի առջև։ ՄինչԱլիևը ձգտում է իր կնոջն ու որդուն առաջ մղել որպես իրեն փոխարինող, շարքային ադրբեջանցիները գնալով ավելի են հիասթափվում իրենց ծանր վիճակից: Նրանք նաև տեսնում են Ալիևի Լեռնային Ղարաբաղի հաղթանակի գինը, այն է՝ ռուսական և թուրքական զորքերի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարում:
«Ալիևը կարող է համարել, որ Հայաստանը թույլ է, բայց ոչ մի ներխուժում Հայաստան չի սահմանափակվի երկու պետություններով: Հայաստանի վրա ցանկացած հարձակում կռվի մեջ կներքաշի Թուրքիային, Ռուսաստանին և, հավանաբար, նույնիսկ Իրանին՝ ճգնաժամ ստեղծելով Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) համար: Անգամ եթե ագրեսիան չբերի արտաքին միջամտության, ադրբեջանական կողմից հայկական տարածքի գրավումը ոչ թե կլուծի, այլ կհետաձգի Ադրբեջանի ներքին խնդիրների լուծումը, կթուլացնի նրա տնտեսությունը և նրան փակ շրջանի մեջ կգցի: Մյուս կողմից, եթե ադրբեջանական ճնշումը ստիպի Հայաստանին զոհաբերել ինքնիշխանության որոշ հատված՝ հանուն անվտանգության և մտնել Ռուսաստանի հետ անվտանգության ավելի լայն դաշինքի մեջ, ապա Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն շուտով այլ հետևանքների առաջ կկանգնեն»:
Ալիևը կարող է լինել բռնապետ լինել, բայց Արևմուտքի կողմից Ադրբեջանի նոր իրականության ժխտումը և նրա աճող ռազմատենչության անտեսումը խոստանում են տարածաշրջանում արդարության և ժողովրդավարության համար ավելի արյունալի ապագա, քան նա ինքն է: Խոսքը ոչ միայն երկու փոքր պետությունների միջև ինչ-որ տեսական վեճի մասին է, այլև Արևմուտքի ռազմավարական դիրքորոշման մասին։
1991թ. հոկտեմբերի 30-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից սկսվեց և ժամերի ընթացքում հաջողությամբ ավարտվեց Տողի ազատագրման ռազմագործողությունը: Ուղիղ 30 տարի առաջ՝ այս օրը Տողը նորից լրիվությամբ հայաբնակ էր… Ավաղ, դրանից 29 տարի անց մենք, գրեթե առանց մարտի, կրկին հանձնեցինք այն,ինչը ձեռք էինք բերել մեր հերոս նվիրյալների կամքի և ոգու շնորհիվ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«1991թ. հոկտեմբերի 30-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից սկսվեց և ժամերի ընթացքում հաջողությամբ ավարտվեց Տողի ազատագրման ռազմագործողությունը: Ուղիղ 30 տարի առաջ՝ այս օրը Տողը նորից լրիվությամբ հայաբնակ էր…
Ավաղ, դրանից 29 տարի անց մենք, գրեթե առանց մարտի, կրկին հանձնեցինք այն,ինչը ձեռք էինք բերել մեր հերոս նվիրյալների կամքի և ոգու շնորհիվ… Անդրադառնանք ու վերստին հիշենք այն ժամանակները, երբ իրոք հպարտ էինք…
ՏՈՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
Համառոտ պատմական տեղեկանք
Հադրութի շրջանի Տող բնակավայրը պատմությանը հայտնի է 7-րդ դարից: Ըստ հավաստի տեղեկությունների, 10-րդ դարում ունեցել է շուրջ 10 հազար բնակիչ: 16-րդ դարում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը: 17-րդ դարում ճանաչվել է որպես բերդաքաղաք: Գյուղում և շրջակայքում են գտնվում Գտչավանքը (12-րդ դ.), Ս. Հովհաննես (18-րդ դ.), Ս. Վարդան (17-րդ դ.), Ս. Ստեփանոս Նախավկայի (13-րդ դ.) եկեղեցիները: Մինչև խորհրդայնացումը, 1912թ. տվյալներով, գյուղում բնակվում էր 2342 հայ: Խորհրդային կարգերի հաստատումից հետո, ինչպես Արցախի շատ բնակավայրերում, Տողում ևս սկսեցին բնավորվել ադրբեջանցիներ: Մանավանդ հատկանշական է 1943-1953թ.թ. Ադրբեջանի Կենտկոմի նախաձեռնությամբ Իմիշլիի շրջանի Թալիբխանլու կոչվող ‹‹ղշլաղից›› ադրբեջանցի 43 ընտանիքների վերաբնակեցումը Տողում, որոնք արագորեն աճելով, դարձան 150 ծուխ: Տասնամյակների ընթացքում, շնորհիվ Բաքվի կողմից իրականացված նպատակային ու հետևողական քաղաքականության, նրանց թիվն այնքան շատացավ, որ գյուղը բաժանվեց հայկական և ադրբեջանական թաղամասերի: 1988թ. Տողում ապրող 1412 բնակիչներից 811-ն արդեն թուրքեր էին:
Արցախյան ազգային ազատագրական շարժման առաջին իսկ օրերից ակնհայտ դարձավ, որ Տողի հայ բնակչության և եկվոր ադրբեջանցիների միջև փոխըմբռնման ու ‹‹բարիդրացիական հարաբերությունների›› գոյության մասին տարիներով շրջանառված բարձրագոչ հայտարարությունները եղել են արհեստական: 1988-ի մարտին գյուղի հայերի և թուրքերի միջև տեղի ունեցավ առաջին լուրջ ընդհարումը, որն այդուհետ կրեց պարբերական բնույթ: Բաքվի իշխանություններն օգտագործելով առիթը, իսկույն ևեթ Տող մտցրին միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայինների մեկ ստորաբաժանում, որն ինչպեսև սպասվում էր, դարձավ այդ ենթաշրջանի հայության դեմ ծավալված ահաբեկչական գործողությունների հիմնական կազմակերպիչն ու իրականացնողը:
‹‹Օրենքի դիկտատուրան›› հաստատելուց հետո, Ադրբեջանի ղեկավարությունն անցավ Տողի ‹‹խաղաղ›› գրավման ծրագրի իրականացմանը: Միջին Ասիայից բռնատեղահանված թուրք-մեսխեթներին վերաբնակեցնելու և այդ ճանապարհով ադրբեջանցիների բացարձակ մեծամասնությունն ապահովելու նպատակով գյուղի թուրքական թաղամասում ծավալվեցին ինտենսիվ շինարարական աշխատանքներ: Բացի այդ, գործողության մեջ դրվեցին ‹‹կազմակեպչական›› բնույթի մի շարք գործընթացներ, որոնցից ամենաանսպասելին, թերևս, Հադրութի շրջկոմի լուծարումն ու դրա փոխարեն Տողում նոր շրջկոմի ստեղծումն էր,որի առաջին քարտուղար նշանակվեց միջնակարգ դպրոցի տնօրեն, ‹‹Գորշ գայլեր›› ընդհատակյա ազգայնական ջոկատի անդամ Նիյազ Ջահանգիրովը: Դրանով Դիզակի երբեմնի մելիքանիստը փաստորեն դարձավ Հադրութում իրականացվող հայահալած գործողությունների կենտրոնատեղին:
Բաքվի կողմից ծավալած հակահայկական քաղաքականությանը դիմագրավելու համար Տողի հայությունը ստիպված էր դիմել ինքնապաշտպանության՝ օգտագործելով լեգալ և անլեգալ հնարավոր բոլոր միջոցները: Դեռևս ազգային-ազատագրական շարժման առաջին ամիսներին, երբ Տողի ադրբեջանական համայնքը՝ գյուղում տեղակայված օմոնականների գործուն օժանդակությամբ, գնում էր իրավիճակի կանխամտածված սրման, տեղի հայ բնակչությունը՝ Վիգեն Գրիգորյանի, Արմեն Գասպարյանի, Ռուբիկ Բալայանի, Սլավիկ Սարգսյանի և էլի մի շարք առաջամարտիկների նախաձեռնությամբ ձեռնամուխ եղան ընդհատակյա կամավորական ջոկատի ձևավորմանը: Սկզբնական շրջանում ջոկատի անդամները հիմնականում զինված լինելով որսորդական հրացաններով և ինքնաշեն զենքերով, կատարում էին հայկական թաղամասն ու հայերի ունեցվածքը ադրբեջանական ավազակախմբերից պաշտպանելու խնդիր:
Գնալով իրավիճակն ավելի էր սրվում: Առավել հաճախակի և դաժան բնույթ էին ստանում հակամարտ կողմերի միջև տեղի ունեցող բախումները: Արցախում իշխանությունը զավթած Սաֆոնով-Պոլյանիչկո տանդեմը երկու մասի բաժանված գյուղի խաղաղ գոյակցությունն «ապահովելու» համար շուտով Տող մտցրեց ԽՍՀՄ ներքին զորքերի 150 հոգանոց անձնակազմը: Սակայն, եթե ոչ բոլորի, ապա գոնե հայ համայնքի համար պարզից էլ պարզ էր, որ տվյալ ուժերի տեղակայումը գյուղի տարածքում ոչ թե նպատակ ունի հավասարապես պաշտպանելու հայերի և ադրբեջանցիների խաղաղ և անվտանգ կենսագործունեությունը, այլև կյանքի կոչելու բացառապես Բաքվի կողմից իջեցված հայատյաց ծրագրերը: Հատկանշական է նաև, որ բացի ներքին զորքերից, այդ ընթացքում Տողում տեղակայված ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները համալրվեցին նոր ուժերով, գաղտնի կերպով տեղաբնակ ադրբեջանցիներին զինեցին տարատեսակ ավտոմատ զենքերով:
Զուգահեռ այդ ամենին, ինչպես Տողում, այնպես էլ շրջանի մյուս բնակավայրերում, հաճախակի դարձան հայերի տները խուզարկելու, տարբեր պատրվակներով տղամարդկանց բերման ենթարկելու և կալանավորելու դեպքերը: Այդ առումով առավել ծանր իրավիճակ ստեղծվեց 1991թ. գարնանը, մասնավորապես մայիսի 13-ից 16-ը, երբ անձնագրային ռեժիմի ստուգման պատճառաբանությամբ, Հադրութի շրջանի մեկ տասնյակից ավելի գյուղեր ենթարկվեցին բռնի տեղահանության: Չնայած Տողի հայ բնակչությունը խուսափեց այդ ծրագրավորված գործողությունից, բայցևայնպես ոմանց հետ տարվեց «բացատրական աշխատանք», իսկ ոմանց էլ կարճատև մեկուսացումից հետո ազատ արձակեցին:
Շրջանում տեղ գտնող դեպքերի զարգացումը ցույց էր տալիս, որ ԽՍՀՄ ներքին զորքերի հովանավորությամբ իրականացվող վայրագությունները կանխելու համար տեղի հայությանն անհրաժեշտ է դիմել գործուն քայլերի: Մարդիկ վերջապես հանգեցին միակ ու ճիշտ հետևության՝ զինված ինքնապաշտպանությունն այլևս այլընտրանք չունի, հարկավոր է ձերբազատվել թույլի բարդույթից և վճռականորեն պայքարել հանուն ազատության: Ասվածն իր առաջին գործնական դրսևորումը ստացավ մայիսի 17-ին: Այդ օրը շրջանի կամավորականներից կազմված ջոկատը մտավ Խանձաձոր և Ցոր գյուղերը և նշված բնակավայրերից դուրս քշեց թալանով զբաղված թուրք խաշնարածներին: Հայ ինքնապաշտպանների այս հանդուգն ձեռնարկումը ոգեշնչման ազդակ հանդիսացավ շրջանի մյուս գյուղերի համար:
Տողի կամավորականները լսելով լուրը, ավելի վճռական դարձան իրենց հետագա գործողություններում: Գյուղի հայկական թաղամասի պաշտպանության ամրապնդմանն ուղղված գործընթացներին զուգահեռ, նպատակային աշխատանք ծավալվեց ջոկատի նյութատեխնիկական բազայի բարելավման և այն ներկայացվող պահանջներին հնարավորինս համապատասխանեցնելու համար: Հարկ է նշել, որ այդ աշխատանքները կատարվում էին շրջանում արդեն իսկ ընթացքավորված միացյալ ինքնապաշտպանական ուժերի ձևավորման համատեքստում, ինչը նշանակում է, որ, ինչպես մյուս գյուղերի, այնպես էլ Տողի ինքնապաշտպանները տարանջատ գործող ջոկատների մարտավարությունից գիտակցված կերպով անցնում են կազմակերպված տարածքային պաշտպանության: Բնականաբար, այս ամենը որքան էլ գաղտնի, այդուհանդերձ, «շնորհիվ» նախկին խորհրդային զորքերի տրամադրության տակ եղած հետախուզական հնարավորությունների, ինչ-որ չափով հասանելի դարձավ ադրբեջանական կողմին: Հենց այս հանգամանքն է պատճառներից մեկը, որ 1991թ. ամառվա վերջերին և աշնան սկզբներին Բաքվի իշխանություններն առավել սանձարձակ բնույթ հաղորդեցին Տողի հայ բնակչության դեմ ծավալած ահաբեկչական գործողություններին:Հայկական թաղամասի և հայերին պատկանող ֆերմանների ու հողահանդակների վրա ադրբեջանական ավազակախմբերի հարձակումները դարձան ամենօրյա և սովորական, օրը ցերեկով գնդակոծում էին հայկական տներն ու գյուղի մերձակա ճանապարհով անցնող մեքենաները: Նման դեպքերից մեկը տեղի ունեցավ Տումի-Ստեփանակերտ երթուղային ավտոբուսի հետ, որի հետևանքով սպանվեց երեք ուղևոր: Իսկ այն, ինչ կատարվեց հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը, անհնարին է ներկայացնել առանց սարսուռի:
Այդ օրը մի քանի հոգուց կազմված ադրբեջանցիների ոհմակը զինված մտնում է Տողի բնակիչ Միսաք Դանիելյանի տունը և գազանաբար սպանում տանտիրոջն ու նրա ընտանիքի չորս անդամներին, այդ թվում՝ կնոջը՝ 67-ամյա Զարեհ Դանիելյանին, որդուն՝ 30-ամյա Սերժիկ Դանիելյանին, հարսին՝ 23-ամյա Մարինե Դանիելյանին և թոռանը՝ 4-ամյա Կարենին: Հրեշավոր գործողությունից հաջողվում է փրկել միայն 3-ամյա Արթուրին և 5-ամյա Արմենին, որոնց, նախքան սպանվելը, տատը հասցրել էր թաքցնել տան վերնահարկում՝ անկողնու տակ: — « Մայրս երեխաներին զգուշացրել էր, որ եթե նույնիսկ տեսնեն, որ թուրքերն իրեն սպանում են, ձայն չհանեն,-պատմում է Դանիելյանների աղջիկը՝ Նաիրան:- Մայրս իջել է ներքեւ եւ այլեւս չի բարձրացել:
Երեխաները մինչեւ լուսաբաց մնացել էին վերնահարկում եւ երկար ժամանակ վախից ոչինչ չէին կարողանում խոսել, իսկ ես ամբողջ գիշեր դիմացի տնից տեսնում էի, թե մեր տանն ինչ են անում ադրբեջանցիները, ինչպես են սպանում իմ հարազատներին: Ես ոչինչ չէի կարող անել, քանի որ ադրբեջանցիները կսպանեին նաեւ իմ երեխաներին…»:
…Այդ հրեշավոր գործողությունը կատարվեց ԽՍՀՄ ներքին զորքերի 150 հոգանոց անձնակազմի հանցավոր թողտվությամբ… Նրանց, ովքեր իբր կոչված էին հավասարապես պաշտպանելու բոլորի անվտանգությունը: Սակայն ոչ, իրականությունը այլ էր և ոչ հայանպաստ: Այդ դեպքից մի քանի օր հետո խորհրդային ներքին զորքերը թողեցին գյուղը: Ինչպես ասում են՝«մավրը կատարեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»:
Տեղի ունեցածը վերջնականապես ցույց տվեց, որ դրությունը փրկելու միակ ճանապարհը սեփական ուժերին ապավինելն ու վճռական քայլերի գնալն է: Եվ կայացվեց սպասված որոշումը՝ Տողի ադրբեջանական ռազմահենակետն անհրաժեշտ է ոչնչացնել և գյուղի հայ բնակչության համար ապահովել ազատ ու անվտանգ կենսագործունեություն:
Ռազմագործողությանը վերաբերող հարցերի շրջանակը ճշտելու և համապատասխան պլան մշակելու նպատակով այդ օրերին Հադրութի շրջան եկավ դեռևս Արցախում ոչ այնքանհայտնի խորհրդային բանակի պահեստազորի գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը («Կոմանդոս» մականունը նա վաստակեց հենց Տողի օպերացիայի նախապատրաստման և անցկացման օրերին): Ռազմագործողության պլանավորմանը նվիրված գլխավոր խորհրդակցությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 29-ին, որին բացի Տողաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարներից, ներկա էին Մարտակերտի շրջանից՝ Վլադիմիր Բալայանը, Ստեփանակերտից՝ Աշոտ Ղուլյանը, Հայաստանից՝ Մանվել Գրիգորյանը, Հադրութից՝ Արթուր Աղաբեկյանը և ուրիշներ: Ըստ ականատեսի վկայության քննարկումը տևեց կարճ, բայց անցավ բավականին գործնական մթնոլորտում: Կարծիքները բազմազան էին, հաճախ էլ իրարամերժ: Ներկաները հիմնականում համակարծիք էին անհապաղ անցնելու ռազմագործողության իրականացմանը, սակայն կային նաև մարդիկ, ովքեր այն համարում էին վաղաժամ: Թեժ քննարկումներից հետո, այդուհանդերձ, կայացվեց դրական որոշում՝ անհապաղ պետք է Տողն ազատագրել:
Համաձայն ընդունված մարտական որոշման, նախատեսվեց ռազմագործողությունը սկսել հոկտեմբերի 30-ի ժամը 17.00-ին: Խորհրդակցության ավարտին գնդապետ Տեր-Թադևոսյանը կատարեց մեկ հավելում. — «Մարտական գործողությունները թեև նախատեսված են ժամը 17.00-ին, բայց սկսելու ենք քիչ ուշացումով: Սա ամենևին չի նշանակում, որ ինչ-որ բան փոխվում է: Ամեն մեկդ պետք է նախատեսված ժամին դիրքավորվեք ձեզ հատկացված դիրքերում և հատուկ հսկողության տակ պահեք ազերի գրոհայինների հնարավոր հարձակման ուղղությունները: Տողը պետք է ազատագրենք վաղը և առանց արյունահեղության: Ամեն ինչ պետք է կատարվի առավելագույնս մտածված, անսպասելի և հաշվենկատ: Ի նկատի առեք, որ վաղն ամբողջ աշխարհը իմանալու է մեր գործողության մասին»:
Տողի ազատագրման օպերացիայի պլանավորումն ու իրականացումը ռազմաքաղաքական տվյալ պայմաններում, իրոք, հանդուգն ձեռնարկում էր, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այդ ընթացքում Տողը Բաքվի կողմից ձեռնադրված էր Հադրութի շրջանի վարչական կենտրոն և գտնվում էր նրա հատուկ ուշադրության կենտրոնում: Գյուղում կենտրոնացվա շուրջծ 150 ադրբեջանական օմոնականների և, դրանից ավելի, ժամանակակից ավտոմատ զենքերով սպառազինված, աշխարհազորայինների բանակի դեմ գնալ 100-ից էլ քիչ (ընդամենը 64 ինքնաձիգով և հրացանով զինված) կամավորականներով, իրոք արկածախնդրություն էր: Բայց որքան էլ դժվար, թելադրողը ժամանակն էր և ստեղծված իրավիճակը: Ինչ արած, պետք էր գնալ և… հաղթել:
Համաձայն ռազմագործողության պլանի, մինչև հարձակման մեկնարկը, ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը կամավորականների որոշակի խմբաքանակ կենտրոնացրեց Տողի արևելյան մասում՝ Դիմանաբադ կոչվող տարածքում, նպատակ ունենալով կանխել Ֆիզուլու կողմից գյուղում տեղակայված ադրբեջանական ավազակախմբերին օգնության եկող զինյալների առաջընթացը: Իսկ արդեն երեկոյան ժամը 17.15-ին հարձակմանը մասնակից հայկական ստորաբաժանումները, ըստ ռազմագործողության պլանով նախատեսված ուղղությունների, զբաղեցրին իրենց ելման դիրքերը և վերահսկողության տակ առան ադրբեջանական թաղամաս մտնող երթուղիներն ու կածանները, միաժամանակ գյուղի խաղաղ բնակչության անվտանգ տարանցման համար թողնելով ճանապարհ դեպի Ֆիզուլի:
Նախքան ռազմագործողության մեկնարկը, Տողի կամավորականներից կազմված մի խումբ՝ Վիգեն Գրիգորյանի գլխավորությամբ, անցավ հակառակորդի զբաղեցրած տարածքի հետախուզմանը, պարզորոշեց դիրքերի դասավորությունը, դրանցում ներգրավված ուժերի քանակն ու տեխնիկական սպառազինվածության հնարավորությունները: Հատուկ ուշադրություն դարձվեց հարակից ադրբեջանական ռազմահենակետերից և, հատկապես, Ֆիզուլու ողղությունից հավանական օգնության դեպքում հակառակորդի ուժերի առաջխաղացման երթուղիների ճշտմանը և, ըստ այդմ՝ կատարվեց ժամանակի իրական հաշվարկ:
Այդ և մյուս նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուց հետո, հոկտեմբերի 30-ի երեկոյան մոտ ինքնապաշտպանական ուժերը, իրենց տրամադրության տակ եղած կիսաինքնաշեն թնդանոթից ուղիղ նշանառությամբ կրակային հարված հասցրին հակառակորդի շտաբին: Հաջորդ երկու թիրախային հարվածներով շարքից հանվեցին գյուղի դպրոցի շենքում տեղակայված միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայինների զորանոցը և ռազմամթերքի պահեստի վերածված հարակից շինությունը: Հանկարծահաս և դիպուկ հարվածներից անակնկալի եկած թշնամու հրամանատարությունը մարտի առաջին իսկ պահից կորցրեց ենթակա ուժերի կառավարման ունակությունը: Հակառակորդի ճամբարում իրավիճակն ավելի անկառավարելի դարձավ, երբ, հատուկ ազդանշանից հետո, հայ ինքնապաշտպանները գյուղի գրեթե բոլոր կողմերից սկսեցին հրաձգային խիտ կրակով ճնշել թշնամական դիրքերը: Խուճապի մեջ հայտնված ադրբեջանական օմոնականները, որ օրեր առաջ իրենց զգում էին դրության իրական տեր, թողնելով հենակետերը, ցաքուցրիվ հեռանում էին գյուղից: Իսկ նրանց հետևում էին գյուղում մնացած և արդեն անպաշտպան դարձած թուրք բնակչության մնացուկները:
Փայլուն կերպով կազմակերպված ռազմագործողությունը, որը հայ կամավորականներն իրականացրին առանց զոհ և վիրավոր տալու, տևեց ընդամենը մեկ ժամ: 17.00-ին պատմական Դիզակի երբեմնի մելիքանիստը դարեր հետո նորից գտնվում էր Հայոց բացարձակ վերահսկողության տակ…»,- գրել է նա:
«Զբոսաշրջությունը երեկ, այսօր և վաղը». այս թեմայով կլոր սեղան-քննարկում էին կազմակերպել ԲՊՀ «Սերվիսի և զբոսաշրջության» ամբիոնը և «Տեսակետ» մամուլի ակումբը:
Քննարկման բանախոսները՝ ԲՊՀ Տուրիզմի և սերվիսի ամբիոնի վարիչ Էմիլ Չերքեզյանը, Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, «Ռիմա Թրավել» տուրիստական գործակալության ղեկավար Ռիմա Խաչատրյանը և «Վիզիտ Արմենիա» ու «Լոռե Թրավել» տուրիստական ընկերությունների հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը, անդրադարձան զբոսաշրջության ոլորտի ամենատարբեր հարցերի ու խնդիրների՝ սկսած համավարակային պայմաններում ներգնա ու արտագնա տուրիզմի կազմակերպումից, ավարտած որակյալ կադրերի պահանջարկին վերաբերող հարցերով:
Ինչպես իր խոսքում նշեց ԲՊՀ Տուրիզմի և սերվիսի ամբիոնի վարիչ Էմիլ Չերքեզյանը՝ զբոսաշրջության ոլորտը բավական մեծ կորուստներ է կրել: «2018-ի համեմատությամբ՝ 2020-ին ունեցել ենք 80 տոկոս անկում, ամենալավ կանխատեսուներով՝ 2024-ին հնարավոր է վերականգնել 2018-ի իրավիճակը»,-ասաց նա:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը ևս փաստեց, որ կորոնավիրուսի հետևանքներն ամենից շատ ուղղակիորեն իր վրա է վերցրել զբոսաշրջության ոլորտը: «Այսօր կարծես վիճակը խոստումնալից է, բայց դեռ հեռու ենք այն մտքից, որ կարող ենք ասել, թե ոլորտը վերականգնվել է: Անհրաժեշտ է քաղաքականություն, միասնական մոտեցում, խնդիրներն ավելի արդյունավետ պիտի կարողանանք լուծել»,-նշեց բանախոսը:
Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը համաձայնվեց գործընկերների հետ՝ հավաստիացնելով, թե զբոսաշրջությունը համարվում է ամենատուժած ոլորտներից մեկը: Նա, սակայն, նշեց, որ, այնուամենայնիվ, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ, մասնավորապես, Երևանը, չեն կորցրել իրենց գրավչությունը զբոսաշրջիկների համար: «Երևանում զբոսաշրջիկների հոսքեր կան, առաջինը ռուսական շուկան է, որ մայրաքաղաքում ավելի հաճախ կարելի է հանդիպել»,-ասաց Օրբելյանը:
Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ նա նշեց. «2021-ի հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստան է ժամանել 313 հազար 396 զբոսաշրջիկ, իսկ հունվար-օգոստոս ամիսներին՝ 488 հազար 550: Իհարկե, սա փաստում է, որ քաղաքը և երկիրն իրենց գրավչություններով չեն մարել՝ չնայած համավարակին ու պատերազմին:
Վերջին երեք տասնամյակներում զբոսաշրջութունն աճել է, և այս մարտահրավերների առջև կանգնած է ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը, բնականաբար, մենք ունենք խնդիրներ, որոնք պիտի լուծվեն, և պետք է նորովի ներկայացվեն թե՛ Հայաստանը, թե՛ Երևանը»:
«Ռիմա Թրավել» տուրիստական գործակալության ղեկավար Ռիմա Խաչատրյանն էլ անդրադարձավ ոլորտի այսօրվա թերևս ամենացավոտ հարցերից մեկին. «Այսօր զբոսաշրջիկներ գալիս են, բայց նրանք որքանո՞վ են տեղեկացված, թե երկիր մտնելիս ինչպիսի՛ թեստ պիտի հանձնեն, և արդյոք վակցինացիա անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ գրեթե ամեն օր նոր օրենքներ են դուրս գալիս, մենք պետք է ամեն օր զանգենք աշխարհով մեկ, ճշտենք, թե ո՛ր երկիրն ի՛նչ է պահանջում: Տուրիստական գործակալության աշխատողներն այդքան ժամանակ չունեն, որ տրամադրեն ինֆորմացիայի տիրապետմանը, ո՞վ պիտի զբաղվի դրանով, զբոսաշրջիկներին ու տուրիստական գործակալություններին անհրաժեշտ է տեղեկատվություն թե՛ պատվաստման, թե՛ թեստավորման հետ կապված, թե զբոսաշրջիկը ո՛ր երկիր կարող է մեկնել առանց պատվաստման, Եվրոպա մեկնելու համար ի՛նչ թեստ կամ պատվաստում է անհրաժեշտ և այլն: Ո՞վ պետք է մեզ տրամադրի տեղեկություններ»:
Նրա խոսքով՝ զբոսաշրջության համար համավարակի ու պատերազմի հետևանքով ստեղծված այս ծանր ժամանակաշրջանից հետո իրենք գրեթե ամեն օր տոմսերի վերադարձ են ձևակերպում:
Ոլորտի օրենսդրական կարգավորումներին անդրադարձավ «Վիզիտ Արմենիա» ու «Լոռե Թրավել» տուրիստական ընկերությունների հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը: Նա վստահ է, որ պետք է փոփոխել տուրիզմի մասին օրենքը: «Այսօր ունենք մի օրենք, որը շատ հարցերի չի պատասխանում: Օրենքից բացի՝ երկրորդ խնդիրը համաշխարհային շուկայում Հայաստանի ճանաչելիության բարձրացման հետ է կապված: Երրորդ խնդիրը վերաբերում է հասանելիությանը. մեզ մոտ թռիչքները շատ սահմանափակ են, հուսով եմ՝ հիմա կլինեն ուղիղ թռիչքներ գոնե որոշ եվրոպական երկրներ, որոնք մեզ համար համարվում են զբոսաշրջության թիրախային երկրներ: Հուսով եմ նաև, որ վերջին ժամանակներս հիմնադրվող ավիաընկերությունները մեզ հետ կխորհրդակցեն և կունենան թռիչքային առումով ուղղություններ, որոնք մեզ համար կարևոր են»:
Շարունակելով թեման՝ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ ամիսներ առաջ հանրային քննարկման էր դրվել զբոսաշրջության մասին օրենքի նախագիծ, որտեղ, նրա խոսքով, մի ողջունելի կետ կար: «Դա այն է, որ վերջապես Կոմիտեի կողմից ընդունվել է անհրաժեշտություն, որ մի շարք գործունեության տեսակներ պետք է լիցենզավորվեն, այսինքն՝ օրենքը պիտի ուղղված լինի ոլորտում գործարար, ներդրումային, մրցակցային միջավայրի բարելավմանը, որն այսօր լավ վիճակում չէ, պետք է ուղղված լինի Հայաստանի իմիջի բարձրացմանը, պատմամշակութային ժառանգության ճիշտ ներկայացմանը»,-ասաց նա՝ կարևորելով նաև միասնական տեղեկավական համակարգի ներդրման հարցը:
Ապրեսյանն անդրադարձավ նաև պատերազմից հետո Արցախ կազմակերպվող այցերին և ասաց. «Մեր անդամ զբոսաշրջային ընկերությունների հետ ապրիլ ամսին նախաձեռնեցինք այց Արցախ, որպեզի ցույց տանք, որ Արցախում զբոսաշրջությունը և՛ հնարավոր է, և՛ անհրաժեշտ: Երբ խոսում են Արցախում հումանիտար խնդիրների լուծման մասին, պետք է հասկանալ, որ այդ խնդիրների լուծման ամենահզոր միջոցներից մեկը զբոսաշրջությունն է. Արցախի հասանելիությունը համաշխարհային շուկային պետք է ապահովված լինի»,-նշեց նա:
Որպես զբոսաշրջության ոլորտի խնդիր՝ բանախոսներն առանձնացրին նաև հյուրանոցային գներին առնչվող հարցը, ինչի վերաբերյալ Ռիմա Խաչատրյանը նշեց. «Այս տարի հյուրանոցային գները գրեթե ամեն շաբաթ ամռանը աճում էին, անընդհատ փոփոխվում էին, ինչը խանգարում էր տուրիստական գործակալության աշխատակիցներին, նաև՝ զբոսաշրջիկներին: Կան սեզոնային գներ, որոնք երեք ամիսը մեկ փոփոխվում են, բայց ոչ գրեթե ամեն շաբաթը մեկ»:
Նա խոսեց նաև պետական սոցփաթեթների մասին՝ ընդգծելով հետևյալ խնդիրը. «Տուրիստական գործակալությունները սպասարկում են պետական սոցփաթեթներ. շահառուները կարող են մոտենալ մեզ, պայմանագիր կնքել, սակայն գումարները մեր հաշվեհամարին չեն նստում միանվագ: Չէ՞ որ մենք գրեթե երկու տարի գումար չենք աշխատում, զբոսաշրջության ոլորտը տուժած ոլորտ է, այսօր շատ մարդիկ քովիդի պատճառով, ցավոք, հեռացել են կյանքից, բայց տուրիստական գործակալություններն արդեն այդ ծառայությունը մատուցել են այդ մարդուն, հիմա ու՞մ դիմեն, որ այդ գումարները հետ վերադառնան իրենց հաշվեհամարներին, ումի՞ց պահանջենք»:
Վլադիմիր Գևորգյանն էլ վստահեցրեց, որ այդ հարցը կարգավորվում է Կառավարության հստակ որոշմամբ: «Եթե տվյալ շահառուն աշխատանքից ազատվել է, կամ դեպք է պատահել, տվյալ կազմակեպությունը պարտավորվում է վեց ամիս շարունակ իրականացնել փոխանցումներ, այսինքն՝ եթե այդ գումաները չեն գալիս, դա նշանակում է, որ տվյալ կազմակերպության հաշվապահությունը թերացել է: Եթե զբոսաշրջիկն օգտվել է այդ սոցփաթեթի ծառայություններից, և կա համապատասխան պայմանագիր, դրանից հետո, անկախ նրա ճակատագրից, տվյալ կազմակերպությունը պարտավորվում է գումարները փոխանցել»,-ասաց նա:
Խոսելով մայրաքաղաքում զբոսաշրջության ոլորտի խնդիրների մասին՝ Գևորգ Օրբելյանն ասաց, որ այսօր աշխարհը և մենք գնում ենք դեպի ինքնուրույն զբոսաշրջություն: «Մարդիկ իրենք են նախընտրում ճանապարհորդել՝ առանց դիմելու տուրօպերատորներին»,-նշեց նա՝ հավելելով, սակայն, որ երբ 2018-ին Երևանում բացվել էին երկու տեղեկատական կենտրոններ զբոսաշրջիկների համար, դրանց մոտ մեծ հերթեր էին գոյանում, մարդիկ դիմում էին ամենատարբեր հարցերով՝ ինչպես Երևանից գնալ որևէ մարզ, ո՛ր հյուրանոցում օթևանել և այլն, այսինքն՝ այն ժամանակ արդեն իսկ հասկանալի էր, որ նման կենտրոնների ստեղծումն անհրաժեշտություն է:
Զարգացնելով ներգնա տուրիզմի թեման՝ Մեխակ Ապրեսյանը նշեց. «Որքան էլ ներքին զբոսաշրջությունը 2020-ին մեծ առաջընթաց ունեցավ, այնուամենայնիվ, 2019-ի հետ համեմատած՝ մենք 30 տոկոս անկում ենք ունեցել ներքին տուրիզմում: Եթե ուզում ենք ներքին զբոսաշրջությունը լինի բավարար մակարդակի վրա, այստեղ նույնպես կարևոր քաղաքականության խնդիրներ ունենք: Շատ կարևոր է, որ մարզերում հյուրանոցային ծառայություններ մատուցողներն ավելի ընդարձակ մոտեցում ցուցաբերեն այս խնդրին և զբոսաշրջային օպերատորին տրամադրեն հատուկ գին, որ ես, որպես զբոսաշրջիկ, զբոսաշրջային օպերատորի միջոցով կարողանամ գնալ հանգիստս կազմակերպել ոչ ավելի թանկ գնով, քան ուղղակիորեն կգնայի»:
Բանախոսները մեծապես կարևորեցին նաև որակյալ կադրերի խնդիրը: Ինչպես նշեց «Ռիմա Թրավելի» տնօրենը՝ այսօր զգալի է նրանց պակասը:
Էմիլ Չերքեզյանն էլ անդրադարձավ կոնկրետ իրենց բուհի շրջանավարտներին և ասաց, որ իրենց կադրերն ավելի շատ աշխատում են հյուրընկալության ոլորտում, ավելի քիչ՝ զբոսաշրջության: «Մտեք ցանկացած հյուրանոց և մեր ուսանողներին կտեսնեք»,-վստահեցրեց նա:
Վլադիմիր Գևորգյանի կարծիքով՝ բուհերն ունեն կիրառական գիտելիքների խնդիր: Նա առաջարկեց, որ բուհեր հրավիրեն մասնագետների, որոնք պրակտիկ գիտելիքներ կփոխանցեն ուսանողներին: Բանախոսները ողջունեցին առաջարկը՝ պայմանավորվելով համագործակցել՝ ի շահ ոլորտի զարգացման:
Մանրամասները՝ տեսանյութում.
«Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Մեսրոպյանը դիմում է ոստիկանությանը՝ հաղորդելով սպառնալիքներ պարունակող նամակների մասին։ Կուսակցության առաջնորդին սոցհարթակներում սպառնում են նոյեմբերի յոթին՝ երբ լինի հանրապետության հրապարակում ՝ «վառել բենզինով», նաև հայհոյանքներ են հնչեցրել․
«Դիմում եմ ՀՀ ոստիկանություն։Այս անձը սպառնում է ինձ։
Խնդրում ընդունել հայտարարությունս ի գիտիություն և ընդունել սպառնալիքի մասին տեղեկատվություն»,- գրել է Մհերը և լուսանկարներ հրապարակել։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.