23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սյունիքի մարզի Տեղ գյուղի խաղաղ բնակչին ադրբեջանական զինված ծառայողները հունվարի 13-ին ակնհայտ անօրինական ազատությունից զրկել ու առևանգել են, թույլ են տվել նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք (օրինակ՝ խաղաղ բնակչի աչքերն ու ձեռքերը կապել են ու մոտ 1 ժամ ճանապարհ տարել): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Խախտել են նրա սեփականության իրավունքը՝ հափշտակելով 320-350 հատ (ճշտված տվյալով) ոչխար: Մինչև հիմա ոչինչ չեն վերադարձրել, որով մարդուն արդեն պատճառել են հոգեկան լուրջ ապրումներ, իր ընտանիքով կանգնեցրել են սոցիալական լրջագույն խնդրի առաջ:
Չպետք է մոռանանք, որ խոսքը սովորական մարդկային ճակատագրերի մասին է, տարիների քրտնաջան աշխատանքով վաստակած ապրուստ, ընտանիքի եկամուտ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու բնական իրավունք. մարդիկ ապրում են իրենց ու ընտանիքների կյանքի ու ապրուստի համար իրական անհանգստության մեջ:
Բա սա նորմա՞լ վիճակ է, կյանքի նորմալ պայմաննե՞ր են:
Բայց այս ամենը պետք է դրվի պետական քաղաքականության հիմքում, իսկ անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց:
Ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը տալիս են նրանց զինված ծառայողներին հեռացնելու իրատեսական հնարավորություն, ուղղակի պետք է արագ ու ճիշտ գործել:
Մինչև սահմանների որոշման պաշտոնական գործընթացների ավարտը ի՞նչ գործ ունեն ադրբեջանական զինված ծառայողներ, որոնք հիմնովին խաթարել են մարդկանց բնականոն կյանքը:
Բայց ի՞նչ է արվում: Օրինակ՝ Տեղի բնակչի հետ կապված միջադեպով էլի շրջանառության մեջ դրվեց անթույլատրելի քաղաքական մոտեցումը, թե Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակիչն է անցել «ադրբեջանական կողմ»՝ տպավորություն ստեղծելով, թե «մեղավորը» նա է, այլ ոչ թե նրա նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ՝ հանցանքներ թույլ տված ադրբեջանական զինված ծառայողները:
Էլի հղում անելով իմ հայտարարությանը՝ հրապարակային փորձ արվեց հերքել դրա ձևակերպումները՝ առանց հաշվի առնելու, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրություններում ամեն ձևակերպում ընտրված է և ունի նպատակային նշանակություն:
Նման քաղաքական մոտեցում առաջ տանողներին պետք է հատուկ բացատրել, որ նման մեկնաբանություններով ադրբեջանական զինված ծառայողներին «թևեր» են տալիս, դարձնում են ավելի սանձարձակ: Թուլացնում են մեր քաղաքացիների իրավունքների միջազգային պաշտպանությունը՝ գեներացնելով խոչընդոտող ապացույցներ: Նման մեկնաբանությունները պետք է վերանան ու վերջ:
Եվ հետո՝ ՀՀ պետական սահմանների չորոշված լինելու պայմաններում ի՞նչ «ադրբեջանական կողմի» կամ տարածքի մասին է խոսքը: Կամ խաղաղ բնակիչները ինչու՞ պետք է այս քաղաքական սխալ մոտեցումների զոհը դառնան:
Հ.Գ. Տեղ գյուղի բնակչի հետ երեկ անձամբ խոսել եմ, նրա հետ անձամբ ծանոթացել եմ Տեղ գյուղ իմ վերջին այցի ընթացքում` հայրենասեր ու ազնիվ մարդ: Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում մեր կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում նրա իրավունքների պաշտպանության համար:
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Հանդիպման օրակարգում առանցքային են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունությանը վերաբերող հարցերը: Հայաստանի նախագահն անդրադարձել է Արցախի հարցին, պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին:
Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է նաև միջազգային գործընկերների գործնական աջակցությունը:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ կողմերը նշել են, որ ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում փոխշահավետ տնտեսական ու ներդրումային համագործակցության համար: Նախագահ Սարգսյանը հայ-էմիրաթական հարաբերությունները կարևորել է նաև Հայաստանի և արաբական երկրների միջև փոխգործակցության համատեքստում:
ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ընդգծել է Հայաստանի հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու Միացյալ Էմիրությունների շահագրգռությունը: Նա մասնավորապես կարևորել է փոխգործակցության խորացումը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում:
Նշվել է, որ երկու երկրների միջև հաստատված օդային նոր կամուրջը Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ևս մեկ հուսալի քայլ է:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում էմիրաթական «Մասդար» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրին՝ կարևորելով դրա ընդլայնումը և նոր ներդրումները:
Կողմերն ընդգծել են երկկողմ փոխայցելությունների կարևորությունը: Այդ համատեքստում նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան:
Համաձայնելով, որ հայ-էմիրաթական հարաբերությունները, փոխգործակցության հիմնական ուղղություններն ու նախագծերը միտված են ապագային՝ զրուցակիցները նշել են. քանի որ առկա է համագործակցության մեծ ներուժ, հնարավորություն և ավելին անելու ցանկություն, պետք է համատեղ ջանքերով հետևողականորեն շարժվել առաջ:
Հունվարի 13-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածու, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսին ուղղված սպառնալիքների մասին։ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը տեղյակ չի եղել Վալերի Պեկրեսի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության մասին, սակայն, իմանալու դեպքում ակնհայտ է, որ թույլ չէր տա նրան լքել Լեռնային Ղարաբաղը։
CCAF-ը, մասնավորապես, կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին Ադրբեջանից բացատրություն և ներողություն պահանջել նախագահական ընտրությունների թեկնածուի հասցեին այդպիսի ահաբեկող հայտարարության վերաբերյալ, և, դրանք չստանալու դեպքում, հետ կանչել իր դեսպանին Բաքվից և արտաքսել Ֆրանսիայից Ադրբեջանի դեսպանին։
Ֆրանսիայի նախագահի Վալերի Պեկրեսն ինքը, մամուլի հետ զրույցում, նշել է նախագահական ընտրություններում թեկնածուի հասցեին նման սպառնալիք հնչեցնելու լրջության մասին, նշելով, որ թեկնածուն պետք է լինի ազատ՝ գնալու այնտեղ, որտեղ ցանկանում է։ Վալերի Պեկրեսը նշել է, որ այդ սպառնալիքները իրեն չեն վախեցնում, սակայն ցնցված է սպառնալիքների վերաբերյալ ֆրանսիական կառավարության լռությունից։ Պեկրեսը նշել է, որ կցանկանար, որպեսզի ֆրանսիական կառավարությունը պաշտոնապես պատասխաներ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուի հասցեին օտարերկրյա պետության նախագահի կողմից հնչեցված այդպիսի սպառնալիքին։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան և Արցախ է այցելել նախորդ տարվա դեկտեմբերի 21-ից 23-ը։ Այցի ընթացքում նրան ուղեկցել են Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար և նախկին եվրոպական հանձնակատար Միշել Բարնիեն, ինչպես նաև՝ Ֆրանսիայի Սենատի հանրապետական խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոն։
Փետրվարի 1-ից կթանկանա էլեկտրաէներգիան, ջուրը արդեն թանկացել է, իսկ ապրիլի 1-ից կթանկանա նաեւ բնական գազը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Շնորհավորում եմ գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի զգալի թանկացման առթիվ
Երբ մինչհեղափոխական Հայաստանում փորձ արեցին մարշրուտկայի երթեւեկության գինը 50 դրամով բարձրացնել, երեւանյան փաբերի 200 դրամանոց պիվայի կոնտիգենտ «մտավորականությունն» ու արեւմտյան գրանտային սեգմենտը սկսեցին 100 դրամների ազգային-ազատագրական շարժումը, որը պսակվեց ապստամբ հեղափոխականների հաղթանակով՝ մարշրուտկայով երթեւեկելու գինը մնաց 100 դրամ ու առ այսօր մարդիկ, ֆիտոֆտորոզի հանդեպ կայուն իմունիտետ ունեցող «Ավրորա» տեսակի կարտոֆիլի նման, իրար վրա բարձված շարունակում են երթեւեկել։
Եւ ահա լավ լուր՝ պաշտոնապես 33, իսկ իրականում մոտ 60 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանի հանրապետության քաղաքացիների համար։ Փետրվարի 1-ից կթանկանա էլեկտրաէներգիան, ջուրը արդեն թանկացել է, իսկ ապրիլի 1-ից կթանկանա նաեւ բնական գազը։
Բնական գազի սակագնի հաշվարկման այնպիսի բարդ մեթոդաբանություն են հորինել, որ անգամ մաթտրամաբանության անլուծելի խնդիր լուծած Վահան Քերոբյանը դժվար հասկանա, սակայն փորձենք հատկապես ընտանեկան նպաստից եւ սոցիալական այլ աջակցություններից օգտվող սեգմանտին բացատրել ապրիլի 1-ից իրեն սպասվող սյուրպրիզը։
Իհարկե, իրենցից շատերը կասեն՝ «սաղ Սերժնա մեղավոր», «նախկինները բերեցին՝ թանկացումները քցեցին էս հարիֆի գրպանը», իսկ առավել սուբլիմացված առանձնյակները կգոռան՝ «տարել են «Գազպրոմի» պադվալում գլխին մաուզել են պահել», այդուհանդերձ, տեղեկացնեմ, որ ապրիլի 1-ից սահմանի վրա ռուսական գազի գինը կլինի 173,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ ներկրվող գազի գինը կավելանա 8,3 ԱՄՆ դոլարով՝ կամ 5 տոկոսով, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կկազմի 133,1 ՀՀ դրամով, այսինքն՝ կավելանա 33,1 տոկոսով կամ 33.1 ՀՀ դրամով, ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կկազմի 277,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կավելանա 23,8 տոկոսով կամ 53.3 ԱՄՆ դոլարով, վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կկազմի 277,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կավելանա 23,8 տոկոսով կամ 53.3 ԱՄՆ դոլարով եւ այսպես շարունակ։
Բայց, չգիտես ինչի, էս ամենից տրամադրությունս մի տեսակ հեչ չի ընկնում։
Երեւի այն պատճառով, որ այն, ինչ տեղի է ունենում եւ դեռ տեղի է ունենալու՝ արդար է ու որովհետեւ այս իշխանությունն ամենարդար բանն էր, որ պիտի տեղի ունենար մեզ հետ»,- գրել է նա։
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։
ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Gazeta.ru-ի հետ զրույցում նշել է, որ կարծում է, որ հարաբերությունների «նորմալացման» ներկայիս փորձը կարելի է անվանել «դարակազմիկ», քանի որ Երևանը դե ֆակտո արետն կատարել է բոլոր այն պահանջները, որոնք Անկարան ներկայացրել է իրեն։
«Ավանդաբար, հայ-թուրքական սահմանը բացելու դիմաց Հայաստանից պահանջվում էր հրաժարվել հայկական Լեռնային Ղարաբաղից և հրաժարվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պետական քաղաքականությունից: Դե ֆակտո այդ պահանջներն արդեն իսկ կատարվել են Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասում է քաղաքագետը։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված նախապայման ի հայտ եկավ, և փաստացի նաև այն կատարեց հայկական կողմը, քանի որ երկրի ղեկավարի մակարդակով խոսվում է, որ երկրների միջև հաղորդակցությունը բաց է լինելու, իսկ ապրանքներն ու բեռները միջանցքով կտեղափոխվեն զինվորականների ուղեկցությամբ»,- հավելեց փորձագետը։
Մաթևոսյանի կարծիքով հայ-թուրքական ներկայիս օրակարգը հակահայկական, հակառուսական և հակաիրանական բնույթ ունի։ Այդուհանդերձ, փորձագետի կարծիքով, Հայաստանի ղեկավարությունն այդ հարաբերություններում տեսնում է հանրապետության «տնտեսական վիճակի բարելավման, ինչպես նաև արևմտյան երկրների հետ մերձեցման հնարավորություն»։
«Նրանք անկեղծորեն հավատում են, որ Անկարայով «տրանզիտով» կարող են ինտեգրվել արևմտյան աշխարհին, ՆԱՏՕ-ի կառույցներին և վերջնականապես ազատվել ռուսական կապերից։ Հայ-թուրքական «երկխոսությունն» ակնհայտորեն տեղի է ունենում ԱՄՆ-ի հովանու ներքո։ Այս «երկխոսության» իրական նպատակը Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելն է։
Այս մոտացման հեղինակներին չի հետաքրքրում, որ դրա արդյունքում Հայաստանը կհայտնվի թուրք-ադրբեջանական ճիրաններում, կստեղծվեն պայմաններ, որոնցում նրանք կապրեն «ոչ թե հայերի հետ», այլ «հայերի փոխարեն»։ Այս գործընթացի արտասահմանյան ղեկավարները մեծ խնդիր են լուծում, և «մանրադրամի» ճակատագիրը նրանց չի հետաքրքրում»,- կարծում է փորձագետը։
Ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար։
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով՝ Մոսկվան հասկանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հնարավոր հակառուսական վեկտորը բայց և ունի իր ծրագրերն ու շահերն այս գործընթացում։
«Մոսկվան ամեն դեպքում կփորձի առավելագույնը քամել գործընթացից (նույնիսկ իմանալով, որ մյուս կողմն ունի իր ծրագրերն այս գործընթացի համար): Ռուսաստանին Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իր պատճառով. եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի և կայուն գործի Մոսկվայի վերահսկողության ներքո, ապա Ադրբեջանը և Թուրքիան կապող ամենակարճ ճանապարհը կանցնի ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով դրանից բխող բոլոր հետևանքներով», — նշել է Մաթևոսյանը:
Արագածոտնի մարզի Կոշ համայնքի տներից մեկում 2022թ. հունվարի 12-ին հայտնաբերվել է նույն տան բնակչի դին՝ բռնի մահվան հետքերով։ Մանրամասներ է ներկայացնում ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի բնակչի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Տվյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունվարի 12-ին և տեղեկացվել, որ հիշյալ համայնքի տներից մեկում հայտնաբերվել է նույն տան բնակչի դին՝ բռնի մահվան հետքերով։
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում արդեն իսկ պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Նախնական տվյալներով՝ 37-ամյա տղամարդու և եղբոր միջև, հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը, վիճաբանություն է ծագել կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս դույլով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել 37-ամյա եղբոր գլխին և մարմնի տարբեր մասերին։
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տուժածի եղբայրը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Վերջինս ձերբակալվել է՝ եղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու արդյունքում անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեր իշխանությունները վարդագույն ակնոցներով են նայում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, և չեն ուզում տեսնել Թուրքիայի նախապայմանները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ Հայաստանը պետք է դրական հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ, այսկերպ նախապայման դնելով Հայաստանի առջև։ Միևնույն ժամանակ Հայաստանում իշխանության ներկայացուցիչները, այդ թվում ԱԳՆ-ն շարունակում են պնդել, թե իրենց տպավորությամբ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։
Անդրանիկ Իսպիրյանը նկատեց՝ իշխանություններին թվում է, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման կգնա առանց որևէ նախապայմանի և առանց որևէ լուրջ պատրաստության, իսկ Թուրքիան ամենուր ասում է, որ իրենք սիրով հարաբերությունները կկարգավորեն Հայաստանի հետ Ադրբեջանի համաձայնության դեպքում։
«ԱԳՆ-ի հայտարարությունները վկայում են, որ նրանք դաս չեն քաղում նախկին փորձից։ Միակ բանը, որ կարող է նրանց օգնել ճիշտ գնահատել հարաբերությունների կարգավորման աշխատանքներում իրավիճակը, դա նախորդ փորձն ուսումնասիրելն է։ Եթե մեզ մոտ իշխանություն է փոխվել, ապա նրանց մոտ քաղաքական թիմը, գործելաոճը նույնն է մնացել։ Առանձնապես մեծ ջանքեր պետք չեն՝ հասկանալու, թե ինչ է պետք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար»,-ասաց թուրքագետը։
Վերջինս նշում է, որ նույնիսկ Թուրքիայում իշխող կուսակցության փոխնախագահն է հայտարարել, որ ունեն նախապայմաններ։ Ընդ որում` Անդրանիկ Իսպիրյանը նշում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը նորմալ է, և Հայաստանում երբևէ չի եղել իշխանություն, որը դեմ արտահայտվեր դրան, բայց Թուրքիան նախապայման է առաջարկել, որոնք Հայաստանի անվտանգության համար անընդունելի են համարվել։
«Թուրքիայի որևէ բարձրաստիճան պաշտոնյա դեռ չի ասել, որ իրենք առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերություններ են կարգավորելու։ Չնայած Թուրքիային ավելի շատ է պետք Հայաստանի հետ սահմանը բացել, բայց, ցավոք, Հայաստանն է ավելի շատ խնդրում, որ հարաբերությունները կարգավորվեն։ Եթե նույնիսկ Հայաստանը չխնդրի և ոչինչ չանի, Թուրքիան կգնա հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման, քանի որ իրեն պետք է դա»,-նշեց Անդրանիկ Իսպիրյանը։
Ներկա իրավիճակում, Թուրքիան, տեսնելով Հայաստանի նախահարձակ լինելը, հասկանում է, որ ինչ էլ ասի, հայկական կողմը կհամաձայնվի։ Անդրանիկ Իսպիրյանը նշում է՝ հայ բարձրաստիճան պաշտոնյաների Թուրքիայի հետ կապված հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ մենք ենք խնդրողի դերում, մինչդեռ պետք է պարզապես հանգիստ բանակցել։ Առավել ևս այն դեպքում, որ սահմանի բացումից ավելի շատ Թուրքիան է շահելու։
«Հայաստանը փոքր տնտեսական օգուտ կստանա։ Կան որոշակի ապրանքներ, որ Թուրքիայում գուցե մրցունակ լինեն, բայց հիմնական շահողը լինելու է Թուրքիան։ Հայաստանում մեծանալու է Թուրքիայի ազդեցությունը։ Նրանք ունեն մեծ շուկա, մեծ գումարներ և շատ լուրջ ամբիցիաներ»,-ասաց թուրքագետը։
Հանձնաժողովի պարզաբանումը բնական գազի սակագների շուրջ մամուլում շրջանառվող հրապարակումների վերաբերյալ
Սույն թվականի հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որը սահմանված կարգով կընդունվի ուսումնասիրության, կիրականացվի համապատասխան հաշվարկներ և դրանք մինչև հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելը կքննարկվի շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների հետ:
Հաշվի առնելով մամուլում շահարկվող հրապարակումներն՝ առ այն, որ «սոցիալապես անապահով ընտանիքների և որոշ այլ խմբերի համար կտրուկ թանկանալու է գազի սակագինը», Հանձնաժողովը հայտնում է, որ նշված առաջարկը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հայտով ներկայացված մոտեցումն է: Մասնավորապես ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 282.6 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135648.85 դրամ/հազ. Խմ սակագին՝ բնական գազի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում:
Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128020.7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված:
Հարկ է նշել, որ գազամատակարարման համակարգում սակագների վերանայման և սահմանման գործառույթը Հանձնաժողովի իրավասության տիրույթում է, ուստի սակագնային քաղաքականությունը իրականացնում է Հանձնաժողովը: Հետևաբար, բնական գազի համար սահմանվող սպառողական խմբերի ընտրությունը և հաստատումը կիրականացվի հայտն ուսումնասիրության ընդունելուց հետո՝ սահմանված ժամկետներում և շահագրգիռ կողմերի հետ դրանք քննարկելուց հետո՝ հաշվի առնելով նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսության առանձին ճյուղերին (սպառողական խմբերին) աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությունները։
Թուրքիայի ԱԳՆ-ն նույնպես հաղորդագրություն է տարածել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդագրությունը հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ կայքում: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը ևս որակվել է դրական և կառուցողական:
«Իրենց առաջին հանդիպման ընթացքում, որն անցավ դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության միջոցով իրականացվելիք կարգավորման գործընթացի վերաբերյալ: Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման նպատակով բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ կողմերի միջև երկրորդ հանդիպման վայրն ու ժամկետը կորոշվի ավելի ուշ: «Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման վայրն ու ժամկետը կորոշվի ավելի ուշ՝ դիվանագիտական խողովակներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարություն ավելի վաղ տարածել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
12․01․2021 թվականին պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակում հրապարակվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բնական գազի սակագնի վերանայման դիմումը, ըստ որի՝ հիմք ընդունելով՝ 29.10.2021 թ. լրացուցիչ համաձայնագիրը՝ 2022 թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Այսինքն՝ 2 ամիս առաջ հանրությունից, քաղաքական և մասնագիտական շրջանակներից գաղտնի կնքվել է հերթական գազային համաձայնագիրը, ըստ որի՝ 2022 թվականի ապրիլի 1-ից բնական գազի գինը սահմանի վրա և երկրի ներսում բարձրանալու է։
Բնական գազի սակագնի հաշվարկման նոր մեթոդաբանությունը բավականին բարդ է և կապվում է գազի ջերմատվության փաստացի ցուցանիշների հետ։
Վերջերս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ նախորդ տարի բնական գազի ջերմատվությունը կազմել է 8300 Կկալ և ավելի (առանձին ամիսներին՝ մինչև 8500)։ Հիմք ընդունելով նախորդ տարվա նվազագույն՝ 8300 Կկալ ջերմատվության ցուցանիշը՝ առաջարկվող հայտը ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից հաստատվելու դեպքում 2022 թվականի ապրիլի 1-ից կունենանք հետևյալ սակագները՝
• Սահմանի վրա ռուսական գազի գինը կլինի 173,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ ներկրվող գազի գինը կավելանա 8,3 ԱՄՆ դոլարով կամ 5 տոկոսով,
• Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կկազմի 133,1 ՀՀ դրամով, այսինքն՝ կավելանա 33,1 տոկոսով կամ 33.1 ՀՀ դրամով,
• Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կկազմի 277,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կավելանա 23,8 տոկոսով կամ 53.3 ԱՄՆ դոլարով,
• Վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կկազմի 277,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կավելանա 23,8 տոկոսով կամ 53.3 ԱՄՆ դոլարով,
• Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար(օրինակ՝ բնակիչների համար) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կկազմի 133,1 ՀՀ դրամ, այսինքն՝ կնվազի 4,2 տոկոսով կամ 5.9 ՀՀ դրամով,
• Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, ՋԷԿ-երի և մյուս խոշոր սպառողների համար) 1000 խմ հաշվով բնական գազի սակագինը կկազմի 277,3 ԱՄՆ դոլարով, այսինքն՝ կավելանա 8,3 տոկոսով կամ 21.39 ԱՄՆ դոլարով։
Այսպիսով՝ ամփոփելով ստեղծված իրավիճակը պետք է արձանագրել՝
1․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ձախողված գազային բանակցությունների արդյունքում՝ միջինում 4,7 դրամով թանկացավ էլեկտրաէներգիան (միայն 31,79 մլն ԱՄՆ դոլար «Գազպրոմ Արմենիայ»-ի Հրազդանի էներգոբլոկի համար), իսկ ջերմատվության գործակցի ներդրման հետևանքով սահմանի վրա նվազագույնը 5 տոկոսով կթանկանա ռուսական գազը (8,3*220000=18,2մլն ԱՄՆ դոլար)։ Հանրագումարում տարեկան մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ուղղակի ծախս կդրվի մեր տնտեսության և ազգաբնակչության վրա։ Ըստ էության՝ սահմանի վրա 1000 խմ գազի գինը տարբեր խորամանկ մեխանիզմներով փաստացի բարձրացել է 22,7 ԱՄՆ դոլարով ((50մլն ԱՄՆ/2,2 մլրդ խմ)*1000),
2․ 2022 թվականի ապրիլի 1-ից վերացվելու են սոցիալապես խոցելի ընտանիքիներին, ջերմոցներին և գյուղմթերք վերամշակող ընկերությունների տրամադրվող արտոնությունները, և նրանց համար կտրուկ թանկանալու է գազի սակագինը։ Հետևաբար, շարունակելու է սննդամթերքի գնաճը՝ խորացող աղքատության պայմաններում,
3․ Բնակչության կամ ամսական մինչև 10000 խմ սպառողների համար 4,2 դրամով կնվազի գազի սակագինը։ Այս չնչին նվազեցումը գործող իշխանությունները, իրենց պոպուլիզմի համաձայն, կներկայացնեն որպես «աննախադեպ» ձեռքբերում՝ փորձելով խուսափել քաղաքական պատասխանատվությունից։ Նման իրավիճակ եղել է նաև նախկինում, երբ 2019 թվականին սահմանի վրա 10 տոկոսով թանկացավ գազը, իսկ թանկացման բեռը դրվեց միայն բիզնեսի վրա՝ խուսափելով հանրային ուղղակի դժգոհությունից։ Հետագայում, թանկացած ապրանքների համար նույն քաղաքացին վճարեց,
4․ Խոշոր՝ ամսական 10000 և ավելի սպառում ունեցող սպառողների՝ ըստ էության բիզնեսի համար զգալի ավելանալու է գազի սակագինը։ Թանկացած էլեկտրաէներգիայի և գազի ծախսերը բիզնեսը դնելու է ապրանքների գների վրա կամ դրանք փակելու է շահույթի հաշվին, այսինքն՝ տեղական արտադրությունը կշարունակի կորցնել իր մրցունակությունը և դուրս կմղվի ոչ միայն արտահանման, այլ նաև Հայաստանի շուկայից։
Հուսամ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կփորձի մասնագետների հետ քննարկել և գտնել բնական գազի սակագնի իջեցման հնարավորություններ, ինչը թույլ կտա նվազեցնել մեր տնտեսության խորացող ճգնաժամը։ Գազի թանկացումը շղթայական թանկացումների նոր ռեակցիա է առաջացնելու։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու,
տնտեսագետ Սուրեն Պարսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.