23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական ապօրինի հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ։
Զեկույցում ներկայացված են տվյալներ հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ կազմակերպված շինծու և անօրինական դատավարությունների վերաբերյալ, ինչը «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» և «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտում է։
Կազմակերպված 45 ապօրինի, անհիմն ու շինծու դատավարությունների հետևանքով 3 անձ (մեկը քաղաքացիական) դատապարտվել է 20 տարվա, 2 անձ՝ (քաղաքացիական) 15 տարվա, 23 անձ՝ 6 տարվա, 2 անձ՝ 4 տարվա, 13 անձ՝ 6 ամսվա ազատազրկման։ 2 հայ ռազմագերիների նկատմամբ շինծու քրեական գործերի նյութերն գտնվում են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում։
Իրականացվող ապօրինի դատավարությունների ենթարկված հայ ռազմագերիներից 5-ը 2021թ․ հոկտեմբերի 19-ին հայրենադարձվել են։ Սակայն այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք»։
BBC-ի միջազգային թղթակից Սթիվեն Ռոզենբերգը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հարցազրույցի ժամանակ հետաքրքրվել է, թե օրերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ինչպես է իրեն դիմել՝ պարոն նախագա՞հ, պարոն Լուկաշենկո՞, թե՞ Ալեքսանդր Գրիգորիևիչ:
Սրան ի պատասխան Լուկաշենկոն նշել է.«Իսկ ինչո՞ւ է դա ձեզ անհանգստացնում: Բելառուսում պարոն նախագահը հենց պարոն Լուկաշենկոն է։ Ինձ համար դա ընդհանրապես նշանակություն չունի»:
Սակայն Ռոզենբերգը նրան ընդհատել է.«Ինչպես գիտեք՝ Եվրամիությունում Ձեզ չեն ճանաչում որպես օրինական նախագահ։ Հետաքրքիր է՝ ինչպես է նա … »:
Սակայն Լուկաշենկոն, թույլ չտալով, որ լրագրողը շարունակի, ասել է.«Լսե՛ք, ինձ չի հետաքրքրում, թե ինչ եք Եվրամիությունում մտածում Բելառուսի նախագահի մասին։ Ես չեմ ընտրվել Եվրամիության կողմից: Դուք ինձ չեք ճանաչում արդեն քառորդ դար։ Դու, Սթիվ, ենթադրում եմ, ուղղակի տեղյակ չես: Արդեն քառորդ դար է, ինչ ինձ չեն ճանաչում Եվրամիությունում և ի՞նչ»:
Սակայն լրագրողը հերթական անգամ հարցրել է, թե ինչպես է իրեն դիմել Մերկելը։
«Լսե՛ք, բելառուս ժողովուրդն է ինձ ընտրում։ Ուստի ինձ համար կարևոր է, թե ինչպես է ինձ ընկալում իմ ժողովուրդը»,- պատասխանել է Լուկաշենկոն:
«Լեգիտիմության այս հարցը Ձեզ համար կարևո՞ր է», — հարցրել է BBC-ի թղթակիցը:
Լուկաշենկոն ասել է.«Բացարձակ: Ինձ համար բացարձակապես էական չէ՝ ինչպե՞ս եք ինձ այնտեղ ընկալում՝ լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ։ Թքած ունեմ, թե այսօր ինչ են մտածում իմ մասին Անգլիայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Եվրամիությունում: Որովհետև ամբողջ աշխարհը տեսել է ձեր դեմքը: Ձեր դեմքը: Դուք դա տեսաք այս սահմանին (նկատի ունի միգրացիոն ճգնաժամը-Tert.am)։ Հետևաբար, ինձ առանձնապես չի անհանգստացնում, թե ինչպես եք ինձ վերաբերվում այնտեղ։
Մենք մեզ համար գործընկերներ ու դաշնակիցներ կգտնենք առանց Մեծ Բրիտանիայի։ Մենք նախկինում այնքան էլ չենք համագործակցել ձեզ հետ։ Դե, դուք չեք ուզում, լավ, պետք էլ չէ: Մենք չենք մեռնի, ինչպես որ դուք եք ուզում։ Մենք չենք մեռնի, մենք կապրենք և ամեն օր ավելի լավ ենք ապրելու, քանի որ ունենք երկրներ, որոնց հետ համագործակցում ենք, հսկայական երկրներ։
Իսկ այն, ինչ պետք է վաճառենք (մենք շատ քիչ ենք վաճառել Եվրամիությանը), մենք կվաճառենք՝ չնայած ձեր պատժամիջոցներին։ Ես, անշուշտ, ապուշ չեմ և հասկանում եմ, որ ո՛չ ինձ, ո՛չ ձեզ, և առավել ևս՝ ինձ պետք չեն այդ պատժամիջոցները։ Բայց եթե դուք սկսել եք ինձ հետ խոսել պատժամիջոցների լեզվով և չճանաչել իմ օրինականությունը, լավ, Աստված քեզ հետ։ Նորից եմ ասում՝ քառորդ դար է, ես սովոր եմ դրան»։
Երևանը և Բաքուն պայմանավորվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին, որը կկայանա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում։ Ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հունվարի 11-ին Մոսկվայում՝ ստորագրելու տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին համաձայնագիրը, որն այդպես էլ չի իրականացվել՝ նույնիսկ մասամբ։ Ենթադրվում էր, որ ռազմական գործողությունների ավարտի մեկամյակի օրը՝ նոյեմբերի 9-ին, առաջնորդները կրկին կհանդիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, եթե ոչ անձամբ, այլ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Բայց այս գագաթնաժողովը հետաձգվեց անորոշ ժամանակով, և դրա փոխարեն նորը ծագեց՝ միացյալ Եվրոպայի մայրաքաղաքում՝ Արևելյան գործընկերության հարթակում, գրում է Коммерсантъ-ը, որի հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Ճիշտ է, Մոսկվայում, Երևանում և Բաքվում Коммерсантъ-ի զրուցակիցների կարծիքով՝ չարժե խոսել ձևաչափերի միջև մրցակցության մասին, քանի որ ռուսական միջնորդությանն այլընտրանք պարզապես չկա։ Շաբաթ՝ նոյեմբերի 20-ին, Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է ռուսական միանգամից երկու գործակալության՝ «Ինտերֆաքս»-ին և «ՌԻԱ Նովոստի»-ին: Բաքուն նույնպես համաձայնել է հանդիպմանը, ընդ որում մի քանի ժամ առաջ, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հարկ է նշել, որ ընդամենը երկու շաբաթ առաջ՝ պատերազմի ավարտի տարելիցին ընդառաջ, օրակարգում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բոլորովին այլ հանդիպում էր։ Այն պետք է տեղի ունենար ոչ թե եվրոպական, այլ ռուսական միջնորդությամբ՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Սակայն բառացիորեն վերջին պահին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «նոյեմբերի 9-ի հանդիպման մասին պայմանավորվածություն չկա», որից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստովանեց, որ հանդիպումը չի կայանա։
«Իհարկե, ինչ-որ փուլում նման շփումներ անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- ասել է նա։
Շատ փորձագետների կարծիքով, այս հանդիպման խափանումը և դրա համար նախապատրաստված փաստաթղթի ստորագրումը նախադրյալ դարձավ նոյեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրման համար, ինչը հանգեցրեց բազմաթիվ զոհերի։ Միաժամանակ սահմանին լարվածությունը պահպանվում է։
«Բրյուսելում հանդիպման մասին լուրը որոշակի անակնկալ էր, և տեղեկություններ կան, որ նախաձեռնությունը եղել է հայկական կողմից», — Коммерсантъ-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ, «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի փորձագետ Ֆարհադ Մամեդովը:
«Բացի այդ, կարող ենք արձանագրել, որ Հայաստանը հրաժարվել է հանդիպել Մոսկվայի միջնորդությամբ՝ տրանսպորտային միջանցքների և սահմանի վերաբերյալ համաձայնագրերի ստորագրմամբ։ Ադրբեջանական դիրքորոշումն այն է, որ եթե Բրյուսելում կայանալիք հանդիպումը նպաստի այդ հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը, ապա մենք չենք հրաժարվի դրանից»,- ընդգծել է Մամեդովը, որի համոզմամբ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափը, այնուամենայնիվ, կմնա հիմնականը և այլընտրանք չունի։
«Միևնույն է, ի վերջո, բոլոր որոշումները կկայացվեն Բաքու-Մոսկվա-Երևան ձևաչափով, քանի որ Բրյուսելը չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցողի օրինական կարգավիճակ»,- վստահ է զրուցակիցը։
Ադրբեջանցի փորձագետի հետ այս հարցում զարմանալի միաձայնություն են դրսևորել նաև հայ գործընկերները։
«Փաստն այն է, որ դեկտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, այնուամենայնիվ, պետք է լինեին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու համար: Չեմ կարծում, որ բրյուսելյան հանդիպմանը կողմերը կստորագրեն այնպիսի փաստաթուղթ, որը համաձայնեցված չէ Մոսկվայի հետ»,- պարբերականին ասել է հայ քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
Մեկ այլ հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, իր հերթին, չի թաքցրել, որ Ռուսաստանի և հակամարտող երկու կողմերի միջև որոշակի դժգոհություն է կուտակվում, ինչը նրանց ստիպում է նոր ձևաչափեր փնտրել։
«Ռուսաստանը չի արտահայտում իր դիրքորոշումը և փորձում է հանդես գալ ոչ հրապարակային, իսկ Թուրքիան, ընդհակառակը, բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին: Ավելին, Ռուսաստանը որպես միջնորդ է հանդես գալիս բանակցություններում, որոնք հայկական կողմի համար չեն կարող ավարտվել ոչ մի դրական բանով»,- Երևանի դժգոհության պատճառները պարբերականին բացատրել է Միքայելյանը։
Սակայն, Միքայելյանի կարծիքով, այդ բացասական միտումը չի կարող շտկվել նույնիսկ Բրյուսելի կողմից. «Բաքվի դիվանագիտական կշիռն ավելի մեծ է, և Երևանը չունի իր հստակ ռազմավարությունը: Մյուս կողմից, քանի որ ԵՄ-ի փափուկ ուժն ավելի լավ է աշխատում, նրա մասնակցությունը բանակցություններին ավելի գրավիչ է թվում։ Այսպիսով, հայկական կողմը փորձում է ինչ-որ կերպ ընդլայնել մանևրելու դաշտը»,-նշել է քաղաքագետը:
ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը կարծիք է հայտնել, որ բանակցային ձևաչափերում մրցակցության մասին խոսելու կարիք չկա։
«Ի՞նչ կարող է առաջարկել Եվրամիությունը, բացի հարթակից։ Նրանք չեն տիրապետում իրավիճակի մանրամասներին, չունեն հարցեր լուծելու գործիքներ։ Ամենայն հավանականությամբ, խնդիրն այլ է՝ կողմերից յուրաքանչյուրն ակնկալում է, որ Եվրամիության մասնակցությունը կօգնի փոխել ուժերի հարաբերակցությունը և ճնշում գործադրել հակառակորդի վրա. Հայաստանը հույսը դնում է Ֆրանսիայի՝ իր վաղեմի և հուսալի դաշնակցի օգնության վրա, մինչդեռ Ադրբեջանը հույս ունի, որ Եվրամիությունը կգրավի իր կողմը, քանի որ ինքն էներգիա մատակարարող է։ Բանակցություններն ցույց կտան, թե ում խաղադրույքն ավելի արդարացված կլինի»,-ասել է փորձագետը:
Մոսկվայի միջնորդության առանցքային նշանակությունը պահպանելու մասին փորձագետների խոսքերը հաստատում է Նիկոլ Փաշինյանի կիրակի օրը Վլադիմիր Պուտինին ուղղված զանգը։ Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը «երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար» և քննարկել «տարածաշրջանում տիրող իրավիճակը և դրա կայունացմանն ուղղված միջոցառումները»»։
Արդեն տևական ժամանակ է, որ առաջնագծի տարբեր հատվածներում տեղի են ունենում ռազմական գործողություններ, և միաժամանակ աննախադեպ երևույթ է տեղի ունենում Հայաստանի պաշտպանական ոլորտում։ Այս մասին Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Հանրությունը զրկվում է ամբողջական լրատվություն ստանալու հնարավորությունից։ Վստահ եմ՝ բոլորը գիտակցում են` ինչ վտանգներով է հղի, երբ հանրությունը տեղեկություն չստանալու պարագայում հայացքն ուղղում է թշնամական պետությունների տեղեկատվական աղբյուրներին։ Բայց այս անգամ ևս մեկ աննախադեպ բան է արձանագրվել․ ՊՆ-ն իր գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ պաշտոնական մամլո հաղորդագրությամբ տեղեկացնում է հանրությանը, որ կան զոհեր, բայց չի հրապարակվում զոհերի թիվ, չեն հրապարակվում անուններ։ Արդյունքում հանրության մեջ՝ հատկապես առաջնագծում ծառայող զինծառայողների ծնողների մեջ ստեղծվում է սարսափելի հուզական վիճակ»։
Մանուկյանը հիշեցրեց, որ իշխանական պատգամավորն ԱԺ բարձր ամբիոնից խոսել է զոհվածների թվի մասին, որը հետագայում չի հաստատվել։
«Իշխանության հետ առնչություն ունեցող լրատվամիջոցներով հստակ թվեր են հրապարակվում, ստեղծվում է անորոշ և խառնաշփոթ իրավիճակ։ Կարծում եմ, որ հանձնաժողովի նախագահը պետք է կազմակերպեր արտահերթ նիստ հենց այս հարցերը քննարկելու համար, այս պայմաններում գալ ու այս հարցը քննարկել, տարօրինակ է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
«Ժողովուրդն է ամեն ինչ որոշում. մոռացված խոստում» թեմայով քննարկմանը «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադարձավ իշխանություն-հասարակություն արդյունավետ հաղորդակցության խնդրին՝ հիշեցնելով, որ հրապարակից իշխանության եկած ուժը հասարակության հետ հաղորդակցվելու սեփական տարբերակն է ընտրել։
«Ամեն ինչ սկսվել է նրանից, որ այսօրվա իշխանությունը՝ այն ժամանակվա հեղափոխական ընդդիմությունը, որպես հասարակության հետ հաղորդակցման միջոց, առաջինն ընտրել էր հրապարակը, որտեղ երկկողմանի կապ հաղորդակցության մյուս մասնակցի հետ չկար: Լավագույն դեպքում դրանք վանկարկումներն էին, բայց դա հաղորդակցության վստահելի կամ արդյունավետ ձև չէր: Երկրորդը սոցցանցերն են, որտեղ հաղորդակցության ինտենսիվությունը ավելի լայն է, հնարավորություն կա մեկնաբանություններ դնել, հարցեր տալ: Բայց, ամեն դեպքում, նույն սոցիալական ցանցերում, երբ բավականին հաճախ անմիջապես հեղափոխության ընթացքում և դրանից հետո երևում էին մեր առաջատար քաղաքական գործիչները, կար բավականին լուրջ խնդիր: Այդ հաղորդակցության ընթացքում և՛ տեղեկություն տարածողը, և՛ հաղորդակցության մոդերատորը նույնն է․ ինքն է ընտրում՝ որ մեկնաբանություններին պատասխանել, որն՝ արհամարհել, որ հարցերին ուշադրություն դարձնել, որոնք՝ շրջանցել», — ասաց Բորիս Նավասարդյանը:
Նա, անկախ ժամանակաշրջանից ու հանգամանքներից, իշխանություն-հասարակություն հաղորդակցության ամենաարդյունավետ միջոց համարեց շփումը ԶԼՄ-ների միջոցով։
«Որքան էլ փոխվում է իրավիճակը, որքան էլ զարգանում են տեխնոլոգիաները, ավելի արդյունավետ մոդերատոր, քան լրատվամիջոցներն ու լրագրողներն են, չկա: Եթե իշխանության ներկայացուցիչը անմիջապես լրագրողների հետ բրիֆինգի, հարցազրույցի, մամուլի ասուլիսի ձևով է շփվում, լրագրողը, ներկայացնելով հասարակության հետաքրքրությունները, ձևակերպում է հարցերը, փորձում է շատ դեպքերում բանավեճի մեջ մտնել: Այսինքն, դա է մնում ամենաաշխատող և օգտակար հաղորդակցության ձևը հասարակության հետ», — ընդգծեց «Երևանի մամուլի ակումբի» նախագահը։
Նա նաև նկատեց՝ այստեղ մենք ունենք խնդիրներ, որովհետև բազմաթիվ որոշումներ և օրենքներ են ընդունվել, որոնք սահմանափակում են իշխանության հետ շփվելու լրագրողների իրավունքը:
«Դա և՛ ԱԺ-ում տեղաշարժի սահմանափակումներն են, և՛ զրպարտության ու վիրավորանքի համար փոխհատուցումը, ծանր վիրավորանքի քրեականացումը: Մի խոսքով, լրագրողների աշխատանքը բոլոր առումներով, կարծես, սահմանափակվում է, և մենք տեսնում ենք, որ այսօր շատ քիչ են իշխանության ներկայացուցիչները, որոնք ազատ կարող են շփվել լրագրողների հետ: Այնպիսի տպավորություն է, որ մեծ մասը հրահանգ է ստացել ընդհանրապես որևէ ինֆորմացիա չփոխանցել, հարցազրույցներ չտալ, ինչը սահմանափակում է հասարակության՝ իրազեկ լինելու հնարավորությունը», — նշեց Բորիս Նավասարդյանը։
ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ քննարկման ընթացքում ներկայացրել եմ
ադրբեջանական իշխանությունների, զինված ուժերի կողմից ՀՀ գյուղերի հարևանությամբ զինված հարձակումների, մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ ճանապարհների արգելափակումների իրավական հիմքերից զուրկ լինելու փաստերը։
Քննարկումը կազմակերպվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի կողմից (The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region), որին մասնակցել են նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի (ANCA-WR) հանձնախմբի ղեկավար տիկին Նորա Հովսեփյանը (Nora Hovsepian), Ժամանակավոր գործադիր տնօրեն Վերջինի Թուլումյանը (Verginie Touloumian) և Կառավարության հարցերով համակարգող Ռուբեն Կարապետյանը:
Հայաստանի օմբուդսմանը ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է 2021թ. նոյեմբերի 16-ի ադրբեջանական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք Սյունիքում, որն ուղեկցվել է քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ուժերի հարձակումներով՝ իրական վտանգի ենթարկելով խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը: Պաշտպանը ներկայացրել է նաև ադրբեջանական ներխուժումներն ու մարդու իրավունքների խախտումները Գեղարքունիքում, Սյունիքում:
Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական տեղակայված են ՀՀ քաղաքների և գյուղերի միջև ճանապարհներին, որոնք վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը, խաթարել են մարդկանց բնականոն կյանքը։
Արման Թաթոյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների (այդ թվում՝ նոյեմբերի 16-ին գերեվարվածները) անհապաղ վերադարձին և արհեստական, իրավական հիմքերից զուրկ դատավարություններին՝ կարևորելով միջազգային ատյանների արձագանքը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Շիֆին մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր ակտիվ գործունեության համար։
Արման Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունը ամբողջ աշխարհում ապրող երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է, այն վտանգում է նաև այդ երկրների կայունությունն ու մարդու իրավունքների համակարգը»։
Իրանի նման բարեկամ պետություններից ակնկալվող արձագանքների համար մենք նախ պետք հասկանանք՝ արդյո՞ք ՀՀ-ից շատ հստակ, փաստարկված և վճռական կերպով, պաշտոնական մակարդակով հնչել է արձանագրում այն մասին, որ ՀՀ որոշ տարածքներ այս պահի դրությամբ գտնվում են Բաքվի բռնապետի բռնազավթման տակ, ներկայացրե՞լ ենք՝ ինչ տարածքների մասին է խոսքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Սյունիքի սահմանային իրավիճակին ու հարևան պետությունից ակնկալվող աջակցությանը։
«Ակնհայտ է, որ Իրանի շահերից չի բխում, որ թուրքադրբեջանական դաշինքը նույնիսկ մեկ սանտիմետր առաջանա ՀՀ-ի հատկապես Սյունիքի մարզում, բայց եթե մենք չենք արձանագրում փաստը, որ Սյունիքում տեղի է ունեցել մեր ինքնիշխան տարածքի որոշ հատվածների բռնազավթում, և այս ուղղությամբ չենք ակնկալում իրանական աջակցություն, ապա անիմաստ է սպասել, որ ինչ-որ մեկը կգտնվի «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»: Երբ իշխանությունը ներքաղաքական խնդիրները լուծելու համար փորձում է չներկայացնել իրական պատկերը կամ ներկայացնել կիսատ-պռատ, ապա մեր միջազգային գործընկերներն էլ չեն հասկանում՝ ինչպիսի արձագանքներ պետք է տան»,-ասաց իրանագետը։
Ըստ Ոսկանյանի՝ միջազգային ասպարեզում մենք ունենք բարեկամներ, բայց նրանք շատ դեպքերում սպասում են ՀՀ-ի հստակ մոտեցումներին, որ կարողանան իրենց ունեցած գործիքակազմերով ճնշումներ գործադրել Բաքվի բռնապետի վրա, սակայն երբ Հայաստանից հնչում են հայտարարություններ, թե Խորհրդային Հայաստանի ինչ-որ տարածք ադրբեջանական է, հարց է առաջանում՝ արդյո՞ք միջազգային հանրությունը կարող է ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա:
«Ի վերջո, Բաքվի բռնապետը հայտարարել է, որ Հայաստանն ընդունում է, որ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ ադրբեջանական են, հետևաբար մնացյալ բոլոր «խաղացողները» պետք է լռեն այդ մասին»,-ասաց փորձագետը՝ նշելով, թե տեղի է ունենում մի գործընթաց, երբ թշնամին մեզ կանգնեցնում է փաստի առջև, հետո սկսում ենք որոնումների մեջ ընկնել:
«Պետք է պատրաստվել ՀՀ պաշտպանունակության բարձրացմանը: Դրա համար կան մի շարք հարթակներ, որոնցից առաջինը վերաբերում է ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններին, հաջորդիվ՝ ՀԱՊԿ-ին։ Այժմ Բաքվի բռնապետի և էրդողանական վարչախմբի ծավալապաշտական նկրտումների հետևանքով ստեղծվել է նաև Իրանի հետ հարաբերությունների խորացման հնարավորություն՝ հատկապես անվտանգության ոլորտում՝ հայ-իրանական հակաահաբեկչական գործողությունների համար հնարավոր սցենարների մշակում ու այդ ուղղությամբ մեխանիզմների ստեղծմանը միտված քայլեր»,-ասաց իրանագետը։
Վերջինիս խոսքով՝ դրանով հնարավորությունները չեն սահմանափակվում․ մեր տարածաշրջանով հետաքրքրված է Հնդկաստանը՝ հաշվի առնելով պակիստանյան ներգրավվածությունը 44-օրյա պատերազմում և այժմ էլ Հայաստանի դեմ ծրագրվող գործողություններում։ Ուստի, ըստ Ոսկանյանի, ՀՀ-ն կարող է աշխատել նաև Հնդկաստանի հետ՝ ապահովելու անվտանգային կարիքների որոշակի բաղադրիչները:
Մյուս կողմից, Ոսկանյանի դիտարկմամբ, Թուրքիան Մերձավոր Արևելքում չունի մեծ թվով բարեկամներ, ուստի այդ ուղղությունը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը:
«Թուրքադրբեջանական դաշինքը չի դադարելու հակահայկական գործողություններ իրականացնել, ագրեսիվ քայլեր կատարել, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգություններ իրականացնել, Արցախի հայ բնակչության բնաջնջելու քաղաքականությունն առաջ մղել, որովհետև դա, ըստ էության, նրանց պետականության կերտման ծրագրի բաղադրիչներից մեկն է, որն ընդհանրապես չեն թաքցնում: Ներկա պայմաններում ՀՀ-ն պետք է աշխատի հինական մեկ ուղղությամբ՝ ամրապնդել ՀՀ անվտանգությունը, աշխատել թշնամական կողմի հնարավոր թուլացման բոլոր գործիքակազմերը ձեռքի տակ ունենալ և օգտագործել, հետանկախության շրջանում ՀՀ համար ամենաթույլ և խոցելի այս իրավիճակում չգնալ որևէ պայմանավորվածության, որը կարձանագրի մեր պետության նման վիճակը»,-ասաց նա։
Անդրադառնալով «խաղաղության դարաշրջան» բացելու մասին խոստումներին՝ իրանագետն ընդգծեց, որ իրականում մեր տարածաշրջանում որևէ խաղաղության դարաշրջան չի բացվել, և պատմությունը վկայում է, որ այստեղ խաղաղության դարաշրջանները և կայունության ժամանակահատվածները շատ կարճ են տևել: Ըստ Ոսկանյանի՝ դա հասկանում է նաև թշնամին՝ Բաքվի բռնապետն ու նրան ամեն կերպ աջակցող, հովանավորող և ուղղորդող էրդողանական վարչախումբը, և եթե դիտարկենք նրանց գործողությունները, դրանք միշտ միտված են եղել հաջորդ ռազմական բախմանը պատրաստվելուն:
«Դա են վկայում թե՛ անցկացված զորավարժությունների աննախադեպ քանակները, թե՛, նաև, ՀՀ-ի տարածքի նկատմամբ ագրեսիվ գործողությունները, թե՛ մեր հանրապետության որոշ հատվածների բռնազավթումը, ուստի միամտություն է կարծել, որ մեր տարածաշրջանում առնվազն թշնամին պատրաստվում է խաղաղության: Նրանք պատրաստվում են Հայաստանին ծնկի բերելուն և իրենց գրեթե 100-ամյա երազանքին՝ «թուրանական միջանցքի» ստեղծմանը հասնելուն, որը Թուրքիան Նախիջևանի Հանրապետության և ադրբեջանական արհեստածին կազմավորման միջոցով կկապի Կենտրոնական Ասիային»,-ասաց Ոսկանյանը՝ նշելով, թե նրանք այդ ծրագրի իրականացման ուղղությամբ որևէ ջանք չեն խնայում:
«Մեր առաջին քայլը պետք է լինի մեր հասարակությանն այս պատկերը ներկայացնելը, որ վերջ տրվի պատրանքներին, և մենք էլ, հասկանալով ստեղծված իրավիճակը, պատրաստվենք համարժեք եղանակներով արձագանքելու թշնամական բոլոր ոտնձգություններին՝ ոչ միայն Հայաստանի ներսում ստեղծելով այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որը պատրաստ կլինի արձագանքել բոլոր մարտահրավերներին, այլև վերականգնելու մեր անվտանգության բոլոր համակարգերը»,-ասաց Վարդան Ոսկանյանը։
Լենինգրադի մարզում ավտովթարից հետո մեքենայի բեռնախցիկից դուրս է ընկել սպանված տղամարդու մարմինը, հայտնել են 47news-ը:
Պորտալի տեղեկատվության համաձայն՝ Mitsubishi Galant մեքենան, որում դիակ էին տեղափոխում, բախվել է Ա-121 «Սորտավալա» մայրուղու վրա գտնվող ճամփեզրի արգելապատնեշին, արդյունքում դին հայտնվել է ճանապարհին:
Նրանք տանում էին թաղելու այլանդակված ու սպանված մարդուն, բայց վթարի էին ենթարկվել Լենինգրադի շրջանի մայրուղու վրա։ Դիակը դուրս է թռել, նրանք խուճապի են մատնվել՝ դեն նետելով բահերը։
Նոյեմբերի 20-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության տեսուչը տղամարդու մարմին է հայտնաբերել «Միթսուբիշի Գալանտ» — ի մոտ, որը բախվել էր Ա-121 «Սորտավալա» ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրի վրա ճամփեզրի արգելապատնեշին: Ոստիկանության կողմից արդեն հարցված ականատեսների խոսքով՝ բախումից անմիջապես հետո ավտոմեքենայից դուրս է նետվել կամ երկու, կամ երեք մարդ։ Բայց ասֆալտի վրա մնացել է մեկը, ոչ թե այն մարդկանցից, ովքեր ուղեւորվում էին մեքենայի սրահում։ Ավելի ճիշտ, մեկնում էր, բայց բեռնախցիկում եւ մահացած։
Դիակի կոկորդը կտրված է եղել մի ականջից մինչև մյուսը, այնպես, որ վթարի հետևանքով գլուխը բառացիորեն պոկվել է։ Այն մնացել է կպած միայն սիմվոլիկ՝ ողնաշարին։
Սպանվածը Երեւանում ծնված 50-ամյա պետերբուրգցի Արկադի Ղազինյանն էր։ Իսկ մեքենան պատկանում է Հայաստանից նրա ծանոթին, բայց նա ներսում չի եղել, և նա, ամենայն հավանականությամբ, ոչ մի կապ չունի կատարվածի հետ։
Սպանվածի մասին հայտնի է, որ նա Պետերբուրգ է ժամանել 1996 թվականին։ Ապրել է կնոջ հետ Նեւսկի շրջանում, ամուսնալուծվել է։ Վերջին հայտնի հասցեն Սանկտ Պետերբուրգի Լուսավորության պողոտայում է: Հնարավոր է՝ այնտեղ ապրել է նոր կնոջ և անչափահաս որդու հետ։ Նրա ձեռնարկատիրական գործունեության հետքերը բաց աղբյուրներում չեն երևում, թեև, ըստ նախնական տեղեկությունների, Ղազինյանը փոքր շինարարական բիզնես է ունեցել։
Վթարի տեսանյութը` «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում
«Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Իրան։ Սա նրա առաջին այցն էր հարևան երկիր Էբրահիմ Ռաիսիի՝ Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց և ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որում Թուրքիան և Ադրբեջանը գործում էին տանդեմով և որը Թեհրանի վրա ազդել է ոչ միայն դիվանագիտական մակարդակով։ Այն ժամանակ բանը հասել էր նրան, որ արկերը թռնում-անցնում էին սահմանի վրայով ու խուճապ առաջացնում տեղի բնակիչների մոտ։ Իսկ հետո, երբ Նախիջևանում սկսվեցին Ադրբեջանի և Թուրքիայի «Անխորտակելի եղբայրություն-2021» մարտավարական համատեղ զորավարժությունները, Իրանը երկար տարիների ընթացքում առաջին անգամ սկսեց ռազմական ստորաբաժանումներ և զինտեխնիկա տեղափոխել իր հյուսիսարևմտյան սահմաններ։
Թեհրանին սկսեց անհանգստացնել բառացիորեն ամեն ինչ՝ Անդրկովկասում սահմանների պահպանման խնդիրը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր ի հայտ գալը, որը Հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանի արևմտյան հատվածը Նախիջևանի հետ, մերձավորարևելյան հակամարտության հնարավոր տեղափոխումը կովկասյան տարածաշրջան՝ իրանա-թուրքական առճակատման համատեքստում, և այն, որ երկրորդ ղարաբաղյան հակամարտությունը փոխեց տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը։
Այսպիսով, որոշ հաղորդակցություններ, որոնք նախկինում Իրանը կապում էին Հայաստանի և Ղարաբաղի հետ, անցան Բաքվի վերահսկողության տակ։ Ադրբեջանը սկսել է վերահսկել Ղարաբաղ և Հայաստան գնացող իրանական տրանսպորտը։ Փաստացի Իրանի ամբողջ հյուսիսային սահմանը՝ արևմուտքում Սորայա և Արաքս գետերի միախառնումից մինչև արևելք՝ Աստարա, հայտնվել է թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ։ Հետևաբար, եթե անգամ չլուծելու, ապա գոնե այս հարցերը պարզաբանելու համար էր կոչված Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ երկրների ղեկավարների մակարդակով Թուրքիա-Իրան-Ադրբեջան եռակողմ հանդիպում պետք է անցկացվի: Բայց կարծես թե, այսպես կոչված, «հաշտարար գագաթնաժողովը» չստացվեց Թեհրանի և Բաքվի միջև առկա տարաձայնությունների պատճառով։ Այժմ Իրան ուղարկեցին Չավուշօղլուին, որին վիճակ ընկավ շագանակները կրակից հանելը։ Ելնելով դրանից՝ կարելի է խոսել այս այցելության որոշ առանձնահատկությունների մասին։
Չավուշօղլուն իր իրանցի գործընկեր Հոսեյն Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսում խոսել է Անկարայի պատրաստակամության մասին՝ համագործակցելու Թեհրանի հետ երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի վրա, որը պետք է նախապատրաստվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իրան կատարելիք այցին ընդառաջ։ Միաժամանակ այցի ժամկետը չի նշվել։ Չավուշօղլուի լրագրողական թիմի անդամ, թուրքական Türkiye հրատարակության թղթակիցը հայտնել է, որ խոսքն «առաջիկա ամիսների» մասին է, և «նախագահ Էրդողանի այցը Թեհրան կապված կլինի Թուրքիան և Իրանը Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի աշխատանքներին մասնակցելու հետ»։ Ուստի, ճանապարհային քարտեզի մասին Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը վաղաժամ է թվում։ Բացի այդ, Իրանի արտգործնախարարը խոսել է երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության մասին միայն հուշագրի պատրաստման մասին։
Ինչևէ, գործարքի մշակման մասին լուրերն անսպասելի են թվում՝ հաշվի առնելով երկու երկրների միջև հարավկովկասյան ասպարեզում առաջացած լարվածությունը։ Ինտրիգն այն է, թե ինչ կետեր են նրանք ներառելու ճանապարհային քարտեզում կամ հուշագրում:
Մնացածի հարցում Թեհրանում կայացած բանակցությունները սովորական բնույթ են կրել։ Կողմերը խոսել են սիրիական ճգնաժամի և դրա քաղաքական կարգավորման հեռանկարների, Աստանայի ձևաչափի վերականգնման մասին, անդրադարձել են Աֆղանստանից Իրանի տարածքով Թուրքիա միգրացիայի խնդրին և սահմանային անվտանգությանը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Աֆղանստանում կայունության ապահովման, ներառական կառավարություն ստեղծելու և հումանիտար ճգնաժամը կանխելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։
Երկխոսության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, արծարծվել է Անդրկովկասի թեման, որը Թեհրանի համար ավելի զգայուն է դառնում, քան Իրաքն ու Սիրիան։ Կողմերը համակարծիք են եղել, որ «Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ազգային և կրոնական կապերը չպետք է թույլ տան որոշ արտաքին ուժերի» մթագնել իրենց հարաբերությունները, սակայն չի նշվում, թե որ ուժերի մասին է խոսքը։ Այսինքն՝ եղել են միայն խոսակցություններ՝ առանց կոնկրետ որոշումների։ Բայց նաև ցանկություն է եղել գտնելու փոխգործակցության կետեր, այլ ոչ թե առկա վեճերը բացահայտ թշնամանքի վիճակի հասցնելու»։
Երեւանի փողոցներից 18 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ: Նշենք, որ առավոտից քաղաքացիները փակել էին Երեւանի մի շարք փողոցներ՝ հայտարարելով, որ ակցիայի նպատակը Հայաստանից թուրքին վռնդելն է։
Ոստիկանությունից հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված գործողություն կատարելու համար (Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նախօրեին հայտարարում էին տաևրածել Ազատագրական շարժման նախաձեռնողները, որում նշված էր.
«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.
— կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
— թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
— պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է’ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։
Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում’ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.