23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ներողություն ենք խնդրում, բայց ապրիլի 15-ին մենք անհասանելի կլինենք աշխարհի համար: Մենք չենք պատասխանի հաղորդագրություններին, զանգերին, որևէ ակտիվություն չենք ցուցաբերի և որևէ ծառայություն չենք մատուցի: Ապրիլի 15-ին մենք լռություն կպահպանենք», — այսպիսի հաղորդագրություն է տարածել Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (PINK Armenia) ՀԿ-ն, որը զբաղվում է սեռավարակների կանխարգելմամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ և գենդերային հիմնահարցերով:
ԱՄՆ-ում GLSEN-ի ցանցի հովանու ներքո 1990 թվականից անցկացվող լռության ազգային օրվա («Լռության օր») ընթացքում, որն ավանդաբար անցկացվում է ապրիլ ամսվա երրորդ ուրբաթ օրը, ուսանողներն ու աշակերտները, ինչպես նաև ԼԳԲՏ (լեսբուհիներ, միասեռականներ, բիսեքսուալներ և տրանսգենդերներ) համայնքի բոլոր բարեկամներն ու ընկերները լռում են՝ ուշադրություն հրավիրելով հակաԼԳԲՏ, հոմոֆոբ գործողություններին` մականուններ դնելուն, ձեռ առնելուն, բանսարկություններին, բարոյական ու ֆիզիկական բռնությանը: Հիմնականում միջին և ավագ դպրոցների աշակերտներն ու ուսանողները տարբեր ձևերով լռության ծոմ են պահում` փորձելով դպրոցում՝ համադասարանցիներին, համալսարանում՝ համակուրսեցիներին խրախուսել` անդրադարձ կատարելու իրենց հակաԼԳԲՏ վարքագծին, ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ իրականացվող հետապնդումներին և դպրոցներում ու համայնքներում պահանջում բարեփոխումներ: Այս միջոցառումը կազմակերպվում է` ներկայացնելու համար ԼԳԲՏ և ԼԳԲՏ ընկալվող ուսանողների նկատմամբ գործադրված բռնության և ֆիզիկական ու բարոյահոգեբանական ճնշումների մասին լռություն պահպանելու ազդեցությունը:
Մամիկոն Հովսեփյան (PINK Armenia նախագահ)
— Անցյալ տարվա այս օրը համընկել էր ոստիկանության օրվա հետ, բավականին անախորժ վիճակ էր ստեղծվել: Հարգելի ոստիկաններ, պետք չէ փոխել ձեր օրը, սա լողացող օր է՝ ամեն երրորդ ապրիլյան ուրբաթ: Ինչ վերաբերում է բուն ակցիային, ապա մենք որոշեցինք, որ ԼԳԲՏ պրոբլեմների վրա ուշադրություն հրավիրելու լավագույն տարբերակն այդ օրը ամբողջ կոլեկտիվով լռելն է: Եթե հասարակությունը ավելի տոլերանտ լիներ, գուցե հնարավոր կլիներ ավելի ցայտուն անել այդ ամենը: Բայց հանդուրժողականության այս մակարդակը, վախենամ, մարդկանց մոտ ավելի շուտ ագրեսիա առաջացնի: Ակցիայի նպատակն է նպաստել նոր, աճող սերնդի իրենցից տարբերվողի նկատմամբ հանդուրժողականության բարձրացմանը:
— Ի՞նչ խնդիրներով են ձեզ մոտ գալիս հիմնականում:
— Հիմնականում իրավապահ մարմինների հետ են պրոբլեմներ ունենում, ընտանիքում իրենց չեն ընդունում այնպիսին, ինչպիսին իրենք կան, ծնողների հետ կապված խնդիրներով են դիմում: Լինում են դեպքեր, երբ մարդիկ գալիս են ինքնասպանության եզրին հասած, մենք փորձում ենք օգնել: Գալիս են՝ բողոքում այն դասախոսներից, որոնք նկատել են կողմնորոշվածությունն, ու սկսվել են հետապնդումն ու ստորացումը, ինչը հենց դասախոսն է հրահրել ու խրախուսել: Ու ասում են՝ էմոներն ինքնասպան են լինում. ո՞վ է խորացել, էդ ինքնասպանները էմո սուբկուլտուրայի զո՞հն են, թե հասարակության անհանդուրժողականության… Ես դիմում եմ ծնողներին, ընդունեք նրանց՝ ինչպես կան, որպեսզի վաղը չփոշմանեք, երբ ձեր զավակը չդիմանա ճնշմանը, ձեր ներշնչած մեղքի զգացմանը: Կուզեի բոլոր անհանդուրժողական մարդկանց խնդրել՝ ավելի ըմբռնող ու հասկացող լինել. ոչ ոք չգիտի՝ իր ընտանիքում կա՞ արդյոք մեկը, ով սեռական փոքրամասնությանն է հարում, ոչ ոք չի կարող ասել, որ իր ընտանիքում էդպիսի բան չի կարող լինել: ժողովուրդը լավ է ասում. «Մուհալ մի արա, քթիդ կբուսնի»:
— Եթե մեր օրենսդրության մեջ կարողանայիք ինչ-որ բան փոխել, ի՞նչ կփոխեիք, որպեսզի ԼԳԲՏ մարդն իրեն ավելի պաշտպանված զգար:
— Կոնկրետ ոչ մի տեղ՝ իրավահավասարության մասին օրենքի հոդվածում, Սահմանադրության ոչ մի կետում, նույնիսկ 14-րդ հոդվածում նշված չէ «սեռական կողմնորոշում»:
Կարծում եմ, մեր երկրի նման երկրում ինչպես մշակվում են սեռական կամ ընտանեկան բռնության մասին օրենքների նոր նախագծերը, այդպես էլ պետք է սեռական փոքրամասնություններին վերաբերող օրենքներ լինեն: ԶԼՄ-ները հասարակական հզոր կարծիք ձևավորող ուժ են, ու նրանցից շատ բան է կախված: Բայց հաճախ հենց այնտեղից են ատելության կոչեր լսվում սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Իմ կարծիքով, ամբողջ աշխարհում ընդունված «Hate speach»-«Ատելության կոչ»-ի դեմ օրենք է պետք, որպեսզի հնարավոր լինի պատասխանատվության կանչել լրատվամիջոցին կամ ուղղակի որևէ մեկին, ով նման կոչ է անում:
Չնայած, մյուս կողմից, մարդիկ սովոր են, որ կառավարությունը վատն է, իշխանությունը վատն է, ու ինչ էլ անի այդ կառավարությունը՝ վատ է ընկալվում: Հիմա էս կազմով կառավարության ընդունած էդպիսի օրենքը ի՞նչ ընդունելության կարժանանա հանրության կողմից: Չեմ կարծում, թե՝ լավ. կսկսեն ասել՝ տեսեք, հիմա էլ գեյերին են պաշտպանում և այլն:
PINK Armenia-ի նախաձեռնած ակցիան իրենց գրասենյակից դուրս չի գալու, այլ միջոցառումներ չեն լինելու այս օրվա հետ կապված: Բայց ես հավատում եմ, որ կգա մի օր, երբ մեր բուհերում ու ավագ դպրոցներում նույնպես կանդրադառնան այդ խնդիրներին ու կփորձեն հանդուրժողականություն դաստիարակել գալիք սերնդի հոգեբանության մեջ:
Հաջորդ օրը լռությունը կկոտրվի «Ինչպես դու» էլեկտրոնային երկլեզու հանդեսի անդրանիկ համարի մեկնարկով, որն ընդգրկում է զանազան թեմաներ, դրանց թվում՝ նաև ԼԳԲՏ:
Լուսինե Վայաչյան
Շնորհավորելուց ու շնորհավորանքներ ընդունելուց հետո ՀՀ ոստիկանապետը հյուրերի հետ գնաց իր առանձնասենյակ, մի բաժակ բան խմեց, հետո իջավ լրագրողների հետ ճեպազրույցի, որի ժամանակ հերթական անգամ բավական հետաքրքիր մտքեր արտահայտեց. Ալիկ Սարգսյանն այս առումով պարզապես անկրկնելի է: Ոստիկանապետը խնդրեց բացառապես տոնին վերաբերող հարցեր ուղղել. «Խնդրում եմ, որ վաղվա ձեր մեկնաբանությունները գոնե բարի կամքով լինեն»: …Այնուամենայնիվ, որոշ հարցեր հնչեցին:
— Պարո´ն ոստիկանապետ, մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Քննչական գլխավոր վարչությունից առնվազն 50-60 ոստիկաններ զգուշացրել են, թե դիմում կգրեն և դուրս կգան այն պատճառով, որ վերջերս կալանավորվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը, և արդյո՞ք սա համապատասխանում է իրականությանը:
— Գիտե՞ք ինչ, տպավորությունը ստեղծվեց այն պահից, երբ քննիչի ձերբակալումից հետո քննիչները, որպես իրենց աշխատանքային ընկերոջ, բնականաբար, իրենց մտահոգությունն էին հայտնել, հավաքվել էին քննչական գլխավոր վարչությունում, պետի աշխատասենյակում, և տպավորություն ստեղծվեց, որ քննիչները ո´չ թե աղմուկի ձայն, ո´չ թե որ… չգիտեմ, դժգոհության արտահայտություն, ո´չ թե, որ ուզում են հրաժարվել իրենց աշխատանքից և այլն, և այլն: Ես հայտարարում եմ, այդպիսի բան չկա, չունենք որևիցե քննիչ, որ համապատասխան զեկուցագիր կամ դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու: Սա եղել է ուղղակի սովորական աշխատանքային քննարկում, որը, կարծում եմ, նույնպես բնական էր, քանի որ ձերբակալվել էր նրանց աշխատանքային ընկերը: Բայց երբ որ բացատրեցինք պատճառները, երբ որ հասկացան մարդիկ` ինչի համար ա, ինչի մասին ա խոսքը, նույն պահին ես կապվեցի դատախազի հետ, իմացա ավելի մանրամասներ, և կարծում եմ՝ նրանք ըմբռնումով մոտեցան: Բոլորը անցել են իրենց աշխատանքին: Այսպիսի նյութ, խոսակցություն, թեմա, երբևիցե չի եղել, ինչպես կոչում են հաճախ մամուլում` բունտ, հրաժարականներ և այլն:
— Պարո´ն Սարգսյան, այսօր Դուք ասել եք, թե կարծրատիպերը պետք է փոխվեն ոստիկանության հանդեպ. ինչպե՞ս եք պատրաստվում դա իրականացնել և կարո՞ղ եք նշել ինչ-որ ժամկետ:
-Գիտե՞ք, այսօր պատրաստվում ենք ամենօրյա մեր գործունեությամբ, այնպես չի, որ կախարդական փայտիկով միանգամից տպավորությունը կփոխվի ոստիկանության մասին: Ուղղակի ես ուզում եմ բոլորդ հիշեք, որ իրոք փոխվել է ոստիկանի կերպարը, որ նախկին Խորհրդային Միությանը ծառայող, այս հզոր կայսրությանը ծառայող միլիցիայի աշխատակիցը կտրականապես տարբերվում է այսօրվա ոստիկանից, որովհետև այսօրվա ոստիկանը ծառայում է մեր անկախ պետությանը, մեր հայրենիքին: Բոլոր ոստիկանները քաջ գիտակցում են, որ միայն պատժելով, մնացած բոլոր մեթոդներով, ինչպես ժողովուրդը մշտապես ընկալել է ոստիկանին, որպես պատժող մարմին, որպես բռնություն: Այսօր այս կերտվածքը, այս մոտեցումը աշխատանքային՝ չկա և ավելին՝ այս տրամադրությունն ու հոգեբանությունը ոստիկանների մոտ արմատախիլ է արվում ժամանակի ընթացքում: Թույլ տվեք ժամանակը կոնկրետ չնշել, ես ուղղակի նշեմ, որ տարեվերջում դուք կունենաք նոր ոստիկանություն, նոր գնահատումներով աշխատող, դրսևորվող ոստիկանություն, և ես ապագայում տեսնում եմ, որ շատ կարճ ժամանակ անց, ասածս հեռու սարերի հետևում չի, մեկ, երկու, երեք տարիների ընթացքում դուք կունենաք եվրոպական չափանիշներին համապատասխան, բայց հայկական, հայոց մտածելակերպով օժտված հայոց ոստիկանություն, որի հիմնական նպատակը կլինի նախ և առաջ ծառայել մեր ժողովրդին: Ուրիշ խնդիր մեր ոստիկանությունը չի հետապնդում: Դուք երեկվա նիստից հետո էլ տեսաք, որ արվում է ամեն ինչ, որպեսզի բոլոր կոռուպցիոն ռիսկերը նվազեցնեն, ինքնամաքրման այդ ամբողջ աշխատանքների հետ կապված, կարծում եմ, ոստիկանությունը ամենաակտիվն է, և մենք շատ կարճ ժամանակահատվածում մեր պետությանը, պետական ղեկավարներին, ժողովրդին կապացուցենք, որ մենք իրոք լի ենք վճռականությամբ և նոր քայլ ենք ուզում անենք Հայաստանի ոստիկանության կյանքում:
— Պարո´ն ոստիկանապետ, ինքնամաքրման մասին խոսեցիք: Այս ձերբակալությունները… եթե իսկապես նախագահի առաջադրած խնդիրը կատարվի, և համակարգը մաքրվի, մտավախություն չունե՞ք, որ ոստիկանությունը գուցե հայտնվի ճգնաժամի մեջ` կադրերի պատճառով, քանի որ, ամեն դեպքում, փորձառու ոստիկաններ են ձերբակալվում:
— Ես այդպիսի խնդիր չեմ տեսնում, ձերբակալված որևիցե ոստիկանի մասին այս պահին հայտարարություն անել չեմ կարող` հաշվի առնելով անմեղության կանխավարկածը. քննչական ծառայությունները զբաղվում են, և նրանց հանցանքը հիմնավորվելու դեպքում, միգուցե, ես առիթ կունենամ իմ խոսքն ասելու, այս պահին թողեք՝ թող քննությունը ավարտվի: Այնուամենայնիվ, ճգնաժամ կոչվածը ոստիկանությունում ես չեմ տեսնում, պրոֆեսիոնալ կադրեր մենք այս պահին բավականաչափ ունենք, այնպես չի, որ ոստիկանությունը գլխատվել և նորից սկսում է վերականգնվել, վերակառուցվել, մենք արմատական մոտեցում ունենք այս հարցին: Ինչ վերաբերվում է կադրերին, կադրերը մենք ունենք, կադրերի խնդիր այս պահին ընդհանրապես չկա, մեծ քանակությամբ դիմողներ ունենք ոստիկանություն ընդունվելու, մեծ քանակությամբ: Ես իմ հայտարարության համար պատասխանատու եմ, որովհետև նույն կադրերի վարչությունում մի քանի հարյուրի հասնող դիմումներ կան` բոլորը բարձրագույն մասնագիտական կրթությամբ, ինչու՞ չէ` տեխնիկական, մանկավարժական կրթությամբ, հոգեբանի մասնագիտությամբ, որի կարիքը այս պահին նույնպես ունենք մենք:
Կարծում եմ, մոտավորապես մեկ-երկու տարիների ընթացքում եթե պիտի ունենանք կադրային փոփոխություն, ապա լավ նկատառումներով` թարմացման, նորացման: Գաղտնիք չի, որ մեր երիտասարդ կադրերը այսօր լրացնելով մեր շարքերը՝ իրենց նոր խոսքն են ասում, նրանց հետ ավելի հեշտ է: Նույն ակադեմիայի հետ կապված, որը այս կրթական բարեփոխումների արդյունքում կլինի բոլորովին այլ ուսումնական ձեռնարկություն, տալիս է մասնագետներ իրավաբանի որակավորմամբ, որոնք որևիցե կերպ չեն զիջում Հայաստանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներին` իրենց գիտությամբ, իրենց բանիմացությամբ և իրենց տարբեր որակներով (հաշվի առնելով իրավաբանականի այսօրվա որակը՝ ոստիկանապետի ասածը այդքան էլ հեռու չէ ճշմարտությունից. գոնե հաբռգածության առումով ոստիկանական ակադեմիայի սաները շատ ավելի պարկեշտ կլինեն- Լ.Կ.), որ իրավաբանի մասնագիտությանը զուգահեռ ձեռք են բերում նաև ոստիկանությանը հատուկ մասնագիտական գիտելիքներ, որոնք մեր ծառայությունում խիստ անհրաժեշտ են: Կադրերի հետ կապված ես այսօր որևիցե խնդիր չեմ տեսնում, և այն ժամանակավոր, մի պահ ստեղծված տպավորությունը, որ կադրերի այս արագ փոփոխությունը կարող է ճգնաժամ առաջ բերել, այս պահին ես իմ խորին համոզմունքն եմ հայտնում, որ ոստիկանությունում ճգնաժամ չի լինի, մանավանդ` կադրային:
— Ի՞նչ է նշանակում ինքնամաքրում, ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում ինքնամաքրվելիս, և դա նշանակու՞մ է արդյոք, որ առաջիկայում ևս կլինեն աղմկահարույց բացահայտումներ:
— Ես չեմ ուզում այս պահին տխուր կանխատեսումներ անել, պարզապես ուզում եմ ասել, որ տպավորություն չստեղծվի, թե կան հատուկ կազմակերպություններ, կառույցներ, որոնք հատուկ զբաղվում են ոստիկանության գործունեությամբ և հայտնաբերում են այս նեգատիվը, և որ ոստիկանությունը անմասն է մնացել: Այսպիսի դեպքերի մեծամասնությունը` 60-70 տոկոսը, հայտնաբերվել են ոստիկանության կողմից, ոստիկանության ծառայությունների կողմից, և մենք հայտարարում ենք, որ այս խստացումը նպատակաուղղված է և կնպաստի, որպեսզի ոստիկանությունը նորովի գործի, և էս տիպի գործերը հիմնականում հայտնաբերում ենք մենք ինքներս: Կան թերություններ, որոնք տարբեր տույժերի են արժանանում ոստիկանության պետի կողմից հիմնականում և, ինչու՞ չէ, ազատվում են զբաղեցրած պաշտոնից, պաշտոնին ոչ լրիվ համապատասխանելիության մասին նրանց հայտարարվում է, տարբեր կարգապահական տույժեր, նկատողություններ, խիստ նկատողություններ, բայց դրանից բացի, ամենավտանգավորն այն է, որ հաճախ ոստիկանությունում թույլ են տալիս խախտումներ, որոնք համարվում են քրեորեն պատժելի արարք, որի կապակցությամբ շատերը հայտնվում են դատարանի առջև: Այս ամենը ես ցավով եմ հայտնում, որովհետև հասկանում եմ, որ ցանկացած պրոֆեսիոնալ ոստիկանի կորցնելն այս պահին մեր շահերից չի բխում: Հիմա ուղղակի կհասկանան, որ ոստիկանության ղեկավարության վերաբերմունքը, պահանջները փոխվել են, շատ ավելի խստապահանջ են դարձել և սխալներ թույլ չտան այլևս:
— Պարո´ն ոստիկանապետ, իսկ վերջին ձերբակալությունները չե՞ն կարող արդյոք մթագնել ձեր տոնը:
— Չի կարելի մտածել, որ մենք խաղաղությամբ ենք անցնում մեր ճանապարհը, չի կարելի մտածել, որ մեր անդորրը այն աստիճան խաղաղ է, որ… Ճիշտ է, տրամադրության ինչ-որ անկում կլինի, ում մասին որ խոսում եք, դրանք մեր աշխատանքային ընկերներն են եղել, բնականաբար, շատ ցավալի է մեզ համար: Բայց որ ընդհանուր համակարգի այս բազմահազարանոց կոլեկտիվի վրա այս դեպքերը որևիցե լուրջ ազդեցություն ունենալ չեն կարող, և որի իրավունքը մենք չունենք, որ այն աստիճան խորը ընդունենք, որ գոնե բիծ թողնի: Մենք էդ իրավունքը չունենք: Ես արդեն հորդորել եմ, որ չհուսահատվեն, այսօրվա դժվարություններից չբարոյալքվեն, նկատի ունեմ սոցիալական դժվարությունները, որոնք լուրջ խնդիր են այսօր ցանկացած ոստիկանի համար: Ես նկատի ունեմ իրավական պաշտպանվածության ամբողջ դաշտը, որը ոստիկանները չեն կրում ամբողջապես և գրեթե պաշտպանված չեն: Ես նկատի ունեմ այն բոլոր դժվարությունները, որ ի հայտ են գալիս այսօրվա բարեփոխումների ընթացքում: Հարգելի´ լրագրողներ, խնդրում եմ, մեր համար ուղղակի անհոգ մնացեք: Շատ շուտով դուք էլ ձեր տրամադրվածությունը կփոխեք, և այն կասկածամտությունը, որ տեսնում եմ ձեր աչքերում, կվերանա, որովհետև կտեսնեք բոլորովին նոր ոստիկանություն: Ես ոստիկանի մասնագիտությունը սիրում եմ բոլոր մասնագիտություններից շատ: Ոստիկանները, չնայած կորուստներին, որ ունենում են, մի առավելություն ունեն` մարդ ճանաչելն է: Ոստիկանների օբյեկտը մարդն է, ամենօրյա աշխատանքի հերոսը մարդն է՝ ավելի շատ, քան մյուս մասնագիտությունների մոտ: Մարդ կոչվածով զբաղվում են ոստիկանները, և հիմա մենք սիրով ենք զբաղվում մարդով: Մենք սիրով ենք զբաղվում մարդով: Ես նկատի չունեմ հանցագործներով:
— Պարոն Սարգսյան, արդեն շուրջ 3 տարի է՝ Դուք ոստիկանապետ եք: Ալիկ Սարգսյան-ոստիկանապետը ինչո՞վ է առանձնանում մյուս ոստիկանապետերից: Ասենք, Վանոն հայտարարեց, թե Հայաստանի միակ գողը ես եմ և էդպես մնաց մարդկանց հիշողության մեջ: Դու՞ք:
— Իմ մասին ես այս պահին կարծիք չեմ հայտնի, կարծում եմ՝ կոռեկտ չէ: Ես կարծում եմ, որ իմ հնարավորության սահմաններում, ինչքան կարողացել եմ, իրագործել եմ խնդիրը, որը դրված է եղել իմ առջև: Բնականաբար, միայնակ մարդը ոստիկանությունում ոչինչ չարժի: Ինչի հասել եմ, ես հասել եմ իմ գործընկերների, իմ կառույցի հզորության, կառույցի հնարավորությունների արդյունքում: Միայն հանցավորության դեմ պայքարն ու հասարակական կարգը բավական է, որ ոստիկանությունը ունենա հնարավորություններ էս կյանքում մեր երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական, քաղաքական կյանքում իր անհրաժեշտ դրսևորումն ունենա: Իմ նախորդների հետ կապված որևիցե խնդիր նույնպես չեմ առաջադրում, որովհետև բոլորն են աշխատել հատուկ նվիրումով: Հնարավոր չի աշխատել ոստիկանությունում, այն էլ` ոստիկանության պետ և չունենալ էդ ձգտումը, էդ նվիրումը, սերը դեպի էս համակարգը: Այլապես չսիրելով, չնվիրվելով, մոլուցքի աստիճան սիրո վերաբերմունք չունենալով դեպի ոստիկանը և նրա համազգեստը, ոստիկանության պետ աշխատելը, կարծում եմ, հարիր չի, նույնիսկ պատժելի է: Ոստիկանության պետը պիտի ապրի էս համակարգով, համակարգի ցանկացած աշխատակցի կյանքով: Հավատացնում եմ, ես ապրում եմ, ես սիրում եմ էս համակարգը և անելու եմ ամեն ինչ, եթե նույնիսկ հարցը վերաբերվի առողջությանս, դա էլ չեմ խնայելու, որովհետև էսօր մի շատ կարևոր նպատակ ունեմ, որ ցանկացած ոստիկան հպարտ դուրս գա փողոց, որ ցանկացած ոստիկան մարդուն վայել ապրելու հնարավորություն ունենա, որ ցանկացած ոստիկան՝ էն էնտուզիազմից բացի, որ ունի, մի բան էլ հասկանա, որ ինքը գնահատված է: Մենք էդ օրերը ունեցել ենք և էլի շատ կունենանք:
Շարունակելի…
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Եթե Հայ ազգային կոնգրեսի նախորդ հանրահավաքները բնութագրվում էին իբրև «վճռական» կամ «բեկումնային», ապա ապրիլի 8-ի հանրահավաքը միանշանանակ կարելի է որակել իբրև «ջերմություն բարձրացնող»:
«Եթե ուզում եք ձեր մարմնի ջերմաստիճանը մեկ-երկու աստիճանով բարձրանա, ապա լսեք, թե ինչ կասի Գագիկ Ջհանգիրյանը»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:
Ապրիլի 7-ն է՞ր պատճառը, թե՞ ուղղակի գարունը, բայց արմատական ընդդիմությունը, փաստորեն, որոշել էր մարդկանց ջերմացնել, նրանց արյունը եռացնել երակներում: Բարձրացրե՞ց Ջհանգիրյանը հանրահավաքի եկածների մոտ ինչ-որ բան, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց հանրահավաքը վարող ՀՀՇ ղեկավար Արամ Մանուկյանը որոշեց շարունակել ջերմաստիճանի բարձրացման գործընթացը:
«Եթե ուզում եք ձեր մարմնի ջերմաստիճանը էլի բարձրանա, լսեք Արամ Սարգսյանին»:
Արամ Զավենի Սարգսյանի բարձրացրած ջերմաստիճանի չափը չպարզաբանվեց, սակայն դատելով շարքային առաջնորդների բարձրացրած ջերմաստիճանի վերաբերյալ նախնական` «մեկ-երկու աստիճան» գնահատականից, կարելի է մոտավորապես կանխատեսել, թե քա~նի աստիճանով կարող էր բարձրանալ մարդկանց մարմնի ջերմաստիճանը առաջնորդի ելույթից: Մխիթարականն այստեղ թերևս այն է, որ ՀԱԿ առաջնորդը ջերմաստիճանը բարձրացնելու հետ միաժամանակ բավական վարպետորեն տիրապետում է նաև ջերմաստիճանի կարգավորման մեխանիզմներին և կարողանում է ճիշտ ժամանակին մարդկանց բարձրացած ջերմաստիճանը իջեցնել և ժողովրդին ուղարկել տներով` նրանց հասկացնելով, որ ընդդիմադիր շարժման ներկա փուլում մի երկու ժամով, մի երկու աստիճանով մարմնի ջերմաստիճանի բարձրացումն էլ ահագին առաջընթաց է:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Մի օր ֆեյսբուքով մի հրավերք եկավ. «Մարտի 14-ին ՄԻԺԻ կենտրոնում տեղի կունենա «Հեղափոխության մեթոդները. A Force More Powerful» ֆիլմի դիտում-քննարկում: «Երբ մարդիկ որոշում են, որ ուզում են ազատ լինել, ոչինչ չի կարող կանգնեցնել նրանց». Դեսմոնդ Տուտու»:
Գրավեց, հետաքրքրեց, էդ ո՞նց են հեղափոխություններ անում, գնամ տեսնեմ: Ես լսել էի, գիտեի, որ կան անարյուն հեղափոխություններ, գիտեի Մահաթմա Գանդիի մասին, ես խաղաղ քաղաքականության կողմնակից եմ, ես համարում եմ, որ ոչ մի հաղթանակ չարժի մեկ մարդու կյանքը:
Երկու ֆիլմ էին. «Солидарность» լեհական արհմիութենական շարժման առաջնորդ Վալենսայի, ժողովրդական ճնշմամբ ավտորիտար ռեժիմի խաղաղ հեղափոխությունը և Հարավային Աֆրիկայի պայքարը Ապարտեիդի դեմ: Երկու տարբեր պայքարներ, երկու տարբեր աշխարհներ, բայց երկուսն էլ՝ ռեժիմի դեմ:
Ֆիլմի դիտումից հետո բավականին ակտիվ քննարկում ծավալվեց, ու լիքը ասելիք էր մնացել, որոշեցինք նորից հանդիպել: Տարբեր մարդիկ էինք, բայց բոլորիս միավորում էր էսօր մեր երկրում տիրող անօրեն վիճակը, ուր մարդն իրեն պաշտպանված չի զգում, ուր ամեն քայլափոխի ոտնահարվում են մարդու տարրական իրավունքները, տրորվում են նրա արժանապատվությունն ու, հայ մարդուն օրվա հացի հայթայթմամբ լարված պահելով ու սերիալային, էժանագին շոուբիզնեսյան ռաբիսը կերցնելով, ստրկացնելու քաղաքականություն է տարվում իշխանությունների կողմից, որը չգիտեմ ում իշխանությունն է, բաց ոչ ժողովրդի: Բայց մենք ժողովրդավարական երկիր ենք, աշխարհին էդպիսին ենք ներկայանում: Ուրեմն, պետք է մի բան փոխել էս երկրում, գտնել՝ ինչն է սխալ, սահմանել թշնամու, և ապա դրա դեմ պայքարի հենց այսօր հնարավոր ու հետո հեռագնա գործողություններ գտնել, ձևակերպել հասարակական-քաղաքացիական պահանջ: Ու էդ բոլոր մարդիկ մտահոգ էին էդ ամեն ինչով ու փոփոխություններ էին տենչում:
Հենց երկրորդ հանդիպմանը մեզ պարզ դարձավ, որ չնայած մենք նայել ենք ֆիլմեր, բայց ոչ մի մոդել մեր հայաստանայան իրավիճակին չի համապատասխանի, մեզ պետք է մեր, նոր ֆորմատը գտնել, գտնել իրապես հեղափոխող մտքեր, գտնել նոր մեթոդներ համակարգի վրա ազդելու, որովհետև ի վերջո, լավ թե վատ, բայց մենք ունենք և սահմադրություն, և օրենքներ, որոնք, ցավոք, արատավոր համակարգի ձեռքում վերածվել են միակողմանի պատժիչ համակարգի:
Համարելով, որ մեր երկրում անհրաժեշտ են ռեալ փոփոխություններ, ու հաշվի առնելով, որ ֆիլմի դիտմանը մասնակցում էր ահագին շատ մարդ, մենք՝ մի խումբ ՀՀ քաղաքացիներս, որոշեցինք հրավիրել քաղաքացիական ֆորում-քննարկում, հիմքում դնելով երկու հարց՝ ի՞նչ փոխել և ինչպե՞ս փոխել մեր երկրում, որպեսզի լինենք արժանապատիվ քաղաքացիներ ու ապրենք մեր իսկ ընտրած երկրում, մեր իսկ կառավարությամբ, ունենանք մեր երազած Հայաստանը, ուր ամեն ոք տոլերանտ է, հանդուրժողը մի տեսակ էն չի՝ այլընդունող, այլընկալող, ու հակառակը՝ անհանդուրժող, և ոչ թե տոլերանտ լինի անարդարությունների ու տմարդիության հանդեպ:
Բավականին հաջող ու կազմակերպված խումբ ձևավորվեց, ես էլ էդ ընթացքում հասցրեցի նայել ևս մի ֆիլմ՝ Լիբերիայի կանանց պայքարը խաղաղության համար, որտեղ երկու պատերազմող կողմերի կանայք միավորվեցին ու իրենց տղամարդկանց, զանազան ճնշումներով, ընդհուպ մինչև ամուսնական պարտականություններից հրաժարվելը, ստիպեցին դադարեցնել քաղաքացիական պատերազմը: ՄԻԺԻ-ում երկու ֆիլմ էլ նայեցինք՝ ևս երկու հեղափոխական պատմություններ` Գանդիի առաջնորդած պայքարը Հնդկաստանում և քաղաքացիական իրավունքների համար պայքարը ԱՄՆ-ում (Նաշվիլ):
Ու համոզմունքը, որ ֆորումի գաղափարը ճիշտ է, որ պետք է հավաքվել՝ նաև Ֆեյսբուքում հաստատվեց, երբ մեր հրավերին արձագանքեց 170-ից ավել մարդ, որոնց մեծ մասը ապրիլի 2-ին եկավ, որպեսզի միասին գտնենք, թե ինչպես է կարող է Հայաստանում ոչ բռնի ուժը հաղթահարել ճնշումն ու բռնատիրական կարգերը:
Իմ կողմից հավելեմ, որ ներկա էին տարբեր սոցիալական շերտերի, հասարակական խավերի, տարբեր քաղաքական հայացքների տեր, մի խոսքով՝ մեր հասարակության ակտիվ գիտակից հատվածը՝ սոցիալական խնդիրներով եկած մարդիկ՝ բացօդյա առևտրականներ, մանկատան սաներ, ովքեր մանկատնից հետո բոմժ են մնացել, բանակում զոհվածների ծնողներ, բնակարանային անարդար գործարքների զոհեր, ովքեր տարիներ շարունակ չեն կարողանում իրենց գործերին նորմալ ընթացք տալ, կանանց իրավունքների պաշտպաններ, գենդերային ինքնորոշման իրավապաշտպաններ, ուսանողներ, լրագրողներ, ակտիվ քաղաքացիներ մի խոսքով: Հասարակության մինի մոդելը, իր հայացքների ողջ բազմազանությամբ, բայց միավորված մի ցանկությամբ՝ լինել սեփական երկրի իրական տերը:
Ոչ միանշանակ էին արձագանքները, բայց հիմնականում, կներեք, սրանից դիպուկ գրական բառ չեմ կարող գտնել՝ «դոբռիի» մեջ:
Լուսինե Վայաչյան
Այսօր լրանում է «Ժառանգության» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած ծոմի 9-րդ օրը։ Քաղաքացիական հասարակության 24 ակտիվիստներ պահանջագիր էին ներկայացրել Սերժ Սարգսյանին` պահանջելով վրան տրամադրել Րաֆֆի Հովհաննիսյանին:
Մի շարք իրավապաշտպանների և Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցություն հայտնած հարյուրավոր քաղաքացիների նախաձեռնությամբ այսօր Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդի համար վրան է տեղադրվել:
Չնայած Ստեփան Սաֆարյանը հայտարարել է. «Եթե պետությունը չի ուզում կատարել իր պարտավորությունը, կանխել իր քաղաքացու կյանքին սպառնացող վտանգները, ապա դա անում են Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցող մարդիկ», սակայն պարզից էլ պարզ է, որ իրենց քաղաքացիական պարտքը կատարողները, առանց իշխանության դաբրոյի, Ազատության հրապարակում չէին կարող իրացնել Սաֆարյանի նշած ժողովրդավարության ուղղակի ձևը:
Իսկ հայտարարել, թե ինչն այս 9 օրերի ընթացքում չի արել իշխանությունը, հայ իրավապաշտպանները և մի շարք քաղաքացիներն արեցին` տեղադրելով վրանը, որպեսզի եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դրանից օգտվելու կարիք ունենա, ապա օգտվի, պարզապես հեքիաթի ժանրից է:
Հիշեցնենք, որ օրերս ոստիկանները խոչընդոտել էին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համար նախատեսված հովանոցի տեղադրումը: Ավելին, կոտրել էին հովանոցը, ինչից հետո ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը մարդու իրավունքների խախտում համարեց, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները՝ ոչ իրավաչափ:
Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր խոսել իր համար տեղադրված վրանի մասին՝ նշելով, որ իրեն վրան պետք չէ, «վրանը թող մնա այն իշխանություններին, ովքեր խոչընդոտում են հացադուլ հայտարարած քաղաքացու համար վրանի տեղադրումը»: Նա ասել է թե հետաքրքրված չէ՝ ոստիկանները կքանդե՞ն վրանը:
Պարտիայի հերթական քայլը Ազատության հրապարակի ազատումն էր
Սոցիալական պայթյունավտանգ իրավիճակից ոտքի ելած բազմահազար քաղաքացիներին (ընդդիմության առաջնորդը հայտարարեց, թե հանրահավաքի մասնակիցների թիվը 100 հազար է` ժողովրդի բազմությունը հասել էր մինչև «Նաիրի» կինոթատրոն, մինչդեռ ոստիկանությունը դարձյալ, իր սկզբունքներին հավատարիմ, 9 հազարի կարգի թիվ հրապարակեց) Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքում կարողացավկառավարել այնպես, ինչպես պետք էր:
Ժողովուրդը բացականչում էր «Հիմա´», «Ա´յժմ», քանի որ մարդիկ արդեն հոգնել էին հանրահավաքներին միայն բարոյախրատական ճառեր լսելուց և որևէ կոնկրետ գործողության ականատես չլինելուց, սակայն առաջին նախագահը անգամ ձայնը բարձրացրեց, թե` թողե´ք ձեր այդ «հիմա»-ներն ու «այժմ»-ները, թե` սա լուրջ գործ է, թե` սա միտինգ չէ, սա քաղաքական լրջագույն աշխատանք է, որը յուրաքանչյուր մասնակցից տքնաջան աշխատանք է պահանջում, թե` մենք քինգբոքսինգի չենք դուրս եկել, այլ շախմատ ենք խաղում: Այս ամենը ասվեց մի բանի համար. մենք գիտենք` երբ է պահը:
«Հիմա» և «այժմ» գոռացողները, բնականաբար, դարձյալ հիասթափվեցին: Հիասթափությունը մեծացավ, երբ առաջնորդը հայտարարեց, թե շտապելու խնդիր չունեն, թող իշխանությունները շտապեն, թե պայքարի հաջողությունը կախված է բացառապես համբերությունից, սառնասրտությունից, ինքնավստահությունից և կարգապահությունից: Բայց շախմատ խաղացող Տեր-Պետրոսյանը միաժամանակ հասկանում էր, որ այդքան էլ հեշտ չէ ընդդիմադիր նման զանգված փողոց դուրս բերել, որ եթե ռեալ մի բան չարվի, ապա հաջորդ հանրահավաքին այս մարդկանց մեծ մասը պարզապես չի գա այլևս: Եվ հանրահավաքի վերջում հայտարարվեց, թե անակնկալ է լինելու. ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն առաջարկեց գնալ և վերանվաճել Ազատության հրապարակը:
Ժողովրդի գետը լցվեց Մաշտոցի պողոտա. այդ գետը կարող էր շարժվել նաև Բաղրամյան 26, և դժվար է ասել, թե ինչ կարող էր լինել… Սակայն դատելով ոստիկանական զորքերի` Ազատության հրապարակի պաշարումից (Հայաստանում երևի թե ինչքան ոստիկան կար` բերվել էր Ազատության հրապարակ` մի քանի շարքով շրջափակելու համար), դատելով մի քանի րոպեանոց բանակցություններից հետո ընդդիմությանը միանգամից թույլտվություն տալուց (2008թ. մարտի 1-ից այս կողմ Ազատության հրապարակը փակ էր ընդդիմության հանրահավաքների համար), կարելի է ենթադրել, որ սա ևս պայմանավորված քայլ էր շախմատ խաղացողների պարտիայում.
ժողովրդին հարկավոր էր գոնե մի կուտ տալ: Կուտը, բնականաբար, չէին կարող սոցիալական վիճակը բարելավող քայլերը լինել, չէր կարող իրական իշխանությունը լինել (Հայաստանն այդպես էլ չունեցավ ժողովրդի մասին մտածող առաջնորդ` ժողովրդի հոգսերով չեն քնում-արթնանում ո´չ Սերժ Սարգսյանը, ո´չ էլ առավել ևս Լևոն Տեր-Պետրոսյանը): Դա կարող էր լինել ընդամենը հաղթանակի պատրանք, որի լավագույն տարբերակը Ազատության հրապարակը բացելն էր. այստեղ հանրահավաք անելը միանգամայն արդարացի պահանջ է և շատ ավելի տրամաբանական, քան անշնորհք ու գագիկբեգլարյանական ճաշակով գույնզգույն խաղալիքներով հրապարակի տարածքը զբաղեցնելը:
Ընդդիմությունը մտավ Ազատության հրապարակ: Այստեղ արդեն երրորդ օրն է հացադուլ է անում «Ժառանգության» առաջնորդ, բայց ՀԱԿ-ին չմիացած, սակայն մշտապես աջակցած Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբ արմատական ընդդիմությունը հրապարակ մտնելու թույլտվություն ստացավ, Հովհաննիսյանը ոտքի կանգնեց իր բարձրացրած դրոշի կողքը: ՀԱԿ ղեկավարությունը մտավ հրապարակ, ուղղվեց դեպի բեմ և այդպես էլ չմոտեցավ և անգամ մի բարև չտվեց «Ժառանգության» ղեկավարին:
Նույն կերպ Մարտի 1-ի հանրահավաքին ծաղիկներով եկած ժառանգականներին` Հովհաննիսյանի գլխավորությամբ, երբ նրանք ցանկացել էին բարձրանալ հարթակ, թույլ չէին տվել` հասկացնելով, թե այնտեղ իրենց ներկայությունը ցանկալի չէ: Այդպես մի պահ Ազատության հրապարակում բավական հետաքրքիր և հայաստանյան ընդդիմությանը բնորոշ իրավիճակ ստեղծվեց. Տեր-Պետրոսյանը հարթակում էր, Րաֆֆի Հովհաննիսյանը նստարանների մոտ` իր դրոշի կողքին: Ժողովրդի մի մասը գոռում էր «Լևո´ն, Լևո´ն», երբ հանկարծ մի մասն էլ սկսեց բացականչել «Րաֆֆի´, Րաֆֆի´» և, որ ամենազավեշտալին էր, սկսեցին գոռալ «Միացու´մ, միացու´մ»` այն դեպքում, երբ անգամ ընդդիմադիրներն իրենց ամբիցիաների պատճառով չեն միանում, ուր մնաց թե… ու՞մ միացում, ինչի՞ն, ինչի՞ համար… գուցե թուրքերի՞ն. հայկական ընդդիմության պարագայում դա հավանաբար ավելի իրատեսական է:
Հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե այն, ինչ տեղի ունեցավ Թունիսում, Եգիպտոսում և այլուր, տեղի կունենա նաև Հայաստանում` իշխանությունը ենթարկվելու է ժողովրդին, սակայն… դա լինելու է սահուն, անցնցում կերպով, իշխանությունը ստիպված է լինելու ընդունել մեր խաղի կանոնները և մեզ հետ խոսել գործընկերային դիրքերից:
«Գործընկերային դիրքերից» ընդդիմության մասին, ըստ էության, խոսեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում` ասելով, թե ընդունում է քննադատությունները, սակայն լավ կլինի, եթե առաջարկներն ավելի իրատեսական լինեն (ոչ թե, ասենք, առանցքային բոլոր ֆիգուրների պաշտոնանկությունը): Նախագահն ասել էր, թե շատ նորմալ է վերաբերվում ընդդիմության հանրահավաքներին, իհարկե, ընդդիմության գործը իշխանություններին քննադատելն է, հանրահավաքներ անելը, որպեսզի հետո ընտրությունների միջոցով կարողանան գալ իշխանության: Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքին շարժվեց «գործընկերոջ» խորհուրդներով. հանրահավաքը` անգամ Ազատության հրապարակի վերանվաճումը անցկացրեց «կոռեկտության սահմաններում» (սա նախագահի առաջ քաշած պայմանն էր հանրահավաքների համար) և առաջադրեց ընդամենը երեք պահանջ. ազատել քաղբանտարկյալներին, Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքների իրականացում և մարտիմեկյան դեպքերի բացահայտում ու մեղավորների պատժում։
Ազատության հրապարակի «ազատագրումը» տեղի ունեցավ ժամը 19:15-ի սահմաններում: Ընդդիմադիր զանգվածը այստեղ մնաց ևս երկու ժամ, պարեցին, կանգնեցին, նստեցին, ընդդիմության մեկ-երկու ղեկավարի խոսք լսեցին, որից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե որպես պապի` բոլորին մաղթում է մշտական ցնծություն և հրահանգեց գնալ տուն: «Սա մեկ օրվա լուծելու խնդիր չէ, բայց երկար էլ չի տևելու»: Լևոն Տեր-Պետրոսյանը լավ գիտե` ինչ է անում, լավ գիտե, թե որն է իր աշխատանքը, լավ գիտե, թե ինչ պետք է խաղա շախմատի այս պարտիայում. ՀԱԿ-ը հիմա պարզապես պետք է պատրաստվի գալիք խորհրդարանական ընտրություններին:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
«Մեր նիստերը հիշեցնում են քաղսովետի առաջվա նիստերը, բոլորը կողմ են քվեարկում` առանց իմանալու, թե ինչի համար: Անդամների մի մասը քվեարկում է մի երկու րոպեում միայն այստեղ ծանոթանալով հարցերին կամ հավատալով այն անդամներին, ովքեր ծանոթ են: Մենք լրիվ կտրված ենք քաղաքապետարանի աշխատանքներից, տեղեկություն ենք ստանում մամուլից, հեռուստատեսությունից»,- այսօր չդիմացավ և ամբիոնից հայտարարեց Երևանի ավագանու խորհրդի ՀՀԿ խմբակցության անդամ Հրաչիկ Պողոսյանը:
Բազմավաստակ ճարտարապետն ասում էր, թե լավագույն դեպքում իրենց տալիս են Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հաստության մի գիրք` օրակարգ կոչվածը, թե` կարդացե´ք, ծանոթացեք. «Կարող է, դա լավ գիրք է, բայց էդքան կարդալ հաստատ չի լինի, այսինքն` ավագանիների ներկայությունը խորհրդի նիստերին այսպես թե այնպես ֆորմալ բնույթ է կրում»:
Եթե ՀՀԿ-ական ավագանու անդամն է բողոքում… ապա պարզ է, թե ինչ կարող է ասել ԲՀԿ-ականը (ինչպես «չեղած տեղից կաղամբն է դառնում միրգ», այդպես էլ ընդդիմադիրների բացակայության պարագայում` այն բանից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսը որոշեց բոյկոտել Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքները և չմասնակցել ավագանու աշխատանքներին, ավագանու խորհրդի ԲՀԿ խմբակցությունը, իջեցված հրահանգի համաձայն, դարձավ, այսպես ասած, ընդդիմադիր): ԲՀԿ-ականները միշտ էին տրտնջում, թե իրենց բանի տեղ չեն դնում…
Կարեն Կարապետյանը լսեց Հրաչիկ Պողոսյանի` ավագանիների աշխատանքի ակտիվացմանն ու ձևականության վերացմանն ուղղված առաջարկները և ընդամենը հանգիստ տեղեկացրեց, թե համաձայն չէ «քաղսովետի նիստերի» հետ համեմատությանը: «Մենք կարող էինք, իհարկե, իմիտացիա անել, բուռն աշխատանքի տպավորություն ստեղծել, մի երկու ժամ քննարկել, հարցեր տալ, բայց այդ ամենն արվում է նախօրոք, դրա համար էլ շատ նորմալ է, որ այստեղ ուղղակի քվեարկում են: Ես չեմ ուզում կասկածել, թե ավագանիները ծանոթ չեն հարցերին…»: Հասկացվեց, որ ավագանու անդամների ու իրենց անելիքի միջև ընկած տարածությունը վակուում եղել է ու վակուում էլ մնալու է:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Սևանա լճի ճանապարհամերձ հատվածում օբյեկտների շարք է: Դրանցից «Սեմոյի» օբյեկտը անհայտ դրդապատճառներով հայտնվել է որոշ մարդկանց ուշադրության կենտրոնում: Ըստ մեզ հասած տեղեկությունների, մոտ 2 ամիս առաջ այստեղ միջադեպ էր գրանցվել` հնչել էին կրակոցներ, սակայն գործը քննվեց գրեթե փակ գաղտնի և ընթացք չտրվեց: Այդ ժամանակ արդեն խոսակցություններ կային, որ միջադեպը կապված է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի կամ նրան ներկայացնող անձանց հետ: Վերջին մի քանի օրերին «Սեմոյի» օբյեկտի շուրջ կրկին կրքերը թեժացել են:
Նախագահի եղբոր անունից ներկայացող անձինք ասել են, որ օբյեկտը Սաշիկ Սարգսյանին դուր է եկել և պիտի նրան նվեր տրվի:
Սակայն Ծովագյուղի ողջ բնակչությունը մեկ մարդու նման ոտքի է կանգնել` պաշտպանելու իր համագյուղացու «թասիբը»: Համագյուղացիները նույնիսկ սպառնացել են փակել բոլոր ճանապարհները, և թույլ չտալ Ս. Սարգսյանին` ոտք դնել Ծովագյուղ տանող մայրուղին:
Թե ինչով կավարտվի այս պայքարը, ցույց կտա ժամանակը: Չի բացառվում, որ կողմը բավարարվի «նալոգներ» ստանալով, ինչի մասին ևս ակնարկ է եղել: Ճիշտ են ասում` ախորժակը ուտելիս է բացվում:
Քիչ առաջ « Օջախ» ռեստորանային համալիրում ավարտվեց կոալիցիայի հավաքույթը, որին ինչպես արդեն գրել էինք, մասնակցեցին ՀՀ նախագահը, որպես հանրապետական կուսակցության առաջնորդ, ԲՀԿ լիդեր Գագիկ Ծառուկյանը և իհարկե ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը:
Խնջույքն անցել է բավականին հետաքրքիր նուանսներով. Ամենաուրախը եղել է Սերժ Սարգսյանը, իսկ ամենատխուրը Հովիկ Աբրահամյանը, իհարկե խոսքը գլխավոր սեղանի մասին է: Նախագահը լավ խմել է, լավ պարել. Ի դեպ նա մոտ 5 կենաց է խմել` նախ Բարգավաճի, հետո ՕԵԿ-ի, ապա Հանրապետականի կենացը, դրան հաջորդել են հայ ժողովրդի և բանակի կենացները: Պարել են բոլորը` վարչապետը, ԱԽՔ-ը, նույնիսկ մեկ անգամ Ծառուկյանն է պարել: Չնայած դրան, անտրամադիր են եղել ոչ միայն Ծառուկյանը, այլև Արմեն Գևորգյան ու Արթուր Բաղդասարյանը, վերջինս հավանաբար այն պատճառով, որ բարգավաճի տեղերը վերաբաժանելու առիթը ի չիք եղավ: Իսկ ամենաանտրամադիրը, ինչպես նշեցինք, եղել է ԱԺ նախագահը:
Հետաքրքիր է, որ մոտ 300 հրավիրյալների մեջ երևանի քաղաքապետի, Կադաստրի պետի, մարզպետների, նախարարների կողքին եղել են անկուսակցականներ, նաև հյուրեր այլ կուակցություններից, սակայն ներկաների թվում չեն եղել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Այսօր նախագահականի մոտ հավաքվել էին «Էլիտ Շանթ» ընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանի կողմից դաժանաբար ծեծված Հովհաննես Եղիազարյանը և նրա ազգակաները:
Նրանք նամակով էին բերել ՀՀ նախագահին, խնդրելով աջակցել դադարեցնելու Եղիազարյանի իրավունքների ոտնահարումը:
Նախագահականի մոտ հավաքվածները պատմեցին, որ Եղիզարյանին առևանգել ու «Էլիտ Շանթ» գործարանում դաժան ծեծի է ենթարկել իրենց ազգական Ղարիբյան Յուրան.« Նրան առևանգել, ստիպել են թուղթ ստորագրել, որով հաստատել է, որ 12 միլիոն դրամ պարտք է: Հիմա դիմել ենք նախագահին, հույսով որ կօգնի»- պատմեցին բողոքավորները: Նամակում ավելի մանրամասն էր. « Դեռևս 2008թ. սեպտեմբերի 23-ին ինձ մեր տան գյուղի դիմացից առևանգել են, Երևանի «Էլիտ Շանթ» գործարան տեղափոխել ու դաժան ծեծի ենթարկելով, ստիպել են իբր խոշոր գումարի պարտք ունենալու մասին ստացականներ գրել, սակայն այսօր ես ոչ միայն առևանգման ու բռնության զոհ եմ, այլ նաև ամենաթողության ու հովանավորչության:
Այսպես` 2008թ. սեպտմեբրի 23-ին ժամը 00.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում գտնվող իմ տան դիմաց, իմ «Աուդի Ա6» մակնիշի ավտոմեքենան կայանելու պահին ինձ վրա է հարձակվել հորաքրոջս որդին` Երևան քաղաքում գործող «Էլիտ Շանթ» ՍՊ ընկերության նախագահ Վարշամ Ղարիբյանը, որը, հարվածներ հասցնելով ինձ և նստելով ավտոմեքենային ղեկին, այն վարել է մինչև Երևան քաղաքում գտնվող «Էլիտ Շանթ» ՍՊ ընկերության գործարան, որտեղ ինձ տեղափոխել է գործարանի սենյակներից մեկը: Այնտեղ մի քանի ժամ շարունակ ես դաժան ծեծի եմ ենթարկվել Վ. Ղարիբյանի կողմից, ինչը զուգորդվել է իմ ու ընտանիքիս անդամների հասցեին սեռական բնույթի լկտի հայհոյանքներով, հագուստներս վրայիցս հանելով և այլն:
Այս ամենից հետո Վ. Ղարիբյանը ստիպել է ինձ գրել ստացական, ըստ որի` իբր ես Վ. Ղարիբյանին պարտք եմ 2.000.000 ՀՀ դրամ, որի դիմաց պարտավորվում եմ նրան հանձնել իմ «Աուդի Ա6» մակնիշի ավտոմեքենան: Բացի այդ, Վ. Ղարիբյանի պարտադրմամաբ ես գրել եմ պարտավորագիր, թե իբր Վ. Ղարիբյանին պարտք եմ 10.000.000 ՀՀ դրամ, որը պետք է վերադարձնեմ մինչև 2008թ. նոյեմբերի 29-ը: Ապա Վ. Ղարիբյանը գրպանիցս հանել է 120.000 ՀՀ դրամ, որից 5000 դրամը վերադարձրել է` տաքսի ավտոմեքենայով տուն հասնելու համար:
Իրականացված բռնության արդյունքում ստացել եմ բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց թվում` գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք և մինչև 2008թ. հոկտեմբերի վերջերը բուժում եմ ստացել:
Դեպքի առթիվ 29.09.2008 թ. ՀՀ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մարդուն առևանգելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սակայն 13.02.2009փ. Վարշամ Ղարիբյանը որպես մեղադևյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (առողջությանը թեթև վնաս պատճառելը): Isk 28.02.2009թ., 06.08.2009թ., 11.03.2010թ. որոշումներ են կայացվել քրեական գործի վարույթը կարճելու և Վարշամ Ղարիբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
Ի պատիվ իրեն ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 30.06.2009թ. 19.10.2009թ. 10.06.2010. երեք անգամ շարունակ վերացրել է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները և կարճված քրեական գործի վարույթը վերսկսվել է:
Քրեական գործով ողջ նախաքննության ընթացքն իրականացվել է միակողմանի, թերի և ոչ օբյեկտիվ, ինչի հետևանքն են նախաքննական մարմնի կողմից արդեն 3 անգամ կայացված` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին արտառոց որոշումները:
Դատարանի կողմից վերացված բոլոր որոշումները նախապես բողոքարկվել են Արմավիրի մարզի դատախազություն, սակայն ապարդյուն, դատախազությունը մշտապես մերժել է բոլոր բողոքներս:
Քննչական մարմինների և դատախազության նման պահվածքը ունի իր պատճառները : Քրեական գործի շարունակաբար ապօրինի կարճումները ուղղակի կապվում են ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի անվան հետ: Վարշամ Ղարիբյանը գտնվում է ՀՀ գկխավոր դատախազի անձնական հովանավորության ներքո:
Այդ համոզմունքս փարատելու նպատակով, խնդրել էի իմ շահերը ներկայացնող փաստաբաններին ընդունելություն խնդրել ՀՀ գլխավոր դատախազից, գործի հանգամանքներն անձամբ իրեն ներկայացնելու համար, հույս ունենալով, որ փաստական հանգամանքներին ծանոթանալու դեպքում Ա. Հովսեփյանը մի կողմ կթողնի Վ. Ղարիբյանի հետ ունեցած իր անձնական ու տնտեսական հարաբերությունները և գործին օրինական լուծում կտա:
Սակայն ընդունելության խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազին հղված դիմումն անհասկանալի պատճառներով հայտնվել է գործը քննող քննիչի մոտ, ինչից հետո ես վերջնականապես համոզվեցի, որ Ա. Հովսեփյանը մինչև վերջ մտադրված է պաշտպանել Վ. Ղարիբյանին և ամեն ինչ անելու է, որպեսզի նա խուսափի օրենքով իրեն հասանելիք քրեական պատասխանատվությունից:
Ավելին` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչի կողմից 17.09.2010թ. կայացվել են Վ. Ղարիբյանի նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներ:
Այս անգամ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր մեջ ուժ չի գտել վերացնելու այդ որոշումներն ու իմ կողմից այդ որոշումների դեմ ներկայացված բողոքները մերժել են: Այժմ այդ որոշումների վերացման պահանջով բողոքը քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Սարսափում եմ այն մտքից, որ Վ. Ղարիբյանը հովանավորողները այս անգամ էլ կարող են իրենց ազդեցություն ունենալ դատարանի վրա և ստիպել կայացնել ապօրինի որոշում: Ինչի հետևանքով Վ. Ղարիբյանը ոչ միայն կկարողանա խուսափել քրեական պատասխանատվությունից, այլ նաև հնարավորություն կստանա, ստիպողաբար գրված կեղծ ստացականների միջոցով իմ ձեռքից խլել հայրական տունս, ընտանիքիս թողնելով փողոցում:
Հարգելի պարոն Նախագահ, սա է պատճառը, որ ճարահատյալ դիմում եմ Ձեզ հայցելով Ձեր միջամտությունը ինձ առևանգելու և ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերսկսելու և օրինական ընթացքն ապահովելու հարցում»:
Նամակը հանձնողներին քաղաքավարությամբ լսել ու ճանապարհել էին նախագահականում խոստանալով պատասխանել սահմանված կարգով:
«Մեզ շատ լավ ընդունեցին, լսեցին մեր պահանջները և խոստացան նամակը անձամբ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնել ու գործին ընթացք տալ»,-պատմեցին բողոքի մասնակիցները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.