Քաղաքն ապրող ու աճող օրգանիզմ է: Բոլոր փոփոխությունները, որոնք կատարվում են, տրամաբանական են: Գուցե թերացումներ կան, բայց ես համարում եմ, որ այդ փոփոխությունները դրական են, գեղեցիկ: Երևանը չի զիջում եվրոպական քաղաքներին: Սիրում եմ իմ քաղաքն այնպիսին, ինչպիսին կա. ես չեմ սիրում քննադատություններ: Քաղաքն ունի իր տրամադրությունը, գույները, բայց ես կուզեի, որ կանաչն ավելի շատ լիներ: Հնի ու նորի համադրությունը, փոփոխությունը գեղեցիկ է:
փիլիսոփայորեն
Տարիներ առաջ շատ բուռն էի վերաբերվում ու արձագանքում դեպքերին, իրադարձություններին: Հիմա, տարիքից ելնելով, փորձում եմ հասկանալ կատարվածը, երևույթները, մարդկանց, փորձում եմ այլ գնահատական տալ մարդկային հարաբերություններին: Այսպես ավելի հեշտ է լինում ապրել: Դժվար է, երբ ունես կոնֆլիկտ, բայց չունես լուծում:
դավաճանություն
Ինձ համար դավաճանությունը խորը, անհասկանալի երևույթ է: Դավաճանությունը միայն ֆիզիկական կամ գաղափարական չէ: Դավաճանություն կարող ենք գտնել ազգի, մշակույթի, պատմության, մարդկային հարաբերությունների մեջ: Եթե կա դավաճանություն, փորձում եմ սխալը իմ մեջ փնտրել, որովհետև այդ դավաճանության համար դրդապատճառ է եղել:
կգա ժամանակ՝ ինձ կմոռանան
Ես հույս ունեմ, որ ինձ միշտ կհիշեն իմ թոռներն ու ծոռները: Հույս ունեմ, որ տիեզերքի նախագծած պլանի մասնիկն եմ: Չգիտեմ՝ ինչպես կլինի, բայց ես՝ որպես հեռուստատեսային մարդ, արվեստի ներկայացուցիչ, իսկապես ուզում եմ, որ մեր ընտանիքի ավանդույթները շարունակվեն:
սխալ դաստիարակություն
Անդաստիարակ երեխաների չեմ սիրում, սարսափելի խիստ եմ ու չեմ հասկանում այն ծնողներին, որոնք երեխաներին դիտողություն չեն անում: Կարծում եմ, որ ավելի լավ է խիստ ծնող լինել: Երեխային մանկուց պիտի խիստ վերաբերվել: Որքան նա մեծանա, ավելի ազատ պետք է թողնես իրեն ու շփվես որպես հավասարը հավասարի հետ:
հորինված են
Ժամանակները թելադրում են նոր անեկդոտներ, ու դրանք կյանք են առնում: Բայց ժամանակի անիվը պտտվում է, ու այդ անեկդոտները սկսում է պատմել նոր սերունդը` դրա մեջ դնելով իր շրջանի խնդիրները: Անեկդոտների մեծ մասը իրական է ու կյանքից վերցված: Պարզապես դառն իրականությունից կտրվելու համար մարդկանց օգնում է հումորը:
ովքեր են ինձ ատում
Կարծում եմ` կլինեն մարդիկ, որոնք կատեն ինձ: Բայց ամեն դեպքում մինչև օրս դեռ չեմ հանդիպել մեկին, որը ցույց կտա իր ատելությունը կամ կխոսի դրա մասին: Անգամ համացանցում նման բովանդակությամբ գրառումների էլ չեմ հանդիպում: Պետք է շատ լուրջ բան արած լինես, որ ատելության առիթ տաս:
ամենադժվար բանը կյանքում
Անելանելի կետից նորից ոտքի կանգնելն ու զրոյից սկսելը: Ամենադժվար բանը` վերագտնել ուժը, որ կանգնես, սթափվես ու քայլես առաջ: Դժվար է, երբ քո վրա կա բեռ, բայց դրան զուգահեռ պետք է անընդհատ ժպտաս, լինես բարի, կամեցող ու պարզապես մնաս լավ մարդ:
կարծում եք՝ հե՞շտ է
Մարդկանց թվում է, որ եթերից հաճախ երևացող մարդկանց կյանքը շատ հետաքրքիր է, գունեղ, լուսավոր: Թվում է` մենք միայն պարում ենք, ուրախանում, համերգների մասնակցում, մշտապես գեղեցկության սրահներում ենք: Բայց մարդիկ չեն պատկերացնում, որ նույնիսկ գեղեցկության սրահներում անընդհատ լինելը հոգնեցնող է: Հանրային մարդ լինելը ծանր բեռ է, հոգնեցնող, որովհետև դու միանգամից ներկայացնում ես երկու կողմ` հանդիսատեսին՝ հեռուստադիտողին, ու այդ հաղորդման վրա աշխատած մարդկանց: