23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեր տեղեկություններով` վերջին օրերի հերոս դարձած Արամ Կանդայանը և նրա ընտանիքի անդամները մի քանի օր է` Գագիկ Բեգլարյանի` հնարավոր վրեժխնդրության նկատառումներով տանը չեն գիշերում: Ուշագրավ է նաև այն, որ դեպքի առաջին օրը Արամ Կանդայանն այնքան էլ հակված չի եղել դեպքին հրապարակայնություն տալու և բավարարվել է միայն իր անձնական անվտանգության նկատառումներով Միքայել Մինասյանին sms հաղորդագրություն ուղարկելով: Այս տեղեկատվությունն ուշագրավ է այնքանով, որ մամուլում արդեն իսկ սկսել են շրջանառվել լուրեր, որ Բեգլարյանին «փուռը տվողը» հենց Միքայել Մինասյանն էր, որ նա խնդիր ուներ քաղաքապետի հետ, ու այս ծեծը ամենալավ ու կարևորն է`ճշմարտանման առիթն էր Գագիկ Բեգլարյանից բոլորովին այլ, իրենց հայտնի դրդապատճառներով ազատվելու համար:
Պարզ է, որ ուրիշ կերպ չէր կարող լուծվել Սերժ Սարգսյանին ընտրություններում մեծ ծառայություններ մատուցած, կուսակցությանը հսկայական փողեր մուծված, և վերջապես` զինակից ու ընկեր Գագիկ Բեգլարյանից ազատվելու հարցը:
Կառավարության անանուն աղբյուրները ռուսական պարբերականներից մեկին հայտնելով, որ առաջիկայում ևս հնարավոր են աղմկոտ պաշտոնանկություններ, նշել էին , որ իշխանական ճամբարը բաժանված է երկու թևի, որոնցից մեկը պաշտպանում է Բեգլարյանին, մյուսը դեմ է նրան: Այս դեմերի թվում են, ինչպես նշում են արդեն մեր աղբյուրները, ՀՀԿ-ական մի շարք գծատերեր, որոնք նախորդ տարիներին դժգոհ էին Բեգլարյանի վերաբերմունքից, որը զուտ կուսակցական պատկանելության պատճառով բոլորովին էլ հակված չի եղել ՀՀԿ-ականների համար լավություններ անելուն, ինչը չես ասի խաթրաշահ Տարոն Մարգարյանի մասին, որին ՀՀԿ-ական հին գվարդիայի կողմից կուլ տալը, մեր աղբյուրներից մեկի փոխանցմամբ` մեկից մեկ է: Մի մասն էլ, կրկին անձնական նկատառումներով, Բեգլարյանից դժգոհ էին իրենց զավակների կամ այլ հարազատների փառասիրական նկրտումներին տուրք չտալու համար: Շատ է խոսվում, օրինակ, որ անձամբ Գագիկ Բեգլարյանն է խոչընդոտել Արման Սահակյանին փոխքաղաքապետ նշանակելու գործին:
Քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Այս փաստը պաշտոնապես մեկնաբանելով նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանն ասել է, որ քաղաքապետը նախագահին չի ներկայացնում հրաժարականի դիմումը։
Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը ծեծի էր ենթարկել Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:
Ինչպես հաղորդում է սոցիալական կայքերից մեկը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 4-ին դաժան ծեծի է ենթարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի արարողակարգային բաժնի աշխատակից Արմեն Կանդանյանին` Կնդոյին:
Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի
համերգը, որին ներկա են եղել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այդ կարևորագույն միջոցառման հրավիրատոմսերի ու տեղաբաշխման հարցով զբավել է ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հրավիրվածների թվում եղել է նաև Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որը, սակայն չի մասնակցել համերգին: Փոխարենը նրա տիկինն է ընկերուհու հետ գնացել համերգ: Էլիտար տիկնայք նստել են այն աթոռին, որի կողքի աթոռը նախատեսված է եղել Սերժ Սարգսյանի համար:
Ըստ պաշտոնական արարողակարգի, Սերժ Սարգսյանի կողքին կարող են նստել վեհափառը, ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը: Այս կարգը պահպանելու համար արարողակարգային բաժնի պատասխանատու Արմեն Կանդանյանը մոտեցել է Բեգլարյանի կնոջը` խնդրելով նրան իր ընկերուհու հետ տեղափոխվել մեկ աթոռ այն կողմ: Տիկինը վիրավորվել է, քանի որ Հասմիկ Պողոսյանի տված հրավիրատոմսով այդ տեղը նախատեսված է եղել Երևանի քաղաքապետի ու նրա տիկնոջ համար: Իր վրդովմունքը տիկին Բեգլարյանը փոխանցել է ամուսնուն:
Գագիկ Բեգլարյանն էլ` ինչպես իսկական հայ տղամարդ, ձեռնամուխ է եղել իր տիկնոջ խաթրին կպած ջահելին պատժելուն: Գնացել է ՀՀ նախագահի ախատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ և խնդրել հանդիպում կազմակերպել Արմեն Կանդանյանի հետ: Կարապետյանը Կանդանյանին տեղեկացրել է, որ Բեգլարյանը ցանկանում է տեսնել իրեն` չմտածելով հնարավոր վատ հետևանքների մասին: Կանդանյանը հանդիպել է Բեգլարյանին և անակնկալ կերպով դեմքին հարված ստացել հենց մեքենայի մեջ` «դու ո՞վ ես, որ իմ կնոջն ասես, թե ուր նստի» ասել է քաղաքապետը: Այնուհետև մեքենան ուղևորվել է Մետաքս թաղամաս, որտեղ արդեն դաժան ծեծի է ենթարկվել նախագահի նստավայրի աշխատակիցը:
Ինչեևէ, ծեծից հետո Արմեն Կանդանյանը դեպքի մասին պատմել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Նախագահ Սարգսյանի փեսա` Միքայել Մինասյանին, որն էլ անմիջապես զանգահարել է Գագիկ Բեգլարյանին և կշտամբել` սանձարձակ պահվածքի համար: Հետո այս ամենի մասին իմացել է նաև Սերժ Սարգսյանը: Նա նախ Կարեն Կարապետյանից է բացատրություն պահանջել, որն էլ անմիջապես ասել է, թե սխալ է արել, դրա համար պատրաստ է դիմում գրել` աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Ասում են, որ արդեն Կարապետյանը հրաժարականի դիմումը գրել է:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին, ապա նա ոչ թե ուղղակիորեն հերքել է սա, այլ ասել, որ նման փաստաթուղթ շրջանառության մեջ չկա: Իսկ ինչ վերաբերվում է Գագիկ Բեգլարյանին, ապա նրան նախագահի ողջ նստավայրը բոյկոտ է հայտարարել: Սերժ Սարգսյանը հրաժարվում է ընդունել կամ լսել նրան, քանի որ անասելի վիրավորված է Բեգլարյանից, Կարեն Կարապետյանի բոլոր հեռախոսներն անջատված են… Թե ինչ կլինի հետո, բանը կհասնի նաև Գագիկ Բեգլարյանի հրաժարականի դիմումին, այս պահին դժվար է ասել:
Այսօր լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 22-րդ տարելիցը:
Երկրաշարժի թողած հոգեբանական հետևանքների մասին այսօր խոսեցին հոգեբան Կարինե Նալչաջյանը, երկրաշարժի hետևանքով հաշմանդամ դարձած Գարուշ Դանիելյանն ու Արթուր Գրիգորյանը, «Փյունիկ» հասարակական կազմակերպության ( հիմնվել է 22 տարի առաջ` երկրաշարժից անմիջապես հետո) նախագահ Հակոբ Աբրահամյանը:
«Մեր կազմակերպությունն արդեն 22 տարի օգնում է երկրաշարժից տուժած անձանց հաղթահարել հոգեբանական ծանր կացությունը և ապրել լիարժեք կյանքով։ Մեր աջակցությամբ այստեղ գտնվող Գարուշն ու Արթուրը կարողացան ոչ միայն դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից, այլ՝ կարողացան իրենց տեղը գտնել հասարակության մեջ»,- ասաց Աբրահամյանը։
Գարուշ Դանիելյանն իրեն ուժեղ մարդ է համարում, քանի որ կարողացել իր մեջ ուժ գտնել ու շարունակել ապրել: «Ես ունեմ իմ սիրած զբաղմունքը և կարողանում եմ օգնել նաև իմ նման այլ մարդկանց»:
«Տղաները բարձրակարգ սպորտսմեններ են. նրանք մասնակցել են մի շարք պարաօլիմպիական խաղերի ու կարողացել են մեծ հաջողությունների հասնել» — ասաց Աբրահամյանը: Կարինե Նալչաջյանն ասաց, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ գերուժեղ ու մեծ աղետներից հետո ազգաբնակչության 3-9 տոկոսն ունենում է հետտրավմատիկ սթրես: «Այսինքն ՝թեև ժամանակի ընթացքում նրանք կարողանում են հաղթահարել բարդույթները, սակայն միևնույն է՝ հոգեբանորեն այդ խնդիրը լիարժեք հաղթահարել չի ստացվում ու այս դեպքում մասնագիտական օգնությունը պարտադիր է: Սակայն, դրա հետ մեկտեղ, բնակչության 80 տոկոսն ունակ է ինքնուրույն հաղթահարել հոգեբանական բարդույթները։ Մարդը բնության ամենափխրուն արարածն է համարվում, դրա հետ մեկտեղ դիմադրողականության մեծ պոտենիցալ ունի »,-նշեց հոգեբանը:
Նրա խոսքերով՝ «աղետի գոտի» տերմինն օգտագործելը ճիշտ չէ, քանի որ տուժած մարդկանց մոտ ծանր հիշողություններ է արթնացնում: «Աղետի հետևանքները հիմնականում հաղթահարված են, սակայն քանի դեռ երկրաշարժի գոտում կան տնակներ, այսինքն՝ երկրաշարժի հետևանքներն անընդհատ մարդկանց աչքի առաջ են, հիշողությունները անընդհատ վառ են մնում ու հոգեբանորեն շարունակվում են»,-ասաց հոգեբանը:
«Երկրաշարժի հետևանքները կարողացել ենք հաղթահարել հասարակական կազմակերպությունների օգնությամբ: Երկրաշարժի վերքը լավացել է, սակայն նրա սպին երբեք չի անցնի: Կարծում եմ, որ պետք է պետությունը մեզ աջակցի: Շատերը ինքնասպան են եղել, քանի որ անուշադրության են մատնվել։ Պետությունը պետք է մշակի մեխանիզմներ, որոնց միջոցով աղետից տուժած մարդիկ կարողանան աշխատանք գտնել»,-նշեց Արթուր Գրիգորյանը:
Ալիսա Շեկոյան
Մինչ ինքնասպան լինելը, Ճուտ Գևորը «Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Այվազյանն էր: Իսկ «Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ն փառապանծ գեներալ Մանվելի ոչ պակաս փառահեղ տիկին` Նազիկ Գրիգորյանի ընկերությունն է, որն իր ձեռքում է կենտրոնացրել Արմավիրի մարզի ամենաեկամտաբեր բոլոր գործերը։ Այդպես, Էջմիածնի քաղաքապետարանին, եթե որևէ բան է հարկավոր լինում, ապա այս պետական կառույցը ոչ թե մրցույթ է հայտարարում, այլ ուղղակի, առանց ավելորդ ձևականությունների, գումարը փոխանցում է «Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ին, որն էլ իրականացնում է ցանկացած բնույթի աշխատանքներ` սկսած ասֆալտապատումից, վերջացրած ավտոտրանսպորտային միջոցների աղտոտող նյութերի արտանետումների չափումներով:
Գևորգ Այվազյանը հաջողությամբ իրականացնում էր այդ ընկերության ղեկավարումը, իհարկե, Նազիկ Գրիգորյանի աչալուրջ հսկողության ներքո, մինչև այն պահը, երբ «դժբախտություն» ունեցավ տուն կառուցել և տան բացման արարողություն կազմակերպել:
Ճուտ Գևորը, որպես գեներալի ընտանիքին հավատարմորեն ծառայող անձնավորություն, իր համար նշանակալից այս իրադարձությանը հրավիրում է նաև գեներալի ընտանիքին: Գեներալ Մանվելը հարկ չի համարում ներկա գտնվել, սակայն տիկին Նազիկը գնում է, և… ապշում իր ստորադասի կառուցած տնից։ Պարզելով, որ իր ՍՊԸ-ի տնօրենը շքեղ առանձնատուն է կառուցել, գալիս է տուն, այդ մասին պատմում սիրելի ամուսնուն և հաջորդ օրն իսկ գեներալը կանչում է Ճուտ Գևորին ու հայտնում, որ վերջինիս ղեկավարած ՍՊԸ-ում 250 հազար դոլարի (կոպիտ հաշվարկով մոտավորապես այդքան էին գնահատել իրենց աշխատողի կառուցած առանձնատունը փառապանծ գեներալն ու նրա տիկինը և ենթադրել, որ դա կառուցվել է իրենց հաշվին)պակասորդ է հայտնաբերվել և տալիս է 1 ամիս ժամանակ` պակասորդը տեղը դնելու համար, այլապես… սպառնում է հանձնել ոստիկանություն։
Գեներալի բառապաշարին ողջ ազգն է ծանոթ։ Իհարկե, Ճուտ Գևորն անմեղներից չէր։ ՍՊԸ-ում, իհարկե, պակասորդներ լինում էին, սակայն դա լինում էր 7 — 8 հազար դոլարի կարգի մի բան`իհարկե, հետո տեղը դնելու պայմանով:
Ճուտ Գևորը, սակայն, այս ամենից հետո ի զարմանս բոլորի, հիմարություն է ունենում չվախենալ գեներալից, չվախենալ նրա`իրեն ոստիկանությանը հանձնելու սպառնալիքից, այլ ընդհակառակը, դեռ մի բան էլ իր հերթին հայտարարում է, թե չի վախենում, «թող փորձի, էնքա~ն բան գիտեմ…, բա որ ես ասեցի»:
Սա լինում է Ճուտ Գևորի վերջին խոսքը: Նոյեմբերի 18-ին Գևորգ Այվազյանին որդիները գտնում են ավտոմեքենայում` գլխի վրա «Բերետա» մակնիշի ատրճանակի հրազենային վնասվածքով: Ասվում է, թե Այվազյանը, չդիմանալով հոգեկան ճնշմանը` ինքնասպանություն է գործել:
Ճուտ Գևորի «ինքնասպանության դրդելու» գործը ոստիկանությունը դեռ քննում է, հարուցված է քրեական գործ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Իր կնոջ աշխատողի ինքնասպանությունից հետո գեներալ Մանվելը մեկնում է հանրապետությունից և հայտնի չէ` այժմ վերադարձել է, թե` ոչ:
Մեր տեղեկություններով, նա գտնվում է Օդեսայում, որտեղ ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ ցեմենտի գործարան են կառուցել, հսկայական ներդրումներ կատարել: Գեներալի` նման հանկարծակի մեկնումն և հենց այդ օրերին նրա մամուլի քարտուղար Հակոբ Հակոբյանի` հեռախոսազանգերին չպատասխանելը կասկածների տեղիք տվեցին: Խոսակցություններ կային, որ այս անգամ արդեն հրահանգ է եղել վերևից` գործը օբյեկտիվորեն քննելու, և որպեսզի հնարավոր լինի դա կազմակերպել, ձև է գտնվել սույն քրեական գործը վերցնել տեղի ոստիկաններից, բերել մայրաքաղաք և հանձնել Հատուկ քննչական ծառայության վարույթ։
Գզրոցներից հանել են գեներալ Մանվելի «խաչով» անհետացած մեկ այլ անձնավորության` արդեն մոռացված մի գործ ևս: Խոսքը Պաշտպանության փոխնախարար եղած ժամանակ Մանվել Գրիգորյանի աշխատակազմի ղեկավար մայոր Հակոբ Սաֆարյանի գործի մասին է, ով անհետացել էր դեռևս 2009թ. օգոստոսի 24-ին: Վերջինիս գեներալ Մանվելը պաշտոնանկ լինելուց հետո իր հետ տանում է և հանձնարարում վերահսկել «Ակնալիճ» հանգստյան գոտին: Սակայն մայորի օբյեկտին «տիրություն անելը», ի վերջո, ավարտվում է անհետ կորստով: Հենց այս գործն էր կցվելու Ճուտ Գևորի գործին` ՀՔԾ վարույթ ուղարկվելու համար:
Թե քանի նման անհետ կորուստներ ու ինքնասպանություններ են եղել այս տարիների ընթացքում գեներալի անվան հետ կապված, հաշվելը բարդ է և վտանգավոր: Եվ բոլոր այդ գործերն էլ հիշյալ մայորի գործի նման մնում էին չբացահայտված: Սակայն տեղեկությունը, թե այս անգամ գործերը կցվելու և ուղարկվելու են Հատուկ քննչական, ինչ-որ տեղ հույս ներշնչեց, թե գոնե այս անգամ թափված արյունը անհետ չի կորչի:
Ցավոք, մեր հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ Գևորգ Այվազյանի ինքնասպանության առիթով հարուցված քրեական գործը ներկայումս քննվում է Արմավիրի մարզի քննչական վարչությունում, կոնկրետ` Վաղարշապատի քննչական բաժնում: Իսկ թե ինչպես են այս տարիների ընթացքում այս բաժնում «բացահայտվել» գեներալի ընտանիքին առնչություն ունեցող քրեական գործերը, բացատրելու կարիք, թերևս, չկա:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
«Ինձ պետք է քո օգնությունը: Քույրս հիվանդ է, բայց չի ուզում բուժվել: Ես հոգնել եմ բժիշկների դռները մենակ գնալուց», — ընկերուհուս ձայնի մեջ արցունք էր լսվում: Խնդրանքն ընդամենը իր հետ Առողջապահության նախարարի մոտ գնալն էր: Չմերժեցի: Միևնույն է, ընկերուհուս չէի կարող համոզել, որ բժշկությունն անզոր է օգնել նրա քրոջը` Հասմիկին, ով փոքրուց կանգնած էր միզում, սափրում էր դեմքը «թրաշ» ստանալու համար` կապում էր կրծքերը և տղամարդու անգամ պատահական հպումն իր մարմնին վերջին վիրավորանքն էր համարում: Վիրավորվում էր նաև, երբ իրան հրապարակավ ոչ թե Կարեն, այլ Հասմիկ էինք ասում: Բժշկական միջամտությունը նա պատկերացնում էր հրաշք-վիրահատության ձևով, որը նրա համար մի քանի սանտիմետրանոց «առնականության» տեր դառնալու և մեկընդմիշտ երջանկանանալու միակ ճանապարհն էր:
Բայց ժամանակները սովետական էին, նման վիրահատություն կատարում էին միայն Մերձբալթյան հանրապետություններից մեկում, և այն արժեր 18 հազար ռուբլի: Կարենը հաշվել էր, որ կոշկակարի իր աշխատավարձով այդ գումարը կկարողանա հավաքել 20 տարում: Ստացվում էր, որ բաղձալի «սանտիմետրերի» տեր նա կարող է դառնալ լավագույն դեպքում 45 տարեկանում, ինչը 25 տարեկան օրիորդի համար խոր ծերություն էր թվում:
Նրան երկար ժամանակով կորցրեցի տեսադաշտիցս և վերգտա միայն վերջերս: Իմացա, որ 15 տարի ապրել էր ռուսական մի գավառում, հայ կնոջ հետ, որն, ի վերջո, փախել էր իրենից: Անփող, ծեծված, մարմնի տարբեր մասերում դանակի խոր հետքերով և նույնքան խորը դեպրեսիայով նա վերադարձավ Հայաստան, փակվեց Մասիվի իր բնակարանում և մարդկանցից մեկ պահանջ ունի` որ մոռանան իրեն:
«Դժվարությունները մեզ միավորում են»,- բացատրում է հասարակական ակտիվիստ Աշոտ Գևորգյանը, ում հետ ծանոթացա նույնասեռականների խնդիրներին նվիրված սեմինարի ժամանակ: Ինքը փորձած ունի հոմոֆոբիային դիմակայելու բոլոր մեթոդները` բռունցքներից մինչև ՀԿ-ին անդամակցելը: Ասում է. «Մի քանի տարի առաջ Հայաստանում ստեղծվեցին փոխօգնության խմբեր: Մենք գործում էինք դեռևս ոչ պաշտոնապես, համախմբվում էինք նույնասեռականների իրավունքները պաշտպանելու համար: Նրան պատմում եմ Կարենի մասին: Խորհուրդ է տալիս առայժմ հանդիպել և կիսվել այն մարդկանց հետ, ովքեր նույն պրոբլեմներն ունեն: «Սկիզբը զրույցն է, հետո ընկերական խմբեր են ձևավորվում, հետո դրանք միավորվում են ԼԳԵՓՔ /լեսբուհիներ, գեյեր, փոխգենդերներ, քուիերներ, այսինքն` սեռական բազմազանությունն ընդունողներ/ համայնքում: Այստեղ մեկը մյուսին օգնում է ծանր պահերին: Ասենք, ինչ-որ մեկն ունի ֆինանսական խնդիր, մյուսը` կացարանի, հեռացել է տանից և քնելու տեղ չունի, երրորդը հոգեբանական կրիզիս է ապրում»: Տարիներ առաջ Աշոտը ծանր վիճակից հանեց Էջմնիածնից եկած մի երիտասարդի` 19 տարեկան Վարդանին: Նրան գտնելով Կիրովի այգում: «Ես հաճախ իջնում եմ այնտեղ, որ գտնեմ նույնասեռականների, ում օգնույթուն է պետք: Նրանք լինում են համարյա բոլոր այգիներում, կայարանում»: Մոտենալու և զրույցը սկսելու համար Աշոտը լավագույն ձևը համարում է հին ավանդականը` ժամ հարցնել, կամ սիգարետ խնդրել: Հետո բառից բառ է ծնվում: Գեյերը շատ շփվող են: Չէ որ «գեյ» նշանակում է ուրախ: Վարդանը պատմում է Աշոտին, որ քնել է հարևան տղաներից մեկի հետ: Գույժը հասել է ծնողներին: Աղմուկ, ծեծուջարդ և «դատավճիռ»` հեռանալ տանից: «Մենք նրան մեծ ինֆորմացիա տվեցինք նույնասեռականության մասին: Սկզբում նա ևս ձեր ծանոթի պես կարծում էր, որ ինքը հիվանդ է: Երկար ժամանակ աշխատանք չգտնելով, զբաղվեց առևտրային սեքսով /Միասեռականները խուսափում են «մարմնավաճառ» բառն օգտագործելուց – Ս.Ս./ Բայց Վարդանին դուր չէր գալիս սեքսի դիմաց վճար ստանալու պահը: Հիմա նա սրճարաններից մեկում մատուցող է, մեր ամենաուժեղ ակտիվիստներից է, բաց անձնավորություն է, իսկ վերջերս հասել է նրան, որ իր սեռական կողմնորոշման մասին կարող է հայտնել բացահայտ և հրապարակավ», — շարունակում է Աշոտը: Խիզախության այս աստիճանին քչերն են հասնում, քչերին է հաջողվում վեր կանգնել տարասեռական հանրույթի կարծիքներից, արհամարհել հայհոյողին, ագրեսիվին, մատով ցույց տվողին: Ինքը` Աշոտը, թեև օգնել է շատերին հոմֆոբների հետ խաղաղ գոյակցության հարցում, բայց և այնպես, չի կարող առայժմ նստել տեսախցիկի առջև և ասել` «Ես նույնասեռական եմ»: Նա չի մոռանում մի քանի տարի առաջվա իր զբոսանքը Հանրապետության հրապարակում. «Ընկերներիս հետ, երեքով քայլում էինք մեզ համար: Նրանցից մեկը ռոքեր է և ականջօղ ու երկար մազեր ունի: Մեր կողքով մի քանի հոգի անցան, և սրան ինչ-որ բան ասացին: Նա էլ պատասխանեց: Կռիվը գնաց հենց հրապարակի մեջտեղում: Մի քանի րոպեից հոմոֆոբները եկան երկու մեքենայով: Այնտեղ նաև ոստիկաններ կային, ովքեր չէին միջամտում: Մենք մտանք «Մարիոթ», հեռախոս խնդրեցինք, որ զանգենք ոստիկանություն, բայց մեզ մերժեցին»: Երբ ամեն ինչ ավարտված էր, Աշոտը չգնաց ոստիկանություն, դիմում չգրեց, չպնդեց, որ իրեն պաշտպանեն: Կդիմեր, եթե մեր քրեական օրենսգրքում լիներ հոդված հոմոֆոբիայի դեմ: Ես համաձայն չեմ: Բռնությունը բռնություն է, և միշտ էլ կարելի է պահանջել պատժել հանցագործին, բայց Աշոտի բառերը չեմ մոռանա. «Երբ մարդը գիտակցում է, որ պետությունն ինքը պետք է քեզ պաշտպանի, բայց չի պաշտպանում, ինքն իրեն խղճուկ է զգում»:
Սյուզան Սիմոնյան
Կառավարության շենքի մոտ այսօր առավոտյան բողոքի ակցիա էին անում «Նաիրիտ» գործարանի աշխատողները: «4 ամիս է` աշխատավարձ չենք ստացել», ասում է 28 տարի «Նաիրիտ» գործարանի կաուչուկի լաբորատորիայում աշխատած Գայանե Արշակյանը: Նաիրիտցիներին կառավարության նիստից առաջ մի քանի րոպե հատկացրեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
«Բանվորն իր ստորագրությամբ ինչի՞ պիտի նստի տանը: Մարդիկ կան, որ փող չունեն տրանսպորտով աշխատանքի գնալու։ Իրենք հարկադիր պարապուրդի անունը կարգադրություն են դրել և իրավաբանորեն են ժողովրդին տանը նստեցնում», — նախարարին իրենց բողոքներն էին ներկայացնում աշխատողները:
«Երբ մենք դիմում գրեցինք կառավարության հարգելի նախագահին, կառավարության հարգելի նախագահը գրել էր` զավոդը ունի 350 մլն եվրո պարտք: Գազի, լույսի, ինչի՞ց ա գոյացել», — հարցրեց աշխատողներից մեկը:
«Մարդը մահանում ա, փող չեն տալիս, երեք ամսվա աշխատավարձը պարտք էին, ասում էր մի ամսվանը տվեք, չտվեցին, մարդը մահացավ, պարոն Մովսիսյա´ն, ապրելու հնարավորություն չկա»:
«Երեքշաբթի օրը ես ձեզ բոլոր թվերը կներկայացնեմ: Ինձ գոնե երկու աշխատանքային օր պետք է»,- իրեն ուղղված տարաբնույթ պահանջներին հակադարձեց նախարարը:
Նախարարի` երկօրյա ժամկետում խնդրին ծանոթանալու և լուծելու պատրաստակամությունից կարելի է ենթադրել, թե Արմեն Մովսիսյանը միայն այսօր լսեց «Նաիրիտի» խնդիրների մասին, և եթե չլիներ նաիրիտցիների ակցիան, նախարարը չէր էլ իմանա, որ Հայաստանի քիմիական արդյունաբերության հսկայում նման բաներ են կատարվում:
«Նաիրիտը» դարձել է Հայաստանի ամենահանելուկային ձեռնարկություններից մեկը, անդադար խոսվում է այստեղ տեղի ունեցող տարաբնույթ գործընթացների մասին, բայց այդպես էլ որևէ քայլ չի ձեռնարկվում պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող գործարանը վերակենդանացնելու ուղղությամբ:
Խոսակցություններ կան, թե «Նաիրիտի» իրական սեփականատերը վարչապետ Տիգրան Սարգսյանն է, ում անձով էլ պայմանավորված է «Նաիրիտի» անձեռնմխելի կեցությունը` չնայած պրոբլեմներին, պետությունն այդպես էլ չի միջամտում սրա գործերին: Իսկ արդեն հարկադիր պարապուրդով գործարանն անտերության մատնելու վերջին զարգացումները բանվորների շրջանում խոսակցությունների մի նոր շարք են սկսել, թե վարչապետը հատուկ է այդպես անում` Հայաստանում դադարեցնելու համար «Նաիրիտի» գոյությունն ընդհանրապես. ասում են, թե Տիգրան Սարգսյանը հատուկ հենց այդ նպատաով Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակել տվեց իր եղբորը` Արմեն Սարգսյանին, «Նաիրիտի» հոսքագծերը տեղափոխեց Չինաստան, այնտեղ սկսեցին բուռն տեմպերով զարգացնել կաուչուկի արտադրությունը, որի հիմնական սպառողը ռուսական շուկան է և հիմա վարչապետը համաձայնության է եկել չինացիների հետ և պայմանավորվել, որ իրեն որոշակի մասնաբաժին տալու պայմանով պատրաստ է Հայաստանում վարի տալ «Նաիրիտը» և ռուսական շուկան զիջել չինացիներին:
Եվ հիմա նման պայմաններում գտնվող գործարանի հարցերը Արմեն Մովսիսյանը ցանկանում է լուծել «երկու աշխատանքային օրում»: Մեր հարցմանն ի պատասխան` կապված «Նաիրիտի» ճակատագրում վարչապետի անձի վերաբերյալ շրջանառվող խոսակցությունների հետ, նախարարը պատասխանեց. «Գիտե՞ք ոնց ա, հիմա բոլորի անունն էլ կարող ա շրջանառվի, դա ի՞նչ կապ ունի: Վարչապետի համար կամ «Նաիրիտ», կամ մյուսները… Նույն վիճակը երկու տարի առաջ հանքարդյունաբերությունում էր` միտինգներ, բաներ, բայց դե, արագ վերականգնվեց ոլորտը, էս ոլորտը ամենածանր ոլորտն ա և հեշտ չի վերականգնել»:
Այսօր բողոքի ակցիա է տեղի ունենում նաև Հայաստանի քիմիական արդյունաբերության մյուս հսկայում` Վանաձորի «Քիմպրոմում»` դարձյալ աշխատավարձ չստանալու պատճառով: Ո՞րն է պատճառը, որ քիմիական արդյունաբերության հսկաներն այս վիճակում են հարցին` նախարար Մովսիսյանը պատասխանում է. «Ճգնաժամից հետո քիմիական ոլորտն այս վիճակում է հայտնվել, հիմա փորձում ենք միջոցառումների պլան մշակել, տեսնենք ինչով կարող ենք օգնել, որպեսզի էս վիճակից դուրս գանք»:
Եթե իսկապես «Նաիրիտի» սեփականատերը վարչապետն է, կկարողանա՞ նախարարը դեմ դուրս գալ իր ղեկավարին և թույլ չտալ սեփական հայեցողությամբ անտերության մատնել Հայաստանի մեռած տնտեսությունն առողջացնելու մեծ պոտենցիալ պարունակող գործարանը: Եթե վարչապետը կապ չունի, ապա այդ դեպքում ինչպես է, որ ինչ-որ մի սեփականատեր տարիներ շարունակ Հայաստանի քիմիական արդյունաբերության` ժամանակին մեծ հռչակ վայելող հսկան անտերության է մատնել: Ստացվում է` որ կողմից էլ նայենք, մեղավորը մեկն է և բոլոր ճանապարհները տանում են դեպի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Քիչ առաջ մեզ զանգահարել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ –ի ՄԻԱՎ-ՁԻԱՀ –ով հիվանդ դատապարտյալները, որոնք ասացին, թե ի նշան բողոքի` բարձրացել են տանիք։
«Մեզ, բացի դիմիդրոլ-անալգինից ոչինչ չեն տալիս, մեր դեղերը չեն տալիս։ Էս երկու օրը 2 հատ տռուպ ենք տվել:Մի տաս հոգի` սպիդով հիվանդ հիմա կռիշի վրա ենք բարձրացել։ Ամեն մեկս մի չորս հատ հիվանդություն ունի: Ոչ մի բուժում չեն անում, բացի Արմենիկումից ու մի քանի դեղերից ուրիշ բան չեն անում: Երբ խնդրում ենք, ասում են, որ դա իրենց ուժերից վեր է: Մենք էլ չենք ուզում ստեղ մեռնենք, հերիքա, մեր ընկերները մեր աչքերի առաջ մեռան գնացին: Մենք իրենցից ընդամենը մեր հասանելիք դեղերն ենք պահանջում, որ մեզ բուժեն: Մենք դիմել ենք արդարադատության նախարարին, դիմում ենք գրել ու զգուշացրել ենք, որ հացադուլ ենք անելու: Մեր դիմումը չվերցրեցին, մենք էլ որոշեցինք կռիշ բարձրանալ ու սպասել արդարադատության նախարարին: Մեզ էլ դրանից առաջ ասել են` ինչ ուզում եք արեք, ուզում եք մեռեք:
Մենք կանչել էինք վարչության պետին, բայց նա չեկավ, եկան նրա տեղակալները ու նորից ասեցին, որ մեր պահանջները իրենց ուժերից վեր ա, ու ասացին, որ կարող ենք գնալ կախվել»- ասացին դատապարտյալները, որոնք հստակ ասացին իրենց անուն ազգանունները։ Նրանց անունները չենք հրապարակում ,սակայն ձայնագրությունը խմբագրությունում է։
Յուրաքանչյուր ելույթից առաջ, ինչպես և այսօր ՀԱԿ հանրահավաքի համակարգող, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը դիմում էր իշխանություններին` «բաց թողեք» տղաներին:
Բայց խոսքն այսօր ձերբակալված ութ երիտասարդների մասին էր, ովքեր հանրահավաքի ժամին դեռ գտնվում էին ոստիկանական բաժանմունքում: Այն պահին, երբ ՀՀՇ վարչության նախագահը հերթական անգամ դիմեց իշխանություններին՝ այսօր ձերբակալված երիտասարդներին բաց թողնելու կոչով` «մի ստիպեք, որ այսքան մարդով գանք հասնենք ոստիկանություն», հայտնի դարձավ, որ տղաներն ազատ են արձակվել և միացել հանրահավաքին:
«Ոմանց թվում է, թե Կոնգրեսի ողջ ջանքերն ուղղված են եվրոչինովնիկների շուրթերից Հայաստանի ընդդիմության զնդանված ներկայացուցիչների վերաբերյալ «քաղբանտարկյալ» բառը կորզելուն։ Հարկ եմ համարում միանգամից հակադարձել, որ դա լիակատար անհեթեթություն է։ Կոնգրեսն իր առջև երբեք այդպիսի խնդիր չի դրել, քանի որ միջազգային հանրությունն իրականում վաղուց ի վեր մեր ընկերներին քաղբանտարկյալ է ճանաչել, թեպետ այդ տերմինի փոխարեն «նրբանկատորեն» օգտագործելով նրա համարժեք սահմանումը։ Այսպես. Եվրամիության նախագահության երեք հայտարարություններում (4.03.2008, 12.03.2008, 10.03.2010) նրանք կոչված են «քաղաքական գործունեության առնչությամբ կալանավորվածներ» (detained in connection with their political activities), իսկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թ. 1609 և1620 բանաձևերում՝ «արհեստական ու քաղաքական շարժառիթ պարունակող մեղադրանքների հիման վրա կալանավորվածներ» (detained on artificial and politically motivated charges)։ Ավելին, ԵԽԽՎ-ի թ. 1609 բանաձևը Հայաստանի իշխանությունների սանձազերծած հալածանքները բնութագրում է ոչ այլ կերպ, քան «ընդդիմության փաստացի ջախջախում» (a de-facto crackdown on the opposition by the authorities), իսկ Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը՝ «քաղաքական հաշվեհարդար» (political vendetta. Ժամանակ. 26.11.2008)։ Այս ամենը Եվրոպայի Լիբերալ-Դեմոկրատական և Բարեփոխումների կուսակցության՝ վերջերս կայացած համագումարին իրավացիորեն հիմք է տվել հատուկ բանաձևում պնդելու, որ «Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը հաստատված փաստ է, ինչն իր արտացոլումն է գտել բազմաթիվ միջազգային փաստաթղթերում, զեկույցներում և հայտարարություններում» (15.10.2010)։
Այս առումով ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Եվրամիության նախագահության և Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի բոլոր վերոհիշյալ փաստաթղթերում պահանջվում կամ կոչ է արվում ազատ արձակել Հայաստանի ընդդիմության բանտարկված ներկայացուցիչներին»,- թեմայի առնչությամբ ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը, ում խոսքով եվրոպացիների կենսափիլիսոփայությունն այլ երկրներում ժողովրդավարության խնդիրների նկատմամբ հետևյալ ատաղձն ունի, որ ժողովրդավարության կայացումը երկարատև գործընթաց է, և չի կարելի այդ բնագավառում միանգամից իդեալական վիճակ ակնկալել։ Մանավանդ որ, Արևմտյան ժողովրդավարությունը, որն ավելի քան 200 տարվա զարգացման պատմություն ունի, նույնպես զերծ չէ արատներից ու թերություններից։ ՀՀ առաջին նախագահը խոստովանեց, որ հեշտ չէ հակաճառել «այս անխոցելի ճշմարտաբանությանը, որը, սակայն, ոչ այլ ինչ է, եթե ոչ կոնկրետ հարցադրումից խուսափելու էժանագին հնարք»։ Ընտրված էր Տեր-Պետրոսյանի ելույթի այս հատվածը, քանի որ այսօրվա հանրահավաքի թեման, առհասարակ, քաղբանտարկյալներն էին: Նախ՝ հանրահավաքի մասնակիցները շնորհավորեցին երեկ 53 տարեկան դարձած Սասուն Միքայելյանին, իսկ հանրահավաքը բացեց օրերս Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ պատժաժամկետի երկու երրորդի կիրառմամբ ազատ արձակված Աշոտ Մանուկյանը: «Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ, միջազգային բոլոր կառույցների վերաբերյալ խոսակցությունները , որ մեծ գործ են անում քաղբանտարկյալներին ազատ արձակման գործում, ես ընդամենը հետևանք եմ համարում, ձեր հզոր և ձեր համարձակ շարժման, որին միացել եմ ես:Միջազգային կառույցների որևէ արձագանք, ոչինչ չէր լինի, եթե դուք այսքան ամուր, այսքան պինդ կանգնած չլինեիք»,-ասաց Վանաձորի ՀՀՇ տարածքային կառույցի ղեկավարը, ում խոսքով այս պայքարն ուրացող-դավաճանների և հայրենիքը սիրող անձանց պայքար է:
Արամ Մանուկյանն էլ , նախքան ելույթը կփոխանցեր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց չհիասթափվել, նույն ոգևորությամբ մասնակցել համաժողովրդական շարժման կազմակերպած միջոցառումներին, քանի որ, նրա խոսքով, մոտենում է այս իշխանություններից ազատվելու բաղձալի օրը, օղակն էլ`տրանսհայկական հանցավորության վերաբերյալ միջազգային մակարդակով բացահայտումների շնորհիվ` սեղմվում:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթը նվիրված էր «ներքին այլանդակություններին» և ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակին` կանգ առնելով երկու` պանրի թանկացման և հունվարի մեկից պարտադիր ավտոապահովագրման օրենքի վրա: Այն, նախկին վարչապետի խոսքով, հարամելու է բազմաթիվ հայաստանցիների Նոր տարին, իսկ շատերը պարզապես հրաժեշտ են տալու իրենց մեքենաներին` չկարողանալով պարտադիր ապահովագրման մուծումները կատարել: «Օրերը հալվում են ինչպես շագրենի կաշին, և մարդկանց Ամանորը փչացնելու այդ օրը գնալով մոտենում է»,-ըստ Հրանտ Բագրատյանի` ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող պայմանների վերլուծությունը ցույց է տալիս, որ, այսպես կոչված, պետական ապահովագրությունը օրենսդրորեն ամրագրված թալան է և Ռուսաստանի օրենքներից արտագրելու անհաջող փորձ:
«Նախ՝ անհասկանալի է, թե ինչու այն, ինչ առաջ մարդիկ անում էին քաղաքացիական համաձայնությամբ, պայմանավորվելով իրար հետ, այսօր անցնում է պետությանը և պետությունն էլ իր հերթին այդ գործառույթը հասցեագրում ոչ պետական ընկերություններին, որոնց համար, հաշվի առնելով, որ ապահովագրությունը պարտադիր է, բացակայում է ձեռնարկչատիրական ռիսկը»- հարցնում էր նախկին վարչապետը. «Այսինքն՝ փողերը հավաքելու են, և անհասկանալի է, ինչու հարկ չի , որ գնա բյուջե։ Բագրատյանի ամփոփմամբ , եթե Ռուսաստանում այդ անհաջող օրենքի համար գոնե պատասխանատվություն էր կրում ՌԴ կառավարությունը, ապա մեզ մոտ` Կենտրոնական բանկը, որը սահմանել է վճարների միասնական սանդղակ: «Այստեղ ԿԲ-ին են մեջտեղ գցել, որ եթե չստացվի, պարտակեն ԿԲ-ի վրա»:
«ՀԱԿ –ին շատ են դիմում պանրի հարցի վերաբերյալ, ասեմ, որ մենք ուսումնասիրել ենք հարցը: Հայաստանում արտադրվող պանրի միայն մի մասն է տեղական հումքից, մնացածը դրսից բերված կաթի փոշիով է պատրաստվում: Եվ պիտի ասեմ, որ, այո, կաթի մթերման գները որոշ շրջաններում քսան տոկոսի չափով, որը համապատասխանում է քսան դրամին, բարձրացել են, շրջանների մեծ մասում թիվը չի փոխվել, և խնդիրն այստեղ, ամենայն հավանականությամբ, ներմուծվող կաթի փոշին է: Իմ կարծիքով` պարզապես տեղի է ունենում մոնոպոլիզացիա. Մինչ այդ, ունեինք շաքար ներմուծող ինչ-որ մեկը, ցորեն ներմուծող, հիմա նույնպես մոնոպոլիզացվում է այս շուկան»,- ասաց Բագրատյանը։ Ըստ նրա՝ ակնհայտ է նաև, որ վարչապետի և ՊԵԿ նախագահի մակարդակով ոչինչ չի արվում, որ դա տեղի չունենա:
Բագրատյանի վերլուծությամբ՝ Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բոլոր օլիգարխները մտածում են փողը Հայաստանից դուրս բերելու մասին, քանի որ աղքատությունն այնպիսի մակարդակի է հասել, որ նույնիսկ շատ օլիգարխների համար Հայաստանում բիզնես կազմակերպելը դարձել է ոչ շահութաբեր`վճարունակ պահանջարկ չլինելու պատճառով:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշեց, որ իշխանությունները մինչև Նոր տարի ազատ կարձակեն բոլոր քաղբանտարկյալներին, բացառությամբ Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի, ում նկատմամբ մեկուսարանի ադմինիստրացիայի դրդմամբ տեղի են ունենում սադրիչ գործողություններ և բռնարարքներ: Սա, նրա վկայությամբ, իշանությունների ներսում տիրող խուճապային տրամադրությունների դրսևորում է, որի պատճառները մի քանիսն են: Նախ՝ թեժանում է մթնոլորտը քաղբանտարկյալների շուրջ. մինչև ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը սպասվում է համազեկուցողների և ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի այցերը. «ԵԽԽՎ-ն արդեն հստակ դնում է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը` հասկանալով, որ նրանց առկայությունը հանդուրժելը հավասարազոր է ԵԽԽՎ արժեզրկմանը, բայց իշխանությունները փորձում են ներքաշել եվրոպացիներին պատանդների առևտրի մեջ»։ Մյուս կողմից, ըստ Զուրաբյանի` «Հայաստանը օր-օրի վերածվում է միջազգայնորեն մեկուսացված երկրի`շնորհիվ ամերիկյան ու միջազգային իրավապահների բացահայտումների: Վերջինը աշխարհի առաջատար լրատվամիջոցների առաջատար էջերում ` The Guardian, Assosiated press-ի հայտնված տեղեկատվությունն է` հարստացված ուրանի հանցավոր տրանզիտի և սև շուկայում վաճառքի՝ Հայաստանի առնչության վերաբերյալ»:
Հասմիկ Օհանյան
|
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.