23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման և 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ Արսեն Ղազարյանի պաշտպանի կողմից որոշ ցուցմունքներ հրապարակելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ արդարացման հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2021թ դեկտեմբերի 8-ին Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գերությունից վերադարձած գերիների՝ գործում առկա ցուցմունքներից հատվածներ։ Ընդ որում՝ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառումը կատարել է այն բանից հետո, երբ իշխանության ներկայացուցիչները գերիների վերաբերյալ հայտարարություններ էին կատարել՝ գերիներին առնչվող քրեական գործեր հարուցելու մասին։
Փաստաբան Հովհաննիսյանի կողմից ցուցմունքների հրապարակումից հետո դատախազությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այսինքն, նախնական քննության տվյալների հրապարակումից ձեռնպահ մնալը հստակ օրենսդրական պահանջ է՝ հավասարապես վերաբերելի բոլոր սուբյեկտներին:
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վարույթն իրականացնող մարմինն ավելի հեռուն էր գնացել և իր կողմից կատարված առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում նախապատրաստվել են նյութեր։
«Այստեղ արժանահիշատակ է այն հանգամանքը, որ նյութերի նախապատրաստումը հանձնարարվել էր այն քննչական խմբի քննիչին, որը քննում էր Խծաբերդի գործը և որով ես ներգրավվել էի որպես պաշտպան՝ իրականացնելով գործով մեղադրյալի շահերի պաշտպանությունը»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այսօր ստացել է քննիչի որոշումը՝ իր նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ արդարացնող հիմքով։
Ինչ վերաբերում է դատախազության հայտարարությանը և պաշտպանական կողմի գործողություններին, ապա փաստաբանը մեջբերեց որոշումից մի հատված, որն, ըստ նրա, առավել քան ճիշտ կարող է բնութագրել դատախազության իրավական «գնահատականներում» իրավական որևէ հիմքի բացակայությունը։ Մասնավորապես, քննիչը որոշման մեջ նշել էր, որ կարևոր է նաև, որ տվյալները հրապարակող անձը նախազգուշացված լինի քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության ենթակա լինելու մասին, հակառակ դեպքում հանցակազմը բացակայում է. մինչդեռ, նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վահան Հովհաննիսյանը մինչ հրապարակում կատարելը նախազգուշացված չի եղել նախաքննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության և դրանք հրապարակելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, իսկ վերոհիշյալ քրեական գործով վերջինս նախազգուշացվել է ֆեյսբուքյան էջում հիշյալ հրապարակումը կատարելուց հետո միայն» ։
« Իմ նկատմամբ տեղի ունեցող «իրավական» գործընթացը գնահատում եմ որպես փաստաբանի անկախ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, փաստաբանին լռեցնելու բացահայտ փորձ»,- նշեց փաստաբանը։
Նյութերի նախապատրաստման ընթացքում Հովհաննիսյանը բացատրություն տվել է. «Ամբողջ նպատակն էր ցույց տալ, որ ինձնից բացատրություն են վերցնում։ Ընդ որում՝ նույն քննիչը, ով քննում է Խծաբերդի գործը։ Հասկանում եք, ես այդ գործով պաշտպան եմ, ինքը քննիչ, բայց ինքը իմ վերաբերյալ գործ է քննում, աբսուրդ է»։
Հարցին՝ արդյո՞ք վարույթ իրականացնող մարմինը դիմել էր Փաստաբանների պալատին՝ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Հովհաննիսյանը նշեց՝ ոչ, ավելին՝ ՓՊ-ն ամբողջ ընթացքում իր կողքին կանգնած է եղել, ի սկզբանե պարզ է եղել, որ փորձում են լռեցնել։
Հիշեցնենք, որ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայող գերության մեջ է հայտնվել պատերազմից հետո, իսկ գյուղերն էլ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։
The Washington Post-ը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ կառավարության անդամների եւ մի շարք ռուսաստանցի գործարարների, այդ թվում՝ ռուսաստանցի հայազգի գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ պատժամիջոցների նախագիծը։
Միաժամանակ Ռուբեն Վարդանյանը հիշատակվում է որպես «Տրոյկա Դիալոգ»-ի նախկին տնօրեն եւ «Սկոլկովո» դպրոցի հովանավոր։
Փաստաթղթի նախագիծը կոչվում է «Պուտինին պատասխանատվության ենթարկելու մասին ակտ» եւ կազմվել է կոնգրեսական Բենքսի կողմից։
Պատժամիջոցների նախագծում նշվում են պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց գույքի արգելափակման, «Հյուսիսային հոսք 2» գազատարի հետ կապված պատժամիջոցների կիրառման եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Փաստաթղթում ասվում է նաեւ նախագահի կողմից Կոնգրեսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաեւ օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաեւայի ունեցվածքի մասին զեկույց ներկայացնելու անհրաժեշտության մասին։
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը.
Sky News Arabia — Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի մասնակցությունը Դուբայի «Էքսպո 2020»-ին: Արդյո՞ք այն արտացոլում է Հայաստանի էթնիկական հատկանիշները և զարգացող տեխնոլոգիական ձգտումները:
— Թույլ տվեք սկսել՝ ներկայացնելով իմ գնահատանքի խոսքերը «Էքսպո 2020»-ի և Աբու Դաբիի կայունության շաբաթին նվիրված համաժողովի վերաբերյալ: Կարծում եմ՝ այստեղ հիանալի մթնոլորտ եք ձևավորել: Սա լավ հարթակ է ոչ միայն բոլոր նրանց համար, ովքեր ապրում են այստեղ՝ Էմիրություններում, այլ նաև՝ միջազգային երիտասարդության համար, ովքեր կարող են գալ և տեսնել:
Մինչ այսօր ես անցել եմ կյանքի չորս փուլով. առաջին փուլում գիտնական, ֆիզիկոս, մաթեմատիկոս էի: Երկրորդում դիվանագետ էի, երրորդում՝ ազատ մարդ, բիզնես գործունեություն էի ծավալում, չորրորդում նախագահ եմ և նայում եմ դեպի ապագա: Ես մշտապես կապված եմ եղել գիտության ու տեխնոլոգիաների հետ և տեսնում եմ այս երկրի մեծ աճն այդ ոլորտներում: Կան որոշ կառույցներ, միջավայրեր կամ շնորհանդեսներ, որոնք բնորոշում են այս կամ այն երկիրը, սակայն, ի վերջո, այդ ամենի հիմքում տեխնոլոգիաներն են, որոնք միտված են ապագային: Մեր ապագան տեխնոլոգիապես առաջադեմ աշխարհ կառուցելն է: Պետք է ստեղծենք ապագա, որը կանխատեսելի, կայուն լինի: «Կայուն» բառը, հնարավոր է, շատ իմաստներ ունի: Այն կարող է նշանակել կառուցել մի բան, որը կանխատեսելի է, հստակ է, ինչ-որ բան, որն անորոշության զգացողություն չի առաջացնում: Այսօր մեզ շրջապատող աշխարհն, ըստ էության, այդպիսին է՝ ամենուր առնչվում ես անորոշությանը: Դրա համար կան մի շարք պատճառներ: Որոշ մարդիկ ասում են, որ պատճառը COVID-ն է, ոմանք ասում են՝ COVID-ի պատճառով է աշխարհը փոխվել, ասում են նաև, որ միջազգային կազմակերպությունները ձախողել են կամ ավելի թույլ են դարձել, իսկ որոշ մարդիկ էլ ասում են, որ աշխարհը միաբևեռից դարձել է բազմաբևեռ և այլն:
Այդ հարցին իմ պատասխանը հետևյալն է. աշխարհը փոխվել է, քանի որ այն փոխվել է հիմնովին: Որպես նախկին ֆիզիկոս՝ կարծում եմ, որ այս աշխարհը քվանտային է: Այն այլևս այն դասական աշխարհը չէ, որը մենք գիտեինք նախկինում: Մենք, որպես անհատներ, մեզ դրսևորում ենք քվանտային մասնիկների նման, քանի որ փոխկապակցված ենք: Մենք լույսի արագությամբ ենք հաղորդակցվում, ապրում ենք շատ բարդ աշխարհում, որը նոր է ու քվանտային: Այն փոխում է խաղի կանոնները: Մարդիկ ճանապարհորդում են մեծ ինքնաթիռներով և ժամերով գտնվում են նույն վայրում, շնչում են նույն օդը: Ուստի զարմանալի չէր, որ Չինաստանում հայտնաբերված COVID-ի մեկ դեպքն այդքան արագ տարածվեց, և հաջորդ դեպքը հայտնաբերվեց արդեն Արգենտինայում, և այդպես շարունակ: Այսպիսով՝ COVID-ը փոփոխությունների պատճառը չէ: Աշխարհը փոխվել է, և այդ իսկ պատճառով մենք ունեցանք COVID-ը, հնարավոր է՝ մեկ ուրիշ բան էլ հայտնվի:
Իսկ ո՞րն է լուծումն այս պարագայում: Ինչու՞ ենք հասել այս կետին: Պատճառը գիտական և տեխնոլոգիական առաջընթացն է: Մարդկությունն անցել է առաջին, երկրորդ արդյունաբերական հեղափոխության միջով և սովորել է՝ ինչպես այրել փայտը, ածուխը էներգիա ստանալու համար: Հետո ստեղծեցինք համակարգիչը, որը մեկ այլ հեղափոխություն առաջացրեց: Այսօր ապրում ենք մշտական, հաստատուն հեղափոխության շրջանում: Ես այն անվանում եմ R-evolution, որում R-ն նշանակում է rapid՝ արագ, սրընթաց: Մենք ամեն օր նորարարություններ ենք անում, նոր գաղափարներ ենք մտածում, և այդպիսով աշխարհը շատ արագ և փոխկապակցված է դառնում: Այդ իսկ պատճառով շատ հաճախ նկատում ենք, որ այդ հեղափոխությունները շատ ավելի արագ են տեղի ունենում, քան որոշ ինստիտուտներ կամ մեր վարքագիծը կարողանում են արձագանքել:
Sky News Arabia — Ի՞նչ կարող եք ասել քաղաքականության մասին: Ինչպե՞ս կարող են այս բոլոր փոփոխություններն ազդել քաղաքականության, տարածաշրջանի վրա:
— Վերջերս որդուս հետ ավարտեցինք գիտական մի աշխատություն, որը անվանեցինք «Նոր քվանտային աշխարհ»: Այն քաղաքականության քվանտային վարքագծի մասին է: 30, 60 կամ 100 տարի առաջ երկրորդական թվացող գործոններն այսօր էական են դառնում, ինչպես նաև այն, թե ինչպիսի քաղաքականություն ես վարում: Հնարավոր է՝ 50 կամ 60 տարի առաջ անհնար թվար պատկերացնել, որ հանրությանն անհայտ քաղաքական գործիչը կարող էր շատ արագ հայտնի դառնալ և մոտ երեք ամսում դառնալ երկրի առաջնորդ: Այսօր արդեն ամբողջ աշխարհում դրա մի շարք օրինակներ կան: Քաղաքականության կողքին մշտապես եղել է զվարճանքը (entertainment). հին Հռոմում կային գլադիատորները…. Մեր օրերում զվարճանքն ու քաղաքականությունը զուգորդվել են, շատ քաղաքական գործիչներ սկսել են քաղաքականությամբ զբաղվել, քանի որ լավ զվարճացնողներ (entertainer) էին: Արդյունքում ստացվում է իրական և զվարճանքի քաղաքականությունների համադրություն: Երբեմն մենք սա նաև անվանում ենք պոպուլիզմ: Այս ամենի հիմքում սրընթաց (R-evolution) հեղափոխությունը, նոր տեխնոլոգիաներն են: Որքան տեխնոլոգիաները զարգանան, այնքան մեզ շրջապատող աշխարհը կփոխվի: Կփոխվեն բիզնեսի կամ քաղաքականության իրականացման, շրջակա միջավայրը պահպանելու կամ այն վնասելու եղանակները:
Sky News Arabia — Կցանկանայի անդրադառնայինք այն ամենին, ինչ կատարվում է տարածաշրջանում՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ կապված:
— Կցանկանայի այս հարցին անդրադառնալ կայունության շաբաթվան նվիրված համաժողովի համատեքստում: Կայունությունը կարևոր է, սակայն դա միայն տնտեսությանը, տնտեսական աճին կամ մեր երեխաների ապագային չի վերաբերում: Կայունությունը կարևոր է նաև քաղաքականության մեջ: Ներկայացնեմ երկու կետով: Եթե պրագմատիկ ես և ցանկանում ես, որ կայունություն լինի, ապա դժվարին իրավիճակում չես գտնի ավելի լավ ճանապարհ, քան՝ բանակցելն ու խոսելն է: Հայաստանն ու Ադրբեջանն ունեին բանակցելու հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն էր: Ցավոք, այդ բանակցությունները չհաջողեցին, և ունեցանք պատերազմ, որն ամենավատ տարբերակն էր: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմը հաղթել էր և 26 տարի ուներ այդ հաղթանակը կայուն խաղաղության փոխակերպելու համար: Սակայն այդ հարցում հաջողություն չունեցավ, և, որպես այդ ամենի արդյունք, պատերազմ ունեցանք, հազարավոր երիտասարդ կյանքեր կորսվեցին:
Ամանորից առաջ ես այցելեցի Եռաբլուր՝ այն վայրը, որտեղ մեր երիտասարդ հերոսներն են թաղված: Այս աշխարհում ամենածանր բանը նրանց ծնողներին տեսնելն է, որոնք սգում են 18, 19 տարեկան իրենց երեխաների կորուստը, այն դեպքում, երբ խոսելը, բանակցելը, դիվանագիտությունը կարող էին լուծել այս խնդիրն առանց այս երիտասարդ կյանքերի կորստի: Հրադադար է հաստատվել, ամբողջական խաղաղություն չկա, բանակցություններ են տեղի ունենում, որը հայկական կողմից իրականացնում է կառավարությունը և վարչապետը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի նախագահը, իսկ Ռուսաստանը միջնորդ է: Հույս ունեմ, որ այս բանակցությունների արդյունքում կունենանք կայուն ու պրագմատիզմի վրա հիմնված խաղաղություն:
Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել: Սակայն դա հեշտ չէ:
Դուք նշեցիք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Կրկին պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են, որ դու պետք է հարևաններիդ հետ խնդիրներ չունենաս, հատկապես մի հարևանի, որը մեծ երկիր է, որը յուրահատուկ վարքագիծ է դրսևորում Սիրիայում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում և շատ այլ վայրերում: Կրկին կարծում եմ, որ այս դեպքում ևս չկա ուրիշ ճանապարհ՝ բացի խոսելուց: Հայաստանն ու Թուրքիան մեկ անգամ փորձել են բանակցել 2009 թվականի հոկտեմբերին, և նույնիսկ արձանագրություն էր ստորագրվել Ցյուրիխում: Այդ ժամանակ նույնպես ես թերահավատ էի մի քանի պատճառով: Դրանցից մեկն այն էր, որ այդ բանակցություններում թուրքական կողմում բացակա կար՝ Ադրբեջանը: Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ ուներ և Թուրքիայի հետ համաձայնության չէր հասնի առանց Ադրբեջանի: Հայկական կողմում ևս բացակա կար՝ Սփյուռքը: Հայկական սփյուռքը մեծապես ձևավորվել է ցեղասպանության հետևանքով: Ինչպե՞ս էր կարողանալու Հայաստանի որևէ նախագահ կամ վարչապետ համաձայնագիր ստորագրել՝ առանց սփյուռքի աջակցությունն ունենալու: Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհասփյուռ ազգ է: ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում նույնքան հայ են ապրում, որքան Հայաստանում…
Դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են: Սակայն դրանք պարզ բանակցություններ չեն երկու երկրների միջև: Այս դեպքում դու չես կարող հաշվի չառնել այն պատմությունը, որի միջով անցել ես: Լավ օրինակ կարող է լինել, թերևս հետևյալը. մոտ երկու տարի առաջ Իսրայելում մասնակցում էի մեծ համաժողովի, որը նվիրված էր Հոլոքոսթի հիշատակին: Մասնակցում էին տարբեր երկրների ղեկավարներ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի նախագահները, ԱՄՆ փոխնախագահը և այլք: Ելույթներ հնչեցին, ծաղիկներ դրվեցին, սակայն ես սպասում էի Գերմանիայի նախագահի ելույթին: Անկեղծորեն կասեմ՝ նա հիանալի ելույթ ունեցավ, և անձամբ ինձ համար դա այդ համաժողովում ամենակարևոր պահն էր, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եթե Գերմանիան և Իսրայելը փորձեին ինչ-որ բանակցություններ վարել առանց Հոլոքոսթի մասին խոսելու, կհաջողեի՞ն արդյոք: Ո՛չ: Հայ-թուրքական հարաբերությունները նույն համատեքստում են: Կարծում եմ՝ հաջողելու համար դու չպետք է աչք փակես կամ անտեսես ակնհայտը: Դրանք հեշտ բանակցություններ չեն: Հույս ունեմ, որ մի օր հայերն ու թուրքերը հաջողություններ կունենան այս հարցում, սակայն դա անելու համար չենք կարող անտեսել պատմական իրողությունները: Հաջողելու համար մենք պետք է պրագմատիկ լինենք, որպեսզի կարողանանք Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև տարածաշրջանում կայուն ու հաստատուն հարաբերություններ կառուցել:
Sky News Arabia — Շնորհակալություն, պարոն նախագահ:
Մենք այսպես թե այնպես, 30 տարի Թուրքիայի հետ առևտուր ենք արել: Չնայած չենք ունեցել անմիջական սահման, Վրաստանի միջոցով է ապրանքաշրջանառություն տեղի ունեցել, բայց ունեցել ենք իրենց հետ առևտուր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը:
«Թուրքիան եղել է Հայաստանի «թոփ 5» առևտրային գործընկերներից մեկը»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ այդ տրամաբանությամբ Հայաստանը պետք է իր դռները փակի բոլոր այն երկրների առջև, որոնք ավելի հզոր տնտեսություն ունեն:
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Շփման գծից Հայաստանի զինված ուժերի և Ադրբեջանի օկուպացիոն զորքերի հայելային հետ քաշումն ուղղակի ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է և ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ։
Ընդամենը մի քանի օրինակ՝
▪ Կապան քաղաք։ Քաղաքի հենց մուտքի մոտ գտնվող Կապանի օդանավակայանը ներկայիս շփման գծից հեռու է ընդամենը 50-100 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, քաղաքի կենտրոնական հրապարակու՞մ, թե՞ մոտ 43000 բնակչություն ունեցող մարզկենտրոն Կապանն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
▪ Սյունիքի Խնացախ գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 200-300 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման« դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակու՞մ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
▪ Սյունիքի Կոռնիձոր գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 500 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման« դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի միջնակարգ դպրոցի բակու՞մ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
▪ Սյունիքի Շուռնուխ գյուղ։ Ներկայիս շփման գիծն անցնում է գյուղի հենց միջով։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտու՞մ և հայաթափվելու՞ է։
▪ Սյունիքի Ճակատեն գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 350-400 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի 10-րդ դարի սուրբ Հռիփսիմե եկեղեցու կամ դպրոցի բակու՞մ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
▪ Սյունիքի Ներքին Հանդ գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է 250-300 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի դպրոցի բակու՞մ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
Այս շարքը կարելի է շարունակել։ Մի քանի տասնյակ գյուղեր ու քաղաքներ են հայտնվելու աղետի առաջ։
Եզրահանգումը մեկն է․
«Հայելային հետ քաշում»-ը հակահայկական օրակարգ է՝ հղի նոր տարածքների կորստով, ինչն էլ իր հերթին անվտանգային նորանոր խնդիրներ է առաջացնելու մեզ համար, դարձնելու է մեզ էլ ավելի անպաշտպան և խոցելի։ Աղետի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, լոգիստիկ, հոգեբանական-ինքնութենական և այլ խնդիրների մասին դեռ լռում եմ․․․»։
Նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը զավեշտալի է համարում գլխավոր դատախազության կեցվածքը «անորակ հրթիռների» գործով։
Փաստաբանը նկատեց, որ ավելի վաղ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը չէր բացառել 4232 հրթիռների մի մասի որակյալ լինելը. «Նման հայտարարությունը զավեշտալի է, քանի որ մեղադրանքը կառուցվում է այդ հրթիռների անորակ լինելու վրա, և բացի այդ, պաշտպանական կողմը նախաքնության ընթացքում պահանջում էր փորձաքննություն հենց որակյալ լինելու փաստը ապացուցելու համար», — ընդգծեց նա։
Հովհաննիսյանը նաև հավելեց, որ գործում առկա են հստակ փաստական տվյալներ, դրանք կիրառողների ցուցմունքներ, որ այդ հրթիռները կիրառվել են ինչպես զորավարժությունների, այնպես էլ 44-ամյա պատերազմի ժամանակ ու պիտանի են եղել։
«Տպավորություն կա, թե ուզում են գործը ցանկացած գնով հասցնել դատարան, հասնել դռնփակ նիստի, հանրության աչքից հեռու հասնել անձի անազատության»,- նշեց նա։
Իր հերթին՝ զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը նշեց, որ քննական մարմինը հրաժարվեց անցկացնել հրթիռների փորձաքննությունը, քանզի մեղադրանքը կարող է փլվել։ Այս համատեքստում նա նշեց, որ Գալստյանը ցուցմունք է տվել ու մասնակցել առերեսումների։
Հարցին, թե ինչու մերժվեց իրենց միջնորդությունը փորձարկել այդ «անպիտան հրթիռները», պաշտպանը պատասխանեց. «Կարող ենք հասկանալ՝ ինչու մերժվեց: Մի բանում վստահ ենք, որ այս գործի անկյունաքարային հարցը պետք է պարզվեր սահմանված կարգով նշանակված մասնագետների փորձաքննության արդյունքում, ինչը չի կատարվել: Եթե խոսում ենք որակի մասին, պետք է լինեն մասնագետների կարծիք, որ այդ հրթիռները անորակ են, անպիտակ են: Մինչդեռ գործի թե սկզբում, թե վերջին բազմաթիվ փաստեր կան, որ այդ հրթիռները պիտանելիության հետ կապված խնդիրներ չեն ունեցել: ՊՆ-ից մեր հարցումներին պատասխան ենք ստացել, որտեղ ՊՆ-ն եւս հաստատեց, որ որակի հետ կապված որեւէ խնդիր չկա»,-ասաց նա:
«Գալստյանը տարբեր դատավարական գործողությունների է մասնակցել ` ցուցմունք է տվել, առերեսումների մասնակցել և մեղադրյալների, և վկաների հետ։ Նրանց ցուցմունքներում էական հակասություններ չկային», — նշեց նա։
Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում քննում է «անորակ հրթիռների» գործը, որով որպես մեղադրյալ անցնում են Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։
Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։
Հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման հիմքում դրվել են Խորհրդային Հայաստանի սահմանները։ ԱԺ-ում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հարցին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ա. Միրզոյանն այսօր ԱԺ ամբիոնից հաստատել էր Լավրովի հայտարարությունը, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազեցմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է ներկայացրել և փոխանցել ինչպես ռուսական կողմին։ Ընդ որում, ըստ նրա, այն միջնորդավորված կերպով փոխանցվել է նաև Ադրբեջանին:
Արարատ Միրզոյանը չցանկացավ դետալներ հրապարակել ներկայացրած փաթեթից, միայն նշեց, որ դրանք բխում են ՀՀ կառավարության և վարչապետի կողմից նախապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշմանը և հավելյալ անվտանգային մեխանիզմների ստեղծմանը։
Պատգամավորը հետաքրքրվել էր, թե հայելային հետքաշման համար ինչն է ելման կետ ընդունվել ու արդյոք ծանոթ են ՄԻՊ-ի եզրակացությանը, որ այդպիսով հայկական բնակավայրերն անպաշտպան կմնան։
ԱԳ նախարար Արարատ Միզոյանը վստահեցրեց, թե հայկական որևէ գյուղ անպաշտպան չի մնա:
Նիկոլ Փաշինյանը թող օգտվի այս հնարավորությունից և վերահաստատի «Առանց Արցախ Հայաստան չկա» իր դիրքորոշումը։ ԱԺ-ում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ դիմելով վարչապետին։
Պատգամավորը նաև մեջբերեց Մոնթե Մելքոնյանի հայտնի արտահայտությունը, որ եթե մենք կորցնենք Արցախը, ապա կշրջանեք մեր պատմության վերջին էջը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դժվարանում է զգացմունքները վերնագրել.
«Մոնթե Մելքոնյանն այնքան խելացի չի գտնվել, որ ԵՊՀ-ի պատերի տակ ծվարած, կաշառքներ հավաքելով միլիոնատեր դառնա։ Նա շատ մեծ ժառանգություն է թողել, որ ոմանք ԵՊՀ-ի ֆակուլտետներից մեկի պատերի տակ ծվարելով 15-20 և երբեմն ավելի շատ դոլարներով կաշառքներ հավաքելով միլիոնատեր դառնան»,-ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք իրենց ասելիքն ասում են, և խոսում են այն մասին, ինչը նպատակահարմար են համարում։
«Այն, ինչ ասել ենք, կառավարության ծրագրում գրված է։ Բացե՛ք, կարդացեք, եթե հիշողության հետ կապված խնդիրներ ունեք, կրկնե՛ք, անգի՛ր արեք և մեզ չասեք՝ այս նախադասությունը կարող եք ասել, թե ոչ։ Կարող ենք բազմաթիվ նախադասություններ ասել, որից ձեր ունքերը կբարձրանան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Պատգամավորն էլ շարունակեց պնդել հարցը՝ հրաժարվո՞մ է ասել, որ առանց Արցախ Հայաստան չկա։ Վարչապետն էլ հավելեց, որ իրենց դիրքորոշումներն արտահայտված են կառավարության ծրագրում։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՔԿ-ից հայտնում են, որ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3809 անձ։ 19.01.2022թ. դրությամբ անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 141 զինծառայողներ և քաղաքացիական անձինք։
«Լոս Անջելես Թայմս» թերթը 2022 թվականի հունվարի 11-ին հրապարակեց Ջոնա Գոլդբերգի խմբագրականը՝ «Պուտինի հետ պարզապես հանդիպումը զիջում է. «ԱՄՆ-ը պետք է զգուշանա ավելին տալուց» վերնագրով: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Գոլդբերգը հայտնում էր իր դժգոհությունը, որ Ռուսաստանը և նրա ռազմական դաշինքի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մյուս անդամները, ներառյալ Հայաստանը, այս ամսվա սկզբին «խաղաղապահ» առաքելությամբ զորքեր ուղարկեցին Ղազախստան։ Իր հոդվածում Գոլդբերգը քննադատական անդրադարձ է կատարել Հայաստանին. «ՀԱՊԿ անդամներից ոչ մեկը՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, ժողովրդավարական երկրներ չեն։ Հայաստանը ավելի է մոտենում դրան. Freedom House-ն այն անվանում է «կիսահամախմբված իշխանատիրական վարչակարգ», որի «ժողովրդավարության միավորը» 100-ից 33 է: Մնացածը «հաստատուն իշխանատիրական վարչակարգեր են»:
Գոլդբերգի նվաստացուցիչ նկարագրությունը Հայաստանի մասին, որը 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր հայտարարվում էր որպես ժողովրդավարության ամրոց, տհաճ էր հայերի համար։
Վաշինգտոնում գործող Freedom House հետազոտական հաստատությունը, որը հիմնականում ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից, ցավոք ապացուցում է, որ Գոլդբերգը չէր սխալվել Հայաստանի հասցեին իր քննադատության մեջ: Freedom House-ը հրապարակում է «Ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցը, որը գնահատում է յուրաքանչյուր երկրի ժողովրդավարության աստիճանը, ներառյալ քաղաքական ազատությունը և քաղաքացիական արտոնությունները: Երկրները դասակարգվում են որպես «ազատ», «մասամբ ազատ» կամ «ոչ ազատ»։
Երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, նա արժանացավ միջազգային հանրության և ամբողջ աշխարհի հայության ծափահարություններին՝ իր «Թավշյա հեղափոխության» միջոցով ժողովրդավարական իշխանություն հաստատելու համար։ Սակայն, Freedom House-ը 2018-2021 թվականներին շարունակում էր Հայաստանը դասակարգել որպես «մասամբ ազատ»: Հայաստանը համարվում է նաև «ոչ ժողովրդավարական ընտրության երկիր»՝ ելնելով «քաղաքական իրավունքների» և «քաղաքացիական ազատությունների» ցածր վարկանիշներից: Եթե ադրբեջանցիներն ու թուրքերը ցանկանում են ուրախանալ Հայաստանի ցածր վարկանիշի վրա, ապա նշենք, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան շատ ավելի ցածր են դասվում որպես «ոչ ազատ»։
Ահա Freedom House-ի 2020 թվականի 30 էջանոց մանրամասն զեկույցի կարևորագույն կետերը Հայաստանի վերաբերյալ.
«Ազգային ժողովրդավարական կառավարում» անվանակարգում՝ մեկը որպես լավագույն և յոթը վատագույն վարկանիշ, Հայաստանը գնահատվել է 2.25: Այն «դիտարկում է կառավարական համակարգի ժողովրդավարական բնույթը. օրենսդիր և գործադիր իշխանությունների անկախությունը, արդյունավետությունը և հաշվետվողականությունը»:
«Ընտրական գործընթաց» անվանակարգում Հայաստանը գնահատվել է 3.25։ Այն «ուսումնասիրում է ազգային գործադիր և օրենսդիր ընտրությունները, ընտրական շրջանակը, բազմակուսակցական համակարգերի գործունեությունը և բնակչության մասնակցությունը քաղաքական գործընթացներին»:
«Քաղաքացիական հասարակություն» անվանակարգում Հայաստանը գնահատվել է 4.5։ Այն «գնահատում է քաղաքացիական հատվածի կազմակերպչական կարողությունները և ֆինանսական կայունությունը. իրավական և քաղաքական միջավայրը, որտեղ այն գործում է. արհմիությունների գործունեությունը․ շահագրգիռ խմբերի մասնակցությունը քաղաքականության գործընթացին. և հակաժողովրդավարական ծայրահեղական խմբավորումների սպառնալիքը»:
«Անկախ լրատվամիջոցներ» անվանակարգում Հայաստանը գնահատվել է 3։ Այն «ուսումնասիրում է մամուլի ազատության ներկա վիճակը, ներառյալ զրպարտության մասին օրենքները, լրագրողների նկատմամբ ոտնձգությունները և խմբագրական անկախությունը. ֆինանսապես կենսունակ և անկախ մասնավոր մամուլի գործունեությունը, և հանրային լրատվամիջոցների գործունեությունը»։
«Տեղական ժողովրդավարական կառավարում» անվանակարգում Հայաստանը գնահատվել է 2.25:
Այն «դիտարկում է իշխանության ապակենտրոնացումը. տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունները, ընտրությունը և կարողությունները. և տեղական իշխանությունների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»:
«Դատական շրջանակ և անկախություն» անվանակարգում Հայաստանը գնահատվել է 2.5: Այն «գնահատում է սահմանադրական և մարդու իրավունքների պաշտպանությունը, դատական անկախությունը, էթնիկ փոքրամասնությունների իրավունքների կարգավիճակը, օրենքի առջև հավասարության երաշխիքները, կասկածյալների և բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը և դատական որոշումների կատարումը»:
«Կոռուպցիա» կատեգորիայում Հայաստանը գնահատվել է 3: Այն «դիտում է կոռուպցիայի մասին հանրային ընկալումները, բարձրագույն քաղաքականություն մշակողների բիզնես շահերը, ֆինանսական բացահայտման և շահերի բախման մասին օրենքները և հակակոռուպցիոն նախաձեռնությունների արդյունավետությունը»:
Հայաստանի վերաբերյալ երկրորդ զեկույցը հրապարակել է Human Rights Watch-ը (HRW) 2022 թվականի հունվարի 14-ին։ HRW-ը միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է (կենտրոնը՝ Նյու Յորքում), որը զբաղվում է մարդու իրավունքների հետազոտությամբ և պաշտպանությամբ:
HRW-ն հայտնում է, որ թեև «քաղաքական ճգնաժամը» Արցախյան պատերազմից հետո «հիմնականում վնասազերծվեց 2021 թվականի հունիսի արտահերթ ընտրություններում…ընտանեկան բռնությունը, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը, ցավի արդյունավետ բուժման և սփոփիչ խնամքի խոչընդոտները, ինչպես նաև սեռական կողմնորոշման և ինքնության վրա հիմնված բռնությունն ու խտրականությունը հարատևել են: Ձգտելով պայքարել ատելության խոսքի աճող դեպքերի դեմ՝ իշխանությունները ներմուծել են կանոնակարգեր, որոնք կարող են խաթարել խոսքի ազատությունը»:
Ինչ վերաբերում է «իրավապահ մարմինների չարաշահումների և կալանքի տակ խոշտանգումների համար պատասխանատվության ենթարկելուն», HRW-ն հայտնում է, որ «կալանքի տակ խոշտանգումները և վատ վերաբերմունքը մնում են խնդիր, որոնք հաճախ գործադրվում են անպատիժ: Նույնիսկ երբ քրեական հետաքննություն է սկսվում, ի պատասխան խոշտանգումների մեղադրանքների, դրանք հազվադեպ են արդյունավետ լինում»:
2021 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է «փաստագրված 15 դեպք՝ 17 տուժածով՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությամբ, ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ մասնավոր անձանց կողմից»։ Եղել են նաև «բուռն հանրային քննարկումներ, որոնք հաճախ ներառել են խորհրդարանի անդամների և այլ պետական պաշտոնյաների բորբոքված ելույթները, որոնք երբեմն ուղղված են եղել իրավապաշտպանների և ակտիվիստների դեմ»:
HRW-ը նաև հայտնել է, որ «հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ մնում են առանձնացված մանկատներում, հատուկ դպրոցներում կամ տներում՝ թերի կրթությամբ կամ առանց դրա»: 2021 թվականի մայիսին «Խորհրդարանն ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը, որը ներառում է մատչելիության, անկախ կյանքի և արդարադատության մատչելիության երաշխիքներ և արգելեց հաշմանդամության վրա հիմնված խտրականությունը»:
Ըստ HRW-ի՝ «կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը… մնում է մշտական խնդիր»: Բացի այդ, «Հայաստանում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ շարունակում են ենթարկվել ոտնձգությունների, խտրականության և բռնության»։
Այն, որ Հայաստանը կորցնում է ժողովրդավարական երկրի իր վարկանիշը, վկայում է այն փաստը, որ անցած մարտին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նրան խորհուրդ է տվել «օրենքի գերակայության և ժողովրդավարական հաստատությունների կարևորության վերաբերյալ»։
Վարչապետ Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականին՝ քաջալերելով ժողովրդավարությանը՝ դրանով իսկ մեծ աջակցության և գովասանքի արժանանալով միջազգային շրջանակներում։ Ցավոք, Փաշինյանի իշխանության մենաշնորհը և կառավարության բոլոր որոշումները միայնակ կայացնելու աճող միտումը Հայաստանը վերածում են միանձնյա կառավարման, ինչը կհանգեցնի նրան, որ երկիրը կկորցնի իր ժողովրդավարական հեղինակությունը և միջազգային աջակցությունը»։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.