23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Աշխատանքային այցով Հալեպում գտնվող Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը դեկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հալեպի նահանգում առկա սոցիալ-տնտեսական հարցերը, այդ թվում՝ հալեպահայ համայնքի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ճանապարհները, ինչպես նաև նահանգի հետպատերազմյա վերականգնման աշխատանքների ընթացքը: Դեսպան Տ. Գևորգյանը նահանգապետին տեղեկացրել է, որ Հալեպ է ժամանել Հայաստանի Հանրապետության «Հումանիտար ականազերծման և փորձագիտական» կենտրոնի առաքելության հերթական՝ 8-րդ հերթափոխը:
Դեսպանը տեղեկացրել է նաև, որ հումանիտար առաքելության նախորդ հերթափոխների աշխատանքների արդյունքում Հալեպի նահանգում ականազերծվել է ավելի քան 750 հազար քառակուսի մետր տարածք, վնասազերծվել է 580 միավոր պայթուցիկ սարքեր, իսկ առաքելության կազմում գործող հայ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել նահանգի շուրջ 36 հազար բնակչի: Նահանգապետ Դիաբը խորին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին՝ դժվարին այս շրջանում Սիրիայի ժողովրդին օգնության և բարեկամության ձեռք մեկնելու համար:
Վերջինս պատրաստակամություն է հայտնել իր կողմից անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Հալեպում գործող հայկական եկեղեցիներին, դպրոցներին, մշակութային ու մարզական միություններին և, առհասարակ, հալեպահայ համայնքին:
Նույն օրը դեսպան Տիգրան Գևորգյանն այցելել է Հայաստանի հումանիտար առաքելության կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել առաքելության ղեկավարության, հումանիտար ականազերծում իրականացնող խմբի մասնագետների և բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ: Դեսպանը ծանոթացել է կատարված աշխատանքների ծավալներին, ինչպես նաև քննարկվել են Հալեպի նահանգում առաջիկայում իրականացվելիք գործառույթները: Տ. Գևորգյանը բարձր է գնահատել հումանիտար առաքելության ներկայացուցիչների մասնագիտական հմտություններն ու կարողությունները և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
Այցի շրջանակներում Սիրիայում ՀՀ դեսպանը զրույց է ունեցել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր (ընտրված Հալեպ քաղաքից), Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լուսին Իսքենյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման և համագործակցության ընդլայնման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Դեսպանը հանդիպումներ է ունեցել նաև հալեպահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվել է համայնքի առջև ծառացած հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հյուպատոսական բնույթի բազմաթիվ հարցեր:
Այդ կապակցությամբ դեկտեմբերի 3-ին Սիրիայում ՀՀ դեսպանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ վերջինիս աշխատանքների ակտիվացման և արդյունավետության բարձրացման խնդիրների վերաբերյալ:
Տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Ստոկհոլմում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը չի կայացել Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է կազմակերպել հանդիպումը՝ «հայ պատգամավորների՝ Ղարաբաղ կատարած ապօրինի այցի պատճառով»։
«Ինչպես գիտեք, դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայացել է ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել է նաեւ ադրբեջանցի նախարարը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են այս միջոցառման շրջանակում հանդիպում անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ։ Միաժամանակ, նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ ապօրինի այց են կատարել Ադրբեջանի տարածք։ Ի պատասխան այդ գործողությունների՝ ադրբեջանական կողմն աննպատակահարմար համարեց երկու նախարարների հանդիպման անցկացումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բաքվում նշել են նաեւ, որ «Երեւանի դիրքորոշումը վնաս է հասցնում տարածաշրջանում խաղաղություն հաստատմանն ուղղված ջանքերին»։
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 զինծառայողի. հայտնում է «Sputnik Ադրբեջանը»։
«Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորների մասին է։
Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։ Հայկական կողմն իր հերթին Բաքվին տրամադրել է ականապատ դաշտերի քարտեզներ։
Բաքուն շնորհակալություն է հայտնում ՌԴ ՊՆ-ին՝ քարտեզներ ստանալու հարցում միջնորդության համար»,- ասվում է հրապարակման մեջ։
«Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նա այս անգամ Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը գաղտնի են պահվել»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում քաղաքացին կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Դատախազությունը:
«ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ Է.Գ-ն 2020թ. հունիսի 03-ի լույս գիշերը, նախապես ուսումնասիրելով Գ.Հ-ի առանձնատունը և տեղյակ լինելով, որ վերջինս բացակայում է տնից, շահադիտական դրդումներից ելնելով, դիտավորությամբ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով ապօրինի մուտք է գործել առանձնատուն և գաղտնի հափշտակել ոսկյա զարդեր ու արտարժույթ՝ պատճառելով Գ.Հ-ին խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր 945.981 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:
Բացի այդ, նույն Է.Գ-ն, 2021թ. փետրվար ամսվա սկզբներին, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ Հ.Ս-ի կողմից ժամանակավոր բնակեցվող առանձնատանն ականատես լինելով վերջինիս ու Ն.Բ-ի միջև ծագած վիճաբանությանը, որի ընթացքում Հ.Ս-ն իր մոտ ապօրինի պահվող` ռազմաթերք հանդիսացող «Ф-1» տեսակի մարտական նռնակը պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել, վերջինիս ձեռքից վերցրել է նշված նռնակը, առանձնացրել մարտական պայթուցիչն ու այն ապօրինի կերպով պահել իր մոտ: 2021թ. փետրվարի 17-ին, ժամը 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Է.Գ-ն ներկայացել է Հ.Ս.-ի ժամանակավոր բնակեցվող առանձնատուն և վիճաբանության մեջ մտնելով նրա հետ՝ դիտավորությամբ, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, իր մոտ պահվող խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացած վերքերից Հ.Ս-ն տեղում մահացել է: Այնուհետև, նախապես տեղյակ լինելով սպանվածի մոտ առկա նռնակի մասին, Է.Գ-ն մտել է առանձնատան առաջին հարկում գտնվող ննջասենյակ, այնտեղից հափշտակել վերջինիս պատկանող «Ф-1» տեսակի մարտական նռնակը և այն ապօրինի պահել իր տանը:
Նկարագրված արարքները կատարելու համար նախաքննական մարմնի կողմից Է.Գ-ն որպես մեղադրյալ է ներգրավվել և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով /Գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով/, ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով /Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/, ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով /Սպանությունը/, ԱՀ քրեական օրենսգրքի 248-րդ հոդվածի 1-ին մասով /Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը/ և ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործությունների կատարման համար:
Է.Գ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
Արցախի ԱԱԾ-ն հայտնում է, որ այսօր Մարտունու Ճարտար քաղաքի 1956 թ․ ծնված Ս.Ս.-ն «մոլորվել» ու հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում և «վերջիններիս կողմից վերցվել արգելանքի»: Բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին վերադարձնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ թշնամին մեր 65-ամյա քաղաքացուն արդեն հասցրել է ներկայացնել որպես սահմանախախտ, ահաբեկիչ, որին իրենք զինաթափել ու հետո սպանել են։ Թշնամու հետ կապված ասելու ոչինչ չկա։ Ամեն ինչ առավել քան պարզ է․ ադրբեջանցիք ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼՈՒ գերեվարել և կամ սպանել մեր բնակիչներին, ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼՈՒ կրակել մեր բնակավայրերի վրա, ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼՈՒ սադրանքների դիմել։ Նրանց նպատակը մեկն է և դա գաղտնիք չէ՝ կամ բնաջնջելով, կամ վախի մթնոլորտ ստեղծելով անհնար դարձնել հայ մարդու գոյությունը հայկական հողի վրա։ Այս մասին իրենք խոսում են անընդհատ, այս նպատակի իրագործմանն ուղղված քայլերը նրանք կատարում են ամեն օր։ Սպասել նրանցից այլ բան պարզապես հիմարություն է։ Հարցերը և պահանջները նախևառաջ մեր կողմին են ուղղված, այն մարմիններին, որոնք սահմանադրորեն պարտավոր են ապահովել մեր ու մեր սահմանների անվտանգությունը։ Պատերազմից անցել է մեկ տարուց ավել։ Ինչու՞ մեր սահմանները (թեկուզ և դրանք ժամանակավոր են) եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե թշնամուն առավել մոտ և խիստ վտանգավոր հատվածներում խրամատավորված ու կահավորված չեն և առավելագույնս չեն վերահսկվում, չէ՞ որ միայն այդ կերպ է հնարավոր բացառել կամ գրեթե զրոյին հասցնել մեր բնակիչների “մոլորվելու” և թշնամու ձեռքում հայտնվելու հնարավորությունը։ Այսօր Արցախում թիվ մեկ խնդիրն ու առաջնահերթությունը անվտանգության ապահովումն է։ Առանց անվտանգության գերապահվման մասշտաբային բնակարանաշինությունն արժեք չունի։ Դա գետի բերանին ավազի վրա տուն կառուցել է, սելավն որ եկավ, քշելու է տանի։ Ինչու՞ է Արցախի ԱԱԾ-ն ամեն անգամ նման դեպքերը ներկայացնում որպես մեր բնակչի «մոլորվելու հետևանք»։ Ինչու՞ է այդ կերպ ուղղակիորեն կամ անուղղակի կերպով կոծկում թշնամու՝ մեր բնակիչների դեմ ուղղված հանցագործությունները և արդարացման հնարավորություն ստեղծում նրանց համար։ Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ թշնամին գերեվարում է մեր բնակիչներին, առևանգում և գերեվարում։ Բավական չէ՞ մեր քաղաքացիներին ներկայացնել որպես «մոլորյալ» անմիտներ, որոնք, քաջատեղյակ իրենց սարուձորին, իրենց հանդ ու չոլին, իրենց անտառներին, օրը ցերեկով իրենք իրենց ոտքով գնում ու ընկնում են թշնամու ձեռքը։ Գուցե ԱԱԾ-ում մտածում են, որ այսկերպ չեն թողնում, որ բնակչության շրջանում խուճապ տարածվի։ Բայց խուճապի բացառման լավագույն տարբերակը խուճապի հնարավոր աղբյուրի/առիթի բացառումն է, ոչ թե թշնամու հանցավոր արարքների կոծկումը կամ այլակերպ ներկայացումը։ Թշնամին գիշատիչ է, տունդ պիտի պաշտպանված լինի, ձեռքիդ էլ՝ մահակ, որ պարբերաբար մռութին տաս, որ նախ՝ ախորժակը զսպի, հետո էլ վախենա՝ քո կողմը անգամ նայի։ Ալվինա Աղաբաբյան«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ
«Վանեցյանն իր գործունեության 20 տարիների ընթացքում մշտապես պայքարել է և արմատախիլ է արել այդ Սիմոնյանի և իր գործընկերների նման մոլախոտերին, որոնք իրենց գործունեությամբ ոչինչ չեն անում, բայց իրենց գոյությամբ թունավորում են շրջակա միջավայրը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն՝ անդրադառնալով «Առաջին լրատվականի» հետ զրույցում Ալեն Սիմոնյանի՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հասցեին հնչեցրած հայտարարություններին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ալեն Սիմոնյանը մասնավորաբար ասել էր. «Ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի: Իրենք թող չկարծեն, որ իրենց կարող են թույլ տալ հայտարարություններ և վարվելակերպ, որը պատասխան չի ստանալու: Ես խղճում եմ այդ մարդկանց. իրենք քաղաքականությունից չեն հասկանում և հայ ժողովրդին չեն ճանաչում: Դե, ե՞րբ են կապ ունեցել: Վանեցյանը ե՞րբ է հայ ժողովրդի հետ կապ ունեցել: Ինքը մշտապես, ժամանակին եղել է Սերժ Սարգսյանի աշխատողը, հետո իրեն հնարավորություն է տրվել ինքը դառնա հեղափոխական թիմի անդամ, բայց ինքը գնացել` իր տեղը գտել է Սերժ Սարգսյանի կողքը: Մարդ, որը որ ունեցել էր ամենաբարձր վարկանիշներից մեկը հեղափոխությունից հետո, այսօր ունի ամենաբարձր բացասական վարկանիշներից մեկը: Իր, մնացած նմանատիպ գործընկերների հաջորդ մակարդակը լինելու է՝ հեռախոսը դնելու են, լայվ են մտնելու, ասելու են՝ սիրելի հայրենակիցներ, սպասենք մի քանի հոգի հավաքվի, ինչ-որ բաներ խոսենք: Զգուշացնում եմ հիմա, թող իրենց չափավորեն՝ վարչապետի հասցեին, իմ քաղաքական թիմի հասցեին»:
Սոս Հակոբյանը հակադարձել է. «Վանեցյանին ոչ թե հնարավորություն է տրվել որևէ բան անելու, այլ Վանեցյանն առաջին օրից մինչև իր հրաժարականի օրն ամեն ինչ արել է՝ թե արտաքին մասով Հայաստանի շահերը ամուր պահելու, հատկապես մեր ռազմավարական դաշնակցի հետ վստահելի հարաբերություններ ունենալու համար, թե երկրում հանցավորության դեմ պայքարի, կոռուպցիայի ոչնչացման, դրա հիմքերի քանդման համար: Եվ երբ Վանեցյանը հասկացել է, որ այս ազգակործանների դեմը միայնակ հնարավոր չէ առնել, կանգնեցնել Հայաստանի և Արցախի կործանումը, նա այդ ժամանակ դուրս է եկել և որոշ ժամանակ անց մտել է քաղաքականություն: Իսկ Սիմոնյանն իր ուսապարկ գործընկերների և քաղաքական հոր հետ միասին սերունդների կողմից միշտ հիշվելու են որպես Հայաստանի՝ տարածաշրջանային գործոնից, տարածաշրջանային բանակցությունների օբյեկտ սարքողներ: Սերունդները նրանց հիշելու են դեռ հարյուրամյակներով և իրենք իրենց խարանը, կարծում եմ, դեռ իրենց կենդանության օրոք կհասցնեն «վայելել»»։
Հակոբյանը նաև հավելել է. «Մեկ ժամանոց հարցազրույցի երեսուն րոպեն այդ մարդը խոսում է պետական բյուջեով գնվող իր մեքենայի և իր եղբոր բիզնեսի մասին. անպետք նորություններ, իրենց անպետք գործունեության մասին, որոնք հենց իրենք գցել են լրատվական դաշտ՝ որևէ բանով մարդկանց զբաղեցնելու համար և ՀՀ-ի՝ ուղղակի կործանման մասին նորություններն, իրենց ճղճիմ թեմայով շեղելու համար: Իր հարցազրույցի մյուս երեսուն րոպեն, այս մարդը խոսում էր ընդդիմադիրների մասին, կարծես չկա որևէ խնդիր՝ քաղաքացուն վերաբերվող, որի մասին ԱԺ նախագահը տեղյակ է և կարող է լուսաբանել՝ իր գործունեության մասով ի՞նչ է արել, մեկ մարդու, մեկ խմբի որևէ խնդիր լուծելու համար: Մենք լսում ենք անկանոն ձևով տարբեր եվրոպական մայրաքաղաքների անուններ և ինչ-որ հանդիպումների քանակ, որ ԱԺ նախագահն իր աշխատակազմով կամ ուսապարկ-պատգամավորներով այցելել է, և չենք լսում մեկ բովանդակային կետ, մեկ հարց, որը նա կարողանում է արտաքին գործընկերների մոտ առաջ մղել՝ ի շահ ՀՀ-ի: Լրատվամիջոցին, որին նա տվել է հարցազրույցը, կառաջարկեմ մի հաղորդում մշակել և անունը դնել՝ «Առանց բովանդակության», որ ԱԺ սույն նախագահն իր գործունեության շուտափույթ դադարեցումից հետո, որին շատ չի մնացել, որևէ աշխատանք ունենա, որի միջոցով կշարունակի լինել տեսախցիկների առաջ: Ցավով եմ այս արձանագրումներն անում, բայց մեր ԱԺ նախագահը մնացել է քաղաքագիտության մեջ հայտնի դերասան կամ դեմագոգ քաղաքական գործչի տիպի ծիրում»:
Aravot.am-ի զրուցակիցը հորդերել է՝ մեծ ուշադրություն չդարձնել Սիմոնյանի և իր «կոմպանիայի» ասածներին, որովհետև երբ Արթուր Վանեցյանը հստակ անուններ է տալիս Նիկոլ Փաշինյանին և իր գործունեությանը, հստակ բացատրում է հանրությանը դրանց հանցավոր գործունեության հետևանքների մասին, նրանք ուղղակի հերթական առաջադրանքն են ստանում Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «իրենց դեմքին գտնվող բացվածքով, խոսեն, փնովեն, վատաբանեն այդ քաղաքական գործիչներին և վազելով գնան նրա մոտ ասելով՝ «կատարել եմ քո ցանկությունը, տեր իմ»»։
ՌԴ ԱԳ նախարարությունը մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլան»-ի մասին հայտարարությունը՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն չունի։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ նշելով, որ ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ալեն Սիմոնյանը խոսել է «Լավրովի պլան»-ի մասին՝ Ռուսաստանին կապելով «Ղարաբաղի հանձնման հետ»։
«Նշված զրույցի ընթացքում ԱԺ հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, վկայակոչելով «հայ հասարակության մտքերը», թե Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը, ասել է. «Եթե Հայաստանում որևէ մեկը պատրաստվեր հանձնել Ղարաբաղը, դրա համար մի քանի տարբերակ կար, այդ թվում «Լավրովի պլանը»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են. «Դժվար է մեկնաբանել մի բան, որ գոյություն ունի ոչ թե իրականության, այլ երևակայության մեջ»։
ՌԴ ԱԳ նախարարությունը նշել է, որ չի կարելի խոսել «հանձնման» մասին, քանի որ խոսքը վերաբերում էր ԼՂ հակամարտության փուլային լուծման մասին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարգավորման պլանը վերջին խմբագրմամբ կողմերին են հանձել 2019-ի հունիսին։
«Նախատեսված էր նախ առաջին փուլում հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին, իսկ երկրորդ փուլում՝ երկու շրջանի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պարտադիր որոշմամբ։ Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա մինչև 2020-ի աշուն բանակցությունների սեղանին շարունակվում էր քննարկվել հետևյալը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ կողմերի համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո, համազգային քվեարկության անցկացմամբ, որն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և օրինականորեն. պարտավորեցնող՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան»,- նշել են ԱԳՆ-ում։
ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը, որը երեկ գերեվարվել էր ադրբեջանական զինծառայողների կողմից, սպանվել է։ Այս տեղեկությունը հայտնեց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ քաղաքացու մարմինը հակառակորդը չի փոխանցել հայկական կողմին։
Ստեփանյանն ասաց նաև, որ իրենց դեռ անհայտ է, թե ինչպես է սպանվել Ճարտարի բնակիչը։
Ըստ տեղեկությունների՝ քաղաքացին գերեվարվել էր իր անասուններին արածեցնելիս, քանի որ տեղանքում մոլորվել էր։ Մոտ մեկուկես ամիս առաջ ադրբեջանցիները առեւանգել էին նրա կովերին եւ չէին վերադարձրել։ Մոտ 20 կով մնացել էր ադրբեջանցիների մոտ։
Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։
ԱՀ իրավապահ մարմինների կողմից դեպքի կապակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ։
Ջոնս Հոփքինսի համալսարանի ուսանող, SIS Education-ի հիմնադիր-նախագահ Նվեր Սաղաթելյանի անդրադարձը ՀՀ կառավարության՝ 2021-2026 թթ․ ծրագրի կրթության և գիտության բաժնին նվիրված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
ՀՀ կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կրթության և գիտության բաժնին նվիրված երկրորդ ելույթը Նիկոլ Փաշինյանը կառուցեց հետևյալ աղոտ բանաձևի շուրջ. «Չի կարող լինել կրթական հաստատություն՝ առանց պատշաճ շենքային պայմանների, գույքի և պատշաճ բովանդակության/ուսուցչական կազմի»։ Եթե մեր ընթերցողն այնչափ միամիտ է, որ կարծում է, թե Փաշինյանը մանրակրկիտ ներկայացրել է բանաձևի յուրաքանչյուր քայլը, ապա պետք է հիասթափեցնեմ՝ նշելով, որ շուրջ 20 րոպեանոց ելույթի առնվազն 95%-ը նվիրված էր ստորև ներկայացվող 3՝ ըստ կրթական հաստատության տարանջատվող պնդումներին, որոնցից յուրաքանչյուրն արտահայտում է այդ բանաձևի 3 համապատասխան կետերի ամենակոնկրետ մտքերը։
Բազում անգամներ նույնանման միտքը նույն հարցի վերաբերյալ վերաձևակերպելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց լրացնել ելույթի՝ կրթության և գիտության բաժնին պարտադիր կերպով հատկացվող մասի առնվազն ¼-ը, հետևաբար, ստիպված եղա, առանց փոխելու նրա խոսքի ոճը և «տոնը», կատարել վերը նշված համակարգումը՝ խուսափելով հոդվածն անհարկի երկարացնող տաֆտալոգիայից։
Ուրեմն՝ այսպես․
ՊՆԴՈՒՄ 1․ Բանաձևի առաջին բաղադրիչի շուրջ արտահայտված ամենահստակ և թիրախային միտքը հետևյալն է․
«Նախակրթարան. Կրթությունը սկսում ա նախակրթարանից, սկսում ա մանկապարտեզներից, և մեր ծրագրի կարևորագույն կետերից մեկը հետևյալն ա՝ առաջիկա 5 տարում մենք պետք ա ՀՀ-ում կառուցենք, հիմնանորոգենք, նորոգենք առնվազն 500 մանկապարտեզ՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով»։
«Դպրոց․ Մենք ստանձնել ենք պարտավորություն՝ մինչև 2026 թ. ՀՀ-ում կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը, նաև մինչև 2026 թ. հանրապետության բոլոր 1400 դպրոցներում կառուցել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը։ Այսինքն՝ կան դպրոցներ Հայաստանում, որոնք էս պահին նորոգման, նորոգման չէ, բայց հիմնանորոգման և վերակառուցման կարիք չեն զգում։ Սա չի նշանակում, որ էդ դպրոցները չպետք ա լինեն մեր տեսադաշտում, բոլոր դպրոցները Հայաստանի Հանրապետության պետք ա ունենան ինժեներական և բնագիտական լաբորատորիաներ»։
«Համալսարան․ Երբ որ մենք ասում ենք՝ մեր բարձրագույն կրթությունը որակի խնդիր ունի, ապա նկատի ունենք, որ մեր բարձրագույն կրթությունը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին։ ՀՀ-ում էսօր չկա գեթ մեկ բուհ, գեթ մեկ բուհ, որը եթե միջազգային ստանդարտներով լիցենզավորեին, ինքը կստանար լիցենզիա, որովհետև պրիմիտիվ, ամենապրիմիտիվ շենքային պայմանների համապատասխանող, միայն շենքային պայմանների բաղադրիչով համապատասխանող ոչ մի բուհ չունենք»։
Վերոնշյալ պնդումները ոչնչով չեն տարբերվում 2021-2026 թթ․ ծրագրի կրթության և գիտության բաժնին նվիրված՝ նրա առաջին ելույթից, որումղ կրկին խոսվում էր շենքային պայմաններից, որին և անդրադարձել եմ նախորդ՝ «Նիկոլիզմի մոլորեցումները և կրթական վեկտորների ձևախեղումն ընդդեմ «Կուրթ Հահնի»» վերնագրով հոդվածումս, մասնավորապես՝ «Պնդում-մոլորություն 2.» ենթակետի ներքո։ Հետևաբար, խելամիտ լուծում առաջարկելու փոխարեն վերոնշյալ 3 նախադասությունն առնվազն 7 անգամ, վերաձևակերպված, հնչեցվել է նույն ելույթի ընթացքում, կամ նույն միտքը կրկնվել է ավելի աբստրակտ կերպով, կամ հույս է հայտնվել, որ Եվրամիության 2,6 միլիարդի «նվիրատվական» ծրագրից մանկապարտեզ ու դպրոց կկառուցվի, իսկ սաղմնային փուլում գտնվող ակադեմիական քաղաքի գաղափարին կփորձեն միս ու արյուն հաղորդել։ Նաև՝ միավորված համայնքների համայնքապետերը կզբաղվեն մանկապարտեզների հարցերով, կֆինանսավորեն, ու գույքահարկի համակարգի ցավոտ «բարեփոխումների» արդյունքում գոյացած ֆինանսական միջոցները կծախսվեն մանկապարտեզների շահառման համար՝ գազ, լույս, ջուր, ևն։
Ինչպես նկատում եք՝ դուրս գրելով Փաշինյանի ելույթի ընթացքում բարձրաձայնված կարևորագույն խնդիրները և դրանց լուծումները, միևնույն ժամանակ փորձելով զտել դրանք մանիպուլյացիայից, պոպուլիզմից ու մեղադրանքներից, նպատակ եմ հետապնդել հանրությանը ներկայացնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական և գիտական մտքի տոտալ բացակայությունը։
ՊՆԴՈՒՄ 2․ Բանաձևի երկրորդ բաղադրիչի շուրջ արտահայտված ամենահստակ և թիրախային միտքը հետևյալն է․
«Նախակրթարան․ Ես խնդրում եմ՝ եկեք պայմանավորվենք, որ երբ մենք ասում ենք՝ մանկապարտեզ պետք ա նորոգվի, սա նշանակում ա՝ էրեխեն էդ տարածքում ոչ մի միավոր օգտագործված գույք պետք ա չտեսնի, այսինքն՝ էդ գույքը, որ մեր ձեռքի տա ա, նախկին, եթե կա էդպիսին, դրա լուծումն էլ կա՝ աճուրդով հանվում ա վաճառքի, ում հետաքրքրում ա, թող գա, առնի»։
«Դպրոց․ ՀՀ-ում մինչև 2026 թ. 300 նորոգվող, հիմնանորոգվող, վերակառուցվող դպրոցների նորոգումից հետո ոչ մի միավոր օգտագործված գույք պետք ա ներս չմտնի՝ սկսած գրիչից, ավարտված լամպերով, պետք ա բոլորը լինեն նոր, որովհետև սա շատ կարևոր ա նոր միջավայրի ձևավորման համար»։
«Համալսարան․ Առանց ֆիզիկական ենթակառուցվածքի չենք կարողանա կրթական խնդիրները լուծել, և մենք այսօր փորձում ենք ակադեմիական քաղաքի կամ ուսանողական քաղաքի նախագծին միս ու արյուն հաղորդել, փորձում ենք տեղորոշել այն կոնկրետ վայրերը, որտեղ կարողանանք իրականացնել այդ նախագիծը»։
Կրկին այս 3 թերի մտքերը, վերաձևակերպված, առնվազն 6 անգամ հնչել են նույն ելույթի ընթացքում, կոմպետենտ լուծումներ առաջ քաշելու փոխարեն կրկին աղոտ կերպով ներկայացվել են ամենապրիմիտիվ ու միջակ առաջարկներ։ Այդ վերաձևակերպված խեղաթյուրանք լուծումները առաջին հայացքից տրամաբանական կարող են թվալ, սակայն կրթական ոլորտին ծանոթ մեկի համար աբսուրդային և հակասական «ֆենոմեններ» են, որոնք բացահայտում են Նիկոլ Փաշինյանի «անտեղեկացվածությունը» երկրում առկա կրթական խնդիրներից, և հանպատրաստից հնչեցվող, առնվազն ոչ մասնագիտական, եթե ոչ՝ բամբասանքի մակարդակի մտքերը վկայում են երկու երևույթի մասին. առաջին՝ նա լավ հասկանում է, որ իր էլեկտորատին չեն հուզում իրապես օրակարգային, օրհասական նշանակություն ունեցող քայլերը, այլ պարզապես շենքային պայմանները, ինչն էլ խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության պետականության էությունն ու բովանդակությունը, հասարակության հոգեբանությունն ու կենսափիլիսոփայությունը։ Վերջիվերջո, այս առումով օրհասական խնդիր է՝ Հայ հասարակությանը ուղղորդել, այնուհետև դրդել պատասխանել մշտարթուն հակասական հարցին՝ լինե՞լ, թե՞ թվալ։
Եվ երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ փորձում է Կործանման №28/20 ծրագրի 6 քայլերը հասցնել տրամաբանական ավարտին, ծրագիր, որը վաղուց արդեն դուրս է եկել, այսպես կոչված, ապագայապաշտական և դավադրապաշտական տեսությունների սահմաններից և վերածվել դառը և պայթյունավտանգ իրականության, որի հետ պետք է հաշվի նստել ու հնարավոր ցանկացած արդյունավետ միջոցներով դրա դեմ պայքարել։
ՊՆԴՈՒՄ 3․ Բանաձևի վերջին բաղադրիչի շուրջ արտահայտված ամենահստակ և թիրախային միտքը հետևյալն է․
«Նախակրթարան․ Ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը ներդնելու ենք ուսուցիչ-դաստիարակների աշխատանքային առաջխաղացման շարունակական մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմ ստեղծելու նպատակով։ Մանկապարետեզի ուսուցիչ-դաստիարակի աշխատանքը, դա, կներեք, այլ աշխատանք չգտնող մարդուն աշխատանքի տեղավորելու տեղ չէ, դա ռազմավարական աշխատանք է, որի արդյունքները և հետևանքները մենք տեսնում ենք տասնյակ տարիներ հետո»:
«Դպրոց․ Ես կարծում եմ, որ վերջին 3 տարիներին մեր իրականացրած առանցքային բարեփոխումներից մեկը կրթության չափորոշիչն է: Կառավարության առանցքային ռազմավարական ծրագրերից մեկը ուսուցչական կադրերի վերապատրաստման և բարձր որակավորում ունեցող ուսուցիչների աշխատանքի առանձնահատուկ քաղաքականություն վարելն է, և դուք գիտեք, և ուրախ եմ դրա համար, որ մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը, որպեսզի բացառենք անորակ ուսուցչական կադրերի ներկայությունը ՀՀ դպրոցներում և նախակրթարաններում»:
«Համալսարան․ Որակ ապահովելու կարևորագույն պայմաններից մեկը բարձրագույն կրթության համակարգի ապաքաղաքականացումն է։ Ապաքաղաքականացում՝ չի նշանակում կապ չունենալ կառավարության կամ կառավարման համակարգի հետ, ապաքաղաքականացում՝ նշանակում է չզբաղվել քաղաքականությամբ, և ես համոզված եմ, որ մեր ընդհանրապես կրթական համակարգում տեղի ունեցած նեգատիվ շատ պրոբլեմներ կապված են հենց կրթական համակարգի քաղաքականացման հետ՝ սկսած մանկապարտեզներից, շարունակած դպրոցներով, շարունակած բարձրագույն կրթության համակարգով»:
Այս պնդմանն անդրադառնալիս կարևոր եմ համարում ընդգծել, որ եզակի անհատներ են պատրաստ իրապես իրենց վրա վերցնել ուսուցիչ դառնալու առաքելությունը, և պետության կողմից ցանկացած միջոցառում, ինչպիսին, օրինակ, կամավոր ատեստավորումն է, պետք է միտված լինի աջակցության, ոչ թե ֆիլտրելու կամ պատժելու գործընթացի։ Անհրաժեշտ է արմատախիլ անել այն ընկալումը, որ սա զուտ ստուգողական աշխատանք է, և արմատավորել սրա՝ աջակցող ծրագիր լինելը։ Ատեստավորման ծրագիրը, որն այս անգամ վերաբերեց 35000 ուսուցչից ընդամենը 400-500 ուսուցչի, շոշափելի ազդեցություն չի ունենալու։ ՀՀ-ում ուսուցիչը միջինում ստանում է 70,000 դրամ աշխատավարձ, հետևաբար, դրա՝ առավելագույնը 35,000 դրամով ավելացումը չի ոգեշնչի նրանց՝ անցնելու լուրջ փորձություններով, երբ երկրորդ աշխատանք գտնելը շատ ավելի դյուրին է։
Մի շարք համաշխարհային առաջադեմ ուղեղային կենտրոնների վերլուծություններ փաստում են, որ նույն աշխատանքի դիմաց աշխատավարձի զգալի տարբերությունը դպրոցներում չի հանգեցնում կրթության բարելավման, այլ միմիայն նորանոր խնդիրների։ Բազմատեսակ հասարակական շերտեր ու կրթական համակարգեր ունեցող պետություններում այն արդեն փորձվել և ձախողվել է, հետևաբար, մենք կրկին գործ ունենք որպես հեղափոխական քայլ ներկայացվող հետամնացության հետ։ Վտանգավոր է այս կամավոր, նշմարվող ապագայում պարտադիր ատեստավորումը համարել համակարգային լուծում, երբ այն ներկա պահին եզակի ուսուցիչների համար ավելի լավ պայմաններ ապահովելու միջոց է, իսկ հետագա գերազանց աշխատանքի դեպքում, որն այս իշխանություններից ակնկալելը դասական արկածախնդրություն կամ անհույս ռոմանտիկա է, կարող է լինել ընդամենը դրվագ ընդհանուր համակարգային մոտեցման մեջ։
Հատկանշական է նաև, որ այս գործընթացը կենտրոնացած է միայն ուսուցիչների ակադեմիական գիտելիքների վրա, սակայն հաշվի չի առնվում մյուս հատկանշական բաղադրիչը՝ նրանց մանկավարժական հմտությունները: Հետևաբար, սա չի կարող համարվել ուսուցչական կարողությունները բացահայտողելու միջոց և բացերի լրացման մեխանիզմ։ Մեր հասարակությունը դրական ակնկալիքներ չպետք է ունենա այս ծրագրից, քանզի և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ Վահրամ Դումանյանին, թեկուզև պողպատե մանդատը ձեռքներին ու Հայաստան պետության կործանման հիմնը շուրթերին, լքել է այն գիտակցումը, որ այս՝ ոչ այնքան հաջողված ատեստավորման արդյունքների մեկնաբանումը, որպես Հայաստանում ուսուցիչների մակարդակ, համատարած խնդիր ևն, բացարձակ անտեղի է, և առանց այդ էլ տարիներ շարունակ արհամարհված ու համատարած դեգրադացիայի մղված ուսուցիչներին անհամեմատելի ավելի ծանր հարված են հասցնում, որին նրանք միանշանակորեն չեն արժանացել։
Ապաքաղաքականացման հարցը խոր վերլուծության ենթարկելը և հնարավոր լուծումների առաջադրումը իրապես օրակարգային խնդիր է, բայցևայնպես կսահմանափակվեմ՝ նշելով, որ Փաշինյանի այսրոպեիս քննարկվող ելույթից շաբաթներ անց, երբ գրում էի այս հոդվածը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը դեռ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ չէր «ընտրվել»:
Ամբողջացնելով հոդվածս՝ կարևոր եմ համարում նշել, որ գիտելիքի միասնականացման հարցը մեկ անգամ ևս շեշտում է հայեցի կրթության կարևորությունը։ ՀՀ կրթական համակարգը պարտավոր է անել ավելին, քան պարզապես ուսանողներին անցյալին ծանոթացնելը և ապագային նախապատրաստելն է, թեև երկրորդ բաղադրիչի մասով խոր կասկածներ ունեմ։ Այն նրանց պետք է տրամադրի որոշակի տեսանկյուն՝ խորհելու իրենց կյանքի բնույթի և ինքնության շուրջ, ապահովի նրանց չափանիշներով, որոնցով կարելի է դիտել մարդկային ձեռքբերումները, սովորեցնի ընդունել ու հարգել բարոյական խիզախությունը, որ անհրաժեշտ է մարդկային վախերը հաղթահարելու և հանուն գերագույն նպատակների իրականացման տառապանքներով լի ուղիով անցնելու համար։ Նաև անհրաժեշտ եմ համարում հանդես գալ նեղ մասնագիտական կրթության ու լայն հումանիստական կրթության միջև հարկ եղած հավասարակշռությունը պահելու օգտին։ Այսօր աշխարհը կարիք ունի լայն ու խոր մտածողության, քանզի վտանգ կա, որ նեղ մասնագիտական մտածողությունը մարդուն անտարբեր կդարձնի մասնագիտական սահմաններից դուրս եղած համամարդկային արժեքների նկատմամբ։
Միակողմանի կրթությունը միաժամանակ թերի է ու վտանգավոր, հետևաբար, անհրաժեշտ է հավասարակշռել մասնագիտական պատրաստությունն ու արժեքների մշակումը։ Եթե այս հավասարակշռությունը չվերականգնվի, մասնագիտական պատրաստությունը կարող է որոշ ժամանակ անց կորցնել իր պիտանելիությունը, դրա ներկայացրած արժեքը կլինի խաբուսիկ, կրթությունը կդառնա մակերեսային, փոփոխական ու հարաբերական։ Ազատության, հավասարության ու սոցիալական կարգապահության միջև նուրբ հավասարակշռությունը պետք է լրացնել ինքնաճանաչողությամբ, հանրային բարոյականությամբ և հայրենասիրությամբ։ Առողջ ինդիվիդուալիզմի ու առողջ անհատի մեջ սեփական «ես»-ի, անձնական բաղադրիչի և համայնքի կամ սոցիալական բաղադրիչի միջև առողջ հավասարակշռություն կա, հետևաբար, այս երկու բաղադրիչներից և ոչ մեկը մեկուսի գոյատևել չի կարող, մեկը մյուսից անջատ կդառնա վերացարկում՝ առանց բովանդակության։
Վերջիվերջո, օրհասական խնդիր է հասարակությանը և մտավորականության մի ստվար հատվածի բերել այն գիտակցման, որ ոչ մի գումար չի կարող վճռել երկրում առկա կրթական խնդիրների լուծումը, գիտության զարգացման դրական ուղղվածությունը, քանզի դրանք անհրաժեշտ է ապահովել հստակ նպատակով ու առաքելությամբ։ Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ նրան, որ վերջին տարիներին տագնապալի նշաններ ի հայտ եկան, որոնք ինքս էլ 2018 թ․ ԱՄՆ Համաշխարահային առաջնորդների ֆորումին մասնակցելիս՝ բացարձակ այլ միջավայրում, զերծ հեղափոխական էյֆորիայից, բացահայտեցի, որ մենք՝ հայերս, հաճախ ծանոթ չենք մեր ազգի պատմությանը և այն պայքարին, որի միջով անցել են առաջնորդների ու շարքային քաղաքացիների սերունդներ, որպեսզի ձեռք բերեն այս աշխարհում գոյատևելու, ազատ Արցախում ապրելու հիմնարար իրավունքները։ Այնուհանդերձ, մենք անգամ իրավունք էինք ստացել անտարբեր լինելու սեփական իրավունքների նկատմամբ, բայց երբ առաջին անգամ օգտվեցինք այդ իրավունքից, այն մեզ համար դարձավ ողբերգություն, որը և վերածվեց ավելի մեծ՝ համազգային ողբերգության։
Այնուամենայնիվ, առանց Արցախի մենք այսօր էլ շարունակում ենք կրել այն նույն ծանրակշիռ և անգնահատելի սոցիալական ու քաղաքացիական իրավունքների փաթեթը, որի կարևորությունը առ այսօր չենք գիտակցում։ Մեր քաղաքական համակարգը մասնակցային է ու կախված շարունակական ուշադրությունից, պաշտպանությունից ու կարգավորումներից, որոնք միայն ակտիվորեն ներգրավված քաղաքացիական հասարակությունը կարող է ապահովել՝ ի հակադրություն ՀՀ անառողջ հանրույթի։ Սակայն միմիայն ամբողջովին ձևափոխված կրթական համակարգն է ի զորու ապահովել նման հասարակություն։
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ նախատեսվում է, որ 2022 թվականի փետրվարի 1-ից բարձրացնել նաև էլեկտրաէներգիայի սակագինը, որպես պատճառ նշելով Հրազդանի 5-րդ էներգոբլոկի շահագործման և Ատոմակայանի վարկի սպասարկման ծախսերը։ Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը.
«Էլեկտրաէնեգիայի սակագնի այս բարձրացման իրավական հիմքերը, ըստ էության, դրվել է 2013 դեկտեմբերի թվականի 3-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կնքման ժամանակ, այդ համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել է ապահովել Հրազդանի 5-րդ էներգաբլոկի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ամբողջ իրացումը, սակայն գործարկումից ի վեր, ՋԷԿ-ը աշխատել է ոչ կանոնավոր և իր հզորությունների մոտ 30%-ի չափով, ինչը հանգեցրել է գործունեության վնասաբերության։ Դրա հետևանքով ընկերությունն արդեն շուրջ 100 մլն. ԱՄՆ դոլարի վարկ է կուտակել, ևս 16 մլն եվրո էլ անհրաժեշտ է կայանի գազատուրբինի կապիտալ վերանորոգման համար։ Ըստ պայմանավորվածության՝ կայանում արտադրված էլեկտրաէներգիայի հիմնական մասը (467 ՄՎտ) պետք է արտահանվեր Իրան Իսլամական Հանրապետություն: Արտահանումն էլ պետք է իրականացվեր Իրան-Հայաստան կառուցվող բարձր լարման օդային գծով։ Բայց այդ գծի շինարարությունն առ այսօր ավարտված չէ։
Արդյունքում ստացվում է, որ նախորդ և գործող կառավարությունները, ձախողելով Իրան-Հայաստան բարձր լարման գծի շինարարության ծրագիրը, նպաստել են, որ 2022 թվականի փետրվարի 1-ից թանկանա էլեկտրաէներգիան»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.