23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քիչ առաջ կառավարությունը պաշտոնապես ծանուցեց, որ «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Ազգային մրցունակության խորհրդի ծրագրի կառավարիչ (հիմնադրամի տնօրեն)` սույն թվականի հունիսի 15-ից:
Նշենք, որ նա փոխարինել է անցյալ շաբաթ նույն պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Բեկոր Փափազյանին:
Քիչ առաջ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի գործով դատավարությունը:
Տիգրան Փոստանջյանը համաներմամբ ազատ արձակվեց և դուրս եկավ դատարանի շենքից:
Նիստի ժամանակ դատավորը հայտարարել էր, որ Փոստանջյանի վրա ևս կտարածվի հայտարարված համաներումը, եթե նա համաձայնի ընդունել մեղքը:
Տիգրան Փոստանջյանի խոսքով` ինքը պատրաստ կլիներ ապացուցել իր անմեղությունը, եթե դատարանը փոխեր խափանման միջոցն ու դատաքննությունը շարունակվեր իր ազատության պայմաններում: Նման հնարավորություն չկա, նրան չի տրվել ուստի ամբաստանյալը պատրաստակամություն հայտնեց ընդունել համաներումը:
Նա ասաց, որ երբեք չէր անի դա ու մինչև վերջ կպայքարեր, սակայն բանտի ստորացուցիչ պայմաններն իրեն ստիպեցին գնալ այդ քայլին:
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ դատախազության, «Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ.Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն»:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված 1-ին մասով:
Տիգրան Փոստանջյանի դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում, համոզված են նրա մերձավորները, քանի որ նմանօրինակ գործեր, ինչի մեջ մեղադրում են Փոստանջյանին, ցանկության դեպքում դատախազությունը կարող է հազարներով հարուցել:
Երեկ գիշերը ժամը 04:35-ի Ավանի Աճառյան 1-ին նրբանցքի տներից մեկում սահմաններում 5 անձանց կողմից ավազակային հարձակման մասին արդեն տեղեկացրել ենք: Քիճ առաջ ոստիկանությունից պաշտոնապես հայտնեցին որ ավազակներին հայտնաբերելու ջանքերն առայժմ անպտուղ են: Ավելի ուշ խոստացան մանրամասներ հաղորդել:
Հարձակումը տեղի է ունեցել «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրենի`Էդուարդ Բեզոյանի տան վրա:
Այդ մասին առավոտյան ժամը 06-ի սահմաններում ոստիկանություն ահազանգել է տանտիրոջ որդին`Կարեն Բեզոյանը: Ըստ որի 5 դիմակավորված անձինք իրենց տան պատից ներս են ցատկել, որից հետո տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են լոգարանի պատուհանափեղկը, մուտք գործել բնակարան եւ զենքի սպառնալիքի տակ կապկպել տան բնակիչներ` Սերիկ Սողոյանին( թիվ 6 մսուր-մանկապարտեզի դաստիրակչուհի 54 տարեկան), տանտիրոջը` «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանին, և 24-ամյա Գեղանի Զուրաբյանին ու 24-ամյա Մանե Սողոյանին:
Ավելի ուշ տանտերը լրատվամիջոցներից մեկի թղթակցին պատմել է, որ Ավազակները տանը գտնվել են մեկ ժամից ավելի եւ ծեծի ու նվաստացումների միջոցով պահանջել տան ոսկյա եւ արծաթյա թանկարժեք իրեր ու գումար: Ավազակները նրանցից պահանջել են նաեւ հայտնել չհրկիզվող պահարանի տեղը: «Ցույց տվեք առաջին հարկի սեյֆը»,- ասել է նրանցից մեկը:
Բեզոյանը դիմադրել է եւ ասել, որ տանը հայտնաբերված ողջ ոսկեղենն ու գումարը արդեն տվել են եւ որեւէ սեյֆ չունեն: Երբ զինված հանցագործները շարունակել են ծեծը, Սենիկը ստիպված է եղել ցույց տալ սեյֆի տեղը: Հանցագործները չհրկիզվող պահարանը տեղադրել են տան բակում կայանված Բեզոյաններին պատկանող «Նիսսան Պատրոլ» մակնիշի 22 ՍՍ 221 համարանիշի մեքենայի բեռնախցիկում եւ հեռացել: Ընդհանուր առմամբ, Բեզոյանների տնից տարել են 180-ից 200 հազար ԱՄՆ դոլարի ոսկյա եւ արծաթյա զարդեր, մոտ 60 հազար դոլար:
Ի դեպ, հանցագործներն պոկել եւ իրենց հետ տարել են նաեւ տան անվտանգության տեսախցիկների սերվերը:
Առավոտյան ժամը 9.30-ի սահմաններում առեւանգված ավտոմեքենան ոստիկանները հայտնաբերել են Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի 6/1 շենքի բակում: Մարմնական վնասվածքներով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել հայր եւ որդի Բեզոյանները:
Այս պահի դրությամբ հանցագործների որոնման արդյունքների մասին պաշտոնական հաղորդում չկա:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր երեխաների պաշտպանության օրվա առթիվ պետք է այցելեր թիվ 1 հատուկ կրթահամալիր, համենայնդեպս էդպես են ասել երեխաներին: Սակայն նա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ուղեկցությամբ այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի 17 անչափահաս դատապարտյալներին: Սարգսյանը քրեակատորաղական հիմնարկում դատապարտյալների, նրանց ծնողների և հարազատների հետ մասնակցել է ճաշկերույթի:
ինչպես միշտ վարչապետը գեղեցիկ խոսքեր է ասել`«Կարևոր է նրանց համար ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի վերջիններս ապրեն լիաժեք` գիտակցելով կատարված մեղքը, նաև կրթվեն և դաստիարակվեն»: Այս բարի ցանկություներն էլ ինչպես մյուս դեպքերում իրականություն չեն դառնում:
Այս էլ քանի տարի խոսվում է այն անհրաժեշտության մասին, որ կարգազանց անչափահասին քրեակատարողական հիմնարկում փակելով նրա ճակատագիրը խեղում են: Սակայն տարիներն անցնում են ու այդպես էլ «Աբովյանը» չի դառնում լիարժեք ապրելու վայր կրթող ու դաստիարակող օջախ:
Սարգսյանը նկատել է, որ ոլորտում առկա խնդիրների լուծման համար պահանջվում են բարեփոխումներ. «Քրեակատարողական հիմնարկի շինությունների ֆիզիկական մաշվածության աստիճանը բարձր է և այստեղ մեծածավալ ներդրումներ են պահանջվում»:
Իրոք,ինչպես փաստել է Վարչապետը, անչափահաս դատապարտյալների թվում կան տաղանդաշատ երեխաներ, որոնք հետագայում կարող են իրենց արժանի տեղը գտնել և լավագույն կերպով դրսևորվել հասարակությունում՝ արվեստի, գիտության սպորտի ոլորտներում, մնում է միայն նրանց նկատմամբ իրականում լինի այնպիսի մոտեցում, ինչպիսին ներկայացվում է ամենաբարձր ատյաններից :
Այսօր մեկնարկեցին 2011-2012 ուսումնական տարվա ընդունելության քննությունները: Այս տարվա միասնական ընդունելության քննությունների առաջին փուլին կմասնակցի 1209 դիմորդ: Քննաշրջանը Երևանի պետական համալսարանում մեկնարկեց ռուսաց լեզու և քիմիա առարկաների քննություններով:
Ռուսաց լեզու առարկայից քննություն հանձնելու հայտ է ներկայացրել 81 դիմորդ, քիմիայից 102:
ՀՀ տարածքում կգործի 11 քննական կենտրոն:
Քննությունների անցկացման համար յուրաքանչյուր մարզում ձևավորվել է մեկական քննական կենտրոն:
Այս տարի առաջին անգամ, հանրակրթության` 12-ամյա համակարգի անցնելու հետևանքով Հայաստանի 1400-ից ավելի հանրակրթական դպրոցներ շրջանավարտներ չեն ունեցել:
Սիրելի հայրենակիցներ,
Նախ և առաջ, ուզում եմ սրտանց շնորհավորել բոլորիդ՝ իշխանության առջև մեր դրած երեք կարևորագույն պահանջների կատարման առթիվ, ինչը պետք է համարել համաժողովրդական եռամյա պայքարի մինչ այժմ արձանագրված ամենամեծ հաղթանակը։ Դա ոչ թե ընդդիմության, ոչ թե Հայ Ազգային Կոնգրեսի, այլ առաջին հերթին, Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, եթե կուզեք, ողջ հայ ժողովրդի, իսկ վերջին հաշվով, մեր երկրի ու պետության հաղթանակն է, որի կերտման գործում իրենց լուման են ներդրել ե՛ւ համաժողովրդական շարժման նվիրյալները, ե՛ւ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ե՛ւ անկախ մամուլի ներկայացուցիչները, ե՛ւ սոցիալական բողոքի տարերային ցույցերի հազարավոր մասնակիցները։ Անշուշտ, դրանում իրենց որոշակի դերն են խաղացել նաև վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների վրա միջազգային հանրության գործադրած ճնշումները, որոնց ազդեցությունը, սակայն, չպետք է չափազանցել, քանի որ նրանք տեղի չէին ունենա, եթե Հայաստանում չլիներ այնպիսի հզոր ընդդիմություն, ինչպիսին Հայ Ազգային Կոնգրեսն է, և եթե չլիներ վերջինիս գլխավորությամբ բռնապետության դեմ ծառացած ժողովրդի տևական պայքարը։
Մի կողմ դնելով Կոնգրեսի և իշխանության միջև իբրև-թե կայացած ինչ-որ գործարքի, ներքին պայմանավորվածությունների կամ միջազգային դավադրության վերաբերյալ անպարկեշտ մարդկանց կողմից տարածվող դատարկ խոսակցություններն ու ասեկոսեները, որոնք մասամբ անհասկացողության, մասամբ թյուրըմբռնման, մասամբ դիտավորության, իսկ մասամբ էլ բացահայտ չարամտության արդյունք են, փորձենք սառնասրտորեն գնահատել հայ իրականության մեջ իր նախադեպը չունեցող այս նշանակալից իրադարձությունը և վերհանել դրան հանգեցրած իրական պատճառները, սակայն նախքան այդ, կատարելով հետևյալ էական արձանագրումը։ Հաղթանակը ձեռք է բերվել ոչ թե մութ գործարքի, գաղտնի պայմանավորվածությունների կամ արտաքին միջամտությունների ու միջնորդությունների շնորհիվ, այլ վերջին ամիսների ընթացքում հասարակության ու իշխանության միջև ծավալված յուրատեսակ հրապարակային բանավեճի կամ ոչ ֆորմալ երկխոսության արդյունքում։ Հայ Ազգային Կոնգրեսը հասարակության անունից հրապարակորեն ներկայացրել է իր պահանջները, իսկ իշխանությունը, թեկուզ երբեմն տատանվելով, բայց վերջին հաշվով նույնքան հրապարակորեն արձագանքել է այդ պահանջներին՝ դրանք ամրապնդելով կոնկրետ գործողություններով։ Մարտի 1-ի էջի փակված լինելու, քաղբանտարկյալների առկայությունը ժխտելու, Ազատության հրապարակի օկուպացիան հավերժացնելու, հասարակական կարծիքն արհամարհելու և գոտկատեղից ցածր հարվածելու հոխորտանքներից հետո, տեղի ունեցածն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ առնվազն անհասկացողության պատի փլուզում։ Ցավոք, կան մարդիկ, ովքեր փոխանակ ուրախանալու և հպարտանալու, որ մեր երկրում ևս կարող են տեղի ունենալ քաղաքակիրթ գործընթացներ, փորձում են արժեզրկել, նսեմացնել, իսկ ռամկորեն արտահայտված, «հարամել» այս թանկ նվաճումը և վիժեցնել Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացման կենսականորեն անհրաժեշտ գործը՝ կամա թե ակամա նպաստելով իշխող քրեաօլիգարխիկ համակարգի ամրապնդմանն ու հավերժացմանը, անկախ այն բանից, թե դա անում են մոլորությամբ, թե՞ հետին նպատակով։
Ակնհայտաբար, թերահավատության, կասկածների և անվստահության աղբյուրը այն բնական հարցադրումն է, թե ինչու հանկարծ, տարիների անհաղորդությունից ու բռնաճնշումներից հետո, իշխանությունն այսպիսի էական քայլեր կատարեց հասարակության պահանջներին ընդառաջ։ Ես ամենևին հակված չեմ դա ամբողջությամբ վերագրելու Հայ Ազգային Կոնգրեսի մղած հետևողական ու նպատակասլաց պայքարին, որը կարևորագույն գործոն լինելով հանդերձ, թեև հույժ անհրաժեշտ, բայց բավարար պայման չի կարող դիտվել։ Համենայն դեպս, այդ գործոնը գոյություն ուներ երեք տարուց ավելի, բայց մինչև վերջերս նման տպավորիչ արդյունքներ չէր արձանագրել, ինչը դավադրության տեսության հետևորդների համար լուրջ դժվարություն է ստեղծում բացատրելու, թե ինչու հանկարծ իշխանությունը գործարք պիտի կնքեր Կոնգրեսի հետ, այն էլ այդպիսի լուրջ զիջումների գնով։
* * *
Հետևաբար, պետք է ենթադրել, որ իշխանության վարքագծի կտրուկ փոփոխության վրա ազդել են նաև մի շարք լրացուցիչ գործոններ, որոնց համաժամանակյա զուգակցումն է, որ նրան ստիպել է, երկարատև անզիջողականությունից հետո, դրականորեն արձագանքել հասարակության արդարացի, բայց մինչ այդ անտեսված պահանջներին։ Արդ, որո՞նք են այդ լրացուցիչ գործոնները կամ իշխանության վարքագծի փոփոխությունը պայմանավորող մյուս պատճառները.
1. Անտարակույս, իշխանությանը լրջորեն խորհելու առիթ են տվել արաբական երկրներում տեղի ունեցող աշխարհացունց իրադարձությունները, ինչպես նաև դրանց արդյունքում միջազգային հանրության մոտեցումներում ու տրամադրություններում նկատվող ակնհայտ փոփոխությունները, ավելի կոնկրետ, Արևմուտքի կողմից բռնապետական ռեժիմների նկատմամբ նախկինում ցուցաբերած անտարբերության կամ հանդուրժողականության մեղքի գիտակցումը և այդ անհեռատես քաղաքականության վերանայման մղումը։ Մինչ այժմ միջազգային հանրությունը, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, գլխավորապես առաջնորդվել է տարածաշրջանային կայունության պահպանման սկզբունքով, դրան ստորադասելով ժողովրդավարության, մարդու իրավունքների և ընդհանրապես ազատության ապահովման խնդիրները։ Երբ գերտերությունները ստիպված են եղել ընտրություն կատարել սեփական ազգային շահերից բխող քաղաքական լուծումների և իրենց դավանած համամարդկային արժեքների միջև, նրանք սովորաբար նախապատվությունը տվել են առաջինին։ Realpolitik-ի այդ դրսևորումը թեև հաճախ հանգեցրել է կարճաժամկետ դրական արդյունքների, սակայն երկարաժամկետ կտրվածքով ստեղծել է այնպիսի պայթյունավտանգ իրավիճակներ, որոնց օրինաչափ հետևանքն են արաբական աշխարհում տեղի ունեցող արյունահեղ ապստամբություններն ու ոչ միայն տարածաշրջանային, այլև արդեն միջազգային կայունությանն սպառնացող զարգացումները։ Այսինքն՝ ազատության ստորադասումը կայունությանը վերջին հաշվով աշխարհն ավելի վտանգավոր ապակայունության առջև է կանգնեցրել, ինչից միջազգային քաղաքականության գլխավոր դերակատարները պարտավոր են լուրջ հետևություններ անել, և կարծես-թե սկսել են այդպես վարվել։ Այս առումով չափազանց բնութագրական է, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ս.թ. մայիսի 19-ի ծրագրային ելույթը՝ նվիրված հյուսիսաֆրիկյան և մերձավորարևելյան իրադարձություններին։ Նույնքան նշանակալի է ևրոմիության ս.թ. մայիսի 25-ի Թ. 11/342 հուշագիրը, որը կրում է «ևրոհարևանության նոր և պատվախնդիր քաղաքականություն» (“A new and ambitious European Neighbourhood Policy) պերճախոս վերնագիրը, և որն անմիջականորեն առնչվում է նաև ևրոմիություն-Հայաստան հարաբերությունների կառուցման հայեցակարգային սկզբունքներին։ Իսկ թե որքան երկար կտևի կամ որքան հեռուն կտանի գերտերությունների մտայնության մեջ նկատվող այդ դրական բեկումը և, արդյոք, հետագայում նրանց քաղաքական վարքագծում նորից, ի հաշիվ համամարդկային արժեքների անտեսման, չի գերակշռի սառը պրագմատիզմը, ժամանակը ցույց կտա։ Համենայն դեպս, արաբական աշխարհում ընթացող փոթորկալից իրադարձությունների թարմ ազդեցության տակ, նախկին մտայնությունը հաղթահարելուն ուղղված որոշ միտումներ հաստատապես զգացվում են, որոնց արտահայտությունը պետք է համարել նաև միջազգային հանրության վերջերս խստացված գնահատականները ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառներում Հայաստանում տիրող անհանդուրժելի իրավիճակի վերաբերյալ։
2. Իշխանության կողմից հասարակության պահանջներին ընդառաջ գնալու կամ նրա զիջողականության մյուս դրդապատճառը, որքան էլ տարօրինակ թվա, կապված է Ղարաբաղի խնդրի հետ։ Ակնհայտ է, որ մի կողմից, գլխավորապես Ռուսաստանի ջանքերով, Ղարաբաղյան կարգավորման գործընթացը մոտենում է իր հանգուցալուծմանը, իսկ մյուս կողմից, այդ գործընթացի չբացառված հերթական ձախողման դեպքում, արդեն բավականին իրական է դառնում Ադրբեջանի նախաձեռնությամբ պատերազմի վերսկսման վտանգը։ Նման պարագայում իշխանությունը, բնականաբար, գիտակցում է, որ, մեղմ ասած, իր նկատմամբ սեփական ժողովրդի տածած լիակատար անվստահության պաշարով ո՛չ կարող է Ղարաբաղի հարցում գնալ որևէ լուծման, ո՛չ էլ հաջող պատերազմ վարել Ադրբեջանի դեմ։ Ուստի նա հարկադրված է, ժողովրդին սիրաշահելու և երկրի ներսում թեկուզ նվազագույն աջակցություն գտնելու նպատակով, լուրջ զիջումների գնալ, որոնց շարքը, վստահ եմ, չի սահմանափակվում ներկա փուլում Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջների կատարմամբ։ Շուտով, անշուշտ, կլինեն նոր աղմկահարույց պաշտոնանկություններ և իշխանության որոշ ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներ՝ կոռուպցիայի դեմ ծրագրված լուրջ պայքարի և օրինականության հաստատման ուղղությամբ վճռականության դրսևորման տպավորություն ստեղծելու և կրկին ժողովրդի սիրտը շահելու անսքող ակնկալիքով։ Հարկ է, ըստ այդմ, նկատի ունենալ, որ որևէ մեկի կամքից անկախ, Ղարաբաղի խնդիրն առաջիկայում ևս շարունակելու է մնալ Հայաստանի ներքին քաղաքականության վրա վճռորոշ ազդեցություն ունեցող գործոններից մեկը, և ներքաղաքական շատ զարգացումներ այս կամ այն չափով պայմանավորված են լինելու այդ խնդրի առկայությամբ։ Ընդ որում, ասվածը գրեթե հավասարապես վերաբերում է ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության գործողություններին, որովհետև ոչ մի պատասխանատու քաղաքական ուժ չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ։ Իսկ որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում, և որ ստատուս-քվոյի պահպանման ռեսուրսն այլևս սպառվում է, ակնհայտորեն երևում է նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի ս.թ. մայիսի 26-ի դովիլյան համատեղ հայտարարությունից, ինչպես նաև մեր ձեռքի տակ եղած որոշ խորհրդապահական տեղեկություններից։ Այս ամենը նկատի ունենալով, ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանն այսօր արդեն մտահոգված է ոչ այնքան ստատուս-քվոյի պահպանմամբ, որքան գործընթացից ետ չմնալով։
3. Վերջին շրջանում իշխանության վարքը պայմանավորող հաջորդ էական գործոնը սոցիալական բողոքի հաճախակիացած ցույցերն են՝ կապված փողոցային առևտրի արգելման, ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների բարձրացման, վրացական համարանիշներով մեքենաների խնդրի, իսկ օրերս նաև Երևանի «Վերնիսաժի» փակման և հարսանյաց ու ծաղկի սրահների հարկային բեռի ծանրացման հետ։ Քանի որ այդ հարցին ես հանգամանորեն անդրադարձել եմ ս.թ. փետրվարի 18-ի հանրահավաքի իմ ելույթում, այստեղ ես կսահմանափակվեմ միայն որոշ շեշտադրումներով։ Բողոքի նմանատիպ ցույցեր տեղի են ունեցել նաև անցյալում՝ կապված Բուզանդի փողոցի բնակիչների տեղահանման, պարզեցված հարկի մասին օրենքի փոփոխության, տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման, ոսկու շուկայում ծագած խնդիրների և տաքսու վարորդների իրավունքների ոտնահարման հետ։ Ներկայիս ցույցերը, սակայն, ավելի հուժկու և վճռական են թվում, ինչը բացատրվում է մի կողմից՝ ավելի շատ մարդկանց շահերի ոտնահարման իրողությամբ, իսկ մյուս կողմից՝ այն հանգամանքով, որ երկիրն այսօր գտնվում է անհամեմատ ավելի ծանր սոցիալ-տնտեսական վիճակում, գումարած ներքաղաքական ճնշիչ մթնոլորտը, որը նույնպես որոշակի առումով խթանում է քաղաքացիների սոցիալական ակտիվությունը։ Անկասկած, բողոքի այդ ցույցերը, սոցիալ-տնտեսական վիճակի հետագա անխուսափելի վատթարացմանը զուգընթաց, ոչ թե մարելու, այլ ավելի թեժանալու միտումներ են դրսևորելու։ Ավելին, նրանց օրինակը վարակիչ է, և այն շուտով կարող է տարածվել հասարակության նորանոր շերտերի՝ գյուղացիության, ուսուցչության, գիտությունների ակադեմիայի, բուհերի և բուժհիմնարկների աշխատակիցների վրա։ Ուստի իշխանությունը պարտավոր է ոչ միայն կտրուկ միջոցներ ձեռնարկել մանր ու միջին գործարարության շահերին դիպչող արդեն իսկ ծագած խնդիրները լուծելու, այլև մյուս ոլորտներում նմանատիպ զարգացումները կանխելու ուղղությամբ։ Այլապես, առայժմ տարերային այդ շարժումներն ինչ-որ պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից և վերածվել համընդհանուր սոցիալական ըմբոստության, ինչը հավասարապես վտանգավոր է թե՛ ժողովրդի, թե՛ իշխանության և թե՛ երկրի համար։
4. Վերը թվարկված գործոնների կարևորությամբ հանդերձ, իշխանության վերջին շրջանում դրսևորած զիջողական և որոշ առումով բանական պահվածքի գլխավոր պատճառն, այնուամենայնիվ, պետք է համարել երկրի անմխիթար սոցալ-տնտեսական իրավիճակը և դրանից ելք չգտնելու գիտակցությունը։ Հավատացած եղեք, որ իշխանությունը մեզանից լավ գիտե այդ իրավիճակը և երկրի առջև կանգնած լրջագույն մարտահրավերներն ու խնդիրները, որովհետև դիրքի բերմամբ նրան վիճակված է ամեն օր բախվել դրանց ու տենդագին լուծումներ փնտրել, այսինքն՝ ապահովել բյուջեի մուտքերը, վճարել աշխատավարձերն ու թոշակները, փորձել զսպել դրամի արժեզրկումն ու մոլեգնող գնաճը, նոր վարկեր ձեռքբերել, օտարերկրյա ներդրումներ գրավել, հաղթահարել բնական աղետները, դիմագրավել արտաքին ճնշումները, խուսանավել Ղարաբաղյան կարգավորման խութերում և այլն։ Մեզանից լավ գիտե նաև, որ միջազգային տնտեսության արդի կոնյունկտուրայի պայմաններում այդ վիճակը բարելավելու որևէ հնարավորություն չկա, այլ ընդհակառակը, դրությունն ավելի է ծանրանալու, այսինքն՝ դրամն անխուսափելիորեն արժեզրկվելու է, գները շարունակելու են անշեղորեն աճել, աշխատավարձերը սառեցված են մնալու, բնակչության իրական եկամուտները էապես նվազելու են, գործազրկությունն ահագնանալու է, նոր վարկեր չեն տրամադրվելու, ներդրումների քանակը պակասելու է, կապիտալի արտահոսքն արագանալու է, արտագաղթն ավելի է սաստկանալու և այլն։ Ես ամենևին չեմ չափազանցում. վստահ եղեք, որ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը, անկեղծության պահին, կարող են իրավիճակի սրանից շատ ավելի սոսկալի պատկեր ներկայացնել, որովհետև նրանք են տիրապետում իրական թվերին ու վիճակագրությանը։ Չպետք է ուշադրություն դարձնել իրականության հետ կապ չունեցող նրանց հրապարակային հայտարարություններին, նկատի ունենալով, որ որքան ավելի լավատեսական ու վարդագույն, նրանք այնքան ավելի են մատնում այդ իրականության անմխիթարականությունը։ Մի՛ կասկածեք. եթե երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ավելի բարվոք լիներ կամ այն բարվոքելու թեկուզ չնչին հեռանկար նշմարվեր, իշխանությունը համառորեն կշարունակեր անտեսել թե՛ Կոնգրեսի, թե՛ հասարակության պահանջները և ոչ մի զիջում չէր կատարի։ Այնպես որ, բարի կամքի դրսևորման կամ իշխանությունների կողմից լուրջ բարեփոխումների իրականացման մտադրությունների վերաբերյալ խոսակցությունները բոլորովին անտեղի են, և այդ առթիվ պատրանքներ չպետք է փայփայել։ Զիջումները կատարվել են բացառապես սառը հաշվարկի և երկրի սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի անելանելիության գիտակցության հիման վրա, ինչը քաղաքական տեսակետից թերևս ավելի նշանակալի է, քան բարի կամքի դրսևորումը, որովհետև ավելի օբյեկտիվ լինելով, ցույց է տալիս, որ իշխանությունը, վերջին երեք տարվա մեջ առաջին անգամ որոշակի իրատեսություն է ցուցաբերել։ Այս քայլը պետք է գնահատել ըստ արժանվույն և հուսալ, որ իրատեսությունն այսուհետև ևս իշխանությանը չի լքի, մանավանդ նրա և Հայ Ազգային Կոնգրեսի միջև առաջիկայում ակնկալվող դժվարին երկխոսության ընթացքում։
* * *
Վերոշարադրյալի լույսի ներքո այս տարվա գարունը պետք է համարել Հայաստանի հետընտրական շրջանի ներքաղաքական կյանքի ամենանշանակալից և արդյունավետ հանգրվանը։ Արդյունավետ՝ առաջին հերթին հասարակության գերակտիվության, իշխանության վարքագծի կտրուկ փոփոխության և Հայ Ազգային Կոնգրեսի առաջ քաշած երեք կարևորագույն պահանջների կատարման առումով։ Ի դեպ, բոլորովին աննկատ, իշխանությունն ընդառաջ է գնացել մեր տասնհինգկետանոց հայտարարության ևս մի կարևոր պահանջի. Ազգային Ժողովի կողմից օրերս ընդունված «ՀՀ Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված է ստեղծել «Էթիկայի պետական հանձնաժողով», որի հիմնական գործառույթներից մեկն է լինելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց մերձավոր ազգականների գույքի ու եկամուտների ռեեստրի վարումը և հայտարարագրերի վերլուծությունն ու հրապարակումը։ Այս ամենը տեղի է ունեցել բացառապես վերը քննարկված հինգ կարևորագույն գործոնների՝ համաժողովրդական նպատակասլաց պայքարի, արաբական աշխարհի իրադարձությունների հետևանքով միջազգային հանրության մտայնության փոփոխության, Ղարաբաղյան հակամարտության զարգացումների, սոցիալական բողոքի հաճախակիացած ցույցերի, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ծանրության գիտակցության, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրորդական դրդապատճառների զուգակցման արդյունքում։ Ուստի մութ գործարքների, ներքին պայմանավորվածությունների և միջազգային դավադրությունների մասին քաղքենիական մակարդակի ասեկոսեները ոչ միայն միանգամայն անտեղի, այլև քաղաքականության մասին տարրական պատկերացում չունեցող անպարկեշտ մարդկանց մտավարժանք կամ ուրիշներին իրենց արշինով չափելու անօգուտ փորձ պետք է համարել։ Ժամանակն է մեկանգամընդմիշտ գիտակցել, որ քաղաքականության մեջ միագործոն երևույթներ կամ մեկքայլանի լուծումներ գոյություն չունեն, և այդ առումով այն թերևս մարդկային գործունեության ամենաբարդ ոլորտներից մեկն է։
Առարկայական և հիմնավոր ապացույցներ չգտնելով, գործարքի մասին ճամարտակողները փորձում են դրա տարրերը որոնել իշխանության և Հայ Ազգային Կոնգրեսի դարձվածաբանության-ֆրազեոլոգիայի փոփոխության մեջ՝ նշելով, որ վերջին շրջանում նրանք զբաղված են սրտաճմլիկ հաճոյախոսությունների փոխանակմամբ։ Չեմ կարող ուրանալ, որ դարձվածաբանության որոշ փոփոխություն իսկապես առկա է։ և դա միանգամայն բնական է, քանի որ ցանկացած բանակցությունից կամ երկխոսությունից առաջ հակամարտող կողմերի հռետորաբանությունն անխուսափելիորեն մեղմանում է։ Դրանով հանդերձ, երկխոսությունն ամենևին սիրաբանություն, գրկախառնություն կամ միմյանց մասին ունեցած կարծիքների վերանայում չի նշանակում։ Իշխող վարչախումբն, ինչպես մինչ այժմ համարել, այսուհետև ևս համարելու է, որ մենք իշխանության բռնի յուրացման փորձ կատարած, ապակառուցողական, հակազգային, անհանդուրժող, գաղափարազուրկ, օրինազանց ընդդիմություն ենք, որի նպատակը ոչ թե ժողովրդի ու պետության շահն է, այլ անթաքույց իշխանամոլությունը։ Նույնկերպ մենք մշտապես համարել և այսուհետև ևս համարելու ենք, որ Հայաստանի իշխանական բուրգը ոչ-լեգիտիմ, ավազակապետական, քրեաօլիգարխիկ, թաթար-մոնղոլական համակարգ է, որն անհրաժեշտ է հիմնովին կազմաքանդել և արտահերթ ընտրությունների միջոցով վերականգնել երկրի սահմանադրական կարգը։ Երկխոսությունը մեզ համար ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության և ընդդիմության փոխըմբռնման ճանապարհով երկրի աղետալի վիճակից դուրս գալու լավագույն հնարավորություն. ուրիշ ոչինչ։ Մնացյալը սև կատու է, որը ոմանք զուր փնտրում են մութ սենյակում։
Բացի հռետորաբանության երանգավորման վրա ուշադրություն հրավիրելուց, գործարքաբաններից ոմանք փորձում են լուրջ ծրագրային փոփոխություններ հայտնաբերել նաև Հայ Ազգային Կոնգրեսի վարած քաղաքականության մեջ։ Նման պնդումներից մեկը, որը բխում է Հանրապետական կուսակցության շրջանակներից, վերաբերում է այն բանին, թե իբր երկխոսելու պատրաստակամության արտահայտմամբ Կոնգրեսը վերջերս հրաժարվել է կոշտ առճակատման իր նախկին վարքագծից և որոշել մտնել «քաղաքական դաշտ» («Ժամանակ». 14.05.2011)։ Սա բացարձակ սուտ է, քանի որ երկխոսության մասին մենք ոչ թե նոր ենք արտահայտվում, այլ այդ գաղափարն ընկած է հենց Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման մասին 2008թ. օգոստոսի 1-ին ընդունված հռչակագրի հիմքում։ Ավելին, երկխոսության գնալու պատրաստակամության մասին ես հստակորեն արտահայտվել եմ նույնիսկ դրանից առաջ, նույն թվականի մարտի 5-ին Սահմանադրական դատարանում արած իմ հայտարարության մեջ։ Ի դեպ, եթե մենք սկզբնապես, որպես երկխոսության նախապայման, առաջարկում էինք միայն մեկ պահանջ, այն է՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, ապա հետագայում դրանց ավելացրինք նաև երկուսը՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտման վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը և Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը։ Իսկ թե ինչու, պատրաստակամ լինելով հանդերձ, Կոնգրեսը մինչ այժմ հրաժարվել է իշխանության հետ երկխոսությունից, այդ հարցին, մեր փոխարեն ու գրեթե մեր բառերով, իր վերոհիշյալ ելույթում պատասխանել է ոչ այլ ոք, քան Բարաք Օբաման. «Առաջ շարժվելու միակ ճանապարհը իշխանության և ընդդիմության երկխոսությունն է, բայց չի կարող լինել իրական երկխոսություն, երբ խաղաղ ընդդիմության մի մասը բանտերում է»։ Չէի ուզի հիշեցնել, թե ինչպես էին արևմտյան դիվանագետները մինչև վերջերս մեզ կշտամբում այսպիսի փաստարկ առաջ քաշելու համար։ Դե թող հիմա Օբամային կշտամբեն։ Ինչևիցէ, եթե խոսվում է կոշտ առճակատման քաղաքականությունից հրաժարվելու և քաղաքական դաշտ վերադառնալու մասին, ապա դա վերաբերում է ոչ թե Կոնգրեսին, այլ իշխանությանը։ Եթե վերջինս չհապաղեր և ժամանակին արձագանքեր երկխոսության մեր առաջարկին, ապա երկիրն այս անհուսալի վիճակին չէր մատնվի, Հայաստանն արտագաղթի պատճառով չէր դատարկվի, և Ղարաբաղյան կարգավորման գործընթացն էլ կզարգանար բոլորովին այլ, շատ ավելի բարենպաստ հունով։
Իսկ դաշնակցության ներկայացուցիչների շուրթերից հնչած հաջորդ նմանատիպ պնդման համաձայն՝ Կոնգրեսն, իբր, ի տարբերություն իրենց կուսակցության, միայն վերջերս է ադրբեջանական վտանգի նկատառումով Հայաստանի ներքին կայունությունը պահպանելու մտահոգություն արտահայտել («Ժամանակ». 27.04.2011)։ Սա արդեն ոչ միայն նույնքան բացարձակ, այլ նաև կրկնակի սուտ է, քանի որ նախ՝ Դաշնակցությունը երբեք այդպիսի մտահոգություն չի ունեցել և, ընդհակառակը, Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ տարիներին գրեթե ամենօրյա հանրահավաքների միջոցով ամեն ինչ արել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու և բանակի ոգին կոտրելու համար, և երկրորդ՝ Կոնգրեսն իր ձևավորման առաջին իսկ օրերից հստակորեն արտահայտել է այդ մտահոգությունը։ Դա հիմնավորելու համար ավելորդ չեմ համարում մեջբերել Համաժողովրդական շարժման 2008թ. մայիսի 2-ին կայացած համաժողովում ունեցած իմ ելույթի հետևյալ հատվածը. «Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միևնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։ Իսկ այդ դիմադրության առաջին շարքերում, վստահաբար, կհայտնվեն այսօր բանտերում գտնվող մեր ընկերները։ Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները և լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»։
Գործարքին վերաբերող խոսակցությունների վրա այսքան երկար կանգ առնելու պատճառով կարող է տպավորություն ստեղծվել, թե ես վախենում եմ այդ բառից։ Ամենևին ոչ. ինձ համար տաբուներ չկան, և ես երբեք չեմ խուսափել որևէ հարցի քննարկումից։ Վերջին հաշվով, ցանկացած բանակցություն կամ երկխոսություն գործարք է, որը բխում է կա՛մ երկու կողմերի մասնավոր, կա՛մ էլ հասարակությունների ու պետությունների ընդհանրական շահերից։ Եթե երկխոսությունն ընթանում է պաշտոնների ու պատգամավորական մանդատների բաժանման կամ այլ գծուծ շահագրգռությունների շուրջ, ապա դա ստոր, անպարկեշտ և ամոթալի գործարք է, որի ականատեսն ենք եղել բազմիցս։ (Ի դեպ, Հայաստանի իրականության մեջ վերջին 13 տարիների ընթացքում կայացած այս տիպի գործարքների մեխանիզմը հմտորեն բացահայտել է ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը. «ՀԺ». 14.05.2011)։ Իսկ եթե խոսքը վերաբերում է երկխոսության միջոցով ժողովրդի, երկրի ու պետության կենսական շահերից բխող լուծումների որոնմանը, ապա այդպիսի գործարքը միայն պետք է ողջունել։ և պատահական չէ, որ ևրոմիությունը, ս.թ. մայիսի 12-ին ընդունած իր հատուկ հայտարարությամբ, արդեն իսկ ողջունել է «վերջին շրջանում Հայաստանում ընթացող դրական քաղաքական զարգացումները»։ Նույնաբովանդակ հայտարարությամբ մայիսի 26-ին հանդես են եկել նաև Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Ալեքս Ֆիշերը։
Ես այսքան հանգամանորեն չէի անդրադառնա առաջիկա երկխոսության շուրջ պտտվող չարամիտ ասեկոսեներին ու դատարկաբանություններին, եթե նրանք այդ հեռանկարային գործընթացը վիժեցնելու և երկրի վիճակն է՛լ ավելի ծանրացնելու վտանգ չպարունակեին։ Ակնհայտ է, որ որոշ ուժեր, տարբեր պատճառներով, խիստ անհանգստացած են նշված հեռանկարից, որը կարող է հիմնովին փոխել երկրի թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ քաղաքական, և թե՛ հասարակական իրավիճակը։ Առավել անհանգստացած է Հայաստանի «ամենանյարդացած» ու խուճապահար անձը, որը մեզանից լավ գիտե, թե ինչ հիմքեր ունի անհանգստանալու ու խուճապի մատնվելու համար։ Անշուշտ, անհանգստացած ու նույնիսկ ահաբեկված են իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնց այդ անձը, սեփական կաշին փրկելու համար, իր վերջին հարցազրույցով, ինչպես ասում են, «փուռը» տվեց, մինչ ժամանակին նրանց հրապարակավ խոստացել էր, որ ոչ մի ոստիկան մարտի 1-ին կատարած ոճրագործությունների համար չի դատվելու։ Անհանգստության նշաններ են նկատվում նաև որոշ արտաքին ուժերի մոտ, որոնց ամենևին ձեռնտու չէ Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի առողջացումը, քանի որ դրանով նրանք կզրկվեն վերջինիս քաղաքական վարքագծի վրա ազդելու մինչ այժմ ունեցած լծակներից։ Չափից ավելի անհանգստացած է դաշնակցությունը, որը բացահայտորեն ու տենդագին կերպով լծված է երկխոսության վարկաբեկման և խափանման գործին։ Անհանգստացած են նաև արևի տակ տեղ որոնող որոշ մանրմունր քաղաքական խմբավորումներ, որոնք որևէ գործ անելու անընդունակ լինելով, բառիս բուն իմաստով, զբաղված են ուրիշների գործը պղծելով, կամ ժողովրդական լեզվով ասած, «մունդռելով»։ Ավելորդ եմ համարում խոսել իբրև-թե երկխոսության առիթով Կոնգրեսի ներսում ծագած հակասություններին վերաբերող էժանագին հորինվածքների մասին, որոնք իրական հիմք չունենալով, միտված են այդ կարևոր գործընթացը վիժեցնելու միևնույն նպատակին։
* * *
Իսկ այժմ մի քանի խոսք Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքների մասին, սակայն նախքան այդ հարկ համարելով, թռուցիկ կերպով անդրադառնալ նրա որդեգրելիք մարտավարության առնչությամբ հասարակական տրամադրություններում արտահայտվող որոշ տարօրինակ մտայնությունների և անկեղծ մտահոգությունների, որոնք բավականին տարածված են։ Ինչպես քիչ առաջ նշեցի, ինձ համար տաբուներ չկան, և ես չեմ պատրաստվում շրջանցել մեր գործունեությանը վերաբերող որևէ գնահատական, որքան էլ այն հանիրավի ու տհաճ լինի։ և այսպես.
1. Կան մարդիկ, ովքեր դատում են հետևյալ կերպ. եթե մի քանի բազմահազարանոց հանրահավաքների ու ցույցերի արդյունքում իշխանությունն ստիպված եղավ գնալ նման շոշափելի զիջումների, ապա ի՞նչ կարիք կա նրա հետ երկխոսություն վարելու։ Ավելի ճիշտ չէ՞, անցնելով շուրջօրյա հանրահավաքների ու նստացույցերի, մեծացնել ճնշումը և միանգամից լուծել իշխանափոխության խնդիրը, քանի որ ուրիշ այսպիսի առիթ կարող է չլինել։ Սա վերը նշված մեկքայլանի լուծումների գոյությանը հավատացողների մտայնության տիպիկ դրսևորում է, որը խոտելի է մի քանի առումներով։ Նրանում հաշվի առնված չէ իշխանափոխության համար պահանջվող բազմաթիվ այլ գործոնների առկայության անհրաժեշտությունը։ Նախ՝ մենք խաղամոլ չենք, հետևաբար հակում չունենք կատարելու որևէ քայլ, որի ելքն անհայտ է, և որի պարունակած վտանգները հաշվարկված չեն։ Այնուհետև՝ իշխանափոխության իրականացման համար անհրաժեշտ քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում դեռևս բավարար լիցք չի պարունակում կամ համապատասխան կոնդիցիայի չի հասել։ Եվ վերջապես, նման գործելակերպն ի բնե հակասում է Հայ Ազգային Կոնգրեսի դավանանքին, որը կտրականապես մերժում է պայքարի հեղափոխական ճանապարհը։ Ես չեմ հասկանում՝ ուրիշից հեղափոխություն պահանջելս ո՞րն է։ Ավելի անհեթեթ (աբսուրդ) և ծիծաղելի բան դժվար է պատկերացնել։ Հեղափոխություն պահանջողն ինքը պիտի իրականացնի այդ հեղափոխությունը։ Այնինչ պահանջողները շատ են, բայց հեղափոխություն անող այդպես էլ չկա ու չկա, և չի էլ լինելու։
2. Հասարակական տրամադրություններում առկա է նաև հակառակ մտայնությունը՝ այն է, եթե իշխանությունը, Կոնգրեսի հետ ձեռք-ձեռքի տված, գնում է լուրջ բարեփոխումների և արդյունավետ քայլեր ձեռնարկում երկրի ներքաղաքական մթնոլորտի առողջացման, արդարության վերականգնման և ժողովրդի սոցիալական վիճակի թեթևացման ուղղությամբ, ապա ի՞նչ հարկ կա արտահերթ ընտրություններ պահանջել, մանավանդ որ հերթական ընտրություններն այնքան հեռու չեն։ Պետք է նկատի ունենալ, սակայն, որ նշված պահանջը պայմանավորված է ոչ թե քաղաքական հավակնոտությամբ կամ պարզ քմահաճույքով, այլ երկու լրջագույն նկատառումով։ Դրանցից մեկը օրինականության և սկզբունքի խնդիր է, որի իմաստը կայանում է նրանում, որ կեղծված ընտրությունների հետևանքով առաջացած քաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարվի բացառապես արտահերթ ընտրությունների անցկացմամբ, որպեսզի հետագայում այլևս որևէ մեկի մտքով չանցնի բռնազավթել իշխանությունը։ Իսկ մյուսը, որը թերևս տվյալ պահին ավելի կարևոր է, ժամանակի գործոնն է. մինչև հերթական ընտրությունները Հայաստան երկրից կարող է բան մնացած չլինել, այսինքն որքան ընտրություններն ուշանան, այնքան մեր կորուստները կշատանան։
3. Խոսակցությունների մակարդակով տարածված մի այլ դատողության համաձայն՝ վճռական գործողությունների չդիմելու պարագայում ժողովուրդը կարող է վհատվել, հուսալքվել ու երես թեքել Հայ Ազգային Կոնգրեսից։ Այսպիսի խոսակցություններ, որոնք մասամբ ծնվում են անկեղծ մտահոգությունից, իսկ հաճախ էլ դիտավորյալ տարածվում հենց ժողովրդին վհատեցնելու, հուսալքելու և Կոնգրեսի նկատմամբ անվստահություն սերմանելու նպատակով, վերջին երեք տարիների ընթացքում մենք շատ ենք լսել։ Բայց զարմանալիորեն, այդ խոսակցություններին զուգընթաց, մեր հանրահավաքները ոչ թե նվազել, այլ ավելի ու ավելի բազմամարդ են դարձել, ինչը նշանակում է, որ ժողովրդի մեծամասնությունը տուրք չի տվել դրանց։ Չափազանց թանկ գնահատելով ժողովրդի վստահության պարագան, հարկ եմ համարում դրա հետ մեկտեղ նշել, որ հուսալքում, վհատություն և նման այլ հասկացությունները քաղաքական կատեգորիա չեն։ Դրանք անցողիկ, ժամանակավոր տրամադրություններ են, որոնց գնահատման միակ չափանիշը կարող են լինել ոչ թե զանազան խոսակցությունները, այլ ճշգրիտ սոցիոլոգիական հարցումները, բայց այդպիսիք, դժբախտաբար, Հայաստանում գոյություն չունեն։ Զանգվածները կարող են ժամանակավորապես վհատվել, հուսալքվել կամ, ընդհակառակը, ոգևորվել ու խանդավառվել, բայց պատասխանատու քաղաքական ուժի համար, ինչպիսին Հայ Ազգային Կոնգրեսն է, ամենևին դա չէ կարևորը։ Կարևորը ճիշտ հաշվարկներ ու քայլեր կատարելն է, որոնք, եթե ոչ անմիջապես, ապա ի վերջո չեն կարող չընկալվել ու ըստ արժանվույն չգնահատվել հասարակության կողմից։ Կոնգրեսն իր գործունեության մեջ մշտապես ձգտել է առաջնորդվել այս սկզբունքով և այսուհետև ևս մտադիր չէ հրաժարվել դրանից։
4. Եվ վերջապես, Հայ Ազգային Կոնգրեսի ընտրած մարտավարության առթիվ արտահայտվող հաջորդ մտահոգությունն այն է, որ երկխոսությունը իշխանությանը հնարավորություն կտա բանակցությունները ձգձգելու միջոցով ժամանակ շահել ու գործը հասցնել հերթական ընտրությունների՝ հուսալով, որ այդ ընթացքում Կոնգրեսը կկորցնի իր ընտրազանգվածը կամ նրան հակակշռող մի այլ ընդդիմադիր ուժ կձևավորվի։ Եթե այդպես դատողները կարծում են, թե մենք այնքան միամիտ ենք, որ չենք գիտակցում այդ վտանգը, նրանք սխալվում են։ Ավելին, մենք գիտակցում ենք նաև, որ իշխանությունը ոչ միայն կփորձի ձգձգել երկխոսությունը, այլև իրեն ուժեղ զգալու պարագայում կարող է ընդհանրապես դադարեցնել այն։ Բայց մի բան է ցանկությունը, մի այլ բան՝ դրա իրականացումը։ Երկխոսությունը, բարեբախտաբար, ոչ թե միակողմանի, այլ երկուստեք խաղ է, և այդ խաղում մենք էլ ունենք մեր քայլերը։ Նախ՝ իշխանությունն ուժեղանալու որևէ ռեսուրս չունի, քանի որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակն, ինչպես նշեցինք, ոչ թե բարելավվելու, այլ վատթարանալու է։ և երկրորդ՝ ձգձգման կամ սաբոտաժի միտում նկատելու դեպքում մենք նույնպես ցանկացած պահի կարող ենք դադարեցնել երկխոսությունը և կիրառել ժողովրդի համախմբման միջոցով իշխանության վրա ճնշում բանեցնելու փորձված և արդեն իսկ հաջողություններ արձանագրած մեթոդը։ Արտահերթ ընտրությունների անցկացմանը հասնելու և ընդհանրապես իշխանությանը կառուցողականություն պարտադրելու միակ գրավականը ժողովրդի մշտական ճնշումն է։ Երկխոսության ողջ ընթացքում իշխանությունն իր թիկունքում պետք է զգա վերջինիս շնչառությունը։ Իսկ ջրբաժանի տարբերակը միշտ կա ու կա։
Այսպիսով, նկատի ունենալով Հայ Ազգային Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջների կատարման հանգամանքը, մենք արդեն պատրաստ ենք իշխանության հետ ֆորմալ, այսինքն պատվիրակությունների մակարդակով երկխոսության։ Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3–5 հոգուց, և իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը։ Բնականաբար, նույնը պետք է անի նաև իշխանությունը՝ թե՛ պատվիրակություն կազմավորելու, թե՛ սեփական օրակարգը ներկայացնելու առումով։ Կոնգրեսի օրակարգը հայտնի է՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք նաև իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը։ Ավելին, երկխոսության ընթացքում մենք չենք կարող անտեսել նաև ս.թ. մարտի 1-ի տասնհինգկետանոց մեր հայտարարության մնացյալ պահանջները, որոնք վերաբերում են սոցիալական ոլորտի, մանր ու միջին գործարարության, գյուղացիության, օրինականության, կոռուպցիայի խնդիրներին, և որոնք ընդհանրապես, երկխոսության ընթացքին զուգահեռ, այսուհետև պետք է գտնվեն մեր մշտական ուշադրության կենտրոնում։ Հիշեցնեմ, որ, ինչպես արդեն նշվեց Լևոն Զուրաբյանի ելույթում, իշխանության հետ բանակցությունների առաջնահերթ հարցերից մեկը պետք է լինի նաև քաղբանտարկյալներ Մուրադ Բոջոլյանի և Սարգիս Հացպանյանի ազատ արձակման, իսկ վերջինիս պարագայում միաժամանակ Հայաստանում կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն շնորհելու պահանջը։
Եթե փորձելու լինենք մեկ նախադասությամբ ձևակերպել Հայաստանում ընթացող ներկա քաղաքական զարգացումները, ապա ակնհայտ է, որ մեզ մոտ, ըստ էության, տեղի է ունենում նույնը, ինչ արաբական աշխարհում, այն է՝ համաժողովրդական ճնշման միջոցով արտահերթ ընտրությունների պարտադրում և իշխանության փոփոխություն։ Սակայն, ի տարբերություն արաբական երկրների, մենք ձգտում ենք դրան հասնել ոչ թե ահավոր ցնցումներից, տակնուվրայություններից ու արյունահեղությունից հետո, այլ խաղաղ, սահմանադրական ճանապարհով։ Ես վստահ եմ, որ եթե արաբական ժողովուրդներն էլ ունենային այդ այլընտրանքը, նրանք կնախընտրեին վարվել նույն կերպ։ Իսկ թե որքանով է երաշխավորված մեր ընտրած ճանապարհի հաջողությունը, դա արդեն կախված է ոչ այնքան Կոնգրեսի, որքան ողջ ժողովրդի միահամուռ ջանքերից և գործընթացը հասարակության մշտական վերահսկողության տակ պահելու կարողությունից։ Իշխանության անդրդվելիության պարագայում, մեր կամքից անկախ, բացառված չէ նաև արաբական տարբերակը, որովհետև հուսահատության եզրին հասցված ժողովուրդների վարքը միշտ չէ, որ ենթարկվում է բանականության թելադրանքին։ Հուսանք, իշխանությունը բավարար իմաստություն կունենա հասկանալու համար այս պարզ ճշմարտությունը։
Գործընթացը վերահսկելու մեխանիզմը, բնականաբար, մեր պարբերական հանրահավաքներն են լինելու, որոնք տեղի կունենան ըստ անհրաժեշտության՝ երկխոսության ընթացքին ձեզ տեղյակ պահելու համար, կամ էլ սոցիալ-տնտեսական իրավիճակի սրման և որևէ այլ արտակարգ իրադարձության պարագայում։ Ինչ վերաբերում է հաջորդ հանրահավաքին, ապա այն նախատեսված է անցկացնել հունիս ամսին, իսկ ճշգրիտ օրվա մասին ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ։ Հայաստանում ստեղծված է նոր քաղաքական իրավիճակ, որը հնարավորություն է տալիս թեկուզ ամենասուր խնդիրները լուծել օրինական ճանապարհով։ Մենք պատեհություն ունենք աշխարհին ապացուցելու, որ հիրավի պետականության դարավոր ավանդույթներ ունեցող քաղաքակիրթ ժողովուրդ ենք։ և ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ հասարակությունը իրավունք չունի կորցնելու այդ պատեհությունը։ Բարի երթ և մինչ նոր հանդիպում, որը, վստահաբար, շատ չի ուշանա, քանի որ իրադարձությունները զարգանում են սրընթաց կերպով։
Kyodo ճապոնական գործակալությունը տեղեկացնում է, որ Ճապոնիայում վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում այսօր կրկին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Բարեբախտաբար պայթյունի հետևանքով տուժածներ չկան և ԱԷԿ-ում տեղադրված սարքերը ռադիացիոն ֆոնի բարձրացում չեն արձանագրել:
Ատոմակայանը շահագործող Tokyo Electric Power (TEPCO) ընկերությունից տեղեկացրել են, որ պայթյունը տեղի է ունեցել հեռակարավարվող բուլդոզերի մոտ, որը մաքրել է ատոմակայնի տարածքը ռադիոակտիվ փլատակներից: Մասնագետներն ասում են, որ պայթել է գազի բալոնը, որը եղել է հողի մեջ: Այլ մանրամասներ չեն ներկայացվում:
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», այսօր ոստիկանական բաժանմունք է բերման ենթարկվել Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի ազգականը՝ Ստեփան Տոնոյանը։
Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հաղորդագրության, Մայիսի 25-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողները, թմրամիջոցներ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, Երևան-Աշտարակ խճուղուց բերման են ենթարկել Երևանի բնակիչներ, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի 3-րդ բաժնի վարիչ, 1973 թ. ծնված Հովհաննես Սիմոնյանին և 1967 թ. ծնված Վահրամ Ռուշանյանին:
Խուզարկությամբ Հ. Սիմոնյանի մոտից հայտնաբերվել է արտասահմանյան ծագման մոտ 8.5 գրամ մարիխուանա թմրամիջոց։
Պարզվել է, որ նա թմրամիջոցը 100,000 դրամով ձեռք է բերել 1979 թ. ծնված Նինելլա Իգիթյանից, որը նույն օրը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ գլխավոր վարչություն։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի 2-րդ մասի 2֊րդ կետի և 268 հոդվածի 2֊րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Նինելլա Իգիթյանը 2010 թ. սեպտեմբերից մինչև 2011 թ. մայիսը, պարբերաբար, մոտ 80 գրամ (գրամը՝ 10,000 դրամով) մարիխուանա թմրամիջոցը ձեռք է բերել ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի Ավանի մասնաճյուղի հաշվառման բաժնի պետ, 1976 թ. ծնված Սերգեյ Տոնոյանից:
Ձեռնարկված օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տոնոյանը պատրաստվում է լքել ՀՀ տարածքը, և նա մայիսի 26֊ին, ժամը 18:30-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։
Պարզվել է նաև, որ Սերգեյ Տոնոյանն իր ընկերների՝ 1961 թ. ծնված Արմեն Մարտիրոսյանի և ԱՄՆ քաղաքացի, 1977 թ. ծնված Սուրեն Խուդավերդյանի հետ Երևանի Պռոշյան փողոցի 18 հասցեում գտնվող առանձնատան նկուղում կազմակերպել է մարիխուանա թմրամիջոցի բույսերի աճեցում և վերամշակում, ապա՝ պատրաստի թմրամիջոցի իրացում, որին 2010 թ. դեկտեմբեր ամսից օժանդակել է Սերգեյ Տոնոյանի եղբայրը՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ օպերլիազոր, 1979 թ. ծնված Ստեփան Տոնոյանը:
Նինելլա Իգիթյանը հայտնել է, որ Սերգեյ Տոնոյանի հետ բնակվել է հիշյալ առանձնատանը, ուր այցելել է նաև Ստեփան Տոնոյանը։ Նա նշել է նաև, որ Ստեփան Տոնոյանը 2010 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին այցելել է իր և Սերգեյ Տոնոյանի վարձակալած Մաշտոցի պողոտայի 45ա շենքի թիվ 9 բնակարան, որտեղ երկու անգամ հյուրասիրելով իրեն՝ իրացրել է մարիխուանա թմրամիջոց, որը գործածել են միասին։
2011 թ. հունվար կամ փետրվար ամսին Նինելլա Իգիթյանը, Ստեփան Տոնոյանը և վերջինիս ընկերուհի ոմն Նելլի գնացել են «Ծղոտներ» կոչվող հյուրանոցային համալիր, որտեղ Ստեփան Տոնոյանը նրանց հյուրասիրել է 4 հաբ էքստազի թմրամիջոց: Օգտագործել են մեկական հաբ, իսկ վերջին հաբը Ն. Իգիթյանն օգտագործել է Ստեփան Տոնոյանի հետ։
Ստեփան և Սերգեյ Տոնոյաններն ու Հովհաննես Սիմոնյանը ձերբակալված են։
Պարզվել է, որ 2011 թ. մայիսի 22-ին նրանք Երևան քաղաքի Պռոշյան 18 հասցեում գտնվող մարիխուանա թմրամիջոցի ապօրինի արտադրամասի պարագաները տեղափոխել են Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքի վարչական տարածքում գտնվող նախկին շնաբուծական տնտեսություն՝ հետագա հանցավոր գործունեությունն այնտեղ շարունակելու նպատակով։
Մայիսի 27-ին խուզարկություններ են կատարվել Երևանի Պռոշյան փողոցի թիվ 18 տանն ու Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի նշված տարածքում։
Պռոշյան փողոցի հիշյալ տան նկուղում հայտնաբերվել է ապամոնտաժված լաբորատորիա։ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղին հարակից հողատարածքում գտնվող նախկին շնաբուծարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ծաղկամաններ, փայտեր, լամպեր, դույլերում՝ կանեփանման զանգվածներ, որոնք առգրավվել և ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Գործով վկա Լևոն Մարտիրոսյանը նշել է, որ 2011 թ. ապրիլից աշխատում է Ստեփան Տոնոյանին պատկանող, իր անվամբ վարձակալած նախկին շնաբուծարանում, որտեղ խնամել է Տոնոյանին պատկանող խոշոր եղջերավոր անասունները: 2011 թ. մայիսի կեսերին Ս. Տոնոյանը զանգահարել է նրան և խնդրել տեղավորել վերոնշյալ իրերը, որոնք, ըստ Տոնոյանի, օգտագործվելու էին ջերմոց պատրաստելիս: Մինչ օրս, սակայն, այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի կատարվել:
Մայիսի 28-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
1-ին լրատվական
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թատերական գործիչների միության քարտուղար, թատերագետ Լեւոն Մութաֆյանն ասաց, թե Հայաստանում որ յուրաքանչյուր փառատոն պետք է ունենա իր գաղափարախոսությունը, մինչդեռ մենք գաղափարախոսության հարցում ունենք լուրջ թերացումներ.«Չափանիշներ եւ չափորոշիչներ են խախտվել եւ որոշ գործիչների համար փառատոնների մասնակցելը դարձել է ինքնաբավ եւ ինքնանպատակ»:
Մյուս հյուրը` գրականագետ, թատերագետ Նվարդ Ասատրյանը դրա պատճառը համարեց թատերական համքարությունների անմիաբանությունը: Նա կարծում է, որ մասնագիտական որակի խնդիր կա, իսկ մասնագիտական դաշտի անապատացումը գալիս է մշակութային կրթության թերարժեքությունից:
«Մի երկրում, երբ նախագահից սկսած` թատրոն չեն սիրում եւ չեն հասկանում, մի երկրում, ուր «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի խայտառակ գավառային համերգը համարում են ազգային հպարտություն եւ ազգային ձեռքբերում, մի երկրում, ուր թատերարվեստի մեծագույն եւ նշանավոր գործիչները գտնվում են մոռացության մեջ, իսկ ղարաբաղյան ծագմամբ մեկը, որ փչացնում է շոու դաշտը, արժանանում է ժողովրդական արտիստի կոչմանը, Արթուր Գրիգորյանի մասին է խոսքը, չեմ կարող թաքցնել, ի՞նչ ժողովրդական արտիստի մասին է խոսքը, երբ մենք այդ թատերական փառատոնների արդյունքում տեսանք փառահեղ մարդիկ` փառահեղ կենսագրությամբ, մինչդեռ նրանք վաստակավոր կոչում էլ չունեն, 40-50 հազար դրամով են աշխատում»,- ասաց Լեւոն Մութաֆյանը:
Ըստ «Հայկական ժամանակի»` երեկ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանը: Քանի որ մայիսի 26-ին ՀՀ ԱԺ-ի ընդունած համաներման որոշումը չէր տարածվել Շմավոն Գալստյանի վրա, ՀՀ իշխանությունները գտել են հետևյալ տարբերակը. երեկ նրան արձակուրդ է տրամադրվել, որի ընթացքում պետք է դատական կարգով լուծվի նրա պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը:
Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը. «Շմավոն Գալստյանը տեղափոխվել է մեկուսացման աստիճանով պատժի կրման ավելի մեղմ`բաց ռեժիմ: Դրանից բացի, սոցիալական վերականգնման նպատակով նրան տրամադրվել է կարճաժամկետ մեկնում»: Դա նշանակում է, որ մեկնումի հետ մեկտեղ՝ կավարտվի նաև Գալստյանի պատժաժամկետը:
Հիշեցնենք, որ քաղբանտարկյալներ Սարգիս Հացպանյանը և Մուրադ Բոջոլյանն ազատ կարձակվեն, համապատասխանաբար, ամենաուշը հունիսի 9-ին և 13-ին, քանի որ այդ օրերին լրանում է նրանց ազատազրկման ժամկետը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.