23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այսօր մի խումբ ադրբեջանցի «գիտնականներ» և հանրության ներկայացուցիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին երևանյան Կոնդ թաղամասի հետ կապված, թե մտահոգ են «Թեփեբաշի» թաղամասի ճակատագրով, որը գիտնական կոչեցյալները կնքել են որպես «ադրբեջանական»։ Ընդ որում՝ իրենց «վերջին ազգային մշակութային և պատմական ժառանգություն»։
Նրանք դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, բողոքելով, թե «իրիվանում» իրենց իբրև մշակույթի ժառանգության «ցեղասպանություն» է։
Իսկ թե ինչ է իրական ազգային մշակույթը ու որն է, բացի մարդկայինից, մշակութային ցեղասպանությունը, որ իրականացնում է Ադրբեջանը ամեն օր՝ հարակից նյութերում։
Լուսանկարում՝ Ադրբեջանը ոչնչացնում, ջարդում, Արաքս գետն է լցնում Ջուղայի խաչքարերը՝ 9-17 դարեր, Նախիջևանից ևս ջնջելու հայկական «հետքը», 2005 թ.։
Ղազախստանն Ադրբեջանին է ընտրել որպես իր արդյունաբերական արտադրանքի արտահանման թիրախային շուկա, հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ, առեւտրի եւ ինտեգրման նախարար Բախիթ Սուլթանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Առեւտրի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երեքշաբթի Նուրսուլթանում կայացել է տնտեսական համագործակցության ղազախա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը։ Հանդիպմանը Սուլթանովը նշել է, որ ղազախական ընկերությունները շահագրգռված են ադրբեջանական շուկա արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանքների անխափան արտահանմամբ։
«Առեւտրի եւ ինտեգրման նախարարությունն ակտիվորեն իրականացնում է արտահանման արագացման ծրագիր, որը նախատեսում է արտահանողների ուսուցում եւ աջակցություն։ Այս տարի Ադրբեջանն ընտրվել է որպես թիրախային շուկա, 23 ընկերություններ՝ քիմիական, մեքենաշինական, սննդային եւ թեթեւարդյունաբերական արտադրողներ, ադրբեջանցի գործընկերների հետ բանակցությունների ակտիվ փուլ են անցնում»,- փոխվարչապետի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։
Ղազախական կողմի տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում երկրների միջեւ փոխադարձ առեւտուրն աճել է 3 անգամ եւ կազմել է ավելի քան 330 մլն դոլար։ Այս տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքներով այս միտումը շարունակում է աճել, արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է ավելի քան 3 անգամ եւ կազմել է 161,4 մլն դոլար։
Տեղեկատվական տվյալների համաձայն՝ աճել է ցորենի եւ բրնձի արտահանումը, ավելացել են երկաթուղային լոկոմոտիվների եւ հարթ վարձակալության մատակարարումները։ Բացի այդ, Ղազախստանը սկսել է Ադրբեջան մատակարարել երկաթի ջարդոն, ռելսեր եւ հանքային պարարտանյութեր: Աճում է նաեւ ադրբեջանական արտադրանքի ներմուծումը, Ղազախստանը սկսել է գնել լողացող օբյեկտներ, խողովակներ, պոմպեր։
Ադրբեջանցիները մեծ արագությամբ շարունակում են նոր ճանապարհի կառուցումը, որը ՀՀ-ն պետք է որ միացնի Արցախի հետ։ Հիմա թշնամու շինարարական խմբերը աշխատում են Բերդաձորի Մեծշեն գյուղի տարածքում, որտեղ քանդել են նաև ճանապարհի կողքի մի քանի տներ։ Այսօր ինձ զանգահարեց Մեծշենի բնակիչ, Արցախի երեք պատերազմների մասնակից, հաշմանդամ, մարտական խաչի ասպետ Վարուժան Նասիբյանը՝ նշելով, որ իր տունը ևս ուզում են քանդել, սակայն ինքը դեռևս կարողանում է դիմադրել, թույլ չտալ, հողին հավասարեցվի իր սեփականությունը։ Վարուժանն ասում է՝ եթե կա գերակա շահ, և ամեն դեպքում Մեծշենով պիտի կառուցվի ճանապարհը, ապա ինքը պահանջում է իր տան փոխարեն նույն գյուղում՝ մոտակա թույլատրելի տարածքում կառուցել նոր տուն, սակայն պատասխանատու մարմինները որևէ հստակ պատասխան չեն տալիս, չեն երաշխավորում, որ Վարուժանը չի դառնա ևս մեկ տեղահանված՝ այս անգամ ոչ թե թշնամու, այլ հայրենակիցների ձեռքով։ Մեծշենում քանդման ենթակա է ճանապարհի կողքի 5 տուն, որոնք 500-ամյա եկեղեցու հարևանությամբ են։ Ադրբեջանցիները ի սկզբանե ցանկացել են եկեղեցին քանդել և լայնացնել ճանապարհը, սակայն տեղացիների պայքարի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել կառույցը։ Փոխարենը հարվածի տակ են ընկել բնակելի տները։ Քանդվել են 4 տները, Վարուժան Նասիբյանի դիմադրության արդյունքում դեռևս կանգուն է միայն նրա տունը։ Վարուժանը հենց Մեծշենում տուն է ուզում իր քանդվող տան փոխարեն։ Հայկական կողմը շտապում է օր առաջ քանդել տները և հարմար պայմաններ ստեղծել նոր ճանապարհի կառուցման համար։ Հստակ երևում է, որ կան ժամկետներ՝ պայմանավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կրկին սովորական մարդկանց հաշվին։
Երբ մտածում ես, որ Հայաստանում արդեն հանդիպել ես ամեն տեսակ տարօրինակության, քեզ զարմացնում են բոլորովին նոր դեպքով։ Զգուշացնենք, որ խնդիրը ներքին քաղաքականության հետ կապ չունի։ Այն կապված է ոչ հմուտ, անհոգ, երբեմն էլ կոռումպացված պաշտոնյաների հետ, որոնց անընդունելի վարքագիծը Հայաստանում շարունակվում է ավելի քան 30 տարի:
Անցյալ շաբաթ էլեկտրոնային նամակ ստացա Հայաստանից մտավորական և ակտիվիստ Գևորգ Յազիչյանից: Նա վերջերս զգացած իր հիասթափությունն ու զայրույթն էր արտահայտել մի առարկելի դեպքի առնչությամբ։ Գևորգն էլեկտրոնային նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին։ Նա իր էլեկտրոնային նամակի պատճեններն ուղարկել է նաև Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող հարյուրավոր հայերի՝ ահազանգելու և նրանց միջամտությունը հայցելու համար:
Խնդիրը ծագեց հունիսի 27-ին, երբ Գևորգը քրոջ և նրա ամուսնու հետ գնաց Պետական եկամուտների կոմիտեի գրասենյակ՝ ստանալու ԱՄՆ-ից Վահագն Կուպելյանի ուղարկած հայերեն գրքերը․ նա առաքել էր իր մոր՝ Սիրան Սեզայի (1903-1973) երկու վեպերից 78 օրինակ։ Կուպելյանը Գևորգին խնդրել էր գրքերը նվիրաբերել Հայաստանի և Արցախի գրադարաններին։ Երբ պետական պաշտոնյա Սահակյանը տեսավ երկու գրքերի բազմաթիվ օրինակներ, կասկածեց, որ Գևորգը պատրաստվում է դրանք վաճառել։ Սահակյանը գրություն ուղարկեց Երևանի օդանավակայանի մաքսավորներին՝ խնդրելով գնահատել այդ գրքերի արժեքը և Գևորգից գանձել համապատասխան ներմուծման տուրք։
Մաքսատանը Գևորգը ցնցվեց, երբ հինգ ծառայողներն իրար հետ խորհրդակցելուց հետո նրան ասացին, որ երկու վեպերի պատճենները ուղարկելու են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)՝ ստուգելու դրանց բովանդակությունը․․․ Գևորգը հետաքրքրվեց, թե արդյոք գրքերի գրաքննությունը ԱԱԾ-ի պարտականությունների մաս է կազմում: Նա մտահոգված էր, որ մինչ ԱԱԾ աշխատակիցները կավարտեն երկու վեպերի ընթերցումը, իրենից կարող են պահանջել մեծ գումար վճարել պահեստավորման համար։ Զզվելով «ժողովրդավարական երկրում» խոսքի ազատության այս խախտումից՝ Գևորգը մաքսավորներին ասաց, որ գրքերը թողնում է նրանց։
Այն բանից հետո, երբ Գևորգը մի քանի բողոքի նամակ ուղարկեց տարբեր պաշտոնյաների, հունիսի 30-ին նա անսպասելի հեռախոսազանգ ստացավ Սահակյանից, որը խնդրեց գալ իր մոտ, որպեսզի գրքերը տան իրեն: Հաջորդ օրը, երբ նա հասավ գրասենյակ, Սահակյանը տեղում չէր, բայց նրա ղեկավարը շատ սիրալիր ընդունեց Գևորգին, ասելով, որ այս դեպքի առնչությամբ բազմաթիվ բողոքներ է ստացել, որոնք նրան խայտառակել են աշխարհով մեկ։ Գլխավոր մաքսավորը նաև հայտնեց, որ իր գրասենյակը վեպերի մի քանի էջեր ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով շտապ նայել դրանք։ ԱԱԾ-ն իբր պատասխանել է, որ երկու վեպերում ազգային անվտանգության խնդիր չկա։ Առաջին գիրքը՝ «Խորտակված կյանքեր», լույս է տեսել 2015 թվականին, իսկ երկրորդը՝ «Գիրք Ծննդոց»՝ 2019 թվականին։
Նկատի ունենալով այս հիասթափեցնող փորձառությունը և հայ գրականության նկատմամբ իր լուրջ հետաքրքրությունը՝ Գևորգը հանդես է եկել նոր առաջարկով՝ խնդրելով կառավարությանը նպաստել արտասահմանում Հայաստանի դեսպանությունների և հյուպատոսությունների կողմից հայերեն գրքերի և պարբերականների տեղափոխմանը Հայաստան դիվանագիտական փոստի միջոցով:
Առկա է հայ պաշտոնյաների կոպիտ անփութության երկրորդ ավելի ցնցող օրինակը, որը լուրջ բժշկական և դիվանագիտական հետևանքներ ունեցավ։
2020 թվականի Արցախյան պատերազմից հետո՝ 2020 թ․ դեկտեմբերի 12-ին և 2021 թ․ հունվարի 9-ին, Հունաստանի Հայ օգնության միությունը (ՀՕՄ) շտապ հավաքեց անհրաժեշտ մարդասիրական օգնություն, որը հունական երկու ռազմական ինքնաթիռներով հասցվեց Հայաստան։ Բեռի մի փոքր մասը բաց թողնվեց ժամանելուց անմիջապես հետո և բաշխվեց ՀՕՄ-ի կողմից։ Սակայն, ավելի քան մեկ տարի անց պարզվեց, որ օգնության հիմնական մասը դեռ գտնվում է Երևանի օդանավակայանի մաքսային պահեստում։ Մի քանի բողոք-նամակներից հետո, որոնք մնացել էին անպատասխան, Հունաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանը 2022թ․ հունիսի 28-ին արձագանքեց մտահոգիչ լուրով․ մինչ ՀՕՄ-ի մարդասիրական օգնությունը վերջապես մաքսազերծվեց մաքսատնից, բեռի մի մասը ստիպված պետք է ոչնչացվեր՝ «ապրանքների [դեղերի] ժամկետը լրանալու պատճառով»։
Դեսպան Մկրտչյանը պատասխանում էր հունահայ համայնքի՝ 2020 թ․ դեկտեմբերի 14-ին և 2022 թ․ փետրվարի 7-ին վարչապետ Փաշինյանին և այլ պաշտոնյաներին ուղղված նամակներին։
Շտապ ուղարկված դեղամիջոցները պետք է փրկեին 2020 թվականի պատերազմի ժամանակ վիրավորված հայ զինվորների կյանքը։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս դեղամիջոցներից զրկված զինվորների կյանքի կորստի համար։ Ավելին, արդյոք Հայաստանի կառավարությունը ուղարկե՞լ է ներողություն հայցող նամակ Հունաստանի կառավարությանը՝ Հայաստան շտապ ուղարկված դեղամիջոցների բաց թողնման երկարատև ձգձգման և մի մասի ոչնչացման համար։ Հաջորդ անգամ Հունաստանը կարող է այդքան էլ պատրաստակամ չլինել, երբ Հայաստանում շտապ բուժօգնության կարիք լինի։ Բեռի մաքսազերծման հարցում Հայաստանի կողմից բացարձակ անփութությունից զատ, ՀՕՄ-ը նույնիսկ 18 ամիս անց չէր ստացել իր երկու նամակների պատասխանները․․․
Սա կոպիտ անփութության վառ օրինակ է։ Ցավոք, այս խայտառակ պահվածքի համար ոչ մի հայ պաշտոնյա պատասխանատվության չենթարկվեց և չհեռացվեց աշխատանքից․․․
Ոչ մի բարի գործ Հայաստանում անպատիժ չի մնում…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
civilnet.am պարբերականը հետազոտական հրապարակմամբ է հանդես եկել՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, նրա ընտանիքի անդամների ու մերձավորների բիզնես նախասիրությունների ու ձեռք բերած գույքերի վերաբերյալ, որոնք իրապես հետաքրքիր տվյալներ են պարունակում։
2021-ի ապրիլի 29-ին Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց օրենքների նախագծեր, որոնցով թույլատրվում էր աարդյունաբերական կանեփի մշակումը, արտահանումը, ներմուծումը և այլն։ Հարցը զեկուցում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի գրասենյակը և մշակել էր համապատասխան օրենսդրական փոփոխությունները։ Կառավարության այս որոշման ընդունումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի բնակիչ Ստեփան Մարգարյանը երեք այլ անձանց հետ հիմնադրում է «Գրոուար» ՓԲԸ-ն, որը զբաղվում է արդյունաբերական կանեփի աճեցմամբ։ Ստեփան Մարգարյանը Տիգրան Ավինյանի ընկերն է, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինը։ Մարգարյանը այս ընկերության բաժնետեր է երեք այլ անձանց հետ, իսկ Ավինյանի աշխատակազմի տարբեր անդամներ, որոնք նախագծում էին արդյունաբերական կանեփի արտադրության հիմքերը, այժմ ներգրավված են «Գրոուար»-ի կառավարման գործերում։ Ընկերությունը խաչվում է նաև արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի որդու բիզնեսներից մեկի հետ։
Կառավարության՝ արտադրական կանեփի թույլատրման որոշումից անմիջապես հետո հիմնադրված «Գրոուար»-ի կանոնադրական կապիտալը ավելի քան 100 մլն դրամ է։ Բաժնետոմսերի 45 տոկոսը նախկին փոխվարչապետի մտերիմ Ստեփան Մարգարյանինն է, 22,5 տոկոսը՝ Սուրեն Թորոսյանինը, նույնքանը՝ Էդուարդ Մելիքյանինը, իսկ ընկերության 10 տոկոսի փայատերը Տիգրան Քրմոյանն է։ Տիգրան Քրմոյանը բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի օգնականն է եղել 2003-2006 թվականներին։ Ըստ «Հետք»-ի հրապարակման՝ Քրմոյանը Վարդան Այվազյանի «հանքային և ոչ հանքային, ներառյալ անշարժ գույքի բիզնեսներն է ղեկավարել»։ Այվազյանի ընտանիքին պատկանող մի ընկերություն նույնիսկ գրանցված է եղել Քրմոյանի բնակության հասցեում։ Քրմոյանը, ըստ «Հետք»-ի, նախարարի օգնական լինելու տարիներին կարողացել էր բնապահպանության նախարարությունից ստանալ երկրաբանական աշխատանքներ իրականացնելու տարբեր լիցենզիաներ։
Էդուարդ Մելիքյանը հայտնի է «Գլենդել հիլզ»-ից, եղել է կառուցապատման ոլորտի սնանկացած խոշոր ընկերության տնօրենը։ «Գլենդել հիլզ»-ը տարիներ առաջ ներգրավված էր այնպիսի ծրագրերում, ինչպիսիք Գյումրիում երկարաշարժի հետևանքով բնակարանաշինական «Մուշ 2» և «Անի» թաղամասերն էին։ Բացի այդ, ընկերությունը պիտի անհատական բնակելի տներ կառուցեր Շիրակի ու Լոռու մարզերում։ Միայն այս նպատակի համար կառավարությունը «Գլենդել հիլզ»-ին 2 մլրդ դրամի բյուջետային երաշխիք էր տրամադրել, իսկ ծրագրի արժեքը գնահատվել էր մոտ 34 մլրդ դրամ։ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանաշինության ծրագրերի հետ կապված ներկայում Քննչական կոմիտեում քննվում է քրեական գործ՝ չարաշահումների հատկանիշներով։ «Գլենդել հիլզ»-ի հետ կապված քննվում է նաև մեկ այլ քրեական գործ՝ ընկերության կանխամտածված սնանկության դեպքի առթիվ։
Էդուարդ Մելիքյանը ընդգրկված է նաև Երևանի կենտրոնի կառուցապատման երկու խոշոր ծրագրերում։ Մեկը «Հին Երևան»-ն է, որտեղ ընկերությունը հողեր ունի Արամի-Բուզանդ-Կողբացի փողոցների պարփակված տարածքներում։ «Գլենդել հիլզ»-ի նախկին տնօրեն էդուարդ Մելիքյանը նաև Երևանի 33-րդ թաղամասի՝ «Ֆիրդուսի» տարածքների ձեռքբերող ընկերության՝ «Դիանար»-ի տնօրենն ու բաժնետերն է։ «Դիանար»-ը տարածքները ստացել է պետությունից, բաժանել լոտերի և վաճառում է։ 2021-ին «Դիանար»-ը դարձել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) անդամ և, ինչպես նշվում է ընկերության նկարագրությունում, «զարգացրել է ավելի քան 5,5 հեկտար տարածք Երևանի կենտրոնում»։ 33-րդ թաղամասի կառուցապատումը համակարգում էր փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը, որը շրջայցեր էր կատարում, խորհրդակցություններ անցկացնում և այլն։
2021-ի օգոստոսին «Գրոուար»-ի տնօրեն ու բաժնետեր Տիգրան Քրմոյանը Մասիս քաղաքի Էջմիածնի խճուղում գտնվող մի տարածքի վարձակալության պայմանագիր է կնքում Մասիսի բնակիչ Գուրգեն Մադոյանի հետ։ Վերջինս արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի քրոջ որդին է։ Քրմոյանը վարձակալում է 8 110 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամասը, դրա վրա կառուցված արտադրամասը, վարչական շենքը, պահեստը, պահակակետը։ Այս ամենը «Գրոուար»-ը վարձակալում է ամսական 150 000 դրամով։ Գուրգեն Մադոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսելով վարձավճարի չափի մասին՝ պատասխանեց, թե «երևի մենք [ՍիվիլՆեթը] սխալվում ենք, բայց ինչ-որ բան համընկնում է», հետո առաջարկեց իրեն ուղարկել վարձակալության պայմանագիրը, որ ուսումնասիրի։
Անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը «Գրոուար»-ին տրամադրում է նախագծման թույլտվություն, իսկ մեկ օր անց՝ շինթույլտվություն։ Ընկերությունն այս տարածքում արդեն կառուցել է ջերմոց, պարիսպ, օժանդակ մի շինություն և սկսել կանեփի մշակումը։
«Գրոուար»-ի բաժնետերերից Ստեփան Մարգարյանը պատասխանելով մեր հարցին, թե ինչ հանգամանքներում է սկսել բիզնես գործունեություն Էդուարդ Մելիքյանի և Տիգրան Քրմոյանի հետ, ասաց, որ երբ կառավարության ու խորհրդարանի կողմից ստեղծվեցին համապատասխան օրենսդրական հիմքերը, դիմել են առողջապահության նախարարություն ու ստացել լիցենզիա. «Լավ բիզնես պլան ենք մշակել՝ հաշվի առնելով դրսի փորձը, մեր բնակլիմայական պայմանները։ Բայց առայժմ պիլոտային է այս բիզնեսը, եթե հաջող լինի՝ կգնանք վարկավորման ու մեծ ծավալների։ Այս պահին բերքին ենք սպասում, տարբեր ընկերությունների հետ բանակցում ենք, բայց մինչև որակյալ ապրանք չստանանք, չենք կարող հետագայի մասին խոսել»։
Հարցին, թե ինչպես է դարձել բիզնես գործընկեր Էդուարդ Մելիքյանի և Տիգրան Քրմոյանի հետ՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ Մելիքյանին ու Քրմոյանին ճանաչում է արդեն ավելի քան տասը տարի: Ինչ վերաբերում է վարձակալության ցածր գնին, ապա դա, ըստ Մարգարյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ տարածքն ի սկզբանե եղել է խիստ անբարեկարգ։
Նախկին փոխվարչապետ Ավինյանի գրասենյակում ընգրկված երկու անձինք արդեն հասցրել են դառնալ «Գրոուար»-ի տնօրեններ։ Ընկերության հիմնադրումից հետո տնօրենը Տիգրան Քրմոյանն էր։ Նա ընկերությունը ղեկավարել է մինչ այս տարվա փետրվարը։ Փետրվարին տնօրեն է դառնում Սուրեն Գալստյանը, որը 2019-ի հունիսից մինչ 2020-ի փետրվարի վերջը եղել է Տիգրան Ավինյանի օգնականը, իսկ այդ պաշտոնից ազատվելուց հետո՝ նշանակվել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ Այս պաշտոնից Գալստյանն ազատվեց 2021-ի հոկտեմբերին։
Որպես կանեփի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն՝ Սուրեն Գալստյանը աշխատել է երեք ամսից էլ պակաս։ Հետո Գալստյանին փոխարինում է Ավինյանի աշխատակազմի մեկ այլ ներկայացուցիչ՝ նրա խորհրդական, իրավաբան Սոնա Թևանյանը, որը Ավինյանի խորհրդականն էր 2019-ի հունիսից մինչ 2021-ի օգոստոսը։ «Գրուար»-ում Թևանյանը տնօրեն է այս տարվա մայիսի 5-ից։ Փաստացի, նա եղել է փոխվարչապետի աշխատակազմում այն ընթացքում, երբ մշակվում էին արդյունաբերական կանեփի օգտագործման թույլտվության օրենսդրական հիմքերը, իսկ արդեն պաշտոնանկությունից հետո եղել է կանեփի արտադրութամբ զբաղվող ընկերության տնօրեն։ ՍիվիլՆեթը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ խնդրելով հայտնել, թե որպես փոխվարչապետի խորհրդական Թևանյանը ինչ հանձնարարականներ է ստացել արդյունաբերական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման, լիցենզավորման իրավական գործընթացի շրջանակում, ինչ գործողություններ է կատարել այս թեմայի շրջանակում։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից ներկայացրել են փոխվարչապետի խորհրդականի գործառույթներն ու տեղեկացրել՝ արտադրական կանեփի արտադրության ներդրման շրջանակում Սոնա Թևանյանի գործողությունների, բանավոր ու գրավոր հանձնարարականների մասին տեղեկություն տրամադրելն անհնար է, քանի որ Մաթևոսյանի գրասենյակում նշված տվյալներով աշխատակից չկա։
«Գրոուար»-ի բաժնետեր Ստեփան Մարգարյանը Սոնա Թևանյանի՝ «Գրոուար»-ում տնօրեն դառնալու հարցում շահերի բախում կամ նման ռիսկ չի տեսնում։ «Սոնա Թևանյանը աշխատել է բազում օրինագծերի վրա, եղել է իրավաբան։ Երբ աշխատանքից դուրս է եկել, անցել է աշխատանքի «Գրոուար»-ում։ Դաշտն ամբողջությամբ բաց է, լիցենզիաները անսահմանափակ են»,- ասաց Մարգարյանը։ Նա վստահեցրեց՝ Տիգրան Ավինյանի գործոնը բիզնես սկսելու, այն հիմնելու և հետագա գործընթացների վրա չի ազդել։
«Գրոուար»-ը խաչվում է գեներալ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի ընտանիքի հետ։ Հասցեում, որտեղ գրանցված է ու գործունեություն է իրականացնում «Գրոուար»-ը, գրանցված է մեկ այլ ընկերություն՝ «Վուդկռաֆտ»-ը, որը պատկանել է Ցոլակյանի որդուն՝ Վարդան Ցոլակյանին, իսկ «Գրոուար»-ին տարածքը վարձակալությամբ հանձնել է Գուրգեն Մադոյանը՝ Ֆելիքս Ցոլակյանի քրոջ որդին։ Բացի այս, առկա է մի գործարք Ցոլակյանի որդու ընկերության և փոխվարչապետ Ավինյանի մոր միջև։
Երևանի կենտրոնում՝ Պարոնյան 44 հասցեում՝ «Դվին» հյուրանոցի հարևանությամբ, 2019-ից կառուցվում է բնակելի համալիր։ Կառուցապատողը նույն տարվա ընթացքում հիմնադրված «Էյ բի սի դիվելոպմենթ» ընկերությունն է, որի 70 տոկոսը պատկանում է Վարդան Ցոլակյանին՝ Ֆելիքս Ցոլակյանի որդուն։ «Էյ բի սի դիվելոպմենթ»-ը այս տարածքը ձեռք է բերել 2019-ին, վերևում հիշատակված Էդուարդ Մելիքյանի ընկերությունից՝ «Ի էմ սի» ՓԲԸ-ից։ Տարածքի ընդհանուր մակերեսը ավելի քան 3 100 քմ է։ Գործարքի գինը կազմել է 1,454 մլրդ դրամ։
Դրանից հետո ընկերությունը սկսել է կառուցապատումն ու բնակարանների վաճառքը։ Մեր այցելության պահին շենքը կառուցող շինարարներից մեկը պատմեց, որ նախատեսում են շահագործման հանձնել երեք ամիս անց։ Այժմ շինարարությունը շարունակվում է, կառուցապատողը որոշել է մեծացնել ավտոկայանատեղիների թիվը։ 2021-ի հունիսին «Էյ բի սի դիվելոպմենթ»-ի կողմից կառուցվող շենքում բնակարան ու ավտոկայանատեղի է ձեռք բերում Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը։ 131 քմ մակերեսով բնակարանը Խլղաթյանը գնել է 58,4 մլն դրամով, իսկ կայանատեղին՝ 7,5 մլն-ով։
ՍիվիլՆեթն իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի միջոցով համեմատել է բնակելի համալիրում 131 և 132 քմ մակերեսով բնակարանների առքուվաճառքի պայմանագրերի գները։ Ընդհանուր առմամբ, Ցոլակյանի որդու ընկերությունը այս մակերեսով բնակարանները վաճառել է մոտ 70-80 մլն դրամի միջակայքում, սակայն մի քանի բնակարանների դեպքում վաճառքի գինը շեղվել է այս միջակայքից։ Բնակարաններից մեկը, որ այս գնից ցածր գնով է վաճառվել, նախկին փոխվարչապետի մորն է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
168.am-գրում է.
Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է կամ գոնե չի բացառում հնարավոր նոր պատերազմի սպառնալիքը, ռուսական լրատվամիջոցները գրում են, թե Հայաստանի տարածքով ինչպես է անցնելու Նախիջևանն Ադրբեջանին կապող ցամաքային ճանապարհը։
Այսպիսով՝ ըստ տարբեր հրապարակումների, հայկական կողմից ճանապարհը ձգվելու է Արաքսի երկայնքով, օգտագործելու են խորհրդային այն հին ճանապարհները, որոնք մինչև 1992 թվականը Նախիջևանը կապում էին Կովսականի՝ Զանգելանի հետ, Հայաստանի տարածքով:
168.am-ը 1990-1998 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանից հետաքրքրվեց, թե այդ հրապարակումների համաձայն, եթե այդպես գործի ճանապարհը, այն հայկական ի՞նչ տարածքներ է ընդգրկելու։
«Խորհրդարային Միության տարիներից Երևանից դեպի Նախիջևան գնացող ճանապարհը Երասխով, Արաքսի ափով գնում էր դեպի Նախիջևան՝ Օրդուբադ, այնտեղից էլ անցնում էր Մեղրի, Մեղրիի երկայնքով էլ գնում էր դեպի Զանգելան և այլն։ Դա, կարելի է ասել՝ եղել է մեր տարածքում՝ Մեղրիից այն կողմ դեպի Զանգելան երրորդ կարգի ճանապարհ, բայց իրականում լավ ճանապարհ չէր։ Այն ժամանակ գործող ճանապարհը դա է եղել»,- նշեց Հենրիկ Քոչինյանը։
Եթե վերագործարկվելու է Խորհրդային Միության այդ ճանապարհը, ապա Հենրիկ Քոչինյանը մեկ հարց ունի ՀՀ իշխանություններին՝ Հայաստանն ի՞նչ պարտավորություն ունի Ադրբեջանի համար ճանապարհ կառուցելու։
«Հայաստանը պարտավորություն ունի՞ Ադրբեջանի կամ Նախիջևանի համար ճանապարհ կառուցելու, ո՛չ մի պարտավորություն էլ չունի։ Հայաստանում կան ճանապարհներ, եթե ադրբեջանցիներն ուզում են, այն հատվածներում, որտեղ անցումային, սահմանային կետ կա, թող այդ կետից մտնեն, մյուս կետից դուրս գան։ Հայաստանը շատ սխալ բան կանի, եթե դնի ու Ադրբեջանի համար ճանապարհ կառուցի»,- նշեց Հենրիկ Քոչինյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է հայկական կողմը, վկայակոչելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը, կատարում Ադրբեջանի բոլոր պահանջները, իսկ Ադրբեջանը հրաժարվում է իր ստանձնած պարտավորությունները կատարելուց, մասնավորապես՝ հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին, Հենրիկ Քոչինյանը պատասխանեց.
«Հարցը պետք է տալ երկրի ղեկավարին։ Ինքս բարեբախտաբար թե դժբախտաբար, այսօր ոչինչ չեմ հասկանում ու հարց լուծող չեմ»։
ԱՄՆ-ը կարող է կարեւոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, մարդկանց միջեւ շփումների հաստատման գործում այն ժամանակ, երբ Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ձեւավորվում կայուն խաղաղության հաստատման եւ տնտեսական առաջընթացի համար։ Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի շնորհավորական նամակում՝ ուղղված Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, հայտնում է АПА-ն։
«Մենք նաեւ կարծում ենք, որ ԱՄՆ-ը կարող է արժեքավոր ներդրում ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործընթացում՝ մեր ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա»,- ընդգծել է Ալիեւը։
Հայաստանի ներսում իշխանության վրա ճնշումը գլխավոր խնդիրն է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Anadolu-ն։Հուլիսի 1-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Կողմերը պայմանավորվել են նաև հնարավորինս շուտ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումներ իրականացնել։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով` Հայաստանում որոշ շրջանակներ «տարածաշրջանում խաղաղություն չեն ցանկանում»։ Մինչդեռ Անկարան կողմ է Երևանի հետ երկխոսությունը շարունակելուն և պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։«Ճնշումները թույլ չեն տալիս Երևանին համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության: Տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն»,- ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը:Նա կրկին առաջարկել է հարաբերությունների կարգավորման բանակցությունների հաջորդ փուլերն անցկացնել Անկարայում կամ Երևանում։«Երևանը դեռ պատրաստ չէ դրան, ապագայում հնարավոր են նմանատիպ հանդիպումներ»,- հավելել է Չավուշօղլուն։Նա նաև նշել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։«Թուրքիան բոլոր փուլերում խորհրդակցում և համակարգում է իր գործողությունները Ադրբեջանի հետ»,- ընդգծել է թուրք նախարարը։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր համայնքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 29 անձի:
Իրականացված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող 29-ամյա երիտասարդը, ընկերոջ և ՀՀ Արմավիրի մարզի 28-ամյա բնակչի միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով առաջացած խնդիրներով պայմանավորված, լարված հարաբերությունների մեջ է գտնվել վերջինիս հետ: Արտերկրում նշված հարցերի շուրջ կատարված պարզաբանման ընթացքում կողմերի միջև տեղի են ունեցել վիճաբանություններ, որից հետո՝ 2021թ. նոյեմբերի 4-ին, 29-ամյա երիտասարդը և ընկերը, նպատակադրվելով հրապարակայնորեն պատժել Արմավիրի բնակչին, վերադարձել են Հայաստանի Հանրապետություն:
Այդ նպատակով 29-ամյա երիտասարդը և նրա հորեղբայրը 2021թ. նոյեմբերի 19-ին հավաքել են իրենց կողմնակիցներին, վերջիններիս զինել մետաղյա և փայտե ձողերով, ատրճանակներով, որից հետո Արմավիրի բնակչին հրապարակայնորեն պատժելու շուրջ նախնական պայմանավորվածության համաձայն, խմբի անդամները պարզել են նրա կողմնակիցների քանակը և գտնվելու վայրը:
Այդ ընթացքում Արմավիրի 28-ամյա բնակիչը և 29-ամյա երիտասարդի կողմնակիցներից երկուսը հեռախոսային խոսակցություններ են ունեցել, սակայն որևէ հստակ պարզաբանումներ չեն կատարվել, որից հետո 28-ամյա երիտասարդը, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած երիտասարդին հրապարակայնորեն պատժելու նպատակով, իր կողմնակիցներին հավաքել է Արմավիր համայնքի Ջիվանու փողոցում գտնվող ընկերության գրասենյակում՝ ատրճանակներով, մահակներով և այլ առարկաներով զինված սպասելով հակառակ կողմին:
Քննությամբ պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը և հորեղբայրը, տեղեկանալով Արմավիրի բնակչի գտնվելու ստույգ վայրի մասին, իրենց կողմնակիցների հետ տարբեր ավտոմեքենաներով մոտեցել են վերոնշյալ գրասենյակին և երկու կողմից շրջապատել այն: Գրասենյակում գտնվող խմբի անդամները, նկատելով մոտեցող ավտոմեքենաները, նախահարձակ են եղել, իսկ վերջիններս էլ հարձակվել են նրանց վրա: Միջադեպի ընթացքում օգտագործվել են մետաղական ձողեր, մահակներ և այլ առարկաներ:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 29-ամյա երիտասարդի մտերիմներից երկուսն իրենց մոտ պահվող ատրճանակներից կրակոցներ են արձակել 28-ամյա երիտասարդի և նրա կողմնակիցների ուղղությամբ՝ սպառնալով բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ, իսկ 28-ամյա երիտասարդի կողմնակիցներից մեկն էլ, բռնություն գործադրելու սպառնալիքով, իր մոտ պահվող զենքով կրակոցներ է արձակել հակառակ կողմի անդամների ուղղությամբ:
Խուլիգանության ընթացքում Արմավիրի բնակիչը, 29-ամյա երիտասարդի ընկերոջն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության և ծանր մարմնական վնաս:
Բացի այդ, Արմավիրի բնակիչը նույն ատրճանակից կրակոցներ է արձակել 29-ամյա երիտասարդի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:
Վերը նշված երկու խմբավորումների անդամները, իրենց անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, շուրջ 5 րոպե խաթարել են Արմավիր համայնքի Ջիվանու փողոցի երթևեկությունը. տևականորեն և բարձրաձայն հնչեցրել հայհոյանքներ, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել, հրազեններից և այլ զենքերից փոխադարձ կրակոցներ արձակել միմյանց ուղղությամբ, մահակների և այլ առարկաների գործադրմամբ հասցրել են փոխադարձ հարվածներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4 մասով: Միջադեպի մասնակիցներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ 26-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել: Այս մասին տեղեկանում ենք Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի գրառումից:
Նա,մասնավորապես,գրել է.
«Այսօր մի հանդիպում ու մի բարի լուր ջերմացրին հոգիս…
44-օրյա պատերազմի ժամանակ մի օր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի դիմացի մայթին՝ «Պարկ հոթել»-ի առաջ հանդիպեցի լուսանկարիչ Հակոբ Պողոսյանին ու լրագրող Էդիկ Բաղդասարյանին։ Մտահոգ զրուցում էինք օրվա անցուդարձի շուրջ, երբ մեզ մոտեցավ նիհար, սև մորուքով ու սև-մուգ շորերով մի ոչ տեղացի մարդ և ասաց, որ որդուն է փնտրում։ Ասաց, որ տղայի անուն-ազգանունը տեսել է զոհվածների պարբերաբար հրապարակվող ցուցակում, բայց չի կարողանում տեղը գտնել։ Հակոբն ու Էդիկը հարցուփորձ էին անում, հուշում, թե ում կարելի է դիմել և այլն։ Իսկ ես միայն մի բան ասացի։ Ասացի՝ մի վհատվեք, արդեն քանի դեպք եղել է, երբ չճշտված տեղեկություններ են եղել այդ ցուցակներում, որոնք հետո ճշտվել են։ Ծնողները երբեմն առաջին տեղեկությունը տեսնում էին, բայց ճշտող տեղեկությունը՝ ոչ։ Ասացի՝ այնպես որ, հույսներդ մի կորցրեք, Աստված մեծ է։ Պատերազմից հետո մեկ-մեկ մտովի աչքիս առաջ էր գալիս այդ մարդը, մտածում էի՝ տեսնես ի՞նչ եղավ հետո…
Ինչ որ է, այսօր փողոցում հանդիպեցի Հակոբին։ Խոսեցինք դեսից-դենից, այն օրերից։ Ու հարցրի, թե արդյո՞ք հիշում է այդ դրվագը։ Ասաց՝ հա, նիհար, սև մորուքով էն մարդը։ Ասում եմ՝ հա՛, հա՛, նույնի՛նքը։ Ասում է՝ որդուն ողջ է գտել։
Ահա այսպիսի բարի լուրով էլ սկսվեց օրս»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.