29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վերջին շրջանում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հարաբերությունները նկատելիորեն լարվել են: Չի կարելի ասել, թե նախկինում Սարգսյանն ու Երիցյանը սրտակից ընկերներ էին, սակայն, ամեն դեպքում, ՀՀ ոստիկանապետն ու նախկին փոխոստիկանապետը միմյանցից չէին խորշում: Հիմա, եթե որևէ մեկը փորձի Երիցյանին գովել Սարգսյանի մոտ կամ հակառակը, ապա կարող է հայտնվել այս երկուսից մեկնումեկի սև ցուցակում:
Թե ի՞նչն է պատճառ դարձել հարաբերությունների նման կտրուկ փոփոխության, դժվար է ասել: Կարելի է ընդամենը ենթադրություններ անել:
Նախկինում՝ ոչ պաշտոնական հարաբերություններում երկու փորձառու ոստիկան-ղեկավարները միմյանց հետ շփվում էին «ախպեր ջան»-ով: Այդպես, 2010 թ. սեպտեմբերի 4-ին` Փրկարարի օրը, ՀՀ ոստիկանապետն իր ղեկավարած համակարգի բարձրաստիճան ոստիկանների հետ ԱԻՆ-ի առանձնահատուկ հյուրերի շարքում էր, և պետք է ասել, որ նախկին «զամի» տոնին Ալիկ Սարգսյանը ներկայացել էր լավագույնս պատրաստված: «Շնորհավորում ենք, ախպե´ր ջան»-ին հաջորդեց Երիցյանի պարգևատրումը. ԱԻ նախարարին շնորհվեց «Ոստիկանության հետ համագործակցության համար» մեդալ:
Իր հերթին, Արմեն Երիցյանը պաշտոնական հարցումներում` հատկապես ոստիկանապետի հնարավոր փոփոխության հետ կապված, մշտապես հերքում էր իր հավակնությունները և գոնե իր շրջապատում հարգանքով էր արտահայտվում Սերգեյիչի մասին: Իսկ հիմա «ախպերների» ջրերն այլևս նույն առվով չեն հոսում: Ինչու՞:
Հավանական պատճառներից մեկը Երիցյանի` ոստիկանություն տեղափոխվելու հավանականությունն է: Որքան էլ Երիցյան-նախարարը համեստություն անի և ամեն անգամ հայտարարի, թե իր բաղձալի երազանքը լավ փրկարար դառնալն է, փաստն այն է, որ Ազգային անվտանգության խորհրդի անդամ ՀՀ ոստիկանապետն ու «Օրինաց երկիր» կուսակցության պորտֆելատենչ պահանջները բավարարելու միտումով ձևավորված Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի աթոռը համարժեք անվանել հնարավոր չէ: Ինչ-ինչ, բայց յուրաքանչյուր ոստիկան երևի թե երազում է դառնալ ոստիկանապետ, իսկ Արմեն Երիցյանը, ասում են, լավ ոստիկան է:
Երկու նախարարների հարաբերությունների վատթարացման պատճառ կարող է լինել նաև այն, որ նույնիսկ ոստիկանությունից հեռանալուց հետո՝ Երիցյանն իր ձեռքում է պահում համակարգի որոշ լծակներ: Հայտնի է, որ Ալիկ Սարգսյանը ոստիկանապետ է այնքանով, որքանով… թեպետ սիրում է «խոստովանել», թե կապ չունի համակարգում պտտվող գումարների հետ, սակայն ներքևի օղակները պնդում են, որ նա մասամբ է ճիշտ. այս հարցը «կարգավորում է» Սերգեյիչի եղբայրը: Իրոք, այս կառույցում «ասողները» և «հարց լուծողները» ոստիկանապետից ավելի ցածր աստիճանի վրա են. Արմեն Երիցյան, Հունան Պողոսյան, Ներսիկ Նազարյան…
Ալիկ Սարգսյանը երեք տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ այս երեքից վերցնել «հարցեր լուծելու» մեխանիզմները: Իսկ ենթադրել, թե նրան դեռ կհաջողվի երկար պաշտոնավարել ոստիկանությունում և համակարգի ղեկն իսկապես վերցնել ձեռքը, այսօրվա դրությամբ այնքան էլ իրատեսական չէ:
Ինչ վերաբերում է Սարգսյան-Երիցյան հակասությանը, ապա չարժե մտահոգվել այս առնչությամբ` աչքի առաջ ունենալով իշխանական վերնախավում պաշտոնյաների` միմյանց դեմ մշտապես դավեր նյութելու սովորությունը: Այնպես որ, եթե մանրազնին քննության ենթարկենք ՀՀ ղեկավարության առաջին էշելոնում գտնվողների հարաբերությունները, ապա բարձրաստիճան պաշտոնյաների հարաբերությունների սրվելու փաստերից այդքան էլ պետք չէ զարմանալ. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը միմյանց պարզապես ատում են, վերջերս լարվեցին նաև Ներսիկ Նազարյանի և ոստիկանապետի հարաբերությունները:
Այս ցուցակը կարճ չէ. ա՛յ, թե նման կարգի հարաբերությունները ինչքանով են նպաստում երկրում օրենքի գերակայություն ստեղծելու և իրավապահ համակարգը բարեփոխելու առումով, արդեն իսկ խնդիր է, ինչը պետք է անհանգստացնի «Բաղրամյան 26»-ին:
Հայաստանի բուհերում իրար հետևից ռեկտորների ընտրություններ են տեղի ունենում: Իհարկե, այստեղ ևս գործում է այն նույն ընտրակարգը, որն արդեն վաղուց ի վեր հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում. վերևից ռեկտորը նշանակվում է, որից հետո կազմակերպվում է նրա «ընտրության ծիսակարգը»:
Այդպես, ապրիլի 26-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհուրդը ռեկտոր «ընտրեց» դեռ մարտի 4-ից ռեկտորի պաշտոնակատար նշանակված Կորյուն Աթոյանին, իսկ մարտի 27-ին ընտրական ներկայացում կազմակերպվեց Աթոյանի հետ նույն օրը նշանակում ստացած Արմեն Մազմանյանի համար՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Այսօր էլ կայացավ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր նշանակված Հովհաննես Թոքմաջյանի «ընտրության ծիսակարգը»:
Վաղն արդեն նոր ռեկտոր կընտրի Բժշկական համալսարանը, որի շուրջ էլ ժամանակին քիչ ինտրիգներ չեղան:
Բայց եթե այս բուհերի հարցում նման մոտեցումն ինչ-որ տեղ կարելի էր մի կերպ մարսել, ապա չէր կարելի ոչ մի կերպ հանդուրժել Երևանի պետական համալսարանի հարցում. նման դիրքորոշումն անընդունելի է ամբողջ աշխարհում՝ քաղաքակիրթ և իրեն հարգող պետության առաջատար բուհի դեպքում: Մայր բուհը` որպես առաջատար, պետք է ինչ-որ ձևով տարբերվի մյուսներից, սակայն, ինչպես երևում է, ԵՊՀ-ի պետքն էլ չէ նման համարում ունենալը ու, առավել ևս, տարբերվելը: Ավելին: Մայիսին այստեղ ռեկտորի ընտրություններ են սպասվում, սակայն բուհում, կարծես, այս առումով շարժ չկա: Իսկ պատճառն այն է, որ պարզապես համապատասխան մարդ չկա:
Հայաստանի կրթական համակարգի որակին համապատասխան խայտառակ վիճակ է նաև բուհերի ղեկավարների ընտրության հարցում: Հայտնի է, որ ներկա ռեկտոր Արամ Սիմոնյանի` 2006 թ. ընտրություններում, այսպես ասած, հաղթելու միակ պատճառը հարմար թեկնածուի բացակայությունն էր: 2006 թ.-ին այստեղ առաջադրվում է 4 թեկնածու` ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Գեղամ Գևորգյանը, ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Սամվել Հարությունյանը, իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և պրոռեկտոր Արամ Սիմոնյանը: Առաջադրվածներից Արամ Սիմոնյանն ամենաքիչ շանսեր ունեցող թեկնածուն էր համարվում: Այդ ժամանակ նախագահի բարեհաճությունը վայելողը Սամվել Հարությունյանն էր, իսկ Գագիկ Ղազինյանն ամենավտանգավոր մրցակցի համարումն ուներ: Եվ ահա առաջին փուլում, ասում են, հավանաբար հենց Ղազինյանի ձեռքով կազմակերպված ինտրիգ է կազմակերպվում. ընտրողների շրջանում տարածում են, թե Հարությունյանը հրաժարվում է ընտրությանը մասնակցելուց, նրան ձայն տալ պետք չէ, ձևական կմասնակցի ընտրությանը, սակայն ավելի հակված է ձայները փոխանցել Ղազինյանին: Այս ապատեղեկատվությունը տարածվում է խիստ գաղտնի, շատ արագ, և դրա հետևանքով ընտրության առաջին փուլում գրանցվում են միանգամայն անսպասելի արդյունքներ. Ղազինյանը ստանում է 28 ձայն, Սիմոնյանը` 21, Գևորգյանը` 16, իսկ Հարությունյանը` 4:
Ամենաշատ ձայներ հավաքածները մրցում են նաև երկրորդ փուլում: Այստեղ Գագիկ Ղազինյանը ստանում է 32 ձայն, Արամ Սիմոնյանը` 10 ձայնով պակաս: Երրորդ փուլում Ղազինյանին է տրվում 36 քվե, և միայն մեկ ձայնով նրան չի հաջողվում հաղթանակ տանել: Հենց այդ ժամանակ էլ վերևում հասկանում են, որ Ղազինյանի հաղթանակը վտանգավոր է, և որոշում է կայացվում ընտրել չարյաց փոքրագույնին և, թույլ չտալու համար խայտառակ հեղինակություն ունեցող իրավաբանական ֆակուլտետի դեկանի` ռեկտոր դառնալը և ամբողջ համալսարանը իրավաբանականի օրը գցելը, որոշվում է ռեկտոր դարձնել թույլ և կառավարվող Արամ Սիմոնյանին: Սիմոնյանը, Ղազինյանի համեմատությամբ, ավելի քան անշառ թեկնածու էր:
Իհարկե, Արամ Սիմոնյանի ռեկտոր դառնալը ԵՊՀ-ն փրկեց ղազինյանացումից, սակայն Սիմոնյանի պաշտոնավարումը ԵՊՀ-ին չփրկեց: Ավելին, օրեցօր այս բուհ կոչվածն ավելի քիչ կապ ունի բուհի հետ, կաշառակերությունն այստեղ ինչպես կար, այդպես շարունակվում է, կրթական մակարդակն էլ, ինչքան էլ մեծ լինի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տենչանքը, թե՝ ԵՊՀ-ն դարձել աշխարհի առաջատար բուհերից մեկը, միևնույն է, ոչ մի բանի նման չէ: Եվ հիմա, փաստորեն, ռեկտորի ընտրությունների նախաշեմին համալսարանում ավելի քան անորոշ վիճակ է: Ինչ-ինչ անուններ են հնչում, սակայն դեռ որևէ մեկը հստակ չի բարձրաձայնում առաջադրվելու մասին:
Ռեկտորի աթոռին դարձյալ հավակնում է նախորդ ընտրություններին բախտի բերմամբ, թե պատահմամբ այդտեղ հայտնված Արամ Սիմոնյանը. բնականաբար, մարդը մտածում է, որ եթե մի անգամ ստացվեց, ուրեմն՝ կարող է նաև երկրորդ անգամ էլ փորձել: Հավակնորդ է նաև արդեն պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը: Խոսակցություններ կան նաև Գիտությունների պետական կոմիտեի ղեկավար դարձած Սամվել Հարությունյանի հնարավոր առաջադրման մասին, սակայն Հարությունյանն ինքը դեռ ձեռնպահ է մնում այս հարցում հստակ դիրքորոշում հայտնելուց. հավանաբար, աչքը վախեցել է նախորդ անգամվա ինտրիգային պարտությունից: Ղազինյանի թեկնածությունը ևս անհավանականներից չէ: Վերջին տարիներին երբեմն-երբեմն խոսվում էր նաև աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու ամբիոնի վարիչ, ՀՀ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանի թեկնածության հնարավորության մասին, սակայն սա ևս հավանականների շարքից չէ. ի տարբերություն նախագահի մյուս եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի, որ նախագահ եղբոր շնորհիվ անպայման ուզեցավ և դարձավ պատգամավոր, Լևոն Սարգսյանն իսկապես գիտնականի համարում ունի, և դժվար է հավատալ, որ նախագահը կցանկանա այս եղբոր հարցում ևս ավելորդ խոսակցությունների մեջ ընկնել: Այսպիսով, Հայաստանի թիվ մեկ բուհը շուտով կկանգնի նոր ղեկավար ունենալու հրամայականի առջև, մինչդեռ բուհը կարծես դեռ քնած է:
Ազգային ժողովի պատգամավոր, բայց Ազգային ժողով չհաճախող Ռուբեն Հայրապետյանը, որ համատեղության կարգով նաև Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, որոշել է հետ չմնալ Հայաստանի վարչապետից և Ազգային ժողովի նախագահից: Դե, Նեմեց Ռուբեն ի՞նչ պակաս տղա է, որ ինքն էլ Facebook-ում էջ չունենա:
«Ես, ճիշտն ասաց, չեմ տիրապետում նման բաների, բայց եթե դա աշխատանքը հեշտացնում է, ես հենց հիմա հրահանգ կտամ, որպեսզի ես իրականում կարողանամ ինձ հետաքրքրող հարցերը և´ տալ, և´ պատասխանել, և´ բավարարել լրագրողներին հուզող հարցերը», — այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայրապետյանը և դիմելով իր կողքին նստած ՀՖՖ մամուլի խոսնակին, ասել. «անպայման արա´ դա»:
Միայն ողջունել է հարկավոր Հայաստանի պաշտոնյաների` բարձր տեխնոլոգիաներից հետ չմնալու, համացանցով շփվելու և նմանատիպ այլ ձգտումները: Եթե Հայրապետյանն իսկապես կատարի իր խոստումը և գրանցվի այս սոցիալական ցանցում, ապա կարելի է արձանագրել, որ նա կդառնա Facebook-ի առաջին հայ օլիգարխը. մինչև հիմա այստեղ գրանցվել էին միայն բարձրաստիճան պաշտոնյաները, բայց օլիգարխներից դեռ այստեղ կարծես թե ոչ ոք ոտք չէր դրել: Վարչապետ Տիգրան Սարգսյանն է այստեղ, որին օլիգարխ անվանել չի կարելի, թեև օլիգարխներից պակաս փող չունի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, որը իհարկե, ոչ մի պարամետրով օլիգարխ չհամարվել չի կարող, սակայն նման որակում Հովիկ Աբրահամյանին տալ պարզապես անիմաստ է, քանի որ հենց հաջորդ րոպեին Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը հերքման տեքստ կպատրաստի և կպահանջի նման միտք գրողից անպայման հերքել այդ փաստը (այս վարչությունում արդեն սովորություն է դարձել հերքել այն ամենը, ինչ առնչվում է Հովիկ Աբրահամյան անուն-ազգանվան հետ և եթե այդ սովորությունը մի քիչ էլ խորանա, ապա կարող է մի օր էլ պարզվել, թե Աբրահամյանը պարզապես աշխատավարձով ապրող քյասիբ մարդ է):
Facebook-ում է նաև Երևանի դրայվոտ քաղաքապետը, ով նույնպես հարուստ տղա է, բայց քաղաքակիրթ և ոչ մի կերպ օլիգարխ կոչվել չի կարող: Կարապետյանի հրահանգով Facebook-ում էին հայտնվելու նաև վարչական շրջանների ղեկավարները, որոնց մեջ կան իհարկե գողականներ,( ընդ որում, ինչքան էլ քաղաքապետը խոսի բարձր արժեքներից, միայն Կադիլակ Սերոժի ներկայությունը համակարգում բավական է, որ կորչի խոսքի արժանահավատությունը) սակայն այս կատերգորիայում` Թոխմախի Մհերի հեռանալուց հետո հանրապետական մասշտաբներով ավտարիտետ այլևս չկա, որ կարողանար ոտք մեկնել Ռուբեն Հայրապետյանի հետ, այնպես որ այս առումով ևս Ռուբեն Հայրապետյանը մրցակից ունենալ չի կարող:
Այդպիսով, Նեմեց Ռուբոն ունի բոլոր շանսերը` թագադրվելու որպես Facebook-ի առաջին հայ օլիգարխ-ասպետ: Այնպես որ, սպասենք և տեսնենք, թե թագակիր-ասպետը ե՞րբ կհայտնվի սոցիալական ցանցում: Ի դեպ, ճիշտ է, Հայրապետյանի մղումները միանգամայն բարի են, նա ցանկացել է սոցիալական ցանց մտնել` ավելի մատչելի դարձնելու իր շփումը հանրության հետ, սակայն, ըստ երևույթին, ՀՖՖ նախագահն այդքան էլ հստակ չի պատկերացնում, թե ինչ ասել է սոցիալական ցանց, ի՞նչ անակնկալների նա կարող է այնտեղ հանդիպել: Օրինակ, հայտնի է, որ ՀՖՖ նախագահի ասուլիսները մի առանձնահատկություն ունեն. սրանք կազմակերպվում են խիստ գաղտնի պայմաններում, ներկա են գտնվում միայն ձեռնասուն լրագրողները և, ընդհանրապես, Հայրապետյանի բնավորության նրբություննները հաշվի առնելով, բոլորին ասվում է, որ զերծ մնան ոչ հաճելի հարցեր ուղղելուց, քանի որ դա անվտանգ կարող է և չլինել: Հայտնի է, որ ասուլիսներից մեկի ժամանակ, երբ լրագրողներից մեկը փորձել է նման մի բան ասել, ասենք, կասկածի տակ է դրել մեր հավաքականի խաղի որակը, Հայրապետյանը միանգամից փոխակերպվել է Նեմեց Ռուբոյի և ընդամենը վայրկյանի ընթացքում ձեռքի տակ հայտնված մոխրամանը շպրտել է լրագրողի ուղղությամբ: Հետաքրքիր է, թե ՞նչ է անելու Նեմեց Ռուբոն, եթե հանկարծ Facebook-ում փորձեն ոչ հաճելի բաներ հաղորդել Ռուբեն Հայրապետյանին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի փոխնախագահ Խայիմ Մայոր Օրեխայի հետ մասնակցել է «Արժեքների դերն անցումային հասարակություններում» սեմինարին: Մասնակիցների թվում էին նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀԿ անդամներ, փորձագետներ :
Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է. «Ուրախ եմ ողջունելու Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Խայիմ Մայոր Օրեխային: Դուք տեղյակ եք, որ Հանրապետական կուսակցությունը համագործակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ, որի շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ այդ կուսակցության ղեկավարության հետ: Մեր հարաբերությունները խորացնելու առումով այսօրվա հանդիպումն ունի էական նշանակություն` մի կողմից հասկանալու, թե ինչ խնդիրներ են մտահոգում մեր եվրոպական գործընկերներին, մյուս կողմից` ներկայացնելու մեր պատկերացումներն այն արժեքային համակարգի վերաբերյալ, որի կրողը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: Մտքերի փոխանակումը, մի կողմից, հարստացնելու է մեր պատկերացումները քննարկվող հարցերի շուրջ, մյուս կողմից` համոզված եմ` ստեղծելու է ավելի լուրջ պլատֆորմ Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ մեր համագործակցության համար»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահը հանդես է եկել «Քաղաքականությունը որպես հասարակությանը ծառայելու միջոց» զեկույցով: Որպես քաղաքական գործչի կարևոր հատկանիշ նա առանձնացրել է իրականությունը համարժեք գնահատելու, հասարակության իրական պատկերը ճշգրիտ ախտորոշելու կարողությունը: Անդրադառնալով արժեքների ճգնաժամի խնդրին` նա նշել է, որ այսօր Եվրոպային սպառնում է ռելատիվիզմի վտանգը, որն արագորեն տարածվում է բոլոր եվրոպական երկրներում: Ըստ Խայիմ Մայոր Օրեխայի` դրա պատճառն այն արժեքների ազդեցության կորուստն է, որոնց վրա հիմնված էին եվրոպական կառույցների ծրագրերը և ԵՄ անդամ-երկրների սոցիալ-քաղաքական զարգացման մոդելները: Նա ներկայացրել է Իսպանիայի անցումային փուլի առանձնահատկությունները` ընդգծելով, որ այն հաջող ընթացք է ունեցել արժեքային նոր համակարգի, սոցիալ-քաղաքական նոր մոդելի շնորհիվ: Անցումային շրջանում գտնվող երկրների համար Մայոր Օրեխան անհրաժեշտ է համարել այնպիսի արժեքների շեշտադրումը, ինչպիսիք են ընտանիքը, կրթությունը, ազգային ինքնության գաղափարը և ազգի արժեքային համակարգը: Այդ առումով նա կարևորել է փորձի փոխանակումը, ինչը հնարավորություն կտա օգտակար եզրահանգումներ անել:
Իր` «Միջին խավի ձևավորումը որպես բարեփոխումների իրական հաջողության գրավական» զեկույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է «միջին խավ» հասկացության տարբեր ընկալումները: Խոսելով ժողովրդավարական հասարակության արժեքային համակարգի մասին` կառավարության ղեկավարը քաղաքացիական հասարակություն կառուցելու առումով հիմնարար արժեք է համարել միջին խավի ձևավորումը: Նա առանձնացրել է քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձևավորման երկու ճանապարհ` բնականոն զարգացում, երբ մասնավոր սեփականատերերը պայքարում են իրենց իրավունքների համար, և հասարակությունը ձևավորում է միջին խավի իրավունքները պաշտպանող ինստիտուտներ, և բարեփոխումների իրականացում, երբ պետությունը տոտալիտար համակարգից դեպի դեմոկրատական հասարակություն անցում կատարելիս ձևավորում է դեմոկրատական հասարակությանը բնորոշ կանոններ: Հայաստանի ընտրած ուղին, ըստ գործադիրի ղեկավարի, ենթադրում է այնպիսի ինստիտուտների ձևավորում, որոնք առաջին հերթին պետք է պաշտպանեն մասնավոր սեփականությունը. «Հայաստանի Հանրապետության համար անհրաժեշտ է ձևավորել նոր օրակարգ, որը պետք է վերհանի այն խոչընդոտները, որոնք առկա են միջին խավի ձևավորման համար.
Առաջինը` մասնավոր սեփականության պաշտպանության իրական ինստիտուտների ձևավորում,
Երկրորդը` օլիգոպոլիաների դեմ արդյունավետ պայքար, մրցակցային բարենպաստ միջավայրի ձևավորում և բիզնես դիսցիպլինայի պահպանում,
Երրորդը` արժեքների տարածում, որոնց կրողը պետք է լինի միջին խավը, մասնավորապես, ընտանիքի արժեքը, բարձր կրթական մակարդակ ունենալու արժեքը, մրցակցության արժեքը շուկայում, մեր երկրում ստեղծվող իրավիճակների վերաբերյալ ինքնուրույնաբար տեղեկատվություն ստանալու, վերլուծելու և ամփոփելու կարողությունը, մասնակցությունը հասարակական գործընթացներին, առաքելության զգացումը և կողմնորոշում ոչ միայն դեպի իր անձն ու իր ընտանիքը, այլև դեպի հասարակական բարիքը»: Վարչապետ Սարգսյանն անհրաժեշտ է համարել Հայաստանում միջին խավի կարողությունների դրսևորման և իրացման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը` ընդգծելով, որ առանց միջին խավի և քաղաքացիական հասարակության ձևավորման ինստիտուցիոնալ բարեփոխումները հաջողություն չեն ունենա:
Հաջորդիվ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը կարևորել է առաջին անգամ Հայաստանում ՀՀԿ-ի և ԵԺԿ-ի մասնակցությամբ նմանատիպ համաժողովի անցկացումն այն առումով, որ ՀՀԿ-ն ԵԺԿ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, և արժեքային համակարգը ԵԺԿ-ի համար ունի էական նշանակություն:
Սեմինարի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել նաև արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը` «Նյութապաշտության և ռելատիվիզմի վտանգի սպառնալիքներն ազատ հասարակությանը», Արտակ Զաքարյանը` «Ընտանեկան արժեքներն ու կրթության նշանակությունը հասարակության համաչափ զարգացման համար» և Ռաուլ դե Լուցենբերգերը` «Եվրոպական միության հետ քաղաքական և տնտեսական ինտեգրման հնարավոր անդրադարձերը Հայաստանի տնտեսական առաջընթացի և հասարակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային երկխոսության և համագործակցության վրա» թեմաներով:
Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ժամանակ մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն արծարծված հարցերի վերաբերյալ և հանդես եկել առաջարկություններով:
Արդյո՞ք մենք լավ ենք ապրում, գո՞հ ենք երկրում ստեղծված վիճակից:
Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այս հարցերը բացասական պատասխան ունեն: Ընդ որում, նույնիսկ իշխանության ներկայացուցիչները չեն ասում, որ մեր վիճակը վարդագույն է, նրանք էլ են նշում հազար ու մի պրոբլեմ` դրանց պատճառներն, իհարկե, փնտրելով իրենցից, իրենց կառավարման որակից դուրս:
Եթե գոհ չենք մեր կյանքից, երկրի վիճակից, ուրեմն` փոփոխություններ ենք ակնկալում, ուզում ենք մի նոր բան, որը մեր կյանքն ավելի թեթև կդարձնի, առօրյան` բովանդակալից: Խնդիրն այն է, սակայն, որ «փոփոխություն» կոչվածի միասնական հասարակական ընկալում չկա:
Օրինակ, չինովնիկի պատկերացրած փոփոխությունը ենթադրում է սահմանափակ մի միջակայք, որտեղ իր էգոիզմն է` առաջխաղացման բնական ցանկությամբ: Ամբողջ խնդիրն այն է, որ միջակայքը, էգոն, առաջխաղացումը կապ չունեն հասարակության, նրա շահերի, ցանկությունների հետ, որովհետև համակարգին հարմարված չինովնիկը ոչ թե դա փոխելու, այլ` դրանում ամրապնդվելու ցանկություն, նպատակ ունի:
Օլիգարխը նույնպես փոփոխություն է ուզում, բայց այն իմաստով, որ մի տեղ «մուծվի»: Դա էլ փոփոխության մասնավոր ձգտում է, որովհետև օլիգարխին հետաքրքրում է այդ «մի տեղը», եթե նույնիսկ դրա անունը բյուջե չէ:
Ընդդիմության շուրջ համախմբված հասարակական հատվածի համար փոփոխություն կոչվածը միայն ու բացառապես իշխանափոխությունն է: Հասարակության այդ հատվածին անիմաստ է բացատրել, որ այլ տիպի փոփոխությունը նույնպես կարող է որակ տալ, որ փոփոխության անունը ոչ այնքան անձ է, որքան` վիճակ, նոր հարաբերություններում քաղաքացու արժեվորում և այլն:
Հասարակության մեծ մասի` չքաղաքականացված հատվածի համար «փոփոխություն» հասկացությունը սկսում է իր կենցաղից, շենքից, բակից, աշխատանքից: Այս մարդկանց ձգտումն ամենաբնականն է: Խնդիրն այն է, որ նրանց ցանկությունները, նպատակները ձևակերպված չեն, բերված չեն քաղաքական օրակարգ: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ մենք ունենք երեք` միանգամայն տարբեր Հայաստաններ: Այս Հայաստաններն իրար հետ կապված չեն, ավելին` նրանց միջև առկա կոնտրաստն ակնհայտ է: Մի Հայաստանում տնտեսական աճ է, մյուսում` հեղափոխական վիճակ, երրորդում` ժողովուրդն է` երկու Հայաստաններից օտարված, իր Հայաստանին սպասող:
Լուսինե Կեսոյան
Մարտի 17-ի հանրահավաքից սկսած՝ մի նոր ներկայացում սկսվեց: Պրեմիերան խաղացվեց հենց այդ օրը. ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծահոգաբար՝ ընդդիմադիրներին ադրենալինի որոշակի դոզա տալու համար թույլ տվեց իջնել Ազատության հրապարակ: Առաջնորդների գլխավորությամբ ընդդիմությունն իջավ Մատենադարանից, մի կիլոմետր քայլեց, մի կես ժամ սպասեց և մինչև ատամները զինված ոստիկանական զորքերի կողքով և թույլտվությամբ մտավ Ազատության հրապարակ:
Նույն ներկայացումը կրկնվեց նաև ապրիլի 8-ի հանրահավաքում: Սակայն այս անգամ արդեն Ազատության հրապարակի «վերանվաճումն» այլևս առաջին «վերանվաճման» համը չուներ. տեմպերն էլ էին արագացել` ընդդիմադիր զանգվածը հրապարակ մտավ մի 5 րոպե հետո` կարճատև բանակցություններից հետո: Ի դեպ, Ազատության հրապարակ մտնելով՝ Մատենադարանում հավաքված հանրահավաքավորների հոծ բազմությունն այլևս այն հոծ բազմությունը չէր. Ազատության հրապարակի տարողունակությունը թույլ տվեց ավելի իրատեսորեն գնահատել հանրահավաք եկածների թիվը. եթե Մատենադարանում կարելի էր ցրված կանգնելով տպավորություն ստեղծել, թե հոծ բազմություն է եկել, ապա նույնը չէր կարելի ասել Ազատության հրապարակում. այստեղ տեսողական պատրանքներ չեն կարող լինել` ամեն ինչ աչքիդ առջև է:
Ըստ երևույթին, այս պահերը ֆիքսել են նաև իշխանությունները և, ի պատասխան «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու թույլտվության, այսօր տրվել է դրական պատասխան: Ընդդիմությունն այլևս պարտադրված չի լինի նույն ներկայացումն անդադար կրկնելու, ինչն իր մեջ անմիջական վտանգ է պարունակում, քանի որ նույնիսկ երկրորդ անգամից հետո նույն գործողության «համը կորցնելը» նշանակում է, որ հաջորդ անգամներն այդ ներկայացումը պարզապես վերածվելու է խեղկատակության: Փաստորեն կարելի է արձանագրել, որ իշխանությունները հերթական շնորհը մատուցեցին արմատական ընդդիմությանը՝ փրկելով նրանց վերջնական խայտառակությունից:
Ի դեպ, քաղաքապետարանի թույլտվությունը ևս պակաս խեղկատակային չէ: Այստեղ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու թույլտվություն տալը պատճառաբանել են այսպես՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության ապրիլի 28-ի միջոցառումը չի կայանալու: Ավելի մեծ խեղկատակություն, քան քաղաքապետարանի հիշյալ միջոցառումներն են այս հրապարակում, ուղղակի անհնար է պատկերացնել: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից դուրս գալու օրը նման մի բան էր տեղի ունենում հրապարակի կենտրոնում, մամբան խառնված էր սամբայի հետ, որոնք կատարում էին տարբեր տարիքի դպրոցականներ, իսկ անկյուններից մեկում րաֆֆիականներն էին իրականացնում իրենց միջոցառումը: Այդ ամենին երբ գումարում էինք նաև խաղտաբղետ այլանդակ խաղալիքները, Ազատության հրապարակի պատկերը պարզապես զարհուրելի էր դառնում: Եվ դա այն հրապարակն էր, որ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը Շարժման տարիների իր ելույթներում անվանում էր Հայդ պարկ:
Լուսինե Կեսոյան
Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի ստեղծելիք «Երևանցիներ» անունը կրող հասարակական կազմակերպության մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո: Թոխմախի Մհերը հայտարարում էր, որ, հասարակական կազմակերպությունից բացի, նաև նույնանուն կուսակցություն է ստեղծելու: Ենթադրվում էր, որ սա լինելու էր բավական հզոր և ազդեցիկ կառույց` ի զորու լուրջ դերակատարում ունենալ առաջիկա ընտրություններում:
Թոխմախի Մհերը մի տեղ էր հավաքելու Երևանի «ավտարիտետներին», այսինքն` նրանց, ում միջոցով այս երկրում իրականացվում են ընտրական գործընթացները: Յուրաքանչյուր թաղամաս հայտնի է իր, այսպես ասած, հեղինակություն վայելող մարդկանցով. «ավտարիտետ» կոչվածները հիմնականում, ճիշտ է, գողական աշխարհի ներկայացուցիչներ են, սակայն հայաստանյան ներկա իրականության պայմաններում հարցերը լուծվում են հենց այս մարդկանց միջոցով: Սակայն արդեն տևական ժամանակ է, ինչ Թոխմախի Մհերից և նրա ծրագրերից որևէ նորություն չկա: Մհեր Սեդրակյանն ու նրա «Երևանցիներ»-ը անցել են ընդհատակ:
Մեր տեղեկություններով, Թոխմախի Մհերի այսօրինակ վարքագիծը բավականին հիմնավոր է և պատճառաբանված: Բանն այն է, որ «Երևանցիներ» նախագիծը Թոխմախի Մհերի համար յուրահատուկ «զենք» էր` իշխանությունների ուշադրությունն իր նկատմամբ մշտապես վառ պահելու համար: Թաղապետի պաշտոնը թողնելուց հետո Սեդրակյանը պետք է նոր` իրեն արժանի մեկ այլ պաշտոնի տեր դառնար: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մեծ ծառայություններ է մատուցել իշխանություններին 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում: Սակայն ժամանակն անցավ, և նախատեսված պաշտոնն այդպես էլ չգտավ տիրոջը: Իսկ Սեդրակյանն այն անձնավորությունը չէր, որին այդքան հեշտությամբ շրջանցեին: Դա էր պատճառը, որ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո նոր թափ առան խոսակցությունները «Երևանցիներ»-ի մասին և, ենթադրելի էր, որ եթե դրա մեջ մտնի նաև «տուժած» Բեգլարյանը, ով պակաս «ավտարիտետ» չէր որպես Չոռնի Գագո, ապա «ավտարիտետները» կարող էին ուզածին հասնել: Բաղրամյան 26-ում, սակայն, որոշում է ընդունվում այլևս չհետաձգել Սեդրակյանի «փոխհատուցումը» և թույլ չտալ «Երևանցիներ» պրոյեկտի հետագա ծավալումը: Սեդրակյանին է տրվում փայտ ներկրելու քվոտան: «Երևանցիներ»-ի ու Թոխմախի Մհերի ընդհատակ անցնելու հիմնական պատճառը հենց փայտն է:
Սեդրակյանը փայտը ներկրում է «Եվրոպա» ընկերության սեփականատեր Սերգեյի ՍՊԸ-ով, նրան տալիս է շահույթի որոշ մասնաբաժին, սակայն ներկրման քվոտան իրենն է, հիմնական շահույթը` նույնպես: Փայտ ներկրելու իրավունք ուներ նաև ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը` լեգենդար Սյամոն, սակայն ներկայումս, ըստ մեր տեղեկությունների, այս բիզնեսում նա այլևս նախկին թափը չունի: Քվոտան տրվել է Թոխմախի Մհերին` որպես քաղաքական դաշտում նրա վերահսկելիության երաշխիք: Այնպես որ, ըստ Սեդրակյանի «փայտային» բիզնեսի հաջողությունների՝ կարելի է նաև ենթադրություններ անել, թե «Երևանցիներ»-ը մեկ էլ երբ կփորձեն լույս աշխարհ գալ Երևանում: Ամեն ինչով հանդերձ, սա ևս մեկ անգամ վկայում է, թե Հայաստանում որքան վերահսկելի է քաղաքական դաշտը, և թե քաղաքական այս կամ այն պրոյեկտի ակտիվացման կամ պասիվացման հիմքում իրականում ինչ գործընթացներ են ծավալվում:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանի խորհրդական Կիմ Եգանյանը Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի հայրն է: Կասկածի չենթարկելով գրեթե 80-ամյա ծերունու մասնագիտական որակները (չնայած մեզ չհաջողվեց ճշտել, թե ինչ մասնագետ է հայր Եգանյանը), ոչ մի կերպ չկարողացանք հասկանալ, թե նա ինչ խորհուրդ պիտի տա մեր գյուղնախարարին:
Արդեն օրինաչափություն է դարձել՝ քաղաքական գործիչը կամ հանրային ծառայողը հենց հասնում է թոշակի տարիքի, կա՛մ օգնական, կա՛մ խորհրդական են նշանակում նրան: Պարզ չէ, նրանց թիվը որևէ օրենքով սահմանափակվու՞մ է. այս հարցի պատասխանը չգիտեին մի շարք նախարարություններում (բնապահպանության, գյուղատնտեսության, կրթության և գիտության), ընդամենը հայտնեցին, որ իրենց նախարարն ունի երեք խորհրդական, իսկ Երևանի քաղաքապետը՝ 8 խորհրդական, նրանցից մեկն էլ՝ գլխավոր: Իսկ, ասենք, վարչապետը կամ ԱԺ նախագահը կարող են ունենալ անսահմանափակ թվով խորհրդականներ:
Եթե սա պարզապես աշխատավարձ ստանալու հնարք է մեր չարչրկված բյուջեից, որը մի կերպ լցնելու համար բազմաթիվ կառույցներ կանգ չեն առնում բարոյական ամենատարրական նորմերը խախտելու առջև, ապա ամոթ է՝ մերօրյա «խորհրդատուներից» ոչ մեկը գումարի կարիք հաստատ չունի, ինչպես, օրինակ, վարչապետի տխրահռչակ խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը կամ Եգանյանի հայրը:
Ինչ խոսք, խորհուրդ տալու ունակ կամ արժանի մարդիկ կան, որոնք անցել են թոշակի, սակայն կարող են օգտակար լինել իրենց արժեքավոր խորհուրդներով. հատկապես նրանք, ովքեր գումարի կարիք չունեն, կարող են ձևավորել խորհրդականների կաբինետ, որտեղ թոշակի տարիքի նախկին պաշտոնյաները իրենց տարիների փորձն ու գիտելիքներն անվճար կփոխանցեն ըստ անհրաժեշտության, և որ ամենակարևորն է` իրենց անձի կարևորությունը կզգան՝ պատկառելի տարիքում անտեսված չլինելու այդքան նրբին խնդիրը կարգավորելով: Սա առաջարկ է, որի շուրջ, կարծում եմ, արժե մտածել:
Ռուզան Ավոյան
Լուսինե Կեսոյան
Ոստիկանության օրը հանրապետության նախագահի կողմից ամենաբարձր պարգևի արժանացավ Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնին կից պետական պահպանության վարչության պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Միքայել Նորիկի Հովսեփյանը: ՀՀ ոստիկանապետը տոնի նախօրյակին ասել էր, թե նրան ներկայացրել է պետական մրցանակի, որի արդյունքում, փաստորեն, սերժանտը միանգամից պարգևատրվեց Արիության մեդալով: Սա այն անձնավորությունն է, որ մարտի 29-ին վնասազերծեց «Կոնվերս» բանկի Նոր-Նորքի մասնաճյուղ ներխուժած ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանին: Ենթական դարձավ հերոս, ղեկավարը` հանցագործ:
Մեր հարցմանը Հատուկ քննչական ծառայության պատասխանը որևէ բան չավելացրեց: ՀՔԾ բավարարվեց` պատմելով այն նույն հեքիաթը, ինչ լրատվամիջոցները գրել էին հենց նույն օրը: Նոր-Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանին այդ քայլին դիմելու դրդապատճառների մասին ոչ մի խոսք…
Հասկանալով հանդերձ ՀՔԾ-ի` նախաքննության փուլում իրավապահի կատարած հանցագործության վերաբերյալ որակումներից զերծ մնալու մարտավարությունը, այնուամենայնիվ, չենք կարող որոշակի դիտարկումներ չանել` փորձելով փնտրել, թե ի՞նչը կարող էր ոստիկանության սպային մղել նման քայլ կատարելու:
Եվ այսպես, վարկած առաջին. Արթուր Հակոբյանը եղել է թմրանյութի ազդեցության տակ, դրա համար էլ դիմել է նման քայլի:Քանի որ սա շրջանառության մեջ էր դրվել հենց ոստիկանների կողմից, մենք այս հարցը նույնպես ուղղել էինք ՀՔԾ-ին, սակայն պետական պաշտոնյաների նկատմամբ գործեր հարուցող կանտորան ոչ մի խոսք չասաց այս առնչությամբ: Մեր հարցումներին ի պատասխան Հակոբյանին մոտ կանգնած մարդիկ կտրականապես հերքեցին այս վարկածը. ինչ-ինչ, բայց թմրանյութ նա չէր օգտագործում. «դա բացառվում է», ասաց նրան բավական մոտ մի անձնավորություն:
Վարկած երկրորդ. Արթուր Հակոբյանին փող է պետք եղել, հանցագործը սոցիալական ծանր վիճակում է գտնվել, ասենք, ընտանիքի հիվանդ անդամին հարկավոր է եղել թանկարժեք դեղորայք հասցնել կյանքը փրկելու համար և այլն: Հափշտակած գումարը կազմել էր 37 800 ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո. 6695 դոլար: Քիչ չէ, իհարկե, սակայն սա հաստատ այն գումարը չէր, ինչի պատճառով կարելի էր զրկվել այն ամենից, ինչ ձեռք էր բերվել տարիների ընթացքում: Իսկ պահպանության բաժնի պետը փոքր պաշտոն չէր և նա բավական ունևոր անձնավորություն էր. միայն Չեխովի փողոցում Հակոբյանին է պատկանում վեցհարկանի նորակառույց էլիտար շենք: Հակոբյանների ընտանիքը տարբեր բիզնեսներ ունի: Հայր Հակոբյանը` դեռ խորհրդային տարիներից զբաղվել է ժավելի բիզնեսով, ձեռք բերելով «Ժավել» մականունը, ապահովել իր զավակներին:Այնպես որ, ավազակային հարձակման դրդապատճառի այս մի վարկածը նույնպես կարելի է հերքել:
Վարկած երրորդ. Սա մի փոքր կատակի նրբերանգ ունի, սակայն անգամ լուրջ տոնով կարծիք լսեցինք, թե ենթադրվում է, որ գուցե նման մի վարկած առաջ քաշեն` Հակոբյանին ազատ արձակելու համար: Այս վարկածի համաձայն, իբր Արթուր Հակոբյանն ասել է, որ գնացել է իր աշխատողին ստուգելու, թե ինչպես է վերջինս իրականացնում բանկի պահպանությունը: Ինչպես տեսանք, աշխատողն իրեն արդարացրեց: Բայց ի՞նչ ստացավ դրանից ղեկավարը:
Վարկած չորրորդ և այս պահին ամենահավանականը. Հակոբյանը պարտք է եղել, այսպես ասած, «վիզ» փող է պետք եղել, հնարավոր է`տարվել է կազինոյում, թղթախաղում և այլն, մի խոսքով, վրան հաշվիչ է միացված եղել, դրա համար էլ դիմել է նման քայլի: Սրան էլ հակադարձվում է այն պնդումը, թե ընտանիքը ունևոր էր և պարզապես հնարավոր չէր, որ եթե նա հորը կամ եղբորը ասեր, նրանք չտային: Այս մի վարկածը մի փոքր նման է երկրորդ վարկածին, բայց միաժամանակ տարբեր. մի բան է` ուղղակի գումարի կարիքը, այսինքն` սոցիալական ծանր վիճակը, մեկ այլ բան` «տալիքը»: Ասում են նաև, թե նա իր ենթակաների երկու երեք ամսվա աշխատավարձն է խաղացել ու տանուլ տվել խաղատանը,որը շտապ հետ բերելու համար դիմել է նման քայլի:
Եվ վերջապես` վարկած հինգերորդ, և ամենաանհավանականը` որը Հակոբյանին ճանաչողները առաջ քաշեցին տարբեր քննարկումներից հետո. ոստիկանության սպան նման քայլի դիմել է ազարտից ելնելով: Վերջինիս ճանաչողներից մեկը հայտնեց, թե Հակոբյանը բավական ֆիկստուլ անձնավորություն էր: Չի բացառվում, որ վերջինս նման քայլի դիմած լինի ուղղակի գրազի պատճառով:
Թե վարկածներից ո՞ր մեկը կարդարացնի իրեն կամ ՀՔԾ-ն ի՞նչ նոր վարկած առաջ կքաշի քննության ընթացքում, կերևա առաջիկայում: Սակայն անկախ դրդապատճառներից, փաստն այն է, որ տեղի ունեցածը պարզապես խայտառակություն է, հատկապես հաշվի առնելով, որ նման քայլի դիմողը ոստիկան է, ոստիկանության սպա, այն համակարգի ներկայացուցիչը, որի ղեկավարի ուշք ու միտքը իր ղեկավարած կառույցի հեղինակության բարձրացումն է: Ի դեպ, Արթուր Հակոբյանի եղբայրներից մեկը դիրիժոր է, մյուսն էլ ԱԱԾ պաշտոնյա, ով նույնպես ինչ որ տեղ տուժեց եղբոր պատճառով:
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.