23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը, ինչպես հայտնի է, բանակում կարգուկանոնի հաստատմանը նվիրված կարգապահական կանոնագիրք է պատրաստում: Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ լրագրողները հարց ուղղեցին այդ հանձնաժողովի նախագահ դաշնակցական Հրայր Կարապետյանին` վերջին շրջանում բանակում ծայր առած միջադեպերի և դրանց մեջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դերակատարության վերաբերյալ:
«Դատապարտելի են բոլոր այդ տեսակ երևույթները. այս բոլոր խնդիրների մեղավորները ամենայն խստությամբ պետք է պատժվեն, որովհետև լավ ճանաչում եմ Սեյրան Օհանյանին: Ես հավատում եմ, որ նա ուզում է բանակում ինչ-որ բան փոխել, բայց հավատացե´ք, որ սրանք տարիներով կուտակված երևույթներ են` ժառանգված խորհրդային բանակից և ղարաբաղյան պատերազմից: Մի մոռացեք, որ վիետնամական պատերազմից հետո գոյություն ուներ վիետնամական սինդրոմը, երբ որ նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են մարտական գործողություններին, խաղաղ ժամանակ նորից ծառայում են զինված ուժերում. նրանց թվում է, թե իրենց ամեն ինչ կարելի է: Էդպես չէ , էդպես չի կարող լինել. բոլորը օրենքի առջև հավասար են: Այս ամենը բանակից արմատախիլ անելը հեշտ գործ չէ: Բանակում կա նաև կոռուպցիա: Սա է պատճառը, որ մեր հանձնաժողովն իր հնարավորության սահմաններում նախաձեռնել է լսումներ: Առաջին անգամ օրենքով կսահմանվեն հրամանատարների և զինվորների իրավունքներն ու պարտականությունները: Կարևոր է նաև այն կրթական-դաստիարակչական ծրագիրը, որի մասին պաշտպանության նախարարն էլ է խոսում. նա գրքույկներ է պատրաստել սպաների համար, կրթական-դաստիարակչական գրպանի գրքույկներ. սրանք ողջունելի բաներ են: Պետք է անընդհատ աշխատանք տանել հրամանատարական կազմի հետ, որպեսզի նրանք կիրթ լինեն, դաստիարակվեն, հարգեն զինվորին»,-մանրակրկիտ պատասխանեց Հրայր Կարապետյանը:
Բանակի վերաբերյալ իր բարձր կարծիքը հայտնեց նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Բանակի դատապարտելի մասնավոր դեպքերը պիտի առիթ չտան, որ ամեն առիթով սրբապղծենք այն զորությունը, որին անսում է մեր ժողովուրդը. մենք պիտի բանակի կողքին լինենք: Այս տարիների ընթացքում ավելի դժվար դեպքեր են եղել, բայց քաղաքական կյանքը լարված է եղել, և դրանք աննկատ են մնացել և´ հասարակությունից, և´ մամուլի ուշադրությունից: Այսօր հավասարակշիռ է քաղաքական կյանքը, և միտում կա` իշխանություններին ինչ -որ դիպվածներով հեղինակազրկելու: Դրան էլ դեմ չեմ, բայց, խնդրում եմ, բանակի մասին այդքան մի խոսեք: Մենք այսօր էլ իրապես պատերազմող երկիր ենք, բայց բանակը բնութագրել միջադեպերով, կարծում եմ, ճիշտ չէ»:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Առաջինը,ինչով աչքի ընկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովում հայտնվելու առաջին իսկ օրերից, արտաքին տեսքի «բարեփոխումներ» կատարելն էր: Հովիկաբրահամյանական առաջին բարեփոխման «զոհերը» խորհրդարանի գորգերն էին, որոնցով նորընտիր խոսնակը փորձում էր բարելավել պատգամավորների աշխատանքը: Անցավ երկու տարի, սակայն գորգերը պատգամավորների աշխատանքների որակի վրա կարծես այդքան էլ չազդեցին։ Խորհրդարանի ձեռներեց, ձեռնբաց նախագահը չհուսահատվեց իր առաջին «բարեփոխումների» ձախողումից և որոշեց այս տարի էլ ավելի լայնամասշտաբ բարեփոխումներ կատարել։
Այդպես, խորհրդարանի նիստերի դահլիճը գարնանից գտնվում է հիմնովին վերանորոգման մեջ, իսկ օրենսդիրները ստիպված եղան խմբովին «քոչել» կառավարության նիստերի դահլիճ, որտեղ, ի դեպ, աշխատանքներն է սկսել Հայաստանի երրորդ հանրապետության առաջին խորհրդարանը:
Ուզում եք` նայեք, բայց հանկարծ վատ բան չգրեք
Այսօր Ազգային ժողովի նախագահը լրագրողներին ծանոթացրեց վերանորոգման աշխատանքներին, սակայն խնդրեց, որ միայն լավը գրեն դրա մասին: Ուղղանկյունաձև դահլիճը օվալի վերածելու, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանի մյուս էսթետիկական նորամուծությունները ՀՀ բյուջեին արժենալու են մի կլորիկ գումար` 480 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն ավարտվելու են սեպտեմբերի 25-ին: «Օրը երկու անգամ նայում եմ և գոհ եմ որակից ու տեսքից, շատ գեղեցիկ է լինելու: Ես դրա համար ուրախ եմ»,- իր ուրախությունը լրագրողների հետ կիսեց ԱԺ նախագահը: Լրագրողների հետաքրքրությանը, թե արդյոք շքեղություն և շռայլություն չէ ճգնաժամային պայմաններում նման գումարների ծախսը, ԱԺ խոսնակն ասաց, թե վերանորոգման հարցը 2002թ.-ից դրված է եղել, քննարկվել է հանրապետության նախագահի հետ, բայց միշտ հետաձգվել է, և միայն 2010թ.-ին է նախագահը համաձայնել բյուջեից փող հատկացնել: Փաստորեն այն, ինչ չի հաջողվել Արմեն Խաչատրյանին, Արթուր Բաղդասարյանին և Տիգրան Թորոսյանին, վերջապես հաջողվել է Հովիկ Աբրահամյանին: ԱԺ ներկա խոսնակը հայտնի է իր` քաղցր լեզվով օձը բնից հանելու ու ամեն ինչի հասնելու հատկությամբ. գուցե հենց այդ հատկությամբ էլ շահել է ՀՀ նախագահի բարյացակամությունը:
«480 միլիոն դրամն այնքան էլ շատ չէ, իսկ խորհրդարանի դահլիճը պետք է գեղեցիկ լինի, որովհետև ցուցադրվում է հեռուստատեսությամբ»,— բացատրել է Հովիկ Աբրահամյանը: Այստեղ արդեն հարցերը պետք է որ ավելորդ լինեն. ի՞նչ խոսք, եթե հեռուստատեսությամբ է ցուցադրվում, և եթե այդ մասին Հովիկ Աբրահամյանն է ասում, ուրեմն այլընտրանք չկա. խորհրդարանի դահլիճը ուղղակի պարտավոր է գեղեցիկ լինել: Այստեղ արդեն պետք է, որ մտածելու խնդիր ունենան պատգամավորները. չէ՞ որ ԱԺ դահլիճի հետ հեռուստատեսությամբ ցուցադրվում են նաև նրանք, այնպես որ գեղեցիկ դահլիճում պետք է նստեն միմիայն պատշաճ պատգամավորներ:
Եթե ականջներն էլիտար են, ուրեմն թաքցնելու կարիք չկա
Թերթերից մեկը տեղեկություն էր տարածել, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ձեռք է բերել Նալբանդյան փողոցի վրա գտնվող ոստիկանության մանկապարտեզը և դրա տեղում պատրաստվում է էլիտար շենք կառուցել: ԱԺ նախագահն այսօր հերքեց այդ տեղեկությունը.«Թե ինչու՞ են իրական տերերը փորձում խուսափել, իրենց ականջները ցույց տալ, դրա վրա եմ զարմացած: Նորից եմ ասում, նորմալ գործ է, թող կառուցեն շենքը, ես դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում: Վատ բանն այն է, որ որոշ մարդիկ փորձում են իրենց ականջները ծածկել իմ հետևում: Դա շատ վատ բան է: Իրականությունը կարող են ասել, թե ով է կառուցում, և իմ կարծիքով պատկան մարմինները գիտեն, թե ովքեր են հեղինակները»,- պատասխանել է Աբրահամյանը: Թե ու՞մ են պատկանում «էլիտար ականջները», Աբրահամյանն այդպես էլ չի բացահայտել: Կարևորը, որ ինքը ականջներ թաքցնող չէ:
Էդ էր մնացել` Հովիկ Աբրահամյանը հարկայինից վախենա
Վերջին շրջանում խոսակցություններ կային նաև այն մասին, որ հարկային մարմիններն ինտենսիվ ստուգումներ են անցկացնում Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկություններում և իբր, երբ փորձել են մտնել Մխչյանի գինու գործարան, Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, հարկայիններին դիմավորել է` հրացանից օդի մեջ կրակելով:
Լրագրողները փորձեցին ճշտել` իսկապե՞ս լարվածություն կա Պետեկամուտների կոմիտեի և ԱԺ նախագահի միջև, և արդյո՞ք ՊԵԿ-ում վերջինիս հետ կապ ունեցողներին ազատում են աշխատանքից: «Ընդհանուր առմամբ ասեմ ձեզ, որ որևէ պատճառ չկա, որ նման հերյուրանքներ տարածվեն: Իրականությանը չի համապատասխանում կամ ես չունեմ տենց ձեռնարկություն, որ պիտի գնան ստուգեն: Ընդհանրապես հարկային տեսչություն-Ազգային Ժողովի նախագահ, դրանք տարբեր, կարծում եմ, բարձունքների վրա են, և հարկային, Պետական եկամուտների կոմիտեի հետ ընդհանրապես մենք չենք առնչվում: Առնչվում ենք այնքանով, երբ որ իրանք օրենքներ են ներկայացնում Ազգային Ժողովում: Եվ որևէ պատճառ չեմ տեսնում նման հերյուրանքներ տարածելու համար` գինու գործարան, կրակոցներ: Եվ ընդհանրապես ես շատ լավ եմ նայում, որ հարկային տեսչությունը ստուգում է ձեռնարկությունները: Եթե յուրաքանչյուր ձեռնարկություն, գործարար, որը ազնիվ, արդար հարկերը վճարում է, ինչ ունի վախենալու ստուգումներից: Թող ստուգեն: Հիմա նույնը ես ասում եմ իմ մոտիկներին կամ իմ եղբորը, եթե իրենք նորմալ հարկերը վճարում են, ուրեմն վախենալու ոչ մի բան չունեն»,- բոլոր մեղադրանքներին վերջակետ է դրել Հովիկ Աբրահամյանը:
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
Հ.Գ.Երեկ մենք զանգահարեցինք Քաղաքապետարան` ճշտելու թե ում ականջներն են, այնուամենայնիվ, թաքնվում ԱԺ նախագահի հետևում, և արդյոք պատկան մարմինները գիտեն, թե ովքեր են կառույցի «հեղինակները», մեզ պատասխանեցին, որ իրենք տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը, իսկ գրավոր դիմելու դեպքում համապատասխան բաժինը պարզաբանում կտա։
Թե, ասա «փրկարարի» ի՞նչն էր վատ
Սեպտեմբերի 4-ը փրկարարի օրն էր, բայց այս տարվանից դարձավ արտակարգ իրավիճակների աշխատակցի օրը: Հիմա արդեն Արտակարգ իրավիճակների նախարարը Արմեն Երիցյանն է, և, հավանաբար, «փրկարարը» հենց նրա սրտով չի եղել. երևի նախարարը մտածել է, թե հրշեջը փրկարար չէ, ջրասուզակը փրկարար չէ, փրկարար է միայն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցը։ Կամ գուցե «փրկարար» բառն Երիցյանի սրտովը չէր։ Այսուհետ ինչպես ցանկացել է փրկարաների ղեկավարը. բոլորը կկոչվեն ոչ թե «փրկարար», այլ «արտակարգ իրավիճակների աշխատակից» ։
ԱԻՆ-ի` որպես նախարարության «փրկությունը» շենք ունենալն էր
2010թ. սեպտեմբերի 4-ը պարզապես «արտակարգ իրավիճակների աշխատակցի» տոն չէր: Երիցյան Արմենն այնպես էր արել, որ դա դառնա կրկնակի տոն. այդ օրը նախարարը կատարեց իր խոստումը` նախարարության բոլոր աշխատակիցներին նվիրելով նոր շենք, որտեղ միավորվելու են բոլոր ստորաբաժանումները: ԱԻՆ-ի նոր շենքը Երևանի ծայրամասում է` Դավթաշեն թաղամասի վերջում, բայց նախարարը խոստացավ, որ աշխատակիցները աշխատավայր հասնելու խնդիր չեն ունենա, քանի որ իրենք կկազմակերպեն տեղափոխումը: Նախարարության նոր շենքը սեյսմիկ ծառայության նախկին շենքն է:
Փրկարարի տոնը իրար գլխի էր հավաքել Հայաստանի քաղաքական էլիտային
Գլխավոր մասնաշենքը արտաքինից առանձնանում էր` պլպլում։ Շենքի ճակատին հասցրել էին գերբ դնել, ներսի ֆոյեն կոկած վիճակում էր, դրսում` հրապարակում, շարք էին կազմել դրոշները, արտակարգ իրավիճակների աշխատակիցների ջոկատները, հրշեջ մեքենաները:
Տոնին ներկա էր գտնվելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի հետ, տոնն այստեղ էր բերել նաև Հայաստանի ամբողջ քաղաքական էլիտային: Այստեղ էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործադիրի ուժային թևը` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, մյուս նախարարությունները ներկայացված էին կա´մ նախարարի, կա´մ փոխնախարարների մակարդակով: Հատուկ հրավերով եկել էին նաև մարզպետները (Էդիկ Բարսեղյան, Կովալենկո Շահգալդյան, Աշոտ Ղահրամանյան), Երևանի վարչական շրջանների ղեկավարները (Սարգիս Հովհաննիսյան, Դավիթ Օհանյան, Արթուր Գևորգյան): Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ներկա էր տոնին թե´ ի պաշտոնե, թե´ իբրև Արմեն Երիցյանի կուսակցական շեֆ. Բաղդասարյանը` ՕԵԿ մի քանի անդամների հետ, որոնց շարքում հատուկ փայլում էր Հեղինե Բիշարյանն իր մարգարիտներով։ Ներկաների մեջ կային նաև այլ կուսակցականներ, որոնց կարելի էր ներկայացնել թե´ իբրև այս կամ այն կուսակցության անդամ, թե´ իբրև ԱԺ պատգամավոր, ինչպես, օրինակ, դաշնակցական Հրայր Կարապետյանը:
Նախագահը եկավ, ողջունեց ու շնորհավորեց բոլորին, ներկա գտնվեց շքերթին, գեներալ-մայորի կոչումներով պարգևատրեց Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Սերգեյ Ազարյանին և նույն ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վաչագան Նիկողոսյանին: Շքերթի վերջում հրշեջ մեքենաները, «ցանկալով իրենց շնորքը ցույց տալ»` ջրային շատրվան կազմակերպեցին` ջուր ցողելով ներկաների վրա: Շատերի հետ բերեց նաև նախագահի բախտը` հրշեջների խողովակը ջուրը ցողում էր շատ բարձրից ու ծայրի հատվածից, այլապես մյուսներից բացի` նախագահին էլ այդ շատրվանից բաժին կհասներ:
Շքերթի ավարտից հետո նախագահը կարծես թե գնաց, բայց մեկ էլ ներկաները տեսան, որ նախագահին տարել ու կանգնեցրել են Ջիպ մակնիշի մի ավտոմեքենայի բեռնախցիկի մոտ: Բոլորը սպասում էին, բայց ո´չ նախագահն էր շարժվում, ո´չ էլ նրա շուրջը եղածները. ոմանք գլխի ընկան, որ այնտեղ ինչ-որ բան են ցույց տալիս երկրի ղեկավարին, մյուսները անորոշության մեջ չէին հասկանում` ինչ է կատարվում: Մի 15 րոպե հետո, երբ վերնախավը հեռացավ, ու հասարակ մահկանացուները ևս հնարավորություն ստացան մոտենալ. պարզվեց, որ բեռնախցիկի միջինը հատուկ համակարգչային տեխնիկա է, որի միջոցով արտակարգ իրավիճակների ժամանակ կարելի է հեռվից վերահսկել և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել:
Բարձրաստիճան շքախումբը այնուհետ ուղևորվեց դեպի նախարարության շենք և հոգևորականների հատուկ, հավանաբար, տնօրհնեքի կարգի արարողությունից հետո մտավ ֆոյե, հավանաբար, բաժակ բարձրացրին, որ տևեց ոչ ավելի, քան մի 10 րոպե, որից հետո նախագահը դուրս եկավ, նստեց ավտոմեքենա և գնաց: Նախագահից հետո հերթով հրաժեշտ տվեցին նաև մյուս հյուրերը:
Նախագահը տեսավ միայն արտաքին փայլը, իսկ կեղտը մնաց հետևում…
Արմեն Երիցյանը խոստացել էր, որ ոչ թե պարզապես շենք է ստեղծելու նախարարության համար, այլ դա լինելու է մի «քաղաք», որ իր մեջ ներառելու է բոլոր ստորաբաժանումները: Պաշտոնավարման հենց սկզբից նախարարը բոլոր ջանքերը կենտրոնացրել էր «մեծ ռեմոնտի» վրա: Հարցին` «արդյո՞ք սա հենց իր երազած քաղաքն է», նախարարը պատասխանեց.- «քաղաքի սկիզբը», հետո էլ մատնացույց արեց կողքին կանգնած Դավիթաշենի թաղապետ Արթուր Գևորգյանին, և ավելացրեց` «հետևի տարածքներն էլ է խոստացել, որ տա` քաղաքը կկառուցենք, մի 5 հեկտար տարածք կլինի»:
Մի քանի ամիս տևած շինարարությունը իրեն «արդարացրել էր»` նախագահի ու հյուրերի աչքին ոնց պետք էր թոզը փչվեց, թե ահագին գործ է արված` արդեն նախարարությունը շենք ունի: Իրականում այստեղ միակ կանգունը,երևի թե, մի բաժակ շամպայն բարձրացնելու համար նախատեսված ֆոյեն էր. մնացած բոլոր հարկաբաժիններում կա´մ ավեր էր, կա´մ վերանորոգում: Վերանորոգում ու աղբ էր անգամ շքերթի բարձրաստիճան մասնակիցների թիկունքում. մի թռուցիկ հայացքն անգամ բավական էր` տեսնելու այս ու այնտեղ թափված դատարկ շշերը, աղբը, շինարարական պարագաները, որ զլացել էին անգամ հավաքել արտաքին պատշաճ տեսքն ապահովելու համար:
Արտակարգ իրավիճակները միավորում է
Բացի հայ պաշտոնյաներից, տոնին ներկա գտնվելու հրավերներ էին ուղարկվել նաև դիվանագիտական ներկայացուցչություններին, որոնք ևս շտապել էին շնորհավորել հայ փրկարարներին` դեսպանների կամ այլ աշխատակիցների մակարդակով: Դեսպաններն էլ Հայաստանի փրկարարի տոնին իրենց բավական լավ էին զգում, շփվում հայ պաշտոնյաների հետ, ջերմորեն զրուցում միմյանց հետ` անկախ իրենց ներկայացրած պետություններից և տարած քաղաքականությունից: Բայց երևի թե այդ օրվա ամենաջերմ «զույգը» ԱՄՆ դեսպան տիկին Յովանովիչն ու Հայաստանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վիկտոր Կրիվապուսկովն էին: «Զույգի» ստեղծման գործում նախահարձակը, ամեն դեպքում, տղամարդն էր`ի դեմս Ռուսաստանի Դաշնության: Վիկտոր Վլադիմիրովիչն առաջարկեց լուսանկարվել, տիկին դեսպանը չմերժեց, որի արդյունքում մրցակցող երկու գերտերությունների փորձառու ներկայացուցիչները «միավորվեցին»` նրանց շուրջը կանգնած հայ պաշտոնյաների խանդաղատանքի ներքո:
Ոստիկանները տարերքի մեջ էին
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը մինչև նախարար դառնալը ոստիկան էր: Հյուրերի գերակշիռ մասը նույնպես ոստիկաններ էին: Բացի նրանից, որ հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաների մեջ արդեն իսկ բավական թվով ոստիկաններ կային (Ալիկ Սարգսյան, Էդիկ Բարսեղյան, Աշոտ Ղահրամանյան), իրենց նախկին գործընկերոջ տոնին հարկ էին համարել ներկա գտնվել ոստիկանական ստորաբաժանումների ղեկավարները` Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, Քրեական հետախուզության պետ Հովհաննես Թամամյանը, դատախազության աշխատակիցներ և շատ ուրիշ իրավապահներ:
Նախագահից հետո պարգև հանձնող երկրորդ անձնավորությունը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էր, որ իր նախկին տեղակալին պարգևատրեց մեդալով «Ոստիկանության հետ համագործակցության համար»:
— Շնորհավորում ենք, ախպե´ր ջան, բոլորի´դ տոնը շնորհավոր, ամեն տարի գանք` լավ տեսնենք,- շնորհավորեց ու հրաժեշտ տվեց Ալիկ Սերգեյիչը:
Թե´ ոստիկանների, թե´ նախկին ոստիկան (եթե, իհարկե, նախկին ոստիկան լինում է) Արմեն Երիցյանի ուրախությանը չափ չկար, բոլորը փայլում էին, բոլորը տարերքի մեջ էին:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Բլից-հարցազրույց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ (շամպայնով լի բաժակը ձեռքին)
— Պ-ն Երիցյան, Ձեր բարեփոխումները արդյոք ծանր չե՞ն անդրադառնա նախարարության աշխատակիցների վրա. համակարգի օպտիմալացման հետևանքով շատերը դուրս չե՞ն մնա: Մտածու՞մ եք, թե ի՞նչ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը:
— Ոչ այդքան: Մի բան կանենք: Մարդիկ կան, որ առաջ են քաշվել:
— Իսկ խոսակցությունները, թե կադրային ջարդ է իրականացվում, թե նախարարությունը օեկականացնում ե՞ք…
— Առավոտվա 9-ից մինչև 6-ը ոչ ոք իրավունք չունի կուսակցության մասին խոսել:
— Մի անգամ դարձյալ ասել եք, բայց դրանից հետո միանգամից աղմուկ բարձրացավ, թե Երիցյան Արմենը սկսել է օեկականցման գործընթաց…
— Ինձ պետք են մասնագետներ, այլ ոչ թե կուսակցականներ: Ինձ միայն մասնագետներ են պետք:
— Ես, օրինակ, Ձեզ օեկական չեմ դիտում և չեմ կարող դիտել որպես այդպիսին:
— Մեկ անգամ ևս ասեմ, որ ես հպարտ եմ, որ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ եմ, իսկ նախագահն էլ իմ ընկերն ա:
— Իսկ ինձ թվում էր, թե Դուք ՀՀ նախագահի թիմի անդամ եք…
— Նախագահի՞, իհարկե, նախագահի թիմի անդամ եմ, մենք բոլորս ենք նախագահի թիմի անդամ, մենք օպոզիցիա չենք, մենք կաոլիցիոն (այսպես է արտաբերում «կոալիցիոն» բառն Արմեն Երիցյանը) խմբից ենք:
— Իսկ կադրային ջարդի մեղադրանքի պահով ի՞նչ կասեք:
— Մենք չունենք այդքան կադրեր, որ ես կադրային ջարդ անեմ: Հանեմ` ու՞մ պետք է բերեմ:
— Իսկ, ո՞ր ոստիկաններին եք հիմնականում բերում:
— Ոստիկանությունում կան լավ տղաներ, շատ լավ տղաներ և իրավապահ մարմիններում էլ կան և ես հպարտ եմ զգում, երբ իրենցից ինչ-որ մեկը գալիս է մեզ մոտ աշխատելու:
— Գիտե՞ք ինչն է հետաքրքիր. տեսե´ք` նախագահն էլ է նախընտրում ոստիկանների` մարզպետների կեսից ավելին ոստիկաններ են…
— Լավն են: Հոգու խորքում բոլորս էլ ոստիկան ենք` մեկը մի քիչ ավելի, մեկը մի քիչ պակաս:
— Ուզում եք ասել` լրագրողներն էլ են ոստիկա՞ն: Լավ, եթե այդքան լավն են ոստիկանները, հիմա կարո՞ղ է «ոստիկանական բում» առաջանա և բոլորը ձգտեն դառնալ ոստիկան:
— Չէ, գիտե՞ք, ես ասում եմ` հպարտ եմ, որ 31 տարի ոստիկանությունում եմ աշխատել, բացի դրանից ես գիտնական եմ, որպես գիտնական ես գիտնականներին էլ եմ տեղ տալու: Ես շեշտը դնում եմ ոստիկանների վրա, բայց նաև շատ գիտնականներ, որ հանվել են աշխատանքից` դոկտորներ, պրոֆեսորներ, շատ-շատերին հետ եմ բերում, հիմնականում սեյսմիկ ծառայությունում, հիդրոմետ ծառայությունում, հետ եմ բերում: Մենք էսօր ակտիվ սեյսմոգոտում ենք, մեզ պետք են գիտնականներ:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Սեպտեմբերի 4-ը արտակարգ իրավիճակների աշխատակցի օրն է: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը պատրաստվում է այդ օրը նշել մեծ շուքով, և հենց նույն օրն էլ տեղի կունենա Արտակարգ իրավիճակների նախարարության նոր շենքի բացումը:
Երիցյանն իր պաշտոնավարումը սկսեց մեծ շինարարությամբ` «շինարարություն» բառի իսկական իմաստով` հիմնովին վերանորոգելով նախարարության շենքը, և, փոխաբերական իմաստով` ոչ պակաս տեմպերով վերանորոգելով նաև նախարարության կառույցները` ինչպես հարկն է կադրային փոփոխություններ կատարելով:
Ինչպես երևում է, նախարարությունում արդեն հասկացել են, որ եթե իրենց ղեկավարը տնավորվելու գործը սկսել է կապիտալ վերանորոգումից, ուրեմն նշանակումը հիմնավոր է ու ինչպես նախորդը` մեկ -երկու տարի անց չի պատրաստվում հրաժեշտ տալ պաշտոնին։ Եվ շեֆի աչքին լավ երևալու, թե իրենց աթոռների ամրությունը ի ցույց դնելու համար նրանք ևս` հատկապես նորանշանակ կադրերը, ամեն ինչ անում են` ապացուցելու, որ արժանի են նախարար Երիցյանին։
Մինչև Արմեն Երիցյանի գալուստը, մինչ Փրկարար ծառայության պետ Էդիկ Բարսեղյանի կորուստը (տեղափոխման իմաստով), այս կառույցն ուներ համապատասխան թվով ՀՓԾ տեղակալներ: Էդիկ Բարսեղյանից հետո Արամ Թանանյանը ևս լքեց ՀՓԾ-ն` իհարկե, դարձյալ բավական հարգելի պատճառներով. Թանանյանը տեղափոխվեց Ազգային անվտանգության խորհուրդ` որպես ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ: Նրա տեղը մնաց թափուր: Նույն ճակատագրին արժանացավ նաև մյուս տեղակալի` Սերգեյ Ազարյանի աթոռը, որը պաշտոնի բարձրացում ստացավ` դառնալով ՀՓԾ տնօրեն: Տեղակալներից գեներալ-մայորներ Աստվածատուր Պետրոսյանն ու Վրեժ Գաբրիելյանը մնացին տեղերում (դեռևս):
Առաջացած թափուր պաշտոններից մեկը վերջերս համալրվեց. ՀՓԾ տնօրենի տեղակալ նշանակվեց գնդապետ Գագիկ Բեգլարի Կոստանդյանը: ՀՓԾ-ում բոլորը գիտեին այս նշանակման մասին, հրամանը վաղուց տրված էր, սակայն Կոստանդյանի երեսը ոչ ոք չէր տեսնում: Բոլորը զարմանում էին, թե ինչու նորանշանակ տեղակալը չի շտապում զբացեղնել իր աթոռը և, վերջապես, միայն այն բանից հետո, երբ Կոստանդյանին հատկացված աշխատասենյակում սկսվեցին վերանորոգման աշխատանքներ, Հայաստանի փրկարարները միանգամից գլխի ընկան, որ իրենց բաժին է ընկել բավական լավ հոտառությամբ ղեկավար, որ միանգամից յուրացրել է նախարար Արմեն Երիցյանի աշխատաոճը և գործը սկսել… վերանորոգումից:
Միայն սենյակը հիմնովին կարգի բերելուց, կահույքը թարմացնելուց , և իր` ՀՓԾ նոր տեղակալի անունը ցուցատախտակի վրա տեղը-տեղին գրելուց հետո, Կոստանդյանը հայտնվեց հրապարակում:
Ի դեպ, ամենաուշագրավ հանգամանքն այն է, որ Գագիկ Կոստանդյանը Արմեն Երիցյանի սիրելի կադրերից է ոչ միայն «վերանորոգման» առումով, այլ, ըստ երևույթին, նշանակման հարցում ավելի վճռական է եղել Կոստանդյանի` նախկին ոստիկան լինելը. 1978-1996թթ. նա աշխատել է Ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներում, որից հետո մի տևական շրջան էլ ՀՓԾ ներկա փոխտնօրենը հայտնվել է նաև Ազգային ժողովում` Արտաշես Գեղամյանի կուսակցության պատգամավորի կարգավիճակով: 2000թ. Կոստանդյանը ընդգրկվել է «Հոկտեմբերի 27-ի դեպքերն ուսումնասիրող» հանձնաժողովում` որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2007թ. Կոստանդյան Գագոն կարծես դուրս մնաց անցուդարձից ու ընդամենը բիզնեսմեն էր, մինչև որ նախկին ոստիկանի մասին հիշեց փոխոստիկանապետ գործընկերը և բերեց ԱԻՆ` տեղավորելով նախարարության կարևորագույն կառույցներից մեկում:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Երբ 2008թ. նախագահական ընտրություններից ու «Օրինաց երկիր» կուսակցության հետ կնքված գործարքից հետո ստեղծվեց Արտակարգ իրավիճակների նախարարությունը և դրա պորտֆելը հանձնվեց Մհեր Շահգելդյանին, ոչ մեկի մտքով չանցավ առանձապես լուրջ վերաբերվել այդ նախարարությանը:
Բոլորն էլ հասկանում էին, որ գործարք է եղել, որի արդյունքում հարկավոր էր փոխհատուցման կարգով ՕԵԿ-ին ինչ-որ բան տալ. այդ ինչ-որ բանն էլ այստեղից – այնտեղից հավաքած կառույցներն էին, որից էլ նախարարություն ստեղծվեց:
Շահգելդյանն իր կառավարման երկու տարում առանձնապես չաշխատեց փոխել այդ կարծիքը, եթե ոչ հակառակը. հատկապես վերջին շրջանում բավական աղմկալի դեպքեր բացահայտվեցին, օրինակ` մեծ քանակությամբ ալյուր փչացնելու պատմությունը:
Շահգելդյանը պաշտոնանկ արվեց, նրա փոխարեն ԱԻՆ եկավ նախկին փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը, որ հրապարակավ խոստացավ ոլորտը կայացնել և Արտակարգ իրավիճակների նախարարությունը դարձնել ամենահզոր կառույցներից մեկը: Երիցյանի կառավարումից անցել է մի քանի ամիս և, դատելով քայլերից, կարելի է ասել, որ նախկին փոխոստիկանապետը շուտով կարող է դառնալ ամենահզոր նախարարներից մեկը:
Կառավարության վերջին նիստում գործադիրի ուշադրության առյուծի բաժինը հատկացվել էր ԱԻ նախարարությանը: Նիստի օրակարգում ընդգրկված ավելի քան հիսուն հարցից տասնյոթը վերաբերել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կատարվող բարեփոխումներին։
«Նախարարության գործունեության երկու տարին ցույց է տվել, որ համակարգում կան գործող մարմինների խնդիրների և գործառույթների կրկնություններ, համանման ստորաբաժանումներ, արդյունավետ չէ տեղեկատվության ստացման, ամփոփման, որոշումների կայացման և կառավարման գործընթացը։ Կառավարության որոշումներից մեկով հստակեցվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում լիազորված մարմնի խնդիրները, փոփոխվել է նախարարության աշխատակազմի կառուցվածքը, այլ որոշումներով նախարարության ենթակայությանն են հանձնվել Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի պետական հրդեհային տեսչությունը, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» և «Մթնոլորտային երևույթների ներգործության ծառայություն», սեյսմիկ պաշտպանության արևմտյան, արևելյան, հյուսիսային և հարավային ծառայությունների, «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ները։ Նախարարությանն են վերապահվել «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» և «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները, իսկ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ներում նախատեսվել են կառավարման կոլեգիալ մարմիններ։ Ակնկալվում է, որ կատարված բարեփոխմամբ կհստակեցվեն նախարարության և դրա համակարգի մարմինների գործառույթները և խնդիրները, կառուցվածքը կհամապատասխանեցվի խնդիրներին, կապահովվի օպտիմալացումը, կլուծվեն մի շարք այլ հարցեր»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ: Սա նշանակում է, որ ԱԻՎ- ը հարստացվել է մի շարք նոր կառույցներով, որոնք իրենց հետ կբերեն ճիշտ է ծավալուն աշխատանք, բայց և դրանք կազմակերպելու համար լրացուցիչ միջոցներ։ Ակնհայտ է` Երիցյանն այն նախարարը չէ, որ քչով բավարարվեր։
Լուսինե Կեսոյան
Գյումրին աննկարագրելի եռուզեռի մեջ է: Մեդվեդևի այցին այստեղ պատրաստվում են մի առանձնահատուկ ձևով: Նման պատրաստություն այս քաղաքը տեսել է մեկ էլ 1990թ, երբ Բայրոնի անվան անգլիական դպրոց բացելու նպատակով, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգրետ Թետչերն էր ժամանելուԳյումրի։
Այն ժամանակ դեռ խորհրդային երկրում ապրող, բայց թշվառ վիճակում գտնվող հետերկրաշարժյան Գյումրիում աննախադեպ ճանապարահաշինություն կազմակերպվեց. Թետչերն իջնելու էր օդանավակայանում,ու այնտեղից մինչև անգլիական դպրոց ընկած տարածքը մոտ 10 կմ ասֆալտապատվեց ,այսինքն` ստացվեց այնպես, որ ակամայից քաղաքի բավական մեծ հատված բարեկարգվեց:
Այս անգամ գյումրեցիների բախտն այդքան էլ չի բերել: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղաթիռով իջեցնելու են մարզադաշտում, որը գտնվում է նրա անցնելիք ճանապարհի գրեթե կենտրոնում և այդ պատճառով Վարդան Ղուկասյանը ասֆալտապատում է ոչ թե 10 կմ-ոց ճանապարհ, այլ հազիվ դրա մեկ երրորդը:
Մարզադաշտից ՌԴ նախագահը գնալու է «Պատվո բլուր» հուշահամալիր-պանթեոն. սա Գյումրիում հայտնի «Պլպլան ժամի» տարածքում է,այն բարեկարգվել ու վերածվել է իսկական հուշահամալիրի: Հուշարձանը, որը հանդիսավորապես պետք է բացեն ՀՀ և ՌԴ նախագահները, ստեղծվել է Ղրիմի պատերազմում` հայ-ռուսական համատեղ պայքարը խորհրդանշող հուշարձանի նմանությամբ: Գրեթե երկու դար առաջ կառուցված հուշարձանը թուրքերը 1920թ. պայթեցրել են. ներկայիս հուշարձանը պայթեցվածի կրկնապատկերն է։
«Պատվո բլուրը» երեկվա դրությամբ կազմ-պատրաստ վիճակում էր. բոլոր աշխատանքներն այստեղ ավարտված էին: «Պլպլան ժամը» իրականում մատուռ է եղել, որից այն կողմ ռուսական գերեզմանատունն էր. հենց այդ գերեզմանատան տարածքը հիմա վերածվել է ծաղկանոցի, պարսպապատվել է, տնկվել են ծառեր ու ծաղիկներ:
Ի տարբերություն «Պատվո բլուրի», մյուս ճանապարհները դեռ ինտենսիվ վերանորոգման փուլում են. «Պատվո բլուրից» հետո ՌԴ նախագահն այցելելու է ռուսական զորամաս, որտեղ էլ նրան զինվորական բորշով են պատվելու. հենց այս ճանապարհն է, որ հիմնովին նորոգվում է: Ամենավատն այն է, որ ճանապարհն այնքան էլ բանուկ չէ, սա քաղաքի համար եզրային հատված է, ռուսական զորամասն, ընդհանրապես, գտնվում է մի բլրի վրա, որտեղ բացի ռեստորանից այլ բան չկա:
Ստացվում է, որ Մեդեվեդևի «խաթր» այսօր ասֆալտապատվում են երկրորդական նշանակության ճանապարհներ, որոնք երբեք ասֆալտ չեն ունեցել. աբսուրդը հասնում է այնտեղ, որ ճանապարհի հետ մեկտեղ նոր մայթեր են կառուցվում, այդ նպատակով բերվել են հատուկ բազալտե քարեր, որոնցով մայթն առանձնացվում է երթևեկելի գոտուց ու մայթի հատվածում` Մեդվեդևի աչքին դրական ֆոն ստեղծելու համար, մի փառահեղ ասֆալտ է գցվում, որի որակը, սակայն, չկարողացանք պարզել:
Մայթ է կառուցվում անգամ այն մասում, որտեղ ուղղակի ամայի հատված է, աղբանոց: Ռուսական զորամաս տանող ճանապարհին անգամ մի սովորական թեքություն է ասֆալտապատվել, ինչ է թե, Մեդվեդևը կարող է դա տեսնել: Իսկ ամենակուրիոզ փաստն այն է, որ մայթը կառուցվում է մաթեմատիկական ճշգրտությամբ, այսինքն `վերջանում է ճիշտ այնտեղ, որտեղ կարող է ավարտվել ՌԴ նախագահի տեսադաշտը. դրանից մի մետր անգամ ավելի մայթ կառուցելու թույլտվություն ու, հավանաբար, նաև հնարավորություն չկա:
Այս ամենով հանդերձ, ամենաողբերգականը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիճակն է: Պարզ է, որ շինարարությունը, քաղաքի բարեկարգման գործը նրա վրա է դրված: Եվ հիմա Ղուկասյանը, բարեկարգելով դեպի ռուսական զորամաս տանող ճանապարհը, ըստ էության, բարեկարգում է իր ոխերիմ թշնամուն` Արտաշես Սարգսյանին պատկանող «Ոսկե բլուր» ռեստորանային համալիր գնացող ճանապարհը, որի որդու`Ռուստամի հետ փոխհրաձգության պատճառով ժամանակին քաղաքապետի որդի Սպարտակը, գրեթե մեկ տարի անցկացրեց բանտում: Ճակատագրի հեգնանք է, բայց Մեդվեդևի պատճառով, Ղուկասյանը ստիպված է իր ոխերիմ թշնամու օբյեկտ գնացող ճանապարհը բարեկարգել:
Մեդվեդևի այցը անհետևանք չի անցնի Գյումրու համար. ճիշտ է, ինչպես ժամանակին Թետչերի համար փռված ասֆալտը, սրանից էլ դժվար թե հուշերից բացի այլ բան մնա, բայց գոնե մի որոշ ժամանակ, մարդկանց մի փոքր խումբ կօգտվի դրանից:
Այնպես որ, գյումրեցիներին մնում է հուսալ, որ տարվա մեջ գոնե մեկ անգամ անվանի անձիք ցանկություն հայտնեն հյուրընկալվել Հայաստանի երկրորդ քաղաքում:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Այսօր հերթական անգամ «Տաշիր» առևտրի կենտրոնում երկու մարդ են ուշաթափվել։ Պատճառը` անտանելի տոթի պայմաններում օդափոխիչների բացակայությունն է: «Օր չի լինում, որ «շտապօգնություն չկանչենք» ,- պատմում են ոսկու տաղավարի աշխատակիցները։ Հատկապես արտասահմանցիները ի տարբերություն հայերի, ոչ մի կերպ չեն, կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է առանց օդափոխության ու նման հականորմատիվ պայմաններում աշխատել:
Առևտրի կենտրոն ասվածը Հայաստանում մի յուրահատկություն ունի. սրանք ստեղծվում են միմիայն գերշահույթ ապահովելու նպատակով, որի պատճառով էլ տերերն առանձնապես չեն մտահոգվում իրենց աշխատողների համար մարդկային պայմաններ ստեղծելու հարցով: Իսկ Վարչապետը, բացի լոլոներ կարդալուց այլ բան չի անում վկան` բաղնիքի ոսկու շուկան. Աղմուկ- աղաղակից հետո վիճակն անփոփոխ է։
«Տաշիր» առևտրի կենտրոնը պատկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին: Իհարկե, սա Կարապետյան ընտանիքին պատկանող բիզնեսի մի չնչին մասն է, և, բնական է, որ նախագահի աշխատակազմի ղեկավարը, առանձնապես մտահոգ չի, որ մի փեշ փող տվող, իր տունը առևտրով մի կերպ պահող, շարքային քաղաքացին իր օբյեկտում վտանգում է կյանքը. Եթե Աստված մի արասցե, ոսկու տաղավարում հրդեհ բռնկվի մարդիկ, որ տապակվում են տոթից խեղդամահ կլինեն։ Բայց պարոն Կարապետյանին կարծես այնքան էլ չի հուզում, թե իր համար հավելյալ, կողմնակի եկամուտ ապահովող հիշյալ օբյեկտում ինչպիսի անմարդկային պայմաններ են տիրում: Նրանք անմարդկային պայմաններից բողոքող ցանկացած մեկին դուռն են ցույց տալիս . «Հարմար չի գնա ո՞վ է քեզ պահում»։
Պատմում են, որ երբ վերջերս ահազանգ էր ստացվել, թե «Տաշիր»-ում ռումբ է տեղակայված, զանգահարել էին տիրոջը, Կարապետյանը, որ այդ ժամանակ քնած է եղել, խիստ զայրացել էր, թե «ի՞նչ եք ինձ էդ լավկի համար անհանգստացնում»:
Սա բավական խոսուն է: Եվ դա այն դեպքում, երբ այստեղ վաճառասրահների համար գանձվող ամենամսյա գումարները սկսվում են 150 հազար դրամից` հասնելով մինչև 400-600 հազար դրամի: Ընդ որում, ամռան այս օրերին «Տաշիրում» ընդհանրապես անտանելի է, քանի որ այնտեղ տեղակայված է նաև «Տաշիր-գրուպի» «Տաշիր-պիցցա»-ի արտադրամասը, որի պիցցաներից ու զանազան այլ ուտելիքներից տարածվող անհրապույր հոտը շատ հաճախ մարդկանց ստիպում է րոպե առաջ լքել առևտրի կենտրոնը:
Սակայն այս ամենի մեջ, չի կարելի մեղադրել ո´չ Կարեն Կարապետյանին, ո´չ էլ առավել ևս նրա եղբայր Սամվել Կարապետյանին, երևի, թե նրանց մեղքը տնօրինողներին անսահմանափակ իրավունքներ շնորհելու, մեկ էլ իրենց անվանը անփույթ վերաբերվելու մեջ է: Հայտնի է, որ Սամվել Կարապետյանը (Կալուգայի Սամո) բազմաթիվ նման օբյեկտներ ունի նաև Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում, բայց կարելի է չկասկածել, որ այնտեղի նույնանման կենտրոններում հաստատապես ապահովված կլինեն քաղաքակիրթ առևտրի բոլոր պայմանները: Այդ դեպքում ո՞րն է նման վերաբերմունքի պատճառը սեփական հայրենիքում, ո՞րն է պատճառը, որ Կարեն Կարապետյանը նման ձևով է կառավարում իր այս բիզնեսը` չէ՞ որ դատելով նրանից, թե ինչպես են գումարներ կորզում այնտեղ աշխատող մարդկանցից և փոխարենը ինչպիսի պայմաններ են հրամցնում, ու ինչպես է նա վերաբերվում դրանց, կարելի է դատել, թե ինչպես է ղեկավարվում աշխատակազմը։ Չի բացառվում, որ սեփական բիզնեսը «լավկա» որակողը կարող է նույնպիսի հեշտությամբ «լավկա» որակել սեփական հայրենիքը:
«Տաշիր» առևտրի կենտրոնում տարրական պայմաններ չապահովելու համար Կարեն Կարապետյանին մեղադրել չի կարելի, որովհետև նա այդ շարքում ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը. առևտրի կենտրոնների նման վիճակը Հայաստանում ընդունված երևույթ է` այստեղ պարզապես անհնար է գտնել քաղաքակիրթ առևտրի կենտրոն:
Նույնպիսի պայմաններում է մարդկանց պահում նաև Խաչատուր Սուքիասյանը մի հարյուր մետր այն կողմ. «Ռոսիա» առևտրի կենտրոնում. սրահների տերերը վճարում են օրական 4000-6000 դրամ, սակայն այստեղ ևս օդափոխիչ կա միայն առաջին հարկում:
Այս ամենով հանդերձ, ո´չ մի առևտրի կենտրոն և ո´չ մի առևտրի կենտրոնի տեր չի կարող համեմատվել «Հրազդան» տոնավաճառի և նրա տիրոջ` պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ: Նա մարդկանցից 6 քմ տարածքի համար շաբաթն ընդամենը երկու գիշեր առևտուր անելու հնարավորություն տալու համար վերցնում է 240 հազար դրամ` փոխարենը նրանց հրամցնելով ասֆալտի մի հատված: Լույս, ջուր, պայմաններ, ոչ մի նման ավելորդություն, պարոն Բուռնաշը մարդկանց տալիս է միայն ասֆալտ, որի վրա ամսական հսկայական գումարներ վճարող մարդիկ սեփական ուժերով տաղավարներ են կառուցում, հետո էլ հեռանալիս քանդում այդ տաղավարները, որպեսզի որևէ նեղություն չպատճառեն «տիրոջը»: Այնպես որ, այստեղ օդափոխիչի մասին խոսակցություններ կամ տրտունջ ընդհանրապես չի լինում. եթե չկա հոսանք, եթե ձմռան սառնամանիքին են մարդիկ բաց երկնքի տակ առևտուր անում, ապա ամռան շոգին կանեն ու կանեն:
Սա ոչ թե առանձին առևտրի կենտրոնների կամ նրանց տերերին վերաբերող հարցեր են, այլ տարվող պետական քաղաքականության, հենց պետության թողտվությամբ են օբյեկտատերերը նման բիզնես ծավալում. եթե իշխանությունները քաջություն ունենան առևտրի կենտրոնների տերերի առաջ որոշակի պայմաններ դնել, նրանք չեն էլ համարձակվի մարդկանց նման ստրկական դրության մեջ պահել. ի դեպ, Աղաբաբյանը հատուկ այդ նպատակով պահում է նաև ծեծողների հրոսակախումբ, որոնք հաշվեհարդար են տեսնում բոլոր նրանց հետ, ովքեր ռիսկ են անում բողոքել պատգամավորից ու նրա տոնավաճառից:
Իսկ պետությունը չի միջամտում և ոչինչ չի ձեռնարկում քաղաքակիրթ առևտուր կազմակերպելու համար, որովհետև առևտրի բոլոր կենտրոնները իշխանության, պետության ներկայացնողների ձեռքում են. «Տաշիրը» նախագահի աշխատակազմի ղեկավարինն է, «Հրազդանը»` ԱԺ պատգամավորի, «Ռոսիան»` նախկին պատգամավորի, «Հայաստանը»` դարձյալ Հայաստանի օլիգարխներից մեկի` Հայրապետ Հայրապետյանինն է,հիմա էլ քաղաքապետ Բեգլարյանն է պատրաստվում համալրել նրանց շարքերը։
Այս բոլոր մարդիկ հենց նրա համար են ձգտում տեղ զբաղեցնել իշխանական համակարգում, որպեսզի իրենց մանդատներն ու լիազորությունները ծառայեցնեն սեփական բիզնեսն առանց գլխացավանքի առաջ տանելու գործին: Իսկ մարդիկ ինչ-որ օդափոխիչների մասին են երազում…
Լուսինե Կեսոյան
Բանակ, բանակ, բանակ….
Չէ, մեկ օր սրան վերջ պետք է լինի, թե չէ։ Մարդիկ, էլի լռելո՞ւ ենք, էլի
հարմարվելո՞ւ ենք, էլի մտածել՞ու ենք, թե հերթակա՞նն է… Չե՛, հերթականը
չի, Ծովինարի եղբայրն է, ի´մ եղբայրն է, քո՛ եղբայրն է….մե՛ր, բոլորիս
եղբայրն է։ Ես հանդուրժելու միտք չունեմ….
Զառա Հովհաննիսյան
16 տարեկանից էն կողմ թաղում չեմ գնացել հիսթերիա ա բռնում մոտս, ծիծաղում եմ, հետո լացում, հետո ուշաթափվում եմ, պապիս թաղմանը չեմ գնացել, շատ մոտ մարդկանց թաղմանը չեմ գնացել, բայց Արտակ Նազարյանի թաղմանը պիտի գնամ: Ու եթե հիսթերիան սկսվի, թող վերածվի մասսայական փսիխոզի, թող պայթի 20 տարի փչված փուչիկը, թող հասկանանք ի վերջո, որ մեր թշնամին էնքան թուրքը չի, ինչքան մենք ինքներս: Ու էդ պայթյունը մարդկանց մեջ շոկ առաջացնի…
Պիտի գնալ էստեղից
Պիտի մնանաք ու մերն ասենք
Չէ, պիտի լարել ստեղից…
Ոչնչի մասին գրել ի վիճակի չեմ, բացի բանակից:
Էս վերջին իրադարձությունների մասին էլ կարգին ինֆորմացիա չկա, մանավանդ վերջին դեպքի,տարբեր բաներ են պատմում, որ զինվորը պահակակետում քնով է անցել, 4 սպա եկել են, տեսել քնած է, արթնացրել են ու սկսել հայհոյել ու ծեծել նրան, «տղայականով, լավով, բանով», զինվորն էլ չի դիմացել, ավտոմատը հանել ու կրակել է սրիկաներին ու հետո էլ ինքն իրեն: Էդ եմ լսել, էդ կարդացել, էդ գիտեմ:
Լիբանանի բանակն իրեն ավելի վնաս էր տալիս, քան օգուտ, որովհետև ներքաղաքական վիճակը արտաքին քաղաքականից խառն էր, անընդհատ բանակի ներսում ընհարումներ էին լինում հակախոհների միջև, կրակոցներ, սպանություններ, Լիբանանը որոշեց, որ ինքը լավ է բանակ չունենա, քան էդպիսի բանակ: Գուցե՞մե՞նք էլ ասենք, մեզ բանակ պետք չի, չենք կարողանում բանակ պահել:
Հիմա մեր բանակում անկախ ներքին քաղաքական վիճակից որ երրորդ դեպքն է, մարդիկ են զոհվում: Ինչի՞: Ո՞վ պիտի պատասխան տա դրա համար:
Հրանտ Տեր-Աբրահամյանը facebook-ում ստորագրահավաք է կազմակերպել՝ « Սեյրան Օհանյան և Ալիկ Սարգսյան ինքնասպան եղե՛ք»: Պատրաստվում են քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես գալ, պատասխանատվության կանչել մեր գեներալներին ու հաստավի զինվոր տանջող սպաներին: Ու թող մեղքը սովետի վրա չգցեն, Մերձբալթիկան էլ էր Սովետ, հիմա էնտեղ սենց “բեսպրեդել” չկա: Հա, ամեն տեղ բանակում պրոբլեմներ լինում են, լինում են և´ ինքնասպանություններ, և´ կռիվ-ղալմաղալներ, և սպանություններ…. Բայց միշտ ինչ-որ մեկը պատժվում է: Ու եկեք մենք չհամեմատենք մեզ մեծ երկրների հետ, մենք իրավունք չունենք զինվորի կորցնել բանակում ոչ պատերազմի դաշտում, մենք ռազմական վիճակում ենք, մեզ Ադրբեջանը հրահրում է հենց էս պահին… Էդ ի՞նչ բանակ ենք, որ չենք կարողանում գոնե նախապատերազմական իրավիճակում բանակի նմանվել, ի՞նչ մի դժվար բան է մեկին մի 10-15 տարի նստացնելը, որ մյուսներին դաս լինի, ինչի՞ ենք մենք սպասում, որ բանը բանից անցնի, որ ժողովուրդը դառնա անկառավարելի… Թե՞ ձեռ ա տալիս, բա ո՞նց, հետո տանկեր քաղաք մտցնենք, եթե բունտ չկա: Ես կամ կատարյալ ապուշ եմ, կամ մարգարե, ես սրանից նաև պրովոկացիայի հոտ եմ առնում, ու՞մ կողմից, ինչո՞ւ, ու ինչո՞ւ հենց հիմա, հենց էն պահին, երբ Ադրբեջանը բզբզում է սահմանը:
Ու հետո էլ խոսակցություններ էն մասին, որ պետք չի էդպես խոսալ սեփական բանակի մասին, որ հանկարծ թշնամին չուրախանա… Ի՜նչ ափսոս քեզ, հայ ազգ, որ էսքան դարեր քո գերանդիով նույն ականին ես ռաստ գալիս, ու քարի տեղ դնելով փորձում հողդ մաքրել: Ի՜նչ ափսոս, որ կպայթես… Ի՜նչ ափսոս քո ուղեղներին, որ չես օգտագործում, քո ջահելներին, որ չես գնահատում, քո մեռելներին, որ մեռելոց ես միայն հարգում, քո հարսներին, որ միայն հարսանիքին են սպասում, որ տղա բերեն, որ բանակ տանեն ու էնտեղ սպանվեն… Ի՜նչ ափսոս, որ չհասկացար, որ կարևորը ուժը չի, որ միտքն ու բառն ավելի մեծ ուժ ունեն, քան բազկի զոռը, որ Մայր Թերեզայի սիմվոլիկ սրբապատկերն ավելի քեզ կպաշտպանի, քան հաստ ոսկյա շղթաներով մեծ խաչերը… Չգիտեմ ի՞նչ անել քեզ հետ, իմ հայ ժողովուրդ… Ասե՞մ…
«Հայ ժողովուրդ, քո ուժը քո միասնության մեջ է»… Ասել են` 10 տարի բոլորիս դպրոցների ճակատներից մեզ ամեն օր դիմավորող լոզունգով, ու ինչպես ամեն բան, որի համը հանվում է, դադարում է գործել, սա էլ էդպես, ուրեմն… Կցկտուր եմ ես այսօր, ներող եղեք, ու նաև, որ գրում եմ…
Լուսինե Վայաչյան
Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Շվեդիայում անցկացվելիք «Եվրոպական Ռալլի – 2010» երիտասարդական հավաքին։ Շվեդական Հալմստադքաղաքում հուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 7-ը կանցկացվի «Լայնացրու մտահորիզոնդ` ներդնելով նոր փորձը քո երկրում» խորագրով «Եվրոպական Ռալլի – 2010» երիտասարդական հավաքը: Այն կազմակերպվում է «Եվրոպական Գյուղական Երիտասարդություն» միջազգային կազմակերպության եւ Եվրոպայի Խորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Գյուղական բոլոր բնակավայրերում խնդիրները գրեթե նույնն են. երիտասարդության ցածր մասնակցություն հասարակական կյանքին, աշխատատեղերի պակաս, տեղեկացվածության ոչ բավարար մակարդակ, սոցիալական եւ տնտեսական այլ խնդիրներ: «Եվորպական Ռալլի – 2010» հավաքի ընթացքում երիտասարդները կփորձեն գտնել այդ խնդիրների լուծման հնարավոր տարբերակները: Միջոցառմանը մասնակցելու են եվրոպական տարբեր երկրներ ներկայացնող գյուղական երիտասարդական կազմակերպությունների 5 հոգանոց պատվիրակություններ, այդ թվում նաեւ հայկական գյուղական երիտասարդությունը: Հալմստադում նրանք պատրաստվում են ներկայացնել հայկական մշակույթը, երգը, պարը, տարազները, տեղական արտադրանքը` կաթնամթերք, քաղցրեղեն, ազգային ուտեստներ, հայակական դեղձն ու ծիրանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.