23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Տավուշի մարզի բնակիչ, 57-ամյա Ն.Ռ.-ի մահվան փաստով:
Նոյեմբերի 4-ին, ժամը 14:10-ի սահմաններում, Տավուշի մարզի բժշկական կենտրոններից մեկից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային տրամվա և կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ն.Ռ.-ն:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Խաչատրյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ հիվանդանոց տեղափոխվածին իր տանը, անկողնում անգիտակից վիճակում հայտնաբերել է նրա ազգականը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նոյեմբերի 5-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որ Ն.Ռ.-ն՝ գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, այնուհետև Տավուշի մարզում հայտնաբերել են այդ կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Փաստերի ճնշման տակ նա խոստովանել է, որ ինքն է հարվածներ հասցրել և մարմնական վնասվածքներ պատճառել մահացածին:
Որից հետո 39-ամյա կասկածյալ Գ.Խ.-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից ներկայացրել են Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է:
Նրա մոտ հայտնաբերվել է մահացածի տանից գողացված բջջային հեռախոսն ու լիցքավորիչը, իսկ վերնաշապիկի վրա առկա են եղել արնանման հետքեր, և ըստ կասկածների, հնարավոր է, դա լինի Ն.Ռ.-ի արյունը:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Առանց սեթևեթանքի պետք է արձանագրենք, որ քովիդ վիճակը Հայաստանում վերաճել է ազգային աղետի։

Կառավարման խոշոր տապալումները և հասարակության ցածր գիտակցությունը, ձեռք ձեռքի բռնած, լրջագույն աղետի են բերել.
– Մինչ այսօր համատարած հարսանիքներ ու մեծ խնջույքներ են արվում։ Ինչո՞ւ չի արգելվում 300-500 հոգանոց հարսանիքների անցկացումը։ Սիմպտոմները թաքցնելով, տանը հիվանդ ունեցող ընտանիքներով խնջույքների են գնում։ Քաղաքացին չի գիտակցում, բա պետությունն ինչի՞ համար է։
– «Մեր բակի»-ի պրեմիերան է, բոլոր հայտնի դեմքերն այնտեղ են՝ առանց դիմակ, իրար գլխի։ Գուցե նրանք չեն հասկանում, որ կարող են վարակվել, վարակել, սպանել. բա պետությունն ինչի՞ համար է։ Այս հարցերը պետք է պետությունը կարգավորի։
– Ճակատագրական ամիսներ ենք ուշացրել պատվաստումը։ Ամբողջ ամառ չկարողացան ուսուցիչներին պատվաստել։ Պետությունն ինչի՞ համար է, որ չկարողացավ 2 ամսվա հեռանկարով նայել իրավիճակին։
– Ինչո՞ւ չի արվում գոնե մասնակի կարճատև «լոքդաուն»՝ մարդկանց կուտակման վայրերում՝ զանգվածային միջոցառումներ, զվարճանքի վայրեր, գոնե՝ երկու շաբաթով, քանի դեռ ալիքն ուժեղ է։ Կարելի էր նաև միջոցներ ձեռք առնել բարձր տարիքային խմբի համար, որպեսզի ռիսկի խմբի մարդիկ կարողանան որոշ ժամանակ զերծ մնալ վարակվելուց։ 60-ից բարձր աշխատող մարդկանց կարելի է որոշ ժամանակ հնարավորություն տալ՝ մնալ տանը՝ պահպանելով աշխատատեղը։
– Եվ այլն:
Վահե Հովհաննիսյան
Գերմանիայում 28-ամյա կինը ցմահ ազատազրկման է դատապարտվել անցյալ տարի իր տանը վեց երեխաներից հինգին սպանելու համար։
Վուպերտալի շրջանային դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել սպանությունների մեջ։ Դատավոր Յոhեն Քյոթերը Գերմանիան ցնցած այս գործը «ողբերգություն» է անվանել։
Մեկից ութ տարեկան Մելինայի, Լեոնիեի, Սոֆիի, Տիմոյի եւ Լուկայի մարմինները հայտնաբերվել էին անցյալ սեպտեմբերին արեւմտյան Սոլինգեն քաղաքի բնակարաններից մեկում իրենց մահճակալների վրա: Դատախազությունը հայտնել էր, որ նրանց մայրը՝ Քրիստիան Կ.-ն, նախ հանգստացնող դեղամիջոցներ է տվել երեխաներին, ապա ջրի մեջ խեղդել կամ խեղդամահ արել։
Քննիչները պարզել էին, որ նա զայրացել էր իր նախկին զուգընկերոջից նոր սիրուհու հետ լուսանկար ստանալուց հետո: DPA-ի փոխանցմամբ՝ մայրը նախկին զուգընկերոջն ասել էր, որ նա այլեւս երբեք չի տեսնի իր երեխաներին։
Վեցերորդ երեխան սպանությունից առաջ ուղարկվել էր տատիկի մոտ:
Այնուհետեւ Քրիստիանա Կ.-ն Դյուսելդորֆի երկաթուղային կայարանում փորձել էր ինքնասպանություն գործել՝ նետվելով գնացքի տակ եւ լուրջ, բայց կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ էր ստացել:
Դատավարության ժամանակ նա պնդում էր, որ անհայտ անձը մտել է իր բնակարան, կապել իրեն եւ սպանել երեխաներին։
Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է.
«Աղետի գլխավոր պատճառը՝ հակառուսական քաղաքականությունն էր։
Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը Պրեսինգ հաղորդմանը տված հարցազրույցում ասաց, որ պատերազմի ժամանակ, հանդիպումներից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նեղսրտել է, ասելով թե Ռուսաստանը իրեն համարում է սորոսական, բայց ինքը սորոսական չի։
Սորոսականը դարձել է հակառուսության փոխաբերությունը, այսինքն, եթե որևէ հակառուս Սորոսի ֆոնդից օգտված էլ չլինի, միևնույն է, նրան անվանում են սորոսական։ Ռուսաստանը՝ Փաշինյանին սորսական անվանելով, նկատի է ունեցել, որ նա հակառուս է, և չի սխալվել։
Փաշինյանը մինչև իշխանության գալն էր աչքի ընկնում ռուսաֆոբիայով, հիշենք որ ասում էր թե 2016֊ի ապրիլյան պատրեազմը Ռուսաստանն է հրահրել՝ որ Ադրչբեջանին բերի ԵԱՏՄ, ապա նաև տիպիկ ռուսաֆոբիական արտահայտություն, թե իբր 1915թվին ռուսները ծրագրել էին Արևմտյան Հայաստանը կազակներով բնակեցնել։ Փակագծում նշենք, որ նաև Լևոն Տեր֊Պետրոսյանը իր ռուսաֆոբիան, որ խնամքով քողարկում էր, վերջապես մեջտեղ հանեց հրապարակելով 2016 թվին Գագիկ Հարությունյանին ուղղված մի նամակ, որտեղ ասում է՝«Ռուսաստանը ձգտելու է իր ռազմական ներկայությունն ապահովել նաև Ադրբեջանում, ինչը, 1920-21թթ․ նման, հնարավոր է միայն Ղարաբաղի հարցը վերջինիս համար նպաստավոր պայմաններով լուծելու դեպքում»։
Լևոն Տեր֊Պետրոսյանին ոգևորվորում է իր «մարգարեացումը», սակայն, մենք գիտենք, աչքներիս առաջ է եղել, թե ինչ դեպքերի հաջորդականությունը ռուս խաղաղապահներին հասցրեց Արցախ, Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունը, բանակցություններն տապալելն ու իր կետից սկսելը հանգեցրին պատրեազմի ու պարտության, և եթե Ռուսաստանը չմիջնորդեր, ապա Ստեփանակերտն էլ էր ընկնելու։ Ի դեպ, Տեր֊Պետրոսյանը ոչ միայն չէր քննադատում Փաշինյանի «ազգակործան» այդ քաղաքականությունը, այլև նրան այնպես ջերմեռանդորեն էր աջակցում՝ընդդիամդիրներին անվանելով դավաճան, և միայն պարտությունից ու աղետից հետո Փաշինյանից տարանջատվելու համար նրան անվանեց ազգակործան պատուհաս։
Մի նկատառում՝ այն բոլոր քաղաքական ուժերը ու անհատները, որոնք ամեն գնող ձգտում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամանալ՝ հանուն դրա պատրաստ զոհաբերելու նույնիսկ Արցախն ու Հայ դատը, ռուսաֆոբ են՝ լատենտ կամ բացահայտ։ Ինչո՞ւ, քանի որ նրանք համոզված են որ Ռուսաստանն է միակ խոչընդոտը թուրքական պետությունների հետ քիրվայանալու։
Նրանց համոզմունքը՝ կրոնական երանգներ ունի, քանի որ ինչքան էլ նորանոր փաստեր երևան գան, որ անկախ Ռուսաստանի դերակատարությունից Թուրքիան ծավալապաշտկան հակումներ ունի բոլոր հարևանների նկատմամբ, նույնիսկ Եվրոմիության երկրների, էլ ուր մնաց իր գլխավոր թշնամի հռչակած հայերի երկրի վրա աչք չգցեր՝ Հայաստանի վրայով իր եղբայրական պետության հետ միանալու համար, միևնույն է, ռուսաֆոբին չես համոզի, նա վստահ է որ Կրեմլում մի կաբինետ կա, որտեղ առավոտից երեկո մշակում են հայերին զոհելով թուրքերի հետ հարցեր լուծելու ծրագրեր։
Ինչևէ, Նիկոլ Փաշինյանը իշխանությունը գրավելուց անմիջապես հետո միանգամից սկսեց հակառուսական քաղաքականություն։ Հստակ իմանալով որ ՀԱՊԿ֊ի քարտուղարի դեմ քրեական գործ հարուցելով կառաջացնի Ռուսաստանի թշնամությունը, այսուհանդերձ, հանձնարարեց գործը հարուցել(գաղտնալսված հեռախոսազրույցներում ԱԱԾ,ՀՔԾ պետերի և վարչապետի, հստակ ասվում է վարչապետին որ Ռուաստանը շատ դժգոհ է այդ գործից։
Կարծես թե ռուսական հատուկ ծառայություններն էին գաղտնալսել դրանք ի պատասխան Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործի), էլ չասած ռուսական ձեռնարկությունների դեմ հարուցված քրեական գործերը, Եվրոխորհրդում ռուսական պատվիրակության ձայնի իրավունքը վերականգնելու դեմ քվեարկելը(քվեարկողին էլ ԱԺ փոխնախագահ կարգելը), Պուտինի հակառակորդներին քաղաքական ապաստան տալն ու հանրայինի եթեր տրամադրելը։
Ընդհանրապես, հակառուս քարոզչությունը այնպես է ձևակերպում պատմական իրողությունները, որ թվա թե Ռուսաստանը ահավոր անարդար է վարվել Հայաստանի նկատմամբ։ Պատմությունը թողնենք այլ քննարկման, նայենք մեր աչքի առաջ եղածը՝ Հայաստանի իշխանությունը ՀԱՊԿ֊ի քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելով մեծագույն անարդարություն արեց և արդարադատության, և միջազգային հարաբերությունների տեսանկյունից, որից հետո տարօրինակ կլիներ որ Ռուսաստանը աջակցեր Հայաստանին այնպես ինչպես դաշնակցին է վայել։
Հիշենք, որ Փաշինյանը ասում էր թե Ռուսաստանը պետք է ադապտացվի Հայաստանի նոր վիճակին։ Պատերազմի ժամանակ ինքն է փորձել ադապտացվել Ռուսաստանին համոզելով, որ ինքը Սորոսի հետ կապ չունի, բայց ապարդյուն, նախ ուշ էր, երկրորդ չես խաբի՝ ինչպես նշեցինք, սորոսականը հակառուսի փոխաբերությունն է դարձել, իսկ Փաշինյանը մոլեռանդ հակռուս է։
Ակնհայտ էր, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համար պատերազմի դուռ բացեց այն հանգմանքը որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները փչացել են, շատ պարզ հաշվարկ են արել՝ ճիշտ պահն է հարձակման ՝ Հայաստանը վատացել է իր միակ դաշնակցի հետ, ուրեմն միայնակ մնալով՝ չի կարող դիմադրել։
Շատերը հարց են տալիս՝ լավ, ասենք Քաղաքացիական պայմանագիրը հակառուս կուսակցություն է, բայց չէ՞ որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, ինչպե՞ս թույլ տվեց, որ այսպես ահավոր ձևով պարտվի։ Նախ, ինչպես տեսանք, Ռուսաստանը մի քանի անգամ փորձել է կանգնցնել պատերազմը, առնվազն փաստված է, որ Պուտինը հոկտեմբերի 19ին առաջարկել է պատերազմը կանգնցնել Շուշին պահելով հայկական վերեհասկողության տակ, սակայն Փաշինյանը մերժել է, նաև տեղեկություններ կան, որ Ռուսաստանը շարունակել է ռազմական օգնություն ցուցաբերել։
Կարո՞ղ էր ավելին անել, իհարկե, բայց ինչո՞ւ աներ։ Ինչպես մարդկային հարաբերություններում է՝ երբ որևէ ընտանիք թշնամաբար է տրամադրված մեկ այլ ընտանիքի դեմ, թեկուզ ազգական լինի, միևնույն է, այս մեկը նրան չի օգնի ինչքան էլ ծանր վիճակում լինի։ Նույնն էլ պետությունների հարաբերություններում է՝ ինչքան էլ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ լինեն, միևնույն է, Ռուսաստանը չէր աջակցելու Հայաստանի այն իշխանությանը որ ակնհայտ հակառուս է, և արևմտյան շահերին է ծառայում, աջակցելով կուժեղացնեն իրենց դեմ աշխատող հակառուսական իշխանության դիրքերը։ Իսկ եթե Հայաստանի իշխանությունները վստահելի գործընկերներ լինեին, պատերազմը կամ չէր լինի կամ էլ Ռուսաստանի միջնորդությամբ կարճ ժամանակում կկասեցվեր, գումարած որ կլինեին ռազմական ու մասնագիտական ավելի մեծ օգնություններ։
Պարզ է, որ որևէ երկիր, նաև Ռուսաստանը կուզի իր դաշնակիցը լինի հզոր, և ոչ թե պարտված ու այնքան թույլ որ հակառակորդների ձեռքին խամաճիկ դառնա։ Պարզ է, բայց ոչ ռուսաֆոբների համար։
Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ հասկացել է որ իր պատճառով Ռուսաստանը այն աջակցությունը չի ցուցաբերում, որ կլիներ նրա համար վստահելի կառավարության դեպքում և եթե մի գրամ հայրենասիրություն ունենար, հրաժարական կտար, և իշխանությունը կհանձներ այնպիսի մեկին ում Ռուսաստանը վստահում է ու կփրկեր և մարդկային կյանքեր և հայկական բնակավայրեր։
Ինչևէ, հրաժարական չտվեց և շարունակեց պարտված երկրի պարտված ղեկավարի իր հակաառաքելությունը՝ հաղթողի առաջ անսպառ զիջումների գնալով արդեն Հայաստանի Հանրապետության տարաքներից։
Իսկ Ռուսաստանն էլ, շահագրգռված իր հարավային սահմաններում կայունությամբ, հանդես գալով որպես միջնորդ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ձգտում է հնարավորինս կայունացնել լարված վիճակը՝ Փաշինյանի ձեռքը չի բռնելու՝ թե զիջումներ մի արա։
Այս իրավիճակը օգտագործելով, հակառուսական ուժերը, մանավանդ Բևեռը, ավելի սաստկացրել են իրենց քարոզչությունը՝ Հայաստանի տարածքներից Փաշինյանի նորանոր զիջումները վերագրելով Ռուսաստանին։ Քարոզչությունը այնքան հզոր է որ նույնիսկ նրանք ովքեր սթափ դատողություն ունեն սկսել են մեղադրել Ռուսաստանին։
Բևեռը գոչում է թե ռուսական զորքերը օկուպացրել են Արցախը, այսինքն, ուզում է որ այդ զորքերը հանեն Արցախից, և հետո ինչ կլինի՞, ադրբեջանցիները կկոտորեն արցախցիներին, կամ էլ եթե արցախցիները հասցնեն, կարտագաղթեն։ Ահա, հակառուսությունը ինչքան անպատասխանատու է, որ մի ամբողջ երկիր իր բնակչությամբ պարտաստ է զոհել իր հակառուսական կրքերը կամ էլ արևմտյան կենտրոնների հանձնարարությունները բավարարելու համար։ 2018-ի հեղափոխությամբ իշխանության եկածներն էլ հենց այդ կրքերի ու հանձնարարականնների զոհը դարձրին Հայաստանն ու Արցախը»։
«Россия 24» հեռուստաընկերության «1/6» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված էր Հայաստանին, որի շրջանակում ներկայացվել է նաև հաղորդման հեղինակ և վարող Կիրիլ Վիշինսկու հարցազրույցը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հարցազրույցը, որը տեղի է ունեցել Դիլիջանում, թարգմանաբար, որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև.
«Россия 24»- Թույլ տվեք սկսել քաղաքականությունից. այս ամռանը Հայաստանում երկարատև քաղաքական ճգնաժամից հետո տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դուք, ելույթ ունենալով նոր Ազգային ժողովում, դիմեցիք պատգամավորներին առաջարկով կամ խնդրանքով՝ անցնել բազմաշերտ ճգնաժամի լուծմանն ու փորձել հաղթահարել պառակտումը: Ի՞նչ եք կարծում, դա նրանց հաջողվո՞ւմ է:
— Ե՛ս չպետք է մեկնաբանեմ՝ նրանց հաջողվու՞մ է, թե՞ ոչ: Կմեկնաբանի Հայաստանի ժողովուրդը, նրանք, ովքեր ընտրել են այս խորհրդարանը: Ես կարող եմ ասել, որ մեզ մոտ իսկապես կար ճգնաժամային ժամանակահատված: Իհարկե, Ռուսաստանի շնորհիվ հաստատված հրադադարից, պատերազմը կանգնեցնելուց անմիջապես հետո Հայաստանում սկսվեցին ներքին գործընթացներ, որոնք երկրում անկայունության աղբյուր դարձան:
Ամենակարևորը, որ արդեն գարնանը ես խոսեցի տարբեր քաղաքական ուժերի, նաև վարչապետի հետ: Առաջարկս շատ պարզ էր՝ այս իրադրությունից ելքը նորմալ պետությունում, ինչպիսին ձգտում ենք լինել, ընտրություններն են: Իմ առաջարկն ավելի համակարգային էր, քանի որ կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է փոխել նաև Սահմանադրությունը: Իմ կարծիքով՝ նման Սահմանադրությունը հավասարակշռված չէ, չկան զսպման մեխանիզմներ:
Ես համալիր առաջարկ էի արել, որը մասամբ կատարվեց. անցկացվեցին ընտրություններ: Ես ուրախ եմ դրա համար: Ընտրությունները տեղի ունեցան: Հստակ կարող եմ ասել, որ փողոցային լարվածությունը կտրուկ նվազեց: Ավելի ճիշտ, այդ լարվածությունը տեղափոխվեց խորհրդարան:
«Россия 24»- Պարոն նախագահ, Դուք ասում էիք, որ բազմաշերտ ճգնաժամի կարգավորման համար Հայաստանին հարկավոր է կառավարման նոր, որակյալ համակարգ: Ի՞նչ է դա նշանակում:
— Ցանկացած երկրում մշտապես կարելի է բարելավել կառավարման համակարգը: Մենք ապրում ենք 21-րդ դարում: 21-րդ դարը թելադրում է նոր հասկացություններ, նոր տեխնոլոգիաներ: Մենք նաև երկիր ենք, որն անցել է այս պատերազմի միջով, փորձում է լինել ժողովրդավարական: Փոխվում է տարածաշրջանային քաղաքականությունը: Այսինքն, ամեն ինչ շատ արագ է փոխվում: Հետևաբար, եթե դու փոքր երկիր ես, ունես հաջողակ լինելու մեկ ուղի՝ պետք է խելացի երկիր լինես:
Օրինակ, այդպիսի երկիր են Սինգապուրը, Կատարը, ԱՄԷ-ն, Իսրայելը, Իռլանդիան: Այսինքն, դրանք երկրներ են, որոնք գիտեն, թե ինչ առավելություններ ունեն ու ինչ թերություններ, խնդիրներ, որն է իրենց ներքին էներգիան: Դրանց թվում կան նաև երկրներ, որոնք ունեն մեծ բնական պաշարներ, սակայն միևնույն է, օրինակ, Ծոցի երկրները մեծ թվով ռեսուրսներ են ծախսում՝ զարգացնելու մարդկային ռեսուրսը: Այսինքն, գումարներ են ծախսում կրթության, գիտության, մշակույթի վրա:
Պատկերացրեք, եթե 30 տարի առաջ ինչ-որ մեկն ասեր, որ ԱՄԷ-ն արբանյակ կուղարկի Մարս: Մենք այն ժամանակ միայն կժպտայինք , մինչդեռ հիմա դա իրականություն է: Այսինքն, մեր դեպքում լինել խելացի նշանակում է օգտագործել այն մեծ ռեսուրսը, որն ունենք:
Մենք պետք է լրջորեն հասկանանք ու սկսենք օգտագործել մեր առավելությունը: Այդ առավելության մասին բոլորը գիտեն, այդ մասին անընդհատ խոսում ու քննարկում են: Խոսքը հայկական Սփյուռքի մասին է:
«Россия 24»- Պարոն նախագահ, Հայաստանին շատ հարցերով օգնում է Սփյուռքը: Այդ մարդիկ, ովքեր ակտիվորեն օգնում են իրենց երկրին գումարով, չեն կարող մասնակցություն ունենալ երկրում իշխանության ընտրության հարցում: Հայկական օրենսդրությունն այնպիսին է, որ խորհրդարանական ընտրությունների համար արտերկրում ընտրատեղամասեր նախատեսված չեն: Դա արդա՞ր է:
— Նրանց մասնակցությունն ընտրական գործընթացին, առավել ևս եթե ցանկանում ենք այդ գործընթացը ժողովրդավարական դարձնել, խնդրի երկրորդ մասն է: Մենք փոքր երկիր ենք, բայց՝ համաշխարհային ազգ: Ռուսաստանում երևի բնակվում են նույնքան հայեր, որքան Հայաստանում: Այդ մարդկանց մեծ մասն ունի ՀՀ անձնագիր, նրանցից ոմանք հարկեր են վճարում Հայաստանում: Սակայն սա խնդրի երկրորդ մասն է: Առաջինն այն է, որ մարդիկ ոչ միայն չեն կարող մասնակցել կառավարության կամ այլ մարմինների ընտրություններին, նրանք չեն կարող մասնակցել, չեն կարող իրենց ներդրումն ունենալ երկրի կառավարման գործում:
Հիմա մենք Դիլիջանում ենք, որտեղ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն է: Սա արդեն երրորդ գագաթնաժողովն է, հավաքվում են նաև հայեր Հայաստանից, Ռուսաստանից, այլ երկրներից: Ես քննարկում էի ունենում մի հիանալի անձնավորության՝ Նուբար Աֆեյանի հետ: Նա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, ստեղծել է ԱՄՆ-ում երկրորդ պատվաստանյութը: Նուբարը չի կարող Հայաստանում լինել գիտության նախարար: ՀՀ Սահմանադրությամբ վերջին 4 տարիների ընթացքում նա պետք է լինի միայն Հայաստանի քաղաքացի և այդ ընթացքում բնակվի միայն Հայաստանում: Բայց չէ՞ որ սա մեծ հարստություն է, մարդիկ, ովքեր բնակվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, մեծ ճանապարհ են անցնել, ունեն մեծ փորձառություն: Կամ լորդ Դարզին, ով թիվ մեկ վիրաբույժն է, բժիշկը, քաղաքական գործիչ, ինչո՞ւ նա չի կարող լինել Հայաստանի առողջապահության նախարար: Կարելի է հրավիրել մարդու, ով ամեն բան ավելի լավը կդարձնի, մարդ, ով ունի մեծ կապեր, ով տարբեր երկրներում՝ Ճապոնիայի մինչև ԱՄՆ և Կատար ստեղծել է առողջապահական համակարգեր: Եվ նրանք շատ են: Տիգրան Խուդավերդյանը մեծ ռուսական ընկերության ղեկավարներից մեկն է, որը կոչվում է «Յանդեքս»: Հիանալի, երիտասարդ, տաղանդավոր մարդ է:
Երբ ասում եմ, որ կառավարման որակը պետք է բարձրացնել, նկատի ունեմ նաև դա: Հայաստանն ունի նման մարդկանց ահռելի մեծ ներուժ, սակայն մենք այն չենք օգտագործում: Կառավարումն առանցքն է: Մենք նման ենք Ծոցի երկրներից մեկին, որը նավթային մեծ ռեսուրսներ ունի, սակայն որոշել ենք, որ այդ նավթից չենք օգտվելու:
«Россия 24»- Որքանո՞վ է այսօր հնարավոր Հայաստանում սահմանադրական բարեփոխում իրականացնելը, և ի՞նչ է այն ենթադրում:
— Տարբեր մարդկանց, տարբեր քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների համար դա տարբեր է: Ինձ համար դա ենթադրում է այն, ինչ տեսնում եմ:
Այս Սահմանադրությունը փոխվել է 2015 թվականին: Այն սկսեց աշխատել որպես նախագահ իմ երդմնակալության պահից: Թվում է՝ ամեն բան նորմալ է, կառավարման նախագահական համակարգից անցում կատարեցինք խորհրդարանականի: Ես նման կարծիք չունեմ, որ նախագահականն ավելի լավն է խորհրդարանականից կամ հակառակը: Ըստ էության, երկուսն էլ լավն են, եթե ամեն բան նորմալ է աշխատում, և կան հավասարակշռված իշխանություն ու վերահսկման տարբեր գործիքներ:
Հայաստանում այն հավասարակշռված չէ: Իշխանության գլխին է կուսակցությունը, որն ունի խորհրդարանական մեծամասնություն, նա է ձևավորում կառավարություն: Կառավարությունը, մեծամասնություն ունենալով խորհրդարանում, շատ տարբեր որոշումներ կարող է ընդունել: Նախագահը չի կարող հավասարակշռել, քանի որ ես չեմ կարող օրենքի վրա վետո դնել: Միակ բանը, որ կարող է նախագահն անել, հստակեցնելն է՝ օրենքը Սահմանադրության հետ խնդիր ունի՞, թե՞ ոչ: Եթե նախագահը կարծում է, որ ունի, ապա ուղարկում է օրենքը ՍԴ, այնտեղ որոշում են կայացնում, ինչից հետո նախագահը ստորագրում է կամ չի ստորագրում: Սակայն պարտադիր չէ, որ օրենքն ունենա խնդիրներ սահմանադրականության հետ: Այն պարզապես կարող է վատ օրենք լինել: Օրինակ, կարող է լինել օրենք կրթության, գիտության կամ առողջապահության ոլորտի մասին: Եթե ունեք նախագահ, որը փորձառու է գիտության ոլորտում, գիտնական է եղել, դասավանդել է տարբեր համալսարաններում, հասկանում է այդ ոլորտից, ինչո՞ւ չպետք է հնարավորություն ունենա այդ օրենքն ուղարկել հետ՝ խորհրդարան, և ասել, որ կան խնդիրներ, պետք է այն նորից քննարկել: Կառավարությունը բացարձակ մեծամասնություն ունի խորհրդարանում: Նախագահը չի կարող այդ օրենքի ընդունումը կասեցնել: Ստացվում է, որ մարդ այլևս շատ ջանք չի գործադրում, գրում է օրենք, որն ամեն դեպքում ընդունելու են: Իսկ դա վատ է, քանի որ պետք է, որ յուրաքանչյուր օրենք քննարկվի, ծնունդ առնի: Մեզ մոտ այդ օրենքները, օրինակ 9 ամսում ծնվելու փոխարեն, կարող են ի հայտ գալ 1 ամսում: Մեկ ամսում ծնված երեխան լիարժեք երեխա չի կարող լինել:
«Россия 24»- Այս առումով չկա հավասարակշռություն:
— Այո, հավասարակշռություն չկա: Դրա բացակայությունը բացասական գործոն է նախ և առաջ նրանց համար, ովքեր ունեն իշխանություն:
«Россия 24»- Պարոն նախագահ, մենք խոսեցինք կառավարման մասին: Ձեր թույլտվությամբ՝ հիմա խոսենք տնտեսության մասին: Հայաստանն իր հարևանների նման մեծ բնական ռեսուրսներ չունի: Ձեր կարծիքով՝ ինչի՞ հաշվին երկիրը պետք է կարողանա շարունակել հետագա զարգացումը:
— Խորհրդային Հայաստանը ժամանակին ուներ այդ արդյունաբերական ուժը, որը ստեղծվել էր խորհրդային իշխանության ժամանակ, սակայն, ցավոք, հենց կառավարման պատճառով մենք այդ ամենը կորցրեցինք: Հայաստանում էլեկտրոնիկայի, ավոտարտադրության, քիմիայի, կենսաքիմիայի ոլորտներում կար մեծ արդյունաբերություն, բայց, ցավոք, այդ անցումային ժամանակահատվածում մենք այդքան էլ ճիշտ չկարողացանք այն օգտագործել: Այդ գործարանները, որում Խորհրդային Միությունը մեծ գումարներ էր ներդրել, փակվել են, մինչդեռ պետք էր պահել: Կարծում եմ, որ այդ գործարանները պետք էր պահպանել և կառավարման հանձնել մարդկանց, ովքեր հասկանում են այդ ոլորտներից: Այդ բոլոր ինստիտուտները, գործարանները կապված էին մեծ շուկայի հետ. դրանք Խորհրդային Միության անդամ երկրների շուկաներն էին, որոնց մեծ մասը Ռուսաստանն էր զբաղեցնում: Կորցնելով այդ գործարանները՝ կորցրեցինք նաև հասանելիությունն այդ շուկաներին: Սա պատմություն է: Իսկ այսօր բոլորովին այլ պատկեր է, և առաջ շարժվելու, ճիշտ ուղի ընտրելու համար պետք է նայել դեպի ապագա: Պետք է հասկանալ, թե 10, 20, 30 տարի հետո որտեղ է լինելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև՝ աշխարհը: Առաջին հերթին պետք է հասկանալ, թե աշխարհն ինչպիսին կլինի 10 տարի հետո: Նաև այդ պատճառով և դա հասկանալու համար ենք այստեղ արդեն երրորդ անգամ կազմակերպում «Մտքերի հայկական գագաթնաժողովը»: Պետք է հասկանալ, թե միջազգային հանրությունը ինչ ուղղությամբ է առաջ շարժվում, ուր են գնում տնտեսությունը, քաղաքականությունը: Դրանից հետո արդեն պետք է հասկանալ, թե այդ պատկերում որտեղ է մեր տեղը:
Ես աշխարհը բնորոշում եմ քվանտային եզրույթով, այսինքն՝ այն դասական չէ: Աշխարհը շատ արագ, սրընթաց է զարգանում և պետք է հստակ ձևակերպել, թե ուր է գնում այն: Դա շատ դժվար է անել, բայց հասկանալ, թե ուր է գնում, հնարավոր է: Վերադառնալով հարցին, թե Հայաստանն ինչպիսի միջոցներ ունի, կարող եմ նշել, որ դա մարդկային ռեսուրսն է: Հայաստանը փոքր երկիր է, սակայն՝ համաշխարհային ազգ: Մեզ համար շատ հեշտ է գտնել որոշակի տեղեկատվություն, գոյություն ունի որոշակի ցանց՝ անձնական կապերի ցանցը: Ցանկացած վայրում՝ Սիլիկոնյան հովտից մինչև Մոսկվայի պետական համալսարան, կան մարդիկ, որոնք իրենց գեներով հայեր են, սիրում են Հայաստանը և ցանկանում են աջակցել: Այսինքն՝ դա բնական ռեսուրս է, որը գոյություն ունի, որը մենք այդքան էլ լավ չենք օգտագործում:
Մենք պետք է կենտրոնանաք նոր տեխնոլոգիաների վրա՝ լինեն դրանք կենսատեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, թե ՏՏ տարբեր ոլորտներ: Մենք պետք է նայենք առաջ, պետք է օգտագործենք մարդկային ռեսուրսը, որպեսզի այս փոքր երկրում արտադրենք բարձր տեխնոլոգիաներ: Հայաստանը ցանկացած բան՝ էլեկտրոնիկայից, արհեստական բանականությունից, կենսատեխնոլոգիաներից մինչև գյուղատնտեսություն, արտադրում է փոքր քանակությամբ, քանի որ փոքր երկիր է և մեծ ռեսուրսներ չունի: Այսինքն՝ այն, ինչ մենք անում ենք, պետք է ամենաբարձր մակարդակով լինի, այն կարող է լինել քիչ, բայց ամենալավը: Այդ իսկ պատճառով պետք է նոր կառավարում:
«Россия 24»- Պարոն, նախագահ, ելույթ ունենալով նոր խորհրդարանում՝ Դուք ասել եք, որ Հայաստանը կարող է շատ խորը հարաբերություններ ունենալ աշխարհի տարբեր երկրների հետ, սակայն Ռուսաստանի հետ կապերը առանձնահատուկ են: Ի՞նչ նկատի ունեիք:
— Դա պատմական, իրական համագործակցությունն է: Պատմականը հասկանալի է: Պատմականորեն, վերջին հարյուրամյակների ընթացքում, Հայաստանը բաժանված էր երկու՝ Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև: Տեսեք՝ ինչ եղավ հայերի հետ, որոնք ապրում էին Օսմանյան կայսրությունում՝ եղավ 1915 թվականի ցեղասպանությունը: Ինչ եղավ հայերի հետ, որոնք ապրում էին Ռուսական կայսրությունում՝ նայեք հայերին, որոնք այսօր ապրում են Մոսկվայում կամ ՌԴ այլ շրջաններում: Հայերն այնտեղ ապրում են լավ կյանքով:
«Россия 24»- Դա պատմությունն է: Իսկ այսօր ի՞նչ է տալիս Ռուսաստանի հետ գործընկերությունը նրանց, ովքեր ապրում են Հայաստանում:
— Հայ-ռուսական հարաբերություններն այնքան խորն են, որ նույնիսկ անիմաստ է քննարկել: Ես մշտապես նայում եմ դեպի ապագա:
Վերջին պատերազմի ժամանակ ի՞նչ կլիներ, ինչպիսի՞ն կլիներ մեր ապագան, ինչպիսի՞ն կլիներ այս պետության ապագան, եթե չլիներ Ռուսաստանը: Այդ պատերազմը ինչպե՞ս և ե՞րբ կավարտվեր, եթե չլիներ Ռուսաստանը: Ես ցանկանում եմ նայել դեպի ապագա: Ապագայում ես կցանկանայի տեսնել Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլորովին այլ հարաբերություններ: Դրա համար մենք Հայաստանում պետք է փոխենք մեր վերաբերմունքն ինքներս մեր հանդեպ: Դա նշանակում է կառուցել խելացի պետություն, որն ունի շատ մեծ և ուժեղ բարեկամ՝ ի դեմս Ռուսաստանի և դառնալ Ռուսաստանի Դաշնության փոքր, բայց ուժեղ բարեկամը: Կցանկանայի լինել իրապես ուժեղ երկրի նախագահ, որն ունի մեծ, երկարամյա, պատմական բարեկամ, որի հետ կարող է գնալ դեպի ապագա: Այդ ամենի համար կան բոլոր հնարավորությունները, քանի որ եթե հայերը կարողանան նոր տեխնոլոգիաներ բերել Հայաստան ամբողջ աշխարհի երկրներից, մենք շատ հանգիստ կկարողանանք զարգանալ:
Ռուսաստանի Դաշնությունում հայերի ներկայությունը շատ մեծ է բոլոր շրջաններում: Ես հպարտ եմ, որ հայերը, որոնք ապրում են Ռուսաստանում, լավ քաղաքացիներ են: Դա շատ կարևոր է: Այդ մարդկանց պետք է ավելի սերտ կապել Ռուսաստանի հետ, ստեղծել որոշակի ծրագիր: Լավագույն բարեկամությունն այն է, երբ ապրում ես այդ բարեկամությամբ, նոր ծրագրեր ես իրականացնում, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների, տնտեսության, գիտության ոլորտներում, որոնք ուղղված են դեպի ապագա:
Համոզված եմ, որ շատ հնարավորություններ կան Հայաստանի և Ռուսաստանի միջև շատ ավելի հանգամանալից և խորը համագործակցության համար: Այս բոլոր դժվարություններից, ծանր կորուստներից հետո, ես կցանկանայի, որ մենք կառուցենք խելացի երկիր, որը, փոքր լինելով հանդերձ, կլինի խելացի և ուժեղ: Փոքր, բայց ուժեղ երկիր, որը պատմականորեն ունի մեծ բարեկամ՝ Ռուսաստանի Դաշնությունը:
«Россия 24»- Շնորհակալություն, պարոն նախագահ:
«Տաշիր պիցցա» սննդային ցանցի մասնաճյուղերից մեկում սննդից թունավորված քաղաքացիներից երկուսը բուժվում են Մարտունու բժշկական կենտրոնում։ Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Մանուկ Երիցյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ դանդաղ, բայց դրական դինամիկա կա հոսպիտալացված երկու տղաների առողջական վիճակում։ Հոսպիտալացվածները 18 և 22 տարեկան են։
«Մեզ մոտ երկու հիվանդ է հոսպիտալացված։ Ընդունվել են ծանր վիճակում, ստանում են համարժեք բուժում։ Երեխաների վիճակում դրական դինամիկա կա, դանդաղ, բայց դրական դինամիկա ունենք։ Վերահսկելի է այս պահին վիճակը»։
Նրանք Մարտունու ԲԿ են հոսպիտալացվել երեկ՝ օրվա երկրորդ կեսին, 16։00-ի սահմաններում։
«Ջերմություն ունեին, սրտխառնոց, փսխոց, փորլուծություն, թուլություն, գիտակցության մթագնում։ Նախնական դիագնոզը սուր աղիքային ինֆեկցիա է։ Մենք տեղյակ չէինք, ծավալի մասին։ Ամենայն հավանականության սննդային թունավարակ է, մենք էլ անալիզներ ենք վերցրել։ ՎԱԿ անալիզը կունենանք երևի թե երկուշաբթի, որովհետև պահանջվում է 3-4 օր ժամանակ»։
Երիցյանը տեղեկացրեց, որ արդյունքներից հետո ինֆորմացիայի փոխանակում կանեն Նորքի ինֆեկցիոնի բժիշկների հետ՝ հիվանդների վիճակի մասին տեղեկությունները տրամադրելու համար։ «Ես համոզված եմ, որ այս քանակի դեպքերում լաբորատորիան ավելի կոնկրետ պատասխան կտա»։
Բժշկի փոխանցմամբ՝ հոսպիտալացվածները պատմել են, որ մեկ անգամ են տանից դուրս սնվել և դա եղել է Երևանում՝ Խանջյանում գտնվող Տաշիր պիցցայում, որտեղ պիցցա են կերել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 4-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ, միջին ծանր վիճակում։ Նրանցից երկուսը երեխաներ են՝ 10 եւ 13 տարեկան։ Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երեւանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող: Ավելի ուշ, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ը հայտարարեց, որ նոյեմբերի 5-ին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է ևս 13 քաղաքացի, իսկ Մարտունու ԲԿ-ում՝ 2 քաղաքացի: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլորը սնվել են միևնույն պիցցերիաների ցանցի կետերում:
Ժամը 17:00-ի դրությամբ հոսպիտալացված է 30 հիվանդ: Բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է կենսանմուշի, սննդամթերքի և խմելու ջրի նմուշառում:
Ներկա պահին աշխատանքներն ընթացքի մեջ են, արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով վկաներին ահաբեկում են, սպառնում, որ փոխեն ցուցմունքները՝ շուրջ վեց տարի տևող դատաքննությունը վերսկսելու և սպանությունը որպես ինքնասպանություն վերաորակելու համար։ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ վկաների նկատմամբ ճնշումները սկսվել են դեռևս յոթ տարի առաջ՝ ամբաստանյալների ծնողների միջոցով, փորձել են հանդիպել, համոզել, որ փոխեն ցուցմունքները, ինչից վկաները հրաժարվել են։
Ռազմական ինստիտուտի նախկին պետ Զարմիկ Մարկոսյանը, որը սույն գործով ամբաստանյալ Գնել Թևոսյանի հայրն է, փորձել է մի քանի անգամ հանդիպել նաև այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որը մերժել է հանդիպումները, իսկ Օհանյանի՝ պաշտոնավարման ավարտից հետո Վիգեն Սարգսյանը կուրսանտի հորը խոստացել է՝ չհանդիպել Մարկոսյանի հետ, չքննարկել Թևոսյանի հարցը։
«Իսկ այսօր երկրում խառը իրավիճակ է, իրենք էլ՝ օգտվում են դրանից և արդեն բացեիբաց ահաբեկում են վկաներին »,- նշեց Բարսեղյանը՝ պատմելով, որ վկաներից Գևորգ Վարդանյանին ահաբեկել են հենց զորամասի դիմաց՝ պահանջելով փոխել ցուցմունքը։
«Գևորգ Վարդանյանին զորամասից դուրս են կանչել, ասել, որ պետք է գնա ցուցմունքը փոխի, անգամ նշել են, թե ում ուզում է՝ թող ասի, քննիչին, ոստիկանին, թաքնվել չի կարող ու պետք է անպայման գնա դատարան և փոխի ցուցմունքը։ Սպառնացել են, թե՝ «աչքերդ չորս արած ման արի», «մեկ էլ տեսար՝ կոկորդդ կտրեցինք», «մտածիր ծնողներիդ մասին»։ Ասել են՝ 20 տարի հետո ընտանիք է ունենալու, պետք է իր ընտանիքի մասին մտածի»,- ասել է Բարսեղյանը։
Նույնպիսի սպառնալիքներ են եղել նաեւ գործով անցնող մյուս վկաների՝ Տիգրան Դեմիրճյանի, Հովհաննես Պետրոսյանի և այլոց նկատմամբ։ Ըստ կուրսանտի հոր՝ փորձում են համոզել վկաներին փոխել ցուցմունքները, որ մեղադրյալներն ազատ արձակվեն, իբրև՝ իրենք չեն սպանել, ինքնասպանություն է եղել, մինչդեռ, Բարսեղյանը գտնում է, որ եթե իսկապես ինքնասպանություն է եղել, ուրեմն առաջին հերթին պետք է ձերբակալեն դատաբժիշկ Աբովյանին, քանի որ ստացվում է, որ կեղծ եզրակացություն է տվել։
Ավելին՝ կուրսանտի հայրը տեղեկացրեց, որ առկա է ձայնագրություն, համաձայն որի՝ վկաներից Խաչիկ Մինասյանը պատմում է, որ դատավորի անունից են պահանջում ցուցմունքը փոխել, ինչի մասին Բարսեղյանը բարձրացրել է նաև դատարանում. «Դատավորը շատ զարմացավ, ասաց՝ «ոնց, արդեն իմ անունից վկաների վրա ճնշումնե՞ր են գործադրում», ասացի՝ այո»։ Ձայնագրությունը կատարվել է Մինասյանի համաձայնությամբ։
Բարսեղյանը տեղեկացրեց, որ գործով վկաներին սպառնալու դեպքերի առթիվ կան հարուցված քրեական գործեր։
Նշենք, որ կուրսանտի սպանության վերաբերյալ քրեական գործը դատարանում քննվում է շուրջ վեց տարի և այժմ այն ավարտական փուլում է, հաջորդ դատական նիստին ամբաստանյալներից Վաչե Սահակյանը պետք է վերջին խոսքով հանդես գա, ինչից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։
Թեև գործով հայտարարվել է դատաքննության ավարտի մասին՝ նախորդ նիստին ընթացքում Սահակյանի պաշտպանը միջնորդություններ ներկայացրեց՝ դատաքննությունը վերսկսելու համար, որոնք մերժվել են։
Մեղադրական ճառով դատախազը պահանջել է մեղավոր ճանաչել ամբաստանյալներին և դատապարտել ազատազրկման՝ 18-20 տարի ժամկետով, ինչի հետ, տուժող կողմը համաձայն չէ։ Տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանը պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել ամբաստանյալներին։
«Ես չեմ հասկանում, Հայաստանում էլ ինչ դաժան սպանություն պետք է լինի, որ ցմահ ազատազրկման դատապարտեն։ Պատճառաբանությու՞ն է, որ 18 տարեկան են եղել և այլն։ Կներեք, իմ երեխան իրենցից ընդամենը մի քանի ամսով էր մեծ։ Բա ի՞նչ ասեն ծնողները, որ մինչև հիմա աճյունները չեն կարողանում գտնել։ Երբ 18 տարեկան երեխաներին տանում են կրակի բերան, ասում են՝ կարելի է, հայրենիք է, բայց երբ նման տականքներ են, 18 տարեկան են, պետք է ասենք՝ 18 տարեկան են եղել։ Պետք է լավ հայորդիների մասին մտածենք, ոչ թե՝ նման տականքների»,- հայտարարել է Բարսեղյանը՝ հավելելով, որ պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել ամբաստանյալներին, ավելին, կարծում է՝ մահապատիժը չպետք է վերացվեր։
Հիշեցնենք, որ կուրսանտի դին հայտնաբերվել է 2015թ. հունվարի 29-ին՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Ըստ գործի նյութերի՝ մի քանի զինծառայողներ բռնել են անկողնում պառկած կուրսանտի ոտքերը և ձեռքերը, փակել բերանը՝ զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա սուր կտրող-ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, որին հաջորդել են հարվածներ կուրսանտի կրծքավանդակին և դեմքին, այնուհետև սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը, ապա հագցրել են կուրսանտի հագուստները և տեղափոխել զորամասի մարզահրապարակ, որտեղ և պտտաձողից կախել են այս դաժան գործողությունների արդյունքում շնչահեղձությունից մահացած Հայկազ Բարսեղյանին:
Սույն գործով ամբաստանյալի կարգավիճակում են Հայկազ Բարսեղյանի չորս համածառայակիցները՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, որոնք մեղադրվում են Հայկազ Բարսեղյանի սպանության համար։ Չորս ամբաստանյալներից բացի մեղադրանք էր առաջադրվել նաև նույն զորամասի կուրսանտ Վարազդատ Սաֆարյանին, որի նկատմամբ դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով ԱՄՆ Սենատում «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների երեք առաջարկներ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ դրանցից մեկով նախատեսվում է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հովածի (առավել հայտնի որպես «907-րդ բանաձև») պահանջների կատարումը, որը արգելանք է դնում Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության վրա։ Մյուս երկու նախագծերն ուղղված են Պետդեպարտամենտին և Պաշտպանության դեպարտամենտին՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել «Բայրակթար» անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ՝ այն համատեքստում, որ այդ տեխնոլոգիաների օգտագործումը երրորդ երկրի կողմից արդյո՞ք ամերիկյան օրենսդրության խախտում չէ։ Օրենսդրական փոփոխության երրորդ առաջարկով, որը ներկայացրել է սենատոր Ալեքս Պադիլան, Պետդեպարտամենտից և Պաշտպանության դեպարտամենտից պահանջվում է համատեղ զեկույց ներկայացնել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործումը, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների ներգրավումը։
Օրենսդրական փոփոխությունների առաջարկները Սենատի քվեարկությանը կարող են ներկայացվել արդեն հաջորդ շաբաթ։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատանքներն Ամերիկյան ռազմական օժանդակության բոլոր տեսակներից Ադրբեջանին զրկելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի վերջին կողմ էր քվեարկել այլ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք նույնպես ենթադրում են Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության արգելք։
2021թ․ հուլիսին էլ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր իր կոմպետենտության սահմաններում Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և ռազմակրթական օժանդակության դադարեցման վերաբերյալ օրենսդրական փոփոխություն։
Սենատում ներկայացված օրենսդրական փոփոխությունների առթիվ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․ «Մենք շնորհակալ ենք սենատորներ Մենենդեսին և Պադիլային` Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հարցում իրենց սկզբունքայնության համար:
Մենք աշխատում ենք Վաշինգտոնում և հիսուն նահանգից յուրաքանչյուրում՝ ապահովելու 907-րդ հոդվածի կիրառումը երաշխավորող, ադրբեջանական ռազմական հանցագործությունները հետաքննող, թուրքական անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված տեխնոլոգիաների վերաբերյալ հետաքննություն ենթադրող օրենդրական այս փոփոխությունների ընդունումը»։
Փաշինյանը պետք է ընդհանուր իմաստով առաջ տանի իր կողմից ասվածը։ Այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Հիքմեթ Չեթինը, հայտնում է ԱՊԱ-ն։
Նախկին նախարարը կարծում է, որ ներկայումս գլխավոր խնդիրը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության վերականգնումն է։ «Հայաստանն ու Ադրբեջանը, Հայաստանն ու Թուրքիան պետք է ընդհանուր խաղաղության գան։ Տարածաշրջանային համագործակցության կարիք կա՝ ընդգրկելով Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը եւ Իրանը։ Պետք է քայլեր ձեռնարկել, որոնք այլեւս ուղղված չեն պատերազմին, զենքին, այլ՝ մարդկանց բարօրությանը։ Փաշինյանը պետք է ընդհանուր իմաստով կատարի իր կողմից ասվածը։ Պատերազմն ավարտվել է, եւ դրանից հետո անհրաժեշտ է խաղաղություն հաստատել ավելի լավ պայմաններով»,-ասել է Չեթինը։
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերիների անհապաղ ազատ արձակման հարցն է բարձրացրել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 4-ին՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ արդադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարարը շնորհակալություն է հայտնել 2021 թվականի սեպտեմբերի 27-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ընդունված բանաձևի համար և համազեկուցողներին տեղեկացրել Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի մասին, որոնք փաստագրված են նաև միջազգային կազմակերպությունների կողմից:
Մասնավորապես, մոնիտորինգի թիմին ներկայացվել են նախաքննությամբ հաստատված փաստական տեղեկություններ ու վերապրածների վկայություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների, այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, արտադատական սպանությունների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի այլ կոպիտ խախտումների վերաբերյալ:
Ի թիվս այլ հարցերի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ դատական համակարգի անկախության ամրապնդմանը, դատական իշխանության բարեվարքության ստուգմանը, խոսքի ազատության ոլորտի կատարելագործմանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացին, իշխանության երեք ճյուղերի միջև փոխզսպման ու հակակշռման մեխանիզմների կատարելագործմանը և այլն։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.