23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները համաձայնվել են կատարել Ադրբեջանի պահանջը՝ Արցախից դուրս բերել պարտադիր ժամկետային զինծառայողներին, Ադրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Մի քանի ամիս է ինչ Ադրբեջանն ակտիվ խոսում է Արցախում գործող «անօրինական զինված խմբավորումների» գոյության մասին՝ նկատի ունենալով պաշտպանության բանակին և զգուշացնում «հակաահաբեկչական գործողությունների» անհրաժեշտության մասին։
Մինչ Ադրբեջանը հիմք էր նախապատրաստում գործողությունների ծավալման համար, ՀՀ իշխանությունը երկրի ներսում համոզում էր, թե խաղաղությունն անխուսափելի է, իսկ հնարավոր սրացումների, մարտական գործողությունների մասին խոսացողներին իշխանական քարոզչամեքենան և քաղաքական մեծամասնությունը թիրախավորում էր։
Փաշինյանական ռեժիմը փակել է գոյատևելու և հայի գոյության բոլոր հնարավորությունները և երկիրը տանում է նոր արկածախնդրության ճանապարհով»,- գրել է Աբրահամյանը:
Քրիստիննե Գրիգորյանն օգոստոսի 2-ին փաստահավաք այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ։
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Վարդենիս, Կութ, Սոթք, Նորաբակ, Վերին և Ներքին Շորժա բնակավայրեր, ինչպես նաև Վերին Շորժայի սարատեղի։
Քրիստիննե Գրիգորյանի փաստահավաք այցը մեկնարկել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպմամբ։
Մարզպետը Պաշտպանին է ներկայացրել մարզի խնդիրները, առաջնահերթ կարգով՝ սահմաններին տիրող իրավիճակի, բնակավայրերի գազաֆիկացման, խմելու և ոռոգման ջրի հասանելիության, գյուղատնտեսական աշխատանքների համար առկա խոչընդոտների, մարզում իրականացվող շինարարական աշխատանքների, իրականացվող ու նախատեսված սուբվենցիոն ծրագրերի և այլ հարցերի վերաբերյալ:
Պաշտպանը նշել է, որ տեղյակ է մարզում առկա խնդիրներին, որոնք առավել են սրվել 2021թ. մայիսի 12-13-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումներից հետո: Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ ինտենսիվորեն կշարունակվեն ՄԻՊ աշխատակազմի փաստահավաք աշխատանքները. «Կլինենք համայնքներում, բնակիչներից կհավաքագրենք ու կծանոթանանք հիմնախնդիրներին, բնակչությանը հուզող հարցերին, նաև պատրաստ կլինենք համատեղ շարունակելու քննարկումներն՝ առկա խնդիրները լուծելու համար»։
Հաջորդիվ Պաշտպանն այցելել է Գեղարքունիքի ՄԻՊ մարզային ստորաբաժանման գրասենյակ, որտեղ ծանոթացել է գրասենյակի ընթացիկ աշխատանքներին, մարզային ստորաբաժանման կողմից ուսումնասիրության փուլում գտնվող դիմումների ընթացքին, ինչպես նաև քննարկվել են կատարվելիք աշխատանքները։
Այնուհետև, Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Վարդենիս համայնք, որտեղ հանդիպել են համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ: Տեղում քննարկվել են խոշորացված համայնքի մարտահրավերները, առաջնահերթությունները, համայնքի առջև ծառացած անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները:
Մարդու իրավունքների պաշտպանը Վարդենիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Վերին և Ներքին Շորժա բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ: Մարդիկ Պաշտպանին մտահոգություն են հայտնել հիմնականում անվտանգային հարցերի վերաբերյալ: Նշել են, որ ադրբեջանական անօրինական տեղակայումների պատճառով չեն կարողանում օգտագործել իրենց հողատարածքները, խոտհարքները, արոտավայրերը: Գործնականում ծայրաստիճան դժվարացել, իսկ որոշ դեպքերում անհնարին է դարձել իրենց համար սեփականության իրավունքի իրացումը։
Նորաբակ սահմանամերձ համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են նախևառաջ անվտանգության ապահովման հարցեր։
Բնակիչներն առաջնահերթ են համարել նաև խմելու և ոռոգման ջրի հասանելիության հարցը, ինչպես նաև նշել, որ խոտհարքների և արոտավայրերի կրճատման պատճառով գրեթե անհնար է դարձել անասնապահությամբ զբաղվելը, էականորեն պակասել է անասնագլխաքանակը: Բարձրացվել են նաև համայնքի վարելահողերից հենց համայնքի բնակիչների կողմից օգտվելու հետ կապված խնդիրներ։
Սահմանամերձ Կութում բնակիչները Պատպանին ներկայացրել են անվտանգային և սոցիալ-տնտեսական հարցերին վերաբերող նույնանման մտահոգություններ և խնդիրներ։ Կութի բնակիչները նշել են նաև առաջնային լուծում պահանջող խմելու և ոռոգման ջրի մատակարարման, միջհամայնքային տրանսպորտի հասանելիության, գյուղի ճանապարհի վերանորոգման և լուսավորության ապահովման հարցերը: Դեռևս լուծում չի ստացել անցյալ տարի ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տարածք անցած ու չվերադարձված Կութի բնակիչներին պատկանող ավելի քան 80 գլուխ խոշոր եղջերավոր անասունների փոխհատուցման հարցը։
Սոթքում մշտադիտարկման այցի ընթացքում բնակիչները Պաշտպանին մտահոգություն են հայտնել անվտանգային և զբաղվածության ապահովման խնդիրների վերաբերյալ: Բացի այդ, նշել են, որ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատատեղերի կրճատման պատճառով համայնքի բնակիչները հայտնվել են գործազուրկ մնալու վտանգի առջև: Բնակիչները հայտնել են, որ ադրբեջանական ներխուժումներից հետո բնակավայրում մարդկանց բնականոն կյանքը խաթարվել է, դժվարությամբ են կարողանում կենսական կարիքները հոգալ, ունեն խմելու և ոռոգման ջրի խնդիր, արոտավայրերի պակասի պատճառով չեն կարողանում անասնապահությամբ զբաղվել:
Փաստահավաք աշխատանքների արդյունքում արձանագրված խնդիրները, ինչպես նաև բնակիչների կողմից բարձրացված հարցերը քննարկվել են համայնքապետարանի ներկայացուցիչների հետ, ովքեր նշել են, որ մի շարք հարցեր արդեն իսկ լուծման ընթացքի մեջ են:
Պաշտպանի այցելած բոլոր համայնքներում բնակիչները պատմել են ադրբեջանական զինված ուժերի կողմից համայնքի բնակիչներին մշտական վախի մեջ պահելու և վնասարարությամբ զբաղվելու դեպքերի մասին, որոնք համակարգված ու միատեսակ ձեռագրով իրականացվող գործողություններ են։ Մասնավորապես՝ ադրբեջանական զինված ուժերը մեծ ծավալներով այրում են գյուղացիների հնձած խոտը, գողանում մեծ ու մանր եղջերավոր անասուններ, կրակում իրենց դիրքերին մոտ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ, ովքեր մշակում են սեփականությամբ իրենց պատկանող հողը, գիշերային ժամերին լուսարձակներով թիրախավորում բնակիչների տների պատուհանները, թռչող անօդաչու սարքեր կիրառում համայնքների օդային տարածքներում գիշեր թե ցերեկ։
Նկարագրված գործողությունները վկայում են, որ իրենց բնակավայրերում համայնքների կյանքն անհնարին դարձնելուն միտված ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր գործողությունները կրում են շարունակական, համակարգված ու մեկ կետից ղեկավարվող բնույթ։
Արձանագրված բոլոր խնդիրները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, լիազորությունների ամբողջ ծավալով միջոցներ են ձեռնարվելու խնդիրների լուծման ուղղությամբ:
Պաշտպանը համապատասխան գրություններ կհասցեագրի իրավասու գերատեսչություններին, ինչպես նաև միջազգային իրավասու կազմակերպությոուններին ու դերակատարներին կներակացնի խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունները։
«Հրապարակի» տեղեկություններով՝ Տավուշի սահմանին կուտակումներ են, ադրբեջանական ուժերը զորք ու տեխնիկա են կուտակել։ Կուտակումներ կան մարզի տարբեր հատվածներում, օրինակ Այգեպարի մոտ գտնվող նախկին օդանավակայանի հատվածում, որտեղ տևական ժամանակ է ակտիվ շինարարություն է ընթանում, բնակիչների պնդմամբ օդանավակայանի տարծքում՝ ռուսական ռազմաբազա է լինելու։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ տեսանելի են տասնյակ տանկեր, զորք։ Կապ հաստատելով Բերդի համայնքապետարան՝ փորձեցինք զրուցել համայնքապետի հետ։
Մեզ ասացին, որ կմիացնեն, սակայն միացրին համայնքապետարանի մեկ այլ ներկայացուցչի հետ, որը մեր դիտարկումներին ի պատասխան ասաց․ «Նախ ես պրն Մանուչարյանը չեմ։ Իսկ ձեր հարցերի մասով դիմեք Պաշտպանության նախարարությանը։ Այո, դիմեք ՊՆ-ին, զբաղված եմ»։
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն էլ խոսափելով հարցերի բանավոր պատասխանից՝ գրավոր հարցում պահանջեց։
Տեղեկացանք նաև, որ թեպետ բնակիչների շրջանում մեծ խուճապ չկա, սովոր են նման բաների, սակայն պատրաստվում են ցանկացած սցենարի, գիշերը գազալցակայաններում հերթեր են եղել։
Անցյալ շաբաթ Թուրքիայի կառավարությունը դիմեց վախեցնելու իր սովորական մարտավարությանը` ստիպելով ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյային ջնջել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր թվիթերյան գրառումը: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հուլիսի 27-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը թվիթերյան գրառում է հրապարակել չորս լուսանկարներով, որտեղ նա պատկերված է Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ տեղադրելիս։ Նա իր թվիթում գրել է. «Ծաղկեպսակ դրեցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Հատուկ շնորհակալություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և Հասմիկ Մարտիրոսյանին թանգարանում շրջայցի համար»։ Մարությանը այցելուին նվիրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքեր և ցույց տվել Ադրբեջանի կողմից սպանված հայերի հիշատակին նվիրված երեք խաչքարերը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի տեղադրած ծաղկեպսակը սպիտակ և կապույտ ծաղիկներով էր, զարդարված կապույտ ժապավենով, որի վրա գրված էր «Միավորված ազգեր»։ Իր գրառման մյուս լուսանկարներում երևում էր, թե ինչպես է նա մեկ րոպե լռությամբ հարգում զոհերի հիշատակը Հուշահամալիրի անմար կրակի մոտ, շրջում Հայոց ցեղասպանության թանգարանում և ստորագրում հուշամատյանում, որտեղ գրել է. «Ես շատ հուզված եմ այս թանգարան կատարած իմ այցելությունից: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար՝ Հայաստան իմ այցի շրջանակներում»։
Հայաստան կատարած եռօրյա այցի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը հանդիպել է Հայաստանի տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, արտգործնախարարության կին դիվանագետների հետ և ելույթ ունեցել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ավարտական արարողության ժամանակ։
Շահիդի այցից և գրառումից կարճ ժամանակ անց Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն տարածեց՝ դատապարտելով նրան Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար և պնդելով, որ նրա այցը «Հայաստան օգտագործվել է հայկական միակողմանի պահանջները բացահայտելու նպատակով, և հենց այդ համատեքստում է, որ նա այցելել է այսպես կոչված ցեղասպանության հուշահամալիր»։ Թուրքիայի արտգործնախարարությունը հավելել է. «Նրանից ակնկալվում էր, որ կգործեր արդար և անաչառ կերպով, ավելի զգույշ և պատասխանատու կլիներ այս առումով։
ՄԱԿ-ի լիազոր մարմինների անունից հանդես եկող ներկայացուցիչները պետք է կատարեն իրենց պարտականությունները ՄԱԿ-ի իրավական փաստաթղթերին և միջազգային իրավունքի նորմերին ու կանոններին համապատասխան, մասնավորապես՝ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի: Մենք դատապարտում և մերժում ենք քաղաքական շահարկումների միջոցով պատմական փաստերն ու միջազգային իրավունքը խեղաթյուրելու փորձերը։ Թուրքիան այն կարծիքին է, որ 1915 թվականի իրադարձությունների հետ կապված փաստերը պետք է դիտարկվեն լիարժեք, արդար և անկեղծ շրջանակներում»:
Շահիդը, որը նաև Մալդիվների Հանրապետության արտաքին գործերի նախարարն է, անմիջապես ջնջել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին իր գրառումը՝ ենթարկվելով թուրքական ճնշումներին։
Մինչ թուրքական կառավարությանը հաջողվել է իր կամքը պարտադրել ՄԱԿ-ի պաշտոնյային, ոչ մի հայ պաշտոնյա, որ հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ, հոգ չի արել հարցնել, թե ինչու է նա ջնջել իր գրառումը, առավել ևս քննադատել նրան:
Իհարկե, ոչինչ չի կարող արդարացնել ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հլուհնազանդ պահվածքը, որը ենթարկվել է բռնապետական վարչակարգի հրահանգին, հակառակ ՄԱԿ-ի սկզբունքներին, որոնք պահպանելու երդում էր տվել։ Երկու աղբյուրներ հաստատել են թուրքական կառավարության որոշ գործողությունները. Passblue.com կայքը բացահայտել է, որ Թուրքիան չեղյալ է համարել Շահիդի՝ Անկարա այցելության իր հրավերը: Թուրքական Superhaber.tv-ն այնուհետև բացահայտել է, որ Թուրքիան հետ է կանչել Շահիդի հրավերը՝ մասնակցելու օգոստոսի 8-12-ը Անկարայում կայանալիք դեսպանների համաժողովին։ Թուրքիան հավանաբար կիրառել է այլ կուլիսային միջոցներ Շահիդին ճնշելու համար:
Շատ վիրավորական է, որ Շահիդը, համաձայնելով ջնջել իր թվիթը, անարգել է Հայոց ցեղասպանությունը, որը հաստատվել է հենց ՄԱԿ-ի կողմից: 1985 թվականի օգոստոսի 29-ին ՄԱԿ-ի «Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը» 15 կողմ, 1 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ցեղասպանության մասին զեկույց։ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի վերաբերյալ վերանայված և թարմացված զեկույցը» պատրաստել է բրիտանացի հատուկ զեկուցող Բենջամին Ուիթաքերը։ Այդ զեկույցի 24-րդ կետում ասվում է. «Նացիստական շեղումը ցավոք, ցեղասպանության միակ դեպքը չէր 20-րդ դարում: Ի թիվս այլ օրինակների, որոնք կարող են այդպես որակվել՝ 1904 թվականին գերմանական կոտորածը հերերոներին, [և] Օսմանյան կայսրության հայերի ջարդերը 1915-1916 թվականներին…»:
Զեկույցը ներառում էր նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդարձակ մատենագրություն: Այդ զեկույցի ավելի վաղ տարբերակը, որը պատրաստել էր Ռուանդայից ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիկոդեմ Ռուհաշյանկիկոն, իր 30-րդ պարբերությունում ներառել էր հիշատակում Հայոց ցեղասպանության մասին, որը հետագայում ջնջվեց ՄԱԿ-ի կողմից՝ Թուրքական կառավարության չափազանց մեծ ճնշումներից հետո: Այս փաստերի մասին գիտեմ առաջին ձեռքից, քանի որ 1978-1985 թվականներին ես եղել եմ ՄԱԿ-ում (Ժնև)՝ որպես մարդու իրավունքների հարցերով ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ՝ հակազդելով Հայոց ցեղասպանության հիշատակումը ջնջելու թուրքական բազմիցս փորձերին:
Հայաստանի իշխանությունը կարող է տեղյակ չլինել այս փաստերին։ Առաջարկում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը խիստ ոճով գրված բողոք ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին՝ վերականգնելու ջնջված թվիթերյան գրառումը և ներողություն խնդրելու հայ ժողովրդից:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Yerevan.Today-ը գրում է․
Երեկ՝ օգոստոսի 1-ի երեկոյան, Արցախի ՊԲ-ն հայտարարություն տարածեց,թե․ «Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան»:
Նախ, լուրերը, որ Արցախի սահմաններին լարվածություն է, փոխհրաձգություն է, հայտնվեցին երեկոյան ուշ՝ 9-ի կողմերը, և այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու են այդ մասին պաշտոնապես տեղեկացնում իրադարձությունների մեկնարկից միայն 12 ժամ անց։
Ավելի ուշ դարձյալ հաղորդագրություն տարածվեց, թե իրավիճակը շարունակում է գտնվել Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ ու հերքեցին ոչ պաշտոնական լուրերը․ «Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ՊԲ զինվորական անձնակազմը շարունակում է պաշտպանել իրեն վստահված բնագիծը»։
Հորդորեցին զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց՝ խուսափելով, սակայն, ամբողջովին ներկայացնել իրավիճակը։
Ապա մեկ այլ հաղորդագրություն տարածեցին՝ հերքելով Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե Արցախի որոշ հատվածներում թեժ մարտեր են։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքում գրեց․«Անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո․ միայն խնդրում եմ հետևել բացարձակապես պաշտոնական լրահոսին և սադրանքների չտրվել»։
Արցախի Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ պատրաստեց, որում ասվում էր, որ շրջանառվող լուրերը, թե հակառակորդը հարձակվել է Վանք գյուղի ուղղությամբ, և Գանձասար վանական համալիրի համար թեժ մարտեր են ընթանում, չեն համապատասխանում իրականությանը։
Ավելի ուշ Արցախի ՊՆ-ն հաստատեց մեկ վիրավորի մասին՝ ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Ասվեց, որ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։
Փաստացի՝ ամեն ինչի մասին հայտարարեցին, բացի նրանից, թե իրականում ինչ է կատարվել։ Մեր տեղեկություններով, կատարվել է հետևյալը․ Չարեքտար –Կըրխկըզ (Աստղաշեն — Դաշբուլաղ գյուղի դիմաց) բնագծում սահմանի վրա ադրբեջանցիները դիրքեր են տեղադրել։ Իսկ Չարեկտարի հատվածում (Վաղուհաս — Վանք «Գանձասար» գյուղերի դիմաց) նաև ականանետային կրակ են վարել։
Երբ հայկական կողմը նշում է, թե թշնամին կատարել է շփման գիծը հատելու փորձեր, վստահորեն հետ է շպրտվել, ի՞նչ նկատի ունի, եթե ըստ մեր տեղեկության, թշնամին նոր դիրքեր է դրել։ Այո, գյուղ չեն գրավել, մենք մեր դիրքերից չենք նահանջել, սակայն թշնամու դիրքը արդեն մեր քթի տակ է։
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Yerevan.Today-ին հերքեց տեղեկությունը, թե Չարեքտար –Կըրխկըզ (Աստղաշեն — Դաշբուլաղ գյուղի դիմաց) բնագծում սահմանի վրա ադրբեջանցիները դիրքեր են տեղադրել։ Սակայն մեր աղբյուրները լրիվ հակառակն են պնդում։
Փաստացի՝ այսօր ևս, դասեր չքաղելով ողբերգությունից, պաշտոնական լրահոսը որդեգրել է 44-օրյայի կիսատ պռատ, կասկածելի տեղեկատվության տրամադրման գործելաոճը, որը, բնականաբար, բերում է չճշտված և խեղաթյուրված լուրերի տարածմանը։ Հերթական անգամ կոչ ենք անում Արցախի ու Հայաստանի պաշտպանության նախարարություններին, պաշտոնական լրահոսին հետևելու կոչ անելուց բացի ճշգրիտ ինֆորմացիա փոխանցել հանրությանը, լրատվամիջոցներին։ Մի մոռացեք, որ խուճապ են առաջացնում ոչ թե մամուլի՝ իր տեղեկություններով փոխանցած լուրերը, այլ ձեր կողմից տեղեկությունների տրամադրման բացակայությունը կամ կրակոցների ֆոնին «իրավիճակը վերահսկվում է» ոչինչ չասող արտահայտությունը։
Եթե կառուցված լիներ Ռաշթ-Ասթարա երկաթուղին, Հնդկաստանից բեռները կարող էին Կասպից ծովի հարավ-արևմուտքով՝ Իրանի ու Ադրբեջանի երկաթուղային ցանցով հասնել Ռուսաստան ու Եվրոպա։ Հայաստանի հարևան երկու երկրները չեն կարողանում վերջնականապես իրար կապել իրենց երկաթգծերը՝ չնայած մշտական մտադրություններին։
Ղազվին – Ռաշթ – Ասթարա (Իրան) – Ասթարա (Ադրբեջան) շուրջ 350 կմ երկաթուղին Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մաս է։ 2018 թվականի մարտին շահագործման է հանձնվել իրանական ու ադրբեջանական համանուն՝ Ասթարա քաղաքները կապող գիծը, իսկ 2019 թվականի մարտին տեղի ունեցավ Ղազվին – Ռաշթ երկաթուղու բացման պաշտոնական արարողությունը։ Սակայն այս երկաթուղային հանգույցի զգալի հատվածը՝ Ռաշթ – Ասթարան, մինչև օրս չի կառուցվել։
Երկաթուղին նախատեսվում էր կառուցել իրանա-ադրբեջանական համատեղ ֆինանսավորմամբ, սակայն Ադրբեջանը նախագիծը չի ֆինանասավորում, և Իրանը փորձում է երկաթուղին կառուցելու համար ռուսական ներդրումներ գրավել։
Ադրբեջանով անցնող Հյուսիս-Հարավը
Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը կոչված է Հնդկաստանը միացնել Ռուսաստանին և Հյուսիսային Եվրոպային, նեղ իմաստով՝ այն նաև Իրանը ՌԴ-ին կապող երթուղի է։ Համապատասխան համաձայնությունը ստորագրել են Հնդկաստանը, Իրանը և Ռուսաստանը դեռ 2000 թվականին։ Նախատեսվում է, որ այն պետք է այլընտրանք ծառայի Սուեզի ջրանցքին, և բեռները 40-60 օրվա փոխարեն նշանակետ պետք է հասնեն 20-25 օրում։
Ըստ ծրագրի՝ բեռները Հնդկաստանից նավերով գալու են իրանական Բանդար Աբբաս նավահանգիստ, որտեղից երկաթուղու միջոցով տարվելու են Իրանի հյուսիս (քարտեզում՝ նարնջագույն գիծը)։ Այնտեղից երթուղին ճյուղավորվում է․
1. Կասպից ծովով՝ լաստանավերով Ռուսաստան, ապա Եվրոպա (քարտեզում՝ կապույտ),
2. Իրան – Թուրքմենստան – Ղազախստան` երկաթուղով Ռուսաստան, ապա Եվրոպա (քարտեզում՝ մանուշակագույն),
3. Իրան – Ադրբեջան` երկաթուղով Ռուսաստան ու Եվրոպա (քարտեզում՝ կարմիր)։
Երթուղիներից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները, սակայն ի սկզբանե առաջնային է դիտարկվել առաջին՝ Կասպից ծովով անցնող տարբերակը (կապույտ)։ Այն փորձարկվել է բոլորովին վերջերս՝ այս տարվա հունիսին :
Նշվածներից երկրորդը (մանուշակագույն), որը ներառում է Ղազախստան – Թուրքմենստան – Իրան երկաթուղին, պաշտոնապես բացվել է 2014թ., սակայն տեխնիկական մի շարք խնդիրների պատճառով գրեթե չի գործել։ Այդ պատճառներից էր, օրինակ, Իրանի և Թուրքմենստանի երկաթուղային գծերի ստանդարտների տարբերությունը, որին լուծում է տրվել միայն 2021թ ․, և նույն տարվա նոյեմբերին երեք երկրները երթուղին զարգացնելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել ։ Իսկ արդեն 2022 թ. հուլիսին այդ երթուղով Ռուսաստանից առաջին կոնտեյներական գնացքն է ուղևորվում Հնդկաստան :
Մայիսին էլ նույն երկաթգծով Ղազախստանից կոնտեյներական գնացք էր մեկնել Թուրքիա: Այսինքն այս դեպքում Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին ծառայել էր արևելք-արևմուտք միջանցքին, և ըստ Թեհրանի՝ այն կարող է դառնալ Չինաստան-Եվրոպա բեռնափոխադրումների հիմնական երթուղիներից մեկը։
Իրան – Ադրբեջան գծի դանդաղ (չ)կառուցումը
Թվարկվածներից երրորդը (քարտեզում՝ կարմիր) Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային գիծն է, որի ամբողջ երկայնքով անցնելիք երկաթգիծը դեռ պատրաստ չէ։
Ադրբեջանը Հյուսիս-Հարավ միջանցքի մասնակից է դարձել 2005թ․։ Այդ ժամանակ իրանական երկաթգծային ցանցը հյուսիսում հասնում էր մինչև Ղազվին (Կասպից ծովի հարևանությամբ)։ Իսկ ադրբեջանական ցանցը հարավում հասնում էր մինչև Իրանի սահմանին գտնվող Ասթարա քաղաք, բայց չէր հասնում սահմանին։
2005-ին կողմերը որոշեցին միացնել Իրանի ու Ադրբեջանի երկաթուղիները։ Դա ենթադրում էր․
– Իրանում Ղազվին – Ռաշթ – Ասթարա հատվածի կառուցում մինչև Ադրբեջանի սահման,
– Ադրբեջանում Բաքվից մինչև Ասթարա հատվածի վերանորոգում ու այնտեղից երկաթուղու կառուցում մինչև Իրանի սահման:
Այս ուղղությամբ առաջին նշանակալի արդյունքը երևաց միայն 2018թ. մարտին, երբ շահագործման հանձնվեց Իրանի ու Ադրբեջանի սահմանին գտնվող նույնանուն երկու քաղաքները՝ Ասթարաները իրար միացնող հատվածը ։ Սա ամբողջ նախագծի ամենակարճ հատվածն էր, որից․
– շուրջ 8,5 կմ կառուցվել է Ադրբեջանի տարածքում,
– շուրջ 1,5 կմ կառուցվել է Իրանի տարածքում։
Իրանի տարածքում 1,5 կմ անոց հատվածի, երկաթուղային կայարանի և տերմինալների կառուցման համար Ադրբեջանը պետք է 60 մլն դոլարյի ներդրում կատարեր, սակայն Ասթարա – Ասթարա հատվածը շահագործման հանձնելուց հետո իրանական կողմը բազմիցս բողոքել է, որ Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատերել և ավարտին չի հասցրել ենթակառուցվածքների ստեղծումը, մասնավորապես՝ տերմինալների կառուցումը։
Իրանի տարածքով անցնող շուրջ 175 կմ-անոց Ղազվին – Ռաշթ հատվածը շահագործման է հանձնվել 2019 թվականի մարտին ։ Իսկ ահա Ռաշթ – Աստարա հատվածը մինչև հիմա չի կառուցվել: Առհասարակ ամբողջ գծի կառուցումը մինչև հիմա չի ավարտվել մի քանի գործոններով պայմանավորված.
Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներ. 2006-2008թթ. և 2010-2012թթ. Իրանի դեմ ՄԱԿ ընդունած բանաձևերը, դրանց զուգահեռ ԱՄՆ, իսկ այնուհետև նաև ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցները ծանր դրության մեջ են դրել Իրանի տնտեսությունը: Ստեղծված իրավիճակում բավարար միջոցների բացակայության պայմաններում երկաթուղու կառուցումը մղվել է հետին պլան:
Տեղանքի բարդ ռելիեֆը. Ղազվին – Ռաշթ երկաթուղին անցնում է ռելիեֆային բարդ տարածքներով (Ալբորզի լեռներ, Սեֆիդռուդ գետ, ջրամբար), ինչը կառուցման համար մի շարք դժվարություններ է ստեղծել, որոնք հաղթահարելու համար կառուցվել է 9 կմ ընդհանուր երկարությամբ 62 կամուրջ ու 22 կմ ընդհանուր երկարությամբ 53 թունել: Թունելներից մեկն անցնում է Սեֆիդռուդ ջրամբարի կողքով : Նմանատիպ դժվարություններ կան նաև Ռաշթ – Ասթարայի կառուցման համար։
Կապալառուի փոփոխություններ. Թե՛ Ղազվին – Ռաշթ և թե՛ Ռաշթ – Ասթարա գծերի դեպքում բավականին հաճախ են եղել կապալառուի փոփոխությունները։ Երկաթուղային այդ հատվածների շինարարությունը մեկ հանձնվել է Իրանի Երկաթուղային ընկերությանը, մեկ՝ Փոխադրումային ենթակառուցվածքների զարգացման և կառուցման ընկերությունը։ Ընդ որում՝ այս փոփոխությունները երբեմն եղել են մի քանի ամիսը մեկ կտրվածքով։
Սա իր հերթին դանդաղեցրել է երկաթուղիների կառուցումը։ Ղազվին – Ռաշթ հատվածի կառուցումն ի վերջո ավարտել է Փոխադրումային ենթակառուցվածքների զարգացման և կառուցման ընկերությունը։ Իսկ չկառուցված Ռաշթ – Ասթարայի դեպքում 2020 թ․ երկաթուղու կառուցում հանձնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Խաթամ ալ Անբիա» ինժեներական ընկերությանը ։
Ֆինանսների բացակայություն․ Խոսելով կոնկրետ 165 կմ Ռաշթ-Ասթարա հատվածի մասին՝ պետք է նշել, որ այս երկաթուղու կառուցման ամենաառաջին խոչընդոտը ֆինանսականն է։ Այս հատվածի կառուցման համար քննարկումները հատկապես ակտիվացել են 2015-2016 թթ. սկսած:
Ռաշթ – Ասթարա նախագիծը գնահատվել է 1,1 մլրդ դոլար: Երկաթուղու ֆինանսավորման հարցն Իրանը համաձայնեցրել է Ադրբեջանի հետ, և 2018թ. մարտի 14-ին, Թեհրանում Իրանի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարները ստորագրել են երկաթգծի կառուցման համար համատեղ 1 մլրդ դոլար (500 մլն դոլար Իրանից, ևս 500 մլն դոլարի վարկ էլ Ադրբեջանից) ներդնելու մասին փաստաթուղթ ։
Երկու շաբաթ անց Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի Ադրբեջան այցի ընթացքում կողմերը ստորագրել են Ռաշթ – Ասթարա գծի կառուցման համար համատեղ ներդրումներ կատարելու մասին համաձայնագիր։ Համաձայնագիրն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն այսպես էր բնութագել ․
«Երեկ պատմական փաստաթուղթ ենք ստորագրել: Ասթարա – Ռաշթ երկաթուղու կառուցման մասին պայմանագիր է ստորագրվել: Այս պայմանագիրը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման հարցում հատուկ դեր կունենա: Այս կերպ, մայրցամաքները միացնելով, թե՛ տնտեսական օգուտ կստանանք, քանի որ մեր տարածքով անցնող բեռները տասնյակ միլիոններ են կշռվում, թե՛ միաժամանակ տարածաշրջանում համագործակցության նոր ձևաչափ կստեղծենք»:
Սկզբնական շրջանում թե՛ իրանական և թե՛ ադրբեջանական մամուլն ակտիվորեն լուսաբանում էին այս թեման: Մասնավորապես, ադրբեջանական մամուլն այն ներկայացնում էր մեծ ոգևորությամբ և Իրանին տնտեսական ծանր պայմաններում օգնություն տրամադրելու լույսի ներքո: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային համաձայնագրից դուրս գալուց և Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու ֆոնին՝ Բաքուն աստիճանաբար պասիվացավ:
Եթե մինչ այդ 500 մլն վարկի տրամադրման մասին խոսվում էր որպես հաստատ տեղի ունենալիք, անգամ կատարված իրողության, ապա Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո պաշտոնական Բաքուն սկսեց ավելի զգուշորեն արտահայտվել ձևակերպումներում:
2018 թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն ստիպված էր արդարանալ, որ նախագիծը մեծ է ու ժամանակատար, բանակցությունները շարունակվում են, նախագիծը չի դադարեցվել : Օրեր անց էլ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարը հայտարարեց, որ 500 մլն վարկի տրամադրման քննարկումները շարունակվում են ՝ պայմանավորված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով:
Հանդիպումների նոր փուլը սկսվեց երկաթուղու Ղազվին – Ռաշթ հատվածի բացման առիթով (2019): Իրան ժամանած ադրբեջանցի պաշտոնյաներն առանձին հանդիպումներ անցկացրին մինչև իսկ Իրանի նախագահի հետ:
Ադրբեջանի երկաթուղու ղեկավարը տեղեկացրեց, որ իրենց էկոնոմիկայի նախարարը Իրան է եկել ֆինանսավորման հարցը քննարկելու համար, սակայն հետագայում համաձայնությունների մասին որևէ հրապարակում չեղավ: Հանդիպումներ եղան նաև հաջորդող տարիներին, բայց՝ անարդյունք։
Եթե պայմանավորվածությունից հետո 2-3 տարի իրանական կողմից տարբեր պաշտոնյաներ անընդհատ Ադրբեջանին հիշեցնում էին իր պարտավորության մասին, ապա 2021թ․ աստիճանաբար սկսվեց նկատվել, որ Իրանը փորձում է ֆինանսավորում բերել Ռուսաստանից: Միաժամանակ՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպումներում Իրանը շարունակում է արծարծել Ռաշթ-Ասթարայի կառուցման հարցը։
Ռուսաստանի մուտքը խաղի մեջ
Մոսկվային ներգրավելու հավանականությունը հատկապես ակնառու դարձավ 2022 թ. հունվարին Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռայիսիի ՌԴ այցի ընթացքում։ Հայտարարվեց, որ Իրանն ու ՌԴ-ն նախատեսում են Ռաշթ – Ասթարան կառուցել ՌԴ կողմից Իրանին տրամադրվելիք 5 մլրդ վարկային գծի շրջանակներում՝ ի թիվս այլ նախագծերի ։ Փետրվարին Իրանի երկաթուղային ընկերության ղեկավարը հայտարարեց, որ պատժամիջոցների պատճառով Ադրբեջանը չի ֆինանսավորել նախագիծը, և հիմա Մոսկվան պատրաստ է դա անել ։
Հատկանշական է նաև, որ փետրվարի վերջին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, Մոսկվան ևս սկսեց ընդգծել այդ հատվածի և առհասարակ Հյուսիս-Հարավ միջանցքի կարևորության մասին։ Ապրիլի 21-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարեց, որ եթե Հյուսիս-Հարավը նախկինում հեռանկար էր, հիմա՝ խիստ անհրաժեշտություն։
Հունիսի 23-ին էլ ՌԴ պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարեց, որ Ռաշթ – Ասթարա գծի կառուցման հարցում լավ պայմանավորվածություն են ձեռք բերել և հույս ունեն՝ համատեղ ներդրումներով ավարտին կհասցնեն նախագիծը ։ Խոսքն, ամենայն հավանականությամբ, առայժմ բանավոր պայմանավորվածության մասին է։ Ուշագրավ է նաև, որ Լավրովի այցից 11 օր անց պաշտոնական այցով Իրանում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է կատարել Ռաշթ-Ասթարա երկաթուղու և Ասթարայի երկաթուղային տերմինալի կառուցման հարցում ստանձնած պարտավարությունները ։ Սակայն թե՛ Մոսկվայի, թե՛ Բաքվի հայտնած պատրաստակամությունը գործնականում ոչինչ չեն նշանակում, այդ իսկ պատճառով Իրանում ընդգծում են սեփական միջոցներով և ամեն գնով այդ երկաթուղին կառուցելու անհրաժեշտության մասին:
Ի սկզբանե Ռաշթ – Ասթարա գծի կառուցման ժամկետը գնահատվում էր նվազագույնը 3-4 տարի: Հաշվի առնելով հնարավոր ձգձգումները՝ թե՛ ֆինանսական, թե՛ աշխատանքերի կատարման բարդության տեսանկյուններից՝ առավել իրատեսական է, որ գոնե Իրանի հարավը Ռուսաստանի հետ կապող երկաթուղու վերջին անավարտ հատվածը կարող է կառուցվել առնվազն 5 տարում:
Ինչ վերաբերում է Կասպից ծովով երթուղուն, որն ի սկզբանե որպես առաջնային երթուղի է դիտարկվել Ռուսաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումներում, պետք է նշել, որ Ռաշթից երկաթուղին պետք է ճյուղավորվի և կառուցվի մինչև Կասպյան նավահանգիստ։ Ի տարբերություն Ռաշթ – Ասթարայի, Ռաշթ – Կասպյան գծի դեպքում որոշակի աշխատանքներ տարվել են, և հայտարարվել է, որ մինչև իրանական օրացույցով տարեվերջ՝ 2023 թ. մարտ, այն շահագործման կհանձնվի ։
Հարկ է նշել, որ հենց Իրան-ՌԴ առևտրի տեսանկյունից Կասպյան երթուղին Իրանի համար շատ ավելի կարևոր է, քան Ադրբեջանով անցնող ավտոճանապարհային ու երկաթգծային երթուղիները՝ հաշվի առնելով դրանցում առկա խնդիրները։ Ընդ որում երկաթգծային երթուղու դեպքում խնդիրը ոչ միայն Ռաշթ-Ասթարայի կառուցված չլինելն է, այլ նաև այն, որ ադրբեջանական կողմը տարիներ է, ինչ արտաքին ֆինանսավորմամբ Բաքու-Ասթարա, Բաքու-Յալամա (ՌԴ սահման) երկաթգծերի վերանորոգում է նախատեսում ։ Իսկ ավտոճանապարհի դեպքում առկա խնդիրներից են բարձր մաքսատուրքերը, բեռնատարների հերթերի գոյացումը, որոնք հատկապես իրանական գյուղմթերքի փչանալու պատճառ են դառնում։Շատ հաճախ իրանական ԶԼՄ-ները նաև գրում են, որ այդ հերթերն արհեստական են, և Ադրբեջանն Իրանին ռուսական շուկայից դուրս թողնելու միտումով է խնդիրներ ստեղծում ։
Այս պայմաններում Իրանի համար կարևորովում է ավելի անկախ երթուղու գործարկումը, որն այս դեպքում Կասպից ծովով է։ Եվ չնայած այստեղ ևս ենթակառուցվածքային խնդիրներ կան, այդ թվում՝ դեռ վերջնական չկառուցված երկաթուղուց մինչև նավերի պակաս, սակայն վերջին երկու տարիներին Ադրբեջանի հետ խնդիրների սրման ֆոնին Թեհրանը լծվել է այս երթուղու զարգացման գործին։
Այսպիսով Ադրբեջանն առայժմ չի ֆինանսավորում Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցումը, իսկ Ռուսաստանը, որը հետաքրքրություն է ցույց տալիս դրա նկատմամբ, ամենայն հավանականությամբ, պատերազմի պատճառով կդժվարանա ֆինանսական և այլ հնարավորություններ տրամադրել երկաթուղու պակասող մասի կառուցման համար։ Սա գիտակցում են նաև Իրանում ու ընդգծում, որ անկախ այլ երկրների շահագրգռվածությունից պետք է ջանալ երկաթուղին կառուցել սեփական միջոցներով , սակայն ինչպես հուլիսի սկզբին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը նախարարության մեկ տարվա ամբողջ բյուջեն անգամ բավարար չէ այդ երկաթուղու կառուցման համար ։ Ըստ էության երկաթուղու՝ իրանական միջոցներով կառուցելու հավանականությունն ավելի բարձր կլինի միայն պատժամիջոցների վերացման դեպքում։
Այս պայմաններում Իրանի համար վստահելի երթուղի կարող է լինել Հայաստանը։ Սակայն հայկական երթուղին մրցակցային կարող է դառնալ միայն Հայաստանի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման դեպքում, ինչը բազմիցս կարևորվել ու շեշտադրվել է նաև իրանական կողմից։ Թեհրանը նաև պատրաստակամություն է հայտնել մասնակցել այս ավտոմայրուղու կառուցմանը։ Իրանում նաև հնչում են կարծիքներ, որ Ջոլֆա-Նախիջևան-Հայաստան երկաթուղու գործարկման դեպքում Ռաշթ-Ասթարայի նշանակությունը կարող է նվազել։
Ժաննա Վարդանյան
Իրանագետ
ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի ներկայիս Սիվաս (պատմ. Սեբաստիա) նահանգում գտնվող նախկինում հայաբնակ (նաև հույներ) Աղըլ գյուղը հիմա ամբողջովին լքված ու ավերակված վիճակում է:
Նշվում է, որ հայերն ու հույներնայստեղ հիմնականում բնակվել են նախքան Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը (1923թ.): 1980-ականներին տեղի ունեցած ներքին հրահրումների հետևանքով գյուղն ամբողջովին դատարկվում է, ինչից հետո էլ պարբերաբար հայտնվում է գանձագողերի թիրախում:
Հույս ունենալով, որ հայերից մնացած գանձեր կամ թանկարժեք իրեր կգտնեն՝ գանձ որոնողները շարունակաբար քանդում և վնասում են տեղացիների շրջանում նաև «խորհրդավոր գյուղ» անվանվող Աղըլի տները: Գանձագողերից բացի գյուղի ավերակները երբեմն հայտնվում են նաև լքված բնակավայրերով հետաքրքրվողների ու լուսանկարիչների ուշադրության կենտրոնում:
«Համացանցում լքված գյուղերն ուսումնասիրելիս հայտնաբերեցի, որ Սիվասում այսպիսի տեղ կա: Տեսա, որ կենտրոնին էլ (Սիվաս քաղաք) շատ մոտիկ է, Քարայում և Հաջի Ալի գյուղերի միջև ընկած բարձունքի վրա է»,-թուրքական լրատվամիջոցին պատմել է լուսանկարիչ Գյոքհան Քարօղլուն: Ըստ նրա՝ հայտնի չեն բուն պատճառները, թե ինչու է գյուղը դատարկվել այն դեպքում, երբ հարևան գյուղերը նորմալ բնակեցված են:
«Գանձ որոնողները գյուղն ավերել են: Մեզ հետաքրքրեց, եկել ենք նկարելու: Այս գյուղն ամբողջությամբ անտաշ քարերով է կառուցված, ակնհայտ է, որ շատ հին շինություններ են: Գյուղից փոքրիկ գետակ է սկիզբ առնում, որին սնուցող աղբյուրը գյուղում դեռևս շարունակում է հոսել»,- պատմում է Քարօղլուն:
Վերջինս հույս է հայտնել, որ Սիվասի նահանգապետարանը կգնահատի այս արժեքը և հստողության տակ կառնի։
Առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ են լինելու ռազմի դաշտում. եթե պատերազմի ակտիվ ռազմական գործողությունները ձգձգվեն մինչև ձմեռ, տարածքների վերադարձը գնալով ավելի կդժվարանա։ Այս մասին, ինչպես նշում է news.liga.net-ը, ճապոնական NHK հեռուստաալիքին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Եթե մարտերը շարունակվեն մինչև ձմեռ, ապա ավելի ու ավելի դժվար կլինի վերադարձնել մեր տարածքները»,- ասել է Երմակը՝ հավելելով, որ նպատակը Ռուսաստանի գրաված տարածքների 100 տոկոսի ազատագրումն է։
Նրա խոսքով՝ Ուկրաինան և դաշնակիցները «քննարկումները կկենտրոնացնեն մինչև ձմեռ փակուղուց դուրս գալու բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու վրա»:
01.08.2022թ.-ից Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնվող ու իրականացվող սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության կողմից արդեն որերորդ անգամ բարձրաձայնված՝ հայատյաց քաղաքականության ու Արցախը հայաթափելու ռազմավարության տակտիկական քայլերի մասն են: Արցախի պաշտպանության բանակն արդեն ներկայացրել է իրավիճակը շփման գծում և պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն: Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը։
Թեև բազմիցս խոսվել է այդպիսի իրավիճակներում բացառապես պաշտոնական աղբյուրներին հետևելու անհրաժեշտության մասին, այդուհանդերձ, նմանօրինակ դեպքերում մշտապես ականատես ենք լինում ինքնագործունեության և անհարկի խուճապ ծնող երևույթների:
Արցախում հանրային կյանքը լարվածության մթնոլորտում է անցնում գրեթե ամեն օր, պետական մարմիններն այդ պայմաններում փորձում են կազմակերպել առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն, քաղաքաշինական աշխատանքներ, մինչդեռ լարվածության ավելորդ բաժինը ոչ միայն կաթվածահար է անում նշված գործընթացը, այլև հիշյալ համակարգերի առջև արհեստականորեն ծնում է հավելյալ ծանրաբեռնվածություն, որպիսի հետևանք արձանագրվել է նաև վերջին օրերին:
Ուստի Արցախի Հանրապետության ներքին անվտանգությունն ու հանրային կյանքի բնականոն ընթացքն ավելորդ ցնցումներից զերծ պահելու համար խնդրում ենք ձեռնպահ մնալ շփման գծում առկա իրադրության շուրջ իրականությանը չհամապատասխանող կամ չստուգված տեղեկություններ տարածելուց:
Ադրբեջանը մշտապես պատրաստվում է ռազմական գործողությունների, ցանկացած փոքր սադրանքից հետո կարող են վերսկսվել ռազմական գործողությունները: Ադրբեջանը ոչնչի առջև չի կանգնելու՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՊՆ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե Զաքիր Հասանովը հրամայել է ադրբեջանական բանակին «պատրաստ լինել Հայաստանի կողմից հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական զսպմանը»:
Վերլուծելով թշնամու կողմից հաճախ եկող նմանօրինակ սպառնալից հայտարարությունները՝ Սեյրան Օհանյանը նկատում է՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական յուրաքանչյուր գործողություն, սադրանք կամ հայտարարություն քաղաքական գործընթացների համատեքստում է իրականացվում:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է 44-օրյա պատերազմի հաղթանակից հետո ճնշումներ գործադրել Հայաստանի վրա՝ հատկապես, ճանապարհների ապաշրջափակման, ենթակառուցվածքների բացման և Սյունիքի միջանցքի մասով իրենց ծրագրերը իրականացնելու նպատակով.
«Իրենց համար, հատկապես, ռազմավարական նպատակ է ճանապարհ ունենալ Թուրքիայից դեպի նախիջևան և Ադրբեջան՝ Մեծ Թուրանի խնդիրն իրականացնելու համար»,-ասաց Օհանյանը:
ՊՆ նախկին նախարարի արձանագրմամբ՝ Ադրբեջանը մյուս կողմից փորձում է ազդել նաև Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վրա.
«Վերջին ժամանակահատվածում հաճախ են հայտարարություններ հնչում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, թե Հայաստանի ռևանշիստները թող հույս չունենան, որ ինչ-որ բանի կհասնեն, այս առումով նրանք Հայաստանի իշխանությունների հետ համահունչ են գործում»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ ադրբեջանական կողմի սպառնալից հայտարարությունների ֆոնին հերթական անգամ աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա, մասնավորապես, հայտարարել էր, թե Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, ավելին՝ նշել էր, թե կա գաղափար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծման
Անդրադառնալով Արմեն Գրիգորյանի հայտարարություններին՝ Ս.Օհանյանն ասաց
«ԱԽ քարտուղարի ասածներին ուշադրություն չեմ դարձնում, նա փոխանակ ամեն ինչ անի, որ մեր անվտանգության բաղադրիչները բոլոր ուղղություններով զարգանան, անընդհատ պատվողական հայտարարություններ է անում: Ասում է՝ Հայաստանը տարածքային պահանջ չունի Ադրբեջանից, իսկ ո՞վ պետք է ադրբեջանցիներին դուրս շպրտի ՀՀ այն տարածքներից, որտեղ նրանք սադրանքների կամ մարտական գործողությունների պատրվակով ներխուժել են, ո՞վ պետք է ԱԽ քարտուղարի հայրենիքում ՝ Արցախում, Ադրբեջանի սադրանքներից հետո Հադրութից, Մարտունիից և Շուշիից դուրս շպրտի ադրբեջանական զորքերը՝Արցախի պատմական տարածքները պահելու համար, ես լուրջ չեմ ընդունում նրա ասածները»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ ավելի քան մեկ տարի է, ինչ թշնամու զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքում են գտնվում Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածում ու հայտարարել են, որ չեն պատրաստվում հեռանալ՝ չնայած Հայաստանի կողմից ներկայացված պահանջին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.