23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր ազատության համաշխարհային օրն է: Չնայած դրան, ասուլիսի հավաքված մամուլի ներկայացուցիչները այսօր էլ միևնույն հարցի շուրջ միակարծիք չեղան. «Երեւի քաղաքական, տնտեսական շահերի բախում կա, տարբեր ուղղվածություն եւ այլն»,- մամուլի «անջատողականության» հնարավոր պատճառները թվարկեց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: նրա կարծիքով` գուցե տվյալ թերթը, որին տվյալ անձը դատի է տվել իրեն վիրավորելու համար, իսկապես վիրավորել է` տպագրելով ցենզուրայից դուրս որեւէ բան: Ուստի`իրենք չեն պատրաստվում կիսել պատասխանատվությունը: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն էլ լրացրեց նրան, թե` Հայաստանում կան մի քանի լրատվամիջոցներ, որոնք իրենց աղբյուրներին վկայակոչելով, ակնհայտ սուտ տեղեկություններ են տարածում:
Հայաստանում մամուլի կայացմանը մի քանի գործոն է խանգարում` մասնագիտական ներուժի բացակայությունը, համարձակությունը, ֆինանսները: Գեղամ Մանուկյանը մտահոգ էր` որ մամուլի ֆինանսական վիճակը օր օրի վատանում է , քանի որ ստեղծվել է ճնշումների նոր համակարգված մեխանիզմ:
«Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ իր մտահոգությունն ուներ.ըստ նրա այսօր կարեւորը գովազդի եւ սպառման շուկայի խնդիրն է։ «Մենք, փաստորեն, շուկա չունենք։ Իհարկե, կա շուկա, որը ոչ թե քաղաքակիրթ շուկա է, այլ ավելի շատ բազարի է նման: Եվ այս բոլորի մեջ յուրաքանչյուր լրատվամիջոց եւ լրագրող իրենց գոյատեւման պայքարն են մղում»:
Նրա կարծիքով բաց է նաև միավորման խնդիրը. « Մեկ անգամ ենք համատեղ ջանքերով լուծվել է մի հարց, երբ տարիներ առաջ տպագիր մամուլը մեկօրյա գործադուլ արեց եւ մեր երեք պահաջներից երկուսի կատարումը գոնե ապահովեցինք»:
Քիչ առաջ Կիեւյան կամրջից ցած է նետվել մի երիտասարդ:
Պարզվել է, որ Ինքնասպանը Երեւանի բնակիչ 35-ամյա Արտակ Շ.-ն է: Նա նետվելուց առաջ կամրջի վրա թողել է, մի պայուսակ որը գտել են քաղաքացիներն ու հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Առայժմ պարզվում են դեպքի հանգամանքները:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել: Այս անգամ օմբուդսմենի «սերվիսը» ԶԼՄ դաշտին է առնչվում: Հիմնադրվել է Տեղեկատվական վեճերի խորհուրդ, որի նպատակն է լինելու «պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև անձի արժանապատվությունը և մասնավոր կյանքի իրավունքը` այդ իրավունքների իրացման ընթացքում ծագող դատական վեճերի դեպքերում փորձագիտական եզրակացություններ հրապարակելով, որոնք հիմնված են ՀՀ օրենսդրության, միջազգային իրավական ակտերի և էթիկայի նորմերի վրա»: Ամեն դեպքում, նպատակների նման շարադրանք ենք կարդում հիշյալ խորհրդի ստեղծման վերաբերյալ տարածված տեքստում:
Թե ինչպես է ձևավորվել խորհուրդը, անորոշ է. ասված է միայն, որ ստեղծվել է ՄԻՊ գրասենյակում կազմակերպված «Մամուլի ազատություն» երկօրյա ֆորումի ընթացքում: Անդամներ են ընտրվել Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը և «Արմմեդիա» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը: Օմբուդսմենն ասել է, որ խորհրդի հինգ անդամներն էլ հեղինակություն են վայելում լրագրողական և իրավաբանական շրջանակներում, ինչն էլ լրագրողներին թույլ կտա ապահովված և պաշտպանված զգալ:
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս են ընտրվել այս մարդիկ, ի՞նչ չափանիշներով, ինչպե՞ս են առաջադրվել: «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը հայտնեց, որ իրեն, օրինակ, առաջադրել է Բորիս Նավասարդյանը, իսկ թե ով է առաջադրել Նավասարդյանին՝ Աբրահամյանը չգիտեր: «Եթե Կարեն Անդրեասյանը նման խորհուրդ ստեղծելու միտք է ունեցել, արդեն իսկ լավ է»,- մեր զրույցի հենց սկզբում նկատեց Աբրահամյանը:
Հիմա տեսնենք, թե ի՞նչ է իրականում այս խորհուրդը, ի՞նչ կարող է լինել և, ընդհանրապես, ու՞մ շահերն է պաշտպանելու: Լավ «սերվիս» մատուցելու մասնագետ Կարեն Անդրեասյանն այս խորհրդի կազմում, փաստորեն, ընդգրկել է Հայաստանի լրագրողական դաշտի, այսպես ասած, բոսերին, որոնք պետք է իրենց հեղինակավոր կարծիքը հայտնեն տարբեր դատական վեճերի ժամանակ, որոնցով, ի դեպ, մեր դատարաններն այսօր բավական ծանրաբեռնված են` հենց շնորհիվ «սերվիսի» գերագույն մասնագետ Կարեն Անդրեասյանի հեղինակած օրենքի, որով ապաքրեականացվեց զրպարտությանը վերաբերող հոդվածը: Ենթադրվում է, որ «վիրավորանք է, արժանապատվությանը վնասող ոտնահարում է, թե ոչ՝ հոդվածում թույլ տրված ձևակերպումը» հարցին պատասխանելու են հենց այս խորհրդի հարգարժան անդամները: Դատավորն էլ վճիռ կայացնելիս, հավանաբար, հենվելու է այս խորհրդի տված եզրակացությանը՝ որոշ առումով ինքն իր վրայից գցելով պատասխանատվությունը: Չի բացառվում, որ նման խորհուրդ ստեղծելով՝ Կարեն Անդրեասյանը ևս փորձում է իր ուսերից աստիճանաբար ցած նետել լրատվամիջոցներին խոցելի դարձրած օրենքի հեղինակի պատասխանատվությունը: Արամ Աբրահամյանը նույնպես հայտնեց, թե խորհրդի` արդարացնել կամ չարդարացնելու վերաբերյալ կարելի կլինի դատել միայն մեկ-երկու գործի քննությունից հետո, երբ երևա խորհրդատվական որոշման որակը, և թե որքան է այդ եզրակացությունն ազդելու դատական որոշման վրա:
Բայց ովքե՞ր են այն մարդիկ, որոնք պետք է քննեն ու եզրակացություն տան, և որքանո՞վ կկարողանան զերծ լինել կանխակալությունից, ազդեցությունից և այլն: Նրանք, ի տարբերություն Հայաստանի արդար և անկաշառ դատավորների, ինչպես տեսնում ենք, պարզապես շարքային մարդիկ են, սուբյեկտիվ դիրքորոշում ունեցողներ, ընդ որում, տարբեր զբաղմունքների տեր: Առաջին երկուսը` Շուշան Դոյդոյանը և Բորիս Նավասարդյանը, ընդամենը դրամաշնորհներով տարբեր ծրագրեր իրականացնելու գործում են մասնագիտացած, վերջին երկուսը` Արա Ղազարյանը և Մանանա Ասլամազյանը, Աստված գիտե` ովքեր են: Եվ միակ մարդն այս խորհրդում, որ դեռ լրագրողներից չի օտարացել՝ «Առավոտ» օրաթերթի խմբագիրն է: Այսինքն, անկախ իրենց մարդկային, բարոյական բարձր կամ ցածր հատկանիշներից, խորհրդի անդամները մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ որոշակի տեսակետ, որը կարող է չհամընկնել այլոց տեսակետի հետ: Եվ ուրեմն, ի՞նչ երաշխիք, որ այս մարդկանց տված գնահատականը լինելու է անկողմնակալ:
Երբ նույն Արամ Աբրահամյանը «պոլի փետ» էր անվանում Ազգային ժողովի պատգամավոր դարձածին, հիշյալ պատգամավորը նույնպես փորձ արեց պատիվ պահանջել հեղինակավոր խմբագրից, թե ինչպես է նա թույլ տվել նման արտահայտություն անել: Խմբագիրը հաջորդ խմբագրականում սկսեց շարադրել իր` նման արտահայտություն գրելու դրդապատճառները, թե կապ չունի` ինչ է անվանել` «պոլի փետ», թե «թթվի քար», նման արտահայտությունը վիրավորանք չէ, ընդամենը երևույթի գնահատում է և այլն: Կարողացա՞վ Արամ Աբրահամյանը համոզել տվյալ պատգամավորին, թե չի վիրավորել, այդքան էլ էական չէ, բայց մարդը, փաստորեն, կարծիք էր ունեցել և հայտնել էր այդ կարծիքը, ինչին մյուսը համամիտ չէր և կարող էր նաև դատական հայց ներկայացնել: Այլ հարց է, որ մարդուն «պոլի փետ» կամ «թթվի քար» անվանելը, իհարկե, վիրավորական է: Այլ հարց է, որ Արամ Աբրահամյանն այս դեպքում պատճառաբանել էր, թե ինչու է նման կերպ անվանել տվյալ անձնավորությանը, որ «քավ լիցի, ոչ մի դեպքում չի ցանկացել վիրավորել…» և այլն:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ դարձյալ համարելով, որ իրեն վիրավորել են: Այս թերթը փետրվար ամսին տպագրված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին բացատրու՞մ» հոդվածում գրում է. «Իսկ Քոչարյանը, որքան էլ առանձնանում է գավառականությամբ ու արյունռուշտությամբ, առանձնակի փայլում է անմտությամբ: Ուղղակի մտածում ես՝ ՀՀ նախագահի աթոռին թյուրիմացաբար հայտնված այդ էակին մտածելու մարդկային ունակություն ի վերուստ տրվա՞ծ է, թե՞ չէ…»: Սա վիրավորակա՞ն է արդյոք, թե՞ ոչ. ահա թե ինչ է պարզելու դատարանը քննության վերջում:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը, ըստ ամենայնի, այս հայցի հետ կապված արդեն ստիպված կլինի եզրակացություն տալ: Ի դեպ, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն այսօր հայտարարել է. «Բավական է աբսուրդ մարմիններ ձևավորեն, մեր գլխին փորձեն դատական նոր ատյաններ ստեղծել, մամուլի նախարարություններ ձևավորեն: Այդ հասարակական կազմակերպությունները տասնյակ տարիներ շարունակ մամուլի համար Հայաստան մտնող գումարները ծախսելով են զբաղված, հիմա էլ երևի ծախսելու նոր ձև են գտել», և կոչ է արել լրագրողներին՝ հեռու մնալ այդ խորհուրդներից: Հիմա, եթե այս խորհրդի հարգարժան անդամներին առաջարկեն հիշյալ դատական հայցի շրջանակներում փորձագիտական եզրակացություն տալ, ի՞նչ պետք է ասեն: Խորհրդի հիշյալ անդամներին երևի թե նախանձել չարժե, նրանք ընկնելու են երկու քարի արանքը: Եթե խորհուրդը հայտարարում է, թե կոչված է պաշտպանելու լրագրողներին, ապա հենց այս դատական հայցի շրջանակներում, օբյեկտիվ գնահատականի դեպքում, երևի թե պետք է տա բացասական եզրակացություն. Այսինքն՝ պետք է ասի, որ ասվածը վիրավորական է, ինչին, ի դեպ, չհամաձայնել այդքան էլ չի կարելի: Իհարկե, վիրավորական է Ռոբերտ Քոչարյանին նման որակումներ տալը, ընդ որում, երկրորդ նախագահի հասցեին «անմտություն» որակումն ավելի քան անհիմն կարելի է գնահատել հենց ի սկզբանե` անգամ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ բացասաբար տրամադրվածների տեսանկյունից. անմիտ մարդը չէր կարող 10 տարի իր ձեռքում կենտրոնացնել մի ամբողջ պետություն և դեռ պաշտոնավարումից հետո էլ շարունակեր պահել իշխանական լծակները:
Արամ Աբրահամյանին երբ հայտնեցինք «Հրապարակ»-ի խմբագրի վերոգրյալ կարծիքը, շատ հանգիստ պատասխանեց, թե նրա ենթադրությունը կարող է շատ ճիշտ լինել, ավելին, չբացառեց, որ խորհուրդը կարող է լրատվամիջոցների նկատմամբ շանթարգելի դեր կատարել: Ընդամենն ավելացրեց. «Եթե տեսնեմ՝ լրագրողների նկատմամբ ճնշում է լինում, դուրս կգամ»: Այսինքն, հենց սկզբից կարող ենք արձանագրել, որ խորհրդի անդամներն էլ են զգում իրենց խոցելի կարգավիճակը: Համենայն դեպս, լրագրողական դաշտին ամենամոտ կանգնած խորհրդի անդամն զգում է:
Եվ այսպես, դժվար է միանշանակ ասել, թե ինչպիսի՞ն կարող է լինել հիշյալ խորհրդի դիրքորոշումը լրագրական սուբյեկտիվ որակումների դեպքում: Ամենայն հավանականությամբ, գործ ենք ունենալու դարձյալ սուբյեկտիվ դիրքորոշման հետ: Իսկ ի՞նչ կարող է անել խորհուրդը, օրինակ, այն հարցերում, երբ վիճարկվում է տպագրվածի իսկությունը: Լրագրողը հայթայթում է խիստ գաղտնի տեղեկությունը, որը բացի իրենից, ասենք, գիտեն եզակի անհատներ, համարձակությունը ներում է դրանք գրելու, և ահա կողմը, ում մասին գրվել է, հերքում է պահանջում և ասում, որ դա ծայրից ծայր սուտ է:
Ի՞նչ կարող է անել խորհուրդն այս հարցում: Խորհրդի անդամներից և ոչ մեկը չի կարող իմանալ եղելությունը, իմանալու դեպքում էլ՝ չի կարող ապացուցել: Օրինակ, Հովիկ Աբրահամյանի հետ կապված ցանկացած տեղեկատվություն ԱԺ լրատվականը հերքում է, ասում, որ նման բան չկա: Այդպիսի տեղեկությունները հիմնականում դժվար է ապացուցել, տեղեկություն տրամադրողների հասցեներն էլ լրագրողները, հաշվի առնելով էթիկան ու աղբյուրի գաղտնիության պահպանումը, ոչ մի դեպքում չեն հայտնի: Այսինքն, դարձյալ լրագրողը հայտնվում է խոցելի վիճակում: Լրագրողը խոցելի է իր հրապարակումների հասցեատերերի հարձակումներից, լրագրողին կարող է «ժերտվա տալ» նաև խմբագիրը` կա´մ վախենալով հրապարակման հասցեատիրոջից, կա´մ ուղղակի գերադասելով դրամագլուխ կուտակել` որպես ահաբեկվելուց խուսափելու այլընտրանք: Իսկ հիմա՝ քիչ էր, որ լրագրողներին հարվածում էին լրագրական դաշտից դուրս գտնվողները, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, ստացվում է, լրագրողները ձեռք են բերում ևս մի մարմին, որտեղ կարող է հարված լինել ներսից`անկախ այն բանից՝ բարեկամի, թե թշնամու, բայց «ներսից»` լրատվական դաշտից:
Քիչ առաջ Սևան ՔԿ հիմնարկից ազատ արձակվեց քաղբանտարկյալ, ՀՀՇ վարչության անդամ Արամ Բարեղամյանը: Այսօր ժամը 14-ին տեղի է ունեցել նրա գործով դատական նիստը:
Արամ Բարեղամյանին ձերբակալել էին մարտի 1-ին։ Նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը):
Լրացել է նրա պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ժամկետը: Հանձնաժողովն ու դատարանը միակարծիք են եղել:
Յուրի Վարդանյանի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, այսօր պաշտոնապես հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Լեգենդար ծանրամարտիկը մի քանի օր առաջ վիրահատության էր ենթարկվել հենց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին պատկանող «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մամլո քարտուղարի տեղեկացմամբ, Վարդանյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրա վիճակն արդեն գնահատվում է կայուն:
Հիշեցնենք, որ 2010 թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ նախագահի խորհրդականը ավտովթարի էր ենթարկվել, նրա «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան վատ տեսանելիության պատճառով բախվել էր քարշակով տրակտորի և ամբողջությամբ ջարդուխուրդ եղել: Ծանրամարտիկը բազմաթիվ վնասվածքներ էր ստացել, փշրված ոտքը վերականգնվել էր մի քանի վիրահատության շնորհիվ, ոտքի մեջ տեղադրվել էր մետաղյա ձող: Անցած ամիսների ընթացքում հայ ժողովրդի սիրելի մարզիկը կարծես ապաքինվել էր, նույնիսկ ի վիճակի էր եղել մեկնել Մոսկվա: Սակայն հենց այնտեղ էլ կոտրվում է ոտքի մեջ դրված ձողը, ինչի հետևանքով Վարդանյանի վիճակը կտրուկ վատանում է:
Բարեբախտաբար, ճգնաժամը հաղթահարված է, և բժիշկները մարզիկի վիճակը բնութագրում են ծանր, բայց կայուն:
Ուկրաինայում, Ռուսաստանում և Բելոռուսիայում այսօր անցկացվում են միջոցառումներ, որոնք նվիրված են համաշխարհային ատոմային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշոր աղետի` Չերնոբիլյան ատոմակայանի վթարի 25-ամյակին:
1986 թվականին Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունների հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին մասնակցել էր 600 հազար մարդ, նրանցից շուրջ 200 հազարը ճառագայթվել էր: Պաշտոնական տվյալների համաձայն, Ուկրաինայում տեղի ունեցած այդ աղետի հետևանքով տուժել է շուրջ 5 միլիոն մարդ: Աղետից առաջացած ռադիոակտիվ ամպը տարածվել էր Եվրոպայի տարածաշրջանում` ընդգրկելով հատկապես Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելոռուսիայի Սովետական Հանրապետությունները:
Հայաստանից Ուկրաինա էր մեկնել 3 հազար մարդ: Այսօր գիշերը, ժամը 01:23-ին, ճիշտ այն ժամին, երբ 25 տարի առաջ տեղի էր ունեցել ատոմակայանի պայթյունը, Ուկրաինայում մեկնարկել են աղետի զոհերի հիշատակման արարողությունները: Ատոմային էլեկտրակայանի տարածքում հավաքվել է շուրջ 700 մարդ` ծաղիկներով և մոմերով: Նրանց թվում են նաև աղետի հետևանքների վերացման մասնակիցները և Ուկրաինայի պաշտոնյաները:
Այսօր հանդիսատեսի դատին հանձնվեց «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը: ֆիլմի սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն ասաց, որ այն պատմում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին ու կարող է օգնել ու ճանապարհ ցույց տալ մարտի 1-ի դեպքերի բացահայտման գործում: 124 րոպե տևողությամբ ֆիլմի ռեժիսորն է Արա Շիրինյանը, խորհրդատուն` Առաքել Սեմիրջյանը: Ֆիլմը բաղկացած է երկու մասից. առաջին մասը ներկայացնում է 2007թ. սեպտեմբերից մինչև 2008 մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը:Կինոնկարի երկրորդ մասը պատմում է բուն մարտիմեկյան իրադարձությունների և դրանց չբացահայտման ընթացքի մասին:
Տիգրան Պասկևիչյանի խոսքով` ֆիլմում շեշտադրումներն արվել են այն թերացումների վրա, որոնք թույլ են տրվել մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն ուղղված քննչական, դատախազական գործունեության մեջ: «Մարտի 1-ի թեման մեր հանրապետության ամենակարևոր, ամենահրատապ խնդիրներից մեկն է: Ես չեմ պատկերացնում որևէ այլ խնդիր, որը դասակարգելու դեպքում կարելի է ավելի վեր դասել: Մեր բոլոր դժբախտությունները կապված են հասարակ մարդու, հասարակ քաղաքացու կամարտահայտության իրավունքը սահմանափակելու կամ այդ իրավունքը ոչնչացնելու հետ»,-հայտարարեց Տիգրան Պասկևիչյանը:
Նա ասաց, որ իշխանությունների մեջ ևս կան մարդիկ, ովքեր շատ լավ գիտակցում են, որ մարտի 1-ի դեպքերի չբացահայտվելը շատ մեծ վնաս է հասցնում Հայաստանին: Առայժմ թողարկվել է միայն Ֆիլմի հայերեն տարբերակը, առաջիկայում կթարգմանվի նաև ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն և կուղարկվի միջազգային կազմակերպություններին:
Եվ այսպես, այսօր կառավարությունը վերցրեց ու խախտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` ՀՀ նախագահ Սերժի Սարգսյանի և քաղաքական մեծամասնության անունից բարձրաձայնած խոստումը, որ «օտարալեզու դպրոցների վերաբացման» սկանդալային նախագծի փաթեթից հանվում է «Լեզվի մասին» օրենքը և ամբողջ պրոցեսը կարգավորվում է միմիայն «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններով:
Այսօր նախարար Աշոտյանը ԱԺ կրթության և գիտության հանձնաժողովում հայտարարեց, որ իրավակիրառական տեխնիկայի առումով անհնար է այս հարցը կարգավորել առանց «Լեզվի մասին» օրենքի: Նոր նախագծով կրկին առաջարկվում է`« Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասում «պահանջներին համապատասխան» բառերից հետո լրացնել «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով: Նաև լրացվել է, որ ուսումնական հաստատությունները կարող են միջազգային ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել բացառապես ՀՀ կառավարության որոշմամբ, որն էլ դառնալու է օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու պետական կառավարման լիազորված մարմինը:
«Իրավաբանական քննարկումները, վերջի վերջո բերեցին հետևյալ բանաձևին, որ լեզվի մասին օրենքում գոնե ձևական , ֆորմալ հղում պետք է լինի հանրակրթության մասին օրենքի վրա, իսկ փաստացի բովանդակային գծերը լեզվի մասին ամբողջությամբ հանեցինք»,-նախարար Աշոտյանի այս մեկնաբանությունը, բնականաբար, հալած յուղի տեղ չընդունվեց:
Մասնավորապես` Անահիտ Բախշյանը Աշոտյանին ասաց` «էլի խցկել եք»: Ստեփան Սաֆարյանը, ով այս հանձնաժողովի անդամ չէ, սակայն մասնակցում էր հանձնաժողովի նիստին, իր ելույթում հարց հնչեցրեց, թե արդյոք սրանով չի՞ արժեզրկվում Հովիկ Աբրահյամյանը, նրա խոսքը: «Սա պահվածք է, չէ´, պարոններ, եթե քաղաքական հայտարարություն է արվում, ասվում է, որ քննարկել են նախագահի մոտ, եթե պարոն Աշոտյանը ասում է` այո, լեզվի մասին օրենքը պիտի հանվի, եթե, ուշադրություն դարձրեք, ամփոփաթերթիկում նշված է հանել լեզվի մասին, օրենքը, ինքը իրեն հակասում է, հետո գրում` «մասնակի է ընդունվել», սա նորմալ չի»: Ի դեպ, նիստին Սաֆարյանի ելույթին տեղից բուռն արձագանքեց Հեղինե Բիշարյանը, ով Կարինե Աճեմյանի ու մյուս հանրապետականների` Արտակ Զաքարյանի, Արման Սահակյանի ու Արտակ Դավթյանի հետ միասին կողմ քվեարկեց այս տեսքով օրենքի նախագիծը ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում ներառելու համար:
Դեմ քվեարկողների թվում էին Անահիտ Բախշյանն ու Լիլիթ Գալստյանը: Վերջինս էլ կարծում է, որ փոփոխությունը բովանդակային-սկզբունքային է.«Ըստ էության, բովանդակային հարց են լուծում , որովհետև եթե հանրակրթական դպրոցում օտար լեզվով ուսուցում պետք է կազմակերպվի, երբ «լեզվի մասին» օրենքն ասում է, որ ՀՀ-ում հանրակրթության լեզուն հայերենն է , ինքը հակասում է այն բոլոր ցանկությունների քաղաքական տրամաբանությանը, որով սկզբնապես եկել էր խորհրդարան: Խնդիրը ինչն էր` խնդիրը դարպաս բացելն էր, որ օտար լեզվով գործընթացներ կազմակերպվեն հանրապետությունում, բայց եթե «Լեզվի մասին օրենքը» դա բացառում է, ապա անտեղի է դարձնում այդ ցանկությունը: Հիմա թեև նախագահը խոստացավ, որ լեզվի մասին օրենքը կմնա անձեռնմխելի, փոփոխություններ չեն լինի, հիմա մի ուրիշ մուտացված սահմանումով եկել է նորից լեզվի մասին օրենքում փոփոխություն, որ հանրակրթության առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին օրենքվ»։ Բայց «լեզվի մասին» օրենքը լեզվի մասին օրենք է, այստեղ պետք է խոսվեր կոնկրետ հանրկակրթության լեզվի մասին: Եվ եթե հանրակրթության մասին առանձնահատկություններով այլևս դու կառավարությանը տալիս ես իրավասություն` օտար լեզվով բացառություններ սահմանելու, նշանակում է, որ դու դարպասը բացում ես: Այսօր 11 է, վաղը չգիտեմ քանիսն է, և բազմաթիվ անհստակություններ կան»։
Հետագայում լրագրողները փորձեցին այս հարցի պատասխանը ստանալ այն անպատասխան թողած Աշոտյանից, որն էլ ասաց,թե քաղաքական շահարկումներ պարունակող հարցերին չի պատասխանում:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հայտարարեց, թե «Լեզվի մասին օրենքում» այդ փոքր փոփոխությունն արվում է ընդամենը իրավական գրագետ լուծում տալու համար և որ, այո, այդ փոփոխությունը պետք է արվի: Ու պետք չէ տուրք տալ հասարակական լսումներին օրենքի ընդդիմախոսների կողմից բարձրացվող կարծրատիպերին: Գլխադասային հանձնաժողովի նախագահը նաև հղում անելով ԱԺ կանոնակարգ օրենքին` քննարկման դրեց նաև այն հարցը, թե պե՞տք է, արդյոք, օրենքի նախագիծը դնել առաջին ընթերցման ռեժիմով քննարկման` հաշվի առնելով, որ նախագիծը մեկ հոդվածով բովանդակային փոփոխություններ է կրել, սակայն Արմեն Աշոտյանը պնդեց, որ փոփոխությունները սկզբունքային բովանդակային չեն, այլ խմբագրական:
Որոշակի բանավեճ գնաց«այլընտրանքային կթական ծրագիր», «հեղինակային կրթական ծրագիր», «միջազգային կրթական ծրագիր» և այլ սահմանումների հետ կապված։ Այստեղ Լիլիթ Գալստյանն ու Ստեփան Սաֆարյանը որոշ հակասություններ էին նկատել: Արմեն Աշոտյանը ընդունեց, որ , այո, կա նման բան, և խոստացավ, որ խմբագրական փոփոխություններին վերաբերող առաջարկները կընդունվեն:
Ամեն դեպքում, առիթի դեպքում Արմեն Աշոտյանը կրկնում էր իր սիրած նախադասությունը, որ վերջին մի քանի ամիսներին նետում է իր ընդդիմախոսներին`« պետք չէ փնտրել ինչ-որ չար ուժերի կոնսպիրացիա»։
Հ.Գ Ուշագրավ է, որ գլխադասային հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը քննարկման սկզբում հայտարարել էր, որ ուշանում է օդանավակայանից ու խնդրել, որպեսզի «Ժառանգությունը » հնարավորինս կարճ ելույթներ ունենա : Լարիսա Ալեվերդյանը, որ հընթացս միացավ քննարկմանը, տեղյակ չէր, ու բավականին երկարաշունչ ելույթ ունեցավ, որից հետո գլխադասային հանձնաժողովի նախագահը գրեթե վազելով դուրս եկավ սենյակից:
Հասմիկ Օհանյան
«Հեշտոցի մենախոսությունները» («The Vagina Monologues») անունը կրող Եվա Էնսլերի պիեսի հիմքում տարբեր կանանց վկայություններ են, նրանց թվում՝ տարեց ու երիտասարդ, ամուսնացած կամ միայնակ, լեսբուհի, պրոֆեսոր, դերասանուհի, սեքս-առևտրի աշխատողներ, սևամորթ ու սպիտակամորթ, իսպանացիների ասիացիների, հնդկացիներ, հրեաների կանայք, որոնք արել են մի բան՝ հաղթահարել են արգելքներն ու թաբուները:
— Ինչու՞ է ձեր պիեսն այդքան հայտնի,- հարցրել են Էնսլերին:
— Մարդկանց գրավում է, երբ որևէ մեկը որոշում է հաղթահարել թաբուն, — ասել է նա:
«Հեշտոցի մենախոսությունները» երկար ու սկանդալային երթով անցավ ԱՄՆ-ով և Եվրոպայով, այս տեքստերը սիրով կարդացել են Նաոմի Քեմփբլը, Մերիլ Սթրիփը, Ջեյն Ֆոնդան, Քեյթ Բլանշեթը, Ինգեբորգա Դապկունայտեն ու այլ հայտնի կանայք: Այս խիզախ կանայք մի նպատակ ունեին՝ անսալ վերջապես կանչին, որ այդքան երկար լուռումունջ էր:
Սա պաշտամունք-պիես է, գրեթե մանիֆեստ: Աշխարհի հազարավոր կանանց համար այս պիեսը դարձել է դրոշ, որով էլ նրանք «խաչակրաց արշավանք» սկսեցին ընդդեմ սեռական տգիտության ու մոլեռանդության, սեռական ու ընտանեկան բռնության, ամեն տեսակի թաբուների ու գենդերային անհավասարության: «The Vagina Monologues»-ը ծնեց մի ամբողջ ֆեմինիստական շարժում՝ «V-Day», կանանց ու աղջիկների հանդեպ բռնության դեմ: V-Day-ը միավորում է ամբողջ աշխարհի կանանց: Սա ֆեմինիստական շարժման անբաժանելի մասն է ու նշվում է աշխարհի բոլոր ծագերում: 1996 թվականից մինչ օրս «Հեշտոցի մենախոսությունները» պիեսը թարգմանվել է 45 լեզուներով և ներկայացվել աշխարհի շուրջ 130 երկրներում:
Թվում է, թե մանիֆեստը պարտավոր չի օժտված լինել գեղարվեստական արժանիքներով: Հետևաբար, փերֆորմանսին գնացողները կարող էին թերահավատ լինել, համ էլ էդ ամեն ամերիկյանն ու եվրոպականը կարծես մեզ մենթալ օտար են, դա ի՞նչ խոսելու թեմա է և այլն: Ասենք՝ էլ էնքան խոսող չունե՞նք, որ հիմա էլ օրգաններին ենք ձայն տալիս՝ մոռանալով, որ էդ օրգանից ենք բոլորս լույս աշխարհ եկել:
«Սիրտը ընդունակ է զոհաբերության:
Հեշտոցն էլ:
Սիրտը կարող է ներել ու վերականգնվել: Կարող է փոխել իր ձևը, որ մեզ ընդունի, կարող է ընդարձակվել, որ մեզ դուրս թողնի:
Հեշտոցն էլ:
Կարող է ցավ քաշել մեզ համար և ձգվել մեզ համար, մեռնել մեզ համար և, արնաքամ լինելով, մեզ բերել այս դժվարին, հրաշալի աշխարհը»:
Նեղճակատ մարդն ամեն ինչի մեջ էլ նեղճակատություն կգտնի: Գիրքը, ինչպես նաև պիեսը այն եզակիներից է, որ անպայման պետք է կարդալ: Կարելի է մանրանալ, ասել, որ պարզունակ է, անտրամաբանական մանրուքներ կան, և վերջապես՝ մեր պատմությունները չեն, մեր կանայք չունեն նման պրոբլեմներ: Ունեն, էն էլ ոնց ունեն: Բայց այստեղ իմաստը գրքի ընդհանուր գաղափարն է, ոչ թե մանրուքները: Սա կնոջն արժեվորում է որպես արարող ու կործանող ուժ միաժամանակ: Սա կնոջ ազատության մասին է, ինքն իրեն, իր մարմինը, իր անհատականությունը բացահայտելու մասին: Նրա անվտանգության ու հոգատարության իրավունքի մասին: Ստվերից դուրս գալու և օգնություն ու աջակցություն ստանալու մասին:
Կազմակերպիչներից Մարալ Բավականը, որն արդեն երկու տարի է V-Day շարժման ակտիվիստ է, ասում է.
— «Հեշտոցի մենախոսությունները» պիեսը Հայաստանում բացառիկ, աննախադեպ է V-Day շարժման պատմության մեջ ոչ միայն նրանով, որ առաջին անգամ է բեմադրվել այստեղ, այլ նաև նրանով, որ մենք որոշել ենք գրել մեր հայ կանանց մասին՝ մեզ բնորոշ պրոբլեմներով: Կարծում եմ, այդպիսի մատուցմամբ հայ հասարակության կողմից ավելի ընկալելի ու ընդունելի կլինի, էլ չեն ասի, որ դրանք մեր կանանց պրոբլեմները չեն, ներմուծված են ու հետևաբար՝ շինծու»:
Միջոցառումը կազմակերպել ու իրականացրել է Կանանց ռեսուրսային կենտրոնը «V-Day» միջազգային կանանց շարժման շրջանակներում՝ իր կամավորների մասնակցությամբ ու օգնությամբ:
Ներկայացման ողջ հասույթը կտրամադրվի «ՄաՄաՍյու» հիմնադրամին, որը ստեղծվել է մոտ երկու ամիս առաջ՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի աջակցությամբ: Իսկ ընդհանրապես հիմնադրամն զբաղվելու է կանանց վերարտադրողական ֆունկցիայի օրգանների քաղցկեղի կանխարգելման և պետպատվերից դուրս դեղորայքի համար անհրաժեշտ գումարի ձեռքբերմամբ:
Ակցիան պայմանավորված է նախ և առաջ կնոջ ազատագրման կարևորմամբ, այս պիեսը դասական պիես է, բեմադրվել է ողջ աշխարհով մեկ՝ «Համլետից» շատ:
Մենք ասում ենք «հեշտոց», ու դրանով իսկ խախտում ենք թաբուն. եթե մարդ մի բանից խոսում է, այդ բանն այլևս դադարում է նրա համար արգելված պտուղ լինել, ու կորչում է անբացատրելի անասնական ձգտումը:
Լուսինե Վայաչյան
Թեև ոստիկանների տոնը վաղն է, բայց ոստիկանությունում արդեն այսօրվանից տոնական տրամադրություն է տիրում: Վաղվա տոնակատարությունները սկսվելու են շքերթով: Հայ ոստիկանների տոնին մասնակցելու է եկել Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը` բանակի գեներալ, Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևի գլխավորությամբ, Ուկրաինայի պատվիրակությունը ներկայացված է ներքին գործերի նախարարի առաջին տեղակալով, Բելառուսի պատվիրակությունը չի եկել Մինսկի մետրոյի տեռորիստական ակտի պատճառով: ՀՀ ոստիկանների հետ տոնելու են եկել նաև ԼՂՀ ոստիկանները:
Իսկ այսօր ոստիկանության ղեկավարությունը հավաքվել էր` շնորհավորելու, պարգևներ հանձնելու ու ստանալու: Ոստիկաններին շնորհավորելու էին եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ներկա էր անգամ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: Իսկ ահա դատախազության ու պաշտպանության նախարարության առաջին դեմքերը ներկա չէին և շնորհավորանքներն ու նվերները հանձնեցին տեղակալների միջոցով. դատախազությունից եկել էին Մնացական Սարգսյանն ու Արմեն Դանիելյանը, իսկ ՊՆ-ն ներկայացնում էր գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: ՊՆ-ի և ոստիկանության միջև առանձնապես խնդիրներ չեն լինում, եթե չասենք՝ չեն էլ կարող լինել. այնպես որ Սեյրան Օհանյանի բացակայությունը նորմալ ընկալվեց, մինչդեռ գլխավոր դատախազի բացակայությունը փոքր-ինչ կասկածների տեղիք տվեց` կապված Գառնիկիչի և Սերգեյիչի միջև առկա հակասության վերաբերյալ չդադարող խոսակցությունների հետ:
Սակայն պարզվեց, որ այս անգամ այդ դեպքը չէր, և նույնիսկ նախորդ օրվա վատառողջությունը չէր հարմար պատրվակ ծառայել Աղվան Հովսեփյանի համար` Ալիկ Սարգսյանի հետ հրապարակավ ջերմություն խաղալուց խուսափելու համար (դատախազի վատառողջության մասին անձամբ ոստիկանապետը հայտնեց): Գլխավոր դատախազն ու պաշտպանության նախարարը Հայաստանում չէին, նրանք մեկնել են Ղարաբաղ` մասնակցելու ԼՂՀ ներքին գործերի նախկին նախարար Արմեն Իսագուլովի որդու հուղարկավորությանը: Այնպես որ, այս օրը, բարեբախտաբար, հակասությունները սրելու օր չդարձավ: Հատկապես որ եկել էր անգամ ԱԱԾ տնօրենը: ԱԱԾ-ից ոստիկանապետը կրծքանշան ստացավ. ԱԱԾ-ն լուրջ կառույց է, և այստեղից կրծքանշան ստանալն էլ մեծ բան է: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, շնորհավորելով ոստիկաններին, նրանց դիմեց «հարգելի հարազատներով»: Փրկարարի տոնին Ալիկ Սարգսյանն էր իր նախկին տեղակալին շքանշան տվել, ոստիկանի տոնին` Երիցյան-նախարարը պարգևատրեց արդեն նույն նժարի վրա գտնվող գործընկերոջը:
Ոստիկանության տոնի առիթով կազմակերպված հանդիսավոր նիստին ներկա էին կառույցի բոլոր բարձաստիճանները: Հովհաննես Վարյանն անընդմեջ ասում էր` «ինձ մի´ նկարեք, իրան նկարեք»` մատնացույց անելով Ներսես Նազարյանին: Նազարյանը բարեսրտորեն ժպտում էր, բայց հայացքի մեջ զգացվում էր մի տեսակ անհարմարություն (ժողովրդի լեզվով ասած՝ մանթո). պատճառը, հավանաբար, ոստիկանապետի երեկվա դիտողություններն էին, թե՝ լավ բան չի պաշտոնիս վրա աչք գցելը: Մի խոսքով, ներկա էին բոլորը, տրամադրությունը հանդիսավոր էր, բայց այդքան էլ չի կարելի տոնական ասել, մի տեսակ լարվածություն էր զգացվում բոլորի մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.