23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ուտոպիանան» 2001թվականից մեր երկրում գործող մշակութային ստեղծագործական հասարակական հայ-շվեյցարական կազմակերպություն է, որն աջակցում է ժամանակակից արվեստի գործընթացի զարգացմանը Հայաստանում:
Ուտոպիանան` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությամբ և AFG Film Club-ի մասնակցությամբ դեռևս կանանց միամսյակի շրջանակներում ներկայացրել էր «Մայր-դուստր` եռակողմ հարաբերություն» նախագիծը, որի ընթացքում տեղի էր ունեցել Նատալի Հեյնիշի և Կարոլին Էլիաչեֆի կողմից առաջարկվող և մայր-դուստր հարաբերությունների հնարավոր մոդելներ արտացոլող ֆիլմերի ցուցադրություն-քննարկում:
Կին և մայր՝ երկու հասկացություն, որ առաջին հայացքից ենթադրում են մեկը մյուսին: Կարծես թե չկա առավել կանացի կոչում, ինչպես մայրը, և մոր կերպարում է մարմնանում ամեն կանացին: Մինչդեռ, առավել խորը հայացքը կբացահայտի այն դժվար ըմբռնելի ներքին բախումը, որ կա այս երկու հասկացությունների միջև: Մի ծայրահեղությունում կին, որի համար մայրությունը միայն ծանրություն է ու բեռ իր կին լինելու ճանապարհին, մյուս ծայրահեղությունում մայր, որն իր ողջ կյանքի իմաստը երեխայի մեջ կենտրոնացնելով, երեխայի կյանքն է վերածել տանջանքի՝ նրա յուրաքանչյուր սխալն ընկալելով որպես սեփական կյանքի դժբախտություն։ Եվ այս երկու ծայրահեղությունների միջև կինը պիտի կարողանա ստեղծել իր դիրքը՝ ապահովելով կին ու մայր դերերի միջև յուրօրինակ հավասարակշռություն:
«Կին և մայր… Կին, որ դառնում է մայր… Արդյո՞ք այս հաճախ պարզագույն թվացող անցումն այնքան խաղաղ է, ինչպես կարող է երևալ առաջին հայացքից: Արդյո՞ք դերակատարը մեկն է: Արդյո՞ք կին-մայր առանցքի վրա կնոջ ընտրած դիրքն իր խորքում չի կրում այն ազդեցությունը, որ ինքը՝ մայրացող կինն է կրել սեփական մորից և վերջինիս կողմից նույն առանցքի վրա զբաղեցրած դիրքից: Եվ արդյո՞ք տեղին չէ հայրեր-որդիներին համահունչ` մայրեր-դուստրեր սերունդների երկխոսության ու սերնդափոխության գաղափարը:
Արդյո՞ք խորաթափանց հայացքը կին-մայր և կին-դուստր, յուրօրինակ զույգի հարաբերություններում չպիտի արձանագրի մի երրորդ՝ կարևորագույն դերակատարի՝ տղամարդ-հոր ներկայությունը: Ուղղակի թե անուղղակի, գիտակցաբար թե անգիտակցաբար, տղամարդը մշտապես ներկա է մայր-դուստր հարաբերությունում, որն ընկալվում է որպես եռակողմ հարաբերություն»:
Ահա այս հարցերն են, որ «Ուտոպիանան» փորձել է բարձրացնել՝ նախաձեռնելով մայր-դուստր՝ եռակողմ հարաբերություն նախագիծը:
Ուտոպիանան հայտարարել էր բազմամեդիա մրցույթ իր «Մայր-դուստր՝ եռակողմ հարաբերություն» նախագծի շրջանակներում։ Մրցույթին ներկայացվել էին միայն գրական գործեր.
«Նամակ» Անի Մաթևոսյան
«Երեք կին, որոնք ուզում են երջանիկ լինել» Արփի Մաղաքյան
«Մամաս ո՞վ ա» Լուսինե Վայաչյան
«Կաֆե-գալսե» Նարինե Կռոյան
«Կարևորության խնդիրներ» Սոնա Ավետիսյան
«Երեք երգ Բեատրիսին» Տաթևիկ Խուրշուդյան
«Կրկնվող պատմություն» Վահան Իշխանյան
Գործերին հնարավոր էր ծանոթանալ և նախընտրած գործի օգտին քվեարկել Ուտոպիանայի կայքում: Գործերը դրվել են բաց քննարկման նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում, Ուտոպիանայի էջում: Մրցույթի արդյունքներն ամփոփելիս կարևորվել են նաև քվեարկողների հիմնավորումներն այս կամ այն գործի վերաբերյալ, իսկ արդյունքներին կարելի է ծանոթանալ Ուտոպիանայի կայքէջում:
Օրերս քվեարկության արդյունքում ընթերցողի ձայների մեծամասնությամբ լավագույն գրական ստեղծագործություն համարվեց Լուսինե Վայաչյանի «Մամաս ո՞վ ա» ստեղծագործությունը:
Ուտոպիանան հրավիրել էր նաև հատուկ հանձնաժողով՝ Մարինե Պետրոսյան, Արա Նեդոլյան, Միսաք Խոստիկյան, Կարեն Անտաշյան և Աննա Բարսեղյան: Գործերը քննարկելուց հետո որոշվել է նաև հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն գրական ստեղծագործությունը՝ Սոնա Ավետիսյանի «Կարևորության խնդիրներ»-ը:
Հ.Գ. Լուսինե Վայաչյանը «Հայկական Վարկածի» լրագրողն է, շնորհավորելով նրան մրցանակի կապակցությամբ, չենք կարող չօգտվել առիթից ու չասել, որ Լուսինե- գրողի Աստվածատուր շնորհը դեռ չի գտել իր արժանի գնահատականը։Սրանք պարզապես խոսքեր չեն, Լուսինեն հետաքրքիր ու վառ անհատականություն է, ավելի քան վստահ ենք, որ ժամանակը ցույց կտա նրա ստեղծագործության իրական արժեքը։
Հայկական Վարկած
Ազգային ժողովն այսօր իր աշխատանքները սկսեց Հոկտեմբերի 27-ի հիշատակի հարգանքի տուրքով: Պատգամավորները նախ ծաղիկներ դրեցին խորհրդարանի բակում դրված Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Արարողությանը ներկա էին նաև զոհերի հարազատները, եկել էին Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը, հայրը` Զավեն Սարգսյանը և եղբայրը` Արմեն Սարգսյանը: Խորհրդարան էր եկել նաև ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը: Այստեղ էին նաև մյուս զոհերի հարազատները: Հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո հարազատները մտան նաև խորհրդարանի նիստերի նորակառույց դահլիճ, պատգամավորների հետ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հոտընկայս հարգեցին հարազատների հիշատակն ու հեռացան:
1999 թվականից ի վեր երկրորդ անգամ է,որ հոկտեմբերի 27-ը չորեքշաբթի օր է: Նախորդ` 2004թ. hոկտեմբերի 27-ին պատգամավորները հարց ու պատասխանի համար խորհրդարան եկած նախարարներին դիմավորեցին այն նույն դահլիճում, որտեղ տեղի էր ունեցել ողբերգություն — ոճրագործությունը:
2010-ի հոկտեմբերի 27-ը համընկավ 1999թ. նույն օրվան` դարձյալ չորեքշաբթի և դարձյալ հարց ու պատասխանի օր, սակայն վաղը խորհրդարանն առաջին անգամ գործադիրի ներկայացուցիչներին կընդունի միանգամայն այլ տեսքով. Ազգային ժողովի դահլիճն այնպես է վերափոխվել, որ այլևս ոչ մի բան չի կարող պատգամավորներին հիշեցնել 27- ի եղերական օրը:
Բայց անկախ դահլիճի պատերի, դիրքի, ձևի, աթոռների փոփոխությունից, անկախ պատգամավորական ցուցակում այս տարիների ընթացքում արձանագրված շարժերից, 11 տարի առաջվա աշնան երկրորդ ամսվա չորրորդ չորեքշաբթին չի մոռացվում:
Ի՞նչ էր Հոկտեմբերի 27-ը` լոկ ահաբեկչությու՞ն, թե՞ շատ ավելին: Մինչև հիմա էլ այս հարցի վերաբերյալ կարծիքներն ու ընկալումները հակասական են. սա մի թեմա է, որի մասին հիմնականում իմացողները նախընտրում են լռել, չիմացողները տարաբնույթ կարծիքներ հայտնել: Գնահատականները հիմնականում երկու մասի են բաժանվում. մի մասի համար Նաիրի Հունանյանն ու նրա խումբը պարզապես ոճրագործներ էին, որ փորձեցին տեռորի միջոցով ինչ-որ բան փոխել, մյուս մասն այդ մարդկանց ընկալում է մի փոքր այլ. նրանք պարզապես ռոմանտիկներ էին, որոնց համբերության բաժակը լցվեց և նրանք հավատացին, որ կարելի է նաև այդ կերպ ինչ-որ բան փոխել: Երկու դեպքում էլ խոսվում է ուղղորդող ուժերի առկայության մասին, խոսվում է, սակայն մինչ օրս հանցագործության բացահայտումը որևէ մեկին չի բավարարում։ Տեռորը, որպես այդպիսին, արդարացում ունենալ չի կարող, սակայն ցանկացած` անգամ ամենադաժան տեռորիստական ակտի հետևում պատմություններ են, որոնց հավաստիությունը 100 տոկոսանոց չէ։
Հոկտեմբերի 27-ով Վազգեն Սարգսյանը սրբացվեց: Այլևս որևէ մեկը չհամարձակվեց բարձրաձայն ասել այն, ինչ խոսվում էր նրա մասին մինչև սպարապետի սպանությունը: Այլ կարծիք արտահայտողները միանգամից դասվում էին «պերսոնա նոն-գրատա»-ների շարքը, իսկ բարեպաշտ երևալ ձգտողները, որոնցից շատերը նույնիսկ ճշմարտության 1տոկոսը չգիտեին, իրենց պարտքն էին համարում հարձակում սկսել համարձակների վրա:
Հոկտեմբերի 27-ը գնալով ավելի ու ավելի է վերածվում պաշտոնական տաբուի, դրա վերաբերյալ թույլատրելի են համարվում միայն ափսոսանքի, զոհերի վերաբերյալ դրական գնահատականի խոսքերը: Բայց 27-ը հայ հասարակության մեջ այն եզակի դեպքն էր, որ ցույց տվեց, որ այդքան էլ ճիշտ չէ ամեն ինչ չտեսնելու տալը, ճիշտ չէ իրականությանը դեմ գնալը, անպատժելիության հարյուրտոկոսանոց համոզվածությունը:
Մինչև Հոկտեմբերի 27-ը անարդարությանի իր բազում դրսևորումներով, ուղղակի թքում էր պատերազմ ու դառնություններ հաղթահարած ժողովրդի ճակատին: Հոկտեմբերի 27-ից հետո ժողովուրդն է թքում արդարության ճակատին, բայց ով է հաշվի առնողը:
Հոկտեմբերի 27-ի գործը դարձել է անձեռնմխելի. Նաիրի և Կարեն Հունանյաններն իրենց հետ ցմահ ազատազրկման քարշ տվեցին խմբի ողջ անդամներին: Կատարվածի ողբերգությունը թույլ չտվեց արդարադատությանը վեր կանգնել և ավելի սթափ նայել փաստերին: Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկվածների շարքում է նաև այն երթուղայինի վարորդը, որին պարզապես փողոցից բռնել և խնդրել էին հասցնել խորհրդարանի շենք. Կնյազյանը ոչինչ չկարողացավ ապացուցել: Մոռացությունից դուրս գալու մի քանի ճիգ գործադրեց նաև բժիշկ Էդիկ Գրիգորյանը, որ անգամ գործ էր պատրաստում` ներկայացնելու Հաագայի միջազգային դատարան` առ այն, որ հուզական ֆոնի վրա կայացվել է ոչ համարժեք դատավճիռ: ՀՀ Քրեական օրենսգրքի` հանցագործության համակատարողներին հանցագործների հետ նույն հարթության վրա դնելը Էդիկ Գրիգորյանի և նախկին ազատամարտիկ Դերենիկ Բեջանյանի համար ևս կյանք արժեցավ. առանց մի փամփուշտ կրակած լինելու նրանք ևս դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Իր իրավունքների ոտնահարման համար դատարան դիմեց Նաիրի Բադալյանը։
Հոկտեմբերի 27-ի գործը պատվիրատուներն այդպես էլ փնտրել -չգտնելով փակեցին: Փակեցին նաև քիչ թե շատ վտանգավոր մարդկանց բերանը կամ հենց իրենց, վերածելով անվտանգ խելագարների։ Իսկ գլխավոր ոճրագործը, որքան էլ զարմանալի է, լռության ուխտ է արել, հորը պահ տալով ծերանոցում,իսկ մորը հոգեբուժարանում։ Նա նույնիսկ նրանց հանդիպելու ցանկություն չի ցուցաբերում։ Սակայն մանրամասներին այժմ այլևս անդրադառնում են միայն հազվագյուտ դեպքերում, այն էլ` տաբուի թելադրած բոլոր կանոններով։
Ո՞րն էր Հոկտեմբերի 27-ի դասը, կամ նման դաս կա՞ր, ընդհնարապես։Տեռորի գնացողները կարծում էին, թե իրենց արածը հենց դաս է` իշխանություններին սթափության դաս տալու փորձ: Ժամանակը և շարունակվող անարդարությունն ու դրանից բխող հետևանքները լռության մատնելը, ցույց է տալիս, որ Հոկտեմբերի 27-ը բոլորովին էլ դաս չէր կամ այն դասը չէր, ինչի ձգտում էին հասնել «ռոմանտիկ-տեռորիստները»: Այսօր Ազգային ժողովի պատգամավորները սովորական օրվա նման գալու են խորհրդարան: Սակայն, ովքեր 1999թ. ևս ընտրյալների շարքում էին, մի այլ զգացողություն ունեն. երեկ Ռուբեն Գևորգյանը մի հատուկ պաթոսով շնորհակալություն հայտնեց ԱԺ ներկա նախագահին, որի նախաձեռնած վերանորոգման շնորհիվ «վերջապես կորցրեցինք 1999թ. հոկտեմբերի 27-ին կատարված զազրելի հանցագործությունն անընդմեջ հիշեցնող և իրագործված այդ դավաճանական ակտի հիշողություններն իր մեջ պահող այս չորս պատերը»:
Դահլիճը փոխվեց, սակայն հիշողությունը փոփոխության ենթակա չէ: Ինչպե՞ս են պատգամավորներն այս օրվա խորհրդարան գալու, ի՞նչ դաս տվեց Հոկտեմբերի 27-ը, ի՞նչ է փոխվել այսօր…
Գալուստ Սահակյան. ՀՀԿ խմբակցության ղեկավար
— Լարվածություն, իհարկե կա, որովհետև նախ ականատեսների մոտ դա մի այլ բնույթ է կրում, կարծեք թե տարիների ժապավենը նորից պտտվում է և դա ոչ թե այսօրվա գնահատման խնդիր է, այլ դա մեծ ներազդեցություն ունեցավ մեր պետական իրողությունների, ազգային ընկալումների վրա և, կարծում եմ, որ ժամանակակիցները, կամ ովքեր եղել են այդ պահին, մշտապես գիտակցում են, որ մենք պիտի ունենանք այն երկիրը, որի մասին մտածում էին մեր գործընկերները և սա է միայն ամոքիչը, առավել ևս, որպես հռետորական մոտեցում ասեմ հետևյալը, որ մենք մեր կարծիքը չենք փոխել, դա ոճրագործություն էր արտաքին ուժերի կողմից և փորձում էին մեր նորաստեղծ պետականությանը հարված հասցնել: Քավ լիցի, մեր քաղաքական ուժերը` մասնավորապես Հանրապետականը կարողացավ իրենց մեջ ուժ գտնել և փորձել ոչ թե իրողությունների ցավով տառապել, այլ այն մտածումները, որոնք ունեինք մենք, որոնցով առաջնորդվում էին մեր գործընկերները, կյանքի կոչել:
— Ասում եք արտաքին ուժերի ձեռքի գործն էր, և, փաստորեն, այդպես էլ այդ արտաքին ուժերը չբացահայտվեցի՞ն:
— Բնականաբար, հնարավոր չի նման բացահայտումներ անել, նման գործընթացներում դա կախված կլինի, ինձ թվում է, նորից հռետորական մտածողություն, մեր երկրի հետագա ուժեղացման և ամրացման պարագայում:
— Իսկ որպես ֆրակցիայի ղեկավարի, պատգամավորներից լսե՞լ եք մտավախություններ կոնկրետ այս օրվա հետ կապված, ինչպե՞ս են գալու խորհրդարան, հատկապես որ, այս տարի համընկել է չորեքշաբթին:
— Բոլորի մոտ էլ մեծ ցնցում է առաջացրել, սթրեսներ են տարել և բավականին երկար տարիներ հետո կամաց-կամաց այդ ցնցումային ուժն իր տեղը զիջեց, ավելի վճռականության և ավելի պարտադրված աշխատանքի:
Սամվել Նիկոյան — ԱԺ փոխնախագահ (Նիկոյանը 1999թ. պատգամավոր չէր, սակայն…)
— Իմ ընկերներն այդ ժամանակ պատգամավորներ էին: Տարաբնույթ ինֆորմացիա էր դահլիճից գալիս, անկեղծ ասած, հեռվից երբ փորձում ենք այդ ամենը վերապրել, հասկանալ, կրկնում եմ, տեռորիզմի դաժանությունը կայանում է նրանում, որ նա միևնույն է` թողնում է կասկածի ժանգը: Եվ ասում են, կգա ժամանակը, երբ կբացահայտվեն պատվիրատուները: Ինչքա՞ն պետք է ժամանակ անցնի, որ կարողանանք դա և ի՞նչը պետք է փոխվի, որ դա բացահայտեն: Անկեղծ ասած, երբ ասում են ինչ- որ կազմակերպիչները չեն բացահայտվել, ուղղորդիչները չեն բացահայտվել, ես փոքր-ինչ, ուղիղ կազմակերպիչների գոյության մասին այդ բանը ավելի շուտ իմ մեջ մարվեց, քանի որ եթե կային այդպիսիները, պատկերացրե´ք, անցել է 11 տարի և այդ մարդիկ ցմահ դատապարտված են և նրանցից հարազատը, թե եղբայրը ինքնասպանություն գործեցին, եթե կա այդ գաղտնիքը, ո՞ր օրվա համար է, ինչի՞ համար է: Եթե սկզբից ասում էին, թե նրանք չեն ասում, քանի որ նրանց տվել են երաշխիք, եթե անցել է 11 տարի և նրանք տեսնում են, որ փտելու են այնտեղ, էդ ո՞ր երաշխիքն ա, որի համաձայն նրանք չեն ասում, գիտեն, որ իրենք դատապարտված են չգոյության, գիտեն, որ որպես անձ չկան, ոչնչացված են որպես էություն և էդ ո՞ր օրվա համար են նրանք գաղտնիքի տիրապետում և չեն ասում:
— Վերանայման խնդիրն էլ կարծես արդեն չի շոշափվում, Հոկտեմբերի 27-ի գործի մեջ, ինչպես գիտեք, բավականին վիճարկելի տեղեր կան, օրինակ` վարորդին դատապարտել են ցմահ բանտարկության, երբ նա գաղափար էլ չի ունեցել, թե ինչի համար են ուղևորները գնում Ազգային ժողով:
— Գիտե՞ք ինչ, ես չեմ կարծում, որ կարող են կապ չունեցողին դատապարտել, չեմ ուզում հավատալ դրան և, պատկերացրեք, որ որևիցե մեկը փորձեր այն ժամանակ մեղմ մոտենալ որևէ մեկին: Պատկերացնու՞մ եք հասարակական կարծիքը ինչ կաներ նրան:
— Արդյո՞ք հենց այդ հասարակական ընդվզման, այդ մթնոլորտի ազդեցությամբ չկայացվեց սխալ դատավճիռ: Մի փոքր էսպես բոլորին համահարթեցման սկզբունքով դատապարտելը արդյո՞ք ճիշտ էր:
— Դժվարանում եմ պատասխանել, որովհետև, գիտե´ք, ողբերգությունը, ոճիրը այնքան մեծ էր, որ հիմա փորձել դրա մեջ որևէ մեկին, որը մասնակցություն է ունեցել և իմացել է ինչի է գնում և փորձես մեղմել նրա դատավճիռը, կարծում եմ, այդ արարքն այդքան էլ ճիշտ չի լինի, որովհետև յուրաքանչյուր մարդ, որ գիտի, որ ինքը փոքր մասն է, բայց ինչպիսի գործի է ինքը մասնակից, երևի ճիշտ չի նման հարցադրում անել:
— Դուք որպես փոխնախագահ, ի՞նչ զգացողություններ ունեք այս օրվա հետ կապված, վաղն էլ նիստ եք վարելու…
— Եվ հետաքրքիրն այն է, որ վաղը ևս կառավարության հետ հարց ու պատասխանի օր է: Եվ այդ ցիկլը համընկել է և պատգամավորների մեջ արդեն այդպիսի խոսակցությունները…
— Կարո՞ղ է վաղը մարդ չգա:
— Չէ´, գիտե՞ք ինչ, ընդհանուր առմամբ, սա պետականություն չունեցող ժողովրդի միջից ծնված մարդկանց հարաբերությունները լուծելու ձև է: Եթե մենք ունենայինք դարավոր պետականության մշակույթ, քաղաքացիների մոտ այդ հարցերը լուծելու այլ մեթոդներ, այլ եղանակներ գենետիկորեն նստած կլինեին: Բայց քանի որ չենք ունեցել, և հիմա այդ պրոցեսի մեջ ենք, դրա համար էլ բոլորի մեջ կա այդ ցանկությունը, թե նա ով է, մի տաս, քսան կամ մի քանի տարի առաջ ես իրանից լավ էի խոսում, հիմա ինքը դառել ա եսիմ ինչ…
— Դե, Հոկտեմբերի 27-ի հանդեպ մոտեցումներն էլ, կարծես թե, երկու մասի են բաժանվում. մի մասն ասում է` ոճրագործներ են, մի մասը` ռոմանտիկներ: Եվ կարծես հիմքեր կային երկուսի համար էլ:
— Այո´, անկեղծ ասած, ես հենց այդ ժամանակ դիմացի մայթին կանգնած էի և շատ մարդիկ հավաքվել էին այնտեղ և ընդհանուր ցավի, տագնապի ու մտատանջության զգացողություն կար, բայց արի ու տես, որ կային նաև մարդիկ, որոնք ասում էին, որ այո´, դրանց տեղն է: Եվ նման մոտեցումները շատ ավելի քիչ է, փոքր է հիմա, բայց ո՞վ է ասում, թե հիմա էլ չկա:
— Ա´յ, հենց նշանակետին խփեցիք, որքանո՞վ է ճիշտ խնդիրներին լուծում չտալը, քնեցնելը, անտեսման մատնելը: Դա հենց քաղաքական ղեկավարության որոշելիքն է, և Դուք էլ դրա ներկայացուցիչն եք, նույն հոկտեմբերի 27-ն էլ դաս է չէ՞ կարծես, որ չի կարելի նման ձևով մոտենալ հարցերին, ժողովրդին արհամարհել և կարծել, թե ամեն ինչ կարող է շարունակվել իշխողների ուզածի պես:
— Դաս է, այո´, Հայաստանի Հանրապետությունում կամ մեր նման երկրներում կարող են խնդիրներ կուտակվել, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այն, որ կարելի է ավելին անել իշխանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար, ես դրան հավատում եմ, որ ավելին կարող ենք անել և պարտավոր ենք անել, և այն, ինչ անում էին 5 տարի առաջ, հիմա ավելին ենք անում, բայց կան շատ սուբյեկտիվ պատճառներ: Իշխանության մեջ յուրաքանչյուր մարդ պարտավոր է հասկանալ, որ ինքը վարձու աշխատող է, պարտականություններ ունի, իշխանությունը ոչ թե որպես արտոնություն ընկալի, այլ որպես պարտականություն:
— Բա ինչի՞ չեն հասկանում:
— Գիտե՞ք, մի´ ասեք ինչի չեն հասկանում, եկեք ձեզ մարդիկ ցույց տամ, որոնք էդպես ապրել են, էդպես ապրում են, էդպես էլ կապրեն:
Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում էր նաև Վիկտոր Դալլաքյանը:
— Լարվածություն չկա։՞
— Ճիշտն ասած, կա ափսոսանք, կա հիշողություն, քանի որ ես այդ օրը եղել եմ դահլիճում, ընդ որում, ես ասեմ, հարց ու պատասխանը վերջացրել էի, Ֆրունզե Խառատյանը հարցը տվել էր Բարխուդարյանին, այսինքն` իմ հարցի պատասխանից հետո ա եղել դա: Եվ ես շատ լավ հիշում եմ, որ դահլիճ մտան, ես նստած էի Վազգեն Սարգսյանից չորս շարք հետ և նաև հիշում եմ Վազգեն Սարգսյանի բառերը, երբ որ մտավ Հունանյանը, Վազգեն Սարգսյանը փորձեց կանգնել ու սենց ձեռքը դեպի ավտոմատը տարավ, դե, տարածությունը շատ փոքր էր և հարմար չէր և ասեց` «էս ո՞վ ա», ա´յ, իրա վերջին բառերն են դրանք և այն մարդիկ, ովքեր էդ օրը դահլիճում են եղել, չեն կարող, անկախ նրանից, դա նիստերի օր կլինի, թե չի լինի, չեն կարող այդ ամենը չվերապրել, ես էդ ամեն ինչը վերապրել եմ, և պետք է ուղղակի այդ ամեն ինչից դասեր քաղել և նաև ասեմ, որ Վազգեն Սարգսյանի մարմինը տեղափոխողներից մեկը ես եմ եղել: Մենք ջարդեցինք առաջին շարքի նստարանը, նաև հիշում եմ ովքեր` Վարդան Խաչատրյանը` ֆինանսների նախկին նախարարը, Մյասնիկ Մալխասյանը, Ռազմիկ Մարտիրոսյանը և ես, չորսով տեղափոխեցինք: Վազգեն Սարգսյանի գոգին, դե, թեքված էր, պարկուճներ էին, ես երկու հատ գրպանս դրեցի և հաջորդ օրը, երբ որ Արարատ էինք գնացել, մորն եմ հանձնել, նաև ամբողջ կոստյումը կարծես ջրի մեջ մտցրած-հանած`արնաքամ էր եղել, իմ ձեռքերը ամբողջությամբ արյունոտված էր, օրենքների նախագծի թուղթն էր, էդ թուղթն էլ եմ տիկին Գրետային տվել, իսկ բեմի վրա Կարեն Դեմիրճյանն էր` կոստյումը գլխին գցած, քանի որ նրան կոնտրոլնի խփել էին` փակ էր գլուխը և ակնոցը ընկած էր, ես ակնոցը գրպանս եմ դրել ու մի քանի օր հետո տիկին Ռիմային եմ հանձնել: Ծանր է, դե, օրինակ, ես վաղվա համար գրավոր հարցում եմ արել կառավարությանը, բայց վաղը ես էդ ամեն ինչը վերապրելու եմ, նույնիսկ չնայած իմ 15 տարվա պատգամավորական փորձին, որը փոքր ժամկետ չի, անկեղծ ասեմ, որ հաստատ կհուզվեմ վաղը:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Ազգային ժողովի նիստերի նոր դահլիճի բացման արարողությանը մանրամասներին տեղեկացանք տարբեր մարդկանցից։ Նախ` ԱԺ-ի դահլիճում ելույթներ են ունեցել Հովիկ Աբրահամյանը, Ամենայն Հայոց կարթողիկոսը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ընդ որում, այն հերթականությամբ, ինչպես նշված է, ապա ցուցադրվել է ԱԺ դահլիճի վերանորոգմանը նվիրված 2-3 րոպեանոց ֆիլմ, որից հետո ներկաները գնացել են ԱԺ այգի` ֆուրշեթի, իսկ այնտեղ մատուցված կերակրատեսակների ցանկում նույնիսկ “գարյաչի” բլյուդ է եղել:
Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Արթուր Բաղդասարյանի սեղանին մոտեցել է Գագիկ Ծառուկլյանը /նա այս անգամ եղել է դասական կոստյումով/ , ապա պատգամավորներ Շմայսը, Վիկտոր Դալլաքյանը և այլոք: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, նախքան բուն արարողությունը, լուրեր են շրջանառվել, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսելու է, որ իր և Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան տանդեմի մեջ որևէ տարաձայնություններ և հակասություններ չկան, ինչը, սակայն, չեղավ: Դատելով մանրամասներից, ողջ արարողությունն անցել է Հայաստանում և միջազգային պրակտիկայում ընդունված պրոտոկոլի մի քանի կուրյոզներով ու “չեպեներով”:
Նախ` արարողակարգային տեսանկյունից ճիշտ չէ, որ նախագահի կամ նրա ներկայացուցչի տեղը լինի նույն գծի վրա։ ԱԺ նախագահինը և փոխնախագահներինը, աշխարհում ընդունված պրակտիկայի համաձայն, պետք է լինի առանձին` մի փոքր հեռավորության վրա: Կան երկրներ, որտեղ նախագահի տեղը օթյակի նման է։ Իսկ այսօր դահլիճից նայելիս Սերժ Սարգսյանը, կաթողիկոսն ու Հովիկ Աբրահամյանը նստած են եղել մի շարքով. Աժ նախագահը մեջտեղում, Սերժ Սարգսյանն ու Գարեգին Բ-ն նրա աջ ու ձախ կողմերում: Նաև արդեն հայաստանյան ավանդույթներով ավելի ընդունելի կլիներ, որ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի ու Ամենայն Կաթողիկոսի օրհնությունը լինեին ոչ այն հերթականությամբ ինչպես եղել է` նախ ԱԺ նախագահը, հետո` Կաթողիկոսը, ապա` Սերժ Սարգսյանը:
Եթե ԱԺ նախագահի ելույթը, որպես տանտիրոջ, իրոք պետք է նախորդեր Սերժ Սարգսյանի ելույթին, ապա Կաթողիկոսի օրհնությունը պետք է լիներ առաջինը: Ճիշտ չէր ընտրված կլիպ հիշեցնող 3-4 րոպեանոց ֆիլմը, որտեղ Հովիկ Աբրահամյանը տարբեր կոստյումներով / կա նման քարոզչական հնարք` տպավորություն թողնելու համար / ցուցումներ է տալիս շինարարներին, և ՀՀ նախագահը, և ամբողջ դահլիճը նստած դա ակնդրում և ունկնդրում են: Իսկ ամենակուրյոզը Հովիկ Աբրահամյանի ելույթն էր, որը մեկ հիմնական նպատակի էր միտված` ընդգծել, որ նոր ձևի մեջ նոր բովանդակություն պետք է լինի: Օրինակ` “Այսուհետ մեր խորհրդարանը կաշխատի Ազգային ժողովի նիստերի նոր դահլիճում:
Դահլիճի օվալաձև կառուցվածքը խորհուրդ ունի. այն Ազգային ժողովի նիստերը կլոր սեղանի շուրջն անցկացվող քննարկումներ է հիշեցնում: Այդ կառուցվածքի ընտրությունը պատահական չէ: Վաղուց ի վեր կլոր սեղանը համարվում է համագործակցության, նպատակամետ քննարկումների խորհրդանիշ, քանի որ տրամաբանորեն կլոր սեղանի շուրջ զրուցակիցները շարժվում են ոչ թե ճակատային ու միմյանց հանդեպ անձնավորված գրոհների, այլ հիմնախնդրի լուծման արդյունավետ ուղիների փնտրտուքի ճանապարհով:
Համաձայն առասպելի` կլոր սեղանի գաղափարը ծնվել է 12-րդ դարում, թեև այն շատ ավելի հին է և հատուկ է եղել նաև հայ իրականությանը: Ըստ ավանդույթի` Արթուր թագավորն այդ ձևով իր ասպետներին զրկեց սեղանի գլխին ավելի մոտ նստելու վիճահարույց հարցի հնարավորությունից: Կլոր սեղանը չունի անկյուններ, ուստի կլոր սեղանի շուրջը նստածները հավասարապես իրավազոր և պատասխանատու են ընդունված որոշումների համար”: Կամ` “Այն, ինչի ձգտում էր Արթուր թագավորը, արդիական է նաև այսօր: Վստահ եմ, որ այս դահլիճում միշտ տիրապետող կլինի ասպետական ոգին, որն առաջին հերթին կարտահայտվի փոխադարձ հարգանքով ու այլոց կարծիքների հանդեպ հանդուրժողականությամբ: Դա ամենևին չի նշանակում, որ այս դահլիճում պիտի բացակայի մրցակցությունը, բանավեճը, քննադատությունը: Ոչ, իհարկե: Դրանք քաղաքական կյանքի անբաժանելի տարրերն են, բայց չպետք է դառնան մեր անցուդարձի ու կյանքի ինքնանպատակ դրսևորումները”:
Ակնհայտ է, որ այս ամենը կարելի էր ասել պարզ և ոչ այդ դահլիճին միանգամայն օտար մշակութային ու մենթալիտետային անկապ օրինակներով: Նաև նշենք, որ չգիտենք եռանկյունաչափության մեջ ինչպես, բայց բնության մեջ, կլորն ու օվալաձևը տարբեր բաներ են, և այս իմաստով էլ էին բերված համեմատությունները անհաջող: Բայց ԱԺ պատգամավորներից ոմանք դրանց բուն ենթատեքստը բոլորովին այլ կերպ էին մեկնաբանում. Սերժ Սարգսյանին և դահլիճին հասցնել հավասարության գաղափարը, նա գործադիր մարմնի ղեկավարն է, ինքը` օրենսդիր: Որևէ մեկը շեֆ չի, կամ ինքը Սերժ Սարգսյանի ենթական չէ: Նրանց կարծիքով, այս միտքը տեղ հասցնելուն էր միտված Աժ նախագահի ելույթի` իշխանության տարբեր թևերի միջև զսպումների ու հավասարակշռումների մասին հատվածը: Մյուս կողմից` ակնհայտ էր, որ Հովիկ Աբրահամյանը փորձում էր սիրաշահել Սերժ Սարգսյանին` շնորհակալություն հայտնելով դահլիճի վերանորոգման աջակցության համար: Բայց շատերին անհասկանլի մնաց, թե ինչու մի շնորհակալություն էլ բաժին չընկավ Տիգրան Սարգսյանի կառավարությանը, եթե դահլիճի փողը տվել էր Վարչապետը:
Հասմիկ Օհանյան
Երեկ Խաչատուր Սուքիասյանի հոր` Ալբերտ Սուքիասյանի հուղարկավորությունն էր: Հայ իրականության մեջ տարիներ շարունակ թաղում-հարսանիքները հնարավորինս վեր էին գտնվում քաղաքական խաղերից:
Իշխանություն-ընդդիմություն ճանապարհները, եթե քաղաքական դաշտում չէին խաչվում, ապա նման միջոցառումների ժամանակ պայմանը փոխվում էր:
Բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքական հակառակորդները, կամ նույն օրը քննադատական բուռն ելույթներով հանդես եկած տարբեր ուժերի ներկայացուցիչները երեկոյան բաժակ են բարձրացրել իրենց ընդհանուր ծանոթի «արարողությանը»:
Ալբերտ Սուքիասյանի մահը այս առումով բավականին հատկանշական էր: Սուքիասյան ընտանիքը Հայաստանի ամենահայտնի ընտանիքներից մեկն է, այս տարիների ընթացքում բազմաթիվ բարեկամական-խնամիական-ընկերական կապեր է հաստատել Հայաստանի, այսպես կոչված, էլիտայի շրջանակներում: Եվ բնական էր, որ Սուքիասյան-հոր հուղարկավորությանը որոշ մարդիկ պետք է որ ներկա գտնվեին: Սակայն Սուքիասյանների դժբախտությունը ցույց տվեց, որ այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել նաև հայ հասարակության մեջ: Ներկա գտնվելով հուղարկավորությանը, կարելի էր շատ բան արձանագրել և հասկանալ, թե քաղաքական խաղերն ինչպես են ներգործել մեր արժեքային համակարգի վրա և կարելի է մի արարողությունից անգամ հասկանալ, թե ով ով է Հայաստանում, ով է պահպանել դեմքը, ով` վախենում է, խնամքով թաքցնելով այն:
Ալբերտ Սուքիասյանը մահանալիս ասել էր. «Մարդ է՞լ 4 տղա ունենա ու մեռնելուց մենակ մի տղեն կողքը լինի: Բա տղերքս կողքս չլնեի՞ն…»: Սուքիասյան եղբայրները Հայաստանում չէին, Խաչատուր Սուքիասյանը հետախուզման պատճառով փախստականի կարգավիճակից դուրս գալուց, նախագահի կողմից համաներման արժանանալուց և պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո նախընտրում է Հայաստանից դուրս գտնվել: Մյուս եղբայրներն էլ տարբեր հարցերով գտնվում էին արտերկրում: Հոր մահից ժամեր անց ,սակայն, երեքն էլ արդեն տանն էին:
Մինչ տղաները կհասնեին, հանգուցյալի կողքին էր Խաչատուր Սուքիասյանի խնամին` նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Ջհանգիրյանի ներկայությունն ավելի քան բնական էր` թե´ խնամի են, թե´ նույն` ընդդիմադիր ճամբարում. 2008թ. հետո Սուքիասյանն ու Ջհանգիրյանը կողմնորոշվեցին և իրենց նախագահ ընտրեցին Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչից էլ սկսվեցին երկուսի անհաջողություններն ու «իզգոյի» կարգավիճակի հիմքը դրվեց:
Լևոն Տեր-Պետրոսյանը, ում պատճառով Սուքիասյանը հայտնվեց նման վիճակում և հիմա ստիպված է հայրենիքից դուրս ապրել, նույնպես իր ողջ շքախմբով ներկա էր Սուքիասյանի հրաժեշտի արարողությանը: Սուքիասյաններին ցավակցություն հայտնել շտապում էին նաև Հայաստանի` միջին տրամաչափ և ազդեցություն ունեցող գործիչները, սակայն առաջնային օղակներից այստեղ միայն հատուկենտ դեմքեր կարելի էր տեսնել: Եվ սա այն դեպքում, երբ շատ-շատերը ասում էին. «էդքան աղուհաց են կիսել, տեսնենք կգա՞ն…»: Զարմանալի էր, բայց, այնուամենայնիվ, իրականություն` աղուհաց չմոռացածների մեջ էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Սուքիասյաններին ցավակցելու էր եկել նաև Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, և, որ առավել զարմանալի էր, եկել էր դաշնակցական Աղվան Վարդանյանը, ում հետ Սուքիասյանը կարծես առաձնապես մտերիմ չէր էլ եղել:
Աղուհաց ուրացողների մեջ ամենահետաքրքիր կերպարը, թերևս, Ռուբեն Հայրապետյանն է: Մի ժամանակ Հայրապետյանն ու Սուքիասյանը բավականին մտերիմ էին, անգամ գրազ էին գալիս, ինչի արդյունքում Խաչատուր Սուքիասյանն մինչ օրս Հայրապետյանին պարտք է մնացել «Մայբախ» մակնիշի ավտոմեքենա. 2008թ. նախընտրական շրջանում Հայաստանի երկու օլիգարխները գրազ են գալիս, թե ով կդառնա ՀՀ երրորդ նախագահը։ Հայրապետյանի կանխատեսումը, բնականաբար, Սերժ Սարգսյանի օգտին էր, մինչդեռ Սուքիասյանը գրազ է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի վրա և պարտվում:
Չի բացառվում, որ «գողականը» հարգող Հայրապետյանը հենց այդ պարտքի փոխարեն է որոշել իրենով անել «Բջնին»: Այդպես, նախագահական ընտրությունների պատճառով նախկին ընկեր-գործընկերները հայտնվեցին հակադիր բևեռներում` դառնալով հայ իրականության մեջ արժեքային համակարգի փլուզման վառ օրինակ:
ԼՈՒՍԻՆԵ ԵՍԱՅԱՆ
Հ.Գ. Հայտնի է, որ քրոջ թաղումը ժամանակին Հայաստան էր բերել Վանո Սիրադեղյանին: Սուքիասյանների հետ Սիրադեղյանը ևս բավականին սերտ կապեր ունի` թե´ ազգակցական, թե´ զուտ ընկերական, և թե´, առավել ևս, գործնական: Հայտնի է նաև, որ Սիրադեղյանը պատրաստվում է վերադառնալ հայրենիք և այդ ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում, մասնավորապես, հանրապետության նախագահի «դաբրոն» ստանալու առումով և անգամ տեղեկացրել է իր կուսակիցներին այդ մասին` կոչ անելով դադարեցնել բանսարկություններն ու գզվռտոցները` մինչև գա-հասնի և տեսնի, թե ինչ կարելի է անել:
Ասում են, թե Վանոն, երբ պետք է լինում, գալիս է Երևան։ Ալբերտ Սուքիասյանի հուղարկավորությանը մասնակցածների մեջ Սիրադեղյանը կարծես չերևաց, թեև… ո՞վ գիտե:
Ռուսաստանյան իրավապահների կողմից , ինչպես հայտնի է, հարուցված են մոտ երկու տասնյակ քրեական գործեր, որոնց թելերը, ըստ ընդդիմադիր մամուլի՝ տանում են դեպի հայաստանյան մի շարք պաշտոնյաներ և գործարարներ: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի անունը ևս նշված էր այդ ցանկում:
Այսօր 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը Աժ-ում ներկայացնելու համար խորհրդարան եկած ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին լրագրողներն այս մասին հարց ուղղեցին: Վերջինս այս հրապարակումները անվանեց «աբսուրդ», իսկ հարցին, թե այդ դեպքում ինչու դատի չի տալիս հրապարակումների հեղինակներին, կարկամելով ասաց՝ հո ամբողջ կյանքը դատարաններում չի անցկացնելու: ՊԵԿ նախագահը հերքում է նաև այն, թե այս օրերին կանխավճարային հավաքագրման համակարգում լուրջ խնդիրների առջև են կանգնած, և եթե, օրինակ` նախկինում հավաքագրում էին 200 հազար, ապա այժմ նույնիսկ երեսուն տոկոսով չեն կարող ապահովել այդ ցուցանիշը: Այս և մնացած մյուս հարցադրումներին Գագիկ Խաչատրյանը խոստացավ ավելի մանրամասն պատասխանել ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանի ու ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ Դավիթ Հարությունյանի մոտ սուրճ խմելուց հետո, սակայն ոչ նա, ոչ էլ ընկերակիցներն այլևս չվերադարձան:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը որոշել էր անել այն, ինչ չկարողացան անել ո´չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո´չ Հայաստանի, ո´չ էլ, առավել ևս, Ադրբեջանի ղեկավարությունը. Սփյուռքի նախարարը որոշել է հասնել ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը և դա անել ընտրովի բանակով:
Ընտրյալների «բանակը» գրեթե երկու հարյուր հոգանոց է, «զինվորներն» կոչվում են լրագրողներ, իսկ Արցախի ազատագրման օպերացիան `«Լրագրողների համահայկական համաժողով»:
Սա թվով հինգերորդն է, բայց առաջին անգամ է, որ անց է կացվում ԼՂՀ-ում: Նախարարը հենց առաջին օրը «զինվորագրվածներին» բացեց իրենց այցելության գաղտնիքը. «Դուք կգնաք, կծփաք, կգրեք Արցախիմասին և բոլորս շուտով կտեսնենք դրա պտուղները»: Թե ինչպե՞ս են ծփալու լրագրողներն ու ի՞նչ պտուղներ կարելի է սպասել դրանից, միայն երևակայել կարելի է: Իսկ հիմա ավելի մանրամասն «ծփանքի» մասին:
Ծփանքը մի քիչ անկազմակերպ սկսվեց
Սփյուռքի նախարարությունը մեկնարկից մոտ մեկ ամիս առաջ հայտարարություն էր տարածել լրագրողական համաժողովի մասին, հայտեր էր ընդունում, հայտ ներկայացնողները զեկույցներ էին գրում, հետո նստած հանգիստ սպասում համաժողովի սկսվելուն: Սակայն շատերը համաժողովի մեկնարկից մեկ-երկու օր առաջ, երբ զանգեցին, իմացան, որ իրենք չեն մասնակցելու։
Պարզվում է, մերժումները երկուստեք են եղել. Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանի հավաստիացմամբ, նախարարությունը հրավերներ է ուղարկել ՀՀ բոլոր իրենց ընդդիմադիր համարող օրաթերթերին, սակայն նրանցից և ոչ մեկը այդպես էլ չի արձագանքել (համաժողովի նախավերջին օրը միայն «Հրապարակ» օրարթերթի խմբագիրը եկավ):
Հայաստանից «լրագրողների համահայկական համաժողովին» հիթը գլխավորում էին Աստղիկ Գևորգյանը, Հակոբ Ավետիքյանը, Արմեն Ամիրյանը, Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Արամ Աբրահամյանը և այլն:
Սփյուռքի նախարարության համար Հայաստանը վերջից առաջին տեղում է
«Բանակը» հայտնի չէր` ում ճաշակով էր կազմվել։ Այն ավելի շուտ սփյուռքահայ լրագրողների համաժողով էր, որտեղ հայաստանցի լրագրողները համեստ փոքրամասնություն էին կազմում: Սփյուռքի լրագրող-խմբագիրները Հայաստանի լրատվական դաշտին բացարձակ անտեղյակ էին: Նրանք տեղյակ չէին նույնիսկ իրարից, բայց սա բնավ էլ զարմանալի չէր, քանի որ Սփյուռքի նախարարությունում ևս առանձնապես տեղյակ չէին Հայաստանի լրագրողներից:
Արժե՞ր նման համաժողով կազմակերպել
Նախարարության պարզաբանմամբ, սփյուռքահայ լրագրողները Հայաստան են եկել իրենց կամ համայնքի ծախսերով։ Պետական բյուջեի միջոցները Սփյուռքի նախարարությունը ծախսել է միայն լրագրողներին Ղարաբաղ հասցնելու, նրանց ման տալու, հյուրանոցում հինգ օր պահելու և դրա հետ կապված հարցերի վրա: Եվ ուրեմն, ի՞նչ տվեց կամ ի՞նչ կտա այս համաժողովը, արդարացվա՞ծ էին պետբյուջեի նման կորուստները:
Եթե համաժողովը դիտարկենք իբրև սփյուռքահայ լրագրողների «թրեյնինգ», ապա երևի թե արժեր կազմակերպել, օրինակ` համաժողովի ժամանակ Կարեն Բեքարյանը հստակ խնդիր դրեց սփյուռքյան լրատվամիջոցների առջև` միավորել ուժերը Ցեղասպանության և ԼՂՀ հարցի բարձրացման, դրա լուսաբանման շուրջ:
Սփյուռքահայերի համար միանշանակ արժեր համաժողով կազմակերպել։ Նրանց համար իրոք տոն էր` իրար տեսան, ճանաչեցին, հայրենիքի հողն ու ջուրը վայելեցին: Բայց արդյո՞ք դրա համար արժեր այդքան ծախս անել, սփյուռքահայ լրատվամիջոցներին. Ընդամենը ի նպաստ հայրենիքի գործելու կոչեր կարելի էր տարածել նաև էլեկտրոնային եղանակով: Օրինակ` ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շատ բաց տեքստով ասաց, որ իրենք ի վիճակի չեն լրագրական դաշտ զարգացնել, քանի որ ավելի առաջնային են համարում դրա փոխարեն մի ճանապարհ, մի դպրոց կառուցելը:
Համաժողովի անվան տակ Ղարաբաղում ման գալու ու այնտեղի պաշտոնյաների հետ հանդիպելու պայմաններ էին ապահովված։ Իսկ Համաժողովի ժամանակ գոնե մի անգամ ԶԼՄ-երի խնդիրներին առնչվող որևէ ազատ քննարկում չեղավ, լրագրողների անազատության, ծախվածության, կոնֆորմիստության աններելիության և նմանատիպ` հայաստանյան լրագրական դաշտի խոցերին որևէ մեկի կողմից անդրադարձ չեղավ: Չեղավ, որովհետև անդրադարձող պարզապես չկար, իսկ ով էլ կար` հասկացավ, որ անիմաստ է նման միջավայրում բառ անգամ ասել` ու՞մ ասես…տարաբնույթ ելույթներ եղան, որոնցից շատ քչերի մեջ կարելի էր կոնկրետ շոշափելի առաջարկ, իսկապես ոլորտին առնչվող խնդիրներին վերաբերող բան լսել։
Բացառություն էին, թերևս, Վրաստանի հայ լրագրողներնը, որոնցից մեկի ելույթը ընդհատեցին, մյուսի ժամանակ էլ «վերնախավը» ցուցադրաբար չէր լսում, քամահրական և ձանձրացող հայացքներ էր գցում, քանի որ երիտասարդ ներկայացուցիչն ասում էր, թե «ազատ և անկախ լրագրողը անելու բան չունի, լրագրողը շատ լավ գիտի, որ իրեն չեզոքացնելը խնդիր չի…», իսկ երբ ասացին, թե իրենք Հանրային հեռուստատեսություն չեն կարողանում դիտել, քանի որ արդեն մեկ տարի է Վրաստանի իշխանություններն արգելել են այն, տիկին նախարարը հավաստիացրեց, որ պետական հանդիպումների ժամանակ իրենք մշտապես բարձրացնում են այդ հարցերը, բայց Վրաստանն ունի իր ներքին քաղաքականությունը, որի հետ հարկավոր է հաշվի նստել և թեման փակվեց:
Նախարարության թեզիսները
Լրագրողների համահայկական համաժողովի վերջում առաջ քաշվեց նախարարության թեզիսները. «Մենք պիտի այդ հարսներն ու փեսաները մերը դարձնենք», հայտարարեց տ-ն Հակոբյանը` խոսելով Սփյուռքի ամենացավոտ խնդիրներից մեկի` խառն ամուսնությունների դեմ պայքարի անհրաժեշտության մասին:
«2011թ. լինելու է Սփյուռքի միջազգայնացման տարի», հայտարարեց նախարարը: Սա իսկապես այնպիսի գաղափար էր, որ կարող էր շարժել ցանկացած գերհզոր տերության ցանկացած վերլուծական կենտրոնի ուղեղների նախանձը։ Նախարարը հայտնեց, որ մի շարք երկրներ ունեն Սփյուռք, ունեն նաև Սփյուռքի նախարարություններ: Նախարարը խնդիր է դրել ձևակերպել «սփյուռք» հասկացությունը, դրա խնդիրները, որի հիման վրա Հակոբյանը պատրաստվում է առաջարկ ներկայացնել ՄԱԿ-ին` գումարելու սփյուռքերի համաշխարհային համաժողով, բայց միայն պայմանով, որ Հայաստանն ունենա նախաձեռնողի կարգավիճակ: Կարելի է անսխալ կանխատեսել, թե այդ համաժողովում ղեկավարի ընտրության ժամանակ ում կտրվի նախապատվությունը:
«Մենք պիտի այնպես անենք, որ 2015թ. 1,5 միլիոն հայ դառնա ՀՀ քաղաքացի». այս կոչը նախարարն ուղղեց լրատվամիջոցներին` խնդրելով հնարավորինս շատ լուսաբանել երկքաղաքացիության ինստիտուտը: Հայաստանում ապրողներն այս կոչին արձագանքեցին. «Այնպես արեք, որ էդ 1,5 միլիոնը չգնա երկրից» ռեպլիկով։
«Աշխարհում կա 7 միլիոն հայ. եթե նրանցից յուրաքանչյուրը 7 տարին մեկ անգամ որոշի իր հանգիստն անցկացնել Հայաստանում, մենք տարեկան կունենանք 1 միլիոն զբոսաշրջիկ: Դուք հանգստանում եք` երկիրը զարգանում. դրանից էլ հեշտ բա՞ն». սա էլ նախարարի տուրիզմի զարգացման թեզն է: Եվ քանի որ կառույցը միայն սփյուռքահայերին բերող է, նրան չի էլ հուզում, թե ինչ գներ են Հայաստանի զբոսաշրջության ոլորտում, ինչպես են սփյուռքահայերը մեկ անգամ հայրենիք այցելելուց հետո հասկանում, որ երկրորդ անգամ նման փորձության չարժե ենթարկվել և նույնը խորհուրդ են տալիս իրենց ծանոթ-բարեկամներին:
Սփյուռքի նախարարությունը երկպառակություն էր ուզո՞ւմ
Համաժողովի վերջին օրը` վերադարձի ճանապարհին Գորիս քաղաքում նախատեսված էր հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հանդիպումից 5 րոպե առաջ, առանց այն էլ համաժողովի ընթացքում հետին պլանում հայտնված հայաստանցիները տեղեկացան, որ իրենց ներկայությունը ցանկալի չէ. Սերժ Սարգսյանին հանդիպելու պատիվը վերապահվեց միայն սփյուռքահայերին։ Հայաստանցի լրագրողներին կարգադրեցին 15 րոպե զբոսնել մինչև հանդիպումն ավարտվի:
Հանդիպումը տևեց մեկ ու կես ժամ, որի ընթացքում պատերի տակ արևի ճառագայթներին ևս դիմակայող հայաստանցի լրագրողները հասկացան, որ այս նախարարությունը ստեղծվել է շատ հստակ ծրագրով` կոորդինացնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, պահպանել դրանց միջև առկա բաժանարար գիծը, հնարավորինս խորացնել այն և այնպես անել, որ Հայաստանից մնա միայն Սփյուռքի նախարարություն կոչվածը, իսկ ավելի լավ միջոց, քան այնպես անել, որ հայաստանցիները վերջնականապես հիասթափվեն իրենց երկրից, դժվար է պատկերացնել: Գորիսում այս ծրագիրը բավականին արդյունավետ առաջընթաց արձանագրեց: Իսկ Հայաստան-Սփյուռք անջրպետն ավելի քան խորացավ:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
«Ախթամար» ոչ այնքան հայտնի ընկերությունը (սեփականատեր` Լևոն Սարգսյան) նախատեսում է Հայաստանում ճոպանուղի կառուցել: Այն գտնվելու է Գեղարքունիքի մարզում: Ընկերությունը 2009թ. շվեցարական «Լեյտներ» ընկերությունից ձեռք է բերել եւ ՀՀ տարածք է ներմուծել իտալական արտադրության ճոպանուղի եւ անհրաժեշտ այլ ապրանքներ: Ներմուծված ապրանքների համար կիրառվել է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը, սակայն ընկերությունը դիմել է նաեւ ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում (3 տարով) ստանալու համար: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ սույն հարցը մտել է կառավարության հոկտեմբերի 13-ի նիստի օրակարգ:
«Ախթամարը» պարտավորվում է մինչև 2012 թվականի հունվարի 1-ը շահագործման հանձնել ներդրումային ծրագրով նախատեսված ճոպանուղին, ստեղծել առնվազն 100 աշխատատեղ` մոտ 100 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:
Չորս ուղևորի համար միաճոպան նստատեղերով ճոպանուղու կառուցման համար ներդրումները մոտ 830 մլն դրամ են:
Երեկ«Շանթ» ընկերության սեփականատեր Ղարիբյան եղբայրների օրեցօր սրվող հարաբերությունները նոր փուլ մտան, երբ իրավապահները` մասնավորապես Մաշտոցի ոստիկանությունը անզոր տարածեց ձեռքերը, թե` մեր անելիքը չգիտենք։
Վարշամ Ղարիբյանը հերթական ոտնձգությունն է կատարել ավագ եղբոր` «Շանթ» ընկերության հիմնադիր սեփականատեր Մանվել Ղարիբյանի ունեցվածքի նկատմամբ:
Գրեթե ամեն օր Վարշամ Ղարիբյանի կարգադրությամբ նրա դրածոները` անվտանգության աշխատակիցներ և բանվորներ «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք են գործում «Մավա իմպուլս» ՍՊԸ-ի վարձակալած տարածք, որտեղ Մանվել Ղարիբյանն ունի հսկայական արժողությամբ մետաղյա շինանյութ, և օրը ցերեկով բոլորի աչքի առջև բարձում շինանյութն ու դուրս բերում տարածքից։ Այս ՍՊԸ-ի 70 տոկոսի բաժնետերը Մանվել Ղարիբյանն է, իսկ մնացած 30 տոկոսը պատկանում է Վարշամ Ղարիբյանին:
Աշխատակիցները պատմում են, որ իրենք արդեն հոգնել են ստեղծված իրավիճակից. ոտնձգությունները վերջին մեկ տարվա ընթացքում այնքան հաճախակի են, որ արդեն դարձել են սովորական երևույթ: Նրանք պատմում են, որ կրտսեր Ղարիբյանը ասում է`« իմ դեմ խաղ չկա», ու թալանում է երկու եղբայրների` տարիների ստեղծած համատեղ ունեցվածքի` ավագ եղբոր բաժնեմասը։
Նրանք պատմեցին, որ կրտսեր Ղարիբյանի ապօրինի գործողությունները կանխելու նպատակով վերջերս նրա ուղարկած մարդկանց տարել էին ոստիկանական բաժանմունք` պարզելու համար տեղի ունեցածը, սակայն այդպես էլ ոչինչ պարզել չէր հաջողվել, քանի որ թալանողները ոչ մի փաստաթուղթ չէին կարողացել ներկայացնել: Չնայած դրան, ո´չ Պետական պահպանության ծառայությունը, ո´չ Մաշտոցի ոստիկանությունը, ո´չ էլ այլ իրավապահ մարմին չի համարձակվում միջամտել կամ կանխել թալանը։
Իսկ Ղարիբյան եղբայրների հակամարտության արդյունքում, որպես կանոն, ոտնձգություն կատարողն է, ի վերջո, տուժողի կարգավիճակում հայտնվում դատարանում:
Երկու ամիս շարունակ շինանյութի գողությունները չեն դադարում, ավելին` վերջին օրերին ոտնձգությունների հաճախականությունը կրկնապատկվել է:
Մանվել Ղարիբյանն այս ընթացքում դիմել է տարբեր ատյաններ` Պետական պահպանության ծառայությունից հայտնել են, թե դա իրենց խնդիրը չէ, քանի որ տարածքը սեփականաշնորհված է, միայն դատարանը կարող է որոշում կայացնել: Նույն պատասխանն է ստացվել նաև Մաշտոցի ոստիկանությունից. այնտեղ ևս մի քանի անգամ միջամտելուց և գողության դեպքերը կանխելու փորձից հետո հայտնել են, թե դա իրենց գործը չէ` «գնացե´ք, Ձեր հարցերը դատարանում լուծեք»,- ասել են ոստիկանությունից: Իսկ դատարանը, որ պարտավոր է, վիճելի գույքի վրա արգելանք դնել` մինչև պարզելու իրավիճակն ու արդար մեղավորը, (այլ դեպքերում այդպես էլ վարվում է) անհարկի ձգձգում է որոշումը։
Սա այն դեպքն է, երբ ստեղծված բավականին բարդ իրավիճակի ելքը շուտափույթ լուծման կարիք ունի։
Չկա ավելի սարսափելի բան, քան երբ երկրի քաղաքացին անզոր է լինում պաշտպանելու իր տարիների ստեղծածը:
Երբ որոշ մարդկանց համար չօգտագործվող թուղթ է դառնում գրված օրենքը, ու երբ օրենքին մեկնված ձեռքը մնում է օդում, փնտրվում են այլ ուղիներ։
Հետո էլ դժգոհում ենք երկրում տիրող անվերահսկելի մթնոլորտից։
Հասմիկ Օհանյան
Արդեն տեղյակ ենք, որ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` նույն օրվա մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, այսինքն` ավելի բարձր պաշտոն է ստանձնել, քան Գասպարյանը: Հետաքրքրական մի հանգամանք. նախագահական նստավայրից ստացված հրամանագրի հաղորդագրության տեքստում Դավիթ Տոնոյանին վերաբերող տեղեկատվությունն ամփոփված է ինը, իսկ Գասպարյանինը` տասնյոթ տողերում: Տոնոյանը կադրային կիրթ սպայի համարում ունի համակարգում և ասել, թե տողերի քչության պատճառը վաստակի պակասով է պայմանավորված, սխալ կլինի: Սակայն փաստը մնում է փաստ, որ նախագահի նույն օրվա նշանակումներից թե´ նախագահական նստավայրի, թե´ հանրության համար առավել էականը Վովա Գասպարյանի պաշտոնի բարձրացումն էր:
Նախ սկսենք նրանից, թե ինչու է Գասպարյան Վովան, որն իր տիրույթում տեր ու տիրակալ է, համաձայնել` գնալու պաշտոնի` «զամի» կարգավիճակով։Ով չգիտի, որ լավ է լինել առաջինը փոքր կառույցում, քան տեղակալ` թեկուզ նախարարի, նամանավանդ ՌՈ-ի նախկին պետի հավակնություներն ու խառնվածքն ունեցող մեկի համար։ Կա մի բայց. ով էլ որ նշանակվի նրա տեղում` «Շերիֆը»,«Կոբրան», թե իր տղերքից որևէ մեկը, միևնույնն է, ՌՈ-ն Գասպարյանը պահելու է իր համար։
Արդյո՞ք սա սոսկ շարքային նշանակում էր, թե՞ նման բարձրացումն այլ` ավելի հեռուն տանող նպատակներ է հետապնդում: Հայտնի է, որ գեներալ-մայոր Գասպարյանը Հայաստանի ամենահավակնոտ մարդկանցից մեկն է. «կարիերիստ » բառն այդքան էլ երևի թե նրա համար չէ, բայց որ ռազմական ոստիկանության պետը երկար ժամանակ աչք ուներ ոստիկանապետի աթոռի վրա, գաղտնիք չէ:Արդարացի լինելու համար ասենք, որ նա թե´ իր տեսակով, թե´ աշխատանքային պրակտիկայով առավել հարմար էր այդ պաշտոնին։ Հայտնի էր, որ Ալիկ Սարգսյանի պաշտոնազրկման մասին մամուլում պարբերաբար շրջանառվող լուրերը ձեռնտու էին Գասպարյանին: Սակայն, ինչպես երևում է, Սերգեյիչը կարողացավ ամրապնդել իր երերացող հեղինակությունը, հաջողացրեց նաև ֆուկ անել Աղվան Հովսեփյանին, որի հետ ունեցած համառ ու խուլ թշնամանքը տևական հակամարտության արդյունքում ժամանակավոր դադար է արձանագրել, ինչից հետևում է, որ կամ նրանք կիսեցին ազդեցության ոլորտներն ու որոշեցին իրար ոտք չտրորել, կամ էլ իրոք դատախազի գործերը լավ չեն, ինչպես վերջերս խոսվում է արդեն հրապարակավ։
Չնայած դրան` Գասպարյանի շանսերը քիչ չեն նաև պաշտպանության նախարար դառնալու համար. հաշվի առնելով, թե Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ինչ հարձակման է ենթարկվում, ու բանակում տեղի ունեցող դեպքերը ինչպես են ուղիղ համեմատականով իջեցնում նախարարի հեղինակությանը, նրա պաշտոնանկությունը անհավանական չէ։ Ղարաբաղից բերելու ժամանակ շեշտվում էր Օհանյանի` բարձրակարգ զինվորական լինելը, հիմա այդ ամենը կարծես մոռացվել է, ու անընդհատ քարկոծում են նրան իրավիճակը վերահսկել չկարողանալու, թույլ լինելու համար։ Եվ ահա նման լարվածության պայմաններում ռազմական ոստիկանության պետը, որ բավական ազդեցիկ ֆիգուր է ուժային կառույցներում, ունի թե´ ոստիկանական, թե´ դատախազական, թե´ պաշտպանական համակարգերում աշխատանքի փորձ, ՊՆ-ում դառնում է փոխնախարար: Ի՞նչ հաշիվներով են առաջնորդվել Բաղրամյան 26-ում ` նման նշանակում կատարելով: Ասում են, թե հիմա Գասպարյանը բավական ամուր դիրքեր ունի, դարձել է «պրոբլեմ չունեցող անձ», ինչն իր հերթին մեծացնում է նրա շանսերը Սեյրան Օհանյանի հետ մրցապայքարում:
Դրան գումարած` Օհանյանը ժամանակին իրեն մի բան է թույլ տվել, ինչը դժվար թե մոռացած լինի ՀՀ-ում ազդեցությամբ և նշանակումների հարցում նախագահից հետո, կարելի է ասել, երկրորդ դերակատար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը:
Ոչ շատ առաջ Մինասյանի հայրը` Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ղեկավար Արա Մինասյանը, միաժամանակ ղեկավարում էր նաև պաշտպանության նախարարության կենտրոնական բժշկական հանձնաժողովը: Այն ժամանակ լրատվամիջոցներից մեկը գրեց, թե նախագահի խնամին խախտում է օրենքը` միաժամանակ երկու կարևոր պաշտոն զբաղեցնելով: Հրապարակման հաջորդ օրը Արա Միխայլիչը, որ Հայաստանի եզակի պարկեշտ մարդկանցից մեկն է, գնում է և հրաժարականի դիմում ներկայացնում` թողնելով, բնականաբար, հանձնաժողովի աշխատանքը: Վարչապետ Սերժ Սարգսյանը փորձում է տարհամոզել. «Արայի´կ ջան, ինչի՞ ես բանի տեղ դնում», բայց Մինասյանը հաստատ է մնում իր որոշմանը: Այստեղ, սակայն, հետաքրքրականը ոչ թե Արա Միխայլիչի պարկեշտությունն է, այլ այն, որ հետո պարզվում է, թե պատվիրատուն Սեյրան Օհանյանն է, որ հանձնաժողովի նախագահի` ՊՆ համակարգի ամենայուղոտ պաշտոններից այդ մեկը նվիրում է իր մտերիմին:
Չի բացառվում, որ Միքայել Մինասյանը, ինչքան էլ գնահատի Օհանյանի մասնագիտական հմտությունը, այսօր առիթը բաց չթողնի` նրան փոխադարձելու նախկին վերաբերմունքը։
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.