Լոս Անջելեսի հայերը պատրաստվում են ցույցով դիմավորել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին վաղը Սուրբ Ղեւոնդ եկեղեցու բակում: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան հայտարարությունից: Ֆեյսբուքում ստեղծվել է նախաձեռնություն, որի հեղինակները հենց ամերիկահայերն են: Նախնականով այդ միջոցառմանը մասնակցելու է 45 հոգի:
Նախօրեին եւս նմանատիպ ակցիա են անցկացրել:
Հոկտեմբերի 26-ին, երբ Գարեգին Բ—ն այցելել է Լոս Անջելես, տեղի Սուրբ Ղեւոնդ եկեղեցու բակում նրան դիմավորել են «Ազատություն քաղբանտարկյալներին», «Մահ ռեժիմին», «Մենք Սասնա ծուռ ենք» ցուցապաստառներով: «Սասնա ծռերի» Լոս Անջելեսի մասնաճյուղի անդամ Արաքսյա Գրիգորյանը եւ մի խումբ հայեր նաեւ կոչեր են հնչեցրել:
«Հայաստանի N2 հանցագործը», «Ազատություն «Սասնա ծռերին»», «Ազատություն քաղբանտարկյալներին». այսպիսի կոչեր են հնչել պաշտոնական միջոցառման ժամանակ:
Ըստ ցուցարարների՝ կիրակի օրը լինելու է աննախադեպ ակցիա:
Հավելենք, մի քանի օր առաջ նման բողոքի ակցիա հայերն իրականացրել են Բեռլինում՝ դարձյալ ուղղված Գարեգին Բ-ին։ Ազգությամբ հայ մի կին «Ազատություն Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին» պաստառով մտել է հայկական եկեղեցի եւ պաստառը պարզել դեպի կաթողիկոսը։