23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արթուր Ղամբարյանն իր ֆեյսբուքյան էջույմ գրել է.
«Քննչական և դատական մարմինները հաճախ կանգնում են պետության օրենքի և բարոյական նորմերի միջև ողբերգական երկընտրանքի (դիլեմայի) առջև։ Որոշ իրավիճակներում, գրագետ և կամային դատավորը, անկասկած, հնարավորություն ունի խուսափել բարոյապես հոգեճնշող երկընտրանքից և հարցը լուծել՝ երկու հակադիր մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքի հիման վրա։
Ենթադրյալ առևանգման՝ հնչեղության ստացած գործով, առաջին հայացքից, ֆիզիկական բռնություն չի կիրառվել, այս ամենը, համենայն դեպս Կնոջ կողմից պլանավորված չէ եղել․ ամեն բան կատարվել է բոլորիս համար հայտնի հանգամանքների բերումով (վարույթի նյութերին չեմ տիրապետում)։
Այլընտրանքային գործուն խափանման միջոցների (տնային կալանք, գրավ և այլն) առկայության պայմաններում՝ մեծ ողբերգություն ապրած Կնոջը կալանավորելը կապացուցի Հայաստանում հրեշավոր արդարադատության մասին պնդումը։
Եթե, այնուամենայնիվ, բացառիկ այս գործով ցուցաբերվի «նեոմացոյական» մոտեցում (ցավոք, դրա նախադրյալները տեսնում եմ), ապա նա պետք է տեղեկանա «հիտլերյան» դատավորներին տրված՝ պատմական և իրավական գնահատականներին։ Կա մի տարբերություն․ «Յութուբյան» պատմաշրջանում տեղի ունեցած դեպքերին և դեմքերին` պատմության տված գնահատականներին միայն գրքերից տեղեկանալու անհրաժեշտություն չկա․ ամեն բան մնում է «կենդանի»։
Կյանքի դիալեկտիկան այնպիսին է, որ “նեոմացոյական” երիտասարդները սեփական ողբերգությամբ են զգում կամ անխուսափելիորեն կզգան այս գաղափարախոսության՝ բոլորիս համար ողբերգական լինելը»։
«Այս իշխանությունները, չգիտես ինչու, վազելով թուրքական սայլի դեմից, ինչ – որ կոնցեպտուալ հարց են ուզում լուծած լինել, որը, բնավ, չի բերի ո՛չ խաղաղության, ո՛չ կայունության։ Ավելին՝ այն ֆորմատով, որ հայ – ադրբեջանական, այսպես կոչված, բանակցությունների ընթացքում դիտարկվում է Արցախի և Հայաստանի կոմունիկացիաների բացման պրոցեսը, հանգեցնելու է հայկական կողմի հաշվին՝ ադրբեջանական պահանջների իրականացման։ Հետևաբար, այս ամենի ֆոնին, Լավրովի՝ այսօր արված հայտարարութունը, թե մինչ սահմանազատման աշխատանքների ավարտը, չի կարող Խաղաղության պայմանագիր ստորագրվել, շատ բնական է»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է քաղաքագետ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հերթական փուլը։ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «գործընկերներն այսօր հաստատել են, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի լուծման, առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության իրավիճակի ընդհանուր բարելավման, դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով»։
Աբովյանը նկատում է՝ այս իշխանությունն, իրականում, ադեկվատ չէ, որովհետև, երբ նա ասում է՝ չի տեսնում, թե որտեղ են ավարտվում ադրբեջանական կողմի առաջ քաշած պահանջները, այսինքն՝ չի երևում հայկական կողմից պատրաստվելիք զիջումների եզրագիծը, մյուս կողմից, զրնգուն ձայնով հայտարարում է, թե իրենք եկել են համաձայնության, սա ցույց է տալիս, որ առանց Հայաստանի և Արցախի իրական շահերի ապահովման հարցը չի լուծվելու, այսինքն՝ մեզ սպառնում է Հայաստանի և Արցախի ոչնչացում։
Ըստ նրա, մի կողմ դնելով ամպագոռգոռ բառերը, պետք է ինքներս մեզ համար պարզենք մի քանի հարցերի պատասխաններ՝ ի՞նչ են հասկանում խաղաղություն ասելով Թուրքիան և Ադրբեջանը, իսկ դա Հայաստանի իսպառ չգոյությունն է։
«Ի՞նչ է հասկանում հայաստանյան օրվա իշխանությունը խաղաղություն ասելով՝ հանձնել, հանձնել ու էլի հանձնել այնքան, ինչքան թշնամին է պահանջում, մինչև հետո տեսնենք՝ ինչ կլինի, իսկ թշնամու պլաններում մինիմում պահանջը Երևանն ու Արարատն է, Սյունիքի մասին էլ չենք խոսում»,- ասում է քաղաքագետն ու ավելացնում։
Նրա արձանագրմամբ՝ այստեղ ՝ Հարավային Կովկասում, Հայաստանի ու Արցախի գոյությունը պետք է Իրանի Իսլամական Հանրապետությանն ու Ռուսաստան Դաշնությանը։ Ընդ որում՝ երկուսին էլ պետք է, բացառապես, սեփական ազգային և պետական շահերից ելնելով։
«Եվ վերջապես, ո՞ւմ համար է միևնույն, թե ի՞նչ կկատարվի այստեղ՝ Հայաստանում և Արցախում, կամ, ո՞վ է, նույնիսկ, պատրաստ մեր կենսական շահերը ոտնահարելու գնով, միայն թե իրենց սեփական շահը, հանկարծ, երկրորդ պլան չմղվի՝ զոհաբերել մեզ՝ Հավաքական Արևմուտքի։ Ուրեմն, եկեք ճիշտ կողմնորոշվենք, թե ո՞վ է մեր բարեկամը և ով՝ թշնամին և, ըստ այդմ էլ, ի վերջո, կառուցենք մեր ստրատեգիական քայլերը, քանի դեռ աշխարհաքաղաքական այս թոհուբոհում, վերջնականապես, չենք զրկվել Հայրենիք ունենալու իրավունքից»,- ասում է Արման Աբովյանը։
Նկատառմանը, թե հերթական անգամ ռուսական կողմը՝ այս անգամ Լավրովի բերանով, այսօր կայացած եռակողմ հանդիպման ընթացքում, շեշտեց սահմանազատման գործընթացի կարևորության մասին, հավելելով, որ առանց այդ և մի քանի այլ գործառույթների ապահովման, խաղաղության պայմանագիր չի կարող ստորագրվել, այնինչ, հայատանյան օրվա իշխանությունը, կարծես, չի զբաղվում այդ հարցով, Արման Աբովյանը պատասխանում է՝ այն, ինչ վեջին ամիսներին կատարվում է Հայաստանի հարավային սահմաններին, այլ բան չէ, քան սահմանազատման գործընթաց, պարզապես, դա տեղի է ունենում չհայտարարված, գաղտնի, ինչպես բնորոշ է այս իշխանությունների գործելաոճին։
«Շտապեմ ձեզ հիասթափեցնել՝ սրանք դելիմիտացիան և դեմարկացիան, մասամբ, արդեն սկսել են, պարզապես դա, ըստ էության, վերոհիշյալ պրոցեսները չեն, այլ Հայաստանի և Արցախի օկուպացված տարածքների լեգիտիմացում։ Խոսքն, օրինակ, Տեղ գյուղի, Գորիս – Կապան ճանապարհի, Հակարիին տեղադրված անցակետի և բազմաթիվ այլ օրինակների մասին է։ Ի՞նչ է այսօր, հերթական անգամ ասել ռուսական կողմն՝ ի դեմս Լվարովի՝ պետք է, նախ, հանվեն սուր հարցերը, որից հետո, միայն, կհանգեն որոշակի կետերի, օրինակ՝ Խաղաղության պայմանագրի ստորագրման։ Հայկական կողմը, սակայն, առաջնորդվում է՝ սպասարկելով այս կամ այն քաղաքական կողմի շահը, ինչ -որ բաներ հանձնել, իսկ թե հետո ի՞նչ կկատարվի՝ Աստված գիտի։ Այս կերպ խաղաղություն չի լինելու, որովհետև մեր թշնամին, ինչպես արդեն ասեցի՝ Խաղաղություն ասելով, հասկանում է միայն՝ հայի, Հայաստանի ու Արցախի իսպառ բնաջնջում»,-նշել է Արման Աբովյանը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միրզոյանի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարել է հետևյալը.
«Խաղաղության պայմանագիրն առանձին թեմա է, կողմերը սկսել են աշխատել դրա վրա, և այժմ այն ակտիվորեն քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։ Հայաստանի և Ադրբեջանի նախարարները մեկնել են Վաշինգտոն, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մեկ շաբաթ առաջ Բրյուսելում էին: Աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, իհարկե, հիմնարար է: Բայց մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտի և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի լուծման, առանց Ղարաբաղի և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման իրավիճակի իրավիճակի ընդհանուր բարելավման՝ դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով»։
Լավրովը հավելել է. «Խաղաղության պայմանագրով և մի շարք հոդվածներով, որոնք այսօր քննարկվեցին, հնարավոր եղավ երկու կողմերի փոխըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին։ Այժմ սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որից հետո նրանք մեզ կտեղեկացնեն ձեռք բերվածի մասին»։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են գերեզմանատան հսկիչի կողմից գերեզմանատեղեր տրամադրելու գործընթացի շրջանակներում տարբեր քաղաքացիներից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 47-ամյա բնակիչը, 2015թ․ դեկտեմբերից մինչև 2021թ․ մարտն ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի «Ավան» գերեզմանատան հսկիչ։ Չունենալով ՀՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Քանաքեռ» գերեզմանատանը գերեզմանատեղիներ հատկացնելու, հուղարկավորություններ կազմակերպելու, գերեզմանատան շահագործման և պահպանման հետ կապված լիազորություններ՝ նա «Քանաքեռ» գերեզմանատանը, որտեղ տվյալ ժամանակահատվածում գերեզմանատեղիի հատկացումը կատարվել է անվճար, մի շարք քաղաքացիների հարազատների հուղարկավորության նպատակով գերեզմանատեղեր հատկացնելու համար, հանդես գալով որպես դրանց վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր տրամադրելու իրավասություն ունեցող անձ, չարաշահելով նրանց վստահությունը, վերջիններիս հայտնել է, թե իբր գերեզմանատեղերը տրամադրվում են գումարի դիմաց:
Քաղաքացիներին տրամադրելով այլ անձանց անվամբ գերեզմանի կեղծված քարտեր՝ գերեզմանատեղիի հատկացման նպատակով նա հափշտակել է տարբեր չափերով գումարներ՝ գույքային վնաս պատճառելով ինչպես քաղաքացիներին, այնպես էլ` Երևան համայնքին։
Բացի այդ, 47-ամյա տղամարդը հուղարկավորության համար գերեզմանատեղիներ տրամադրելու նպատակով կազմել է քաղաքացիների անվամբ գերեզմանի քարտեր՝ դրանցում որպես հիմք ներառելով կեղծ տվյալներ։ Այդ կերպ նա հուղարկավորության գրանցման և գերեզմանի վկայականի հատկացման համար ստեղծել է կեղծ հիմքեր, ինչպես նաև` այդ կերպ թաքցրել նոր գերեզմանատեղիի հատկացման փաստը:
Գերեզմանատան հսկիչը նաև ստեղծել է մի քանի տասնամյակ առաջ, իբրև թե, հուղարկավորված անձանցով գերեզմանատեղիների առկայության կեղծ հիմքեր։ Դրա արդյունքում ՀՈԱԿ-ի հուղարկավորությունների գրանցման բաժնում հնարավոր չի եղել ստուգել գերեզմանի քարտում լրացված՝ իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալները, քանի որ առկա չեն եղել նախկինում՝ 1980 թվականի դրությամբ, կատարված հուղարկավորությունների վերաբերյալ հաշվառումներ: Նշված գործողությունների արդյունքում բազմաթիվ անձանց հուղարկավորությունը գրանցվել է, և «Երևանի բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից տրվել են գերեզմանների վկայականներ:
Մեկ դեպքում էլ պարզվել է, որ հուղարկավորված անձի աճյունը, վերջինիս որդու խնդրանքով, նույն գերեզմանատանն ավելի հարմար վայր տեղափոխելու համար, որպես նոր գերեզմանատեղի, օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ, իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ իրականացնելով՝ նա 35քմ մակերեսով հողատարածք է հատկացրել «Քանաքեռ» գերեզմանատանը հարակից՝ սեփականության իրավունքով մեկ այլ քաղաքացու պատկանող հողատարածքում՝ այն համարելով գերեզմանատան տարածք: Արդյունքում, հիշյալ անձի գերեզմանատեղին տեղափոխվել է նշված հողատարածք, որի հետևանքով էական վնաս է պատճառվել այդ հողամասի սեփականատիրոջ իրավունքներին՝ վերջինիս զրկելով հողատարածքը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքից:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020թ․ սեպտեմբեր ամսից մինչև 2021թ․ հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում, 47-ամյա տղամարդն անարգանքի է ենթարկել հիշյալ գերեզմանատանը գտնվող ընտանեկան 3 գերեզման։ Մասնավորապես՝ նա ոչնչացրել է դրանց վրա եղած տապանաքարերը, որից հետո ազատված գերեզմանատեղին ներկայացնելով իբրև նոր գերեզմանատեղի` խարդախությամբ, գումարի դիմաց այն հատկացրել է մեկ այլ քաղաքացու՝ հարազատի հուղարկավորության համար։ Քաղաքացին 47-ամյա տղամարդու պահանջով, գերեզմանատեղին մաքրելու, գերեզմանափոսը փորելու և գերեզմանատեղի վկայականը հատկացնելու պատրվակով, փոխանցել է պայմանավորված գումարի մի մասը, իսկ գումարի մյուս մասը պետք է փոխանցվեր գերեզմանի քարը տրամադրելուց հետո: Սակայն 47-ամյա տղամարդուն չի հաջողվել ապահովել գերեզմանի վկայականի հատկացումը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 47-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով, 44-255-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (չորս դրվագ), 457-րդ հոդվածի 1-ին մասով (ինը դրվագ), 306-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 460-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։
Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։
Նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ռուսական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կազմակերպելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները:
Նախարարները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նույնաբովնադակ հաղորդագրություն է տարածել նաև ադրբեջանական կողմը։
Եթե որեւէ երկրից ապրանքը ըստ ուղեկցող փաստաթղթերի պետք է տեղափոխվի մեկ այլ երկիր, վերջնակետ, դա նշանակում է տարբեր բաներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Հայաստանում 1 տոննա կոկաին հայտնաբերելու դեպքին:
«Տարբեր երկրների մաքսային մարմինները մշակում են ռիսկերը համակարգեր, ալգորիթմներ, որոնց հիման վրա պետք է վեր հանեն, թե որ բեռնատարը կամ որ կոնտեյներն են ստուգում: Բնականաբար, դրա մասին գիտեն նաեւ այս կամ այնն ճանապարհով մաքսանենգ ապրանք տեղափոխող ընկերությունները եւ կիրառում են տարբեր մեխանիզմներ, որ հնարավորինս խուսափեն:
Եթե վերջնակետ նշվում է որեւէ երկիր, այդ երկիր կարող է հասնել նաեւ բացի հենց փաստաթղթում նշված ապրանքից, նաեւ թե մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող ապրանք, թե կարող է նաեւ ճանապարհին կորել այդ ապրանքը»,-ասաց նա:
Բադասյանը նաեւ նշեց, որ առհասարակ թմրանյութերի հայտնաբերման հետ կապված ՊԵԿ-ը հաճախ հրապարակայնություն չի պահովում՝ նկատի ունենալով, որ հայտնաբերումից հետո լինելու են նաեւ այլ գործողություններ. ՊԵԿ-ի կողմից վերջերս նշանակալի դեպքեր կան բացահայտվածորի մասին առաջիկայում կհայտնեն:
Հարցին, թե ինչպե՞ս է հաջողվել մեկ տոննա կոկաին բերել Հայաստան, ինչպես ՊԵԿ-ը չի կարողացել կանխել, Ռուստամ Բադասյանը հստակ պատասխան չտվեց, փոխարենն ասաց. «Ամբողջ աշխարհը ողողված է թմրանյութերով, և, բնականաբար, դրանք հայտնվում են տարբեր շուկաներում՝ մաքսանենգ ճանապարհով անցնելով մաքսային հսկողության կետեր կամ շրջանցելով մաքսային հսկողության գոտիները, այսինքն՝ անպայման չէ, որ մաքսային հսկողության գոտիով մաքսանենգ ապրանքը մտնի:
Օրինակ` Իրանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանը որ կա, դեպքերի մեծամասնությունը ռուս սահմանապահների կողմից է հայտնաբերվում, որովհետև, օրինակ, նետում են գետի վրայով թմրանյութը կամ դրոնով տեղափոխում են և թողնում այնպիսի գոտում, որտեղից իրենց հանցակիցները կարող են վերցնել»,- ասաց Բադասյանը:
Նա մտահոգություն հայտնեց, որ վերջին շրջանում Հայաստանում հայտնվում են այնպիսի թմրանյութեր, որոնք խիստ մահաբեր են, և պետք է մտածել, թե կարողություններն ինչպես զարգացնել դեմն առնելու համար:
Բադասյանը շահարկում համարեց կասկածները, որ նման ծավալի կոկաին չէր կարող Հայաստան մտնել առանց իշխանությունների առնվազն իմացության, եթե ոչ աջակցության:
Նա նշեց, որ Հայաստան մտած կոկաինը «Զվարթնոցով» չի եկել, բայց ենթադրաբար մաքսային գոտի անցել է:
Հիշեցնենք, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն էր ներմուծել «կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել է և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:
ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ մինչ խորհրդի նիստը՝ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը խոսել է միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձեւավորման անհրաժեշտության մասին, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի եւ սկզբունքների վրա: «Մինսկը մտադիր է աշխատել ՀԱՊԿ երկրների համախմբվածության բարձրացման ուղղությամբ: Կազմակերպության ամրապնդումը, նրա պատասխանատվության գոտում անվտանգության ապահովումը հնարավոր է առկա հակասությունների լուծումից հետո»,- ասել է նա:
Հանդիպումից հետո խորհրդարանների ղեկավարները Հաղթանակի հրապարակում ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը ներկայացվում է ամբողջությամբ.
«Հարգելի՛ Վյաչեսլավ Վոլոդին,
Հարգելի՛ Վլադիմիր Անդրեյչենկո,
Կոլեգիայի նիստի մասնակիցնե՛ր,
Ողջունում եմ բոլորին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:
Շնորհակալություն եմ հայտնում Վլադիմիր Պավլովիչ Ձեզ եւ մեր բելառուս գործընկերներին ջերմ ընդունելության եւ Վեհաժողովի միջոցառումների կազմակերպման համար:
Ողջունում եմ նաեւ կազմակերպության նոր գլխավոր քարտուղար պարոն Տասմագամբետովին եւ մաղթում նրան արդյունավետ աշխատանք պատասխանատու պաշտոնում:
Գործընկերնե՛ր,
Գոհունակությամբ նշեմ, որ խորհրդարանական վեհաժողովի կողմից շարունակվում են աշխատանքները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության իրավական ապահովմանն աջակցելու, ազգային խորհրդարանների օրինաստեղծ գործունեության համակարգման վերաբերյալ առաջարկությունների մշակման մասով՝ ուղղված կազմակերպության նպատակների եւ խնդիրների իրականացմանը: Կարիք չկա թվարկել բոլոր մշակված առաջարկությունները, մոդելային օրենքներն ու հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀԱՊԿ գործունեության բոլոր բեւեռներին:
Կարեւոր է նաեւ հասկանալ, թե որքանով ենք մենք ընկալունակ ընդհանուր խնդիրների նկատմամբ: Եվ երբ խոսում ենք մեր աշխատանքի դրական փորձի մասին, պետք է հստակ հիշել, որ փոխադարձ հարգանքը, միմյանց շահերը հաշվի առնելու ձգտումը, կոնսենսուսային մոտեցումների մշակումը, բարդ իրավիճակներում դաշնակիցների աջակցությունը կոնկրետ արդյունքների հասնելու համար այն հիմքն է, որի վրա կառուցված է մեր կազմակերպությունը:
Գործընկերնե՛ր,
Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ մենք կանգնած ենք անվտանգության լուրջ սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ: Աշխարհը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրադարձությունների եւ վերափոխումների խաչմերուկում, որոնք կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ շատ երկրների համար: Եվ Հավաքական անվտանգության պատասխանատվության գոտին եւս բացառություն չէ:
Հայտնի է, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել անցած տարի, եւ այժմ ես կցանկանայի տեղեկատվություն տրամադրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի մասին: Իրավիճակը բավականին լարված է: Չնայած բոլոր պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնալու քաղաքականությունը, թեժացնում է իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում:
5 ամիս Լաչինի միջանցքի ապօրինի կեղծ-բնապահպանական արգելափակումից հետո ապրիլի վերջին Ադրբեջանը դիմեց արդեն Լեռնային Ղարաբաղի պաշտոնական շրջափակմանը: Լաչինի միջանցքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հսկիչ անցակետ տեղադրելու Բաքվի որոշումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ այս տարվա փետրվարին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշման կոպիտ խախտում է:
Գրեթե կես տարի Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայեր ապրում են լիակատար շրջափակման, առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի սուր դեֆիցիտի պայմաններում: Ադրբեջանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ սահմանափակում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժը եւ միջանցքով հիվանդների տեղափոխումը:
Վերոնշյալի համատեքստում մեզ համար կարեւոր են դաշնակիցների եւ գործընկերների կողմից իրական հասցեական հայտարարություններն ու քայլերը՝ եռակողմ հայտարարության պարտավորություններին համապատասխան Լաչինի միջանցքի գործարկման ռեժիմի վերականգնման եւ միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն՝ անվտանգության եւ անօրինական գործողություններից պաշտպանվածության պայմաններում Լեռնային Ղարաբաղի կյանքը կարգավորելու նպատակով:
Գործընկերնե՛ր,
Մենք հետեւում ենք Ադրբեջանի կողմից հայկական հարուստ մշակույթը ոչնչացնելու եւ հայկական ինքնության հետքերը ջնջելու փորձերին: Կարեւոր է նշել, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը նաեւ հաստատել է հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու սպառնալիքի առկայությունը ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում:
Բաքուն մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ պատանդ պահվող քաղաքացիական անձանց՝ նրանց դեմ շինծու դատավարություններ անցկացնելով:
Գործընկերնե՛ր,
Անդրադառնամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Մենք բազմիցս հայտարարել ենք խաղաղության պայմանագիր կնքելու եւ տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու Հայաստանի պատրաստակամության մասին: Ադրբեջանը, սակայն, շարունակում է ագրեսիվ դիրքորոշում իրականացնել:
Օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ ականանետերի եւ հրետանու կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ուղղությամբ, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Իրավիճակի նման զարգացումն ապացուցում է, որ ադրբեջանական կողմի հրահրած համակարգված սադրանքները միտված են խաթարելու բանակցային ակտիվ գործընթացները՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Նման բան տեղի ունեցավ նաեւ երեկ:
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված սողացող ռազմական օկուպացիայի մարտավարության եւ լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ապօրինաբար օկուպացվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ, որը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է:
Ցավում ենք, որ մեր կազմակերպությունում այդպես էլ չկա ընդհանուր գնահատական Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի փաստին, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում պահպանվում է ներխուժած ադրբեջանական զինված ուժերի հակաիրավական ներկայությունը: Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության համատեքստում ընդգծվել է, որ որպեսզի առաքելությունն արդյունավետ լինի երկրի եւ ամբողջ տարածաշրջանի համար, անհրաժեշտ է հստակեցնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Տարակուսելի է գործընկերների դիրքորոշումների անորոշությունը, երբ կան ագրեսիայի եւ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումների անհերքելի փաստեր:
Մեր նախորդ հանդիպման ժամանակ ես գործընկերներին զգուշացրել էի Ադրբեջանի վարած քաղաքականության ապակայունացնող հեռանկարների մասին: Բաքուն արհամարհանք է դրսեւորում միջազգային գործընկերների նկատմամբ, որոնց ներկայությամբ եւ միջնորդությամբ պաշտոնական Բաքուն ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ պարտավորություններ ստանձնել նաեւ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման հարցում:
Հարգելի՛ գործընկերներ,
Տարածաշրջանում խաղաղության հաստատումն այն նպատակն է, որը հետապնդում է Հայաստանի Հանրապետությունը: Իսկ տարածաշրջանի կայուն խաղաղության, անվտանգության եւ կայուն զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց եւ կառուցողական երկխոսությունը: Անցած տարվանից Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որի շրջանակում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն դեռեւս շոշափելի արդյունքներ չկան, եւ դեռ շատ հարցեր մնում են չլուծված: Մենք կարծում ենք, որ կարգավորման գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների:
Ավարտելով ելույթս՝ ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտել դիվանագիտական ջանքեր գործադրելու կարեւորությունը: Կոչ եմ անում այս դահլիճում ներկա տարածաշրջանի խաղաղությամբ եւ կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, գործուն քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի խախտումները վերացնելու եւ ուժի կիրառումը բացառելու ուղղությամբ: Այս բոլոր մարտահրավերները ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններից պահանջում են առկա հարցերը լուծել կազմակերպության ամբողջ գործիքակազմի կիրառման միջոցով, եւ ամենակարեւորը՝ հստակ դիրքորոշումներ հայտնել դրանց վերաբերյալ՝ առանց կանխակալ քաղաքական նախասիրությունների եւ առաջնահերթությունների: Եթե մենք չկարողանանք միասին դա անել, վաղը նման մարտահրավերներ կարող են առաջանալ ՀԱՊԿ անդամներից յուրաքանչյուրի համար:
Տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի:
Շնորհակալություն ուշադրության համար»:
«Եթե որևէ երկրից ուղեկցող փաստաթղթերով ապրանքը պետք է տեղափոխվի մեկ այլ երկիր՝ վերջնակետ, այն նշանակում է տարբեր բաներ»,-կառավարության շենքի դիմաց հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Հայաստանի սահմանը հատել 1 տոննա կոկայինը, որի մասին ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել:
Նրա ներկայացմամբ՝ տարբեր երկրներ մշակում են տարբեր ալգորիթմներ, որոնց հիման վրա պետք է վեր հանեն, թե որ կոնտեյները կամ բեռնատարն են ստուգում, ինչի մասին գիտեն նաև մաքսանենգ ճանապարհով բեռներ տեղափոխողները:
Բադասյանը հավաստիացրեց, որ այդ եղանակով եկող ապրանքն ինչպես կարող է հասնել վերջնակետ, այնպես էլ՝ կորել ճանապարհին:
Նա հայտնեց, որ ամբողջ աշխարհում և Հայաստանում օգտագործվող թմրանյութերի ծավալն ավելացել է:
Հավաստիացնելով, որ ՊԵԿ-ի վերջին գործողությունները կապ չունեն ԱԱԾ-ի հայտնաբերված 1 տոննա կոկայինի հետ՝ Բադասյանն ասաց. «Մենք ոստիկանության հետ ունեինք հատուկ ծրագիր, թե ինչպես մեկ օրվա ընթացքում իրականացնենք համատեղ ծավալային հսկողություն մաքսային հսկողության գոտիներիում, որպեսզի բացահայտեինք հնարավոր մաքսանենգությունը»:
ՊԵԿ նախագահը հայտնեց, որ թմրանյութերի հայտնաբերումից հետո ՊԵԿ-ը հրապարակայնություն չի ապահովում, քանի որ դրան հաջորդում են այլ գործողություններ և հավաստիացրեց, որ ՊԵԿ-ը նոր նշանակալի բացահայտումներ է արել, որոնց մասին կլսեն առաջիկայում:
«Հայաստանում հայտնվում են այնպիսի թմրանյութեր, որոք խիստ մահաբեր են և պետք է մտածենք, թե մեր կարողություններն ինչպես ենք զարգացնում, աշխարհն էլ է իր կարողությունները զարգացնում»,-հայտարարեց Բադասյանը:
Անդրադառնալով Իտալիայում հայտնաբերված 3 տոննա կոկայինի դեպքին՝ ՊԵԿ նախագահը հայտնեց, որ այնտեղ բարդ սկանավորման և շների միջոցով 78 տոնայի մեջ հայտնաբերել է 2.8 տոննա թմրանյութ և հավաստիացրեց, որ Հայաստանն էլ ունի սկանավորման սարքավորումներ և շներ:
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե (Ազգուշ) Մարտիրոսյանը պաշտոնապես հացադուլ է հայտարարել։ Նշել է, որ ունի մի շարք հիվանդություններ և իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պատասխանատու է ՀՀ-ն՝ ի դեմս իրավասու մարմինների։ Հացադուլի պայմաններում նրա կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Պաշտպանը հայտնեց, որ պատրաստվում են վիճարկել ձերբակալման իրավաչափությունը։ Նրա խոսքով՝ որպես ձերբակալման նպատակ նշվել էին այնպիսի հանգամանքներ, որոնք ծիծաղելի են։ Մասնավորապես, նշվել էր, թե իբրև տիկին Գայանեն կարող է փախուստի դիմել, ավելին, նշվել է, թե իբրև «ազատության մեջ գտնվելու դեպքում Ազգուշ Մարտիրոսյանը կարող է կրկին առևանգել Աշոտ Փաշինյանին»։
Միջազգային մամուլը կրկին ահազանգում է Ռուսաստանի կողմից արևմտյան պատժամիջոցները շրջանցելու ջանքերում Հայաստանի հնարավոր ներգրավվածության մասին, որը վերլուծաբանների կողմից ստացել է «եվրասիական կարուսել» անունը, գրում է «Ամերիկայի ձայնը»:
2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Միացյալ Նահանգները, իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին, տնտեսական ճնշման մի շարք միջոցառումներ իրականացրեց Ռուսաստանի դեմ, որոնք աննախադեպ են Երկրորդ աշխարհամարտից հետո, գրավոր արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, ով ցանկացել է մնալ անանուն, ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը Ռուսաստանի կողմից արևմտյան պատժամիջոցները շրջանցելու ջանքերում Հայաստանի հնարավոր ներգրավվածության մասին: 2017 թվականին օրենք դարձած «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» ակտից բխող պատժամիջոցները, ինչպես նաև արտահանման վեահսկողությունը, մաքսատուրքերը և այլ միջոցառումները սահմանափակում են ժամանակակից արդյունավետ պատերազմ վարելու Ռուսաստանի հնարավորությունները և նվազեցնում դրա համար Ռուսաստանի ֆինանսական ռեսուրսները, հայտնել են պետքարտուղարությունից:
«Շատ կառավարություններ, ներառյալ Հարավային Կովկասի, պարտավորվել են հետևել միջազգային պատժամիջոցներին և արտահանման վերահսկմանը, և մենք կշարունակենք աշխատել այդ կառավարությունների, մասնավոր ընկերությունների և ֆինանսական հաստատությունների հետ՝ ապահովելու սահմանափակումների պահպանումը, ինչպես դրանք հայտարարվում են»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:
Սակայն միջազգային մամուլը շարունակում է ահազանգել արևմտյան պատժամիջոցների շրջանցմամբ հատկապես ռազմական նշանակության ապրանքների Ռուսաստան ներմուծման մասին, և այդ շղթայում Հայաստանի ու հետխորհրդային մի շարք այլ երկրների ներգրավվածության վերաբերյալ:
American Enterprice Institute հաստատության ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը, անդրադառնալով վերջերս Նյու Յորք Թայմսի հրապարակմանը Հայաստանի միջոցով արգելված տեխնոլոգիաների ու չիպերի տարանցմանը դեպի Ռուսաստան, մտահոգիչ է որակում այդ հաղորդումները: Միևնույն ժամանակ, վերլուծաբանը հայտնում է, որ ամերիկյան պաշտոնական շրջանակների իր աղբյուրները վկայում են, որ հայկական կողմը դրսևորում է ճկուն մոտեցում, և վարչակազմը դժգոհություններ չունի, թե ինչպես է Հայաստանը վերահսկում ապրանքները:
«Կարծում եմ՝ ԱՄՆ վարչակազմը գտնում է, որ Հայաստանն այստեղ ճիշտ է վարվելու, և որ այն ավելի շատ համագործակցում է (ամերիկյան կողմի հետ), քան խոչընդոտում»,- նշել է Ռուբինը:
Հայաստանը, սակայն, հերքում է իր որևէ ներգրավվածությունը այս շղթայում: Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում շեշտել է, որ պատժամիջոցները Հայաստանի կարմիր գիծն են, որի մասին շատ հստակ ասվել է ռուսական կողմին:
«Պատժամիջոցի տակ գտնվող ապրանքների մասով փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել: Համագործակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի և նույնիսկ հենց Ռուսաստանի հետ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք և շատ սերտ տնտեսական կապեր ունենք Ռուսաստանի հետ և հայկական բիզնեսը սիրում է մասնակցել այն ծրագրերին, որոնք ստեղծվել են վերջինիս շրջանում»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ ասել է վարչապետ Փաշինյանը հարցազրույցում:
Ամերիկյան հայտնի Wall Street Journal թերթն այս կապակցությամբ հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն: Ըստ պարբերականի՝ Հայաստանի կառավարության խոսնակն ասել է, որ երկիրը «ներքաշված չէ ԵՄ կամ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելուն ուղղված որևէ գործընթացում կամ գործողության մեջ»։ Նա հավելել է, որ Հայաստանի մաքսային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների նկատմամբ, և որ իշխանությունները քննարկել են այդ հարցը ԱՄՆ-ի հետ։
Այդ նույն հրապարակման մեջ, սակայն, Wall Street Journal-ը պնդում է, որ «ԱՄՆ-ի և Եվրոպական Միության զգայուն, այսպես կոչված, երկակի նշանակության ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստանի հարևան երկրներ կտրուկ աճել է 2022 թվականին»: ՄԱԿ-ի առևտրային տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նմանատիպ աճ է արձանագրվել այս երկրների կողմից դեպի Ռուսաստան այդ ապրանքների առաքման հարցում, նշել է թերթը:
Ըստ պարբերականի՝ «ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ապրանքների արտահանումը Հայաստան, Վրաստան, Ղրղզստան, Ուզբեկստան և Ղազախստան անցյալ տարի հասել է մինչև 24,3 միլիարդ դոլար՝ 2021 թ-ի՝ 14,6 միլիարդ դոլարի փոխարեն: Այս երկրները միասին անցյալ տարի ավելացրել են իրենց արտահանումը դեպի Ռուսաստան մոտ 50 տոկոսով՝ այն հասցնելով մոտ 15 միլիարդ դոլարի»:
Wall Street Journal-ը ընդգծում է, որ զգալի չափով աճել է Հայաստանի ու Արևմուտքի միջև երկակի նշանակության ապրանքների առևտուրը: «ԱՄՆ-ը և ԵՄ-ն անցյալ տարի Հայաստան են արտահանել ավելի քան 8,5 մլն դոլարի ինտեգրալ սխեմաներ, որը 16 անգամ ավել է, քան 2021 թվականին արտահանված 530 հազար դոլարի ապրանքը, ըստ ՄԱԿ-ի տվյալների»։ Միևնույն ժամանակ, Հայաստանից դեպի Ռուսաստան դրանց արտահանումը 2021 թվականին 2000 դոլարից հասել է 13 միլիոն դոլարի։
Նույնանման պատկերը Wall Street Journal-ը արձանագրում է հետխորհդային այլ երկրներում ևս, ներառյալ Ղազախստանում, Վրաստանում, Ղրղզստանոււմ ու Ուզբեկստանում:
Նման տեխնոլոգիաները չափազանց կարևոր են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի համար, Wall Street Journal-ին ասել են փորձագետները։ Ռուսաստանն ունի արևմտյան բաղադրիչները սեփական արտադրանքով փոխարինելու սահմանափակ հնարավորություններ։
«Էլեկտրոնային սարքերը անհրաժեշտ են ամենուր՝ ինքնաթիռների և թեւավոր հրթիռների արտադրությունից մինչև զրահատեխնիկայի և տանկերի հրամանատարության, կառավարման և կապի համակարգեր», — ասում է Ռուսաստանի ռազմական գծով փորձագետ և Թաֆթս համալսարանի վերլուծաբան Պավել Լուզինը, ըստ պարբերականի:
Wall Street Journal-ը հայտնել է, որ Վաշինգտոնում գործող Silverado Policy Accelerator-ի գործադիր տնօրեն Սառա Ստյուարտը, ով վերլուծում է ռուսական առևտրի տվյալները, այս առիթով պնդել է. «Ռուսաստանի շարունակական հասանելիությունը այդ ապրանքներին, ներառյալ ուղին փոխած արտասահմանյան ապրանքատեսակներին, որոնց նկատմամբ գործում է արգելք ՌԴ դրանք արտահանելու համար, ավելի շուտ սնուցում է, այլ ոչ թե խափանում Ռուսաստանի պատերազմական ջանքերը»:
Այս աճող առևտրային հարաբերությունները Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վերլուծաբանների կողմից ստացել է «եվրասիական կարուսել» անունը, գրում է Wall Street Journal-ը:
«Շատ կասկածելին է, որ պատժամիջոցների ավելացումից հետո հանկարծ աճում է այդ ապրանքների արտահանումը Կենտրոնական Ասիա և Կովկաս»,- Wall Street Journal-ին ասել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետ Բիետա Ջավորչիկը:
Ըստ Wall Street Journal-ի հրապարակման՝ եվրոպական պատժամիջոցների վերջին առաջարկված փաթեթում, որը պետք է հաստատվի անդամ երկրների կողմից, Եվրահանձնաժողովն առաջին անգամ առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ուզբեկստանից երկու ընկերությունների և Հայաստանից՝ մեկ ընկերության հանդեպ՝ Ռուսաստանին երկակի նշանակության ապրանքներ մատակարարելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.