23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը:
Խորհրդակցությունը նվիրված էր ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ անցկացվելիք հանդիսավոր միջոցառումների կազմակերպմանը, պաշտպանության նախարարին կից կոլեգիաների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքներին:
Կարևորելով երիտասարդության շրջանում ազգային գաղափարախոսության և հայրենասիրության սերմանումը` Սեյրան Օհանյանը նշեց, որ այդ գործընթացում ազգային բանակը պետք է առանցքային դերակատարում ունենա: Ըստ այդմ, նախարարը հանձնարարեց, որ զորամասերում ՀՀ անկախության տարեդարձի առթիվ անցկացվելիք տոնական միջոցառումներին ներգրավվեն նաև հասարակության լայն շերտերը: Ընդգծելով, որ ազգային բանակի հենքն ի վերջո հասարակությունն է, Սեյրան Օհանյանն արձանագրեց, որ այս առումով բանակ-հասարակություն կենսական կապի հետագա ամրապնդումն ուղղակի խիստ անհրաժեշտություն է: Նախարարը հորդորեց նաև, որ վերոհիշյալ կապը պետք է օգտագործել հասարակության շրջանում ազգային ավանդույթների շարունակության ապահովման, մնայուն արժեքների արմատավորման, արատավոր բարքերի դեմ տարվող պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար:
Խորհրդակցության ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ նաև կարգապահական բնույթի խնդիրներին: Օրերս ՊՆ զորամասերից մեկում զինվորի մահվան ելքով գործի քննության կապակցությամբ պաշտպանության նախարարը շեշտեց, որ անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքնասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը դրանից ոչ մի կերպ չի նվազելու և ծառայողական քննության ավարտից հետո օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են բոլոր մեղավորները: Նմանաբնույթ դեպքերը հետագայում բացառելու նպատակով Սեյրան Օհանյանը խորհրդակցության ավարտին մասնակիցներին տվեց կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ:
ՀՀ պաշտպանության նախարարություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ:
Հանրապետության Նախագահը այցի շրջանակներում նախ ներկա է գտնվել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, շրջայցի ընթացքում ծանոթացել կենտրոնի ընթացիկ և առաջիկա ծրագրերին, իրականացված աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: 2014թ. կառավարության որոշմամբ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) գործունեության ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:
Գյումրիի տեխնոպարկի ստեղծման նպատակն է նպաստել քաղաքի զարգացմանը` այն վերածելով ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները։ Ծրագիրն էական նշանակություն ունի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, փոքր և միջին բիզնեսի խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից՝ այդպիսով նպաստելով նաև տարածքային համաչափ զարգացմանը, երկրի ընդհանուր մրցունակության բարձրացմանն ու Գյումրի քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ճյուղերի զարգացմանը: Տեխնոլոգիական կենտրոնը միաժամանակ հնարավորություն կընձեռնի արտադրական գործընթացներում ընդգրկելու Շիրակի մարզի բարձր որակավորման մասնագետներին:
Հանրապետության Նախագահը կենտրոնում այցելել է «Ջի-Այ-Թի-Սի սթարթ-ափ» ակումբ, ուսումնական և «ԱրմԹաբ» լաբորատորիաներ, Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների նորարական ծրագրի սենյակ, ճարտարագիտության և մեխանիկական լաբորատորիաներ, «Ռոստելեկոմ»-ի գրասենյակ, ցուցասրահ, «Դ-Լինք» և «Ի-Վորկս» ընկերությունների սենյակներ, մուլտիմեդիայի տաղավար և լսարան, որտեղ հանդիպում է ունեցել Գյումրիի դպրոցներից կենտրոն այցելած շուրջ 130 ուսուցիչների հետ: Տեխնոլոգիական կենտրոնում Նախագահն ազդարարել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկը:
«Հարգելի՛ ուսուցիչներ,
Ինչպես հիշում եք, հուսով եմ, որ հիշում եք, ես հրապարակավ ասել եմ, որ նոր ուսումնական տարվա սկզբին մենք կրթական ոլորտում հանդես ենք գալու ևս մեկ կարևոր ու էական նախաձեռնությամբ: Այսօր ես պատիվ ունեմ հայտարարելու այդ նախաձեռնության մեկնարկը: Կրկնակի հաճելի է դա անել այսպիսի լսարանում, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հեռանկարը խորհրդանշող նոր և արդիական տեխնոպարկի հարկի տակ հավաքված հրաշալի ուսուցիչների միջավայրում:
Եվ այսպես: Ամենևին էլ նորություն ասած չեմ լինի, եթե մեկ անգամ ևս պնդեմ, որ ապագան կանխորոշվում է կրթությամբ: Ցանկացած ազգային ծրագիր իրագործելի է միայն այն դեպքում, եթե ամրապնդված է համապատասխան մարդկային ներուժ ձևավորելու կարողությամբ ու վճռականությամբ:
Հզոր երկիր ունենալու համար պետք է ունենալ որակյալ և մրցունակ մարդկային ռեսուրս, վերջինս ապահովելու համար անհրաժեշտ է բարձրորակ կրթական համակարգ և դրան համապատասխան ուսուցչական համայնք:
Դարեր ի վեր հայերն ուսուցչին ավանդաբար վերապահել են ամենաբարձր դիրքը հասարակության մեջ: Այսօր, կրթությամբ անընդհատ վերափոխվող աշխարհում մենք առավել ևս կարիք ունենք վերաիմաստավորելու և վերարժևորելու ուսուցչի մասնագիտությունը: Ի վերջո, ո՞վ է ուսուցիչը: Մարդ, որ սերունդ է կերտում: Մարդ, որի ձեռքում է մեր ամենաթանկ գանձը` մեր երեխաները: Մարդ, որի կատարած աշխատանքից առավելապես կախված է մեր ապագան: Հետևաբար` հասարակությունը պետք է ունենա լավագույն կրթության նպատակադրում և դառնա դրան հասնելու պահանջատեր: Մենք պետք է որակական բարձր չափանիշների հասնելու հնարավորություն ստեղծենք, որպեսզի մեր ուսուցիչները պատրաստվեն ըստ միջազգային չափորոշիչների, ապահովեն լավագույն կրթական բովանդակություն և ստանան արժանապատիվ վարձատրություն:
Սա գիտակցելով է, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, մեկամյա նախապատրաստական աշխատանքից հետո, սկսում են մի մեծամասշտաբ կրթական նախաձեռնություն, որը կոչվում է «Կրթության գերազանցության ազգային ծրագիր»:
Ծրագրի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք: Ծրագիրն իրականացվելու է միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական համակարգով, ըստ որի ուսուցիչները պետք է ստանան համապատասխան որակավորում: Այն լրամշակվելու և ամբողջովին բերվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանության: Այնուհետև գրանցվելու է Հայաստանի Հանրապետության և միջազգային որակավորման համապատասխան հաստատությունների կողմից:
Նախատեսվում է, որ Հայաստանում մեկ տասնամյակի ընթացքում Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կհավաստագրի շուրջ 2000 միջազգային որակավորման ուսուցիչների: Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ՝ օրինակ ծառայելով Հայաստանի դպրոցների ուսուցիչների ներկայիս ու նոր սերնդի համար, ինչպես նաև կստեղծեն դպրոցներում դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց:
Ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելու դասավանդման բովանդակությունը և հմտությունները, կօգնի` ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում:
Կրթության որակի շարունակական բարձրացումը ոչ միայն պետական կառույցների, այլև հասարակության գերխնդիրն է: Սա նշանակում է, որ որակը ոչ թե պետք է վերևից պարտադրվի, այլ պահանջված լինի տեղում: Պետք է ստեղծել կրթությամբ հաջողության հասնելու երազանք և հնարավորություն ընձեռել այդ երազանքն իրականացնելու համար: Այս առումով Կրթության գերազանցության ազգային ծրագիրը առաքելություն է, իսկ այդ ծրագրի ուսուցիչները պետք է լինեն կրթության նոր մշակույթի առաքյալները: Իհարկե, որևէ առաքելություն չի կարող պսակվել հաջողությամբ, եթե չկա դրա անհրաժեշտության հանրային գիտակցում: Եթե հասարակությունը կրթության սպառող է և ոչ թե` մասնակից, ապա այդ կրթությունից ոչ մի լավ բան չի ստացվի:
Այսօր մենք կարիք ունենք ծրագրի մասին իրազեկելու և առավել ևս լսելու բոլորին, ձեզ բոլորիդ: Անցկացվելու են ծրագրի հանրային քննարկումները: Մենք պետք է վստահ լինենք, որ կա կրթության որակի բարձրացման հանրային պատվեր և մասնակցության պատրաստակամություն, մենք պետք է վստահ լինենք, որ ծրագիրն ըստ ամենայնի բյուրեղացնում է մեր միասնական պատկերացումները: Ուստի, պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուրիդ ձայնը լսված է:
Այսքանը որպես սկիզբ: Այսօր այստեղ է գտնվում այս գաղափարի ու այս ծրագրի, ինչպես ասում են, ակտիվ կրողն ու առաջ տանողը, Մեսրոպ քահանա Արամյանը, բայց, ցավոք, այստեղ չէ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով գործուղման մեջ է: Ես արդեն խնդրել եմ տեր Մեսրոպին և Արմեն Աշոտյանին, որպեսզի եկող շաբաթվա ընթացքում նրանք կազմակերպեն մեծ մամուլի ասուլիս, խոսեն ծրագրի ու նաև մեր քայլերի հաջորդականության մասին: Այս պահին եկեք համարենք, որ մենք այս լավ միջավայրում հայտարարեցինք, ազդարարեցինք մի կարևոր ծրագրի սկիզբ, և գոնե այս պահին այս դահլիճում մի քանիսը, ովքեր ծանոթ են ծրագրին, վստահ են, որ մի քանի տարի հետո այն լինելու է արդեն իրականացված որոշ մասով և արդեն իր օգուտն է բերելու մեր կրթական համակարգին: Մոտավորապես այնպես, ինչպես մի քանի տարի առաջ, երբ խոսում էինք Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց ունենալու մասին, շատ թերահավատներ եղան, շատ քննադատներ եղան, բայց, փառք Աստծո, ուղիղ չորս շաբաթ հետո մենք բացելու ենք Դիլիջանի միջազգային դպրոցը, որ կառուցվեց Ռուբեն Վարդանյանի և իր ընկերների կողմից և որը, անշուշտ, շատ մեծ դերակատարություն է ունենալու մեր կրթական համակարգում: Դա, գիտեք, շատ լավ շտրիխ է մեր կրթական համակարգի համար: Վստահ եմ, որ հետո տեսնելու եք: Յուրաքանչյուր ոք, ով այսօր գնում և հեռվից տեսնում է այդ դպրոցը, արդեն կարծիք է կազմում բովանդակության մասին: Ես վստահ եմ, որ մեր այս ծրագիրը շատ մեծ դերակատարություն է ունենալու Հայաստանի ապագայի համար: Շատ շնորհակալ եմ: Հաջողություն»,-տեխնոլոգիական կենտրոնում ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ի նշանավորումն Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման, Սերժ Սարգսյանը կենտրոնի բակում ծառատունկ է կատարել:
Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը կայցելի նաև Գյումրի քաղաքում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության՝ վերականգնված «Գյումրի-2» ենթակայան, կծանոթանա ենթակայանի վերականգնման վարկային ծրագրի ու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում իրականացվող այլ ներդրումային ծրագրերին:
Մարզ կատարած այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ներկա կգտնվի Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը, կայցելի Գյումրիի «Լենտեքս» ընկերություն, կծանոթանա տեքստիլ արդյունաբերության նախկին ավանդույթների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող այս ընկերության գործունեությանը և զարգացման ծրագրերին:
Սերժ Սարգսյանը Գյումրիից կմեկնի Աշոցք, որտեղ ներկա կգտնվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում Աշոցք համայնքում կառուցված դպրոցի բացման արարողությանը, կշրջի 360 աշակերտի համար նախատեսված ուսումնական այդ հաստատությունում, կծանոթանա իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Աշոցքում Սերժ Սարգսյանը կայցելի նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզ, կծանոթանա կատարված աշխատանքներին:
Այնուհետև Նախագահը կմեկնի Ամասիա, որտեղ ներկա կգտնվի ֆուտբոլի մարզադաշտի բացման արարողությանը, կայցելի համայնքի ամբողջովին հիմնանորոգված արվեստի դպրոց, կծանոթանա իրականացված աշխատանքներին և հանդիպում կունենա դպրոցի սաների հետ:
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Այս տարի այն տոնվում վաղը՝ սեպտեմբերի 14-ին:
Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի’ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին’ Սուրբ Հարության տաճարից գերևարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը:
Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա:
Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը:
Որպես պատմական վկայություն’ նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը’ Մժեժ Գնունու գլխավորությամբ:
Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ’ Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին:
Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով’ բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում’ ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը’ Խաչվերացը:
Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս խաչվեց’ այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել’ նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել: Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է և գործ:
Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է: Խաչն այսօր մեզ համար դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժկության աղբյուր:
Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի:
Պատահական չէր, որ 3 խաչերը (մեկը’ Քրիստոսի, 2-ը’ ավազակների) մահացած մարդկանց վրա դնելով հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյունով ստացավ նորոգելու, բժշկելու և հարություն տալու զորություն: Քրիստոս խաչի վրա մեռնելով հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանը և ջախջախեց սատանայի գլուխը:
Ըստ Գրիգոր Տաթևացու, Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»:
Խաչի վեր բարձրացումով սարսափահար եղավ սատանան: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի և բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը:
Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ:
Ընդհանուր առմամբ’ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին’ շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ’ ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:
Շատ տեղեր Խաչվերացը’«Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները’ «Խաչ, վերմակը առ, ներս փախիր»,- այսինքն’ բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվումէ հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1974 թ. ծնված Ռաֆայել Ս-ի վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան ժամը 08։30-ի սահմաններում Արգինա-Քարակերտ ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել աջակողմյան ձորակը:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, պատահարի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ուղևորներից մեկը՝ 1989 թ ծնված ՐաֆՖի Սարգսյանը, ճանապարհին մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել
Արամ Թամազյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին:
Արամ Թամազյանն ավելի վաղ ազատվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել նաև Արթուր Ղամբարյանը:
Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակվել Վահագն Հարությունյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օրերս Ազգային ժողովում հավակնոտ հայտարարություն արեց: Նա ասաց, թե 2020 թ. Հայաստանը պետք է հասնի հացահատիկի ինքնաբավության 60 տոկոսի: Այսինքն` Հայաստանում պետք է ցորենի այնքան բերք ստացվի, որ ապահովի մեր երկրի ներքին պահանջարկի 60 տոկոսը: Այս հայտարարությամբ Կարապետյանն ինքն իրեն դրել է բավական երկիմաստ վիճակում: Բանն այն է, որ գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը մեր թղթակցին ասել է, թե այս տարի Հայաստանում սպասվում է ցորենի 340 հազար տոննա բերք:
Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի զարգացման վարչության պետ Հրաչ Ծպնեցյանը մեր թղթակցին ասել է, որ Հայաստանում սպառվում է միջինը 500 հազար տոննա ցորեն (ներառյալ` ալյուր, հացամթերք, անասնակեր): Այսպիսով, ստացվում է, որ հիմա արդեն Հայաստանը հատել է ցորենի ինքնաբավության 60 տոկոսանոց սահմանագիծը, որովհետեւ 340 հազարը 500 հազարի ուղիղ 68 տոկոսն է: Ուրեմն` կամ Սերգո Կարապետյանը նկատի է ունեցել, որ առաջիկա վեց տարիներին անհրաժեշտ է կտրուկ կրճատել ցորենի ցանքատարածքներն ու բերքատվությունը, կամ էլ ուղղակի թվերն իրար է խառնել սաղ:
Նշենք, որ պատկերը շատ ավելի տպավորիչ է ստացվում, եթե առաջնորդվում ենք ոչ թե գյուղնախարարության, այլ` փորձագիտական տվյալներով:
Փորձագետները կարծում են, որ Հայաստանում տարեկան ցորենի սպառումը ոչ թե 500, այլ 400 հազար տոննա է: Այս պարագայում ստացվում է, որ այս տարի ցորենի ինքնաբավության առումով հասել ենք 85 տոկոսի:
Հայկական ժամանակ
Մեր պաշտոնյաների մեջ նոր մոդա է սկսվել գիտական կոչումներ ձեռք բերելը: «Չի» տեղեկություններով, հիմա ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը փորձում է գիտությունների դոկտոր դառնալ: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, նա ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնում դոկտորական թեզ է գրում ԱՊՀ երկրներում մինչխորհրդարանական հարաբերությունների թեմայով: Փաստորեն, հայ քաղաքագիտական միտքը շուտով համալրվելու է մտքի նոր տիտանով: Թեև, եթե հաշվի առնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, գիտությունների թեկնածու է, ապա Շարմազանովը կարող է նաև դոկտոր դառնալ:
Հ.Գ. Շարմազանովի՝ «ռևանշիզմի և օլիգարխիայի սերտաճման» վտանգի մասին վերջին հայտարարություններից հետո նրան կարելի է միանգամից ակադեմիկոսի կոչում տալ
Անցած տարի Yerevan City-ի դիմաց ի պաշտպանություն «Ծածկած շուկայի» ցույցերից մեկի ժամանակ Սամվել Ալեքսանյանին պաշտպանող նրա աշխատակիցները դանակով կտրել էին Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի մեքենայի չորս անվադողերը: Այդ աշխատակիցներին Նախախորհրդարանի անդամները տեսել են արարքը կատարելիս ու փախչելիս: Հետագայում այդ նույն աշխատակիցները ոստիկանական բաժանմունքում նաև խոստովանել են իրենց արարքները: Հիշեցնենք, որ ոստիկանությունը մերժել էր այդ անձանց դեմ քրեական գործ հարուցելու Կարո Եղնուկյանի պահանջը՝ հիմնավորելով, որ ընդամենը 20.000 դրամի վնաս է հասցվել ու էական վնաս չէ:
Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանը նախօրեին ոստիկանության քննիչ Մովսիսյանին պարտավորեցրել է քրեական գործ հարուցել. «Դատավորը զարմացած էր, թե առանց Կարո Եղնուկյանին հարցաքննելու, առանց նրան տուժող ճանաչելը ինչպես են գործը կարճել: Քննիչին ու դատախազին զարմացած հարցնում էր՝ գոնե մի անգամ կանչե՞լ եք Եղնուկյանին, գուցե գար ու հիմնավոր ապացույցներ ներկայացներ»:
Պարոն Հայրապետյանի խոսքով՝ քրեական գործ հարուցելու իրենց պահանջը ոստիկանության քննիչ Մովսիսյանը մերժել էր՝ հիմք ընդունելով փորձագետի եզրակացությունը, թե ընդամենը 20.000 դրամի վնաս է հասցվել. «Այն դեպքում, որ ամեն մի անիվը 300-400 դոլար արժե: Փորձագետը եզրակացրել էր, որ չորս անիվը միասին արժե 100.000 դրամ, ու դրանց կարելի է վերանորոգել ընդամենը 20.000 դրամով: Բայց այդ անիվները այնպես են ծակել, կողքի մասից կտրել, որ վերանորոգել հնարավոր չէ:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.