29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ամենավատն այն է, երբ իշխանության և ժողովրդի հարաբերություններում անդունդ է առաջանում։ Ով ասես չի կարող խոցել այդ պետությանը, այդ ազգին»:
Զրույց ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակ) անդամ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանի հետ.
Վազգեն, ինչո՞վ էիք զբաղվում մինչև կազմակերպության շարքերը համալրելը:
Բոլոր երեխաների նման դպրոց էի հաճախում, սակայն առողջական խնդիրներ ունեցա և 12 տարեկանից լքելով դպրոցը` աշխատանքի անցա: Փորձել եմ նույնիսկ դերասանական արվեստով զբաղվել: Հինգ տարի հետո սկսվեց Լիբանանի պատերազմը, որին անմասն չմնաց տեղի հայությունը: Հենց առաջին օրերին հայտնվեցի դիրքերում: Մի քանի տարի հետո Սփյուռքում ծավալվեց նորագույն զինյալ ազատագրական պայքարը, և ես հայտնվեցի այդ կազմակերպության մեջ: Շատ գործերի մասնակցեցի, որոնցից ամենահայտնին է «Վան» գործողությունը` Փարիզի թուրքական հյուպատոսարանի գրավումը: Դեռ մանկուց արդեն հայ լինելս ինձ պարտավորեցնում էր:
Իսկ ի՞նչ էր դա` մղո՞ւմ, կա՞նչ, ինքնանվիրո՞ ւմ…
Կարծում եմ` ամեն հայ ի ծնե ունի այդ նվիրումը: Ջարդերից հետո հայ ծնվելը պարտավորեցնում է, երբ տեսնում ես մեծ հայրերի և մայրերի տառապանքը կորցրած երկրի համար: Նույնիսկ եթե հայերեն չեն խոսում, տառապում են թե´ ապրածի հետևանքներից, թե´ հուշերից: Եթե արժանապատվություն ունեցող հայ ես, մտածում ես`ինչ քայլերի դիմես: Մարդ կա` իր արհեստով կամ արվեստով է ինքնարտահայտվում, մի խումբ էլ ինձ նման խենթեր կան, որոնք զենքով ու ազատագրական պայքարով են արտահայտվում:
Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:
Հայրենիքը ամեն մարդու համար իր տունն է` իր ձեռքով, արյամբ կառուցված, իսկ ժողովուրդը մեծ ընտանիք է: Կուզեի` այս գիտակցումը ամբողջ հայությունն ունենար:
Իսկ զոհողություններ պահանջվեցի՞ն հայրենանվիրման համար:
Անշուշտ: Մանավանդ մեր գործողությունը կոչվում էր անձնասպանական, և 99% մահ կար: Մենք չորս հոգի էինք, սակայն պահակախումբը և զինված պաշտոնյաները 40-ից ավելի էին. պայքարը տևեց մոտ 15 րոպե: Ես ու ընկերս վիրավորվեցինք, սակայն գրավեցինք հյուպատոսարանը, կարողացանք դատարանում պաշտպանել մեր իրավունքները: Հինգ տարի անցկացրեցինք բանտում, հետո Բեյրութից եկանք հայրենիք: Եվ այսպես, արդեն քսան տարի է` ապրում եմ հայրենիքում զբոսաշրջիկի կարգավիճակում:
Ո՞վ է հայ մտավորականը, ինչպե՞ս կբնորոշեք:
Թող ինձ բոլորը ներեն, բայց այսօր Հայաստանում ես մտավորական չեմ տեսնում: Մեր ժողովուրդը այսօր կարծես վայրէջք է ապրում: Չունենք առաջվա վառ դեմքերը, գրողները, մտածողները:
Իսկ ի՞նչ դեր, ազդեցություն է ունեցել մտավորականը ազգային տարբեր շարժումների ընթացքում:
Հայկական տարբեր կուսակցությունների, ազատագրակական պայքարի հիմքը միշտ էլ դրել են մտավորականները: Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր ազգային գաղափարի հիմք են դրել, նաև պայքարել են: Մեր կազմակերպության հիմնադրումն էլ կայացել է մտավորական մարդկանց` Սիմոն Սիմոնյանի, Գևորգ Աճեմյանի և շատերի գաղափարների շնորհիվ: Անշուշտ, այստեղ էլ եղել են շատ մտավորականներ, ովքեր պայքարել են իրենց գաղափարների համար` Աշոտ Նավասարդյանը, Լեոնիդ Ասկալդյանը, «Հայ դատ» կազմակերպությունը:
Իսկ այսօր չկա՞ն նման ազդեցիկ մտածողներ:
Ես չեմ տեսնում: Գուցե կան, սակայն պարզապես ուղղությունն են փոխել կամ էլ չկան: Հայ մտավորականը հայ մարդու իրավունքների համար պայքարողն է: Այսօր մեր ժողովուրդը ահավոր վիճակում է, իսկ ոչ մի մտավորական ոչ մի խելոք բան չի ասում, միայն վերացական հեքիաթներ են պատմում:
Ըստ Ձեզ` հասարակական պահա՞նջը պետք է ծնի առաջնորդին, թե՞ վերջինս պիտի ուղղորդի ժողովրդին:
Հասարակությունը մնում է հասարակություն, մտավորականը պիտի ուղղորդի նրան: Եվ քանի որ մտավորականը չի հետաքրքրվում իր ժողովրդով, ժողովուրդն էլ անտեր- անտիրական բաներ է անում:
Ո՞րն է բացթողումը:
Համակարգը: Այսօրվա դրվածքը թույլ չի տալիս` մտավորականը մեջտեղ գա:
Ի՞նչ համակարգ, ի՞նչ ժամանակներում ենք ապրում:
Կարծես ամեն ինչ արվում է, որ մարդը չզգա, որ իր հայրենիքում է ապրում: Թվում է` Հայաստանում մարդն արժեք չունի: Սա բոլորն են զգում: Չունեն վստահություն ոչ իրավական դաշտի, ոչ դատարանների, ոչ էլ իշխանությունների հանդեպ: Մարդն իրեն պաշտպանված չի զգում իր պետության կողմից. Չգիտի` ինչպես ապրի, որտեղ դիմի, ինչով պաշտպանվի: Անարդարությունը ահավոր է Հայաստանում, այն շատ է հուսալքում ժողովրդին:
Գուցե պատճառը մեր նոր ձևավորող պետությո՞ւնն է իր բազմաթիվ խնդիրներով:
Եթե լսենք նոր ձևավորվող պետությանը, ապա իրենք աշխարհի ամենախելոք մարդիկ են, ամենախելոք քաղաքագետները, բայց շատ հետաքրքրական է, որ միայն նրանք են հարստանում: Իսկ ժողովրդի վիճա՞կը…
Որտե՞ղ եք տեսնում ամենամեծ վտանգը:
Ամենամեծ վտանգը, որն այսօր, բարեբախտաբար, մի փոքր թեթևացել է, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրն է: Բարեբախտաբար, այն այսօր սառեցված վիճակում է: Ես կտրականապես դեմ եմ այդ հարաբերություններին, որովհետև պայմանները մենք ենք պարտավոր թելադրել` ցեղասպանության հարցը, հողերի քննարկման խնդիրը և այլն: Մի լրագրողի ասացի, որ ես կողմ եմ ոչ թե այս սահմանները բացելուն, այլ մեր պատմական սահմանները բացելուն:
Բարիկադ, հաշտարար դատավոր, 7-րդ երկինք: Որտե՞ղ է տեսնում հայ մտավորականի տեղը:
Կուզեի տեսնել Սովետի ժամանակի մեր մտավորականների դիրքում: Իրենց չափով գոնե այդ դիրքերում լինեն` ժողովրդի հետ, որովհետև մեր ժողովուրդը զգում է մտավորականի կարիքը: Վտանգներից մեկն էլ այն է, որ հայ երիտասարդն իր հողում ապրելու շարժառիթ չի գտնում, փախչում է: Կարծես հատուկ ծրագիր լինի: Ես ինձ խելոք մտածող չեմ համարում: Ես հայ զինվոր եմ և ասում եմ այն, ինչ զգում եմ: Ճիշտ է, Հայաստանի քաղաքացի չեմ,բայց ինքս էլ հայ եմ ու ամեն ինչ տեսնում եմ:
Այս տարի ԱՍԱԼԱ-ն նշեց իր 35- ամյակը: Նրա հիմնական նպատակը եղել է Հայաստանի պատմական տարածքների վերականգնո՞ւմը միայն:
Նաև ցեղասպանությունն ընդունելը, բոլոր ատյաններով հատուցումը: Որոշ մարդիկ հատուցումը փողով են տեսնում, իսկ ես տեսնում եմ մեր հողերով, տարածքով:
Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների ավարտից հետո ԱՍԱԼԱ-ն դադարեցրեց իր գործողությունները, ինչո՞ւ:
80-ականների կեսերին որոշ խնդիրներ ի հայտ եկան, բայց դա պատճառ չէր, որ ԱՍԱԼԱ-ն իր գործողությունները «դադարեցնի»: Ավելի շուտ «դադարեցվեց» Հայաստանի անկախացման հետևանքով: Ես չեմ ուզում և իրավունք չունեմ խոսելու բանակի անունից, բայց քանի որ այսօր անկախ պետություն ենք, ինքը` պետությունը, պետք է այդ հարցը պաշտպաներ, համախմբվեր մի գաղափարի շուրջ, ինչը որ չի անում: Թեև այսօր ռումբ չի պայթում, բայց գաղափարը չի վերացել: Իսկ գաղտնի բանակի գաղափարն ասում է. «Գաղտնի բանակը կլուծարվի, երբ ամբողջական հայրենիքը կազատագրվի, և հայ ժողովուրդը ետ կվերադառնա իր պատմական տարածքները»: Ճիշտ է, որոշ քայլեր առաջ են գնացել ընդհանուր միջազգային ճանաչման գործում, բայց պայքարը դեռ կա: Այն ժամանակ 3-4 հոգով սկսեցինք. հիմա էլ, քանի դեռ հարցը կա, եթե պետք լինի, կշարունակենք պայքարը:
Հավատո՞ւմ եք Ձեր նպատակի իրականացմանը, մեր երկրի ապագային:
Անշուշտ, ինչո՞ւ ենք պայքարում, եթե չենք հավատում:
Ինչի՞ վրա է Ձեր հույսը:
Ժողովրդի վրա, երիտասարդության, նոր սերնդի: Ոչ Իշխանությունների վրա : Չգիտեմ երբ, բայց հուսով եմ` մի օր իսկապես մի ազգայինին նվիրված մարդ կհայտնվի դաշտում:
Ո՞րն է ազգապահպանման ամենակարևոր գործոնը:
Շատերը կասեն` հայ մնալը, բայց դա էլ բավական չէ: Կարծում եմ` հավատքը, հավատարիմ մնալը մեր խնդիրներին, մեր հարցին, մեր իրավունքներին: Թուրքը, ճիշտ է, այսօր մեծ թշնամի է և մեզ հող տվողը չէ: Պիտի առնենք: Այսօր Արցախն ամբողջությամբ, կամ նրա ինչ- որ մասը տալու խնդիրներ են դնում, իսկ երբ թուրքին են հարցնում , թե որտեղ է Թուրքիայի սահմանը: Պատասխանում է` այնտեղ, որտեղ թուրք զինվորի ոտքն է: Իսկ մեր զինվո՞րը: Շատերը նույնիսկ չեն ուզում ծառայել: Ժողովրդի հավատն է կորել իր դատի, իր իրավունքների հանդեպ:
Պակասել է ազգային գիտակցությո՞ւնը:
Այո: Հասարակ օրինակ` թուրքը ամենուր իր դրոշն է մատնանշում, անգամ մեքենայի անիվների վրա, իսկ մե՞նք… Բայց ինձ շատ հուսադրում է այսօրվա երիտասարդությունը, որը հավատում է պայքարի մեր գաղափարին, հավատում է, որ տիրանալու է իր իրավունքներին: Մենք էլ փորձում ենք կրակը միշտ վառ պահել և աշխատում ենք այդ ուղղությամբ: Կուզեի միայն, որ ինչ անում են իրենց անձի համար, մի քիչ էլ անեին ազգի համար: Կուզեի` մտածեն որպես հայ: Ոչ թե հպարտանան, որ աշխարհի ամենահին ազգն ենք, այլ առաջնորդվեն այդ արժեքներով:
Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:
Շատ բաներ կան: Թե´ մեր հողի վրա, թե´ աշխարհում ես միշտ իմ ժողովրդի հետ եմ. ինչ էլ որ ժողովուրդն ասում է, համամիտ եմ: Սակայն ցավում եմ, որ երբ բողոքում են, ոչ մեկի անունը չեն տալիս, մատը վերքի վրա չեն դնում… Իմ բողոքն ամբողջ աշխարհի դեմ է: Բոլորը գիտեն, որ հայոց ցեղասպանությունը եղած փաստ է, Արևմտյան Հայաստանը գրավված տարածք է, Թուրքիան արհեստական երկիր է, բայց բոլորը լռում են: Դրա համար էլ պիտի պայքարենք: Ես ամոթ չեմ համարում, որ ինձ տեռորիստ են ասում, թեկուզ աշխարհի ամենավատ մարդն էլ համարեն, միայն թե իմ իրավունքին տիրանամ:
Երբևէ զգո՞ւմ եք Ձեզ անզոր, անկարող:
Անշուշտ, ես էլ մարդ եմ: Բայց դա շատ շուտ անցնում է:
Վազգեն Սիսլյանի ամենամեծ խռովքը:
Ես ազատագրված հայրենիք եմ ուզում տեսնել և թողնել մեր հաջորդ սերունդներին: Ես ու իմ ընկերները: Ուզում եմ` վերադարձնել մեր իրավունքները, որ ավելի խաղաղ ու հանգիստ ապրեն մեր սերունդները:
Այնուհանդերձ ուզում եմ Ձեր խոսքն ուղղեք մեր մտավորականներին:
Մտավորականություն չկա, եղածներն էլ խեղճ ու կրակ նստել են իրենց տներում: Սովետի ժամանակ գոնե քաջ էին, դուրս էին գալիս, խոսում էին, հիմա վախենում են իշխանավորներից:
Այսպես ինչի՞ կվերածվենք:
Մտավորականությունն ամբողջ աշխարհում է վայրէջք ապրում: Նոր սիստեմ է եկել կոմպյուտերացված, մեխանիզացված, որը մարդու մեջ վերացնում է հոգևորը: Ամենավատն այն է, երբ իշխանության և ժողովրդի հարաբերություններում անդունդ է առաջանում։ Ով ասես չի կարող խոցել այդ պետությանը, այդ ազգին: Անդունդը կա, և մենք օր օրի խոցելի ենք դառնում: Այսօր ո´չ իշխանություն կա, ո´չ ընդդիմություն: Բոլորը խելոք են: Մտավորականները պետք է հասկանան, որ պարտադիր չէ դանակը ոսկորին հասնի, հետո ակտիվանան: Ինչո՞ւ չեն պայքարում: Այսօր մեծանում է նաև հայրենիք-սփյուռք անդունդը: Վիճակագրական հարցման արդյունքում պարզվել է, որ առաջին տեղ գրավողը Հայաստանն է քաղաքացիների` հայրենիքը լքելու ցանկության տեսանկյունից (44%), երկրորդ տեղում ինչ-որ հետամնաց երկիր էր` 12%: Սա ցավ է: Երկիր ենք կառուցում, բայց Երևանից բացի ուրիշ քաղաք չկա: Գյումրին քանդվեց: 25 տարի է` փողեր են տրամադրվում, բայց քաղաք չդարձավ: Տասնյակ հազարավորներ մահացան. նրանց բանակարան պետք չէր, մնացածի համար ինչո՞ւ չկարողացան սարքել 25 տարում: Ինչո՞վ հարստացան հարուստները` շաքարավազ, բրինձ,բենզին ծախելո՞վ միայն: Հերիք է ասենք` 5-6 հազար տարվա պատմություն ունենք: Ո՞ւր ենք հասել այսօր: Մեր արժեքով պիտի երևա մեր այսօրը:
Հավատում եմ, որ մեր ժողովուրդը չի կորցնի իր արժեքը, և քիչ չեն լինի այն նվիրյալները, ովքեր կկանգնեն մեր ազգի համար:Ի՞նչ եք կարծում:
Կարծում եմ` որակն է կարևոր, թեկուզ և քանակով քիչ լինեն: Նույն հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված` մի ֆրանսիացի ինձ հարց տվեց. «Եթե դուք հայ-թուրքական հարաբերություններին դեմ եք, ուրեմն պատերազմի կողմնակից եք: Չե՞ք վախենում թուրքական զորքից: Նրանք շատ են, դուք` քիչ…»: Ես պատասխանեցի. «Ժամանակին Հայաստանն էլ որպես պետություն պետություն չէր, սովետական բանակ էր, հայը բանակ չուներ, Սփյուռքն էլ իր 7-8 միլիոնով բանակ չուներ, ընդամենը մի փոքր գաղտնի կազմակերպություն էր` 10-20 հոգուց բաղկացած, բայց ամբողջ աշխարհի զորքերի դեմ ելավ: Առաջին էտապը հաղթեցինք, ինչո՞ւ վախենամ»: Ամբողջ Սփյուռքը զարթոնք ապրեց զինյալ ազատագրական պայքարի շնորհիվ: Նույն մեր դատավարությունը մեծ առիթ էր` հայկական հարցը ջրի երես հանելու: Դատավարության ժամանակ դատավորն արգելեց «տեռորիստ» բառը գործածելը, իրավաբանը բացահայտորեն հայտարարեց, որ եթե ժողովուրդը իրավունք չունի բանակ ունենալու, ապա այդ տղերքն են գործում: Վերջապես թուրքը հայտնվեց միջազգային ատյաններում, և ներկայացվեց հայկական հարցը: Մինչ այդ հարցը չէր քննարկվում, գոնե այդքանը կարողացանք կորզել: Ճիշտ է, բիրտ ուժերով, բայց ամբողջ աշխարհն իմացավ` հայը ով է: Ազատագրական պայքարի միջոցով է, որ շատերը, անգամ « Հայ դատ»-ի հանձնախումբը սկսեցին աշխուժանալ, ակտիվանալ: Մեր նպատակն էլ այդ էր`ոչ միայն թուրքին հարվածել, այլ նաև հային ուշքի բերել:
Ինչո՞ւ են բոլոր ժամանակներում հայ մարդուն ցանկացել ոչնչացնել:
Պատճառը մեր մեջ պետք է փնտրենք: Անմիաբան ենք: Բոլոր ազգերի համար լավն ենք, բայց մեր ազգի համար` ոչ: Սա է մեր պատմությունը: Մենք ենք մեզ ոչնչացրել, ոչ թե օտարները…
Ո՞րն է Վազգեն Սիսլյանի նվիրական երազանքը:
Ես ինձ համար եմ երազում: Անկախության հռչակման օրերին ես հրապարակում չէի: Բարձրացրել էի Արագածի ամենաբարձր հատվածը և այնտեղից էի վայելում մեր անկախությունը: Իրական երազանքս Մասիս սար բարձրանալն է, բայց մեր սահմաններով: Եվ պայքարելու եմ դրա համար:
Մենք թյուրիմացաբար կարծում ենք, թե հավատացյալ լինելն ու հավատք ունենալը նույն բանն է: Հավատացյալ լինելը բնավ չի նշանակում հավատք ունենալ, դրանք կարող են գոյություն ունենալ իրարից անկախ:
Կրոնական` հավատացյալ լինելը ենթադրում է որոշակի գործողությունների՝ ծեսերի ու ծիսակատարությունների պարտադիր կիրառում:
Իսկ հավատքը կարող է հիմնված լինել սենտիմենտալության՝ որևէ կրոնի չհամապատասխանող գիտելիքի վրա, նաեւ մտքում եղած ինչ-որ բանի պատկերացման վրա, որը ոչ միշտ է համապատասխանում իրականությանը:
Շատերն իրենց համարում են աթեիստ միայն էն պատճառով, որ նրանք չեն պատկանում ոչ մի դավանանքի ինստիտուտի: Բայց էդ մարդիկ էլ հավատք ունեն:
Հակառակը մենք կարող ենք տեսնել մեր առօրյայում՝ սեւ հագուստով կրոնականներ, որոնց մոտիկից ճանաչելով` տեսնում ենք, որ հեչ հավատք չունեն, որոնք Աստծու հետ գոնե իրենց ամենօրյա բաժակընկերների մակարդակով ծանոթ չեն, ու վարած կյանքն էլ աստվածահաճո չի: Էդպես էլ է լինում:
Իսկ ինչպե՞ս կարող է լինել հավատքն առանց կրոնի, կամ կրոնն առանց հավատքի: Կարող է, երբ Աստված քո սրտի մեջ է, էնտեղ ես դու սարքում քո Աստծու տաճարը: Ճիշտ է, եկեղեցիներ ու այլ կառույցներ պետք են, որ մարդիկ, համախմբված հավատքով կարողանան հանդիպել, կիսվել իրար հետ, ի վերջո օգնել իրար: Դրանք էսօրվա եկեղեցիները չեն բնավ, ավելի շուտ ես եկեղեցի կանվանեի էն բնակարանը, ուր հավաքվում են էդպիսի մարդիկ, քան առեւտրի սրահների վերածված մեր Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ կառույցներ:
Նույն կոնտեքստում ես չեմ հասկանում, թե ո՞ւմ է հարկավոր էդքան եկեղեցիներ սարքելը, երբ էդ փողով կարելի է վիրահատել կամ բուժել թանկ բուժման կարիք ունեցող հարյուրավոր հայերի: Եկեղեցի սարքելը մեզ մոտ դառել է փող լվանալու հոյակապ միջոց. Համահայկական հիմնադրամի դրամահավաքչություններից կորզած միջոցներով մեր սենտիմենտալ ափյուռքահայության աչքերին թոզ փչելով եկեղեցին եկեղեցու հետեւից են սարքում, այնինչ մարդիկ են մահանում` հնարավորություն չունենալով բուժվել: Բայց շեղվեցի, ներեցեք ինձ, ուղղակի միշտ մտածել եմ դրա մասին, որ էսօրվա մեր հավատքը հավատք չի, հավատացյալություն է, կրոնականություն:
Ինչքան էլ եկեղեցիներ ու տաճարներ կառուցվեն, եթե հավատքը չկա, մեկ է, եկեղեցին հաճախելու են ձեւի համար կամ էլ «на всякий случай» մոմ են վառելու, մեկ էլ տեսար` էդ Աստված ասվածը կա: Ո՞ւմ է պետք հորինված կամ փաթաթված հավատքը: Հրեն, 70 տարի Լենինին ենք հավատացել, որն ասում էր՝ Աստված չկա, ես եմ ձեր Աստվածը, հավատացեք ու խոնարհվեք իմ առջեւ, ինչպես Աստծո: Դա էլ է եղել կրոնականություն, կեղծ կրոնականություն:
Իսկական հավատքը մարդուն մոտեցնում է Աստծուն, բերում է նրա դուռը, ոչ թե օգնում է հարստանալ կամ խաբել ինքն իրեն ու մարդկանց: Մարդը, որը կրոնական լինելուց, հավատացյալ լինելուց շահ է հետապնդում, չի կարող հավատք ունենալ, նա առեւտրի մեջ է մտնում, իսկ դա արդեն այլասերում է հավատքը:
Ես էլ ունեմ հավատք, իմ հավատքը համամարդկային սերն է, հանդուրժողականությունն է, կարեկցանքը, «բումերանգի օրենքը», եթե չեմ կարող օգնել, գոնե չվնասեմ ոչ ոքի, եթե չեմ կարող անգիտակցաբար, գոնե գիտակցաբար չվնասեմ, ես չեմ հավատում որևէ բանի, բացի կարմայի փոխհատուցման օրենքից, որի իմաստը կա բոլոր կրոնների պատվիրանների մեջ՝ «Մի արա դիմացինիդ հետ էն, ինչ չես ուզի, որ անեն քեզ հետ: Ամեն ինչ փոխկապակցված է: Լավություն արա՝ ջուրը գցիր: Մոռացիր, որ լավություն ես արել: Մի ուրանա քեզ արած լավը: Սիրիր մերձավորիդ, ինչպես քեզ: Մի սպանիր, մի վնասիր»:
Սա է իմ ընտրությունը: Կնքված եմ ու ինձ համարում եմ աշխարհագրորեն քրիստոնյա, բայց բնավ պարտադրված չեմ զգում ինձ կրոնականության զոհ գնալ ու ձեւի համար եկեղեցի հաճախել: Եկեղեցի գնում եմ, երբ ոտքերս են տանում, երբ չգնալ չեմ կարողանում, երբ չեմ էլ հասկանում, թե ինչի՞ եմ գնում:
Իսկ դուք ինչի՞ եք գնում եկեղեցի: Դուք ունե՞՚ք հավատք: Թե՞ հավատացյալ եք: Աստված ո՞վ է, ինչի՞ համար է: Ի՞նչ է քեզ տալիս Աստված, իրեն սիրելու դիմաց: Ինչո՞ւ է պատժում, ինչպես է տնօրինում քո կյանքը …
Հավատքը սրտի մեջ է ապրում, դա իրոք էդպես է: Ամեն մեկն իր հարաբերություններն ունի Աստծո հետ, ու մենք, ինչ-որ որոշակի ուղու հատված, ճանապարհ անցնելով, հասկանում ենք ի վերջո դա: Բայց դա, միեւնույն է, քիչ է, քիչ է միայն հասկանալ, պետք է փնտրել իսկական հավատքը, որն իր բնույթով մաքուր կլինի, որը «փչացած հեռախոս» դառած չի լինի, որը կգա սրտից ու ցույց կտա ամեն մեկիս ուղին…
Ու վերջապես, գուցե գա մի օր, որ ամենքս ստանանք մեզ հուզող Գլխավոր Հարցի պատասխանը, որն ամեն մեկի մոտ Իրենն է:
Ձեր Աստված Ձեզ հետ, ով էլ լինեք Դուք, եւ ինչպիսին էլ լինի Ձեր Աստված…
Կներեք ինձ, երկար ժամանակ չեմ գրել. Երկու ամիս էր Ստեֆանի համար տանջվում էի: Հիմա ամեն ինչ լավ ա, եթե ինձ հարցնեք, թե ինչպես՞ եղավ, որ լեսբի աղջիկը տղամարդ սիրեց, ես էլ փոխադարձ կհարցնեմ՝ էդ ո՞նց կարա հետերոսեքսուալ տղամարդը իրա նման փափուկ լինի, հասկացող, նուրբ ու առնական միաժամանակ:
Աստված ինձ օրհնեց, ինձ ուղարկեց սենց հասկացող տղամարդ, որ ես հասկանամ, թե իրականում ո՞վ եմ, ի՞նչ եմ սիրում կյանքիս մեջ: Բավականին օգնում ա էդ իրա սերը դեպի Ֆեմդոմ՝ կարանք փաթաթվենք, համբուրվենք ու վերջ, սեքսը պարտադիր չի: Նա նույնիսկ մի անգամ ասեց, որ մեր հասարակությունը չափազանց մեծ նշանակություն ա տալիս սեքսին, բայց իր համար էդքան էլ հաճելի ու հիանալի այլաշխարհային բան չի: Մի խոսքով՝ մենք սեքսին չափազանց մեծ տեղ չենք տալիս:
Իրա մոտ գնում եմ 10 օրը մեկ, արդեն հինգ ամիս շարունակ: Հիշում եմ, երբ մենք ֆեմդոմից հեռացանք, սկսեցինք նորմալ խոսալ իրար հետ, նա սկսեց իրան անհարմար զգալ, ես էլ վախենալով՝ կամաց-կամաց փորձեցի հասկացնել, որ ինձ համար սեքսը կարեւոր չի, ու որ ես հաճախ սեքս չեմ ուզում, ուզում եմ սովորոկան շփում, քննարկում, բանավեճ… Ինձ նայեց ու ծիծաղելով ասեց՝ “Իյա, էս ի՞նչ “նորմալ” բաներ ես ասում”, ոնց որ հարյուր տարի առաջ լուծված հարց բարձրացրած լինեի: Ու թեման փակեցինք:
Բայց ինչի՞: Ես գի՞ժ եմ, որ մտածում էի, թե իրա ընկերությունը կկորցնեմ, եթե սեքս չլինի: Էն իմաստով չէ, երբ որ հարուստների կանայք ենթարկվում են իրանց տղամարդկանց սեռական քմահաճույքներին, ուրիշ:
Ու սկսեցի մտածել իմ բոլոր ընկերուհիների մասին՝ ունեմ բազմաթիվ “նատուրալ” ու “ոչ նատուրալ” ընկերուհիներ, ոմանք արտասհամանից, ոմանք ստեղից:
Նրանց հետ քննարկեցի, մի քանի շաբաթ էս սեռական անհրաժեշտության թեման էր մեզ մոտ: Շատ սարասափելի ու զարմանալի, ու նաեւ սպասված պատասխաններ ստացա ու բացահայտումներ արեցի: Պարզվում ա, որ Կանադայից, Ֆրանսիայից կամ Իրանից, բոլոր ընկերուհիներս նույն պատմություններն են պատմում՝ իրենց մանկության ու պատանեկության տարիների կանացի պրոբլեմների մասին:
Բայց շատ գլխավոր թեմա-պրոբլեմներ կան: Հիշո՞ւմ եք Գորիսում հոր կողմից հղիացած 14-ամյա աղջկան: Պարզվում ա իմ ընկերուհիներից ոմանք էլ են նմանատիպ իրավիճակներում եղել՝ սեքսուալ ագրեսիա հոր կամ այլ մոտ հարազատների կողմից, սեքսուալ ագրեսիա ընկերոջ կամ մեկ այլ տղամարդու կողմից, ստորացում՝ որ ավելի ենթարկացնեն, կան նաեւ աղջիկներ որոնք երբեք չեն հնազանդվել ու չեն ենթարկվել, բայց բոլորն անխտիր բախվել են դրա հետ:
Ընկերուհիներիս հետ նաեւ քննարկում էինք մեր սեքեսուալությունը, ինձ անհանգստացնում էր էն փաստը, որ մեծանալով ես ավելի քիչ պահանջ եմ ունենում սեքսի, փոքր ժամանակ ավելի շատ էր, բայց կամաց-կամաց ես ինքս իմ ցանկությունները ճնշեցի, որովհետեւ զգում էի, որ իմ ողջ արժեքը տղամարդիկ տեսնում էին սեքսուալության մեջ, իսկ քանի որ դա վտանագավոր ու տհաճ էր ինձ համար, ես սկեցի հագնվել տղայավարի ու մերժեցի տղամարդկանց որպես ռոմանտիկ սիրո ու սեքսուալ օբյեկտ:
Տղամարդկանց հետ ոչ մի հաճույք չեմ ստանում, բացի Ստեֆանից էն էլ մենակ համբուրվելուց:
Մեկը սկսեց կյանքը պատմել: Ինձ ասեց, որ երբ փոքր էր, ծնողներն իրան ու քրոջը ծեծում էին՝ ապտակում, խփում մեկ-մեկ անկարգության համար: Իսկ երբ դառան 11-12 տարեկան, հայրը սկսեց ավելի հաճախ ծեծել, ու ամեն անգամ ասում էր՝ “Որ հիշես, ու բոզ չդառնաս”, ու ամեն անգամ, երբ աղջիկների վրա մարմնի բաց մաս էր տեսնում, խփում էր՝ ասելով. “Բոզ կդառնաս, եթե հիմիկվանց սկսել ես ջանդ բացել”: Ինքը՝ ընկերուհիս հետո սկսեց մտածել՝ “Էդ ի՞նչ բան ա սեքսը, որ հայրս էդքան ինձ ծեծումա սեսքուալ թվալու համար” : Ու 14 տարեկանից գժվեց ու հոր ինադու սկսեց թարս բաներ անել՝ տղաների հետ էր շփվում, որ նրանք իրան սիրեն, ու քանի որ շատ բարի էր, սկսեց ինքը սեքս նվիրել իր տարիքի տղաներին՝ շատ հեշտությամբ…
Բայց 23 տարեկանից հասկացավ, որ պետք ա դու ինքդ սիրես, որ տղամարդու համար չի, որ պետք ա գեղեցկանալ, այլ ինքդ քո: Նա շփոթված էր՝ չգիտեր իր սեսքուալությունը ինչ ա:
Մեկ ուրիշ ընկերուհուս, արտասահամանցի, բայց ծագումով հայ աղջկա պատմությունը ահավոր էր՝ իրական պատմություն ա: Ասում ա, որ իրանց դպրոցում բոլոր աղջիկները պետք ա կատարեին տղաների պահանջները՝ ամեն ձեւ ոնց իրանք ուզում էին, ինչ ձեւի ասես սեքսուալ ստորացման չէին ենթարկում: Ու դա համարվում էր նորմալ, նույնիսկ մրցույթ էին անցկացնում, թե ո՞վ կարա ավելի շատ հաճույք պատճառի տղաներին: Ու էդ հողի վրա ա ինքը դառել մազոխիստ… Լավ ա, գոնե մեզ մոտ տենց բաներ չկան:
Հաջորդ ընկերուհուս հայրը թողել էր ընտանիքին ու գնացել: Ու էդ աղջիկը սկսեց մտածել, որ մայրը չաղ էր, դրա համար հայրը գնաց, ու քանի որ ինքն էլ թմբլիկ էր ու հակում ուներ էլ ավելի չաղանալու՝ սկսեց չուտել, որ նիհարի, հոլանի դառնա ու տղամարդկանց դուր գա: Էն աստիճանի, որ մոտը անոռեքսիա սկսվեց՝ ոչինչ չէր կարողանում ուտել, ինչ ուտում էր հետ էր գալիս, սկսել էր հալումաշ լինել: Հետո փառք Աստծո հանդիպեց մի նորմալ ու բարի տղամարդու, ընկերացան, տղամարդը նրան սիրեց ու խնամեց, ու ինքը լավացավ… Հիմա էլի թմբլիկ ա ու շատ հաճելի:
Այ սենց խառը վիճակներ…
Հրավիրում եմ եկեղեցական ու իրավական ատյաններին` քննարկելու այս դեպքը: Համոզված եմ, որ թե՛ իրավական, թե՛ քրիստոնեական տեսանկյունից այս կնոջ արարքը հանցանք է ու մեղք, և էական չէ, թե քանի տարի է անցել: Արարքներ կան, որոնք չունեն վաղեմության ժամկետ: Չկա մեղք, որ թողության արժանի չլինի անկեղծ ապաշխարանքի պարագայում: Բայց՝ ոչ այս դեպքում…
Ծանոթներիցս մեկը խնդրեց ինձ հրապարակել իր պատմածը: Սա է…
«16 տարեկան էի, երբ համադասարանցիս լացակումած մոտեցավ ինձ, թե՝ բան կա խոսելու: Պարզվեց՝ վերջերս բացահայտել է, որ 16 տարի ապրել է ոչ իր կենսաբանական ծնողների հետ:
1989-ին Մարինեն (անունները փոխված են) նոր էր ավարտել դպրոցը, սակայն արդեն հասցրել էր անբարո համբավ ձեռք բերել: Պատահաբար ծանոթացել է մի երիտասարդի հետ, որոշ ժամանակ անց պարզել, որ հղի է: Նա չէր ցանկանում երեխային պահել, որովհետև իրեն լքել էին, երեխա ունենալը նրա պլանների մեջ չէր մտնում, ինքը պատրաստվում էր ամուսնանալ… Բայց ստացվում է այնպես, որ ծննդաբերում է… երկորյակներ: Մարինեն պահում է միայն տղային՝ Վարդանին, իսկ աղջկան՝ Սյուզիին, ծննդատնից դուրս գալուն պես, թողնում է մոտակա աղբանոցում: Աղջկա բախտից՝ նրան պատահաբար գտնում են ներկայիս ծնողներն ու որդեգրում:
Սյուզիի ծնողները չէին ցանկանում, որ նա իմանար ճշմարտությունը, բայց՝ իմացավ: Պատահաբար՝ երբ գտավ որդեգրման փաստաթղթերը: Դրանից հետո ծնողներն արդեն ստիպված էին ամեն ինչ պատմել նրան: Սյուզին շատ էր տանջվում, հակասական զգացմունքներ ուներ, համ ուզում էր գտնել մորը, համ վախենում էր. դե, ո՞ր մի նորմալ կինը երեխային կգցեր աղբանոցն ու նույնիսկ չէր հետաքրքրվի, թե ինչ է եղել նրա հետ հետագայում: Ես փորձեցի օգնել նրան: 5 տարի պահանջվեց ինձնից նրա եղբորը գտնելու համար, գտա պատահաբար:
«Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար: Ոչ թե, որ օգնեցիր ինձ գտնել եղբորս, այլ օգնեցիր հասկանալ, որ իրականում ծնողը նա չի, ով ծնում է, այլ նա է, ով պահում ու մեծացնում է քեզ իր հարազատ երեխայի պես… Ես չեմ ցանկանում հանդիպել այդ կնոջը, եթե, իհարկե, նա կին կոչվելու իրավունք ունի… Ցավում եմ միայն եղբորս համար, որ չեմ տեսնելու նրան, ոչ թե այն պատճառով, որ չեմ ուզում, այլ որ՝ մինչև հիմա այդ կին կոչվածը չի ընդունում, որ երկվորյակ է ունեցել… Իսկ որդին, բնականաբար, հավատում է մորը… Հուսով եմ, որ մի օր կհանդիպեմ ու մոտիկից կճանաչեմ նրան»:
Նամակը ստանալուց մի ամիս անց ես փորձեցի օգնել, որ նրանք հանդիպեն:
Պարզվեց՝ իր եղբոր համագյուղացին ամուսնացել է իմ համակուրսեցու հետ, ու ես պատահական մի օր իմացա դրա մասին: Պատմում էի կուրսեցուս, ու ինքն ասաց, որ էդ պատմությունը էլի է լսել: Հետո պարզվեց, որ համակուրսեցուս ամուսինը գիտի Սյուզիի եղբորը, ու երբ մի օր սայթով ցույց տվեց լուսանկարները, համոզվեցի, որ նրանք երկվորյակներ են, այնքան ակնհայտ էր նմանությունը:
Ու մենք որոշեցինք գնալ էդ տղայի գյուղ: Գնացինք, եկեղեցում տեսա էդ տղային, անունը Վարդան էր, սովորում էր Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, հիմա էլ է սովորում էնտեղ: Պատմեցի ամեն ինչ: Սկզբում ծիծաղի տվեց, չէր հավատում, շոկի մեջ էր, իսկ հետո՝ լուրջ չէր ընդունում…
Մայրը խեղճացրած էր պահել իրեն, կարճ ու կոպիտ ասած՝ անբարոյականի մեկն է ու գյուղով մեկ անունը դուրս եկած: Վարդանի վրայից լավ երևում էր, որ միտքը հասուն չի, ու ուղղորդվում է մոր ասածներով:
Սյուզիին երկար պատմեցի եղբոր մասին, նա շատ էր ուզում տեսնել եղբորը, բայց չէր կարողանում զսպել ատելությունը իր կենսաբանական մոր հանդեպ, որ իրեն ժամանակին նետել էր աղբարկղը…
Սյուզիի հետ գնացի այն ճեմարանը, որտեղ սովորում էր նրա եղբայրը: Բայց այդ հանդիպումը Սյուզիին մեկ անգամ ևս համոզեց, որ անիմաստ էր փնտրում մեկին` ով ի սկզբանե իր կողքին չպետք է լիներ: Նա հուսախաբված էր:
Սյուզին ամուսնացավ մի տարի անց ու հիմա սպասում է իր առաջնեկին»:
Ահավոր, սահմռկեցուցիչ պատմություն է… Փորձեցի ծանոթիս միջոցով կապվել Սյուզիի հետ, համոզել, որ իր իսկական անունը հրապարակվի, քանի որ 21 տարի առաջ հանցագործություն է տեղի ունեցել, և այդ կին կոչեցյալը քիչ է` երկվորյակներից «ընտրել» է տղային, իսկ աղջկան համարելով բեռ՝ դեն գցել անպետք իրի նման, այդ անառակը Սյուզիին առ այսօր չի համարում իր կենսաբանական աղջիկը, այդքանից հետո մոլորության մեջ է պահում իր կյանքն Աստծու ծառայությանը նվիրած որդուն, որ կարող էր Սյուզիին եղբայր լինել:
Ի դեպ, եղբոր անունն իրականում Վարդան է: Տղան իրականում սովորում է Գևորգյան ճեմարանում:
Անկեղծ ասած, չգիտեմ իրավական տեսանկյունից 21 տարվա վաղեմություն ունեցող հանցագործությանը հնարավո՞ր է ընթացք տալ, բայց արդարացի չէ, որ այդ անբարո կինը, որն իրավունք չունի մարդ կամ կին կոչվելու, իր երեխային աղբարկղը գցելուց հետո կարողացել է այսքան տարի հանգիստ ապրել և մնալ անպատիժ:
Արդյո՞ք այս նամակը կօգնի, որ այդ կինը պատժվի գոնե այնքանով, որ Վարդանը հասկանա տեղի ունեցածի ողջ ողբերգությունը, գիտակցի քրոջ տառապանքն ու հաշիվ տա իրեն՝ որպես Աստծո ծառա իր անցնելիք ճանապարհին…
Հ.Գ. Մենք փոձեցինք պարզել թե ինչ պատիժ է սահմանված սեփական երեխային աղբանոց նետած կնոջ համար: Իրավապահ համակարգի իմ ծանոթ աշխատակիցն ասաց, որ այդ արարքը դիտվում է սպանության փորձ, որը ենթադրում է մինչև10 տարի պատժաժամկետ: Քանի որ դեպքը տեղի է ունեցել 21 տարի առաջ վաղեմության ժամկետով վերոհիշյալ կնոջը պատժել չեն կարող:
Մնում է միայն հասարակական պարսավանքը, այն էլ նման կարգի բարոյազուրկ կնոջը դա հազիվ թե հուզի:
Լուսինե Վայաչյան
Հին ժամանակների մի ահավոր պատմություն կարդացի. ԿՏՍՄ խաղերը հայտնի են հին ժամանակներից: Մի հարուստ պարոն էր ապրում եվրոպայում, որն իր կնոջը շատ-շատ էր սիրում, բայց ուզում էր, որ իր կինը իրեն տանջի: Կնոջն ասում է, որ սենյակում իր ձեռներն ու ոտները կապոտի, ուրիշ տղամարդ բերի ու իրա աչքի առաջ էդ տղմարդու հետ լինի: Կինը, որ սովորել էր արդեն ամուսնու ազատ սեքսուալ ֆանտազիաներին ու խաղերին, համաձայնվեց, գնաց իր ճաշակով տղամարդ ընտրեց, բերեց իր ամուսնու առջեւ համբուրեց, սիրեց, սեքս արեց հետը, ու իրա ամուսինն էլ կապված գոռալով ամոթից տանջվեց…
Էս մարդը հետո գրեց իրա գրքի մեջ (ինքը գրող էր), որ նույնիսկ սիրեց տանջվելը, էլ չկարողացավ կնոջը կպնել ու սիրել: Չուզեց նրան կպնել ուրիշ տղամարդու կպնելուց հետո: Շատ տխուր պատմություն էր: Չնայած էս զույգը լավ նպատակով մտավ femdom-ի՝ կանացի տիրապետոթյան մեջ…
Ո՞նց է, որ femdom-ը ԿՏՍՄ-ի մասն է: Որովհետեւ մեր հայրիշխանական հասարակության մեջ femdom-ը աննորմալություն են համարում, femdom-ը նույնիսկ ամերկացիների մոտ ա վատ բան, ու ընդունված չի, կան մարդիկ, բոլորը գիտեն, բայց դա պետք ա քողարկված լինի: Ու դրանից, որ շատ չի ընդունված, կին-դոմինանտ հարաբերությունները փոխակերպվում են ու ֆետիշ են համարվում:
Երբ մտածում եմ մեր երկրի պրոբլեմների մասին, մտածում եմ գաղափարի սահմանի պրոբլեմների մասին, որ տղամարդկանց բանակներն իրար ուզում են սպանեն, ընտանքիներն ուզում են բաժանել, կանանց ուզում են բռնաբարել: Մեծ հաշվով նրանք էլ էս խաղի մեջ… Հաճախ եմ մտածում կյանքի մասին, իմ Տիրուհու դերի մասին, մտածում եմ, որ մեր ամեն ինչի մեջ կա մազոխիզմ, ու բավականին շատ սադիզմ:
Մտածում եմ, որ նրանք են դառնում սադիստ, որոնք հաղթում են պատերազմում, իսկ մազոխիստ՝ պարտվողները: Պասիվը երբ խոսում է, երբ հրաժարվում է իր պասիվությունից, երբ ասում է, թե ինքն ով է, ի՞նչ է ուզում, հայտնվում է ոչ-պասիվ կողմում: Բայց նա, ով որոշում է: Նա, ով ունի որոշման իրավունք ու ուժ: Femdom-ի մեջ էլ: Իսկ մեր հասարակությունում, մեր կանայք իրականում չունեն որոշման իրավունքն ու ուժը…
Լուսինե Վայաչյան
Ես ավելի խորն ու ավելի լավ հասկացա մարդկանց յուրահատուկ մտածելակերպը ԿՏՍՄ-ի հետ կապված: Այլ կերպ ասած, ամեն մարդ տարբեր Տիրուհի ա ուզում, ու տարբեր տիրուհիական հարաբերություններ: Տիրուհու տաղանդը նրա ուժն ա, Տիրուհին կարա անի էնպես, որ իրա ուզածը զոռով անեն: Կարող ա խոսքով ուժեղ լինի, ինչ ուզես ասի, կարա` չար ու կոշտ:
Կա ստերեոտիպ, որ Տիրուհին անպայման պետք ա չար լինի, եսակենտրոն, բայց իրականում հազար ու մի տարբերակ կա, որ բուրգի նման ներքև ա իջնում: Օրինակ՝ Մարիաննան բարի ա, ժպտերես, բայց գիժ ա. նա չի կարա երկար ժամանակ մնա կլիենտի հետ, իսկ Սյուզաննան կարա երկու ժամ կլիենտի մոտ մնա ու շատ խիստ լինի, կամ էլ կարա գնա ռեստորան կլիենտի հետ, հետո գա՝ իրան ստորացնի: Այս բոլորը հարաբերությունների տեսակներ են:
Ես մի 90% վստահ եմ, որ դաժե չեն քնում իրանց կլիենտների հետ: Կան, որ չպատճառաբանված կոշտ ու կոպիտ են, բայց միայն ցուցադրական, իրականում ոչ ուժ կա մեջները, ոչ խելք: Բայց տղամարդիկ ջոկում են, թե ով ա սրտանց անում իրա գործը՝ ստորացնում, ով ա խաղում, հետն էլ՝ անտաղանդ:
Կան ստրուկներ, որոնց մոտ ավելի շատ ա լատեքսի սերը, լատեքսի ֆետիշը: Կան, որ իրանց առանձնահատուկ հաճույք ա պատճառում ամբողջ օրը կնոջը ծառայելը: Կան, որ սիրում են ուժեղ ֆիզիկական փորձառություններ՝ մազոխիզմ, երբ իրանց ցավացնում ես, բայց տիրուհու դերը խաղացող չեն ուզում, ուզում են անպաճույճ մի կին, ով չի խաղում, բայց կարողանում ա իրանց էդ փորձառությունները տալ:
Ինչի՞ եմ ես սա ձեզ պատմում… Որովհետև պետք ա հասկանաք, որ մարդու մտքում շատ տարբեր իրավիճակներ կարան լինեն. կան, որ կարիք ունեն հատուկ բուժման, կամ էլ՝ հատուկ տիրուհու: Ու դրա համար էլ կան շատ ու շատ տիրուհիների տարբերակներ: Պիտի խոսեմ femdom-ի մասին. դա կարա լինի ոչ միայն ԿՏՍՄ/dominant հարաբերություններում, այլ առօրյա կյանքում, սովորական զույգերի մոտ:
Կարդում եմ ինտերնետում, էն օրը ամերիկյան սայթով գրքեր պատվիրեցի: Շատ հետաքրքիր են femdom հարաբերությունները: Դա՝ ոնց հասկացաք, նշանակում է «կինը՝ դոմինանտ», կինն ա որոշում, թե էդ զույգը ինչ ա անելու, ոնց են լինելու իրանց հարաբերությունները: Ինքն ա որոշում, թե որքան պիտի թույլ տա, որքան ա ինքը ուզում: Կարա լինի խիստ, կամ՝ փափուկ, կամ՝ չար, կամ՝ բարի… Ոնց ինքն ուզում ա, ոնց որ ինքը կա: Femdom հարաբերությունները կարան սկի ԿՏՍՄ-ի հետ կապված էլ չլինեն, պետք չգան անպայման լատեքս, մտրակ, ոչ էլ խփես, կարան չլինեն հագուստ, բարձրակրունկ կոշիկ, մեյքափ:
Femdom հարաբերություններ լինում են, երբ երկու հասուն մարդ, ամուսնացած կամ ոչ, իրար հետ լավ են, ուրախ են, ու որոշում են իրանց հարաբերություններում նոր բան մտցնեն, ու երկուսն էլ ընդունում են խաղի կանոնները: Կա մենակ երկուսի ցանկությունը, իսկ զույգից մեկը պետք է լինի որոշող՝ ակտիվ, մյուսը՝ պասիվ կատարող, ու ոնց ասեց մեր սիրելի Ստեֆանը. «Պասիվն ավելի ազատ է, քանի որ չունի որոշումներ կայացնելու պարտավորվածություն»:
Շատ մեծ սեր կա femdom-ի մեջ: Երբ մարդիկ մարմնապես մոտիկ են, ու երբ տղամարդը հարմարվում ա կնոջը ու ենթարկվում նրա պահանջներին, ոնց որ պայմանավորվում են, թե տանն ով ինչ պետք ա անի, ով ճաշ եփի, ով տուն մաքրի: Իհարկե, անպայման պետք ա խոսան նախօրոք ուժերի բաշխման մասին՝ ցանկացած հարաբերություններ սկսելուց առաջ:
Տղամարդը, որը սիրում ա Տիրուհու տիրապետությունը, ընդհանրապես սիրում ա խիստ ստրկություն femdom հարաբերություններում. օրինակ՝ ուզում ա հրամանով տուն մաքրի: Կամ էլ՝ կարա լինի շատ թեթև, օրինակ՝ մենակ անկողնում կինը տիրուհի լինի՝ ոչ ավելին: Միասին են որոշում՝ երբ և ոնց են ուզում femdom անել: Միակ պայմանը femdom-ի մեջ էն ա, որ երկուսն էլ համաձայնեն, իսկ զգացողությունները փոխվում են, ու նորից մենք ուժ բաժանելու կարևորության առաջ ենք…
Կարծում եմ, լավ կլինի, որ Ստեֆանի հետ մենք femdom հարաբերություններ ունենանք: Կարող ա վճարել դրա համար, որովհետև ես սեռական առումով իրա ընկերուհին չեմ, իսկ femdom անում են նրանք, ովքեր շատ մոտ են թե՛ սեռական կյանքում, թե՛ կյանքում ընդհանրապես: Կարամ, օրինակ, իրան ասեմ, որ երկու շաբաթ պետք ա իրան բուժեմ: Ու զոռով ստիպեմ իրան խմելը թարգել, զոռով պարտադրեմ մի հինգ ժամով փողոց դուրս գա, գնա կենդանիների ապաստարանը, մի բարի գործ անի…
Շարունակելի
Երբևիցե մտածե՞լ եք, թե ինչու մեր կրթական համակարգում սովետմիությունից ժառանգած կաշառակերությունն ու կոռուպցիան ոչ միայն չեն վերանում, այլև ծաղկում են ու բարգավաճում: Ինչու՞ է բարձրագույն կրթությունը որպես «ադաթ» շարունակում մնալ ու զարգանալ համատարած գործազրկության, աշխատուժի բացակայության պարագայում: Ու՜ր են գնում էդ վայ-մասնագետները, ի՞նչ ոլորտներում են իրենց դրսևորում մեր բուհերն ավարտած զանազան անպահանջարկ մասնագիտությունների տեր երիտասարդները, եթե չեն աշխատում մասնագիտությամբ: Ինչի՞ն է պետք բարձրագույն կրթությունը, եթե չի օգնելու հետագայում բուհում ձեռք բերած մասնագիտությամբ աշխատանք գտնել ու արժանավայել ապրել:
Փորձենք միասին գտնել պատճառը կամ պատճառները, որոնք դրդում են երիտասարդին կամ ծնողին անպայման ընտրել բուհ, այլ ոչ թե քոլեջ, որը կտա կոնկրետ կիրառական մասնագիտություն, ասենք՝ վարսավիրություն կամ ոսկերչություն, շատ դեպքերում ավելի լավ կօգնի գոյատևել, քան ինժեների կամ գյուղատնտեսի մասնագիտությունը:
«Ավարտած» աղջիկ տուն հարս բերելու մեր հայ սովետավանդական մոտեցումը բացատրում է աղջիկներին բուհ խցկելու հայ ծնողների ցանկությունը: Աղջիկն ավելի հաջող կամուսնանա, էլի ավարտած տղայի կառնի. եթե ավարտած էլ չլինի՝ ավելի լավ, աղջկա լեզուն երկար կլինի: Ամեն կողմից լավ է, որ աղջիկն օժիտի մեջ դիպլոմ ունենա: Լավ, հասկացանք:
Անցանք տղաներին: Բնական է, առաջին պատճառը բանակում ծառայությունից խուսափելն է: Բայց շատ բուհերում բանակ էլ են տանում, մեկ է՝ գնում են: Բակալավրիատ, հետո՝ մագիստրատուրա, էդ էլ բանակից խոսափելու համար են անում հաճախ, բայց ամենաշատ բուհամոլներն ապագա կարիերիստներն են, ապագա չինովնիկները:
Որտե՞ղ են անպայման պահանջում բարձրագույն կրթություն, ողջունում պետական բուհի դիպլոմը՝ պետական հաստատություններում, բոլոր այն տեղերում, որտեղ աշխատավարձը վճարում է պետությունը, ու այնպիսի չափի, որ զարմանում ես, թե ինչի՞ են էդքան ձգտում դառնալ քաղծառայող:
Եկանք հասանք բուն պատճառին՝ չինովնիկին, թղթեր ձևակերպող, թույլտվություն տվող չինովնիկին «դաբրո» տվող, ակտ գրանցող չինովնիկին, կադաստրի, «Փարոս»-ի, սոցապի, նախարարությունների չինովնիկին, մեծ չինովնիկի մոտ «պռախոդ» ունեցող կաշառքով լավ ապրող չինովնիկին, ապա՝ հարուստ չինովնիկին, ապա՝ գերհարուստ:
Որտեղի՞ց պիտի մեր որևէ նախարարն ունենա հարստություն: Ինչի՞ պիտի չինովնիկը հարուստ լինի: Ինչի՞ պիտի ունենա առանձնատներ, բնակարաններ մեքենաներ, բիզնեսներ դնի գործունեության օրոք: Ո՞ր մի կարգին երկրում է չինովնիկը ծակ կոշիկներով, հետույքներ մտնելով կարիերա սկսում ու դառնում գերհարուստ: Կամ՝ կուսակցականը: Էդ ի՞նչ փողերով, էդ ումո՞վ են նրանք հարստանում: Ու ո՞նց են անում, ի՞նչ մեխանիզմ է գործում:
Հենց ավարտում են երեխեքը, վռազ փորձում են ինչ-որ նախարարությունում կամ այլ պետական չինովնիկական ապարատում գործի դնել զավակին՝ ծիծաղելի աշխատավարձով. Հետո՝ «պերյոդ» գցելու ակնկալիքով:
Ինչու՞ հիշեցի: 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ընկերուհուս «Փարոսը» կտրեցին. չինովնիկներն ասում են՝ բալերդ չեն հերիքում: 20000 դրամ էր ստանում, գոնե կոմունալ վարձերն էր մուծում, իսկ հիմա աղջկա 18-ը լրացել է, ու էլ նրան «Փարոս» չի հասնում… Աղջիկն էլ՝ վճարովի սովորող երեխա, հիմա ընկել ու աշխատանք է փնտրում: Կանացի պրոբլեմներ ունի՝ վիրահատություն պահանջող: եթե գոնե հույս կար, որ «Փարոս»-ով անվճար կանցնի, հիմա էդ էլ չկա, մի կողմից էլ՝ արտրոզի պատճառով վիրահատության կարիք ունի, դրա մասին էլ խոսք չկա, չի հիշում, մենակ մտածում է, թե ո՞նց է գոյատևելու: Չինովնիկները բալահամակարգ են կազմել ու, ըստ էդ բալահամակարգի, նրան զրկել էդ չնչին գումարից: Ո՞նց են կազմել էդ բալահամակարգը, ու ո՞նց են անբավարար բալերի հարցը լուծում. պարզից պարզ է՝ կաշառքով:
Մի կաշառակերին մյուսով փոխարինելով համակարգ չես փոխի, պետությունն ինքն է նպաստում կաշառակերությանը: Հիշեք, կա՞ մեկը, ով գոնե մի փոքր տեղ չինովնիկին «շնորհակալություն» չի ասել ծրարի տեսքով, կամ էդ ծրարով գործի ընթացքը չի արագացրել: Ես որ՝ տվել եմ ծրար, իսկ դո՞ւք:
Բուհերի կաշառակերության պատճառը չինովնիկության պաշտամունքն է:
Հայրն աղջկան անվանեց Սվետլանա, բայց բնավ՝ ոչ այդ անվան մեջ եղած լույսը տեսնելու համար, այլ, որովհետև անհաջող սիրո անունն էր: Կինը գիտեր այդ մասին, ու երեխային տարօրինակ էր վերաբերվում: Սիրում էր, իհարկե, բայց ամեն անգամ «Սվետա» կանչելով ամուսնու սիրած ռուս աղջկան էր հիշում, ու հոգին տակնուվրա էր լինում: Փոքրիկ աղջիկն այդ մասին չգիտեր, ու կարծում էր, որ մայրն իրեն չի սիրում… Նա օտարված է եղել մորից, ու գրեթե չի կիսվել նրա հետ, երբ յոթ տարեկանում սիրահարվել է, ու ինչ- որ անհանգստություն է զգացել, ու չի հասկացել իր հետ ինչ է կատարվում, վախեցել է պատմել այդ մասին մորը: Բայց մայր ու աղջիկ սիրում էին իրար, սիրում էին քնել իրար փաթաթված…
Մինչև, օրերից մի օր, երբ նոր էր սկսվել պատերազմը, 19 տարի առաջ հենց այս օրը Սվետայի մաման Մեղրուց գնաց Երևան ու էլ հետ չվերադարձավ… Նրան, ընկերուհուն ու ընկերուհու ամուսնուն, ով Կամազի ղեկին էր, ադրբեջանցի ավազակախումբը գերի վերցրեց Երևան-Մեղրի ճանապարհից:
Սվետան մորն այլևս չտեսավ:
Քույրերը՝ փոքրը վեց տարեկան, Սվետան՝ ութ, տեղափոխվեցին ապրելու տատիկի մոտ:
— Ես ընկել էի ազատության գիրկը, քանի որ տատս ու պապս աշխատում էին, ժամանակ չունեին մեզանով զբաղվելու, ու էդ ազատությունն ինձ տալիս էր հնարավորություն իմ ներսի ցավը մեղմելու, մտքերը ցրելու ու պատնեշ դնելու իմ ու անցյալի միջև: Խաղերն ինձ օգնում էին ցրվելու, բայց երբեմն հարցեր էին առաջանում, ու երբ ինձ նեղացնում էին, էդ ժամանակ ես զգում էի, թե որքան մենակ եմ, սկսում էի մտածել կյանքիս մասին, իմ մեջ վերլուծել:
Ու էդ տարիքում նա մերժեց Աստծուն։ Աղջնակը նեղացել էր Աստծուց ու պարփակվել իր մեջ: Հույսը դրել էր միայն իր վրա, իսկ երբեմն – երբեմն նույնիսկ ինքնասպանության փորձերի էր դիմում: Բայց ինչքան էլ դժվար լիներ էդ ժամանակահատվածը, նա միևնույն է՝ միշտ սիրել է կյանքը, ու միշտ մտածել, որ մարդը հենց էնպես չի ծնվում`յուրաքանչյուրը ծնվել է ինչ-որ նպատակի համար:
«Ես իմ դառը փորձից հասկացել եմ, որ էդ ամեն ինչը իզուր չէր, որ դրանք փորձություններ են, ու պետք է հաղթահարվեն, որ ամեն ինչ իրականում չարի ու բարու կռիվն է: Որոշել եմ գտնել իմ առաքելությունն այս կյանքում: Ու քանի որ դա հեռավոր երազի նման է եղել, որոշել եմ համբերատար սպասել, հարմարվել պայմաններին», -պատմում է Սվետան:
Հենց պատանեկության տարիներին էլ առաջին անգամ լուրջ զգացմունք է ծագել աղջկա նկատմամբ: Ու նա հասկացել է, որ փոքր ժամանակ էն տարօրինակ զգացումը, որ իրեն անհանգստացրել է, սիրահարվածություն է եղել, մի տարբերությամբ, որ ոչ թե տղաների է սիրահարվում ինքը, այլ՝ աղջիկների:
«Ես ապրում էի գավառում ու միշտ էլ մտածել եմ, որ իմ նման մարդիկ հիվանդ են: Ես ինձ հիվանդ էի զգում, ուրիշ, օտարացած թե օտարացված հասարակությունից, միևնույնն է: Ինձ թվում էր, ես երբեք չեմ կարող ընդունվել հասարակության կողմից. Եթե մնամ էնպիսին, ոնց կամ, ոնց ստեղծել ա ինձ Աստված, թե բնությունը, որ չեմ կարող բացահայտ սիրել, քանի որ ուզում եմ սիրել աղջկա, երջանիկ լինել, ի վերջո՝ ընտանիք ունենալ: Չէի հավատում»,- պատմում է աղջիկը:
20 տարեկանում Սվետլանան տեղափոխվեց Երևան, քույրն ընդունվել էր համալսարան: Կամաց-կամաց Երևանում սկսեց հարմարվել, ինտերնետի միջոցով գտավ իր նմաններին, ու անլիարժեքության բարդույթը ժամանակի ընթացքում վերացավ: Այդ նույն ինտերնետից էլ նրա ընտրած Ocean մականունը տեղափոխվեց իրական կյանք: Գուցե ճի՞շտ են ասում, որ անունը, դրա ընտրությունը, մեծ դեր է խաղում կյանքում: Ocean անունը այլ շունչ բերեց աղջկան, նրա համար մի նոր կյանք բացվեց, նոր հնարավորություններ, հայտնվեցին նոր մարդիկ… Այդ մարդկանցից շատերն արվեստագետներ էին: Ինքն իրեն զգաց ինչպես ձուկը ջրում, ոգևորվեց, ու քանի որ արվեստը նրան միշտ ձգել է, միշտ մի բան արարելու պահանջ է ունեցել, սկսեց ակտիվորեն ինքնաարտահայտվել: Հիմնականում լուսանկարչության միջոցով:
Բավականին արագ, մի քանի ամսվա ընթացքում Ocean-ին նկատեցին, հիմնականում ինտերնետից, Ֆեյսբուքից, ու սկսեցին հրավիրել ցուցահանդեսների: 2010թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին նա մասնակցել է չորս տարբեր ցուցահանդեսների: «Հայկական ռապսոդիա» նախագծի շրջանակներում ցուցադրվել է Բելգիայում։ Վերջերս էլ «Հոգմապար» շարքով մասնակցեց Նկարիչների միությունում հյուրընկալված «Մարմին. Նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսին:
Ցուցահանդեսը ներկայացնում են հինգ համադրողներ, ովքեր նաև արվեստագետներ են՝ Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արևիկ Արևշատյանը, Արման Գրիգորյանը և Դավիթ Կարեյանը:
Ցուցահանդեսը կազմված է 4 նախագծերից ու ընդգրկում է բավականին լայն ժամանակային դիապազոն` Սուրենյանցից մինչև Սվետլանա Անտոնյան(Ocean):
Նախագծերն ու նրանց մոտեցումները, հեղինակների ու գործերի ընտրության սկզբունքները տարբեր էին, բայց ինձ համար կոնկրետ, նրանք միավորված էին մի՝ «ՄԱՐՄԻՆԸ `ՈՐՊԵՍ» գաղափարով:
Արևիկ Արևշատյանն իր ֆեմինիստական – տրանսֆորմացիոն(իմ ընկալմամբ) «Մարմինը որպես իրականության զգացողության միակ սուբյեկտ» նախագծով փորձել է հետևել կանանց ինքնաարտահայտման տրանսֆորմացիաներին:
Դավիթ Կարեյանը «Մարմնի ճշմարտությունը» մարմնականի ու հոգևորի հավասարության կոնցեպտով ցանկացել է ընդգծել, որ մարմինը նույնպես ունի կարիքներ, և նրանք պակաս կաևոր չեն:
«Կերպարային տեսություն» նախագծում (համադրողներ՝ Ա. Սարգսյան, Ս. Համալբաշյան) ներկայացվել են անցյալի վարպետները՝ Իսաբեկյան, Հակոբյան… Հակոբ Հակոբյանը հատուկ այս ցուցահանդեսի համար է գործերն արել: Ինձ համար մի քիչ տարօրինակ էր այդ երկուսին կողք- կողքի վիզուալ ընկալելը, կամ գուցե մտահղացումն էր այդպիսին: Արման Գրիգորյանը «Ճակատային մերկություն» նախագծի հեղինակներին մերկության սկզբունքով է ընտրել: Այդ էր պատճառը, որ նա նկատեց Ocean-ին, որի մասին ասում է. «Եթե չեմ սխալվում, երևի հինգ տարի առաջ ավստրիացի կուրատոր Հեդվիգ Սաքսենհյուբերի հետ,զրուցում էինք հայկական ժամանակակից արվեստի մեջ պրոֆեսիոնալ լուսանկարիչների ներգրավվածության մասին: Հեդվիգը դեռ 1999 թվականից հետաքրքրվում էր հայ լուսանկարիչների աշխատանքներով, շատերի գործերի հետ էր ծանոթացել ու դժգոհ էր մնացել, ուզում էր, որ իրեն նոր մարդկանց հետ ծանոթացնեմ, ես էլ ասում էի, որ Հայաստանի պրոֆեսիոնալ լուսանկարիչներով առանձնապես հետաքրքրված չեմ, որ ինձ ավելի հետաքրքրում են Ժամանակակից արվեստագետները`պոպ-արտիստները, կոնցեպտուալիստները և այլն, հետո հարցրի, թե ի՞նչը չի բավարարում նրան մեր լուսանկարիչների մոտ, պատասխանը շատ տպավորիչ էր, նա ասաց. «Գիտես, Ձեր բոլոր լուսանկարիչները կարծես ամսագրերի համար են նկարում, բայց նույնիսկ «գլամուրն» է շատ վատ ստացվում…
Հեդվիգի հետ զրույցից հետո սկսեցի ավելի ուշադիր լինել «գլամուրիստ» լուսանկարիչների հանդեպ, ինչպիսին է, օրինակ,Րաֆֆի Դավթյանը, մի խոսքով՝ առանձնապես հետաքրքիր ոչ մի բան չէր հաջողվում գտնել: Բայց մի օր Facebook-ում տեսա Ocean-ի լուսանկարները ու շատ տպավորվեցի, հիշում եմ՝ նայեցի Սվետլաննայի «ֆրենդների» մեջ, տեսա Տիգրան Խաչատրյանին, հետաքրքրվեցի, թե ինչ գիտի Ocean-ի մասին: Հիշում եմ, որ Տիգրանին համոզված ասում էի, որ երևի Ocean-ը Մոսկվայում կամ Պետերբուրգում է ապրել ու սովորել: Տիգրանն էլ էր հավանել լուսանկարները, բայց տեղեկություններ չուներ իրանից: Պատմում էր, որ հանդիպել է միայն մեծ ընկերական միջավայրերում ու ոչ մի բան չգիտի իր մասին և ընդամենը մի բան կարող է ասել, որ շատ համեստ մարդ է, լուռ, ինքնամփոփ, նստում, ոչինչ չի խոսում:
Ինձ հատկապես դուր էին եկել Ocean-ի ինքնադիմանկարները ու մեջքից նկարված քնած կինը: Այդ ընթացքում արդեն սկսել էինք աշխատանքները «Մարմին. Նոր Պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսի վրա ու ես որոշել էի անպայման ցուցադրել «Քնած կնոջ դիմանկարը», «Հոգմապար»-ը դեռ չէի տեսել, դրանք էլ որ տեսա Facebook-ում ավելի հավանեցի:
Երբ իմացա, որ Ocean-ը ոչ ապրել, ոչ էլ սովորել է Մոսկվայում կամ Պետերբուրգում, ու որ ընդամենը Ֆոտոապարատ է ճարել ու ինքն իր համար սկսել է ֆոտոներ անել ու, որ հերոսը հենց ինքն է, լրիվ հիացա. կարծես հանդիպած լինեի մաքուր արվեստի ֆենոմենի: Արվեստ, որը մաքուր ինքնաճանաչողություն է ու հաղորդակցություն, ոչ մի ավելորդություն, սրբագրում կամ գնահատված լինելու ակնկալիք: Ocean-ի արվեստը լավագույն վկայությունն է նրա, որ արվեստը դեռ ի վիճակի է լինել դիմադրող մարդկանց արտահայտչամիջոցը, որով նրանք պաշտպանում են իրենց և ուրիշների «ապրող կյանք»-ը»:
Ocean-ը գտավ իր առաքելությունն այս կյանքում: Չնայած դեռ աշխատանք չունի, բարդ է գտնելը, քանի որ աշխատատուները նրան տարօրինակ են համարում: Այնուամենայնիվ, նա իրեն պիտանի մարդ է զգում ու հասարակության լիիրավ անդամ: Ընկերներն օգնում են նրան: Բոլորը գիտեն նրա կողմնորոշման մասին, բայց արվեստի դաշտում դա էական չէ: – Լավ կլիներ, որ ամեն տեղ այդպես լիներ՝ առաջին հերթին մարդն ու նրա արած գործը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.