23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ԲՀԿ–ն այսօր էլ հավատարիմ է կոալիցիոն համաձայնագրի տառին ու ոգուն։ Մենք կոալիցիոն կառավարության կազմում բարեխղճորեն իրականացնում ենք մեկ միասնական ծրագիր, որն ուղղված է մեր հանրապետության զարգացման, մեր պետականության կայացմանն ու հզորացմանը»,- Այսօր ԲՀԿ համագումարում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը: Կուսակցության նախագահի համոզմամբ վերջին տարիներին ընտրությունները, դրանց նախորդող ընտրական կրքերն ու հետընտրական զարգացումները ցավոտ են ընթացել Հայաստանում. «Քաղաքական մթնոլորտի շիկացումը, քաղաքական պայքարի թեժացումը երբեմն անցնում է թույլատրելիի սահմանները։
ԲՀԿ–ն միշտ էլ կողմնակից է եղել քաղաքակիրթ պայքարի մեթոդներին, քաղաքական երկխոսությանն ու փոխզիջումներին։ Ընտրությունները չպետք է խաթարեն քաղաքական անդորրը, չպետք է պառակտեն հայ հասարակությանը։ Մենք վստահ ենք, որ ՀՀ քաղաքական իշխանությունն ունի բավարար քաղաքական կամք՝ առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունները միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան անցկացնելու համար:
Միաժամանակ, Ծառուկյանը ի պատասխան համագումարին նախորդած բոլոր քննարկումներին ու սպասումներին ամփոփեց. որ կոալիցիոն աշխատանքում գործընկերների հետ եղել են տարաձայնություններ. «Իհարկե, համատեղ աշխատանքի արդյունքում եղան դեպքեր, երբ մենք կոալիցիոն գործընկերների հետ ունեցանք առանձին հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, սակայն այդ ամենը նույնպես բնական է տեղավորվում է առողջ տրամաբանության շրջանակներում»:
Մանրամասները առաջիկայում
«Էս երկրում կարծես կարելի է բռնաբարել և չնստել, ա´յ, էսպիսի տրամադրություն է: Սա չի համարվում ծանր հանցագործություն: Իմ կարծիքով, սա սպանության տիպի հանցագործություն պիտի համարվի»,- այսօր ՀՀ վարչապետի` արդեն նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի ձերբակալության առնչությամբ ասաց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը
։
Մանկապղծության կասկածանքով, ապա ավելի մեղմ` անձին սեռական գործողությունների հարկադրում հոդվածով մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը միայն ՀՀ վարչապետի խորհրդականը չէր, նաև ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ էր։ Բնականաբար, Տեր-Պողոսյանի ձերբակալությունը ստվեր է գցում նաև նրանց վրա, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են հիշյալ անձնավորությանը: Ու այսօր բոլորը հրաժարվում են նրանից, ինչպես ժամանակին հրաժարվեցին Նաիրի Հունանյանից։
Բացահայտման հենց հաջորդ օրը վարչապետն իր բլոգում հոգեցունց գրառում թողեց` ի սկզբանե հերքելով, թե գաղափար է ունեցել իր խորհրդականի վարքի մասին: Դե, ոստիկանապետի չուզողներն էլ քիչ չեն, և անմիջապես լուր տարածվեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանը միայն ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ չէր, նաև Ալիկ Սարգսյանի դստեր հարսանիքի քավորն է եղել: Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փորձեց լույս սփռել Սերոբ Տեր-Պողոսյանին առնչվող մի շարք իրողությունների վրա:
— Երեկ ձերբակալվեց ՀՀ վարչապետի խորհրդական, նաև ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ Սերոբ Տեր-Պողոսյանը: Տարօրինակ չէ՞, որ Դուք տեղյակ չեք եղել նրա վարքի, մանկապղծության փաստի մասին:
— Եկեք մի հարց էլ ես տամ Ձեզ: Դուք ի՞նչ կարծիքի եք, ես կարո՞ղ էի տեղյակ լինել, որ էդ մարդը էդպիսի բանով է զբաղվում ու նույնիսկ նրա ծննդյան օրվա արարողությանը մասնակցեի: Դուք բարի եղեք գրեք, որ դաշնակները գրել էին, թե թամադություն է արել, բարի եղեք, գրե´ք` թամադա կյանքում չեմ եղել: Նրանք ունեցել են վարձու թամադա, երիտասարդ տղա էր, որը շատ լավ ղեկավարում էր էդ սեղանը: Ես ընդամենը իմ մի քանի աշխատակիցներով, տեղակալներիս հետ` որպես հասարակական խորհրդի անդամ մտել եմ, շնորհավորել ու դուրս եկել: Դա տևել է ընդամենը երեսուն րոպե: Նույնիսկ կենաց չեմ ասել:
— Ասում են` հենց ոստիկանությունից է արտահոսք եղել, որ այդ անձնավորությունը նաև Ձեր դստեր հարսանիքի քավորն է եղել:
— Ի՞նչ, ի՞նչ քավոր: Դե, ամեն սուտ… Ով որ ոստիկանությունից էդպիսի բան է տարածել, աշխարհի ամենաանբարոյական մարդն է, հաստատ իր զավակներն են այդ կարգավիճակում: Իմ դստեր հարսանիքին ոչ թե իմանալով չեմ կանչել, այլ ուղղակի Սերոբի հետ ես էդպես ընկեր չեմ եղել, որ հրավիրեմ էրեխուս հարսանիքին: Ի՞նչ քավոր, էս ինչե~ր եք ասում… Նա իմ երկու երեխաների հարսանիքին կյանքում չի եղել, հրավիրված էլ չի եղել, իմ տանը չի եղել, իմ ընտանիքի հետ նա ծանոթ չի: Դա լկտի սուտ է: Չէ՞ որ տեսագրություն կա, կասետները կան հարսանիքների, չէ՞ որ էսքան մարդ է մասնակցել` 400 մարդ: Ո՞նց կարելի է ասել…
— Բայց, պարո´ն ոստիկանապետ, այստեղ Ձեր դեմ է աշխատում նաև Ձեր չիմացությունը: Այդ անձնավորությունը ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ էր, բայց ամբողջ Ախթալայում հայտնի է եղել նրա կերպարը, խոսակցություններ միշտ եղել են, ասում են, որ տեղի իրավապահ մարմիններն էլ տեղյակ են եղել նրա «թուլությունից»: Եվ Դուք նման անձնավորությանն ընդգրկում եք Ձեր հասարակական խորհուրդ… Ձեր կարծիքով, ոստիկանապետի նման անտեղյակությունը նորմա՞լ է: Ստացվում է որ դուք լուրջ չեք վերաբերվել «խորհրդին»։
— Հիմա ասեմ: Ես պատժելու եմ, կոլեգիայի ժամանակ էլ հայտարարեցի Թումանյանի բաժնի պետին: Միայն այն բանի համար, որ ինֆորմացիային չի տիրապետել և նախապես տեղյակ չի պահել: Ես Սերոբին տեսել եմ վեց ամիսը մի անգամ կամ տարին մի անգամ հասարակական խորհրդի նիստերին: Նա ճանապարհային ոստիկանության գծով հանձնաժողովի անդամ էր: Ինքը ակտիվ ելույթներ էր ունենում` «պարո´ն նախարար, առաջարկում եմ սա, սա…», բաժնին աջակցություն է ցուցաբերել վերանորոգման հարցերով, որի կապակցությամբ ես նրան շնորհակալություն եմ հայտնել, եթե չեմ սխալվում` մեդալ էլ եմ տվել, որ համագործակցել է մեզ հետ: Բայց որ նա կարող էր զբաղվել մանկապղծությամբ, սեռական շեղում ունենար… Էսօր հազար մարդու հետ եմ շփվում, հազար հոգու հետ եմ խոսում, ես ինչ իմանամ` ով ով է:
— Դուք ներկայանում եք որպես ընտանիքի մարդ, հայկական ավանդական ընտանեկան արժեքներ հարգող, և մեկ էլ պարզվում է` մանկապիղծի հետ…
— Եթե ինձ չեն ճանաչում, իրավունք ունեն ինչ-որ բաներ ասելու, բայց իրավունք չունեն գոնե` սուտը բերել տեղավորելու իմ կողքին: Նա ընդամենը մեր հասարակական խորհրդի անդամ է եղել, որտեղ 50 մարդ կա: Դեկտեմբերի 30-ին ես հրամանով ամբողջ հասարակական խորհրդի գործունեությունը դադարեցրել եմ: Մտածեցի` դադարեցնեմ, ձևավորեմ նոր հասարակական խորհուրդ: Արդեն կյանքը ստիպեց` բոլորին դոսյեներով եմ բերելու. հասարակական խորհրդի անդամների մեջ շատ արվեստագետներ կան, Եվրոպայի հետ շատ շփվողներ կան և այլն, և այլն, հիմա սկսելու եմ բոլորին դոսյեներով, բաժնի պետերից…
— Ձեր կարծիքով, նման մարդկանց դոսյեում գրվա՞ծ է, թե նրանք ինչ սեռական կողմնորոշում ունեն։
— Ի՞նչ անեմ: Աչքս վախեցավ արդեն: Էսօր կարող է նստեմ մեկի հետ սուրճ խմեմ, վաղը որ պարզվի` սա շեղում ունի, ես ի՞նչ պետք է ասեմ: Սերոբի հետ Դուք շփված կա՞ք երբևէ: Արտաքինից բարեկիրթ, շատ հայրենասեր, ազգին սիրող…Իսկ էդ ծնունդին գիտե՞ք ինչպես եղավ, ծնունդին Ախթալայից բազմաթիվ մարդիկ կային, տեսնեիք` ո~նց էին մեծարում իրեն: Ո~նց էին դեմը պարում, որպես իսկական հայենասերի, հայ մարդու, գործարարի… Ինչ կենացներ էին խմում` «բոլորիս ընտանիքների նկատմամբ, բոլորին ուշադրություն, էսքան ընտանիք կապված է իր հետ»… Ձեզ թվում է, էդ մարդիկ իմացե՞լ են, որ էդպիսի խոսքեր էին ասում: Ես Սերոբին տեսել եմ շալվարով-կոստյումով, ակուրատնի հագած, հայրենասերի դեմքով, մտել է ինձ մոտ, դուրս է եկել, ընդամենը մեկ-երկու անգամ:
— Իսկ որպես ոստիկանապետ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ էդպիսի հանցագործին ընդամենը երկուհարյուրապատիկի-երեքհարյուրապատիկի չափի տուգանքով կարելի է ազատել:
— Ա´յ, դա արդեն օրենքի մասին գրեք: Սեռական ոտնձգությունների հետ կապված մեր օրենքը շատ թույլ է:
Լուսինե Կեսոյան
Պարզվում է, Ազգային ժողովի նախագահ լինելը դաժան բան է: Մարդը հազիվ գնում է արձակուրդ, էն էլ թարսի նման հենց էդ ժամանակ հունվարի 28-ն է գալիս` բանակի օրը: Բայց քանի որ ԱԺ նախագահն անգամ ծննդյան օրն էր անցյալ տարի աշխատանքի բերումով դուրսն անցկացրել, Հովիկ Աբրահամյանը որոշել էր այս անգամ գոնե արձակուրդն անցկացնել ինչպես հարկն է և մի անգամ էլ բանակի օրը նշել դրսում` արձակուրդի ընթացքում: Էն էլ…
— Պարո’ն Աբրահամյան, բանակի օրվա միջոցառումներին Ձեր չմասնակցելը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց:
— Ես մի շարք լրատվամիջոցների կցանկանայի ասել, որ եթե Աբրահամյան Հովիկը գտնվում է արձակուրդում, հանրապետությունում չի, նշանակում է, որ շատ պարզ է պատասխանը:
— Դուք տարաձայնություններ չունե՞ք նախագահի հետ:
— Ո’չ, չենք էլ ունեցել:
— Բայց դա կարևոր օր չէ՞ր, կարելի էր մի օրով վերադառնալ, չէ՞:
— Իմ ծննդյան օրն էլ կարևոր օր էր, բայց այստեղ չէի:
— Ծննդյան օրը համարժեք եք համարում բանակի օրվա հե՞տ:
— Մեր բանակը ինձ համար ամենակարևոր ատրիբուտներից մեկն է, սիմվոլն է մեզ համար, սիմվոլ:
Լուսինե Կեսոյան
Հունվարի 31-ին ժամը 16.15-ին Երևանի պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա մամլո ասուլիս Հայաստանում ՄԹ դեսպան Չարլզ Լոնսդեյլի, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արևիկ Սարիբեկյանի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսի, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր
տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասնակցությամբ, որին էլ նույն վայրում ժամը 17.00-ին կհաջորդի Նա/Նե մրցանակաբաշխությունը:
Նա/Նե 2010
Այս տարի մրցույթին ներկայացվել է ավելի քան 100 լրագրողական աշխատանք` 7 անվանակարգում:
«Նա/Նե» արձանիկ
Նա/Նե արձանիկը պատրաստված է արծաթից և խորհրդանշում է Նա-ին և Նե-ին՝ կնոջն ու տղամարդուն և կենաց ծառը, որը ձուլված է խոսափողի տեսքով։
Անվանակարգեր
Նա/Նե ամենամյա լրագրողական երրորդ մրցույթը նշանավորվեց ոչ միայն նոր անվանակարգի հայտարարմամբ, այլև հայտերի մեծ թվով: Յուրաքանչյուր տարի ավանդաբար հայտարարվող վեց անվանակարգերին, այն է` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց և բլոգում տեղադրված հոդված, լուսանկարչական աշխատանք, սոցիալական և առևտրային գովազդ, ավելացավ նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հայտարարված «Ուսանողական աշխատանք» անվանակարգը:
«Նա/Նե» մրցույթ
Նա/Նե լրագրողական մրցույթին իրենց նյութերը ներկայացրել են հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակվող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները: Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրվել նաև հասարակական կազմակերպությունների կամ անհատների կողմից: Այս տարվա մրցույթին ներկայացված նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեին 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, անդրադառնային քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու խնդիրներին և գենդերային բռնությանը` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից: Մրցույթի նպատակը տարվա ընթացքում այս թեմաներով անդրադարձերի խրախուսումն է:
Ժյուրիի անդամները
Ժյուրիի անդամներն են հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Նաիրա Սուլթանյան- Բրիտանական դեսպանատուն Երևանում
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Ջեմմա Հասրաթյան Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա
Սուրեն Դեհերյան – Լրագրողներ հանուն ապագայի
Ջինա Սարգիզովա- ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագիր
Ծովինար Հարությունյան – ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Մրցանակներ
Բոլոր անվանակարգերի համար սահմանվել է երեք մրցանակ: Առաջին մրցանակին արժանացողը կստանա Նա/Նե արծաթյա արձանիկ և 300.000 դրամ պարգև, երկրորդ մրցանակի համար սահմանված է հավաստագիր և 150.000 դրամ պարգև և երրորդ մրցանակի համար` հավաստագիր ու 75.000 դրամ պարգև: «Ուսանողական աշխատանք» անվանակարգի առաջին մրցանակակիրը կարժանանա ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված HTC բջջային հեռախոսին և Նա/Նե արձանիկին, երկրորդ և երրորդ մրցանակակիրները կստանան հավաստագիր և դրամական պարգև:
Հ.Գ.Նշենք, որ մրցանակաբաշխությանը մասնակցում է նաև «Հայկական Վարկած»-ի լրագրող Լուսինե Վայաչյանը, ներկայացնելով իր ակնարկը.«Եթե ասեղը չուզի, թելը չի՞ թելվի» http://www.armversion.com/index.php/hy/2010-05-09-09-08-27/2010-05-14-07-27-41/4392-2010-10-01-125016
Հաջողություն ենք մաղթում:
Պարզվում է, Արդարադատության նախարար դառնալու հիմնական շարժառիրթը Հրայր Թովմասյանի համար եղել է տարիքը:
«Որ դառնում ես քառասուն տարեկան, արդեն այլ կերպ ես ամեն ինչին նայում, փորձում ես վերաիմաստավորել: Նախկինում էլ տարբեր պաշտոնների առաջարկներ եղել են` ավել կամ պակաս, միշտ մերժել եմ, բայց արդեն որ քառասուն դարձա…»,- այսօր իր` նախարարի պաշտոնը ստանձնելու որոշման հիմքում ընկած դրդապատճառները փորձեց բացատրել Արդարադատության նախարարը:
«Պակաս» առաջարկը դեռ ինչ-որ տեղ հասկանալի է. պարզ է, որ անկախ փորձագետի և ոչ անգրագետ իրավաբանի համարում ունեցող Թովմասյանը տարբեր առաջարկներ կարող էր ստացած լինել այս տարիների ընթացքում` բաժնի պետ, վարչության պետ, փոխնախարար` այսօր նման պաշտոնների աշխատող տղերքին Թովմասյանը ոչ մի բանով չի զիջում, եթե ավելին չէ, բայց թե ո՞րն էր իր ներկա պաշտոնից «ավել» արված առաջարկը, այդպես էլ մնաց անհայտ:
«Դեեեեեե, ընենց ասեցի, ավել կամ պակաս…»,- ժպիտով, հավեսով փորձեց արդարանալ Արդարադատության նախարարը, երբ լրագրողներից փորձեցին պարզել, թե էդ ի՞նչ ավելի պաշտոն են առաջարկել Թովմասյանին, որ մերժել է. նախարարից ավել պաշտոնը վարչապետն է, բնականաբար, նշանակովիներից, որովհետև «ավելների» մեջ ԱԺ նախագահ կամ ՀՀ նախագահ դառնալու համար դեռ հարկավոր է ժողովրդի քվե ստանալ…
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Օրեր առաջ բացահայտվեց Աբովյան քաղաքում «Էլիզա» գիշերային ակումբի սեփականատիրոջ սպանությունը, որը տեղի էր ունեցել այս տարվա հոկտեմբերի 2-ին: Այս մասին ոստիկանության տրամադրած տեղեկությունները չափազանց ժլատ են: Դա թերևս իր պատճառներն ունի: Նախնական վարկածով, սպանությունը կատարվել էր գիշերային ակումբի պարուհու պատճառով:
Դեպքն, իրոք, տեղի է ունեցել Նանարիկ կեղծանունով սթրիփ պարուհու պատճառով: Սպանվածը, սթրիփ ակումբի սեփականատերը` եղել է Նանարի սիրեկանը: Սպանության մեջ կասկածվող Երեւանի բնակիչ 24-ամյա Հրանտ Ալոյանը, ևս ինտիմ կապի մեջ է եղել աղջկա հետ:
Հենց Ալոյանի հետ հանդիպման գնալիս էլ, օպերատիվ տվյալներ իրացնելով «No Problem» հյուրանոցային համալիրում ոստիկանները ձերբակալել են դեռևս հոկտեմբերից հետախուզման մեջ գտնվող 24ամյա երիտասարդին:
Այնթափ գյուղի բնակիչ, 37-ամյա Հայկ Հովակիմյանը, ով «Էլիզա» գիշերային ակումբի սեփականատերն էր, Նանարի համար արել է ամեն հնարավորը, որպեսզի աղջիկը ոչնչի կարիք չունենա. մեքենա է գնել նրա համար, ապահովել նրան: Սակայն աղջիկը միաժամանակ մտերմություն է արել նաև Հրանտի հետ:
Դեպքի օրը Հայկ Հովակիմյանը գնացել է Աբովյան քաղաքում գտնվող աղջկա տուն, որը, ըստ որոշ տեղեկությունների ինքն է գնել Նանարի համար: Սակայն Նանարի փոխարեն տանը «գտել» է Հրանտին, սկսվել է ռազբորկա, որի ժամանակ էլ Հայկը հայհոյել է Հրանտին:
Վրեջինս դաժանաբար ծեծի է ենթարկել, իր նանարի ընկերոջը: Որից հետո գիշերային ակումբների անվտանգության հարցերով զբաղվող երկու տղաներ, որոնցից մեկն ի դեպ` դատավորի որդի է, ակումբի սեփականատիրոջը հասցրել են հիվանդանոց` Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, մեքենան թողել հիվանդանոցի բակում և հեռացել: Ասում են վնասված է եղել Հովակիմյանի գլխի հատվածը: Հայտնի չէ, եթե նրանք այդ ժամանակ, չվախենային ու ծեծված տղամարդուն հանձնեին բժիշկներին կհաջողվե՞ր փրկել նրա կյանքը: Չի բացառվում, որ մարդը մահացած լինի մեքենայում` զրկված լինելով առաջին օգնությունից, ինչպես որ չի բացառվում, որ հիվանդանոց է հասցվել Հովակիմյանի դիակը:
Ինչև, Հետախուզման մեջ գտնվող Հրանտ Ալոյանը, այս ամբողջ ժամանակ առանձնապես չի էլ թաքնվել ոստիկաններից, թե ինչ նպատակ է հետապնդել նրան միայն երկու ամիս անց գտնելը, այս պահին դժվար է ասել. Շատ հնարավոր է, որ դա արվել է օպերատիվ նկատառումներից ելնելով: Սակայն չի բացառվում նաև, որ այն պայմանավորված լինի սպանություն կատարած անձի հանգամանքով:
Էս տարին ինձ համար 50/50 տարի էր, ոչ լավ, ոչ վատ: Էն, որ հրեղեն առյուծի տարին իր առաքելությունը կատարեց, լինելով փոփոխությւոնների տարի, փաստ ա: Իսկ փոփոխություններ եղան առաջին հերթին իմ մեջ՝ արթնացավ խորը քնած քաղաքացիական գիտակցությունս,բարձրացավ հասարակական ակտիվությունս: Արթնացավ որովհետև պա՞հն էր եկել, թե՞ որովհետև արթնացրեցին (ականջդ կանչի Արա Նեդոլյան), էական չի, կարևորը, որ ես հիմա մարդ, կին, բուդդիստ, գրող, լրագրող, հայ լինելուց բացի նաև գիտակից քաղաքացի եմ, ինչը և ցանկանում եմ իմ բոլոր հայրենակիցներին: Եթե իմն ա արթնացել, ուրեմն բանը բանից անցել ա, ուրեմն, ոնց որ ասում էր վերջերս ռուս գրող Շենդերովիչը, երբ խոսում էր Ռուսաստանում ազգայնամոլների՝ ֆաշիստների սանձարձակությունների մասին, մեջբերելով Անդրեյ Պլատոնովի խոսքը՝ ժամանակն ա եկել հասկանալու, որ «իմ ժողովուրդն առանց ինձ լիարժեք չի…»
Լավ եղեք, լավ տարի լինի, անուշ բաներ բերի, բարի դռներ բացի, սրտեր ամոքի, նոր ցավ չստեղծի, տագնապ փարատի, ու հույս ներշնչի, հավատի դուռ բացի ու ճամփա ցույց տա: Մեզ բոլորիս, մեր հայ ժողովրդին, ողջ աշխարհին անխտիր, առանց ջոկելու թշնամի թե բարեկամ, ես ցանկանում եմ, որ այս նոր տարին լինի արժանի իրեն հասցված հրեղեն առյուծի բերած փոփոխություններին՝ մտածող մարդկանց մոտ քաղաքացիական գիտակցության զարթոնքին, որ ինչպես ասում էր էլի Շենդերովիչը, «Էլ չմնանք նստած մեր ֆեյսբուքներում, երբ տեսնում ենք, որ մի քիչ էլ, ու մենք կկորցնենք մեր երկիրը…»
Մենք ենք կերտում մեր ապագան: Մենք ենք մեր երկրի տերը: Մենք ենք որոշում, թե ինչպիսին այն պիտի լինի: Մենք ենք պատասխան տալու անգործունակության ու անտարբերության համար մեր սերունդների առջև, որոնք մեզ կորակեն ոչ այլ ինչ, քան վախկոտ ֆեյսբուքիստներ, որոնց խոսքը ֆեյսբուքից դուրս չի գալիս ու ոչինչ չի փոխվում: Մենք, ֆեյսբուքյան նախաձեռնություների մեջ ընդգրկված հազարավոր ՀՀ քաղաքացիներս, մենք, որ ամենօրյա շփման մեջ ամենքս իր ամպլուայում ընդվզում ենք, քննարկում և ելքեր փնտրում, մենք, որ հիմնականում այդ ելքերը գտնում ենք, ու հետո էլ ոչինչ չենք կարողանում անել, որովհետև, ինչպես ասաց ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը՝ «հա, դեմն առնենք, բայց սրա համար համակարգված և հզոր պայքար ա պետք, էս պահի դրությամբ ակտիվ մասսա կա բայց մի տեսակ քաոտիկ և անհամակարգելի ա…երևի դրան էլ ա էվոլուցիա պետք …»
Ուրեմն, ես բոլորիս ցանկանում եմ, որ էս տարին մեզ համար լինի շատ ակտիվ էվոլյուցիոն տարի, ու որ հաջորդ տարին մենք ոչ միայն զգանք մեզ մեր երկրի տերը, այլև իրականում լինեք, ուրեմն՝ տեր կանգնենք իրար ու մեր ունեցածին:
Լուսինե Վայաչյան
Կոմիտասի անվան այգում այսօր բացվեց «Դելֆինարիում նեմո» ժամանցի կենտրոնը, որն արդեն մի քանի ամիս է, ինչ բուռն քննարկումների առիթ է դարձել: Նախագծի հրապարակման օրից սկսած` մի խումբ բնապահպաններ և հասարակական կազմակերպություններ հանդես եկան այդ ծրագրի դեմ: Պատճառաբանելով և բնության վնասները, և դելֆիններին, որոնք պետք է ներկրվեն արտերկրից:
Սակայն որևէ լուրջ հիմնավորում, այդ կառույցի կողմ և դեմի մասին այդպես էլ հանրությանը չներկայացվեց։ Մարդկանց համար է վտանգը, թե՞ դելֆինները չեն համակերպվի, այս ողջ ընթացքում պարզ չդարձավ։ Նախկին քաղաքապետն ասում էր. «Ես եմ սարքում, ու Երևանում լինելու է դելֆինարիում»։
Օրումեջ, ամեն անհեթեթ առիթով ասուլիսի վազող մեր չինովնիկները այդպես էլ չբարեհաճեցին պաշտոնապես հերքել կամ հաստատել կողմ և դեմ կարծիքները։
Ինչևէ, հակադելֆինարիա պայքարը շարունակվեց նաև այսօր: Նախ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը և «Էկոդար» ՀԿ-ի նախագահ Հրայր Այվազյանը հրավիրեցին հերթական ասուլիսը`սպասվող վտանգներին մասին։ Բողոքի ալիքը շարժվեց Կոմիտասի անվան զբոսայգի, որտեղ մի քանի տասնյակի հասնող մարդիկ պաստառներով` «Դերլֆինները Հայաստանում բերվել են անօրինական ձևով», «Կենդանիները պետք է ապրեն բնական միջավայրում, ոչ ենք ասում դելֆինների անհումանիստական շահագործմանը» կոչերով:
Չնայած դրան` նկատվում էր հերթեր`տոմսեր ձեռք բերելու համար և մեր հարցերին պատասխանող քաղաքացիները բավականին գոհ էին, որ մայրաքաղաքում կա նման ժամանցի կենտրոն` երեխաների, ինչու չէ նաև մեծահասակների համար: Դելֆինարիումի պատասխանատուները այդպես էլ չկարողացան ցուցարարներին հեռացնել, սակայն բացումը տեղի ունեցավ։
Ըստ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) դեկտեմբերի 16-ին հրապարակած թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի արդյունքների, «Ա1+»-ը պարտվեց նույն հաճախականության համար հայտ ներկայացրած «Արմնյուզ»-ին, իսկ «ԱԼՄ»-ն` «Երևան» հեռուստաընկերությանը:
Հայտերի վարկանիշային քվեարկության արդյունքում, «Ա1+»-ը հավաքել է ընդամենը 2, իսկ «Արմնյուզը»-ը` 44 միավոր: ՀՌԱՀ-ի բոլոր անդամները, բացի Արա Թադևոսյանից, «Ա1+»-ի փաթեթը գնահատել են 0, իսկ նրա մրցակցինը` 6 միավոր: «ԱԼՄ»-ն ստացել է 32, իսկ «Երևանը»` 40 միավոր:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքերի հատվածում հրազենային վերքերով իրենց մոտ տեղափոխվել են վանաձորցի երեք տղամարդ՝ «Բեկոր» ՍՊԸ տնօրեն, 36-ամյա Արսեն Գ.-ն, 46-ամյա Մարտիրոս Ա.-ն և 43-ամյա Գարիկ Մ.-ն:
Օպերատիվ խումբը Դեպքի վայրում պարզել է, որ նույն օրը, ժամը 23.45-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 1/Բ շենքի մոտ, դեռևս չպարզված տեսակի հրազենից կրակ է արձակել այդ վայրում կայանված «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած անձանց ուղղությամբ:
«Միցուբիշի Պաջեռո»-ն՝ կրակոցների հետքերով, տարվել է ոստիկանության Վանաձորի բաժնի տուգանային հրապարակ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 34-104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.