23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի վրա շպրտած 5 կետերը ապագա խաղաղության պայմանագրի ադրբեջանական պատկերացումներն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանը:
«Իշխանության անմեղսունակության 6 կետերը
Թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից եւ այն էլ շատ արագ՝ պարզ է։ Հայաստանի վրա շպրտած 5 կետերը ապագա խաղաղության պայմանագրի ադրբեջանական պատկերացումներն են։
1 տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում
2 տարածքային պահանջների բացառում
3 ուժի կիրառման եւ անվտանգությանը սպառնալիքների բացառում
4 սահմանազատում, սահմանանշում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում
5 հաղորդակցության ուղիների բացում
Սա Ադրբեջանի օրակարգն է ։
Իսկ ի՞նչ է առաջարկում Հայաստանն իր 6 կետերով, որի «պրեզենտացիան» արեց հատուկ նշանակության դեապանը։
Պարզվեց՝ Հայաստանը մոտավոր պատկերացում անգամ չունի, թե ի՞նչ է ուզում ընդգրկել խաղաղության պայմանագրի իր տարբերակում։
Եւ այսպես՝ մեր 6 կետերը.
Կետ1 «նամյոկ+բոչկա» Ռուսաստանի հասցեին, որ եղբայրական Ադրբեջանի փոխանցած նամակը տեղ է հասել 20 օր ուշացումով։
Կետ 2 Հղում ԱՊՀ ստեղծման մասին հայտարարությանը՝ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին եւ ոչ մի պարզաբանում, որ Հայաստանն այդ փաստաթղթին միացել է հատուկ վերապահումով։
Կետ 3 Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի «սկզբունքային» լինելու մասին ընդամենը բառեր՝ առանց հստակեցնելու ինքնորոշման իրավունքը եւ սրանով չբացառելով, օրինակ՝ Արցախը մշակութային ինքնավարության կարգավիճակով Ադրբեջանի կազմում։ Մի անկապ «կռուտիտ»։
Կետ 4 Ռւսաստան֊Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով նախորդ հայտարարություններով սահմանված պարտավորությունների կատարման «կարեւորության» ֆիքսում եւ ոչ մի իմպերատիվ պահանջ կամ բանակցությունները սկսելու համար նախպայման։ Ընդամենը՝ «լայթսի» մեջ արձանագրում։
Կետ 5
Բանակցություններ սկսելու հայկական կողմի պատրաստակամության մասին հայտարարություն՝ առանց որեւէ նախապայմանի. օրինակ՝ ռազմագերիների վերադարձ+ադրբեջանական զինուժի հետքաշում ՀՀ սուվերեն տարածքից։
Կետ 6. ինֆորմացիա այն մասին, որ հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ բանակցությունների կազմակերպման առաջարկով, մոռանալով, որ ըմդամենը մի քանի օր առաջ Նիկոլը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ անիմաստ է ԵԱՀԿ համանախագահների միջնորդությանը սպասելը՝ ՌԴ-Արեւմուտք կոնֆլիկտի ֆոնին եւ պետք է ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ։
Ինչպես տեսանք՝ 6 կետ իդիոտիզմի մասին։
Հա, առաջին անգամ համաձայն եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ, ով թերթելով հայկական կողմի ներկայացված առաջին «առաջարկը»՝ ասաց՝ «իսկ որտե՞ղ է առաջարկը»»,- գրել է Զոհրաբյանը:
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը կարևոր հանգրվանի է մոտեցել, և կա իրական վտանգ, որ խնդիրը կարող է լուծվել ամբողջությամբ հօգուտ Ադրբեջանի։ Այս մասին է վկայում թեկուզ միայն այն փաստը, որ ՀՀ իշխանություններն անընդունելի ոչինչ չեն տեսնում Ադրբեջանի առաջ քաշած հայտնի հինգ առաջարկներում, որոնք պետք է ընկած լինեն բանակցային գործընթացի հիմքում։
Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Եվրոպական կողմի նախաձեռնած եռակողմ այս հանդիպումը, ինչպես հայտնի է, տևել է ավելի քան 4.5 ժամ։ Այդ ընթացքում հակամարտող կողմերի ներկայացուցիչները քննարկել են հարցերի լայն շրջանակ, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ։ Հանդիպումից անմիջապես հետո Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը ցանկանում են արագ կնքել խաղաղության համաձայնագիր։ Նա հայտարարել է, որ Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանային հանձնաժողով, որի մանդատի շրջանակում կլինի երկու հարց՝
1. սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը,
2. ապահովել անվտանգային կայուն իրադրություն սահմանագծի երկայնքով և մերձակայքում (1):
Շառլ Միշելը նաև հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին աշխատել խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։ Եվրոպայի խորհրդի նախագահի հայտարարության մեջ հիշատակված էին նաև հումանիտար մի շարք հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հեռանկարները և այլն։ Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ Շառլ Միշելը գրեթե հիացական տոնով էր խոսում Ալիևի և Փաշինյանի բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին, ինչը, եթե հաշվի առնենք Արցախում մինչ այդ ստեղծված իրավիճակն ու այդ պահին ծավալվող գործընթացները, բավական տարօրինակ էր։
Բրյուսելում Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում կրկին հայտարարել է, որ Ադրբեջանի առաջարկներում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, «սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, և մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը» (2)։ ՀՀ ղեկավարը, սակայն, չի մանրամասնում, թե ինչ է հասկանում, օրինակ, «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ» ասելով։ Նկատի ունի՞ արդյոք, որ Արցախը պետք է անկախ լինի, թե՞ իր համար ընդունելի է նաև Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Նույնը վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի» անվտանգության երաշխիքներին ու իրավունքներին։ Ի՞նչ նկատի ունի պաշտոնական Երևանն այդ դեպքում։ Ցավոք, հստակ պատասխաններ չկան։ Ավելի ճիշտ՝ այդ առնչությամբ Փաշինյանի ու նրա թիմակիցների մեկնաբանությունները լավատեսություն չեն ներշնչում։
Բոլոր այս գնահատականներում և ընդհանրապես ստեղծված իրավիճակում կարևորագույն հանգամանքն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները խաղաղության պայմանագիր կնքելու աշխատանք են սկսում, և դրա հիմքում, ըստ ամենայնի, Ալիևի վարչակազմի մշակած հինգ, այսպես կոչված, առաջարկներն են՝
– ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
– պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
– զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք և ուժ կիրառելուց, միմյանց անվտանգությանը սպառնացող, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին հակասող այլ գործողություններից,
– սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
– տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Ուշադիր ընթերցողը, իհարկե, հեշտորեն կնկատի, որ ադրբեջանական կողմի ներկայացրած 5 առաջարկներն իրականում լուծում են Ադրբեջանի համար երկու կարևոր խնդիր՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության (ներառյալ Արցախը) ճանաչումն ու ՀՀ ինքնիշխան տարածքներին անխոչընդոտ հասանելիությունը։ Պարզ է, որ սրանք իրենց էությամբ ոչ թե Հայաստանին ուղղված առաջարկներ են, այլ պահանջներ, որոնք, եթե հաշվի առնենք նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում ու Սյունիքում, շատ նման են վերջնագրի։
Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների միջև սկսված այս նոր սիրախաղը, բնական է, չէր կարող անտարբեր թողնել հայ հանրությանը։ Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն արդեն իսկ բավական էին, որ ընդդիմությունը գործընթացը կասեցնելուն ուղղված հանրային ճնշման գործողություններ նախապատրաստեր։ Ապրիլի 5-ին՝ բրյուսելյան հանդիպման նախօրեին, Երևանում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որը լուրջ ազդակ փոխանցեց Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող կենտրոններին, որ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու գործընթացն այնքան էլ հեշտ չի լինելու։ Իսկ երբ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ միջազգային հանրությունը հորդորում է «իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը» (3), հանրային դժգոհությունը միանգամայն այլ որակ ստացավ, և ժողովուրդը դուրս եկավ փողոց։
Ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Ռուսաստան (4)։ Չնայած այն հանգամանքին, որ այցի ընթացքում երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև ստորագրվել են համագործակցության մի շարք համաձայնագրեր, ինչպես նաև ՌԴ և ՀՀ ղեկավարների կողմից 30 կետից բաղկացած հայտարարություն է ընդունվել, Արցախի խնդրի վերաբերյալ որևէ լուրջ արձանագրում այդ այցի ընթացքում չի եղել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միայն նշել է, որ հարցի կարգավորման համար պետք է առաջնորդվել 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված երեք համատեղ հայտարարությունների դրույթներով (5)։ Բրյուսելի թեման Ռուսաստանում շրջանցվեց։ Փորձագիտական և լրատվական մակարդակներում միայն նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովներ ստեղծելու մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել նաև նոյեմբերի 26-ի հիշատակված հանդիպման ընթացքում, և կողմերը պայմանավորվել են այդ հանձնաժողովը ստեղծել մինչև 2021 թ. ավարտը։ Սակայն դա տեղի չի ունեցել։ Ի դեպ, այդ նույն հանձնաժողովը հայկական կողմը չստեղծեց նաև մինչև 2022 թ․ ապրիլի ավարտը, ինչը նախատեսված էր արդեն բրյուսելյան պայմանավորվածությամբ։ Եվ դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, Երևանում ու մարզերում սկիզբ առած բողոքի ակցիաներն են, որոնք լուրջ անհանգստություն են առաջացրել Փաշինյանի կառավարությունում։
Մոսկվա՞, թե՞ Բրյուսել։ Ո՞վ կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու Արցախի խնդրի լուծման գլխավոր հովանավորը։ Ահա այս հարցն է ներկայումս ամենաշատը քննարկվում քաղաքական և փորձագիտական շրջանակներում: Ընդ որում, կարևոր է նաև այն հանգամանքը, որ միջազգային քաղաքական ընկալումներում արցախյան խնդիրը փոխկապակցվել է Ուկրաինայում ընթացող զարգացումների հետ։ Այս փաստը զգալիորեն նվազեցնում է հայկական կողմի հնարավորությունները՝ ազդելու մեզ համար կենսական նշանակություն ունեցող այդ խնդրի կարգավորման գործընթացի վրա։ Պատճառը պարզ է․ Հայաստանը տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտից վերածվել է միջազգային առևտրի մանրադրամի։
Այս ամենի հետ պետք է նշել կարևոր ևս մեկ հանգամանք․ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունն արագ ավարտ չի ունենա, Արցախում իրավիճակ փոխվեց։ Ալիևի վարչակազմն օգտվեց հարմար առիթից և, մինչ Մոսկվայի ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած էր Ուկրաինայի վրա, նախաձեռնեց մարտի 24-ի հայտնի հարձակումը ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ։
Դրան հաջորդած զարգացումներն ամբողջությամբ բացահայտեցին երկու կարևոր իրողություն․ նախ՝ թուրք-ադրբեջանական դաշինքը տհաճ անակնկալներ է պատրաստել Ռուսաստանի համար մեր տարածաշրջանում, և երկրորդ՝ Ռուսաստանը, պայմանավորված մեկ այլ տարածաշրջանում առկա լրջագույն խնդիրներով, չի կարող առաջնորդվել իր կամքը պարտադրելու քաղաքականությամբ և փորձում է դրա փոխարեն որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել հակառակորդի հետ։ Ռուսական քաղաքական և փորձագիտական շրջանակները հասկանում են, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի գործողություններն Արցախում ուղղված են մի կողմից հայկական պետությունների, իսկ մյուս կողմից էլ՝ հենց Ռուսաստանի դեմ։ Նրանք նույնիսկ բարձրաձայնում են այդ մասին, սակայն բոլոր գնահատականներում նաև նշում, որ այս պահին Մոսկվայի հիմնական խնդիրը Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններն են։ Ակնարկվում է այն մասին, որ Ռուսաստանի համար այս փուլում կարևոր է Թուրքիայի չեզոքությունն Ուկրաինայում։
Թուրքիայի հետ լեզու գտնելու Ռուսաստանի փորձերը, իհարկե, արդյունավետ չեն։ Մինչ այս պահը Մոսկվային հաջողվել է միայն մասամբ զսպել Էրդողանի ախորժակը։ Դա փոքր զիջումների միջոցով ժամանակ շահելու մարտավարություն է։ Իսկ այդ ժամանակը Ռուսաստանին անհրաժեշտ է բացառապես մեկ բանի համար, որպեսզի լուծի Ուկրաինայում առաջացած խնդիրները։ Անկարայում էլ են լավ հասկանում, որ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումից հետո Ռուսաստանի զիջողականության աստիճանն ու զիջումներ անելու պատրաստակամությունը զգալիորեն կնվազեն։ Հետևաբար Անկարայում որոշել են, որ հիմա է հարմար պահը, և փորձում են առավելագույնս օգտվել դրա ընձեռած հնարավորություններից։ Մեր տարածաշրջանում, օրինակ, դա Արցախի ու Ադրբեջանի հետ անխափան և մեկ այլ տերության կողմից չվերահսկվող ցամաքային կապ ստեղծելու խնդիրն է։ Եվ այն պահին, երբ Թուրքիան հասկացավ, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծրագրերը շեղվել են նախապես պլանավորված ընթացքից, Արցախի ուղղությամբ ակտիվացրեց ադրբեջանական գործոնը։
Ողբերգությունն այն է, որ Հայաստանը, որը մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցությունը զսպելու պատմական, քաղաքական և նույնիսկ քաղաքակրթական առաքելություն է մշտապես ունեցել, աշխարհաքաղաքական դրության վերափոխման այս փուլում, փաստորեն, հրաժարվել է իր կարևորագույն գործառույթից և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու բանակցություններ սկսել։ Ընդ որում, պաշտոնական Երևանը դա անում է ոչ միայն ի վնաս նույն Ռուսաստանի, Իրանի կամ թեկուզ եվրոպական որոշ երկրների, հատկապես Ֆրանսիայի ու Գերմանիայի տարածաշրջանային շահերի, այլև ի հաշիվ մեր ժողովրդի կենսական ներուժի։
Եվ իսկապես, այն պահին, երբ հայկական երկու պետությունները «ատամները սեղմած» պետք է սպասեին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ավարտին, հնարավոր և անհնար բոլոր միջոցներով խոչընդոտեին Արցախի վերաբերյալ թուրք-ադրբեջանական դաշինքի բոլոր ծրագրերը, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, որտեղ արցախահայությունը իբր թե լավ հեռանկարներ ունի։ Համաձայնեք՝ ավելի մեծ նվեր Հայաստանի իշխանությունները երբեք չէին կարող մատուցել թուրք-ադրբեջանական դաշինքին։ Միանշանակ է նաև, որ այս կեցվածքով պաշտոնական Երևանը խնդիրներ է ստեղծում նաև իր բնական դաշնակիցների՝ Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև Չինաստանի համար։
Թե ինչու է ՀՀ փաստացի ղեկավարը երկրի համար օրհասական այս կարևոր պահին սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգը, հուսով ենք՝ հետաքննությունը հետագայում կպարզի։ Հիմա կարող ենք միայն արձանագրել, որ թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը մեծ տեմպ էին հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացին, և Նիկոլ Փաշինյանը ոչ մի վայրկյան ետ չէր մնում թշնամու այդ տեմպից, ավելին՝ ինքն էլ իր հերթին արագացնում էր բոլոր այդ գործընթացները, համենայնդեպս մինչ այն պահը, երբ ժողովուրդը Հայաստանում փողոց դուրս եկավ։
Հիմա, երբ ես գրում եմ այս տողերը, Հայաստանի քաղաքներում ու գյուղերում շարունակվում է Արցախի ապագայի համար մղվող պայքարը։ Իհարկե, այդ պայքարում բազում կողմեր կան՝ հայկական ընդդիմությունը, Փաշինյանի կառավարությունը, բոլոր այս գործընթացների վրա ձեռքեր տաքացնող աշխարհաքաղաքական կենտրոնները և այլն։ Բայց մի չափազանց կարևոր խնդիր հանրահավաքների ու բողոքի ցույցերի դուրս եկած մեր ժողովուրդն արդեն լուծել է․ ինքն է դարձել Հայաստանի ու Արցախի համար մղվող պայքարի ամենակարևոր կողմը։ Ժողովուրդը վերագտել է իր սուբյեկտայնությունը, և այդ փաստի հետ բոլորը հիմա պարտավոր են հաշվի նստել։ Այս կարևոր իրողությունը նաև հույս է ներշնչում, որ անկախ նրանից, թե ով կլինի արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնական հովանավորը՝ Մոսկվա՞ն, թե՞ Բրյուսելը, հայ ժողովրդի շահն այլևս չի անտեսվի։
__________________________________-
Հղումներ
1. Տե՛ս Շառլ Միշել. Փաշինյանն ու Ալիևը ցանկանում են արագ խաղաղ համաձայնագիր կնքել, 07.04.2022, https://mediamax.am/am/news/foreignpolicy/47035 (մուտք՝ 10․2022)։
2. Վարչապետն ամփոփել է ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները, 07.04.2022, https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/04/07/Cabinet-meeting-Speech/ (մուտք՝ 10․2022)։
3. Հորդորում են իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը. Փաշինյան, 13.04.2022, https://www.youtube.com/watch?v=IbKBhhj61MA (մուտք՝ 10․2022)։
4. Տե՛ս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, 19.04.2022, https://www.primeminister.am/hy/foreign-visits/item/2022/04/19/Nikol-Pashinyan-visit-to-Russia/ (մուտք՝ 10․2022)։
5. Տե՛ս 19 апреля состоятся переговоры Владимира Путина с Премьер-министром Армении Николом Пашиняном, 19.04.2022, http://kremlin.ru/catalog/countries/AM/events/68229 (մուտք՝ 10․2022)։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Փաշինյանն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բխեցնել հայերի անվտանգության, իրավունքների ու ազատություննների ապահովումից, ինչը նշանակում, որ Փաշինյանի համար ընդունելի կարող է լինել Արցախն Ադրբեջանի կազմում լինելը, եթե, օրինակ, Ալիևը երդվի կամ թղթի վրա երաշխիքներ տա, որ հարգված կլինեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու ազատությունները, նրանք կլինեն անվտանգ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
«6-կետանոց Նիկոլ Փաշինյանը․ նա Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում
Երբ Ադրբեջանը հրապարակեց իր 5–կետանոց սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն հայ–ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի հիմքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրանք ընդունելի են պաշտոնական Երևանի համար։
Երբ Հայաստանը ոչ հրապարակային պատասխանեց Ադրբեջանին իր 6–կետանոց տեքստով, Ալիևն Ադրբեջանի արտգործնախարարի շուրթերով ծաղրեց Նիկոլ Փաշինյանի ուղարկած նամակը։ Վերջինիս այլ բան չէր մնում, քան հանրայնացնել 6–կետանոց իր պատկերացումները՝ զուգահեռաբար փորձելով ներքին լսարանին մոլորեցնել, թե իբր կռիվ է տալիս Արցախի համար։
Նիկոլական կետերի նեղացկոտ, հեղհեղուկ, մանկամիտ, անգրագետ, անհեթեթ, միջազգային ներկա կոնյունկտուրան չընկալող մասերը մի կողմ դրած անդրադառնանք Արցախին վերաբերող կետին։
«Հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»։ Սա՛ է Նիկոլ Փաշինյանի առաջարկը Բաքվին։
Այս առաջարկը նշանակում է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։ Սա ամբողջությամբ բխում է կարգավիճակի նշաձողի իջեցման փաշինյանական քարոզից։
Փաշինյանն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բխեցնել հայերի անվտանգության, իրավունքների ու ազատություննների ապահովումից, ինչը նշանակում, որ Փաշինյանի համար ընդունելի կարող է լինել Արցախն Ադրբեջանի կազմում լինելը, եթե, օրինակ, Ալիևը երդվի կամ թղթի վրա երաշխիքներ տա, որ հարգված կլինեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու ազատությունները, նրանք կլինեն անվտանգ։
Փաշինյանի այս առաջարկի կյանքի կոչման դեպքում Արցախը կհայաթափվի։ Լավագույն դեպքում՝ նախիջևանյան տարբերակով։
Ի դեպ, ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվել են հայտարարել, որ իրենք բացառում են հակամարտության վերջնական լուծման որևէ տարբերակ, երբ Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում։
Ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Գրիգորյանը և ՔՊ–ական մի շարք պատգամավորներ չեն բացառել տարբերակ, երբ Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում (եթե բացառում են, ապա թող ուղիղ հայտարարեն այդ մասին ու նշեն այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ հայկական կողմը չի զիջելու և՛ հայ–ադրբեջանական, և՛ հայ–թուրքական հարաբերություններում)։ Փաշինյանի 6–կետանոց առաջարկներում հենց այդ տարբերակն է ամրագրված։
Մեր երկրի համար նվաստացուցիչն այն է, որ անգամ այս կապիտուլյացիոն բնույթի նամակն է ծաղրի արժանանում Ադրբեջանի կողմից։ Մեր թշնամիները հաշվել են Փաշինյանի ատամները, դրա համար էլ ծաղրում են Հայաստանին ու Արցախին։ Ու այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ պարտության ու նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է աշխարհում ներկայացնում Հայաստանն ու Արցախը»,- գրել է նա։
Արտաքին գործերի նախարարությունում պատվիրակություններին պատշաճ ընդունելու համար որոշել են պատվիրակների ոտքերի տակ երկու միլիոն դրամ արժողությամբ գորգ փռել։ Այս մասին գրում է 168.am-ը։
2 միլիոն 90 հազար դրամով գորգը գնել են «Մերգերյան կարպետ» ընկերությունից։
Ձեռագործ գորգը 2021 թվականի է՝ պազիրիկ տիպի։
Թե ինչու էր երկրի տնտեսության համար այս բարդ ու դժվար ժամանակաշրջանում խիստ անհրաժեշտ ձեռագործ գորգ փռել հյուրերի ոտքի տակ, հատկապես ինչի՞ց ելնելով են ԱԳՆ-ում նման ներկայացուցչական ծախս կատարել, հայտնի չէ:
Պարզապես տրամաբանական հարց է առաջանում՝ երբ մինչեւ հիմա պատվիրակների ոտքերի տակ այդ արժեքի գորգ չէր փռվում, հանգամանքը բացասական ի՞նչ հետք է թողել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, աշխարհը հայ մշակույթի մասին լիարժեք պատկերացում չէ՞ր ունենում, թե՞ հայոց հյուրասիրությունից էր դժգոհ մնում եւ դրա պատճառով էլ տուժում էր հայոց դիվանագիտության հանդեպ վերաբերմունքը, իսկ գուցե՞ երկու միլիոն դրամ արժեցող գորգը պետք է հիմա բարձր պահի Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցի վարկն աշխարհում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնն իրեն առաջարկել է զիջել Ուկրաինայի ինքնիշխանության մի մասը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դեմքը փրկելու համար»։ Այս մասին գրում է zn.ua-ն:
«Մակրոնը ցանկանում էր արդյունքներ գտնել մեր միջև միջնորդության հարցում: Նա չգտավ, և ոչ մեր կողմից: Նա դա չգտավ ռուսական կողմից: Իսկ ինձ որոշ բաներ առաջարկելը՝ կապված մեր ինքնիշխանության զիջումների հետ, որպեսզի փրկվի Պուտինի դեմքը… Կարծում եմ՝ դա այնքան էլ ճիշտ չէ։ Մենք պատրաստ չենք ինչ-որ մեկի համար ինչ-որ բան փրկել և դրա համար կորցնել մեր տարածքները։ Սա այնքան էլ արդար չէ։ Սա կորած ժամանակ է»,- ասել է Զելենսկին իտալական Rai հեռուստաալիքին։
ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ԱԳՆ-ն նամակով տեղեկացրել է, որ ինքն ու Արման Եղոյանը չեն կարող մասնակցել ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի՝ Հայաստանին նվիրված կլոր-սեղանին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հերթական անգամ գործ ունենք պետական համակարգի խայտառակ դիլետանտության հետ
Ուրեմն, Հայաստանի բարեկամ, Եվրոպական խորհրդարանի անդամ Լարս Պատրիկ Բերգը (ECR, Գերմանիա) նախաձեռնել է Բրյուսելում կազմակերպել Հայաստանին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին մասնակցելու և ելույթով հանդես գալու հրավեր է ուղարկվել նաև ինձ՝ որպես ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և Արման Եղոյանին՝ որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ:
ԱԺ աշխատակազմը չգիտես ինչու այս հարցով դիմել է ԱԳՆ-ին, ինչին ի պատասխան ԱԳՆ-ից գրություն են ուղարկել, որ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «Լարս Պատրիկ Բերգը մինչ 2021թ. անդամակցել է ծայրահեղական համարվող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը և համապատասխանաբար Եվրոպական խորհրդարանում համանման համբավ ունեցող «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբակցությանը, իսկ ներկայումս անդամակցելով «Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների» խմբակցությանը չի հանդիսանում վերջինումս առանցքային դերակատար։ Նշյալ ծայրահեղական հայացքներ ունեցող ԵԽ պատգամավորի հետ շփումները կարող են բացասաբար ազդել Հայաստան — Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության վրա»։ ԱԳՆ նամակը կցվում է:
Այս տրամաբանությամբ արտաքին քաղաքականություն վարելն ուղղակի թյուրիմացություն է: Այլ կերպ, քան ԱԳՆ-ի կողմից եվրոպական արժեհամակարգի հանդեպ անարգանք, եվրոպական ինստիտուտների մասին մինիմալ գիտելիքների բացակայություն և դիլետանտիզմ սա անվանել դժվար է:
ԲԱՅՑ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ՝ դրանից ընդամենը մոտ 2 ամիս առաջ՝մարտի 23-ին, ԱԳՆ-ն ևս մեկ նամակ է ուղարկել ԱԺ, որտեղ մանրամասն ներկայացրել է Լարս Պատրիկ Բերգի հայամետ գործունեությունը Եվրոպական խորհրդարանում, մանրամասներ հաղորդել Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, դեսպան Աննա Աղաջանյանի հետ նրա հանդիպումներից և տեղեկացրել պատրաստվող կլոր սեղան-քննարկման մասին: Կրկնեմ՝ ՆՈՒՅՆ ԱԳՆ-ն:
Հ.Գ. Կլոր սեղան-քննարկումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է, կայանալու է հունիսին և ես, իհարկե, մասնակցելու եմ միջոցառմանը»:
Արդեն չորրորդ օրն է կառավարության կողմից մահացու լռություն է ու չեն արձագանքում Տավուշի 7 գյուղերի և Տիգրանաշենի Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածության մասին ադրբեջանցիների հայտարարությանը։ Այդ մասին ֆեյսբուքում գրառում է կատարել «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
Նրա գրառման մեջ ասվում է.
«Չորս օր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտարարեց Նիկոլ Անհողինի հետ Տավուշի 7 գյուղերի և Տիգրանաշենի Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածության մասին:
Այս հայտարարության մասին բարձրաձայնեց Arsen Babayan-ը՝ պահանջելով այս աղետաբեր կառավարությանը հերքել այս տեղեկությունները:
Այս մարդկանց քաղաքական ղեկավարը ասում էր, որ որևէ անպատասխան հարց չպետք է մնա ժողովրդի մոտ, ամեն բամբասանք պետք է հերքել:
Արդեն չորրորդ օրն է կառավարության կողմից մահացու լռություն է այս հարցով:
Հիմա, կարո՞ղ ենք հաստատված համարել, որ սրանք այո՛ համաձայնության են եկել թշնամուն հանձնել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող 8 գյուղ:
Սա արդյո՞ք բավարար պատճառ չէ պայքարի մեջ լինելու, սրանց հեռացնելու և Հայասանի մաս առ մաս հանձնումը թույլ չտալու համար:
Ճիշտ եք, ուրիշ լուծում չկա. սրանց պետք է հեռացնենք:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ֆանտաստիկ.
Գորիս-Կապան ճանապարհը փակ է, բայց պարզվում է իրենք չէին նախատեսել, որ բեռնափոխադրումներն ամբողջությամբ իրականացվելու են Տաթև-Աղավնիով:
Կլինի՞ գնաք տուն ու երկիրը չմնա այն կառավարման համակարգի հույսին, որը չի պատկերացնում, որ եթե այլ ճանապարհ չկա, բոլոր բեռները գալու են միակ առկա ճանապարհով:
Ամեն անգամ այդ չպատկերացնելը մի մեծ փորձանք է մեր գլխին»:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում ճանապարհների հիմնանորոգման համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը ՀՀ բյուջեից հերթական՝ 4.5 մլրդ դրամ հատկացնելու նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Տաթև-Աղավնի ճանապարհին առաջացած խնդիրների մասին մենք խոսել ենք: Այդտեղ երկու հարց կար: Եթե հիշում եք, մի քիչ արտակարգ ռեժիմով այդ ճանապարհը կառուցվեց, բայց պետք է արձանագրենք, որ երբ մենք նախագծում էինք ճանապարհը, չեինք նախատեսել, որ բեռնափոխադրումների ամբողջ ծավալը կտեղափոխվի այդ հատված և ճանապարհն իր նախագծային տվյալներով, ավելի շատ միջհամայնքային և տուրիստական ճանապարհ էր նախատեսվել: Դրա համար այնտեղ պրոբլեմներ են առաջացել: Կաշխատենք այդ պրոբլեմները լուըծել, շինարարների հետ էլ ենք աշխատում, թե այդ աշխատանքը ինչպես բաշխենք, որ ճանապարհը բերենք պատշաճ որակի»:
Ընդհանրապես այս երկու գործիչներին համեմատելը խիստ պայմանական պետք է դիտարկել: Քանզի նրանք թե տարբեր կենսագրություն են ունեցել, և թե տարբեր քաղաքական ուղիներով են անցել: Սակայն նրանց միավորում է մեկ բան, նրանք երկուսն էլ ցանկանում էին բարեփոխել իրենց երկրները, սակայն փլուզման պատճառ դարձան: Սկզբում, երկուսից էլ կային մեծ սպասումներ, սակայն երկուսն էլ պարզվեց դատարկախոս պոպուլիստներ էին, որոնց գործունեության արդյունքում եղան միայն փլուզումներ և պարտություններ: Զարմանալի չէր, որ ինչ-որ պահից սկսած ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը դարձավ ավելի պահանջված «դրսում», քան «ներսում»: Սակայն սկսելով զիջել «դրսին», նա վերջնաարդյունքում դարձավ քաղաքական «փալաս» երկրի ներսում, և որի արդյունքում նրան սկսեցին արհամարհել և «դրսում», և «ներսում»:
Մինչդեռ սկզբում նա ընկալվում էր խորհրդային ժողովուրդների մոտ որպես «փրկիչ»:
Նույնը կատարվեց Նիկոլ Փաշինյանի հետ, նա նույնպես սկզբում «փրկչի» դերում էր, նույնիսկ փորձում էր մտնել հանրահայտ Մոնթեի կերպարի մեջ, սակայն կարճ ժամանակ անց բացահայտվեց իր քաղաքական դատարկությունը:
Այսօր, երբ Փաշինյանի քաղաքական դատարկությունը բացահայտված է, նա փորձում է գոնե «դրսում» կապիտալիզացնել իր գործունեությունը Հայաստանի և հատկապես Արցախի հարցում զիջումների հաշվին: Սակայն պարզվում է, որ նույնիսկ այդ պարագայում զիջելով մի հարցում, նրանից «դուրսը» սկսել է պահանջել զիջել նաև այլ հարցերում: Այդպիսին է քաղաքական տրամաբանությունը միջազգային ասպարեզում: Այսօր ադրբեջանցիները ոչ միայն արգելել են Փաշինյանին խոսել Արցախի կարգավիճակի մասին, այլև նույնիսկ չեն հանդուրժում ցանակացած քննադատություն, այդ թվում հումանիտար խնդիրների հետ կապված:
Այսպիսի ծայր աստիճանի նվաստացման քաղաքականություն վարել են միայն հիտլերյան Գերմանիայի պարագլուխների հետ 1945 թվականից հետո:
Այսպիսի նվաստացում դեռ ոչ մի ղեկավար չէր տեսել հետկոմունիստական շրջանում: Նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն իրեն վերջում ավելի արժանապատիվ պահեց: Նույնիսկ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ռուս-վրացական պատերազմից հետո իրեն այդպես չէր պահում, ինչպես որ այսօր իրեն պահում է Փաշինյանը:
Պարզ է, որ Հայաստանի հանրության անսահման հնազանդությունը չի կարող փրկել Փաշինյանին, քանզի Ալիևի լկտիությունը, ինչպես ասում են, սահմաններ չունի:
Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էր զարմացած Ալիևի անսահման լկտիությունով, սակայն իրականությունն է այդպիսին: Պարզապես Տեր-Պետրոսյանի նման գործիչները, այդպես էլ չհասկացան, որ Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքները էապես տարբերվում են, ասենք Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների պահվածքից:
Հարցրեք ցանկացած ռուս կամ եվրոպացի փորձագետ թուրքագետի և նրանք լիարժեք կբացատրեն այդ նրբությունները:
Իհարկե, վերջնաարդյունքում թե Թուրքիայի, և թե Ադրբեջանի հետ պետք է նստել բանակցային սեղանի շուրջ, բայց խնդիրը կայանում է հենց նրանում, որ այդ երկխոսությունը չպիտի լինի «եղնիկի և առյուծի երկխոսություն», քանզի, ինչպես հայտնի է, բնության մեջ այդպիսի երկխոսություն չի լինում:
Այլ խնդիր է, որ հայ հանրության մեջ, գուցե անճարությունից, միշտ ինչ-որ հատված ձգտել է ցանկացած գնով «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի այդ վտանգավոր հարաբերությունները «կառավարելի» լինեն:
Ի դեպ նույնը ժամանակին ուզում էր նաև Գորբաչովը, փորձելով զիջումների գնալով լավ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ: Թե ինչ ստացվեց իրականությունը՝ մեր աչքերի առաջ է:
Բնության օրենքները շրջանցել հնարավոր չէ: Այս դեպքում, մինչև իրական ուժ չտեսնեն, մեր հարևաններն իսկական երկխոսության չեն մտնի Հայաստանի հետ: Քանզի, օրինակ, ի տարբերություն Վրաստանի, Իրանի կամ Ռուսաստանի, նրանք միշտ համարել են, որ Հայաստանը, որպես այդպիսին չպիտի լիներ, իսկ եթե այն կա ապա այն պետք է վերանա: Դրա մասին գրեթե բացահայտ պարբերաբար հայտարարում էր Իլհամ Ալիևը: Իսկ թուրքական Իգդիրում հենց այս պահին գործում է, այսպես կոչված, «վտարանդի Արևմտյան Ադրբեջանի կառավարությունն ու պառլամենտը»: Իհարկե, դրանք այսօր Թուրքիայի օրակարգում դեռ չկան, սակայն այսօր դեռ չկան:
Հարյուր տարի առաջ Գրիգոր Զոհրաբն էլ էր երազում լավ ընկերության միջոցով համոզել Թալեաթ Փաշային, որ հնարավոր է հայերի և թուրքերի խաղաղ գոյակցությունը Օսմանյան կայսրությունում: Զոհրաբն անկեղծ էր իր ձգտումով, ինչպես նաև անկեղծ էր նաև Թալեաթը: Քանզի եթե հարմար իրավիճակ չլիներ, Թալեաթը չէր կատարի այն, ինչ կատարեց 100 տարի առաջ:
Այդ տեսանկյունից հայտնի մատերի կոմբինացիայով հայտնի Մևլութ Չավուշօղլուն, ոչնչով չի տարբերվում Թալեաթից: Պարզապես հանգամանքները դեռ թույլ չեն տալիս, որ Չավուշօղլուն կրկնի Թալեաթի արարքը:
Հիշենք, որ պատերազմից անմիջապես հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե կրկնեց այդ միտքը Բաքվում, հղում անելով Էնվերի երազանքներին:
Նշանակու՞մ է արդյոք, որ նրանց հետ լեզու հնարավոր չէ գտնել: Պատասխանը նույնպես պարզ է: Բանակցություններն ու երկխոսությունը անհրաժեշտություն է, լավ հասկանալով, որ իրական անվտանգային միջավայրի հաստատման համար անհրաժեշտ է երկու իրար հետ շաղկապված բան, կրկին ձևավորել երկրի ներսում ուժի բռունցք և վերականգնել մեր դաշնակցային հարաբերությունները, չեզոքացնելու համար վերը նշված վտանգները:
Ակնհայտ է, որ Փաշինյանն իր չորս տարվա կառավարման ընթացքում բոլորիս ապացուցեց, որ ունակ չէ լուծել մեզ համար կարևոր թե առաջին, և թե երկրորդ խնդիրը: Ինչը նշանակում է, որ իր կառավարման շարունակության պարագայում մենք քայլ առ քայլ մոտենալու ենք նոր 1915 թվականի իրադարձություններին:
Պետք է ուշքի գանք, քանի դեռ մեզ համար վտանգավոր ռուբիկոնը դեռ չենք անցել: Հետո ուշ կլինի, դրանից բխող մեզ համար ծայրաստիճան վտանգավոր հետևանքներով:
Սա է իրականությունը:
«Ադրբեջանը փորձում է ինչքան հնարավոր է կապիտալիզացնել պատերազմում ունեցած իր հաջողությունը, իսկ Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը, որը պատրաստ է ցանկացած զիջման»,-դիմադրության շարժման երթի ժամանակ հայտնեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ դիտարկելով պաշտոնական Բաքվի հայտարարությունը Տիգրանաշենի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները ցանկանում են առաջ տանել անկլավների վերաբերյալ իրենց առաջարկները և եթե այն հաջողվի, ապա խնդիրը լուծված կհամարեն, եթե ոչ, ապա դրա միջոցով զիջումներ կկորզեն այլ հարցերում, օրինակ՝ Արցախի կարգավիճակում:
Ըստ քաղաքական մեկնաբանի՝ Ադբերջանի հայտարարությունը փաստեց, որ գործող իշխանությունները թույլ են դիվանագիտություն վարելու հարցում:
«Երբ դու ասում ես, որ քո համար ընդունելի է Ադրբեջանի 5 կետերը և այնուհետև, հետին կարգով, փորձում ես քո կետերն ավելացնել, ապա Ադրբեջանը տրամաբանորեն ասում է՝ դու ընդունել ես իմ առաջարկները՝ շարժվում ենք դրանցով, ես քո կետերը չեմ ընդունում»,-հայտարարեց Խալաթյանը և կարծիք հայտնեց, որ հայկական կողմը չպետք է 5 կետերը միանգամից ընդուներ, այլ պետք է ասեր, որ պատրաստ է քննարկել դրանք և ՀՀ-ի առաջարկած կետերը:
Նա փաստեց, որ մինչ այժմ հասարակությունը տեղյակ էլ չէ, թե Հայաստանն ինչ կետեր է առաջարկել, որը նոր հարցեր է առաջացնում:
Հայկ Խալաթյանն ասաց, որ Փաշինյանի հայտարարությունը պատերազմի հավանականության մասին, մանիպուլյատիվ, հասարակության վախերի հետ խաղալու միտում է հետապնդում:
«Իշխանությունները ցանկանում են օգտագործել ամենավատ զգազումները, որոնք կան ցանկացած ժողովրդի մեջ՝ վախը, նախանձը: Իմ կարծիքով այս պահին որևէ պատերազմ չի լինի: Համենայն դեպս՝ մինչև պարզ չդառնա ուկրաինական պատերազմի ընթացքը: Լայնամաշտաբ պատերզամ հնարավոր է միայն Ռուսաստանի պարտության դեպքում, իսկ դրա մասին այս պահին հնարավոր չէ խոսել»,-հայտարարեց քաղաքական մեկնաբանը:
Ըստ Խալաթյանի՝ սահմանային միադեպերը միշտ եղել և լինելու են, որովհետև ադրբեջանցիները ցանկանում են բարձունքներ գրավել, որը մինչև ընդդիմության ակցիաներն էլ էին անում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.